ՊՐԵՄԻԵՐԱ

Հունիսի 27-ին և 30-ին, Ազգային օպերայի եւ բալետի բեմում «Բարեկամություն» պարի պետական անսամբլը ներկայացրեց Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված «Մարո» ներկայացումը: Այն բեմադրված է ականավոր կոմպոզիտորներ Ռ. ԴԱՎԹՅԱՆԻ, Գ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ և Է. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ երկերի առանձին դրվագների երաժշտական պարտիտուրի հիմքով: 
Բեմադրող ռեժիսոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ ՍՈԻՔԻԱՍՅԱՆ
Բեմադրող խորեոգրաֆ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր ՄԵՀՐԱԲՅԱՆ
Զգեստների ձևավորումը՝ Ռուբինա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանի (Թաթոս) ետնանկարներն օրգանապես միաձուլված են ողջ ներկայացմանը:
Բեմի մեջտեղում կանգնած, գլխահակ, հերարձակ և դեմքը ծածկած՝ Մարոյի (Արինա ՄԱՆՈՒԿՅԱՆ) հիմնական դիրքն է: Նա անիծված աղջիկ-ուռենի է: Իհարկե, Մարոն ներկայացված է նաև այլ իրավիճակներում: Աշխույժ, իր հասակակիցների հետ թռվռացող աղջնակ, ծնողներին սիրող դուստր, հնազանդ՝ նրանց պսակելու որոշմանը: Եվ միայն երևակայական, բայց այնքան իրական թվացող չար Ջադուի կախարդանքը կանխորոշում է նրա ողբերգական ճակատագիրը: Այնուհետև՝ Մարոյի վերադարձը հայրական տուն և նրա վտարումն այնտեղից, բեմի անկյունում կծկված աղջկան և, վերջապես, նրա այլաբանական ինքնասպանությունը՝ վերափոխումը խաչված աղջիկ-ուռենու:
Բեմադրության մեջ հերթականորեն, ըստ Հովհ. Թումանյանի, հետևում են պոեմի դրվագները, և միաժամանակ այն առանձնանում է իր այլաբանությամբ, խորհրդանիշերով:
Անժելիկա ԴԱՎԹՅԱՆԸ խորը և բազմակողմանի է կերտել Մարոյի մոր գորովալից, նրա համար տառապող, իսկ վերջին մենախոսության մեջ՝ աղջկան կորցրած, ամենացավալի վշտով տառապող կնոջ կերպարը: Նահապետականության տիպիկ ներկայացուցիչ է Մարոյի հայրը (Արսեն ԱԲԳԱՐՅԱՆ), ով ավարտին նույնպես «կոտրվում» է: Մյուս կերպարներն են Մարոյին մեծ եղբոր պես սիրող, իսկ վերջում՝ նրան որպես կուռք ընկալող Կարոն (Արամ ԶԱԽԱՐՅԱՆ), Թումանյանի կերպարն ընդունած վարժապետը (Զոհրապ ԲԱԿԱԼՅԱՆ), իր պարտավորություններն անխափան կատարող Տեր հայրը (Աշիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ), Կարոյի ուրախ ընկերները (Գոռ ՆԻԿՈԼՅԱՆ, Սերգեյ ԱՎԵՏԻՍՅԱՆ) և Ջադուն (Աննա ՍԱՐԳՍՅԱՆ):
Մտահաղացումը՝ «Բարեկամություն» պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր ՄԵՀՐԱԲՅԱՆԻ:

Կարդացեք նաև