ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ / «ՍՈԴՈՄ»

«ՍՈԴՈՄ» աբսուրդ թատերգությունը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ., թիվ 2-ում

 

 

Ողբերգությունների (դրամատուրգիական երկի առջև ընդհանրապես) անտիկ դրամատուրգները առաջնահերթ դաստիարակչական խնդիր էին դնում, ասել է թե՝ երկրային կյանքի բարոյական կլիմայի վրա ներգործելը, մարդու և մարդու անհնարինորեն խճճված հարաբերություններին արարչական զտարյուն մարմնից, այն տեղային օրենքներից մաս հավելելը, մեղքը ցուցանելով՝ պահանջելը խուսափել մեղքից:

Ահա գրում եմ և չեմ կարողանում գրել, միտքս վրահաս չէ զգացումիս, ինչպես ասենք՝ բազեն որսին (զուգահեռիս մեջ արյուն կա՝ չես խուսափի), կամ ասենք՝ ինչպես սովյալ հոգին՝ իր ուտեստին, որ երկնքում է

Ընդհանուրիս արատի համար անձիս մեղավորության զգացումն է, որ ստիպեց գրել այս թատերգությունը, աշխարհի, մեր իսկ մարմնի պարտադրած մեղքից ոչ մի հնարով խուսափել չկարողանալու ցավալիորեն տանջալի զգացումը, և այն ցանկությունը, որ Հայ դրամատուրգիան և Հայ թատրոնը մեկը մյուսի գլխի վրայից չցանկանան ձեռքը մեկնել «օտարներին»:

Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

ՍՈԴՈՄ

(աբսուրդ թատերգություն 2 արարով)

 

ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐ

Տեսարան առաջին

Քաղաքային շուկա:

 

Քաղաքացի

Դեղձը ի՞նչ արժե:

Ա վաճառական

Կես արծաթ, միայն պարոնիս համար:

Քաղաքացի

Պարոնի՜դ համար ձրի բաշխեիր…

Տարվա այս ամսին ի՞նչ բան է,

Այ մարդ, դեղձը կես արծաթ,

Ճյուղակոտոր են ծառերը լինում:

Ա վաճառական

Դու անցած տարվա մասին ես խոսում,

Մի շուրջդ նայիր, հո չե՞ս մոլորվել.

Կարկուտն այս տարվա բերքը տարել է,

Ամեն մի ծառից հինգ հատ հազիվ եմ

կենդանի քաղել,

Իսկ մնացածը… մեռել են գետնին:

Քաղաքացի

Դեղձի մեռելն ու ողջը ո՞րն է.

Լավ է՝ չես ասում,

Թե ամեն հանգչած դեղձիկի փոսում

Հինգ առողջ դեղձ եմ կենդանի թաղել՝

Ինչպես բարբարոս կռապաշտները,

Որ ամեն մեռած իշխանի կողքին

Հարյուր կնիկ են կենդանի հորում…

Ա վաճառական

Ի՜նչ անսրտություն.

Ես ավելի շուտ տեգ կճոճեի ամբողջ օրերով

Նրանց անկողնում,

Քան կթողնեի՝ դրանց մատ դիպչեր.

Ո՛չ մի զուգահեռ…

Քաղաքացի

Սրամիտ ես շատ,

Դու գի՛նդ իջիր:

Ա վաճառական

Մեկ քառորդ պակաս, ավել չեմ կարող:

Քաղաքացի

Հինգ կիլոգրամ ողջերից քաշիր.

Չէ՜, այս երկուսը հոգու վրա են՝

Տա՛ր գերեզմանոց:

Չէ՜, չի լրացել, թող որ դեռ մնա.

Կշեռքդ սխալ է,

Երեք կիլոգրամ հազիվ թե լինի:

Ա վաճառական

Հենց ճիշտ իր քաշն է.

Կես գրամ չկա իր քաշից պակաս:

Քաղաքացի

Այս ի՞նչ փորվածք է նժարի տակին:

Ա վաճառական

Իր ձևն է այդպես,

Աբրահամով եմ երդումն իմ անում:

Քաղաքացի

Համբերի՛ր մի պահ,

Կնոջդ լխտիկ կոնքերով երդվիր,

Բայց Աբրահամին մի՛ խաոնիր գործիդ:

Տերը ասում է՝ երդում մի՛ արա:

Ա վաճառական

Կուզես, հենց Ղովտի անունով երդվեմ,

Թե չես հավատում:

Քաղաքացի

Դե լավ, տուր գնամ:

Ա վաճառական

Պարո՜ն, գումարը չվճարեցիք:

Քաղաքացի

Ահ, ճիշտ ես ասում,

Աստծով եմ երդվում, մտքիցս թռավ:

Ա վաճառական

Շնորհակալ եմ, պարոն, ձեզանից:

(Քաղաքացին գնում է:

Բ վաճառականին դիմելով🙂

Տերը ասում է՝ երդո՜ւմ մի՜ արա՜…

Երգում է, ինչպես սոխակը վարդի թերթերի առաջ,

Իսկ վայրկյան չանցած

Ինքն է իր խոսքի բերանը փակում՝

Առավել ծանր երդման խցանով:

Մի կես կիլոգրամ ասենք պակաս էր…

Բ վաճառական

Աստված կների.

Առևտրականի գործը խաբելն է՝

Այդպես է Տերը պատվիրել կարծեմ,

Թե՞ սխալվում եմ:

Ա վաճառական

Դու պետք է օծման սեղանի առջև

Զվարակների հոտեր խմբեիր՝

Երկուսից մեկը քո տուն տանելով,

Քանզի չափազա՜նց ուսումնառած ես:

Ծիծաղում են:

Բ վաճառական

Նայի՛ր, ի՜նչ կին է անկյունից գալիս,

Ի՜նչ մարմնաձևեր, ինչպիսի՜ իրան,

Բայց տես, աչքերը արցունքի մեջ են…

Ա վաճառական

Դրանց վարժանքն է այդպիսին լինում.

Ամեն առավոտ արցունք են թափում հայելու առաջ,

Հետո նոր միայն դուրս գալիս տնից,

Որ մեր աչքերին հաճելի թվան…

Այրի կին

Պարոննե՛ր, օգնեք,

Միակ զավակս արդեն չորս օր է՝

Ջերմում է տանը՝ քաղցից տանջվելով…

Բ վաճառական

Մարդուդ չենք տեսնում, մարդուցդ խնդրիր:

Այրի կին

Երկու տարի է, ինչ մահացել է,

Ինձ այդ զավակն է մնացել միայն:

Բ վաճառական

Բարձրյալն ամեն ինչ կանխավ տեսնում է,

Այդ պատճառով էլ մարդուդ կանչել է,

Քեզ թողել մեզ հետ:

Տե՛ս, որքա՜ն հասուն բարիքներ ունես,

Դրանցով ոչ թե մի խղճուկ տղա,

Այլ ողջ քաղաքը կարող ես պահել՝

Վարձով տրվելով կողքի քաղաքին:

Ա վաճառական

Հիմա ի՞նչ կասես,

Որ մենք քեզանից մեր վարձքը ուզենք,

Կամ ոստիկանին քեզ հանձնեք այստեղ,

Որ մեր հարգարժան բնակիչների ունեցվածքը ողջ

Իզուր վատնում ես…

Այրի կին

Խնդրում եմ, պարոն, մի ծաղրեք,

Միա՜յն մի չնչին գումար:

Բ վաճառական

Կնկա ուղեղ է.

Փողը հենց այնպես չեն գցում, հիշի՛ր,

Պետք է վաստակել,

Այդպես պատվիրեց Տերը Ադամին՝

Դրախտի դռնից դուրս շպրտելով՝

Հենց քեզ պես մեկի սխալի համար:

Ա վաճառական

Ճի՛շտ նույն սխալի.

Օձը Եվային խնձորենու տակ մերկ նկատելով

Մոտեցել է ու… հասկանալի է, ինչ առաջարկ է

Ականջին արել:

Նա էլ թե՝ կորի՛ր աչքիցս, սողուն,

Իսկ հետո. խնդրե՜մ, ինչպե՛ս կարող եմ

Ձեզ մերժել, պարո՜ն:

Բ վաճառական

Չէ, մեղքը քոնն է, որ մեր ապրուստը այսքան դժվար է:

(Շեփորների ձայն🙂

Ի՞նչ շեփորների ձայներ են գալիս:

Ա վաճառական

Բերդապարսպի դիտանոցից է,

Երևի հեռվից զորք է հայտնվել:

Բ վաճառական

Հե՛չ բան է, զորքն ի՞նչ,

Ինչպես եկել են,

Այնպես էլ իրենց գլուխներն առած

Հանկարծ կչքվեն:

Ա վաճառական

Գուցե չգիտեն, թե ո՞ւր են եկել:

Բ վաճառական

Ուր գնային՝ նույն տեղն էին գալու:

 

Տեսարան երկրորդ

Բերդապարսպի պահակակետ:

Ա ժամապահ

Տասը մարդ այսօր,

Երբ ցանկանում էին թափանցել քաղաք,

Ասես չքացան,

Այդ բանից հետո՝ յոթ արաբական

Ընտիր հովատակ, երասանները ուժգին կրծելով,

Ճիշտ կեսօվա թեժ արևի ներքո,

Իրենց լծակված շքեղ կառքի հետ

Հանկարծ կորսվեցին քաղաք հասցնող այս ճանապարհին.

Մարդկանց չտեսա,

Բայց սարսափահար ձայները նրանց

Դեռ ականջիս են…

Բ ժամապահ

Ովքե՞ր էին, ասես…

Ա ժամապահ

Պետք է, որ հարուստ լինեին սաստիկ,

Որ նման ձիեր կարողանային իրենց մսուրում

Կողք կողքի կապել

Եվ այդպիսի կառք՝ շքեղ դղյակի դարպասների մոտ:

Գոմորից էին երևի գալիս.

Ասում են, նման մի ուրիշ վիշապ

Սինայից իջել

Եվ այդ քաղաքի շուրջն է տարածվել:

Բ ժամապահ

Նույնն է երևի.

Պոչը իր անտես այստեղից տարել,

Նաև Գոմորի շուրջն է փաթաթել,

Կամ թե գլուխն է նրանց պարսպին,

Իսկ պոչը՝ մեզ մոտ:

Ա ժամապահ

(ծիծաղելով)

Կամ հազար գլուխ, հազար պոչ ունի:

Բայց իրավ ասեմ,

Լուրեր են շրջում, թե ողջ աշխարհի

Շուրջն է գալարել ելարանը իր,

Մարդիկ հազարով գնում են, իրենց ծովերն են նետում,

Միայն սրանից պրծում ունենան:

Բ ժամապահ

Չէ, այս հրեշից ծովում էլ հաստատ

Փրկություն չկա,

Ծովը կծածկվի ռունգերից ժայթքող կրակների մեջ,

Ողջ-ողջ կվառվենք:

Սակայն համբերիր.

Մեկ առ մեկ պատմիր այն, ինչ լսել ես,

Գիտես, հիվանդ էի վերջին օրերին,

Թեև ականջիս ինչ-ինչ շշուկներ հասել են, հարկավ:

Ա ժամապահ

Այն է, ինչ գիտես,

Տեսնում ես աչքով կամ

Ենթադրում ես քո մտքերի մեջ,

Լուրեր են միայն:

Մեկի շուրթերից խոսքը ելնելով՝

Թեթև շրջում է ականջների մեջ՝

Հազար բերանից այլ կերպ թռչելով:

Դրսից մարդ չկա,

Որ մեզ ճշմարիտ ինչ-որ լուր բերի…

 

Տեսարան երրորդ

Ղովտի ամրոցում:

Ղովտ

Այդ ի՞նչ աղմուկ է, որ դրսից գալով՝

Խուժում է իմ տան պարիսպներից ներս:

Ծառանե՜ր…

Ղովտի կինը

(Ներս մտնելով):

Երեք ծերերն են քաղաքից եկել

Ու քեզ են հարցնում շքամուտքի մոտ:

Ղովտ

Ներս հրավիրիր:

Ծերերը ներս են մտնում:

Ա ծերունի

Ողջույն մեծ Ղովտին:

Բ ծերունի

Հերոսին ողջույն:

Գ ծերունի

Մեր խոնարհումը Աստծո ընտրյալին:

Ղովտ

Պատվարժաններիդ այս ի՞նչ քամի է

Բերել Սինայի շքեղ ստորոտից

Եվ փափուկ երթով հասցրել անշուք մենաստանը իմ.

Աստծո օրերը ձեր վրա լինեն:

Համեցե՛ք, ծերեր…

(Դիմելով ներս մտած ծաոաներին🙂

Չորս մայրիների շքեղ պուրակում

Սեղան պատրաստեք հյուրերի համար,

Ամենից պարարտ եզը մորթեցեք,

Ամենաընտիր գինին հանեցեք իմ մառաններից՝

Այն, որ Սկյութների հզոր իշխանն էր առաքել

Անցած Բաղարջաց տոնին,

Որ իմ հյուրերին իրենց արժանի հարգը մատուցեմ:

Ղովտի կինը

(Ծերերին)

Խնդրեմ, նստեք, ծերեր պատվելի:

Ա ծերունի

Շնորհակալ ենք ձեզնից, տիրուհի,

Սակայն չենք կարող այստեղ շատ մնալ:

Ղովտ

Մի ստիպեք՝ նորից տիկինը խնդրի:

(Դեռևս սպասող ծաոաներին.)

Կարծում եք, պետք է բոլո՞րը թվեմ,

Հա՜յդե, գնացեք:

Բ ծերունի

Շտապ է մեր գործը,

Մեզ մեծ փորձանքն է քո դուռը բերել:

Ղովտ

Տերն է փրկողը ամեն փորձանքից,

Մեզ վիճակվածը սպասելն է միայն:

Նախ՝ հաց ծերերին, հետո նոր՝ գործը,

Այսպես է կարգը:

Ինչո՞ւ եք այդպես մեխվել ձեր տեղում,

Դե, առաջ անցեք:

(Կնոջը.)

Հրաման արա աղախիններին,

Թող արծաթաձույլ թասեր մատուցեն ոսկե կոնքերով՝

Պատվարժանների հոգնած ոտքերը լվալու համար:

Ղովտի կինը

Կարգադրված է, թող քիչ հանդարտվեն:

Բ ծերունի

Շնորհակալ ենք, ո՞վ չի ճանաչում

Բարեպաշտ Ղովտին և տիկնոջը իր,

Սակայն չի սպասում մեր ժամերի ձին:

Ղովտ

Ձեր ժամանակի նժույգին ի՞նչն է այդպես վախեցրել,

Օ՞ձն է խարանել, թե՞ շեկ առյուծն է բռնել իր ճամփան,

Որ սանձակոտոր փախչում է այդպես.

Ցույց տվեք՝ սանձեմ

Եվ մի երկու յամ կապեմ ախոռում,

Որ հանգիստ առնի…

Գ ծերունի

Մեր ժամանակը երասան չունի

Եվ սլանում է փրփրած ռունգերով.

Եվ օձն է խայթել,

Եվ շեկ առյուծն է կապել իր ճամփան:

Ղովտ

Թողեք ձաղկելը կողերը խեղճի,

Որ վախը անցնի՝ բերեք թիմարեմ,

Թե որձ է, հարյուր էգ նժույգ կբաշխեմ նրան,

Թող զվարճանա, թե ուժը ների:

Ղովտի կինը գնում է:

Ա ծերունի

Նրանցից մեկին նա չի դիմանա,

Մեզ պես քամված է ծուծը իր ոսկրի:

Քո կատակները մեզ քաջ են հայտնի,

Սակայն թույլ տուր, Ղովտ,

Մեր գլխին եկած փորձանքը պատմենք:

Ղովտ

(նստելով.)

Նստեցեք, ծերեր,

Թվում է, իրոք, փորձանքը մեծ է:

Ծերերը նստում  են:

Ա ծերունի

Հսկա աղետ է մեր գլխին իջել.

Մի մեծ վիշապ է հայտնվել հեռվից

Եվ թիկն է տվել Սոդոմի ամուր դարպասի վրա՝

Սի ահագնական պիթոնի նման պոչն իր գալարած

Քաղաքը պատող պարիսպների շուրջ,

Մարդիկ կորչում են Սոդոմի ճամփին:

Բայց ծնոտ չունի ծամելու համար,

Ոչ էլ տեգի պես զորեղ ատամներ՝

Մարմնի մեջ խրվող.

Եվ անուն չունի…

Ղովտ

Սկզբում նշածդ բաներ էին չնչին.

Ատամնե՜ր, ծնո՜տ…

Թե Արմենական թավուտում ապրող

Վայրի գոմեշի ուժը ունենա,

Կամ Ավատական մարտաձիերին սայլերին կապող

Շղթաների պես ամրակուռ ջլեր.

Կամ թե լեռների քերծերի նման

Զորեղ ատամներ, կսպանեմ նրան,

Միայն թե նրա անունն իմացեք…

Ա ծերունի

Անունը հարցրինք, բայց նա չի ասում:

Ղովտ

Մի՞թե կարծում եք, թե ես անանուն բանի որսորդ եմ,

Մարդիկ ճամփեցեք, որ նորից հարցնեն,

Որ ես իմանամ, թե ո՞վ է արդյոք և ո՞ւր է եկել,

Ի՞նչ ձի է թամբել կամ թե ի՞նչ բեռ է

Շալակին առած՝ բերել Սոդոմի դարպասների դեմ:

Բ ծերունի

Երբ մենք երեքով գնացինք իր մոտ՝

Պարսպի գլխից հարցըրի նրան.

Թե՝ որտեղի՞ց ես և ո՞ւր ես եկել,

Ասաց՝ այստեղ եմ հավիտյան եղել՝

Այն օրից առաջ, ինչ ձեր նախահայր

Ադամն արտաքսվեց երկրի դրախտից,

Դուք եք քաղաքը իմ շուրջ կառուցել,

Երբ քնած էի ես.

Ինձ արթնացրին աղմուկները ձեր:

Ղովտ

Կրկին փորձ արեք անունն իմանալ,

Կամ գերիներին հարցում արեցեք,

Թերևս նրանք մի բան գիտենան՝

Հազար աշխարհ են ոտնակոխ արել:

Ա ծերունի

Գրագրեր ունենք Շումերաց երկրից,

Որ սեպագրերը գոց աչքով գիտեն,

Եվ Եգիպտոսից ստրուկներ էլ կան՝

Տաճարի քրմեր,

Եվ մատենագետ մոբեթներ նաև

Թուրան աշխարհից,

Նրանց էլ հետո հարցում արեցինք,

Ոչ մի հիշատակ չկա իր մասին:

Ղովտ

Անգամ բժիշկը, երբ հանդիպում է

Իրեն անծանոթ մի հիվանդության՝

Սկզբում անուն է դնում այդ բանին,

Հետո փորձում է անունն այդ սպանել

Տարբեր դեղերով:

Անո՛ւն դրեցեք, որ պատկերացնեք…

Բ ծերունի

Որ անուն չունի, ինչպե՞ս կարող ենք մենք նրան կոչել:

Ղովտ

Ոչ մի բան չկա մեր մեջ կամ դրսում,

Որ ինքն իր ճշգրիտ դեմքը չունենա,

Սակայն շատ հաճախ մենք ենք վախենում անվանել դրանց.

Ձեր մեջ եղածին դուք անուն դրեք…

Ղովտի կինը և սպասուհիները ներս են մտնում՝ թասերը ձեոքներին:

Ղովտի կինը

Հարգարժան հյուրեր…

Ծերերը շփոթահար կանգնում են:

Գ ծերունի

Չենք կարող, տիկին… Ձեր ամուսինը

Գիտի, որ շտապ ենք:

Ղովտ

Քիչ էլ մնացեք,

Ձեր այդ վիշապը չի փախչի տեղից:

Ա ծերունի

Հիմա թող գնանք,

Կվերադառնանք, երբ որ անունը իմանանք դրա:

Ղովտ

Ձեզ չեմ բռնանա, փորձե՛ք իմանալ:

Հնարավոր է, որ անուն չունի,

Բայց, Աստված չանի, թե ԱՆԱՆՈՒՆՆ է.

Եթե այդպես է, նշանակում է՝ ինքը եղել է,

Բայց ոչ ոք նրան չի կարողացել անունով կոչել:

Ես ձեզ կուղեկցեմ մինչև շքամուտք:

Դուրս են գնում:

 

Տեսարան չորրորդ

Քաղաքային շուկայի մեկ այլ հատված:

Ա երիտասարդ

Ո՞վ է կինը այն՝

Իր գիրգ մարմինը ամրորեն պրկած սև զգեստի մեջ:

Բ երիտասարդ

Նա՞, որ գալիս է այն ջադուների ընկերակցությամբ,

Ինչպես աղավնին՝ ուրուրների մեջ:

Ա երիտասարդ

Այո, այդ մեկը, որն իր զգեստի

Սևը երիզող ոսկեգույն թիկնոց ունի իր վրա

Եվ ընթանում է այգի առաջնեկ շողերով օծված ցայգամթան պես:

Գ երիտասարդ

Ինչպեսի՜ դիպուկ համեմատություն:

Անմատչելի է երևի նույնքան,

Որքան բնության ցոլացումները,

Որ չես հասցնում ըմբռնել, տեսնել,

Արդեն ուրիշ են

Եվ անվերջորեն փախչում են քեզնից:

Բ երիտասարդ

Պոռնի՛կ է հաստատ,

Գիշերով շքեղ ազդրերն է մաշում՝

Ինքն իր կրքի մեջ վարժ թավալվելով թույլ կերպասներին,

Իսկ առավոտյան անառիկ բերդ է իրեն ցուցանում,

Որի բարձունքին ոչ մի զինյալի սլաք երբևէ՛ չի կարող դիպչել:

Ա երիտասարդ

Ինչպե՜ս կարող ես…

Յուրաքանչյուր կին արբունքից հետո

Իր կրքի բեռից տանջվում է սաստիկ՝

Հաճախ իր մարմնին մեղմորեն հակված,

Բայց դա բնության պատվերն է ծածուկ՝

Մայրության անտես քնքշությամբ շաղված կնոջ ազդրերին:

Թե քո ասածի հունով ընթանանք՝

Տերը հենց միայն մեծ պոռնկատան միջնորդ կլիներ:

Բ երիտասարդ

Այդպես է, որ կա…

Ա երիտասարդ

Մեղք է ասածդ,

Կան շատ ավելի թանկագին հույզեր

Կնոջ անաղարտ խորքերում պահված.

Քնքշություն և սեր, հավատարմությո՜ւն.

Տեսե՞լ ես, ինչպես շողուն ոսկին է

Լեռների չեչոտ ընդերքից ելնում,

Կամ մարգարիտը՝ էգ ջրի խորքից…

Բ երիտասարդ

Ինչպիսի՜ խոսքեր,

Որպիսի՜ ուսմունք՝ մատղաշ ունկերին հասցեագրված.

Մի նոր Մովսես է բարձրերից իջել…

Երեկ չէ՞ր, արդյոք,

Որ քահանայի կնոջ հետ մտար ճգնարանը քո՝

Արևածագից կես ժամ էլ չանցած,

Իսկ հետո թաքուն,

Ճիշտ կեսօրվա թեժ արևի ներքո

Նրան թողեցիր քո դռան ճեղքից,

Որ աղավնու պես խաղ տալով գնաց:

Գ երիտասարդ

Սիրամարգի՛ պես, որ մացառներից

Արևերես է հանկարծ բարձրանում,

Իր փետուրների ցոլարձակումը շաղ տալով օդում՝

Հմայված բազում աչքերի առջև.

Ե՛ս էլ եմ վկա…

Ա երիտասարդ

Մարդու բնույթը մեղսագործելն է,

Սակայն Բարձրյալի պատվիրանները

Խիստ անհրաժեշտ են մեր հոգիներին

Եվ պետք է, հարկավ, քահանաների կանանց հետ սերտել:

Ծիծաղում են:

Գ երիտասարդ

Թեև հայտնի է ունակությունդ,

Որ դու կանացի սրտեր ես որսում այնքան հեշտությամբ,

Որքան որսորդը գարու արտերում՝ գիրուկ ճագարներ,

Սակայն դյուրությամբ գրազ եմ գալիս,

Որ դու չես կարող սրան ձեռք գցել:

Ա երիտասարդ

Ի՞նչ է վճարդ…

Գ երիտասարդ

Այնքան վստահ եմ իմ հաղթանակին,

Որ ես պատրաստ եմ հորիցս ստացած

Գետաբերանի մեր հին կալվածքը դրա դեմ դնել,

Իսկ մնացորդում՝ ամոթդ եմ ուզում…

Ա երիտասարդ

Հեշտ է տանուլ տալ հորից ստացածը,

Քո վաստակածից մի բան դնեիր,

Սակայն հայտնի է, որ պորտաբույծ ես:

Գ երիտասարդ

Ինչ-որ դու ունես՝ վարժ շարժումներդ,

Խոսելուդ թաքուն նրբերանգները, գեղեցկությունդ,

Որն այդպես դիպուկ գիտես գործածել՝

Տիրո՛ջ կալվածքն է,

Որ ժառանգաբար քեզ էլ է հասել.

Մենք ոչինչ չունենք, որ ժառանգված չէ,

Ինչ-որ դնում ենք բախտախաղի մեջ,

Աստծունն ենք դնում:

Ա երիտասարդ

Հաճախ՝ հե՛նց Աստծուն…

(Դիմելով ծեր կանանցից մեկին🙂

Խոնարհումներս ընդունեք, տիկի՛ն:

Ծեր կին

Պարոն… կներեք… սակայն չեմ հիշում,

Թե երբ եմ ձեզ հետ պատիվ ունեցել ծանոթանալու:

Ա երիտասարդ

Քաղաքապետի դղյակում, տիկին:

Ծեր կին

Քաղաքապետի դղյակում… սակայն ե՞րբ, պարոն:

Ա երիտասարդ

Նախանցյալ տարվա Զատիկի տոնին,

Չէ՞ որ երկուսով զրուցում էինք նարնջենու տակ:

Ծեր կին

Ցավում եմ, սակայն դա ես չեմ եղել:

Ա երիտասարդ

Օ՜հ, տիկին, մի՞թե ես սխալվում եմ,

Ձեր ազնվական դիմագծերը անհնարին է, իրոք, շփոթել,

Անգամ չգիտեմ՝ ինչպես ձեզ հայտնեմ ներողությունս…

(Երիտասարդ կնոջը դիմելով🙂

Օրիորդ, թույլ կտա՞ք այդ ծանրությունը

Վերցնել ձեր ձեռքից…

Երիտասարդ կին

Օհ, ի՜նչ նեղություն, պարոն, խնդրում եմ…

Ա երիտասարդ

(Կնոջ ձեռքից կողովը վերցնելով):

Նեղություն չկա, միայն հաճույք է.

Մրգե՛ր են միայն,

Ինձ երանելի կլիներ անգամ՝

Ձեր դռան առջև

Ծառա լինելը հավիտենապես:

Երիտասարդ կին

Չափազանցնում եք, թերևս միայն մի երկու շաբաթ,

Բայց ո՛չ դռան մոտ:

Ա երիտասարդ

Ձեր ձիանոցում, դռների առջև, կալվածքների մեջ,

Միայն ամեն օր կարողանայի ձեզ հեռվից տեսնել:

Երիտասարդ կին

Զվարճալի է ձեզ հետ խոսելը,

Կարծում եմ, սակայն, կցանկանայիք նաև տուն մտնել:

Ա երիտասարդ

Միայն, տիրուհի, թե կամենայիք:

Երիտասարդ կին

Այժմ ամեն ինչ հասկանալի է.

Իմ թախանձագի՜ն խնդրանքից հետո…

Ա երիտասարդ

Ինչո՞ւ եք այդպես կատակում ինձ հետ.

Իմ արցունքները տեսնելուց հետո…

Դուրս են գնում:

 

Տեսարան հինգերորդ

Սենյակ Քաղաքապետի դղյակում:

Մտնում են քահանան, վաճառականը, երկու ծերերը:

Քահանա

Տերը պահապան լինի տանը քո,

Նրա սյուները պահպանի ամուր հիմքերի վրա,

Ինչպես Մովսեսի խորանն է պահում՝

Լեռան բոցավառ տեսիլքների մեջ պատկերած նրան:

Վաճառական

Եվ սրբագործի դղյակդ, ինչպես

Եղեգնաքարի ու սադափների փայլով օծելով

Մաքրեց խորանի զոհարանները:

Ա ծերունի

Եվ անուշաբույր ձեթով… զարդարեց:

Բ ծերունի

Աստված պահապան:

Քաղաքապետ

Աստված պահապան մեր ողջ քաղաքին:

Խնդրեմ, համեցեք, մեծարգո՛ հյուրեր:

Ա ծերունի

(նստելով)

Աստված օգնական:

Վաճառական

Պահապան լինի:

Քահանա

Եվ մեծ իշխանին մեր ողջ քաղաքի:

Քաղաքապետ

Թեև ստիպում է պատշաճությունը, որ ձեզ,

Ըստ կարգի և ծառայության հարգանք մատուցեմ,

Մինչև զրույցիս նյութին անցնելը,

Սակայն ժամը այս օրհասական է…

Գոմորից գուժկան լուրեր են հասել,

Երեկ գիշերով սուրհանդակն իրենց

Երկու քաղաքը իրար հետ կապող հին գետնուղիով

Հասել է Սոդոմ և սոսկահարույց բաներ է պատմում,

Թե վիշապը այդ, ինչ-որ հնարքով,

Միախառնված օդի օժանդակ բաղադրիչներին,

Ներթափանցելէ պարիսպներից ներս

Եվ տարածվել է ամբողջ քաղաքով:

Եվ ով շնչում է օդն այդ ժանտահամ՝

Հեղձամահվելով ընկնում է գետնին՝

Բերանից կարմիր փրփուր թողնելով.

Հազար-հազարով մարդիկ են ընկած փողոցների մեջ:

Իսկ հետո, արդեն իրիկնապահի շողերի ներքո

Վերից անգղերի լեգեոններ են հանկարծ հայտնվել,

Որոնց առաջնորդ գումարտակները

Թառել են մարդկանց լեշերի վրա,

Վերջապահները՝ պարիսպների ձիգ սեպերին թառած՝

Իրենց ժամին են դեռևս սպասում…

Քահանա

Զարհուրելի է պատմածդ, իշխան,

Սակայն կարծում եմ, առավել ահեղ

Պատուհասներ են առջևում սպասվում:

Մինչ այստեղ գալը, մեծ տաճարի դռնից դուրս գալիս

Ես տեսա, ինչպես մի քոսոտ յաբու

Մեկ ցատկով հեծնեց առջևից անցնող կաթնտու կովին

Եվ սկսեց հետը կենակցել ուժգին,

Եվ ճիշտ նույն պահին, տաճարի ներսում,

Բեմահարթակի մեծ վարագույրը հանկարծ ճեղքըվեց:

Քաղաքապետ

Ճիշտ սոսկալի է:

Իսկ մեր քաղաքում ի՞նչ են զրուցում:

Քահանա

Խաղաղ քաղաք է,

Ոչինչ չեն խոսում վիշապի մասին,

Միայն ասում են՝ Տերը կփրկի:

Քաղաքապետ

Սակայն մենք ինչպե՞ս փրկվենք աղետից,

Ի՞նչ պիտի անենք:

Ա ծերունի

Դժվար խնդիր է,

Գուցե թե պետք է մարտափղերի զորագունդ կանչել

Պարսից աշխարհից՝ դրանց ուղեկցող բանակների հետ,

Կամ առյուծների շղթայված խմբեր Եգիպտոս երկրից,

Որ վիշապի դեմ համախումբ կռվենք:

Թող գան օգնության.

Իմ երեք տարվա ամբողջ հասույթը

Զոհաբերում եմ այդ գործի համար:

Բ ծերունի

Անչափ շռայլ ես աղետի շեմին,

Բայց մտածե՞լ ես, թե ինչպես պիտի

Լրաբեր ճամփենք կողմերը նրանց,

Մի՞թե չես տեսել,

Որ անգամ երկնի թևավորներն են

Խուսափում իրենց երամը տանել քաղաքի գլխով,

Այլ շրջանցելով բերդապարիսպը՝

Նոր երթուղի են գտել բարձրերում…

Քահանա

Այստեղից Տիզբոն գետնուղի չկա, ոչ էլ՝ Կահիրե,

Թե չէ վաղուց էին քրմերն ավազի

Մեր տաճարները դամբարան դարձրել իրենց շներին,

Կամ թե՝ մենք էինք Պարսից հարճերին

Մեր զինվորների ծանրությամբ սպանել:

Քաղաքապետ

Անօգուտ գործ է նման առաջարկ քննության առնել.

Թեկուզ փորձեինք լրաբեր ճամփել՝

Մինչ պարսիկների զորագնդերը հասնեն Սոդոմի պարիսպների դեմ՝

Իրենց գոչյունը միախառնելով մարտափղերի խռինչին հուժկու,

Կամ առյուծների քրտնած բոլուկը հապաղի դեղին բոցերի վրա՝

Հոգնած շան նման լեզուներն իրենց կախած ավազին,

Մենք վաղուց արդեն խրախճանք կանենք վիշապի փորում…

Ի՞նչ լուր կա Ղովտից:

Ա ծերունի

Երեկ ծերերով մոտը գնացինք.

Մեզ դիմավորեց պատշաճ հարգանքով,

Հրաման տվեց սեղան պատրաստել,

Կատակներ արեց, թեև մեր սրտին ոչ այնքան հաճո,

Բայց երբ իմացավ եղելությունը,

Ինչ-որ անիմաստ մտքեր բարբառեց,

Ասաց՝ գնացեք, անունն իմացեք,

Կամ թե ինքներդ անվանեք դրան.

Թե անուն դնեք՝ կհաղթեմ հաստատ:

Բ ծերունի

Իսկ հետո ասաց՝

Ձեր մեջ եղածին անուն դրեցեք…

Քաղաքապետ

Ղովտը անիմաստ բաներ չի խոսում,

Վերջերս հաճախ, միայն՝ երկիմաստ,

Գուշակումներ է անում, մահերի և աղետների մասին է խոսում

Եվ իր ամրոցից չի ելնում բնավ:

Սակայն աշխարհի փառքին օտար չէ՝

Բազում հյուրեր է ընդունում հեռվից,

Հզոր իշխաններ կամ դրանիկներ արքայական տան,

Եվ իր հռչակը խիստ տարածվել է աշխարհի վրա՝

Որպես մարգարե և մեծ զորավար:

Քահանա

Այդպես է, իշխան,

Բայց որքան գիտեմ, վերջին հինգ տարում

Մեր զինվորներին չի առաջնորդում պատերազմների,

Այլ իր կոչմանը ընդդեմ գնալով՝

Հեռացող զորքին հետևում է իր ամրոցի գլխից,

Ասելով՝ պետք չէ սպանողին սպանել

Եվ նման բաներ՝ խիստ հակասական պատվիրաններին:

Վերջերս էլ ասաց՝ երբ քո կողերը

Ջարդող անրակն ու վիզն ես ջարդում,

Չես շահում ոչինչ, այլ միայն ցավն ես

Հավելում երկրի մարմընի վրա:

Քահանա

Սակայն ճար չկա,

Թերևս ինքը մեզ փրկի միայն:

Գուցե՞ սպասում է, որ ողջ քաղաքով

Իր ոտքը գնանք:

Ա ծերունի

Չի օգնի, իշխան,

Երբ շատ պնդեցինք.

Շքամուտքի մոտ դառնալով՝ ասաց՝

Հիմա գնացեք, աղոթք արեցեք,

Եվ ծոմ պահեցեք քառասուն շաբաթ

Ամբողջ քաղաքով,

Եվ այդ ընթացքում թող մարմինը ձեր

Կնոջ մարմընի չկպնի բնավ,

Այնժամ վիշապը գուցե թե մեռնի:

Վաճառական

Կամ թե մենք մեռնենք կնոջ կարոտից:

Քահանա

Կամ թե հյուծվելով անմիտ ուտեստից՝

Սովից մահանանք:

Քաղաքապետ

Այդ մեծ արգելքը իմ ախորժակը գրգռեց սաստիկ,

Հե՜յ, ո՞վ կա այդտեղ:

(Մտնում են սպասավորները🙂

Սեղան գցեք այգու ոսկեպատ ավազանի մոտ:

Քահանա

Օրհնյալ է Տերը,

Թերևս միայն լավ կշտանալով՝ վիշապին սպանենք…

 

ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐ

Տեսարան առաջին

Ղովտի դղյակին հարող անտառակ:

Ղովտ

Ողջույն ծերերին,

Ի՞նչ կա դրսից:

Ա ծերունի

Գոմորը արդեն ավերակված է.

Այսինքն՝ նրա ձեռագործ մասը՝

Կանգուն շենքերը, պարիսպները հաղթ

Եվ փողոցները դեռ կան, մնում են,

Բայց մարդիկ չկան, որ կյանք հաղորդեն

Մեռած քաղաքին.

Ամենքն էլ կորան վիշապի շնչից:

Ղովտ

Ինչպե՞ս թե՝ կորան, մի՞թե քարեղեն

իր որովայնում էլ մարդ չմնաց:

Բ ծերունի

Ոչ մի շնչավոր՝ ոչ թե մարդ միայն,

Ո՛չ կատու, ո՛չ շուն,

Որ ստվեր ձգեն իր փողոցներում.

Անստվեր գուբ է Գոմորը հիմա,

Նույնն էլ սպասվում է նաև Սոդոմին,

Սակայն դեռևս կարող ենք փրկվել:

Գ ծերունի

Բայց ինչպե՞ս, արդյոք, ի՜նչ իմաստությամբ

Պետք է խուսափենք այս որոգայթից…

Բ ծերունի

Աստծո՛ օգնությամբ.

Ինչպես Սիրիայի տափաստաններում

Եղնիկի վարգն է հանկարծ մոլորվում,

Երբ քերծեներն են հետամուտ նրան,

Բայց հետո, արդեն, երբ խաղաղվում է

Օրը շների հաչոցից հեռու,

Եվ որսորդների աղաղակներն են մարմրում մթնում,

Վերադառնում է կրկին հարազատ սփռումների մեջ՝

Իր երակներին ծանոթ գիտությամբ,

Աշխարհագրությամբ իր բնազդների,-

Այդպես հենց մենք էլ կարող ենք փրկվել

Մեր տների մեջ ապաստան գտած…

Ղովտ

Շքեղ խոսքերի ինչպիսի՜ շարան.

Բայց ձեր պատմածից

Թվում է՝ Տերն է իր ներբաններին փոշին այդ առել

Եվ գնալու է այդ ճանապարհով մինչև վերջաբան…

Ա ծերունի

Կարծում ես, Տե՞րն է…

Ղովտ

Այո՛, հենց ի՛նքը.

Ինչպես ջլապինդ գետաձիերն են

Հաղթ մկաններով ջրերը ճեղքում՝

Գետերին իշխող այլ լողորդներին

Իրենց առջևից փախուստի մատնած,

Կամ ինչպես կապույտ կետաձկներն են օվկիանոսներում

Պոչի հարվածով հսկա նավերի իրանը ճեղքում,

Կամ թե առյուծն է հետապնդումով

Թավուտների մեջ վայրի գոմեշին մատնում կորստյան՝

Այդպես Բարձրյալն էլ կարող է խրոխտ իր ընթացումով

Գոմորի կողքին Սոդոմն էլ ջնջել…

Ի՞նչ կասեք, ծերեր…

Ա ծերունի

Հերիք է, որ նա ընթանա միայն,

Եվ մենք չենք տեսնի վերջաբանը այդ.

Ինչպես ցնորված վայրի գոմեշի հսկա նախիրն է

Հայացքիդ առջև՝

Տիղմահար, փոշոտ հողերի միջով հեռանում անկանգ՝

Հանգչող ուղեղդ կնոջից նետված պտուղի նման

Բյուր կճղակներից բարձրացած փոշու խորքում թողնելով,

Այդպես էլ նրա առաջին քայլից մենք կխենթանանք:

Գ ծերունի

Թե իրոք նա է, մենք կործանված ենք,

Փրկություն չկա՛,

Ինչպես քարայծն է ապարդյուն մաշկում

Սինայի քարե գալարանները,

Կամ էգ առյուծն է մռնչում անզոր՝

Ցնորված լեռան լավաների դեմ,

Իր կորյուններին շուրջը հավաքած,

Այդպես ամենքս ենք իր զայրույթի դեմ.

Ճի՛շտ սոսկալի է…

Ղովտ

Դո՞ւ ինչ կասես, ծեր…

Բ ծերունի

Սոսկալի է շատ, երբ նա է խոցում.

Ինչպես շանթահար հովազն է շրջված

Վերքը իր խածնում,

Իր առանցքի շուրջ խենթ պտտվելով,

Կամ ինչպես կրծքից վիրավոր բազեն

Հոգեվարքի մեջ

Իր թռչնային կլոր աչքերն է անընդմեջ թարթում,

Մենք էլ նրանց պես՝ մոլագար, անուժ

Կսպասենք մահվան՝

Աչքներս հառած պարապ երկնքին,

Եթե չզսպի բարկությունը իր…

Ղովտ

Հնարավոր է՝ ես սխալվում եմ.

Գուցե վիշապն է ավերն այս անում

Եվ մեզ թիկունք է Տերը կանգնելու:

Ա ծերունի

Տիրոջ գործերը մեծազոր են շատ,

Ի՜նչ է վիշապը նրա ուժի դեմ.

Ինչպես ճեղքված, գահավեժ ծովը

Ալիքները հաղթ բուրգերի նման մեր շուրջ ծավալած՝

Երբ հեռանում էինք գերության երկրից,

Մի անհնարին խելագարության պատկեր էր թվում,

Սակայն իր առջև նույն այդ ջրերի հևքը երկնամերձ՝

Ցողուններն իրենց մեղկորեն հակած

Ցորենի խղճուկ դեզեր էին միայն,

Այդպես էլ հսկա այս վիշապօձի

Թավալումները նրա աչքի դեմ

Խեղճ ցնցումներ են չնչին որդնուկի…

Ղովտ

Ունայնություննե՜ր.

Մեր խոսքով կարծես մենք մրցման մեջ ենք

Մարգարեների սաղմոսների հետ,

Մեր լեզուն վարժ է, սակայն ճիշտ այնքան,

Որքան Օնանի ջանքը ապարդյուն.

Եվս մի «ինչպես».

Ինչպես բորենու երևալուն պես

Կարող ես արդեն ստուգապես ասել,

Թե շրջապատում լեշ է հայտնվել,

Այդպես էլ հիմա,

Այս վիշապօձի գալարումները

Սոդոմի ժայռե պարիսպների շուրջ-

Մեր մեղքն է հազար եղջերափողով

Շեփորում Աստծո հայացքի առջև,

Եվ մենք զոհերն ենք մեր գործած մեղքի.

Ստուգապե՛ս այս է…

Ա ծերունի

Մե՞ղքն է, ասում ես:

Ղովտ

Հին մեղքն ու նրա հարազատ որդին:

Բ ծերունի

Ինչպե՞ս հասկանալ:

Ղովտ

Հին օձը, որն ինքը նաև վիշապն է այս նոր,

Իսկ վաղը գուցե բոլորս մեկտեղ,

Երկնի մարմնից ելուստներ ստացած՝

Հազար գլխանի վիշապի նման

Մեկս մեկի դեմ թրեր ճոճելով…

Ա ծերունի

Բայց ես չեմ եղել մեղքի պատճառը,

Ոչ էլ իմ հայրը.

Այդ սերմը ցանեց առաջին կինը:

Գ ծերունի

Եվ մեղավորը ոչ թե մարդիկ են,

Այլ հենց երկիրը,

Որտեղ բոլորն են արատավորված՝

Հանգամանքների բիրտ թելադրանքով,

Կամ պարտադրանքով իրավիճակի:

Ղովտ

Իրավիճակներ և հանգամանքներ — արդարացումնե՜ր,

Որով ամենքս ծածկվում ենք մեզնից՝

Մեր մեղքը այդպես վանելով հեռու,

Ինչ-որ օտարված, երրորդված բանի այն վերագրելով,

Մե՜ծ խաբեություն…

Յուրաքանչյուր մարդ իրեն ձգտում է անվերջ համոզել,

Որ մեղավորը ոչ թե հենց ինքն է,

Այլ հանգամանքը, իրավիճա՜կը՝ իր շուրջ ծավալված,

Իրենից անկախ, չկառավարվող մեկ ուրիշ պատճառ,

Թեկուզ դժոխքը, ճակատագիրը, տարերքը անսանձ,

Դասավորումը երկնի աստղերի,

Միայն ո՛չ ինքը.

Սակայն ինքներս ենք մեր գործած մեղքի միակ սնողը,

Եվ հետևանքը այդ գործած մեղքի՝

Էլի՛ հենց մենք ենք:

Մեղքը գործում ենք և հաջորդ պահին

Պատճառներ փնտրում արդարացումի՝

Այդպես մեր հոգում մեղքի բաժինը կրկնապատկելով:

Ահա և ամբողջ ճշմարտությունը…

Բ ծերունի

Դու ինքդ ես փախչում ճշմարտությունից.

Կարիք, ցուրտ ու շոգ, սովահարության

Մշտական տեսիլ, որի ոխակալ շնչառությունը

Քո թիկունքին ես շարունակ զգում,

Մարդու և մարդկանց հարաբերություն,

Որտեղ ստիպված ես հանդուրժել կեղծիք,

Խաբեբայություն, մահվան հրահանգ, մտրակի շաչյուն,

Մե՜ծ ստորացումներ, նայած թե ինքդ

Երկրի բազմագույն սանդղքաշարի

Որ սանդուղքին ես այդ պահին կանգած՝

Թագավորի՞ հետ, թե՞ մուրացկանի:

Մենք ի՞նչ ենք կյանքի ընթացքի աոաջ,

Իր անակնկալ մտածումի դեմ՝

Հանգամանքների.

Ահա՛, այս է հենց ճշմարտությունը…

Ղովտ

Շրջե՛ք ձեր հոգին ակնկուլ լույսին՝

Ձեր դատողության պաշտպանիչ մութից

Կամովին ելած.

Բերդի աջակողմ զառիթափը ողջ՝ կառափնատեղ է,

Եվ ծաղկանոց է ժանտագույն ծաղկանց,

Ուր գերիների անթաղ ոսկորներ՝ զինվորների ձիգ գնդերի նման, Հարյուրամյակներ մատնչում են դեռ՝ ֆոսֆոր ճոճելով ժամանակի դեմ,

Եվ տարեցտարի ավելանում են շարքերը նրանց.

Որքա՜ն անհաշիվ հանգամանքների գումարում էր պետք,

Որ մեռյալների բուրգն այդ գոյանար:

Երբ մեր քաղաքում Բաղարջակերաց կամ Զատկի տոն է,

Եվ մենք գովեստի ու փառաբանման

Երգեր ենք ոգում Բարձրյալի առաջ՝

Տիրոջ ականջին այդ մեռյալների ձայներն են հասնում…

Գ ծերունի

Այդպես է երկրի ոսկե օրենքը՝

Սրով ելնողը սրից է ընկնում,

Այդպես է կանչում և պատվիրանը՝

Աչքը՝ աչքի դեմ, ատամն՝ ատամի:

Ղովտ

Ինչպիսի՜ ահեղ և պողպատակուռ տեգեր էին ճոճում

Ձեր ավարառած տերություններում՝

Ծերերն ու կանայք կամ մանուկները,

Կամ մեր քաղաքի որբը և այրին ի՜նչ մկունդներ էին ձեռքները առել,

Որ գերյալների շարքերին խառնած՝ քշեցիք այնտեղ:

Գթո՛վ շաղախեք օրենքները այդ, որ կենդանանան…

Ա ծերունի

Տերը ներում է ամենայն չարիք,

Երբ մեղանչում ես.

Թե միայն այդ է մեր գործած մեղքը,

Մեղա՜ ենք գալիս:

Ղովտ

Սակայն կան մեղքեր,

Որոնք չեն ներվում,

Եվ որդոց որդի, սերնդե սերունդ անցնում է մարդկանց,

Եվ վիշապը այս բոլոր մեղքերի հանրագումարն է,

Որ ձգվել է մեր դարպասների դեմ…

Գ ծերունի

Գուցե կան մեղքեր, որոնք չեն ներվում հավիտենապես,

Սակայն դա թողնենք,

Մենք ստույգ չգիտենք, թե ի՞նչ է Տերը իրոք մտածում,

Կամ թե` տեղյա՞կ է մեզ հետ եղածից.

Գուցե վիշապն այս առանց պատճառի

Անհայտից եկել ու փաթաթվել է շուրջը քաղաքի…

Տեսարան երկրորդ

Բերդապարսպի պահակակետ:

Ա ժամապահ

Աստծո պատիժն է, ամբողջ քաղաքը խուճապի մեջ է,

Տեսե՞լ ես դրան:

Բ ժամապահ

Չեմ տեսել, սակայն իր ձայնն եմ լսել.

Սոսկալի՛ ձայն էր,

Կարծես բյուրերով մարդիկ գոռային:

Ա ժամապահ

Քաղաքից եկող ձայներն ես լսել՝

Մարդիկ հազարով վազվզում են փողոցների մեջ:

Բ ժամապահ

Դժվար թե,

Սակայն ինչ-որ խաբկանք կար.

Չնայած ինքը պիտի հենց այստեղ՝

Իմ առջև լիներ՝ պարսպի ցածում,

Բայց իր գոչյունը մեկ այլ կողմից էր ականջիս հասնում,

Գուցե քաղաքից հասնող ձայները ի՛ր բղավոցն է…

Ա ժամապահ

Թերևս սրանց բնույթն է այդպես,

Իրենք գոռում են, բայց արձագանքը մարդկանց բերնից է

Տարածվում հեռու…

Բ ժամապահ

Սրանց բնույթը իրոք չգիտենք,

Առյուծի, վագրի վարվելաձևը, գործերը գիտենք,

Որ իրենց զոհին մոտենում, հետո ցատկով որսում են:

Թե սրանք ո՞նց են մարդկանց խարանում իրենց ատամով,

Աստված կիմանա:

Ա ժամապահ

Ճիշտ որ դժվար է.

Երբ որ զորքեր են հայտնվում հեռվում՝

Գունդ-գունդ իջնելով բոլոր կողմերից,

Իրենց ոտքերի դոփյունով վերջում

Այս մեր դիմացի ողջ տափարակը ահեղ ցնցելով.

Եվ բարձրանում են վառ դրոշները վրանների մոտ զորապետների՝ Արծիվներ, անգղեր, սրեր ու տեգեր վրան պատկերված,

Ու երբ որ արդեն մարտափողերն են ուժգնորեն հնչում՝

Էլի՛ դժվար է, սակայն ո՛չ այսքան.

Ա՛յս քո թշնամին, ա՛յս էլ՝ քո ձեռքի նետն ու աղեղը,

Հարվածի՛ր վերից, կամ թող ոսոխդ զրահդ ճեղքի:

Բայց վիշապի դեմ անչափ անզոր ենք,

Իր գործերը կան, բայց ի՛նքը չկա…

Բ ժամապահ

Աստծո գործերն էլ դրա նման են.

Լեռը տեսնում ես, գետը, ծովերը,

Առյուծն ու վագրը, գետաձին, ցուլը,

Երկինք — երկիրը — ի՛ր հնարքներն են…

Ա ժամապահ

Ուզում ես ասել՝

Իր ձևը մեր դեմ Աստըծո՞ պես է.

Նրա գործերը տեսնում ենք, սակայն

Նրան չե՞նք տեսնում:

Բ ժամապահ

Թե որ այդ կողմից հարցին մոտենանք,

Այդպե է ստացվում.

Երբ գիշերները խաղաղ քնում ես,

Եվ ոչ մի օրենք միտդ չի գալիս

Եվ Աստծո տեղը թափուր է քո դեմ,

Եվ առավոտյան օրդ սկսում ես՝ ինչպես ցանկանաս,

Խաբում, նենգում ես, քո մերձավորի կնոջն ես ձգտում,

Ուրիշի տունը գիշերով մտած՝ թալան ես անում,

Հարբած նստում ես գինետներում,

Երբ զավակներդ քաղցից լալիս են,

Եվ անում բաներ, նո՛ւյնքան անհոգի, որքան որ սրանք.

Մի օր էլ հանկարծ շրջված տեսնում ես՝

Էդ թափուր տեղից վիշապ է գալիս:

Մարդ պետք է հոգում ինչ-որ կանոնի,

Օրենքի հենվի, որ վիշապ չգա…

Ա ժամապահ

Դու էլի խոսքդ ուրիշ տեղ տարար.

Դժվար խնդիր է,

Բայց այդպես լավ չի…

Այն, որ ասացիր, թե մեր բոլորի ճանապարհները

Ինքն է հաստատել՝ դա իրոք լավ է.

Հիմա իմ մտքի ընթացքին նայիր՝

Թե որ ամենքի ճանապարհները

Ինքն է հաստատել, նշանակում է,

Որ այդ դռների բանալիներն էլ նրա ձեռքին են,

Որ կողպեքները բացում-փակում է՝ ումը ո՛նց կուզի-

Չի կարող լինել, որ նա բացել է վիշապի ճամփան

Ու մարդու դուռը նրա դեմ փակել՝

Որ այս վերջինը դրան չտեսնի:

Այսպես ավելի հարմար կստացվի.

Աստված իր տեղում հանգիստ կնստի,

Այս վիշապն էլ՝ իր…

Բ ժամապահ

Հենց բանն էլ այն է, որ մենք

Հարմարն ենք միայն մտածում:

Բայց տես, ովքեր են հեռվից մոտենում:

Ա ժամապահ

Այն առջևինը քաղաքապետն է:

Բ ժամապահ

Երկրի բարձրագույն իշխանությունն է, պետք է ողջունել:

Քաղաքապետ

Էն թեքությամբ եք ձեոքներդ դրել ձեր գլխարկներին,

Որ չեմ հասկանում, ի՞նձ եք ողջունում, թե՞ այդ վիշապին:

Լավ, լավ, լա՜վ, թողեք…

Ո՞վ էր այդ օրը ժամապահ կարգված պարսպի վրա,

Երբ որ վիշապը հայտնվեց այստեղ:

Բ ժամապահ

Ես էի, տեր իշխան:

Քաղաքապհտ

Հիմա ինձ ասա, ո՞ր կողմից սկզբում վիշապը եկավ:

Բ ժամապահ

Նրան չտեսա, բայց համոզված եմ,

Որ է՜ն դիմացի բլրի վրայից:

Քաղաքապետ

Ինչո՞ւ հենց դրա:

Բ ժամապահ

Մեկ շաբաթ վրան անձրև էր գալիս.

Միա՛յն այդ մեկի:

Քաղաքապետ

Հիմա ո՞ր մեկի՝ էն հողագույնի՞, թե՞ դրա վրա՝

Ճագար որսացող աքիսի նման կախվածի գլխից,

Որով ձգվելով քաղաքից ելնող զորախմբեր են

Վերջում չքանում մեր հայացքներից՝

Թեքվելով դեպի հարթավայրերը:

Բ ժամապահ

Այո՜, հենց դրա՛:

Պոետ

Պոչը դարձնելով այնտեղից անցած

Զորախմբերի ոտքերի փոշին,

Գլուխը թաքուն քաղաքին հարճեր ու ստրուկ բերող

Քարավանների բեռին հարմարած՝ հասել է այստեղ,

Որ մարդ չտեսնի…

Քաղաքապետ

Շատ գունագեղ ես պատկերներ հյուսում, պոետ բարեկամ,

Քո արհեստից չէ…

Պոետ

Մեզնից ամենքը իր փեշակն ունի,

Դու զորք ես ճամփում աշխարհների դեմ,

Ես՝ իմ բառերը:

Քաղաքապետ

Ո՞րն է զորավոր:

Պոետ

Միևնույն բանն են.

Զորագնդերդ մեռնում են օտար հորիզոններում՝

Քաղաքների դեմ,

Իսկ իմ բառերը՝ մարդկանց ականջում…

Քանի՞ հազար են մեր զինվորներից ճամփեքին մեռել:

Քաղաքապետ

Թե որ լավ հաշվենք՝ Ասորաց դաշտում,

Արմենների դեմ, սկյութների առջև,

Եգիպտոսի հետ… հաշվելը հեշտ չէ.

Տասը բյուր հազար…

Պոետ

Իսկ նրանց կողմից որքա՞ն կլինի զոհերի թիվը:

Քաղաքապետ

Քսան անգամ ավել:

Պոետ

Մենք ի՞նչ էինք շինում նրանց կողմերում,

Ի՜նչ էինք կամենում, երբ զոհում էինք մեր զավակներին:

Քաղաքապետ

Մեր Տերությունը…

Պոետ

Ո՞ւմ էր պետք այդքա՜ն երկիր ունենալ՝

Հսկա տերություն,

Մեր տունն այստեղ է,

Ինչո՞ւ էինք այնտեղ մենք այն որոնում:

Քաղաքապետ

Նրանք էլ այստեղ իրենցն էին փնտրում՝

Իրենց զորավոր կայսրությունը…

Մենք հաջողեցինք…

Պոետ

Սակայն ի՜նչ գնով:

Քաղաքապետ

Նույն գնով, որով

Այսպես թե այնպես պիտի որ ստեղծվեր:

 

Տեսարան երրորդ

Ա քաղաքացի

Տեսե՞լ ես այստեղ դու այդ վիշապին:

Բ քաղաքացի

Առնետներ, մկներ չորս կողմ վազվզող,

Բազում կատուներ՝ բերդապարսպի սեպերին թառած,

Որ մլավոցով քաղաքն են լցնում,

Ագռավներ՝ ճերմակ գիշերների մեջ

Հրեշտակների տեղ իրենց մատուցող

Տեսել եմ, սակայն վիշապ չեմ տեսել:

Ինչո՞ւ ես հարցնում:

Ա քաղաքացի

Մարդիկ փախչում են իրենց տներից՝

Ամեն ոք թաքուն իր ձին թամբելով,

Իր ունեցվածքը սայլերին բարձած:

Եվ փողոցներում խառնակություն է.

Սայլեր ու ձիեր, եզներ ու մարդիկ

Իրար խառնված՝ յուրաքանչյուրը մեկ կողմ ձգտելով…

Ճիշտ որ վիշապի պատկեր են ստացել:

Բ քաղաքացի

Բայց ո՞ւր են փախչում:

Ա քաղաքացի

Չգիտեն, թե ուր, սակայն փախչում են.

Իշխան ու ստրուկ, բանտարկյալ, զինվոր,

Տիրուհի, նաժիշտ իրար վրա են փողոցում հեծնել:

Բ քաղաքացի

Խելագարվել են,

Չէ՞ որ քաղաքը շրջապատված է,

Ոչ մի ելք չկա դուրս ճողոպրելու.

Այդպես են ասում:

Ա քաղաքացի

Շատերը անգամ ինքնասպան եղան տների շեմին,

Որ գոնե հոգին այստեղից փրկեն:

Գ քաղաքացի

(ներս մտնելով)

Շունչս կտրվեց, ողջ քաղաքով մեկ

Մտրուկի նման սմբակիս տալուց:

Ո՞ւր է վիշապը…

Ա քաղաքացի

Մեկն էլ հայտնվեց.

Ի՞նչ վիշապ, ա՛յ մարդ,

Որտե՞ղ ես տեսել՝ վիշապը հանգիստ փողոցում զբոսնի՝

Գրպանների մեջ ձեռքերը դրած:

Գ քաղաքացի

Ամբողջ քաղաքը վիշապ է կանչում,

Եվ խուճապահար փախչում է դեպի բերդապարիսպը՝

Ափերը լքած վայրագ ծովի պես,

Օվկիանի խրոխտ հորձանքի նման.

Մարդկանց խմբերից հազիվ փրկվեցի:

Ա քաղաքացի

Ծովե՜ր և օվկիա՜ն, լեռնաշղթանե՜ր.

Մեր քաղաքացիք ճիշտ խելագար են,

Մեծ-մեծ բրթում են՝ իրենց խոսքի մեջ

Ամբողջ տերության սահմանը առած.

Ի՜նչ էլ հեռու են աչքերդ տեսնում:

Ասում էիր՝ ո՞ւր էին գոռալով փախչում:

Գ քաղաքացի

Դեպի պարսպի մեծ դարպասները՝

Բոլորը մեկտեղ հորձանք կազմելով…

Բ քաղաքացի

Ա՜յ գիժ, ասեիր՝ ուղիղ վիշապի

Բերանն են վազում, ի՞նչ ես ձգձգում,

Խելոք են վարվում, հո չե՞ն թողնելու,

Որ այդ վիշապը իր ծանր տեղը

Թողնի, ինքը գա ամենքին ուտի:

Մարդու բնույթն է. իր հորինածին

Պետք է կուլ գնա, ինչ էլ պատահի:

Ա քաղաքացի

Ինչպե՞ս թե՝ ինքը իր հորինածին:

Բ քաղաքացի

Ի՞նչ է, չգիտե՞ս, հե՛նց իր ստեղծածին,

Ինչ էլ այն լինի,

Ուժգին սեր լինի, կամ թե անհագուրդ

Մի ատելություն, որ մարդու հոգին

Կարող է կլլել իր բորբոքումով:

Ինչպես կրակը մայրի անտառի ծառերը բոլոր

Կարող է հանկարծ ճարակել ուժգին,

Եթե բորբոքվի մի թեթև քամուց,

Կամ իշխանության հասնելու մոլուցք,

Որ միջակ մարդուն բերում է գահին

Եվ այնտեղ պահում ամեն միջոցով՝

Նրան և ամբողջ իր տերությունը

Նույն այդ մարմաջի զոհը դարձնելով,

Կամ թե այլ բաներ նույնքան ծայրահեղ,

Որքան թվածս մոլությունները՝

Մտքային պատրանք կամ թե ցանկություն անդիմադրելի,

Մարդուն առնում է իր երախի մեջ

Եվ հանդարտ խժռում:

Այս մեկ մարդու հետ, սակայն

Ի՜նչ աղետ կպատուհասի ամբողջ քաղաքին,

Որտեղ բոլորը նույն բանն են խոսում…

Գ քաղաքացի

Խոսե՞լ ես ասում.

Չէ՞ որ վիշապը Սոդոմի դեմ է,

Ամենքն էլ գիտեն:

Բ քաղաքացի

Իսկ ո՞վ է տեսել:

Ա քաղաքացի

Չեն տեսել, սակայն, չէ՞ որ լսել են,

Որ դռան մոտ է:

Բ քաղաքացի

Հազար վիշապ է եկել ու անցել Սոդոմի դեմով,

Շատերը անգամ քաղաք են մտել,

Պոչն են գալարել, բերանից ահեղ կրակ են թափել,

Վերջում տեսել են, որ անգամ խեղճը մեր այս քաղաքի՝

Որբը և այրին, որոնք իրենց հետ նստած խաղում են

Ամբողջ օրերով, ձայնը չեն գցում՝

Թե՝ հա՜յ, վիշապը քաղաք է մտել,

Սսկվել, նստել են, յուրաքանչյուրը՝ իր դռան առջև.

Քանի՜ վիշապ ենք քաղաքում պահել,

Այս մեկը ի՞նչ է, որ սրա վախից հարա՜յ են տալիս…

Գ քաղաքացի

Սա դրանցից չէ, ուրիշ ցեղից է,

Ասում են՝ սրան Տերն է ուղարկել:

Բ քաղաքացի

Էլի՞՝ ասում են.

Աստծո ի՞նչ պետքն է՝ վիշապ ուղարկի:

Մենք սրա լուրը այն պահին առանք,

Երբ մեր իշխանի կնիկը կորավ,

Իսկ իրականում ինչ-որ սկյութացի

Զորավարի հետ փախավ քաղաքից:

Իսկ մեր իշխանն էլ, որպեսզի փրկվի

Այդ մեծ ամոթից, հորինեց, իբր,

Երբ իշխանուհին դուրս է գնացել

Պարիսպների դեմ ծաղիկ քաղելու,

Հանկարծ վիշապ է հայտնվել հեռվից

Ու մեր տիրուհուն, նաժիշտների հետ…

Գ քաղաքացի

Մտքինդ ասա,

Ուզում ես ասել, թե վիշապ չկա՞,

Նա՞ է հորինել…

Բ քաղաքացի

Ո՞վ ասաց’ չկա,

Եթե ամենքը վիշապ են կանչում,

Ինչպե՞ս կարող է վիշապ չլինել:

Ա քաղաքացի

Բան չեմ հասկանում, ասում ես՝ չկա՛,

Հիմա էլ թե՝ կա՛:

Գ քաղաքացի

Նախկինում չկար, այժմ մեր մարդկանց

Գոռոցից ծնվել ու բարձրացել է պարսպի վրա,

Արդեն ուր որ է՝ քաղաք կմտնի.

Տեսեք, գալիս է…

Մարդիկ լցվում են փողոց՝ վիշապ, վիշապ գոոալով:

 

Տեսարան չորրորդ

Ղովտի ամրոցը:

Ղովտ

Իմ փառքն ինձանից առաջ է անցել,

Եվ փողհարում է ոսկով երիզված

Զորեղ շեփորով՝ բազումների դեմ,

Բայց, ավաղ, ես չեմ նրան զարդարել իմ շնորհներով,

Ինչպես պատանուն՝ կորովն իր ուժի,

Կամ ինչպես կույսի դեմքն է զարդարում

Շառագույնը տաք՝ իր հանկարծահաս արբունքի պահի,

Ինչպես ծերունուն՝ իմաստությունը,

Արժանավորը՝ իր տակի գահին,

Կամ խիղճը՝ բոլոր մարդկանց գոյավոր,

Այլ իմ առջևից սուրում է անկանգ՝

Հեծյալին թամբից նետած ձիու պես,

Որի մեկ ոտքը ասպանդակին է մնացել կապված.

Փառքն ինձ առել է հորձանուտի մեջ,

Ու ես չեմ կարող դիմադրել նրան:

Կործանվելու է քաղաքն այս շուտով,

Ինչպես Փռյուգիան ու փղշտական տերությունները

Կորչեցին իսպառ՝ Տիրոջ անվան վճիռի դիմաց՝

Առյուծի զորեղ թաթերի առջև հեղձամահ ընկած գայլաձագի պես…

(Անակնկալ հայտնվում է Զորությունը:)

Ո՞վ ես, որ այդպես ճառագայթումով

Ելար իմ առջև՝

Համակ ջղերս ներսից ցնցելով…

Զորություն

Նրա մի մասն եմ,

Որին դու այդպես դիմում էիր հիմա,

Կամ թե ամբողջս եմ,

Քեզ հետ խոսում է իր մասը միայն.

Ի՛նձ ասա խոսքդ…

Ղովտ

Մի՞թե՝ հրաբեր հրեշտակն Աստծո:

Սակայն ես ինչպե՞ս խոսեմ քո առջև,

Երբ լոկ երկրային փոշուց պատրաստված խեցի եմ անշունչ,

Վավածեփ գավաթ, որ ջարդվելու է նույնքան հեշտությամբ,

Որքան անարժեք առնվեց հողից:

Սակայն ո՞վ ես դու,

Չէմ կարողանում քո դեմքին նայել:

Զորություն

Նա եմ, ում գիտես,

Կամ թե կարծում էիր, որ գիտես իրոք.

Խոսի՛ր հեշտորեն,

Բայց մինչ այդ լսիր.

Վաղն առավոտյան,

Երբ արեգակի շողերն առաջին

Թեթև կհպվեն Սինայի քարե ելարաններին.

Եվ հանդարտորեն կսահեն դեպի լեռնալանջերը,

Ուր գազաններն են ցայգալույսի մեջ գալիս ջրվելու՝

Իրենց ձագերին շուրջները առած –

Դու ինքդ էլ այդպես, սակայն անհանգիստ՝

Վտանգ զգացած կենդանու նման,

Մտերիմներիդ շուրջդ խմբելով

Փախի՛ր քաղաքից, դեպի դիմացի բլուրները թեք:

Քանի դեռ փութով չեք հասել այնտեղ,

Տերը կսպասի.

Ձեր հասնելուն պես պիտի ավերի

Վայրագ իժերի այս տունը շողուն՝

Շանթերի ահեղ մտրակների տակ:

Ղովտ

Քանզի նախօրոք ինձ հորդորեցիր խոսել քո առջև,

Պիտի որ հարցնեմ, ո՞րն է քաղաքի մեղքը այս գործում,

Եվ մարդկանց մեղքը:

Զորություն

Դու ինքդ գիտես, թե մեղքը որն է…

Քաղաքը պիտի բնակիչներով վերանա իսպառ,

Միայն շանթերի հետքը քարերին

Իր նախկին տեղը պիտի իմացնի ազգերի առաջ…

Ղովտ

Թող նորից խոսեմ:

Զորություն

Ասա, ինչ գիտես:

Ղովտ

Կրկին հարցնում եմ՝

Ո՞րն է մեր մեղքը:

Նայիր փողոցում խաղացող մանկանց,

Որ վազվզում են փայտե տեգերն

Ու տապարները ձեռքներին բռնած.

Դա է մեր խաղը մանկության ժամին,

Միա՛յն սպանություն.

Իսկ մեր արբունքի ժամերին հիմա.

Նայի՛ր, մանկամարդ կինը ինչպես է նազանքով ծածկում

Իր գիրգ կառույցի ձևերը թաքուն,

Կարծես ակամա առավել ցայտուն դրանք ցուցանած.

Այժմ պատանուն՝ ինչպես է ծածուկ հետամուտ նրան՝

Իր արյան եռքը հազիվ զսպելով երակների մեջ՝

Ինչպե՞ս դիմանա իր շուրջ ծավալվող

Կանանց կոնքերի, կրծքերի, ազդրի իգական պարին.

Մեր մեղքը ո՞րն է, երբ այս ամենը

Տերն է մարդկային մարմնի մեջ դրել:

Զորություն

Հեթանոսների իշխանի պես ես խոսքդ կառուցում…

Թող աչքը պահեն իրենց մսուրին,

Այդպես խնդությունն ավելի շատ է,

Թեկուզ և փոքր-ինչ ժուժկալության մեջ:

Ղովտ

Եվ ապա կյանքիդ շարունակումը այս երկրի վրա՝

Փորձությունները ամեն ակնթարթ քեզ պատուհասող,

Մտածումներդ, ո՜հ, մարդկային որբ մտածումները՝

Գոյության, Աստծո, հավերժության դեմ:

Մարդու զրկանքը անդիմանալի,

Մահվան սպասումը, ծերությունը մեր,

Որ քեզ ջլատված մի եզան նման

Համառ տանում է դեպի սպանդանոց,

Եվ դու չես կարող փախչել դրանից՝

Վզիդ պարանը մի կերպ կրծելով:

Իսկ ո՞ւր է Տերը,

Ի՞նչ է պահպանել այդ պահի համար,

Այդ սպանդանոցի ո՞ր կողմում է

Իր գահը հաստատել…

Զորություն

Ձեզ հետ միասին գլուխն է դրել կառափնատեղին՝

Ամենքիդ հետ էլ վերջում փրկվելով,

Իսկ մինչ այդ պետք է հոգին պահպանել պատվիրաններով:

Ղովտ

Ինքս ծանոթ եմ պատվիրաններին

Եվ հետևել եմ նրանց սրբությամբ,

Սակայն ի՞նչ անեն չիմացողները…

Զորություն

Ամեն էություն իր հոգու խորքում Տիրոջը ունի,

Մարդիկ կորչում են,

Երբ որ նրան են սպանում իրենց մեջ…

Ելի՛ր Սոդոմից,

Վաղն առավոտյան այն պիտի զարկվի հրեղեն շիթով:

Ղովտ

Սակայն ի՛մ փառքը ես ինչպե՞ս հանեմ նրա դռներից,

Առանց այս մարդկանց այն ինչպե՞ս պիտի

Հաստատված մնա աշխարհի վրա:

Թող գոնե կեսը քաղաքի փրկվի:

Զորություն

Դու փա՞ռքդ ես փրկում, թե՞ մարդկանց կյանքը:

Ղովտ

Անքակտելի են մեկը մյուսից,

Այս մարդիկ են իմ փառքը տարածում աշխարհի վրա,

Եվ ես եմ պահում քաղաքը իմ շուրջ:

Զորություն

Կլինի այնպես, ինչպես ասացի,

Քո փառքն էլ այստեղ պիտի որ մեռնի…

Ղովտ

Չեմ կարող փախչել,

Թող որ քաղաքը ինձ հետ կործանվի:

Զորություն

Դու չիմանալով՝ արդեն փրկեցիր քաղաքն ավերից,

Նրա հետ՝ նաև մարդկությունը ողջ,

Քանզի մարգարե, պոռնիկ, քահանա,

Զորավար, դպիր՝

Ամենքն էլ մեկ են:

Թող մեղքը անտես վիշապի նման

Քնի աշխարհի պարիսպների տակ,

Բայց երբ բարբարոս հեշտասիրության,

Սպանությունների, կեղեքման, ստի

Գոչյունը հասնի իր ականջներին,

Քնից զարթնելով՝

Թող որ թափանցի քաղաքներից ներս,

Սակայն իմ ձեռքից

Մարդուն այլևս չի հասնի չարիք.

Ես մեղք չեմ տեսնում,

Քանզի բոլորն են արդեն մեղավոր…

(Անհետանում է:)

Ղովտ

(փլվելով գետնին)

Տե՜ր, մի՞թե դու էիր ինձ հետ զրուցում…

Կարդացեք նաև