ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ / «ԶՎԱՐԹՆՈՑ»

ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ., թիվ 2-ում

ԵՍ՝ ՏԵՐ ԵՎ ԾԱՌԱ ՆԵՐՇՆՉԱՆՔԻՆ
Այն, ինչ կա քո ներսում լավագույնը՝ նվիրում ես սքանչելի Բառին, անընդգրկելի Մեղեդուն, շլացուցիչ Գույնին: Հոգու տարողությամբ սահմանագծված զգայարանների անկաշկանդ պոռթկում, անսահման ապրում, ամենաբազմազան զգացմունքների շիկացում և բյուրեղացում միաժամանակ: Միաժամանակ մերժելի և միաժամանակ ընդունելի մարդկային զանազանակերպ բնավորությունների տառապալից խտացում: Մարդկային էության անիմանալի խորխորատներում ծածկաբար պահված ամենանողկալի ցանկությունների ու արարքների, ամենազարհուրելի մտածումների մերկացում: Անխնա տառապանքի, գերագույն եսասիրության անընդգրկելի դրսևորումներ, որոնք մարդու սքանչելի աշխարհը վերածում են դժոխքի, որտեղ կործանվում է Աստվածային Արարչությամբ կերտված Խղճի տաճարը, որի փլատակների տակ փնտրում ես, գտնելու համար Աստվածային Կամեցողությամբ նվեր տրված Սիրո, Հավատի, Հույսի գանձը…
…Բեմ կոչված փոքրիկ տարածքում գտնվող Տառապյալը խավարում ընկղմված դահլիճում հավաքված մի քանի հարյուր ներկաներին ընդունում է որպես Գերագույն դատավոր և, միաժամանակ, մեղադրյալ, որին, ահա, ուղղված է իր տառապանքների ողջ աշխարհը, գերզգայուն ապրումները: Թատրոն-արվեստին ծառայելը, բառի ամենալայն իմաստով, ներշնչանք է:
Ես՝ տեր և ծառա այդ ներշնչանքին:

Գործող անձինք
ՆԵՐՍԵՍ ՏԱՅԵՑԻ — կաթողիկոս
ՅՈՀԱՆ — ճարտարապետ
ԹԵՈԴՈՐՈՍ ՌՇՏՈՒՆԻ — սպարապետ
ԻՍՐԱՅԵԼ ԳՈՌԱՂՃԵՑԻ — ճարտարապետ
ՏԱՍՆԵՐԿՈՒ ՎԱՐՊԵՏՆԵՐ — կառուցողներ
ՆԱՆԵՄԱՐ
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ
ՇԱՂԻԹԱ ԱՂՋՆԱԿ
ՇԱՂԻԹԱ
ԳԵՐՅԱԼ ԿԱՆԱՅՔ — տարեց և երիտասարդ
ՏԱՍՆԵՐԿՈՒ ՎԱՆԱԿԱՆ
ԱՐԾՎԻ ՁԱՅՆԸ
ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐԻ ՁԱՅՆԸ
ԺՈՂՈՎՈՒՐԴ ՆԱՎԱԿԱՏԻԿԻՆ

1.
Աստղալույսով ողողված պայծառ գիշեր է: Հանդարտորեն լուսավորվում են Զվարթնոց տաճարի ավերակները: Այստեղ-այնտեղ, քիչ ավելի պայծառ՝ խոյակներ, սյուներ, կիսակործան պատեր, կամարներ, աստիճաններ: Մնացածը՝ խավարի կամ ստվերների մեջ: Լուսավորության հետ ծնվում է մեղեդին, ապա և՝ Ձայնը՝ խոր-առնական, թերևս՝ քիչ հոգնած:

ՁԱՅՆ — Ես եմ խոսում՝ Զվարթնոց Տաճարս, որի կործանված վեմերի ետևում պահում եմ գաղտնիքը հեռու օրերի… Կաթնալույսի մշուշների մեջ արթնացել է հիշողությունը, էությունս տնքում է նրա ահեղ բաբախումներից… Այս գիշեր ոգեկոչումի խոսքեր կշշնջամ տառապանքի, ոգևորության հրաշքի հառնումի մասին: Ես եմ խոսում՝ Զվարթնոց Տաճարս… Քրիստոսի որդու ծնունդից յոթ դար է անցել, երբ Արաբ Խալիֆը պատերազմներով, հրով ու սրով, կոտորածներով, գերեվարությամբ շատ ազնիվ ազգեր նետեց իր ոտքերի տակ, գերեց շատ հայրենիքներ: Ուժի, փառքի, աստղային իր ժամանակն էր: Հայոց Աշխարհում կռիվներ եղան: Հաղթություններն ու պարտությունները քարշ էին գալիս մեկ-մեկու ետքից և տառապանքների, կոտորածների, օտար բռնության, այլազգիների նենգ դավերի մեջ, թվում էր՝ պիտի մեռնի ողջ ժողովուրդը՝ թշնամու արյունոտ կամքին հնազանդ: Բայց յոթերորդ դարը քաջեր ծնեց, որոնք մահկանացու իրենց ճակատին անմահության պսակ կրեցին… Ես եմ խոսում՝ Զվարթնոց տաճարս… Այս գիշեր, ահա, իմ հիշողության գաղտնի դռներն են ծեծում Ներսես Տայեցի կաթողիկոսը… Եվ նա՝ Յոհան մեծ ճարտարապետը… Թող վարգեն այս գիշեր հիշողության նժույգները դեպի Սկիզբը… Այսօր բաց են ճանապարհները… Զգում եմ տրոփը հողի… Գալիս են նրանք՝ մեկ-մեկ և խմբով: Գալիս են նրանք… որ ես լռեմ, ու խոսեն իրենք…

2.
Գալիս են Տասներկու վարպետները՝ ուսերին դրած պատգարակի վրա բերելով Յոհան Կառուցողին: Նրանց քայլերի ձայնն է, ապա և Կանացի Ձայնը՝ տարբեր ելևէջներով:
ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆ — Յոհան…

3.
Գիշեր է: Հեռվում երևում են աստղալույսով ողողված Զվարթնոց Տաճարի ավերակները: Խոր լռություն է: Տաճարի երևալուն հընթացս Կանացի Ձայնը լռել է: Տասներկու Վարպետները, որոնք իրենց ուսերին բերում էին պատգարակը, բարձրանում են Տաճարի աստիճաններով: Որ քարի, պատի, սյան կամ խոյակի մոտով անցնում են՝ լույսն ավելի է պայծառանում: Տասներկուսը դանդաղ առաջանում են Տաճարի խորքը…
Տաճարի կենտրոնում նրանք ուսերից վայր են բերում պատգարակը: Նստում են պատգարակի շուրջն այնպես, կարծես սեղանի մոտ են նստած, և նման են Խորհրդավոր ընթրիքի առաքյալներին: Նա, որ պատգարակին էր, այլևս այնտեղ չէ:

4.
Լսվում է մոտեցող քայլերի ձայն: Կաթնալույսով ողողված՝ դեպի Տաճարն է գալիս Մենավոր Ուղևորը: Տասներկուսը անշարժ, քարե արձանների նման, սակայն ամբողջությամբ լսողություն դարձած, ունկնդրում են Մենավոր Ուղևորի քայլերի ձայնին:
Եկավ Մենավոր Ուղևորը, հասավ տաճարի ավերակներին, հեռու, առանձին հենվեց մի փլվածքի: Նա՝ Յոհան ճարտարապետը:
ՅՈՀԱՆ — Եկա… Հասա… Իմ ճանապարհը երկար… Իմ ճանապարհը դժվար… Իմ ճանապարհի սկիզբը մեծ, անտարողունակ ժամանակի մեջ… Ես գալիս էի, գալիս ու տեղ չէի հասնում… Ես փնտրում էի իմ տաճարը, որի հպարտ սյուներին կերտեցի քո թևաբախող կերպարը, Արծիվ… Հայոց աշխարհում սփռված շատ կիսակործան տաճարների աոջև եմ գլուխ խոնարհել, բայց նրանցից ոչ մեկը իմը չէր… Ես հավերժական փնտրող եմ դարձել, քանզի գիտեի, որ կործանվածները, փլատակները ժամանակի ահեղ երախում մանրվում են ու դանդաղորեն սուզվում մայր հողի ընդերքը… Իսկ երբ սուզվեցին՝ նրանց գտնելն այնքա՜ն դժվար է… Հանկարծ իմ ներբանների երակները տրոփեցին ուրիշ տրոփով, իմ սիրտը զարկեց ավելի հատու… Ես եկա, տեսա հին փառքի չնչին ու ողորմելի բեկորներ միայն… Ես փնտրում էի իմ կորցրածը ամբողջական ու հրաշագեղ… Գտածս, սակայն, ավերակներ էին… Ես փնտրում էի Սկիզբը Սկզբի, բայց սա վերջն էր…
Իր խոսքի ինչ-որ մի հատվածում Յոհանը քայլում է ավերակների մեջ, և նրա վերջին բառերն ավարտվում են Տասներկուսի դիմաց, որոնք, դեռ նստած պատգարակի շուրջը, նման են քարե արձանների: Յոհանը, որ իր վերջին բառերն ուղղել էր դեպի երկինք, տեսնելով Տասներկուսին, ուշադիր, մեկ-մեկ զննում է նրանց, ապա շշնջում:
ՅՈՀԱՆ — Տիեզերական ծավալների մեջ ինչպե՞ս գտնեմ Սկիզբը Սկզբի…
Տասներկուսն անշարժ նստած պատասխանում են: Հակառակ նրանց անշարժության՝ նրանց խոսքն աշխույժ է, կենդանի:
ՏԱՍՆԵՐԿՈՒՍ.
— Սկիզբը այնքան Սկիզբ ունի…
— Սկիզբը այնքան սկիզբ ունի, որքան վայրկյան կա անեզր ժամանակի մեջ…
— Որտե՞ղ ես փնտրում Սկիզբը…
— Եվ ո՞ր… ո՞ր Սկիզբը… Յոհան կառուցող…
— Սկիզբը Սկզբի… մենք էլ ենք փնտրում…
Տասներկուսի խոսքը հասնում է բարձր գգացմունքայնության:
ՅՈՀԱՆ – Լռե՛ք մի պահ, որ ձեզ ճանաչեմ…
Տասներկուսն անմիջապես լռում են: Յոհանը պտտվում է նրանց շուրջը և շոշափում նրանց թիկունքներին դաջված վարպետության նշանները, որոնցով էլ ճանաչում է իր վարպետներին:
ՅՈՀԱՆ — Սիմոն վարպետ, Ջուհան, Եղիազար, Կարապետ, Շատիկ, Միքայել, Գանձիկ, Հայկերես, Տիրատուր, Ատոմ, Հակոբոս, Անձիկ… Քարգործ, գաղատոս, կազմող վարպետներ… Դուք չէի՞ք ինձ հետ, որ Զվարթնոցից առաջ կառուցեցինք ամրոց, ապարանք, պարիսպներ ու բազում այլ շինություններ… Դուք չէի՞ք, որ իմ նշանի հետ ձեր վարպետության նշանները դրեցիք ձեր կառուցած պատերի վրա… Որ ճանաչվենք մեր կառուցածով և օրհնությամբ հիշվենք և կամ անիծվենք ընդմիշտ, եթե խարդավել ենք, դավաճանել ենք մեր իսկ հանճարին և սպանել ենք խիղճը կառուցողի… Սկիզբը այնքան Սկիզբ ունի… Բայց մեզ համար Սկիզբն ու Վերջը այս Տաճարը չէ՞…
ՏԱՍՆԵՐԿՈՒՍ.
— Սկիզբը այնքան Սկիզբ ունի…
— Որքան վայրկյան կա ժամանակի մեջ…
— Սկիզբը Զվարթնոցն էր…
— Սկիզբը դեռ այն կռիվն էր արաբացոց հետ…
— Արաբացոց հետ…
Տասներկուսը արդեն հանգիստ չեն նստած, նրանք ոտքի են կանգնել և խառնվել իրար՝ կարծես մոռանալով Յոհանի գոյությունը:
ՏԱՍՆԵՐԿՈՒՍ.
— Աշխարհը համայն կործանման սարսափով է լեցուն…
— Յոթերորդ դար… տառապանքի դար…
— Ավեր է… արյուն… հրոսակներ այլալեզու…
— Զոհաբերում է պահանջում դարը…
— Որ ապրի… Հայոց երկիրը…
— Աշխարհը՝ համայն կործանման սարսափով լեցուն…
ՅՈՀԱՆ — Հրոսակներ այլալեզու, վայրի, անթիվ՝ իբրև ծովի ավազ, որպես մորեխ՝ հորդ բազմությամբ սփռվեցին, տարածվեցին Հայոց վրա… Կոտորեցին, գերի տարան: Եղավ դաժան մի խրախճանք, արյունալի մի մղձավանջ, ողջակիզված մի ապագա…

5.
Շրջապատի բոսորագույնի մեջ հայտնվում են կանայք. երիտասարդ և տարեց, պատանքի նման իրանը գրկած ճերմակ զգեստներով: Նրանց առաջնորդում է միակ սևազգեստը, բոլորից տարեցը: Նրանք գալիս են ձեռքները երկինք պարզած, առանց ավելորդ շարժումի: Նրանց ձայնը առանց արցունքի՝ խորը, արժանապատվորեն ողբերգական:
ՏԱՐԵՑ — Կոպերիս փակ խցերում, աստեղային ո՛վ գիշեր,
Քո լույսերով ողողված երազների փոխարեն՝
Խիտ խտացյալ սարսափի թախիծը մեծ, ահարկու
Այնտեղ ոստայն է հյուսում, այնտեղ՝ սրտիս խոռոչում…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Անհավասար մարտի մեջ ես կորցրի ամեն ինչ.
Ծնողներիս հոգեշատ, եղբայրներիս քաջարի,
Իմ սիրելուն՝ ինձ պաշտող, իմ տունն, այգին բարեբեր,
Հայրենիքս սիրասուն՝ ինձ տանում են գերություն…
Ո՛վ դառնություն մեր հոգու… ո՛վ գերության շղթաներ,
Դաժան՝ ժանտ մահն առավել,
Սեղմել եք բիրտ ձեր գրկում մարմինս հեգ, տանջահար
Սիրելիիս փոխարեն, սիրելիիս փոխարեն…
ՏԱՐԵՑ — Ո՛վ իմ զավակներ կռվում նահատակ,
Ի՞նչ եք շշնջում՝ մայր հողին ընկած…
Դուք ի՞նչ եք պատմում մեր կյանք ու օրից,
Մեր ասպատակված տանջահար երկրից,
Արյունով օծուն մեր տառապանքից
Հողի ականջին ի՞նչ եք շշնջում…
Ո՛վ իմ զավակներ, արև որդիներ,
Որ ելաք ընդդեմ մեծ բարբարոսի,
Հանուն հայրենի սրբազան հողի՝
Ու քայլում եք արդ, անդեականով,
Խոցված, խոցոտված, սակայն լուսավոր,
Սակայն պաշտելի, սակայն անմոռաց…
Իմ նահատակներ, ես ողբ չեմ ասում,
Օրհներգում եմ ձեզ, օրհներգում եմ ձեզ,
Հողն հայրենիք է նրանով նաև,
Որ ամփոփում է իր զավակներին
Իր տաք ընդերքում, իր սրտին մոտիկ
Ու նրանց մասին եկող ապրողին
Առասպելներ է կտակում անվերջ…
Միջավայրը նորից բոսորագույն է, և այդ բոսորագույնի մեջ սլանում են նետերը, սրածում են սրերը:

6.
Լսվում են թմբուկների հատու զարկեր: Հայտնվում է Թեոդորոս Ռշտունի սպարապետը:
ԹԵՈԴՈՐՈՍ — Իմ կյանքը հայոց տառապանքի խորանին:
ԶՈՐՔ — Իմ կյանքը հայոց տառապանքի խորանին:
ԹԵՈԴՈՐՈՍ — Երդվում եմ:
ԶՈՐՔ — Երդվում եմ:
ԹԵՈԴՈՐՈՍ — Չկա այլևս գոռոզ Տիզբոնը, տապալվել է արաբի ուժից: Թվաց, թե մի պահ ազատ շնչում է Հայոց Աշխարհը: Բայց, ահա արաբը, նույնքան վայրի և արյունռուշտ, մեր խաղաղության սրտին է ծնկել… Ելե՛ք, իմ քաջեր… Հայրենիքն, ահա, նորից կանչում է մեծ աղաղակով… Ելե՛ք, ցասման ժամ է, ելե՛ք… Ելե՛ք, որ սատար լինենք և պաշտպան լինենք հայոց չարչրկված հույս ու հավատին… Ելե՛ք, ցասման ժամ է, ելե՛ք…
ԶՈՐՔ — Ցասման ժամ է, ելե՛ք…
ԹԵՈԴՈՐՈՍ — Մեր մայրերի ու մանուկների, մեր սիրած կանանց դատարկ ու հոգնած երազների մեջ ծանր սպասումի լռությունն է վախով ծվարել… Պիտի չբացվի՞ Լուսո Առավոտ, Հուսո Առավոտ… Պիտի մեռնի՞ արաբի արյունոտ շեղբին մի ողջ ժողովուրդ… Օն անդր, քաջեր, ցասման ժամ է, ելե՛ք…
ԶՈՐՔ — Ցասման ժամ է, ելե՛ք…
ԹԵՈԴՈՐՈՍ — Ելեք, սուր առեք իշխան ու ճորտուկ, մանկտիք ազատ… Ելե՜ք… ելե՜ք… ելե՜ք…
ԶՈՐՔ — Ելե՜ք…
Անընդհատ կրկնվող «Ելեք» կոչը հասնում է զգացմունքային բարձրակետի: Ապա՝ լռություն և մթություն:

7.
Նորից Զվարթնոց տաճարն է՝ գիշերային աստղածորուն լույսերի մեջ: Հետզհետե, ինչ-որ տեղից լսելի է դառնում Շարականի մեղեդին: Տաճարի կենտրոնում նստած են Տասներկուսը և նրանց հետ՝ Յոհան ճարտարապետը: Յոհանի և Տասներկուսի զգեստները զինվորի զգեստներ են:
Ներսես Տայեցի կաթողիկոսը մի խումբ վանականների հետ մտնում է Տաճար:
ՆԵՐՍԵՍ — Ես քեզ ընտրեցի, Յոհան, աստվածային իմ ներշնչանքին քարեղեն շինվածք տալու վեհ իրավունքը…
ՅՈՀԱՆ — Կյանքի ու մահու ծանր կռիվ է: Ես սպարապետի զինվորն եմ հիմա… Ես կառուցող չեմ…
ՆԵՐՍԵՍ — Ամեն մեկին՝ իրենը, Յոհան: Զինվորին՝ կռիվը, կառուցողին՝ կառուցելը… ՏԱՍՆԵՐԿՈԻՍ.
— Արյուն է, ավեր…
— Կռիվ ամեն տեղ, ինչպե՞ս կառուցել…
— Ավեր է… Թալան…
— Աղքատ ու տնանկ խեղճ ժողովուրդը…
— Երկիրը տնքում է օտարի հարկից…
— Կռիվ է… Կյանքի ու մահու…
ՆԵՐՍԵՍ — Պիտի չկռվե՞մ ես էլ: Իմ կռիվն, ահա, կառուցելով է: Ու, կարծեմ, ձերն էլ: Ապրելու մեր տեսակն է սա: Ճակատագիրը թող հարվածի և՛ աջ, և՛ ահյակ… Մենք կա՛նք կենդանի… Ու թե չդադարենք կառուցել կռվի ու մահվան բուն միջավայրում՝ կլինենք ընդմիշտ: Ահա, ասում եմ, Տաճար կառուցեք, այստեղ, Սրբազան լեռան՝ Արարատի հայացքի դիմաց… Ուրիշ էլ որտե՞ղ… Արարատի և Արագածի միջև… Այստեղ, քանզի հենց այստեղ հանդիպեցին Տրդատ Մեծ արքան և երանելի Սուրբ Գրիգորը, որը քարոզեց Քրիստոս որդու հավատը և բացեց հիվանդ արքայի մտքի տեսողությունը: Շքեղ կառուցեք, այնպես, որը չի եղել Հայոց մեջ բնավ… Կառուցեք միակը:
ՅՈՀԱՆ — Թեոդորոս Ռշտունի սպարապետի ցասման կոչը մեզ կռվի կկանչե. մենք պիտի երթանք…
ՆԵՐՍԵՍ — Յոհան, պիտի կառուցե՛նք…
ՅՈՀԱՆ — Երբ հաղթանակով տուն դառնանք նորեն…
ՆԵՐՍԵՍ — Հաղթություններն ու պարտություններն այնքան արագ են հաջորդում միմյանց… Լսիր ինձ, վարպետ, հայոց կռիվը կիրակի չունի: Չունի կիրակի կառուցելը նույնպես: Ավելի շատ պիտի կառուցի, երբ մանավանդ թվում ենք պարտված: Միշտ և ընդմիշտ զենքի շառաչին հավասար պիտի զրնգա մուրճ ու հատիչի անուշ մեղեդին: Պիտի հառնի Հայոց տաճարը, քանզի վսեմ ապրելու Հայոց գաղտնիքը, որը փակված է տրոփող մեր երակներում՝ հանում է մեզ լուսե ճանապարհ, որի վերջում Տաճարն է կանգնած՝ Հայոց Ապրելու հավատի Տաճարը: Օն անդր, Յոհան, ի վերուստ Աստված տվել է քեզ կառուցողի վսեմ շնորհը: Հանուն կյանքի է մեր կռիվը, համառ ու անբեկանելի… Երկնքից առաքված անմահ Ոգու ներկայությունն եմ զգում իմ մահկանացու էության խորքում, լսում եմ նրա՝ մշտնջենապես հնչող հրամանը. «Կառուցիր, Ներսես, շենացրու երկիրդ, մերժիր կործանման Ոգին և փառաբանիր Մեծ Արարումը…»: Ո՞վ կհասկանա Ներսես Տայեցու անսուտ, անտարողունակ տառապանքը՝ երջանկության հզոր բաբախումներով: Նա՝ ճշմարիտ ներշնչանքով ապրողը միայն: Ես երկար փնտրեցի նրան, Յոհան… Ուրեմն, մի տատամսիր բնավ ու կառուցիր այս տաղանդաշատ զավակներիս հետ: Ես օրհնում եմ ձեզ և վարպետության ձեր նշանները: Դրանք կդրոշմեք պատերի վրա ձեր կառուցածի, նորից ու նորից, բազմաթիվ անգամ, որպես ձեր անձի ու ձեր տաղանդի, ձեր անմահության մեծ առհավատչյա…

8.
Մշուշների մեջ է ընկղմվում Տաճարը և լույսերի մեջ հառնում է Յոհան վարդպետը:
ՅՈՀԱՆ — Հայոց աշխարհում աշխարհավեր պատերազմներ են, բայց ես կարծես չկամ: Մարմինս՝ այստեղ, սակայն հոգիս սավառնում է դեռ չկառուցված տաճարիս կամարների տակ: Հողս տնքում է ցավից, իսկ ես խնդության շարականներով պատարագում եմ իմ երազները և քարի երգը: Ես լսում եմ քարի երգը… Քարը երգում է հպարտ ու առնական երգեր… Քարը արթնացել է ու երգում է, իսկ երբեմն էլ՝ հրամայում է կամ լալիս այնպես մեղքացած, որ ցանկանում եմ գրկիս մեջ առնել, սեղմել իմ սրտին, փայփայել, որ նա դադարի իր լացը լացել… Նա ինձ ասում է. «Կորզիր իմ ներսում բաբախող կերպարը: Թող ծաղկեն քարեղեն իմ ընդերքից նուռն ու խաղողը, թող հավերժության նշանը դաջվի հպարտ ճակատիս և արևային մեծ ժամացույցը բաբախի կրծքիս… Թող բաց թևերով ճախրի արծիվը և ողորկությամբ փայլեն սյուները… Օգնիր, Յոհան, որ քարից դառնամ հրաշագործություն»: Իսկ ես ասում եմ. դու կաց քիչ, դեռ սպասիր… Գիտե՞ս, մեկ հավատում եմ, որ գալու է Աստվածատուր հրաշքի օրը ու մեկ էլ կասկածանքներից բզկտվում է հոգիս, սարսափից կծկվում է սիրտս, որ երբեք՝ անմարմին ու անշոշափելի, իմ երազներում թափառող կերպարը չի առնելու ձև ու հորինվածք… Ձև ու հորինվածք…
Լսվում է Նանեմար ծեր կնոջ շշուկը, որն ստիպում է Յոհանին վեր թռչել նստած տեղից:
ՆԱՆԵՄԱՐ — Դու ճաշակել ես Քիմա ծաղիկր… Կասկածանքներդ ինչի՞ համար են, Յոհան մանուկ… Յոհան մանուկ…
ՅՈՀԱՆ — Ո՞վ ես…
Հայտնվում է Նանեմարը և նրան հետևող Յոհան մանուկը:
ՆԱՆԵՄԱՐ — Ես Նանեմարն եմ և հին եմ, ինչպես այս հողի վրա ապրող իմ ցեղը: Ես նախ մայր էի, ինձ դարձրին Աստված. Նանե, Նանեմար… Ես նստում էի իմ զավակների տան տաքուկ անկյունում և պատմում էի ասքեր քաջերի մասին, անթիվ պատումներ, վեպեր մեծագործության հրաշքի մասին: Եվ Ծիր Կաթինի մասին էի պատմում: Ես դարմանող էի հոգու և մարմնի բազում ցավերի: Ես մայր էի և աստվածուհի… Մոռացե՞լ ես ինձ:
ՅՈՀԱՆ — (ուրախ շեշտով): Նանեմար, մեծ մայր, մխիթարություն… բժիշկ- դարմանող… Ինչպե՞ս մոռանամ, ես պարտական եմ քեզ իմ ապրող կյանքով: Արաբացոց արշավանքից քիչ առաջ Հայոց հողում մեծ պատերազմ էր բյուզանդացոց ու պարսիկների: Ես մանուկ էի վեց-յոթ տարու, երբ Դվինի մոտ երկու բանակներ կռիվ տվեցին: Պարտվող ու հաղթող թշնամիները սրածեցին շեների խաղաղ ու անմեղ բնակիչներին, նրանց հետ նաև իմ ընտանիքը՝ Վաչագան կամուրջ կապող վարպետի ընտանիքը: 623 թիվն էր: Ինձ դուրս քաշեցիր դիակների տակից և սրածված ու նժույգների սմբակների տակ ջախջախված մարմնիս կյանք տվեցիր: Նանեմար, մեծ մայր… Թող օրդ պայծառ, թող օրդ շատ լինի, թող ապրի նորից հարյուր ժամանակ Նանեմարդ ղարմանողը: Մարդկանց լուսաբացի աղոթքների մեջ դու միշտ ես հիշվել: Ասա, Նանեմար, դեռ ապրո՞ւմ ես, կա՞ս, և եթե չկաս, կա՞ քո պաշտոնը կատարող մեկը…
ՆԱՆԵՄԱՐ — Հայոց Աշխարհը երբեք չի զրկվել իր Նանեմարից, ես հարյուր տարուց ավել ապրեցի… Եվ երբ գնացի հավիտենության դուռը թակելու, հոգիս թողեցի աշխարհիս վրա ծնվող նոր Նանեմարին: Այսպես է եղել ու միշտ կլինի, մարմինը կերթա, և հոգին, անշուշտ, նոր մարմին առած, պիտի միշտ ապրի…
ՅՈՀԱՆ — (մեղմ): Դու ինչո՞ւ եկար իմ մտքի դիմաց, ինչո՞ւ բացեցիր հեռու մանկության իմ հիշողության կողպված դռները: Դու ի՞նչ ես ուզում…
ՆԱՆԵՄԱՐ — Հիշի՛ր, Քիմա ծաղիկը, որ ճաշակեցիր… Ու պիտի հավատաս, որ քարը Տաճար կդառնա… Ինչո՞ւ, ուրեմն, դու ճաշակեցիր Քիմա ծաղիկը:
Յոհանը այլևս տեսարանում չէ: Նրա փոխարեն Յոհան մանուկն է:
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ — Մենք ո՞ւր ենք գնում… Արևը, տես, մայր մտավ արդեն:
ՆԱՆԵՄԱՐ — Մենք գնում ենք դաշտ:
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ — Քո բալասանի ու խոցադեղի համար ծաղիկ ու խոտ հավաքելո՞ւ… Նանեմար, մենք միշտ կերթայինք լուսաբացին, երբ ծաղիկների վրա ցող ու շաղ էր նստած… Տես՝ մութը կիջնի…
ՆԱՆԵՄԱՐ — Այս գիշեր պիտի ծաղկի Քիմա ծաղիկը:
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ — Դու մինչև հիմա ինձ ցույց չես տվել Քիմա ծաղիկը… Սիրո՞ւն է մյուս ծաղիկների պես:
ՆԱՆԵՄԱՐ — Սիրուն է, անշուշտ:
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ — Բայց ի՞նչ տեսակ է, ասա՝ ճանաչեմ:
ՆԱՆԵՄԱՐ — Նա հողին է փռվում խաչաձև, չորս թփով, որոնց եզրերին միմյանց հյուսված մանրիկ ու սիրուն մանիշակագույն կամ արյան պես կարմիր ծաղիկներ են: Երբ աշխարհը դանդաղ խավարի…
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ — (նետվելով նրա գիրկը): Ես վախենում եմ խավարից… Լուսաբացին գնանք փնտրենք Քիմա ծաղիկը:
ՆԱՆԵՄԱՐ — Ծաղիկը գիշերն է բացվում, իմացիր, տղաս, այս գիշեր, երբ տեսնես Քիմա ծաղկի բացվելը, խավարի հանդեպ քո սարսափը իսպառ պիտի փարատվի: Դու պիտի հասկանաս, որ գիշերն էլ հրաշքներ ունի…
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ — Բայց գիշերվա մեջ ինչպե՞ս պիտի տեսնեմ ծաղկի բացվելը: ՆԱՆԵՄԱՐ — Քիմա ծաղիկը լույս է արձակում մի գիշեր միայն: Մենք պիտի գտնենք ու հողից հանենք, որ դու ճաշակես դեռ լույս արձակող ծաղիկները:
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ — Բայց ինչո՞ւ ճաշակեմ, մեծ մայր:
ՆԱՆԵՄԱՐ — Նա, ով ճաշակեց մանուկ հասակում լույս արձակող Քիմա ծաղիկը՝ հանճարամիտ ու տաղանդաշատ այր պիտի դառնա:
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ — Ես տեսա, տեսա՛ Քիմա ծաղիկը… Հանկարծ վառվեց լապտերիկի պես, հետզհետե ավելի լուսավոր դարձավ: Դաշտն ամբողջ Քիմա ծաղկի լույսով է վառվում: Դու աղոթում էիր ու քաղելով ծաղիկները՝ դնում էիր իմ շուրթերին ու ստիպում առանց ծամելու կուլ տալ, շատ անգամ… Ի՞նչ էիր աղոթում:
ՆԱՆԵՄԱՐ — Իմաստությունդ տուր, լույսդ տուր որբուկ մանուկիս…
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ — Հետո լուսաստղը ծագեց: Մեկ-մեկ մարեցին Քիմա ծաղկի լապտերիկները: Դու լուսաստղի դիմաց բարձրացրիր ձեռքդ ու աղոթեցիր… Ի՞նչ աղոթեցիր:
ՆԱՆԵՄԱՐ — Շնորհակալ եմ, Լույսերի աստված, որ արժան արիր Քիմա ծաղկի տեսությանը: Նախանշանդ որբուկիս համար բարի է, անշուշտ… Բարին չար աչքից հեռու, չար սրտից հեռու: Լույսերի աստված, թող կատարվեն Յոհան մանուկի երազանքները:
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ — Մեծանամ, կամուրջ կապող պիտի դառնամ իմ հոր նման: Երդվում եմ, Նանեմար, Եփրատ գետի արծաթ մեջքին յոթ կամարով յոթը կամուրջ պիտի կապեմ:
Յոհան մանուկը սկսում է երգել, երգելով հեռանում է Նանեմարի հետ:

Տեսարանում Յոհանն է, որն ավարտում է Յոհան մանուկի երգը:
Մեջքին գոտիկ, քարե գոտիկ,
Սանձե Եփրատ գետի ջրիկ,
Երփրատ գետի վարար ջրիկ,
Վարպետ կապեց փայլուն մեջքիդ
Քարե գոտիկ, սիրուն գոտիկ՝
Ի վայելումն Վաչագանից հետո ապրող
Բարիներին, բարիներին…
Վերջին անգամ տեսարանում զրնգում է Յոհան մանուկի ձայնը:
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ — Նանեմար, ինչո՞ւ է թոնիրը բոլորակ… Երդիկից լույսը, որ կընկնի թոնրի մեջ, կարծես թոնրից կելնի երդիկ ու կլցվի աշխարհ… Նանեմար, ինչո՞ւ է բոլորակ թոնիրը… Ինչո՞ւ լույսը թոնրից կցաթե… արևի լույսը… Նանեմա՜ր… Ինչո՞ւ… ինչո՜ւ…
Յոհան մանուկի ձայնը հեռանալով՝ լռում է:

9.
Տեսարանում Յոհանն է՝ հզոր լույսի սյունը վրան:
ՅՈՀԱՆ — Լույսը կարծես թոնրից կցաթե ու կելնե երկինք: Ինչո՞ւ բոլորակ… (Ծունկ է գալիս, տենդագին շտապողականությամբ բոլորակ է գծում գետնին:) Բոլորակ, ուրեմն՝ արևը որքան պտտվի տաճարի շուրջը՝ տաճարի ներսում լույսի հզոր սյուն լինի… Անշուշտ, լուսինն էլ որքան պտտվի… Ոչ մի ժամի ոչ մի մութ անկյուն տաճարի ներսում: Տաճարս՝ լույսի ու օդի մեծ շտեմարան: Եթե եռահարկ լինի, նույն կետից երեք լույսի սյուն միանգամից… Ոչ, չորս, եթե առաջին հարկի երկարուկ պատուհանների վերև տեղադրեմ բոլորակ պատուհաններ… Ու եթե արևի լույսը մի քանի, իրար մոտ, պատուհաններից ներս ցաթի տաճար… Արարիչ Աստված, ուժ տուր ավելին երևակայեմ… Ոչ մի մութ անկյուն… Տաճարիս ծանրությունը, իր սյուներից բացի, պիտի պահեն լույսի սյուները… Յոհան, խենթանում ես դու… Ուշքի եկ, Յոհան… Բայց… ճիշտ է, ճիշտ է. որ ժամի էլ մարդը մտնի տաճար, պիտի զգա իր հոգու վրա զվարթ լույսերի առատությունը: Զգա պարգևը Արարիչ Աստծո ու թե դժբախտ է, թե վիրավոր է, ու թե ճակատագրից ծեծված, հալածված է, պիտի զգա, զգա անպատճառ Աստծո ներկայությունն ու մխիթարվի մեծ մխիթարությամբ:
Լույսի սյան տակ կքած՝ գծում է, ջնջում…

10.
Ազատ տարածության մեջ կարծես կախված է Տաճարի մանրակերտը: Ներքևում՝ բոլորաձև նստած են՝ մի կողմում՝ Ներսես Տայեցի կաթողիկոսը, մյուս կողմում՝ Յոհան ճարտարապետը Տասներկու կառուցողների հետ:
ՅՈՀԱՆ — Ես տեսա Սա իմ երազներում…
ՆԵՐՍԵՍ — Ես տեսա Սա իմ երազներում… Տաճարը լուսե… Յոհան, զավակս, փառք քո հանճարին: Օրհնված լինի կայծն աստվածային, որ թելադրում է քո էությանը գաղտնիքն հանճարի…
Դանդաղ բացվում է Տաճարը՝ կիսելով մանրակերտը: Տաճարի ներսը պարզ երևում է իր կատարելությամբ:
ՅՈՀԱՆ — Ես տեսա Սա իմ տառապանքներում…
ՆԵՐՍԵՍ — Օրհնված լինի կառուցողի մեծագործությունը, որը հառնում է, ահա, աչքերիս առջև նորագույն ու բազմաբնույթ իր հմտություններով: Հրաշալի, սահուն գծերով ու քանդակներով: Խորշերի, կամարների, սյուների պատշաճ դասավորությամբ:
ՅՈՀԱՆ — Արծիվներ տեսա, որ ճախրում էին իմ խենթության լույս ու մութ պահերի միջև…
ՆԵՐՍԵՍ — Շուրջանակի ձգված այս կամարները, որ պահում են տաճարի ողջ ծանրությունը…
Մանրակերտի երկու մասերը դանդաղ միանում են: Տաճարը հիմա ամբողջական է:
ՆԵՐՍԵՍ — Եռահարկի սքանչելի գեղեցկությունը:
ՅՈՀԱՆ — Ես տեսա Սա իմ կասկածանքներում…
ՆԵՐՍ ԵՍ — Պատուհանները, որ Տաճարը պիտի դարձնեն օդի, արևի ցնծուն լույսի մեծ շտեմարան…
ՅՈՀԱՆ — Ես տեսա Սա իմ մանկության հիշատակներում…
ՆԵՐՍԵՍ — Պիտի զարմանա ամեն մի տեսնող Տաճարը գրկող նռան, խաղողի չքնաղ գոտիով և զարդաբանված քարի սքանչելի մանրամասներով:
ՅՈՀԱՆ — Ես տեսա Սա մտքիս ու սրտիս անդաստաններում…
ՆԵՐՍԵՍ — (աղոթում է): Այսօր ցնծան դասք հրեշտակաց ընդ հաստատիլ քո յերկրիս. ով լուսեղեն խորան երկնանման եկեղեցի սուրբ:
Տասներկու վանականները կրկնում են աղոթքը:
ՆԵՐՍԵՍ — Ո՛վ երջանիկ սուրբ Գրիգոր, գքեզ ունիմք բարեխօս առ Միածինն և աղաչող վասն քո ուխտաւորաց…
Տասներկու վանականները կրկնում են աղոթքը:
ՆԵՐՍԵՍ — Արարէ զմեզ ժառանգորդ լինիլ կենացն հաւիտենից. Ամէն:
ՏԱՍՆԵՐԿՈՒ ՎԱՆԱԿԱՆՆԵՐ — Ամէն:

11.
Մուրճերի ու հատիչների նվագն է: Կառուցում են: Յոհանը քանդակում է Արծվին:
ՅՈՀԱՆ — Եթե ավելի խորը փորեի հիմքերը, կհանդիպեի ուրիշ հիմքերի, որ աներևույթ հողի տակ են…
Նրան թվում է՝ Արծիվը ծիծաղում է:
ՅՈՀԱՆ — Դու մի քրքջա… Դու ինձ մի ծաղրիր… Անքուն գիշերներ եմ լուսացրել ծնրադրած խաչված Քրիստոսի պատկերի առջև, խնդրել, պաղատել, որ լուսավորի և իմաստությամբ պարզի մշուշված միտքս:
Նրան թվում է՝ Արծիվը խոսում է:
ԱՐԾԻՎ — Քրիստոսը ոչինչ չգիտե…
ՅՈՀԱՆ — Քրիստոսն Աստված է…
ԱՐԾԻՎ — Շատ երիտասարդ, որ կարողանա ճանաչել հողի ու երկրի պես հին՝ Առաջին մեծ աստվածներին:
ՅՈՀԱՆ — (հուսահատ): Չկան նրանք… հին ու նոր չկան… չկա՛ն… կա մի Աստված և կա իր որդին:
Արծիվը քրքջում է:
ՅՈՀԱՆ — Մեկնի՛ր ծիծաղդ…
ԱՐԾԻՎ — Տաճարիդ ահեղ հիմքերից ներքև ներկայությունն է հզոր պատերի…
ՅՈՀԱՆ — Տե՛ր, ազատիր ինձ թովչանքից, իմ տաճարի հիմքերի ներքո ոչինչ չկա: Այդ ես եմ, որ գիշերային իմ խոկումներում կասկածանքներիս բեռն առած սրտիս՝ չարչրկում եմ անձս և հոգիս…
Արծվախոյակ դարձած Արծիվը քրքջում է:
ՅՈՀԱՆ — Ես քանդակեցի քեզ իմ Տաճարի խոյակներին… Ե՛ս… Բայց դու հիմա խոսում ես այնպես, կարծես այդ արծվաքանդակ խոյակներից անդին և Արծիվ լինելուց անդին եղել ես կամ կաս ուրիշ մի բան…
ԱՐԾԻՎ — Չե՞ս լսել մութ ու լույս աշխարհի միջև ճախրող Արծիվ աստծո մասին… Հայոց հեքիաթներում ես դեռ ապրում եմ: Ես նա եմ, որ մութ աշխարհից հանում էր քաջին, հասցնում լույս աշխարհ: Ես նա եմ, որ Մեծ Երկինքներում բնակվող աստվածների լուսե կաճառից հրաման ու լուր էի տանում մեծ ընդերքները, ուր մեռյալների բնակավայրն էր՝ Սանդարամետը: Հզոր թևերիս կուռ բաբախումով ես անցնում էի կապույտ երկնքով և երբ մարդու մահկանացու աչքը առնում էր ինձ՝ նրա սրտում խարդավանքը, նենգությունն ի չիք էր դառնում՝ տեղը զիջելով անձնազոհությանը, սիրո ցանկությանը: Եվ հրճվանքից խենթացած մարդն աղաղակում էր. Արծի՛վ, իմ աստված, վերցրու թևերիդ և տար իմ հոգին քո կապույտ, կապույտ Մեծ Եզերքները…
ՅՈՀԱՆ — Ո՛չ: Ե՛ս քանդակեցի քեզ Տաճարիս սյուների վրա: Չորս թևաբաց հզոր արծիվներ, որպես հայոց իշխանապետության մեծ զինանշան Հայոց դրոշին և այստեղ… այստեղ…
ԱՐԽԻՎ — Խեղճ, փծուն կազմող, ոչինչ չի լինում այնպես… միանգամից: Դու քանդակել ես Արծիվ քո խոյակներին, որովհետև նրանք մոռացված քո հիշողության ընդերքներում էին նախնիներիդ արյան մեծ բաբախումով: Ես կայի ամենից առաջ: Քեզնից և նախնիներից… Իմ պաշտամունքը հին է, ինչպես հին է Հայոց հին ցեղը այս հողի վրա:

12.
Սյուների ետևից հայտնվում է Ներսես Տայեցին: Յոհանը շրջվում է դեպի նա:
ՅՈՀԱՆ — Խոստովանության կարիք եմ զգում…
ՆԵՐՍԵՍ — Դու ի՞նչ ես փնտրում:
ՅՈՀԱՆ — Սկիզբը Սկզբի:
ՆԵՐՍԵՍ — Սկիզբը հավատն է, և վերջը՝ Տաճարը:
ՅՈՀԱՆ — Դրանց արանքում ուրիշ բան չկա՞:
ՆԵՐՍԵՍ — (խստությամբ): Ուրիշ էլ ի՞նչ, գաղատոս:
ՅՈՀԱՆ — Մեղքը: Արդարացումը: Մեղանչումը: Ես ի՞նչ իմանամ…
ՆԵՐՍԵՍ — Մեղանչում կամ արդարացում ի՞նչ բանի համար:
ՅՈՀԱՆ — Մահկանացու ենք, և մեղքը մեր մեջ է, մշտապես մեզ հետ: Այդպես միշտ քարոզեցիր, Ներսես հայրապետ… Եվ, ահա, աստղաբույլերով հարուստ այս երկնքի տակ ասում եմ, որ տարողունակ ժամանակի մեջ դեռ չի հասունացել իմ արդարացման պահը, հայրապետ… Գուցե և քոնը:
ՆԵՐՍԵՍ — Խոսքերդ ծանր են, և հառաչանքներդ էլ… Յոհան, սթափվիր, տաճար ես կառուցում: Սրբազան տաճար Սուրբ Երանելու հավատի համար:
ՅՈՀԱՆ — (շշուկով): Ճի՞շտ է, հայրապետ, որ այստեղ մոտիկ, կամ քիչ հեռու, կամ հենց տաճարիս տեղում Տիր անունով հեթանոս աստծո տաճարն է եղել, որը կոչվել է Երազամույն: Որ նա իբր թե հեթանոս Արամազդի դպիրն էր, մեկնիչ և նրա տոնն իբր տոնվում էր Հայոց տոմարի չորրորդ ամսու մեջ, և այդ պատճառով չորրորդը այդ կոչվում էր Տրե: Որ իբր Գրիգոր Լուսավորիչը կործանեց նրա տաճարը, հողին հավասարեցրեց… հանուն ի՞նչ բանի, Ներսես հայրապետ:
ՆԵՐՍԵՍ — Լռի՛ր, Յոհան, խոտոր են մտքերդ…
ՅՈՀԱՆ — Իրա՞վ:
ՆԵՐՍԵՍ — Սթափվի՛ր, գաղատոս… Զրույցդ հերձվածողի զրույցի է նման:
ՅՈՀԱՆ — Իրա՞վ… Ես բազում անգամներ եմ կառուցել: Բազում անգամ նախ հաշվել, չափել, կազմել եմ լրիվ: Կառուցել նախ մտքիս տեսողության առջև ու նոր միայն քարեղեն կերպար եմ տվել: Սակայն այս Տաճարը… Գիտեմ, հայրապետ, Տաճարն ամբողջությամբ սրտիս քանդակված, ինչպես որ սիրած կնոջ անունը, սակայն անծանոթ, անընթեռնելի իր խորին խորքում, ինչպես որ ինքը՝ կին արարածը…
ՆԵՐՍԵՍ — (բարկությամբ): Մի՛ մեղանչիր, կազմո՛ղ:
ՅՈՀԱՆ — (կարծես չնկատելով նրա բարկությունը): Իսկ երբ սկսեցի կառուցել, երբ հիմքերն էին փորում գործավորները և հաստահեղույս պատերն էին դնում այդ հիմքերի վրա, ես, քուն թե արթուն, զգում էի և մինչև հիմա էլ զգում եմ, ահա, ուրիշ հաստաբեստ պատերի ներկայությունը հողի հեռու շերտերի ներքո… Տիր հեթանոսի ավերված տաճա՞րն է:
ՆԵՐՍԵՍ — Բավակա՛ն է, Յոհան, բավակա՛ն է… Ասում եմ, սթափվի՛ր:
ՅՈՀԱՆ — (մեղմ): Երբ դու, հայրապետ, ասում էիր, թե կա՛նք շարունակաբար… Քանդելով ու ավերելով մեր սեփականը՝ մենք ինչպե՞ս կլինենք շարունակաբար:
ՆԵՐՍԵՍ — Լռի՛ր, գաղատոս, խոսքն, անշուշտ, ուրիշ բանի մասին էր… Ուրի՛շ:
ՅՈՀԱՆ — Խոստովանության կարիք եմ զգում:
ՆԵՐՍԵՍ — Ոչ ինձ, ոչ ինձ… (Արագ հեռանում է:)
ՅՈՀԱՆ — (ընկճված): Մշտապես իմ երազներում արծիվներ եմ տեսնում, որ սլանում են լույս ու մութ օրերի միջև…

13.
Փլատակված Տաճարի կենտրոնում նստած են Տասներկու Կառուցողները: Յոհանը պառկած է պատգարակին, ձեռքերը կրծքին խաչած, աչքերը՝ փակ:
ՏԱՍՆԵՐԿՈՒ ԿԱՌՈՒՑՈՂՆԵՐ.
— Սկիզբը այնքան Սկիզբ ունի…
— Որքան վայրկյան կա ժամանակի մեջ…
— Ինչո՞ւ փնտրել Սկիզբը, ինչո՞ւ…
— Սկիզբը ամեն ծնվողի հետ է սկսվում…
— Ավարտվում է մեռնողի հետ…
— Սակայն մնում է մի բան…
— Մի բան է մնում Սկզբի ու Ավարտի միջև…
— Մարդու ստեղծածը…
— Կամ թե քանդածը…
— Քանդածը ինչպես կմնա, երբ որ Ոչինչ է:
— Ոչինչը չի կարող լինել Սկզբի ու Ավարտի միջև…
ՅՈՀԱՆԻ ձայնը — Տաճարի համար Սկիզբը քարն է: Ես գտա զարդաբանված քարը Բագավանի կործանված տաճարների ավերակներում: Բայց դրանից առաջ… սպասիր, հիշեմ…

14.
Անծայրածիր դաշտի հեռվից գալիս են երկուսը, որ չգիտես՝ քայլո՞ւմ են արագ, թե՞ վազում են…
Նանեմարն ու Յոհան մանուկն են: Նրանք ծիծաղում են, ինչ-որ բաներ ասում, որ, սակայն, չի լսվում: Տեսարանի վրա հնչում է Յոհանի ձայնը:
ՅՈՀԱՆԻ ձայնը — Գարնան պայծառ օրը ճառագում էր դաշտի վրա ընդարձակ այնքան, որ թվում էր՝ ծայրը ձգվում է մինչև հորիզոն, որտեղ հեռավոր մշուշների մեջ, ամպերի մեջ գագաթներով սուզված կապույտ լեռներն էին: Դաշտ՝ հազարագույն ծաղկունքով լեցուն: Հարյուրամյա Նանեմար դարմանողը ինչպե՞ս էր վազում այդպես թեթև ու արագոտն: Ես էլ իր հետ, ու ծիծաղում էինք… երջանի՞կ էինք…
Ինչ-որ մի պահի Նանեմարի ու Յոհան մանուկի տեսադաշտում հայտնվում է Շաղիթա աղջնակը, որը զարմացած ու հիացած նայում է նրանց: Ինքն էլ ծիծաղելով՝ վազում է նրանց ետևից: Յոհան մանուկը վերադառնում է, հասնում նրան:
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ — Դու ո՞վ ես…
ՇԱՂԻԹԱ ԱՂՋՆԱԿ — Շաղիթան եմ ես:
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ — Սիրուն անուն է:
ՇԱՂԻԹԱ — Այդպես շտապով ո՞ւր կվազեք:
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ — Բախտին ընդառաջ:
ՇԱՂԻԹԱ — Բախտին ընդառա՞ջ…
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ — Այդպես ասաց Նանեմարը… Ասաց. Յոհան, էլ ես ժամանակ չունեմ, ժամանակս, ասաց, վախճանի եզրին է կանգնած: Ասաց, Յոհան, պիտի շտապենք:
ՇԱՂԻԹԱ — Իսկ Յոհանն ո՞վ է:
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ — Ես եմ Յոհանը… Դու Շաղիթան ես, ես էլ՝ Յոհանը: Թե սպասես ինձ ուղիղ տասը տարի, ետ կգամ նորեն, որ հարս տանեմ քեզ:
ՇԱՂԻԹԱ — Որ հա՞րս տանես ինձ:
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ — Տասը տարի հետո, ոչ շուտ, ոչ էլ ուշ:
ՇԱՂԻԹԱ — Բախտդ որտե՞ղ է, որ ընդառաջ կերթաս:
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ — Ես ի՞նչ իմանամ… յոթ սարի ետև… (Գլխից հանում է ծաղկեպսակը, դնում Շաղիթա աղջկա գլխին:) Եթե թառամի ծաղկեպսակը՝ պահիր, որ երբ գամ տասը տարի հետո՝ ճանաչեմ քեզ:
ՇԱՂԻԹԱ — Դու թագավորի փոքր տղա՞ն ես:
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ — Ես Վաչագան կամուրջ կապող վարպետի փոքր տղան եմ: Մնաս բարով, Շաղիթա: Մնաս բարո՜վ… Գնամ, որ ետ գա՜մ…
ՇԱՂԻԹԱ — Գնա՜ս բարով, թագավորի փոքր տղա: Ես քեզ կսպասեմ, որ ետ գա՜ս… որ ե՜տ գաս… ե՜տ գաս…
ՆԱՆԵՄԱՐ — Յոհան, իմ որդի, էլ ետ մի ընկնիր, մինչև մայրամուտ տեղ պիտի հասնենք: Գիտցիր, իմ ժամանակը մինչև մայրամուտ… Թե մինչև իմ ժամանակի վախճանը քեզ տեղ չհասցնեմ, իմ արած բոլոր գործերից մի բան պակաս կմնա… պակաս կմնա…
Յոհան մանուկը հասնում է Նանեմարին, նրանք վազում են ձեռք-ձեռքի տված:
Հայտնվում է Իսրայել Գոռաղճեցի վարդպետը: Նանեմարը հասնում և նրան է հանձնում Յոհան մանուկին:
ՆԱՆԵՄԱՐ — Իսրայել Գոռաղճեցի՜, վերցրու Վաչագան կամուրջ կապող վարպետի որդի Յոհան մանուկին, պահիր, խնամիր քո որդու նման ու սովորեցրու քո մեծ արհեստը, կառուցողի արհեստը բարի, վարդպետ Իսրայել: Արժանի է Յոհան մանուկը: Դե, մնաք բարով… Ես պիտի գնամ, ժամս հասել է: Ի՜նչ մայրամուտ է…
Նանեմարը շրջվում է և վազում դեպի մայրամուտի արևը:
ՅՈՀԱՆԻ ձայնը — Նա գնաց, հասավ մայրամուտի հզոր բռնկումով վառվող հորիզոնին, նրա մեջ և վերացավ աշխարհից: Նա հիմա ապրում է իմ երազներում: Երբ անհանգիստ է հոգիս և կամ թե տխուր՝ գալիս է և գիշերային մղձավանջներս դարձնում է բարի, խաղաղ երազներ:

15.
Փլատակված Տաճարի աստիճաններին նստած են Իսրայել Գոռաղճեցի վարդպետն ու Յոհանը: Իսրայել Գոռաղճեցին շատ ծեր է և գրեթե կույր:
ԻՍՐԱՅԵԼ — (մեղմ): Նանեմար դարմանողը պետք չուներ անհանգստանալու: Ես քեզ սիրեցի որդուս պես, Յոհան: Ես քեզ մինչև վերջ հասու դարձրի իմ արհեստին: Բայց դու ինձնից առաջ գիտեիր մի բան, որը խոսքով մեկնել ու բացատրել անհնար է: Թե Արարիչ Աստված ինձ չէր խնայել կառուցող վարդպետի շնորհը, քեզ պարգևել էր վերին հանճարը: Վկա Տաճարը, որ կառուցում ես: (Դադար:) Հիմա դու ի՞նչ ես փնտրում, որտե՞ղ ես փնտրում, ինչո՞ւ ես փնտրում: Դու ինձ կանչեցիր, ես եկա, խոսիր, որ ես քեզ տեսնեմ:
ՅՈՀԱՆ — Ինձ պատասխան է պետք, իմացողի՛ պատասխան: Ես մանուկ էի, երբ Նանեմարն ինձ հանձնեց քեզ, որ աշակերտեմ: Դու՝ իմ աոաջին և վերջին անզուգական ուսուցիչ, հիշո՞ւմ ես, այն ժամանակ Եզր կաթողիկոսի պատվերով Բագավանի ավերակների վրա կառուցում էիր սուրբ Հովհանու եկեղեցին: (Դադար:)
ԻՍՐԱՅԵԼ — (մեղմ): Խոսիր:
ՅՈՀԱՆ — Մշտապես նույն երազներն եմ տեսնում, երբ սկսեցի կառուցել տաճարս… նույն երազները: Իմ երազներում արծիվներ եմ տեսնում, որ սլանում են լույս ու մութ օրերի միջև: Ասա, երբ հին հավատի ավերակների վրա կառուցում էիր նոր հավատի եկեղեցին, հոգիդ նույնպես անգիտակ էր ու անպաշտպա՞ն:
ԻՍՐԱՅԵԼ — Դու… ինչո՞ւ խոսեցիր, Բագավանն իմ ցավն է, մինչև հիմա իմ թախիծը, մինչև հիմա նվվում է ջղերիս հանգույցներում…
ՅՈՀԱՆ — Ինչո՞ւ, ինչո՞ւ… Այդ է, որ կուզեմ իմանալ:
ԻՍՐԱՅԵԼ — Բայց Բագավանը աստվածավայր էր:
ՅՈՀԱՆ — Ուզում ես ասել՝ սուտ աստվածների…
ԻՍՐԱՅԵԼ — Լռի՛ր: Տապալված տաճարների ավերակները, անգամ փլուզված՝ պահել էին իրենց վեհությունը: Վեհությունը քարի, որին կպել էր հին վարպետի ձեռքը: Տաճարներ պաշտամունքի, որոնց սրբությունը մերժված էր, ոտնահարված, սակայն իմ հոգին մատնում էր ցավի… և հպարտության միաժամանակ:
ՅՈՀԱՆ — Հպարտության և ցավի: Անհամատեղելի երկու զգացում:
ԻՍՐԱՅԵԼ — Մշտապես կենդանի ցավի, որ հների գործերը պաշտվելու տեղակ կեր են գնացել ավերումների դաժան մոլուցքին: Ու հպարտ, որովհետև հավատում եմ. հին, անցած-գնացած վարդպետների ժառանգությունն են ստացել իմ ձեռքերը: Հարցը չէր տրվում բարձրաձայն, քանզի պատասխանը վաղուց էր տրված:
ՅՈՀԱՆ — Ո՞րն էր պատասխանը:
ԻՍՐԱՅԵԼ — Հեթանոս էր: Պիտի կործանվեր: Ու կործանել ենք դաժան, անհոգի, առանց ափսոսանքի: Գիտես, չէ՞, հույները չկործանեցին: Նրանք նոր հավատի տաճարները դրեցին հների հարևանությամբ և հները շարունակեցին պաշտվել որպես ազգի փառահեղ անցյալի պերճախոս վկաներ:
ՅՈՀԱՆ — Վարդպետ, կռիվն իմ հոգում սեփական անձիս հետ է…
ԻՍՐԱՅԵԼ — Սեփական անձիդ ու իրենից դուրս չկառավարվող ինչ-որ ուժի դեմ… Այդպե՞ս է, ասա:
ՅՈՀԱՆ — (ծանր): Այդպես է:
ԻՍՐԱՅԵԼ — Ու սա քեզ հիվանդ է դարձնում: Արծիվներ, ասում ես… (Ծիծաղում է խամրած ծիծաղով:) Նրանք կային, ճիշտ է, կային հողի ու երկրի պես հին: Քո իմանալը՝ ոչինչ, թե չհավատաս, որ… (Լռում ու երկար նայում է Յոհանին:) Յոհան, ապրումների ու կասկածանքների քուրայում է ձուլվում ճշմարիտ ձևն ու հորինվածքը և կոփվում աստվածատուր շնորհը: Քո տառապանքի գինը սա է, ուրախ չե՞ս, տղաս: Փնտրտուքների՝ ձևի ու հորինվածքի…
ՅՈՀԱՆ — (ջղային): Խոսքը բնավ այդ մասին չէ: Դու գիտես, թե ի՛նչ պատասխան եմ ուզում քեզանից, սակայն չես ուզում խոսել բացարձակ:
ԻՍՐԱՅԵԼ — (խիստ): Դու չե՞ս զարմանում, որ ես ապրում եմ:
ՅՈՀԱՆ — Ի՞նչ…
ԻՍՐԱՅԵԼ — Ես վաղուց դադարել եմ կառուցելուց, իմ կույր գոյությունը կարծես ջնջել է հեռու օրերիս մեջ զրնգացող իմ ոգևորությունն ու հիացմունքը: Եթե այն ժամանակ ինձ ասեին, որ երկար դեռ կապրեմ, երբ դադարեմ կառուցել՝ ես կքրքջայի ասողի երեսին և կհամարեի նրան նախանձ, ոխակալ: Դու չե՞ս զարմանում, որ ես չեմ կառուցում ու դեռ ապրում եմ:
ՅՈՀԱՆ — Բայց…
ԻՍՐԱՅԵԼ — Լռի՛ր, մի ընդհատիր: Կառուցելու քո ժամանակն է: Վայելի՛ր քո ժամանակը: Ուզում ես ստեղծե՞լ ու չտառապե՞լ, որտե՞ղ է գրված…
ՅՈՀԱՆ — Ասածդ այն չէ… այն չէ… այն չէ…
ԻՍՐԱՅԵԼ — Այն չէ, ճիշտ է: (Դադար, մեղմ:) Հայոց Հանճարը կերտել է Ազգը: Հանճարի տառապանքը կերտել է նրա իմաստությունը: Հանճարն ու իմաստությունը՝ նրա ապրելու թանկ լույսը: Լո՛ւյսը: Հիշողությո՛ւնը: Թե մերժես՝ խավար կլինի: Թե խավար եղավ՝ վերջ մեզ: Վե՛րջ մեզ:
ՅՈՀԱՆ — Խավար ինչո՞ւ պիտի լինի… Անկարելի է: Եվ ինչո՞ւ՝ վերջ:
ԻՍՐԱՅԵԼ — Թշնամին քանդո՞ւմ է մեր կառուցածը:
ՅՈՀԱՆ — Մենք նորից ենք կառուցում:
ԻՍՐԱՅԵԼ — Թշնամին չի կարող մեզ հաղթել: (Ծիծաղում:) Չէ՞, Յոհան… (Ծիծաղը կարծես լացի է փոխվում:) Ծանոթ է ինձ, Յոհան, այն աղիլեղի դառնությունը, որը մարդու հոգին հուսահատության ճահիճն է նետում: Դա մահ է, Յոհան, մեռնելուց առաջ: Չես մոռացել, ճի՞շտ է, Բագավանի ավերակները… Խեղճ ավերակներ, հպարտ ավերակներ… Յոհան, Բագավանի ավերակները կամաց-կամաց իջնում են հողի խորքերը… Քիչ էլ՝ չեն երևալու: Ես՝ Իսրայել Գոռաղճեցի ճարտարապետս, տեսա նրանց խղճուկ մնացորդները: Տեսա, ինձանից հետո եկողները չեն տեսնելու: Դու էլ… Դու մանուկ էիր, տեսար Բագավանի ավերակված հրաշքը: Քո տաճարի տակ գերեզմանված ավերակները արդեն չես տեսնում: Բայց հոգիդ անհանգիստ է: Անհանգիստ է հոգիդ, Յոհան…
ՅՈՀԱՆ — Անհանգիստ է:
ԻՍՐԱՅԵԼ — Մի՛շտ է լինելու: Թշնամին, ինչքան էլ հզոր, ո՞վ է, որ մեր Հանճարին ստիպի մեռնել: Բագավանը թշնամի՞ն կործանեց, որ ես նորի՞ց կառուցեմ: Ասում եմ քեզ. ոչ մի թշնամի չի կարող խավարեցնել լույսը: Մենք ենք, ինքներս… Աշխարհիս դժբախտությունը ի՞նչ է, Յոհան, գիտե՞ս: Երբ օտար ենք դառնում ինքներս մեզ, մոռանում, որ հին հանճարները իրենց ձեռքերի շնորհները, իմաստությունն են կտակել մեզ՝ անարժաններիս, որ մենք էլ կտակենք մեզանից հետո եկողներին: Քո երազները քո հիշողության բաբախումներն են քո մաշկի ներքո և արյան մեջ արձագանքվող նախնիների հեռավոր կանչը: Ունկնդիր եղիր: Քո տառապանքը, քո կասկածանքը քեզ ոչինչ չեն տա, եթե չհավատաս, որ նրանք անմեռ են քո մեջ:
ՅՈՀԱՆ — Ովքե՞ր…
ԻՍՐԱՅԵԼ — (խիստ): Ասացի՝ արդեն: Նախնիները, նրանց գործերը և ամբողջ կյանքդ… Ապրելու քո ժամանակն է, կառուցելու քո՛ ժամանակը: Դու երջանիկ ես, առավել, քան նրանք, որ կառուցել են մեզանից առաջ:
ՅՈՀԱՆ — Ինչո՞ւ…
ԻՍՐԱՅԵԼ — Քո ձեռքերի հիշողությունը…
ՅՈՀԱՆ — Ձեռքերի՞…
ԻՍՐԱՅԵԼ — Քո ձեռքերի հիշողությունը առավել է և քեզանից հետո եկածինը՝ ավելի առավել… Հարուստ ենք, Յոհան, մեր ժառանգածով, բայց մեզնից հետո եկողը՝ առավելից առավել:
ՅՈՀԱՆ — Ուրեմն, նրանք երջանիկ են լինելու:
ԻՍՐԱՑԵԼ- Ո՛չ: Նրանց կասկածանքներն ու տառապանքներն է՛լ առավել խոր ու անհասկանալի կլինեն, քան իմն ու քոնը: Քանզի կա տանջանքը մեծ մոռացումի… ՅՈՀԱՆ — Ոչ, անհնար է… Հիշողությունը անհետ չքանա՞…
ԻՍՐԱՅԵԼ — Երբ մարդիկ Հանճարը, Բարին, Իմաստությունը պաշտելու տեղակ պաշտեն իրենց ողորմելի անձն ու ձգտեն չնչին փառասիրությամբ տիրել մյուսին, հանուն Ոչնչի՛…
ՅՈՀԱՆ — Թաղե՜լ հիշողությունը… դյուրի՞ն կարծեցիր: Վարդպետ Իսրայել, խոսքերիդ մեջ կիսատ միտք կա, պարզիր, ես պիտի գնամ պարզված մտքով:
ԻՍՐԱՅԵԼ — Ինչո՞ւ պարզվի միտքդ… Թող խառնափնթոր դառնա ավելի, թող սգա միտքդ լացուկոծ անող պառավի նման… Թող ուղեղդ խորովի, թե մեզանից առաջ ապրածների կառուցածը քանդելը մեր «հանճարամիտ» ազգի սովորույթն է: Ու սպասիր, որ մի օր գան նորերը, քանդեն իմն ու քոնը՝ հանուն մի նոր հավատի: Ու կամաց-կամաց թող անհետանա ժառանգությունդ:
ՅՈՀԱՆ — Ովքե՞ր են նորերը, որ նոր հավատ պիտի ունենան…
ԻՍՐԱՅԵԼ — Նրանց երբեք չենք ճանաչելու ու նրանց հավատն էլ չենք ճանաչելու, ինչպես հները չճանաչեցին մեզ ու մեր հավատը: Յոհան, մի կառուցիր հավատի տաճար, Աստված իր տաճարը կառուցել է արդեն: Աշխարհս ի՞նչ է՝ մեծ, ամբողջական, կատարյալ տաճար: Գնա, կառուցիր նորից քո ապարանքները, ամրոցն ու բերդը, կամուրջներ կապիր, իսկ եթե անպայման պիտի կառուցես տաճար՝ ականջ մի դիր հողի հեռու շերտերին ու մի լսիր գերեզմանված տաճարների հեծկլտանքը: Որովհետև Աստված մի է, բայց նրա անունով շատերն են գալիս: Հանուն ինչի՞, Յոհան…
ՅՈՀԱՆ — Հանուն ինչի՞…
ԻՍՐԱՅԵԼ — Դարձյալ հանուն Ոչնչի՛: (Շշուկով:) Կառուցիր, քո ժամանակն է… Փառք զոհաբերվողին՝ հաղթողը նա է: Բրաբիոն պսակը նրա ճակատին:

16.
Շուտով պետք է սկսվի նորակառույց եկեղեցու նավակատիկը, օծումն ու օրհնությունը:
Հեռվում Զվարթնոց Տաճարի մանրակերտն է: Ներքևում՝ ավերակները: Մարդիկ խոսում են, ծիծաղում, հիացած, ապշահար նայում սյուներին, խոյակներին, շոշափում, համբուրում, խոսում են, ծիծաղում ու լաց լինում ուրախությունից:
Օրը՝ պայծառ, արևոտ: Գարուն է: Ներկա են Թեոդորոս Ռշտունին՝ իր Զինյալներով, Յոհանը՝ իր Կառուցողներով, Ներսես Տայեցին՝ իր Վանականներով:
ԺՈՂՈՎՐԴԻ ձայներ.
— Փառք Երկնավորին, Տաճարը կառուցվեց:
— Լույս է, լույս Տաճարը…
— Հրեշտակների բնակատեղի…
— Տասը տարի անընդհատ կառուցվեց…
— Աստծո Աջը Տաճարի վրա…
— Շատ ապրի մեր հայրապետ Ներսեսը, արժանի է Շինող մականվան…
— Յոհան վարդպետի ու իր կառուցողների ձեռքերը դալար…
— Թեոդորոսի քաջ բազուկը թող ազատ պահի երկիրս…
— Այսօր պիտի ցնծա դասն հրեշտակների… Բացվել են երկնքի դռները ի տես Տաճարիս հրաշքի…
Յոհանը այդտեղ է, բայց կարծես բացակա է, չկա: Մշուշոտ, քիչ խամրած պատկերով նրա տեսողության առջև հայտնվում է Նանեմարը:
ՆԱՆԵՄԱՐ — Յոհան…
ՅՈՀԱՆ — Դու ո՞վ ես:
ՆԱՆԵՄԱՐ — Ինձ մոռացե՞լ ես… Նանեմարն եմ:
ՅՈՀԱՆ — Նանեմար… Դարմանող Նանեմար, որ փրկեց իմ մանուկ կյանքն ու տվեց ճաշակելու Քիմա ծաղիկը:
ՆԱՆԵՄԱՐ — Ոչ միայն, Յոհան, ես այն Նանեն եմ, որ հարյուր տարին մեկ տարբեր կերպերով հայտնվում եմ ինձ պաշտող ժողովրդին ու ապրում նրա հետ: Ես Նանե մայրն եմ և աստվածուհին ամեն ծուխ ծխանի և շեն ու դռան: Պահապան աստված: Իմ փոքրիկ անդրին մինչև հիմա էլ թոնրի շուրթին է, որ կրակն այնտեղ միշտ բորբոքուն լինի ու հացս՝ արդար: Իմ փոքրիկ անդրին դնում են նաև ծանր հիվանդի գլխատակին: Ես դարմանող եմ:
ՅՈՀԱՆ — Ինչո՞ւ նորից հայտնվեցիր ինձ… Իմ մտքի առաջ…
ՆԱՆԵՄԱՐ — Տեսա՝ տխուր ես ու առանձին ես: Տեսա՝ կառուցել ես մի շքեղ տաճար, սակայն ցնծալու փոխարեն սիրտդ դեռ մաշում ես անտեղի ու սուտ հորինած տառապանքներով: Դու դեռ մտածում ես, դեռ չես ազատվել տանջող մտքերից, որ կործանվեցին տաճարները հին և կկործանվեն նորերը նույնպես, երբ գա նոր հավատ… այդպե՞ս է, ասա…
ՅՈՀԱՆ — Այդպես է:
ՆԱՆԵՄԱՐ — Ուրեմն լսիր, քեզ հեքիաթ պատմեմ, որ ճշմարիտ է, ինչպես կյանքն ու ինչպես մահը…
ՅՈՀԱՆ — Հեքիա՞թ…
ՆԱՆԵՄԱՐ — Մեզանից առաջ…
ՅՈՀԱՆ — Ձեզանի՞ց…
ՆԱՆԵՄԱՐ — Արամազդ աստվածահորից և իր զավակներ Անահիտ, Վահագն, Աստղիկ, Մհեր, Նանե աստվածներից առաջ եղել են ուրիշ աստվածներ, ուրիշ աստվածահայր, այստեղ նախ եղել է Տիրի՝ Արամազդի ատենադպիր, մարդկանց ճակատագրերը, չար ու բարի գործերը կյանքի գրքի մեջ գրող, երազների մեկնիչ և, ամենակարևորը՝ սուրհանդակ Մեծ Եզերքներից դեպի Մեծ Ընդերքները Անդրաշխարհի… Իսկ նրանից առաջ, գիտե՞ս, ով էր կատարում այդ պաշտոնը, ո՛ւմ տաճարի մնացորդները Տիրի տաճարի մնացորդներից ավելի խորն են գտնվում:
ՅՈՀԱՆ — Արծվի՞ տաճարը…
ՆԱՆԵՄԱՐ — Արծիբեդինե հզոր աստծո տաճարը, Յոհան: Բայց տես, թե ինչ կատարվեց, կառուցվեց այստեղ Զվարթնոց տաճարը Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով, որը պիտի միջնորդ լինի Քրիստոս որդու մոտ մարդկանց գործերի համար: Տեսնում ես՝ Արծիբեդինեն միջնորդ էր, և սա՛ է միջնորդ… Ոչինչ չի փոխվել, թերևս՝ անունները միայն և պաշտամունքի կանոն-օրենքը: Բայց ինքը՝ բուն պաշտամունքը, եղել է ու կա… Իմ՝ Նանե դիցուհուս, ողջախոհության և իմաստության աստվածուհուս տաճարները կործանեցին Եփրատի ափին, Թիլ ավանում, իսկ իմ և Անահիտ դիցուհու տաճարները կառուցել էին Արուբանե մեծ աստվածուհու տաճարների տեղը: Ժողովուրդը չի մոռացել մեզ. Արուբանեն Անահիտ կամ Նանե դարձավ, իսկ մենք էլ՝ Աստվածածին Մարիամ… Սիրուն հեքիա՞թ է:
ՅՈՀԱՆ — Իսկ Տի՞րը… եթե միայն սուրհանդակ չէր, ուրեմն…
ՆԱՆԵՄԱՐ — Հին է, հնագույն այս հողի վրա ապրող ժողովուրդը: Հին և իմաստուն… Յոհան, կարևորն այն է, թե ինչ է պաշտում Հայոց Ազգը հիմա: Հեքիաթս չեմ ավարտում: Այն դարերի հեռու օրերում դեռ պիտի պատմեմ: Իսկ հիմա մաղթում եմ, որ սիրտդ լցվի մեծ ուրախությամբ, քանզի հանճարաշնորհ քո իմաստությամբ կառուցել ես Զվարթնոց հրաշքը: Տաճարդ, Յոհան, օծում են Կանաչ Կիրակիին, օրհնում են տաճարը քրիստոնեաբար: Սակայն, ասեմ քեզ, որ Կանաչ Կիրակին, Կարմիր Կիրակին Նանե դիցուհու կիրակիներն էին, երբ կանաչ դաշտերի մեջ վառվում էր կարմիր կակաչը… (Նրա ծիծաղը ուրախ է, երջանիկ:)
Նանեմարի ծիծաղը վարակում է Յոհանին: Մոտենում է Շաղիթան՝ նույնպես ծիծաղելով, գլխին չորացած ծաղկեպսակ է:
ՅՈՀԱՆ — Շաղիթա՜: (Գրկում է կնոջը:)
ՇԱՂԻԹԱ — Տասը տարի սպասեցի, որ ետ դառնաս ու դարբին Կարապետի աղջիկ Շաղիթային, խոստմանդ համաձայն, հարս բերես: Ճի՞շտ է:
ՅՈՀԱՆ — Բերեցի՛: Ես խոսքիս տերն էի:
ՇԱՂԻԹԱ — Այնքան էլ չէ, Յոհան:
ՅՈՀԱՆ — Ի՞նչ ես զրուցում… Քեզ հարս չբերի՞:
ՇԱՂԻԹԱ — Բերիր, բայց ոչ թե ուղիղ տասը տարի հետո, այլ տասը տարի ու քառասունյոթ օր հետո… Քիչ էր մնում՝ մերժեի:
ՅՈՀԱՆ — Ինչո՞ւ չմերժեցիր:
ՇԱՂԻԹԱ — Ես ի՞նչ իմանամ:
ՅՈՀԱՆ — Աչքերուս իմ լույս…
ՇԱՂԻԹԱ — Տասը տարի քառասունյոթ օր սպասեցի, որ հարս տանեն ինձ, տասը տարի էլ՝ որ Յոհան իմ ամուսինը այս տաճարը կառուցի: Ես դեռ ինչքա՞ն պիտի պահեմ այս ծաղկեպսակը, որ քսան տարի է, ինչ չորացել է:
Յոհանը կարծես նոր է նկատում, որ կնոջ գլխին հին, չորացած ծաղկեպսակն է: Ծիծաղելով վերցնում է, փշրում ու քամուն տալիս:
ՅՈՀԱՆ — Վե՛րջ:
ՇԱՂԻԹԱ — Ինչի՞ն վերջ:
ՅՈՀԱՆ — Քեզ ու զավակներիս հետ այլևս պիտի շատ լինեմ: Միտքս ու սիրտս՝ ձեզ ամբողջությամբ…
ՇԱՂԻԹԱ — Յոհան, պիտի մոռանա՞ս քո կառուցելը:
ՅՈՀԱՆ — Չէ, հոգի, ինչպե՞ս կլինի…
ՇԱՂԻԹԱ — Ուրեմն սուտ խոստում դու ինչո՞ւ կուտաս: (Ծաղրելով:) Միտքս ու սիրտս՝ ձեզ ամբողջովին… (Ծիծաղում է:)
ՅՈՀԱՆ — (ծիծաղում է կնոջ հետ բարձր, զվարթ): Աչքերուս իմ լույս…
ՇԱՂԻԹԱ — Ես գիտեմ, Յոհանը իր կառուցելու հետ իր զավակներին ու ինձ կսիրե և աշխարհի տակ ինձ մենակ հոգի կանվանե, աչքերուս իմ լույս…
ՅՈՀԱՆ — Բայց ես ո՞ւմ պիտի էլ հոգի անվանեմ:
ՇԱՂԻԹԱ — Կարծես չգիտեմ, թե Դվին քաղաքի ծակուծուկերում ինչեր կանցնի ու ինչեր կդառնա… Կարծես չգիտեմ, թե տուն ու տեղի տղամարդն անգամ ինչպես կմտնի ու կելնի այդ անառականոց ծակուծուկերը:
ՅՈՀԱՆ — (փորձում է խիստ լինել): Բայց դու որտեղի՞ց գիտես…
ՇԱՂԻԹԱ — Գաղտնի՞ք կարծեցիր… Աշխարհը գիտե:
ՅՈՀԱՆ — Շաղիթա՛…
ՇԱՂԻԹԱ — Բարկությունդ ինչի՞ համար է… Ես քեզ լավ գիտեմ: Գիտեմ, քո արժանի հացը աղիլեղի թույնի մեջ թաթախողը չես: Աչքերուս իմ լույս… Իմ վերջին զավակս, նոր ծնված որդիս, տաճարը օծելուց հետո, պիտի կնքվի նոր ավազանի մեջ: Հայրը կառուցեց, որդին առաջինը կնքվեց: Տաճարի պատվին Գրիգոր անունը կստանա որդիս: Ես Յոհան ունեմ, ես երեք որդի ունեմ ու մի դուստր ունեմ: (Ձեռքերը երկինք բարձրացնելով:) Աստված իմ, շատ չհամարես…
Շուրջպարը գալիս, Յոհանին ու Շաղիթային իր մեջ է առնում: Այստեղ ու այնտեղ առկայծում է Նանեմարի դեմքը, որ հեովից ժպտում է Յոհանին:

17.
Տեսարանում Թեոդորոս Ռշտունին է:
ԹԵՈԴՈՐՈՍ — Ելեք, ցասման ժամ է, ելե՜ք…
ԶՈՐՔԻ աղաղակը — Ելե՜ք…
ԹԵՈԴՈՐՈՍ — Հայոց Երկիրը արաբական խալիֆաթին դադարեց հարկ վճարել, ստիպեց հանել իր զորքերը մեր ամրոցներից: Ապա խաղաղության դաշնագիր կնքվեց մեր ու նրանց մեջ: Սակայն Բյուզանդիան ինչո՞ւ պիտի հանդուրժեր Հայոց Աշխարհի այս խաղաղությունը: Ելե՛ք, քանզի կռիվն այսօր քրիստոնյա Բյուզանդիոնի հետ է… Ելե՛ք, ցաման ժամ է, ելե՛ք…
ԶՈՐՔԻ աղաղակը — Ելե՛ք… ելե՛ք… ելե՛ք…
ԹԵՈԴՈՐՈՍ — Կոստանդին կայսրը հարյուր հազար զորքով եկել է, գրավել Բարձր Հայքի Դերջան գավառն ու ասպատակ է սփռում չորսդին, այրում, ավերում, թալանում է, գերում… Պիտի՞ վախենանք հարյուր հազարից ու պիտի թողնենք, որ բյուզանդացին իրեն հաղթո՞ղ ճանաչի…
ԶՈՐՔԻ աղաղակը — Ո՛չ, երբե՛ք, ո՛չ, երբե՛ք…
ԹԵՈԴՈՐՈՍ – Ելե՛ք, սուր առեք իշխան ու ճորտուկ, մանկտիք ազատ…
ԶՈՐՔԻ աղաղակը — Ելե՛ք…

18.
Նստած են Տասներկու Կառուցողները փլատակված Տաճարի կենտրոնում՝ պատգարակի շուրջը, որի վրա պառկած է Յոհանը՝ աչքերը փակ, ձեռքերը ծալած կրծքին:
ՏԱՍՆԵՐԿՈՒՍ.
— Ներսես հայրապետի մեծ տառապանքը…
— Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ…
— Թեոդորոս Ռշտունի իշխանապետը հավաքում է իշխաններին և զորքը…
— Ներսես հայրապետը մի քանի իշխանների հետ գնաց բյուզանդացոց կայսրին ընդառաջ…
— Նվերներ տարավ, հավաստիացնելու համար, որ կլինի այնպես, ինչպես կթելադրի կայսեր կամքը…
— Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ…
— Ահաբեկվեց…
— Ներսես հայրապետի անհուն տառապանքը…
— Կայսրը, վերցնելով իր հարյուր հազարից քսան հազարը, Հայոց կաթողիկոսի ու նրա հետ գնացած իշխանների ուղեկցությամբ եկավ Դվին մայրաքաղաք…
— Ահաբեկվե՞ց, թե՞ ժամանակ շահեց…
— Դվինի Սուրբ Գրիգոր մայր տաճարում կայսրը հայոց հայրապետին ստիպեց պաշտամունքի արարողություն կատարել քաղկեդոնի ծեսով…
— Ներսես հայրապետի դաժան տառապանքը…
— Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ…
Տաճարի մի անկյունում երևում է Ներսես հայրապետը: Տասներկուսը արդեն չկան: Կա միայն Յոհանը՝ արծվախոյակով սյանը հենված, աչքերը փակ, ձեռքերը կրծքին ծալած:
ՆԵՐՍԵՍ — Ես գիտեի՝ ժամանակ էր պետք Ռշտունի իշխանապետին ու փորձեցի շահել այդ ժամանակը, մինչև կհասնի Թեոդորոս Ռշտունին: (Հուզված:) Ես շահել եմ իմ ժամանակը: Թեոդորոս Ռշտունին հայոց բանակի գլուխ անցած՝ հարձակվեց բյուզանդացոց հարյուր հազարի վրա ու այդ հարյուր հազարը իր մի քանի հազարով շպրտեց մինչև Տրապիզոն: (Մեղմ թախիծով:) Թեոդորոս, որդի՛ս, գիտեմ, չես ներել, որ քաղկեդոն ծեսով Սուրբ Լուսավորիչի տաճարում պատարագեցի, բայց հասկացիր ինձ. կաթողիկոսական գահին նստելու առաջին օրը գործս առաջին եղավ Դվինի ու նրա գյուղերի մեջ թափված անթիվ, անհամար դիակները հավաքել-թաղելը: Հայրապետական առաջին գործս օրեր շարունակ՝ թաղման մեծ ծեսն էր, օրեր շարունակ՝ հոգեհանգստի տխուր պատարագ… Եվ բնական չէ՞ր, որ Ներսես Տայեցին պիտի աշխատեր ամեն գնով փրկել հայոց աշխարհը նոր կոտորածից, այս անգամ՝ արդեն բյուզանդացոց ձեռքից: Ինչո՞ւ եք ստիպում, որ նորից բացվի ձեր հայրապետի արյունոտ վերքը, ժամանակ էր պետք, ու ես շահեցի: Մնացածը դու շարունակեցիր… Նորից քո շնորհիվ Հայոց վրա հաստատվեց միասնական իշխանապետություն, և նորից ծածանվեց Հայոց ազատ ոսկեկար դրոշն իր թևաբաց, հպարտ արծիվով… Բայց դու չգիտեիր, որ մի ուրիշ, դաժան ցավ է բզկտում քո հայրապետին: Կոստանդին կայսրը երբ եկավ Դվին, ճանապարհին տեսավ Զվարթնոցը և ցանկացավ նման մի տաճար կառուցել իր մայրաքաղաքում: Նա տենչում էր, որ Հուստիանոս կայսեր կառուցած Սուրբ Սոֆիայի տաճարը նսեմանա իր կառուցածի դիմաց: Կոստանդին կայսրը հայտնեց իր կամքն ինձ. Յոհան Արմեն կառուցողին իր վարպետների հետ Բյուզանդիոն ուղարկել: Միամտաբար կարծեցի, թե նրա պարտությունը հայոց բանակից՝ պիտի ազատի ինձ ծանր պարտականությունից: Բայց մեծ պարտությունից հետո անգամ, հաշվի չառնելով իր խայտառակությունը, դեսպան է ուղարկել նորից ու պահանջել է Յոհան Արմենին և մյուս կառուցողներին: Հակառակ դեպքում խոստանում է նոր կռիվ ու պատերազմ: Եվ հիմա, նորից սեղմելով հոգուս ցավը ատամներիս տակ, պիտի հայտնեմ չարաբաստիկ լուրը Յոհան ճարտարապետին և մյուս վարպետներին… Օգնիր ինձ, Աստված, որ ուժեղ լինեմ…
ՅՈՀԱՆ — Հայրապե՛տ…

19.
ՆԵՐՍԵՍ — (արագ ոտքի է ելնում): Դու պիտի գնաս…
ՅՈՀԱՆ — Ո՛չ:
ՆԵՐՍԵՍ — Հարկ է, որ երթաս…
ՅՈՀԱՆ — Ես պիտի ավարտեմ կաթողիկոսարանը և բազում այլ շինություններ, որ դեռ կիսատ են:
ՆԵՐՍԵՍ — Կավարտեն ուրիշ վարպետներ:
ՅՈՀԱՆ — Հայրապետ, ինչո՞ւ ես ուզում վանել քեզանից քո ճարտարապետին: ՆԵՐՍԵՍ — Ես ինչպե՛ս կարող եմ վանել ինձանից իմ երկրորդ եսը:
ՅՈՀԱՆ — Ինչո՞ւ ես ուղարկում մեզ Բյուզանդիոն:
ՆԵՐՍԵՍ — Կոստանդին կայսրը ասաց. ես կկառուցեմ ճիշտ այս տաճարի նմանողությամբ, քանզի սա առավել է, Սուրբ Սոֆիայի տաճարի դիմաց:
ՅՈՀԱՆ — Թող կառուցի, եթե կարող է:
ՆԵՐՍԵՍ — Նա գիտի, որ Յոհան Արմենից բացի ոչ ոք չի կարող այդ տաճարը կառուցել: Յոհան, եթե դու մերժես, եթե չգնաս, նա զորքն իր առած՝ նորից գալու է Հայաստան աշխարհ՝ Տաճարն այս գետնին հավասարեցնելու:
ՅՈՀԱՆ — Բայց Հայոց հողից դուրս շպրտվեց Բյուզանդացոց հարյուր հազարը՝ քո վախը ի՞նչ… Հանդուրժել պարտվածի հոխորտանքը…
ՆԵՐՍԵՍ — Ես չեմ մտածում հաղթության կամ պարտության մասին: Ես մտածում եմ անմեղ զոհերի մասին, որ երկու դեպքում էլ միշտ անպակաս են: Այս տաճարը կառուցվել է հանուն կյանքի, ինչպե՞ս դարձնել պատճառ անմեղ զոհերի…
ՅՈՀԱՆ — Մի թողնիր՝ օտարության մեջ կառուցվի տաճարս, դրա պարտությունը ժամանակի ճակատին է խարանվելու: Գալու է օրը, և մոռացվելու է, թե Յոհան Արմենն է կառուցել Սուրբ Սոֆիայի դիմաց այղ տաճարը: Հետո ծաղրվելու է հայը՝ որպես հանճարից զուրկ, ընդամենը մի նմանակող, որն օտարից իր սրբազան տաճարի պատկերն է գողացել: Սա ինչպե՞ս պիտի հետո հատուցվի… ինչպե՞ս:
ՆԵՐՍԵՍ — …
ՅՈՀԱՆ — Մենք զենք կվերցնենք, կառուցողներս էլ, և նորից կառաջնորդի Թեոդորոս մեծ սպարապետը… Մի թողնիր՝ օտարության մեջ կառուցվի տաճարս, որտեղ չի պաշտվելու Հայոց հավատը:
ՆԵՐՍԵՍ — Եկել է դեսպանը՝ ուղեկցող զորախմբով, որ քեզ և մյուս վարպետներին առաջնորդեն Բյուզանդիոն: Օրհնությունս քեզ և մյուսերին: Ձեր ընտանիքները պահելու եմ հայրապետական խնամքով և առատությամբ, մինչև որ կայսրը, իր խոստման համաձայն, երբ կառուցելն սկսեք, ձեզ մոտ է բերելու ձեր ընտանիքները: Այսքանը՝ Յոհան: Գնա պատրաստվիր և թող պատրաստվեն մյուսները:
ՅՈՀԱՆ — Ուրեմն, կայսրը բերել է տալու մեր տուն ու տեղը, մեր կին ու զավակը… Ինչո՞ւ, հայրապետ: Բարի կայսրը մտածում է մեր կարոտի մասի՞ն, թե՞ որ մեր աչքերն ու սրտերը իսպառ կտրվեն ետ նայելուց: Բարի կայսրը մեզ փարթամ ու փափուկ կյանք կնվիրի, որ ապրենք այդ կյանքի մեջ, մոռանալով մոռանանք մեր դժվար աշխարհի դժվար ճակատագիրը ու թե հիշենք էլ՝ անեծքով հիշենք:
ՆԵՐՍԵՍ — Յոհան, սթափվի՛ր:
ՅՈՀԱՆ — Թող գա օտարը, բուն հայրենիքում մեր որդիներին սրի անցկացնի, ավերի երկիրը, մեր կառուցածը քանդի, փլատակ դարձնի, ապա ազգիս ձեռքերի շնորհքը և մտքի հանճարը իրենով անի, քանզի վաղուց է հասկացել թշնամին, որ միայն ա՛յս կերպ Հայոց համառ երակը կարող է կտրել ու արյունը ցամաք դարձնել: Վայելենք օտարի՝ մեր առաջ նետած շատ թե քիչ ապրուստը, փառասիրաբար ընդունենք նրա կեղծավոր շոյանքն ու ծախենք ձեռքերի մեր շնորհները կամ մտքի իմաստությունը, մոռանանք ընդմիշտ մեր ով լինելը և մեր զավակներին երբեք չհայտնենք ճշմարտությունը, հագցնենք նրանց օտար զգեստներ և կնքենք նրանց օտար անունով և սովորեցնենք, որ բարբառեն օտարի լեզվով… Դու սա՞ ես ասում մեծ ապրուստ, հայրապետ, որ խոստացել է բարի, բարի կայսրը…
ՆԵՐՍԵՍ — Յոհան, սթափվի՛ր, մտքերդ խոտոր են…
ՅՈՀԱՆ — Ախ, նորի՛ց խոտոր… (Մեղմ:) Հայրապետ, այս մեղքի տակից ինչպե՞ս պիտի ազատվենք ես ու դու:
ՆԵՐՍԵՍ — Մեղքի մասին դու մի հոգա, մեղքը մեծ դատաստանի դիմաց կպարզվի: Խաղաղվիր, Յոհան, մի տանջիր հոգիդ: Երթաք, կառուցեք՝ ետ կդառնաք տուն:
ՅՈՀԱՆ — Դու շատ լավ գիտես, տեղ հասնենք, ետդարձի ճամփան կորած է, խափանված ու անհնարին:
ՆԵՐՍԵՍ — Գնա հանգստացիր, մա՛րդ, առավոտ ճամփա պիտի ելնես…
Արագ հեռանում է:
ՅՈՀԱՆ — Դու պարտվեցի՛ր: Պիտի հեռանաս օտար ափ, և վարձդ՝ գերության շղթաներ միայն: Շղթաներ ոչ թե ձեռքերիդ, այլ հոգուդ վրա: Կառուցես հիմա մի նոր Զվարթնոց ո՞ւմ համար: Ի՜նչ դառը վախճան… Յոհան, ջախջախիր ձեռքերդ, հանիր աչքերդ, սպանիր մարմինդ, որ հոգիդ ճախրի մեծ լույսերի մեջ: Ո՛վ իմ լույս Տաճար, վկա է Աստված, որ չի բացելու Յոհանի համար նորից լուսաբաց: Ընդունիր զոհս և մեղքս ներիր…
Ձեռքի մեջ փայլատակում է դաշույնը, բայց մինչ հարված հասցնելը, լսվում է Ներսես Տայեցու ձայնը:
ՆԵՐՍԵՍԻ ձայնը — Քո մահը, Յոհան, բյուզանդացին պիտի վերագրի ինձ՝ Հայոց հայրապետիս: Եվ վրիժառության նրա մոլուցքը քո զավակների արյունը պիտի հեղի…
Յոհանը իջեցնում է դաշույնը:
ՅՈՀԱՆ — Ուրեմն գնամ, կառուցեմ օտարի համար, որ պարծենկոտությամբ տա ու առնի, թե իրենն է բուն ճշմարիտը, իսկ խեղճ հայինը՝ ընդօրինակումը: Ոչ, իմ գիշերս այլևս առանց լուսաբաց…

20.
Լսվում է Շաղիթայի ձայնը, որն հետզհետե մոտենում է:
ՇԱՂԻԹԱ — Յոհա՜ն… արե՜կ… Աչքերուս իմ լո՜ւյս… Կաթնալույսը երթիկից թոնրիս մեջ ընկել՝ կվառվի, Յոհան: Կաթնալույսի մեջ հացը կհունցվի, քաղցր իմ հացը: Կաթնալույսը թոնրիս միջով երկինք կտանե հացիս անուշ բուրմունքը… Կաթնալույսը թոնրից ելել ու բերնեբերան լցվել է տունս… Արեկ, փաթաթվիր կաթնալույսի մեջ… Արե՜կ… արե՜կ…
Յոհանը գրկում է Շաղիթային:
ՇԱՂԻԹԱ — Ուշացար, հոգի, ելա փնտրեմ քեզ, սիրտս անհանգիստ կտրոփեր, կտրոփեր: Ինչո՞ւ ես տխուր, տաճար կառուցած մարդը տխուր կլինի՞…
ՅՈՀԱՆ — Մանկտին քնա՞ծ են:
ՇԱՂԻԹԱ — Կեսգիշերն անց է, անշուշտ քնած են: Գիտես, քո որդիները թոնրի շուրթին տաճար են սարքել քարով ու փայտով: Ողջ օրը համերաշխ տաճար կառուցեցին: Քեզ սպասեցին, որ ցույց տան ու հպարտանան: Չեկար՝ քնեցին: Իսկ դստրիկդ իբր թե նրանց բանթողի ժամին ակրատ էր տանում, լավաշ ու պանիր, կանաչի ու թան: Ասում էր՝ իմ եղբայրները ուտեն, ուժովնան, որ պինդ կառուցեն: Ասում են՝ քեզ պես մեծ վարդպետ պիտի դառնան:
ՅՈՀԱՆ — …
ՇԱՂԻԹԱ — (անհանգիստ): Բա՞ն է պատահել…
ՅՈՀԱՆ — Ճամփա պիտի գնամ: Բյուզանդիոն աշխարհ:
ՇԱՂԻԹԱ — Դու ի՞նչ ես կորցրել այդ Բյուզանդիոնում:
ՅՈՀԱՆ — Ոչինչ… Շաղիթա, ոչինչ: Հմայիր ճամփաս, որ տեղ չհասնեմ: Ճիշտ կես ճանապարհին ճամփաս վերջանա: Ոչ առաջ գնամ և ոչ ետ դառնամ:
ՇԱՂԻԹԱ — Մեգ ու մշուշ է խոսքերիդ վրա:
ՅՈՀԱՆ — Կես ճանապահին ճամփաս վերջանա: Ոչ առաջ գնամ և ոչ ետ դառնամ: ՇԱՂԻԹԱ — Ծանր կտնքաս, կարծես թե անդարմանելի վիշտ է քո սրտին նստել, խոսքերդ էլ՝ անհասկանալի… Ո՞ւր պիտի երթաս և ո՞ւր պիտի գաս:
ՅՈՀԱՆ — Բյուզանդիոն պիտի երթամ:
ՇԱՂԻԹԱ — Բայց ինչո՞ւ երթաս:
ՅՈՀԱՆ — Կառուցեմ տաճար այս տաճարի պես:
ՇԱՂԻԹԱ — Հասկացա, Յոհան, ծաղր կառնես ինձ: Երթաս Բյուզանդիոն ու էլի տասը տարի տաճա՞ր կառուցես: Դու խենթ ես, Յոհան, Շաղիթան ու զավակներդ ինչպե՞ս կապրեն առանց քեզ: Գիշերվա կեսին ծաղր կառնես ինձ: Հոգնել ես, հոգի, երթանք, որ քնես ու հանգստանաս: Առավոտը կմոռանաս, թե ինչ խենթ խոսքեր դու ինձ ասացիր:
ՅՈՀԱՆ — Ի՜նչ գեղեցիկ ես կաթնալույսի մեջ, Շաղիթա, Աստվածամոր պես…
ՇԱՂԻԹԱ — Մեղա քեզ, Աստված:
ՅՈՀԱՆ — Կաթնալույսի մեջ թաքուն թովչանք կա, գիշերվա թովչանք… Շաղիթա, հոգի, սիրտդ կզարկի իմ սրտի զարկով, ականջ դիր, լսե… Գիտե՞ս, Շաղիթա, ես քո պատկերը քանդակել եմ ամենից գաղտնի, Աստվածամոր տեղ…
ՇԱՂԻԹԱ — Մեղա քեզ, Աստված…
ՅՈՀԱՆ — Քո ձայնը՝ միշտ ունկերիս մեջ, մեկ զանգակ անուշ ու մեկ էլ հեռու, խլացած… Ու անձդ էլ այդպես, մերթ ինձ կթվա, թե դու մոտիկ ես, մոտիկ՝ սրտիս մեջ, ու մեկ էլ այնքան ես հեռու, որ եթե հագնեմ երկաթե սոլեր, որ եթե առնեմ երկաթ գավազան ու երթամ-երթամ, ես քեզ չեմ հասնի… Շաղիթա, կաթնալույսի մեջ թաքուն թովչանք կա, առել է ինձ իր ցանցերի մեջ… Աղոթիր ու ազատիր ինձ, Շաղիթա, աղոթիր, որ չբացվի պայծառ առավոտ…
ՇԱՂԻԹԱ — (ահաբեկված): Ի՞նչ ես ասում…
ՅՈՀԱՆ — Բյուզանդիոնից եկած պատվիրակները առավոտ ետ պիտի դառնան նորից Բյուզանդիոն:
ՇԱՂԻԹԱ — Թող էլ վերադարձ չունենան բնավ…
ՅՈՀԱՆ — Հայրապետն ասաց, որ ձեզ կպահե հայրապետական անունին արժան… ՇԱՂԻԹԱ — (լացով): Հայրապետն ինձ ի՞նչ… Թոնրի շուրթին քո զավակները տաճար են կառուցել… Թոնրիս մեջ կաթնալույս է ցաթել երթիկից… Արեկ, իմ հոգի, ես կծածկեմ երթիկը ամուր, ես կծածկեմ դուռը ամուր, ու առավոտը ներս չի մտնի տուն…
ՅՈՀԱՆ — Տուն գնա, հոգի:
ՇԱՂԻԹԱ — Առանց քեզ… Թոնրի շուրթին զավակներդ…
ՅՈՀԱՆ — Տուն գնա, շուտով ես կգամ:
ՇԱՂԻԹԱ — Դստրիկդ ասում էր՝ ակրատ եմ տանում, որ…
ՅՈՀԱՆ — (տանջանքով): Տուն գնա… Ասի՝ պիտի գամ… Հիմա պիտի գամ… Քիչ մենակ թող ինձ… Դեռ տուն չհասած՝ կհասնեմ քեզ… Գնա, Շաղիթա:
Խոր մթություն և լռություն:
21.
Երկնքից շողարձակվող լույսի մեջ Զվարթնոց Տաճարի մանրակերտն է: Կարծես երկնքից է կախված: Յոհանը ծնկաչոք՝ նրա դիմաց:
ՅՈՀԱՆ — Մնաս բարով, Տաճար… Ես լսում եմ քո երգը: Քո ամեն քարը երգել է իմ մատների տակ… Հիմա նրանց երգը միացել ու քո երգն է դարձել: Դու քար՝ որ դարձար Տաճար: Դու քո քարեղեն էության ներսում տաքուկ պահում ես իմ երազների բյուր կերպարները… Իմ պատմությունը, իմ ծնունդները, իմ խորհուրդները, իմ ծեսը, իմ երգը, իմ անմահությունը… Մնաս բարով, Տաճար, հաստատ մնաս ժամանակի մեջ… Անխաթար մնաս: Ես գնում, սակայն իմ հոգին հունցված է քո շաղախին, քո պատերին, հիմքերին… Ես տանում եմ ինձ հետ իմ մարմինը միայն, որի կյանքը կավարտվի կես ճանապարհին: Խոստանում եմ քեզ: Ես չեմ ափսոսում: Քանզի իմ ձեռքերի հիշողությունը և շնորհները ես կտակել եմ իմ զավակներին: Ես օրհնում եմ նրանց:
Ձայնն արձագանքելով՝ մարում է: Մթություն: Խորքում հայտնվում է Զվարթնոց Տաճարի արծվախոյակ սյունը:
Շաղիթան Յոհանին փորձում է իր շքեղ, երկար մազերով կապել այդ սյանը և ծիծաղում է:
Նա չի կարողանում կապել Յոհանին, ու ծիծաղը փոխվում է լացի: Աշխարհում հիմա Շաղիթա կնոջ լացն ու ծիծաղն է իրար խառնված…

22.
Ազատ տարածության մեջ նստած են Տասներկու կառուցողները պատգարակի շուրջը, ուր պառկած է Յոհանը:
ՏԱՍՆԵՐԿՈՒՍ.
— Ի՜նչ ճակատագիր… Հայրենիքից հեռու…
— Օտար աշխարհի աննշան ու խուլ անկյունում հանգավ ի Տեր Յոհան ճարտարապետը…
— Սեփական մարմինը հալածեց սովահարությամբ…
— Որ տեղ չհասնի…
— Որ ճանապարհն ավարտվի կես ճանապարհին…
— Որ չկառուցվի օտարի հողում նոր Զվարթնոց տաճար…
— Որ մենք դառնանք տուն…
— Ելեք, եղբայրներ, թողնենք մեր լաց ու կոծը, առնենք մեր Յոհան եղբորը, ետ դառնանք մեր Հայաստան երկիր…
— Ելեք, եղբայրներ, տանենք Յոհանին ու շիրիմ կապենք Զվարթնոցի դիմաց՝ արժանի նրան…
— Ետ դարձի ճամփան՝ այնքան դժվար…
— Տեղ կհասնե՞նք մենք…
Առնում են պատգարակն իրենց ուսերին ու ճանապարհ ընկնում: Ինչ-որ մի պահի նրանց ընդառաջ է գալիս, ոտքերն հազիվ գետնին տալով, արագ քայլքով, թե վազքով՝ նույն ծաղկառատ դաշտում, թե մի այլ տեղ, Յոհան մանուկը…
Նրա ձայնն արձագանքվում է հեռուներում, Յոհանի պատասխանը՝ նույնպես:
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ — Դու այդ ո՞ւր կերթաս…
ՅՈՀԱՆ — Դու ի՞նչ երազանք ունեիր, որ ես չկատարեցի…
ՅՈՀԱՆ ՄԱՆՈՒԿ — Եփրատի մեջքին յոթ քարե կամուրջ… յոթ կամարներով յոթ քարե կամուրջ…
Գնում-անհետանում են Տասներկուսը՝ Յոհանին տանելով ուսերին: Նրանք շուտով տեղ են հասնելու:

Կարդացեք նաև