Անահիտ ԹՈՓՉՅԱՆ / ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳԺԱՆՈՑՈՒՄ

Անահիտ ԹՈՓՉՅԱՆԻ «ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳԺԱՆՈՑՈՒՄե պիեսը տպագրվել է «Դրամատուրգիաե հանդեսի 2000 թ., թիվ 2-ում

 

 

ԴԱ ՄԻ ԿՆՈՋ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԴԱ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ Է

Մարդկային, իսկ ավելի ճիշտ՝ անմարդկային հարաբերությունների լաբիրինթոսում մոլորված կնոջ աղաղակն է այս մենախոսությունը, նա աղաղակում է, բայց առանց ձայնի, որովհետև, միևնույն է, նրան չեն լսի:

Աշխարհը խուլ է մարդու ցավի հանդեպ

Մարդը նույնպես խուլ է մարդու հանդեպԵվ անտարբերԱվելին՝ թշնամի:

Անգիտակցորեն և գիտակցորեն սպանում ենք միմյանց:

Սա փակուղի մտած մեր քաղաքակրթության զոհի խոստովանությունն է, հոգու պոռթկումը: Հարկավոր է շատ ուժեղ լինել, որպեսզի այս աշխարհի հետ մշտապես բախվելիս չխենթանաս: Եվ, ընդհանրապես, ո՞վ է խենթը, մե՞նք, թե աշխարհը

 

Անահիտ ԹՈՓՉՅԱՆ

 

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳԺԱՆՈՑՈՒՄ

 

Մի կին վազելով բեմ է մտնում:

Ես գոռում եմ, գոռում եմ, գոռում եմ… Բայց դուք չեք լսում… որովհետև առանց ձայնի եմ գոռում… որ ինձ չլսեն, նորից գժանոց չտանեն… Որովհետև, հենց գոռում եմ, ինձ իսկույն գժանոց են տանում… ոչ ոք չի ուզում ապրել մեկի հետ, որ գոռում է… բայց ես չեմ կարող չգոռալ, այլապես կգժվեմ, այդ պատճառով էլ գոռում եմ… առանց ձայնի եմ գոռում… եթե չգոռամ՝ կգժվեմ… ահա գոռում եմ, գոռում եմ… լսեցի՞ք, խնդրում եմ, լսեք… ձեր սրտով… ձեր ներքին ականջով լսեք… դուք դա կարող եք… որովհետև ես էլ իմ ներքին ձայնով եմ գոռում… որ նրանք չլսեն…

Բերանը լայն բացում է և առանց ձայնի գոռում:

Ինձ թվում է, թե գժվում եմ: Ոչ միայն, որ ինձ չեն հասկանում… չե՛ն ուզում: Ես մենակ եմ: Կատարելապես մենակ: Ստիպված հետս շուն եմ բերել  Հայաստանից: Փողոցում գտա: Չտեսնված մռութ ունի՝ իսկական Լիզ Թեյլոր: Երևի ճիշտ են ասում, որ ծագումով հայ է: Լիզը նկատի ունեմ… Սակայն տանտերը փողոց էր գցել… Ոչ թե որ չար է, ոչ, պարզապես ինքն էր սոված՝ շանն ինչո՞վ կերակրեր: Իսկ այսպես, հարևաններից ամեն մեկը մի պատառ որ տա, շունը գուցեև սովամահ չլինի: Հիմա Երևանի փողոցներում շատ անտեր շներ կան: Մի խոսքով, սիրտս չդիմացավ, վերցրի հետս Փարիզ բերեցի:

Եվ ի՞նչ: Եվս մեկ դժբախտ արարած: Էմիգրանտ շուն: Վտարանդի: Օտար միջավայր է ընկել և տառապում է: Լեզու չգիտի, նկատի ունեմ ֆրանսերենը: Անծանոթ բառեր է լսում ամբողջ օրը: Երբ միացնում եմ հեռուստացույցը, խեղճը, խուճապահար նետվում է բնակարանի մյուս ծայրը, աչքերը փակում և սկսում է դողալ: Տեսնես մտքովն ինչե՞ր են անցնում: Բայց ես դրա ճարը գտել եմ. հայկական ռադիոն եմ միացնում: Իսկույն հանգստանում է: Ինչ կարող ես անել՝ շուն է:

Բայց հայկական ռադիոն էլ ամուսինս տանել չի կարող: Ասում է. մակարդակ չունի: Դե գնա ու դիմացիր: Եղբայր, ի՞նչ մակարդակ, ինչ բան, շուն է, նրա համար միևնույն է, միայն թե իր ծանոթ հայերենը լինի:

Մի խոսքով… շունն աքսորում՝ ահավոր մի բան է, մանավանդ, երբ տիրուհին ինքն է տառապում: Երբ ինձ մոտ դեպրեսիա է սկսվում, նա էլ ոչինչ չի ուտում: Ո՛չ ուտում է, ո՛չ խմում: Շները շատ զգայուն արարածներ են, ի տարբերություն մարդկանց: Ամուսինս, օրինակ, լավ էլ ախորժակով ուտում է: Հիմա, որ այստեղ եմ, շատ եմ անհանգստանում նրա համար… Շանս նկատի ունեմ:

Ի դեպ, տարօրինակ տեղ է այս գժանոց կոչվածը. բոլորին նույն դեղերով են բուժում: Եվ ոչ մեկին էլ չի օգնում: Որովհետև մարդկային վերաբերմունք է հարկավոր, ոչ թե դեղորայք: Իսկ որտեղի՞ց մարդկային վերաբերմունք գտնես, երբ բոլորը զբաղված են: Բոլորը շտապում են, ժամանակ չունեն: Բժիշկներն էլ: Այո, բժիշկներն էլ ժամանակ չունեն… մանավանդ՝ հիվանդներով զբաղվելու: Այդ պատճառով էլ բոլորին նույն դեղերն են տալիս: Տխուր է: Գոռալ եմ ուզում, գոռալ… թեկուզ և առանց ձայնի, բայց գոռալ է պետք, թե չէ կգժվեմ…

Նորից բացում է բերանը և առանց ձայնի ճչում:

Եվ այնուհանդերձ, այստեղ ավելի լավ է, քան դրսի աշխարհում… այսպես կոչված ազատության մեջ: Այնտեղ ինձ ոչ մի կերպ չէր հաջողվում համերգ կազմակերպել: Չէ որ երգչուհի եմ: Երգում եմ: Այսինքն, մի անգամ փորձեցի: Դահլիճը գրեթե դատարկ էր: Ստիպված եղա թատրոնի մոտ հավաքված կլոշարներին ներս հրավիրել: Ճիշտն ասած՝ հաճույքով եկան. դուրսը բավական ցուրտ էր: Բայց պատկերացրեք, թե ինչ կատարվեց: Դահլիճում այնպիսի մի գարշահոտ տարածվեց, որ նույնիսկ բեմ հասավ, ու ես սկսեցի շնչահեղձ լինել: Այնպես որ օձիքս մի կերպ ազատեցի. խնդրեցի, որ վարագույրը շուտ տան:

Դժվար է վտարանդի լինելը: Ոչ ոք քեզ չի ճանաչում: Պետք է ամեն ինչ զրոյից սկսես: Իսկ դրա համար ուժ է պետք. կապեր, դրամ…  Եվ կամք: Իսկ որտեղի՞ց, երբ ամեն վայրկյան կոտրում են կամքդ: Տխուր է: Ըհը, նորից գոռալ ուզեցի… Տաղանդն այստեղ, ի դեպ, ամենակարևոր բանը չէ հաջողության հասնելու համար: Կարևորը՝ թե ի՞նչ կապեր ունես և ո՞ւմ հետ ես պառկում: Տղամարդկանց վիճակն ավելի ծանր է. հաջողության հասնելու համար անհրաժեշտ է միասեռական դառնալ: «Գոնե սկզբնական շրջանում: Մինչև հաստատվելը: Մինչև ամուր ոտքի կանգնելը: Հետագայում կարելի է և ամուսնանալ որևէ կնոջ հետ, ինչո՞ւ չէ»,- տելեով վերջերս մի կինոաստղ խոստովանեց: Իսկ ինձ ամենից շատ խենթացնողն այն է, որ տղամարդիկ այդ մասին շատ հանգիստ են խոսում… Ոչ մի դժգոհություն, ոչ մի ըմբոստություն… Այս ո՞ւր ենք գնում:

Այստեղ, գժանոցում, շատ մարդ կա, բոլորս ընկերացել ենք և իրար լավ ենք հասկանում: Սա ավելի շատ հանգստյան տուն է հիշեցնում, քան գժանոց: Գժանոցը դրսում է, այս պատերից դուրս: Ահա թե ինչու որոշեցի նրանց համար համերգ կազմակերպել: Արտակա՜րգ անցավ: Խեղճ շիզոները նստել, հմայված լսում էին: Ի՜նչ երջանիկ էին. չէ՞ որ այդ ամենը հատուկ նրանց համար էր արվում: Նրանք էլ, պարզվում է, մա՜րդ են: Նրանք երջանի՜կ են, ես՝ բնականաբար, նույնպես: Մի քանի օր բոլորի տրամադրությունը բարձր էր: Բժիշկները զարմանում էին, դեպրեսիայի հետքն անգամ չկար: Ի՜նչ մեծ բան է փոխըմբռնումը:

Սակայն գլխավոր բժիշկը կարծես թե գլխի ընկավ, հավանաբար աշխատողներից մեկն ինձ մատնել էր, և այնպես էր վրաս գոռում, այնպես էր գոռում, որ քիչ էր մնում՝ աչքերը խոռոչներից դուրս պրծնեն. իբր ինքնագլուխ բաներ եմ անում, հիվանդների հանգիստն եմ խանգարում, խախտում իր բուժման մեթոդը… Այնպես էր գոռում, որ հասկացա. նա էլ խնդիրներ ունի, նրան էլ բուժվել է պետք: Ես մի քիչ լաց եղա և, ինչ թաքցնեմ, սկսեցի բուժաշխատողներից թաքուն համերգներ կազմակերպել, նույնիսկ ներկայացումներ…

Թիկնոց է վրան գցում: Լույսը փոխվում է, կիսախավար: Տարբեր տեքստեր է արտասանում իրար խառնելով, թատերայնորեն չափազանցված:

 «…Կանգ առ, ո՞վ ես, ինչո՞ւ ես լռում, և ինչպե՞ս ես համարձակվում մեջքով կանգնել՝ Հայոց թագուհունՈվ էլ լինես, լավ իմացիր, քեզնից չեմ վախենումԹշվառակա՛ն, դու մտել ես մահվան թագավորությունԻնքս էլ չգիտեմ. ողջ եմ, թե մեռածգուցե դու էլ մարմին չես, այլ ոգիխոսելո՞ւ ես, թե՞ ոչ…» «…Դու ի՞նչ ունես, դու, որ աչք ես հառել դատարկությանը և խոսակցում ես աննյութ օդի հետՔաղցրիկ զավակ, հուզմունքիդ տապի և բոցի վրա սառն համբերություն պետք է սրսկեսԱյդ ո՞ւր ես նայումՕ՜, Համլետզավակս…» և այլն…

Հանում է թիկնոցն ու մի կողմ գցում: Լուսավորությունը վերականգնվում է:

Դա իմ անձնական բուժման մեթոդն էր. այդպես առողջացնում էի և՛ ինձ, և՛ մյուսներին…

Գրպանից ծրար է հանում:

Սա ի՞նչ է, հա՜, մոռացել էի, ութերորդ պալատի հիվանդը տվեց… Մորից նամակ է ստացել, ոչինչ չի հասկացել… Խնդրեց, որ կարդամ՝ բացատրեմ…

Կարդում է.

՛՛Սիրելի որդյակս,

Ես գրում եմ քեզ այս նամակը, որպեսզի իմանաս, որ գրում եմ քեզ: Եթե ստանաս այս նամակը, ուրեմն հասել է քեզ: Եթե չստանաս՝ հայտնիր ինձ, որպեսզի նորից ուղարկեմ: Ես քեզ դանդաղ եմ գրում, որովհետև գիտեմ, որ դու դանդաղ ես կարդում:

Վերջերս հայրդ կարդաց, որ համաձայն վիճակագրության, վթարները մեծ մասամբ տեղի են ունենում տնից մեկ կիլոմետր հեռավորության վրա, ահա թե ինչու որոշեցինք ավելի հեռու տեղափոխվել: Սքանչելի տուն է, լվացքի մեքենայով, սակայն վստահ չեմ, թե այն սարքին է: Երեկ լվացքս դրեցի մեջը, ջուրը քաշեցի և դրանից հետո էլ չեմ տեսել, բայց Տերն իր հետ:

Եղանակն այստեղ այնքան էլ վատ չէ: Անցած շաբաթ ընդամենը երկու անգամ անձրև եկավ: Առաջին անգամ երեք օր տևեց, երկրորդ անգամ՝ չորս:

Ինչ վերաբերում է բաճկոնիդ, որ խնդրել էիր, քեռիդ ինձ ասաց, որ եթե կոճակներով ուղարկենք, ավելի թանկ կնստի, քանզի ծանր են, ուստի կոճակները կտրեցինք և դրեցինք բաճկոնիդ գրպանը:

Վերջապես թաղեցինք պապիկիդ. նրա դիակը գտանք տեղափոխության ժամանակ: Նա մնացել էր պահարանում այն օրվանից, երբ պահմտոցի խաղալիս հաղթող դուրս եկավ և նրան չգտանք:

Օրերս մեր խոհանոցում գազի պայթյուն տեղի ունեցավ, և ինձ ու հորդ պատուհանից դուրս շպրտեց, օ՜, ինչպիսի հաջողություն. վերջին տարիների ընթացքում առաջին անգամն է, որ հորդ հետ միասին էինք տնից դուրս գալիս: Բժիշկը եկավ, որ ստուգի, թե ինչպես ենք զգում: Մի ապակե խողովակ դրեց բերանս և ասաց, որ 10 րոպե չխոսեմ: Հայրդ խնդրեց բժշկին, որ այդ խողովակն իրեն վաճառի:

Քանի որ խոսում ենք հորդ մասին, հայտնում եմ քեզ, որ նա աշխատանք է գտել և շատ է հպարտանում. նրա տնօրինության տակ 500 հոգի կա: Նա գերեզմանոցում գազոններն է խուզում:

Քույրդ՝ Ջուլիան, այն, որ ամուսնացավ իր ամուսնու հետ, վերջապես ծննդաբերեց, բայց մենք դեռ չգիտենք՝ տղա է, թե աղջիկ, ուստի չեմ կարող ասել՝ մորաքույր ես դու, թե քեռի: Եթե աղջիկ է, քույրդ նրան կանվանի ինչպես ինձ: Տարօրինակ է, սակայն, սեփական աղջկան «մայրիկ» կոչել:

Քո կուզեն Պոլը ամուսնացել է և ամբողջ օրն աղոթում է իր կնոջ առջև, որովհետև նա կույս է…

Ի դեպ, մենք այլևս չենք տեսել քո Իսիդոր քեռուն, որն անցյալ տարի մահացավ: Քո շունը մեզ շատ է անհանգստացնում. նա շարունակում է վազել  կանգնած մեքենաների ետևից: Իսկ Ժանո եղբայրդ՝ է՛լ ավելի վատ… Նա մեքենան փակեց և բանալին թողեց մեջը: Ստիպված գնաց հասավ տուն, որ բանալու երկրորդ օրինակը բերի, որպեսզի կարողանանք մեքենայից դուրս գալ:

Այսպիսով, որդյակս, ծրարի վրա մեր հասցեն չեմ գրում, քանզի չգիտեմ: Վերջին ընտանիքը, որն ապրում էր այս տան մեջ, հասցեով տախտակը տարել է հետը, որպեսզի նոր տան վրա ամրացնի:

Եթե Մարգոյին տեսնես՝ բարևիր, եթե չտեսնես՝ ոչինչ մի ասա:

Քեզ պաշտող մայրդ՝ Անտուանետ

Հ.Գ. Ուզում էի քեզ մի քիչ փող ուղարկել, սակայն ծրարն արդեն փակ էր՛՛:

Նամակը ծալում, նորից գրպանն է դնում:

Հիմա, ո՞վ է հիվանդ. մա՞յրը, թե՞ որդին…

Ես այստեղից չէի գնա, եթե շունս չլիներ: Շատ եմ անհանգստանում: Ամուսինս ատում է նրան: Պարզապես կատաղությունից կանաչում է: Այդպես էլ ասաց. «Ասոր փողոց պիտի նետեմ եղեր…»: Տե՛ր Աստված, մի՞թե դրա համար եմ փողոցից վերցրել, Հայաստանից բերել-հասցրել Փարիզ, որ նորից փողոց գցեմ: Այդ մարդը սիրտ չունի: Խեղճ շունը զգում է ատելությունը և պարզապես ցնորվում, չգիտի, թե ինչպես իրեն պաշտպանի: Այնպիսի բաներ է անում. նույնիսկ չեք հավատա… Ցատկում է մինչև առաստաղ և աշխատում, որ գլուխն անպայման դիպչի, լույսի արագությամբ վազվզում է բնակարանով մեկ և ինչ-որ ոչ շնային ձայներ հանում… նույնիսկ դժվարանում եմ նկարագրել: Այո, պարզապես ցնորվում է: Իսկ ամուսինս չարախնդում է. «Կ’ըսեի, չէ՞, որ խենթ է, օր մը բոլորիս պիտի հոշոտե…»: Իսկ «խենթ է», որովհետև նրան ատում են, ինչպե՞ս չի հասկանում: Ատելությունը զորավոր զենք է, ում ասես կարող է խենթացնել ու սպանել, այդ թվում և՝ շանը: Ես ուզում էի նրան հետս գժանոց բերել, սակայն գլխավոր գիժը, այսինքն՝ գլխավոր բժիշկը, թույլ չտվեց: Այստեղ գժերի հետ շունն իրեն ավելի լավ կզգար, հավատացնում եմ ձեզ:

Ատելությունը, սիրո բացակայությունը սպանում են: Այդ պատճառով չե՞մ արդյոք այստեղ հայտնվել: Եվ բոլոր այս մարդիկ… Մեզ զրկել են սիրուց: Ինձ, օրինակ, ծննդյան օրվանից: Իսկ գուցե ծնունդից էլ առաջ, ի՞նչ իմանաս… Չէ՞ որ, ասում են, թե երեխան մոր արգանդում արդեն ամեն ինչ զգում է, հատկապես վերաբերմունքն իր նկատմամբ: Հավանաբար ինձ չեն ցանկացել, իմ աշխարհ գալը ցանկալի չի եղել ոմանց համար. կամ հորս, կամ մորս… կամ էլ ի՞նչ իմանաս, թե ուրիշ ի՛նչ մարդիկ են խառնված եղել իմ ծնունդի հարցին: Համենայնդեպս, իմ ծնվելուց հետո ծնողներս բաժանվեցին: Մինչև հիմա ինձ մեղավոր եմ զգում. արդյոք ե՞ս էի պատճառը: Ծննդյան օրվանից էլ սկսվեց իմ տառապանքների ոդիսականը:

Սեղանից վերցնում է Օրագիրը

Ահա, այստեղ ամեն ինչ գրել եմ, ամեն ինչ խոստովանել… Բժշկի հանձնարարությունն է. նրա բուժման մեթոդը… Գրում ես կյանքիդ դժբախտ պատմությունը և իբր բուժվում… Տեսնենք… Ուրեմն, այսպես…

Նստում է, բացում Օրագիրը և սկսում կարդալ, երբեմներբեմն տեքստից կտրվելով և հանդիսատեսին դիմելով:

…Նախ, ինձ զրկեցին մորից և հանձնեցին հորս, որն այնքան էլ գոհ չէր այդ որոշումից, քանզի, ըստ երևույթին, ես խանգարում էի նրան: Այնպես որ, մեծանում էի տատիկիս և պապիկիս տանը, նրանք էլ, ինչպես հասկացա հետագայում, բոլորովին զուրկ էին բացարձակ սիրո վեհանձն զգացումից: Նրանք ինձ սիրում էին եսասիրաբար, ավելի շատ իրենց համար, քան ընդհանրապես հանուն սիրո… հանուն սիրո տառապյալ յուրայինի հանդեպ: Օ, ինչպե՜ս էին ատում մորս: Ես այդպես էլ չիմացա պատճառը: Ի՜նչ այլանդակություններ էին ասում նրա մասին: Եվ ինձ՝ փոքրիկ աղջկաս համար, մայր ու հրեշ բառերը դարձել էին հոմանիշներ: Ի՞նչ էի հասկանում ես այն ժամանակ: Իսկ նրա՞նք, ի՞նչ էին հասկանում նրանք: Չէ՞ որ այդպես էլ չկարողացան փոխարինել մորս:

Հիշում եմ, տատիկս հիվանդ էր և գրեթե վեց ամիս հիվանդանոցում պառկեց… Պապիկիս հետ էի մնացել տանը… Ես էլ էի հիվանդացել. թոքերի ծանր բորբոքում… Հարևանուհին էր օգնում… Մի խոսքով, որբի պես էի մեծանում… Սակայն դա ոչինչ, եթե պապիկիս «տարօրինակությունները» չլինեին… Նա ինձ տանում էր իր անկողին… Որպեսզի չվախենամ, երբ տատիկը չկա… Բայց այն, ինչ անում էր ինձ հետ… Նորից գոռալ ուզեցի… Եթե պապիկը ողջ լիներ, ես նրան կսպանեի: Ափսոս, որ այդ ամենը սկսեցի հասկանալ նրա մահվանից հետո միայն: Սակայն, միևնույն է, մի օր կսպանեմ, եթե ոչ իմ, ապա մեկ ուրիշ պապիկի: Կարծում եք, քի՞չ են այդ մանկապիղծները…

«Երեխանե՛ր ամբողջ Աշխարհի, միացե՛քզգոն եղե՛քձեր գլխին վտանգ է կախված…»: Սակայն, մեծերի աշխարհն անտարբեր է: Այդ ոճրագործներին շատ խիստ չեն դատում, չգիտես ինչու խնայում են: Ի՞նչն է պատճառը: Մի՞թե բոլորն են մեղքերի մեջ թաղված և չկա մեկը, որ առաջինը քարը գցի՞… Դժվար է ասել: Իսկ բոլորովին վերջերս ֆրանսիացի մի գիտնական վիճակագրական հաշվարկ էր կատարել, ըստ որի տղամարդկանց հինգից մեկը պոտենցիալ պեդոֆիլ է, այսինքն՝ մանկապիղծ, կամ՝ մանկահոլիկ, ինչպես բանաստեղծ ընկերս էր ասում: Ալկոհոլիկ — մանկահոլիկ: Բայց կատակը մի կողմ՝ այս ո՞ւր ենք գնում: Աշխարհը ցնորվել է: Ուրիշ բացատրություն չկա: Եվ ինչպե՞ս առողջ մնաս այս հիվանդների մեջ:

Կանացի թույլ ձայն է լսվում բեմի խորքից. տնքո՞ց է, լա՞ց է՝ անհասկանալի է:

Ահա խնդրեմ, նորից երգում է… Կողքի պալատի հիվանդն է: Երեք տարեկան տղային բռնաբարել-սպանել են: Հինգ տարի է՝ դիակը չէին գտնում, վերջը գտան, անտառում, կտրտված, զատ-զատ թաղված… Հանցագործին էլ ընդամենը տասը տարի տվեցին: Ըստ իս, նրան գնդակահարել էր պետք, որ մյուսներին լավ դաս լինի: Բայց աշխարհը լռում է: Աշխարհին երևի դուր է գալիս բռնաբարվելը: Եվ շատանում, բարգավաճում է հանցագործությունը: Փոխարենը՝ մանր-մունր ավազակներն են նստած, իսկ խոշորները… հա, հա, հա՜… խոշորները մեզ ղեկավարում են… Շարունակ նույն օրորոցայինն է երգում… ինքն է հորինել. «Քնիր զավակսբայց քնով չընկնեսերբ քեզ մոտենան չար տղամարդիկդու մի վստահիր, արթնացիր, փախիրքո օրորոցիցնույնիսկ քո հայրը, քեռիդ, եղբայրդ…»: Մեր ժամանակի օրորոցայինը…

Իսկ այն պալատում ևս երկու նման դժբախտներ կան, խեղաթյուրված ճակատագրերով, փոքր ժամանակ հարազատների կողմից բռնաբարված… Եվ ի՞նչ, ոչինչ, ազատ ման են գալիս, իսկ զավակները հոգեբուժարանում են: Եվ բժիշկները փորձում են բուժել նրանց: Փոխանակ Աշխարհը բուժեն: Սակայն Աշխարհն, ինչպես երևում է, անբուժելի է:

Այսպիսով, իմ կյանքն էլ մեծերի աշխարհն այլանդակեց: Տեր Աստված, իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են անում, այդ՝ դեռևս չծնված մութ հոգիները… Գոնե մի գիտակից էակ լիներ կողքիս: Ես կատարելապես մենակ էի… Հա՞յրս: Հայրս առհասարակ անհետացել էր: Իսկ երբ հայտնվում էր, սկսում էր ինձ ծեծել, հենց այնպես, առանց պատճառի, դաստիարակչական նկատառումներով: Նա այդպես էր պատկերացնում ծնողական պարտականությունները:

Երբ հինգ տարեկան էի, մայրս եկավ, որ ինձ տեսնի: Սակայն ինձ այնպես էին նրա դեմ տրամադրել, այնպես էին վախեցրել, որ ես միայն նրա անունը լսելիս ջղաձգումներ էի ունենում: Ինձ հարևանների մոտ էին պահում, ամեն ինչ անում էին, որ չհանդիպենք: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ, ի՞նչն էր պատճառը: Սովորական կույր ատելությո՞ւն էր, թե՞… Օ՜, մարդկային տխմար, անիմաստ չարություն… Աստված իմ, խե՛լք տուր նրանց, սի՛րտ տուր… Իսկ դատարանում, ծնողներիս բաժանության ժամանակ, ես ինձ կատարելապես կորցրեցի և միայն մի բան եմ հիշում, թե ինչպես էի լեղապատառ ճչում, որ երբեք չեմ գնա նրա հետ. «չեմ ուզում մայրիկին…»: Դրանից հետո ինձ երկար բուժում էին:

Ինչպես ապագայում պարզվեց, մայրս բոլոր մյուս մայրերի նման էր, պարզապես լեզու չէր գտել հորս հետ: Բայց ի՞նչ կապ ուներ այդ ամենի հետ խեղճ երեխան, որին այդպես անգթորեն տանջում էր մեծերի դաժան աշխարհը: Ո՞րն էր իմ մեղքը: Որ բոլորի կամքին հակառակ լույս աշխարհ եմ եկե՞լ: Իսկ ինձ հարցրե՞լ էին, արդյո՞ք ես ուզում եմ ծնվել:

Եվ, այնուհանդերձ, մենք մի օր հանդիպեցինք: Ես արդեն տասնութ տարեկան էի: Եվ հանդգնեցի: Շատ էի ուզում մայրիկ ունենալ: Բոլորի պես:

Հանդիպումը մորս հետ հիասթափեցրեց ինձ: Ռոմանտիկ ոչինչ չկար նրա մեջ: Իսկ ես այնպիսի՜ սպասումներ ունեի: Ինձ վրա կեղտի մի տարափ լցվեց, հորս և նրա հարազատների հասցեին մեղադրանքների և վիրավորանքների մի հեղեղ: Դա չէր իմ սպասածը: Դուրս եկա կիսամեռ: Եվ այլևս երբեք չուզեցի նրան հանդիպել: Մայրիկի՜ս: Ես կորցրեցի ոչ միայն մորս, այլև երազանքս նրա մասին: Դա ուժեղ ցնցում էր…

Իսկ հա՞յրս… Տարօրինակ մարդ էր հայրս…

Երբ պատրաստվում էի Ֆրանսիա գնալ ամուսնանալու, ժամանեցի Մոսկվա, քանի որ ինքնաթիռս Մոսկվայից էր թռչում դեպի Փարիզ: Որոշեցի մի քանի օր մնալ հորս մոտ, նա այդ ժամանակ Մոսկվայում էր ապրում: Եվ ահա թե ինչ անակնկալ մատուցեց: Դիմավորեց ինձ կայարանում, ստիպեց իսկույն ճամպրուկս բացել և ամենաանհրաժեշտ իրերը հանել. գիշերանոց, ատամի խոզանակ և այլ մանրուքներ… Խցկեց այդ ամենը ձեռքիս պայուսակի մեջ, իսկ ճամպրուկս պահախցիկ հանձնեց: Եվ գիտեք, թե ինչո՞ւ: Երբե՛ք գլխի չեք ընկնի: Ես էլ ոչինչ չէի հասկանում: Հետո նա ինձ բացատրեց: «Որպեսզի հարևանները չտեսնեն»: «Ի՞նչը չտեսնեն»: «Ճամպրուկը…»: «Իսկ ի՞նչ կա որ, ճամպրուկ չեն տեսե՞լ, ինչ է…»: Ի պատասխան մի ծանր ապտակ հասցրեց. «Ձեռ ես առնո՞ւմ, ուզում ես կարիերաս փչացնե՞լ: Սրա՜ն տեսեք, արտասահմա՜ն է որոշել մեկնել… Դու էիր այնտեղ պակաս…»: Իսկ տանն, ընդհանրապես, կատաղորեն ծեծեց: Այնպես որ, մեկնում էի երկրից բառիս բուն իմաստով՝ «ջարդված»: Ամուսնանալո՜ւ էի գնում: Երբևէ կապտած հարսնացու տեսե՞լ եք:

Շուտափույթ ամուսնացա: Քսան տարեկան էի, ի՞նչ էի հասկանում: Միայն թե շուտ մեկնեմ, շուտ պրծնեմ իմ չստացված ընտանիքի դժոխքից… Ինձ թվում էր, թե ամուսնանալով ամեն բան կլուծվի, ամեն ինչ կունենամ, ինչից զրկված էի… Սակայն, մի դժոխքից մյուսն ընկա…

Բոլորովի՛ն մարդ չի, հասկանո՞ւմ եք: Ոչ մի զգացմունք չունի: Պարզապես անզգա է: Ի՜նչ սեր, ի՜նչ բան… Երեխաներ ունեցանք, սակայն չեմ սիրում նրան: Ոչ մի ընդհանուր բան չունենք: Չեմ էլ քնում հետը: Ավելի ճիշտ, պառկում ենք նույն անկողնում, սակայն մեր միջև ոչինչ չկա, ոչ մի սեռական հարաբերություն, ոչ մի սեքս, պարզապես թոզ ենք փչում… երեխաների աչքերին: Որովհետև մյուսների ծնողները նույն անկողնում են քնում…  Երեխաներ շինեցինք՝ միայն  այդքանը: Երբեմն նույնիսկ ինձ թվում է, որ դա էլ չի եղել, որ անարատ հղիություն եմ ունեցել: Մեղա քեզ, Աստված…

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ի՜նչ տառապանք է նման արարածի հետ մի անկողնում քնելը: Ամեն գիշեր, տարիներ շարունակ… Պառկում ես ու մտածում. «Եթե միայն իմանայիր, թե ինչպե՜ս եմ ատում քո կուշտ, ինքնագոհ ռեխը… Ե՞րբ ես վերջապես շունչդ փչելու և այն աշխարհ գնալու…»: Ուրիշ կերպ նրանից չեմ պրծնի… Բաժանվելով պրոբլեմներս չեն լուծվի: Երեխաներին երբեք ինձ չի տա: Իսկ առանց երեխաներիս… Երբե՛ք, լսո՞ւմ եք, երբե՛ք չեմ կրկնի ծնողներիս սխալը, երեխաներիս առանց մոր չեմ թողնի: Իսկ երեխաներին ինձ հաստատ չեն տա: Նույնիսկ դատարանով: Չէ՞ որ արդեն մի քանի անգամ հոգեբուժարանում եմ եղել:

Ամեն ինչ սիրո բացակայությունից է, դիմացինին հասկանալու անկարողությունից… Նա պարզապես զուրկ է նման զգացմունքներից: Էլ չեմ խոսում իմ ստեղծագործական հարցերի մասին… Միանգամից կապտում է, երբ սկսում եմ երգել: Նա ինձ ատում է: Եվ շանս է ատում, և ընդհանրապես ամեն կենդանի բան: Մենք նրան խանգարում ենք ապրել: Խանգարում ենք նրա հանգիստը: «Այ մարդ,- ասում եմ, — ի՜նչ հանգիստ… այն աշխարհում կհանգստանաս… Հիմա ապրել է պետք…»: Դուռը շրխկացնում գնում է: Ոչ ինքն է ապրում, ոչ էլ ուրիշներին է թողնում: Եվ նման մեկի հետ ստիպված եմ ամեն գիշեր անկողին մտնել:

Ապրել չեմ ուզում, ամեն ինչ անիմաստ է թվում: Ո՞ւմ է հարկավոր այս կյանքը… առանց սիրո…. Իսկ ես այնպե՜ս եմ ուզում սիրել, այնպե՜ս եմ երազում իսկական, մեծ ու խենթ, ռոմանտիկ սիրո մասին: Այնպիսի՜ ծարավ ունեմ, այնպիսի՜ հսկայական պահանջ, որ… Ախր, մինչև ամուսնանալս չհասցրի… Հիմա էլ, տեսնում եք, թե ինչ է կյանքս…

«Փոխարենը՝ Փարիզ ստացար…»,- մխիթարում եմ ինքս ինձ: Բայց ո՞ւմ է պետք այդ Փարիզը, երբ այսպիսի շան կյանքով եմ ապրում: Երբեմն այս Փարիզն ինձ բանտ է թվում, մի հսկա խենթանոց… Այնպես որ, ամեն ինչ հարաբերական է: Նայած թե ում կյանքն ինչպես է դասավորվում: Ի վերջո, Փարիզն ի՞նչ մեղք ունի, որ ամուսինս այդպիսին է: Ծնողներին պետք է մեղադրել, որ նման զավակ են ծնել և դաստիարակել… Չնայած, ծնողներն էլ միշտ չէ, որ կարողանում են ամեն ինչ իրենց ուզածով անել: Աստղերն են վերջիվերջո ամեն ինչ որոշում:

Գուցե իմ կյանքն էլ աստղերից է ղեկավարվում: Ճակատագի՞րն էլ: Հետաքրքի՜ր է: Պետք է անպայման աստղագուշակի մոտ գնալ, գուցե նա ինձ ասի, թե ինչպես ապրեմ: Եվ ինչ է ինձ ընդհանրապես սպասում: Գուցե մեծ սերը դեռ առջևում է և պետք չէ այդպես հուսահատվել: Գոնե մի հեռավոր հույս տան, ուրիշ ոչինչ  չեմ ուզում… Թե չէ առանց հույսի, ինքներդ գիտեք, որքան դժվար է… Իսկ ես դեռ պարտավոր եմ երեխաներիս մասին հոգալ… և շանս…

Դուք երբևէ ականջակալներով շուն տեսե՞լ եք: Չորրորդ պալատի հիվանդն է հորինել: Նա էլ շուն ունի: Լրիվ մենակ է մնացել տանը: Կենդանին ահավոր տառապում է: Ճիշտ է, այդ կինը դռնապանին վճարել է, որպեսզի իր բացակայությամբ շանը կերակրի… Սակայն հարցը հո միայն սնունդը չէ… Եվ ահա թե ինչ հանճարեղ բան է մտածել այդ շան տիրուհին. ձայնագրել է իրեն կասետի վրա և խնդրել դռնապանին, որ երբեմն միացնի և շանն ականջակալներ հագցնի: Այսպիսով, շան մոտ պատրանք է ստեղծվում, թե հետը խոսում են… Հակառակ դեպքում, նա էլ կխենթանա… Իսկ շների գժանոց դեռևս գոյություն չունի… Նրանց չեն բուժում, պարզապես սատկացնում են: Այսինքն, եթե պիտի այսպես բուժեն…

Թերևս հարկավոր է, ես էլ մի կասետ ձայնագրեմ, որպեսզի շունս շատ մենակ չզգա: Եթե, իհարկե, «սիրեցյալ» ամուսնյակս դեռ չի սատկացրել նրան: Իսկ նա ամեն ինչի ընդունակ է: Միայն ուտելուց է աշխուժանում, մնացած ամեն ինչի հանդեպ անտարբեր է:

Այնպիսի մի հուսահատություն է երբեմն իջնում վրաս, որ ապրել չեմ ուզում… Բայց երեխաներս… Օ՜, այդ երեխաները: Երբե՛ք, լսո՞ւմ եք, երբե՛ք երեխաներ մի ունեցեք  չսիրած մարդկանցից, սրիկաներից… Թե ոչ, ամբողջ կյանքներդ պիտի տանջվեք… և ինձ պես գժվեք…

Ի՞նչ անեմ, սիրեկան պահե՞մ, ինչպես շատ ու շատ չամուսնացած միայնակ կանայք: Կամ՝ ամուսնացած միայնակ… ինչպես ես…

Փորձել եմ՝ ոչինչ չստացվեց: Կարծում եք, հե՞շտ է տղամարդ գտնել: Իսկական, նորմալ տղամարդ: Գրեթե անհնարին է: Դրա համար պետք է պարզապես երջանիկ աստղի տակ ծնվես: Ահա, տեսնո՞ւմ եք, նորից աստղ… Բայց դա իմ դեպքը չէ: Ես դրանում համոզված եմ:

Չնայած, երբ ուրիշներին լսես, գրեթե նույնն են ասում. բոլորը փնտրում են, և ոչ ոք չի գտնում: Իսկ երբ թվում է, թե գտել են, որոշ ժամանակ անց իրենք իրենց մխիթարում են. «Չեղածից լավ է»…

Փողոցում որևէ մեկի հետ ծանոթանալն անկարելի է. անպայման մի ցնդածի կամ սեռագարի վրա կընկնես: Որովհետև նորմալ մարդիկ այստեղ իրար չեն նայում: Իսկ թե նայում են՝ չեն տեսնում: Բոլորն անխտիր զբաղված են: Բոլորն շտապում են, վազում են, վազում… Իսկ գուցե փախչո՞ւմ են: Իրենք իրենցից, իրենց մտքերից, զգացմունքներից, պրոբլեմներից… բոլորից… Թե ոչ՝ կխելագարվեն… Գուցե…. գուցե… գուցե… Որքան հարց կա… և ոչ մի որոշակի պատասխան… Գոռալ եմ ուզում:

Տղամարդիկ այստեղ մի տեսակ վարանոտ են, նրանց պետք է քաջալերել, իսկ ինչպե՞ս դա անես, երբ ինքդ բավականաչափ համարձակություն չունես: Ես սպասում եմ, որ նրանք մոտենան, իսկ նրանք, որ՝ ես: Այդպես էլ սպասում ենք իրար, անվերջ սպասում… Կախարդական շրջանակ է: Արդյունքում՝ բոլորը մենակ են. և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Ոչ մի փոխըմբռնում: Իրար ձեռք մեկնելու ոչ մի փորձ: Գուցե այդ պատճառով էլ միասեռական են դառնում: Այդպես ավելի հեշտ է…

Կամ՝ գործիս տեղը… Միայն փողից են խոսում: Ռոբոտներ են, կատարյալ հաշվիչ մեքենաներ: Իսկ եթե նույնիսկ հետդ պառկեն, հարաբերությունը երկար չի տևում, չի շարունակվում, ռոմանտիկ սեր հիմա ոչ մեկին հարկավոր չէ, ռոմանտիկայի ժամանակ չկա: Բոլորը շտապում են, ամեն ինչ ոտքի վրա է արվում, ձեռքի հետ… Երևի վախենում են, թե աշխարհի վերջն է գալիս, վախենում են չհասցնեն… Ոչ թե սեր է, այլ մարմնամարզություն: Պետք չէ ինձ այդպիսի սեր: Լրիվ դատարկված ես հետո և ավելի մենակ: Միայն ցավ ես զգում և ափսոսանք: Վիրավորական է նույնիսկ. հոգիդ ոչ մեկին հարկավոր չէ, միայն մարմինդ, այն էլ ոչ միշտ, և կարճ ժամանակով: Ցավալի է:

Վեր է կենում, հանդիսատեսին պատմելով:

Վերջերս մեկը փողոցում մոտեցավ և ասում է. «Տիկին, ես ուզում եմ ձեզ հետ…»:  «Ի՞նչ»,- դեմքիս խիստ արտահայտություն տալով, հարցրի ես: «…Ուզում եմ ձեզ հետ դրամ շինել…»: «Իիիի՜՞նչ… այսինքն, ինչպե՞ս… Տո, սուտենյո՜ր: Մոցիկո՜ւլ: Կավա՜տ: Տակա՜նք: Իմպոտե՜նտ…»: Այո, հենց այդպես էլ ասացի, միջազգային տերմինով, որպեսզի ճիշտ հասկանա: «Դե ոչ, տիկին,- ասում է,- ես իմպոտենտ չեմ, պարզապես վախենում եմ ձեզնից… կանանցից…»: «Մի վախեցեք,- պատասխանում եմ,- ես ինքս եմ ձեզնից վախենում… տղամարդկանցից…»: Իսկ նա, թե՝ «Պետք չէ վախենալ՝ ապահովիչ կդնեմ…»: Ես շփոթվեցի, հետո մի վայրկյան կենտրոնացա և ասացի. «Ոչ, միևնույն է, վախենում եմ»: Իսկ նա թե՝ «Այդ դեպքում՝ երկու ապահովիչ կդնեմ, որպեսզի վստահ լինեք, տիկին…»: Սակայն ես արդեն հեռու էի, շրջվեցի և քամու արագությամբ սլացա… փորձանքից հեռու: Հետաքրքիր է, սեռագա՞ր էր, ո՞վ էր, ոչինչ չհասկացա: Տեսնես, կատակ էր անո՞ւմ, թե իսկապե՞ս վախենում է: Տեր Աստված, այս ի՞նչ է կատարվում, բոլորս իրարից վախենում ենք: Մի խոսքով, այլևս փողոցում ոչ նայում եմ տղամարդկանց, ոչ էլ նրանց հարցերին պատասխանում, նույնիսկ, երբ առաջին հայացքից անմեղ հարցեր են տալիս… Արդեն դառը փորձ ունեմ:

Երկար մտորումներից հետո որոշեցի հայտարարությամբ սիրեկան գտնել: Ընտրեցի ամենալուրջ ամսագիրը: Օր ու գիշեր հայտարարություններ էի ուսումնասիրում… Վերջապես, կարծես թե գտա իմ ուզածը…

Իտալացի էր: Մի քանի անգամ հանդիպեցինք…

Սև ակնոց է դնում, գլխարկ, վերարկու և բարձրակրունկ կոշիկ հագնում:

Սկզբից սրճարանում, այնուհետև ռեստորանում… հետո՝ իր տանը…

  ԵրաժշտությունՀագի շորերը հանելով և պարելով ներս է մտնում ենթադրյալ սենյակըլույսը հանգչում էէրոտիկ ձայներ են հնչում երաժշտության ներքո:

Ամեն ինչ կարծես լավ սկսվեց… Շատ համակրելի տղամարդ էր, բավական զարգացած, կրքոտ… և ամենակարևորը՝ ռոմանտիկ: Նույնիսկ, չափից ավելի… Շարունակ երազում էր ինձ մի անակնկալ մատուցել. իր ծովափնյա առանձնատունը տանել, որպեսզի անմոռանալի պահեր պարգևի, շարունակ խոսում էր, թե որքան գեղեցիկ է այնտեղ, որքան ռոմանտիկ… Ու ես չդիմացա՝ հանձնվեցի…

Տանը մի հեքիաթ հորինեցի, իբր պատահաբար մանկության ընկերուհուս եմ հանդիպել, որն ինձ հրավիրել է իր մոտ, քաղաքից դուրս ամառանոց ունի, ու եթե չգնամ՝ մահացու վիրավորանք կհասցնեմ, և այլն, և այլն…

Ամուսինս ամբողջ երեկո խեթ-խեթ նայում էր ինձ, սակայն երևում էր, թե հոգու խորքում գոհ է, որ գոնե մի քանի օր ինձ չի տեսնելու: Փառք քեզ, Աստված:

…Եվ ահա գնացքի մեջ եմ, գնում եմ երջանկությանս ընդառաջ… Օրիորդի պես հուզվում եմ, հրճվանքից քիչ է մնում լաց լինեմ, վերջապես գտել եմ իմ իսկական, այսքան երկար սպասված սերը:

…Ամեն ինչ իրոք հեքիաթային էր. գեղեցիկ, ռոմանտիկ և նույնիսկ ֆանտաստիկ: Բայց երբ սկսվեցին ֆանտազմնե՜րը… Կներե՜ք… երբ մեր սիրային էքստազի ամենաթեժ պահին սենյակում, չգիտես որտեղից, հայտնվեցին մի քանի մերկ, զզվելի ծերուկներ… ես հասկացա, որ ծուղակի մեջ եմ և պետք է շուտ պոչս քաշեմ, քանի դեռ ողջ եմ…

Կիսախավար: Բազկաթոռին կծկված նստել է:

…Գիշերն անցկացրի մի փոքրիկ ծովափնյա հյուրանոցում, անիծելով իմ տխմար ռոմանտիզմը… Տեր Աստված, որքա՜ն հիմար եմ: Վստահել առաջին պատահածին… Ինչպիսի՜ երեխայություն: Բայց չէ՞ որ այդ հայտարարությունը լուրջ ամսագրում էր, էլ ո՞ւմ հավատաս… և ընդհանրապես, ինչպե՞ս ապրել այս աղտոտված աշխարհում: Ինչին ձեռք ես տալիս՝ ապականված է: Ամբողջ օրն անկողնուց դուրս չեկա: Տենդի մեջ զառանցում էի. «մեծ սեր էիր ուզում, խե՜ղճ կին արարած, դե գնա, վայելիր այդ մեծ սերդ…»: Բայց չէ՞ որ ես կենդանի էակ եմ… ինձ սե՜ր է պետք… ես խեղդվու՜մ եմ… ինչպե՞ս ապրեմ…

Բեմը լուսավորվում է: Գլուխը կախ, սև ակնոցով, ճամփի պայուսակը ձեռքինկանգնած է կինը:

…Ստորացված և ճզմված վերադարձա տուն՝ ամուսնուս և երեխաներիս մոտ: Ամբողջ օրը լուռ էինք, աչքերին չէի համարձակվում նայել: Իսկ գիշերը դարձյալ հետը պառկեցի, դարձյալ տարածության վրա, և դարձյալ սոսկալի մենություն էի զգում և խղճահարություն ինքս իմ հանդեպ:

Զուր էի փորձում ծածկել շպարով «ընկերուհուս հետ անցկացրած ուիքէնդից» հետո հայտնված կապտուկները, ամուսինս նույնիսկ չէր նայում երեսիս, իսկ թե նայում էր՝ չէր տեսնում… Ինչպես և մյուսները: Նրա համար միևնույն էր, և դա էր ամենաահավորը:

Այդ դեպքից հետո նորից բարդացումներ ունեցա, դեպրեսիան սաստկացավ… Ես տանջվում էի. ամեն ինչում դարձյալ ինձ էի մեղադրում, նույնիսկ մանկությանս դժբախտությունների մեջ: Ահա, արդեն սահմանագծին եմ հասել… Այսպես շարունակվել չի կարող… Պետք է ինչ-որ բան փոխել: Սակայն, ես բոլորովին կամք չունեմ: Տանն այլևս գտնվել չեմ կարող… Մեկնել նույնպես չեմ կարող՝ երեխանե՜րս… Դրամ էլ չունեմ, ամեն ինչ իր ձեռքին է…

Անսպասելի սկսում է ծիծաղել:

Հա-հա-հա-հաաաա՜… Ասես Թերեզ Դեսկեյրուն լինեմ՝ Մորիակի վեպի հերոսուհին: Ի՜նչ հետաքրքիր է: Նման բան կարող է միայն Ֆրանսիայո՜ւմ պատահել: Գրողը ոչինչ չի հորինել: Նա էլ դեպրեսիա ուներ, նա էլ ամուսնուն տանել չէր կարող, իմի պես անասուն էր, իսկ բաժանվելն այստեղ այնքան էլ դյուրին չէ… Նա էլ ինձ պես ինքնասպանության եզրին էր… Տարբերությունն այն է, որ նրա ամուսինը վերջապես կնոջն ազատում է իրենից, տանում է Փարիզ և առաջին պատահած կաֆեում թողնում բախտի քմահաճույքին, անորոշության մեջ…

Բայց այդ անորոշությունն ավելի նախընտրելի է, քան այս սպանիչ որոշակիությունը, քան այս ճահիճը, որ դանդաղ ներս է քաշում, այս անասնական կյանքը, որի մեջ խեղդվում եմ: Ի՜նչ բախտավոր են ոմանք. ամուսինները լքում են նրանց… Իսկ ավելի հասկացողներն այն աշխարհ են ուղևորվում և դեռ կնոջն էլ ժառանգություն թողնում: Կատակում եմ, անշուշտ… Սակայն, ամեն կատակի մեջ, ինչպես գիտեք, ճշմարտության կաթիլ կա… Իսկ երբ համբերության բաժակը լցվում է, ամեն մի կաթիլը ճակատագրական է դառնում… և սկսում ես նման կատակներ անել…

Մի խոսքով, ես նրան նախանձում եմ, նա նոր կյանք է սկսում: Հետաքրքրություն է ծնվել, ապրելու ցանկություն… Իսկ ես այդ ամենը չունեմ և ողբում եմ ինքս ինձ: Չեմ կարող երեխաներիս լքել, ինչպես արեց այդ կինը: Ես չեմ կարող դա անել, հասկանո՞ւմ եք… Իմ մանկության դառը փորձն ունեմ և նոր ողբերգություններ չեմ ուզում: Ես ինձ զոհաբերում եմ երեխաներիս երջանկության համար…

Բայց արդյոք երջանիկ կլինե՞ն ընտանեկան այդ կեղծ մթնոլորտում, ուր ատելությունն է իշխում: Ահա թե որն է հարցը: Երբ մեծանան և սկսեն ավելին հասկանալ՝ հաստա՛տ չեն ների: Շնորհակալություն էլ չեն ասի: Դեռ հակառակը, գուցե սկսեն մեղադրել, հանդիմանել զոհաբերություններիս անիմաստության համար… Գուցե նաև «թուլությանս» համար… Ի՞նչ իմանաս…

Աղջկաս, օրինակ, ոչինչ ասել չի լինում, իսկույն ձայնս կտրում է: Տասնչորս տարեկան է, սակայն արդեն տղաների հետ հարաբերություն ունի: Հիմա դպրոցներում այդ տարիքի գրեթե բոլոր աղջիկներն են այդպես: Ասում են, առանց դրա չի լինի. տղաները կատաղել են, բոլորին հերթով բռնությամբ օգտագործում են, այսինքն՝ բռնաբարում: Ասում եմ. «Գոնե ապահովիչ մոտդ պահիր…»: Իսկ նա, թե՝ «Քո խելքի բանը չէ… Տղաներն ինչ որ պետք է՝ անում են, երբ ապահովիչ չկա, մի բան գտնում են…» : «Բայց դա սոսկալի է, հիվանդության բուն է…»,- գոռում եմ ես: Ինչպե՞ս չգոռաս: Իսկ նա, թե՝ «Ժամանակից ետ ես մնացել, մայրիկ, լավ կլինի չխառնվես և ձայնդ կտրես…»: Ահա՛ խնդրեմ, նա էլ է ձայնս կտրում:

Աղջիկս ինձ հատկապես արհամարհում է, որ ինտերնետից ոչինչ չեմ հասկանում: «Ետ ես մնացել»,- ասում է: Ես արդեն երազում եմ մեռնել, որ պրոգրեսից ետ չմնամ, հետամնաց ծնող չլինեմ: Չեմ հասկանում, ի՞նչ է կատարվում, ամբողջ օրը նստած են էկրանի առջև և իբր աշխարհի հետ են շփվում… Մեկ միլիարդ համր խոսում են հինգ միլիարդ խուլուհամրերի հետ… Ինչպիսի՜ մեծագույն հաճույք: Եվ դա համարվում է պրոգրես: Ոչինչ չեմ հասկանում: Երևի իսկապես ժամանակից դուրս եմ ընկել:

Մեկ ամիս առաջ ոստիկանությունից զանգահարեցին և իրենց մոտ հրավիրեցին: Սարսափած գնում եմ. ի՞նչ է պատահել… տղա՞ս է… աղջի՞կս…  Այս անգամ աղջիկս է: Նստած է ընկերուհիների հետ: Կասետներ են խանութից թռցրել: Ի՞նչ անես այս հանցագործ երիտասարդության հետ: Բոլորն անում են, ինքն էլ պիտի անի, թե չէ խնդիրներ կունենա դասարանցիների հետ: Լավ է գոնե բաց թողեցին, որպես անչափահասի: Ամերիկայում, ասում են, իսկույն բանտ են տանում, տարիք-մարիք չեն հարցնում: Տեր Աստվա՜ծ, ինչպե՞ս կարելի է այս խենթ աշխարհում երեխաներ ունենալ: Ինտերնետից հասկանում են, իսկ բարոյականությունից… Դե արի ու մի գոռա…

Իսկ տղաս… Շատ եմ վախենում տղայիս համար: Անընդհատ աղոթում եմ… Արդեն ծխում է: Դե ոչ, ոչ թե սիգարետ, այլ… թմրախոտեր… մարիխուանա… ի՞նչ իմանամ: Ասում է. «Հիմա ո՞վ չի ծխում: Երևի միայն դու… Կուզե՞ս փորձիր…»,- և տարօրինակ ծիծաղում է, մի տեսակ անառողջ ծիծաղով…

Հիմա, տելեով եմ լսել, ուզում են ծխելն օրինականացնել: Անհավատալի է: Սակայն, եթե խորը մտածես… ինչո՞ւ ոչ… Եթե մարդիկ դրանից իրենց ավելի լավ են զգում: Եթե դա հեռացնում է կյանքից, որի մեջ երիտասարդները ոչ մի ապագա չեն տեսնում… Եվ ոչ միայն նրանք… Ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ ոչ… Եթե դա փրկում է կյանքից… Գուցե տղաս իրավացի է, գուցե ես էլ փորձեմ… Հը՞… Մի քիչ… շատ քիչ… այնքան, որ կարողանամ մոռանալ, մի փոքր անջատվել… Որպեսզի… լույս և խաղաղություն գա վրաս…

Տխուր, ցնորված ծիծաղում է:

Չեմ հասկանում՝ ո՞վ է հիվանդ, մե՞նք, թե՞ աշխարհը: Մենք պարզապես չենք կարողանում, չենք ուզում հաշտվել այն ամենի հետ, ինչ կատարվում է այս աշխարհում, չենք ուզում հարմարվել, իր օրենքներով ապրել… Այդ պատճառով էլ, կամաց-կամաց խենթանում ենք, առանձին-առանձին… Մեր տեղը չենք գտնում… Ես, օրինակ, ինձ ամեն տեղ ավելորդ եմ զգում… Վերջերս նույնիսկ գժանոցում սկսեցին բողոքել. «Դու հիվանդ չես»,- ասում են բժիշկները… Իսկ տանն ասում են, որ իմ տեղը գժանոցում է, և նորից այստեղ են ուղարկում… Այստեղ առողջ եմ, այնտեղ՝ հիվանդ… առողջ եմ… հիվանդ… հիվանդ եմ… առողջ… Արդեն ես էլ ոչինչ չեմ հասկանում… Գալիս բուժվում եմ, գնում՝ նորից եմ հիվանդանում… հետո նորից եմ գալիս… նորից եմ գնում… գնում եմ գալիս… գալիս եմ գնում… և այսպես անվերջ… Կախարդական շրջանակ է…

Պատահական չէր երևի, որ «խփնվել էի» այլմոլորակայինների վրա: Ինձ անընդհատ թվում էր, թե ուր-որ է՝ պիտի գան, տանեն իրենց մոտ: Ամուսինս նույնիսկ սկսեց անհանգստանալ, բժիշկներին զանգել, թե՝ կնոջս վիճակը նորից բարդացել է, ժամանակը չէ՞ արդյոք հիվանդանոց տանելու: Ոչ թե հիվանդանոց է պետք տանել, այլ ուրիշ մոլորակ, քեզ նմաններից հեռու:

Չեմ հասկանում, ինչպե՞ս հայտնվեցի այստեղ: Ո՞վ իրավունք ուներ որոշելու՝ հիվա՞նդ եմ, թե՞ ոչ: Ովքե՞ր են դատավորները: Ո՞ւմ էի խանգարում: Ես նորմալ, կենդանի մարդ էի: Նրանք սպանեցին իմ մեջ կյանքը: Ստիպեցին ինձ լռել: Հիմա վերջապես հասկացա. «Եվ տնեցիք են թշնամիները քո…»: Եվ ոչ միայն նրանք… Հիմա ես լռակյաց եմ, դժգույն, անտարբեր, ոչ մի տեսակ… Այսպես նրանց դուր եմ գալիս: Հիմա ոչ մեկին չեմ խանգարում:

Իսկ իմ մասին որևէ մեկը մտածե՞լ է: Մտածե՞լ է, որ ես խելագարվում եմ այս ամենից: Ահա խնդրեմ, կոկորդիս ինչ-որ գունդ է հայտնվել: Բժիշկներն ասում են, գուցեև չարորակ է, ավելի լավ է հեռացնել, և անհապաղ: Իսկ ես գնացի չինացու մոտ, և նա ինձ ամեն ինչ բացատրեց… Դա չարտահայտված, խեղդված զգացմունքներն են, չարտահայտված մտքերն ու չասված խոսքերը… Այդ ուռուցքը վկայում է, որ մինչև կոկորդս կուշտ եմ այս կյանքից, որ խեղդվում եմ, որ… որ… Ահա, խնդրեմ… արդեն ձայնս էլ չի ենթարկվում…

Ի՞նչ անեմ: Ինչպե՞ս շարունակեմ…

Գիշերները չեմ քնում, այդ հրեշի կողքին սիրտս սկսում է այնպես խփել, որ քունս իսկույն փախչում է: Փոխարենը՝ ցերեկներն եմ քնում, ամբողջ օրը… Այնպիսի՜ երազներ եմ տեսնում… (Երազային երաժշտություն է հնչում🙂 Չեք կարող պատկերացնել… Այնքա՜ն երջանիկ եմ: Ում հետ ուզում՝ հանդիպում եմ, ինչ ուզում՝ անում եմ… Ազատ եմ. երգում եմ… սիրում… ճամփորդում… Եթե երազներս չլինեին, ես վաղուց մեռած էի… Երազներս են ինձ փրկում: Եթե կուզեք իմանալ, իմ իսկական կյանքը երազում է անցնում, քնած ժամանակ… Չեմ ուզում արթնանալ… Երբ քնած եմ՝ ապրում եմ, երբ արթնանում եմ՝ մեռնում… Բայց ինչ արած, արթնանում եմ, ստիպված եմ, երեխանե՜րս… Ասում են, թե ցերեկվա երազները սուտ են… դա ճիշտ չէ: Ավելի իրական են, քան ինքը՝ իրականությունը: Մարդ էլ չկա՝ երազներս պատմեմ…

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու եմ սիրում հոգեբուժարանը: Այստեղ մարդ կա, որը քեզ լսում է, գիժ է, թե ինչ է՝ կարևոր չէ, կարևորը՝ լսում է…

Համերգը հրաշալի անցավ. սրահն ամբողջ գժեր էին: Մի գիժ՝ բեմում, մյուսները՝ դահլիճում:

Լավ, նրանք գիժ են՝ եկել էին, իսկ դուք ինչո՞ւ եք եկել: Ի՞նչ եք փնտրում այստեղ, թատրոնում: Բան ու գործ չունե՞ք, ի՛նչ է: Թե՞ փախչում եք ձեր հոգսերից, ձեր կյանքից, գոնե մի քանի ժամով, որպեսզի հեռանաք… մոռանաք ամեն բան, ամեն ինչամենին մոռանաքինքներդ ձեզ նաև… Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ, գիշերում այս անշող, արդյոք կա՞ իրիկվա մոռացման, մոռացման ոսկե շող... Կամ գուցե ուզում եք ձեզ կողքից նայել, ձեր սեփական պատմությունը լսել… ուրիշի բերանով պատմված: …Որովհետև որոշ բաներ վախենում եք խոստովանել նույնիսկ ինքներդ ձեզ… Այդպես չէ՞… Վախենում եք… Կամ գուցե դուք էլ եք… մի քիչ… հը՞… Մի ամաչեք, ամաչելու բան չկա… Հիմա բոլորն են… հիվանդ, և ավելի շատ նրանք, ովքեր հակառակն են պնդում, ովքեր կտրականապես ժխտում են իրենց հիվանդությունը:

Չսիրել, չտենչալ, չկանչել, հեռանալցավերում քարանալմեն միայն…  միայնակ

Լավ է այստեղ: Զբաղվում են քեզնով… Իսկ ամենակարևորը՝ էլեկտրաշոկն է: Այնպես է խելքդ գլուխդ բերում, որ ամեն ինչ մոռանում ես. և՛ անցյալդ, և՛ ներկադ, ապագայիդ մասին էլ չես մտահոգվում: Ասես նորածին լինես: Ոչ, նույնիսկ նորածին էլ չէ, մի բոլորովին ուրիշ էություն… Նորածինն, այնուամենայնիվ, ասում են, հիշողություն ունի, նա հիշում է… և դա է գուցե պատճառը, որ տառապում է, դիմադրում, չի ուզում լույս աշխարհ գալ: Նա դեռևս մինչև ծնվելն արդեն որոշ բաներ գիտի մեր կյանքի մասին, մեր երջանիկ կյանքի, ուր նրան մեծ, լուսավոր ապագա է սպասում: Եվ, այնուհանդերձ, նա ծնվում է, կյանք է մտնում, և ամեն ինչ սկսվում, կրկնվում է նորից… Պտտվիր, պտտվիր կարուսել…. ես քո երգը վաղուց եմ լսել  Եվ պտտվո՜ւմ է կարուսելը… Պտտվո՜ւմ… պտտվո՜ւմ… պտտվո՜ւմ… Իսկ հիմա՝ քնել, քնել, քնել… (Երազային երաժշտություն🙂 Իջեք, իջեք, երազներիջեք, քնքույշ երազներ

Երաժշտության տակգնում է բեմի խորքըպառկում է հատակին և երեխայի պես կծկվում, ասես մոր արգանդում լինիքնած էլույսը կամացկամաց կենտրոնանում է իր վրա, այնուհետև՝ վերանում: Բացարձակ խավարի մեջ երաժշտությունը գնալով ուժգնանում է:

 

Կարդացեք նաև