ՀԱՄԵՂ ՈՒ ԻՆՔՆԱՏԻՊ «ՍԱՐՈՅԱՆԱԿԱՆԸ»՝ «ՍԱՐՈՅԱՆ ՀԱՈՒՍՈՒՄ» / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Օգոստոսի 31-ը ոմանց համար նշանավորվում է որպես ամառվա վերջին օր, շատերի համար սեպտեմբերի մեկին նախորդող կարևորագույն ամսաթիվ է, իսկ Սարոյանասերների համար նախևառաջ բոլոր ժամանակների մեծագույն հայերից մեկի՝ Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է:

2016-ին Երևանում հինադրվեց ՛՛Սարոյան հաուս՛՛ նախագիծը, սա այն տարեթիվն է, երբ գործարար Արթուր Ջանիբեկյանի «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամը գնեց Ֆրեզնոյում Սարոյանի տունը՝ այն տուն-թանգարան վերածելու որոշմամբ և զարկ տվեց նաև ՛՛Սարոյան հաուս՛՛ նախագծին՝ գրողի կերպարն ու ժառանգությունը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար: Երկու տարի անց, խոստման համաձայն, նորագույն տեխնոլոգիաական լուծումներով հագեցած ինտերակտիվ թանգարանը Ֆրեզնոյում բացեց իր դռները, իսկ ՛՛Սարոյան հաուսը՛՛ շարունակում է իր շուրջ համախմբել Սարոյանագետներին, Սարոյանասերներին, ծրագրեր ու նախագծեր է իրականացնում՝ պահպանելու, հանրահռչակելու համար մեծ գրողի բազմաժանր ստեղծագործությունը, տեղի են ունենում կլոր սեղաններ, քննարկումներ, Սարոյանի ստեղծագործությունների էկրանավորումների դիտումներ, ընթերցումներ, հաճելի հանդիպումներ՝ գրողի մասին հիշողություններով ու պատմություններով հագեցած, Սարոյանական դասախոսությունների շարք՝ դպրոցներում և բուհերում:

Հիմնադրամի աշխատակից մի խումբ մշակութային ու գրականասեր երիտասարդներ աշխատում են անվերջ, նոր ու ստեղծագործ մտքեր են հղանում՝ Սարոյանի վիրտուալ արխիվի կայացման, ամեն տարի գրողի տարեդարձը հանրայնացնելու, նրա նկարչական գործերն ու ստեղծագործությունները Սարոյանասերներին հասցնելու համար: Եվ այս ամենն անում են հետաքրքիր, համեղ ու ինքնատիպ մոտեցումներով: Օրինակ՝ Սարոյանի 108-ամյակը նշվեց բացօթյա՝ մայրաքաղի զբոսայգիներից մեկում, որի յուրաքանչյուր անկյուն ապրեցված էր հայտնի ու անհայտ Սարոյանով՝ մի կողմում քամուց ճոճվող պարանների վրա Սարոյանի անգին լուսանկարներն էին, մյուս կողմում հնչում էին Սարոյանի հեղինակած երգերը, մեկ այլ անկյունում ներկաները վատմանների վրա նկարում էին Սարոյանական թեմաներով, իսկ մեկ ուրիշ տեղ Սարոյանի վրձնած ստեղծագործություններն էին ցուցադրված: Այգում տարեդարձը պատվողներին առաջարկվում էր մասնակցել վիկտորինայի՝ պատասխանելով գրողի կյանքին ու ստեղծագործություններին վերաբերող հարցերի /ի դեպ, ինքս հենց այդ վիկտորինայի մրցանակակիր եմ, այնպես որ գուցե հենց այդ օրը դրվեց իմ համագործակցության սկիզբը այս օրինակը չունեցող ակումբի հետ/:

Իրենց ակումբին անդամակցող Սարոյանասերներին ու Սարոյանագետներին հաճելիորեն զարմացնել գիտեն հիմնադրամի աշխատակիցները. մեկ էլ Նոր Տարուն այս լուսավոր երիտասարդներից մեկը դուռդ թակում է ու հուշանվեր հանձնում՝ մի տոնածառի խաղալիք, որի վրա Մեծն Վիլլին ընթանում է իր հեծանվով, կամ էլ՝ փոքրիկ պարկիկ, որի միջից դուրս ես բերում արքայանարինջ, այո, այո, նարնջագույն, համեղ ամենաիսկական արքայանարինջ՝ հիշեցնելով, որ Սարոյանի տան բակում մի ծառ կար՝ վրան նման պտուղներ, որոնք շատ էր սիրում ճաշակել Սարոյանը, ու տոնդ դառնում է տոն: Սարոյանի թեմայով գրողի անունը կրող դպրոցում դասախոսություն կարդալու համար ընծայված հուշանվերն էլ բոլոր սպասելիքները գերազանցեց՝ գրողի անձնական գրամեքենայի շատ փոքրիկ մանրակերտն է, մեջն էլ՝ տեղադրված Սարոյանի ստեղծագործությունների ութ հատորները, թե՞ ինչպես են կարողացել երկու սանտիմետրանոց այս հատորներում իրապես սարոյանական տողեր զետեղել մտահղացման հեղինակները, անհասկանալի է: Եվ այսպես շարունակ:

Այս տարի ևս ՛՛Սարոյան հաուսը՛՛ ինքնատիպ տոնեց հանճարի տարեդարձը՝ 111 և նորաբաց թանգարանի 1 ամյակները: «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի գրասենյակ հրավիրվածներս հաճելիորեն անակնկալի եկանք ցուցադրությունից և հյուրասիրությունից: Նախասրահում պատերին փակցված էին Սարոյանի նկարչական ստեղծագործությունները, իսկ սրահում՝ Պողոս Պողոսյանի կողմից արված Սարոյանի լուսանկարներից ընտրվել էն միայն հյուրասիրության թեմաներով գործերը: Հայտնի է, որ Սարոյանը սիրում էր լիություն, ճոխ սեղաններ, համեղ հյուրասիրություն: Հայաստան իր այցերի ժամանակ նա լիաթոք վայելում էր հայկական խաղողը, նուռը, ձմերուկը, նռան հյութն ու այլ բարիքներ, և այս ամենը վավերացվել է  լուսանակարներում:  Հյութը երեք լիտրանոց տարայից ըմբոշխնող Սարոյանի լուսանկարի առջև ներկաները հնարավորություն ունեին հենց նմանատիպ ապակե անոթից ըմպել քաղցրահամ հեղուկը, իսկ խաղողի շքեղ ողկույզը ձեռքին համտեսել պատրաստվող Սարոյանն իր ծննդյան տարեդարձին եկածներին ասես հորդորում է հյուրասիրվել լուսանկարի առջև առատորեն դրված խաղողի հատիկներով: Դե էլ ինչ ծնունդ առանց տորթի՝ Սարոյանի ինքնադիմանկարով ճերմակ ու նարնջագույն տորթը թե՛ հոգևոր, թե՛ համային և տեսողական  բավականություն պատճառեց:

ՀԻմնադրամի փոխտնօրեն Ավագ Սիմոնյանը տոնակատարությունը համեմեց և աբողջացրեց Ֆրեզնոյի տուն-թանգարանի մասին հաշվետվությամբ, ներկայացրեց հիմնադրամի անցած ուղին և ապագայի պլանները՝ հորդորելով միանալ բոլոր-բոլոր սարոյանագետներին ու սարոյանասերներին ակումբի շուրջ՝ նոր նախաձեռնություններով, թարմ մտահղացումներով, սարոյանական սիրով և խորագիտությամբ:

 

Կարդացեք նաև