Մարո ՄԱԴՈՅԱՆ-ԱԼԱՋԱՋՅԱՆ / ՎԱՂԸ ՈՒՇ ԿԼԻՆԻ

 

Թատերգություն երեք արարով

(Փոլ Ռուդնիկի «Ես ատում եմ Համլետը» թատերախաղի մոտիվներով)

 

Գործող անձինք

ԷԴՎԻՆ ԱՆԱՆՅԱՆ – դերասան

ՍՅՈՒԶԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ – դերասանուհի

ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ- Գյումրու թատրոնի տնօրեն

ՀԱՄԼԵՏ ԱՐԱՄՅԱՆ – թատրոնի ռեժիսոր Համլետ Արամյանը համեստ արտաքինով, նիհար, գանգրահեր տղա է: Նա երեսուն տարեկան է, սակայն հազիվ քսան տարեկանի տեսք ունի: Ամաչկոտ է ու ժպտերես: Հագել է մի քիչ մաշված սև ջինս և մուգ կապույտ վերնաշապիկ: Ձեռքին գիրք կա: Ներս մտնելիս այն դնում է թևի տակ:

ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ – գուշակ, լրագրող

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ — ուրվական

 

ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐ

ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ

Ժամանակ: Ներկա

Գործողությունների վայր: Գյումրու Կենտրոնական զբոսայգու գլխավոր մուտքից դեպի ձախ, այգու ստորին մասում առանձնացած կանգնած է կիսաքանդ, սակայն  ազդեցիկ մի շինություն, որը տասնամյակներ առաջ եղել է քաղաքի մայր թատրոնի շենքը: Այն դեռևս պահպանում է իր յուրահատուկ հմայքը և հին հռոմեական  ճարտարապետական ոճը: Տպավորիչ է մուտքն իր գեղեցիկ սյունաշարերով, որոնք իրենց վրա են պահում մուտքի կամարը: Մուտքի երկու կողմերում թատերական տոնախմբությունների, արվեստների հովանավոր և մուսաների առաջնորդ աստվածներ Դիոնիսոսի և Ապոլլոնի քանդակներն են, որոնք  թեև կորցրել են նախկին փայլը, սակայն դեռևս պահպանում են իրենց առանձնահատուկ հնամյա շուքը: Տասնամյակներ առաջ շենքն ավիրվել է հրդեհի պատճառով և մինչև օրս էլ չի վերականգնվել: Սակայն այն դեռևս կանգուն է և օգտագործվում է ամենատարբեր նպատակներով: 

Վարագույրը բացվում է հին թատրոնի շենքի դիմաց: Այն գտնվում է Գյումրու Կենտրոնական զբոսայգում, որը քաղաքի բնակիչներն անվանում են Գորկա սադ: Լսվում է փողային նվագախմբի տոնական քայլերգ: Ամառային օրվա երկրորդ կեսը մոտենում է ավարտին, և արդեն սկսում է մթնել: Զբոսայգում, թատրոնի հին շենքի դիմաց կանգնած են Երևանից նոր ժամանած հեռուստատեսային սերիալների աստղ Էդվին Անանյանը և Գյումրու թատրոնի տնօրեն Անահիտ Վարդանյանը: Անահիտը միջին տարիքի կին է՝ մի քիչ գեր, շիկահեր, արագաշարժ և աշխույժ: Նա հագել է ծաղկավոր վարդագույն զգեստ, մուգ նարնջագույն կոշիկներ և բռնել դրանց համապատասխան  փոքրիկ պայուսակ: Զգեստի վրայից էլ գցել է կրեմագույն նուրբ շալ: Էդվինը մոտ 33 տարեկան երիտասարդ է՝ բարձրահասակ, գեղեցկադեմ, ժամանակակից ու նորաձև հագնված: Հագել է ջինսե տաբատ, դեղին պուտիկներով երկնագույն վերնաշապիկ և ջինսե ժակետ: Բռնել է միջին մեծության ճամպրուկ և ուսապարկ է կրում: 

ԱՆԱՀԻՏ — Էդվին ջան, էս էլ մեր թատրոնի հին շենքը: Ճանապարհին հենց այս շենքի մասին էի քեզ պատմում:

ԷԴՎԻՆ —  (հիացած նայում է):  Շա՜տ հետաքրքիր շինություն է,  բայց ափսոս, որ սա ևս չեն վերանորոգել…

Նվագախմբի ձայնն ավելի բարձր է լսվում:

ԷԴՎԻՆ — (նայում է շուրջը):  Էս ի՞նչ նվագախումբ է: Մի՞թե այսօր տոն է:

ԱՆԱՀԻՏ — (ուրախ ժպտում է): Գյումրիում ամեն օր էլ տոն է, Էդվին ջան: Մենք ուրախ մարդիկ ենք… արի, արի ներս մտնենք, ցույց տամ սենյակդ, և քո տրամադրությունն էլ կբարձրանա:

ԷԴՎԻՆ — (վարանում է, ետ-ետ գնում): Ուզում ես ասել, որ ինձ հենց այս շենքո՞ւմ եք  բնակարան տրամադրել: Չեմ կարծում, որ իրար ճիշտ ենք հասկացել: Սա թեպետ  ազդեցիկ, սակայն կիսաքանդ շինություն է: Երևի երկրաշարժից  խարխլվել է, հա՞:  (Սկսում է կմկմալ:) Ինձ ասել էիք, որ կլինեն լավ պայմաններ… այսինքն՝ նորմալ բնակարան, որտեղ հնարավոր է ապրել առանց վախենալու, որ ցանկացած պահի շենքը կարող է փլվել:

ԱՆԱՀԻՏ — (իբր չի լսում):  Ի՜նչ ծրագիր է, ի՜նչ ծրագիր: Չես պատկերացնի, թե ինչքան ոգևորված ենք:

Էդվինին թևանցուկ է անում և հաստատուն քայլերով ուղղվում դեպի թատրոնի շենքի մուտքը: Իսկ Էդվինը քթի տակ փնթփնթալով, ակամա ենթարկվում է նրան:      

ԷԴՎԻՆ —  Չեմ հասկանում, ո՞վ է այս միտքը հղացել. բերել ինձ այստեղ ու տեղավորել մի կիսավեր շենքում:

ԱՆԱՀԻՏ — Այ դա  միտք է՜, ի՜նչ միտք,  ի՜նչ հանճարեղ  գաղափար, ի՜նչ հրաշալի՜ մտահղացում: Պատկերացնելու բան չէ: Դա մի աներևակայելի մտքի թռի՜չք է: Դու ոտքիդ առջևը նայիր, Էդվին ջան, չընկնես: Էստեղ մեծ-մեծ փոսեր կան… չէ՛, մեծը էն խոսքը չէ՝ հսկայական, ահռելի՜  փոսեր: Հա, ինչ էի ասում: Պատկերացնո՞ւմ ես, ինչ է լինելու: Հրա՛շք: Մի չտեսնվա՛ծ ու արտակարգ երևույթ, որը կարող է տեղի ունենալ միայն ու միմիայն այստեղ՝ Գյումրիում:

ԷԴՎԻՆ — Հետաքրքիր է, էդ նույն տաքսին չի՞ կարող ինձ ետ տանել Երևան,  ես…

ԱՆԱՀԻՏ — Ի՜նչ ցնցող երևույթ է լինելու, չես կարող պատկերացնել:

ԷԴՎԻՆ – Ո՞ւմ մտահղացումն էր սա, ես այստեղ ի՞նչ գործ ունեմ, իմ տեղն այնտեղ է… Երևան եմ ուզում գնալ: (Սայթաքում է, քիչ է մնում ընկնի:) Օ՜,  սպասի՛ր, Անահիտ, մի րոպե սպասիր, ոտքս…

ԱՆԱՀԻՏ — Վայ, ի՞նչ եղավ: Ոտքդ ոլորվե՞ց: Բա որ ասում եմ՝ զգո՞ւյշ: Լավ, արի մի րոպե նստենք, մի քիչ թաթդ շարժիր, կանցնի: Այ այդպես: Էդվին ջան, հասկանո՞ւմ ես, Գյումրին մի քաղաք է, որտեղ ուղեղդ միշտ պետք է աշխատի:

ԷԴՎԻՆ — (կաղալով մի քանի քայլ է անում և նյարդայնացած խոսում): Էստեղ նույնիսկ նստելու տեղ չկա, ոչ մի նստարան. ոչինչ չկա:

ԱՆԱՀԻՏ — Կա, բայց մի քիչ հեռու է: Ձեր քաղաքապետին ուղարկեիք, գար Գյումրիում էլ մի քանի նստարան դներ: Դե լավ,  ահա էս տախտակը հարմարեցնեմ՝  նստիր: Հա, էդ էի ասում. էստեղ միշտ պետք է մտածես, թե ո՞նց անես, ոտքդ չոլորվի, ահռելի փոսի մեջ չընկնես, շենքը գլխիդ չփլվի… մի խոսքով: Բայց դա կարևոր չէ: Կարևորը թատրոնն է: Էդվին ջան, պետք է հասկանաս, թե քեզ ինչ է սպասում… Ահա, տե՛ս, ինչ լավ է, արի, ա՛յ, այստեղ նստենք: (Օգնում է Էդվինին, որ նստի տախտակի ծայրին, ինքն էլ հարմարվում է մյուս ծայրին:)  Ո՞նց է, էսպես լա՞վ է: Դե, մի քիչ հանգստացիր, հետո կգնանք: Հիմա մի քանի բան ասեմ, որ տրամադրությունդ լրիվ փոխվի:

ԷԴՎԻՆ — (խոսում է ինքն իր հետ և ընդհանրապես չի լսում Անահիտին): Էս ի՜նչ սխալ բան արեցի: Առանց երկար-բարակ մտածելու վեր կացա ու եկա: Եկա ու ընկա էս փոսի… ը՜մ… էս  փորձանքի մեջ:

ԱՆԱՀԻՏ — (կտրուկ ոտքի է բարձրանում): Փորձա՛նք, փորձա՞նք… էլի՞ փորձանք: Ո՜նց եմ հոգնել: Խնդրում եմ, փորձանքներից չխոսես, հա՞: Թող անցնեն այդ տխուր օրերը: Արդեն հոգնել եմ, զզվել. թե՛ մեծերը, թե՛ փոքրերը անվերջ կռռում են. գուժկանի պես՝ փորձանք, հա՛ փորձանք: Վե՛րջ տվեք: Բացեք ձեր աչքերը, ձեր շուրջը նայեք, տեսեք, ի՜նչ գեղեցիկ է բնությունը, ի՜նչ անուշ է բուրում ամառային օդը, ինչպե՞ս կարելի է չխենթանալ հաճույքից: Բա երիտասարդների ուրախությունը, նվագախումբը… հրա՜շք է, հրա՜շք: Ես քեզ ասում եմ՝ հիմա՛ է ժամանակը, որ զգանք այս ամենը, հիմա՛ է մեր կյանքը վայելելու ժամանակը, ապրելու, արարելու, հիանալու և հիացնելու ժամանակը: Տես, զգա, ապրի՛ր և ապրեցրու, որովհետև… (Մի պահ լրջանում է, հայացքն ուղղում դեպի հեռուները:) Որովհետև վաղը ուշ կլինի…

Նստում է, ու մի պահ երկուսն էլ լուռ են:

ԷԴՎԻՆ — (իր մտքերի հետ է): Չգիտեմ, գուցե դու ճիշտ ես, բայց… ես պետք է  գնամ, տաքսի… Երևան գնացող տաքսին ետ կանչենք, հա՞: (Գրպանից հանում է բջջային հեռախոսը:) Էդ վարորդի համարը կասե՞ս:

ԱՆԱՀԻՏ — Էդվին, արի գնանք ներս, կտեղավորվես, մի քիչ կհանգստանաս ու հավատա, ամեն ինչ լավ կլինի:

ԷԴՎԻՆ — Ձեր գլխավոր ռեժիսորը. ո՞ւր է նա: Ուզում եմ նրա հետ խոսել:

ԱՆԱՀԻՏ — (մի քիչ վիրավորված տոնով): Յա՛, Էդվին ջան, անձամբ ես եմ եկել քեզ դիմավորելու, բա եղա՞վ: Ես եմ թատրոնի ղեկավարը, այսինքն՝ որոշում կայացնողը, իսկ դու՝ գլխավոր ռեժիսոր, գլխավոր ռեժիսոր… Ես որ չլինե՜մ… Սիրելի՛ս, քեզ հրավիրելն ի՛մ որոշումն է եղել: Դու չգիտես, թե որքան դերասաններ կան, որ կերազեին լինել քո փոխարեն, գալ Գյումրի և  թեկուզ մի աննշան դեր ստանալ այս հրաշալի ներկայացման մեջ: Բայց հենց քե՛զ եմ ընտրել այդ բոլոր դերասանների միջից:

ԷԴՎԻՆ — Իսկ ռեժիսո՞րը: Նրա կարծիքը կարևոր չէ՞ր: Ի վերջո, պետք է նրա հետ խոսեմ ու հասկանամ նրա ծրագրի մանրամասները: Թող գա ու բացատրի, թե չէ ինչի՞ նման է սա, հասել եմ այստեղ, ու մի կարգին բան չեք ասում: Մտահղացում եք ասում, ու վե՛րջ…

ԱՆԱՀԻՏ — Մտահղացում ասեմ, թե տաղանդի պոռթկում: Այ, դա իրոք մեր երիտասարդ ռեժիսորինն է: Մարդը գնաց Նյու Յորք՝ եղբոր մոտ և ուրիշների նման փալաս-փուլուս բերելու փոխարեն, բերեց մի հրաշալի մտահղացում: Բայց հիմա դրա ժամանակը չէ: Ամեն ինչի մասին քեզ կտեղեկացնենք: Ես հիմա կարող եմ միայն ասել… լավ, դա էլ մնա հետո: Էդվին ջան, բայց դու շտապելու ի՞նչ ունես: Ես գիտեմ, որ «Անօրենների ճակատագիրը» սերիալն այլևս չի շարունակվելու, և բոլոր դերասանները, ովքեր զբաղված են եղել սերիալում, այժմ անգործ են: Քոնը գլխավոր դերերից մեկը չէ՞ր: Կարծում ես, հե՞շտ է լինելու: Բայց, հավատա, շատ ուրախ եմ քեզ համար: Ինչի՞դ են պետք այդ հիմար սերիալները: Ուրախ եմ նաև, որ տեղափոխվելու ես Գյումրի: Գիտե՞ս, այստեղ քեզ ի՜նչ հրաշալի դերեր են սպասում: Գիտե՞ս, թե քեզի ի՜նչ ապագա կսպասե էստեղ…

ԷԴՎԻՆ — (շփոթված նայում է Անահիտին): Բայց ո՞վ ասաց, որ ես տեղափոխվում եմ Գյումրի, ինչի՞ մասին է խոսքը: «Անօրենների ճակատագիրը» փակվեց, բայց շուտով սկսելու ենք մի նոր սերիալ, թող դա էլ լինի՝ «Օրինական հրեշները»: Չէ, տեղափոխվելու մասին խոսք լինել չի կարող: Եթե առաջարկեք նկարահանվել մի նոր սերիալում, կամ նման մի բան, գուցե որոշեմ կարճ ժամանակով մնալ, իհարկե, ոչ այս քանդված շենքում: Մի խոսքով, ես պարզապես եկել եմ, որպեսզի ծանոթանամ ձեր առաջարկած դերի և պայմանների հետ… նորից եմ ասում՝ շատ կարճ ժամանակով:

ԱՆԱՀԻՏ — Դե լավ, թող լինի քո ասածը՝ ենթադրենք, մնալու ես ընդամենը մի քանի օր: Բայց մի բան լավ իմացիր, Գյումրին… ոնց ասեմ, ունի մի տեսակ ձգողական ուժ, +գալիս են ժամանակավոր, հետո սիրահարվում են ու մնում մշտական: Հետո, ասեմ իմանաս, Գյումրիում մարդիկ արդեն լսել են քո գալու լուրը, ու բոլորն սկսել են խոսել այդ մասին: Չե՜ս պատկերացնե, թե ինչ ոգևորություն է տիրում քաղաքում:

ԷԴՎԻՆ — Դեռ ոչինչ որոշված չէ, ո՞վ է նման լուրեր տարածում…

ԱՆԱՀԻՏ — Չհասկացա, դու էս աշխարհից չե՞ս: Մեզ մոտ ցանկացած լուր տարածվում է կայծակնային արագությամբ: Ա՛յ այսպես… (Ձեռքով ճախրելու նշան է ցույց տալիս:)  Ըբը՛, քո կարծիքով՝ ի՞նչ, պտի չիմանայի՞ն: Թող իմանան, թող ոգևորվեն, որ ներկայացման օրը ասեղ գցելու տեղ չլինի: Մեր ժողովրդին դա օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Թե չէ, ինչի՞ նման է: Ամենալավ հանդիսատեսը լինի Գյումրիում, իսկ որակով  ներկայացումները լինեն անճաշակների համար: Ըբը՛, այ խելոք, բա առանց կարգին հանդիսատեսի կարգին թատրոն կեղնի՞, որ գնացել ու, ես ինչ գիտեմ, թե ում համար կխաղաք: Դրա համար էլ ընկել եք էդ օրը: Կարգին դերասան չունեք, որովհետև կարգին դերասանին կարգին, այսինքն՝ ղայդի՜ն հանդիսատես է պետք: Իսկ էդ ղայդին հանդիսատեսը հենց գյումրեցին է: Քեզի բան կըսեմ, այ մարդ, դու գիրք կարդա, թատրոնի պատմություն սովորիր, կարդա՛, շատ կարդա: Չե՞ս կարդացել, որ թատրոնը սկսվել է հենց էս քաղաքից:

ԷԴՎԻՆ — (զարմացած Անահիտին է նայում): Այսի՞նքն:

ԱՆԱՀԻՏ — Ինըչղ թե՝ այսինքն, ահա, էս շենքը քեզ օրինակ: Քեզի կըսեմ, գիրք կարդա՛, գի՛րք: Երբ օր Գյումրին թատրոն ուներ, էդ ձեր էրեվընցիք ո՞ւր էին: Գիտե՞ս, թե ովքեր են էս թատրոնի բեմի վրա խաղացել:

ԷԴՎԻՆ — Ո՞նց իմանամ: Ես ո՞ւր էի, որ իմանամ: (Քմծիծաղ է տալիս:)

ԱՆԱՀԻՏ — Էդ ի՞նչ է, ընձի ձեռ կառնիս, հա՞:  Մեկ աչքով չնայես: Հենց էստեղից է սկսվել հայ թատրոնը՝ ուղիղ հարյուր հիսուն տարի առաջ: Քեզի գիրք կուտամ, կկարդաս ու կիմանաս: Էստեղ են խաղացել Ցոլակ Ամերիկյանը, Լևոն Զոհրաբյանը, Արմեն Ամիրյանը, Արուս Ասրյանը, Հովհաննես Զարիֆյանը… մեր  բոլոր մեծերը, էլ չեմ ասում՝ Հրաչյա Ներսիսյանն ու Վահրամ Փափազյանը: Իսկ Վարդան Աճեմյանը հենց այստեղ է առաջին անգամ բեմադրել իր անզուգական ներկայացումները:

ԷԴՎԻՆ — Ես գիտեմ հայ թատրոնի պատմությունը… սովորել եմ:

ԱՆԱՀԻՏ – Լո՞ւրջ:

ԷԴՎԻՆ — Շատ լուրջ:

ԱՆԱՀԻՏ — Որտե՞ղ:

ԷԴՎԻՆ — Թատերական ինստիտուտում:

ԱՆԱՀԻՏ — Հա՞: Մեկ էլ էդ թատերական ինստիտուտը: Դե լավ, ինչ եմ ասում, սերիալներում նկարահանվելու համար երևի դա էլ է շատ: Դե որ էդքան լավ ես սովորել, ասա՝ ՛՛Անուշ՛՛ օպերան առաջին անգամ որտե՞ղ են բեմադրել:

ԷԴՎԻՆ — Թատրոնի մասին էինք խոսում:

ԱՆԱՀԻՏ – Չգիտես՝ ասա՝ չգիտեմ: Թե չէ՝ թատրոնի մասին էինք խոսում: Օպերան ինչ է, թատրոն չէ՞: Արտասահմանում հիմա թատրոնի դերասանները նաև լավ երգում են ու պարում:

ԷԴՎԻՆ — Գիտեմ: Բայց մենք Հայաստանում ենք ապրում:

ԱՆԱՀԻՏ — (տեղից  վեր է թռչում ու կտրուկ շարժումներ անում): Հենց հարցը դա է, Էդվին ջան, ո՛չ, ո՛չ, ո՛չ: Վե՛րջ:  Մենք Հայաստանում չե՛նք ապրում:

ԷԴՎԻՆ — (նույնպես ոտքի է բարձրանում և նմանակում Անահիտին):  Այո՛, այո՛, այո՛, մենք հե՛նց Հայաստանում ենք ապրում: Այսինքն, չհասկացա, ի՞նչ ես ուզում ասել. ո՞նց թե Հայաստանում չենք ապրում:

ԱՆԱՀԻՏ — Հմի ես քեզի ի՞նչըղ բացատրեմ: Լսիր, Էդվին ջան, հնարավոր է, որ հմի մենք բոլորս, այսինքն՝ ես ու դու, չէ՛, ինչո՞ւ միայն ես ու դու, մենք բոլորս, ա՛յ, նույնիսկ ներքևում նստածները, նկատի ունեմ հանդիսատեսները, ապրում ենք Հայաստանում, բայց իրականում՝ չէ՛, չէ՛, չէ՛, իրոք, ճիշտ եմ ասում, ինչ ուզում ես ասա, բայց  մենք Հայաստանում չենք ապրում…

ԷԴՎԻՆ — Դու քո ասածից բան հասկացա՞ր:

ԱՆԱՀԻՏ – Ախր, ես քեզ ո՞նց բացատրեմ, որ հասկանաս: (Ջղային շարժումներ է անում, գնում-գալիս է, ձեռքերը բարձրացնում է վերև, իջեցնում է ներքև, ոտքերը խփում է գետնին, երկու ձեռքերով գլուխն ամուր բռնում է և բղավում:) Բա սա Հայաստա՞ն է… բա  քո, իմ, մեր գյումրեցիների, էս երկրում ապրող ազնիվ մարդկանց, այ էս հանդիսատեսի պատկերացրած Հայաստանը սա՞ է:  (Մի պահ լռում է, խորը շունչ է քաշում ու շարունակում:) Կներես, դա պարզապես գեղարվեստական շեղում էր, արի թողնենք էդ թեման. բարդ է: Հիմա խոսքս այն մասին է, որ մենք ունենք թատրոն և ունենք մի լավ ծրագիր, որը կարող է հրաշքներ գործել: Հիմա հարց է՝ ուզո՞ւմ ես, կարո՞ղ ես, պատրա՞ստ ես լինել այդ ամենի մի մասը…

ԷԴՎԻՆ — (աչքերը շլացրած դեռ նայում է Անահիտին):  Էդ ի՜նչ ուժեղ գեղարվեստական շեղում էր: Խորհուրդ կտամ ժամանակակից սերիալներից մեկում ուժերդ փորձես: Կարծում եմ, փայլուն կստացվի:

ԱՆԱՀԻՏ  — (ինքնագոհ): Էդվին ջան, մեր մեջ ասած, շատ եմ երազել դերասան դառնալ, բայց… մի խոսքով, դրա ժամանակն անցել է:

ԷԴՎԻՆ — Ի՞նչ էիր ասում, ի՞նչ ծրագրի մասին էր խոսքը:

ԱՆԱՀԻՏ — Լավ, սպասիր, մի շտապիր, ամեն ինչ իր հերթին, կապրես՝ կտեսնես:

ԷԴՎԻՆ — Չէ, հիմա ասա, ես ժամանակ չունեմ:

ԱՆԱՀԻՏ — Ինչի՞ համար ժամանակ չունես: Ապրելո՞ւ: Այ Էդվին ջան, էդ դու քանի՞ տարեկան ես, որ ապրելու ժամանակ չունիս:

ԷԴՎԻՆ — Երեսուներկու:

ԱՆԱՀԻՏ — Իսկական ժամանակն է:

ԷԴՎԻՆ — Ժամանակ չունենալո՞ւ:

ԱՆԱՀԻՏ — Չէ, էս դերը խաղալու, որի համար էլ եկել ես: Վաղը կգաս թատրոն, կծանոթանաս մեր դերասանների հետ ու ամեն ինչ կիմանաս:  Հետո կհասկանաս, թե խոսքս ինչի մասին է:

ԷԴՎԻՆ — Թատրո՞ն: Բայց ես թատրոնի դերասան չեմ:

ԱՆԱՀԻՏ – Կլինե՛ս:

ԷԴՎԻՆ – Չե՛մ ուզում:

ԱՆԱՀԻՏ – Ոչի՜նչ, կուզես:

ԷԴՎԻՆ — Բայց չե՛մ ուզում, որ ուզեմ:

ԱՆԱՀԻՏ — Այնպես կանենք, որ ուզես, հետո ուզես, որ ուզես ու ընդհանրապես՝ ուզենաս, որ ուզես, որ ուզես… հասկացա՞ր:

ԷԴՎԻՆ — Չէ՛, չհասկացա: Ուզեմ, որ հետո ուզեմ, որ ուզում եք ինձ ուզեցնե՞լ ուզեմ դուք տաք… է՜, ամեն ինչ խառնում ես իրար:

ԱՆԱՀԻՏ — Բայց ի՜նչ համառ տղա ես: Քեզ էդպիսին չգիտեի:

ԷԴՎԻՆ — Բա կարծում էիր՝ ինչպիսի՞ն  եմ: Ճիշտն ասած, դու ինձ ընդհանրապես չգիտես: Միայն տեսել ես սերիալներում, իսկ դա ես չեմ:

ԱՆԱՀԻՏ — Յա՛, ճի՞շտ, ըբը ըդիկ ո՞վ է: Ի՞նչղ թե՝ դու դու չես: Ուրեմն դու դու չե՞ս, ըբը ո՞վ ես: Ըբը քո փոխարեն  ո՞ւմ ենք բերել էս գլխավոր դերի համար:  

ԷԴՎԻՆ — (բարձրաձայն ծիծաղում է): Հա՜-հա՜-հա՜: Վերջը, եկա ընկա գյումրեցիներիդ ձեռքը: Լավ, կատակը մի կողմ: Ինձ չեն ասել՝ թատրոն, ես թատրոնի դերասան չեմ: Ինձ ասել են, որ նոր սերիալ են նկարահանելու: Դրա համար էլ եկել եմ:

ԱՆԱՀԻՏ – Թյուրիմացությո՛ւն:

ԷԴՎԻՆ — Այսի՞նքն:

ԱՆԱՀԻՏ —  Ես դրան ցույց կտամ: Քեզ խաբել է, հա՞:

ԷԴՎԻՆ — Ո՞վ:

ԱՆԱՀԻՏ — Խաբողը:

ԷԴՎԻՆ — Խաբողն ո՞վ է:

ԱՆԱՀԻՏ — Ստի հեղինակը:

ԷԴՎԻՆ — Սուտը հեղինակ ունի՞:

ԱՆԱՀԻՏ — Ըբը չունի՞: Էլ ի՞նչ սուտ, եթե հեղինակ չունենա: Ամեն սուտ ունի իրա հեղինակը: Մեր թատրոնի «Ստի հեղինակը» ներկայացումն էլ ունի իրա հեղինակը՝ ով «Ստի հեղինակ»-ի հեղինակն է:

ԷԴՎԻՆ – Լավ, է՜, չեմ հավատում:

ԱՆԱՀԻՏ — Բայց դու ի՛նչ անհավատ տղա ես: Գոնե մկրտվա՞ծ ես:

ԷԴՎԻՆ — Ոչ:

ԱՆԱՀԻՏ — Քա վա՜յ…

ԷԴՎԻՆ — Ծնողներս կոմունիստ են:

ԱՆԱՀԻՏ — Քա վա՜յ:  Հմի կոմունի՞ստ է մնացել: Լավ, հե՛չ չմտածես, վաղը մեր սիրելի Աջապահյանին կխնդրենք, որ քեզի մկրտե:

ԷԴՎԻՆ — Միևնույն է, մկրտվեմ էլ, նորից  չեմ հավատա:

ԱՆԱՀԻՏ — Բայց դու ի՜նչ անհավատ մարդ ես: Գոնե սիրահարվա՞ծ ես:

ԷԴՎԻՆ — Դա ի՞նչ կապ ունի:

ԱՆԱՀԻՏ — Որ կապ չունենար, չէի հարցնե: Ասա՛, սիրահարվա՞ծ ես:

ԷԴՎԻՆ — Ասենք թե՝ այո, այսինքն՝ ոչ: Երևի… Դե ես ի՞նչ իմանամ, մեկ սիրահարված եմ լինում, մեկ էլ՝ ոչ… չեմ կողմնո…

Այգու մյուս կողմում գտնվող նստարանին նստած Անուշը հեռվից հետևում է նրանց: Հագել է հնամաշ, սակայն կոկիկ ու մաքուր զգեստ, ձեռքին բռնել է մեծ պայուսակ: Տեղից վեր է կենում, արագ մոտենում, Էդվինին ընդհատելով՝ դիմում է Անահիտին:

ԱՆՈՒՇ — Բարև ձեզ, ընկեր Վարդանյան, ինչը՞ղ եք: (Աչքի տակով նայում է Էդվինին, հազալով մաքրում է կոկորդը:)  Գուզեի ըսեմ՝ ո՞նց եք, ընկեր Վարդանյան ջան:

ԱՆԱՀԻՏ — Յա՜, չե՞ս տեսնի, որ զբաղված եմ, Երևանից հյուր ունեմ, գնա գործիդ:

ԱՆՈՒՇ — Կտեսնիմ, ընկեր Անահիտ ջան, բայց… (Կրկին փորձելով գրական խոսել:) Ես հենց դա էլ անում եմ, գուզեմ, այսինքն՝ ուզում եմ էս մեր սիրելի դերասանի հետ ծանոթանամ և բարի գալուստ ըսեմ… ասեմ նրան:

ԱՆԱՀԻՏ — Չհասկացա, ուզում ես ասես՝ ասա, էլ ի՞նչ ես երևակայում, խունջիկ-մունջիկ գալիս:

ԱՆՈՒՇ — Հա, ընկեր Անահիտ ջան, ճիշտ կըսեք, այսինքն, ճիշտ եք ասում, բայց գուզեի, որ նախ դուք ընձի ծանոթացնեք իրա… այսինքն, նրա հետ, դրանից հետո ես անկաշկանդ ասելիքս կըսեմ մեր սիրելի դերասանին: (Էդվինին.) Ասեմ՝ իմանաք, ես ձեր խաղացած սերիալի երկրպագուն եմ, մինչև օրս ոչ մի սերիա բաց չեմ թողել, կհավատա՞ք:

ԱՆԱՀԻՏ — (տեղից վեր կենալով՝ Էդվինին): Արի, արի գնանք, էս կնիկը խելքը թռցրել է: (Անուշին.) Լսիր, անունդ Հռիփսիկ էր, չէ՞:

ԱՆՈՒՇ — (վիրավորված): Ի՜, ընկեր Վարդանյան ջան, ըբը էղա՞վ: Ընձի էդ քյաֆթառի հետ շփոթեցի՞ր: Ես Անուշն եմ: (Էդվինին.) Ձեր անունը Տիգրան էր, չէ՞:

ԷԴՎԻՆ – Դե, տեսնո՞ւմ եք, դուք էլ ինձ շփոթեցիք սերիալում խաղացածս կերպարի հետ: Անունս Էդվին է, ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար:

ԱՆՈՒՇ — Յա՜, ինչղ էլ իմպրտնի անուն ունիս: Է՜դվին… Լավ, Էդվին ջան, ես էլ Անուշն եմ: Գյումրիում ընձի բոլորը գիտեն: Ես էս քաղաքի գուշակն եմ՝ չար աչքերից հեռու պահողը, ճակատագրի հետ ճիշտ գործարքներ անողը և հոգիներ կանչողը: Բայց իմացիր, մեռնիմ՝ թուղթուգիր չեմ անի: Ո՛չ մի դեպքում: Այսինքն՝ երբե՛ք: Այ, էն քյաֆթառն է դրա վարպետը: Թաղե՛մ դրա գլուխը: Էդվին ջան, հանկարծ դրա հետ գործ չունենաս: Դա որ թուղթուգիր արեց, վե՛րջ, էլ փրկություն չկա: Դու ընձի կանչե, ընձի՛: Տես, թե ի՛նչ ընտիր բախտ կբացեմ քո համար…

ԱՆԱՀԻՏ — Աղջիկ ջան, հերիք է լեզվիդ տաս: Հմի դու էիր պակաս: Սպասիր, մի կողմ քաշվիր, քանի որ էս պահին Էդվինի ճակատագրով զբաղվողը ես եմ:

ԱՆՈՒՇ — Է հա՜, ընկեր Վարդանյան ջան, ո՞վ բան ըսավ: Դե թող ես էլ քու բախտդ բացեմ, որ իմանանք՝ Էդվինը մեր քաղաքում ի՛նչ բախտի պտի արժանանա: Արի իրար չխանգարենք՝ դու քո գործն էրա, ես էլ՝ իմը:

ԷԴՎԻՆ — (զարմացած նայում է մեկ Անահիտին, մեկ՝ Անուշին): Իմ կարծիքը հարցնող չկա՞: Ես ուզում եմ տուն վերադառնալ: Տաքսիիիիի՜:

Լսվում է փողային նվագախմբի տոնական քայլերգի ձայնը, այն աստիճանաբար այնքան է բարձրանում, որ մեկը մյուսի ասածը չի լսում, սկսում են ժեստերով խոսել,  իրար չեն հասկանում: Անահիտը Էդվինին փորձում է տանել ներս, միաժամանակ Անուշին հասկացնելով, որ հեռանա: Էդվինն բռնել է Անուշի թևից ու փորձում է նրան իր հետ ներս տանել: Ի վերջո Անահիտին հաջողվում է Էդվինին բաժանել Անուշից, ներս մտնել և դուռը կողպել: Անուշը մնում է դռան դիմաց կանգնած:

ԱՆՈՒՇ — Ի՜նչ լաչառ կնիկ ես, ընկեր Անահիտ ջան: Տա՜ր, տա՜ր քու դերասանիդ, հանկարծ չուտենք: (Վերադառնում, նստում է նախկին տեղը:)

 

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

Ժամանակ: Քիչ անց:

Գործողության վայր: Շենքի ներսում գտնվող սենյակ՝ խարխուլ, բարձիթողի, կահավորված պատահական իրերով: Անկյունում՝ փոքրիկ մահճակալ, կենտրոնում՝ սուրճի սեղան, մի քանի աթոռ: Լայն պատուհանը բացվում է դեպի այգի: Պատուհանի կողքին՝ հնաոճ բազկաթոռ: Ներս են մտնում Անահիտը և Էդվինը:

Կատարյալ մթություն է: Անահիտը փորձում է պատերը շոշափելով գտնել լույսի կոճակը:

ԱՆԱՀԻՏ — Էդվին ջան, մոտդ լուցկի կա՞:

ԷԴՎԻՆ — Ոչ, ծխող չեմ, ինչո՞ւ:

ԱՆԱՀԻՏ — Վա՜յ, ինչ էլ ֆահմով տղա ես, իսկ զաժիգալկա՞:

ԷԴՎԻՆ — Ա՛յ քեզ բա՜ն:

ԱՆԱՀԻՏ — (գրպանից հանում է կրակվառիչը, վառում: Գտնում է լույսի կոճակը՝ սենյակը լուսավորվում է): Սովորություն է, մինչև նեղը չընկնեմ՝ չեմ հիշի, որ գրպանումս զաժիգալկա ունեմ: Էդվին ջան, ահա, սա էլ քո բնակարանը: Տե՛ս, ինչ լավն է, չէ՞, հրա՜շք: Ես քեզ ասում եմ, յուրաքանչյուր դերասան կերազեր գալ Գյումրի և ապրել մեր ժողովրդի թատերական կյանքի վերելքի սկիզբն ու  կենսագրությունն իր պատերի մեջ ամփոփող այս կոթողում: Եթե ուզում ես ճիշտն իմանալ, հաստատ դու ծնվել ես  բախտավոր աստղի տակ: Այ, դա հետո կհասկանաս:

ԷԴՎԻՆ — Անչափ երախտապարտ եմ, բայց ես այստեղ չեմ մնա: Շատ ուշագրավ ու տպավորիչ շինություն է, ունի շատ հետաքրքիր պատմական անցյալ: Գուցե  դա նաև ռոմանտիկ է: Կարելի է գալ ու շրջել որպես տուրիստ, ծանոթանալ այս և մյուս հին շինությունների պատմությանը, սակայն բնակվելու համար, կներեք, գերադասում եմ ժամանակակից, նորակառույց  շենք:

ԱՆԱՀԻՏ — Էդվին ջան, բայց հավատա, թատրոնի մյուս շենքն էլ շատ նոր չէ: Եվ հետո, այնտեղ հաստատ չենք կարող քեզ սենյակ հատկացնել:

ԷԴՎԻՆ — Չհասկացա, էս քաղաքում մարդկանց միայն թատրոնի շենքերում եք բնակարան հատկացնո՞ւմ:

ԱՆԱՀԻՏ — Իհարկե  ո՛չ: Մարդկանց՝  չէ՛, միայն դերասաններին… և… հասկացի՛ր, դերասանը պետք է ապրի թատրոնում:

ԷԴՎԻՆ – Կարծեցի՝ դերասանն էլ է մարդ, թե՞ դուք այլ կարծիքի եք:

ԱՆԱՀԻՏ — Այ քեզ բա՜ն: Իհարկե, այլ կարծիքի եմ: Լավ, այսպես ասեմ՝ դերասանը սովորական մարդ չէ, այլ մի հրաշագործ էակ, ով բեմի վրա ապրելով սեր, հույզ, սրտի դող, սպասում ու երազանք, մարդկանց հոգիների վրայից  մաքրում է առօրյա հոգսաշատ օրերի անդուր նստվածքը: Դերասանը, ես քեզ ասում եմ, իրոք պետք է ապրի՜ թատրոնում: Դե, իհարկե, դերասանին վայել բնակվելու տեղ կարող էր լինել նաև գրադարանի շենքը, բայց այնտեղ արդեն մի քանի ընտանիք է ապրում: Էդվին ջան, հավատա, այստեղ քեզ համար հիանալի պայմաններ կան: Տե՛ս, հրաշալի կահավորված սենյակ՝ սեղան, աթոռներ, բազմոց, մահճակալ: Նույնիսկ կա Վահրամ Փափազյանի նկարը՝ Օթելլոյի կերպարով: Սա կարող է ոգևորել  ցանկացած դերասանի:

ԷԴՎԻՆ — Իսկ որտե՞ղ է սանհանգույցը:

ԱՆԱՀԻՏ — Այ, զուգարանի հարցը… այն, այսպես ասած, ընդհանուր է: Հա՛, նաև չմոռանաս հետդ լուցկի կամ կրակվառիչ վերցնել: Իսկ եթե երկար գործով ես գնում, ավելի լավ է մոմ վերցնես, քանի որ դեռ լույս չեն քաշել:

ԷԴՎԻՆ – Տե՜ր Աստված:

ԱՆԱՀԻՏ — Ջա՜ն: Տեսա՞ր, ինչ լավ է, դեռ մի ժամ էլ չկա, որ Գյումրիում ես, արդեն սկսեցիր Աստծուն հավատալ…

ԷԴՎԻՆ — Շենքում ուրիշ բնակիչներ կա՞ն:

ԱՆԱՀԻՏ  – Իհա՛րկե: Նոր ներկայացման բոլոր մասնակիցներն այստեղ են բնակվելու, գոնե մինչև առաջնախաղը:

ԷԴՎԻՆ — Բոլորն էլ Երևանի՞ց են:

ԱՆԱՀԻՏ — Վա՛յ, ինչ զարմանալի տղա ես: Ուրեմն, քո կարծիքով, Գյումրիում դերասան չկա՞: Մենք կարիք չունենք Երևանից դերասան բերելու, ճի՛շտ հակառակը: Բա դու չգիտե՞ս, որ բոլոր շնորհալի դերասանները… և ոչ միայն դերասանները, բոլոր շնորհալիները  գյումրեցի են:

ԷԴՎԻՆ — (խեթ նայում է Անահիտին): Էլի՛ սկսեցիք գլուխ գովալ: Այդ հարցում հաստատ մրցակից չունեք: Իսկ եթե բոլոր դերասանները Գյումրիից են, ինչո՞ւ են այստեղ բնակվում, տուն չունե՞ն:

ԱՆԱՀԻՏ — Բա ասածս ի՞նչ էր: Սա մի աննախադեպ ձեռնարկ է: Մեր դերասաններն ապրելու են այս յուրօրինակ թատերական միջավայրում, որպեսզի դերի մեջ մտնելը լինի հնարավորին չափ հեշտ ու բնական: Արդյունքում ստացվելու է նախադեպը չունեցող հրաշալի ներկայացում:

Միջանցքից լսվում են ուրախ խոսակցության և ծիծաղի ձայներ: Դուռը թակում են:

ԱՆԱՀԻՏ – Լսո՞ւմ ես, երևի քո հարևաններն են: (Դուռը բացում է և ուրախ բացականչում:) Ահա և մեր սիրելի Համլետը: Արի, Համլետ ջան, ես ու Էդվինն էլ հենց քո մասին էինք խոսում:

ԷԴՎԻՆ — Համլե՞տ:

ԱՆԱՀԻՏ — Այո՛, Համլետ Արամյան՝ մեր թատրոնի ամենաերիտասարդ ու խոստումնալից ռեժիսորը: Համլետ ջան, Էդվին Անանյանն է, այսինքն հենց ինքը՝ մեր Համլետը:

ԷԴՎԻՆ — Համլե՞տը:

ՀԱՄԼԵՏ — (հագին քիչ մաշված սև ջինս է և մուգ կապույտ վերնաշապիկ: Ձեռքին՝ գիրք: Ներս մտնելիս այն դնում է թևի տակ: Մոտենում, ամուր սեղմում Էդվինի ձեռքը): Բարի գալուստ հայրաքաղաք: Անչափ  ուրախ եմ:

ԷԴՎԻՆ — Ես էլ եմ ուրախ, բարեկամ, բայց դեռ չգիտեմ՝ ինչի համար: Գուցե բացատրե՞ք:

Էդվինի բջջայինի հեռախոսազանգ: Ներողություն է խնդրում, գնում սենյակի խորքը:

ԱՆԱՀԻՏ — (նստում է, խորը հոգոցով): Օ՜ֆ, Համլետ ջան, ոչ մի բան չի ստացվում, էս Էդվինը շատ համառ տղա է, հոգիս կերավ:

ՀԱՄԼԵՏ(նստում, գիրքը դնում է սեղանի վրա): Ինչպե՞ս թե՝ չի ստացվում: Պետք է ամեն ինչ անենք, որ համաձայնվի: Հասկանո՞ւմ եք, տիկին Անահիտ, ես այս դերում բացի Էդվինից ուրիշ ոչ մեկի չեմ պատկերացնում: Տեսեք, քաղաքում ի՛նչ ուրախ տրամադրություն է տիրում: Եվ այս ամենի պատճառն առաջիկա ներկայացումն է: (Մոտենում, բացում է պատուհանը՝ նվագախմբի և ամբոխի ուրախ ձայներ:) Լսո՞ւմ եք: Լավ կանեք՝ դուրս գաք և տեսնեք, թե ի՜նչ ոգևորություն է, մեր դերասաններն այնտեղ՝ այգու կենտրոնում դրված բեմի վրա արտասանում են, երգում, ժողովրդին պատմում, թե ի՜նչ հրաշալի, բացօթյա և անվճար ներկայացումներ կարող են դիտել Գորկա սադում: Ես այնտեղ էի, նրանց կողքին և սպասում էի, որ Էդվինի հետ մոտենաք ու ձեր ներկայությամբ ավելի ոգևորեք մարդկանց:

ԱՆԱՀԻՏ — Համլետ ջան, Գորկա սադ չէ՝ Կենտրոնական զբոսայգի:

ՀԱՄԼԵՏ  — Տիկին Անահիտ, Կենտրոնականը մի տեսակ ընդհանուր, ոչինչ չասող բառ է, որը չի արտահայտում այս այգու իմաստը: Իսկ երբ ասում ես՝ Գորկա, բոլորովին այլ հնչողություն է ստանում: Այս բառի մեջ կա սեր, հիշողություն… կոլորի՛տ: Որոշել ենք մեր պաստառների վրա ևս օգտագործել հենց այդ անունը:

ԱՆԱՀԻՏ — Հա՞…

ՀԱՄԼԵՏ  – Անշո՛ւշտ: Հայտարարությունը կսկսվի այսպես՝ Շեքսպիրը Գորկա սադում: Նախատեսվում է, որ հունիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը կլինեն բացօթյա ներկայացումներ: «Համլետ»-ի առաջնախաղը տեղի կունենա թատերաշրջանի բացման օրը՝ հունիսի 10-ին: Լինելու են բազմաթիվ անակնկալներ: Հետո առանձին հայտարարությամբ կտեղեկացնենք, թե ինչ հայտնի դերասաններ են ընդգրկված: Պաստառի վրա կլինի Համլետի դերակատար, սիրված ու ճանաչված դերասան Էդվին Անանյանի նկարը…

ԷԴՎԻՆ — (ավարտելով խոսակցությունը՝ լսում է Համլետի վերջին բառերը):  Համլե՞տ. բայց Համլետ, ի՞նչ Համլետի մասին ես խոսում: Ասացիր՝ Համլե՞տ. Համլետ, բայց ես ի՞նչ կապ ունեմ Համլետի հետ, Համլե՛տ ջան:

ԱՆԱՀԻՏ — Ինչպե՞ս թե, չգիտե՞ս, որ դու Համլետն ես:

ՀԱՄԼԵՏ — Էդվին, դու ծնվել ես Համլետի համար: Եթե այս ներկայացումը դրա վառ ապացույցը չլինի, ապա ես ինձ ռեժիսոր չեմ համարի:

ԷԴՎԻՆ — Բայց ես չե՛մ ուզում:

ՀԱՄԼԵՏ — Էդպիսի դերասան չկա, որ չերազի լինել Համլետ:

ԷԴՎԻՆ — Ես… ես եմ այդ դերասանը: Ես չեմ ուզում, որովհետև… չեմ ուզում:

ԱՆԱՀԻՏ — Հա՜, տես, է՛, նույնիսկ կա «որովհետև»: Ի՞նչ որովհետև, կարելի՞ է նման անհեթեթությունը բացատրել:

ԷԴՎԻՆ — (հուզված): Այո, կարելի է, որովհետև ես… հասկանո՞ւմ եք, ես… ես ատո՛ւմ եմ «Համլետը»…

Դրսի աղմուկը սաստկանում է: Էդվինը, Համլետն ու Անահիտը գրեթե բղավում են, բայց միմյանց չեն լսում: 

Անահիտի ասածից միայն լսվում է՝ «…ըդիկ էս քաղաքում ըսելու բան չէր…»: Հետո՝  ինչ-որ բաներ, ու՝ «Գյումրիում մենք բոլորս ենք Համլետ…»: Էդվինի ասածից միայն լսվում է՝ «Ա՛յ քեզ քաղաք… Ձեր կարծիքով, երևի Շեքսպիրը գյումրեցի է, հա՞»: Համլետը ձեռք ու ոտքով է խոսում, բղավում է, բայց մի քանի բառ է հասկացվում՝ «Հա՛, եղբայր, հենց էդպես, իմ անունը Համլետ է, քրոջս անունը՝ Ջուլիետ, մորս անունն էլ՝ Օֆելիա… պապերս, ապուպապերս, նրանց ապուպապերը Շեքսպիրի սիրահարներ են եղել, ապրել ու շնչել են նրանով»: Անահիտն է՛լ ավելի բարձր է բղավում՝ «Հա՛, մինչև հիմա ամբողջ աշխարհը ցանկանում է պարզել Շեքսպիրի ինքնությունը: Բայց ասա, մեկի մտքով անցե՞լ է գալ, էս կողմերում փնտրել նրա արմատները: Վայթե քիչըմ փորեն, կրնան պարզել, որ իրականում Շեքսպիրը գյումրեցի է»…

Թնդյուն է լսվում: Բեմի լույսերն անջատվում են:

ԷԴՎԻՆ — Էս ի՞նչ բան էր, ինչո՞ւ մթնեց:

ԱՆԱՀԻՏ — Քո պատճառով եղավ… էնպես բան ասիր…

ԷԴՎԻՆ — Ի՞նչ ասի:

ՀԱՄԼԵՏ — Ասիր՝ ես ատում եմ «Համլետը»:

Ավելի ուժեղ թնդյուն, անջատվում են դահլիճի լույսերը:

ԱՆԱՀԻՏ — Էդ խոսքդ հայհոյանքից վատ էր, մեկ էլ չկրկնե՛ս: Ոչ մեկիդ բերանից էդ խոսքը չլսեմ, իմացա՞ք:

ԷԴՎԻՆ — Ո՞ր խոսքը, ա՞յն,  որ ես ատում եմ «Համլե՞տը»:

Թնդյուն և լույսերի խաղ: Բոլորը մի պահ լռում են:

ՀԱՄԼԵՏ — Երևի նորից ռուսական ռազմաբազան է. զորավարժություններ են անում…

ԱՆԱՀԻՏ – Սո՛ւս… հանգիստ մնացեք: Ի՞նչ եք վախեցած չորս կողմ նայում, ի՞նչ  զորավարժություն, ի՞նչ բան… Չե՞ք տեսնում, առաջին արարի ավարտն է:

Երեքը միասին դուրս են գալիս:

 

ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐ

ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ

Ժամանակ: Հաջորդ օրը երեկոյան:

Գործողության վայր: Թատրոնի շենքում գտնվող նույն սենյակը:

Մութ է: Էդվինը դուռը բացում է, բջջայիը ականջին՝ խոսելով ներս է մտնում:

ԷԴՎԻՆ — (գրպաններն է ստուգում): Ո՞ւր դրեցի Անահիտի կրակվառիչը… Չէ, Սյուզի ջան, ինձ մոտ ոչ ոք չկա: Անահիտը… մի րոպե… Անահիտը… բա չե՞մ ասել, որ թատրոնի տնօրենն է: Ո՞նց թե՝ սուտ եմ ասում: Էլի սկսեցի՞ր խանդի տեսարաններդ… Այ քեզ բան, քիչ առաջ գրպանումս էր, ի՞նչ եղավ այդ անիծյալ կրակվառիչը: Լսիր, Սյուզի, մի րոպե հանգստացիր, հա՞: Հիմա գլուխս խառն է, որովհետև… այ, մի րոպե, կարծես ժակետիս գրպանում է… չէ, այստեղ էլ չկա… թո՛ւ: Լավ, ասա տեսնեմ, ի՞նչ ես ասում: (Նստում է աթոռին:) Լավ, հանգստացիր… դե, եթե չես հավատում, արի և քո աչքով տես, որ մենակ եմ: Ինձ ոչ ոք հետաքրքիր չէ: Հոգնած եմ,  մելոդրամայի հավես էլ չունեմ: Ասացի ՝այո, և ի՞նչ… քո կարծիքով, էլ ուրիշ բան չմնա՞ց, հիմա էլ պետք է քեզ սիրո խոստովանություն անե՞մ: Սյո՛ւզի: Օ՜ֆ, դե վե՛րջ տուր, լսի՛ր, ես ընդհանրապես չեմ սիրում… նորի՞ց  սխալ հասկացար: Քեզ ասում եմ՝ չեմ սիրում ասել՝ սիրում եմ քեզ: Ասելով չէ: Լսեցի՞ր, ինչ ասացի: Ասացի՝ վե՛րջ տուր, էլ  չշարունակես: Ես քեզ կարևոր բան պիտի ասեմ, լսո՞ւմ ես: Հա, ուրեմն վաղը կգնաս ստուդիա և այդ ինքնագոհ  նորելուկ ռեժիսորին կասես, հա՛, հենց դրան, կասես, որ ես իր խաղալիքը չեմ…  հենց էդպես էլ ասա: Մինչև աշխատավարձս չբարձրացնի, չեմ վերադառնա: Ի՞նչ… ո՛չ, ո՛չ մի դեպքում չասես, թե որտեղ եմ: Միայն ասա, որ շատ հեղինակավոր ու… ու շատ բարձր վարձատրող ստուդիայից հրավեր եմ ստացել… Դե չէ, Գյումրու անունը մի տուր, միայն ասա՝ ինչ-որ ստուդիայից է, այո՛, որը Երևանից դուրս նկարահանումներ է կատարելու: Ասա՝ նկարահանող խումբն արտերկրից է: Ասա, որ գնացել եմ հանդիպելու նկարահանող խմբի ղեկավարի հետ և պիտի պայմանագիր կնքեմ: Ո՛չ, իհարկե այստեղ չեմ մնալու, դե իհարկե, դա մեր մեջ: Բայց ուզում եմ, դրանց քիթը գետնին քսվի և հասկանան, թե ինչպես պետք է վարվել ինձ նման դերասանի հետ: Տարիներ շարունակ ի՜նչ դերեր եմ խաղացել սերիալներում,  ի՜նչ անզուգական կերպարներ եմ ստեղծել, ոչ մի արժեք…. հա, էդ եմ ասում՝  ժողովուրդը պարզապես գժվում է ինձ համար: Ուր գնում եմ, ճանաչում են ինձ և բջջայինները հանած խնդրում են, որ հետս նկարվեն: Հենց էդ եմ ասում, էլի: Ինձ  որևէ պարգևի չեն արժանացրել, նույնիսկ մի հասարակ վաստակավորի կոչման, էլ չեմ խոսում ընտիր բնակարանի մասին: Հետո էլ ասում ես: Բա էսպես կլինի՞: Հիմա էլ փակեցին ամենասիրված սերիալը: Դե բավակա՛ն է լեզվիդ տաս: Ախր, ես ո՞նց ամուսնանամ, ես չեմ կարող այդ ողորմելի աշխատավարձով ընտանիք պահել: Իսկ դու կամուսնանա՞ս աղքատ դերասանի հետ… դե, ես դա գիտեմ, հասկանում եմ, բայց ես ինձ թույլ չեմ տա: Ի՞նչ, այդ նոր սերիալում միասի՞ն ենք խաղալու: Գումարը… ճի՞շտ ես ասում: Չեմ հավատում, իրո՞ք քառապատկել են: Ա՛յ, դա հրաշալի է: Դե, հավանաբար վաղը, կամ ավելի լավ է, մի քանի օր սպասեմ, գուցե… ի՞նչ ես կարծում, մեկ էլ տեսար՝ միանգամից հարստացանք: Դե, այստեղ, Սյուզի ջան, կարծես մի տեսակ ժամանակից ետ են մնացել… Հա՜, պատկերացնո՞ւմ ես, դեռ ապրում են երազելով. խեղճ, անուղղելի արվեստի սիրահարներ: Սրանք կարծես ուղտի ականջում քնած լինեն, նույնիսկ չեն հասկանում, որ մենք չենք ուզում որևէ կապ ունենալ թատրոնի, Շեքսպիրի հետ: Սյուզի ջան, սա քսանմեկերորդ դարն է, ի՞նչ Շեքսպիր, ի՞նչ Համլետ: Մենք որ  այս երկրի աստղերն ենք, շոուբիզնեսի փայլուն դեմքերը, ինչպե՞ս կարող ենք թողնել ամեն ինչ ու գնալ ետ՝ դեպի այդ հնացած ավանդույթները: Այո, մեզ համար այդ ամենը հին է ու տաղտկալի: Իսկ այստեղ մարդիկ կառչած են այդ հին արժեքներին. զարմանալի է, նրանք խոսում են  Նյու Յորքի Սենթրալ Փարքի, հազար ութ հարյուր տեղանոց Դելաքորթ բացօթյա թատրոնի մասին, որտեղ ամառային սեզոնին տեղի են ունենում անվճար ներկայացումներ… Ուզում են այդ նույնն անել Գյումրիում, պատկերացնո՞ւմ ես:  Եվ հետաքրքիրն ի՞նչ է, խաղում են բացառապես Շեքսպիր: Ահա այս ռոմանտիզմով են տառապում և ինձ էլ հրավիրել են, որ խաղամ ոչ ավել, ոչ պակաս՝ Համլետ: Պատկերացնո՞ւմ ես: Ի՞նչ… ինչո՞ւ հանկարծ լռեցիր: Չէ… ի՞նչ ես խոսում, չէ՛, չգաս: Ո՛չ, Օֆելիայի դերակատար արդեն ունեն: Անիմաստ է… էլի սկսեցի՞ր վայնասուն բարձրացնել: Ո՛չ, ես չեմ միջնորդի: Լսիր, ուշքի արի, հա՞: Գժվե՞լ ես, ինչ է: Դե, գիտե՞ս ինչ, քեզ այնպես ես  պահում, որ միանգամայն անհնար է դառնում խոսք հասկացնելը… լավ, ես այստեղ լուրջ պրոբլեմ ունեմ: Ի՞նչը՝ ինչ, մեկ ժամ է՝ նստել եմ մթության մեջ: Ասացի՝ վաղը, վա՛ղը կխոսենք: Առա՛յժմ: (Հեռախոսն անջատում է, ձեռքը տանում շալվարի գրպանը:) Ահա՛… (Կրակվառիչը հանում է, նորից գրպաններն է ստուգում:) Ա՛յ քեզ բա՜ն… (Լույսը վառում, նստում է: Բազկաթոռին կին է նստած, Էդվինը նրան չի նկատում, սեղանի վրա տեսնում է գիրքը:) Օ՜, Համլետի գիրքն է, մոռացավ, թողեց այստեղ: (Կարդում է:)  Վահրամ Փափազյան, «Հետադարձ հայացք»:

Խորասուզվում է ընթերցանության մեջ: Գիրքը նրան շատ է դուր գալիս: Մի քանի րոպե բարձրաձայն ընթերցում է: Կինը թեթև հազում է: Էդվինը ցնցվում է, նայում է շուրջը, կրկին կարդում: Կինն ավելի ուժեղ է հազում, Էդվինը վեր է թռչում, կինը բարձրանում է  տեղից:

ԷԴՎԻՆ — Անո՞ւշ… Ի՞նչ գործ ունես այստեղ: Քեզ ո՞վ թույլ տվեց… Լսիր, հո դու ուրվական չե՞ս… մթության մեջ էլ նստել է ու ձայն չի հանում…

ԱՆՈՒՇ — Հա՛, ինչ կուզես ասա, բայց ես գիտեմ, օր քեզի պետք եմ: Ա՛յ, դրա համար էլ եկել եմ: Էդ աղջկա սիրտը պետք չէր կոտրել, Էդվին ջան: Քեզի պետք է, օր մեկը լուրջ օգնություն ցույց տա: Դու մոլորված ես, լրիվ ընկել ես մոլորության մեջ, հասկցա՞ր:

ԷԴՎԻՆ — Որտեղի՞ց իմացար: Ես բոլորովին էլ մոլորության մեջ չեմ: Իմ անձնական գործերին էլ, խնդրում եմ, չխառնվես:

ԱՆՈՒՇ — Օղորմածիկ հերս լավ խոսքըմ ուներ: Բայց հմի ըդիկ կարևոր չէ: Տե՛ս, էսօր շատ բացառիկ օր է:

ԷԴՎԻՆ — Ի՞նչ իմաստով է բացառիկ:

ԱՆՈՒՇ — Համոզված եմ, որ սա այն օրերից է, երբ տեղի են ունենում արտասովոր բաներ: Ես դա զգացի, երբ կեսօրին հայտնվեց իմաստուն ոգիներից մեկն ու հետս խոսեց:

ԷԴՎԻՆ — (քմծիծաղ է տալիս): Հա՛, ես էլ հավատացի, որ դու ոգիների հետ ես խոսում:

ԱՆՈՒՇ — Դե՛ հմի, քո գործն է, չես ուզե՝ մի հավատա: Բայց ասեմ՝ իմանաս, օրինակ, եթե ես օղորմածիկ հորս ոգու հետ չխոսայի, շատ փորձանքների մեջ ընկած կեղնեի: Ինքը միշտ ընձի կզգուշացնե: Մե անգամ մեկին թուղթուգիր արի, հորս ոգին էկավ…. ա՛յ, հենց էսպես կանգնավ դեմս, ճիշտ որտեղ հիմա դու ես կանգնած, ու նայեց ուղի՛ղ աչքերիս մեջ: Էդվին ջան, էն խաչը վկա, ոտքերս թուլացան, քիչ մնաց կանգնածս տեղը չորանայի: Էդ ի՛նչ բերեց գլուխս, ի՜նչ բերեց, չես կռնա պատկերացնել:

ԷԴՎԻՆ — Թուղթուգի՞ր, բա չասացի՞ր, որ թուղթուգիր չես անում:

ԱՆՈՒՇ — Հենց էդ էր ասածս, էլի… Էդ մի անգամն եմ արել, ու վե՛րջ: Ում վրա էլ որ արել էի, տեղն ու տեղը ինսուլտ ստացավ ու մեռավ:

ԷԴՎԻՆ — Իրո՞ք:

ԱՆՈՒՇ — (խաչակնքում է): Խաչը վկա: Ճիշտը որ ասեմ, հետո խիղճս սկսեց ինձ տանջել: Չնայած, էդ էլ ասեմ՝ մի զզվելի մարդ էր՝ գող, ավազակ, մարդասպան: Քանի՜  մարդու տուն էր քանդել: Վերջը, մի օր մի խեղճ կին մոտս էկավ, թե՝ այդ սրիկայի պատճառով կորցրել եմ ունեցած-չունեցած ամեն ինչ: Ամուսնուս զրպարտել է, էդ պատճառով անմեղ տեղը բանտարկել են, զավակներս էլ հեռացել են երկրից, դարձել թափառական: Մի խոսքով, շատ խնդրեց, աղաչեց, որ օգնեմ, մի ճար անեմ: Ասաց՝ ես ոչինչ չեմ ուզում, բացի նրանից, որ այդ գիշատիչ անասունը պատժվի: Խղճացի ու արեցի՝ ինչ պետք էր: Բայց հետո շա՜տ զղջացի: Մտածեցի՝ իմ ի՞նչ գործն էր, ես հո դատավոր չե՞մ ու ոչ էլ Աստված եմ: Ով ինչ չարություն անում է, վերջը իր դեմն է գալու: Պետք է Աստծուն վստահես ու հեռու մնաս նման բաներից: Խիղճս ընձի կտանջեր: Ինչ ասես արեցի՝ գնացի եկեղեցի, մոմ վառեցի, աղոթք արեցի, ծոմ պահեցի: Մեկ է, չէի թեթևանում: Ու էդ օրերին էր, որ հորս ոգին եկավ: Էլ չերկարացնեմ… դաժան էր: Հետս շատ խիստ վարվեց:

ԷԴՎԻՆ – Այսի՞նքն… Ի՞նչ կարող է անել մահացած մարդը:

ԱՆՈՒՇ — Օ՜, իսկ ի՞նչ չի կարող անել: Կուզե՞ս էսօր պարզենք:

ԷԴՎԻՆ – Չէ՛, ես ոգիների հետ գործ չունեմ:

ԱՆՈՒՇ – Չի՛ կարող պատահել: Էդպես մարդ չկա, որ ոգիների հետ գործ չունենա: Նրանք միշտ մեզ հետ են, ա՛յ, էսպես կֆռֆռան մեր շուրջը: Նրանք ներկա են մեր յուրաքանչյուր արարքին: Իսկ ես միայն ուզում եմ քեզ օգնել, որ դու էլ իրենց տեսնես: Քեզ հետաքրքիր չէ՞, թե քո արածը հիմա դուր կգա՞ր, ասենք, թեկուզ, ո՞ւմ ասեմ… դե, ասա, էլի՛, տուր մեկնումեկի անունը…

ԷԴՎԻՆ — Է՜, Անուշ, ի՞նչ ես ուզում ինձանից: Քեզ հետ մի համեմատիր: Նախ, իմ հայրը ողջ է: Ուրիշ ո՞վ կարող է գալ ու ինձ որևէ բան ասել, կամ ինչ-որ խորհուրդ տալ: Չգիտեմ, չկա այնպիսի մեկը, ում համար ես լինեմ կարևոր, ով ցանկանա վերևից  հսկել ինձ, ճիշտ ճանապարհ ցույց տալ, սխալվելիս կշտամբել, լավ արարքս խրախուսել, գլուխս շոյել: Ես բոլորովին մենակ եմ, ինքս եմ ինձ համար պատասխանատու, չեմ պատկերացնում, թե ով… (Աչքն ընկնում է սեղանին դրված գրքին, հետո նայում է պատի նկարին:)  Ա՛յ, երևի թե, եթե կարողանայի… ինձ շատ հետաքրքիր կլիներ խոսել…  շատ կուզեի խոսել… Վահրամ Փափազյանի հետ…

ԱՆՈՒՇ — (ոգևորված թռչում է տեղից, վերցնում իր խոշոր պայուսակը): Էդվին ջան, ի՜նչ հետաքրքիր տղա ես: Պատկերացրու, էսքան տարի է էս թատրոնի շուրջը կֆռֆռամ, բայց հե՛չ մտքովս չի անցել, որ էստեղ խաղացած մեծ դերասաններից որևէ մեկի հոգին կանչեմ ու մի քանի խորհուրդ հարցնեմ: Վա՜յ, Էդվին ջան, ի՜նչ խելոք միտք հայտնեցիր: Հենց հիմա փորձենք:

Անուշը գործի է անցնում: Պայուսակից հանում է մեդիումի մեծ, ոլորված ստվարաթուղթը, բացում, փռում է հատակին: Հանում է ափսե և երկու մոմ: Մոմերը վառում է,  ափսեն երեսնիվայր դնում թղթի վրա, ծալապատիկ նստում է հատակին:

ԱՆՈՒՇ — Էդվին ջան, էդ լույսն անջատիր ու արի էստեղ՝ դիմացս նստիր:

ԷԴՎԻՆ – Չհասկացա՜, էս ի՞նչ ես անում, մոգությո՞ւն, կախարդա՞նք: Լսիր, ես նման բաների չեմ հավատում: Ասածս միայն ցանկություն էր:

ԱՆՈՒՇ — (խորհրդավոր ու լուրջ): Սը՜սս…  շատ կարևոր պահ է, եթե հիմա մի բան իմ ասածով չանես, ամեն ինչ կփչացնես… Դե, շուտ արա, լույսն անջատիր ու էստեղ նստիր: Հիմա կտեսնես, թե ի՜նչ հրաշք է լինելու:

ԷԴՎԻՆ — Ի՞նչ հրաշք, Փափազյանի ուրվակա՞նն է գալու:

ԱՆՈՒՇ — Այո՛, համարյա համոզված եմ, որ հենց այդ մեծ դերասանի ոգին է, որ պիտի գա, եթե…

ԷԴՎԻՆ — (թերահավատ,  ծաղրական տոնով): Ինչո՞ւ՝ համարյա: Մի՞թե հնարավոր է, որ կանչես Փափազյանին, բայց նրա փոխարեն հայտնվի մի աննշան դերասանի ոգի, ում անունն այսօր ոչ ոք  չի՞ հիշում…

ԱՆՈՒՇ — (կարճ մտորումից հետո): Դե, գիտե՞ս ինչ, եթե Փափազյանը հարմար գտնի, եթե քեզ ասելիք ունենա, գուցե ինքն էլ գա: Դե, մենք պետք է փորձենք: Ոգիները շատ քմահաճ են: Ամեն կանչողի չեն արձագանքում: Երբեմն պատահում է, որ մարդ անդադար փորձում է խոսել կոնկրետ մեկի ոգու հետ, շարունակ կանչում է նրան, խնդրում է, աղաչում, մեջ գցում ինձ նման մի քանի միջնորդ, բայց՝ անօգուտ: Վերջում հայտնվում է մեկ այլ ոգի, էդ քո ասած՝ աննշան, մոռացվածներից, ու զայրացած գոռում՝ «Էդ հիմարին ասա՝ բավական է աղմուկ բարձրացնի: Ի՞նչ է ուզում, չի՞ հասկանում, որ այստեղ ննջեցյալներ կան և հանգստանալ են ուզում: Նրա զահլեն չունեն: Գոնե մահից հետո էդ խեղճին  պետք է հանգիստ թողնի: Ասա, որ էս ոգին իրեն ոչ մի ասելիք չունի, չի ուզում ո՛չ տեսնել և ո՛չ էլ լսել նրան»: Հետո էս միջնորդ ոգին էլ է թողնում գնում: Եվ դրանից հետո ինչքան ուզում ես կանչիր՝ վե՛րջ, այլևս ոչ մի պատասխան չես ստանա…

ԷԴՎԻՆ — Քո կարծիքով, էն աշխարհում որևէ մեկը կա՞, ով ինձ ինչ-որ ասելիք ունի:

ԱՆՈՒՇ – Հա՛, վստահ եմ: Բայց դժվար է ասել, թե՝ ով: Եթե թողնես, հիմա կպարզենք: Ահա, մոմերն արդեն վառում եմ, դու լույսն անջատիր. այ, այդպե՜ս, ապրե՛ս: Շատ լավ է, մոտ արի: Այստեղ նստիր, կենտրոնացիր և ձայն չհանես: Հիմա ամեն ինչ մտքումս եմ ասելու, չխանգարես:

ԷԴՎԻՆ — Բա ես ի՞նչ ասեմ…

ԱՆՈՒՇ – Սը՜սս, ասի՝ սո՛ւս մնա…

Անուշը ձեռքը դնում է ափսեի վրա ու սկսում ոգեհարցումը: Էդվինն ուշադիր հետևում է նրան, երբեմն ուզում է խոսել, բայց հիշելով, որ պետք է լուռ մնա, ձեռքով փակում է բերանը և աննկատ ծիծաղում:

ԱՆՈՒՇ — (բացում է աչքերը, վախեցած է: Ափսեն ձեռքից ընկնում է հատակին, կոտրվում է: Լացակումած): Հայրի՛կ, ի՞նչ վատ բան եմ արել, ընչի՞ ես եկել, ես քեզի չեմ կանչել: Չէ՛, քո անունդ տվող չեղավ: Գիտեմ օր անունդ Վահրամ է, բայց քեզի չէի կանչե: Ի՞նչըղ թե՝ ո՛ւմ, էն մեր մեծ դերասանին… (Աչքն ընկնում է Փափազյանի նկարին:) Էն Օթելլոյին, էլի, կհիշե՞ս, ինչըղ ըսեմ, մեր բեմի ամենափայլուն, ամենա… էն ամենա-ամենային… դե, էն  քո շատ սիրած ընկեր Փափազյանին կկանչեի: Հա, ճիշտ է, իրա անունն էլ է Վահրամ, մտքիս մեջ իրա անունը տվի, մեկ էլ տեսնեմ՝ դու ես հայտնվել: Հայրի՛կ ջան, ախր, ի՞նչըղ չես հասկնա, ինքը հմի մեզի շատ է պետք, անհրաժե՛շտ է: Հա՛, դու չգիտես, թե առանց իրա էստեղ ի՜նչ կկատարվի, ըմպես մե  խառը վիճակըմ է օր, էլ դու սո՛ւս. չես կռնա պատկերացնել: Հա, հենց ըդպես՝ շունը տիրոջը չի ճանչե…

ԷԴՎԻՆ — (քարացել է. փորձում է հասկանալ՝ Անուշը խելքը թռցրե՞լ է, թե՞ ինչ-որ մեկի հետ է խոսում: Մեկուսի): Չէ, սա կատարյալ թատրոն է: Չեմ հավատում…

ԱՆՈՒՇ —  Էլի իմ վրա կջղայնանա՞ս: Բայց ես ի՞նչ էնեմ, հայրիկ ջան, ես  մեղավոր չեմ: Հա՛, հենց էս քաղաքում կապրիմ: Ինչըղ թե՝ մեղավո՞ր եմ, օր  Գյումրիում կապրիմ: Ըբը ո՞ւր էրթամ: Օր ստեղ կապրիմ, ուրեմն մեղավո՞ր եմ: Ախր, ընձի ո՞վ կհարցնե: Հա՞… ուրեմն, քու կարծիքով, էս բոլոր մարդիկ, որ ստեղ իրանց համար կապրին, բոլորը մեղավո՞ր են: Թատրոնի դերասաննե՞րն էլ են մեղավոր: Յա՛, էդ մեկը չեղավ… հայրիկ, հանդիսատեսների հետ գործ չունիս, ընոնք ի՞նչ մեղք ունին: Յա՛, կսե՝ սաղդ մեղավոր եք: Այ քեզի բա՜ն…  Չէ՛, հայրիկ ջան, էդպես մի՛ խոսա, ախր, դու իմ հայրիկն ես, քիչըմ խղճա ընձի… Չէ, կրակը չընկար, բայց եթե դու ընձի չօգնես… Վա՜յ ո՞ւր կերթաս… հայրի՜կ, լավ, էլի, մի՛ ջղայնացիր: Մի րոպե սպասիր, հարց ունեմ տալու… հայրի՜կ …

Անուշի գոռոցից մոմերը հանգում են: Այդ պահին դուռն աղմուկով բացվում է, մեկը ներս է մտնում:

ՍՅՈՒԶԻ — Ահա, տեսա՞ր, ոնց բռնացրի: Դե, փորձիր արդարանալ:

ԱՆՈՒՇ — Հայրի՞կ, հմի էլ աղջկա կերպարանք ընդունեցի՞ր:

ԷԴՎԻՆ – Սյուզի՛, դու ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ… Անո՛ւշ, սպասիր…

ԱՆՈՒՇ — (վախեցած գոռում է): Էդվի՛ն, արի էս կողմ, հանկարծ իրան չկպնես, հորս ոգին է…

ՍՅՈՒԶԻ — Էս ո՞վ է, էս ի՞նչ է ասում… խելագա՞ր է…

ԷԴՎԻՆ – Անո՛ւշ, մի՛ միջամտիր… Սյուզի…

ԱՆՈՒՇ — Ո՞նց թե՝ մի միջամտիր, ես միջնորդ եմ ու պտի միջամտեմ. քեզ ասում եմ՝ սա ոգի է:

ԷԴՎԻՆ — Հիմար բաներ մի ասա: Սա Սյուզին է՝ իմ ընկերուհին:

ԱՆՈՒՇ —  Ու  էդ ընկերուհիդ Երևանից եկավ հենց էն պահին, որ մենք ոգի կկանչեինք, հա՞: Չհավատաս, ոգի է, ոգի՛:

ՍՅՈՒԶԻ — Ի՞նչ…  ինչ էիք անո՞ւմ… ոգի՞…       

ԷԴՎԻՆ — Մի րոպե, հա՞,  կարո՞ղ եք երկուսդ էլ լռել… (Գրպանից հանում է կրակվառիչը, վառում է լույսը:)

Բոլորը մի պահ իրար են նայում:

ՍՅՈՒԶԻ — (զննելով Անուշին, ով քրթմնջալով շտապ հավաքում է գետնին թափված իրերը): Կարո՞ղ ես ինձ ասել, թե ո՞վ է այս կինը:

ԱՆՈՒՇ — (գործը կիսատ թողնելով, բարձրանում, վախվորած դիպչում է Սյուզիին, ասես ցանկանալով համոզվել, որ նա ոգի չէ): Ես Անուշն եմ, հասկացա՞ր: Գյումրիում ընձի բոլորը գիտեն: Ես էս քաղաքի գուշակն եմ՝ չար աչքերից հեռու պահողը, ճակատագրի հետ ճիշտ գործարքներ անողը և ոգիներ կանչողը: Բայց իմացիր, մեռնիմ՝ թուղթուգիր չեմ անի:

ԷԴՎԻՆ — Սյուզի, ինչո՞ւ ես եկել:

ՍՅՈՒԶԻ — (Էդվինին): Ճի՞շտ է ասում,  ինքը գուշա՞կ է:

ԱՆՈՒՇ — Էն էլ ի՜նչ գուշակ: Եթե ուզես՝ ճակատագիրդ կկարդամ ու եթե պետք լինի՝ բախտդ կբացեմ ու պետք եղած ժամանակ կարող եմ բախտդ փոխել, անել այնպես, որ չար աչքերը քեզ չդիպչեն: Բայց իմացիր, ոչ մի դեպքում թուղթուգիր չե՛մ անի…

ՍՅՈՒԶԻ — (հետաքրքրված): Հա՞, իսկ կարո՞ղ ես մեկ ուրիշի արած թուղթուգիրը քանդել…

ԷԴՎԻՆ — Դե վե՛րջ տվեք: Չի՞ լինի, երկուսդ էլ գնաք: Էս ի՜նչ մարդիկ եք, տո՛: Չեք թողնում՝ հանգստանամ:

ԱՆՈՒՇ — (իրերը հավաքելով): Կարող եմ, բայց շատ բան է հարկավոր… օր առաջ ասա, մի բան կանենք:

ՍՅՈՒԶԻ — Լավ, բջջայինիդ համարը տուր:

ԱՆՈՒՇ — (իրերը տեղավորում է պայուսակի մեջ): Չէ, ես բջջային չունեմ, ինձ պետք չի գալիս: Սյուզի ջան, ինձ գտնելը հեշտ է, միշտ այստեղ եմ լինում՝ այգում: Դե, ես գնամ, ուշ է, համ էլ չեմ ուզում ձեզ խանգարել: (Առանց պատասխանի սպասելու դուրս է գալիս:)

Դրսից  նվագախմբի ձայներ են լսվում:   

ՍՅՈՒԶԻ — (մոտենում է պատուհանին): Ի՜նչ հրաշալի տոնախմբություն է:

ԷԴՎԻՆ — Իրոք, ինձ էլ է դուր գալիս, մի տեսակ տրամադրող է: Երիտասարդությունն այգում է, պետք է տեսնես, թե ինչ ուրախ են: (Մոտենում է Սյուզիին, արագ գրկում և համբուրում:) Գժուկս, ո՜նց էի քեզ կարոտել:

ՍՅՈՒԶԻ — Պե՛տք է գայի, Էդվին, հավատա, չեմ կարող առանց քեզ: (Գրկախառնվում են:)

Դուռը բացվում է, ներս է մտնում Համլետը:

ՀԱՄԼԵՏ – Կներեք… (Տեսնելով համբուրվողներին, փորձում է ետ դառնալ:)  Էդվին ջան, չգիտեի, որ հյուր ունես: Կներես…

ԷԴՎԻՆ — Սպասիր, Համլետ, ներս արի:

ՀԱՄԼԵՏ — Եկա ասեմ, որ հավաքվել ենք կողքի սենյակում և ուզում ենք, որ միանաս մեզ… կարող ես հյուրիդ էլ բերել: Հյուրդ…

ԷԴՎԻՆ — Ընկերուհիս է՝ Սյուզին: Սյուզի, ծանոթացիր, Գյումրու թատրոնի ռեժիսոր Համլետ Արամյանն է:

ՍՅՈՒԶԻ — Անչափ ուրախ եմ: Մի հարց ունեմ: Խոսքս ձեր ներկայացման մասին է…

ԷԴՎԻՆ – Սյուզի՛…

ՀԱՄԼԵՏ — Սիրով, սիրով: Հարցրեք, ինչ ուզում եք: Բայց նախ եկեք ձեզ ուղեկցեմ կողքի սենյակ, այնտեղ հավաքվածներն անհամբեր սպասում են: (Դրսից ձայներ են լսվում:) Գալի՜ս ենք…

Երեքով դուրս են գալիս:

 

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

Ժամանակ: Երկու ժամ անց: Կեսգիշեր է:

Գործողության վայր:  Նույն սենյակն է՝ խավարի մեջ է և խորհրդավոր: Դուռը բացվում է, հայտնվում է Էդվինը:

ԷԴՎԻՆ — (հանում է կրակվառիչը, լույսը վառում): Օ՜, Սյուզի, Սյուզի, ի՜նչ աղջիկ է՝ կրակի կտոր: Միանգամից  կարողացավ բոլորին գրավել. դա նրան միշտ հաջողվում է: Նույնիսկ Անահիտին այնքան դուր եկավ, որ նրան առանձին սենյակ տրամադրեց: Թեպետ, իմ կարծիքով, դրա իրական պատճառն այլ էր: Բա ո՜նց, չլինի՞ հանկարծ ինձ հետ գիշերի: Չէ, այս գյումրեցիները շատ հետամնաց են: Վաղը ես ու Սյուզին կվերադառնանք Երևան, և ամեն ինչ կլինի առաջվա պես: Ի՜նչ երկար օր էր:

Բազկաթոռին նստած անծանոթը թավ ձայնով բարձր հազում է: Էդվինը ցատկում է տեղից:

ԷԴՎԻՆ – Անո՞ւշ…

Անծանոթը Համլետի սև թիկնոցի մեջ փաթաթված Վահրամ Փափազյանն է՝ այն տեսքով, ինչպես նկարագրված է Ռուբեն Զարյանի «Մայրամուտից առաջ» հուշագրությունում՝ «Փափազյանը Դանեմարքայի թագաժառանգի հագուստով էր… նա ներշնչված էր, ոնց որ վրան լույս իջած լիներ երկնքից… նման էր մի ժողովրդի խտացած պատկերի, որի վրա իրենց դրոշմն էին դրել ողբերգականությունը, ազնվականն ու աստվածայինը»: Այսպիսին պետք է լինի Փափազյանի ուրվականը՝ երիտասարդ ու Համլետի կերպարի մեջ:  

ՓԱՓԱԶՅԱՆ – Ողջո՛ւյն, երիտասարդ:

ԷԴՎԻՆ – Դո՞ւք… Սա ի՜նչ է, չար կատա՞կ: Քիչ առաջ մի կին կար այստեղ, իբր ոգի էր կանչում: Նա՞ է ձեզ ուղարկել:

ՓԱՓԱԶՅԱՆ — Ես կատակներ չեմ անում, երիտասա՛րդ, մանավանդ երբ խոսքը վերաբերում է մեծահանճար Շեքսպիրին: Այնպես որ, եթե քո մեջ չես զգում բարձրագույն անհատականության ներկայությունը, մի՛ մոտեցիր այդ ստվերին, զի միգուցե քո մարդկային, խի՛ստ մարդկային շվաքով աղարտես նրա ստեղծած լուսավոր պատկերը:

ԷԴՎԻՆ — Աղարտե՞մ, ե՞ս… ինչի՞ մասին եք խոսում… բայց ո՞վ եք դուք…

ՓԱՓԱԶՅԱՆ — Ով եմ ե՞ս: Մի՞թե չես տեսնում՝ նա ինքը՝ «…անցյալի մեկնաբանն» ու «գալիքի մարգարեն»: Այո՛, երիտասարդ, ճիշտ գուշակեցիր, ես Նա եմ, ում օգնության կանչեցիր… գուցե ակամա:

Դուռը բացվում է, ներս է մտնում Սյուզին: Նա չի տեսնում Փափազյանին:

ՍՅՈՒԶԻ — Էդվին, պայուսակս… (Նկատելով, որ Էդվինը քարացած նայում է մի կետի:) Էդվի՞ն, քեզ ի՞նչ է պատահել: Լսիր, չես պատկերացնի՝ ինչ հրաշալի բան տեղի ունեցավ: Այդ երիտասարդ ռեժիսորը՝ Համլետը, ինձ խոստացավ… Էդվի՞ն…

ԷԴՎԻՆ — Սյուզի, տեսնո՞ւմ ես, սա Նա է…

ՍՅՈՒԶԻ — Ո՞վ: Էդվին, քեզ հետ ի՞նչ է կատարվում:

ՓԱՓԱԶՅԱՆ — Աղջկան շփոթմունքի մեջ մի գցիր, նա չի կարող ինձ տեսնել, նա միայն կարող է զգալ իմ ներկայությունը:

ԷԴՎԻՆ — Իրո՞ք… ինչպե՞ս թե՝ չի կարող տեսնել:

ՍՅՈՒԶԻ — Ո՞վ, սիրելիս,  ի՞նչը  չի կարող տեսնել…

ԷԴՎԻՆ — Ուրվականը… Սյուզի, զգո՞ւմ ես, այստեղ կարծես ոգիներ կան…

ՍՅՈՒԶԻ — Էդվին, իմ կարծիքով, իրոք այստեղ ինչ-որ ոգեղեն մի բան կա: Հավանաբար տիրող մթնոլորտն է այդպիսին: Երբ առաջին անգամ մտա այս սենյակ, ինձ թվաց… կարծես խորհրդավոր մի մարդ ինձ ինչ-որ բան ասաց…

ՓԱՓԱԶՅԱՆ — (մոտենում, հայրաբար շոյում է աղջկա գլուխը): Ես այս աղջկան պատկերացնում եմ Դեզդեմոնայի դերում… Նա գեղեցիկ էր  բոլորի համար անխտիր, առանց իրականության մեջ գեղեցիկ կին լինելու, ճարտարախոս, հմայող, համոզիչ, առանց իր ինքնությամբ նույնը լինելու. սլացիկ, բացառիկ ճաշակավոր, ծայրաստիճան կանացի… և այս բոլորը միայն նրա համար, որ վերջին հաշվով նա արտիստ էր:

ԷԴՎԻՆ — Դուք Սյուզիի մասին չեք խոսում, այդպես չէ՞:

ՓԱՓԱԶՅԱՆ — Ոչ, իհարկե… Սյուզին ինձ հիշեցրեց Նրան… իմ անզուգական խաղընկերուհուն՝ Արուս Ոսկանյանին: (Հայրաբար գգվում է Սյուզիին:) Աղջիկս, այս սենյակն իմ գրիմանոցն էր:

ՍՅՈՒԶԻ — (ասես հիպնոսացած): Անչափ նման էր նրան… (Ցույց է տալիս պատից կախված նկարը:)

ԷԴՎԻՆ — Չէ՛, սա չափազանց է…

ՍՅՈՒԶԻ — Հնարավո՞ր է, որ այս սենյակը եղել է Փափազյանի…

ԷԴՎԻՆ – (Փափազյանին): Իսկ դուք ասում եք, որ նա ձեզ չի լսում:

ՍՅՈՒԶԻ — Էդվի՞ն…

ՓԱՓԱԶՅԱՆ — Դե իհարկե, նա միայն կարող է զգալ. նա ունի հոգևոր ներաշխարհ,  քանի որ ոչ միայն արվեստով է դերասան, այլ նաև իր ողջ էությամբ:

ՍՅՈՒԶԻ — (Էդվինին): Ինչպես երևում է, այս ամենն անդրադարձել է ջղերիդ վրա: Քեզ քնաբեր է պետք: Ո՞ւր է պայուսակս: (Պայուսակից հանում է դեղահաբեր, սեղանից վերցնում է ջրով բաժակը:) Շո՛ւտ, բերանդ բա՛ց:  (Էդվինը կուլ է տալիս հաբերը:) Այս հաբերը շատ արագ են գործում: Դե, դու մի քիչ հանգստացիր: (Գրկում, համբուրում է:) Բարի գիշեր, սիրելիս: (Վերցնում է պայուսակը և դուրս գալիս:)

Էդվինը քարացած է: Անշարժ կանգնել և նայում է Փափազյանին:

ՓԱՓԱԶՅԱՆ — Սթափվի՛ր, երիտասարդ: Գիտեմ, թե ինչ է կատարվում քեզ հետ:

ԷԴՎԻՆ — Հա՞…

ՓԱՓԱԶՅԱՆ – Անշո՛ւշտ… կատակ բան չէ Ուրվականի հետ լինել մեն-մենակ… կարծես զգում ես անասնական վախի մոտեցումն ու գալարումը սրտիդ մեջ:

ԷԴՎԻՆ — Ես… ես չեմ…

ՓԱՓԱԶՅԱՆ — Ինձ հետ էլ է այդպես պատահել, հատկապես բավական երիտասարդ տարիքում:

ԷԴՎԻՆ — Ի՞նչ…

ՓԱՓԱԶՅԱՆ — (փաթաթվում է թիկնոցի մեջ, դրամատիկ տոնով): Եղել են գիշերներ, երբ այդ ահավոր զգացումը՝ վախը, օձի ցուրտ օղակների պես փաթաթվել է ոտքերիս, բարձրացել սրունքներիցս վեր, սեղմել իրանս, հետո կուրծքս, տարաժամ մահու հպումով փաթաթվել վզիս ու աչքերիս է նայել՝ գրեթե շնչահեղձ անելով ինձ….

ԷԴՎԻՆ — (սարսափած բռնում է գլուխը, ճչում): Ա՜, սա ի՞նչ է, մի՞թե խելագարվում եմ:

ՓԱՓԱԶՅԱՆ — (հանգիստ տոնով): Ո՛չ տղաս, փորձում ես դերասան դառնալ: (Գրպանից ինչ-որ բան է հանում:) Ահա, վերցրու: Այս հմայիլն անբաժան է ինձանից: Այն ինձ տվել է Սիրանույշը: Դժվար պահերին շատ է օգնում, հեռացնում է չարքերին ու չի թողնում, որ խելագարվես: (Հմայիլը խոթում է Էդվինի գրպանը, վերջինս կարծես անզգայացած է:)

ԷԴՎԻՆ — (սթափվում է): Գիտե՞ք ինչ, ինձ հետաքրքիր չէ, դուք ուրվական եք, թե իրական մարդ, որին կերպարանափոխել են և այստեղ ուղարկել, բայց խնդրում եմ, հենց հիմա հեռացե՛ք:

ՓԱՓԱԶՅԱՆ — (բարձր ծիծաղում է): Հա՜-հա՜-հա՜…

ԷԴՎԻՆ — Չեմ հասկանում, ինչո՞ւ եք ծիծաղում… մե՞րկ եմ…

ՓԱՓԱԶՅԱՆ — Հա՜-հա՜-հա՜… (Ավելի բարձր է ծիծաղում, նստում է բազկաթոռին): Հա՜-հա՜-հա՜…

ԷԴՎԻՆ — (նյարդային): Լսե՛ք, ի՞նչ եք ուզում ինձանից: Թողեք ինձ մենակ, ես… զզվում եմ ուրվականներից, հասկանո՞ւմ եք: Ի՜նչ անտանելի եք:

ՓԱՓԱԶՅԱՆ – Տղա՛ս, այն, ինչ դու զգում ես, միանգամայն բնական է: Բայց իմացիր, ինձանից փրկություն չունես:

ԷԴՎԻՆ — Ինչպե՞ս թե՝ չունեմ: Հեռացե՛ք: Շո՛ւտ: Հենց հիմա՛, թե չէ…

ՓԱՓԱԶՅԱՆ — Թե չէ՝ ի՞նչ… հա՜-հա՜-հա՜…

ԷԴՎԻՆ — Թե չէ… ոստիկանություն կկանչեմ… լուրջ եմ ասում:

ՓԱՓԱԶՅԱՆ – Հիմա՛ր տղա, իմացիր, որ ես բոլորի համար անտեսանելի եմ: Նրանք քեզ հոգեբուժարան կտանեն: Իհարկե, ես կհեռանամ, բայց միայն այն բանից հետո, երբ կավարտեմ իմ միսիան:

ԷԴՎԻՆ — Այսի՞նքն…

ՓԱՓԱԶՅԱՆ — Այսինքն, երբ աչքերդ բացվեն, ու երկու թիզ մեծության  բեմերից, որոնք իրենց փոքրությամբ իսկ անսահման են, կկարողանաս ապրել ու տառապել արվեստով, ինչն իսկական դերասանի համար պետք է լինի գերազնիվ նպատակ: Ես կգնամ, երբ դու կլինես Համլետ…

ԷԴՎԻՆ — Ես իսկական դերասան եմ… Ինձանից ի՞նչ եք ուզում: Դուք չեք հասկանում, որ ժամանակակից աշխարհում նման վերամբարձ բաներ պետք չեն… համլետներ պետք չեն…

ՓԱՓԱԶՅԱՆ — (շատ հանգիստ): Տո՛ւր ձեռքդ ինձ, տղա՛ս, և խոնարհ հոգով մոտեցիր այն անել բավիղներին, որ քոնն է նույնքան: (Բռնում է Էդվինի ձեռքը և նստեցնում իր բազկաթոռին, հետո շոյում է նրա գլուխը:) Ես քեզ կսովորեցնեմ, թե ինչպես պետք է զգալ ու ճանաչել Մեծ Ողբերգակին: Դա իսկական երջանկություն է: Եվ երբ Նրան ճանաչելուց հետո բարձր հոգով և խաղաղված կրքերով գաս ինձ տեսության իմ հպարտ մենության մեջ և շնորհակալությամբ սեղմես ձեռքս, ապա գոհ կգնամ այս աշխարհից, մտածելով, որ երջանիկներ թողեցի ինձնից հետո:

Երբ Փափազյանն ավարտում է խոսքը, Էդվինն արդեն խորը քնած է և ոչինչ չի լսում, բայց ժպտում է քնի մեջ:

 

ԵՐՐՈՐԴ ԱՐԱՐ

ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ

Ժամանակ: Երեք շաբաթ անց: Երեկոյան:

Գործողության վայր:  Թատրոնի շենքում մեկ այլ սենյակ, որը հատկացված է Սյուզիին: Շատ նման է Էդվինի սենյակին, միայն դասավորությունն է մի փոքր տարբեր, իսկ պատից կրկին կախված է Փափազյանի նկարը, այս անգամ՝ Համլետի դերում:

Սյուզին հեռախոսով խոսելով արագ մտնում է սենյակ: Նա բեմական հագուստով է՝ Օֆելիայի կերպարով:

ՍՅՈՒԶԻ —  Մամ ջան, հավատա, շունչ քաշելու ժամանակ չունենք… Գիտեմ, որ այս ամենը ձեր համար միանգամայն անսպասելի էր: Այո, աշխատում ենք առավոտից իրիկուն՝ փորձեր: Շատ ոգևորված եմ… հա, գիտեմ, հասկանում եմ… Բայց, մամ ջան, կարո՞ղ ես պատկերացնել, որ ձեր դուստրը՝ Սյուզի Մելքոնյանը, շատ շուտով բեմ է բարձրանալու և խաղալու է իր երազած դերը… Ի՞նչ, դա քեզ համար նորությո՞ւն է… Ոչ, իզուր ես այդպես կարծում… Մամ ջան, բայց մենք առաջիկայում վերադառնալու մտադրություն չունենք: Ոչ, ախր դու չես ուզում հասկանալ… ինձ դա պետք չէ… Ոչ, այլևս պետք չէ, որովհետև չեմ ուզում ամբողջ կյանքս նվիրել այդ հիմար սերիալներին: Ես բեմ եմ ուզում… Մամ, ի՞նչ ես ասում, բա ե՞րբ: Ոչ, եթե հիմա այս դերը չխաղամ… Մամ, ախր հասկացիր, վաղը ո՛ւշ կլինի: Այո՛, փոխվել եմ… Ի՞նչ… ես կարող եմ, ես և Էդվինը կարող ենք հարթել մեր ճանապարհը. հենց այստեղ, մամ ջան, սա արվեստների քաղաքն է: Հա՝ հենց Գյումրին: Ո՛չ, ինձ այդ խոստումները պետք չեն: Բնակարա՞ն… ի՞նձ… որտե՞ղ, Հյուսիսային պողոտայո՞ւմ: Ճիշտ ես ասո՞ւմ: (Միանգամից այլափոխվում է:) Մամ, բայց… չէ՛, չեմ հավատում: (Դուռը թակում են:) Լավ, ես պետք է գնամ… դե, երևի Էդվինն է: Լավ, դե տեսնենք… չգիտեմ, կմտածեմ, հետո կխոսենք: Դե, երբ ժամանակ ունենամ… առայժմ, համբուրում եմ: (Հեռախոսն անջատում է: Դուռը թակում են:) Եկա՛, եկա՛… ի՞նչ ես դուռը կոտրում:

ԷԴՎԻՆ — (Համլետի հագուստով է: Կարծես փորձից հետո դեռևս մնում է դերի մեջ: Արագ ներս է մտնում, Սյուզիի ձեռքը բռնում): Հա՞, հա՞, հա՞… առաքինի՞ ես դու:

ՍՅՈՒԶԻ — (ինքն էլ է մտնում դերի մեջ): Տեր իմ…

ԷԴՎԻՆ — Եվ գեղեցի՞կ ես:

ՍՅՈՒԶԻ — Ի՞նչ է ուզում ասել ձեր բարձրությունը:

ԷԴՎԻՆ — Եթե առաքինի ես և գեղեցիկ, ապա քո առաքինությունը ոչ մի հարաբերություն չպիտի թույլ տա գեղեցկությանդ հետ:

ՍՅՈՒԶԻ — Բայց, տեր իմ, ո՞ւմ հետ կարող է գեղեցկությունը ավելի լավ  հարաբերություն ունենալ, քան առաքինության հետ:

ԷԴՎԻՆ — Այո, այո, ճիշտ ես ասում, որովհետև գեղեցկության կարողությունը ընդունակ է ավելի շուտ առաքինությունը լրբություն դարձնելու, քան թե առաքինության ուժը կարող է բարեփոխել գեղեցկությունը և իրեն նմանեցնել: Այս միտքը երբեմն պարադոքս էր թվում, բայց հիմա ժամանակը հաստատեց, որ ճշմարիտ է: Կար մի ժամանակ, որ կարծում էի, թե սիրում եմ քեզ:

ՍՅՈՒԶԻ — Այո, տեր իմ, ինձ այդպես էիք հավատացնում:

ԷԴՎԻՆ — Իսկ դու չպիտի հավատայիր, որովհետև առաքինությունը չէր կարող պատվաստվել մարդկային հին ծառաբնի վրա, որ անկումի ցանկության համն իսկ չմնա քիմքում: Ես քեզ չէի սիրում:

ՍՅՈՒԶԻ — (սարսափած): Էդվին… դա քեզ նման չէ, ի՞նչ է կատարվում քեզ հետ: Այդ խոսքերն այնպես ասացիր, որ մարմնովս դող անցավ… և հայացքդ՝ մի տեսակ թունոտ: Օ՜, հասկանում եմ, դու ինձ ատում ես: Կարծում ես, չե՞մ նկատում… ես ամեն ինչ նկատում եմ…

ԷԴՎԻՆ — Ի՞նչ:

ՍՅՈՒԶԻ — Հենց դուրս ես գալիս, անմիջապես աղջիկները շրջապատում են քեզ, կարծում ես, չե՞մ նկատում, թե ոնց է դա քեզ դուր գալիս: Եվ ինչպե՜ս ես նայում այն դերասանուհուն՝ Լուսինեին…

ԷԴՎԻՆ — Ինչպե՞ս:

ՍՅՈՒԶԻ — Ո՞նց թե՝ ինչպես… ամբողջ փորձի ընթացքում աչքդ նրանից չէիր հեռացնում… Վա՜յ, ասում է՝ ինչպե՞ս:  Քիչ էր մնում աչքերով ուտեիր նրան…

ԷԴՎԻՆ — (նյարդային): Սյուզի՛, կրկին անցար քո սերիալի կերպարի՞ն: Ես այդպես էլ գիտեի. չէ՛, քեզանից Օֆելիա դուրս չի գա: (Բարձրացնում է ձեռքերը, նայում է պատի նկարին:) Օ՜, Համլե՛տ, Համլե՜տ, այս ամենի մեղավորը դո՛ւ ես:

ՍՅՈՒԶԻ — (չի նկատում, որ Էդվինը Փափազյանի նկարի հետ է խոսում): Ո՛չ, ո՛չ, ո՛չ, սիրելիս, Համլետը բնավ մեղք չունի: Այդ ե՛ս եմ նկատել, նա ինձ ոչինչ չի ասել: Լսիր, դու իրո՞ք կարծում ես, որ սա իմ դերը չէ: Ինչպե՞ս կարող ես նման բան ասել: Դա փաստում է, որ դու ինձ բոլորովին չե՛ս սիրում: Իսկ  Համլետն ինձ շատ է հավանում. դու շատ լավ գիտես, որ հենց նա է ինձ առաջարկել Օֆելիայի դերը: Հավատս չի գալիս, երբեք չէի կարող այդ մասին նույնիսկ երազել… և ընդհանրապես, եթե ուզում ես իմանալ, ինձ հետ  վերջերս շատ տարօրինակ բաներ են կատարվում: Այստեղ գալուց հետո ամեն բան սկսել է այլ իմաստ ստանալ: Եվ հետո, այս ռեժիսորը՝  Համլետը… հասկանո՞ւմ ես, նա կարծես էս աշխարհից  չլինի…

ԷԴՎԻՆ — (պատի նկարին): Դե իհարկե, նա այս աշխարհից չէ. բայց դու որտեղի՞ց իմացար այդ մասին, ո՞վ քեզ ասաց: Օ՜, հասկացա՜… պարզ է… երբ ես քնած եմ լինում, նա հավանաբար այցելում է քեզ… դե իհարկե: Նա՞ է քեզ դերասանական վարպետության դասեր տալիս: Դե բնական է, թե չէ դու ո՜ւր,  Օֆելիան ո՜ւր:

ՍՅՈՒԶԻ — (հուզված): Դե, դա արդեն չափազանց է: Մի՞թե կարծում ես, որ քեզանից գաղտնի հանդիպում եմ Համլետի հետ: Նա միայն  մեկ անգամ է եղել ինձ մոտ, այն էլ միայն իմ դերի հետ կապված խնդիրներով… Էդվին, սպասիր, ո՞ւր ես գնում: Չլինի՞ խանդում ես: Էդվի՜ն, սպասիր…

Էդվինը չի պատասխանում, մտազբաղ դուրս է գալիս սենյակից:

ՍՅՈՒԶԻ — Ի՜նչ տհաճ բան ստացվեց: (Մեկուսի:) Երևի պետք չէր ասել Համլետի մասին… Բայց միևնույն է, վերջերս նա շատ տարօրինակ է պահում իրեն: Ինձ թվում է՝ վախենում է, չէ՛, ես կասեի՝ պարզապես սարսափում է իր դերից… (Դուռը թակում են:) Ահ, վերադարձավ, չեմ հասկանում, ի՞նչ է կատարվում: (Դուռը բացում է:) Անո՞ւշ, դու ի՞նչ գործ ունես այստեղ:

ԱՆՈՒՇ — Որ թողնես ներս գամ, կասեմ:

ՍՅՈՒԶԻ — Լավ, ներս արի, երևի թե հենց դու ես ինձ պետք:

ԱՆՈՒՇ — Գիտեմ, ես միշտ պետք եմ. եկել եմ, որ հենց դա էլ ասեմ, և եթե չգիտես՝ իմանաս: (Նայում է Սյուզիին:) Վա՜յ, ընկեր Սյուզի ջան, էս ի՜նչ սիրուն ես, ի՜նչ էլ սիրուն շորեր ես հագել, բա մազե՜րդ: Էդ քո բնական մազե՞րն են…

ՍՅՈՒԶԻ — Անուշ, հիմա դրա ժամանակը չէ, ինչ-որ բա՞ն է պատահել:

ԱՆՈՒՇ — Ինչ-որը էն խոսքը չէ, ես կասեի՝ շատ զարմանալի բան: Այգում ինձ համար նստած էի, մեկ էլ տեսնեմ ընկեր Էդվինը թատրոնից դուրս թռավ՝ հուզված, տարօրինակ շորեր հագած, սուրն էլ ձեռքին պահած:

ՍՅՈՒԶԻ — Հա՞, հետո՞…

ԱՆՈՒՇ — Ի՞նչ՝ հետո, ուզեցի մոտենամ, բայց զգացի, որ պետք չէ, քանի որ ինքը կարծես ոգիների հետ կըխոսար ու լրիվ անկապ բաներ կըսեր: Սուրն էլ էսպես վերև պահած, հա՛ կկրկներ՝ «Գնա՛, գալիս եմ քո ետևից»:

ՍՅՈՒԶԻ — Որևէ մեկը կա՞ր նրա հետ:

ԱՆՈՒՇ — Ոչ մեկն էլ չկար, բայց ինքը հաստատ ինչ-որ մեկի հետ կըխոսար: Ընձի կթվա, օր ոգի էր:

ՍՅՈՒԶԻ — Է՜, Անուշ…

ԱՆՈՒՇ — Չգիտեմ, չես ուզե, մի հավատա, բայց ես քեզի կըսեմ՝ ըդիկ ոգի էր ու ընկեր Էդվինը իրան ըսպես կըսեր՝

Երկինքը վկա, ուրվական կդարձնեմ ինձ արգելակողին:

Հեռու, ասում եմ: Գնա՜, գալիս եմ քո ետևից:

ՍՅՈՒԶԻ — Հենց այդպես էլ ասա՞ց:

ԱՆՈՒՇ — Հա, բա՞, ինչ լսել եմ, էդ էլ կըսեմ: Երեք անգամ էլ կրկնեց՝ «Գնա՜, գալիս եմ քո ետևից»: Վերջը, ձեռքը ըդպես վերև պահած գնաց, գնաց ու ընկավ այգու էն մե՜ծ փոսի մեջ…

ՍՅՈՒԶԻ — Վա՜յ, բա հետո՞…

ԱՆՈՒՇ — Հեչ, տեղիցս թռա, վազեցի, որ օգնեմ, բայց ինքը դուրս էկավ փոսից ու էնպես շարունակեց խոսել էդ ոգու հետ, կարծես ոչինչ էլ չէր եղել:

ՍՅՈՒԶԻ — Լավ, հասկացանք, բավակա՛ն է: (Մտորում է:) Լսիր, Անուշ, էն որ ասում էիր, թե կարող ես բախտագուշակություն անել…

ԱՆՈՒՇ — Է հա՜, եթե կուզես, հենց հմի կանեմ, մենակ, արդեն ասել եմ, չէ՞, հանկարծ թուղթուգրի անուն չտաս:

ՍՅՈՒԶԻ — Չէ, Անուշ ջան, ի՞նչ թուղթուգիր: Ուզում եմ իմ ապագան  գուշակես…

ԱՆՈՒՇ — Է հա, ըդիկ իմ մասնագիտությունն է: Սպասիր:

Անուշը պայուսակից հանում է արդեն ծանոթ մեծ, ոլորած ստվարաթուղթը, ուղղում և փռում հատակին: Հանում է ափսե և երկու մոմ: Մոմերը վառում է,  ափսեն երեսնիվայր դնում թղթի վրա, ինքն էլ ծալապատիկ նստում է հատակին:

ԱՆՈՒՇ — Ընկեր Սյուզի ջան, էդ լույսն անջատիր ու արի դիմացս նստիր:

ՍՅՈՒԶԻ — Էդ ինչ է, ուզում ես ոգի՞ կանչես: Ինձ պետք է, որ գուշակություն անես: Կարևոր հարց ունեմ, հասկանո՞ւմ ես: Այդ հարցի պատասխանից է կախված իմ ամբողջ ապագան… իմ կյանքը…

ԱՆՈՒՇ — (վախեցած): Լո՞ւրջ…

ՍՅՈՒԶԻ — Այո, շատ լուրջ:

ԱՆՈՒՇ — (սարսափած): Քա վա՜յ…

ՍՅՈՒԶԻ — Քեզ ի՞նչ պատահեց:

ԱՆՈՒՇ — Քա վա՜յ, էս ի՞նչ փորձանքի մեջ ընկա:

ՍՅՈՒԶԻ — Ի՞նչ փորձանք: Ասում ես, որ գուշակ ես, չէ՞, դե ես էլ ուզում եմ, որ գուշակես իմ ապագան: Ես երկընտրանքի առջև եմ կանգնած: Կամ պետք է մնամ այստեղ, կամ էլ վերադառնամ Երևան: Չգիտեմ, ո՞րն է ճիշտ ինձ համար: Հասկանո՞ւմ ես, Երևանում ինձ շատ մեծ բաներ են խոստացել… նույնիսկ բնակարան Հյուսիսային պողոտայում…

ԱՆՈՒՇ — Նույնի՜սկ, հա՞…

ՍՅՈՒԶԻ — Շքե՛ղ բնակարան:

ԱՆՈՒՇ — Պա՛հ-պա՛հ-պա՛հ, հավատս չի գալիս, վաստակավո՞ր ես, ի՞նչ ես:

ՍՅՈՒԶԻ — Պատկերացնո՞ւմ ես, առավոտյան արթնանում ես, պատշգամբից դուրս ես նայում…

ԱՆՈՒՇ — Հա, ի՞նչ… ի՞նչ կա էնտեղ նայելու, տեսել եմ էդ քո Հյուսիսային պողոտան. էդ շենքերում դեռ լույս էլ չեն քաշել, ճիշտ էս մեր թատրոնի շենքի զուգարանի նման է՝ մութ, մութ, ոչ մի պատուհանից լույսի նշույլ չի երևում… Բոլոր բնակարանների լույսերն անջատված են: Ես քո տեղը էղնիմ, կհրաժարվիմ:

ՍՅՈՒԶԻ — Է՜, Անուշ, հիմար բաներ ես ասում. եթե կարող ես, ապագաս գուշակիր, թե չէ…

ԱՆՈՒՇ — Է, ըդիկ շատ հեշտ է, ընկեր Սյուզի ջան: Ես էլ վախեցա, թե էս ի՞նչ կըսե: Նստիր, նստիր, էդ լույսը անջատե ու նստիր, հմի բոլոր հարցերիդ պատասխանները կուտամ…

Անուշը ձեռքը դնում է ափսեի վրա ու սկսում  անձայն խոսել:

ՍՅՈՒԶԻ — Էդ ո՞ւմ հետ ես խոսում:

ԱՆՈՒՇ — Սո՜ւսսս…

ՍՅՈՒԶԻ — (թերահավատ՝ սկսում է նմանակել Անուշին):

ԱՆՈՒՇ — Ընկեր Սյուզի ջա՜ն, եթե կուզես ապագադ լավ էղնի, քեզի լուրջ պահե: Շատ կարևոր մոմենտ է:

ՍՅՈՒԶԻ — (ձեռքով փակում է բերանը, ծիծաղում է): Անուշ, կներես, հա՞, մի բան ասեմ, հետո շարունակիր…

ԱՆՈՒՇ — (նյարդայնացած): Է՜, չեղավ, խոսքը բերանը մնաց…

ՍՅՈՒԶԻ – Ո՞ւմ…

ԱՆՈՒՇ — Հրեշտակի, էլ ո՞ւմ…

ՍՅՈՒԶԻ — Դե լավ, է՜…

ԱՆՈՒՇ — Չես հավատա՝ հմի կթողնիմ կերթամ:

ՍՅՈՒԶԻ — Չէ, հավատում եմ, պարզապես մի բան հիշեցի:

ԱՆՈՒՇ — Ի՞նչ:

ՍՅՈՒԶԻ — Ուզում էի ասել, որ եթե կարող ես, արա այնպես… որ Էդվինը…

ԱՆՈՒՇ – Էդվինը՝ ի՞նչ…

ՍՅՈՒԶԻ – Դե, ո՞նց ասեմ…

ԱՆՈՒՇ — Ի՜, մարդավարի՛, ինչ մտածում ես՝ ասա:

ՍՅՈՒԶԻ — Ուզում եմ, որ Էդվինն ինձ շատ սիրի, հասկանո՞ւմ ես: Ուզում եմ, որ նրա աչքին ես լինեմ կատարյալ, երազային մի էակ, որ նա ինձ սիրի, ինչպե՞ս ասեմ… ինչպես Ռոմեոն էր սիրում Ջուլետին… և, ամենակարևորը, որ նա ինձ անգամ հայացքով չփորձի դավաճանել, որ ինձանից բացի ուրիշ ոչ մի կնոջ վրա ուշադրություն չդարձնի…

ԱՆՈՒՇ — (զայրացած տեղից վեր է թռչում): Էդպես էլ գիտեի… Էս կանայք ոտքից գլուխ փորձանք են…

ՍՅՈՒԶԻ — Ո՞վ է փորձանք, ե՞ս: Անուշ, ես իմ գործը, սերիալները… լավ աշխատավարձը… իմ ամեն ինչը թողած եկել եմ, որ Էդվինի կողքին լինեմ, իսկ նա…

ԱՆՈՒՇ — Իսկ նա՝ ի՞նչ:

ՍՅՈՒԶԻ — Իսկ նա աչքը չի հեռացնում էն… Լուսինեից: Չե՞ս կարող մի բան անել, որ օգնես ինձ…

ԱՆՈՒՇ — Ես գիտեի, գիտեի… վա՜յ, էս ի՛նչ փորձանք են էս կանայք:

ՍՅՈՒԶԻ — Քեզ ի՞նչ պատահեց…

ԱՆՈՒՇ — (արագ իրերն է հավաքում): Քեզ չասացի՞, որ մեռնեմ՝ թուղթուգիր չեմ անի:

ՍՅՈՒԶԻ — Ես նման բան չխնդրեցի:

ԱՆՈՒՇ — Բա էդ ասածդ ո՞նց հասկանամ: Ուզում ես Լուսինեին, էդ անմեղ հրեշտակին թուղթուգի՞ր անեմ: Նա մեր թատրոնի զարդն է: Ո՞վ չի հիանում նրանով, որ Էդվինը չհիանա: Եվ լավ իմացիր, երբե՛ք մտքովդ չանցնի, որ ես ընկեր Էդվինին  թուղթուգիր անեմ: Ինքը մեր Համլետն է, մեր ապագա Օթելլոն, մեր… արտիստը… Այ, դու էլ կարող ես նրան արժանի լինել… ասե՞մ՝ ինչ, հե՛նց ուղիղ դեմ երեսիդ եմ ասում՝ եթե ուզում ես երջանիկ լինել, ուրեմն մնա՛ Գյումրիում, ուրեմն եղիր Էդվինի կողքին: Եվ խոստանում եմ՝ շա՜տ լավ ապագա կունենաս: Հյուսիսային պողոտան էլ մտքիցդ հանիր: Ըդիկ դերասանների համար չէ: Դերասանի տեղը թատրոնն է, իմացա՞ր: (Գնում է, բայց հետո գլուխը դռնից ներս է խոթում:) Ընկեր Սյուզի ջան, խնդրեմգը, հանկարծ էդ քյաֆթառին չկանչես, նա որ թուղթուգիր արեց, էլ փրկություն չի լինի: (Դուռը փակում է:)

 

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

Ժամանակ: Նույն օրը, կեսգիշեր:

Գործողության վայր: Էդվինի սենյակ: Մութ է, միայն խորհրդավոր լույս պատուհանի մոտ, իսկ բազկաթոռին նստած է Վահրամ Փափազյանը:

ՓԱՓԱԶՅԱՆ — (նստած է այնպես, որ դեմքը չի երևում): Խե՜ղճ երեխա. նա իրոք  տառապում է… մահու տագնապի մեջ է. Դանեմարքայի արքայազնի հոգեվիճակում է, ով իր սեփական ցավերը կարծում է համամարդկային և համամարդկայինը համարում սեփական և բողոքում է անսրբագրելի անիրավության դեմ, որ մարդկային ծնունդով է գալիս ու իրենն է, քանի որ բոլորինն է:

Դուռը բացվում է, ներս է խուժում Էդվինը՝ կրկին Համլետի հագուստներով, սուսերը՝ ձեռքին: Այնպիսի տեսք ունի, կարծես ինքն իր հետ կռիվ է տալիս:

ՓԱՓԱԶՅԱՆ — (վեր է կենում, ձեռքերը բարձրացնում ու նայում է Էդվինի աչքերի մեջ): Ողջո՛ւյն, իմ դալարաճյուղ ու կանաչ ընկեր, ողջո՛ւյն, արքայազն Համլետ:

ԷԴՎԻՆ — (սուսերը ցած է դնում, մոտենում): Արդեն հասե՞լ  է ամենապատասխանատու պահը:

ՓԱՓԱԶՅԱՆ — Այո, ճիշտ գուշակեցիր: Արիացի՛ր, տղա՛ս: Դու կարո՛ղ ես սա հաղթահարել: Հետևիր ներքին ձայնիդ, դու արդեն Համլետն ես, ով պետք է ասի իր ամենակարևոր մենախոսությունը: Այն պետք է լինի հեռվից, շատ հեռվից կազմված մի հարցի պատասխանի պես, որի յուրաքանչյուր բառը, հալած կապարի ծանրությամբ, մեռյալ լճի սև ջրերի վրա է ընկնում այնպիսի մահացու ճողփյունով, որ դիտող հանդիսատեսը ցավը զգա իր էության խորքում. «Լինել թե չլինել». այս բառերը պետք է ասել այնպես, ինչպես կասեիր՝ «Ապրել թե մեռնել»:

ԷԴՎԻՆ — Վարպետ, բայց ինչո՞ւ ներարկեցիր իմ մեջ Համլետի քննական միտքն ու ըմբոստ հոգին: Ախր, նման հոգի ունեցողը չի՛ կարող երջանիկ  լինել:

ՓԱՓԱԶՅԱՆ – Տղա՛ս, բայց ի՞նչ է երջանկությունը: Երջանիկ է նա, ով գոհ է իր վիճակից ու երկրպագում է արդեն եղածին: Սա ստրուկի հոգեբանություն է և ոչ թե անդուլ մաքառում աշխարհը բարեփոխելու համար, որ հատկությունն է հազվադեպ հոգիների, որոնց երևույթը մարդկային կյանքում ասուպի նման է: Այդ լուսավոր ու զորեղ անհատներն են բողոքողները և նրանց բողոքն է հույս ներշնչողը:

ԷԴՎԻՆ — (երկյուղած): Վարպե՛տ, ես չեմ ուզում ապրել ստրուկի հոգեբանությամբ… բայց ես ուզում եմ… ապրե՜լ:

ՓԱՓԱԶՅԱՆ — Ահա՜, դե ուրեմն ապրի՛ր, գտիր քո երջանկությունը, մաքառիր և փորձիր լինել այդ ասուպը: Եղիր այն բողոքող անհատը, ում բողոքը մարդկանց հույս կներշնչի:

ԷԴՎԻՆ — Ես վախենում եմ, վարպե՛տ, ես ուզում եմ, որ դու անդադար լինես իմ կողքին, որ չմոլորվեմ, չշեղվեմ ճանապարհից… որ դու սիրտ տաս ինձ.

Աշխարհը իր շավղից դուրս է սայթաքել:

                      Օ՜, անիծյալ բախտ իմ դժխեմ

                      Ինչու ծնվեցի, որ այդ ես ուղղեմ:

ՓԱՓԱԶՅԱՆ — Վախը բնական զգացմունք է, տղա՛ս, հատկապես այս մենախոսության ժամանակ. ի վերջո այն մահվան հետ հարցազրույց անելու նման մի բան է: Մի օր ինձ ծանոթ մի գազանազուսպի հարցրեցի, թե ինչպե՞ս չէր վախենում, երբ քնում էր իր չորս գազանների հետ նույն վանդակում: Նա պատասխանեց. «Սկզբներում, այո, վախենում էի պատառոտվելու վտանգից. և մի օր ճարահատյալ այնքան վախեցա իմ սեփական վախից, որ վախը իր հերթին վախեցավ ինձանից»: Տղա՛ս, արա այնպես, որ վախն ինքը քեզանից վախենա: Հիշո՞ւմ ես հմայիլը, որ տվեցի քեզ. այն միշտ մոտդ պահիր: Եվ հիշիր, Համլետը ինչքան տվայտանք է պատճառում, նույնքան էլ երջանկություն պետք է շռայլի քեզ:

ԷԴՎԻՆ – Վարպե՛տ, դու ինձ շատ բան սովորեցրիր: Այն օրից, որ քեզ տեսա, շատ բան փոխվեց իմ կյանքում: Ինքս էլ եմ ապշում, թե ինչպե՞ս, ի՞նչ մոգական ուժով է Շեքսպիրը՝ այդ կախարդը կարողացել իրեն ենթարկել անցյալի ուրվականներին, առանց խելագարվելու… Հիմա ես պատրաստ եմ, և նախքան վաղվա առաջնախաղը, ուզում եմ մի վերջին անգամ գնահատես մենախոսության իմ մեկնաբանությունը:

Փափազյանը նստում է բազկաթոռին:

ԷԴՎԻՆ –       Լինել թե չլինել, այս է խնդիրը.

                        Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ,

                        Տանել գոռ բախտի պարսաքարերը և սլաքները,

                        Թե զենք վերցնել ցավ ու վշտերի մի ծովի ընդդեմ,

                        Եվ դիմադրելով՝ վերջ տալ բոլորին:

                        Մեռնել, քընանալ, ոչինչ ավելի,

                        Եվ մտածել, թե մի պարզ քընով, մենք վերջ ենք տալիս

                        Այն սրտացավին և բյուր բնական անձկություններին,

                        Որոնց ժառանգն է մեր հեգ մարմինը,

                        Մի վախճան է դա՝ հոգով բաղձալի,

                        Մեռնել, ննջել, ննջե՞լ… գուցե երազել.

                        Ա՜յ, ցավն այդտեղ է, քանզի այդ մահվան քընի ժամանակ

                        Ի՞նչ կերպ երազներ պիտի գան գուցե՝

                        Երբ այս մահացու կապանքը մեզնից թոթափած լինենք.

                        Ահա ինչ որ մեզ խորհել պետք է տա. այս նկատումն է

                        Որ այսչափ երկար տևել է տալիս թշվառությունը:

                        Թե ոչ, ո՞վ արդյոք կուզեր հանդուրժել

                        Աշխարհի այնքան նախատինքներին և մտրակներին,

                        Քամահրած սիրո տվայտանքներին,

                        Օրենքի բոլոր ձգձգումներին

                        Պաշտոնյաների աներեսության,

                        Այն հարվածներին որ համբերատար արժանավորը

                        Ստանում է միշտ անարժաններից,

                        Այնինչ կարող էր մարդ իր հաշիվը իր ձեռքով փակել

                        Մի մերկ դաշույնով: Ո՞վ կհանդուրժեր այսքան բեռ կըրել,

                        Հեծել ու քրտնել տաղտուկ կյանքի տակ

                        Եթե երկյուղը մի ինչ-որ բանի մահվանից հետո,

                        Այն անհայտ երկրի, որի սահմանից

                        Ոչ մի ուղևոր չի վերադառնում,

                        Չըձգեր կամքը երկբայության մեջ, և մեզ չստիպեր

                        Տանել ավելի այն չարիքները, որ այստեղ ունինք,

                        Քան թե սավառնել դեպի նոր ցավեր, որոնց անգետ ենք:

                        Խոհամտությունն, այսպես, ամենքիս վախկոտ է դարձնում,

                        Եվ հենց այս կերպով վճռականության բնածին գույնը

                        Ախտաժետվում է խորհրդածության գունաթափ ցոլքից,

                        Եվ շատ ձեռնարկներ, մեծ ու կարևոր.

                        Շեղվում են այսպես իրենց հոսանքից,

                        Եվ գործ կոչվելու անարժան դառնում:

                        Բայց կա՛ց, ո՞վ է այս: Սիրուն Օֆելիա՞ն — Ո՜վ հավերժահարս,

                        Աղոթքներիդ մեջ թող հիշվին նաև բոլոր մեղքերըս:                 

Պարտադիր չէ, որ մենախոսությունն ամբողջությամբ ասվի: Այդ ընթացքում  աստիճանաբար լուսանում է և Փափազյանն աննկատ հեռանում է: Բեմի լուսավորությունը միայն  Էդվինի վրա է: Պետք է ստեղծել այնպիսի տպավորություն, որ նա արդեն հանդիսատեսի առջև է: Երբ մենախոսությունն ավարտում է, լսվում են բուռն ծափահարություններ, հետո լույսերւ մարում են: Մութ է, միայն մեկ աղոտ լույս կա. Էդվինը քնած է այն բազկաթոռին, որտեղ քիչ առաջ Փափազյանն էր նստած: Նա Համլետի հագուստով է, ձեռքին Փափազյանի «Հետադարձ հայացք» գիրքն է:

Դուռը կամաց բացվում է, ներս է մտնում Սյուզին՝ Օֆելիայի հագուստով: Մոտենում է Էդվինին և զգուշությամբ վերցնում գիրքը նրա ձեռքից:

 

ԵՐՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

Ժամանակ: Հաջորդ օրը, առավոտյան:

Գործողության վայր: Սյուզիի սենյակ:

Իրարանցում է: Անահիտը, Համլետն ու Սյուզին դասավորում են սենյակը: Սենյակի կենտրոնում դրված սեղանին մեծ ծաղկեփունջ է, կենտրոնում՝ միկրոֆոն: Սեղանի մի կողմում հինգ աթոռ է դրված, որոնք նայում են դահլիճ:

ՍՅՈՒԶԻ — Էս սեղանի վրա պետք է սփռոց փռել:

ԱՆԱՀԻՏ — Բերել եմ, բերել, Սյուզի ջան: Մի անհանգստացիր, սեղանը հին է, ճաքած, բայց կարևորը դա չէ: Այ, կտեսնես, թե ինչ լավ հաղորդում է ստացվելու: Համլետ ջան, շուտ արա, գնա Էդվինին ասա, թող շտապի, հիմա ուր որ է մեր լրագրողը կգա:

Դուռը բացվում է, ներս է մտնում Էդվինը:

ԷԴՎԻՆ — Էս ի՞նչ գործի եք, բա ստուդիա չե՞նք գնում:

ՀԱՄԼԵՏ — Ոչ, հարցազրույցն այստեղ է լինելու, լրագրողն ասաց, որ այսպես ավելի բնական կստացվի:

ԷԴՎԻՆ — Որևէ մեկդ իմ սենյակից գիրք վերցրե՞լ է:

ԱՆԱՀԻՏ — Ի՞նչ գիրք, Էդվին ջան, «Համլե՞տը»:

ՍՅՈՒԶԻ — Էդվին, ես… (Դուռը թակում են:) Ահա, եկավ, նա է՝ Ախուրյան հեռուստաընկերության լրագրող Անուշ Հակոբյանը: (Շտապով դուռը բացում,  զարմացած ընկրկում է:) Մի րոպե… էս ի՞նչ է կատարվում, Անո՞ւշ… էս Անուշը դո՞ւ ես…

Էդվինը զարմացած նայում է:

ԱՆՈՒՇ  — (դիմահարդարված, գեղեցիկ ու նորաոճ հագնված): Բարև ձեզ: Սյուզի ջան, ինչպես տեսնում ես, Անուշը Անուշն է: Բայց եկեք նորից ծանոթանանք: Ես Անուշ Հակոբյանն եմ՝ Ախուրյան հեռուստաընկերության գեղարվեստական հաղորդումների հաղորդավարը: Լավ, էլի, ի՞նչ եք զարմացած նայում, հիմա կբացատրեմ:

ԱՆԱՀԻՏ — Աղջիկ ջան, դու հո դերասան չե՞ս: Չէր լինի՞, հենց սկզբից ասեիր՝ ով ես, որ էս մարդիկ հասկանային: Հմի պտի կարծեն, թե իրանց ձեռ կառնիս:

ՀԱՄԼԵՏ — Դերասան ասիր ու պրծա՞ր: Էս Անուշը ամեն անգամ մե օյինըմ  կխաղա մեր գլխին:

ԱՆԱՀԻՏ — Չէ հա, էդ ինքը ո՞վ եղավ, որ մեր գլխին էլ օյին խաղա: Իրա ցերեկով անցածը գիշերով եմ անցել: Սրա՜ն տես, էկել, սատանի մայլեն քյանդրբազ կխաղա, քեզի օյի՛ն ցույց կուտամ…

ԱՆՈՒՇ — Է՜, չեղավ, թողեք էլի, ասի՝ հմի կբացատրեմ:   

ԷԴՎԻՆ — Շատ հետաքրքիր է, խնդրում եմ բացատրես: Ուրեմն դու գուշակ չե՞ս:

ԱՆՈՒՇ — Ըբը ի՞նչ եմ, օր գուշակ չեմ, Էդվին ջան: Իսկական լրագրողը պտի  գուշակ էլ էղնի, բա ո՞նց: Ես իրոք գուշակ եմ, կուզե՞ս ընկեր Անահիտին հարցրու:

ԱՆԱՀԻՏ — Ընձի էդ գործերիդ չխառնե՛ս…

ՍՅՈՒԶԻ — Էդվին, սպասիր, կարծես էստեղ միայն ես և դու ենք խաբված… Անուշ, ուրեմն դու ճակատագրեր չե՞ս փոխում…

ԱՆՈՒՇ — Էն էլ ո՜նց… էլ ի՜նչ լրագրող, եթե չես կարող ճակատագրեր փոխել: Չէ՞, ընկեր Անահիտ:

ԱՆԱՀԻՏ — Ես քու վկադ չեմ, աղջի՛կ ջան: Էլ ի՞նչ շնորհք ունիս, միանգամից ցույց տուր, պրծնինք: Թե էս քաղաքում ո՞վ չի կռնա ճակատագիր փոխել, կամ գուշակություն անել:

ԱՆՈՒՇ — Հա՛-հա՛-հա՛, շատ լավ ասիր: Բայց իմ պես ոչ մեկը չի կռնա, ընկեր Անահիտ ջան: Դե, լավ, ի՛նչ ասեմ, իրականում այնքան էի ուզում իմանալ թատերական  այս նոր նախաձեռնության մանրամասները, որ ստիպված դիմեցի լրագրողական այս հնարքին: Իմ մասնագիտությունը պահանջում է լինել հնարամիտ: (Ծիծաղում է:) Եթե իմանայիք՝ ով եմ, վստահ եմ, ինձ ընդհանրապես մոտ չէիք թողնի: Բայց ես պետք է ծանոթանայի ներքին խոհանոցին, այն ամենին, որ տեղի էր ունենում ներկայացման փորձերի ընթացքում:

ՀԱՄԼԵՏ — Էս լրագրողներից ամեն ինչ սպասելի է: Բայց դժգոհել չեմ կարող: Թատրոնում հնարամտությունը  բարձր է գնահատվում:

ՍՅՈՒԶԻ — Դու սա հնարամտություն ես համարո՞ւմ:

ԱՆԱՀԻՏ — Իրոք, արածդ ավելի նման էր խաբեության: Քեզ հնարամտություն ցույց կտայինք,  եթե էս լավ օրով բարձր տրամադրության մեջ չլինեինք…

ԱՆՈՒՇ — Ես էլ եմ շա՜տ բարձր տրամադրության մեջ, ընկեր Անահիտ ջա՜ն. դե եկեք այդ նույն ոգով սկսենք այսօրվա մեր հաղորդումը: Մանավանդ, որ շատ ժամանակ չունենք, իսկ մեր գյումրեցիները հիմա իրենց հեռուստացույցները գրկած նստել են ու անհամբեր կսպասեն: (Նստում է միկրոֆոնի դիմաց: Նրա աջ կողմում նստում են Համլետն ու Անահիտը, ձախ կողմում՝ Էդվինն ու Սյուզին:) Բարև ձեզ, սիրելի գյումրեցիներ, տեսա՞ք, թե ինչպես կատարվեց իմ հերթական գուշակությունը: Խնդրեմ, փաստ է, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ կատարածս գուշակությունն այսօր դարձել է իրականություն: Այս երեկո, ժամը 7-ին, Գորկա սադի բացօթյա դահլիճում տեղի կունենա «Համլետի» առաջնախաղը: Այժմ ես և մեր նկարահանող խումբը գտնվում ենք թատրոնի հին շենքի սենյակներից մեկում: Իմ զրուցակիցներն են այս մեծ նախաձեռնության իրականացնողներից  Գյումրու թատրոնի տնօրեն Անահիտ Վարդանյանը, ռեժիսոր Համլետ Արամյանը, ինչպես նաև Երևանից ժամանած մեր հյուրերը՝ բոլորիդ քաջ հայտնի սերիալների աստղ, սիրված դերասան Էդվին Անանյանն ու դերասանուհի Սյուզի Մելքոնյանը: Սիրելի հեռուստադիտողներ, ահա արդեն մոտ երկու ամիս է, ինչ ինքս ինձ գործուղել եմ Գորկա սադ: Ծպտվել եմ, որպեսզի կարողանամ ամեն գնով ներկա լինել, երբեմն էլ նույնիսկ մասնակից դառնալ այն ամենին, ինչ կատարվում էր այստեղ: Իսկ դա մի աննախադեպ երևույթ էր, այնքան հետաքրքիր ու ինքնատիպ, որ հանուն դրա պատրաստ էի դիմել է՛լ ավելի համարձակ քայլերի: Վստահ եմ, որ դուք ճիշտ կգնահատեք իմ արարքը, սիրելի հեռուստադիտողներ, քանի որ դա արել եմ հանուն ձեզ: Եվ հիմա, երբ արդեն ամեն ինչ պատրաստ է, կարող եմ հանգիստ սրտով բացել փակագծերը: Այսպիսով, առաջին հարցը ցանկանում եմ ուղղել մեր սիրելի ռեժիսոր Համլետ Արամյանին: Նա այնքան երիտասարդ է, որ շատ շինծու կլիներ, եթե նրան պարոն ասեի: Այնպես որ, սիրելի ընկեր Համլետ ջան, խնդրում եմ մի քանի բառով մեր հեռուստադիտողին պատմեք, թե ինչպե՞ս ծագեց Գորկա սադ բացօթյա թատրոնի մտահղացումը: Խնդրեմ.

ՀԱՄԼԵՏ — Շնորհակալություն: Նյու Յորքում եղբորս հետ գնացինք Սենթրալ Պարկ: Դելաքորթը հազար ութ հարյուր տեղանոց բացօթյա թատրոն է,  որտեղ ամառային սեզոնին խաղում են Շեքսպիր: Ներկայացումներն  անվճար են: Մարդիկ գիշերվանից հերթ են կանգնում, որպեսզի տոմսակներ ձեռք բերեն: Ինձ հաջողվեց դիտել մեկ ներկայացում՝ «Կամակոր կնոջ սանձահարումը»: Շեքսպիր, սակայն բոլորովին այլ՝ սուպերժամանակակից մեկնաբանությամբ:

ԱՆՈՒՇ — Բայց այստեղ, այսինքն՝ Գորկա սադում, խաղալու եք «Համլետ»՝ դասական մեկնաբանությամբ, այնպես չէ՞:

ՀԱՄԼԵՏ — Շատ ճիշտ եք: Նախ՝ այգում բացօթյա անվճար ներկայացումներ  տալը հրաշալի ու գեղեցիկ  գաղափար է և մեր քաղաքին շատ սազական: Աշխարհի շատ ու շատ քաղաքներում կան Շեքսպիրը Զբոսայգում թատրոններ, իսկ մենք ումի՞ց ենք պակաս: Ներկայացումները կլինեն դասական ոճով, որն, ըստ իս, առավել կգոհացնի մեր հանդիսատեսին:

ԱՆՈՒՇ — Շատ լավ: Ընկեր Անահիտ ջան, եթե կարելի է, մի քանի բառով ներկայացրեք, թե ինչպե՞ս կարողացաք այս ծրագիրը գլուխ բերել: Չէ՞ որ նման ծրագիր իրականացնելը բավական ծախսատար է, որտեղի՞ց կարողացաք միջոցներ հայթայթել:

ԱՆԱՀԻՏ — Անուշ ջան, մատդ դրեցիր ամենացավոտ կետի վրա: Մենք իրոք այս ծրագիրը չէինք կարողանա իրագործել, եթե արտերկրում ապրող մեր շատ նվիրված համաքաղաքացիներից մեկը մեզ չաջակցեր: Այս պահին նրա անունը չեմ կարող տալ, բայց շուտով նա անձամբ է գալու Գյումրի:

ԱՆՈՒՇ — Իրո՞ք: Ընկեր Անահիտ ջան, կարո՞ղ եմ խնդրել, որ երբ նա ժամանի, ինձ տեղյակ պահեք… թե՞ նորից պետք է ստիպեք, որ դիմեմ իմ լրագրողական հնարքներին… դուք գիտեք, ես ամեն ինչի պատրաստ եմ:

ԱՆԱՀԻՏ — Դե հա, կասկած չունեմ, քեզանից ամեն ինչ սպասելի է: (Ծիծաղում են:) Հարցն այն է, որ նախ պետք է տեսնենք, թե որքանո՞վ կհաջողվեն ամառային խաղաշրջանի այս ներկայացումները: Եթե ամեն ինչ լավ գնա, ապա որոշել ենք շատ կարճ ժամկետում իրականացնել ևս մեկ համարձակ և ծավալուն ծրագիր:

ԱՆՈՒՇ — Խնդրում եմ, կարո՞ղ եք մի փոքր բացել փակագծերը:

ԱՆԱՀԻՏ — Վա՜յ, ինչ անհամբերն ես, Անուշ:

ՍՅՈՒԶԻ — Բայց մենք էլ ենք ուզում իմանալ, տիկին Անահիտ, այդ ի՞նչ ծրագրի մասին է…

ԱՆԱՀԻՏ — Լավ, ասեմ միայն այսքանը. ցանկանում ենք այնպես կազմակերպել, որ ամառային խաղաշրջանի ավարտից հետո շեքսպիրյան թատրոնը շարունակի գործել, և ներկայացումները լինեն հենց այս շենքում: Եվ հետո, մտադիր ենք մեր բոլոր դերասաններին և առհասարակ թատրոնի ողջ կոլեկտիվին բնակեցնել նոր և հարմարավետ բնակարաններում՝ նույն շենքում, որը շատ մոտ կլինի թատրոնին: Կարծում եմ, այս մի քանի շաբաթվա ընթացքում բոլորը զգացին, թե դա ինչ ճիշտ գաղափար էր: Ասել եմ, չէ՞, դերասանը պետք է ապրի թատրոնում, թատրոնով: Վե՛րջ… Խնդրում եմ, այս թեմայով այլևս հարցեր չտաք:

ԱՆՈՒՇ — Լավ, ընկեր Էդվին, կարծում եմ, ամենադժվարը ձեզ համար էր: Ի՞նչ կասեք, ինչպիսի՞ փորձառություն ունեցաք այս դերին նախապատրաստվելիս:

ԷԴՎԻՆ — Աննկարագրելի: Միայն կարող եմ ասել հետևյալը: Շեքսպիրն ինձ  վերափոխեց: Նա ցանկացած պահի կարող է ոգեշնչել վաղուց հանգած ոգիներին: Եվ այդ ոգիները խռնվում են նրա շուրջը՝ հլու, կենդանի, իրենց ապրած ճակատագրերի խորհրդավոր մղձավանջը աչքերում, յուրաքանչյուրը մի-մի միկրոկոսմոս, յուրաքանչյուրը մի-մի հավիտենականություն…

ԱՆՈՒՇ — Շատ հետաքրքիր է: Իսկ դուք հավատո՞ւմ եք ոգիների գոյությանը:

ԷԴՎԻՆ — Կարծում եմ, դա մի բան է, որ երբեմն մեզանից յուրաքանչյուրը կարող է զգալ: Այո, կարող եմ ասել, որ իրենց ժամանակի բոլոր մեծ դերասանները, հատկապես նրանք, ովքեր Համլետ են խաղացել, կարծես վերևից հսկում էին ինձ: Ամեն օր տեսնում եմ նրանց ուրվականները: (Նայում է Փափազյանի նկարին:) Եվ այդ պատճառով էլ սնահավատի պես ինձ մոտ ահա այս հմայիլն եմ պահում: (Ափը բացում և ցույց է տալիս:)

Դրսից լսվում է նվագախմբի տոնական երաժշտության ձայնը:

ԱՆՈՒՇ — Սիրելի գյումրեցիներ, ահա, արդեն սկսվել են տոնական միջոցառումները: Այնպես որ, հաղորդման ավարտին պես բոլորդ շտապեք Գորկա սադ: Վերջին խոսքը պետք է տամ սիրելի դերասանուհուն: Ընկեր Սյուզի, ի՞նչ կցանկանաք ասել մեր հեռուստադիտողներին:

ՍՅՈՒԶԻ — Անչափ շնորհակալ եմ: Եթե թույլ տաք, ցանկանում եմ ընթերցել:

ԱՆՈՒՇ — Խնդրեմ:

ՍՅՈՒԶԻ — (տեղից վեր է կենում, վերցնում է գիրքը, որը պահել էր դարակում): Էդվին, սիրելիս, կներես, բայց ուզում եմ բոլորին պատմել այն, ինչին ականատես եմ եղել: Սիրելի հեռուստադիտողներ, Գյումրիում գտնվելու մեր առաջին օրերն էին: Մտածում էինք վերադառնալ Երևան: Գիշեր էր: Չէի կարողանում քնել: Էդվինի սենյակի կողքով անցնելիս ձայն լսեցի: Սկզբում կարծեցի, թե օտար տղամարդու ձայն է, բայց հետո զգացի, որ Էդվինն է, պարզապես խոսում է մեկ ուրիշի ձայնով: Իսկ այդ մեկ ուրիշը, ահա, այս գրքի հեղինակն է: Հիմա կընթերցեմ հենց այն, ինչ լսեցի Էդվինի սենյակից: Այնուհետև ինքներդ կարող եք դատել, թե ինչպես եղավ, որ ես և Էդվինը, այո՛, ճիշտ գուշակեց Անուշը, որոշեցինք մնալ այս քաղաքում: (Անչափ ոգևորված ու հուզված սկսում է ընթերցել:) Վահրամ Փափազյան, հատված «Հետադարձ հայացք» գրքից:

«Սեզոնի վերջում, Զարիֆյանի խնդրանքով, առաջին անգամ այցելեցի Ալեքսանդրոպոլ:  Այդ քաղաքը, որ հետագայում դառնալու էր ինձ համար բոլոր քաղաքներից ամենասիրելին, առաջին հայացքից ծանր տպավորություն թողեց վրաս: Նրա ծուռ փողոցները, կեղտոտ բակերը, անխնամ արտորանքով, կիսովին կառուցված, սև, անկտուր, թախծոտ ճակատով տները, կիսաքանդ քարակույտերը, անծառ ու անծաղիկ այդ գորշ քաղաքը հիշեցնում էր վաղուց մոռացված մի գերեզմանատուն: Բնակչությունը, սակայն, իսկույն ինձ գրավեց. գյումրեցին իր ավանդությամբ, վարք ու կենցաղով, այլև տարազով մաքրարյուն հայ էր: Զգում էի, որ Հայաստանում եմ: Բացի այդ, նրանց բարբառն ու նիստուկացը, երգն ու պարը ինձ հիշեցնում էին ընդմիշտ կորած մի հայություն, որից սերել էի ես և որի հիշողությունը ապրում էր սրտիս մեջ, ինչպես թղթատված գրքի էջերում մոռացված ծաղկի ցավոտ բուրմունքը:

            Օ՜, քանի անգամ մութ գիշերներով, բուք ու բորանին, հեռվից թե մոտից, եկել հասել եմ, երբ ինձ կանչել ես, ու միշտ գոհ սրտով քեզանից հեռացել: Քանի՜ տառապանք, որքա՜ն անարգանք անգիտակցաբար դարմանել ես դու իմ հանդեպ խորունկ բարեկամությամբ, մտերի՛մ քաղաք, ծանր ժամերին միշտ ի՛մն ես եղել և չես իմացել, որ միշտ պարտական եմ մնացել ես քեզ…

            Իսկ հիմա ծաղկիր, երջանիկ քաղաք, քո շողշողուն լույսը թող կուրացնի մեր ոսոխներին, քո զավակների կրծքերին հենված պահապան կանգնիր մեր սահմաններին, և երբ հոգնած՝ օտար վայրերում աչքերս փակվեն՝ ուրախ ժամերիդ ինձ մեկ-մեկ հիշիր…»: 

Դրսից լսվում են զվարթ ձայներ, նվագախումբը նվագում է ուրախ քայլերգ:

ԱՆՈՒՇ — Դե, սրանով ավարտում ենք այսօրվա հանդիպումը: Ձեզ սպասում ենք Գորկա սադում «Համլետի» առաջնախաղին:

Բոլորըդուրս են գալիս: Դռան մոտ Էդվինն ու Համլետն են:

ԷԴՎԻՆ — Համլետ, մի րոպե սպասիր:

ՀԱՄԼԵՏ — Ի՞նչ կա, Էդվին ջան:

ԷԴՎԻՆ — Մեր հանդիպման հենց առաջին օրը գիրքը թևիդ տակ դրած ներս մտար, հիշո՞ւմ ես:

ՀԱՄԼԵՏ — Հա, միշտ մոռանում եմ ասեմ…

ԷԴՎԻՆ – Մոռանո՞ւմ ես, թե՞ դիտավորյալ էիր թողել ինձ մոտ և մի քանի տեղ էլ էջանիշ էիր դրել: (Համլետն անմեղ տեսք է ընդունում:) Դե լավ, լավ, տո շա՛տ էլ լավ էիր արել: Կարծես չհասկացա՞, որ այս ամենը նախօրոք կազմակերպված ներկայացում էր:

Գրկախառնվում են և միասին դուրս են գալիս: