Այսօր ՎԱՐՊԵՏԻ ծննդյան օրն է

1993 թ. հուլիսի 4-ին, «Արտիստական» թատրոնում «Հացագործի կինը» ներկայացումն էր: Մհերը իր ծննդյան օրը բեմում էր… Դա խաղ չէր, միակ ճիշտ բնորոշում-բառը մինչև հիմա դեռ չեմ գտել, թեև այդ ներկայացումից հետո քանի՜ անգամ հանդիպեցինք, զրուցեցինք, հետո մեր հարցազրույցի վերջնական տեքստը կարդաց ու գոհ մնաց, բայց «Գարունում» տպագրված՝ չտեսավ…
«…Հացթուխի դերը «Հացթուխի կինը» ներկայացման մեջ ոչ միայն իրեն պարտադրված կաղապարից, այլև պատկերավոր ասած՝ Սունդուկյանի շենքից դուրս գալու վերջին քայլն էր: Սեփական թատրոնում իր հանդիսատեսի առաջ Մկրտչյանը ձերբազատվեց ամեն ինչից և ամենքից ու եղավ՝ ինչ եղե՛լ էր ու կա՛: Նա կարողացավ ներկայացման ընթացքում իր վրա պահել բոլորի հայացքներն ու մտքերը, թեև, Տերն է վկա, մնացած դերակատարներից յուրաքանչյուրը հրաշալի էր խաղում: Նա էր դահլիճի տերը և ստիպում էր իր հետ սիրել, ատել, գժվել: Նա բոլորին ստիպում էր հացթուխ դառնալ, մի՞թե դա չէ ամեն մի դերասանի երազանքը: Նրա հացթուխը և՛ Ռոմեո է, երբ գիշերվա լռության մեջ հնչում է սերենադը, և՛ Պաղտասար է, երբ չի կարողանում հարմարվել անկողնում, և՛ Օթելլո է, թեև չի խեղդում, բայց սպանում է սիրած կնոջ դավաճանությունը կատվին մեկնած կաթի ամանով… Իսկ երբ նրա հացթուխը քնի մեջ բռնում է հովվի հետ փախչել պատրաստվող Օրելիի փեշը, դու հավատում ես, որ, այո՛, Մկրտչյանի հերոսը ոչ միայն կարող էր, այլև պե՛տք է այդպես վարվեր, որովհետև դա դերասանի այն խենթությունն է, որը սովորականը դարձնում է հրաշք: Իսկ ընդմիջմանը կողքս նստած անծանոթ տիկինը իր ընկերուհուն խոստովանեց. «Երբ բռնեց կնոջ փեշը, սարսափից վեր թռա, թվաց՝ իմ փեշն է բռնել: Ես եմ փախչողը…»:

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
Հատված «Հին ու նոր հեքիաթի սկզբի փոխարեն» հարցազրույցից
«Գարուն», 10. 1993