ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ / ՍՈՒՎԻՆԻՆ ԾԱՌԻ ՎՐԱ

1908 թվականի օգոստոսի 31-ին Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում, Բիթլիսից գաղթած Արմենակի ընտանիքում ծնվեց ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԸ:

 

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ «ՍՈՒՎԻՆԻՆ ԾԱՌԻ ՎՐԱ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ., թիվ 2-ում

 

 

ՍՈՒՎԻՆԻՆ ԾԱՌԻ ՎՐԱ

 

Գործող անձինք

ՄԱՅՔԼ ՍՈՒՎԻՆԻ – 27 տարեկան, ազնիվ խենթ

ՋԻՄ ԼԱՐԿ -15 տարեկան, հանճար

ԱԼՄԱ ԻԼԱՅՔՍ – 24 տարեկան՝ Օֆելյա

ԱԼԻՍ ԼԻԼԱՅՔԻԿ – 11 տարեկան, երգչուհի

ԼՅՈՒԿ ՓԱԴԳԵԹ – 21 տարեկան, երազող

ԿԻՈՐԻ ՕԿԱԴԱ – 57 տարեկան, հայր

ՖՐԵՆՍԻՍ ՇԵՅՔՓԱՅՐՍ – 73 տարեկան, փոքրիկ տղա

ՍՈՒՎԻՆԻ ՀԻՄՍԵԼՖ – 27 տարեկան, բարի ընկեր

ՊԵՐԵՍ – 44 տարեկան, պարող զույգի կեսը

ՔՈՆՍՈՒԵԼԱ – 41 տարեկան, մյուս կեսը

Լեյտենանտ ՊՅՈՏՐ ԱՐՈՇԱ ՊԻՊԵՏՍԿԻ – 37 տարեկան, ռուս

ՀԵԼԵՆ ՍՈՒՎԻՆԻ — 24 տարեկան, կին

ԵՎԱՆԳԵԼԻՆ – 19 տարեկան, ջահել կին

Միսս ՄԻՐՔ ԼԻԼԱՅՔԻԿ – 41 տարեկան, օտարերկրացի կին

ԿԻՐՈԿԻ ՕԿԱԴԱ – 9 տարեկան, որդի

Փոստատար – 17 տարեկան, լրաբեր

ԱՅԿ ՀԵՓԲՈ – 41 տարեկան, «Էլկի» անդամ

ՓՈԼ – 27 տարեկան, սիրեկան

Ոստիկան – 37 տարեկան, բարոյախոս

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ

Սան Ֆրանցիսկոյի Գիրի փողոցի 123-րդ հին տան երրորդ՝ վերջին հարկը: Գործողությունները տեղի են ունենում նաև ութերորդ սենյակի մի մասում, յոթերորդ սենյակի որոշ տարածությունում, սրահում, վերելակում և սանդղահարթակին:

 

ԺԱՄԱՆԱԿԸ

Առավոտից մինչև երեկո:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ

Սուվինիի սենյակն ունի երկու լայն պատուհան, որոնց վրա հորդառատ անձրև է տեղում: Երկու խարխուլ աթոռ: Մի հին բազմոց: Մի մեծ, ցեմենտե ծաղկաման: Այդ ծաղկամանում՝ տարօրինակ ծառ: Հատակին՝ հեռախոս:

Այս սենյակի կողքին միսս Ալմա Իլայքսի սենյակն է, որտեղ նա երգեցողություն է սովորեցնում: Այս գործողության պահին նա երգ է ուսուցանում Ալիս անունով 9 կամ 10 տարեկան մի աղջկա, որը քաղցրահունչ ձայնով դերերգ է կատարում: Ալմայի սենյակի կողքին Ֆրենսիս Շեյքփայրսի՝ ծեր պոետի սենյակն է:

Սուվինին պատուհանից դուրս է նայում: Նրա լայնեզր գլխարկն ու վերարկուն թանկարժեք են: Ձախ ձեռքին բաց գիրք կա:

Ջիմ Լարկը սենյակ է խուժում, սուլում փոստատար տղայի պես ու սահուն քայլերով մոտենում Սուվինիին:

ՋԻՄ — Դո՞ւք եք հայտարարություն տվել:

ՍՈՒՎԻՆԻ — Այո:

ՋԻՄ — Իմ անունը Ջիմ Լարկ է: Ես աշխատանք եմ փնտրում: Երեկ գիշերվանից թափառում եմ փողոցներում: Աչքերս հազիվ են բացվում: (Մոտենում է պատուհանին:) Ի՜նչ անձրև է, չէ՞…

ՍՈՒՎԻՆԻ — Բայց հեչ չի երևում, որ հոգնած եք:

ՋԻՄ — Ի՞նչ իմանաս… Մինչև չեմ բացատրում, չեն նկատում, որ հոգնած եմ, իսկ հետո

էլ չեն հավատում: Ինձ աշխատանք կտա՞ն:

ՍՈՒՎԻՆԻ — Այո:

ՋԻՄ — (մատնացույց անելով բազմոցը): Կարո՞ղ եմ մի քիչ քնել:

ՍՈՒՎԻՆԻ — Իհարկե, բայց նախ կոշիկներդ հանիր, որովհետև անձրևից լխկել են: Կդնեմ ջեռուցիչին՝ կչորանան:

ՋԻՄ — Շնորհակալություն: (Նա սուլում է, մոտենում բազմոցին, հանում կոշիկները, ծվարում վրան:)

Սուվինին կոշիկները դնում է ջեռուցիչին, մի պահ նայում Ջիմին, հանում վերարկուն, ծածկում նրան, նորից մոտենում պատուհանին: Միսս Իլայքսի դաշնամուրի ձայնն ու Ալիսի երգն այլևս չեն լսվում:)

Միսս ԻԼԱՅՔՍԻ ձայնը — Արդեն անհնար է: (Լռություն:) Ուղղակի անհնար է:

ՍՈՒՎԻՆԻ — Ի՞նչն է անհնար:

Միսս ԻԼԱՅՔՍԻ ձայնը — Այս աղջկա մայրն ուզում է, որ աղջիկը երգչուհի դառնա: Կես ժամին վճարելու համար այդ կինը կաշվից դուրս է գալիս: Իսկ դա անկարելի է:

ՍՈՒՎԻՆԻ — Ինչո՞ւ:

Միսս ԻԼԱՅՔՍԻ ձայնը — Որովհետև աղջիկը չի կարողանում երգել:

ՍՈՒՎԻՆԻ — (նրանից բարձր բղավելով): Իսկ նրա ձայնը հրաշալի է:

Միսս ԻԼԱՅՔՍԻ ձայնը — (արդեն չափազանց ճղճղան): Դուք հիմա՛ր եք:

ՍՈՒՎԻՆԻ — Դուք նույնպես:

Միսս ԻԼԱՅՔՍԻ ձայնը — Ինչպե՜ս եք համարձակվում…

Միսս Իլայքսը բռունցքներով հարվածում է պատին: Ջիմը բարձրացնում է գլուխը, նայում շուրջն ու նորից քնում:

ՍՈՒՎԻՆԻ — Ինչպե՞ս եք համարձակվում… (Սպասում է, որ իրեն պատասխանեն: Լռություն է: Հապճեպ մոտենում է, նստում ցանցկեն աթոռին: Հանում է սև, թավ կեղծամորուսը, կպցնում է դեմքին, վերցնում է գիրքն ու ձևացնում, իբր կարդում է: Միսս Իլայքսը սենյակ է խուժում: Ջիմը նայում է վեր, սուլում է ու նորից քնում: Միսս Իլայքսը շատ հրապուրիչ, նիհար աղջիկ է: Սուվինին բերանբաց նայում է նրան: Միսս Իլայքսին հետևում է փոքրիկ Ալիսը, նա էլ բարկացած է: Սուվինին ոտքի է կանգնում:) Ահ, կներեք… Այնպես էի տարվել այս ձանձրալի գրքի ընթերցումով, որ… ճիշտն ասած, չնկատեցի էլ, թե ինչպես ներս մտաք: Բարև ձեզ:

Միսս ԻԼԱՅՔՍ — Բարև: Ես այլևս չեմ դիմանում այս սուլոցներին ու աղաղակներին: Սա՞ ով է:

ՍՈՒՎԻՆԻ — Ջիմ Լարկն է: (Ալիսին.) Բարև:

ԱԼԻՍ — Բարև:

ՍՈՒՎԻՆԻ — Անշուշտ, ձեր դուստրն է:

Միսս ԻԼԱՅՔՍ — Իհարկե, ճիշտ այնպես, ինչպես նա՝ ձեր որդին: Այս աղջիկն իմ աշակերտուհին է:

ՍՈՒՎԻՆԻ — Դուք ուսուցչուհի՞ եք:

Միսս ԻԼԱՅՔՍ — Այո, միայն թե երգի ուսուցչուհի:

ՍՈՒՎԻՆԻ — (թատերական հուզմունքով): Երգի ուսուցչուհի՜…

Միսս ԻԼԱՅՔՍ — Այո, և ինձ չպետք է խանգարեն:

Սուվինին նորից է վերցնում գիրքը՝ անտարբեր միսս Իլայքսին: Ուսուցչուհին ու աշակերտուհին նայում են իրար: Ջիմը նստում է՝ հայացքը հառելով նրանց, հետո ժպտում ու նորից քնում է:

ԱԼԻՍ — Նա ստախո՛ս է:

ՍՈՒՎԻՆԻ — Ես պաշտում եմ ճշմարտությունը:

Միսս ԻԼԱՅՔՍ — Բայց դուք բղավեցիք ինձ վրա:

ԱԼԻՍ — Այո, այո, ծերուկ… Դուք բղավեցիք նրա վրա:

ՍՈՒՎԻՆԻ — (Ալիսին): Ես քսանյոթ տարեկան եմ: Ձեր ուսուցչուհին հավանաբար քսանչորս է, թեև ավելի ջահել է երևում: Դուք երևի ութ տարեկան եք կամ ինը, մտնում եք տասի մեջ:

ԱԼԻՍ — Ես տասնմեկ տարեկան եմ:

ՍՈՒՎԻՆԻ — Ուրեմն տասներկուսի մեջ եք մտնում:

ԱԼԻՍ — Ոչ, ես ուղղակի տասնմեկ տարեկան եմ:

ՍՈՒՎԻՆԻ — Թույլ կտա՞ք հիացմունքս հայտնել ձեր երգի առթիվ:

ԱԼԻՍ — Բայց ինչո՞ւ եք մեզ վրա գոռում:

ՍՈՒՎԻՆԻ — Ես մի ձայն լսեցի, որն ասում էր՝ կարող եմ: Ու քանի որ ես ճշմարտության երկրպագու եմ, ձայնս բարձրացրի ի պաշտպանություն երգչուհու, ի պաշտպանություն ձեզ…

Միսս ԻԼԱՅՔՍ — Նա չի կարողանում երգել:

ԱԼԻՍ — Ճիշտ է ասում, չեմ կարողանում երգել:

ՍՈՒՎԻՆԻ — Իսկ ես զմայլված լսում էի ձեր երգը:

Միսս ԻԼԱՅՔՍ — Դա երգ չէր:

ՍՈՒՎԻՆԻ — Եթե դուք չեք հարգում ճշմարտությունը, հեռացե՛ք այստեղից:

Միսս ԻԼԱՅՔՍ — Դուք իրավունք չունեք խանգարել իմ դասերը:

ՍՈՒՎԻՆԻ — Եթե այս աղջիկը երգել չգիտի, հետաքրքիր է՝ ի՞նչ եք նրան սովորեցնում: (Դադար:) Հասկացա… Դե, չքվե՛ք: Ես արհամարհում եմ փողասեր մարդկանց:

Միսս ԻԼԱՅՔՍ — Ես փողասեր չեմ:

ՍՈՒՎԻՆԻ — Իսկ ինչո՞ւ եք նրա մայրիկից երկու դոլար վերցնում, այն էլ կես ժամվա համար: Հը՞…

Միսս ԻԼԱՅՔՍ — Մայրն ուզում է, որ աղջիկը երգչուհի դառնա:

ՍՈՒՎԻՆԻ — Ավելի նպատակահարմար չէ՞ր լինի նրա մոր հետ պարապելը:

Միսս ԻԼԱՅՔՍ — Նա երգել չգիտի:

ՍՈՒՎԻՆԻ — Ըստ ձեզ, աղջիկն էլ չգիտի:

Միսս ԻԼԱՅՔՍ — Աղջիկը քիչումիչ գիտի:

ՍՈՒՎԻՆԻ — Հեռացեք, խնդրում եմ: Նույնիսկ Աստծո աչքից ընկած այս ջերմոցում, ուր այս հրաշք ծառն է երեսուն տարի աճել խաղաղության ու լռության մեջ՝ ամեն օր փոխնիփոխ ջրվելով տասնյոթ վերելակավարների կողմից… այս ծառը, որ այսօր կա, վաղը չկա… Տե՜ր Աստված… նույնիսկ այստեղ է փողը երկրպագվում: (Գրպանից թղթադրամների մի մեծ տրցակ է հանում, առանձնացնում 10-12-ը և անտարբեր սփռում շուրջը:) Ես արհամարհում եմ փողը…

Ալիսը մոտենում է փողի կույտին: Միսս Իլայքսը բռնում է նրա ձեռքը: Ջիմը, ձևացնելով, իբր քնած է, ճանկում է թղթադրամներից մեկն ու խոթում գրպանը: Սուվինին ոտքի է ելնում, սկսում է ոտքով փողերը տշել սենյակով մեկ:

ԱԼԻՍ — Միսս Իլայքս…

ՍՈՒՎԻՆԻ — Միսս Իլա՞յքս…

Միսս ԻԼԱՅՔՍ — Ալմա Իլայքս:

ՍՈՒՎԻՆԻ — (ձեռքով բարևում է): Բարև: (Ահավոր զզվանքով նայում է փողերին, նորից տշում դրանք:)

ԱԼԻՍ — Նա խենթ չէ: Ուղղակի ձևեր է թափում:

Միսս ԻԼԱՅՔՍ — (վերցնելով թղթադրամներից մեկը): Բայց սա իսկական փող չէ:

Ջիմը նստում է, գրպանից հանում թղթադրամը, զննում է, նորից նետում հատակին, պառկում:

ՍՈՒՎԻՆԻ — (փոքր-ինչ բարկացկոտ, դժկամ): Կներեք, ինչ ասացի՞ք:

Միսս ԻԼԱՅՔՍ — Ինչպե՞ս եք համարձակվում ձևացնել… իբր՝ անտարբեր է փողի նկատմամբ: Կեղծ դրամները տշում է, իրեն է զարմացնում… (Զննելով դրամներից մեկը:) Լրի՛վ կեղծ է: Ես էլ կարծում էի՝ կարգին մարդ եք:

ՍՈՒՎԻՆԻ — Ես կարգին տղա եմ: (Նորից է փողերը տշում:) Ես ճանաչված ու հարգված տղա եմ:

Միսս ԻԼԱՅՔՍ — Դուք ոչ միայն ստախոս եք, այլև ահավոր խարդախ եք:

ԱԼԻՍ — Դուք ծեր խաբեբա եք:

ՍՈՒՎԻՆԻ — Դու խելոք մնա, աղջիկ:

ԱԼԻՍ — Եկել, ձևեր է թափում: Ո՞ւմ եք խաբում, չէ՞ որ ձեր մորուքն էլ կեղծ է:

Միսս ԻԼԱՅՔՍ — (հուսահատված): Նույնիսկ մորո՞ւքն է կեղծ… Դուք անտանելի խարդախ եք:

ՍՈՒՎԻՆԻ — Երկու տարի առաջ ես ճիշտ այսպիսի մորուք ունեի: (Հանում է մորուքը:)

Միսս ԻԼԱՅՔՍ — Երկու տարի առաջ…

ՍՈՒՎԻՆԻ — Ազնիվ խոսք, ճիշտ եմ ասում:

Միսս ԻԼԱՅՔՍ — Երկու տարի առաջ ձեր փողերն էլ երևի կեղծ չէին, այո՞… Ո՜նց էիք տշում, չէ՞…

ՍՈՒՎԻՆԻ — (տշելով): Այո, այո… Ես դրանց արժեքը բոլորովին չէի զգում:

Միսս ԻԼԱՅՔՍ — Դուք ձևեր եք թափում:

ՍՈՒՎԻՆԻ — Ասենք, մեկը փող ունի: Է, հետո՞ ինչ:

Միսս ԻԼԱՅՔՍ — Դուք ի՞նչ գործ ունեք այս սենյակում:

ՍՈՒՎԻՆԻ — Ինչո՞ւ… Որովհետև…

ԱԼԻՍ — Ըհը՜, տեսնո՞ւմ եք, չեք կարողանում պատասխանել, որովհետև ծեր խաբեբա եք:

ՍՈՒՎԻՆԻ — Աղջի՛կս… Ախր, Աստված ինձ չէ՝ քեզ է ձայն տվել, որ երգես:

ԱԼԻՍ — Ուղղակի դուք աշխարհի ամենամեծ խաբեբան եք:

ՍՈՒՎԻՆԻ — Ես խաբեբա չեմ: (Միսս Իլայքսին.) Ես ձեզ կասեմ, թե ինչու եմ այս սենյակում, բայց դա մեզանից ժամանակ կխլի:

Միսս ԻԼԱՅՔՍ — Ես ժամանակ չունեմ:

ԱԼԻՍ — Մենք զբաղված ենք:

Միսս ԻԼԱՅՔՍ — Արի գնանք, Ալիս:

ԱԼԻՍ — Դուք այլևս չհամարձակվեք մեզ խանգարել:

Միսս ԻԼԱՅՔՍ — Եվ, խնդրում եմ, ինձ հետ գոռալով չխոսեք, երբ պարապում եմ այս աղջկա հետ:

ՍՈՒՎԻՆԻ — Բայց առաջինը դո՛ւք գռռացիք:

Միսս ԻԼԱՅՔՍ — Ես չգոռացի:

ԱԼԻՍ — Միսս Իլայքսն ինձ վրա էր գոռում:

Ներս է մտնում Լյուկ Փադգեթը: Լուռ կանգնում է միսս Իլայքսի կողքին:

Միսս ԻԼԱՅՔՍ — Բարև ձեզ:

ԼՅՈՒԿ — Բարև:

ՍՈՒՎԻՆԻ — Չեմ կարծում, որ այս տղան էլ է ուզում երգել սովորել:

Միսս ԻԼԱՅՔՍ — (բարկացած): Նա անտուն է և քաղցած: Իսկ ես իրավունք չունեմ բարյացակամ լինել բոլոր նրանց հանդեպ, ովքեր ինձ դուր են գալիս:

ԼՅՈՒԿ — Իսկ այս փողե՞րն ինչու են փռված հատակին:

Միսս ԻԼԱՅՔՍ — Դրանք իսկական չեն… ըհը՛… Ոչ մի նմանություն…

ՍՈՒՎԻՆԻ — (փողերը տշելով): Այս փողերը հատակին են, որովհետև այդպես է պետք: Ես արհամարհում եմ այս փողերը:

ԼՅՈՒԿ — Իսկ ես բոլորովին էլ չեմ արհամարհում:

ՍՈՒՎԻՆԻ — Որովհետև փող չունեք:

ԼՅՈՒԿ — Դուք էլ չունեք, թե չէ այսպես չէիք տշի:

ՍՈՒՎԻՆԻ — (ավելի կատաղորեն տշելով): Բայց երազելու իրավունք է՞լ չունեմ, գրո՛ղը տանի:

ԼՅՈՒԿ — Ի՞նչ, սա իսկական փող չէ՞:

ԱԼԻՍ — Ոչ: Նա խաբեբայի մեկն է:

ԼՅՈՒԿ — Եթե դա կեղծ փող է, կթողնե՞ք ես էլ տշեմ:

ՍՈՒՎԻՆԻ — Խնդրեմ:

ԼՅՈՒԿ — (երկչոտ տշելով): Եթե կեղծ չլիներ, ես չէի համարձակվի տշել: Բայց… ոնց որ մարդ իրեն լավ զգա փող տշելիս:

ՍՈՒՎԻՆԻ — Իհարկե… Իսկ դուք չե՞ք ուզում միանալ մեզ, միսս Իլայքս:

Միսս ԻԼԱՅՔՍ — Ինչպե՞ս եք համարձակվում այդպիսի բան ասել ինձ: Ալի՛ս, գնացինք:

ԱԼԻՍ — Դուք ծեր խաբեբա եք:

Ալիսն ու միսս Իլայքսը գնում են: Սուվինին մոտենում է պատուհանին, մինչդեռ Լյուկը տշում է փողերը սենյակով մեկ, երբեմն կանգ առնելով՝ նայում է Ջիմին: Լյուկը դադարում է տշել:

ԼՅՈՒԿ — Լավ կլինի՝ շատ չտշեմ: Երևի դա էլ արժեք ունի:

ՍՈՒՎԻՆԻ — Չէ, դա ի՞նչ փող է որ… Ես միշտ 15-20 հազար դոլար եմ ունենում այսպիսի բավականության համար:

ԼՅՈՒԿ — Իհարկե, այդ փողերով ոչինչ չի կարելի գնել, չէ՞:

ՍՈՒՎԻՆԻ — Բայց ես արդեն ամեն ինչ գնել եմ: Իսկ մարդը չպետք է փողով ամեն բան գնի:

ԼՅՈՒԿ — Դուք կարող եք ուտելիք գնել:

ՍՈՒՎԻՆԻ — Ես այնքան էլ չեմ զգում դրա կարիքը:

ԼՅՈՒԿ — Նաև՝ հագուստ:

ՍՈՒՎԻՆԻ — Իմ հագուստներն ինձ հերիք են:

ԼՅՈՒԿ — Վճարել տան վարձը…

ՍՈՒՎԻՆԻ — Դուք ճիշտ եք ասում: Ձեր ուզածները թանկարժեք են, եթե չունեք: Բայց երբ կարող եք գնել, դրանք կորցնում են արժեքը:

ԼՅՈՒԿ — Համենայնդեպս, լավ կլիներ դրանցից մի քանիսն ունենալ: Բա ինչո՞ւ եմ աշխատանք փնտրում:

ՍՈՒՎԻՆԻ — Սովորաբար ի՞նչ աշխատանք եք նախընտրում:

ԼՅՈՒԿ — Ինչ գործ էլ լինի՝ կանեմ: Երևի դուք եք գործատերը, հա՞… (Նայում է երկտողին:) Մայքլ Սուվինի՞:

ՍՈՒՎԻՆԻ — Այո, ես եմ Մայքլ Սուվինին:

ԼՅՈՒԿ — Իսկ ի՞նչ աշխատանք եք առաջարկում:

ՍՈՒՎԻՆԻ — Ես ուղղակի ուզում եմ հանդիպել գործ փնտրող մարդկանց:

ՋԻՄ — (նստելով): Փառասիրությո՞ւն:

ՍՈՒՎԻՆԻ — Նման մի բան:

ԼՅՈՒԿ — Իսկ ի՞նչ պիտի անեմ:

ՍՈՒՎԻՆԻ — Ոչինչ:

ԼՅՈՒԿ — Դուք ոչինչ չանելու աշխատա՞նք եք առաջարկում:

ՍՈՒՎԻՆԻ — Այո:

ԼՅՈՒԿ – Վախենամ՝ չկարողանամ գլուխ հանել:

ՍՈՒՎԻՆԻ — Ինչո՞ւ:

ԼՅՈՒԿ — Որովհետև կրթություն չունեմ:

ՍՈՒՎԻՆԻ — Է, ի՞նչ անենք, ես էլ չունեմ:

ԼՅՈՒԿ — Իմ ուզածը աշխատանք գտնելն է: Ուզում եմ մի քիչ փող վաստակել, որ գլուխս պահեմ:

ՍՈՒՎԻՆԻ — Ուրեմն այսպես… Դուք կարող եք աշխատանք ունենալ, ինչպես ասում եք, բայց լավ իմացեք, աշխատավարձ չեք ստանալու: Երբ ուզեք՝ կարող եք գալ ու գնալ, կարող եք նստել այս սենյակում ու նամակ գրել, կարդալ, հանգստանալ կամ պարզապես անձրևից պատսպարվել:

ԼՅՈՒԿ — Դա էլ աշխատանք եք համարում, այո՞:

ՍՈՒՎԻՆԻ — Այո:

ԼՅՈՒԿ — Տե՜ր Աստված…

ՍՈՒՎԻՆԻ — Կներեք, որ ձեզ հուսահատեցրի:

ԼՅՈՒԿ — Անգամ երազը չի կարող իրականանալ:

ՍՈՒՎԻՆԻ — Ի՞նչ եք ասում…

ԼՅՈՒԿ — Ըհը: Երեկ գիշեր երազումս տեսա, որ աշխատանք եմ գտնելու: Իսկական աշխատանք՝ պետով ու ռոճիկով:

ՍՈՒՎԻՆԻ — Իսկ մինչ այդ որտե՞ղ եք աշխատել:

ԼՅՈՒԿ — Երկաթեղենի խանութում: Իսկ դիմացի վաճառասեղանին մի աղջիկ էր աշխատում Եվանգելին անունով:

ՍՈՒՎԻՆԻ — Եվանգելի՞ն:

ԼՅՈՒԿ — Այո: Ես սիրահարվեցի նրան:

ՍՈՒՎԻՆԻ — Հիմա՞ր է, ինչ է… իհարկե, պիտի սիրահարվեիք:

ԼՅՈՒԿ — Բայց ինձ ժամանակավոր էին ընդունել:

ՍՈՒՎԻՆԻ — Հետո, անշուշտ, վերադարձաք ու գտաք նրան, այո՞:

ԼՅՈՒԿ — Այո, բայց նրա աշխատանքը նույնպես ժամանակավոր էր: Երբ վերադարձա, Եվանգելինն էր հեռացել:

ՍՈՒՎԻՆԻ — Նա ուրիշ աշխատա՞նք էր գտել:

ԼՅՈՒԿ — Հաջորդ տարին պահեստում էի աշխատում:

ՍՈՒՎԻՆԻ — Իսկ այնտե՞ղ ով կար:

ԼՅՈՒԿ — Մի լեդի, որի անունը միսս Հոկինս էր:

ՍՈՒՎԻՆԻ — Դուք նրան է՞լ սիրահարվեցիք:

ԼՅՈՒԿ — Ճիշտն ասած՝ ոչ: Այդ կինը երևի վաթսուն տարեկան կլիներ: Մենք սովորաբար միասին էինք ճաշում: Երբեմն զբոսնում էինք: Իսկ երեկ գիշեր երազումս տեսա, որ այսօր աշխատանք եմ գտել:

ՍՈՒՎԻՆԻ — Երևի ձեր մտքով չէր էլ անցել, որ այսպիսի աշխատանք կստանաք, չէ՞:

ԼՅՈՒԿ — Դա կարևոր չէ: Պարզապես ձեռքս փող չկա:

ՍՈՒՎԻՆԻ — (մի քանի թղթադրամ տշելով): Բոլորովի՞ն չունեք:

ԼՅՈՒԿ — Մնացել է այս հինգ սենթն ու չորս պեննին:

ՍՈՒՎԻՆԻ — Երանի շատ փող ունենայիք:

ԼՅՈՒԿ — Ճիշտ է: Դա նշանակում է, որ պիտի հավատաս երազներիդ:

Սուվինին մտախոհ դեսուդեն է քայլում: Ներս է մտնում Օկադան՝ ճապոնացի վերելակավարը: Նա մոտ վաթսուն տարեկան է, փոքրամարմին, արժանապատիվ: Նրա ձեռքին դույլ ու ավել կա:

ՕԿԱԴԱ — Ներեցեք: Ես եկա ձեզ տեսնելու: (Մոտենում է ծառին:) 0՜, ինչ գեղեցիկ ծառ է:

ՍՈՒՎԻՆԻ — Բարի լույս:

ԼՅՈՒԿ — Իսկապես գեղեցիկ ծառ է, չէ՞…

ՕԿԱԴԱ — Շնորհակալություն, շատ գեղեցիկ ծառ է:

Սուվինին մոտենում է պատուհանին: Հեռախոսազանգ: Նա անտարբեր է:

ԼՅՈՒԿ — Հեռախոսը:

ՍՈՒՎԻՆԻ — Ինչ-որ մեկը սխալ համար է հավաքել:

ԼՅՈՒԿ — Իսկ չի՞ կարելի պատասխանել:

ՍՈՒՎԻՆԻ — Ոնց ուզում եք:

ԼՅՈՒԿ — Հելլո… Այս կինն ուզում է խոսել Մայքլ Սուվինիի հետ: Կարծում եմ՝ նա ճիշտ է հավաքել համարը: (Լսափողի մեջ:) Ո՞վ է… (Սուվինիին.) Նա ձեզ խնդրում է անհապաղ վերցնել լսափողը:

ՍՈՒՎԻՆԻ — Կներեք, բայց ստիպված եմ նեղություն պատճառել… Այդ լսափողը չէի՞ք կախի:

ԼՅՈՒԿ — Բայց աղջիկը հաճելի ձայն ունի:

ՍՈՒՎԻՆԻ — Հաճելի՞:

ԼՅՈՒԿ — Այո, իմ ականջով լսեցի: Նա շատ հաճելի ձայն ուներ: Խնդրում եմ, պատասխանեք նրան, ախր, շատ է հուզված:

ՍՈՒՎԻՆԻ — Հուզվա՞ծ:

ԼՅՈՒԿ — Նաև՝ անհամբեր:

ՍՈՒՎԻՆԻ — Անհամբե՞ր:

ԼՅՈՒԿ — Ոնց որ բարկացած լինի:

ՕԿԱԴԱ — Ներեցեք, փողը չավլե՞մ:

Սուվինին վերցնում է լսափողը: Ջիմը նրա գրպանից հանում է փողը, փռում սենյակով մեկ: Օկադան ավելով հավաքում է, դասավորում:

ԼՅՈՒԿ — Խնդրում եմ, խոսեք նրա հետ: Ախր, ես լսափողը կախելու սովորություն չունեմ, երբ խոսում են ինձ հետ:

Սուվինին վերցրել է ընկալուչը: Լսում է: Հաստատ որոշել է չխոսել: Կախում է:

ԼՅՈՒԿ — Ա՜յ քեզ բան…

Օկադան փողի կապուկը տալիս է Սուվինիին:

ՍՈՒՎԻՆԻ — Շնորհակալություն, սըր:

ՕԿԱԴԱ — Օ՜, շնորհակալություն: Եթե պետք լինեմ, վերելակում եմ:

ՍՈՒՎԻՆԻ — Շատ լավ:

ՕԿԱԴԱ — Դուք ծառ սիրո՞ւմ եք:

ՍՈՒՎԻՆԻ — Իհարկե, սիրում եմ: Այս սենյակը հենց ծառի պատճառով եմ վարձել:

ՕԿԱԴԱ — Արդեն չորս տարի է՝ խնամում եմ այս ծառը:

ՍՈՒՎԻՆԻ — Երևում է, որ լավ եք հոգ տանում, որովհետև գեղեցիկ ծառ է:

ՕԿԱԴԱ — Չորս տարի այս ծառն եմ խնամում: Գրասենյակը դատարկ է, ծառից բացի ոչ ոք չկա:

ՍՈՒՎԻՆԻ — Սա հին շենք է: Ժամանակակից ու գեղեցիկ ոճով կառուցված չէ:

ՕԿԱԴԱ — Օ՜, շատ գեղեցիկ շենք է:

ՍՈՒՎԻՆԻ — Այո, այո…

ՕԿԱԴԱ — Ի՜նչ հրաշալի մարդիկ են ապրում այստեղ:

ՍՈՒՎԻՆԻ — Իհարկե:

ՕԿԱԴԱ — Կողքի սենյակում միսս Իլայքսն է՝ երգչուհի է: Մյուս կողմում միստր Շեյքփայրսն է՝ գրքեր է գրում:

ՍՈՒՎԻՆԻ — Շեքսպի՞րը:

ՕԿԱԴԱ — Ոչ, Շեյքփայրսը:

ՍՈՒՎԻՆԻ — Ինչ է, պոե՞տ է:

ՕԿԱԴԱ — Չէ, ծեր մարդ է: Շատ է խմում: Փողոցում սիրով համբուրում է բոլորին: Օհ, այստեղ հրաշալի մարդիկ են ապրում: …Ներեցեք:

ՍՈՒՎԻՆԻ — Լսում եմ:

ՕԿԱԴԱ — Դուք աշխատանք ունե՞ք:

ՍՈՒՎԻՆԻ — Ես արհամարհում եմ այդ միտքը: (Տշում է փողը:)

ՕԿԱԴԱ — Չե՞ք աշխատում: Ինչո՞ւ եք եկել այս տունը:

ՍՈՒՎԻՆԻ — Ծառի համար: Ուզում էի մի սենյակ ունենալ՝ պատուհանները փողոցին նայող:

ՕԿԱԴԱ — Իսկ ծառ սիրո՞ւմ եք:

ՍՈՒՎԻՆԻ — Շատ…

ՋԻՄ — (հանկարծ նստելով): Մի անգամ ես յոթ օր ծառի վրա ապրեցի:

ՕԿԱԴԱ — Օհ, այս ծառը չորս տարում ահագին մեծացել է: Ամեն օր ջրում եմ:

ՋԻՄ — Մի քիչ էլ մնար՝ թռչել կսովորեի:

ՍՈՒՎԻՆԻ — Դուք ընտանիք ունե՞ք:

ՕԿԱԴԱ — Օհ, շնորհակալություն, շատ մեծ ընտանիք:

ՋԻՄ — Ամեն օր թռչուններն ինձ ուտելիք էին բերում:

ՍՈՒՎԻՆԻ — Դուք բախտավոր մարդ եք:

ԼՅՈՒԿ — Երանի ես էլ ընտանիք ունենայի:

ՕԿԱԴԱ — Օհ, ընտանիքը հրաշալի բան է: Որդիս՝ Կիրոկին, շատ ուրախ տղա է:

ԼՅՈՒԿ — Երանի ես էլ տղա ունենայի:

ՋԻՄ — Ես ընդամենը մի անգամ ծառից ընկա, բայց ոչ մի տեղս չկոտրվեց: Շատերն ընկնելիս ջարդում են իրենց ձեռքը կամ վիզը:

ՍՈՒՎԻՆԻ — Ձեզ ընտանիք է պետք:

ԼՅՈՒԿ — Չեմ կարծում, որ իմ աշխատավարձով կարող եմ ընտանիք պահել: Էն էլ, Աստված գիտի, կստանա՞մ, թե՞ ոչ: Ես նախ պետք է աշխատանք գտնեմ:

ՋԻՄ — Ծառեր, ծառեր…

ՕԿԱԴԱ — Ներեցե՞ք:

ԼՅՈՒԿ — Այո՞, սըր:

ՕԿԱԴԱ — Ընտանիքը հրաշալի բան է: Դուք շատ չարչարվեք, աշխատանք գտեք:

ԼՅՈՒԿ — Ես ամեն օր եմ փնտրում, բայց, ինչպես երևում է, ոչ ոք ինձ համար աշխատանք չունի:

ՕԿԱԴԱ — Ներեցեք: Դուք էլի փորձեք, որովհետև ընտանիքը հրաշալի բան է: (Դուրս է գնում:)

ԼՅՈՒԿ — Դուք գիտե՞ք…

ՍՈՒՎԻՆԻ — Ի՞նչ գիտեմ:

ԼՅՈՒԿ — Գիտե՞ք, ինչից եմ վախենում:

ՍՈՒՎԻՆԻ — Ո՞նց թե…

ԼՅՈՒԿ — (դադար): Ես մեռնելուց եմ վախենում:

Սուվինին շփոթված, թատերական շարժումով ետ է ցատկում: Մեկ անգամ պտտվում է Լյուկի շուրջը, նայում է նրան:

ՍՈՒՎԻՆԻ — Ձեր անունն ի՞նչ է:

ԼՅՈՒԿ — Լյուկ: Փադգեթ:

ՍՈՒՎԻՆԻ — Քանի՞ տարեկան եք:

ԼՅՈՒԿ — Քսանմեկ:

ՍՈՒՎԻՆԻ — Իսկ ես քսանյոթ եմ: Պատմեք, թե ոնց եք վախենում:

ԼՅՈՒԿ — Մեկ էլ տեսար՝ անսպասելի մահն է անցնում կողքովս:

ՍՈՒՎԻՆԻ — Համոզվա՞ծ եք, որ դա մահն է:

ԼՅՈՒԿ — Չեմ կարող ասել: Միայն զգում եմ՝ անցնում է կողքիցս վագրի պես: Ու ես վախենում եմ:

ՍՈՒՎԻՆԻ — Պատմեք, պատմեք, հետո՞…

ԼՅՈՒԿ — Ոնց որ կինոյում: Ուղղակի նստել եմ, որ հանգստանամ: Երբեմն տասը սենթանոց կինոթատրոններ եմ գնում, որպեսզի մի քիչ հանգստանամ: Քայլելուց շատ եմ հոգնում: Հետո, երբ էկրանին տեսնում եմ այն բոլոր բաները, որ մյուսներն ունեն, իսկ ես չունեմ՝ վագրը գալիս է: (Հեռախոսազանգ: Լյուկը լռում է ու շրջվում ապարատի կողմը:)

ՍՈՒՎԻՆԻ — (գոռալով): Ուշադրություն մի դարձրեք այդ զանգի վրա: Դուք վագրի պատմությունը շարունակեք:

ԼՅՈՒԿ — Ես նայում եմ նրանց՝ բարիքներով շրջապատված: Բազմատեսակ կերակուրներ, բուխարիներ, ուրախ-զվարթ դեմքեր:

Հեռախոսազանգ: Դադար:

ՍՈՒՎԻՆԻ — Ասում եմ՝ ուշադրություն մի դարձրեք այդ գրողի տարած զանգին: Ինձ բացատրեք, թե ինչո՞ւ եք վախենում մահից: Չէ՞ որ մահը թշնամի չէ:

Հեռախոսազանգ:

ԼՅՈՒԿ — Ես նստում եմ կինոթատրոնում՝ խավարի մեջ, այդ բարիքների մասին մտածելով: (Հեռախոսազանգ:) Այն բարիքների, որոնք ինձ պետք են: Որոնք անհրաժեշտ են մարդկանց: (Հեռախոսազանգ:) Հետո մահն է մոտենում ինձ, իսկ ես ոչինչ չունեմ: Այն աղջիկն էլ այնտեղ չէր, երբ վերադարձա: (Հեռախոսազանգ:) Նրան նույնպես ժամանակավոր էին ընդունել: Ես թշնամիներով շրջապատված էի: (Հեռախոսազանգ:) Ինձ ոչինչ պետք չէ. միայն բուխարի, կերակուրներ, գլխիս տանիք ունենամ՝ հերիք է: Ես ուզում եմ, որ գոնե մեկնումեկը ժպտա ինձ: (Հեռախոսազանգ:) Իսկ ես ոչինչ էլ չեմ ունենա: Մահը շարունակ հետևում է ինձ: Ես վախենում եմ:

Ներս է մտնում միստր Շեյքփայրսը՝ հարբած:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — (լեզուն կապ ընկած, քրթմնջալով): Չէ՞ որ ես ձեզ հետ պիտի լինեմ, երջանկության ու դժբախտության պահերին: (Լյուկն ու Սուվինին լուռ են:) Ո՞վ էր քիչ առաջ ելույթ ունենում:

ԼՅՈՒԿ — Դա ելույթ չէր:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Մի՞թե… (Սուվինիին.) Իմ անունը Ֆրենսիս Շեյքփայրս է:

ՍՈՒՎԻՆԻ — Մայքլ Սուվինի:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Իսկ ձեր անո՞ւնը…

ԼՅՈՒԿ — Լյուկ Փադգեթ:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Իսկ սա՞ ով է:

ՍՈՒՎԻՆԻ — Ջիմ Լարկն է: Խեղճ տղան վերջապես քնեց: Շատ հոգնած է:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Իսկ հիմա ասեք՝ ինչո՞ւ եք այդքան նյարդային:

ԼՅՈՒԿ — Ես աշխատանք եմ փնտրում:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Աշխատանքը ստրուկների համար է հորինված: Մարդ արարածը չպետք է երբեք աշխատանք ակնկալի: Մարդկային մարմինը պետք է կիրառվի միայն լավ ապրելու համար:

ԼՅՈՒԿ — (փոքր-ինչ բարկացած): Ինձ աշխատանք է պետք:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Ինչո՞ւ: (Միսս Իլայքսն սկսում է դաշնամուր նվագել, իսկ Ալիսը երգում է: Շեյքփայրսը մի պահ լսում է, հանկարծ թեքվում Լյուկի կողմը:) Կարծեմ ձեզ հարցրի՝ ինչո՞ւ եք աշխատանք փնտրում:

ԼՅՈՒԿ — Որովհետև քաղցած եմ:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Քաղցա՞ծ եք…

ԼՅՈՒԿ — Այո: Մի ամիս կլինի՝ քաղցած եմ: Մեկ տարի: Ողջ կյանքս:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — (նայելով բաճկոնակի գրպանի ժամացույցին): Ժամը տասներկուսին քսաներկու րոպե պակաս… կարելի՞ է հարցնել, այս անձրևոտ օրը, կիսախարխուլ տան այս սենյակում, որը, ինչքան գիտեմ, տասնմեկ տարի շարունակ միայն հեռախոսազանգի հնչյուններով է լեցուն եղել, ինչպե՞ս պատահեց, որ երկու երիտասարդներ,- մեկը քաղցած կամ հանճարեղության սահմանին կանգնած, նաև երրորդի ներկայությամբ, որը քնած է,- ինչպե՞ս պատահեց, որ երեքով իրար գլխի հավաքվեցիք: Մի՞թե բարձրաձայն խոսելու, կամ ուրիշ բանի համար…

ՍՈՒՎԻՆԻ — Կներեք, եթե մենք բարձր…

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Ո՛չ մի ներողություն: Քառասունվեց տարի առաջ որոշեցի հանճարեղ պոետ դառնալ: Իսկ հիմա, հանճարով օժտված մարդկանց և իմ խորաթափանց կարծիքով, ես չեմ ափսոսում, որ հարբեցող եմ դարձել: Հիմա ինձ ասեք՝ ի՞նչ առիթով եք հավաքվել այստեղ:

ՍՈՒՎԻՆԻ — Ես ուզում եմ թաքնվել հասարակությունից:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Իսկ դուք մինչ այդ նշանավոր մա՞րդ եք եղել:

ՍՈՒՎԻՆԻ — Որոշ առումով՝ այո:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Ի՞նչ առումով:

ՍՈՒՎԻՆԻ — Անիմաստությամբ, որը հասնում է կյանք մտնող այն մարդկանց, ովքեր ոչնչի կարիք չեն զգում:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Հասկանում եմ: (Ունկնդրում է աղջկա ձայնը:) Աստվածային ձայն… (Սուվինիին.) Ինչքան հասկացա, դուք հարուստ հոր զավակ եք:

ՍՈՒՎԻՆԻ — Ոչ, հարուստ մոր:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Դուք նաև որոշակի արժանիքներով օժտված երիտասարդ եք:

ՍՈՒՎԻՆԻ — Որոշակի արժանիքը յուրահատուկ է բոլորին: Իմ հոր հայրը մի փոքրիկ քաղաքի բժիշկ էր: Իսկ մորս հայրը՝ գաղթական: Ինձ ոչինչ հայտնի չէ տատիկներիս մասին, որոնց հետ պապերս ամուսնացել են:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Իսկ դուք ո՞ւմ զավակն եք:

ԼՅՈՒԿ — Հայրս հայտնի մարդ չէր: Մայրս՝ նույնպես:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Իսկ իմ հայրը մինիստր էր: Իսկ դո՞ւք ով եք… և դուք…

ԼՅՈՒԿ — Միստր Սուվինին թերթում հայտարարություն էր տվել: Եկել եմ իմանալու՝ կարո՞ղ եմ աշխատանք գտնել:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Աշխատա՞նք: Այստե՞ղ:

ԼՅՈՒԿ — Երևի դա սովորական աշխատանք չէ: Միստր Սուվինին ինձանից լավ կբացատրի իր հայտարարության իմաստը:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Դուք ինչպիսի՞ աշխատանք եք առաջարկում:

ՍՈՒՎԻՆԻ — Ուզում եմ ճանաչել փողի կարիք ունեցող մարդկանց, որովհետև ես դրա կարիքը չունեմ:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Ես նույնպես չունեմ, բայց աղքատն ունի: Այս տղան նրանցից մեկն է:

ՍՈՒՎԻՆԻ — Ես ու դուք ոնց որ թե հասկանում ենք իրար:

ԼՅՈՒԿ — Իսկ ե՞ս… Ուզում եք ասել՝ ավելորդ եմ, հա՞, կարող եմ գնա՞լ:

ՍՈՒՎԻՆԻ — Բոլորովին: Դուք կարող եք գալ ու գնալ՝ երբ ուզեք:

ԼՅՈՒԿ — Ես ուզում եմ մնալ:

ՍՈՒՎԻՆԻ — Շնորհակալություն:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Ես շատ չեմ մտածում մարդկանց մասին: Իմ հոգին խուսափում է նրանց հայացքներից: Սակայն այս սենյակում, այս մարդկանց ու ծառի ներկայությամբ իմ հոգին սփոփվում է ու շնորհ գտնում: (Լյուկին.) Ձեզ ի՞նչ է պետք:

ԼՅՈՒԿ — Աշխատանք:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Հիմա: Այս րոպեին:

ԼՅՈՒԿ — Հետո՝ սենդվիչ ու խոզապուխտ:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — (հեռախոսի համար է հավաքում): Հեմլոկ 3399: (Լյուկին.) Խոզապուխտը սոխո՞վ, թե՞ առանց սոխի:

ԼՅՈՒԿ — Սոխով:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Իսկ սո՞ւրճ… սուրճ չե՞ք ուզում:

ԼՅՈՒԿ — Սո՞ւրճ… բա ո՞նց…

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Երեք գավաթը հերի՞ք է:

ԼՅՈՒԿ — Շատ շնորհակալություն:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Չարժե: (Հեռախոսով:) Սե՞մ… Միստր Շեյքփայրսն է խոսում: Ես այցելել եմ ընկերներիս: Այո, նույն շենքում: Ութերորդ սենյակ: (Դադար:) Վեց խոզապուխտ՝ սոխով: Չորս գավաթ սուրճ: Այո: (Կախում է լսափողը:) Իսկ դո՞ւք ինչ եք ուզում:

ՍՈՒՎԻՆԻ — Ոչինչ:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Հասկանալի է:

Կից սենյակում Ալիսը ավարտում է երգը: Շեյքփայրսը ծափահարում է:

Միսս ԻԼԱՅՔՍԻ ձայնը — Խնդրում եմ, մի՛ խանգարեք:

ՍՈՒՎԻՆԻ — Նա շատ զգայուն է:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Ճանաչո՞ւմ եք, որ ասում եք:

ՍՈՒՎԻՆԻ — Ճիշտ է, այս գրասենյակը վեց օր առաջ եմ վարձել, բայց միայն այս առավոտ եմ եկել: Ես ու այդ աղջիկը ընդամենը մեկ վայրկյան ենք հանդիպել:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — (ծափահարելով): Բրա՛վո, բրա՛վո…

Միսս ԻԼԱՅՔՍԻ ձայնը — Դուք խաբեբա՛ եք:

ԱԼԻՍԻ ձայնը — Դուք ահավոր, ծեր խաբեբա եք:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Ես խաբեբա չեմ: Ես յոթանասուներեք տարեկան եմ, բայց դեռ խաբեբա չեմ դարձել:

ՍՈՒՎԻՆԻ — Նրանք ինձ են ասում խաբեբա:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Ձե՞զ:

ՍՈՒՎԻՆԻ — Այո:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Ինչո՞ւ: Արդեն տասնմեկ տարի է, ինչ ապրում եմ այս գրասենյակի կողքին: Ինչպե՞ս է, որ նրանց չեմ հանդիպել: Ովքե՞ր են…

ՍՈՒՎԻՆԻ — Երգի ուսուցչուհին ու նրա աշակերտը:

Միսս Իլայքսն ու Ալիսը ներս են մտնում՝ չափազանց բարկացած:

Միսս ԻԼԱՅՔՍ — Ինչո՞ւ եք մեզ խանգարում:

ԱԼԻՍ — Ձեզ հետ չե՞ն… ինչո՞ւ եք մեզ խանգարում:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Ճիշտն ասած, ես էի ծափահարում: (Ալիսին.) Ախր, դուք հրաշալի ձայն ունեք, է՛:

ԱԼԻՍ — Իմ ձայնը նման է ագռավի կռկռոցի:

Միսս ԻԼԱՅՔՍ — Ես անպայման այս երեխային երգել պիտի սովորեցնեմ:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Հրաշալի է: Թույլ տվեք շնորհավորել ձեզ:

Միսս ԻԼԱՅՔՍ — Այս տանն արդեն երեք տարի կլինի, ինչ ապրում եմ, բայց մինչև հիմա ինձ ոչ ոք չէր խանգարել: Իսկ այս երիտասարդը…

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Ե՞ս… Այս գրասենյակի կողքին արդեն տասնմեկ տարի է, ինչ ապրում եմ: Շատ ափսոս, որ առաջին անգամ ենք հանդիպում: Ձեզ նման աղջկա նկատմամբ անտարբեր մնա՞լ կլինի… Իսկ ձեր ձայնը՝ թեկուզ բարկանալիս, ամոքում է մարդու հոգին: Այս երիտասարդին ոչինչ պետք չէ: Արդեն հարցրել եմ: Իսկ նա ուտել է ուզում: Արդեն պատվիրել եմ: Այս աղջիկն, անշուշտ, փառքի է արժանի: Ձեզ ի՞նչ է պետք:

Միսս ԻԼԱՅՔՍ — Ուզում եմ, որ ինձ հանգիստ թողնեն:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Այս երիտասարդներին արդեն բացատրել եմ, որ հարբեցող եմ: Թեկուզ այդպիսին, թույլ տվեք ձեզ ասել, որ դուք չափազանց դժբախտ եք՝ մնալով միայնակ:

Միսս Իլայքսը նայում է Շեյքփայրսին, որը մոտենում, համբուրում է նրա ճակատը: Միսս Իլայքսը բռնում է Ալիսի ձեռքն ու դուրս գնում:

ՍՈՒՎԻՆԻ — Ես սիրահարված չեմ նրան:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Իսկ ես սիրահարված եմ, երիտասարդ: Այս տղան նույնպես: Ճիշտ չե՞մ ասում:

ԼՅՈՒԿ — Չգիտեմ: Կարելի՞ է նորից նայել փողին:

Սուվինին նրան է մեկնում փողի կապուկը:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Փո՞ղ… ի՞նչ փող:

ՍՈՒՎԻՆԻ — Որ երբ ուզեմ՝ տշեմ:

ԼՅՈՒԿ — Լավ չլսեցի: Երբ ներս մտա, այդ փողերը դեսուդեն էր տշում: Դրանք, իհարկե, կեղծ փողեր են:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Ճի՞շտ է: Իսկ ես կարծում էի, դուք հարուստ մարդ եք:

ՍՈՒՎԻՆԻ — Ես հարուստ էի: Միայն վերջերս եմ աղքատացել: Բայց հիմա կյանքումս աոաջին անգամ ինձ հարուստ եմ զգում:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Դուք փողը տշում եք, հա՞…

ԼՅՈՒԿ — Այո, աչքովս տեսա: Կարելի՞է, մի քիչ էլ ես տշեմ:

ՍՈՒՎԻՆԻ — Ոնց ուզում եք:

Լյուկը մի քանի թղթադրամ է սփռում հատակին ու սկսում տշել:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — (նայելով): Չէ, չէ, մի՛ արեք… էդպես ավելի շատ կսովածանաք:

ԼՅՈՒԿ — Ես ինձ հրաշալի եմ զգում: Պատկերացնո՞ւմ եք, բոլորը հարյուրանոցներ են: Եթե իսկական փող լիներ, այդպես չէինք տշի:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Իսկ ձեզ ոչինչ պետք չէ՞:

ԼՅՈՒԿ — (տշելով փողը): Բոլորին էլ մի բան պետք է:

Սուվինի Հիմսելֆը ներս է մտնում: Սուվինին՝ ծառի մոտ կանգնած, տերևների արանքից նայում է: Լյուկն այլևս չի տշում փողր: Ահավոր վախեցած է: Շեյքփայրսը կանգնում է նրա կողքին: Դադար: Միսս Իլայքսը նախերգ է նվագում: Ալիսն սկսում է երգել: Նրա ձայնը բեկբեկվում է: Միսս Իլայքսը բղավում է. «Անկարելի է պարապել…»: Սուվինի Հիմսելֆը կանգնում է սենյակի կենտրոնում: Հանում է բաճկոնը, փռում է Ջիմ Լարկին ծածկած վերարկուի վրա: Լյուկը վերցնում է փողը, տալիս է Սուվինիին:

ՍՈՒՎԻՆԻ — (ծանոթացնելով): Ֆրենսիս Շեյքփայրս: Լյուկ Փադգեթ: Իսկ այն քնած տղան Ջիմ Լարկն է:

ՍՈՒՎԻՆԻ ՀԻՄՍԵԼՖ — (առանց մորուքի է): Բարև ձեզ:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Ես այս գրասենյակին կից սենյակում եմ ապրում: (Առաջարկելով շիշը:) Խմենք: Ես բաժակներ չունեմ:

ԼՅՈՒԿ — Գնա՞մ բերեմ:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Եթե նեղություն չլինի, բաժակները յոթերորդ սենյակում են: Յուրաքանչյուր հարկում՝ երեք սենյակ, հասկանո՞ւմ եք: Դրանք բոլորն էլ նման են իրար: Այդ յոթերորդ սենյակում ամենուր բաժակներ են: Մի քանի հատ բերեք:

ԼՅՈՒԿ — Հիմա, սըր: (Գնում է:)

Միսս Իլայքսը նորից նախերգ է նվագում: Ալիսը երգում է, նրա ձայնը բեկբեկվում է:

Միսս ԻԼԱՅՔՍԻ ձայնը — Քեզ ի՞նչ է պատահել:

ԱԼԻՍԻ ձայնը — Չգիտեմ: Հիմա բոլորովին չեմ կարողանում երգել:

Սուվինին վերցնում է վեպը, նստում ու սկսում է կարդալ: Սուվինի Հիմսելֆը մոտենում է պատուհանին, նայում է դուրս:

Ներս են մտնում Պերեսն ա Քոնսուելան: Պերեսի ձեռքին լրագիր կա:

ՊԵՐԵՍ — Դուք աշխատանքի համար հայտարարություն եք տվել կանանց և տղամարդկանց համար: Ես ու կինս եկել ենք աշխատանքի հարցով: Մեր անուններն են՝ Պերես և Քոնսուելա: Պարում ենք: (Պերեսը կռանում է, որ հատակից թղթադրամ վերցնի:)

ՍՈՒՎԻՆԻ ՀԻՄՍԵԼՖ — Մի անհանգստացեք, դա կեղծ է:

Ներս է մտնում Պյոտր Պիպետսկին՝ «Սեմ Օ. Կ.» ռեստորանի մատուցողը, ձեռքին՝ թղթե մեծ, դարչնագույն տոպրակ:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Լեյտենանտը եկավ:

ՊԻՊԵՏՍԿԻ — Լեյտենանտ Պյոտր Արոշա Պիպետսկի… Պատրաստ եմ ծառայելու, միստր Շեյքփայրս: Վեց սենդվիչ, կես լիտր սուրճ: Բարձր տեսակի:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — (մետաղադրամ տալով նրան): Շնորհակալություն, լեյտենանտ:

ՊԻՊԵՏՍԿԻ — Աստծո ողորմածությամբ, այս բոլորը դուք եք ուտելու, չէ՞, միստր Շեյքփայրս:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Ոչ: Ուղղակի մեկը կա, որ քաղցած է: Իսկ ես շատ վաղուց արդեն կուշտ եմ:

ՊԻՊԵՏՍԿԻ — Աղաչում եմ ձեզ, միստր Շեյքփայրս, կերեք: Եկեք ռեստորան, կերեք, կերեք… Բոլորդ կերեք: Աղաչում եմ, բոլորդ եկեք ռեստորան ու կերեք:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Շնորհակալություն, լեյտենանտ: Ես երբեք չեմ մոռանա ձեր հոգատարությունը:

ՊԻՊԵՏՍԿԻ — Հոգատարություն-մոգատարություն չգիտեմ: Դուք պետք է ուտեք: Դուք պետք է առողջ լինեք:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Շնորհակալություն, լեյտենանտ:

ՊԻՊԵՏՍԿԻ — Ասելս այն է՝ կերեք, կերեք: Բոլորդ կերեք:

Լյուկը ներս է մտնում՝ բաժակները ձեռքին:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Ահա քո կերակուրը, որդի:

ԼՅՈՒԿ — Վեց հատը հերի՞ք է:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Կերեք: (Լյուկը տոպրակից հանում է խոզապուխտը, կտրում է: Դիմելով Պերեսին ու Քոնսուելային:) Սենդվիչ չէի՞ք ուտի: (Պերեսը բռնում է Քոնսուելայի ձեռքը, որը շատ քաղցած է:)

ԼՅՈՒԿ — Բայց այս սենդվիչները վեց հոգու համար են, հո չե՞մ կարող բոլորն ուտել: Այստեղ կես լիտր էլ սուրճ կա:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Խնդրում եմ, կերեք:

ՔՈՆՍՈՒԵԼԱ — Շնորհակալություն:

Պերեսն ա Քոնսուելան մոտենում են Լյուկին, որը նրանց է առաջարկում տոպրակը: Նրանք մեկական սենդվիչ են վերցնում: Շեյքփայրսը Սուվինիին է տալիս բաժակը: Լցնում է: Պիպետսկին նույնպես բաժակ է վերցնում:

ՊԻՊԵՏՍԿԻ — (Շեյքփայրսին): Ողջ լինեք, Փոքրիկ Հայրիկ: Ողջ լինեք:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — (Սուվինիին): Ողջ լինեք:

ՍՈՒՎԻՆԻ ՀԻՄՍԵԼՖ — Ես խմում եմ բոլորի կենացը:

Ներս են մտնում միսս Իլայքսն ու Ալիսը:

Միսս ԻԼԱՅՔՍ — Հիմա այս աղջիկը բոլորովին չի կարող երգել:

ԱԼԻՍ — (հարձակվելով Սուվինիի վրա): Դուք ահավոր, ծեր խաբեբա եք:

Սուվինին ձեռքից գցում է գիրքը: Տեղից ելնում, մոտենում է պատուհանին: Բոլորը վախեցած նայում են նրան:

ՊԻՊԵՏՍԿԻ — Կերեք, կերեք: Բոլորը կերեք: Աղաչում եմ, բոլորը կերեք:

Շեյքփայրսը մոտենում է միսս Իյալքսին, համբուրում է նրա ճակատը: Վերջինս գլուխը դնում է ծերունու ուսին և հեկեկում: Օկադան ներս է մտնում, ջրում է ծառը:

ՊԵՊԵՏՍԿԻ — (Լյուկին): Ի՞նչ է պատահել:

ԼՅՈՒԿ — (լիքը բերանով): Չգիտեմ:

Ջիմ Լարկը նստում ու սուլում է:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Աստված ողորմի քեզ, որդի: (Բարձրացնում է բաժակը:)

Ջիմ Լարկը տեղից ելնում, մի կողմ է հրում Սուվինիին ու ջեռուցիչի վրայից վերցնում է շորերը:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ

Ֆրենսիս Շեյքփայրսի սենյակի և Սուվինիի գրասենյակի մի մասը: Շեյքփայրսի սենյակից մի փոքր առաջ, ինչպես նաև միջանցքի ծայրին, վերելակի փոքրիկ դուռն է և աթոռը: Վերելակի կողքին աստիճաններն են:

Հինգ րոպե անց:

Օկադան նստել է աթոռին, ճապոներեն թերթ է կարդում: Վերելակը դզզում ու շաչում է: Օկադան մտնում է վերելակ, փակում է դուռը:

Շեյքփայրսի սենյակում են Լյուկը, Պերեսը, Քոնսուելան և Շեյքփայրսը:

Իսկ իր սենյակում Սուվինին նայում է ծառին, որը հիմա ավելի է մեծացել: Սուվինի Հիմսելֆը պատուհանի մոտ է:

Օկադան դուրս է գալիս վերելակից, նորից նստում է: Շեյքփայրսը խմում ու խոսում է ինքն իր հետ: Պերեսն ու Քոնսուելան ուտում են: Լյուկը կանգնել է պատուհանի մոտ: Նա հանկարծ տագնապած շրջվում է: Վախեցած նայում է չորս կողմը, հետո մոտենում է Շեյքփայրսին:

ԼՅՈՒԿ — Եթե որևէ մեկին գտնեմ, որ երեկոները ժպտա ինձ աշխատանքից հետո… Եթե կարողանամ աշխատանք գտնել…

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Լեյտենանտն ու այդ տղան քիչ հետո կվերադառնան: Էլի ուտելիք կբերեն: Կերեք, կերեք:

Լյուկը նորից գալիս է պատուհանի մոտ:

ԼՅՈՒԿ — Անձրևելուց ի՞նչ օգուտ, երբ մարդ սեփական օջախ չունի:

Սուվինի Հիմսելֆը մոտենում է Սուվինիին:

ՍՈՒՎԻՆԻ ՀԻՄՍԵԼՖ — Երևի ես այստեղ ավելորդ եմ, հա՞…

ՍՈՒՎԻՆԻ — Բոլորովին:

ՍՈՒՎԻՆԻ ՀԻՄՍԵԼՖ — Սրանք բարի մարդիկ են: Ես ինձ մեղավոր եմ զգում, որ վախեցրի նրանց: (Կախիչից վերցնում է վերարկուն, հագնում: Գրպանում փող է գտնում, հանում է կապուկը:) Գուցե սա ձեզ պե՞տք է: Կարելի՞ է:

ՍՈՒՎԻՆԻ — Իմ կարծիքով, դա հիմարություն է:

ՍՈՒՎԻՆԻ ՀԻՄՍԵԼՖ — Թեկուզ այդպես:

Սուվինի Հիմսելֆը տշում է փողը, հետո գնում է: Սուվինին քայլում է սենյակում, երբեմն տշում է փողը: Օկադան բացում է վերելակի դուռը: Ջիմ Լարկը սուլում է: Պիպետսկին, ձեռքին թղթե տոպրակ, դուրս է գալիս վերելակից: Նրան ուղեկցող Ջիմ Լարկի ձեռքին նույնպես թղթե տոպրակ կա: Ջիմը, անցնելով Օկադայի կողքով, մի սենդվիչ է տալիս նրան:

ՕԿԱԴԱ — Օհ, շնորհակալություն: (Սենդվիչը դնում է գրպանը:)

ՊԻՊԵՏՍԿԻ — (տոպրակից դատարկում է սենդվիչները, բղավում է): Ես աղաչում եմ, Փոքրիկ Հայրիկ: Կերեք: Խնդրում եմ, կերեք: Դուք պետք է ուտեք: Շտապեք:

Սուվինին սկսում է փողը հավաքել:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — (աղաղակով): Լեյտենա՜նտ… Ախր ես քանի տարի է՝ սոված չեմ…

ՊԻՊԵՏՍԿԻ — Փոքրիկ Հայրիկ, ախր, ամենակարևորը դա է:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — (մնացածներին): Կերեք: Կերեք, բոլորը կերեք:

ՊԻՊԵՏՍԿԻ — Փոքրիկ Հայրիկ, դուք անպայման պիտի ուտեք: (Սենդվիչը տալիս է Շեյքփայրսին, որը մեկ նայում է նրան, մեկ սենդվիչին, ժպտում ու վերցնում է:) Շնորհակալություն, Փոքրիկ Հայրիկ: Հիմա ես էլ կուտեմ: (Նա մի սենդվիչ է վերցնում, իրար հետ ուտում են:)

Միսս Իլայքսն ու Ալիսն անցնում են երկու սենյակների դռան մոտով ու մոտենում վերելակին: Միսս Իլայքսը Ալիսին վերելակ է նստեցնում: Օկադան սկսում է փակել վերելակի դուռը: Ալիսը դուրս է փախչում վերելակից:

Միսս ԻԼԱՅՔՍ — Ալիս…

ԱԼԻՍ — Ինձ պետք չէ… (Վազելով մտնում է սենյակ, միսս Իլայքսը հետևում է նրան: Սուվինին չորեքթաթ փողերն է հավաքում:) Դուք, դուք… (Սուվինին տարակուսած շրջվում, նայում է նրանց:)

Միսս ԻԼԱՅՔՍ — Ալիս…

Սուվինին նայում է վեր, միսս Իլայքսի գեղեցիկ դեմքին, ժպտում է դմբոյի պես:

ԱԼԻՍ — Ինձ պետք չէ՜: Ես բոլորովին չեմ կարողանում երգել:

Միսս ԻԼԱՅՔՍ — Աշխարհում ամենահրաշալի ձայնը քոնն է:

ԱԼԻՍ — Ոչ, ոչ… Այս ամենը նրա պատճառով եղավ: Այս մարդու, նրա փողերի ու ընկերների պատճառով:

ՍՈՒՎԻՆԻ — (դեռ չորեքթաթ՝ հատակին): Խնդրում եմ, չվիրավորեք ընկերներիս, որոնց հազիվ եմ ճանաչում:

ԱԼԻՍ — Կվիրավորեմ: Կվիրավորեմ բոլորին, որովհետև վատն են: Ոչ ոք բարի չէ, ես նույնպես վատն եմ, այդ պատճառով կվիրավորեմ բոլորին:

Միսս ԻԼԱՅՔՍ — Ալիս… Ներողություն խնդրիր:

ԱԼԻՍ — Ո՛չ:

Միսս ԻԼԱՅՔՍ — Ալի՛ս:

ԱԼԻՍ — Ես ոչ մեկից էլ ներողություն չեմ խնդրի: Երբե՛ք: Նրանք չեն ուզում, որ բոլորը բարի լինեն: (Նա շրջվում ու վազում է դուրս:)

Միսս Իլայքսը հետևում է նրան: Սուվինին չորեքթաթ հետևում է նրանց: Կանգնում է, դանդաղ բարձրանում տեղից: Հեռախոսազանգ: Նա, առանց շրջվելու, կանգնում է տեղում: Ալիսը մտնում է վերելակ: Օկադան փակում է դուռը: Միսս Իլայքսը կանգնում է վերելակի մոտ: Նորից հեռախոսազանգ: Սուվինին մոտենում է միսս Իլայքսին: Մի պահ նայում են իրար:

ՍՈՒՎԻՆԻ — Ինչո՞ւ էիք արտասվում:

Հեռախոսազանգ: Ջիմ Լարկը սուլում է, հեռանում Շեյքփայրսի գրասեղանից: Անցնում է Սուվինիի ու միսս Իլայքսի կողքով:

ՋԻՄ — (գնալով): Հեռախոսը:

ՍՈՒՎԻՆԻ — (միսս Իլայքսին): Ինչո՞ւ…

Ջիմը մոտենում է հեռախոսին: Սուլ  ում է:

ՋԻՄ — Հելլո՜: (Դադար:) Ես Մայքլ Սուվինին չեմ: Վրաս չգոռաք: Ի՞նչ… տանձի պոչ: (Սուվինին գրկում է միսս Իլայքսի ուսերը: Ջիմը դնում է ընկալուչը, վազում դուրս:) Մայքլ Սուվինի… Մի կին հեռախոսով ինձ ասաց, որ խելքի գամ: Իհարկե, նա ձեզ նկատի ուներ: Իհարկե, մենք տարբեր ենք: Հիմա ի՞նչ ասեմ նրան:

ՍՈՒՎԻՆԻ — (ձեռքերն իջեցնելով): Ինքս կխոսեմ:

ՋԻՄ — Շատ լավ: (Նորից մտնում է Շեյքփայրսի գրասենյակը:)

Օկադան բացում է դուռը: Միսս Իլայքսը ներս է խուժում: Օկադան փակում է դուռը: Սուվինին մի պահ կանգնում, նայում է վերելակի փակ դռանը: Նորից վերադառնում է իր սենյակը: Կես ճանապարհը դեռ չանցած՝ Սուվինի Հիմսելֆը բարձրանում է աստիճաններով ու հետևում նրան: Այդ պահին Լյուկը շարժվում է, Ջիմ Լարկը սուլում է: Սուվինին անտարբեր է հեռախոսաձայնին: Նստում է:

Հեռախոսաձայն — (բարկացած): Մայքլ, Մայքլ:

Սուվինի Հիմսելֆը կանգնում է ծառի մոտ:

ԼՅՈՒԿ — (շրջվելով դեպի պատուհանը): Անձրևը կտրվեց:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Եվ մի՞թե արևը չի շողշողում՝ ոսկեծոր…

ՋԻՄ — (մոտենալով պատուհանին): Ոչ, բայց մի թռչնակ ճախրեց:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Դա սովորական ճնճղուկ է…

ԼՅՈՒԿ — Ինչպես երևում է, նորից դուրս պիտի գամ աշխատանք փնտրելու: (Մոտենում է Շեյքփայրսին:) Շնորհակալություն ուտելիքի ու ձեր մարդկային վերաբերմունքի համար: Իսկ հիմա գնամ միստր Սուվինիին մնաս բարով ասելու:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Եթե աշխատանք չգտնեք, նորից վերադարձեք այստեղ:

ԼՅՈՒԿ — Ինձ ուղղակի տուն ու ընտանիք է անհրաժեշտ:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Բացի փառքից, ոչ մեկին ոչինչ պետք չէ: Հուսով եմ, դուք աշխատանք կգտնեք:

ԼՅՈՒԿ — Շնորհակալություն: (Մյուսներին.) Մնաք բարով:

ԲՈԼՈՐԸ — Մնաք բարով:

ՋԻՄ — Ես քսանը մեկի դեմ գրազ կգամ, որ դուք չեք կարող աշխատանք գտնել: Ես որ հանճար եմ՝ չեմ կարողանում, դուք ո՞նց կգտնեք…

ԼՅՈՒԿ — Ուրեմն ես հանճար եմ, որովհետև մի անգամ գտել եմ:

ՊԻՊԵՏՍԿԻ — Իսկ ես միշտ ապուշ եմ եղել: Միշտ անգրագետ:

ԼՅՈՒԿ — Մնաք բարով:

ՊԻՊԵՏՍԿԻ — Ինձ տեսեք՝ ձեզ խղճացեք, կրթություն, կրթություն ստացեք: Դուք բավական ժամանակ ունեք: Իսկ ինձ համար արդեն շատ ուշ է: Անգրագետ եմ իմ ծննդյան փուչ օրից… Ես՝ Պյոտր Արոշա Պիպետսկիս, անգրագետ եմ: Մատուցող… Ախ, ախ, ինչ ասեմ քեզ, Պյոտր: (Բարկությամբ:) Լեյտենանտ էլ ասում են ինձ: Ի՞նչ լեյտենանտ: Կյանքումս ոչ մեկին չեմ սպանել: Սիրտս պայթում է բարկությունից: Կերեք: Բոլորդ կերեք: Խե՜ղճ Պիպետսկի:

ԼՅՈՒԿ — Շնորհակալ եմ, միստր Պիպետսկի:

ՊԻՊԵՏՍԿԻ — Չարժե: Մի փոքրիկ խորհուրդ էլ. գրքեր կարդացեք: Դարձեք իրավաբան: Շատ սովորեք: Ինձ տեսեք՝ ձեզ խղճացեք: Երբեք ձիարշավարան չգնաք, երբե՜ք…

ԼՅՈՒԿ — Շատ լավ, սըր: (Գնում է:)

ՊԻՊԵՏՍԿԻ — (Ջիմին): Ասածներս ձեզ էլ է վերաբերում:

ՋԻՄ — (սուլում է): Ո՞վ խաղա, Ջիմ Լա՞րկը:

ՊԻՊԵՏՍԿԻ — Լարկ-մարկ չգիտեմ, բայց ձիու վրա փող չդնեք:

Լյուկը գնում է Սուվինիի սենյակ: Վախեցած կանգնում է՝ տեսնելով երկու միանման կերպարանքներ:

ԼՅՈՒԿ — (Սուվինի Հիմսելֆին): Ես եկա ձեզ ցտեսություն ասելու, միստր Սուվինի:

ՍՈՒՎԻՆԻ ՀԻՄՍԵԼՖ — Բարի բախտ եմ ցանկանում ձեզ:

Հեռախոսաձայն — Մայքլ, Մայքլ…

ԼՅՈՒԿ — Շնորհակալ եմ: Անձրևը դադարել է: Գնամ նորից աշխատանք փնտրեմ: (Մատնացույց անելով հեռախոսը:) Ինչո՞ւ չեք խոսում այդ կնոջ հետ:

ՍՈՒՎԻՆԻ ՀԻՄՍԵԼՖ — Աշխատանք մի փնտրեք: Դրանից ավելի լավ բան փնտրեք, գուցե գտնեք:

ԼՅՈՒԿ — Ճիշտ է: (Դադար:) Եթե այդ կինն ուզեր խոսել ինձ հետ, կպատասխանեի:

Գնում է: Սուվինի Հիմսելֆը վերցնում է լսափողը, նորից տեղն է դնում: Միսս Իլայքսը բարձրանում է աստիճաններով, վազելով անցնում Լյուկի կողքով, որը դանդաղորեն իջնում է՝ նայելով նրան:

ԼՅՈՒԿ — Անձրևը դադարեց:

Միսս ԻԼԱՅՔՍ — Նա իր սենյակո՞ւմ է:

ԼՅՈՒԿ — Ո՞վ, միստր Սուվինի՞ն: Այո… (Կողմ է քաշվում:)

Միսս Իլայքսը գնում է Սուվինիի սենյակ: Աղջիկը կանգնում, նայում է Սուվինի Հիմսելֆին, որը իջնում է աստիճաններով: Սուվինին ոտքի է ցատկում: Իլայքսը երկար ու սևեռուն նայում է նրան, մոտենում է:

Միսս ԻԼԱՅՔՍ — Կարծում էի՝ գնացած կլինեք:

ՊԻՊԵՏՍԿԻ — (Շեյքփայրսին): Ցտեսություն, Փոքրիկ Հայրիկ: (Ժպտալով:) Ինձ տեսեք՝ ձեզ խղճացեք: Ես պիտի աշխատանքի վերադառնամ: Աշխատանքի… Ինչո՞ւ… Փողի համար: Իսկ ինչքա՛ն փող է պետք: Բավականաչափ: Փողը երբեք չի բավարարում: Ուտելի՞ք: Միշտ կա: Փո՞ղ: Երբե՛ք: Դրա համար եմ ձիու վրա փող դնում: Ինչո՞ւ: Որպեսզի շատ փող ունենամ: Ինչքա՞ն է պետք, Փոքրիկ Հայրիկ… Ահա հիմնական հարցը: Բավականաչափ ի՞նչ…

ՋԻՄ — Ի՞նչ…

ՊԻՊԵՏՍԿԻ — Չգիտեմ: Բավականաչափ: Այն երբեք չի բավարարում: Ես պայթում եմ բարությունից: Գնում եմ ձիարշավի: Ես դեն եմ նետում կյանքս: Ես վաղուց եմ տանուլ տվել այն: Միշտ: Երբեք չի բավարարում: Ես պայթում եմ բարությունից: Ես խաղամոլ եմ: Դեն եմ շպրտում կյանքս: Տարվում եմ: Միշտ: Աշխարհում ոչ մի ձի չկա, որ չպարտվի, եթե ես եմ նրա համար փող դնում: Բոլոր հարցերի հարցը սա է, իսկ դա նշանակում է՝ ես անգրագետ եմ: Իսկ ամենավերջում, նստում եմ սեղանի մոտ և ուտում: Աղաչում եմ՝ ինձ լավ հասկացեք: Ամեն վայրկյան մարդ արարածն այնքա՛ն բան է կորցնում:

ՋԻՄ — Այնքան բան՝ ի՞նչ է կորցնում:

ՊԻՊԵՏՍԿԻ — Կյանք: Կյա՜նք… Մի՞թե ես ողջ եմ: (Բարձրաձայն:) Ոչ: Ես ողջ չեմ: Նայեք մազերիս: Մա՞զ է մնացել… Ես Պիպետսկին չեմ: Հապա ո՞վ եմ:

ՋԻՄ — Այ, էդ մեկը չգիտեմ, բայց եթե արշավաձիերի մասին տեղեկություն է պետք, ասեք:

ՊԻՊԵՏՍԿԻ — Ձիերի վրա գրավ դրեք:

ՋԻՄ — Ո՞վ: Փո՞ղ ունեմ, որ դնեմ: Երեկ ես երեք հաղթող ձի ընտրեցի:

ՊԻՊԵՏՍԿԻ — Ո՞ր ձիարշավարանում:

ՋԻՄ — Բեյ Միդոուզում:

ՊԻՊԵՏՍԿԻ — Հայտնի՞ ձիեր էին:

ՋԻՄ — Չէ, բայց հաղթեցին:

ՊԻՊԵՏՍԿԻ — (գրպանից հանելով լրագիրը): Ո՞ր վազքուղիներում էին:

ՋԻՄ — Հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ:

ՊԻՊԵՏՍԿԻ — (գտնելով համապատասխան բաժինը): Հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ: (Դադար:) Զեվա: Բրաուն Բեթթի: Ջեյզ Բոյ: Բոլոր հարցերի հարցը սա է, իսկ դա նշանակում է՝ այսօր էլ կարո՞ղ եք հաղթող ձիերի անուններ ասել:

ՋԻՄ — Ես դեռ չեմ նայել ձիերի ցուցակը:

ՊԻՊԵՏՍԿԻ — Ահա, նայեք: Աղաչում եմ ձեզ, ինձ համար էլ մի հաղթող ձի ընտրեք: Ես անգրագետ եմ:

ՋԻՄ — Իհարկե: (Երկուսով նստում են իրար կողք՝ ձիեր ընտրելու:)

ՍՈՒՎԻՆԻ — Ինչո՞ւ եկաք:

Միսս ԻԼԱՅՔՍ — Խնդրում եմ, մի բղավեք ինձ վրա:

ՍՈՒՎԻՆԻ — Ես չեմ բղավում: Ինչո՞ւ էիք լաց լինում: Ինչո՞ւ եք եկել այստեղ:

Միսս ԻԼԱՅՔՍ — Որովհետև բոլորդ էլ այնպես տարօրինակ եք ու ցնդած:

ՍՈՒՎԻՆԻ — Ցնդա՞ծ…

Միսս ԻԼԱՅՔՍ — Այո, բոլորդ:

ՍՈՒՎԻՆԻ — (քրքջալով): Հա, բա ի՞նչ… Աշխարհում միայն դուք եք խելոք:

Միսս ԻԼԱՅՔՍ — Ոչ, ոչ:

ՍՈՒՎԻՆԻ — (բարկացած): Ալիսի պես մի խոսեք: (Պտտվում է աղջկա շուրջը:) Ես սիրում եմ ձեզ այնպիսի սիրով, որ երբեք չի եղել աշխարհում: Իսկ ես նույնիսկ չեմ ճանաչում ձեզ: Չնայած դրան, ես սիրում եմ անգամ ձեր շնչած օդը: Այն օդը, որ շնչել եք ծնված օրից: Ես սիրում եմ ձեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթը: Ես ձեզ սիրում եմ, թեկուզ հարյուր տարի առաջ մեռած լինեիք, թեկուզ աշխարհի բոլոր մարդիկ փոխված լինեին ու ոչ ոք չհիշեր ձեզ:

ՋԻՄ — Այդպես… Գրավ դրեք Հյուսիսային Բևեռի վրա՝ երկրորդ վազքուղում:

ՊԻՊԵՏՍԿԻ — Հյուսիսային Բևե՞ռ:

ՋԻՄ — Այո, Հյուսիսային Բևեռի:

ՊԻՊԵՏՍԿԻ — Ես հավատում եմ ձեզ: (Շեյքփայրսին.) Հյուսիսային Բևեռ: Ցտեսություն, Փոքրիկ Հայրիկ: Ես շուտով կվերադառնամ: (Գնում է:)

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Իսկ ո՞րն է ձեր հավատամքը:

ՋԻՄ — Ես հավատում եմ բոլորին, մանավանդ Ջիմ Լարկին: (Սուլում է:) Քունս ո՜նց է տանում… (Շեյքփայրսի սենյակից արագ քայլերով դուրս է գալիս ու մտնում Սուվինիի սենյակ: Դիմելով նրան:) Կարելի՞ է նորից քնել:

ՍՈՒՎԻՆԻ — Իհարկե:

Ջիմը մեկնվում է բազմոցին: Սուվինին հանում է բաճկոնն ու ծածկում նրան:

Միսս ԻԼԱՅՔՍ — Ձեր սերը նման է այն կեղծ փողերին, որ քիչ առաջ տշում էիք:

ՍՈՒՎԻՆԻ — Ես իսկույն ջոկում եմ կեղծն ու անկեղծը, իսկ սիրո մեջ կեղծն ավելի շուտ եմ զգում: Ես սիրում եմ ձեր հորն ու մորը՝ նույնիսկ ձեր ծնվելուց առաջ: Ես սիրում եմ նրանց, երբ դեռ երեխաներ էին ու չէին ճանաչում միմյանց: Ես սիրում եմ նրանց եղբայրներին ու քույրերին, հայրերին, մայրերին, նրանց պապերին ու տատերին: Ընդհանուր հաշվով, ես սիրում եմ յոթ հարյուր մարդու, ովքեր իրար հանդիպելով՝ ձեզ բերին, այս օրվան հասցրին: Ես սիրում եմ նաև կողքի սենյակի այն դաշնամուրը: Ինձ հայտնի է մարդկային կեղծիքը, բայց հիմա միայն ճշմարտությունն եմ ասում: Այո, իմ սերը նման է այն փողին, որ հիմա տշում եմ: Մի՞թե աշխարհում սրանից ճշմարիտ փող կա:

Միսս ԻԼԱՅՔՍ — Ես իմ կյանքում միայն աղքատություն եմ տեսել և փողի այլանդակության ու դավաճանության հանդեպ եղած հարգանք: Ոչ մեկը չի արհամարհում փողը:

ՍՈՒՎԻՆԻ — Իմ ամբողջ կյանքում իմացել եմ միայն արհամարհանք ամեն տեսակ կոպտության ու սատանայության դեմ: Այս սենյակում դուք տեսաք կարիքավոր երեխաներին: Նրանցից փող թաքցնելը վայրենություն է, իսկ փող տալը՝ անիծյալ բան: Ես կարող եմ վստահ այդ բանն ասել ձեզ, որովհետև կապված ենք փողին: Դեռ ոչ մի հիվանդություն չի վհատեցրել իմ էությունը կամ եղծել հոգիս: Ես միայն ստիպված եմ եղել պատկերացնել ցավը: Երբեք իմ մաշկի վրա չեմ զգացել այն: Նայեք ատամներիս: Մազերիս նայեք: Բոլոր ոսկորներս ամուր են պողպատի պես: Դուք տեսաք ընկերոջս, որն ինձ հետ է եղել իմ ողջ կյանքում: Այս աշխարհում միայն նա է ինձ հետ մտերիմ եղել: Եվ ես եմ դեռ մի քիչ կենդանի մնացել ու ոչ թե այդ ծակաչք հարուստը կամ խաբեբան: Իմ տգիտությունը խորն է ու ընդարձակ՝ անտակ անդունդի պես: Իմ տգիտությունը ագահների ու խաբեբաների ամենախորունկ գիտելիքներն են: Ես հրաշալի գիտեմ բոլորի ընկերն ու բարեկամը դառնալու ձևը: Չեմ ուզում մտերմանալ միայն Կյանքի ու Մահվան հետ: Բոլորը զարմանալիորեն բարի են ու անօգնական: Դժբախտությունը միայն այն է, որ նրանք շատ են տկար ու միայնակ: (Նա հատակից վերցնում է գիրքը:) Այս օրերին ես միայն հիմար վեպեր եմ կարդում: Այն օրվանից, ինչ հասկացել եմ, որ ինձ ոչինչ պետք չէ, ոչ մի բան չեմ ուզում:

Միսս ԻԼԱՅՔՍ — (չափազանց արգահատանքով): Դուք ապո՛ւշ եք:

ՍՈՒՎԻՆԻ — Ավելին, քան դուք եք պատկերացնում: Միայն թե ես ի վիճակի եմ հասկանալ իմ ապուշության խորհուրդն ու տագնապը:

Միսս ԻԼԱՅՔՍ — Դուք չար եք և դաժան:

ՍՈՒՎԻՆԻ — Այ, էդ մեկը չեղավ: Ես շատ բարի եմ ու ազնիվ:

Միսս ԻԼԱՅՔՍ — Նաև՝ խենթ:

ՍՈՒՎԻՆԻ — Հնարավոր է: Քրքիջն անպակաս է այս աշխարհի որևէ դիպվածից կամ առարկայից:

Միսս ԻԼԱՅՔՍ — Եթե ես սիրեմ ձեզ, իսկ դուք՝ ինձ, ուրեմն քրքի՞ջ կա այդ սիրո մեջ:

ՍՈՒՎԻՆԻ — Խոսքը մեր մեջ՝ այո: Եվ այդ քրքիջի մեջ է սփոփանքի ու բերկրանքի տարբերությունը:

Միսս ԻԼԱՅՔՍ — Ես միշտ երգեցողություն եմ դասավանդել աղքատ երեխաներին:

ՍՈՒՎԻՆԻ — Աշխարհում ինձ ոչինչ այնքան չի հուզում, որքան իմ հավատը երգող արարածի հանդեպ: Ձեր սանը՝ Ալիսը, մեր կյանքի շնորհն է:

Միսս ԻԼԱՅՔՍ — Նա բարկացած է ձեր վրա:

ՍՈՒՎԻՆԻ — Իսկ դո՞ւք… բարկացած չե՞ք:

Միսս ԻԼԱՅՔՍ — Չգիտեմ: Երևի թե ոչ:

ՍՈՒՎԻՆԻ — Եթե բարկացած չեք, թույլ տվեք այլևս չխոսեմ: Ես ինձ վատ եմ զգում իմ սեփական ձայնից, բառերիս քառասմբակ ապուշությունից: Ինձ պետք չէ ոչ մի բառիմաստ: Աստված է կամեցել, որ հիմա խոսում ենք: Մենք դրան մի կերպ հասանք՝ երգեցողության դասը խանգարելով: Մենք պիտի տարիներով լուռ մնանք և, իրար սիրելուց բացի, ոչինչ չանենք: Գուցե միայն այն ժամանակ, երբ իրար որևէ բան կունենանք ասելու: (Դադար:) Ոչ: Մենք արդեն սկսել ենք հասկանալ մեր լռությունը:

Միսս ԻԼԱՅՔՍ — (նստելով): Ես չեմ խոսում:

Սուվինին նստում է:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Դուք պարողնե՞ր եք:

ՊԵՐԵՍ — Մենք պարել ենք Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Ասիայում: «Պերես և Քոնսուելա»:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Երբ չեք պարում, շա՞տ եք նեղսրտում:

ՊԵՐԵՍ — Պարելիս ենք միայն զգում, որ ապրում ենք: Նախ և առաջ, մեզ փոխըմբռնում է անհրաժեշտ: Չէ՞ որ այնքան ներկայացումներ կան, որոնց պիտի հասնենք մի գիշերվա ընթացքում: Հետո՝ զգեստների հարցը: Երբեմն յուրաքանչյուրիս յոթական զգեստ է պետք: Շատ կարևոր է բեմահարթակը, երաժշտությունը, որ հաճախ Բրամսից է կամ Բախից: Լույսերը, մեր մուտքը, պարը… Բոլորն էլ կարևոր են: Իսկ վերջում փող ենք ունենում ու նամակներ գրում մեր բարեկամներին: Ախր, երեք տարի կլինի՝ նամակ չենք գրել:

ՔՈՆՍՈՒԵԼԱ — Ճիշտն ասած, գրելու բան էլ չկա, ի՞նչ գրենք:

ՊԵՐԵՍ — Ես պետք է լավ հիշեմ ծրագրերը, քննադատների կարծիքները, սրճարաններին ու թատրոններին կպցրած ազդագրերը, ծափահարությունները… Բայց, ճիշտն ասած, ծափահարությունը նշանակություն չունի:

ՔՈՆՍՈՒԵԼԱ — Մենք դա հասկացանք Բոստոնում: Երկուսով էլ շատ հոգնած ու բարկացած էինք: Մի ամբողջ շաբաթ վիճել էինք իրար հետ: Սովորաբար լավ ենք պարում վիճելուց առաջ, բայց այդ երեկո մեր պարը բոլորովին չստացվեց: Ոնց որ չոր փայտ լինեինք: Ճիշտ է, մեզ երբեք այդքան չէին ծափահարել, բայց մենք… ամոթից կարմրել էինք:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Ամաչո՞ւմ էիք:

ՊԵՐԵՍ — Այո:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Ինչո՞ւ:

ՔՈՆՍՈՒԵԼԱ — Չէ՞ որ տարբերություն կա վատի ու լավի մեջ: Ամոթ է, երբ երկուսի համար էլ ծափահարում են:

ՊԵՐԵՍ — Այդ երեկոյից հետո ավելի լավ էինք պարում, բայց ծափերը հետզհետե նվազում էին:

ՔՈՆՍՈՒԵԼԱ — Իսկ հիմա, երբ վերջապես գոհ ենք մեր պարից, նույնիսկ գարեջրատանը աշխատանք չենք կարողանում գտնել:

ՊԵՐԵՍ — Ինչ գործ տան՝ կանենք:

ՔՈՆՍՈՒԵԼԱ — Թեկուզ գարեջրատանը:

ՊԵՐԵՍ — Ինչ գործ ուզում է լինի…

ՔՈՆՍՈՒԵԼԱ — Չնայած լավից-վատից՝ պարողներ ենք:

ՊԵՐԵՍ — Բայց պատրաստ ենք ամեն տեսակ աշխատանք կատարել: (Քոնսուելային.) Տիկին: (Կանգնում է, գլուխ տալիս: Քոնսուելան, պարուհուն հատուկ շարժումով, բռնում է ամուսնու ձեռքը:)

ՔՈՆՍՈՒԵԼԱ — Ամուսնյա՛կս:

Նրանք սկսում են պարել, մինչդեռ Շեյքփայրսը նայում է նրանց:

ՋԻՄ — (քունը գլխին): Հա, հաաաաաաա՜հ… (Սուվինին և միսս Իլայքսը թեքվում են նրա կողմը՝ ծնողական գուրգուրանքով նայում, կարծես իրենց հիվանդ երեխան լինի:) Մի ժամանակ, երբ ես ծառի վրա էի ապրում, թռչունները երկնքից ճախրում էին վար ու երգում ինձ համար: Նրանք երգում էին. «Ջիմ Լարկ, հե՜յ, Ջիմ Լարկ…»: Թռչուններն ինձ ուտելիք էին բերում: Իմ ամենամտերիմ ընկերը արծիվն էր: Բայց մի կկվի հետ էլ էի ծանոթ, նրա ճտերի հետ էլ: Բոլոր տեսակի թռչուններն ինձ ծանոթ էին: Ինքս կիսով չափ թռչուն եմ: Չէ՞ որ անունս Լարկ է: Մի երկու տարի դպրոց եմ գնացել, դա է եղել, թե չէ մինչև օրս երևի ծառի վրա ապրեի: Երբ պետք է, նաև մարդկանց հետ եմ ապրում, բայց, ի տարբերություն մարդկանց, թռչուններին տարածություն է պետք: Ինձ էլ շատ է անհրաժեշտ:

Օկադան բացում է վերելակի դուռը և Սուվինիի կինը՝ Հելենը, դուրս է գալիս, միջանցքով քայլում դեպի Սուվինիի սենյակը: Միսս Իլայքսն ուզում է դուրս գնալ՝ տեսնելով Հելենին: Սուվինին մատը շուրթերին է դնում՝ սըը՜ս… Հետո մատնացույց է անում քնած Ջիմին: Հելենը բարկացած պտտվում է տեղում: Սի քանի անգամ փորձում է բացել բերանը, սակայն Սուվինին լռեցնում է նույն կերպ:

ՋԻՄ — Հաաաահ… թռչունները, թռչունները: Ծառերը և թռչունները: Առողջ, ամուր, կանաչ ծառերը և հպարտ, ճախրող թռչունները:

Հելենը բացում է ձեռքի պայուսակը, հանում թղթի կտոր ու մատիտ: Երկտող է գրում, տալիս Սուվինիին: Նա կարդում և թափահարում է գլուխը: Հելենը խլում է երկտողը, նորից է գրում: Սուվինին կարդում, նորից թափահարում է գլուխը:

ՀԵԼԵՆ — (բարկացած): Ես ուզում եմ խոսել քեզ հետ, Մայքլ:

ՍՈՒՎԻՆԻ — Հիմա հնարավոր չէ:

ՋԻՄ — (քնատ, սեփական ձայնից բավականություն ստանալով): Հա, հաաահ…

ՀԵԼԵՆ — Սա՞ ով է:

ՍՈՒՎԻՆԻ — Ջիմ Լարկը: Մի ժամանակ ծառի վրա է ապրել: Նրա ամենամտերիմ ընկերը արծիվն է եղել, բայց ծանոթ է եղել նաև կկվի հետ: Ինչո՞ւ ես եկել:

ՀԵԼԵՆ — Երբ զանգում էի, ինչո՞ւ չէիր պատասխանում: Ի՞նչ են նշանակում այս բոլոր հիմարությունները:

ՍՈՒՎԻՆԻ — Հիմարությո՞ւն…

ՀԵԼԵՆ — Այո, հիմարություն:

Ջիմը հանկարծ սուլում է: Հելենը վախեցած ընկրկում է:

ՋԻՄ — Հա, հաաաահ…

ՀԵԼԵՆ — Ի՞նչ է պատահել նրան:

ՍՈՒՎԻՆԻ — Ոչինչ, ուղղակի նա հանճար է:

ՀԵԼԵՆ — Իսկ դա լա՞վ բան է:

ՍՈՒՎԻՆԻ — Ոչ, բայց պարտադիր է նրա համար:

ՀԵԼԵՆ — Իսկ ո՞վ է այս երիտասարդ կինը:

ՍՈՒՎԻՆԻ — Միսս Իլայքս, ծանոթացեք, կինս է՝ Հելենը:

ՀԵԼԵՆ — Բարև ձեզ:

Միսս Իլայքսը հանկարծ տեղից ելնում, վազում է իր սենյակը և սկսում դաշնամուր նվագել՝ շատ բարձր ու բարկացած: Պերեսն ու Քոնսուելան պարում են այդ երաժշտության տակ:

ՍՈՒՎԻՆԻ — Նա երեխաներին երգեցողություն է սովորեցնում:

ՀԵԼԵՆ — Իսկ քեզ, քեզ… չի՞ սովորեցնում:

ՍՈՒՎԻՆԻ — Ոչ, բայց նա ավելի բնական է ու խելամիտ, քան որևէ մեկն այս աշխարհում:

ՀԵԼԵՆ — Դրանով ի՞նչ ես ուզում ասել:

ՍՈՒՎԻՆԻ — Ուզում եմ ասել՝ գնա տուն, էլ այստեղ մի գա:

ՀԵԼԵՆ — (մի կողմ հրելով միսս Իլայքսի աթոռը): Գրկիր ինձ, համբուրիր, Մայքլ:

ՍՈՒՎԻՆԻ — Գռեհիկ բաներ մի ասա:

ՀԵԼԵՆ — Ասում եմ՝ գրկիր ինձ:

ՍՈՒՎԻՆԻ — (գրկում է Հելենին, համբուրում ու կողմ հրում): Իսկ հիմա գնա:

ՀԵԼԵՆ — Ես սիրում եմ քեզ, դու էլ՝ ինձ: Եթե ուզում ես ինձ անհանգստացնել, շտապիր, քանի ուշ չէ:

ՍՈՒՎԻՆԻ — Ոչ ես եմ քեզ սիրում, ոչ էլ դու՝ ինձ: Ուղղակի այնպես է ստացվել, որ ամուսնացել ենք: Էդքան բան: Մենք իրար սիրել ենք ընդամենը մի քանի շաբաթ, այն էլ, Տե՜ր Աստված… ե՞րբ էր դա:

ՀԵԼԵՆ — Մենք նորից կսիրենք իրար:

Դաշնամուրի ձայնն ու պարի ռիթմերն աստիճանաբար ուժգնանում են: Շեյքփայրսը միջանցք է դուրս գալիս, հարբած է:

Օկադան բացում է վերելակի դուռը, դուրս է վազում Պիպետսկին: Օկադան փակում է դուռը:

ՊԻՊԵՏՍԿԻ — Փոքրիկ Հայրիկ, այդ ձին՝ «Հյուսիսային բևեռը», հաղթեց: Ո՞ւր է այն տղան: (Արթնացնում է Ջիմին:)

ՋԻՄ — Ի՞նչ է եղել… ի՞նչ…

ՊԻՊԵՏՍԿԻ — «Հյուսիսային բևեռը»՝ այդ ձին, հաղթեց:

ՀԵԼԵՆ — Իսկ այս մարդիկ ովքե՞ր են:

ՊԻՊԵՏՍԿԻ — Նա հաղթեց: Նա հաղթեց բոլոր տարածություններում: Հինգ… Այդ ձին շահեց վեց հազար վեց հարյուր քառասուն դոլար: Հազար վեց հարյուր քառասուն…

ՋԻՄ — Ինչքա՞ն շահեցիք:

ՊԻՊԵՏՍԿԻ — (ծունկի գալով): Խնդրում եմ, ներեք ինձ: Աղաչում եմ…

ՋԻՄ — Ի՞նչ…

ՊԻՊԵՏՍԿԻ — Ես «Հյուսիսային բևեռի» համար գրավ չդրեցի: Ճիշտ է, հավատացի ձեզ, բայց խաղագումարն ուրիշ ձիու համար… Վերջին պահին Ինկայի վրա… Ինկա… Ախ, Ինկա… Ահա հիմնական պատճառը, իսկ դա նշանակում է՝ ես անգրագետ եմ: Անգրագետ…

ՍՈՒՎԻՆԻ — Տեր Աստված, մինչև հիմա սրանք փողի մասին են մտածել: (Գրպանից հանում է փողի կապուկը, սփռում շուրջը, սկսում տշել:)

ՀԵԼԵՆ — Վերջ տուր, Մայքլ:

ՊԻՊԵՏՍԿԻ — (անհանգստացած): Փողը… տշում է…

ՋԻՄ — Դա իսկական փող չէ: Ոտքի կանգնեք… մարդավարի… Տվեք ինձ ձիերի լրիվ ցուցակը, ձեզ ուրիշ հաղթող ձի կընտրեմ:

ՊԻՊԵՏՍԿԻ — (զննելով թղթադրամներից մեկը, շպրտում ու ոտքի է կանգնում): Խնդրում եմ, ինձ ներեք: Ես անհավատի մեկն եմ: Այս անգամ խոստանում եմ ձեր ընտրած ձիով հաղթել:

Օկադան բացում է վերելակի դուռը: Դուրս է գալիս Լյուկը՝ մոտ տասնութ տարեկան աղջկա ձեռքը բռնած: Մտնում են Սուվինիի սենյակը: Աղջիկը զարմացած է հատակին փռված փողերից:

ԼՅՈՒԿ — Սա իսկական փող չէ: Առավոտյան ես էլ էի տշում: Միստր Սուվինի, ես, ճիշտ է, աշխատանք չգտա, բայց գտա Եվանգելին:

ՍՈՒՎԻՆԻ — (հուզված նայում է աղջկան): Եվանգել… ճիշտ որ՝ հրեշտակ:

ԼՅՈՒԿ — Մենք նույն ֆաբրիկայում էինք աշխատանք փնտրում:

Ներս է մտնում Շեյքփայրսը: Համբուրում է Եվանգելի ճակատը, հետո մոտենում, համբուրում է Հելենի ճակատը:

ՀԵԼԵՆ — Շնորհակալություն: (Դադար:) Մայքլ, ովքե՞ր են այս մարդիկ:

ԼՅՈՒԿ — Ճիշտ է, հրեշտակն իրեն յոթերորդ երկնքում է զգում, բայց երևի սոված մեռնում է:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Մի՞թե նա քաղցած է: Լեյտենանտ…

ՊԻՊԵՏՍԿԻ — Լսում եմ, Փոքրիկ Հայրիկ: (Մատնացույց անելով Ջիմին:) Այս տղան ինձ համար ուրիշ հաղթող ձի է ընտրում: (Ջիմին.) Տեսնես ո՞րը կլինի:

ՋԻՄ — Թուրնըվայրը:

ՊԻՊԵՏՍԿԻ — Թուրնըվայրը: Շնորհակալություն: Հիմնական հարցը սա է՝ Թուրնըվայր: Տասներկու: Հիմա, Փոքրիկ Հայրիկ: (Վազում է դուրս:)

Ներս է մտնում Օկադան: Սուվինին շտապում է նրա մոտ, վերցնում է դույլն ու ջրում ծառը: Օկադան սկսում է ավլել փողը: Ալիսն ու նրա մայրը՝ միսիս Միրիամ Լիլայքիկը, բարձրանում են աստիճաններով:

ԱԼԻՍ — (բարկացած): Ես բոլորովին չեմ կարողանում երգել, մամա: Վե՛րջ: Իսկ այդ ամենի պատճառը նա եղավ:

Միսիս ԼԻԼԱՅՔԻԿ — (խոսում է առոգանությամբ): Փորձիր, փորձիր: Նորից երգիր, մինչև տեսնենք՝ միսս Իլայքսն ինչ է ասում:

ԱԼԻՍ — Լավ, մայրիկ:

Միսս Իլայքսի դաշնամուրի նվագն այժմ հասնում է Ալիսի հաճելի, մեղմ արիայի նախերգին: Աղջիկը հիմա հրաշալի է երգում: Նա կատարում է ողջ դերերգը: Այդ պահին գալիս է Օկադայի որդի Կիրոկին ու ժպտալով կանգնում հոր ետևում: Սուվինի Հիմսելֆը բարձրանում է աստիճաններով, մի պահ լսում երգը, շրջվում ու հեռանում է: Նախ Սուվինին, հետո բոլորը հերթով ձայնակցում են Ալիսին:

ՇԵՅՔՓԱՅՐՍ — Իսկ ես… քնեմ: Խորը քնեմ… (Մեկնվում է բազմոցին, քնում:)

Փոստատարն է բարձրանում աստիճաններով: Լսում է երգը, ձայնակցում: Դիտում է Պերեսի ու Քոնսուելայի պարը: Մտնում է Սուվինիի սենյակը: Ալիսն ավարտում է դերերգը: Միսս Իլայքսը դադարում է նվագել: Պերեսն ու Քոնսուելան նստում են սեղանի մոտ, նայում միմյանց՝ գլուխները տարուբերելով: Միջանցքում երևում է միսս Իլայքսը:

ՓՈՍՏԱՏԱՐ — Հեռագիր Ֆրենսիս Շեյքփայրսի անունով: Ի՞նչ է կատարվում այս տանը:

ՍՈՒՎԻՆԻ — Միստր Շեյքփայրսը նա է:

ՓՈՍՏԱՏԱՐ — Իսկ ի՞նչ է պատահել նրան:

ՍՈՒՎԻՆԻ — Ոչինչ, նա պարզապես մահացել է:

ԼՅՈՒԿ — Հաստա՞տ:

ՍՈՒՎԻՆԻ — Ես նրան տեսա արծվի պես անսահման տարածության մեջ ճախրելիս: Նա մեռած է:

Բոլորը հավաքվում են Շեյքփայրսի շուրջը:

ՓՈՍՏԱՏԱՐ — Եթե ասում եք՝ մեռած է, ուրեմն մեռած է: Հանգուցյալին հեռագիր հանձնե՞լ կլինի: Եթե ճանապարհին չմտնեի բար ու մի բաժակ կոկա-կոլա չխմեի, երևի հասցնեի…

ԿԻՐՈԿԻ — (մատնացույց անելով Շեյքփայրսին, խոսում է ճապոներեն): Նա մեռա՞ծ է:

ՕԿԱԴԱ — (ճապոներեն խոսելով ու տղային բարձրացնելով գլխավերևում՝ պրոֆեսիոնալ մարմնամարզիկի պես. նրանք զանազան վարժություններ են կատարում մինչև պատկերի ավարտը): Նա ծեր մարդ էր, Կիրոկի:

ՓՈՍՏԱՏԱՐ — Լավ կլինի, եթե հեռագիրը ետ ուղարկեմ գրասենյակ:

ԼՅՈՒԿ — Ի՞նչ է գրված հեռագրում:

ՓՈՍՏԱՏԱՐ — Այդ հեռագիրը Ֆրենսիս Շեյքփայրսինն է, ոչ թե իմը կամ ձերը, որ կարդամ:

ՍՈՒՎԻՆԻ — Ֆրենսիս Շեյքփայրսը նա է, կարդացեք:

ՓՈՍՏԱՏԱՐ — Բայց այս մարդը մեռած է:

ՍՈՒՎԻՆԻ — Կարդացեք:

Փոստատարը պատռում է ծրարը, հանում հեռագիրն ու կարկամում: Բոլորը հավաքվում են նրա շուրջը:

ՓՈՍՏԱՏԱՐ — Ինչ-որ տեղ սխալ է կատարվել: Սա լուր չէ:

ՍՈՒՎԻՆԻ — Սխալ չէ, կարդացեք:

ՓՈՍՏԱՏԱՐ — Ո՞նց կարդամ, ոչ լուր են ուղարկել, ոչ բան… Ինչ-որ տեղ սխալ է կատարվել: Իմ կյանքում ես այսպիսի հեռագիր չեմ տեսել:

ՍՈՒՎԻՆԻ — Դա այնպիսի հեռագիր է, որ մարդ ստանում է մեռնելիս:

ՓՈՍՏԱՏԱՐ — Չէ, ինչ-որ տեղ սխալ է կատարվել: (Հեռագիրն ու ծրարը գցում է հատակին, գնում:)

ՍՈՒՎԻՆԻ — (միջանցքում հանում է փողի կապուկը): Տեսնո՞ւմ եք, իսկական փող է:

ՓՈՍՏԱՏԱՐ — (նայելով թղթադրամին): Հարյուր դոլա՞ր… Օ՜, շնորհակալություն, միստր: (Գնում է:)

Սուվինին վերադառնում է սենյակ: Բոլորը կանգնած են Շեյքփայրսի շուրջը: Ջիմը սուլում է: Օկադան ու Կիրոկին ճկուն ու գեղեցիկ մարմնամարզական հնարքներ են ցուցադրում:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ

Կրկին Սուվինիի սենյակն է: Երեկոյան ժամը վեցից անց է: Ծառը հիմա շատ փարթամ է: Անձրևը դադարել է: Արևամուտ է: Կից սենյակում միսս Իլայքսը մեղմ ու տխուր մեղեդի է նվագում: Սենյակը դատարկ է: Հեռախոսազանգ:

ՋԻՄ ԼԱՐԿԻ ձայնը — Հավիտյանս հավիտենից՝ հեռախոսազանգ: Միշտ մեկն ուզում է խոսել մեկի հետ: (Նորից հեռախոսազանգ: Ջիմը գլուխը թաքցնում է ճյուղերի մեջ: Նա շատ անհանգիստ է:) Լռեք:

ՀԵԼԵՆ ՍՈՒՎԻՆԻԻ ձայնը — Ինչ ասացի՞ք, երիտասարդ:

ՋԻՄ — Սուվինին այստեղ չէ, իսկ ինձ մի անհանգստացրեք: Ճիշտ է, դուք գեղեցիկ եք և այլն, և այլն, և այլն, բայց հո չի՞ կարելի այդքան զանգել… (Նորից հեռախոսազանգ:) Ասացի՝ վե՛րջ տվեք: Արդեն շատ եք աղմկում: Երբ զանգում եք, ինձ թվում է՝ ինչ-որ բան է կատարվելու: Ինչո՞ւ եք իզուր տեղն ինձ վախեցնում: Ինչ է պատահելո՞ւ… Հեչ: Ողջ գիշերը պիտի թափառեմ քաղաքում: Ինչո՞ւ եք զանգում: (Նորից հեռախոսազանգ:) Խորհուրդ եմ տալիս, հեռախոսը մի կողմ դրեք ու որևէ հայտնի գրողի գիրք կարդացեք: Մի քիչ կենսաբանություն, կամ դրա նման բան կարդացեք: Պոեզիա և փիլիսոփայություն կարդացեք: Գուցե օգտակար լինի ձեզ: Լրագրեր և «Էնո Սոլթի» շշի վրայի պիտակը կարդացեք: Կինո գնացեք: Որևէ տեղ գնացեք ու մեռեք: Էլ մի հնչեցրեք զանգակները: (Նորից հեռախոսազանգ:) Ես զգուշացնում եմ: (Նորից հեռախոսազանգ: Ջիմը կատաղությունից կաս-կարմիր է կտրում:) Հա՞… Դե լավ, ես մեղավոր չեմ: (Կտրում է հեռախոսալարը:) Հիմա լա՞վ է: Թե չէ շարունակ՝ զընգ, զընգ հա զընգ… (Մոտենում է ծառին, սկսում մագլցել: Նորից հեռախոսազանգ:) Ի՞նչ… Ինձ ձեռ չառնես, հա՜, քույրիկ… Իմ անունը Ջիմ Լարկ է: (Նորից հեռախոսազանգ: Ջիմը ծառից իջնում է, վերցնում հեռախոսն ու պատուհանից դուրս է շպրտում: Այդ պահին մի աղավնի է երևում: Լսվում է ճիչ:) Հիմա մի քիչ կհանգստանամ: (Նորից հեռախոսազանգ:) Ախ, հիմարնե՛ր… (Ջիմը նորից է մագլցում ծառն ու անհետանում ճյուղերի մեջ:) Փչացած մարդիկ: Տնաշենները ոչ վարվեցողություն գիտեն, ոչ բան… Անգրագետնե՛ր: Գռեհիկնե՛ր: Ապուշնե՛ր: Եսասերնե՛ր: Ասում եմ՝ Ջիմ Լարկի հետ չի կարելի կատակել, ուրեմն՝ չի կարելի:

Միջահասակ, փոքրամարմին մի մարդ ներս է մտնում՝ ձեռքին կոտրված հեռախոսը: Մյուս ձեռքի ափը դրել է գլխին: Նրա անունը Այկ Հեփբո է:

ՀԵՓԲՈ — Որ բռնել եմ, է՜… Հեյ, հեռախոսով ո՞վ խփեց գլխիս: Բարև ձեզ: Ո՞վ կա այստեղ:

ՋԻՄ — Ոչ ոք:

Հեռախոսազանգ: Հեփբոն նայում է շուրջը, կոտրված ընկալուչը մոտեցնում է ականջին:

ՀԵՓԲՈ — Հելլո՜:

ՋԻՄ — Նրան ասացեք՝ այստեղ ոչ ոք չկա:

ՀԵՓԲՈ — Ո՞վ: Մայքլ Սուվինի՞ն: Ոչ, ոչ… Ես Այկ Հեփբոն եմ: Այկ Հեփբոն: Ա.Յ.Կ. Այկ: Հ.Ե.Փ.Բ.Ո. Հեփբո: Ինչ-որ մեկը պատուհանից հեռախոսը գցեց գլխիս: Պատկերացնո՞ւմ եք, «Ռնգեղջյուրների պահպանության ընկերության» անդամի գլխին: (Ջիմը ծիկրակում է սաղարթների միջից:) Ըհը՛: Ուղիղ գլխիս կպավ: Այո, գանգիս: Այո, միսս: Որ բռնել եմ, է՛… (Որոշ ժամանակ լսում է՝ գլխով անելով ու ժպտալով:) Այո, միսս: Ցտեսություն: (Կախում է ընկալուչը: Հեռախոսը դնում է հատակին: Շփում է գլուխը: Շուրջն է նայում:) Էս մեծ ծա՞ռն ինչ գործ ունի այստեղ: (Դադար:) Անմտություն է ամբողջ կյանքում սպասել ոչնչին:

ՋԻՄ — Ո՞վ է սպասում:

ՀԵՓԲՈ — Ես:

ՋԻՄ — Դո՞ւ, այ թեթևքաշային տղա:

ՀԵՓԲՈ — Թերքա՞շ: Այո, ես փոքր եմ ծնվել և Աստված գիտի՝ ինչու…

Հեռախոսազանգ:

ՋԻՄ — Պատասխանեք այղ գրողի տարած հեռախոսին: Հիմա՞ ինչ է ուզում այդ կինը:

ՀԵՓԲՈ — (հեռախոսով): Հելլո… Ոչ, միսս: Ոչ… այո, միսս: (Կախում է ընկալուչը:)

ՋԻՄ — Ի՞նչ է ուզում այդ կինը:

ՀԵՓԲՈ — Ասում է՝ Սուվինին թող զանգի: (Հատակից վերցնում է հեռագիրը:) Էս ի՞նչ հեռագիր է: (Կարդում է:) Ֆրենսիս Շեյքփայրս: Գիրի փողոց 123, Սան Ֆրացիսկո: Ջիմ Լարկին ասեք…

ՋԻՄ — (հուզված, բայց դեռ ծառին): Ջիմ Լարկի՞ն:

ՀԵՓԲՈ — Այո:

ՋԻՄ — Ի՛նչ է, կարծում եք, հեռագի՞ր են ուղարկել:

ՀԵՓԲՈ — Իհարկե:

ՋԻՄ — Շարունակեք, հետո՞:

ՀԵՓԲՈ — Թույլ տվեք ակնոցս դնեմ:

ՋԻՄ — Լավ էլ սազում է… կարդացեք:

ՀԵՓԲՈ — Ֆրենսիս Շեյքփայրս, 123…

ՋԻՄ — Դա լսեցի: Հետո՞:

ՀԵՓԲՈ — Իսկ ո՞վ է Ֆրենսիս Շեյքփայրսը:

ՋԻՄ — Նա ծեր մարդ է: Մի քանի րոպե առաջ մահացավ: Եթե փոստատարը մի քիչ շուտ գար, հեռագիրը նրան կտար:

ՀԵՓԲՈ — Մեռա՞վ:

ՋԻՄ — Ըհը: Ո՞նց ասեմ… նա դադարեց շնչել: Կարդացեք հեռագիրը:

ՀԵՓԲՈ — Այստեղ գրված է. «Հայտնեք Ջիմ Լարկին…»: Իսկ ո՞վ է Ջիմ Լարկը:

ՋԻՄ — Ձեր ի՞նչ գործն է: Մինչև վերջ կարդացեք հեռագիրը:

ՀԵՓԲՈ — Հայտնեք Ջիմ Լարկին… (Ներս է մտնում Սուվինին: Հեփբոն շրջվում է:)

ՋԻՄ — (բղավում է): Գրողը տանի, ո՞ւմ եք սպասում: Կարդացե՛ք հեռագիրը:

ՀԵՓԲՈ — Ինչ-որ մեկը պատուհանից հեռախոսը գցեց գլխիս:

ՍՈՒՎԻՆԻ — Շա՞տ ցավեց:

ՀԵՓԲՈ — Որ կպավ, մտածեցի՝ մեռա: Բայց չէ, լավ պրծա: Իմ կարծիքով, ես ձիու պես ուժեղ մարդ եմ: Ճիշտ է, գլուխս լավ ուռել է, բայց դեռ կարողանում եմ մտածել: Դո՞ւք եք Մայքլ Սուվինին:

ՍՈՒՎԻՆԻ — Այո:

ՀԵՓԲՈ — Իմ անունը Այկ Հեփբո է: Հելենն ուզում է, որ հենց այս րոպեին զանգեք իրեն: Այս ծերուկն իրո՞ք մահացել է:

ՍՈՒՎԻՆԻ — Դուք նկատի ունեք Շեյքփայրսի՞ն… Այո, նա մահացել է:

ՀԵՓԲՈ — Լրի՞վ:

ՍՈՒՎԻՆԻ — Այո, լրիվ մահացել է:

ՀԵՓԲՈ — Իսկ ի՞նչ ասաց վերջին անգամ:

ՍՈՒՎԻՆԻ — Ոնց որ ասաց՝ հիմա արդեն պատրաստ եմ քնելու… կամ դրա նման մի բան…

ՀԵՓԲՈ — Իսկ մի տղա մեռնելիս ասաց՝ մնաք բարով, բարեկամներ, թող Աստված օգնական լինի ձեզ: Հիմա այդ տղայի անունը չեմ հիշում, բայց ես համարյա հազար նշանավոր մարդկանց վերջին խոսքերն եմ կարդացել մեռնելու պահին:

ՍՈՒՎԻՆԻ — Իսկ ձեր գլուխը ո՞նց է:

ՀԵՓԲՈ — Իմ գլուխը հիմա շատ լավ է:

ՍՈՒՎԻՆԻ — Ուրիշ տեղ հո չի՞ ցավում:

ՀԵՓԲՈ — (բարձրացնում է շալվարը): Ծունկս է: Երբեմն փայտանում է: Չգիտե՞ք՝ ինչից կլինի:

ՍՈՒՎԻՆԻ — Ոչ:

ՀԵՓԲՈ — Ես էլ չգիտեմ: Բայց ցավում է:

ՍՈՒՎԻՆԻ — Իսկ չե՞ք բուժում:

ՀԵՓԲՈ — Բուժում եմ: Ասպիրին եմ խմում: Էս հսկայական ծա՞ռն ինչ գործ ունի այստեղ:

ՍՈՒՎԻՆԻ — Չգիտեմ: Երևի ժամանակակից հրաշք է:

ՀԵՓԲՈ — Հա, քիչ մնաց՝ մոռանայի: Հելենը երկու անգամ զանգեց:

ՍՈՒՎԻՆԻ — Շնորհակալություն:

Հեփբոն հեռագիրը դնում է գրպանն ու գնում: Ջիմը ծառից իջնում ու շտապում է այնտեղ, ուր փոստատարը գցել էր հեռագիրը:

ՋԻՄ — Հեռագիրն ո՞ւր չքացավ… երևի այդ տղան վերցրեց: Եթե ռուս մատուցողը գա, ասեք, թող սպասի ինձ: Նա խոստացավ Թուրնըվայրի վրա գրավ դնել: Նա անգամ սենդվիչներ չբերեց: (Դուրս է վազում:)

Միսս Իլայքսն ավարտում է նվագը: Սուվինին կանգնում է ծառի մոտ: Միսս Իլայքսը մի գիրկ ծաղիկներով ներս է մտնում: Սուվինին մագլցում է ծառն ու անհետանում ճյուղերի մեջ:

Միսս ԻԼԱՅՔՍ — Եթե ինձ սիրում եք, իջեք ծառից:

ՍՈՒՎԻՆԻ — Ես այլևս չեմ ուզում սակարկել:

Միսս ԻԼԱՅՔՍ — Հիմա դուք ի՞նչ թռչուն եք:

ՍՈՒՎԻՆԻ — Թռչո՞ւն… ի՞նչ թռչուն: Դուք սիրած ունե՞ք:

Միսս ԻԼԱՅՔՍ — Նա սիրեկան չէ:

ՍՈՒՎԻՆԻ — Կարևոր չէ՝ ով է: Նա ձեր սիրածն է:

Միսս ԻԼԱՅՔՍ — Ես ձեզ համար ծաղիկներ եմ գնել:

ՍՈՒՎԻՆԻ — (գլուխը հանելով ճյուղերի միջից): Ծաղիկնե՞ր… (Քնքշորեն ժպտում է:) Գնացեք ձեր դաշնամուրի մոտ:

Միսս ԻԼԱՅՔՍ — Եթե ինձ սիրում եք, վերցրեք ծաղիկները:

ՍՈՒՎԻՆԻ — Գնացեք ու նորից նվագեք:

Միսս ԻԼԱՅՔՍ — Իջեք ծառից: Ծառի վրա այնքա՜ն խղճուկ տեսք ունեք:

ՍՈՒՎԻՆԻ — Գետնի վրա իմ տեսքն ավելի խղճուկ է:

Միսս ԻԼԱՅՔՍ — Դուք սիրո՞ւմ եք կյանքը:

ՍՈՒՎԻՆԻ — Ես սիրում եմ կյանքի երազն ու երազողներին:

Միսս ԻԼԱՅՔՍ — Իջեք, վերցրեք այս ծաղիկները: Ահա՝ մարգարտածաղիկներ: Ես ձեզ վարդեր էլ կնվիրեի, բայց դրանք արդեն թառամել են:

ՍՈՒՎԻՆԻ — Ի՞նչ է ձեր սիրեկանի անունը:

Միսս ԻԼԱՅՔՍ — Մոռացելեմ:

ՍՈՒՎԻՆԻ — Հիշեք, խնդրում եմ:

Միսս ԻԼԱՅՔՍ — Փոլ:

ՍՈՒՎԻՆԻ — Այդ ծաղիկները նրան նվիրեք:

Միսս ԻԼԱՅՔՍ — Այս մեկը ձերն է: (Ծաղիկը գցում է հատակին:) Իսկ սա՝ իմն է: (Գցում է հատակին:) Այս մեկը ձերն է: Սա՝ նույնպես: Բոլորը ձերն են: (Ծաղիկները սփռում է շուրջը, սկսում տշել այնպես, ինչպես Սուվինին փողն էր տշում:)

Միսս Իլայքսը գնում է: Սուվինին գլուխը նորից թաքցնում է ծառի ճյուղերի մեջ: Ներս է մտնում Պիպետսկին:

ՊԻՊԵՏՍԿԻ — Ծաղիկնե՞ր… (Կռանում է, հոտոտում:) Ուուֆ… Որևէ մեկը մահացե՞լ է: Ինչ-որ բա՞ն է ավարտվել:

ՍՈՒՎԻՆԻ — Նա է մահացել:

ՊԻՊԵՏՍԿԻ — Նա՞: (Կիսով չափ տեղից վեր կենալով:) Ո՞վ:

ՍՈՒՎԻՆԻ — Հարևանս:

ՊԻՊԵՏՍԿԻ — Իմ Փոքրիկ Հայրի՞կը…

ՍՈՒՎԻՆԻ — Այն ծերուկը: Նա քնած ժամանակ մեռավ:

Պիպետսկին փլվում է հատակին՝ մեղմ արտասվելով: Հանկարծ հավաքում է իրեն, զինվորականի պես կրունկները շրխկացնելով՝ պատիվ տալիս տասնհինգ վայրկյանի չափ, հետո ձեռքն իջեցնում է:

ՊԻՊԵՏՍԿԻ — Ախր, խնդրում էի նրան, չէ՞… ասում էի՝ կերե՛ք, կերե՛ք, Փոքրիկ Հայրիկ… Ամեն օր ռեստորան եկեք, ասում էի… ճի՞շտ եք ասում, նա մեռա՞ծ է:

ՍՈՒՎԻՆԻ — Այո:

ՊԻՊԵՏՍԿԻ — Ուրեմն ես նույնպես մեռած եմ: Ահա խնդիրը, իսկ դա նշանակում է՝ ես հանգուցյալից ավելի վատն եմ: Թուրնըվայր: Ա՜խ Թուրնըվայր… Այդ տղան ինձ մի ձիու անուն տվեց՝ «Հյուսիսային բևեռ»: Ես նրա վրա գրավ չդրեցի: Ինկայի վրա դրեցի: Բայց հաղթեց «Հյուսիսային բևեռը»: Այդ հանճարեղ տղան մեկ այլ ձիու անուն տվեց՝ «Թուրնըվայր»: Բայց ես նրա վրա փող չդրեցի: Փողերս լրիվ Ագուրատասի վրա գնաց: Իսկ հաղթեց Թուրնըվայրը: Ես խոստացա այդ հանճարեղ տղային, բայց խոստումս դրժեցի: Ես այս հանգուցյալից վատն եմ: Ես շնորհազուրկ եմ և արտաքսված: Էլ ինձ չեն թողնի եկեղեցում աղոթել: Ծերուկն ինձ ուղարկեց քաղցածների համար սենդվիչներ բերելու: Ես չվերադարձա: Մնացի ձիարշավարանում: Ինչքան փող դրեցի՝ տարվեցի: Բոլորը սխալ դուրս եկան: Բոլո՛րը: Նա մեռա՞ծ է: Խե՛ղճ մարդ: Ինչ ունեի-չունեի՝ տարվեցի: Տասնմեկ դոլար հիսուն սենթ: Աշխատանքից նույնպես զրկվեցի: Շեֆերս մեղավոր չեն, որովհետև ինքս էլ այդպես կվարվեի: Տարվեցի: Ամե՛ն ինչ: Ահա կյանքիս իմաստը, իսկ դա նշանակում է՝ հայրս, մայրս: Ինչո՞ւ նրանք գնացին Օդեսա: Ինչո՞ւ նայեցին միմյանց, քաղաքավարի խոսեցին եղանակի մասին: Ինչո՞ւ էին իմ ծնողները թևանցուկ ման գալիս զբոսայգիներում՝ կարծելով, թե շատ կարևոր բան են անում: Ինչո՞ւ: Մի՞թե ես պիտի պատասխանեմ, ես՝ Պյոտր Արոշա Պիպետսկիս… Ոչինչ չի մնացել: Ամեն ինչ կորած է: Ծաղիկները՝ սփռված հատակին… (Նա մի ծաղիկ է վերցնում, հոտոտում:) Ուուուֆֆ… հրաշալի՜ է: (Ահավոր դժկամությամբ հատակին է նետում ծաղիկները:)

Ներս են մտնում Լյուկն ու Եվանգելինը:

ԼՅՈՒԿ — Ինչո՞ւ սենդվիչներ չեք բերել: Այս աղջիկը սոված մեռնում է: Իսկ հիմա կեսգիշեր է:

ՊԻՊԵՏՍԿԻ — Աղաչում եմ, ինձ ոչինչ մի ասեք: Ես մեռնում եմ: Ես արդեն հոգ եմ տարել իմ հուղարկավորության մասին:

ԵՎԱՆԳԵԼԻՆ — Ես այնքան էլ քաղցած չեմ:

ԼՅՈՒԿ — Լավ էլ քաղցած ես: Ես գիտեմ, չէ՞: Նստիր, մի քիչ հանգստացիր:

Եվանգելինը նստում է, ձեռքերը ծալում գոգին:

ՊԻՊԵՏՍԿԻ — Ախ, տգիտություն, տգիտություն… քո հե՛րն եմ անիծել:

ՍՈՒՎԻՆԻ — Լեյտենանտ…

ՊԻՊԵՏՍԿԻ — Լսում եմ, սըր… Պատրաստ եմ ծառայելու: Լեյտենանտ Պյոտր Արոշա Պիպետսկին…

ԼՅՈՒԿ — (նայելով ծառի կողմը): Միստր Սուվինի՞…

ՍՈՒՎԻՆԻ — (գլուխը դուրս հանելով): Լեյտենանտ, վերցրեք… վերարկուս վաճառեք և ուտելիք գնեք: (Նետում է վերարկուն:)

ԼՅՈՒԿ — Մի վաճառեք ձեր վերարկուն, միստր Սուվինի:

ԵՎԱՆԳԵԼԻՆ — Խնդրում եմ, մի վաճառեք:

ՍՈՒՎԻՆԻ — Լեյտենա՛նտ:

ՊԻՊԵՏՍԿԻ — Լսում եմ, սըր: (Շրջվում է գնալու: Ջիմ Լարկը վազում է նրա մոտ: Պիպետսկին խոնարհում է գլուխը:)

ՋԻՄ — Ձեզ էլ իմացա: Ուրեմն նաև գողությամբ եք զբաղվում: (Նրանից խլում է վերարկուն:)

ՍՈՒՎԻՆԻ — Ես եմ նրան ուղարկում, որ վերարկուն վաճառի և ուտելիք գնի:

ՋԻՄ — Կգողանա:

ՊԻՊԵՏՍԿԻ — Աղաչում եմ ձեզ…

ՍՈՒՎԻՆԻ — Վերարկուն տվեք ու հանգիստ թողեք նրան:

ՋԻՄ — (վերարկուն տալով): Չհագնեք:

ՊԻՊԵՏՍԿԻ — Հագնե՞մ… այս վերարկուն հագնե՞մ: (Գնում է:)

ՋԻՄ — (հանում է հեռագիրը): Այստեղ ոչինչ գրված չէ:

ԼՅՈՒԿ — (աղջկան): Չեմ կարծում, թե երբևէ ընտանիք կազմելու հնարավորություն կունենանք:

ՋԻՄ — Ժամանակին ես ծառի վրա էի ապրում: Ծառն ի՞նչ ծառ է, երբ վրան թռչուններ չկան: Այդ լեյտենանտին խորհուրդ տվեցի Թուրնըվայրի վրա գրավ դնել: Իսկ այս ժամին ձիարշավ չկա: Ինչպես երևում է՝ ողջ գիշեր նորից պիտի թափառեմ: Իսկ դուք ի՞նչ եք ուզում անել:

ԼՅՈՒԿ — Չգիտենք: Որտե՞ղ ենք թափառելու:

ՋԻՄ — Ես մի տաք տեղ գիտեմ: Եթե մի քանի սենթ ունեք, կարող եք գնալ գիշերային սրճարան, մի գավաթ սուրճ խմել ու մինչև լույս մնալ այնտեղ: Բայց ոնց որ ձեր քունը տանում է, հա՞: (Ծաղկի հոտ է առնում:) Էս ծաղկի բուրմունքը որտեղի՞ց:

Ներս են մտնում Պերեսն ու Քոնսուելան:

ՔՈՆՍՈՒԵԼԱ — Ծաղիկնե՞ր… Իսկ մենք տասնհինգ գարեջրատներում փորձեցինք աշխատանքի ընդունվել:

ՋԻՄ — Կարիք չկա խմիչքի վրա փող ծախսել:

ՊԵՐԵՍ — Մենք փող չունենք: Իսկ այդ գարեջրատներն էինք գնում աշխատանք գտնելու հույսով: Մեր ազդագիրն է՝ «Պերես և Քոնսուելա»:

ԼՅՈՒԿ — Թույլ կտա՞ք, մի քիչ փող տշեմ, միստր Սուվինի:

Սուվինին Լյուկին մի քանի թղթադրամ է տալիս: Լյուկն սկսում է տշել: Պերեսն ու Քոնսուելան ապշահար են:

ՋԻՄ — Սրանք իսկական չեն: (Ինքն էլ մի քանի հատ տշում է:)

ՊԵՐԵՍ — Կարելի՞ է, ես էլ տշեմ:

ՋԻՄ — Իհարկե: Տեսեք, Սուվինիի հեչ պետքն էլ չէ:

Պերեսը մի քանի թղթադրամ է տշում, Քոնսուելան միանում է նրան: Հետո սկսում են պարել: Լյուկն ու Ջիմը կանգնել-նայում են նրանց:

ԼՅՈՒԿ — Յա՞… պարողներ են, հա՞…

ՋԻՄ — Պրոֆեսիոնալ:

Միսս Իլայքսը ներս է մտնում, դիտում պարը: Օկադան ու Կիրոկին են գալիս՝ ավելով ու դույլով: Օկադան ծառն է ջրում: Ներս է մտնում մի երիտասարդ՝ Փոլը: Միսս Իլայքսն իրեն նետում է տղայի գիրկը:

Միսս ԻԼԱՅՔՍ — Փո՜լ…

Սուվինին նկատում է միսս Իլայքսի արարքը: Փոլը շփոթվում է: Միսս Իլայքսը անսպասելի դուրս է վազում: Փոլը դանդաղ քայլերով հետևում է նրան:

ՋԻՄ — Դա ի՞նչ էր: Ռոմա՞ն… (Կարդում է հեռագիրը:) «Ջիմ Լարկին ասեք…»: Ի՞նչ… Այստեղ ոչինչ գրված չէ:

Մի ոստիկան Պիպետսկուն հրում է սենյակ:

ՈՍՏԻԿԱՆ — Այս մարդը երդվում է, թե վերարկուն չի գողացել… նա փողոցում փորձում էր ծախել: Ասում է՝ Մայքլ Սուվինին է նվիրել: Էս ի՞նչ փող է փռված հատակին:

ԼՅՈՒԿ — Դա փող չէ:

ՈՍՏԻԿԱՆ — Իսկ ո՞վ է Մայքլ Սուվինին:

ՍՈՒՎԻՆԻ — (ծառից իջնելով): Ես եմ:

ՈՍՏԻԿԱՆ — Սա ձեր վերարկո՞ւն է:

ՍՈՒՎԻՆԻ — Այո:

ՈՍՏԻԿԱՆ — Դուք ճանաչո՞ւմ եք այս մարդուն:

ՍՈՒՎԻՆԻ — Այո: Լեյտենանտ Պյոտր Արոշա Պիպետսկին է:

ՊԻՊԵՏՍԿԻ — Որը երանի ծնված չլիներ:

ՈՍՏԻԿԱՆ — Լեյտենա՞նտ:

ՊԻՊԵՏՍԿԻ — Այդ մականունը ընկերներս են դրել:

ՈՍՏԻԿԱՆ — Ճի՞շտ է, որ այս մարդուն խնդրել եք վաճառել վերարկուն:

ՍՈՒՎԻՆԻ — Այո:

ԼՅՈՒԿ — Ախր, նա քաղցած է:

ОԿԱԴԱ — Օհ, խնդրեմ: (Ջիմ Լարկինի սենդվիչը խոնարհաբար տալիս է Լյուկին:)

ԼՅՈՒԿ — Շնորհակալություն: (Սենդվիչը տալիս է Եվանգելինին:)

ОԿԱԴԱ — Ես քիչ հետո կգամ, կավլեմ փողերը: (Որդու հետ դուրս է գալիս:)

ՈՍՏԻԿԱՆ — Իսկ ես լեյտենանտին չէի հավատում:

ՍՈՒՎԻՆԻ — Եթե պետք լիներ, թույլ կտայի, որ նա վերարկուն գողանար:

ՊԻՊԵՏՍԿԻ — Ես խայտառակված եմ:

ՍՈՒՎԻՆԻ — Ոչ, նա բարի քրիստոնյա է:

ՈՍՏԻԿԱՆ — Ձեր վերարկուն լավն է: (Գնում է:)

ՊԻՊԵՏՍԿԻ — Աղաչում եմ ձեզ… ինձ նորից չուղարկեք վերարկու ծախելու: Ես ստում էի: Իսկապես ուզում էի ծախել վերարկուն ու փողը գրպանս դնել:

ԼՅՈՒԿ — Մի ծախեք ձեր վերարկուն: Եվանգելինն արդեն սենդվիչ ունի:

ՊԻՊԵՏՍԿԻ — Իսկ կյանքի իմաստը սա է. խնդրում եմ, հագեք ձեր վերարկուն: Թույլ տվեք, օգնեմ: (Վերարկուն հագցնում է:)

Սուվինին խնամքով կոճկվում է: Գրպանից հանում է փողի կապուկը, սփռում շուրջը:

ՍՈՒՎԻՆԻ — (տշելով): Թող Աստված ողորմի բոլորիդ: (Գնում է:)

Բոլորը նստում են, բացի Ջիմ Լարկից, որը երբեմն տշում է փողերը, մերթ ընդ մերթ նայում հեռագրին: Հետո հեռագիրն էլ է նետում հատակին ու տշում: Արևը մայր է մտնում, սենյակը մթնում է: Ջիմը հավաքում, դասավորում է թղթադրամները, զննում: Նորից է փռում հատակին, քայլում, նորից հապշտապ հավաքում: Մեկ այլ թղթադրամ է զննում… մյուսը: Բոլորը հետևում են նրան:

ՋԻՄ — (անվրդով): Այս փողերը կեղծ չեն:

ԼՅՈՒԿ — Չի՛ կարող պատահել: (Վերցնում է մի թղթադրամ, զննում:) Հա… ճիշտ որ…

Մնացածները ևս սկսում են ստուգել, իրար հարցնում են. «Կեղծ չէ՞…»: «Իրոք որ…»:

ՊԵՐԵՍ — Ոնց որ իսկական են: Իսկ մենք ամբողջ օրը տշում էինք:

ՊԻՊԵՏՍԿԻ — Աղաչում եմ՝ հավատացեք: Այս փողն իսկական է: Կյանքի իմաստը սա է, իսկ դա նշանակում է. ես տեսա հարյուր դոլարանոց թղթադրամ: Այս փողն իսկական է:

Երկարատև լռություն:

ԼՅՈՒԿ — (Եվանգելինին): Հիմա ինչ-որ պետք է՝ կարող ենք ունենալ:

ՋԻՄ — Բոլորն այստեղ բերեք: Մենք դա կհավաքենք ու կբաժանենք: (Բոլորը փողերը տալիս են Ջիմին, շրջապատում նրան:) Հիմա… յուրաքանչյուրիդ՝ մեկական: (Հերթով բաժանում է:) Իսկ սա՝ վերելակավարին ու նրա տղային: Իսկ սա՝ ինձ:

ԼՅՈՒԿ — Այո:

Ջիմը բաժանում է փողերը: Յուրաքանչյուրին տասը թղթադրամ է հասնում՝ ներառյալ Օկադային: Մնում է մի թղթադրամ:

ՋԻՄ — Այս մեկը գցենք պատուհանից դուրս:

ՊԵՐԵՍ — Այո, փողոցում մեկը երևի կվերցնի:

Բոլորը նստում են: Օկադան ու Կիրոկին են հայտնվում՝ ավելներով: Օկադայի ձեռքին Սուվինիի վերարկուն է:

ՋԻՄ — Սա էլ՝ ձեզ: Միստր Սուվինիից:

ՕԿԱԴԱ — Օհ, շնորհակալություն: Սա էլ ձեզ՝ միստր Սուվինիից: (Ջիմին է տալիս վերարկուն:)

ՋԻՄ — Ի՞նձ եք տալիս: Ջիմ Լարկի՞ն: Դուք համոզվա՞ծ եք:

ՕԿԱԴԱ — Այո: Նա ասում է՝ Ջիմ Լարկ: Ես ճանաչում եմ ձեզ:

ՋԻՄ — (հագնելով վերարկուն, որ շատ մեծ է նրա վրայով): Միստր Սուվինին ուրիշ բան չասա՞ց:

ՕԿԱԴԱ — Նա ասաց՝ վերարկուն Ջիմ Լարկինն է, կարող է միշտ հագնել:

Հրաժեշտ տալով՝ բոլորը գնում են, բացի Ջիմ Լարկից, Օկադայից ու նրա որդուց: Սուվինի Հիմսելֆը, վերարկուն հագին, սենյակ է մտնում, կանգնում պատուհանի մոտ: Հելեն Սուվինին է գալիս: Սուվինի Հիմսելֆը շրջվում ու ժպտում է: Հելենր բռնում է նրա ձեռքը: Միասին դուրս են գալիս: Ջիմը իջնում է ծառից, նայում շուրջը, դուրս է գնում: Մի ճերմակ աղավնի է թռչում ծառից: Օկադան ու Կիրոկին մարմնամարզական վարժություններ են կատարում:

Վարագույր

 

Անգլերենից թարգմանեց ՎԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

 

 

Կարդացեք նաև