Սարոյանի մուտքը հայ թատրոն Վարդան Աճեմյանի «Իմ սիրտը լեռներում է» բեմադրությամբ / Անուշ Ասլիբեկյան

Անուշ Ասլիբեկյան

Արվեստագիտության թեկնածու

 

Սարոյանի մուտքը հայ թատրոն Վարդան Աճեմյանի «Իմ սիրտը լեռներում է» բեմադրությամբ

1961-ին հնչեց ավանդական թատրոնի մայրամուտի շեփորը:

Հենրիկ Հովհաննիսյան

 

1961 թ. Վարդան Աճեմյանի «Իմ սիրտը լեռներում է» բեմադրությունը բեկումնային եղավ Սունդուկյանի անվան թատրոնի համար: Հայ հանդիսատեսը առաջին անգամ բեմից ճանաչեց Սարոյան դրամատուրգին: Սակայն որքան նոր հեղինակն իր գեղագիտությամբ անծանոթ էր հանդիսատեսին, այնքան էլ  անսովոր էր դերասանների և ռեժիսորի համար: Այնուհանդերձ, այն մի տեսակ ջրբաժան դարձավ թատրոնի մինչ այդ և դրանից հետո եղած ոճերի միջև` նոր էջ բացելով Վարդան Աճեմյան ռեժիսորի կենսագրության և Սունդուկյան թատրոնի պատմության մեջ:

Ներկայացումը նորարարական էր նախ ձևի և բովանդակության առումով` սկսվում էր բաց վարագույրով: Հանդիսատեսը նաև առաջին անգամ էր տեսնում  առանց ընդմիջման` մեկ գործողությամբ ընթացող ներկայացում, ականատեսի խոսքերով` «բեմական իրականության ներփակությունն էր հաղթահարվել` բացելով սարոյանական երկի համատիեզերականության փիլիսոփայությունը: Տրամադրության և պայմանական թատրոնի դուռն էր բացվել հայ թատրոնում»:

«Իմ սիրտը լեռներում է»-ն ձևավորեց հայ բեմում Սարոյան բեմադրելու ավանդություն:

Ներկայացման մեջ խաղում էին ժամանակի խոշորագույն դերասանները` Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, նրանց կողքին՝ Արուս Ասրյան, Բաբկեն Ներսիսյան, Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան, Էդգար Էլբակյան և այլք: Որոշ դերակատարումներ ճակատագրական եղան դերասանների համար, դրանցից առաջինը Վարդուհի Վարդերեսյանի Ջոնին էր, երեսուներեքամյա կինը ճշմարիտ ու հմայիչ է եղել  իննամյա տղայի դերում: Այս ներկայացումով հանդիսատեսը հրաժեշտ տվեց հայ բեմի խոշոր վարպետներից մեկին` Հրաչյա Ներսիսյանին (Մեք-Գրեգոր), ով արդեն վատառողջ էր և իր վերջին ներշնչանքն էր տալիս կերպարին: Այս ներկայացումը դարձավ նաև հայ բեմի խոշորագույն դերասան Վահրամ Փափազյանի վերջին ելույթը: 1967 թ. դեկտեմբերի 17-ին նա վերջին անգամ խաղաց Մեք-Գրեգորի դերը:

Ներկայացումն ամբողջանում էր Ռոբերթ Բյորնսի բանաստեղծությամբ և Առնո Բաբաջանյանի հոգեթով մեղեդիով: Այս իմաստով ևս բեմադրությունը նոր էր: Սա թատրոնի ամենամեղեդային ու ամենաերաժշտական ներակայացումն էր: Ժամանակի մամուլը ներկայացումը որակեց իբրև երգ-ներկայացում: Առանձնակի տպավորություն է գործել «Իմ սիրտը լեռներում է» երգը` շեփորի նվագակցությամբ, որը մեր օրերում կարծես թատերական հիմնի իմաստ է ձեռք բերել: «Իմ սիրտը լեռներում է» մեղեդին «կախարդական ներգործություն էր թողնում ունկնդիրների վրա»,- գրում է Պարույր Սևակը:

Ուշադրության է արժանի նաև այս ներկայացման բեմանկարչությունը: 1960 թ. Բելոռուսիայից Սունդուկյան թատրոն հրավիրված բեմանկարիչ Արմեն Գրիգորյանի երկրորդ աշխատանքն էր մայր թատրոնի բեմում «Իմ սիրտը լեռներում է»-ն (առաջինը` «Երրորդը` պաթետիկականը» 1960 թ.): Դա ինքնատիպ պիեսի նույնքան ինքնատիպ ձևավորում էր: «Մի հին, սպիտակ, խարխուլ, փայտաշեն տուն <…>: Շրջապատում ուրիշ տներ չկան: Դժգույն ամայություն և կարմիր երկինք` ահա ամբողջը»,- սա է Սարոյանի հակիրճ և պատկերավոր ռեմարկը: Այդ դժգույն ամայության գեղարվեստական պատկերն է ստացել նկարիչը բեմում: Սակայն նա տնակը հաստոցներով բարձրացրել է բեմից: «…Հայր և որդի թևատարած քայլում են այդ բարձրության եզրով և այնքան զգույշ, որ կարծես հավասարակշռությունը կորցնելու դեպքում կարող են գլորվել ենթադրյալ անդունդը»,- նկարագրում է Լևոն Խալաթյանը: Տնակը, նպարավաճառի կրպակը, նրանց միացնող ճամփան և կարմիր երկինքը ստեղծում էին ներկայացման ամբողջական պատկերը: «Իմ սիրտը լեռներում է» բեմադրությամբ Գ. Սունդուկյանի անվան թատրոնը հաստատում է Սարոյան դրամատուրգին հայ թատրոնում նաև բեմանկարչական մոտեցման տեսանկյունից:

 

ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՍԱՐՈՅԱՆ ԹԱՏԵՐԱԳՐԻՆ

1930-40-ականներին արդեն աշխարհը գիտեր հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանին, Հոլիվուդում և Բրոդվեյում բեմադրվել էին նրա թատերախաղերը, սակայն հայ ընթերցողը դեռ չէր ճանաչում մեծ հային: 1935-ին, ընդամենը քսանյոթամյա, բայց արդեն հանրահայտ գրողը հրավիրվում է Մոսկվայում մասնակցելու Գրողների համագումարին, այնտեղից էլ մեկնում է Հայաստան` հանդիպում հայ մտավորականների, գրողների հետ: Այս այցը դեռևս հանդիպում էր գրողի անձի և ոչ նրա գրականության հետ: 1960 թ. Սարոյանը երկրորդ անգամ է այցելում Հայաստան և ցանկություն է հայտնում, որ իր պիեսը բեմադրվի Սունդուկյան թատրոնում` Հրաչյա Ներսիսյանի մասնակցությամբ: Հայ բեմում Սարոյանը հայտնվեց 1961-ին` Խաչիկ Դաշտենցի թարգմանությամբ: Աճեմյանը պիեսը կարդացել էր, խանդավառվել և Սարոյանին հայտնել էր, որ Ջոնիի դերը կին պիտի խաղա, ինչին Սարոյանը տարակուսանքով էր արձագանքել:

«Իմ սիրտը լեռներում է» պիեսն առաջին անգամ բեմադրվել է 1939 թ. Նյու Յորքի «Գիլդ թատրոնում», Ջոնիի դերակատարը տղա է եղել, Մարեի դերը խաղացել է դերասանուհի Սյուզան Սանդերզանդը` հայերեն:  Պիեսը հայ բեմում տեսնելը գրողի երազանքն էր, քանզի ոչ այլ ոք, քան հայը կարող էր զգալ աստանդական հայի ճակատագիրը, հայրենի երկրի կորուստն ու ցավը: Աճեմյանը գիտակցել է գործի պատասխանատվությունը. մոտ երկու տարի նա խորհել է այս բեմադրության շուրջ: Այդ են վկայում դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի հուշերը. «1959-ի հոկտեմբերին էր: Քարտուղարուհին հայտնեց, թե Աճեմյանն ուզում է ինձ տեսնել: Ներկայացա: — Վարդուհի, քեզ համար մի սքանչելի դեր կա:- Այդ ժամանակ պատրաստվում էի լույս աշխարհ բերել երկրորդ զավակիս:- Բայց… բայց… պետք է հրաժարվես զավակիցդ»: Դերասանուհին բանակցություն հիշեցնող զրույցով հրաժարվում է խաղալ: «Վարդուհի՛, կամ դու կխաղաս, կամ պիեսը չեմ բեմադրի»,— ասել էր ռեժիսորը: Աճեմյանն այնքան ժամանակ է հրաժարվում բեմադրության մտքից, մինչև դերասանուհին երկրորդ զավակի ծնունդից հետո վերադառնում է թատրոն: 1960-61 թ. թատերաշրջանում Աճեմյանը դերաբաշխում է կատարում:

Աճեմյանը, որ արդեն մի շարք բեմադրությունների հեղինակ էր Գյումրու թատրոնում և Սունդուկյան թատրոնում, քիչ էր առնչվել արևմտյան ժամանակակից դրամատուրգիային: Նա նախընտրում էր հայկական դասականներին` Շիրվանզադե, Սունդուկյան, Պարոնյան, բեմադրել էր նաև ռուս հեղինակների (Լավրենյով «Բեկում», Գորկի «Հատակում», 1934-ին մեկ անգամ էլ դիմել էր Շիլլերին` «Սեր և խարդավանք», 1944-ին Շեքսպիր «Տասներկուերորդ գիշեր»), այսինքն՝ նա դասական պիեսներ բեմադրելու վարպետ էր: Ժամանակակից հեղինակների հետ քիչ էր գործ ունեցել: Աճեմյանի գործունեության վերելքը համընկավ սովետահայ թատրոնի այն շրջանին, երբ դասականի կողքին սկսվեցին նորարարական որոնումներ:

1960-ական թվականներին բեմական ոճը հայ թատրոնում շրջափոխվում է: Հայ թատերական գործիչներին սկսում են հուզել թատերական այլ արտահայտչալեզվի խնդիրներ, կազմակերպվում են բանավեճեր և ռեժիսորական կոնֆերանս (1965 թ.): Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը տվել էր նոր շրջանավարտներ, նոր ձեռագիր էր ենթադրվում: Ահա այս տարիներին էլ հայ բեմում հայտնվում են արտասահմանյան ժամանակակից հեղինակներ` Սարոյան, Միլլեր, Ֆիլիպո, Բրեխթ և ուրիշներ: Այս շարժման արդյունքն էր նաև «Իմ սիրտը լեռներում է» բեմադրությունը, որտեղ, ըստ ժամանակակիցների, Աճեմյանը գերազանցել է ինքն իրեն: Բեմադրությունից անմիջապես հետո «Театр» ամսագրում լույս տեսած Լևոն Հախվերդյանի հոդվածում կարդում ենք կարևոր մի նախադասություն. «Մեր երկրում հայտնվել է դրամատուրգ Սարոյանի հանդիսատեսը»:

 

ՊԱՐՈՒՅՐ ՍևԱԿԸ  ՛՛ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է՛՛- ի ՄԱՍԻՆ

«Թատրոնը սիրում է ընդգծումներ, եթե կուզեք` նաև չափազանցումներ: Վերջիվերջո դա պայմանական արվեստ է: Միայն թե չպետք է չարաշահել պայմանականության չափերը, մնալ իրականության հողի վրա, հոգեբանական ռեալիզմի»,- սրանք այն խոսքերն են, որոնք հաճախ է ասել Աճեմյանը «Իմ սիրտը լեռներում է» բեմադրության փորձերին: Սովետական փակ կարգերում դեռ 50-ական թվականներին ժամանակակից արտասահմանյան հեղինակներից շատերը, այդ թվում և Սարոյանը, չեն խրախուսվել պաշտոնական գաղափարախոսության տեսակետից, ուստի հայ բեմն անմասն էր մնացել համաշխարհային  թատերական շարժումներին` մասնավորապես դրամատուրգիայի ոլորտում: «Դրամատուրգիական ավանդական լուծումների սովոր լինելուց չէ՞, արդյոք, որ այժմ այսպես դժվարանում եմ աշխատել ամերիկյան առաջադեմ գրող Վիլյամ Սարոյանի պիեսի բեմադրության վրա, պիես, որ առաջարկում է դրամատուրգիական այնպիսի կառուցվածք, որ, ինչպես ասում են, «ոչ մի բանի նման չէ»»,- իր մտահոգությունն է հայտնում Աճեմյանը: «Սարոյանի թատերական երկը ուրիշ բան էր,- գրում է Սևակը:-Չափազանցություն կլինի՞ արդյոք, եթե ասվի, որ այս կարգի երկեր համարյա չեն եղել սունդուկյանցիների խաղացանկում»:

Պարույր Սևակն իր լայնածավալ հոդվածով, որը միայն թատերախոսական չէր, այլ նաև ժամանակակից արվեստի և մասնավորապես թատերական արվեստի անհանգստացնող հարցերի շուրջ մտավորականի խոհերին հաղորդակցվելու առիթ, ասես նաև ուղղորդում է ընթերցողին՝ ճիշտ հասկանալու այս բոլորովին նոր ոճի հեղինակին և նրա տարօրինակ ու անսպասելի պիեսը: Սևակի հոդվածը նախապաշարումներից ազատում է ընթեցողին՝ հերքելով ժամանակին համախոս ձև՞, թե` բովանդակություն հարցադրումը: Նա նաև կանխում է` ինչի՞ մասին է պիեսը հարցը, ովքե՞ր են դրական, իսկ ովքեր բացասական հերոսներ պատկերացումները: Նա բացահայտում է  Սարոյանի հայ լինելու երևույթը, ինչպես նաև շեշտում մի հանգամանք. Սարոյանի պիեսի երկու գլխավոր հերոսները արվեստագետներ են՝ դերասան և բանաստեղծ:

 

ԱՃԵՄՅԱՆԸ՝ ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ինչ վերաբերում է բեմադրությանը, ապա ռեժիսորը գրում է. «Վիլյամ Սարոյանն այն թատերագիրն է, ով նյութի հետ տվեց նաև այդ նյութը բացող բանալիները: Պարզ և բարդ արվեստի դավանանքի կրողն է Սարոյանը` արյան պես հարազատ, մարդկային ինտոնացիաներով, խղճի և բարության պատվիրաննեորվ»: Աճեմյանը կարողանում է մեկ բեմում համախմբել հայ բեմի ամենավառ դերասաններին, ստեղծել համընդհանուր սիրո, կարոտի տրամադրություն: «Այդ բեմադրության մեջ իմ նվաճումն այն էր, որ կարողացա բոլոր դերակատարներին համախմբել իմ հիմնական գաղափարի շուրջը…»,- ասել է ռեժիսորը: Բեմադրության մեջ Աճեմյանը հասել է գեղարվեստական ամբողջության: Նա չի դիմել ավանդական արտահայտչաձևերին, այլ շեշտը դրել է Սարոյանի հերոսների ներաշխարհի հոգեբանական բացահայտումների, մարդկային փոխհարաբերությունների բնականության վրա: «Ավանգարդի ու դասականի ուրույն շաղախով»,- բնութագրում է Ս. Դանիելյանը:

Պիեսը խաղացվում էր մեկ արարով, քանի որ բեմադրիչը կարծում էր, որ «ինչպես երգը հնարավոր չէ ընդհատել, այնպես էլ այս ներկայացումը»: Այս նախադասությունը, ինչպես նկատում է Լևոն Հախվերդյանը, լսել էին հենց Սարոյանից նախորդ տարվա նրա այցելության ժամանակ՝ «Երգն ինչո՞ւ ընդհատել»,- իրեն հատուկ լուրջ հումորով նկատել է Սարոյանը: Ներկայացումը մեկնաբանվել էր իբրև տխուր ու երազկոտ երգ մարդկանց մասին, ովքեր իրենց տեղն ունեն արևի տակ: «Այն իրոք երգ-ներկայացում է, ոչ միայն այն պատճառով, որ նրանում հնչում է Բաբաջանյանի հրաշալի երգը: Երաժշտական է ներկայացման բնույթը: Սա մեկ շնչառությամբ ներկայացում է. երգի պես սկսվում է և ավարտվում է երգի պես»,- շարունակում է Հախվերդյանը:

1976 թ. hոկտեմբերի 18-ի ներկայացմանը ներկա է եղել Սարոյանը: Ասում են՝ անչափ գոհ է եղել. «Իմ պզտիկ երազեն մեծ գործ շինած է»,- զարմանքով ասել է նա: Նա չի ընդվզել անգամ Ջոնիի դերում կնոջ տեսնելով, սակայն չի տեսել նաև Հրաչյա Ներսիսյանին Մեք-Գրեգորի դերում, ինչը նրա ցանկությունն էր:

 

ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հրաչյա Ներսիսյանը կյանքից հեռացել էր 1961-ի նոյեմբերի 6-ին` անմոռանալի հուշ թողնելով իր Մեք-Գրեգորով` իբրև իր վերջին և բնավ ո՛չ ամենակատարյալ դերակատարումը: Հրաչյա Ներսիսյանը ստեղծել է զգացմունքային, ներքուստ հագեցած, խորը հոգեբանական կերպար: Ներսիսյանը, ըստ Բաբկեն Հարությունյանի, մարմնավորում էր տաղանդավոր մարդու ողբերգություն, որն իր ձիրքը դրսևորելու հնարավորություն չի ունեցել: Եվ Լիրի մենախոսությունը դրա վառ վկայությունն է, հանդիսատեսը համոզվում էր դրանում: Սակայն նա չի չարացել իր վիճակից, զառամած, հոգնած, ուժասպառ դերասանը սարոյանական լավատես, գեղեցիկի հանդեպ հավատով ու երազանքով հերոսն էր, ով կյանքի մասին խորհելու իր համոզմունքը փոխանցում է Ջոնիին: Հ. Ներսիսյանի դերակատարման մասին ժամանակակիցները համակարծիք են, մամուլում գրեթե միշտ կարդում ենք` «…անկեղծ ներշնչված, անքեն, անհունորեն բարի, պայծառ մարդու կերպավորում, ինչպիսին ինքն էր` ամենասիրված ու ամենաժողովրդական դերասանը»: ««Իմ սիրտը լեռներում է»,- ասում է Մեք-Գրեգորը:- Հրաչյա Ներսիսյանն այնպիսի սրտակեղեք մորմոքով է արտասանում այս խոսքերը, ինչպես կարող էր արտահայտվել միայն այս զարմանահրաշ դերասանը»,- գրում է Լ. Հախվերդյանը, «Թախծալի հզորություն»՝ այսպես է բնութագրում կերպարը Հենրիկ Հովհաննիսյանը:

Հրաչյայի մահից հետո դերը կատարեց Վահրամ Փափազյանը: Նա այս դերում հանդես է եկել մինչև 1967 թ.: Զուգահեռ դերի համար պատրաստվել էր նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Ավագյանը, սակայն Փափազյանը հնարավորություն չի տվել Ավագյանին խաղալ Մեք-Գրեգոր: Ավագյանը խաղացել է 1967-ից մինչև 1980 թվականը:  Փափազյանը Հրաչյա Ներսիսյանից մի փոքր այլ կերպ է վերարտադրել դերը` ավելի շատ շեշտելով նրա կյանքի փիլիսոփայությունը, հոգնած և ուժասպառ: Սակայն սա այնքան էլ «սարոյանական» կերպար չէր, «Զառամյալ դերասան Մեք-Գրեգորի դերը և Վիլյամ Սարոյանի ոճաբանությունն, առհասարակ, հարազատ չէին դերասանի խառնվածքին»,- գրում է Լևոն Հախվերդյանը: Դա չի խանգարել, որ ամբողջ Երևանը երկյուղածությամբ ամեն անգամ գնա վարպետին այդ վերջին դերում տեսնելու: Եվ ամեն անգամ, երբ Բեն Ալեքսանդրը հնչեցրել է. «Վկա է Աստված, նա մեր ժամանակի շեքսպիրյան ամենամեծ դերասանն էր» խոսքերը, հանդիսասրահը պայթել է բուռն ծափահարություններից` հաստատելով, որ Փափազյանն է ժամանակի ամենամեծ շեքսպիրյան դերասանը: Փափազյանը բեմի և կյանքի իրականությունը նույնացրել էր: Միայն մեկ անգամ չեն հնչել այդ ծափերը, 1967 թվականի դեկտեմբերի 14-ին: Նախորդ օրը Փափազյանը սրտի նոպա էր ունեցել, բժիշկներն արգելել էին խաղալ, ինքն էլ գիտեր, բոլորն էլ գիտեին, որ նման սրտով ամեն պահ կարող էր վրա հասնել անխուսափելին: Չէր լսել, ավելին, ասել էր. «Ճիշտը, կուզեմ բեմին վրա մեռնիլ, հենց այս երեկո, ներկայացման ժամին»: Նա այդ երեկո իսկապես հատուկ հանդիսավորությամբ  է խաղացել` ասես վերջին անգամ էր բեմում: Հատկապես ողբերգականությամբ է կարդացել շեքսպիրյան «…փչեք, խենթ հողմեր, փչեք, մինչև ձեր այտերը պայթեն» ավարտի մենախոսությունը: Ասում են` սա խելագար Լիրը չի եղել, այլ աշխարհի անարդարությունների դեմ դառնացած հոգու վերջին մրմունջ. որից հետո, դերասանն ասես բեմում մարել է: Հանդիսատեսը քարացել է սարսափից, կարծելով, թե իսկապես գնաց իրենց ժամանակի ամենամեծ շեքսպիրյան դերասանը: Փափազյանը մահվան պատրանք ստեղծելու մեծ վարպետ է եղել և բազում անգամներ է մահացել բեմում, բայց ներկաների վկայությամբ, այս մեկն այլ էր՝ նման էր իրական մահվան: «Զգացմունքի և կրքի արտաքին արտահայտության մեջ Փափազյանը երբեք չի հասնում բարձրակետին, այլ մնում է նրանից ցած մի քանի աստիճան: Բայց, այնուամենայնիվ, հանդիսատեսի երևակայության առաջ բացում է նրա հեռանկարն այնպես, որ հանդիսատեսն ինքն է բարձրանում մնացած աստիճանները»,- Հ.  Հովհաննիսյանի այս բնութագրումը մեծ դերասանի վարպետության մասին է վկայում առհասարակ: Արդյո՞ք այս տեսարանն էլ վարպետի դերասանական հմտության վառ դրսևորում էր, թե՞ իսկապես ֆիզիկական տկարության արդյունք: Փափազյանի պարագայում բարդ էր տարբերել, և այդ է, որ տարակուսանքի մեջ է գցել հանդիսատեսին: Սակայն, ավաղ, ներկայացման ավարտին դերասանին թևերից բռնած են բարձրացրել, բերել բեմառաջք` խոնարհվելու, և նոր միայն սարսափից համրացած հանդիսասրահը կենդանացել է: «Ճշմարիտ է, չմեռավ մարմինը, բայց այդ երեկո մեռավ դերասանը: Վահրամ Փափազյանն այլևս բեմ չբարձրացավ»,- հիշում է Վարդուհի Վարդերեսյանը:

Դրվագային, բայց ժամանակակիցների հուշերում իբրև ճշմարիտ դերակատարում է տպավորվել Արուս Ասրյանի Մարեն: Մի կին, որ հեռավոր Կալիֆորնիայում հայտնված իր ընտանիքում հայրենի երկրի հիշողություններով ու լեզվով փորձում է պահպանել իր փոքրիկ երկիրն իր բակում: Նա հանդիմանում է թոռանը, որ հայերեն չի խոսում: Նա մեծ հուզումով է երգել. «Կանչե, կռունկ, կանչե» ժողովրդական երգը` ամբողջացնելով հայ գաղթականի կերպարը: Արուս Ասրյանը հետաքրքիր մանրամասներով է հարստացրել իր անխոս դերը, օրինակ այն տեսարանում, երբ «նա ավելը ձեռքին քթի տակ երգ մրմնջալով, բակն է մաքրում, մի մոծակ է նստում նրա ավելի ծայրին: Մարեն դանդաղ բարձրացրել է ավելը` զգույշ փչել մոծակի վրա, ապա հայացքով երկար ճանապարհել է օդ բարձրացող այդ աննշան արարածին` ասես հաստատելով սարոյանական բարության փիլիսոփայությունը` այս արևի տակ ամեն կենդանի արարած ապրելու իրավունք ունի,- նկարագրում է Հենրիկ Հովհաննիսյանը:- Եվ այս դետալով Ասրյանը արտահայտեց Սարոյանի համատիեզերական հումանիզմը»:

Անդրադառնանք Բաբկեն Ներսիսյանի Բեն Ալեքսանդրին: Հակասական են այս դերակատարման մասին քննադատների կարծիքները. «…Նա չափազանցրել է բանաստեղծի համոզվածությունը սեփական հանճարեղության մեջ»,- գրում է Բաբկեն Հարությունյանը: Հակառակն է պնդում Սևակը. «Ըստ իս, նրան խանգարում է նախ և առաջ այն, որ չի հավատում Բենի խոսքերին, այն խոսքերին, որով նա դիմում է որդուն. «Քո հայրը մեր ժամանակի ամենամեծ բանաստեղծն է, որ դեռ չի գնահատված», այնինչ պետք է դրան հավատալ»: Ըստ Սևակի` Սարոյանն էլ տաղանդավոր, բայց իրեն այս գործնական աշխարհում չգտած մարդու կերպար է ստեղծել, չէ՞ որ Ջոնին նրա մանկությունն է ու հետևաբար պիտի դառնա Բեն Ալեքսանդր` մեծ տարիքում, իսկ Ջոնին, անկասկած, տաղանդավոր մանչուկ է: Մեկ բանում քննադատները համակարծիք են, սա Բաբկեն Ներսիսյանի ամենահաջող դերերից չէր: «Բեն Ալեքսանդրի դերում, երբ պետք էր գտնել կերպարի անհատականն ու անկրկնելին, պաթետիկ արտասանությունը դերասանին մղեց դեպի ընդհանուր բնութագրության ուղին, փարթամ խաղը, որ նրա դերասանական խառնվածքի թույլ կողմն է»,- գրում է Լևոն Հախվերդյանը:

«Սարոյանը կոլորատուրային արիա չէ: Սարոյանին չի կարելի «կատարել»: Սարոյանը միայն ու միայն պետք է «երգվի»: Բաբկեն Ներսիսյան-Բենը, ցավոք սրտի, առավել «խաղում», «կատարում» է, քան թե` «երգում»»: Այս առումով Սարոյանին ամենաճիշտ ընկալած դերասաններից էր Էդգար Էլբակյանը, ով իսկապես երգել է: «Էդգար Էլբակյանը օժտված էր երաժշտական արտակարգ ընդունակությամբ, բացարձակ լսողությամբ»,- իր «Նա երգում էր խաղով» հոդվածում գրում է Գևորգ Աբաջյանը: Դերասանի հենց այս ունակությունն է խաղարկել Աճեմյանը, թեև Էլբակյանի դերը ներկայացման մեջ ո՛չ հիմնական, ոչ անգամ երկրորդական է եղել, այլ բեմ է եկել զանգվածային տեսարանում, մի խումբ մարդկանց հետ և բեմում գտնված կարճատև ժամանակահատվածում կատարել է Բաբաջանյանի մեղեդին՝ «Իմ սիրտը լեռներում է» երգը: «Հանդիսատեսը թատերասրահը թողնելուց հետո էլ դեռ երկար ժամանակ, կարծես, լսում էր Էդգարի երգեցողությունը»,- հիշում է Աբաջյանը: Նման փոքրիկ ներկայությամբ այդքան տպավորիչ լինելու և անգամ մամուլում հիշատակվելու համար իսկապես որ պետք է արտիստը ըմբռնած լիներ սարոյանական շունչն ու ոգին:

1976-ին Սարոյանի ներկայացմանը ներկա լինելու կապակցությամբ, ներկայացումից հետո ճաշկերույթ է տրվել. «Այդ երեկո գրողի պատվին տրված համեստ ճաշկերույթի սեղանակիցներն անհամբեր սպասում էին գրողի գնահատականին: Խորհրդավոր լռության մեջ լսվեց գրողի ձայնը. «Ան ո՞վ կերգեր «Իմ սիրտը լեռներում է» երգը: Պատանեկան շիկնանքը դեմքին ոտքի ելավ հիսնամյա Էդգարը:- Կխնդրեմ նորեն երգե,- ասաց Սարոյանը և փոքր դադարից հետո ավելացրեց,- միայն այն ատեն, երբ հոգիդ պատրաստ կըլլա»»:

Նպարավաճառ Կոսակին խորությամբ է ընկալել Խորեն Աբրահամյանը, սա բարեհոգի ու համակրելի սլովակ է, ով միշտ օգնում է անվճարունակ մարդկանց: Նրա դերի մեկնակետն ամփոփված է եղել հատկապես մի տեսարանում, երբ հերթական անգամ անվճար կերակուրի ետևից եկած  Ջոնին «իբրև վարձք» նրան է մեկնում հոր բանաստեղծությունը: «Կոսակը  լրջորեն կարդում է, խորիմաստ դադար տալիս` նրա դեմքին բավականություն կա: Կոսակին դուր է գալիս այդ բանաստեղծությունը. նա մեկն է, ով իսկապես գնահատել գիտի արվեստը»: Սակայն Սևակը մի «սակայն» ունի այդ տեսարանի վերաբերյալ: Երբ Կոսակը Ջոնիին կերակուր տալուց հետո հարձակվում է ճանճերի վրա, այդ մասին Սարոյանն իր ռեմարկում գրում է. «Այս ձևով արտահայտում է իր բողոքը աշխարհի դեմ», այնինչ «…Աբրահամյանի խաղից թվում է, թե նա դժգոհ է իրենից, իր փափկասրտությունից, որ նորից ու նորից չկարողացավ մերժել տղային»,- գրում է Պարույր Սևակը:  Նպարավաճառ Կոսակի դերում հանդես է եկել նաև Մհեր Մկրտչյանը: Մյուս դերակատարումների մասին Սևակը գրում է. «Երկրորդական ու երրորդական դերերում հանդես եկող դերասաններն իրենց տեղերում են…»: Եվ այսքանով պարզ է` ներկայացումն ամբողջական և ավարտուն է եղել:

 

«ՍՐԲԱԳՐԵԼ ՋՈՆԻՈՎ»

Սակայն իր լայնածավալ էսսեի գլուխներից մեկը Սևակը  վերնագրում է «Սրբագրել Ջոնիով»: Սևակը գտնում է, որ գլխավոր և երկրորդական բոլոր դերերի թերացումներն ու բացթողումները սրբագրվում են Ջոնիով: Գրողը մեկ այլ Ջոնի չի պատկերացնում, ինչպես չէր պատկերացնում Աճեմյանը: Փիլիսոփա տղեկի դերը չէր կարող կատարել նրա հասակակից մի երեխա` գտնում էին նրանք: Լենինականի և մայր թատրոնի բեմում տասնյակ դերերի դերակատար, իր ստեղծագործական կյանքի ծաղկուն շրջանում գտնվող, երկու երեխաների մայր, երեսուներեքամյա Վարդուհի Վարդերեսյանը տղայի թեթևությամբ ու մաքրությամբ է ստեղծել իննամյա Ջոնիի դերը, որը հանդիսատեսի և քննադատների կողմից առանձնակի ուշադրության է արժանացել, դարձել է դերասանուհու ամենասիրելի դերը, իսկ ոմանց կարծիքով` պարզապես անզուգական ու անթերի դերակատարում նրա կենսագրության մեջ: Դա լուսավոր, անմիջական, խորունկ ու վառվռուն մի երեխայի կերպար էր, որ անդրադարձել է հանդիսատեսի հոգում` անսահման համակրանք ու ժպիտներ առաջացնելով: Ոչ միայն Սևակի հոդվածը, այլ ժամանակի մամուլը ողողված է Վարդերեսյան-Ջոնիի մասին հիացական կարծիքներով: 1961 թ. «Սովետական արվեստ» ամսագրում Փափազյանը այս դերակատարման մասին գրում է. «Այնքան ճկուն, դյուրաթեք ու անհունորեն դուրեկան լակոտ դժվար է պատկերացնել… Իսկ այն վերջին խոսքը, որ հեղինակը դրել է փոքրիկ Ջոնիի շուրթերին և որով փակում է թատերգությունը մի դժնդակ հարցական նշանով՝ «Թվում է, թե ինչ-որ տեղ մի բան սխալ է», անթառամ պսակը կմնա Վարդուհու ճակատին և նրա արտիստական զարգացման անխարդախ գրավականը»: Վ. Վարդերեսյանն այս դերը խաղում է գրեթե տասնյոթ տարի: Հիսուն տարեկանում դերասանուհին հրաժարվում է դերից` զգալով, որ և՛ իր ուժերն այլևս չեն ներում, և՛ ներկայացումն է մի տեսակ մաշվել. «Ջոնիին հրաժեշտ տալը ինձ համար նույնն էր, ինչ մոր հրաժեշտը անդարձության մեկնող իր սիրասուն զավակին»,- գրում է նա: 1978-ից դերն, այնուամենայնիվ, վստահվեց Ջոնիի տարեկից պատանու` Տիգրան Ներսիսյանին:

 

«ՄԱՍԵՐ ԿԱՅԻՆ, ՈՐ ԱՄԵՐԻՔԱՅԵՆ ԼԱՎ ԷՐ»

«Հաջողությունն ուղեկցել է սարոյանական հենց այն բեմադրություններին, որոնցում բեմադրիչներին հաջողվել է խորը և ճշգրիտ ընթերցել նրա գործերի պարտիտուրաները, հաղորդել (այդ պիեսների — Ա.Ա.) հարստությունը, «դրամատուրգիական բացառիկ լսողությամբ» որսալ դրանց տոնայնությունը, ինտոնացիոն համակարգը,— գրում է «Բեմի արևը» գրքի հեղինակը:— Հնարավոր է, որ Վարդան Աճեմյանը, ինչպես նրանից առաջ ոչ ոք, լսել է Սարոյանի ձայնը «Իմ սիրտը լեռներում է» պիեսում, իր ողջ ռեժիսորական էությամբ թափանցել է նրա պոետիկայի մեջ (ընդգծումը մերն է — Ա.Ա.,- այսպես է փորձում բանաձևել բեմադրության հաջողությունը Հ. Լալայանցը: Իսկ ահա Լևոն Հախվերդյանն ավելի լակոնիկ է արտահայտվում այս կապակցությամբ. «Կարելի է ասել՝ ռեժիսորն իր առջև չի դնում ֆորմայի խնդիր, իբրև թե՝ տեսեք, թե ինչպես է պետք խաղալ Սարոյանին: Այն գալիս է ինքնաբերաբար»: Սևակն իր հոդվածի եզրափակիչ մասում գրում է. «Այս բեմադրությամբ թատրոնն իր ընթացքի համար բաց է անում մի նոր շավիղ ևս, ըստ որում, մի այնպիսի շավիղ, որ գնալով պիտի լայնանա…»:

Ավելի հանգամանորեն Սարոյանը բեմադրությանը անդրադառնում է 1976 թվականին (Հայկական հեռուստատեսության ստուդիյում), երբ երեկոյի վարող Լևոն Մկրտչյանը Սարոյանին դիմում է հետևյալ հարցով. «Ձեր շատ հրաշալի թատերգության բեմադրությունը, որ տեսաք Երևանում, ձեր պատկերացումներին համապատասխանու՞մ էր: Ինչպե՞ս գտաք»: Վիլյամ Սարոյանի վերաբերմունքն էր. «…մասեր կային, որ Ամերիքայեն լավ էր: Ընդհանրապես Ամերիքայեն քիչ մը կամաց է: Մենք ավելի արագ կընենք: Հատուկ արագ կընենք, որ… տարբեր ամերիքական արժեքներ կան, որ արագության մեջ են, չէ նե կկորսվին… Ընդհանուր պիտի ըսեմ՝ Աճեմյան հրաշքի պես թեատրիկալ բան մը ստեղծեց… Շատ սիրեցի, շատ սիրեցի…»,- չի դադարում իր հիացմունքը հայտնել Սարոյանը: Սակայն իր պիեսների բեմադրություններից հայ բեմում քիչ բան է տեսել Սարոյանը, նա հատուկ Սունդուկյան թատրոնի համար գրել էր «Խաղողի այգին» պիեսը և մեկ ցանկություն ուներ. «…Կփափագիմ ան մյուսն տեսնել և ասի դյուրին է… կըսեմ…»: «Խաղողի այգին», իհարկե, Սունդուկյանի թատրոնի բեմ բարձրացավ, սակայն Սարոյանն այն չի տեսել:

 

Կարդացեք նաև