Սամվել ԿՈՍՅԱՆ / ԵԹԵ ԱՐԳԻՇՏԻՆ ՏԵՍՆԵՐ…

Յուրաքանչյուր երևանցու համար ծննդավայրի 2800-ամյակը նաև իր տարիքն է: Մենք փաստացի Արգիշտիի
հետնորդներն ենք, նրա արարչության շարունակողները: Այս գիտակցությամբ էլ գրել եմ պիեսը:

(Կատակերգություն 8 պատկերով)

Գործող անձինք
ԱՐԱՄ
ԼՈՒՍԱԿ
ԱՐՈՒՍ
ՆՈՒՆԵ
ՔԱՌՅԱՆ (ոստիկան)
ԱԼՈՅԱՆ (ոստիկան)
1-ին լրագրող
2-րդ լրագրող
3-րդ լրագրող
Հարևանուհիներ

ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ
Երևանյան սովորական բնակարան: Մեկը՝ մեր թվարկությունից առաջվա հագուստներով, թեև դժվար է գուշակել այդ թվերի նորաձևությունը, քարացած նայում է հեռուստացույցի էկրանին: Գլխի մազերն առատ ու գզգզված են: Դեմքը համարյա ծածկված է բեղ-մորուքով, ինչը դժվարացնում է գուշակել տարիքը՝ երիտասա՞րդ է, միջին տարիքի՞, թե՞ զառամյալ ծերունի է: Ձեռքը տանում է հեռուստացույցին, շոշափում է, ապա զգուշորեն ետ է քաշում: Նույնը կատարվում է համակարգչի մոնիտորի հետ: Մի քանի անգամ շոյելուց հետո ետ-ետ է գնում, հիմա էլ կահույքն է շոշափում: Հասնելով պահարանին, որի բաց դարակներից մեկում տարբեր առարկաներ ու հուշանվերներ են շարված, անզգուշաբար գցում է դրանցից մեկը: Ընկնելու ձայնից սարսափահար ընկրկում է: Սրբիչը ձեռքին, համարյա
վազելով, հայտնվում է Արամը:
ԱՐԱՄ — Էս ի՞նչ էր: (Տեսնելով մարդուն:) Ո՞վ ես, ո՞նց ներս մտար, գո՞ղ ես, ի՞նչ էիր ուզում տանել: (Փորձում է հարձակվել:) Հիմա որ…
ԼՈՒՍԱԿ — (Արամին տեսնելով ավելի է խուճապի մատնվում, ետ-ետ գնալով ընկնում է, ապա պաշտպանվելու համար ձեռքերը առաջ պարզելով): Չեմ, գող չեմ:
ԱՐԱՄ — (մտադրությունը փոխելով): Ոստիկանը կպարզի՝ ով ես: Ձեռքիցս չես պրծնի:
ԼՈՒՍԱԿ — Ոստիկանը Աստվա՞ծ է:
ԱՐԱՄ — Հիմար չձևանաս…
ԼՈՒՍԱԿ — (վերջապես կանգնելով): Մեր ժամանակ աստվածների գործն էր պարզելը:
ԱՐԱՄ — Փականը ջարդե՞լ ես: (Գնում է ստուգելու, ապա վերադառնալով:) Փականը տեղն է, դուռն էլ՝ փակված: Բա ո՞նց ես մտել:
ԼՈՒՍԱԿ — Դեռ չեմ պարզել:
ԱՐԱՄ — Բանալի ունե՞ս:
ԼՈՒՍԱԿ — Բանալին ի՞նչ է:
ԱՐԱՄ — Ի՞նչ էիր ուզում տանել, ի՞նչ կա, որ ինչ տանեիր…
ԼՈՒՍԱԿ — Ոչինչ չեմ ուզում:
ԱՐԱՄ — Իզուր էլ ոստիկանություն չեմ զանգում:
ԼՈՒՍԱԿ — Թե ինչո՞ւ այստեղ ընկա:
ԱՐԱՄ — Բոմժ չե՞ս…
ԼՈՒՍԱԿ — Չգիտեմ բոմժն ինչ է, բայց չեմ… Քանդակագործ էի…
ԱՐԱՄ — Լավ էլ մասնագիտություն է, պահանջված… Քաղաքը լիքն է արձաններով: Ո՞նց բոմժ դարձար:
ԼՈՒՍԱԿ — Բոմժ չեմ:
ԱՐԱՄ — Ասում ես՝ քանդակագո՞րծ ես:
ԼՈՒՍԱԿ — Ճանաչված…
ԱՐԱՄ — Չէ մի… Դեմքդ տեսած չկամ:
ԼՈՒՍԱԿ — Արին-Բերդի բլրի վրայի սալաքարի մասին լսե՞լ ես:
ԱՐԱՄ- Ասենք թե…
ԼՈՒՍԱԿ — Վրան գրված է, որ Խալդի Աստծո զորությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի՝ ի հզորություն Բիայնի երկրի և ի սարսափ թշնամի երկրների: Սեպագրությունները ես եմ քանդակել:
ԱՐԱՄ — Եթե շարունակես ծաղրել…
ԼՈՒՍԱԿ — Ազնվազարմ Տիրն ինձ կանչեց…
ԱՐԱՄ — Տիրն ո՞վ է:
ԼՈՒՍԱԿ — Գրի, իմաստության, գիտության ու արվեստի Աստծուն մեղք է չճանաչելը:
ԱՐԱՄ — Հետո՞…
ԼՈՒՍԱԿ — Ուրեմն կանչեց, ցույց տվեց սալաքարն ու ասաց՝ քանդակիր…
ԱՐԱՄ — Ասածդ 2800 տարվա մասին է:
ԼՈՒՍԱԿ — Ճիշտ ես, 2800 տարի առաջ էր… Գիշերները չէի քնում, որ ավարտեմ…
ԱՐԱՄ — Մարդն էսքան չէր ապրի:
ԼՈՒՍԱԿ — Ես էլ չեմ ապրել:
ԱՐԱՄ — Քայլում ես, խոսում ես, կոտրում ես…
ԼՈՒՍԱԿ — Երկուսը ճիշտ էր, կոտրելը՝ սխալ…
ԱՐԱՄ — Ենթադրենք:
ԼՈՒՍԱԿ — Տիրը խոստացել էր Էրեբունիի 3000-ամյակին հինգ օրով վերակենդանացնել:
ԱՐԱՄ — Ոնց որ ժամանակից շուտ ես վերակենդանացել…
ԼՈՒՍԱԿ — Մտածեցի՝ մինչև 3000-ը չեմ ձգի: Գիտե՞ս` ինչ է գենը… Առանց դրա հնարավոր չէ վերակենդանացնել: Զգացի, որ գենս սկսում է քայքայվել:
ԱՐԱՄ — Դու կամ հանճարեղ գիժ ես, կամ հանճարեղ խաբեբա:
ԼՈՒՍԱԿ — Երկուսն էլ սխալ էր:
ԱՐԱՄ — Քո ժամանակ ի՞նչ հայերենով էիր խոսում: Էլի մե՞ր…
ԼՈՒՍԱԿ — Հիմա ճիշտ ես… Ուրիշ հայերեն էր… Որ ժամանակում վերակենդանանայի, այդ լեզվով պիտի խոսեի: Աստծո համար լեզուն փոքր խնդիր է: Տիրը մեծ աստված է, հզոր…
Հնչում է դռան զանգը:
ԱՐԱՄ — Խոհանոց մտիր, քեզ չտեսնեն… Չլինի՞ հանցագործ ընկերներդ են: (Սպասում է, մինչև մարդը խոհանոց մտնի: Նայում է ժամացույցին: Գնում է դուռը բացելու: Վերադառնում է Արուսի հետ, նրա ձեռքին բաժակ կա:)
ԱՐՈՒՍ — Արամ ջան, հո չխանգարեցի՞:
ԱՐԱՄ — Համեցեք, տիկին Արուս:
ԱՐՈՒՍ — Արամ ջան, սուրճը դառը չեմ կարողանում խմել, տունն էլ շաքարավազ չկա: Արմենակը չի եկել, որ խանութ ուղարկեմ: Կարո՞ղ է մի կես բաժակ շաքարավազ ունենաս:
ԱՐԱՄ — Կես բաժակը քիչ չի՞:
ԱՐՈՒՍ — Արամ ջան, մենք քչով էլ բավարարվող ենք:
Հայտնվում է Լուսակը և սևեռուն նայում է Արուսին:
ԱՐՈՒՍ — Էս բոմժն ո՞վ է:
ԱՐԱՄ — Ինքն էլ հաց էր ուզում:
ԱՐՈՒՍ — Ի՞նչ ես աչքերդ վրաս չռել:
ԼՈՒՍԱԿ — Այսքան էլ նմանություն Արգիշտի թագավորի որդու դայակին:
ԱՐՈՒՍ — Բոմժ ես, բոմժ չես, բառերդ չափավորիր: Ի՞նչ Արգիշտի, ի՞նչ դայակ: Իմ Արմենակը կթողնի՞, որ դայակ աշխատեմ: Որտեղից ասես գալիս ու հարյուր տարվա երևանցուն էլ վիրավորում են: Ո՞վ ես, այ ոջլոտ… Տեսնես քանի՞ հիվանդություն ես հետդ բերել: Քեզանից էլ եմ շնորհակալ, Արամ տղա… Ինձ սրա հետ համեմատեցիր…
ԱՐԱՄ — Տիկին Արուս, մտքովս էլ չէր անցնում վիրավորել…
ԱՐՈՒՍ — Ընկերդ էս անլվան չի՞… Հարյուր տարվա երևանցի եմ ու չեմ տեսել, որ բոմժին խոհանոց տանեն: Հիմա ամեն ինչ ապականել է: Տասը ռեմոնտ էլ անես, սրա կեղտը չի մաքրվի:
ԼՈՒՍԱԿ — Արգիշտի արքայի որդու դայակը…
ԱՐՈՒՍ — Հիմա որ բաժակը գլխիդ տամ, կիմանաս՝ ով եմ… Արքան էլ դո՞ւ ես… Ասենք, զիբլանոցի արքա կլինես: Անունդ էլ Արգիշտի՞ է…
ԼՈՒՍԱԿ — Արգիշտին Վանի թագավորության արքան էր, Էրեբունին ինքն է հիմնադրել :
ԱՐՈՒՍ — Դու ո՛ւր, արքան ո՛ւր… Ականջիդ օղ արա, այ բոմժ, Արուսին ոչ մեկը չի կարող նեղացնել՝ արքա թե աստված: Երկարացնես՝ գլուխդ կպոկեմ: Թուհ, լեշդ շներն էլ չեն ուտի…
ԼՈՒՍԱԿ — Եթե արքան ու Տիրը լսեն…
ԱՐՈՒՍ — Ի՞նչ են անելու, կանչիր, գոռա՝ թող լսեն…
ԼՈՒՍԱԿ — Մոմ վառիր, աղոթիր, որ նրանց պատիժը քեզ չհասնի:
ԱՐՈՒՍ — Դու իմ պատժից վախեցիր… Հա՛, հա՛… Ինձնից սատանան էլ գլուխ չի հանի…
ԱՐԱՄ — Պետք չէ, տիկին Արուս, զուր տեղը բորբոքվեցիր…
ԱՐՈՒՍ — Զուր չի… Մեռնեմ, ոտքս էլ էս տուն չեմ դնի…
ԼՈՒՍԱԿ — Էդ մեկը ճիշտ է, մեռած դժվար է տեղաշարժվելը:
ԱՐԱՄ — Տիկին Արուս, էս մարդը բոմժ չի:
ԱՐՈՒՍ — Քեզ որ չեմ ուզում լսել: (Կտրուկ շրջվում և հեռանում է:)
Լուսակն ու Արամը նրա գնալուց հետո մի քանի վայրկյան իրար նայելով փորձում են գնահատել իրավիճակը: Լռությունը խզում է Արամը:
ԱՐԱՄ — Ինչ-որ բան պիտի անել: Հայտնվել ես՝ չգիտեմ որտեղից ու ոնց, որն արդեն կասկածելի է, քո պատճառով դիմացիս հարևանուհին խռովեց, որը լավ հետևանքներ չի ունենա, հայտարարում ես բաներ, որոնց դժվար է հավատալ, չգիտեմ էլ, հետո ինչ անախորժություններ կլինեն… Նույնիսկ անունդ չգիտեմ:
ԼՈՒՍԱԿ — Լուսակ, Լուսակ է անունս:
ԱՐԱՄ — Ուրեմն Լուսակ, ճիշտը այն կլինի, որ ոնց հայտնվել ես, այնպես էլ անհետանաս:
ԼՈՒՍԱԿ — Մեղավո՞ր եմ, որ այդ կինն իսկապես նման էր Արգիշտի արքայի որդու դայակին, որի հետ չհասցրի ամուսնանալ:
ԱՐԱՄ — Ինչո՞ւ…
ԼՈՒՍԱԿ — Կայծակը չթողեց: Խփեց, երբ Արարատ լեռան լանջին քանդակում էի…
ԱՐԱՄ — Հետո՞:
ԼՈՒՍԱԿ — Կայծակի հարվածից հետո չի լինում…
ԱՐԱՄ — Հնարավոր է, այդպես էլ եղել է, հնարավոր է, իսկապես քանդակագործ ես, որ Տիր աստվածը զրուցել է հետդ, որ կայծակի խփելուց այսքան տարի հետո վերակենդանացել և ուզում ես մասնակցել Երևանի 2800-ամյակի տոնակատարությանը, որ պատահական ես իմ տանը հայտնվել, թեև այդ ամենին դժվար է հավատալ: Ուստի իմ խորհուրդը: Երևանում Էրեբունիի թանգարանը գործում է, կարծում եմ, այնտեղի միջավայրը քեզ ավելի հարազատ կթվա:
ԼՈՒՍԱԿ — Տխրեցի… Միշտ տխրել եմ, երբ ինձ չեն հավատացել: Իսկ թանգարան կգնամ, չեմ սիրում անկոչ հյուր լինել: Ինձ հինգ օր է տրված, որի առաջին օրն արդեն ավարտվում է՝ ուրախություն չպարգևելով: (Գլխիկոր հեռանում է դռան կողմն ու անհետանում է:)
ԱՐԱՄ — Լուսակ, սպասիր… Լուսակ… (Մտախոհ:) Չլինի՞ ոնց հայտնվել էր, այդպես էլ անհետացավ… Գուցե ոչ հայտնվել էր, ոչ էլ անհետացավ, այնքան որ անհավատալի էր այս բոլորը: Բա տիկին Արուսը… Ճիշտը փողոց դուրս գալն է, փողոցում մտքերս ավելի կպարզվեն: Գնամ, քանի կայծակը ինձ էլ չի խփել… (Դուրս է գալիս:)
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Նույն բնակարանը: Արամը հեռախոսով խոսում է:
ԱՐԱՄ — Երեխա չեմ, իսկապես այստեղ էր: Հարևան Արուսը կարող է վկայել: Նրա պատճառով նույնիսկ Արուսը բորբոքվեց ու խռոված գնաց: Պարզվում է, ամեն ինչ չէ, որ գիտենք… Հեքիաթ չեմ պատմում: Հիմա Էրեբունիի թանգարանում պիտի լինի… Հա, ասում էր՝ վերակենդանացել է, որ Երևանի 2800-ամյակի տոնակատարություններին մասնակցի… Մարդաբան չեմ, որ կարողանամ բացատրել: Ասում էր՝ Տիր աստվածն է խոստացել, միայն թե 3000-ամյակի համար… Ինչ իմանամ, ասում էր՝ շուտ է հայտնվել, որովհետև վախեցել է, որ գենը մինչև 3000-ը չդիմանա… Հոգեբույժին ի՞նչ եմ անում… Քեզ իրողությունն եմ ներկայացնում, ինձ հոգեբույժի մոտ ես ուղարկում…
Դրսից կանանց այնպիսի ճիչ ու աղմուկ է լսվում, որ ստիպում է Արամին ընդհատել խոսակցությունը: Աղմուկը սաստկանում է: Ընդհանուր աղմուկի մեջ հնչող անեծքներին հաջորդում են անորոշ հասցեով քննադատություններ ու օրինականության կոչեր: Մինչ Արամը փորձում է գուշակել, թե ինչ կարող է պատահած լինել, խոհանոցի կողմից հայտնվում է Լուսակը: Հայացքից զգացվում է, որ տագնապած է: Աղմուկը շարունակվում է:
ԱՐԱՄ — (Լուսակին նկատելով): Էլի դո՞ւ…
ԼՈՒՍԱԿ — Թանգարանում տխուր էր:
ԱՐԱՄ — Կարծես այստեղ հարսանիք է:
ԼՈՒՍԱԿ — Թանգարանում այն չէր, ինչպես պետք է լիներ:
ԱՐԱՄ — Երևանի բերդը հո թանգարան չէին տեղափոխելու:
ԼՈՒՍԱԿ — Երեկոյան էլ ոչ ոք չկար:
Աղմուկն ավելի բարձր է հնչում, զգացվում է, աղմկողները հայտնվել են դռան ետևում, ինչից հետո դուռն ուժեղ բախում են:
ԼՈՒՍԱԿ — Իմ ետևից են եկել:
ԱՐԱՄ — Աղմուկը ստվերի պես ետևիցդ քարշ ես տալիս:
ԼՈՒՍԱԿ — Չեմ հասկանում՝ ինչից է:
Դուռն ավելի ուժեղ են թակում, առանց ընդմիջման:
ԱՐԱՄ — Սրանք դուռն էլ կջարդեն:
Գնում է դուռը բացելու: Վերադառնում է երկու ոստիկանի, Արուսի ու երկու այլ կանանց հետ: Կանայք, տեսնելով Լուսակին, ձեռքները պարզում են նրա կողմն ու միաձայն բղավում են:
ԿԱՆԱՅՔ — Նա էր, էս այլանդակն էր:
ՔԱՌՅԱՆ — (մոտենում է Արամին, պատիվ է տալիս): Համայնքային ոստիկանության տեսուչներ՝ Քառյան և Ալոյան: (Ապա կանանց դիմելով:) Կխնդրեի՝ լռեք:
ԱՐՈՒՍ — Լռելու բա՞ն է, որ լռենք… Լրիվ այլանդակվել են: Տեսա՞ք, ում տանն էր:
ԿԱՆԱՅՔ — Սրա նմանների պատճառով…
ԱԼՈՅԱՆ — Առանց լռելու գործն առաջ չի գնա:
ՔԱՌՅԱՆ — (Արամին): Էս անձը ձեր ի՞նչն է:
ԱՐԱՄ — Ոչ մեկը:
ՔԱՌՅԱՆ — Անծանոթը ձեր տանն ի՞նչ գործ ունի:
ԱՐԱՄ — Դեռ ամբողջովին չեմ պարզել: Արտառոց պատմություն է: Գոնե ասեք՝ ինչ է եղել: Դուռը ջարդում եք, առանց պատճառն ասելու հարցաքննում եք:
ԱԼՈՅԱՆ — Բնակիչները ահազանգել են, որ այս անձը, ով, ձեր ասելով, չգիտեք՝ ով է, սակայն թաքնվել է ձեր բնակարանում…
ԿԱՆԱՅՔ — Բողոքել ենք, բողոքում ենք ու բողոքելու ենք… Քաղաքում կարգ ու կանոն պիտի լինի՞, թե՞ չէ:
ԱԼՈՅԱՆ — Թույլ տվեք աշխատել: Պիտի իմանաք, որ էս անձը, որի հետ ձեր կապը, միևնույն է, կպարզենք, վերելակը վերածել է պետքարանի…
ՔԱՌՅԱՆ — Ինչն իր մեջ խուլիգանական հանցակազմ է պարունակում: Ուզում ենք նրանից լսել հանցավոր արարքի դրդապատճառները:
ԱՐՈՒՍ — Էս բոմժի բերանից հազիվ էլ ճիշտ բան լսեք: Բայց սուտն էլ սրան չի փրկի:
ՔԱՌՅԱՆ — (Լուսակին): Ձեր անուն- ազգանունը:
ԼՈՒՍԱԿ — Լուսակ:
ՔԱՌՅԱՆ — Լուսակն անո՞ւն է, թե՞ ազգանուն:
ԼՈՒՍԱԿ — Լուսակ:
ԱԼՈՅԱՆ — Ենթադրենք: Ո՞ր թվին ու որտե՞ղ եք ծնվել:
ԼՈՒՍԱԿ — 2827 տարի առաջ, Էրեբունի բերդաքաղաքում:
ԱԼՈՅԱՆ — Զգուշացնում եմ, ոստիկանությանը ծաղրելու համար շատ կզղջաք: Ուրեմն՝ ո՞ր թվին ու որտե՞ղ եք ծնվել:
ԼՈՒՍԱԿ — 2827 տարի առաջ, Էրեբունի բերդաքաղաքում:
ԱՐՈՒՍ — Ասում էի, սրանից ճիշտ բառ չեք լսի: Սրա բերանում սուտն ավելի շատ ա, քան սուտլիկ որսկանի հեքիաթում:
ԿԱՆԱՆՑԻՑ ՄԵԿԸ — Մի հարցաքննեք, միանգամից ծակը կոխեք, որ հասկանա՝ ինչն ինչոց է:
ԼՈՒՍԱԿ — Ծա՞կը… Ի՞նչ ծակ… Ծակի մեջ չեմ տեղավորվի:
ՄՅՈՒՍ ԿԻՆԸ — Զոռով կմտցնեն ու էն ժամանակ նախապապիդ անունն էլ կհիշես:
ԱԼՈՅԱՆ — Ձեզ մնա, բոլորին ծակը կկոխեք: Լռեք, թույլ տվեք աշխատել:
ՔԱՌՅԱՆ — Մի անգամ էլ եմ հարցնում՝ անուն-ազգանունդ, որ թվին ես ծնվել և որտեղ:
ԼՈՒՍԱԿ — Արդեն ասացի:
ՔԱՌՅԱՆ — Երևանում բարեկամներ ունե՞ս:
ԼՈՒՍԱԿ — Բոլորը հանդերձյալ աշխարհում են:
ԱՐՈՒՍ — Բա քեզ դիմանալը հե՞շտ ա: Վաղը նրանց հանդերձյալ աշխարհից էլ կքշես:
ՔԱՌՅԱՆ — Այս երիտասարդը քո ի՞նչն է: Բարեկա՞մ է, ընկե՞ր է, ո՞վ է:
ԼՈՒՍԱԿ — Ոչ մեկը:
ՔԱՌՅԱՆ — Գործը բարդանում է: Անօրինական ներխուժում ուրիշի բնակարան:
ԱՐԱՄ — Պարոն ոստիկան…
ՔԱՌՅԱՆ — Պետք չէ, ձեր պատասխանելու հերթն էլ կգա:
ԱԼՈՅԱՆ — (Լուսակին): Պատմեք, ինչո՞ւ եք վերելակը որպես պետքարան օգտագործել:
ԼՈՒՍԱԿ — Երևի այստեղի սնունդից է:
ԱՐՈՒՍ — Այստեղի չէ… Առնետների պես աղբանոցներից դուրս չեք գալիս:
ԱԼՈՅԱՆ — Թույլ տվեք՝ շարունակի:
ԼՈՒՍԱԿ — Փորս թուլացել էր… Չէի դիմանում… Ու հանկարծ, ոնց որ դուք եք ասում, վերելակի դռները հենց աչքերիս առաջ բացվեցին: Ձեր ասած վերելակը շատ նման էր բերդաքաղաքի բակերում եղած պետքարաններին ու մտածեցի, որ դա էլ ձեր ժամանակների պետքարանն է: Ներս մտա: Դռները փակվեցին: Երբ վերջացրել էի, դռները նորից բացվեցին ու այս երկու կանանց տեսա: Սրանք իմ արածից այնպես աղմկեցին, որ վախից այս բնակարանում հայտնվեցի…
ԱՐԱՄ — Պարոն ոստիկան…
ԱԼՈՅԱՆ — Ի՞նչ եք ուզում ասել:
ԱՐԱՄ — Թեև դժվար է հավատալ, բայց նա հենց առաջին պահից էր պնդում, որ ծնվել է Էրեբունի բերդաքաղաքում, քանդակագործ է եղել, ինքն է փորագրել Էրեբունիի ծնունդն ավետող սեպագրերը: Երևանում է հայտնվել մասնակցելու Երևանի 2800-ամյակի տոնակատարություններին:
ՔԱՌՅԱՆ — Որ բոլորը սրա նման մասնակցեն, վերելակը չէ, քաղաքը պետքարանի կվերածեն:
ԱԼՈՅԱՆ — Ու նրա հեքիաթներին հավատացել եք: Մարդը կարո՞ղ է 2827 տարի ապրել:
ԱՐԱՄ — Ասում եմ, ինչ լսել եմ:
ԱԼՈՅԱՆ — Ասում են՝ ագռավն էլ 300 տարի է ապրում, բայց ոչ մեկը 300 տարեկան ագռավ չի տեսել: Լեզվին կապանք չկա: Հարցնեիր, կարո՞ղ է Տիգրան Մեծի հետ էլ սեղան է նստել: (Հեռախոսազանգ: Խոսում է հեռախոսով:) Լսում եմ, պարոն կապիտան: Վերջացնում ենք: Շուտով բերման կենթարկենք: Այլ հանցանք էլ է պարզվել: Ապօրինի ուրիշի տուն է ներխուժել: Անպայման: (Հեռախոսը տեղը դնելով՝ դիմում է Լուսակին:) Զգուշացնում եմ, ոչ մի դիմադրություն, եթե չես ուզում գործդ ավելի բարդացնել: Կանես, ինչ կասենք: Փաստերի ճշտումը քննիչի գործն է: (Արամին.) Իսկ դուք առանց մեր իմացության չբացակայեք քաղաքից:
ՔԱՌՅԱՆ — Կանանց խնդրում եմ ազատել բնակարանը: Անհրաժեշտության դեպքում ներկայանալու ծանուցագիր կուղարկենք:
ԱՐՈՒՍ — Էլ բան ու գործ չունենք:
ՔԱՌՅԱՆ — Ձեր վկայությունը կարևոր է:
ԱՐՈՒՍ — Փառքդ շատ, մենք էլ կարևոր դարձանք: Գնանք, քանի չեն փոշմանել: (Մյուս կանանց հետ լքում է բնակարանը:)
ԼՈՒՍԱԿ — (մոտենում է Արամին): Մի օրն էլ անցավ: Ափսոս, երեք օր մնաց:
ՔԱՌՅԱՆ — Լռե՛լ: Այս պահից խոսելն արգելվում է:
ԱՐԱՄ — Ուզում եք ձերբակալե՞լ…
ՔԱՌՅԱՆ — Նման արարքի համար ոչ մեկին մեդալ չեն տվել: Սրան նայելով՝ քննիչի գործը հեշտ չի լինի:
ԱԼՈՅԱՆ — Լուսակ ես, թե Մութակ, մոտեցիր ու ձեռքդ պարզիր: (Լուսակը մոտենում է, ոստիկանը ձեռնաշղթայի մի ծայրն ամրացնում է Լուսակի ձեռքին, մյուսն՝ իր ձեռքին:) Առաջ ընկիր…
Լուսակը ոստիկանների ուղեկցությամբ, գլխիկոր շարժվում է դռան կողմը: Վերջին պահին շրջվում, նայում է Արամին: Ալոյանը ձգում է ձեռնաշղթան, երեքով դուրս են գալիս:
ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ
Նույն բնակարանը: Արամը մտախոհ ետուառաջ է անում: Խոհանոցի կողմից ներս է մտնում Նունեն, ձեռքին՝ փոքրիկ սկուտեղի վրա, սուրճի երկու բաժակ: Բաժակները դնում է սեղանին, նստում է:
ՆՈՒՆԵ — Սուրճդ խմիր: Էլ ոնց կլիներ, ինչ-որ սրիկայի ձերբակալել են: Պիտի ուրախ լինես, որ պրծել ես:
ԱՐԱՄ — Նրա վերջին հայացքը…
ՆՈՒՆԵ — Երևում է՝ ճարպիկ աճպարար է, որ կարողացել է հիպնոսել:
ԱՐԱՄ — Մեկ էլ մտածում եմ, գուցե իսկապես…
ՆՈՒՆԵ — 2800 տարի հետո հայտնվել է, նշելու Երևանի ծնունդը: Չլինի՞ իսկապես հիպնոսել է:
ԱՐԱՄ — Մեկ-մեկ անհնարինը որպես իրականություն ընդունելու ցանկություն չե՞ս ունեցել: Գիտես, որ ընդգծված թերահավատ եմ, բայց այդ մարդու գոյությանը ուզում էի հավատալ: Չէի հավատում, ընդամենը ուզում էի: Եգիպտական մումիաները մինչև հիմա պահպանվել են, չէ՞… Տարօրինակ էր, որ նա գիտեր՝ ինչ է գենը, ասում էր՝ գենի շնորհիվ է վերակենդանացել:
ՆՈՒՆԵ — Սուրճը չես խմելո՞ւ…
ԱՐԱՄ — Պատկերացնում եմ, ոստիկանությունը նրա համար ինչ տառապանք է:
ՆՈՒՆԵ — Քեզանից շատ չի տառապի: Սկսում եմ խանդել, ինձ կորցնելիս երևի այսքան չմտահոգվես:
ԱՐԱՄ — Այ, որ քեզ կարող եմ կորցնել, իսկապես չեմ հավատում:
ՆՈՒՆԵ — Մերոնց այդ մասին չմոռանաս ասել: Թեև դեմքդ այնքան մթնած է, ինչ էլ ասես, մտածելու են՝ իրենց աղջիկն էս ո՞ւմ է ընտրել: Հայրս այս դեպքում կասեր. «Ախոռը մտել, էշի ճակատն է պաչել»: Աշխուժացիր, մերոնց հետ ծանոթանալը ծանր քննություն է:
ԱՐԱՄ — Ենթադրում եմ… Կփորձեմ անհոգ երևալ, ժպտերես…
ՆՈՒՆԵ — Տեսնենք, տեսնենք, թե չէ…
ԱՐԱՄ — Տեսա՞ր, դու էլ հիասթափվեցիր:
ՆՈՒՆԵ — Գժվե՞լ ես…
ԱՐԱՄ — Գիտեմ, գիտեմ, որ…
Խոհանոցի կողմից կրկին հայտնվում է Լուսակը: Տեսնելով Նունեին, շփոթված կանգ է առնում, մեղավոր հայացքով նայում է Արամին:
ԼՈՒՍԱԿ — Չգիտեի՝ ուր գնալ:
ԱՐԱՄ — (նրան տեսնելով՝ գնում է ընդառաջ): Արի, ներս արի… Ո՞նց է, բաց են թողել:
ԼՈՒՍԱԿ — (վախվորած նայելով Նունեին): Բաց չեն թողել…
ՆՈՒՆԵ — Ի՞նքն է…
ԱՐԱՄ — Ու զարմանալի է, որ բաց են թողել… Պատմիր, ո՞նց է եղել:
ԼՈՒՍԱԿ — Նորից հարցրեց՝ ով եմ, որտեղ և երբ եմ ծնվել: Ասացի, ինչ ասել էի: Մի քանի անգամ հարցերը կրկնեց, ես էլ նույն պատասխանները տվեցի: Քեզանից էլ հարցրեց: Հարցնողի անունը քննիչ էր:
ԱՐԱՄ — Քննիչը մասնագիտություն է, անուն չի:
ԼՈՒՍԱԿ — Էդ քննիչը իմ պատասխաններից, չգիտես ինչու, բարկացավ, ձեռքերը սեղանին էր խփում ու այնպես էր գոռում… Կարծեցի՝ բարկությունից ուռչում է, ուր որ է՝ կպայթի… Բայց երբ կանգնեց ու ինձ մոտեցավ, ուռած չէր…
ԱՐԱՄ — Հետո՞, հետո ի՞նչ եղավ, պատմիր…
ԼՈՒՍԱԿ — Ականջներս ձգում էր ու ասում, որ եթե խելագար եմ, ինքն ինձանից խելագար է: Ասում էր… ներարկիչն ի՞նչ է…
ԱՐԱՄ — Պատմությունդ արա:
ԼՈՒՍԱԿ — Ասում էր՝ ներարկիչով ականջներիցդ ուղեղդ կքաշեմ ու կպարզեմ ճշմարտությունը:
ԱՐԱՄ — Քաշե՞ց:
ԼՈՒՍԱԿ — Չէ: Ավելի տարիքով մեկը մտավ և սկսեց նույն հարցերը տալ: Պատասխաններս լսելուց հետո ինքն էլ խոժոռվեց: Երկար ու լուռ նայում էր, հետո, չգիտեմ, քննիչին ինչ ասաց: Ինձ տարան ու մի ցուրտ սենյակում փակեցին: Այստեղ ինչո՞ւ ոչ մեկը մյուսին չի հավատում:
ԱՐԱՄ — Չէ, ես քեզ հավատում եմ: Նունեն էլ է հավատում: Մոռացա ներկայացնել, Նունեն ընկերուհիս է, հնարավոր է՝ նաև ամուսնանանք:
ՆՈՒՆԵ — Հնարավոր չէ, ամուսնանալու ենք… Ինձանից պրծում չկա:
ԱՐԱՄ — Բա ո՞նց դուրս պրծար:
ԼՈՒՍԱԿ — Հետո նորից քննիչի մոտ տարան: Հետը ճերմակ խալաթով մեկն էլ կար: Նա էլ նույն հարցերը տվեց, բայց իմ պատասխաններից մյուսների պես չբարկացավ: Անընդհատ ժպտում էր: Հարցրեց, թե երեխա ժամանակ ի՞նչ հիվանդություններով եմ հիվանդացել: Ուզում էր իմանալ՝ գլխի վրա քանի անգամ եմ ընկել, գլխիս ինչքան են խփել: Հարցրեց՝ մեր տոհմում գժեր եղե՞լ են: Երբ քննիչի հետ առանձնացան, սկսեցին վիճել… Չէի լսում՝ ինչ են խոսում:
ՆՈՒՆԵ — Հոգեբույժի են հրավիրել:
ԼՈՒՍԱԿ — Վերջում իրար ձեռք սեղմեցին, ինչից հետո խալաթավորը ժպտալով մոտեցավ և ասաց, որ շուտով ինձ ավելի տաք ու լուսավոր տեղ կտեղափոխեն:
ՆՈՒՆԵ — Հոգեբուժարան են տարել:
ԼՈՒՍԱԿ — Ինչ-որ շապիկ հագցրին… Ոչ ոտքերս էի կարողանում շարժել, ոչ ձեռքերս… Հա, մեքենայի մեջ իրենք էլ ասացին, որ հոգեբուժարան են տանում: Շեքսպիրը, Մակեդոնացին, Նապոլեոնը ովքե՞ր են:
ԱՐԱՄ — Ինչո՞ւ ես հարցնում:
ԼՈՒՍԱԿ — Հոգեբուժարանում անընդհատ բղավում էին, որ Շեքսպիրն են, Մակեդոնացին ու Նապոլեոնը: Մակեդոնացին ստիպեց՝ իր առաջ ծնկեմ: Նրանից ազատվեցի, հիմա էլ Շեքսպիրն էր գլուխս բռնել ու գոռում էր, որ գտել է իր ուզած գանգը: Չգիտեմ, իմ գանգը նրա ինչին էր պետք: Բոլորին ասում էի՝ մի քանի օր է մնացել, չեմ հասցնի Երևանը տեսնել, տոնակատարություններին մասնակցել: Երևանը տեսնելու ցանկությունը վիրավորակա՞ն է:
ԱՐԱՄ — Հակառակը…
ԼՈՒՍԱԿ — Բա ինչո՞ւ, երբ ասում էի, բարկանում էին: Խմբապետ Շավարշը…
ԱՐԱՄ — Հոգեբուժարանո՞ւմ էր:
ԼՈՒՍԱԿ — Ինքն էր ասում՝ խմբապետ Շավարշն է: Ասում էր՝ մտքովդ չանցնի ինձ ծաղրել, թե չէ սիրտս գայլի բաժին կանի… Քո հարևանուհին էլ էր կարծում՝ իրեն ծաղրում ենք: Ինչո՞ւ է ճիշտը ծաղրի պես ընկալվում:
ՆՈՒՆԵ — Ընկալողից է: Երբեմն ծնողներն էլ իրենց երեխաներին չեն հասկանում, ուր մնաց մեր թվարկությունից առաջն ու այսօրը…
ԱՐԱՄ — Բա ո՞նց փրկվեցիր:
ԼՈՒՍԱԿ — Ոնց այստեղ եմ հայտնվել, այդպես էլ այնտեղից անհետացա:
ԱՐԱՄ — Հիմա ի՞նչ ես ուզում անել:
ԼՈՒՍԱԿ — Եթե թույլ տաս, սենյակից դուրս չեմ գա:
ԱՐԱՄ — Նունեի հետ իրենց տուն ենք գնալու: Ծանոթանալու եմ ծնողների հետ: Կարծում ես, կհավանե՞ն:
ԼՈՒՍԱԿ — Պիտի ստիպեն՝ հետդ ամուսնանա: Ավելի լավին չի էլ գտնի:
ՆՈՒՆԵ — Բա գենդերային հավասարությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը… Ստիպելը մարդու կամքին հակառակ է:
ԼՈՒՍԱԿ — Էդ ամեն ինչը անծանոթ է, բայց մեր օրերում կինը չէր կարող տղամարդուն, տղամարդը՝ հրամանատարին, հրամանատարը՝ տիրակալին, տիրակալը աստծուն հավասար լինել:
ՆՈՒՆԵ — Հիմա գտել են, որ կինն էլ մարդ է:
ԱՐԱՄ — Այնպես որ, լուրջ քննություն եմ հանձնելու:
ԼՈՒՍԱԿ — Հիմա չե՞մ կարող մնալ:
ԱՐԱՄ — Հակառակը… Միայն մեր գնալուց հետո դուրս չգաս ու դուռը բաց չթողնես:
ԼՈՒՍԱԿ — Ավելի լավ է պատուհանից նայեմ քաղաքին:
ԱՐԱՄ — Նայիր, նայիր… Մանավանդ երեկոյան Երևանը շատ գեղեցիկ է:
ԼՈՒՍԱԿ — Արգիշտի արքան շատ կոգևորվեր, տեսնելով՝ իր հիմնադրած բերդաքաղաքն ինչ հրաշքի է վերածվել:
ՆՈՒՆԵ — Եվ իմացիր, որ ինձ ստիպել պետք չէ: Ինքս եմ ուզում ամուսնանալ նրա հետ: Շա՛տ եմ ուզում:
ԼՈՒՍԱԿ — Մոմ լիներ, ձեր հաջողության համար կվառեի:
ԱՐԱՄ — Մենք գնանք, քանի տունը չես հրդեհել:
ՆՈՒՆԵ — Այս անգամ մոմը մտքումդ վառիր: Ավելի ապահով է: Գնացինք:
Դուրս են գալիս: Լսվում է, ինչպես են դրսից բանալիով փակում դուռը: Լուսակը մոտենում է պատուհանին, ուշադիր նայում է քաղաքի համայնապատկերին: Ամպրոպի որոտից վեր է թռչում, հետո կայծակից լուսավորվում է սենյակը: Կայծակը տեսնելով՝ սարսափահար հեռանում է պատուհանից, թաքնվում է սեղանի տակ:
ԼՈՒՍԱԿ — Կայծակը… Չէ, հիմա չէ… Մի քանի օր էլ… Հիմա չէ…
ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
Նույն բնակարանը: Լուսակը երգում և իր երգի ռիթմով պարում է: Շարժումները կտրուկ են, անսովոր: Դռան ուժեղ թակոցից զարմանում, ապա քարանում է, չհասկանալով՝ ինչ պիտի անի:
ԼՈՒՍԱԿ — Եկել են տանե՞ն: (Նստում է աթոռին, լարված դռան կողմը նայում: Լսվում է Արուսի տագնապալից ձայնը:)
ԱՐՈՒՍ — Արամ, Արամ, բաց արա…
ԼՈՒՍԱԿ — (Արուսի ձայնից վեր է թռչում: Զգացվում է, որ երկմտանքի մեջ է: Ապա վճռական): Չեմ բացի, դուռը հո չեն կոտրելու:
ԱՐՈՒՍ — Արամ, շուտ արա, էս ինչ դժբախտություն էր:
ԼՈՒՍԱԿ — Դժբախտությո՞ւն… (Վազում է դռան կողմը:)
ԱՐՈՒՍ — (խուժում է սենյակ, շարունակելով բղավել): Արամ, Արամ…
ԼՈՒՍԱԿ — (նրա ետևից ներս մտնելով): Տանը չի…
ԱՐՈՒՍ — (ասես նոր միայն տեսնելով Լուսակին): Դո՞ւ… Թողե՞լ են… Ո՞նց թողեցին… Ես էլ ասեմ՝ դժբախտությունը որտեղից ա… Մի րոպեով էի իջել շաքար ուզելու…
ԼՈՒՍԱԿ — Դժբախտություն լսեցի… Ի՞նչ դժբախտություն է:
ԱՐՈՒՍ — Անտեր քամին դուռս փակել ա: Բանալին էլ չվերցրեցի… Գազօջախը, գազօջախը չեմ անջատել… Հիմա ջուրը եռացել, սրճամանի տակը կպել ա…
ԼՈՒՍԱԿ — Արամն ի՞նչ էր անելու:
ԱՐՈՒՍ — 091-ից էլ մինչև գան… Կպայթի, կվառվի…
ԼՈՒՍԱԿ — Արամն ի՞նչ էր անելու:
ԱՐՈՒՍ — Դու ի՞նչ ես անելու:
ԼՈՒՍԱԿ — Եթե դուռը պիտի բացվի… (Արագ դուրս է գալիս:)
ԱՐՈՒՍ — Ո՞ւր, ինձանից չես փախչի… Նեղ պահին սրան ով գլխիս կապեց:
ԼՈՒՍԱԿ — Կգամ, կգամ…
ԱՐՈՒՍ — Արմենակիս ի՞նչ եմ ասելու… Իջել, լեզվիս էի զոռ տվել…
ԼՈՒՍԱԿ — (շնչակտուր վերադառնում է): Դուռը բաց է:
ԱՐՈՒՍ — Հա՞… Էդ ո՞նց… Ասա՝ գնա անջատիր, նոր, էլի, այ կնիկ… (Դուրս է վազում:)
ԼՈՒՍԱԿ — Չգիտեի՝ ինչն են անջատում…
ԱՐՈՒՍ — (նույն արագությամբ ետ է գալիս): Պրծանք… (Խաչակնքում է:) Ում էի մի կտոր հաց տվել… Ո՞նց կարողացար… Կախա՛րդ ես, ֆոկուսնի՛կ ես… Շատ դռնե՞ր ես բացել… Չլինի՞ առաջին հարկի Անուշի տունն էլ դու ես թալանել… Ոսկիներս… (Արագորեն ետ է վազում, ապա վերադառնալով:) Տեղում էին, սիրտս կանգնեց…
ԼՈՒՍԱԿ — Մեր թալանչիներին կախաղան էին հանում:
ԱՐՈՒՍ — Մերոնց էլ ծաղիկներ չեն տալիս… Չնայած… Մանրերին են պատժում, թե չէ մեծերին տալիս են, իրենք իրենց են տալիս… Բայց խոսքդ կտուրը մի գցիր: Ո՞նց բացեցիր:
ԼՈՒՍԱԿ — Նախ մարմինս ներս մտավ, հետո՝ ես… Չգիտեմ, ոնց է ստացվում: Երկու օր է, այդպես է:
ԱՐՈՒՍ — Յանի ինչ ասացիր: Մարդավարի չե՞ս կարող…
ԼՈՒՍԱԿ — Ես էլ եմ զարմացել, թե ոնց է լինում: Սկզբում մարմինս է պատն անցնում, հետո՝ ես…
ԱՐՈՒՍ — Էլի չհասկացա… Ոստիկանությունից ո՞նց ես փախել:
ԼՈՒՍԱԿ — Հոգեբուժարան տարան:
ԱՐՈՒՍ — Գլխի են ընկել՝ ուր տանեն:
ԼՈՒՍԱԿ — Բայց, Ծովինար…
ԱՐՈՒՍ — Ծովինարը չեմ, Արուսն եմ: Էդ անունը երկրորդ անգամ ես տալիս: Չեմ հիշում՝ ում որդու դայակն էր:
ԼՈՒՍԱԿ — Վեհագույն Արգիշտի արքայի որդու:
ԱՐՈՒՍ — Ծովինարը քո ի՞նչն էր:
ԼՈՒՍԱԿ — Հարսնացուս:
ԱՐՈՒՍ — Կինդ չէ՞ր:
ԼՈՒՍԱԿ — Գործը դրան չհասավ:
ԱՐՈՒՍ — Ինչո՞ւ:
ԼՈՒՍԱԿ — Կայծակը… (Հառաչում է, աչքերը խոնավանում են:) Չիմացա՝ ոնց շանթահարեց:
ԱՐՈՒՍ — Ասում ես՝ ինձ շա՞տ էր նման:
ԼՈՒՍԱԿ — Երկվորյակ քույրերի պես:
ԱՐՈՒՍ — Քեզ կայծակն է տարել, ո՞վ գիտի, նա էլ ում բաժինն է դարձել:
ԼՈՒՍԱԿ — Ուզողները շատ էին, բայց ինձ էր ընտրել:
ԱՐՈՒՍ — Ինձ էլ են ամուսնության առաջարկներ արել: Մերժում էի, երեխայիս համար էի մերժում: Արմենակս նոր էր ծնվել, որ ամուսինս վթարի ենթարկվեց…
ԼՈՒՍԱԿ — Ո՞ւմ ձին էր:
ԱՐՈՒՍ — Ի՞նչ ձի, մեքենան էր խփել:
ԼՈՒՍԱԿ — Հոգեբուժարան ինձ այդ մեքենայով տարան:
ԱՐՈՒՍ — Այ տղա, միամիտ, միամիտ, էսքան էլ միամի՞տ: Գժանոցում ո՞նց էր:
ԼՈՒՍԱԿ — Գժերն ասում էին, որ Շեքսպիրն են, Մակեդոնացին, Նապոլեոնը, գնդապետ Շավարշը…
ԱՐՈՒՍ — Հիմա գժերն էլ են փոխվել: Ոչ մեկը համաձայն չի բանվոր կամ գյուղացի լինել: Գրող-մրողի մասին էլ չեմ ասում: Բոլորը թագավոր ու հրամանատար են…
ԼՈՒՍԱԿ — Արքա Արգիշտին նրանց պես չէր, իմաստուն էր, քաջ ու խիզախ:
ԱՐՈՒՍ — Ծովինարի պատմությունն ավելի հետաքրքիր է…
ԼՈՒՍԱԿ — Ոնց որ առջևս նստած լինի… Ծովինարը սիրում էր, երբ մազերը շոյում էի…
ԱՐՈՒՍ — Էլ ի՞նչ էր սիրում:
ԼՈՒՍԱԿ — Ձեռք-ձեռքի նստում էինք գետի ափին ու երկար աստղերին էինք նայում:
ԱՐՈՒՍ — Երկնքում ի՞նչ էիք փնտրում:
ԼՈՒՍԱԿ — Երջանկության հրեշտակներին:
ԱՐՈՒՍ — Ոչ մի անգամ չե՞ք համբուրվել:
ԼՈՒՍԱԿ — Մինչ ամուսնանա՞լը…
ԱՐՈՒՍ — Եսիմ, ինչ ադաթներ են եղել:
ԼՈՒՍԱԿ — Ամուսնության օրն էլ գիտեինք: Ամուսնանայինք, հնարավոր է՝ մեր տոհմածառը մինչև ձեր օրերը շարունակվեր:
ԱՐՈՒՍ — Քանի՞ երեխա էիք ուզում…
ԼՈՒՍԱԿ — Բախտն ինչքան պարգևեր:
ԱՐՈՒՍ — Ոնց որ նրան շատ ես սիրել:
ԼՈՒՍԱԿ — Աշխարհի չափ:
ԱՐՈՒՍ — Ես էլ ամուսնուս էի շատ սիրում ու նաև դրա համար էի մյուսներին մերժում: Նրանից հետո իմ կյանքում ուրիշ տղամարդ չի եղել: Նամուսով եմ եղել, բայց դե, նամուսը տղամարդուն չի փոխարինի: Անմարդ կինը՝ ոնց չորացած ծառը, հենարան չունեցավ, երբ էլ լինի՝ կոտրվելու է: Չեն էլ հիշի, որ ժամանակին տերև ու ծաղիկ է ունեցել, պտղավորվել է… Վերջերս շատ եմ դարդ անում, թե ումից էի պակաս, ի՞նչ մեղք էի գործել… (Արտասվում է:)
ԼՈՒՍԱԿ — (Արուսի տրամադրության կտրուկ փոփոխությունից զարմացած, սկզբում փորձում է նրա ուսը շոյելով մխիթարել, սակայն հեկեկոցի ուժեղացման հետ անսպասելի գրկում է ու սեղմում է կրծքին): Մի լացիր, Ծովինա՛րս, Ծովինա՛րս…
ԱՐՈՒՍ — (լացի միջից): Երանի Ծովինարին… Էսքան տարի հետո էլ նրան սիրողի սերը չի մեռել: Կնոջն ուրիշ ի՞նչ է պետք: Երեխան հրաշք է, կյանք է, բայց անկարող է մատի փուշը հանել…
ԼՈՒՍԱԿ — Բախտը չուզեց ինձ էլ երեխա նվիրել:
ԱՐՈՒՍ — (ազատվում է Լուսակի գրկից, կանգնում է): Էս ինչո՞ւ թուլացա… Ո՞նց թուլացա… Թողեցի՝ բոմժն ինձ գրկեր… Վաղուց ոչ մեկը չէր գրկել: Հիմա ո՞նց եմ ոստիկանություն զանգելու:
ԼՈՒՍԱԿ — (ոստիկանության անունը լսելով՝ մի քանի քայլ հեռանում է Արուսից): Մի արա… Երկու օր է մնացել:
ԱՐՈՒՍ — Կարևորը՝ շաքարի տեղն իմանաս:
ԼՈՒՍԱԿ — Ինչի՞ համար:
ԱՐՈՒՍ — Սուրճ չե՞ս ուզում:
ԼՈՒՍԱԿ — Դեռ չեմ փորձել:
ԱՐՈՒՍ — Ես էլ օտարի երբեք տուն չէի հրավիրել: Շաքարը գտնելուց հետո կհրավիրեմ: Խոհանոցում կլինի: Շաքարը ոսկի չի, որ աչքից հեռու դնես… (Շարժվում է խոհանոցի կողմը:) Հետս արի…
ԼՈՒՍԱԿ — Գալիս եմ: ( Հետևում է Արուսին:)
ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Նույն բնակարանը: Արամը համակարգչի առջև զբաղված է: Կանգնում է, մտախոհ քայլում է սենյակում:
ԱՐԱՄ — Ոչ մի աղբյուր անունը չի նշում, թեև… Ո՞վ պիտի հասարակ քանդակագործի անունը հիշեր: Արքաները, զորավարները՝ ուրիշ… (Նորից է մոտենում համակարգչին, հավանաբար մեկ անգամ ևս Լուսակի անունը գտնելու հույսով: Քիչ անց կրկին կանգնում է, շարունակելով քայլել:) Արտավազդը թագավոր չլիներ, կհիշեի՞ն, անունով թատերական մրցանակ կսարքեի՞ն: Էդ Լուսակը հավանաբար կիրթ և շնորհքով է եղել, ու ընդամենը… Ասում էր՝ Աստծո հետ է շփվել… Բա ստեղծագործողն ո՞ւմ հետ էր շփվելու: (Հեռախոսազանգ:) Նունե, ի՞նչ իմացար: Ամբողջ համացանցը քրքրեցի, ոչ մի տեղեկություն… Ասում եմ, չլինի՞ միաժամանակյա կոլեկտիվ երազ էր: Հնարավոր չի՞, որ բոլորը նույն ժամին նույն երազը տեսնեն: Տեսիլքը ցերեկն էլ, գիշերն էլ՝ տեսիլք է: Ոնց որ դուռն են ծեծում… Տեսնեմ ով է, կզանգահարեմ…
Հեռախոսն անջատում է, գնում է դուռը բացելու: Վերադառնում է Քառյանի և Ալոյանի հետ: Քառյանը ներս մտնելուն պես գնում է խոհանոցի կողմը: Բացվող-փակվող դռների ձայն: Վերադառնում է:
ՔԱՌՅԱՆ — Զուգարանն ու վաննայի սենյակն էլ ստուգեցի, չկա:
ԱՐԱՄ — Ի՞նչ եք փնտրում:
ՔԱՌՅԱՆ — Ինչ չէ՝ ում:
ԱՐԱՄ — Եթե ես եմ պետք…
ՔԱՌՅԱՆ — Տեսնում ենք, քոռ չենք…
ԱԼՈՅԱՆ — (զանգում է): Պարոն կապիտան, ստուգեցինք, այստեղ չէ: Հոգեբուժարանի տնօրենը թող իրեն մեղադրի… Լսում եմ: Կհարցաքննենք, կճշտենք:
ՔԱՌՅԱՆ — Ինչ աշխարհ է: Չինաստանում էլ ձյուն գա՝ ոստիկանն է մեղավոր:
ԱԼՈՅԱՆ — Քառյան, էդ հետո… (Արամին.) Գիտեի՞ք, որ ձեր անծանոթ բարեկամը հոգեբուժարանից անհետացել է:
ԱՐԱՄ — Հնարավոր չէ: Երևի դուրս է եկել տարածքում շրջելու:
ՔԱՌՅԱՆ — Հարցն էլ այն է, թե ոնց է դուրս եկել:
ԱՐԱՄ — Հոգեբուժարանը դուռ չունի՞:
ՔԱՌՅԱՆ — Դռները փակ են եղել:
ԱԼՈՅԱՆ — Ճանճ լիներ, կհավատայինք, որ ինչ-որ ճեղքից է թռել: Բայց փակ են եղել և, ամենակարևորը, ոչ մեկը չի տեսել՝ ոնց է հեռացել: Ո՞նց կբացատրեք:
ԱՐԱՄ — Պարոն ոստիկան, այն ժամանակ չուզեցիք ինձ լսել, երբ ասում էի, որ չգիտեմ՝ ոնց է իմ սենյակում հայտնվել: Իմ դուռն էլ էր փակ, փականն էլ կոտրված չէր:
ՔԱՌՅԱՆ — Հիմա կարո՞ղ եք ասել, ո՞նց է հայտնվել:
ԱՐԱՄ — Դիմացի հարևանուհուն ասել է, որ կարողանում է պատի միջով անցնել:
ՔԱՌՅԱՆ — Էն շատախոս կնո՞ջը…
ԱԼՈՅԱՆ — Էդ հեքիաթը… Ծնողներ ունե՞ք:
ԱՐԱՄ — Ցավոք…
ԱԼՈՅԱՆ — Կներեք: Ուրեմն, այդ հեքիաթը դուք էլ ձեր հերթին այդ կնոջը պատմեք: Ոստիկանությունը հեքիաթներով չի առաջնորդվում, ոստիկանության համար կարևորը փաստն է, իսկ փաստն այն է, որ նրան այս բնակարանից ենք տարել:
ՔԱՌՅԱՆ — Այնպես որ, բարի եղեք հարցերին կոնկրետ պատասխանել: Վերջին անգամ ե՞րբ է այստեղ եղել:
ԱՐԱՄ — Ձեր տանելուց հետո չի երևացել:
ԱԼՈՅԱՆ — Ուզում եմ զգուշացնել, որ հանցագործին թաքցնելը նույնպես հանցագործություն է և քրեորեն դատապարտելի:
ԱՐԱՄ — Ավա՛ղ, ոչնչով օգնել չեմ կարող: Հոգեբուժարանից նրա այդօրինակ անհետանալը նույնպես վկայում է, որ նա իսկապես այլ դարաշրջանից է: Գուցե անհավատալի է, բայց փաստ է, որ նա այնքան էլ մեզ նման չէ:
ԱԼՈՅԱՆ — Հեքիաթներ, էլի հեքիաթներ: Թե ինչո՞ւ են բոլոր հանցագործներն այդքան հեքիաթ սիրում: Սպանում են, թալանում են, բռնաբարում են, երբ պատասխան պիտի տան, սկսում են հեքիաթներ պատմել, թե ինչու են սպանել, թալանել կամ բռնաբարել:
ԱՐԱՄ — Պարոն ոստիկան, պետք չէ ինձ հանցագործի հետ համեմատել:
ԱԼՈՅԱՆ — Կապ չունի: Ընդհանրապես եմ ասում: Հիմա արի ու Երևանի պես միլիոնանոց քաղաքում, այն էլ այս օրերին, երբ քաղաքը լիքն է հյուրերով ու զբոսաշրջիկներով, գտիր դրան: Հոգեբուժարանն էլ մեզ է մեղադրում, որ չենք կարողանում գտնել:
ԱՐԱՄ — Երևի պետք չէ փնտրել: Ասում էր՝ հինգ օրով է վերակենդանացել ու նորից անհետանալու է: Եթե ճիշտ էր ասում, կնշանակի՝ մեկ օրից անհետանալու է:
ՔԱՌՅԱՆ — Ու էլի մի չբացահայտված գործ կախելով վզներիցս…
ԱԼՈՅԱՆ — Ինչ էլ լինի, մեր գործը փնտրելն է: (Ձեռքի պայուսակից թուղթ ու գրիչ է հանում:) Ստորագրեք քաղաքից չբացակայելու մասին: Ծանուցագիր ստանալիս նշված ժամին պարտավոր եք ներկայանալ:
ՔԱՌՅԱՆ — Նրա հայտնվելու դեպքում չմոռանաք ոստիկանությանը տեղյակ պահել:
ԱԼՈՅԱՆ — Ուրիշները տոնում են, ուրախանում… Քառյան, գնանք, գնանք մեր պարտքը կատարենք… (Արամին.) Անհանգստացնելու համար կներեք, գործն է ստիպում:
ԱՐԱՄ — Ի՞նչ կարող եք անել: (Ոստիկաններին ուղեկցում է: Վերադառնալով՝ զանգահարում է:) Նունե՞… Ոստիկաններն էին, Լուսակի ետևից էին եկել: Ստեցի, որ հոգեբուժարանից հետո հայտնվել է: Ոստիկանների գործն էլ մի բան չի: Մեղքս եկան… Մի թեթև ակնարկեցի, որ նրան փնտրելն անիմաստ է, բայց… Նրանց չես մեղադրի, դժվար է ցնորքին հավատալը: Չէ, չեմ մոռացել… Չեմ ուշանա… Կմանրամասնեմ, երբ հանդիպենք: Առայժմ: (Անջատում է հեռախոսը, գնում է խոհանոց:)

ՊԱՏԿԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ
Բեմում՝ մեծ էկրան: Էկրանին Երևանի համայնապատկերն է, այնուհետև ներկայացվում է մայրաքաղաքի տեսարժան վայրերն ու շինությունները: Հնչում են Երևանին նվիրված երգեր: Հաջորդում են Երևանին նվիրված միջոցառումների տեսարանները՝ պատմական դրվագի բեմականացում, համերգներ և թեմատիկ այլ միջոցառումներ: Այնուհետև երևանցիների և զբոսաշրջիկների դեմքերն են՝ կինոժապավենի պես հաջորդաբար: Էկրանի յուրաքանչյուր կադր ընդգծելու է երևանցիների և հյուրերի տոնական տրամադրությունը: Ինչն ինչպես և ինչ տևողությամբ ցուցադրման ընտրությունը թողնված է բեմադրիչի և նկարչի հայեցողությանը, սակայն, եթե այդ ամբողջը կարելի է տարբեր խրոնիկաներից ներկայացնել, ապա հաջորդ նկարահանումները պիտի կազմակերպել: Մասնավորապես, լրագրողների հարցերը երևանցիներին ու հյուրերին՝ ճշտելու նրանց տպավորություններն ու կարծիքները Երևանի մասին, որից հետո կրկին պիտի շարունակվի երևանյան պատկերների ցուցադրությունը: Այս ֆոնին բեմում հայտնվում է Լուսակը, ով զարմացած, ոգևորված ու հիացած նայում է ցուցադրանքին: Քիչ անց հայտնվում է 1-ին լրագրողը, ով տեսնելով Լուսակին, արագ նրան է մոտենում:
1-ԻՆ ԼՐԱԳՐՈՂ — Մի քանի հարցի պատասխանեք, խնդրում եմ: Ձեր հագուստներն ու տեսքը տարբերվում է մյուսներից: Կասեի՞ք՝ ով եք և ում եք կերպավորել:
ԼՈՒՍԱԿ — Լուսակին:
1-ԻՆ ԼՐԱԳՐՈՂ — Այդ անունով պատմական անձ չեմ հիշում, կհուշե՞ք, Լուսակն ով էր:
ԼՈՒՍԱԿ — Էրեբունի բերդաքաղաքի քանդակագործը:
1-ԻՆ ԼՐԱԳՐՈՂ — Հետաքրքիր է, շատ հետաքրքիր է… Իսկ կասեի՞ք, ինչ է քանդակել:
ԼՈՒՍԱԿ — Ոչինչ չի պահպանվել, բացի…
1-ԻՆ ԼՐԱԳՐՈՂ — Հիշեցի՞ք…
ԼՈՒՍԱԿ — Միայն սալաքարն է մնացել, որի վրա փորագրված է՝ երբ և ով է հիմնադրել Էրեբունին:
Բեմի տարբեր կողմերից հայտնվում են ևս երկու լրագրող, Լուսակին տեսնելով՝ շտապում են միանալ 1-ին լրագրողին:
2-ՐԴ ԼՐԱԳՐՈՂ — Ասե՞լ է՝ ով է…
1-ԻՆ ԼՐԱԳՐՈՂ — Ասում է՝ Էրեբունի բերդաքաղաքի քանդակագործն է:
3-ՐԴ ԼՐԱԳՐՈՂ — Ինչ սրամիտ է: Ո՞ր թատրոնի դերասաններից է:
ԼՈՒՍԱԿ — Դերասանն ի՞նչ է:
3-ՐԴ ԼՐԱԳՐՈՂ — Չգիտե՞ք, ձեր մասնագիտությունը ոնց է կոչվում:
2-ՐԴ ԼՐԱԳՐՈՂ — Հավանաբար կատակում է:
3-ՐԴ ԼՐԱԳՐՈՂ — Լրագրող չի՞ տեսել:
ԼՈՒՍԱԿ — Լրագրողն ի՞նչ է:
2-ՐԴ ԼՐԱԳՐՈՂ — Հաստատ ծաղրում է: Լրագրողը…
1-ԻՆ ԼՐԱԳՐՈՂ — Հո չե՞ս բացատրելու՝ ով է լրագրողը:
2-ՐԴ ԼՐԱԳՐՈՂ — Եթե ավելի լուրջ, չե՞ք ասի, ձեր հագուստը ո՞ր շրջանի տարազն է:
ԼՈՒՍԱԿ — Մեր ժամանակ այսպես էին հագնվում:
3-ՐԴ ԼՐԱԳՐՈՂ — Ո՞ր շրջանի մասին եք ասում:
ԼՈՒՍԱԿ — 2800 տարի առաջ:
1-ԻՆ ԼՐԱԳՐՈՂ — Այսինքն…
ԼՈՒՍԱԿ — Երբ մեծն Արգիշտին հիմնադրում էր Էրեբունին:
1-ԻՆ ԼՐԱԳՐՈՂ — Հագուստը թանգարանի՞ց եք վերցրել:
ԼՈՒՍԱԿ — Թանգարանում հագուստ չկա:
2-ՐԴ ԼՐԱԳՐՈՂ — Դո՞ւք եք կարել:
ԼՈՒՍԱԿ — Դերձակ Շողաբերն է կարել:
3-ՐԴ ԼՐԱԳՐՈՂ — Կարո՞ղ եք պատմել Էրեբունիի հիմնադրման մասին:
ԼՈՒՍԱԿ — Այսօրվա Երևանն ավելի սիրուն է: Հրաշք է, անհավատալի, աստվածային… Մեծն արքա Արգիշտին ինչ ոգևորություն կապրեր, տեսնելով իր բերդաքաղաքի այսօրը:
3-ՐԴ ԼՐԱԳՐՈՂ — Կարծես Արգիշտիին տեսել, հետը խոսել եք:
ԼՈՒՍԱԿ — Էդ մեկը ճիշտ է:
3-ՐԴ ԼՐԱԳՐՈՂ — Տեսե՞լ եք:
ԼՈՒՍԱԿ — Մի անգամ թույլ տվեց ձեռքը համբուրել:
1-ԻՆ ԼՐԱԳՐՈՂ — Օհո…
ԼՈՒՍԱԿ — Երբ ցույց տվեցի սեպագրերը:
2-ՐԴ ԼՐԱԳՐՈՂ — Ամեն պատահածի դեր են վստահում:
1-ԻՆ ԼՐԱԳՐՈՂ — Սրան սերիալներում էլ չեմ տեսել: Ո՞ր սերիալում եք խաղացել:
ԼՈՒՍԱԿ — Սերիալն ի՞նչ է:
3-ՐԴ ԼՐԱԳՐՈՂ — Ճիշտ որ մի բան տեղը չի:
2-ՐԴ ԼՐԱԳՐՈՂ — Ասում եք՝ հիանալի է, հասկանալի է, բան չկա՞, որ դուր չի եկել:
ԼՈՒՍԱԿ — Հավատն է քիչ:
2-ՐԴ ԼՐԱԳՐՈՂ — Այնպիսի բաներ եք ասում և ուզում եք՝ հավատա՞ն…
ԼՈՒՍԱԿ — Ճշմարտությանը պիտի հավատալ:
1-ԻՆ ԼՐԱԳՐՈՂ — Վերջին հարցը…
Լուսակի և լրագրողների հակառակ կողմում հայտնվում են Քառյանն ու Ալոյանը: Նրանց ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին են փնտրում: Վերջապես Քառյանը նկատում է լրագրողներով շրջապատված Լուսակին:
ՔԱՌՅԱՆ — (մատով ցույց տալով Լուսակին): Ինքը չի՞…
ԱԼՈՅԱՆ — Ո՞ւր է:
ՔԱՌՅԱՆ — Զգույշ, մինչև մոտենալը մեզ չտեսնի: Լավ թռնող ա երևում:
ԱԼՈՅԱՆ — Հա, ուրիշների համար գիժ, իր համար խելոք բոմժ ա:
ՔԱՌՅԱՆ — Էս անգամ չի պրծնի:
ԱԼՈՅԱՆ — Առուն չթռած հոպ մի ասա:
ՔԱՌՅԱՆ — Մոտենում ենք առանց աղմկելու:
ԱԼՈՅԱՆ — Վատ ա, որ շուրջը լրագրողներ են:
ՔԱՌՅԱՆ — Մյուս կողմից էլ լավ է, որ զբաղեցնում են: Մի տեսակ վազելս չի գալիս:
ԱԼՈՅԱՆ — Եթե ոնց թռնում ա, էդպես էլ վազի…
Լուսակն արդեն նկատել է նրանց: Ձեռքերով լրագրողներին այս ու այն կողմ հրելով փախչում է:
ՔԱՌՅԱՆ — Կանգնիր, քեզ ասում եմ, կանգնիր:
ԱԼՈՅԱՆ — Գոռալով չես բռնի, վազիր:
Երկուսով վազում են Լուսակի ետևից:
ՊԱՏԿԵՐ ՅՈԹԵՐՈՐԴ
Նույն բնակարանը: Արամը խոսում է հեռախոսով:
ԱՐԱՄ — Ձերոնք հո չե՞ն հիասթափվել: Փաստորեն քննության էի, միայն գնահատականս չիմացա: Քո գնահատականն ամենակարևորն է… Ժամը 7-ին է: Տոնական համերգը վատ չի լինում: Կգաս, միասին կգնանք: Կսպասեմ: Նունե… Ասում եմ, դու աշխարհի ամենա-ամենա հարսնացուն ես… Հետոյի մասին չեմ ուզում մտածել: Հետոն միշտ էլ հետո է ու ներկա չի դառնում: (Դուռը թակում են:) Դուռն են թակում: Պայմանավորվեցինք, կսպասեմ: (Գնում է դուռը բացելու:) Համեցեք, տիկին Արուս:
ԱՐՈՒՍ — (Արամի հետ մտնում է սենյակ): Արամ ջան, էն օրը ոնց որ լավ չստացվեց: Չգիտեմ, մեջս ինչ սատանա էր մտել: Իզուր քեզ էլ, էն մարդուն էլ վիրավորեցի: Ախր, ես էդ կինը չեմ: Էսքան տարի հարևաններ ենք, մի անգամ թթու խոսք ասած չկամ…
ԱՐԱՄ — Մոռացիր, տիկին Արուս: Էն օրն էլ թթու բան չես ասել: Կարող է, բառերդ քիչ կծու էին, բայց թթու չէին: Կծուն էլ, ասում են, երբեմն նույնիսկ օգտակար է:
ԱՐՈՒՍ — Չես նեղացել, չէ՞:
ԱՐԱՄ — Նեղանամ, շորերը վրայիցս կընկնեն:
ԱՐՈՒՍ — Ուրեմն չես նեղացել: Եկել էի ներողություն խնդրելու: Հոգիս թեթևացավ… Իմանաս՝ ինչքան եմ ինձ մեղադրել:
ԱՐԱՄ — Դրա կարիքը չկար:
ԱՐՈՒՍ — Էն բոմժը… Թուհ… Ճիշտ է, էլի, որ կուզին միայն գերեզմանը կուղղի: Ուզում էի հարցնել, էն օրվա մարդը քո ի՞նչն էր:
ԱՐԱՄ — Չգիտեմ էլ, ոնց էր հայտնվել… Ոչ ընկեր է, ոչ բարեկամ:
ԱՐՈՒՍ — Բա իմացա՞ր, ինչ եղավ:
ԱՐԱՄ — Էլի վերելակը աղտոտե՞լ է:
ԱՐՈՒՍ — Իզուր աղմուկ-աղաղակ բարձրացրինք: Մարդը շփոթել էր…
ԱՐԱՄ — Տիկին Արո՞ւս… Էս ինչ է փոխվել, որ նրան պաշտպանում ես:
ԱՐՈՒՍ — Չթողեցիր՝ ասեմ: Մի րոպեով իջել էի ներքևի Վարդուշի մոտ, մինչև ետ եկա, քամին դուռը փակել էր, հետս էլ բանալի չէի վերցրել: Թարսի նման գազօջախը միացրած էի թողել: Մի բաժակ սուրճի ջուրը ինչքա՞ն կեռա… Մի երկու րոպե, ու կթափվի: Սուրճը ջհանդամը, կարող էր սրճեփը տաքությունից շիկանար ու պայթեր… Սրճամանն էլ հեչ… Տունս պաժառ ընկներ, ի՞նչ էի անելու… Շշկռվել, մնացել էի… Դուռդ թակեցի, ասի՝ քեզ օգնության կանչեմ: Բայց դուռն էդ մարդը բացեց: Զարմացա, որ ոստիկանությունում չի, դու էլ տանը չէիր: Էդ մարդը…
ԱՐԱՄ — Լուսակ է, էդ մարդու անունը Լուսակ է:
ԱՐՈՒՍ — Տեսավ՝ շատ խառնված եմ, հարցրեց՝ ինչ է եղել: Ասացի՝ դուռս փակվել է, չեմ կարողանում բացել, մեկ էլ անհետացավ: Քիչ անց հայտնվեց ու ասաց, որ դուռը բաց է: Լեղապատառ վազեցի: Սուրճը թափվել ու գազն անջատել էր: Գազի հոտը միանգամից քիթս առավ: Միանգամից լուսամուտները բացեցի: Ուշացնեինք, չգիտեմ՝ ինչ կլիներ… Էդ մարդը, ասացիր՝ անունը Լուսա՞կ է… Լուսակը չլիներ… Ինչից ենք պրծել, Արամ ջան, գազը պայթեր, երևի քո տանն էլ, մի քանիսին էլ վնաս կտար:
ԱՐԱՄ — Իսկապես լավ ենք պրծել:
ԱՐՈՒՍ — Մենակ չհասկացա, ոնց կարողացավ բացել: Րոպե էլ չտևեց:
ԱՐԱՄ — Ինչո՞ւ չհարցրիր:
ԱՐՈՒՍ — Բացատրեց, էլի չհասկացա: Արամ ջան, ուզում ես՝ հավատա, ուզում ես՝ չէ, բայց էդ մարդը…
ԱՐԱՄ — Լուսակը:
ԱՐՈՒՍ — Լուսակը մեր նման չի, տարբերվում է… Ոնց որ շատ է տառապել:
ԱՐԱՄ — Ինքը ասա՞ց…
ԱՐՈՒՍ — Դե գիտես, լավություն էր արել, չէի կարող շրջվել ու հեռանալ: Ծովինարը հարսնացուն է եղել: Բայց ինքը կայծակից մահացել ու չի ամուսնացել: Էլի ասաց, որ Ծովինարին շատ եմ հիշեցնում ու ոնց որ նրա հետ խոսի: Ես էլ ամուսնուս հիշեցի: Արմենակս չէր էլ ծնվել, որ… Ինչ եմ երկարացնում, գիտես, էլի… Սիրտս լցվեց, ու չգիտեմ էլ ինչու, լաց եղա: Ուսերս գրկեց, ուզում էր մխիթարել: Ավելի ուժեղ լաց եղա…
ԱՐԱՄ — Գրկեց՝ գրկեց, հո աշխարհը չքանդվե՞ց:
ԱՐՈՒՍ — Թևերի մեջ կնոջ կարոտ կար…
ԱՐԱՄ — Տիկին Արուս, իզուր էլ լացել ես: Ջահել ես, գեղեցկատես, եռանդով լի: Աչքով անես, տասը տղամարդ կողքիդ կկանգնի:
ԱՐՈՒՍ — Ասում ես, էլի…
ԱՐԱՄ — Կկանգնեն, կկանգնեն…
ԱՐՈՒՍ — Արամ ջան, չծիծաղես, բայց ոնց որ դրան խղճացի ու հավանեցի: Մյուս կողմից էլ սիրտս կախ ա… Որ կայծակից մեռել ա, ո՞նց ա…
ԱՐԱՄ — Չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ: Էնքան բան կա, որոնց ինչ լինելը չգիտենք, բայց չենք նեղվում: Հաշվենք՝ սա դրանցից մեկն է: Ասում էր՝ հինգ օրով է կենդանացել… Կարծում եմ, կենդանի մնալու նրա վերջին օրը լրանալու վրա է:
ԱՐՈՒՍ — Արամ ջան, ճի՞շտ ես ասում…
Խոհանոցի կողմից շնչակտուր հայտնվում է Լուսակը և տեսնելով Արամին ու Արուսին, կանգնում է, փորձում է շնչառությունը կարգավորել:
ԱՐԱՄ — Ի՞նչ է եղել, ինչո՞ւ ես շնչահեղձ…
ԼՈՒՍԱԿ — Ոստիկանները… Ընկել էին ետևիցս, ուզում էին բռնել:
ԱՐՈՒՍ — Դրանց ձեռքն ընկնողը հեշտ չի պրծնի:
ԱՐԱՄ — Բա ի՞նչ ես անելու: Տեսար, այստեղ էլ եկան:
ԼՈՒՍԱԿ — Չեն հասցնի: Եկել եմ հրաժեշտ տալու… Շնորհակալություն, որ օգնեցիք:
ԱՐՈՒՍ — Քո օգնությունն ավելի մեծ էր:
ԼՈՒՍԱԿ — Չհասկացա՝ օրերը ոնց թռան: Ափսոս, կուզենայի էլի մնալ Երևանում:
ԱՐՈՒՍ — Ձեռք ու ոտքդ տեղն է, ուզենաս…
ԼՈՒՍԱԿ — Չեմ կարող: Աստվածներն իրենց խոսքի տերն են:
ԱՐՈՒՍ — Ի՞նչ են իմանալու, մեզանից էնքան հեռու են: Մինչև իմանան…
ԼՈՒՍԱԿ — Մի առակ ասեմ: Թագավորի հրամանով պատրաստվում են մեկին կախաղան հանել: Դահիճը կախվողին թույլ է տալիս իր վերջին խոսքն ասել: Կախվողն էլ, թե. «Աստված ավելի վատից ազատի»: «Կախաղանից վատ ի՞նչ կարող է լինել»- զարմանում է դահիճը: Մեկ էլ հայտնվում է թագավորի սուրհանդակը և ազդարարում է թագավորի հրամանը. «200 մտրակի հարված հասցնել ու նոր կախել»: Աստվածներն ամեն ինչ տեսնում են, ամեն ինչ գիտեն: Միշտ պետք է խուսափել ավելի մեծ պատժից:
ԱՐԱՄ — Դուք զրուցեք, ես սուրճ դնեմ:
ԱՐՈՒՍ — Շաքարը շատ կանես:
ԼՈՒՍԱԿ — Ծովինար…
ԱՐՈՒՍ — Արուսն եմ, բայց ոչինչ, Ծովինար ասա:
ԼՈՒՍԱԿ — Հիշողությանս մեջ Ծովինարն է:
ԱՐՈՒՍ — Ով կհավատար, որ ամուսնուցս հետո քեզանից բաժանվելը ծանր կտանեմ:
ԼՈՒՍԱԿ — Ինձ համար էլ է դժվար բաժանվելը:
ԱՐՈՒՍ — Ուզում եմ հարցնել, միայն ճիշտը կասես:
ԼՈՒՍԱԿ — Չեմ սիրում ստել:
ԱՐՈՒՍ — Եթե ասածդ աստվածը թույլ տար…
ԼՈՒՍԱԿ — Հնարավոր չէ:
ԱՐՈՒՍ — Օրինակի համար եմ ասում… Եթե թույլ տար մնայիր, կուզենայի՞ր հետս ապրել:
ԼՈՒՍԱԿ — Ծովինարի հետ լինելը երանություն է:
ԱՐԱՄ — (ներս է մտնում սկուտեղի վրա սուրճի բաժակներով): Էս էլ տիկին Արուսի պատվերով եռակի քաղցր սուրճը: Համեցեք…
ԱՐՈՒՍ — Արամ ջան, միշտ ասել եմ, որ իմ ամենահյուրասեր հարևանը դու ես:
Թակում են դուռը: Լուսակը, որ պատրաստվում էր սուրճը խմել, թակոցը լսելով սեղանին է դնում բաժակը և լարված հայացքն ուղղում է դռան կողմը:
ԼՈՒՍԱԿ — Ոստիկաններն են:
ԱՐՈՒՍ — Թող փորձեն քեզ դիպչել:
ԱՐԱՄ — Նունեն պիտի գար, երևի ինքն է: (Գնում է, վերադառնում Նունեի հետ:)
ԼՈՒՍԱԿ — Շատ էի ուզում Նունեին էլ հրաժեշտ տալ: Կուզենայի հետներդ երկար մնալ, բայց գնալուս ժամանակն է: Սա իմ վերջին հայտնությունն էր, այնպես որ… Չէի կարծում, որ այսքան դժվար կլինի բաժանվելը: (Մոտենում է Արամին՝ գրկախառնվում է: Մոտենում է Նունեին, վերջին պահին կանգնում, հարցական նայում է Արամին:)
ԱՐԱՄ — Գրկիր, մի քաշվիր:
Լուսակը գրկում է Նունեին, ապա Արուսին:
ԱՐՈՒՍ — (արցունքը սրբելով): Էս երազս էլ կիսատ մնաց:
ԱՐԱՄ — Հիմա ո՞ւր:
ԼՈՒՍԱԿ — Դեպի Արարատ լեռը: Այնտեղ էլ կձուլվեմ Արարատի ձյուներին: Ուղեկցել պետք չէ, այդպես ավելի հեշտ կլինի: Դե, մնաք բարով, աչքի լույսի պես պահեք Երևանը: (Շրջվում, գլխիկոր հեռանում է խոհանոցի ուղղությամբ:)
ԱՐՈՒՍ — (արտասվելով): Դռան տեղն էլ շփոթեց:
ԱՐԱՄ — Չշփոթեց, դռնով միայն ապրողներն են ներս ու դուրս անում:
ԱՐՈՒՍ — Բա ինքն ո՞վ էր:
ԱՐԱՄ — Այդպես էլ չենք իմանա՝ ուրվական էր, տեսիլք, թե ցնորք: Իմիջիայլոց, տիկին Արուս, Նունեի հետ տոնական համերգի ենք գնալու: Կարող ենք միասին գնալ:
ԱՐՈՒՍ — Արամ ջան, չեմ հիշում՝ համերգի երբ եմ եղել: Բայց դու և Նունեն…
ԱՐԱՄ — Ավելի լավ առիթ չի լինի: Մեր գիրկը չես նստելու… Գնա, գնա հագնվիր, միասին դուրս կգանք:
ԱՐՈՒՍ — Ճի՞շտ… Ասում եմ՝ նեղություն չտամ, բայց որ ասում ես… Էլ ո՞ւմ եմ սպասում, արագ հագնվեմ, որ չուշանանք: (Դուրս է գալիս:)
ՆՈՒՆԵ — Բայց…
ԱՐԱՄ — Էս երկու օրը Արուսի ներսում փոփոխություններ են կատարվել: Դրական փոփոխություններ: Ուզում եմ, որ այդ փոփոխությունները շարունակվեն:
ՆՈՒՆԵ — Ինչ լավն ես…
ՊԱՏԿԵՐ ՈՒԹԵՐՈՐԴ
Նույն բնակարանը: Արամը խոսում է հեռախոսով:
ԱՐԱՄ — Նունե, Նունե… Առավոտ շուտ դիմացի այգում ինչ-որ մեկն անընդհատ այդ երգն էր երգում: Չլինի՞ քո սարքածն էր: Լուրջ մի ընդունիր, ուզեցի մի քիչ շփվել հոգուդ, հոգուդ հետ խաղալ: Չէ, ուրիշ բանի համար եմ զանգահարել: Լուսակը նամակ է թողել: Սրճեփի տակ էր, չորս տակ ծալած թուղթը սրճեփի տակից հանեցի: Ե՞րբ է գրել, թուղթն ու գրիչը որտեղի՞ց է գտել… Սեպագիր է, տակն էլ երևի նույն բովանդակությունը՝ մաշտոցյան տառերով: Ընդամենը մի քանի տող: Կկարդամ, կարդում եմ. «Երևանը հրաշք է: Եթե Արգիշտին տեսներ… Երանի, ովքեր կկարողանան երեքհազարամյա Երևանում ապրել»: Անունը չի գրել… Ի՞նչ անենք, որ անունը չկա, մեր տանը հո Արուսը սեպագիր չէր գրելու: Որոշել եմ նամակը ոստիկանությանը հանձնել: Տրտնջում էին, իբր, Լուսակի հաշվով մի չբացահայտված գործ էլ կախված մնաց: Հետն էլ խոստացել եմ, նորություն լինելուն պես, տեղյակ պահել: Գուցե օգնի գործը կարճել: Իրենք գիտեն, իմը տեղյակ պահելն է: Եթե բոլորն ինձ նման լինեն, երեքհազարամյակին քաղաքում չբացահայտված ոչինչ չի լինի… Այնպես որ, մեր անոմալ Լուսակ ընկերոջը բարի հիշիր: Հիմա դուրս գամ՝ չուշանամ: Առայժմ, մանրամասները՝ հետո:
Անջատում է հեռախոսը, «Նունե, Նունե» երգելով դուրս է գալիս:

Կարդացեք նաև