Այսօր դրամատուրգ, արձակագիր ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան 85-ամյակն է:

Այսօր դրամատուրգ, արձակագիր ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան 85-ամյակն է:

Հարգարժան հոբելյար, ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ՝ մաղթելով քաջառողջություն և արևշատություն, ստեղծագործական նոր հաջողություններ:

 

Գևորգ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՆԱԽԱՃԱՇ ՎԱՆՔԻ ԲԱԿՈՒՄ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2005 թ., թիվ 8-9-ում

 

 

 

«Նախաճաշ վանքի բակում» պիեսը գրվել է 1998-ին, Հաղարծին վանքում պատահած մի փոքր միջադեպի ազդեցության տակ: Պիեսը չի բեմադրվել և առաջին անգամ է ներկայացվում ընթերցողին:

Գևորգ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՆԱԽԱՃԱՇ ՎԱՆՔԻ ԲԱԿՈՒՄ

(դրամա երկու մասից)

Գործող անձինք

ԴԱՎԻԹ – 40 տարեկան

ԱՐՇԱԿ – 21 տարեկան

ՀԱՅԿՈՒՀԻ – 28 տարեկան

ՄԱՆՈՒԿ – 60 տարեկան

 

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Մեծ ու փոքր խաչքարեր, խորքում` եկեղեցի, մատուռ, բակի վրա կախված մեկերկու բարձր ճյուղ:

ԴԱՎԻԹ — (բակում պտտվելով): Ո՞ւր անհետացան… հե՛յ, գալո՞ւ եք, թե՞ թողնեմ-գնամ: Ինչքան աղոթեցիք՝ բավական է: Որ աղոթեցիք՝ փոխվելո՞ւ եք: Մի քիչ բարի կդառնա՞ք: Եթե՝ հա, էլի աղոթենք: (Ծնկի է գալիս մի խաչքարի առաջ): Տեր, թողություն տուր մեր մեղքերին, էլ երբեք չար գործ չենք անի, իրար չենք խաբի, սուտ չենք խոսի, դրացու ունեցվածքին աչք չենք տնկի, չենք շնանա… թողություն տուր մեր մեղքերին: Թողություն տուր Մանուկի, Արշակի, Հայկուհու և իմ մեղքերին… չէ, իմը շատ է, ինձ լրիվ թողություն տալ չես կարող, ավելի լավ է՝ ինձ չնկատես: (Արագ ոտքի է ելնում): Հե՜յ, լսեք, սոված ենք: (Շրջվելով, կիսաձայն): Խաբեբա ենք, կեղծավոր ենք, ագահ ենք, գռփում ենք, իրար ոտքի տակ ենք տալիս… հետո՝ աղոթում… (Վեր է նայում): Ներիր, Տեր, այս անկեղծ խոսքերիս համար: Անում ենք՝ չասե՞մ: Ես ու դու մենակ ենք, ես էլ անկեղծ եմ: Հա, Աստված ներում է, լավ աչքով նայում մեզ՝ մարդ են, էլի, իմ ստեղծածն են, մեղք են… (Հուսահատ): Հե՜յ, բարբարոսներ, սոված ենք…

Նստում է մի քարի: Երևում է Հայկուհին, գաղտագողի մոտենում է:

ՀԱՅԿՈՒՀԻ — Բա՛հ… (Դավիթը գլորվում է գետնին ու անշարժանում: Հայկուհին ծիծաղում է): Հոյակապ է: Դուք նշանավոր դերասան կդառնաք: (Հանդիսավոր): Հե՜յ, այստեղ եկեք, ես մարդ սպանեցի: Ես արժանի եմ մահվան, քիչ առաջ աղոթեցի, մեղքերս խոստովանեցի, թողություն խնդրեցի, իսկ հիմա, ահա… Օ՜, երկինք, ինձ արդար պատիժ տուր: (Գլուխը խոնարհում է, պաթետիկ լալիս, ապա ուղղվում և ծափահարում իրեն և Դավթին): Ներկայացումը վերջացավ: Դավիթ քեռի, ոտքի ելեք, որ գլուխ տաք, հանդիսատեսը ծափահարում է… բռա՛վո, բռա՛վո… հանդիսատեսը ծափահարելով դուրս գնաց դահլիճից, վարագույրը փակվեց: Է՜, չեղավ, արդեն կեղծ է: Դավիթ քեռի… Դավիթ քեռի… (Խուճապով): Արշա՜կ… Մանուկ հորեղբայր… Արշա՛կ…

Շտապով գալիս է Արշակը:

ԱՐՇԱԿ — Ի՞նչ է պատահել:

Հայկուհին, չկարողանալով խոսել, ցույց է տալիս Դավիթին:

ԴԱՎԻԹ — (խորհրդավոր): Իմ մահվան համար ոչ մեկին չմեղադրեք, ես մեռա սովից:

ՀԱՅԿՈՒՀԻ — (հուսահատ լաց լինելով): Բա ձեր արածը եղա՞վ… բա էդ անելու բան է՞ր…

Գալիս է Մանուկը:

ՄԱՆՈՒԿ — Հը՞, ո՞վ էր կանչում, ի՞նչ կա…

ՀԱՅԿՈՒՀԻ — Ես «բա՛հ» արի, որ մի քիչ վախեցնեմ, նա սուտմեռուկ արեց… սիրտս կանգնում է… Դավիթ քեռի, բա եղա՞վ…

ԴԱՎԻԹ — Վայ, իմ քույրիկ, վայ, իմ քնքուշ Հայկուհի, ներիր… (Հայկուհին ընկրկում է: Դավիթը մի քանի քայլ է անում, ապա ծնկի գալիս ու այդպես հետևում է աղջկան): Ներիր, ես մեղավոր եմ… ներիր, քույրս, հազար անգամ մեղավոր եմ, ուզում էի կատակին կատակով պատասխանել, բայց… ներիր…

Արշակն էլ է ծնկի գալիս և հետևում Դավթին:

ԱՐՇԱԿ — Ներիր, ես էլ եմ նրա համար ներողություն խնդրում, քույր…

Հայկուհին սկսում է ծիծաղել:

ՄԱՆՈՒԿ — Ի՜, ծաղրածուներ եք, հա՛:

ԴԱՎԻԹ — Խոսքս ետ եմ վերցնում՝ սոված չեմ, դուք էլ սոված չեք:

ՄԱՆՈՒԿ — Էդ ո՞նց: Արշակ, սոված չե՞նք:

ԱՐՇԱԿ — (Դավթին): Դուք Սուրբ Գևորգ եկեղեցու պատերը տեսա՞ք, տեսա՞ք՝ ոնց էին մամռակալել, այդ ի՜նչ գույներ էին… Խաչքարերի նախշերի մեջ էլ՝ մամռակալածը ոսկեգույն էր: Ի՜նչ նախշեր էին…

ԴԱՎԻԹ — Ես էլ որ առաջին անգամ եկա՝ նայում էի ու նայում, ոչինչ չէի զգում՝ ոչ սով, ոչ հոգնածություն, ոչ հարազատ էի հիշում, ոչ՝ տուն ու շրջապատ: Հետո նստեցի ծառի տակ, որ հանգստանամ ու մի քիչ էլ նստած նայեմ և… քնեցի:

ՀԱ3ԿՈՒՀԻ — Ու երազ տեսաք, որ խոսում եք հրեշտակների հետ:

ԴԱՎԻԹ — Չէ, երազ չտեսա:

ՄԱՆՈՒԿ — Իսկ Հայկուհին պատերն էր համբուրում:

ՀԱՅԿՈՒՀԻ — Այստեղ ամեն քար սրբություն է:

ՄԱՆՈՒԿ — Ի՜, քար է, էլի:

ԱՐՇԱԿ — Քարը՝ քար է, բայց որ եկեղեցու քար է, արդեն ուրիշ է:

ԴԱՎԻԹ — Արշակը ճիշտ է: Կեցցե՛ս, Արշակ: Եթե եկեղեցու քար է՝ սովորական քար չէ:

ՄԱՆՈՒԿ — Ի՛, քար է, էլի… որ ի՞նչ:

ՀԱՅԿՈՒՀԻ — Մանուկ հորեղբայրը հեթանոս է: «Քար է, էլի», «եկեղեցի է, էլի», «մարդ է, էլի»… Այսինքն՝ արժեք չունի, դեն գցեք: Հոգևոր է, մարմնավոր է, մտավոր է, մշակույթ է, մեկ է՝ դեն գցեք:

ԴԱՎԻԹ — Մանուկ ախպեր, պայուսակդ մի կողմ դիր, արի, որ հաց ուտենք:

ՄԱՆՈՒԿ — Պայուսակս չի խանգարում:

ՀԱՅԿՈՒՀԻ — Մանուկ քեռի, ի՞նչն է, որ ձեզ համար «էլի» չէ: Փո՞ղը, ոսկի՞ն, հարստությո՞ւնը:

ՄԱՆՈՒԿ — (զարմացած): Բա ո՞նց, էդ բաներն են փոր կշտացնում:

ԱՐՇԱԿ — Մանուկ քեռին մեզ վրա ծիծաղում է:

ՄԱՆՈՒԿ — Ինչի՞, է՜, աշխարհի ստեղծման օրից էդպես է:

ԴԱՎԻԹ — Այո, ամեն ինչ իր տեղն ունի, բայց… հիմա սոված ենք, խղճացեք:

ՀԱՅԿՈՒՀԻ — Ես թխվածք ունեմ, ամեն մեկիս մի կտոր կհասնի:

ՄԱՆՈՒԿ — (իր մտքերի հետ): Ժողովուրդ ենք, հա՛. «նախշած է, հին է, սրբի անունով է, հրաշագործ է, երկնային պարգև է»… Ես ուտելու բան չունեմ, երկու խնձոր ունեմ, երկու հավկիթ, հաց ունեմ… աղ էլ ունեմ…

ԱՐՇԱԿ — (ձեռքերը վեր է բարձրացնում): Մեղավոր եմ: Չէի կարծում, որ ճանապարհին կանգ կառնենք, վանք կտեսնենք, իրար հետ կբարեկամանանք, սեղան կնստենք…

ԴԱՎԻԹ — Ճամփա գնացողը պետք է ամեն ինչ նախատեսնի: Ես մի քիչ բան-ման ունեմ մեքենայի մեջ, բերեմ՝ սեղան նստենք ու… սկսենք:

ՄԱՆՈՒԿ — (իր մտքերի հետ): Որ սուրբ է, ամենակարող է, արդարադատ է՝ հանցավորին կպատժի՞, մարդը կփոխվի՞, անձնականը ուրիշի համար մի կողմ կդնի՞…

ԱՐՇԱԿ — Մանուկ հորեղբայր…

ՄԱՆՈՒԿ — Չէ, ճառ չասես, մինչև աչքովս չտեսնեմ՝ չեմ հավատա:

ՀԱՅԿՈՒՀԻ — Մանուկ քեռուն միայն հրաշքը կփրկի:

ԴԱՎԻԹ — Մանուկ հորեղբայր, սոված ենք, գնացինք: Արշակ, արի:

Դավիթն ու Արշակը գնում են:

ՄԱՆՈՒԿ — Էս է, գալիս եմ: (Տեղ է փնտրում, որ պայուսակը դնի):

ՀԱՅԿՈՒՀԻ — Տվեք ինձ, ես մի տեղ կդնեմ:

ՄԱՆՈՒԿ — Չէ, նեղություն մի քաշի: (Դնում է թփի մոտ, հետո՝ պատի, խաչքարի, բայց էլի ձեռքն է առնում):

ՀԱՅԿՈՒՀԻ — Մեջը ոսկի կա՞:

ՄԱՆՈՒԿ — Չէ հա՝ ոսկի: Շոր է, թաշկինակ է, մանր-մունր բաներ…

ՀԱՅԿՈՒՀԻ — Չեմ հավատում, տվեք տեսնեմ:

ՄԱՆՈՒԿ — Ասում եմ, էլի, ուրիշ բան չկա:

ՀԱՅԿՈՒՀԻ — Աչքովս եմ ուզում տեսնել: (Մոտենում է):

ՄԱՆՈՒԿ — Ա՛յ աղջի, հանաքի գլուխ չունեմ: (Խուսափում է: Հայկուհին ծիծաղելով հետևում է նրան): Վայ, շունչս կտրվեց, աղջի, հեռու մնա… (Գալիս է Արշակը՝ ձեռքին փաթեթներ ու սփռոց): Արշակ, էս աղջկան դեն տար:

ԱՐՇԱԿ — Տափկնոցի եք խաղո՞ւմ: (Բերածը դնում է ծառի տակ):

ՀԱՅԿՈՒՀԻ — Պայուսակում ոսկի կա, մարգարիտ, ադամանդ…

ՄԱՆՈԻԿ — Է՛, հիմար բաներ ես ասում, հա: Սպասի, Արշակ, գալիս եմ:

Մանուկը գնում է: Հայկուհին սեղան է գցում: Արշակը օգնում է Հայկուհուն:

ՀԱՅԿՈՒՀԻ — Էստեղ որ մի երկու ժամ մնանք, շատ լավ կլինի: Մեկ էլ ո՛վ գիտի՝ ե՞րբ գանք:

ԱՐՇԱԿ — Ես տեսնում էի, թե ոնց էիք զգուշությամբ ձեռք տալիս պատերին, ոնց էիք քայլում, որ աղմուկ չլինի… մի քարից էլ հոտ քաշեցիք:

ՀԱՅԿՈՒՀԻ — (ծիծաղում է): Ճիշտ է:

ԱՐՇԱԿ — Հոտ առա՞ք:

ՀԱՅԿՈՒՀԻ — Եթե չծիծաղեք՝ կասեմ:

ԱՐՇԱԿ — (խաչակնքում է): Չեմ ծիծաղի:

ՀԱՅԿՈՒՀԻ — Հոտ աոա՝ հնության հոտ, դարերի հոտ:

ԱՐՇԱԿ — Ի՞նչ տեսակ հոտ էր:

ՀԱՅԿՈՒՀԻ — Մի քիչ թթու, մի քիչ խոնավ, մի քիչ քաղցր, մի քիչ դառը… մոմի, ծխի, գրքի… ո՞նց ասեմ՝ էդ բոլորը…

ԱՐՇԱԿ — Քամու, գիշերվա, մարդկանց, ծիծաղ, լաց, աղոթք, կռիվ… էստեղ ամեն ինչ խորհրդավոր է, կախարդական, իմաստուն, հավերժական… կարծես ուրիշ աշխարհ լինի:

ՀԱՅԿՈՒՀԻ — Մենք էլ կարծես ուրիշ դարձանք, բայց ո՞նց, չգիտեմ:

Երկուսն էլ լուռ նայում են իրենց շուրջը: Գալիս են Դավիթն ու Մանուկը՝ փաթեթներով, նայում լուռ կանգնածներին, հետո՝ իրար, ցած դնում բերածները և գնում: Քիչ անց էլի ինչոր բաներ են բերում, ցած դնում և զարմացած նայում նրանց:

ԴԱՎԻԹ — (շշուկով, կանգնածներին): Շտապ օգնություն կանչե՞նք:

ԱՐՇԱԿ — Զարմանալի է… ոնց որ անիրական…

ՀԱՅԿՈՒՀԻ — Էս սարերը, էս անտառները, էս լռությունը, էս խաչքարերն ու…

ԴԱՎԻԹ — Այ տնաշեններ, դուք հե՞չ բան չեք տեսել: Բա որ ձեզ Նորադո՞ւզ տանեմ:

ՀԱՅԿՈՒՀԻ — Նորադուզում ի՞նչ կա:

ԴԱՎԻԹ — Չեմ տանի, չէ:

ՀԱՅԿՈՒՀԻ — Ինչի՞:

ԴԱՎԻԹ — Կգժվեք:

ՀԱՅԿՈՒՀԻ — Դուք տարեք, թող մի երկու ժամով գժվենք, ոչինչ:

ԴԱՎԻԹ — Էլ բուժում չի լինի:

ՄԱՆՈՒԿ — Ի՜, էլի մի եկեղեցի, էլի մի խաչքար, մի քարանձավ: Գործ գտեք, ա՛յ ժողովուրդ, գո՛րծ:

ԴԱՎԻԹ — Մանուկ, հենց քեզ եմ տանելու, որ քրիստոնյա դառնաս: Մոմ վառեցի՞ր, ասա:

ՄԱՆՈՒԿ — Մո՞մ: Բա ո՞նց:

ԴԱՎԻԹ — Փող տվի՞ր:

ՄԱՆՈՒԿ — Ո՞ւմ տայի, մարդ չկար, ոչ տերտեր, ոչ սարկավագ:

ՀԱՅԿՈՒՀԻ — Թասի մեջ գցեիք, մոմերի կողքին դրված էր:

ՄԱՆՈՒԿ — Հա, թասի մեջ գցեցի:

ԴԱՎԻԹ — Պահո՜… չի տվել: Մեզ մեղքի մեջ գցեց: Արշակ, դու խոսի:

ԱՐՇԱԿ — Քանի՞ մոմ վառեցիք, Մանուկ քեռի:

ՄԱՆՈՒԿ — Երկու, ինչքա՞ն: (Արշակը գնում է եկեղեցու կողմը): Արի, այ տղա, փողը տվել եմ… կարծեմ տվել եմ… կտամ, էլի, չփախանք: Մանր չկար մոտս, տալու էի: Լավ, դու տուր, հետո քո փողը կտամ: Մոմ է, էլի:

ԴԱՎԻԹ — Արշակ, ետ արի. ամեն մարդ իր փողով պետք է մոմ առնի, որ աղոթքը, ցանկությունը, մաղթանքը կատարվի: Մանուկ, հիմի տուր փողը:

ՄԱՆՈՒԿ — Մարդկությունը մոմի ու աղոթքի մեջ չի՝ գործի մեջ է, մարդուն հարգելու մեջ է: Ինչքա՞ն տամ, Արշակ:

ԱՐՇԱԿ — Ինչքան ուզում եք:

ՄԱՆՈՒԿ — Ո՞նց թե, բա գին չկա՞: Էս բավակա՞ն է: (Դրամ է տալիս): Լավ, էս էլ առ:

ԴԱՎԻԹ — Չէ, քո ձեռքով տար, գցի թասը: Սպասում ենք, սոված ենք: (Մանուկը գնում է: Երեքը լուռ սպասում են: Մանուկը վերադառնում է): Մանուկ ախպեր, ոնց որ թե էն լճի կողմերից ես:

ՄԱՆՈՒԿ — Ի՞նչ լիճ:

ԴԱՎԻԹ — Էն, էլի, Վանա լճի:

ՄԱՆՈՒԿ — Չէ, ծնողներս բնիկ էրզրումցիներ են, հին անունը՝ Կարին: Մեր թվագրությունից երեք հազար տարի առաջ գյուղ է եղել, Բյուզանդիայի ժամանակ էլ սահմանային ուժեղ բերդ, բերդաքաղաք, անունն էլ դրել են Թեոդոսուպոլիս: 387 թվին էլ որ Հայաստանը բաժանվեց ու 428-ին էլ թագավորությունը վերացավ… ինչի՞ եք նայում, մարդ իր ազգի պատմությունը պետք է իմանա: Մեր թագավորությունը որ վերացավ… բայց վանեցիներին սիրում եմ՝ գործի մարդիկ են, խելոք են…

ԱՐՇԱԿ — (ծափահարում է): Մանուկ քեռին կարող է պատմության ուսուցիչ դառնալ: Բայց, Մանուկ քեռի, եկեղեցին ու խաչքարն էլ մեր պատմությունն են, մագաղաթներն ու քարերի վրա գրածներն էլ:

ԴԱՎԻԹ — Նստեք, նստեք…

ՀԱՅԿՈՒՀԻ — Դավիթ քեռի, Նորադուզի մասին էիք պատմում:

ԱՐՇԱԿ — Հա, էդ ինչի՞ չէինք բուժվելու:

ՄԱՆՈՒԿ — Էդ էլ ասա՝ նստենք:

ԴԱՎԻԹ — Անտառ տեսե՞լ եք:

ՀԱՅԿՈԻՀԻ — Հա, մեր կողմերում շատ կա:

ԴԱՎԻԹ — Հա, բայց էնպիսի անտառ, որ ոչ մի ծառ մյուսի նման չլինի ու էդ ծառերի փոխարեն խաչքարեր լինեն:

ՀԱՅԿՈՒՀԻ — Էդքա՞ն:

ԱՐՇԱԿ — Խաչքարերի անտա՞ռ:

ՄԱՆՈՒԿ — Օձունից շա՞տ:

ԴԱՎԻԹ — Շատ-շատ:

ՀԱՅԿՈՒՀԻ — Տեր Աստված…

ԱՐՇԱԿ — Մի հարյուր հա՞տ:

ԴԱՎԻԹ — Հարյո՞ւր…

ՀԱՅԿՈՒՀԻ — Հարյուր հիսո՞ւն:

ԴԱՎԻԹ — Է՜ …

ՄԱՆՈՒԿ — Երեք հարյուր, չորս հարյուր…

ԴԱՎԻԹ — Երկու հազար ու շատ ավել:

Զարմանքի լռություն:

ՀԱՅԿՈՒՀԻ — Մենք դժբախտ մարդիկ ենք:

ԴԱՎԻԹ — Մի տխրեք, մի օր կտանեմ: Որ ասի՝ կտանեմ, ուրեմն՝ կտանեմ: Դե, քանի սովից չենք մեռել… (Նստում են: Դավիթը բաժակները լցնում է): Մեր էս վանքի, մեր նախնիների, մեր հողի, մեր ջրի, մեր ներկայի ու ապագայի կենացը, մեր…

ՄԱՆՈՒԿ — Ի՛, ձեր տունը շինվի, էդքան բանը մի բաժակի մե՞ջ, առանձին-առանձին խմենք, էլի:

ԴԱՎԻԹ — Կխմենք, բայց դու էլ քո խոսքն ասա:

ՄԱՆՈՒԿ — Աստված մեզ առողջություն տա, մեր ապրուստը լավացնի:

ԴԱՎԻԹ — Հայկուհի…

ՀԱՅԿՈՒՀԻ — Էսօր իմ կյանքի ամենալավ օրն է՝ էսօրվա կենացը:

ԴԱՎԻԹ — Արշակ…

ԱՐՇԱԿ — Ձեր կենացը, Մանուկ հորեղբոր կենացը, Հայկուհու կենացը, որ հանդիպեցիք ինձ ու բերեցիք էստեղ:

ԴԱՎԻԹ — Միանգամից… (Խմում են): Ուտե՛լ:

Որոշ ժամանակ լուռ ուտում են, հետո իրար նայելով՝ ծիծաղում: Երբ մյուսները դադարում են ծիծաղել, Հայկուհին շարունակում է: Երբ մյուսները նայում են նրան, սկսում ծիծաղել՝ Հայկուհին լռում է, սկսում է ուտել:

ԱՐՇԱԿ — Լսեք, ժողովուրդ, ճամփա եկանք, բարեկամացանք, սեղան ենք նստել, բայց իրար չենք ճանաչում:

ՄԱՆՈՒԿ — Ճիշտ է ասում:

ԴԱՎԻԹ — Դե, որ ճիշտ է ասում՝ դու էլ սկսի:

ՄԱՆՈՒԿ — Չէ, սեղանի տերը թող սկսի, կարգ կա: Մենք ուտենք՝ դու խոսի:

ԴԱՎԻԹ — (ոտքի է ելնում): Անունս Դավիթ է, ազգանունս՝ Գրիգորյան: Քառասուն տարեկան եմ: Բիզնեսով եմ զբաղվում: Գնում եմ եղբորս երեխու ծննդյան օրը նշելու:

ՄԱՆՈՒԿ — Մի վռազի, հանգիստ պատմի:

ԴԱՎԻԹ — (ծիծաղելով): Ապրում եմ Երևանում, կին, երեխաներ, տունուտեղ, ընկեր-բարեկամ:

ՀԱՅԿՈՒՀԻ — Վա՜յ, էս ուտելիքը երեխայի ծննդյան օրվա համա՞ր էր: Է՜…

ԴԱՎԻԹ — Մի վախենա, շատ եմ առել: Դե, ես պրծա, նստեմ: Մանուկ, խոսի: Կարճ չկապես, հա՛:

ՄԱՆՈՒԿ — Հաշվապահ եմ աշխատել, պահեստապետ, բանվորություն եմ արել: Հիմի թոշակի եմ, մանր-մունր բան-ման եմ առնում-ծախում, որ տուն պահեմ: Չորս տղա ունեմ, մի աղջիկ, տասներկու թոռ: Պրծա, նստեմ, սոված եմ:

ԴԱՎԻԹ — Գլուխ պահեցիր, հա: Հայկուհի՞, խոսե՞ս, թե՞ սոված ես:

ՀԱՅԿՈՒՀԻ — (կանգնում է, աշխատում է ծիծաղը զսպել): Քսանութ տարեկան եմ, ավարտել եմ մանկավարժական ինստիտուտը, աշխատել եմ… գնացքի ուղեկցող… տանը պետք էր օգնել… վերադառնում եմ Իջևան, որ այնտեղ ապրեմ: (Ոգևորված): Դպրոցում ուսուցիչ կաշխատեմ՝ ցածր դասարաններում: (Ժպտում է): Որոշել եմ ամուսնանալ: (Լռում է): Լավ մարդ է… շատ լավ: Մի քանի օրից հարսանիքս… հարսանիք չէ՝ մի սովորական սեղան կգցենք… հրավիրում եմ բոլորիդ… (Նստում է):

ԴԱՎԻԹ — Երևում է, դու էլ չես կշտացել, նստիր:

ԱՐՇԱԿ — (արագ ոտքի է կանգնում): Անունս…

ՀԱ3ԿՈՒՀԻ — Չէ, ես չավարտեցի: (Ոտքի է կանգնում): Նշանածս լավ մարդ է:

ՄԱՆՈՒԿ — Է՜, էդ ասիր, էլի:

ՀԱՅԿՈՒՀԻ — Երկու երեխա ունի, տասներեք տարով մեծ է ինձնից: Ես նրան սիրում եմ… անպայման կսիրեմ ու հավատարիմ կլինեմ:

ԴԱՎԻԹ — (ոտքի է թռչում, ձեռքը տանում գրպանը): Եթե կասկածող կա՝ թող ինձ հետ իջնի ձորը: (Նստում է):

ՀԱՅԿՈՒՀԻ — Ես պրծա:

ԴԱՎԻԹ — Դու նստիր, կեր: Արշակ, երկար կխոսես, մեզ հարցեր չտաս:

ԱՐՇԱԿ — Քսաներկու տարեկան եմ, բժշկական ինստիտուտի երկրորդ կուրսում եմ: Գնում եմ ընկերոջս մոտ, միասին որսի ենք գնալու:

ՄԱՆՈՒԿ — Շարունակի:

ԴԱՎԻԹ — Վե՛րջ, ավարտվեց Արշակ Մեծ Երևանցու կյանքի պատմությունը: Քիչ էր:

ԱՐՇԱԿ — Դանակ եմ տանում նվեր: (Ուսապարկից հանում է դանակը, ցույց տալիս): Որսորդական է:

ՀԱՅԿՈՒՀԻ — Ո՜ւ, դանակ է, հա:

ԴԱՎԻԹ — Գազան սպանելու դանակ է:

ՄԱՆՈՒԿ — Պահի, վախեցանք:

ԴԱՎԻԹ — Ելույթներն ավարտվեցին, մեզ մնում է խմել Հայկուհու կենացը և կատաղի քեֆ անել: Վրա տվեք՝ գաղափարական զրույցից սովածացանք:

Ուտում են, դարձյալ սկսում ծիծաղել: Երբ լռում են, Հայկուհին շարունակում է ծիծաղել:

ՀԱՅԿՈՒՀԻ — (դժվարությամբ խաղաղվում է): Ես միշտ չափն անցնում եմ. եթե ուրախ եմ՝ չափից դուրս եմ ուրախանում, եթե տխուր եմ, ինձ թվում է՝ աշխարհի վերջն է:

ԴԱՎԻԹ — Դու հիանալի աղջիկ ես, Հայկուհի: Ճիշտ չե՞մ, Արշակ:

ԱՐՇԱԿ — Հայկուհին շատ սիրուն է և շատ բարի:

ՄԱՆՈՒԿ — Էհե՜, Արշակը կարմրեց: Այ տղա, չլինի՞ սիրահարվեցիր:

ՀԱՅԿՈՒՀԻ — Արշակն աղջիկներից ամաչում է:

ԴԱՎԻԹ — Չեմ հավատում:

ՀԱՅԿՈՒՀԻ — Արշակ, գաղտնիքներ ունե՞ս, սիրային: Ունես, ունե՛ս: Այդ ի՞նչ սպի է դեմքիդ, ո՞վ է արել:

ԴԱՎԻԹ — Աղջիկները, էլ ո՞վ: Արշակ, սիրած աղջիկ ունե՞ս:

ՀԱՅԿՈՒՀԻ — Անունն ի՞նչ է:

ԴԱՎԻԹ — Քանի՞ հատ են, բոլորի անուններն ասա:

ՄԱՆՈՒԿ — Արշակ, խոսի, ունե՞ս, թե՞ չունես: Ինչի՞ ես կարմրում:

ԱՐՇԱԿ — Աոաջին կուրսում է սովորում: Անունը… դե, անուն է, էլի:

ՀԱՅԿՈՒՀԻ — Էդ սպին ի՞նքն է արել:

ԱՐՇԱԿ — Չէ, սա մի տարի առաջ է եղել, սուսերամարտի պարապմունքի ժամանակ, ինքը դեռ չկար:

ՀԱՅԿՈՒՀԻ — (ծիծաղում է): Ինքը դեռ չկար:

ԴԱՎԻԹ — Ամաչում է: Ամաչելու համար պետք է պատժել: Թող երգի:

ՀԱՅԿՈՒՀԻ — Ոչ, Արշակին ուրիշ կերպ պետք է պատժել: (Մոտենում է, այտը համբուրում):

ԴԱՎԻԹ — Տեսեք, ոնց կարմրեց: Արշակ, քո տարիքում երկու երեխա ունեի:

ՄԱՆՈՒԿ — (Հայկուհու վզի շղթային նայելով): Լավ աշխատանք է, բայց հիմի մեծ արժեք չունի: Որտեղի՞ց ես առել:

ՀԱՅԿՈՒՀԻ — Մայրս է նվիրել: Սրա հետ կապված դեպք պատահեց գնացքում: Գիշեր էր: Մոտենում էինք կայարանին: Մի երիտասարդ եկավ, թե՝ գլուխս ցավում է, թեյ կտա՞ք: Զբաղվեցի թեյ սարքելով: Հանկարծ ձեռքը գցեց էս վզնոցին, որ պոկի: Ես արագ ետ քաշվեցի, հավասարակշռությունը կորցրեց, ընկավ ու գլուխը խփեց դռանը: Ուշքը գնաց: Պառկեցրի, ուշքի բերեցի, թեյ տվի: Լուռ խմեց, նայեց ինձ, կռացավ, ոտքերս համբուրեց ու գնաց: Ետևից վազեցի, որ մի քիչ փող տամ… չվերցրեց: (Սրբում է արցունքները):

ՄԱՆՈՒԿ — Սխալ ես արել, միլիցիա կանչեիր, տանեին ծակը կոխեին… քաղցր թեյ է տալիս:

ԱՐՇԱԿ — (լուռ համբուրում է Հայկուհու ձեռքը):

ԴԱՎԻԹ — Ապրե՛ս, Արշակ: (Երգում է):

Երգն ավարտվում է: Ծափահարում են:

ՀԱՅԿՈՒՀԻ — (աչքով է անում Արշակին ու Մանուկին): Հիմա հետաքրքիր պատմություն ենք լսելու:

ՄԱՆՈՒԿ — Այ ժողովուրդ, հազար գործ ունենք, մութը կընկնի:

ԴԱՎԻԹ — Մի վախենա, կհասնես, կես ժամում կթռցնեմ-կհասցնեմ:

ՄԱՆՈՒԿ — Լավ, թող Հայկուհին պատմի՝ վեր կենանք:

ՀԱՅԿՈՒՀԻ — Ո՞նց ասեմ… իմ բնավորությամբ աղջկա տեղը չէ գնացքը: Իմ ժպտալը, ասել-խոսելը առիթ է տալիս, որ… հիմի թող Արշակն ասի՝ էդպես չի՞ մտածում:

ԱՐՇԱԿ — Դուք լավ մանկավարժ կդառնաք, երեխաները ձեզ շատ կսիրեն:

ՀԱՅԿՈՒՀԻ — Երեխաները՝ գուցե, բայց մեծերը շատ են նեղացնում: (Անսպասելի տխրում է ու սրբում արցունքները):

ԴԱՎԻԹ — Հայկուհի, կյանքում վատ մարդիկ էլ կան, մի տխրի: Այդ վատ մարդկանցից մեկն էլ քեզ է հանդիպել:

ՀԱՅԿՈՒՀԻ — Երկուսն են հանդիպել… երկու անգամ եմ ամուսնացել:

ԱՐՇԱԿ — Թող նրանք լաց լինեն, որ ձեզ նման կին են կորցրել:

ՀԱՅԿՈՒՀԻ — Ես ինձնից եմ դժգոհ: Երրորդ կուրսում ամուսնացա: Սխալվել էր: Հենց էդպես էլ ասաց՝ «Ներիր, սխալվել եմ»: Իմ տանն էր ապրում, իմ հաշվին, բայց… գտավ մեկին ու գնաց: Երկրորդը էնպես էր լեզու թափում, էնպես էր շուրջս պտտվում՝ կարծեցի գտել եմ երջանկությունս… պարզվեց՝ ամուսնացած է, երեխա ունի: Հինգ տարի ոչ մեկի երեսին չէի նայում: Իսկ Շավարշն ուրիշ մարդ է. քչախոս է, մեծահոգի, ներողամիտ: Չորս տարի առաջ կինը մահացել է: Երկու երեխա ունի: Ասում է, որ կնոջը շատ էր սիրում…

ԴԱՎԻԹ — Արշակ, թույլ տանք, որ Հայկուհին տխրի՞: Երգի:

ԱՐՇԱԿ — (սարսափած ետետ է գնում): Ե՞ս…

Հայկուհին տեսնելով Արշավի սարսափը՝ ինչպես անսպասելի լաց էր եղել, նույնքան անսպասելի ծիծաղում է:

ԴԱՎԻԹ — Լավ, թող Մանուկը երգի: Մանուկ, սկսի:

ՄԱՆՈՒԿ — Բա որ ագռավները հավաքվե՞ն:

ԴԱՎԻԹ — Լավ, ես կերգեմ, հետս արի:

Երգում են:

ՀԱՅԿՈՒՀԻ — Այսօր ես երջանիկ եմ՝ բոլորիդ սիրում եմ. էս ծառերն էլ եմ սիրում, էս խոտերն էլ, խոտի մեջ վազվզող մրջյուններին էլ, էն ամպերն էլ… Շավարշին պատմելու եմ: Ախր, դուք չգիտեք՝ ինչ լավ մարդ է…

ՄԱՆՈՒԿ — Դե, գնացինք:

ԴԱՎԻԹ — Մանուկ, թող երիտասարդները մի անգամ վանքը նայեն-կշտանան ու գնանք: Սեղանն էլ թող մնա՝ մեկ-մեկ կգանք, կխմենք:

ՄԱՆՈՒԿ — Է, սաղ գործերս քամուն եք տալու:

ՀԱՅԿՈՒՀԻ — Արշակ, գնացինք, Մանուկ քեռի, գնացինք:

ԴԱՎԻԹ — Մանուկ, դու մնա, իրար հետ կգնանք: (Հայկուհին ու Արշակը գնում են: Դավիթը հայացքով ուղեկցում է Հայկուհուն: Մանուկը նկատում է): Է՜, Մանուկ, կյանքն անցնում է, ինչ հասցրիր՝ բռնի: Վերցրու, խմենք:

ՄԱՆՈՒԿ — Ո՞վ ա խանգարում, բռնի:

ԴԱՎԻԹ — Դու ես խանգարում:

ՄԱՆՈՒԿ — Ե՞ս:

ԴԱՎԻԹ — Դու էլ, էն գլխին տվածն էլ:

ՄԱՆՈՒԿ — Նրան թող ինձ: Մենակ թե շուտ գնանք: Օրը ցերեկով եմ ուզում հասնել, մարդ եմ տեսնելու:

ԴԱՎԻԹ — Հոգիդ խորն է, հին քոթուկ ես: Խանութ-մանութ ունես, ոսկու առևտուր կունենաս:

ՄԱՆՈՒԿ — Ի՞նչ խանութ, մի փոքր բան է:

ԴԱՎԻԹ — Երևանո՞ւմ:

ՄԱՆՈՒԿ — Մի փոքր բան էլ՝ Իջևանում:

ԴԱՎԻԹ — Արա, դու միլիոնատեր ես… բա ինչի՞ էիր փողի համար կռիվ անում էն տաքսիների հետ. «Էս է, էլի, Իջևանը, մի հարյուր պակաս առ», «փող չկա ձեռիս»… (Խիստ): Գիշերը մնում ենք էստեղ:

ՄԱՆՈՒԿ — Վայ, Դավիթ ջան, էդ չասես:

ԴԱՎԻԹ — Էս աղջկա խաթեր քեզ վերցրի, ես փափախ անո՞ղ եմ:

ՄԱՆՈՒԿ — Հա, շնորհակալ եմ… (Ծիծաղում է): Իմ պատառը չի, թե չէ՝ չէր խանգարի:

ԴԱՎԻԹ — Փողերդ ինչի՞ ես պահում՝ լցրու առաջը:

ՄԱՆՈՒԿ — Չէ, ինձ չի ուզի:

ԴԱՎԻԹ — Էդ ո՞ր կնիկն է, որ փող ու զարդ չի սիրում: Ես որ ունենամ…

ՄԱՆՈՒԿ — Վայ, քու տերը չմեռնի, դու չունե՞ս:

ԴԱՎԻԹ — Ինձ ճանաչո՞ւմ ես:

ՄԱՆՈՒԿ — Քեզ ո՞վ չի ճանաչում: Չուզեցի ծանոթություն ցույց տամ, իրար չենք հանդիպել, երես թռնել դուրս կգար:

ԴԱՎԻԹ — Խոսքը կտուրը մի գցի. ինչ ասեմ՝ անո՞ւմ ես:

ՄԱՆՈՒԿ — Հա, մենակ թե՝ շուտ գնանք: Ճանապարհի փողդ էլ կտամ՝ ինչքան ուզես: Եղա՞վ:

ԴԱՎԻԹ — Քու փողն ինձ պետք չի: Թե Արշակին խաղից հանեցիր՝ ես եմ քեզ մաղարիչ անում: Պոչիցս ման չգա:

ՄԱՆՈՒԿ — Լավ: Քու փողն էլ ինձ պետք չի, մենակ թե՝ շուտ գնանք: Կանչի Արշակին:

ԴԱՎԻԹ — Էստեղ ես պահելո՞ւ:

ՄԱՆՈՒԿ — Հա, քու գործը չի, կանչի:

ԴԱՎԻԹ — Արշա՜կ… Արշա՛կ…

ՄԱՆՈՒԿ — Որ գա, կասես. «Թե վռազում եք՝ գնանք»:

Գալիս է Արշակը:

ԱՐՇԱԿ — Ի՞նչ կա, Դավիթ քեռի:

ԴԱՎԻԹ — Արշակ ջան, թե վռազում եք՝ քշեմ-գնանք:

ՄԱՆՈՒԿ — Չէ, այ Դավիթ, մենք չենք վռազում, էսպես տեղ հո ամեն օր չե՞նք գալիս: Ի՞նչ ասիր, Արշակ:

ԱՐՇԱԿ — Իհարկե: Ես նույնիսկ համաձայն եմ, որ գիշերը մնանք:

ՄԱՆՈՒԿ — Ինչի՞ չէ: Դե, դուք մի քիչ էլ ման եկեք, ես Հայկուհուն կհամոզեմ: Գիշերը կմնանք, աստղերին կնայենք, կզրուցենք, մաքուր օդ կշնչենք, կերգենք ու էս օրը կմնա մեր հիշողության մեջ: Հը՞, ի՞նչ ասիր, Արշակ: (Զարմացած իրեն նայող Դավթին): Դու չես ուզո՞ւմ, Դավիթ:

ԴԱՎԻԹ — (զուսպ ուրախությամբ): Թե կարողանաս Հայկուհուն էլ համոզել՝ ես համաձայն եմ:

ՄԱՆՈՒԿ — Դուք գործ չունեք:

ԴԱՎԻԹ — Արշակ, արի, մենք գործ չունենք, թող նա համոզի:

Դավիթն ու Արշակը գնում են:

ՄԱՆՈՒԿ — Միլիոնատերն ինքն է, ինձ է ասում: Քանի՞ հոգու գլուխ կերավ, ինչքա՞ն մութ գործ կա տակը… ուխ քու… բայց դրա հետ գլուխ դնել պետք չի, չեմ կարա, հեռու պիտի մնամ: Ի՞նչ եղավ էդ աղջիկը: Սիրտս վառվում է, որ էդ համեղ պատառը սրա բաժինն է դառնալու: (Գնում է: Դրսից): Էդ ո՞ւր ես բարձրացել, այ աղջի… ցած իջի…

ՀԱՅԿՈՒՀԻ — (դրսից): Իջնում եմ… վախենալով եմ իջնում, բռնելու տեղ չկա:

Հայկուհու ձեռքը բռնած գալիս է Մանուկը:

ՀԱՅԿՈՒՀԻ — Ո՞ւր են…

ՄԱՆՈՒԿ — Իրենց քեֆին ման են գալիս, արի, նստի: Հոգնեցի՞ր:

ՀԱՅԿՈՒՀԻ — Հա, հոգնեցի: Էն նեղ սանդուղքներով էնքան բարձրացա ու իջա, որ ուժ չմնաց:

ՄԱՆՈՒԿ — Ուժ չմնա՞ց, հավատալու բան չի՝ դու կրակի կտոր ես, էրնեկ քու մարդին: Հա, դեռ պսակված չես: Հարսանիքի փող հավաքե՞լ ես, թե՞ ամեն ինչ մարդդ պիտի անի:

ՀԱՅԿՈԻՀԻ — Շատ ամոթ է, բայց ես փող չունեմ:

ՄԱՆՈՒԿ — Հա, լավ չէ: Հայկուհի, եթե քեզ փող տամ, որ մի բան էլ դու առնես, չի լինի՞:

ՀԱՅԿՈՒՀԻ — Չէ, պետք չի:

ՄԱՆՈՒԿ — Ինչի՞… բա ձեռիդ փող չլինի՞:

ՀԱՅԿՈԻՀԻ — Հետո ո՞նց եմ տալու, էլի իրեն պարտքի տակ գցե՞մ:

ՄԱՆՈՒԿ — Իրեն մի ասա: Կունենաս՝ կտաս, չէ՝ թող մատաղ ըլի քեզ: Դու լավ աղջիկ ես, ուզում եմ քեզ օգնել: (Մոտ է նստում): Քեզ մի բան էլ ասեմ:

ՀԱՅԿՈՒՀԻ — Ասեք:

ՄԱՆՈՒԿ — Չես նեղանա՞:

ՀԱՅԿՈՒՀԻ — Ինչի՞ նեղանամ, ասեք:

ՄԱՆՈՒԿ — Նախ փողը տամ, որ չասես՝ խոստացավ, չտվեց: (Գրպանից փող է հանում): Առ:

ՀԱՅԿՈՒՀԻ — Չէ, չէ, պետք չի:

ՄԱՆՈՒԿ — Վերցրու, որ տալիս են՝ «չէ» մի ասա, վերցրու:

ՀԱՅԿՈՒՀԻ — Չէ, շնորհակալ եմ: Դուք բարի մարդ եք, բայց չեմ ուզում ձեզ նեղություն լինի:

ՄԱՆՈՒԿ — Նեղություն չի, վերցրու: Ծանոթացանք, բարեկամացանք, հո մենակ էսօ՞ր չի մեր բարեկամությունը: Մեկ-մեկ կհանդիպենք, կխոսենք, կօգնենք իրար: Ես քեզ շատ սիրեցի:

ՀԱՅԿՈՒՀԻ — Որ ինձ էդպես լավ եք վերաբերվում՝ դա էլ բավական է. շնորհակալ եմ, պետք չի:

ՄԱՆՈՒԿ — Լավ, արի, քեզ բան եմ ասելու: (Բռնում է Հայկուհու ձեռքը): Արի:

ՀԱՅԿՈՒՀԻ — (մի քանի քայլ գնալուց հետո): Ո՞ւր ենք գնում:

ՄԱՆՈՒԿ — Էն կողմը, էնտեղ մի կանաչ, լավ տեղ կա, էստեղ մեզ կխանգարեն:

ՀԱՅԿՈՒՀԻ — Ասեք, էստեղ խանգարող չկա:

ՄԱՆՈՒԿ — (ձեռքը գցելով Հայկուհու մեջքին): Արի, սիրուն ջան, բան ունեմ քեզ ասելու:

ՀԱՅԿՈՒՀԻ — Չէ, էստեղ ասեք:

ՄԱՆՈՒԿ — Այ աղջի, փողը առ, էլի:

ՀԱՅԿՈՒՀԻ — Էդ ինչի՞ եք փող տալիս:

ՄԱՆՈՒԿ — (բռնում է ձեռքը): Կասեմ, բայց՝ էստեղ չէ: Նախ փողը վերցրու… որ տալիս են՝ վերցրու…

ՀԱՅԿՈՒՀԻ — (ձեռքը ետ քաշելով): Հեռու տարեք ձեր փողը… ձեռքս էլ մի բռնեք… (Ուզում է հեռանալ):

ՄԱՆՈՒԿ — Սպասի, ասեմ, լավ, էստեղ ասեմ… ինչի՞ նեղացար… չլինի՞… հա՞… բա ամոթ չի՞, ես էդպես բան կանե՞մ: Վաթսունն անց մարդ եմ, թոռան տեր… է, քեզնից չէի սպասում…

ՀԱՅԿՈՒՀԻ — Դե, ես… էնքան տարբեր մարդիկ եմ տեսել, աչքս վախեցել է: Ներողություն եմ խնդրում: Դե, ասեք:

ՄԱՆՈՒԿ — Էդ վզիդ շղթան թե ուզես ծախել, ինչքա՞ն կգնահատես:

ՀԱՅԿՈՒՀԻ — Է՞ս… չէ, մորս հիշատակն է, սրանից չեմ կարող բաժանվել:

ՄԱՆՈՒԿ — Բայց դու փողի կարիք ունես, չէ՞:

ՀԱՅԿՈՒՀԻ — Ունեմ, հա: Կուզեի Շավարշի երեխեքի համար մի քանի բան առնել: Ինձ համար էլ մի շոր, մի կոշիկ, մի… չնայած ինքը բարկացավ, ասաց՝ ես եմ առնելու… (Սրբում է արցունքները):

ՄԱՆՈՒԿ — Տեսնո՞ւմ ես. տաս հազար կտամ:

ՀԱՅԿՈՒՀԻ — Չեմ կարող, մորս նվերն է: Մեկից պարտք կվերցնեմ:

ՄԱՆՈՒԿ — Ես տամ, էլի: Կունենաս՝ շղթան ետ կառնես, պրծա՞նք: Իմացի, թե գրավ ես դրել բարեկամիդ մոտ: Հը՞, էլի համաձայն չե՞ս: Լավ, լաց մի լինի, հիմի կգան, ով գիտե՝ ինչ կմտածեն:

ՀԱՅԿՈՒՀԻ — Գրա՞վ… չգիտեմ, վախենում եմ:

ՄԱՆՈՒԿ — Ինչի՞ց: Հրապարակի վրայի զարդեղենի խանութի տերն եմ՝ Մանուկ Բաղդասարյան: Երբ գաս՝ շղթան քոնն է: Դե, ասա, ի՞նչ տամ:

ՀԱՅԿՈՒՀԻ — Չգիտեմ… տվեք, էլի:

ՄԱՆՈՒԿ — Տասներկու… քու խաթեր՝ տասնհինգ, ավել չարժի, հասարակ բան է: Լավ, տուր, տասնութ եմ տալիս, քեզ համար եմ ավելացնում:

ՀԱՅԿՈՒՀԻ — Տվեք: (Արագ հանում է վզի շղթան, տալիս Մանուկին): Վերցրեք, միայն շուտ արեք:

ՄԱՆՈՒԿ — Ըհը… էս տասնհինգ… էս էլ՝ տասնութ: Առ, հաշվի:

ՀԱՅԿՈՒՀԻ — Ճիշտ կլինի, հո չե՞ք խաբելու: (Խուճապով փողը դնում է պայուսակը): Հենց փող ունեցա՝ ետ կառնեմ: Ես գնամ, քանի չեն եկել: Թող էսպես հուզված չտեսնեն:

Հայկուհին գնում է:

ՄԱՆՈՒԿ — Շան ծնունդ, մաքուր է ձևանում: Գիշերները գնացքներում ինչեր ես արել, չգիտե՞նք: (Քթի տակ ծիծաղում է): Էն ավազակն էլ կարծում է, թե հեշտ ու հանգիստ թռչելու է էս սիրուն ձիու վրա: Ծիծաղից մեռնելու եմ: Բայց սիրտս կոտրեց շան քածը:

Գալիս են Դավիթն ու Արշակը:

ԱՐՇԱԿ — Հայկուհին ո՞ւր է, ի՞նչ ասաց:

ՄԱՆՈՒԿ — Լավ կլինի, լավ կլինի: Նա էլ ձեր ետևից եկավ: Կրակի կտոր է, մի րոպե նստո՞ւմ է, որ հետը խոսես: Բայց կհամոզեմ, մի վախեցեք: Էս տեղերը շատ է հավանել:

ԴԱՎԻԹ — Արշակ ջան, տես ո՞ւր է, բեր:

Արշակը գնում է:

ԴԱՎԻԹ — Հը՞…

ՄԱՆՈՒԿ — Ի՞նչ «հը»:

ԴԱՎԻԹ — Ի՞նչ արիր:

ՄԱՆՈՒԿ — Հեչ. մնալուն էլ է համաձայն ու ամեն բանի էլ: Գործդ տես: Ես Արշակին կպահեմ մոտս, մենակ թե շուտ ճամփա ընկնենք:

ԴԱՎԻԹ — Էսօր չեղավ՝ վաղն էլ կմնանք, վաղը չեղավ՝ մյուս օրն էլ:

ՄԱՆՈՒԿ — Յա, էդ ո՞նց, այ տղա…

ԴԱՎԻԹ — Մի կես ժամից կգնանք, մի վախենա: (Ծիծաղում է):

ՄԱՆՈՒԿ — Կես ժամի՞ց… (Ծիծաղում է):

ԴԱՎԻԹ — Չես հավատո՞ւմ:

ՄԱՆՈՒԿ — Թե ինձ ես հարցնում՝ էս աշուն էստեղ ենք:

Երկար ծիծաղում են: Գալիս են Արշակն ու Հայկուհին:

ՀԱՅԿՈՒՀԻ — Ինչի՞ եք էդպես ծիծաղում:

ԴԱՎԻԹ — Մանուկ հորեղբայրը հազար անեկդոտ գիտի, համուհոտով էլ պատմում է:

ԱՐՇԱԿ — Մանուկ հորեղբայր, պատմեք:

ՄԱՆՈՒԿ — Անեկդոտ սարքողն էլ է ինքը, պատմողն էլ, մենք մենակ ծիծաղողներն ենք:

ԱՐՇԱԿ — Դավիթ քեռի, պատմեք, հենց էն, որի համար էդպես ծիծաղում էիք:

ՄԱՆՈՒԿ — Հա, թող հենց էդ պատմի, շատ կուրախանաք ու հետո շատ կհիշեք:

ԴԱՎԻԹ — Հա, կպատմեմ, բայց մի-մի բաժակից հետո: (Լցնում է): Ով ինչ ցանկություն ունի՝ թող կատարվի:

ՀԱՅԿՈՒՀԻ — Ես համաձայն եմ:

ԱՐՇԱԿ — Իմ ցանկությունն էլ՝ որ ձեր երեքի ցանկությունը կատարվի:

Խմում են:

ՄԱՆՈՒԿ — Ես ծարավեցի:

ՀԱՅԿՈՒՀԻ — Վա՜յ, ջուր չունենք: Ոչինչ, վարունգ կերեք:

ՄԱՆՈՒԿ — Չէ, ջուր եմ ուզում, գնամ, մի առու գտնեմ:

ԴԱՎԻԹ — Առու չկա, Մանուկ: Աղբյուր կա, բայց հեռու է:

ՄԱՆՈՒԿ — Թե տեղը գիտես, գնա, էլի:

ԴԱՎԻԹ — Գիտեմ: Ժայռի տակից է դուրս գալիս՝ սառը-սառը: Շուրջը ծաղիկներ, վերևում՝ կապույտ երկինք, հեռվում՝ լեռներ, լեռների լանջերին՝ գյուղեր, ճանապարհներ… Իսկ թռչունների երգը՝ պատմելու չի:

ՀԱՅԿՈՒՀԻ — Ես գնացի:

ԴԱՎԻԹ — Գազաններից չե՞ս վախենում:

ՀԱՅԿՈՒՀԻ — Գազաննե՞ր…

ԴԱՎԻԹ — Արջ, գայլ, հովազ… վարազ էլ կա:

ՀԱՅԿՈՒՀԻ — Է՜, ես չեմ գնա:

ՄԱՆՈՒԿ — Դավիթ, ինչի՞ ես վախեցնում: Չկա, գազան չկա. նապաստակ կա, սկյուռ, թռչուն ու էդպես մանր-մունր բաներ:

ՀԱՅԿՈԻՀԻ — Որ էդպես է՝ ես գնացի: Ջրաման տվեք:

ՄԱՆՈՒԿ — Շշեր վերցրու: Բայց եթե տեղը հեռու է, մենակ ո՞նց ես գնալու:

ՀԱՅԿՈՒՀԻ — Արշակ, գնացինք:

ՄԱՆՈՒԿ — Աղբյուրի տեղը Արշակը չգիտի: Դավիթ, դու գնա:

ՀԱՅԿՈՒՀԻ — Հա, երեքով գնանք:

ԴԱՎԻԹ — Ես կգնամ, բայց մեքենան Մանուկ քեռուն ո՞նց թողնենք:

ՄԱՆՈՒԿ — Ի՛, ես կմնամ, գնացեք: (Տեսնելով Դավթի հայացքը): Հա, բայց ես կուզեի մի անգամ էլ ման գալ: Մեքենայի կողքը չեմ կարող մնալ: Ի՞նչ իմանամ՝ մեկ էլ երբ կգամ էս կողմերը: Արշակը որ մնար հետս, մի քանի բան էլ կպատմեր, միասին էլ կխոսեինք, ման կգայինք ու ժամանակը շուտ կանցներ: Հը՞, Արշակ:

ԴԱՎԻԹ — Չէ, Արշակն էլ թող գա:

ՄԱՆՈՒԿ — Ես ո՞նց մենակ մնամ: Արշակ, ինձ մենակ կթողնե՞ս:

ՀԱՅԿՈՒՀԻ — Լավ, Արշակ, դու մնա, ետ գանք՝ քեզ հետ էլ կգնամ, համ էլ ճամփեն սովորած կլինեմ:

ԱՐՇԱԿ — Ես համաձայն եմ:

Հայկուհին երկու շիշ է վերցնում, Դավթին թևանցուկ գնում է:

ՀԱՅԿՈՒՀԻ — Էսօր մեզ չսպասեք, չկարոտեք, չփնտրեք:

ԴԱՎԻԹ — Համարեք անհետ կորած:

Երգելով գնում են:

ԱՐՇԱԿ — Մանուկ քեռի, եկեղեցիներից սկսե՞նք, թե՞ խաչքարերից:

ՄԱՆՈՒԿ — Հանգստանալուց: (Ծիծաղում է): Նստենք ու թափով գնանք:

Նստում են, լռում, աչքերը փակում:

ԱՐՇԱԿ — Հետաքրքիր փաստ, բոլոր դարերում՝ Քրիստոսից առաջ ու հետո, հայերը կառուցել են եկեղեցի, մատուռ, քաղաք, ամրոց, ճանապարհ, իսկ ութերորդ դարում՝ մեր թվագրության, չեն կառուցել: Այսինքն՝ կառուցել են, բայց հատուկենտ: Ութերորդ դարը արաբների տիրապետության երեք դարերից ամենադաժանն է եղել… Մանուկ քեռի, գնա՞նք:

ՄԱՆՈՒԿ — Դու պատմի, պատմի:

Լռություն:

ԱՐՇԱԿ — Հիմի ուր որ է՝ կվերադառնան, ու մենք ոչ մի բան չենք հասցնի տեսնել:

ՄԱՆՈՒԿ — Ի, ո՞ւր ես… նրանք արդեն մեզ մոռացել են, Արշակ ջան, ինչի՞ են շուտ գալու: (Ծիծաղում է): Ծաղիկ հավաքելով կգնան՝ ծաղիկ հավաքելով կգան: Էն սառը ջրից կխմեն, հետո էլի կխմեն, հետո՝ էլի… ջահել մարդիկ են, սրտները կվառի ու հա՛ կխմեն…

ԱՐՇԱԿ — (Մանուկի ծիծաղից շփոթված): Դե… իրենց գործն է, թող ման գան:

ՄԱՆՈՒԿ — Արշակ, դու լավ տղա ես:

ԱՐՇԱԿ — Շնորհակալ եմ:

ՄԱՆՈՒԿ — Որ ավարտես, ի՞նչ ես դառնալու:

ԱՐՇԱԿ — Բժիշկ:

ՄԱՆՈՒԿ — Հա, փողոտ գործ է: Բայց քեզ փող չեն տա:

ԱՐՇԱԿ — (ծիծաղում է): Գնա՞նք:

ՄԱՆՈՒԿ — Հա, գնանք: Տանը ի՞նչ ունես:

ԱՐՇԱԿ — Հայր, մայր, քույր… երկու քույր:

ՄԱՆՈՒԿ — Ծնողներդ ուսուցի՞չ են:

ԱՐՇԱԿ — Հա, ի՞նչ իմացաք:

ՄԱՆՈՒԿ — Բա չի երևո՞ւմ: Լսի, Արշակ, բա դու մեղք չե՞ս:

ԱՐՇԱԿ — Ինչի՞ եմ մեղք:

ՄԱՆՈՒԿ — Որ էդպես… կյանքից կտրված, միամիտ… էս գազանների մեջ ո՞նց ես ապրելու:

ԱՐՇԱԿ — Ինչի՞ են գազան, դուք գազա՞ն եք, Դավիթը գազա՞ն է… Հայկուհին գազա՞ն է:

ՄԱՆՈՒԿ — Բա ի՞նչ ենք, այ տղա: Անպայման ժանիքներ ու ճանկեր պիտի ունենա՞նք… Մենք էլ մարդ գազան ենք:

ԱՐՇԱԿ — Ես երեխա չեմ, ամեն ինչ հասկանում եմ:

ՄԱՆՈՒԿ — Ի՞նչ ես հասկանում, ասա: Լավ, հիմի էստեղ, ասենք, մարդ սպանեն: Ի՞նչ կանես:

ԱՐՇԱԿ — Ի՞նչ իմանամ… չգիտեմ:

ՄԱՆՈՒԿ — Է… ինչի՞ չգիտես, պիտի փախչես, հո մեջտեղ չե՞ս ընկնելու, որ բաժանես:

ԱՐՇԱԿ — Հանգիստ նայեմ, թե ոնց են սպանո՞ւմ:

ՄԱՆՈՒԿ — Բա քեզ էլ սպանե՞ն:

ԱՐՇԱԿ — (ծիծաղում է): Է… եկեք գնանք, հիմա կգան:

ՄԱՆՈՒԿ — Հա, գնանք: (Պայուսակի մեջ ինչոր բան է ստուգում): Արշակ, փող սիրո՞ւմ ես:

ԱՐՇԱԿ — Դե… ո՞վ փող չի սիրում, ծախսելու էնքան տեղ կա:

ՄԱՆՈՒԿ — (հաճույքով ծիծաղում է): Իսկույն երևաց, որ փողի արժեքը չգիտես: Այ տղա ջան, փող սիրողը հավաքում է, հավաքում՝ շատացնում, իսկ դու ծախսելու մասին ես մտածում: Չէ, քու ծնողները շատ են մեղավոր:

ԱՐՇԱԿ — Ինչի՞ են մեղավոր, նրանք էլ են ասում՝ փող աշխատիր, որ լավ ապրես:

ՄԱՆՈՒԿ — Այ, շատ ապրեն: (Ծիծաղում է): Բայց իրենք աղքատ են, չէ՞:

ԱՐՇԱԿ — Ես խոստանում եմ հարստանալ: Գնում եմ, եկեք:

ՄԱՆՈՒԿ — Դու հարստացողը չես: Երևի շատ խմեցի՝ հիմար բաներ եմ ասում: (Որ հեռացող Արշակը չլսի): Բա էն գազանին ո՞նց են դաստիարակել, որ քեզ նման չի մտածում: Մարդին սպանել տվեց, կնգանը, թե՝ «ես մարդիդ վրեժը կլուծեմ»: Էնքան գնաց-եկավ, որ կնգանն էլ իրանով արեց: Մարդի ախպորն էլ դատի տակ գցեց, քշեց-կորցրեց… Երևանում էլ կնիկ-երեխեք ունի: Ախ, ուժս պատեր՝ դրա վիզը ոլորել տայի՝ սիրտս հովանար… Շան որդի, շան որդի… դու ինձ էն օրը գցես, որ ես քու առաջը դողա՞մ… (Բարձր): Գալիս եմ… Արշակ, եկա…

Գնում է:

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Նույն վայրը մեկ ժամ անց: Գալիս են Մանուկն ու Արշակը:

ՄԱՆՈՒԿ — Հա, ես գիտեմ, որ խաչքար միայն հայերն ունեն, բայց ինչի՞ միայն հայերն ունեցան:

ԱՐՇԱԿ — Էդ ո՞նց ասեմ… մի հայ մարդ որոշել է խաչքար սարքել, կամ մի խելոք հայ այդ խելոք քարագործին պատվիրել է: Հետո մի ուրիշ խելոք ավելի լավ խաչքար է պատվիրել, մի ուրիշը՝ մի ուրիշ, ու… մինչև հիմա ոչ մի խաչքար մյուսին նման չէ, ինչպես մի հայ մարդ նման չէ մի ուրիշ հայ մարդու:

ՄԱՆՈՒԿ — Լավ ասիր… (Ծիծաղում է): «Մի հայ մարդ»: Եվ սովորական ասիր, և մեծարելով ու հարազատի նման: Արի մի-մի բաժակ խմենք էդ «մի հայ մարդու» կենացը: Էս օդը չի թողնում, որ հարբենք:

ԱՐՇԱԿ — Հա, իմ շշմածությունն էլ անցավ:

ՄԱՆՈՒԿ — Արշակ, անկեղծ բան եմ ասելու, չնեղանաս:

ԱՐՇԱԿ — Ինչի՞ նեղանամ, ասեք:

ՄԱՆՈՒԿ — Դու հեչ իմ ուզած տղեն չես, իմ տեսակի մարդ չես, բայց… չգիտեմ ինչի՝ շատ ուրախ եմ, որ դու կաս, որ մաքուր ես, ազնիվ, որ քու շահի համար ուրիշին վնաս չես տա: Էս եկեղեցիներն էլ հիմի ուրիշ կերպ են երևում աչքիս: Քու կենացը: Ողջ լինես: Թե Իջևանում մի երկու օր մնաս՝ անպայման արի հրապարակի զարդեղենի խանութը, ազգանունս Բաղդասարյան է: (Խմում է):

ԱՐՇԱԿ — Շնորհակալ եմ, կգամ: (Խմում է: Միացնում է մագնիտոֆոնը):

ՄԱՆՈՒԿ — (մեղեդին լսելուց հետո): Ախ, Արշակ, հիմի մի տեսակ եմ… ոնց որ մի մեծ ուրախության եմ հանդիպելու, ոնց որ… արի կոխ բռնենք…

Կոխ են բռնում: Քաշքշում են իրար, ոգևորվում, հետո սկսում են պարել:

ԱՐՇԱԿ — Լավ եք պարում… պարելուց ու երգելուց ոնց որ ուրիշ մարդ լինեք:

ՄԱՆՈՒԿ — Ոնց որ ի՞նչ մարդ:

ԱՐՇԱԿ — Չգիտեմ:

ՄԱՆՈՒԿ — Արի էլի պարենք:

Պարում են:

Հիմի անջատի, մի քիչ էլ լուռ մնանք:

Արշակն անջատում է մագնիտոֆոնը:

ԱՐՇԱԿ — Ուշացան:

ՄԱՆՈՒԿ — Կգան, էլի…

ԱՐՇԱԿ — Խուլ անտառ է. գազան կպատահի, կամ… ի՞նչ իմանամ:

ՄԱՆՈՒԿ — Գազան չի պատահի: Խմե՞նք: Լավ, քեզ՝ կիսատ:

ԱՐՇԱԿ — Ես չուզեցի Հայկուհուն վախեցնել, բայց էս անտառում արջ կա: Արջն էլ գազան է, չէ՞:

ՄԱՆՈՒԿ — Գազա՞ն: Ի՛, էն Դավիթն էլ մի գազան է, էլի:

ԱՐՇԱԿ — Հա, Դավիթ քեռին պինդ մարդ է, բայց արջը արջ է:

ՄԱՆՈՒԿ — Խմենք իմ ընտանիքի ու գործերի հաջողության համար:

ԱՐՇԱԿ — Ձեր ընտանիքի ու գործերի հաջողության համար:

Խմում են:

ՄԱՆՈՒ — Մի-մի հատ էլ…

ԱՐՇԱԿ — Ես՝ չէ:

ՄԱՆՈՒԿ — Ուրեմն ես էլ՝ չէ: Դավիթը գազանի հետ էլ կկռվի, մարդու հետ էլ, ինքն իր հետ էլ: (Ծիծաղում է): Արշակ, բան եմ ուզում ասել. որ հիմի նրանք գան…

Հեռվից լսվում է Հայկուհու ձայնը. «Արշա՛կ»:

ԱՐՇԱԿ — Լսեցի՞ք, ոնց որ Հայկուհու ձայնն էր:

ՄԱՆՈՒԿ — Չէ, ձեն չկա: Հա, ասում եմ, որ նրանք գան…

Հայկուհու ձայնը. «Արշա՛կ»:

ԱՐՇԱԿ — Լսեցի՞ք:

ՄԱՆՈՒԿ — Հա, հիմի՝ հա: Է՜, կանչում է, թող կանչի, ուրախությունից ձենը գլուխն է գցել:

ԱՐՇԱԿ — Գուցե օգնությո՞ւն է կանչում:

ՄԱՆՈՒԿ — Ի՛, չէ… իրենց համար վազվզում են ու գոռգոռում՝ գնանք ի՞նչ անենք: (Ցույց չտալով անհանգստությունը): Էս տաճարներն ու խաչքարերը քեֆս բերեցին, գնանք մի անգամ էլ նայենք՝ քանի դեռ չեն եկել… Բա կտուրի քարե՜րը, բա խաչքարերի նախշե՜րը… արի նայենք, մի-մի մոմ էլ վառենք ու ետ գանք, երևում է՝ արդեն գալիս են: Հենց էն փոքր եկեղեցուց էլ սկսենք, ամենահինն էր, չէ՞:

ԱՐՇԱԿ — (ետետ նայելով հետևում է Մանուկին): Հա, Սուրբ Գևորգ եկեղեցին է… բայց Սուրբ Գևորգն էս կողմն է:

ՄԱՆՈՒԿ — Չէ, էս կողմը գնանք, հետո կգանք էդ կողմը, արի, արի…

Գնում են: Մի քանի վայրկյան անց Մանուկը վերադառնում է, միացնում է մագնիտոֆոնը և նորից գնում: Լսվում է՝ «Արշա՛կՄանուկ հորեղբա՛յր…»: Քիչ հետո, ավելի մոտիկից՝ «Արշակ, օգնի՜օգնությո՜ւն…»: Շտապով գալիս է Արշակը, անջատում մագնիտոֆոնը, կանգնում, սպասում ձայնի կրկնվելուն: Գալիս է Մանուկը:

ՄԱՆՈՒԿ — Ի՞նչ եղավ, ինչի՞ ետ վազեցիր:

ԱՐՇԱԿ — Էլի օգնություն էր կանչում… Հայկուհին էր…

ՄԱՆՈՒԿ — Ի՛, օգնություն… կատակ են անում, խաղ են անում…

ԱՐՇԱԿ — Չէ, ձայնը հենց օգնություն կանչողի ձայն էր:

ՄԱՆՈՒԿ — Ինչի՞ է օգնություն կանչելու՝ Դավիթի պես տղեն իր կողքին, գազան էլ լինի, մարդ-ավազակ էլ լինի, ի՞նչ կարող են անել:

ԱՐՇԱԿ — Իսկ եթե արջ է պատահե՞լ, Դավթին վնասել է ու Հայկուհին…

ՄԱՆՈՒԿ — Դավթի՞ն… չլինելու բան է: Արի, պատմածդ կիսատ թողեցիր: Ըհը, տեսնում ես՝ ձեն չկա: Ով գիտի՝ մեզ են ուզում վախեցնել: Հը՞, էլի չես հավատո՞ւմ:

Գնում են: Լսվում է Հայկուհու ձայնը՝ «Արշա՛կՄանո՛ւկ, հասե՛ք…»: Վազելով գալիս է Արշակը, նրա ետևից՝ Մանուկը:

ԱՐՇԱԿ — Օգնություն է կանչում, Հայկուհին է, բայց… չեմ հասկանում, թե ձայնը որ կողմից է:

ՄԱՆՈՒԿ — Արշակ, ինձ լսի… հիմի որ գան, տեսնես, որ…

ԱՐՇԱԿ — Արջ է պատահել, ես գիտեմ… իզուր չգնացի հետները… Ինչի՞ լռեց, ի՞նչ եղավ…

ՄԱՆՈՒԿ — Արշակ, լսի… էդպես չի… մի խոսքով, Դավիթը ջահել տղամարդ է, Հայկուհին էլ ջահել, սիրուն կնիկ՝ կկռվեն էլ, կհաշտվեն էլ, դու չպիտի խառնվես: Աղջիկ չի, որ լաց լինի… հասկացա՞ր՝ ինչ եմ ասում… չտաքանաս ու մեջ չընկնես… (Արշակը ինչոր բան փնտրում՝ ականջը ձայնի): Ի՞նչ ես ուզում:

ԱՐՇԱԿ — Մի փետ, երկաթի կտոր… հա, մեքենայի մեջ կա…

Արշակը վազելով գնում է:

ՄԱՆՈՒԿ — Ինչի՞ է օգնություն կանչում, մի բան դուրս չգա՞… Վայ թե Արշակը ճիշտ է ասում՝ արջ է վրա տվել: Ես էլ մի բան վերցնեմ, գնամ: Բա էս պայուսա՞կս ուր թողնեմ… բա որ արջ չէ ու Դավիթն է նեղացնողը՞…

Գալիս է Արշակը:

ԱՐՇԱԿ — Չէ, երկաթի կտորով բան դուրս չի գա… պայուսակս ո՞ւր եմ դրել… (Գտնում է պայուսակը, հանում որսորդական դանակը, բացում ու սպասում է ձայնի կրկնվելուն):

ՄԱՆՈՒԿ — Արշակ, տղա ջան, բան է, թե… Դավիթը ջահել է, տաք բնավորություն ունի… գուցե ուզել է Հայկուհու հետ սեր անի, Հայկուհին էլ հակառակվել է… մի խոսքով, դու գործ չունես, ձևացրու, թե գլխի չես: Հասկացա՞ր:

ԱՐՇԱԿ — Ինչի՞ ձեն չի տալիս:

ՄԱՆՈՒԿ — Այ տղա, էլի՞… չես լսո՞ւմ, քեզ ինչ որ ասում եմ՝ էն արա…

ԱՐՇԱԿ — Ի՞նչ եք ասում:

ՄԱՆՈՒԿ — Ասում եմ՝ բան է, թե Դավիթն ուզել է Հայկուհու հետ մի քիչ սիլի-բիլի անի, Հայկուհին էլ նեղացել է ու… դու մեջ չմտնես, իրենք կկռվեն էլ, կհաշտվեն էլ: Հայկուհին էնքան տղամարդ է տեսել, թող չկոտրատվի…

Հայկուհու օգնության կանչերը լսվում են մոտիկից:

ԱՐՇԱԿ — Էս կողմից է…

Արշակը վազելով գնում է:

ՄԱՆՈՒԿ — Չէ, էս արջի բան չի… թո՛ւ, անպետք շան որդի, աղջիկը որ չի ուզում, էլ ի՞նչ ես քաշքշում, ծեծում… հիմի ես ի՞նչ անեմ, որ գլխիս մի փորձանք չգա: Ասա՝ ուրիշ մեքենա նստեիր, էլի, ինչի՞ սրան կպար… Մի օր աչքածակությունն իմ գլուխը քարով է տալու: (Արագ հագնում է պիջակը, թաքնվելու տեղ է փնտրում): Եկեղեցի մտնեմ… բա որ գան էնտե՞ղ: Ի՞նչ անեմ՝ ոտքո՞վ գնամ… մինչև ճամփին հասնեմ՝ մութը կտա, գիշեր կլինի… մեքենա՞ ոնց ճարեմ…

Շրջազգեստը պատռված, խուճապահար գալիս է Հայկուհին:

ՀԱՅԿՈՒՀԻ — Մանուկ հորեղբայր, օգնիր…

ՄԱՆՈՒԿ — Ի՞նչ է պատահել, գազան է ընկե՞լ ետևներիցդ…

ՀԱՅԿՈՒՀԻ — Նրանից էլ գազա՞ն… անպետք, անամոթ մարդ է…

ՄԱՆՈՒԿ — Ի՞նչ է ասում…

ՀԱՅԿՈՒՀԻ — (թաքնվելով Մանուկի թիկունքում, ինչը Մանուկին դուր չի գալիս): Ասեք, չտեսա՝ ուր գնաց… պաշտպանեք ինձ ու իրար հետ գնանք, փախչենք մինչև ճանապարհը… Ինչ պետք է ասի՝ չգիտե՞ք…

ՄԱՆՈՒԿ — Է՜, դե մարդ է, էլի, ո՞նց ասեմ, որ… մեզ լավություն է արել… էսքան ծախս արեց, ասաց, որ փող չի վերցնի… դու էլ չամուսնացած, կույս աղջիկ չես… բա հիմի եղա՞վ: Կգա, բոլորիս կխառնի իրար, քեզ կծեծի… եղա՞վ…

ՀԱՅԿՈՒՀԻ — Ո՞նց թե… էդ ի՞նչ եք ասում, որ ամուսնացած չեմ, ուրեմն… Արդեն ամուսին ունեմ… ինձ պետք չի նրա մեքենան, ես ոտքով կգնամ… կեղտոտ, անպետք մարդ է: Ես էլ կարծեցի՝ ոնց խոսում է, էդպես էլ կա…

ՄԱՆՈՒԿ — Բա ինչի՞ էստեղ եկար, փախի շրջկենտրոնի կողմը…

ՀԱՅԿՈՒՀԻ — Ոտքերս դողում են, չեմ կարող… որ փախչեմ էլ՝ կհասնի, կբռնի: Էստեղ դուք հետս եք, անտառում կամ ճանապարհին ո՞վ կա, որ ինձ պաշտպանի… որ գա՝ ասեք շրջկենտրոնի կողմը գնաց… (Թաքնվումէ ծառի ետևում):

ՄԱՆՈՒԿ — Կգտնի, այ աղջի, ինչի՞ ես հակառակվում, «հա» ասա՝ պրծի, էլի: Ես ու Արշակն էլ մարդու բան չենք ասի:

ՀԱՅԿՈՒՀԻ — Հեռու գնացեք, որ ինձ չտեսնի… կնստի իր մեքենան, կգնա…

ՄԱՆՈՒԿ — Բա մեզ թողնի էս սարի գլխի՞ն:

ՀԱՅԿՈՒՀԻ — Էդ ի՞նչ եք ասում, գժվեցի՞ք… հեռո՛ւ գնացեք ինձնից…

ՄԱՆՈՒԿ — Է՜, չեղավ, էդպես ո՞նց կլինի… եկավ թե չէ՝ կասեմ, որ էստեղ ես…

ՀԱՅԿՈՒՀԻ — Ո՞նց թե՝ կասեք… (Հրում է նրան ու դուրս վազում):

ՄԱՆՈՒԿ — Էս չեղավ… ես ո՞նց անեմ…

Նստում է ծառի տակ ու քնած ձևանում: Գալիս է Դավիթը, նրանից մի քանի քայլ հետո՝ Արշակը:

ԴԱՎԻԹ — Մանուկ, ո՞ւր գնաց… սուտմեռուկ մի դիր՝ շանորդի չարչի: (Ոտքով հրում է Մանուկին): Է՜յ, չարչի… է՛յ, խաչագող…

ՄԱՆՈՒԿ — Դավի՞թ, եկա՞ք…

ԴԱՎԻԹ — Ո՞ւր գնաց:

ՄԱՆՈՒԿ — Ո՞վ:

ԴԱՎԻԹ — Լսի, էդ խաղերդ ձեր տանը կխաղաս… Ո՞ւր գնաց…

ԱՐՇԱԿ — Դավիթ քեռի…

ԴԱՎԻԹ — Արշակ, դու գնա, անտառում մի քիչ ման արի: Էդ դանակն էլ ծալի, դիր գրպանդ:

ԱՐՇԱԿ — Կարծեցի արջ է հարձակվել, ուզեցի օգնել… (Դանակը ծալում է, դնում գրպանը): Դավիթ քեռի…

ԴԱՎԻԹ — Արշակ, նստիր Մանուկի կողքը, մի քիչ խոսեք, ես հիմի կգամ: Հը՞, Մանուկ, ասա:

ՄԱՆՈՒԿ — Դե, կարծեմ… էն կողմը… Սուրբ Գևորգի…

ԱՐՇԱԿ — (կանգնում է Դավթի առաջ): Սպասեք, Դավիթ քեռի, լսեք, էլի, բան եմ ասում…

ԴԱՎԻԹ – Արշակ, հեռու գնա, չեմ ուզում քեզ նեղացնել, գնա…

Արշակը չի շարժվում: Դավիթը ուժեղ հրում է: Արշակը փռվում է գետնին, բայց արագ ոտքի է կանգնում:

ԱՐՇԱԿ — Դավիթ քեռի, իրար հետ ճամփա եկանք, իրար հետ հաց կերանք, հարազատի պես դարձանք ու հիմա… Մեղք է, շատ է վախեցել… Ասում էր՝ տղա ունենամ, անունը Դավիթ եմ դնելու: Գնանք, արդեն ուշ է… ճամփին էլ Հայկուհուն կվերցնենք, երևի շրջկենտրոնի կողմն է գնացել, էստեղ չէր մնա:

ԴԱՎԻԹ — Արշակ, նա մենակ ճամփա չէր գնա… (Լռում է, ժպտում): Լավ, չեմ գնա… ուզում եմ հաշտվել հետը: Վիճեցինք, նեղացանք իրարից, հիմի ուզում եմ հաշտվել… Դե, հեռու գնա:

Դավիթն սպասում է, հետո ուժեղ հրում Արշակին: Արշակը կարողանում է ոտքի վրա մնալ: Դավիթը գնում է Մանուկի ցույց տված կողմը: Արշակը նայում է Մանուկին:

ՄԱՆՈՒԿ — Ի՞նչ անեմ… կհաշտվեն, դու մի գնա:

ԱՐՇԱԿ — Եկեք միասին գնանք, գուցե երկուսո՞վ համոզենք:

ՄԱՆՈՒԿ — Արշակ, ինձ լսի. թող իրար հետ խոսեն, իրար հետ էլ հաշտվեն… Հայկուհին անխելք է՝ ո՞վ է իմանալու: Արի՛: Ոչ մարդ ունի, ոչ երեխա, ինչի՞ է հակառակվում: Արի, Դավիթը փող կտա՝ կհաշտվեն… Հա, աղջկա ձեռքը փող չկա, գիտեմ, ինձ ասաց: Ի՞նչ իմանաս՝ ամուսնանալու մասին ճիշտ ասա՞ց, թե՞ խաբեց… կամ էլ փեսացուն ի՞նչ է իմանալու…

ԱՐՇԱԿ — Էդ ի՞նչ եք ասում, ուրիշ մարդ դարձա՞ք…

Լսվում է Հայկուհու ճիչը, ապա երևում է ինքը: Նրան հետևում է ժպտացող Դավիթը:

ԴԱՎԻԹ — Այ աղջի, կանգնի խոսենք, բան եմ ասելու քեզ:

ՀԱՅԿՈՒՀԻ — (կանգնելով մեկ Արշակի թիկունքում, մեկ՝ Մանուկի): Չեմ ուզում… էդտեղից ասեք, հեռվից…

ԴԱՎԻԹ — Առանձին ասելու բան է…

ՀԱՅԿՈՒՀԻ — Չեմ ուզում… Մանուկ հորեղբայր, Արշակ, գնանք…

ՄԱՆՈՒԿ — (որ անընդհատ խուսափում է Հայկուհուն պատնեշ լինելուց): Հա, թող… գնանք… մաքուր օդ է, մի քանի րոպե էլ մնանք, վռազելու բան չունենք, մութը չի ընկել…

ԴԱՎԻԹ — Հա, ամեն օր էստեղ չենք գալու: Մագնիտոֆոնն ինչի՞ եք անջատել: (Միացնում է): Ըհը, ուրախանանք:

ՀԱՅԿՈՒՀԻ — (բռնելով Արշակի ձեռքը): Արշակ, մենք գնանք… Մանուկ հորեղբայր, դուք էլ եկեք: Մոտ չգա՛ք… (Տեսնելով, որ Դավիթն իր կողմն է գալիս, նորից վազում է եկեղեցիների կողմը):

ԱՐՇԱԿ — Դավիթ քեռի, մի գնացեք, սպասեք, խոսենք…

ԴԱՎԻԹ — Արշակ, քեզ հետ խոսելու բան չունեմ:

ԱՐՇԱԿ — Մանուկ քեռին էլ ասելու բան ունի… սպասեք…

ՄԱՆՈՒԿ — Ես ասելու բան չունեմ, Արշակ, ինձ մի խառնի:

ԴԱՎԻԹ — Համբերությունից հանում ես, հա: (Հարվածում է, Արշակին գցում գետնին): Քած ես խլո՞ւմ ձեռքիցս…

Դավիթը գնում է: Արշակը դժվարությամբ ոտքի է կանգնում:

ՄԱՆՈՒԿ — (բռնում է Արշակի ձեռքը, շշուկով): Չգնաս, կսպանի:

ԱՐՇԱԿ — Բայց Հայկուհուն մենա՞կ թողնենք… բա մենք խիղճ չունե՞նք…

ՄԱՆՈՒԿ — Քեզ ի՞նչ…

ԱՐՇԱԿ — Մեր աչքի առա՞ջ… ձևացնենք, թե չենք տեսնո՞ւմ…

ՄԱՆՈՒԿ — Հա, ձևացնենք, թե էստեղ չենք:

ԱՐՇԱԿ — Ո՞նց թե… բա մենք… մենք մարդ ենք, չէ՞…

ՄԱՆՈՒԿ — Էդ գազանի հետ մենք կարա՞նք գլուխ դնել… սպանի՞…

ԱՐՇԱԿ — Հեռու գնացեք, թող ինձ սպանի:

ՄԱՆՈՒԿ — Չեմ թողնի:

Լսվում է Հայկուհու ձայնը. «Թո՛ղ, թո՛ղ, անասո՛ւնհեռո՛ւ գնա, թո՛ղ», ապա լսվում է ավտոմեքենայի դռան բացվելու և փակվելու ձայն:

ԱՐՇԱԿ — Թողեք, օգնություն է կանչում… (Վազելով գնում է):

ՄԱՆՈՒԿ — Չէ, ես էստեղ չպիտի մնամ, փորձանքի մեջ եմ ընկնելու… (Խուճապահար գնում է, բայց կեսճամփա վերադառնում է): Բայց դե, ո՞վ գիտի, գուցե էս բաները շուտ վերջանան, ճամփա ընկնենք: Մի քիչ էլ համբերեմ:

Գալիս են Դավիթն ու Արշակը. Դավիթն հարվածներ է հասնում, Արշակը ճարպկորեն խուսափում է:

ԱՐՇԱԿ — Դավիթ քեռի, վերջ տվեք… ինչ եղավ՝ եղավ, վերջ տանք…

ԴԱՎԻԹ — Ձեզ մարդավարի վերաբերվողի մե՛րը… ես ձեր… ձեզ հետ քացու տակ գցելով պետք է խոսել…

ԱՐՇԱԿ — Դուք գնացեք, մենք ոտքով կգնանք… նստեք ձեր մեքենան, գնացեք: (Արշակին հաջողվում է բռնել Դավթի թևը, ոլորել, նրա գրպանից հանել մեքենայի բանալին և գցել Մանուկի կողմը): Բեռնատեղը բացեք, թող Հայկուհին դուրս գա…

ԴԱՎԻԹ — Մանուկ, վիզդ կպոկեմ, տե՛ղդ մնա:

ԱՐՇԱԿ — (Մանուկին): Գնացե՛ք:

ԴԱՎԻԹ — Թե կյանքիցդ ձեռ ես քաշել՝ բաց… քեզ էլ, տունդ էլ կվառեմ:

ՄԱՆՈՒԿ — Է… ես ո՞նց անեմ, ես գործ չունեմ, Արշակ, ինչ ուզում եք՝ արեք: Ես գնում եմ…

ԴԱՎԻԹ — Մնա, շան որդի, մնա, որ էս լակոտի դիակը տանես…

ԱՐՇԱԿ — (սեղմելով Դավթի թևը): Ասեք՝ թող բացի:

ԴԱՎԻԹ — Չէ… չէ… ըհ… լավ, թող բացի… թող բացի… Մանուկ…

ՄԱՆՈՒԿ — Չէ, ինձ բան չասես, ես չկամ… Արշակ, ինձ հետ գործ չունես…

ԱՐՇԱԿ — (ավելի է սեղմում Դավթի թևը): Խոստացեք, որ Մանուկին բան չեք անի ու հանգիստ կմնաք…

ԴԱՎԻԹ — Հա, խոստանում եմ…

ԱՐՇԱԿ — Երդվեք:

ԴԱՎԻԹ — Երեխաներիս արևը… ծնողներիս արևը… էս սուրբ տաճարները…

Արշակը Դավթին հեռացնում է բանալուց, արագ վերադառնում, վերցնում է բանալին:

ԱՐՇԱԿ — Մնացեք էստեղ, բանալիները կբերեմ:

Արշակը գնում է: Դավիթը դանդաղ տրորում է թևը:

ՄԱՆՈՒԿ — Դավիթ, փոքր ախպեր, հազար էդպես աղջիկ կճարես, ի՞նչ ես գտել էդ սատկածի մեջ… ճիշտ չե՞մ ասում:

ԴԱՎԻԹ — Ոնց բոնեց ձեռքս, երևում է՝ լավ սուսերամարտիկ է… լավ ռեակցիա ունի:

ՄԱՆՈՒԿ — Էսօր լավ օր չի, արի շառից հեռու մնանք ու գնանք մեր գործերին:

ԴԱՎԻԹ — (ժպտալով): Դու ձենդ կտրի, չարչի՛: Լսիր… որ գան, դու կասես՝ արդեն ուշ է, գնանք, բայց ոտքի ելնելուց մեջքդ կբռնես ու կմնաս տեղդ: Արշակը կգա օգնելու… կգա, ոտքի կանգնելու ժամանակ նրան կգրկես, մի քիչ կպահես… մնացածը կթողնես ինձ վրա: Ես քեզ նշան կտամ, կասեմ՝ պայուսակդ վերցրու, Մանուկ: Հասկացա՞ր:

ՄԱՆՈՒԿ — Լսի, Դավիթ, իմ փոքր ախպեր…

ԴԱՎԻԹ — Ձե՛նդ: Հենց խանութիդ մեջ կվառեմ քեզ… արածներիս մասին մի քիչ գիտես:

ՄԱՆՈՒԿ — Դավիթ, վատ բան դուրս կգա… Արշակին ինչի՞ գրկեմ…

ԴԱՎԻԹ — Պետք է: Հա, թևերը հետը կգրկես: Լսեցի՞ր: Հիշիր, հենց ասեմ՝ պայուսակդ վերցրու, Մանուկ:

Գալիս են Հայկուհին ու Արշակը:

ԱՐՇԱԿ — (հեռվից մեքենայի բանալիները գցում է Դավթին): Դուք գնացեք, մենք ոտքով կիջնենք:

ԴԱՎԻԹ — Լավ, ինչ եղավ՝ մոռանանք: Իրար հետ եկել ենք, իրար հետ էլ կգնանք: Ձեզ էստեղ թողնելն ինձ համար ամոթ է: Մի քիչ հանգստանանք: Ուզո՞ւմ եք՝ երգեմ: Լավ, որ չեք ուզում… թող Մանուկն իր խարդախություններից պատմի, ծիծաղենք ու գնանք: Դրան էդպես սուսուփուս մի նայեք՝ դարմանի տակի ջուր է: Լավ, որ շտապում եք՝ հիմի գնանք:

ՀԱՅԿՈՒՀԻ — Ձեզ հետ չեմ գա:

ԴԱՎԻԹ — Ինչի՞… լավ, քո գործն է… Մանուկ, պայուսակդ վերցրու, գնում ենք:

ՄԱՆՈՒԿ — Հը՞… հա, պայուսակս վերցնեմ… Վայ, մեջքս էս ի՞նչ եղավ… չեմ կարում, թե ոտքի ելնեմ… Դավիթ, Արշակ… (Արշակը մոտենում է, օգնում): Չէ, ձեռքս թող, թևերիս տակից… Դավիթ, դու էլ արի…

Դավիթը մոտենում է, սպասում, որ Մանուկը գրկի Արշակին: Մանուկն ուշացնում է գրկելը, կամ չի ուզում Արշակին բռնել: Դավիթը հարվածում ու գցում է Արշակին՝ թույլ չտալով, որ նա ոտքի կանգնի: Արշակը հարվածներից խուսափելով ու ետետ գնալով հասնում է պատին:

ԱՐՇԱԿ — Թող, Դավիթ, հեռու գնա…

Հայկուհին ու Մանուկը լարված հետևում են և միայն այն ժամանակ, երբ Արշակն ընկնում է ծնկների վրա, Հայկուհին սկսում է գոռալ:

ՀԱՅԿՈՒՀԻ — Էդ ի՞նչ ես անում, գազան… կսպանես, հեռու գնա… թող նրան, անասո՛ւն…

ՄԱՆՈՒԿ — Թող, Դավիթ, արի գնանք…

ՀԱՅԿՈՒՀԻ — (Մանուկին): Մոտեցեք, մի թողեք, կսպանի…

ՄԱՆՈՒԿ – Դավիթ, թող, հո չե՞ս սպանելու…

ԴԱՎԻԹ — Հեռո՛ւ գնա… սպանելու եմ… էն քածը թող փախնի, ինձ պետք չի, բայց սրան սպանելու եմ…

ՀԱՅԿՈՒՀԻ — Թո՛ղ, թո՛ղ, կսպանես… Թո՛ղ էդ երեխին, հա՛, համաձայն եմ, արի… համաձա՛յն եմ…

ԴԱՎԻԹ — Լավ, որ խնդրում ես՝ չեմ սպանի… լեզուն իրեն չի քաշում: (Նստում է: Հայկուհին Արշակին օգնում է նստել, սրբում է երեսը, հանքային ջուր խմեցնում): Անպետք լակոտ է, անհասկացող… թող իր տեղն իմանա: Թո՛ղ դրան, արի՛ էստեղ: (Հայկուհին մոտենում է): Նստիր կողքիս: (Հայկուհին նստում է): Քեզ վարդի պես եմ պահելու: Դուրըս եկար: Մի օրվա համար չեմ ասում: Շորդ պատռվել է, կառնեմ: Մի քանի հատ կառնեմ: Որ չկարծես, թե խաբում եմ, արի տամ, մեքենայի մեջ է: (Բռնում է Հայկուհու ձեռքը, բայց մի քանի քայլից նա ազատում է ձեռքը և փախչում): Արի՛, չեմ խաբում, տալու եմ:

Հայկուհին կանգնում է ձորի եզրին:

ՀԱՅԿՈՒՀԻ — Մոտեցար՝ ինձ ձորը կգցեմ:

ԴԱՎԻԹ — Հո գիժ չե՞ս…

ՀԱՅԿՈՒՀԻ — Ավելի լավ է մեռնեմ, քան դրանից հետո նայեմ էն մարդու երեսին:

ԴԱՎԻԹ — Է, գիժ ես… Լավ նվեր է, մի հատ էլ Մանուկից եմ առնում, ըհը… Մանուկ, մի լավ զարդ տուր, փողդ տալիս եմ:

ՄԱՆՈՒԿ — Լավ բան չունեմ, Դավիթ ջան, քու արևը…

ԴԱՎԻԹ — Հանի, ասում եմ…

ՀԱՅԿՈՒՀԻ — Ինձ ոչինչ պետք չի, մենակ գնա էստեղից:

ԴԱՎԻԹ — Պահո, սկսեցիր ուրիշ կերպ խոսել: Քիչ առաջ ի՞նչ ասիր:

ՀԱՅԿՈՒՀԻ — Չմոտենա՛ս, ասածս կանեմ:

ԴԱՎԻԹ — Չես անի, ջահել ես, նոր ես կարգին ապրելու՝ ման գալ, շորեր, ապրուստ…

ՀԱՅԿՈՒՀԻ — Էդպես ապրել չեմ ուզում, չմոտենա՛ս, ասում եմ…

ԴԱՎԻԹ — (կանգնում է): Լսի, որ ջղայնացա, քեզ սատկացնելուց հետո… (Արշակի կողմը չնայելով): Նրան էլ կսատկացնեմ, իմացի:

ՀԱՅԿՈՒՀԻ — Քեզ մայր չի ծնել, դու օձի ծնունդ ես:

ԴԱՎԻԹ — Տեղիցդ չշարժվես, մոտենալու եմ:

ԱՐՇԱԿ — Է՜յ, անասո՛ւն, չմոտենա՛ս:

ԴԱՎԻԹ — (նրան չի նայում): Դու մի քիչ համբերի:

ԱՐՇԱԿ — (ոտքի է կանգնում): Ասում եմ՝ չմոտենաս:

ԴԱՎԻԹ — (շրջվում է): Տեղդ նստի… թե՞ ուզում ես վերջդ հենց էսօր տամ:

ԱՐՇԱԿ — Աղջկան չմոտենա՛ս:

ԴԱՎԻԹ — Դե, որ շատ ես ուզում… սպանելու եմ, իմացի, որ Հայկուհին էլ խնդրի…

Արշակը դանակը հանում է գրպանից, բացում:

ԱՐՇԱԿ — Գնա, նստիր մեքենադ ու գնա:

ԴԱՎԻԹ — Առանց քեզ սատկացնելո՞ւ: Քեզ նման ոջիլն իմ դեմ դուրս գա՞…

Դավիթն զգույշ պտտվում է Արշակի շուրջը՝ աշխատելով հարմար պահ ընտրել:

ԱՐՇԱԿ — Նստիր մեքենադ, գնա:

ԴԱՎԻԹ — Քեզ կենդանի թողնե՞մ…

ՄԱՆՈՒԿ — Դավիթ… թող նրան, Դավիթ, արի գնանք… չես ուզում ինձ հետ՝ մենակ գնա…

ԴԱՎԻԹ — Դու ձենդ կտրի՛, մեկ իմ կողմն ես, մեկ՝ նրա՞նց: Քու մերը… հետո եմ խոսելու քեզ հետ:

Դավիթը փորձում է բռնել Արշակի ձեռքը, կամ հարվածել, բայց սուսերամարտիկն առանց դժվարության խուսափում է:

ԱՐՇԱԿ — Լսիր, Դավիթ…

ԴԱՎԻԹ — Ձե՛նդ, քու մերը… ինձ դաս չտա՛ս: Մինչև գլուխդ ոտքերիս տակ չտրորեմ՝ չեմ հանգստանա: Քեզ նման ոջիլին սպանելու համար մի ամիս էլ չեմ նստի:

ՄԱՆՈՒԿ — Դավիթ, թող, ետ արի… Դավիթ, մարդ ես, չէ՞…

ԴԱՎԻԹ — (մոտենում է, ապտակում): Թե՞ ուզում ես նրանից առաջ դու գնաս:

ԱՐՇԱԿ — Անասո՛ւն, հորդ տարիքին է:

Դավիթը նորից մոտենում է Արշակին և մեկերկու անգամ նրա շուրջը պտտվելուց հետո, բռնում է ձեռքը, փորձում ոլորել, Արշակն ազատում է ձեռքը և դանակով հարվածում:

ԴԱՎԻԹ — (ապշած): Էդ ի՞նչ արիր: (Արշակն ազատվում է Դավթի գրկից ու ետ գնում): Էս ի՞նչ արիր… քեզ կխեղդեմ, քու… (Կռացած հարձակվում է, փորձում բռնել՝ մի ձեռքը սեղմած պահելով վերքին):

ՄԱՆՈՒԿ — Էդ ի՞նչ արիր, Արշակ…

ԴԱՎԻԹ — Մի վախենա, բան չկա… մի քիչ քերծվել է… Արշակ, դու էսօր իմ ձեռքից չես պրծնելու… (Կռացած գնամ է Արշակի կողմը, փորձում հարվածել):

ԱՐՇԱԿ — Դավիթ, քանի ուշ չէ, նստիր մեքենադ, գնա հիվանդանոց:

ԴԱՎԻԹ — Դու ինձ ուղարկես հիվանդանո՞ց…

ՄԱՆՈՒԿ — Դավիթ, գնա, արնաքամ կլինես:

ԴԱՎԻԹ — Հա, հիմի, հիմի… (Էլի մի քանի քայլ է անում Արշակի կողմը, բայց կանգնում է, ծնկի իջնում): Կգնանք, հիմի…

ՄԱՆՈՒԿ — Հիմի չէ, շուտ արա, գնա…

ԴԱՎԻԹ — Հա… գնանք, արի, օգնի… (Մանուկն օգնում է, բայց մի քանի քայլից Դավիթը կանգնում է): Չէ, չեմ կարող շարժվել: Ինձ տար էնտեղ… Մանուկ, քշել գիտե՞ս:

ՄԱՆՈՒԿ — Չէ:

ԴԱՎԻԹ — Ասում էիր՝ մեքենա եմ ունեցել:

ՄԱՆՈՒԿ — Հա, բայց տղես էր քշում:

ԴԱՎԻԹ — Խաբում ես: Կուրախանաս, որ մեռնեմ, չէ՞: Ո՞ւր գնաց էն քածը: Է՛յ, քած, էս ի՞նչ օրը գցեցիր ինձ…

ՀԱՅԿՈՒՀԻ — (ջղային սարսափով): Անպետք մարդ եք, էլի ձեր կեղտոտ լեզուն ձեզ չեք քաշում: (Պայուսակից թաշկինակ է հանում): Թողեք, էս թաշկինակը վերքին դնեմ:

ԴԱՎԻԹ — Պետք չի, հեռու գնա:

ԱՐՇԱԿ — Ես մեքենա վարել գիտեմ:

ԴԱՎԻԹ — Դո՞ւ… դու ուզում ես փրկե՞լ ինձ: Խփում-սպանում ես, հետո՝ օգնո՞ւմ:

ՀԱՅԿՈՒՀԻ — Դուք ստիպեցիք: Ուզում էիք սպանել նրան… նրան էլ, ինձ էլ:

ԴԱՎԻԹ — Հա, ուզում էի… հիմի էլ եմ ուզում, բայց…

ՀԱՅԿՈՒՀԻ — Տեսնո՞ւմ եք: (Պայուսակից փաթեթ է հանում, բացում):

ԴԱՎԻԹ — Տեսնում եմ… ո՞ւմ մտքով կանցներ:

ՀԱՅԿՈՒՀԻ — Թողեք, էս կտորը սեղմեմ վերքին, արյուն եք կորցնում, խմած եք, չեք հասկանում ձեր վիճակը…

ԴԱՎԻԹ — Խմածությունս անցել է, էդ կտորը պահի, քեզ շոր կկարես:

ԱՐՇԱԿ — Թող կապի, որ տանենք հիվանդանոց:

ԴԱՎԻԹ — Հավատալս չի գալիս, որ դուք ուզում եք օգնել ինձ…

ԱՐՇԱԿ — Մանուկ հորեղբայր, բռնեք, տանենք մեքենայի մոտ:

ԴԱՎԻԹ — Չէ, հեռու գնացեք… (Կարճատև ուշաթափությունից հետո սթափվում է, շփոթված նայում շուրջը): Ուրեմն՝ վիճակս լավ չի…

ԱՐՇԱԿ — Մանուկ հորեղբայր, նրան մի լսեք, բռնեք… չէ, տեղափոխել չի կարելի, ավելի լավ է մեքենան բերեմ: (Դավթին.) Տվեք բանալիները:

ԴԱՎԻԹ — Արդեն ուշ է, հանգիստ թողեք ինձ: (Տնքում է, կծկվում, հետո նայում իր առջև կանգնածներին, կարծես նոր է տեսնում նրանց): Սպասեք… Ուրիշ բան եմ ուզում ասել՝ չարությունս անցել է: Արդեն պետք չի, զգում եմ, ներսս ինչ է կատարվում:

ՀԱՅԿՈՒՀԻ — Նրան մի լսեք, բերեք մեքենան: (Դավթին.) Տվեք բանալիները:

ԴԱՎԻԹ — Հավատացեք, արդեն ուշ է: Արշակ, նայիր որսորդական դանակիդ՝ կհասկանաս… մեքենայի մեջ կմեռնեմ, տանջվելով… ինչի՞…

ԱՐՇԱԿ — Վազեմ շտապօգնություն կանչելու…

ԴԱՎԻԹ — Մինչև գնաս, մինչև վերադառնաս…

ՀԱՅԿՈՒՀԻ — Մի լսեք նրան, նա… (Դավթին.) Ինչի՞ չես ուզում փրկվել:

ԴԱՎԻԹ — Հետո կասեմ… բայց հիմի ուզում եմ մոտս մնաք:

ՄԱՆՈՒԿ — Արշակ, ես նրան կբռնեմ, դու բանալին վերցրու:

ԴԱՎԻԹ — Լավ, սպասեք, տալիս եմ… (Լսում է): Եկեղեցու զանգե՞րն են: (Մյուսներն իրար են նայում): Ճիշտ ժամանակն է: Հա, բանալիները… (Դժվարությամբ բանալիները հանում է գրպանից, ժպտում կանգնածներին և թափով շպրտում ձորը: Ցավից աչքերը փակում է): Արդեն պետք չէ, զգում եմ, որ արդեն… Է, Արշակ, խոսելիս աղջկա պես ամաչում էիր, հարգանքով Դավիթ քեռի էիր ասում, բայց… սպանեցիր: Ոչինչ մի ասա, չարությամբ չեմ ասում, բայց չգիտեմ, քո փոխարեն կկարողանայի՞ աղջկան էդպես պաշտպանել…

ՀԱՅԿՈՒՀԻ — (լաց լինելով): Արշակ, մի լսիր, նա մեռնում է, վազիր շտապօգնություն կանչելու… (Դավթին.) Թող շորը սեղմեմ վերքին, չհակառակվես: (Արագ շորը դնում է վերնաշապիկի տակ՝ վերքի վրա):

ԴԱՎԻԹ — Արշակ, ետ արի… մնա մոտս, բան ունեմ ասելու… Հայկուհի, ինձ համար ես լաց լինո՞ւմ: Ես քո գլխին ի՞նչ արի, մոռացա՞ր: Արեցի, պատիժս ստացա՝ ամեն ինչ ճիշտ եղավ: Ես մահից չեմ վախենում, որովհետև էսօր կամ վաղն էր լինելու… Հենց աչքերս փակեմ՝ սուսուփուս կհեռանաք: Պիջակիս գրպանը փող կա, Հայկուհի, կվերցնես…

ՀԱՅԿՈՒՀԻ — Լռիր, հիմար, ի՞նչ փող… Արշակ, ինչի՞ ես կանգնել… առանց բանալու չե՞ս կարող աշխատեցնել մեքենան…

ԴԱՎԻԹ — Կարող է, բայց ես ճանապարհին չեմ դիմանա… մի երկու րոպեից կգնաք… փողը կվերցնեք, պիջակս էլ դեն կգցեք, որ կարծեն կողոպտելու համար են սպանել: (Ուզում է երգել, չի կարողանում): Ուրեմն ճակատագիր կա. ինչի՞ մտա ավտոկայան, ինչի՞ հենց ձեզ հանդիպեցի, ինչի՞ ուզեցի էստեղ բերել ձեզ… թե չէ՝ էդ ո՞նց եղավ, որ էս խելոք, բարի, մարդամոտ երեխեն ինձ կարողացավ սպանել…

ՀԱՅԿՈՒՀԻ — Շորը պետք է կապել, որ… ինչո՞վ կապեմ… Արշակ, Մանուկ հորեղբայր, շրջվեք, շապիկս հանեմ…

ԱՐՇԱԿ — Առ վերնաշապիկս, սա մեծ է: (Հանում է վերնաշապիկը):

ՀԱՅԿՈՒՀԻ — (վերնաշապիկը պատռում է, կապում վերքը): Էս ի՞նչ է քու վիճակը, այ ախպեր, էլ ո՞նց կփրկեն քեզ, էսքան արյուն կորցնե՞լ կլինի… ինչի՞ չես ուզում փրկվել, ինչի՞… ձեռքդ հեռու տար…

ԴԱՎԻԹ — Կասեմ… դու ինձ ախպեր ասիր… ծննդյան օրվա չէի գնում… Հարցեր պիտի պարզվեին, բայց մինչև պարզելը, նրանք ինձ, գուցե հենց էսօր… Լավ է, որ էս բանը նրանց ձեռքով չեղավ…

ՀԱՅԿՈՒՀԻ — Մի շարժվի:

ԴԱՎԻԹ — Հավատացյալ չեմ, բայց ինչի՞ էս բանը հենց վանքում եղավ, էս խաչքարերի մոտ, հենց ձեր միջոցով… բերանս չորանում է…

ՀԱՅԿՈՒՀԻ — Արշակ, տարեք, կապեցի…

ԴԱՎԻԹ — Չէ, մի տանջեք… Արշակ, խնդրում եմ, Մանուկ, քուրս…

ՀԱՅԿՈՒՀԻ — Դու չես մեռնի, մի վախեցի, մի վախեցի…

ԴԱՎԻԹ — Ես չեմ ուզում մեռնել… երազ լիներ, արթնանայի, համբուրեի ձեր ձեռքերը, ներում խնդրեի… արդեն… չէ, ոտքի վրա եմ ուզում մեռնել, օգնեք… չէ, մի օգնեք… հեռու, հեռու… (Չի կարողանում ոտքի կանգնել: Ծնկի է գալիս խաչքարի առաջ): Ուզում եմ մաքրվել մեղքերիցս, բայց որի՞ց, որի՞ց… (Ճիգով ոտքի է կանգնում, բռնում խաչքարից: Մյուսները մի քանի քայլ ետ են գնում): Ես… մեղավոր Դավիթս, ուզում եմ մեռնել որպես… մարդ… որպես մարդ… (Կիսաձայն): Որպես մարդ… (Լռում է, սահում ցած ու անշարժանում):

Լռություն:

ՄԱՆՈՒԿ — (շշուկով): Ի՞նչ անենք… հիմի ի՞նչ անենք, էս բանը մեզ չեն ների: Ես կգնամ, ես չեմ ուզում, որ… ես էստեղ չեմ եղել… (Խուճապով շրջվում է, նորից կանգնում նրանց առաջ): Արշակ, Հայկուհի…

ԱՐՇԱԿ — Գնացեք, դուք էստեղ չեք եղել…

ՄԱՆՈՒԿ — Շնորհակալ եմ, չասեք, ձեր հոգուն մեռնեմ: Հաշվեք, որ երեքով եք եղել… Հայկուհի, առ քու շղթան, առ: (Տալիս է վզնոցը):

ՀԱՅԿՈՒՀԻ — Հիմի ձեր փողը կտամ:

ՄԱՆՈՒԿ — Չէ, էդ փողը չեմ ուզում… դու էլ ինձ վատ չհիշես… Արշակ, քու առաջ էլ եմ մեղավոր, ուզում էր, որ թևերդ բռնեմ, չկարացի…

ՀԱՅԿՈՒՀԻ — Ձեր փողը վերցրեք:

ՄԱՆՈՒԿ — Չէ, չէ, պետք չէ…

ՀԱՅԿՈՒՀԻ — Ձեր փողն է, վերցրեք: (Փողը դնում է նրա գրպանը):

ՄԱՆՈՒԿ — Հա, կվերցնեմ, մենակ թե մի նեղանա:

ԱՐՇԱԿ — Հորեղբայր, մտեք շրջկենտրոն, ասեք, որ… թող գան:

ՄԱՆՈՒԿ — Չէ, վկա կգրեն, հարցուփորձ կսկսեն… Հետո ձեզ շատ կօգնեմ… Դուք եկեք, ոչ ոք չի իմանա, ինքը կատաղել էր, ինքն էր ուզում սպանել: Հայկուհի, համոզիր, գնանք:

ՀԱՅԿՈՒՀԻ — Կհամոզեմ, դուք գնացեք:

ՄԱՆՈՒԿ — Ինչի՞ ձեզ նստեցնեն, սրա համա՞ր: Էնքան մարդու արյուն կա սրա հոգու վրա… Հա, իմ արածն էլ մարդկություն չի, վկա չեմ մնում, բայց ինձ շատ կտանջեն, խանութս էլ, ունեցածս էլ… Չեմ կարող… մնաք բարով…

Մանուկը խուճապահար գնում է: Լռություն:

ՀԱՅԿՈՒՀԻ — Արշակ, դու էլ գնա: Կգնամ շրջկենտրոն, կասեմ՝ ես եմ արել, ես ու նա ենք եղել էստեղ… դու մի մնա էստեղ: Փախի, ախպերս, լսիր ինձ, քո մեծ քույրն եմ, վեր կաց… (Փորձում է ոտքի հանել և տանել դեպի ճանապարհը): Արշակ, չեն հասկանա, որ դու մեղավոր չես, ինչի՞ նստեցնեն:

ԱՐՇԱԿ — Կպատմեմ՝ ինչպես եղել է:

ՀԱՅԿՈՒՀԻ — Մեկ է՝ մարդ ես սպանել, նրանք ոչ մի բան հաշվի չեն առնի: Իմ պատճառով ինչի՞ դու գնաս-կորչես: Ես եմ մեղավորը, ես էլ պատասխան կտամ:

ԱՐՇԱԿ — Դու մեղք չունես:

ՀԱՅԿՈՒՀԻ — Իմ կյանքն էն գլխից սխալ դասավորվեց, ես էն գլխից եմ դժբախտ: Էսպես եղավ, ի՞նչ անեմ, ո՞ւմ բողոքեմ: Դու երիտասարդ ես, դու լավ բժիշկ կդառնաս, մարդկանց կփրկես, ինչի՞ իմ պատճառով բանտ ընկնես: Խնդրում եմ, գնա…

ԱՐՇԱԿ — Նա զղջաց, ասաց, որ մեղավոր է ապրել… ուզեց մարդ դառնալ… դարձավ… Ես մարդ եմ սպանել… ես, մեղավոր Արշակս, մարդ սպանեցի…

ՀԱՅԿՈՒՀԻ — Դու չես սպանել, դու պաշտպանվել ես…

ԱՐՇԱԿ — Ուզում էի բժիշկ դառնալ, մարդկանց բուժել… բայց սկսեցի սպանելով… սա միշտ ինձ հետ կլինի…

Հոգնած, շնչահատ գալիս է Մանուկը:

ՄԱՆՈՒԿ — Հա, էստեղ եք: (Մոտենում է, նստում նրանց կողքը): Չկարողացա… թող լինի՝ ինչ լինելու է: Արշակ, գնա, կանչի, ես կմնամ էստեղ…

Կարդացեք նաև