Գրիգոր ՉԱԼԻԿՅԱՆ / «ՏԵՂԱՏԱՐԱՓ»

Գրիգոր ՉԱԼԻԿՅԱՆԻ «ՏԵՂԱՏԱՐԱՓ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001 թ., թիվ 3-ում

 

 

 

Ժամանակները փոխվել են, ըմբռնումներն էլ՝ հետը: Նորմալ երկրում այդպես չի լինում: Նայում ես ետ, տեսնում ես, որ այն չի եղել, նայում ես առաջ՝ դժվարանց արահետ է: Գրականությունն անմասն չի կարող մնալ այս երևույթներից: Անիմանալի է մարդու ներաշխարհը: Ամեն մեկին թվում է՝ ինքը համեմատաբար քիչ է վթարվել: Բայց դա միայն խաբկանք է: Ես, որ ի ծնե ապրել եմ արվեստի մեջ, կուսակցությունների չեմ հարել, եթե խոնարհվել, ծնկի եմ իջել, ապա միայն սիրո, գեղեցկության առջև, այնուամենայնիվ, կասկածներ սողոսկել են. մթնոլորտը, մթնոլո՛րտը շնչել եմ, չէ՞: Դեռ չորս տասնամյակ առաջ եմ տրվել այս մտորումներին: Թերթում եմ անցյալի իմ հուշերը և «Գրական թերթում» հանդիպում իմ մի բանաստեղծությանը, որ գրել եմ հետստալինյան ձնհալի մասին.

Ամեն առավոտ ու ամեն կեսօր,

Երբեմն՝ օրը մի քանի անգամ,

Կռանում էինք մեր մարմնի կեսով.

Հիմնարկի մուտքը ցածրիկ էր այնքան:

 

Ու սովոր անվերջ այդ կռանալուն՝

Չէինք էլ զգում այդ շարժումը մեր,

Անց էինք կենում՝ թեքվելով հլու,

Կարծես այդպես էլ պէտք է որ լիներ:

Բայց մի առավոտ քանդել էին այն,

Ու հղկել մեկմեկ քարերը բազալտ,

Բացված էր մուտքը գեղեցիկ ու լայն,

Եվ կարող էինք անց կենալ ազատ:

 

Ու զարմանքահա գալիս են կրկին,

Առաջվա նման կռանում են ցած,

Կարծես թե ճնշող դուռն է այն նախկին՝

Դամոկլյան սրի նման ծանրացած:

Բայց տարօրինակն այն է ամենից,

Որ չեմ իմացել, թե ինչպե՞ս, ինչպե՞ս,

Ամեն անցնելիս նորաբաց շեմից՝

Բոլորի նման թեքվել եմ և ես:

Իներցիայի ուժն ուրիշ է: Այսօր էլ: Իմ կյանքը քառատվել է, բաժանվել չորս մասերի՝ արտիստ, բանաստեղծ, ռեժիսոր, դրամատուրգ: Նրանցից ամեն մեկը պահանջել է իրենը, դժգոհել, խանդել, բայց ի՛նչ արած, դա էլ ճակատագիր է, և ամեն մարդ, անկախ իր կամքից, ապրում է յուրովի:

ԳՐԻԳՈՐ ՉԱԼԻԿՅԱՆ

 

 

ՏԵՂԱՏԱՐԱՓ

Գործող անձինք

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԵՍը կազմող անձինք՝

ԿԱՂԼԻԿ

ՄՇՏԱԺՊԻՏ

ԱԿՆՈՑՈՎ

ԿԻԹԱՌԱՀԱՐ

 

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Սենյակ: Ներկա են բոլոր գործող անձինք, բացի Մարինեից: Մերթ ընդ մերթ ծլնգում է կիթառը՝ Կիթառահարի ծույլ մատների տակ: Ուշ աշուն է: Երբեմն լսվում է կայծակի որոտ և ձիու խրխինջ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ստիպված էի հերձած առնետը թողնել սեղանին, դուրս գալ լաբորատորիայից և ներկայանալ տնօրենին: Սիրտս խփում էր ուժգնորեն. ինչո՞ւ պիտի ինձ կանչի, ինչո՞ւ պիտի ինձ կանչի…

ԿԱՂԼԻԿ — Գող, սիրտը դող:

ՄՇՏԱԺՊԻՏ — Հետո՞:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Մտա նրա առանձնասենյակը: Նա, գլուխը կախ, գրառումներով էր զբաղված: Մի տաք հոսանք անցավ ողնաշարիս միջով. մի՞թե իմացել է: Վեր կացավ, առանց իմ կողմը նայելու, բացեց սառնարանի դուռը, մի ճութ խաղող հանեց. «Սա իմ նախաճաշն է»,- ասաց, մեկ հատիկ պոկեց, գցեց բերանը: «Ֆրուկտոզան սրտի և ուղեղի համար նույնն է, ինչ անձրևը՝ բույսի»,- ինձ թվաց, թե նա այդ խոսքերն էլ սառնարանից հանեց: Գլխի շարժումով առաջարկեց նստել: Նստեցի: Աջ ոտքիս թաթը, անկախ ինձնից, սկսեց խփվել պարկետին: «Երկրաշա՞րժ»,- բացականչեց նա: Ես ոտքս կտրեցի հատակից: Նա նորից գլուխը կախեց ու շարունակեց գրել: «Գուցե գնամ, եթե ուրիշ ասելիք չունեք»: «Այո, գնա և ազատիր լաբորատորիան, այնտեղ հիմա ուրիշ աշխատանքներ են կատարվելու: Կիջնես ընդհանուր փորձարարական սրահ և կզբաղվես ֆերմենտների կարգավորման գործով: Դա հիմա մեզ ավելի է պետք, քան սպիտակուցների ձևափոխման քո հատուկ տեսությունը»:

ՄՇՏԱԺՊԻՏ — Ազատել լաբորատորիա՞ն:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ես մի տագնապից ընկա մի այլ տագնապի մեջ: Թողնել լաբորատորիան՝ նույնն է, թե թողնել Մարինեին… Եվ խոստովանանք լինի. գուցե ավելին, քան Մարինեին: Այդ լաբորատորիան իմ ապագան է, այդտեղ է ձևավորվում իմ գիտական կարիերան: Այդտեղ եմ երկու տարի զբաղվել իմ փորձարկումներով: Մեր փորձարարական ինստիտուտում մեծ շնորհ է առանձին լաբորատորիա ունենալը: Ես հասել էի դրան: Հասել էի ոչ իմ գեղեցիկ աչքերի համար: Եվ հիմա նույն Սանասարյանի կողմից վտանգ է սպառնում իմ գործին:

ԿԱՂԼԻԿ — Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ:

ՄՇՏԱԺՊԻՏ — Պարզ չէ՞, որ հավատը կորցրել է քո գիտափորձերի հանդեպ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Իրավունք չունի, գիտխորհրդի դրական կարծիքը կա: Նույն Սանասարյանն էլ է համաձայնվել, որ շարունակեմ փորձերը: Հիմա ի՞նչ պատահեց հանկարծ:

ԿԱՂԼԻԿ — Հա, ի՞նչ պատահեց:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Պարզ չէ՞, որ լսել է իմ ու Մարինեի կապի մասին և այդ կերպ ուզում է վրեժ լուծել… Ինչ որ է… Այդ պահին հեռախոսը զնգաց: Լսափողի մեջ պարզ ծաղկեց Մարինեի ձայնը. «Չմոռանաս շուկա մտնել»: «Ժամանակ չունեմ, սիրելիս»: «Չունես, վարորդիդ ուղարկիր»: «Լավ, այդպես էլ կանեմ, սիրելիս»: Կարծես դիտմամբ էր «սիրելիս»-ը շեշտում, ի հեճուկս ինձ: Հանկարծ այնպես ուզեցի նրա ձեռքից խլել լսափողը և բղավել. «Ես սիրո՛ւմ եմ քեզ, Մարինե»:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Բայց լռեցիր: Քաջությունդ չհերիքեց: Ես քո աչքին չերևացի այդ ժամանակ: Առհասարակ, վճռական պահերին դու աշխատում ես ինձ չհիշել:

ՄՇՏԱԺՊԻՏ — Իսկ ինչո՞ւ քեզ հիշել, որ հոնքը շինելու փոխարեն աչքն է՞լ հանես:

ԿԱՂԼԻԿ — Ոչ, որ երկուսն էլ տեղում մնան, և դիմագիծը չաղավաղվի, ինչպես քոնը: Եվ այդ ժպիտը, որ երբեք չի իջնում քո դեմքից, քոնը չէ:

ՄՇԱՏԺՊԻՏ — Ինչպես թե՝ իմը չէ, հապա ո՞ւմն է:

ԿԱՂԼԻԿ — Ոչ մեկինն էլ չէ: Եթե կուզես իմանալ՝ դա ժպիտ էլ չէ:

ՄՇՏԱԺՊԻՏ — Հապա ի՞նչ է:

ԿԱՂԼԻԿ — Ծամածռություն:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Մի վիճեք, ձեզ դրա՞ համար եմ կանչել: Փոխանակ մի խորհուրդ տալու…

ԿԱՂԼԻԿ — Խորհո՞ւրդ. կթքեի քո այդ ինստիտուտի վրա ու կհեռանայի: Ահա իմ խորհուրդը:

ՄՇՏԱԺՊԻՏ — Ճիշտ ես արել, Հարութ, որ լռել ես: Եթե ասեիր, պիտի թքեիր քո ապագայի վրա ու հեռանայիր ինստիտուտից: Հինգ տարվա աշխատանքդ հինգ րոպեում ջուրը նետեիր: Ինչքան եմ ասել՝ գործ չունես քո բարերարի կնոջ հետ, կին միշտ էլ կճարվի: Մանավանդ՝ ուրիշի կին:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ես նրան սիրում եմ:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Դրանով նա չի դադարում ուրիշի կին լինելուց: Սիրում ես, բեր տուն:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Կբերեի, բայց գործերս կարգի չեն ընկնում:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Գործերդ էլ որ կարգի ընկնեն, պիտի ասես՝ երկրի քաղաքական վիճակը լավ չէ: Ես քեզ լավ գիտեմ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Այո՛, ես սխալ եմ գործել, խախտել եմ հասարակության համակեցության կանոնները, նա էլ իր հերթին, սխալ է անում և չարաշահելով իր պաշտոնը՝ ինձ զրկում է իմ գիտափորձերից:

ԱԿՆՈՑՈՎ — Լավ, թողնենք այդ դատողությունները, հիմա դրանք ո՞ւմ են պետք:

ՄՇՏԱԺՊԻՏ — Ոչ, չթողնենք, հենց դրանից էլ պիտի սկսել: Դա լավ կռվան է Հարութի ձեռքին:

ԱԿՆՈՑՈՎ — Դու առաջարկում ես, որ Հարութը վեր կենա ու բացեիբաց խոսի այդ մասի՞ն:

ՄՇՏԱԺՊԻՏ — Ոչ թե բացեիբաց, այլ փակեիփակ, միայն Սանասարյանի ականջին: Իսկ եթե դա չօգնեց, ինչ կա որ, թող լինի հրապարակայնորեն:

ԱԿՆՈՑՈՎ — Իսկ Մարինե՞ն, նրա պատի՞վը… Դա ստորություն է: Պիտի Մարինեի անունը չշոշափվի: Թող պայքարը գնա ոչ անձնական հողի վրա:

ԿԱՂԼԻԿ — Իհարկե, տղամարդկությունը այդ է պահանջում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ես էլ եմ այդպես կարծում: Հրապարակավ խոսելն ինձ չի օգնի:

ՄՇՏԱԺՊԻՏ — Իսկ իմ կարծիքով, այն ձեռքը, որ չես կարող կտրել, համբուրիր ու դիր ճակատիդ:

ԿԱՂԼԻԿ — Համբուրել վերադասի ձե՞ռքը: Օրիորդի ձե՞ռք է, ի՛նչ է:

ԱԿՆՈՑՈՎ — Կնոջ ձեռքը համբուրում է, հերիք է:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Սկզբում ձեռքը, հետո շուրթերը: Այդ հյութեղ շուրթերի համար արժե ամուսնու ձեռքը համբուրել:

ՄՇՏԱԺՊԻՏ — Թողեք ավարտեմ միտքս: Հարութը առայժմ անաղմուկ պիտի իջնի ընդհանուր լաբորատորիա և սպասի բարենպաստ եղանակի:

ԿԱՂԼԻԿ — Ի՞նչ բարենպաստ եղանակի մասին է խոսքը… Էլ պրծա՛վ, ինքը պիտի եղանակ ստեղծի: Մի ելք կա. նախահարձակ լինել:

ԱԿՆՈՑՈՎ — Եթե ազնիվ են պայքարի մղումները: Նախ և առաջ, պիտի խզել կապերը Մարինեի հետ:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Բաժանվե՞լ: Մարինեի նման կնոջից բաժանվե՞լ:

ԱԿՆՈՑՈՎ — Կամ ամուսնանալ:

ՄՇՏԱԺՊԻՏ — Մարինեի նման կնոջ հետ ամուսնանա՞լ:

ԱԿՆՈՑՈՎ — Իսկ ինչո՞ւ ոչ:

ՄՇՏԱԺՊԻՏ — Իմ կարծիքով, այդպիսի կնոջը դժվար է պահել:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ամեն անգամ, իմ դժվար պահերին, փոխանակ ուղղություն տալու, կողմնորոշելու, ավելի եք խճճում ձեր իրարամերժ կարծիքներով: Ես միշտ զղջացել եմ, որ ձեզ հետ խորհրդի եմ նստել: Մեկ առաջարկում եք իջնել ընդհանուր լաբորատորիա և սպասել բարենպաստ եղանակի, մեկ՝ չիջնել, այլ պայքարել, մեկ՝ ամուսնանալ Մարինեի հետ, մեկ՝ չամուսնանալ, մեկ՝ թքել ու հեռանալ ինստիտուտից… Ինչի՞ նման է սա… Ես մի բան գիտեմ, մարդ պիտի իր կարծիքն ունենա, լավ-վատ՝ իր սեփական կարծիքը:

ԿԱՂԼԻԿ — Այո, մի բան, որ դու չունես:

ԱԿՆՈՑՈՎ — Սեփական կարծիքն ստեղծվում է շրջապատի հանդեպ ունեցած վերաբերմունքից: Դա նշանակում է ապրել շրջապատով, մտահոգվել շրջապատի համար: Այստեղից էլ ձևավորվում է մարդու մի ուրիշ, ավելի թանկ հատկությունը՝ աշխարհայացքը: Չուեցար աշխարհայացք, չես ունենա նաև սեփական կարծիք:

ԿԱՂԼԻԿ — Ինչպես նաև սեփական մոտեցում… Եվ ահա այսօր դրա հետևանքը:

ԱԿՆՈՑՈՎ — Կա նաև հետևանքների հետևանքը: Ի՞նչ գիտեք, թե ամուսինը, իմանալով կնոջ դավաճանության մասին, չի վտարի նրան:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Նա սիրում է Մարինեին և վտարելու ուժ չի ունենա:

ՄՇՏԱԺՊԻՏ — Մարինեն ինքը չի հրաժանվի այդպիսի ձեռնտու ամուսնուց: Ուրիշ էլ ի՞նչ է պետք ինքնասածի կնոջը:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Սեր է պետք, մեծ սեր: Նա ուզում է դուրս պրծնել համակերպման այս տաղտուկից:

ԱԿՆՈՑՈՎ — Ու դա Հարութն է, հա՞:

ԿԱՂԼԻԿ — Սա այսպես է, վճռական պահերին աշխատում է ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել… Հիշիր Սոնային… Հիշիր: Մի խուսափիր… Նա քեզ համար մերժեց այն լավ տղային… Ամեն անգամ չէ, որ կյանքը դասավորվում է… Նա հավատում էր քեզ և այդ հավատի համար պատժվեց:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Բայց նա ինքը, հենց առաջին հանդիպումից հետո, պիտի պահանջ չդներ: Դա պահանջով չի լինում: Պահանջն առաջանում է հետո կամ չի առաջանում: Հափշտակությանը հաջորդում է կամ սեր, կամ հիասթափություն: Ես կարո՞ղ էի նրան խոստանալ, որ սիրելու եմ հավերժ:

ԱԿՆՈՑՈՎ — Իսկ Անի՞ն…

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Մի խոսիր… Անիի մասին մի խոսիր…

ԱԿՆՈՑՈՎ — Վատ ես զգում: Սրտիդ մեջ մի կտոր խիղճ մնացել է: Կնոջ նվիրումը տղամարդը չունի:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ես նրան սիրում էի:

ԱԿՆՈՑՈՎ — Սերը երևում է ոչ թե վայելքի, այլ փորձության օրերին: Ինչո՞ւ էիր ստիպում, որ նա…

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ով կմտածեր, որ այդ անիծյալ աբորտը… Ինքն էլ չէր հավատում…

ԱԿՆՈՑՈՎ — Կարծում էիր, դիտավորյալ է ուզում երեխան բերել, որ վավերացնի ձեր կապը:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Անին, մաքրամաքուր Անին… ճիշտ այսպիսի եղանակ էր… Նվագախումբը ռեքվիեմ էր նվագում… Ծխախոտի ծուխը ամպ էր կապել թափորի գլխին… Նրա փակ աչքերն ասես արտասվում էին անձրևի տակ… Մոմեղեն դեմքի վրա ժպիտ կար, մի ծուռ ժպիտ՝ ուղղված Հարութին… Այսինքն՝ մեզ… Մենք գողունի հետևում էինք թափորին…

ՄՇՏԱԺՊԻՏ — Անձրևն ավելի սաստկացավ, Մարինեն էլ չի գա: Այլևս չի գա:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Կգա: Տագնապներն ավելի են առաջ մղում կնոջը: Հիմա, ուր որ է, բաց կանի դուռը… Ահա, իջավ տաքսիից, մտավ շքամուտք, սեղմեց վերելակի կոճակը… Բարձրանում է… Երկրորդ հարկ, երրորդ, չորրորդ, իջավ վեցերորդ հարկի հարթակ, հանդիպեց մեր շատախոս հարևանուհուն…

ՄՇՏԱԺՊԻՏ — Իսկ իմ կարծիքով, Մարինեն ամուսնուց ջարդը կերել ու հիմա տանը պառկած տնքում է այդ հարվածներից:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ոչ, ոչ, ամուսինը հիմա փարված է նրա ոտքերին… Նա հպարտ ու խիզախ մարդ է… Դրսում… Նա չի նվաստանա… Դրսում… Նա կպահի իր պատիվը… Դրսում…

ԱԿՆՈՑՈՎ — (Կիթառահարին): Քո կանխազգացումները սխալ դուրս եկան, նա չի գա: Մեկ օրվա մեջ երկու մեծ կորուստ՝ Մարինեն ու լաբորատորիան: Քո կյանքի անիվը, Հարութ, ետ պտտվեց, տարիքդ առաջ ընկավ: Ո՛վ գիտե, քանի տարիներ են պետք, որ դու նորից հասնես քո երեկվա օրվան: Դեռ հարց է՝ կհասնե՞ս, թե ոչ:

ՄՇՏԱԺՊԻՏ — Ես չեմ հասկանում այդ կնոջը, ինչո՞ւ է ամուսնացել նման մարդու հետ. որ հետո դավաճանի՞: Ինչո՞ւ է դարձել բիոքիմիկ, որ հետո ձե՞ռք քաշի: Չէ, նրա մեջ ինչ-որ թերարժեք բան կա. ընտրելու ընդունակ կին չէ, թեև ընտիր կին է:

ԿԱՂԼԻԿ — Նրան հասկանալու համար դու շատ ես խելոք: Նա պարզապես կին է՝ առեղծված: Տղամարդուն մարտունակ պահող, բայց պարտության մատնող կին:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Իմ բնազդը ինձ չի խաբում… Ահա նա պոկվեց այդ չաչանակից, հանեց գրպանից բանալին… Հիմա հուշիկ կբացի դուռը…

Բացվում է դուռը, հայտնվում է Մարինեն՝ թրջված, բայց առույգ, ձեռքին՝ մթերային պայուսակ: Մարինեի հայտնվելուն պես նրանք կիսաստվերի մեջ են:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դու… դու ոգի՞ ես, թե կայծակի շեղբ, որ այս հորդառատ անձրևին հանկարծ հայտնվեցիր:

ՄԱՐԻՆԵ — Ես և՛ ոգի եմ, և՛ կայծակի շեղբ, և՛ թրջված մուկ… Ի՞նչ ես շշմել, հանիր թիկնոցս: Հողաթափերս բազմոցի տակ են… Գիտե՞ս, ինչ եմ բերել՝ շատոբրիան, բայց ոչ կարդալու, այլ ուտելու: Տավարի միս է, հատուկ եղանակով պատրաստված: Իսկ թե ինչու՞ շատոբրիան. ես էլ չգիտեմ: Այս կայծակներից մարդ, քիչ է մնում՝ խրխնջա: Երանի դու վրանում ապրեիր, այս եղանակին վրանը ուրիշ բավականություն է: Չեմ սիրում այս պատերը: Տանը՝ պատ, դրսում՝ պատ, խոսքերի, ժպիտների մեջ՝ պատ, ամենուր գույնզգույն պատեր: (Նստում է բուխարիկի առաջ🙂 Նիկիտիչի հետ նստած ենք Վառնայի ռեստորաններից մեկում, բաց եմ անում ճաշացուցակը և հանկարծ՝ շատոբրիան: Պիտի փորձել, ասացի, ու փորձեցինք, պատրաստելու եղանակն իմացա: Երեսս զովից կարմրել է, համբուրիր… Ոչ, ոչ, կանայք տաքանում են շուրթերից…

Նրանք համբուրվում են, մյուսները շրջվում են նրանցից:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Նիկիտիչն ո՞վ է:

ՄԱՐԻՆԵ — Նիկիտի՞չը… (Ծիծաղում է🙂 Օ՜, Նիկիտի՞չը… Կարծեմ ամուսնուն չի կարելի խանդել, չէ՞: Սիրեկանների հորինած թեզն է: Նա է, ում անձնագրում ես գրանցված եմ՝ քո ախոյանը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ախոյա՞ն:

ՄԱՐԻՆԵ — Ինչո՞ւ վախեցար: Ներկայից կամ ապագայից երկյուղել չարժե, վախեցիր անցյալից:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ինչո՞ւ անցյալից:

ՄԱՐԻՆԵ — Եթե ասեի՝ Նիկիտիչն իմ սիրեկանն է, անցյալ կատարյալ սիրեկանը, դու պիտի հիմա պատմություն սարքեիր:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Քո անցյալն ինձ չի հետաքրքրում:

ՄԱՐԻՆԵ — Ճիշտ չէ: Ես, օրինակ, սոսկալի խանդ ունեմ քո անցյալի հանդեպ, ուզում եմ իմանալ, թե ի՞նչ կա այնտեղ, ո՞վ կա այնտեղ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Դատարկություն:

ՄԱՐԻՆԵ – Բայց կանայք եղել են, չէ՞:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Եթե հետք չեն թողել, ուրեմն չեն եղել: Ստվերի նման եկել են ու անցել:

ՄԱՐԻՆԵ – Ինչպես որ ես մի օր կանցնեմ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Դու լույս ես, իսկ լույսը ստվեր չի ունենում:

ՄԱՐԻՆԵ – Այո, բայց հետք էլ չի թողնում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Մենք բոլորս էլ անհետանալու ենք: Գալու է մի նոր սերունդ, ու մեզնից ոչինչ չի մնա:

ՄԱՐԻՆԵ – Ինչ տխուր բան ասացիր: (Ծխախոտ է վառում:)

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ինչո՞ւ տխուր: Բնության օրենքն է՝ սխալ բան չի անում:

ՄԱՐԻՆԵ — Նա էլ, ինչպես մարդը, իր սխալներն ունի: Բնության սխալը չէ՞, որ մեզ ժամանակին չի հանդիպեցրել: Ինչո՞ւ պիտի հիմա ես քո սիրուհին լինեի, և ոչ՝ կինը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դա քեզ պե՞տք էր:

ՄԱՐԻՆԵ — Ամենևին: Հիասթափությունը շուտ վրա կհասներ: Ես, իհարկե, կուզենայի քո կինը լինել, բայց չէի ուզենա, որ դու իմ ամուսինը լինեիր: Կին, ամուսին, սիրեկան, օրինական, անօրինական… սրանք է՞լ է բնությունը հորինել: Էլ ուրիշ բան ու գործ չի ունեցել, նստել, այս անհեթեթ բառերն է բրստել: Հիմար, անկատար աշխարհ… Շատոբրիանը պիտի տաք-տաք ուտել, հիմա ամեն ինչ մեկ վայրկյանում կդասավորեմ… Հագուստս փոխեմ: (Անցնում է ննջասենյակ🙂

ԱԿՆՈՑՈՎ — Ասում էի, չէ՞, որ ամուսինը ոչինչ չգիտի:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Գիտի: Ե՞ս եմ շփվել նրա հետ, թե՞ դու:

ԱԿՆՈՑՈՎ — Հանցավոր մարդու աչքին ամեն ինչ կասկածելի կերևա:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ի՞նչ կասկած, համոզված եմ: Եվ ինչպես էլ կարողանում է համբերել:

ՄՇՏԱԺՊԻՏ — Վախեցիր այդ տեսակ համբերությունից: Կամք եմ ասել, հա՜:

ԿԱՂԼԻԿ — Ի՞նչ կամք, թուլակամությո՛ւն:

ԱԿՆՈՑՈՎ — Թուլակամություն չէ, սեր է: Նա սիրում է կնոջը և չի ուզում կորցնել նրան:

ԿԱՂԼԻԿ — Այդքանը որ հասկանում ես, գուցե այս հարցին էլ պատասխանես. Մարինեն նրան սիրո՞ւմ է, թե ոչ:

ԱԿՆՈՑՈՎ — Գնահատում է: Դա էլ սիրո տեսակ է, որ իրեն չի բավարարում, բայց ամուսնուն բավարարում է: Եվ այդ դեպքում է, որ հայտնվում է երրորդ անձը:

ՄՇՏԱԺՊԻՏ — Բայց դա անբարոյականություն է:

ԱԿՆՈՑՈՎ — Ըհը, կնիքը խփեց: Կնոջն անբարոյականացնում ենք ու հետո նրա դատն անում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Թողեք մեզ մենակ:

ԱԿՆՈՑՈՎ — Համարիր, որ չկանք՝ ներկա-բացակա ենք:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Իսկ ես երաժշտական ձևավորում կտամ ձեր տրամադրությանը:

ՄԱՐԻՆԵ — (գալիս է տնային խալաթով): Քաղցած ես, չէ՞: Իհարկե, քեզ ո՞վ պիտի կերակրի: Կամ թող համարձակվի կերակրել… Մենք պիտի կես շիշ գինի ունենանք… Ահա… Նիկիտիչի հետ սեղան նստեցինք, ծամեցի-ծամեցի, ծնոտներս դոփեցին-դոփեցին ու վեր կացա՝ կերած-չկերած: Հիմա մենք քեզ հետ ախորժակով կջնջենք այս շատոբրիանը… Սա ի՞նչ է… Ինչո՞ւ է բաժակի պռունկը կարմիր… Ո՞վ է եղել այստեղ…

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ոչ ոք:

ՄԱՐԻՆԵ — Կարմիր է, ահա, տես: Փաստին հավատա՞մ, թե խոսքին:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դա քո շրթներկն է:

ՄԱՐԻՆԵ — Իմ շրթներկը գույն չի տալիս: Սա ուրիշ է, դիտավորությամբ արած, որ ես նկատեմ: Ո՞վ է եղել ասա: Դեմքիդ գույնը մատնում է քեզ, երդվիր:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Քո արև:

ՄԱՐԻՆԵ — Իմը թխպոտ երկինքն է:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Իմ արև:

ՄԱՐԻՆԵ — Արև չկա: Հայոց երկինքն ամպամած է:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Չգիտեմ, ինչով երդվեմ, որ հավատաս:

ՄԱՐԻՆԵ — Երդվիր… Անիի հիշատակով:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դու նրան գիտե՞ս:

ՄԱՐԻՆԵ — Որ ասում եմ՝ վախեցիր անցյալի՞ց: Ու դեռ ասում ես՝ այնտեղ դատարկություն է:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ներիր…

ՄԱՐԻՆԵ — Ինքդ քեզ պիտի չներես: Մի՞թե կարելի է այդքան հիշատակապիղծ լինել: Լավ, լավ, մի մթնդիր, շրթներկն իմն է, ես եմ արել, և դիտավորյալ, իսկ թե ինչո՞ւ, գաղտնիք է:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ոչ մի գաղտնիք էլ չկա, խանդ է:

ՄԱՐԻՆԵ — (ծիծաղում է): Խա՞նդ… Քանի ես կամ, ոչ մի կին չի կարող սողոսկել ոչ քո բնակարանը, ոչ քո սիրտը: Սա խանդ չէ, սա ուրիշ բան է, ավելի կարևոր բան: Դու այդ չես հասկանա, քանի որ ազատ ու միայնակ մարդ ես և ինձ նման պարտավորություններ չունես, այն էլ՝ սեփական տանը: Դու գիտե՞ս, թե դա ի՛նչ է ինձ համար… Այդքանից հետո քեզ խանդե՞մ: Խմենք իմ Քրմուհու կենացը: Թեպետ նա հիմա չկա… Նրա արձագանքն է միայն մնացել երկնքի մեջ… Մեկ էլ՝ իմ հոգում… Նկարը իմ սնարին է, իսկ պայտը, մաշված պայտը՝ զարդատուփիս մեջ, որպես ամենաթանկ իր… Խմենք… Գիտե՞ս, քո ինչն է ինձ ամենից շատ դուր գալիս:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Իմ… սերը:

ՄԱՐԻՆԵ — Ահ, չեմ հավատում: Հավատարմությանդ հավատում եմ, բայց սիրուդ չեմ հավատում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Իմ լրջությունը:

ՄԱՐԻՆԵ — Հիմար բան է:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Խոսքս գիտական լրջության մասին է:

ՄԱՐԻՆԵ — Դա առավել ևս ինձ չի հետաքրքրում: Շատ պետքս է, թե ինչ հետևանքներ են թողնում քո հերձումները սպիտակ առնետների վրա: Ես ուզում եմ իմանալ, թե ե՛ս ինչ հետևանքներ եմ թողնում քեզ վրա:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ուզում ես ասել, որ ես էլ քո՞ առնետն եմ:

ՄԱՐԻՆԵ — Կոպիտ էր, ես ավելի մեղմ կձևակերպեի:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Համենայնդեպս, քո փորձարկումներն ավելի արդյունավետ են, քան իմը: Դու ինձ նվաճել ես:

ՄԱՐԻՆԵ – О՜ լա-լա… Կանայք չեն նվաճում, նվաճվում են, և դա է նրանց հմայքը: Նվաճելու մեջ վատ բան կա, որ հատուկ է տղամարդկանց: Իսկ եթե մենք նվաճում ենք, ապա՝ սեր, կարոտ, տագնապ, հառաչանք և նման սրտամաշ բաներ: Դրանք էլ չենք նվաճում, այլ ձեր շնորհիվ հայտնաբերում ենք մեր մեջ: Դուք շատ եք առարկայական ձեր զգացմունքների մեջ և մարմնականից այն կողմ չեք անցնում: Շատոբրիանը քեզ դուր եկա՞վ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Թողնո՞ւմ ես, որ համն զգամ: Չասացիր, թե իմ ինչն ես ամենից շատ սիրում:

ՄԱՐԻՆԵ — Անպայման ուզում ես իմանա՞լ: Քո թեթև մորուքը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Բայց դա արտաքին երևույթ է:

ՄԱՐԻՆԵ — Ես չեմ կարող խոսել այն բաների մասին, որոնք չեն երևում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ես կխուզեմ այս մորուքը:

ՄԱՐԻՆԵ — Չանես, ի սեր Աստծո…

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դե, ուրեմն, ասա: Ես անհամբեր եմ քո լավ խոսքին, դու միայն այդ դեպքում ես ժլատ:

ՄԱՐԻՆԵ — Հավատա, որ չեմ կարող ասել: Ոչ թե՝ չեմ ուզում, այլ՝ չեմ կարող ասել: Դա ավելի շատ զգալու բան է, քան ասելու: Երբեմն, իմ միայնության պահերին, ինձ նույն հարցն եմ տալիս ու պատասխան չեմ ստանում: Երևի դա հենց սերն է: Ասում եմ՝ երևի, որովհետև նախկինում այդ զգացումը չեմ ունեցել: Ամուսնացել եմ ի հեճուկս մեկի, որին, ճիշտն ասած, չէի էլ սիրում: Շատ եմ քմահաճ եղել: Ծնողներիս խիստ դաստիարակության արդյո՞ւնքն է դա, թե՞ նախնիների գեներից եկած, չգիտեմ: Դու այսօր անտրամադիր ես, ի՞նչ է եղել:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Իսկ դու չգիտե՞ս՝ ի՛նչ է եղել: Սանասարյանը տեղյակ է մեր սիրո մասին:

ՄԱՐԻՆԵ — Անկարելի է: Ես նրա յուրաքանչյուր բջիջը գիտեմ, շեմից ոտքը ներս դրեց, գիտեմ, ինչ է կատարվել դրսում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Իսկ այսօ՞ր:

ՄԱՐԻՆԵ — Այսօր էլ նույնը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Քո շուրթերի կենացը, որ այդպես կեղծել-չկեղծել գիտեն:

ՄԱՐԻՆԵ — Այո, կեղծելը կնոջ շուրթերից է ծնվել, բայց դու ինձ մի մղիր այդ մացառուտները: Ես ուզում եմ անկեղծ լինել: Գոնե քեզ մոտ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Նա ինձ զրկում է գիտափորձերից՝ իջեցնելով ընդհանուր բաժին:

ՄԱՐԻՆԵ — Այդպես էլ ասա՞ց:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Հենց այդպես:

ՄԱՐԻՆԵ – Կնշանակի՝ հույսը կտրել է գիտափորձերից: Ինչո՞ւ ես կասկածի սլաքը թեքում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Որովհետև իմ աշխատանքը դեռ ավարտին չի հասել: Դրական, կամ բացասական ավարտին: Նա կարող է կասկածել, բայց վետո դնելու իրավունք չունի: Մեր գործում ինչն է ավելի շատ՝ կասկածը: Նա միայն տնօրեն չէ, նաև գիտնական է ու դա լավ է հասկանում: Պարզ չէ՞, որ մեկն ու մեկը նրա ականջին շշնջացել է…

ՄԱՐԻՆԵ — Իսկ ո՞ւմ ես կասկածում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ինչ իմանամ… քի՞չ մանկլավիկներ ունի:

ՄԱՐԻՆԵ — Մկրտիչն ազնիվ մարդ է:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ես էլ էի այդպես կարծում, բայց մարդը զուտ ֆիզիկական երևույթ չէ, որ դնես մանրադիտակի տակ և ուսումնասիրես: 0՜, նրա մթնոլորտային շերտերը…

ՄԱՐԻՆԵ — Եթե նրան չեմ ճանաչում, ուրեմն, քեզ՝ առավել ևս: Ընդամենը մեկ տարի չէ՞, որ միասին ենք:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ես ի՞նչ… պարզ մարդ եմ, ոչ կարիերայի ձգտում ունեմ, ոչ փառքի:

ՄԱՐԻՆԵ — Բայց առանձին լաբորատորիա նվաճեցի՞ր:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Որովհետև առանձին թեմա ունեի: Մինչ ես, գլուխս կախ, իմ փորձարկումներով էի զբաղված, ընկերներս հոդվածներ էին տպագրում, գիտաժողովների էին գնում արտասահման, հարցազրույցներ էին տալիս, ելույթներ էին ունենում հեռուստատեսությամբ: Եվ ինչքան սնամեջ, այնքան հավակնոտ: Այստեղ պարոն Սանասարյանի ականջը կանչի:

ՄԱՐԻՆԵ — Այդպես թունոտ մի խոսիր նրա մասին: Նա, եթե ուզենար վրեժ լուծել քեզանից, ուղղակի կազատեր աշխատանքից, ու վերջ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ոչ, դա վերջ չէր լինի, այլ՝ սկիզբ: Նա չի կարող ազատել առանց լուրջ փաստարկների: Նա զգույշ մարդ է, և ինչպես ամեն նրբանկատ ղեկավար, գործելու իր եղանակն ունի: Եվ ինչո՞ւ ազատեր, երբ գիտեր, որ ինքս չեմ մնա, կհեռանամ: Այդ էր պակաս, որ հանդուրժեի ու մնայի:

ՄԱՐԻՆԵ — Գնա, եթե ընդունում ես քո պարտությունը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ահ, հավե՞ս ունեմ: Այդ պայքարի վրա ավելի շատ եռանդ է պահանջվում, քան գիտափորձերի:

ՄԱՐԻՆԵ — Զարմանալի է:

ԿԱՂԼԻԿ — (մեկուսի): Դու դեռ շատ կզարմանաս:

ՄԱՐԻՆԵ — Մի՞թե քո մեջ այնքան եռանդ չկա, որ… Եթե չկա, վերցրու մեր սիրո շտեմարանից, ես թույլ եմ տալիս:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ես գիտության մարդ եմ, և իմ պայքարը նրա հետ է:

ՄԱՐԻՆԵ — Իսկ մի՞թե այդ պայքարը գիտության համար չէ: Հրաժարվել լաբորատորիայից, նույնն է, թե հրաժարվել սեփական իդեալից: Թեպետ, ես ուրախ կլինեի, որ դու թողնեիր այդ անհայտ հավասարումներով լի աշխարհը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դե լավ, այդքան էլ մի թերագնահատիր այդ աշխարհը: Գոնե Էյնշտեյնի ու Դարվինի նման գիտնականներին հիշիր:

ՄԱՐԻՆԵ — Դու էլ հիշիր, որ այդ մեծությունների մեջ կուտակված է հազար-հազար գիտնականի փորձ: Վերցնենք, օրինակ, ձեր ինստիտուտը: Հսկա կոլեկտիվ է, իսկ ի՞նչ է ապացուցում: Գրեթե այն, ինչ արդեն ապացուցված է: Ինչ էլ որ հաջողվում է ավելացնել այդ մնայուն արժեքի վրա, այնքան չնչին է, որ անզեն աչքով էլ չի նկատվի: Նույնիսկ այդ մնայուն արժեք կոչվածն էլ մնայուն չէ, գալիս է մի նոր հայտնագործություն և շուռ է տալիս մինչ այդ եղած բոլոր ըմբռնումները: Ես սա չեմ ասում, որ քեզ տխրեցնեմ, այլ ինձ մխիթարելու համար, որ թողել եմ բիոքիմիան:

Տեղատարափ է, կայծակ ու խրխինջ: Մարինեի աչքերի մեջ խորամանկ ժպիտ է հայտնվում:

ՄԱՐԻՆԵ — Եթե այդքան հավատացած ես, որ գիտի, ուրեմն, դո՛ւ ես ասել նրան:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ե՞ս:

ՄԱՐԻՆԵ — Իհարկե դու: Էլ ո՞վ պիտի ասեր:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դու:

ՄԱՐԻՆԵ — Ե՞ս… Այո, ես եմ ասել: Ավելի լավ չի՞ ինձնից իմանար, քան ուրիշներից: Ինչո՞ւ փախչել ճշմարտությունից, կամ ո՞ւր փախչել: Մի ժպտա, չեմ կատակում: Սերը չի կարող կեղծիքի հետ երկար ապրել:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Երդվիր:

ՄԱՐԻՆԵ — Երդվելն ինքնին կեղծիք է: Մանավանդ, երբ հնչում է կնոջ շուրթերից:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Քո լուրջն ու կատակը երկվորյակների պես իրար նման են, ու միայն դու, որպես հարազատ ծնող, կարող ես նրանց տարբերել:

ՄԱՐԻՆԵ — Ասել եմ, սիրելիս, ասել եմ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ:

ՄԱՐԻՆԵ — Հենց այնպես, ձանձրույթից:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ձանձրույթից կարելի է գլուխը պատովը տալ, ոչ թե նման բան ասել:

ՄԱՐԻՆԵ — Ուղեղի ցնցո՞ւմ ստանայի, առանց այն էլ խելացնոր եմ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ախր, այ հոգիս, ո՞վ էր քեզ ստիպում:

ՄԱՐԻՆԵ — Սատանան: Դու չգիտե՞ս, որ ամեն կնոջ մեջ մի սատանա է ապրում: Այդ սատանան չէ՞ր, որ ինձ հրեց քո գիրկը: Բանկետում կերուխում էր ու մեր հայացքների հրավառություն: Սեղանապետը երկար ճառեր էր ասում, իսկ մեր սրտերը խնկի նման ծխում էին: Հետո այդ սատանան մեզ ժամադրեց ու ձեռքը դնելով մեր գլխին՝ ասաց. «Աստված ձեզ պահի-պահպանի միմյանց համար»:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Բայց նա՞, նա ի՞նչ ասաց:

ՄԱՐԻՆԵ — Մկրտի՞չը: Ծիծաղեց: Նա միշտ էլ իմ ճիշտ խոսքին չի հավատացել: Ըստ երևույթին, տղամարդուն պիտի խաբես, որ հավատա:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Այնպես ես խոսում, ասես դարավոր փորձ ունես:

ՄԱՐԻՆԵ — Կնոջը փորձ պետք չէ: Նա բնազդ ունի:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Այո, և ահա ինչ նստեց այդ բնազդն ինձ վրա:

ՄԱՐԻՆԵ — Ի՞նչն է քեզ այդպես տագնապում. ինձնի՞ց, թե՞ քո առնետներից զրկվելը: Ասա, մի լռիր:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Պիտի անպայման այդ հարցին պատասխանե՞մ:

ՄԱՐԻՆԵ — Իսկ ի՞նչ մի լավ բան է, որ հարցը հարցական էլ մնա ու կախվի օդում: Բա որ հանկարծ մեկնումեկիս գլխին ընկավ: Մի վախենա, քո գլխին չի ընկնի, խոստանում եմ: Սակայն չեմ սիրում նրանց, ովքեր կարևոր հարցին պատասխան չունեն: Սեփական մասնագիտությունն ունեն, սեփական մտահղացումներն ունեն, սեփական հաճույքներն ունեն, սեփական մորուքն ունեն, բայց սեփական մոտեցումը չունեն:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – (կատակով): Ախր, առնետներն էլ շատ սիրուն են, սպիտակ, թմբլիկ…

ՄԱՐԻՆԵ – Հապա ինչպես է ձեռքդ գնում հերձելու: Ասենք, սովոր ձեռք է… Նշտարի սովոր ձեռք…

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Դաժան աղջիկ ես… Մի հպվիր այդ լարերին… Հավատա, որ ես այդ աղջկա հանդեպ այնքան մեղավոր եմ, որքան՝ անմեղ…

ՄԱՐԻՆԵ – Ներիր… Լավ, այժմ անցնենք քո վաղվա անելիքին: Ի՞նչ ես որոշել:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Չգիտեմ:

ՄԱՐԻՆԵ – Իսկ ես գիտեմ: Ոչ մի նահանջ, եթե իմ սերն ես: Թող իմ գոյությունը քեզ չխանգարի: Ես՝ խանգարի՞չ: Դա իմ ուժերից ցածր է: Կռիվ չի լինի: Մկրտիչը խոհեմ մարդ է, հարաբերությունները չսրող, լինի վերադաս, թե ստորադաս: Բայց ոչ վախից, նա վախկոտ չէ, այլ իր նյարդերը պահպանելու համար: Թեպետ նրա նմանները ավելի կարճ են ապրում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ասում ես՝ խոհեմ մարդ է, բայց Վանեսյանի նման գիտնականին այնպիսի վիճակի մեջ գցեց, որ նա ստիպված թողեց, հեռացավ ինստիտուտից:

ԿԱՂԼԻԿ — Քո օգնությամբ: (Հարութը հայացքով սաստում է🙂

ՄԱՐԻՆԵ — Վանեսյանի պատմությունն ուրիշ է: Նա իր որդու քավության նոխազը դարձավ: Մկրտիչը սիրում էր նրան ու գնահատում, հարկադրաբար ինքն իր ձեռքով գրեց ազատման հրամանը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դե լավ, մի արդարացրու նրան, ասածներն էլ հալած յուղի տեղ մի ընդունիր: Նրա շողոմ լեզուն օձին էլ բնից կհանի:

ՄԱՐԻՆԵ — Այդպես մի ասա, քեզ չի սազում: Առավոտյան մտիր նրա մոտ և քո հարցերը պարզիր: Այդ գիտափորձերը քո տարերքն են ու չի կարելի այդպես հեշտորեն հրաժարվել: Նման մի տարերք էլ ես եմ քո կյանքում ու դրա համար եմ այսքան տագնապած խոսում: Չեմ սիրում թույլ ու անճարակ մարդկանց: Նրանք նման են կամազուրկ ձիերի, որոնց առանց ափսոսանքի դուրս են գրում ձիարշավարանից: Դու այդպիսին չես, քո մեջ մարտական լիցք կա, թեպետ համեստորեն թաքցնում ես:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դու այնքան հրայրքով ու համոզիչ ես խոսում, որ… Ափսոս, հեռացար ճշգրիտ գիտության ասպարեզից: Դու ինտելեկտ ունես, քննախույզ միտք, ամբողջական բնավորություն… Շատ մեղավոր է քո ամուսին կոչեցյալը: Ափսոս չէի՞ն ուսման հինգ տարիները…

ՄԱՐԻՆԵ — Ես ինքս եմ լքել ու բնավ չեմ ափսոսում: Չսիրած գործով զբաղվելն ավելի վատ է, քան ոչ մի գործով չզբաղվելը: Չսիրած մարդու հետ ամուսնանալը ավելի վատ է, քան երբեք չամուսնանալը: Եվ շատ հավանական է, որ Նիկիտիչի հետ վարվեմ այնպես, ինչպես վարվեցի բիոքիմիայի հետ: Ու թող ծնողներիս ոռնոցը կատարյալ լինի: Ես ինչ ուշ խելքի եկա, ի՜նչ ուշ… Եվ, արդյո՞ք, եկա… Բայց մի վախենա, քո վզին չեմ փաթաթվի: Ատելով ատում եմ այդպիսիներին: Եթե մի բան ափսոսում եմ, որ թողել եմ, դա ձիասպորտն է, իմ Քրմուհին: Բաշը սպիտակ, վիզը երկար, մեջքը բարակ իմ Քրմուհին: Վազքի պահին մազերս խառնվում էին նրա բաշին, ու մենք նույնացած սլանում էինք հողմի նման: Կտրվում էինք հողից ու մտնում մի ուրիշ աշխարհ: Հետո, երբ իջնում էինք այդ վերին շերտերից ու ոտք դնում հողին, երկար ժամանակ դեռ ինձ զգում էի այնտեղ: Մարմինս՝ այստեղ, իսկ հոգիս՝ այնտեղ: Շատ եմ խոսում, չէ՞:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դու չես խոսում, դու ապրում ես ու ապրեցնում: Ես քեզ սրանից հետո այդպես էլ կանվանեմ՝ քրմուհի:

ՄԱՐԻՆԵ — Իմ համակուրսեցիները չգիտեին, որ զբաղվում եմ ձիասպորտով: Ասում էի, բայց չէին հավատում, ասում էին՝ գլուխ է գովում: Եվ նա, ով ինձ սեր էր բացատրվել ու մերժվել, գրազ եկավ հետս, ով տարվի՝ բոլորին տանելու է ռեստորան: Քրմուհուս բերեցի ուղղակի այն լաբորատորիայի սրահը, որտեղ անալիզներ էինք անում: Ի՜նչ իրարանցում, ինչ հիացք, ինչ զայրույթ… Տեղկոմ, կուսկոմ, բոլորն էլ մեկ վայրկյանում հայտնվեցին: Ինձ կհեռացնեին համալսարանից, եթե դոկտոր-պրոֆեսոր Խոնդկարյանը հայրս չլիներ: Ես գրազը տարա, բայց նա մեզ ռեստորան չտարավ: Այդ օրվա համար Քրմուհիս երեք օր ինձնից խռով մնաց: Հատակը փայլուն էր, ողորկ, ու նա անվերջ սայթաքում էր, դողում վայր ընկնելու ահից: Շոյում էի պարանոցը, դունչը՝ գլուխը մի կողմ էր թեքում, շաքար էի տալիս՝ չէր վերցնում, երգում էի ականջի տակ՝ ականջները թափ էր տալիս: Իսկ նա երգ շատ էր սիրում, լսելիս ռունգերը թռթռում էին, մաշկի վրայով մի մարմանդ դող էր անցնում և աչքերը լցվում էին մշուշով: Ահա թե ինչն եմ ափսոսում, որ թողել եմ, թե չէ՝ քիմիկոս-միմիկոս… Դարվինի պես հանճարն անգամ իր կյանքի վերջում տրտնջում էր, որ լիովին տրվեց գիտությանն ու չիմացավ՝ ինչ է կյանքը, երջանկությունը: Ես ուրախ կլինեի, եթե դու այդ ասպարեզում չլինեիր, ինչի՞ նման է երկու հոգու նվիրվելը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Երկու հոգո՞ւ:

ՄԱՐԻՆԵ — Իհարկե, ես ու քո գիտություն կոչեցյալը: Նա էլ ինձ նման քմահաճ է ու նվիրում է պահանջում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դրանք տարբեր բաներ են:

ՄԱՐԻՆԵ — Վատն էլ այն է, որ տարբեր են: Եթե նույնը լինեին, իրար չէին խանգարի:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ճիշտ է, այսօր դա զգացի:

Մարինեն մոտենում է պատուհանին: Նա մտազբաղ է: Դրսում նույն տարերքն է:

ՄԱՐԻՆԵ — «Աշուն է, անձրև, ստվերներն անձև, դողում են դանդաղ, պաղ, միապաղաղ, անձրև ու անձրև…»: Ես պարոն Սանասարյանին ոչինչ չեմ ասել… Ուզեցի քո փոխակերպումները տեսնել… Չեմ ասել, բայց հիմա կասեմ: (Մոտենում ու վերցնում է լսափողը🙂

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ի՞նչ ես անում, թո՛ղ:

ՄՇՏԱԺՊԻՏ — Խլիր լսափողը, Հարութ:

ԿԱՂԼԻԿ — Թող զանգի, մեկ է, դրությունը սրված է, կամ այս կողմ, կամ՝ այն:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Անխոհեմություն մի արա:

ՄԱՐԻՆԵ — Կարծում ես, հիմարություննե՞ր եմ դուրս տալու:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Միևնույն է, չի կարելի: (Խլում է լսափողը🙂

ՄԱՐԻՆԵ — (ծիծաղում է): Վախեցա՞ր:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Սա վախ չէ:

ՄԱՐԻՆԵ — Հապա ինչ է, քաջությո՞ւն:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — (մեկնելով լսափողը): Վերցրու:

ՄՇՏԱԺՊԻՏ — Չեղավ, չեղավ…

ԿԱՂԼԻԿ — Քիչ խոսիր:

ՄՇՏԱԺՊԻՏ — Ինչ խոսեցի որ՝ մի բառ:

ԿԱՂԼԻԿ — Դա էլ շատ է:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Սքանչելի իրարանցում:

ՄԱՐԻՆԵ — …Նիկիտիչ, էլի ճգնո՞ւմ ես լուսամփոփի տակ… Մի արա, թող աշխարհը տուժի… Ոչինչ, վատ չեմ զգում ինձ. հոտը չե՞ս առնում: Մի-երկու բաժակ, բայց ոչ՝ սուրճի… Ո՞ւմ հետ… Մի հետաքրքիր տղամարդու… Խոսիր, նա խանդոտ չէ… Կատա՞կ, լա՜վ կատակ է… Բարևե՞մ Սուսաննային… (Հարութին.) Սուսաննա, բարևում է քեզ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — (նյարդային): Շնորհակալություն:

ՄԱՐԻՆԵ — (լսափողի մեջ): Նա էլ քեզ է բարևում… Լսափողը տա՞մ նրան…

ՄՇՏԱԺՊԻՏ – Պահո՜, կորանք:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Հոյակապ է:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Անջատի՛ր:

ՄԱՐԻՆԵ -…Նա էլ քեզ հետ է ուզում խոսել, նույնիսկ չի համբերում և լսափողը խլում է ձեռքիցս… (Իբր լսափողից դուրս🙂 Ո՛ւֆ, ա՛ռ… (Ձայնը փոխում է🙂 Բարև ձեզ, պարոն Սանասարյան… (Հազում է🙂 Այո, մի քիչ մրսել եմ… Մենակ մարդու օրը կտրվի… Հեռուստացույցով ձեզ տեսա… Ոչ, ոչ, գնալով ջահելանում եք… Գիրացե՞լ… չէի ասի՝ մի քիչ… Ոչ, փորը ձեզ սազում է, մանավանդ, ձեր դիրքին… Այնպես մի սանրվեք, որ ճաղատը ծածկվի՝ խելքի այդ գլոբուսը: (Ծիծաղում է🙂 Այ մարդ, ես եմ, ես, Սուսանը չէ… Հիմա լրջորեն լսիր ինձ, սա արդեն կատակ չէ: Այն, որ ասացի՝ տղամարդու հետ եմ խմում, ճիշտ է: Կարող եմ երդվել՝ ինչով ուզես: Եվ գիտե՞ս՝ ում հետ: Հարությունի…

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Այ քեզ խելահեղ կին…

ՄՇՏԱԺՊԻՏ — Չէ, սրա հետ Հարութը կկորչի:

ԿԱՂԼԻԿ — Ընդհակառակը, կգտնի իրեն:

ՄԱՐԻՆԵ — Ոչ, ոչ այդ Հարությունը, դա ինչ մարդ է, որ… Հարություն Մանուկյանը, քո ավագ գիտաշխատողը… Դու, կարծեմ, նրա մասին պիտի որ լավ կարծիք ունենաս… Հին տոմարո՞վ, ինչո՞ւ… Լուրջ պատճա՞ռ կա, թե՞ կոլեգաների նախանձ-բամբասանք… Ինչպե՞ս թե՝ վերջացրու… Քո գրել-մրելն ինձ չի հետաքրքրում, գիտես, չէ՞, որ ես հայտնի թուղթ ոչնչացնող եմ… Տղայի բախտի հետ չխաղաս… Լավ, լավ, մյուսները աստղեր չեն իջեցնում… Ինչ գործ ունի նա այստե՞ղ, սիրում է Սուսաննային… Ամուսնական առաջարկություն է արել… Վայ թե քավոր դառնաս… (Հարութին.) Եթե մի բան գիտի, թող լրիվ խճճվի… Նրա աշխատանքները ավարտին են մոտենում, մի քիչ էլ չե՞ս կարող համբերել… Ես քեզ բան եմ ասում, իսկ դու… Մի անհանգստանա, Հարությունը տուն կբերի, մի անհանգստանա… (Դնում է լսափողը🙂 Ասում էի, չէ՞, որ կասկածիդ սլաքը սխալ տեղ ես թեքում…

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Որ ասում եմ՝ նա գիտի… գիտի, բայց բերանից խոսք քաշելը նույնն է, թե ատամ քաշելը:

ՄԱՐԻՆԵ — Մի բան կա, իհարկե, բայց ոչ դա… Լավ, փոխենք թեման: Դրա համար պիտի սենյակը փոխել: Ես և՛ ձանձրացա, և՛ հոգնեցի այս խոսակցությունից:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դե, այնտեղ շատ խառն է:

ՄԱՐԻՆԵ — Ավելի լավ:

Գնում են:

ՄՇՏԱԺՊԻՏ — Այդ կինը վախի զգացում չունի:

ԱԿՆՈՑՈՎ — Սերն այդպիսին է:

ԿԱՂԼԻԿ — Հարութը այդպես չէ:

ԱԿՆՈՑՈՎ — Հարութը թեև խոհուն տղա է, բայց բռնած գործը չի հասցնում ավարտին: Նրա նախադասությունների մեջ ստորակետեր կան, միջակետեր, բայց վերջակետ չկա: Իսկ տնօրենը վերջակետ է պահանջում: Երեկ ուրիշ էր, այսօր ուրիշ է: Մինչև նա այսօրվա նման չմտածի, բան դուրս չի գա: Ձևականությունը նրան չի օգնի: Իմ մի հարցին անկեղծորեն պատասխանեք, սիրո՞ւմ է Մարինեին:

ԿԱՂԼԻԿ — Չտեսա՞ր, գնաց սիրելու, կգա սիրաթափված:

ՄՇՏԱԺՊԻՏ — Էլի մի սկսեք, այդքան չեն խոսի մարդու վրա: Ճակատագրական պահ է, մեզանից գործնական խորհուրդ է պահանջվում և ոչ թե՝ քննադատական տրակտատ: Մեր առջև շատ որոշակի խնդիր է դրված՝ հանել նրան այդ ծանր վիճակից, ինչ գնով էլ լինի:

ԿԱՂԼԻԿ — Այո, ինչ գնով էլ լինի, միջոցների մեջ խտրություն չդնել, զոհել սեր, պատիվ, ինքնասիրություն, միայն թե պահել գրաված դիրքը: Թե այդ դիրքից այն կողմ ինչ կկատարվի, հե՛րն անիծած: Հոյակապ է: Դու իսկական զինվոր ես:

ԱԿՆՈՑՈՎ — Խաղաղվեք: Բորբոքումը գործին չի օգնի: Որ Հարութը պիտի պայքար մղի, երկու կարծիք լինել չի կարող: Բայց ոչ թե՝ ինչ գնով էլ լինի, այլ ելնելով միայն գիտության շահերից: Կռիվը եթե անձնական բնույթ կրի, Հարութը չի շահի, քանի որ բարոյական կռվան չունի: Մեջտեղը կնոջ պատմություն կա: Այդ կռվում եթե պիտի զոհեր լինեն, ապա միայն առնետները: Ուրեմն, պայքար հանուն իր լաբորատորիայի: Թող իր փորձարկումները շարունակի առայժմ, հետո… հետո կտեսնենք… Քի՞չ է պատահել, երբ մի բանի ես ձգտում, բայց հասնում ես մի այլ, ավելի կարևոր բանի: Որոնման օրենքն է դա: Համենայնդեպս, նա պիտի հասնի ինչ-որ վերջնագծի: Նախ, մեր այս խորհրդով նրա տրամադրությունը կբարձրացնենք, միառժամանակ հեռու կպահենք պարտության դառնությունը ճաշակելուց և, որ ամենակարևորն է, կփորձենք նրա քաջությունը և կամքը, որոնք կարոտ են ստուգման: Համաձա՞յն եք:

ՄՇՏԱԺՊԻՏ — Իսկ եթե, այնուամենայնիվ, տնօրենը պնդի իր վճիռը, Հարութը նրա առաջ կբացի՞ իր խաղաքարտերը: Ոչ բոլորը, այլ որոշ խաղաքարտեր: Խոսքը Սուսաննայի վարկածի մասին է: Մարինեի այդ մոտիվը ինձ դուր եկավ: Պիտի օգտվել դրանից: Սուտ կա, որ ճշմարտությունից նախընտրելի է: Եթե ամուսինը գիտի և լռում է, կլռի նաև սրանից հետո: Մարինեի պատիվը նաև նրա պատիվն է: Ինքն էլ է բերանի ծամոն դառնալու, եթե չլռի: Իսկ եթե այդ կապի մասին ոչինչ չգիտի, ինչը չի բացառվում, ավելի լավ: Գոնե Հարութի համար պարզ կդառնա գիտափորձերից զրկվելու դրդապատճառը:

ԿԱՂԼԻԿ — Ես դեմ եմ այդ քստմնելի աչքակապությանը: Ասելուց հետո պիտի ասել ողջ ճշմարտությունը: Ի՞նչ է նշանակում՝ որոշ խաղաքարտեր բացել… Այդպիսի կանոն չկա:

ՄՇՏԱԺՊԻՏ — Եղա՞վ: Մերկ ու բաց կանգնել իրար դիմաց. ստրիպտի՞զ է: Դրանից հետո ինչպե՞ս են աշխատելու նույն հիմնարկում:

ԿԱՂԼԻԿ — Ոչինչ, քո պատմական ժպիտը կտաս նրան: Եթե Հարութը այդ կերպ է պաշտպանվելու, ավելի լավ է՝ տապալվի:

ՄՇՏԱԺՊԻՏ — Հեշտ է ասել: Այդ դեպքում կյանքը կընթանա իր խաղաղ հունով. Հարութը կշարունակի իր փորձերը, տնօրենը կփայփայի իր կնոջն ավելի ջերմ, կինը կշարունակի իր հանդիպումները Հարութի հետ, նույնպես ավելի ջերմ:

ԿԱՂԼԻԿ — Այդ մեկը որ հաստատ չի լինի: Մարինեն հպարտ աղջիկ է:

ՄՇՏԱԺՊԻՏ — Ավելի լավ, որ չլինի: Գուցե դրանից հետո ինչ-որ բան փոխվի Հարութի կյանքում:

ԿԱՂԼԻԿ — Այո, Մարինեին կփոխարինի Կարինեն:

ՄՇՏԱԺՊԻՏ — Թող փոխարինի, միայն թե պոչեր չունենա: Կարողանա ազատ դուրս գալ հասարակության մեջ:

ԿԱՂԼԻԿ — Հըմ, հասարակություն. ծով, որի ընդերքում տիղմ է:

ՄՇՏԱԺՊԻՏ — Ծովը տիղմ չի կուտակում:

ԿԱՂԼԻԿ — Այո, անընդհատ պարտակում է:

ԱԿՆՈՑՈՎ — Լռեք, գալիս են:

ՄԱՐԻՆԵ — Գիտե՞ս, երբ է մարդ հմայքը կորցնում. երբ ավելի խելոք է ուզում երևալ, քան կա:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ամեն ինչ վերածում ես զավեշտի:

ՄԱՐԻՆԵ — Եվ ճիշտ եմ անում: Այլապես գլուխդ կտանեի իմ խռովքներով: Արժե՞:

Ամպրոպ, կայծակ, խրխինջ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Շատ անքաղաքավարի եղանակ է, չափի զգացում չունի:

ՄԱՐԻՆԵ — Տարերքն այդպես է, լինի բնության մեջ, թե մարդու: Այսպիսի եղանակին միշտ հիշում եմ Քրմուհուս: Ես արև չեմ սիրում, մանավանդ, մեր արևը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դու պիտի Պետերբուրգում ապրեիր:

ՄԱՐԻՆԵ – Եվ՝ քեզ հետ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Մեղք է Պետերբուրգը, հրապույրը կկորցնի:

ՄԱՐԻՆԵ — Նա իմ ինչին է պետք, երբ դու իմ կողքին ես: Դու այդ չես հասկանա:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ասա, գուցե մի կերպ հասկանամ:

ՄԱՐԻՆԵ — Չեմ ասում, այդպես տգետ էլ մնա: (Նայում է ձեռքի ժամացույցին:) Ինչ էլ արագ են վազում սլաքները:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ուշացար:

ՄԱՐԻՆԵ — Ավելի լավ, թող սպասի: Սպասի ու զայրանա: Այդպես ավելի շուտ կմատնի իրեն:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դու կարծում ես, հավատա՞ց քո խոսքերին:

ՄԱՐԻՆԵ — Քեզ չասացի՞, որ իմ ստերին հավատում է:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Իսկ դու հավատո՞ւմ ես նրա հավատալուն:

ՄԱՐԻՆԵ — Հանուն համերաշխության: Լավ բարքեր են, չէ՞:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Հոյակապ:

ՄԱՐԻՆԵ — Հոյակապը քիչ է՝ զզվելի: Հիմա քո չարտահայտած «ով է մեղավոր» հարցին կպատասխանեմ՝ կինը: Երբ նա չի կարողանում գտնել իրեն, գտնում է ուրիշին:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դա էլ մարդկային հատկանիշ է:

ՄԱՐԻՆԵ — Մարդկային է, բայց ոչ մարդավայել: Գնամ… Այս բաժակը պիտի այսպես էլ մնա՝ կարմրաշուրթ… Ամեն, ամեն ինչը, որ թողնում եմ, պիտի մնա իր տեղում, լուսանկարս՝ մահճակալիդ կողքին, հարդարանքիս տուփը՝ հայելու առջև, հողաթափերս… Դրանք միշտ հիշեցնելու են, որ այստեղ կին կա՝ ես:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Հնարավոր բան չէ:

ՄԱՐԻՆԵ — Ինչո՞ւ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Հիշելու համար նախ պիտի մոռանալ:

ՄԱՐԻՆԵ — Այո, ես մոռացվող պտուղ չեմ: Ես հուշ չեմ դառնա, ինչպես նրանք… Դառնամ էլ՝ ապա միայն փուշ… Մի խոսքով, ինձնից պրծում չունես… Նույնիսկ այն աշխարհում… Ոգիներն այնտեղ հանդիպում են: Ինձ ասել է մոգական աչքերով մի գնչու: Համբուրիր ինձ, մինչև վաղը, տեսնենք ինչ օր է սպասվում: Ինչ էլ որ լինի, չնահանջես: Հիշիր, միշտ քո կողքին եմ, տեսանելի, թե անտես: Եթե նահանջեցիր, քայլ առ քայլ ետ կգնաս, ու քեզնից ոչինչ չի մնա ինձ համար: Ես մաքսիմալիստ եմ՝ ամբողջն եմ ուզում: Ո՞ւր ես գալիս:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ճանապարհեմ…

Դուրս են գնում:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Ինչ կին է, ի՜նչ կին…

ԱԿՆՈՑՈՎ — Տղամարդուն մարտունակ պահող քնքշանք…

ՄՇՏԱԺՊԻՏ — Նա բոլորիս կստրկացնի:

ԿԱՂԼԻԿ — Բոլոր տեսակի ստրկություններին դիմացար, սիրո ստրկությունի՞ց ես վախենում:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Ի՜նչ արքայական ստրկություն:

Վերադառնում է Հարութը, քայլերն ուղղում ննջասենյակ:

ԿԱՂԼԻԿ — Կաց… Ո՞ւր…

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ինչպե՞ս թե՝ ուր, քնելու:

ԿԱՂԼԻԿ — Քնելու… Լսեցի՞ք, քնելու… Մենք այստեղ՝ հե՞չ:

ԱԿՆՈՑՈՎ — Ինչպե՞ս կարող ես քնել, երբ մենք արթուն ենք:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Այսօր սարսափելի հոգնած եմ:

ԱԿՆՈՑՈՎ — Բայց ինչո՞ւ մեզ հավաքեցիր, եթե պետք չէ մեր կարծիքը: Գուցե  արդեն որոշե՞լ ես վաղվա անելիքդ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ոչինչ չեմ որոշել: Դուք նույնպես չորոշեցիք:

ԱԿՆՈՑՈՎ — Մենք որոշել ենք:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Բոլո՞րը:

ԿԱՂԼԻԿ — Բոլորս:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Միաձա՞յն:

ԱԿՆՈՑՈՎ — Միաձայն:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Զարմանալի է: Չո՞րսդ էլ:

ԱԿՆՈՑՈՎ — Ինչո՞ւ չորս, հինգ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Հինգերորդն ով է, ե՞ս:

ԱԿՆՈՑՈՎ — Մարինեն:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Պարզ է, պարզ է ձեր կարծիքը, հինգ կողմ և մեկ դեմ: (Բարձրացնում է ձեռքը:) Դե ինչ, ես ուրախ եմ, որ անցնում է ձեր կարծիքը:

Դրսում որոտ, կայծակ, խրխինջ: Շարունակվում է տեղատարափը:

 

 

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Նույն սենյակը, նույն իրիկնաժամը, անձրևը, կայծակը, խրխինջը, նույն գործող անձինք: Հարութը ննջում է բազմոցին, Կիթառահարը նստած է բուխարիկի դիմաց:

ԿԻԹԱՌԱՀԱՐ –

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,

Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,

Կապույտ աղջիկ ակաթի ու կաթի պես հոգեթով,

Լուսամփոփի՜ պես աղջիկ…

ԿԱՂԼԻԿ — Երկու ժամ է, որ մրափում է, չարթնացնե՞նք:

ԱԿՆՈՑՈՎ — Ոչինչ, թող խմիչքի ազդեցությունն անցնի:

ԿԱՂԼԻԿ — Չիմանա՞նք՝ ինչից է հարբել, հաղթանակի՞ց, թե պարտությունից:

ԱԿՆՈՑՈՎ — Բայց որ հարբել է, դա էլ է առաջխաղացում: Հասունանում է մեր մանչուկը:

ՄՇՏԱԺՊԻՏ — Ուրիշի կնոջը զավթել է, ընդվզում է ամուսնու դեմ ու… մանչո՞ւկ:

ԱԿՆՈՑՈՎ — Նախ, ոչ թե ամուսնու, այլ տնօրենի, և հետո, ինքը չի զավթել, այլ կինն է օգնել, որ իրեն զավթի: Սրանք իրավաբանական նշանակություն ունեցող հանգամանքներ են:

ՄՇՏԱԺՊԻՏ — Չէ, ինչ ուզում եք՝ ասեք, պարոն Սանասարյանը խաղաղասեր մարդ է:

ԿԱՂԼԻԿ – Բայց՝ ոչ սիրեկանասեր:

ՄՇՏԱԺՊԻՏ — Եթե մարդն ուզում է անաղմուկ փակել այդ պատմությունը…

ԿԱՂԼԻԿ – Փակել, թե՞ ծածկել:

ՄՇՏԱԺՊԻՏ — Մեկ չէ՞:

ԱԿՆՈՑՈՎ — Ծածկելը հատուկ չէ հայ մարդուն: Իսկ եթե ծածկել է, ապա թխսի նման, քսանմեկ օրից հետո ձվից դուրս կգան նախշուն, թմբլիկ խարդավանքներ:

ԿԱՂԼԻԿ — Թխսի նման թող նստեն իրենց գիտական հղացումների վրա: Ի՞նչ գործ ունի հիմնարկը այդ պատմության հետ: Թող տանեն, դրսում լուծեն իրենց անձնական հաշիվները: Ափսոս չէ՞ր մենամարտը, երբ ամբոխի աչքից հեռու հարցը լուծվում էր ասպետավարի:

ՄՇՏԱԺՊԻՏ — Իհարկե: Ինչպե՞ս կարելի է գիտնականից խլել նրա զենքը, երբ արդեն լիցքավորված է և պատրաստ՝ կրակելու թիրախին:

ԱԿՆՈՑՈՎ — Հարութն արդեն կրակել է թիրախին, բայց ոչ՝ գիտության: Եվ այդ կրակոցի արձագանքն է հիմա հնչում Սանասարյանի ականջների մեջ ու քունքերում:

Կաղլիկը ծափ է տալիս ու թռչկոտում Հարութի գլխավերևում, ճղճղալով ինչ-որ վայրագ եղանակ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — (շուռումուռ է գալիս): Թթու վարունգ…

ԿԱՂԼԻԿ — Լսեցի՞ք:

ՄՇՏԱԺՊԻՏ — Է հա, ի՞նչ է նշանակում:

ԿԱՂԼԻԿ — Նշանակում է թթու դրած վարունգ՝ խիար:

ՄՇՏԱԺՊԻՏ — Դե, դե, չափդ ճանաչիր:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Իզոտոպ… ճաղատ առնետ…

ԱԿՆՈՑՈՎ — Սա կարծես թունավորված լինի:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Օրգան… ներքին օրգան…

ԿԱՂԼԻԿ — Ի՞նչ օրգանի մասին է խոսքը, պետակա՞ն, թե՞ մարդու:

ՄՇՏԱԺՊԻՏ — Մարդու կլինի: Նա օրգաններին չի ծառայել:

ԿԱՂԼԻԿ — Այո, դա քեզ չի հաջողվել:

ՄՇՏԱԺՊԻՏ — Այս մարդը մաքուր շառ է:

ԿԱՂԼԻԿ — Իսկ դու պղտոր շեռ ես:

Մշտաժպիտը հարձակվում է Կաղլիկի վրա, վերջինս պտտվում է բազմոցի շուրջը: Հարութը նստում է ու պլշած նրանց է նայում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — (գոռում է): Վե՛րջ տվեք… Հը, էլի ի՞նչ կա, իմ խանգարիչ բարեմասնություններ…

ԱԿՆՈՑՈՎ – Մենք՝ խանգարի՞չ… Առանց մեզ դու ի՞նչ ես:

ԿԱՂԼԻԿ — Թթու վարունգ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Մի հատ լիներ՝ ուտեի… Ներսս այրվում է…

ԿԱՂԼԻԿ — Հը, ասա, ինչո՞վ վերջացավ պատմությունը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Վերջացավ:

ՄՇՏԱԺՊԻՏ — Խաղաղվե՞ց:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Այո, ինչպես ռումբի պայթյունից հետո. ես թռա ինստիտուտից:

ՄՇՏԱԺՊԻՏ — Թռա՞ր… Ինչպե՞ս թե՝ թռար:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — (թափահարում է ձեռքերը): Այսպես… ուղիղ Մացոյի խորտկարանը:

ԿԱՂԼԻԿ – Չհասկացա՜նք:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ով-ով, բայց դու հասկացար: Դու, որ մտել էիր մաշկիս տակ ու անընդհատ աշխատում էիր քո կամքը թելադրել: Եվ թելադրեցիր, աչքդ լույս:

ԿԱՂԼԻԿ — Ե՞ս, միայն ե՞ս:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ինչո՞ւ ես չքմեղ կերպարանք ընդունել, առաջնորդողը դու էիր:

ԿԱՂԼԻԿ — Բայց մենք քեզ հասցրինք մինչև ինստիտուտի մուտքը: Ներս չմտանք, որ քեզ չխանգարեինք: Եվ ինչո՞ւ պիտի ներս մտնեինք, երբ մեր կարծիքն արդեն տվել էինք քեզ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Այո, դուք ներս չմտաք, բայց հենց սկսվեց գիտխորհրդի նիստը, ձեզ տեսա վերջին շարքում նստած:

ԱԿՆՈՑՈՎ — Մեղավո՞ր ենք, որ ներկա լինենք, թե բացակա, քո աչքին միշտ և ամենուր երևում ենք:

ԿԱՂԼԻԿ — Շատ սիրելուց է: Ասում ես, գիտխորհո՞ւրդ հրավիրվեց:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ինձ համար չէր հրավիրված, բայց ինձնով սկսվեց, ինձնով էլ ավարտվեց: Ես համոզիչ փաստարկներով ներկայացրի իմ փորձարկումների ռեալ պատկերը փուլ առ փուլ: Վերջնագծին հասցնելու համար պահանջեցի որոշ ժամանակ: Գործի կասեցումը համարեցի խիստ դատապարտելի: Բոլորը լուռ լսում էին: Իմ ելույթը ինձ էլ դուր եկավ: Թվում էր, թե նիստն ընթանում է իմ օգտին, բայց Սանասարյանը վեր կացավ, շատ հանգիստ տոնով ասաց. «Անցյալ տարի, այս նույն ժամանակ, գրեթե նույն բանն էիք ասում: Այս տարի ավարտի մասին խոսելու փոխարեն սկսեցիք դոփել: Մենք պետական հաստատություն ենք, ժամանակը մեզ նոր կարգավիճակ է թելադրում, և այս պայմաններում մենք չենք կարող մի ամբողջ հաստիք զբաղեցնել հենց այնպես»: Նրա «հենց այնպես» խոսքը ինձ դուր չեկավ: Ես նրան պատասխանեցի, նա՝ ինձ, դահլիճում թեթև աղմուկ բարձրացավ: Վերջում, որպես ամփոփում, անառարկելի ու կտրուկ նետեց.  «Պարոն Հարություն Մանուկյան, վաղվանից կիջնեք ընդհանուր լաբորատորիա, եթե չեք ուզում հայտնվել կրճատվածների ցուցակում»: Այդ պահին ես, քիչ էր մնում, աղաղակեի բուն պատճառի մասին, բայց կրկին աչքիս առաջ եկաք դուք, հիշեցի ձեր որոշումն ու լռեցի: Դուրս եկա սրահից, քայլերս տարան իմ լաբորատորիան… Խեղճ քայլեր, մի՞թե չհասկացաք՝ ինչ կատարվեց… Ամենից շատ չարացած էի գործընկերներիս վրա: Նրանք ջուր էին առել բերաններն ու լռել: Ոմանք նախանձից, ոմանք էլ կրճատման տակ ընկնելու վախից: Ի՞նչ երաշխիք ունենամ, որ վաղը դրանցից մեկն ու մեկին պարոն տնօրենը չի առաջարկի աշխատել իմ թեմայի վրա: Ամեն ինչ հնարավոր է այս անհնար աշխարհում:

ՄՇՏԱԺՊԻՏ — Ուրեմն, վե՞րջ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ոչ, բանը դրանով չվերջացավ… Կատարվեց ամենասոսկալին… Ահ, չեմ ուզում հիշել… (Սառնարանից հանում է օղու շիշը:)

ԿԱՂԼԻԿ — Ո՞րն է ամենասոսկալին: (Խլում է շիշը:)

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — (ջղային): Ի՞նչ եք ուզում ինձնից: Ես ձեզ ոչինչ չեմ ասի, ոչինչ… (Պառկում է բազմոցին:)

ԿԱՂԼԻԿ — Կպատմես: Էլ ո՞ւմ ես ասելու, եթե ոչ մեզ: Գուցե Մարինեի՞ն:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Նա այլևս չի գա:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Չի՞ գա, ինչո՞ւ… Նրա հե՞տ ես գժտվել… Ասա, մի սպանիր մեզ:

ԱԿՆՈՑՈՎ — Մենք քո խոհերի, քո զգացմունքների, քո ճիշտ ու սխալի, քո լավ ու վատի անբաժան գոյակիցներն ենք, ասա, թեթևացրու հոգիդ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Մտա լաբորատորիա ու նոր զգացի, որ դա վերջին անգամն է… Քայլերս ու մտքերս խառնվեցին իրար… Հենց այդ ժամանակ հայտնվեցիր դու:

ՄՇՏԱԺՊԻՏ — Ես, դարձյալ ե՛ս:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Այո, դու: Եվ ուժով հրեցիր դեպի Սանասարյանի առանձնասենյակը: Մինչև ուշքի կգայի, թե որտեղ եմ, նա բարձրացավ բազկաթոռից ու չոր նետեց. «Ի՞նչ եք ուզում»: Ինձ համար արդեն նահանջ չկար: «Ինձ հալածում եք, որովհետև հաստիքն զբաղեցնում եմ ոչ թե «հենց այնպես», այլ կապված եմ ձեր կնոջ հետ ու սիրում եմ նրան: Պահանջում եմ նոր նիստ հրավիրել իրերն իրենց անունով կոչելու համար: Թող մարդիկ տարբերեն անձնականը ոչ անձնականից»:

ԿԱՂԼԻԿ — Շատ էլ լա՛վ ես արել: Այդպիսի մարդու հետ պիտի այդպես խոսել:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դու վերջը լսիր… Ամենասոսկալին վերջն է… Քունքերս պայթում են… Ես տեսա, ինչպես նրա սպիտակա¬վարդագույն դեմքը կիտրոնի նման դեղնեց, աչքերը դուրս թռան ակնախորշերից. «Դուք կապված եք իմ կնոջ հե՞տ»: Ինչո՞ւ եք հարցնում, ասացի, մի՞թե չգիտեք: «Չգիտեմ, չգիտեմ»: Ինչպե՞ս թե՝ չգիտեք: «Չգիտեմ, չգիտեմ»: Ոտքերը կարծես թուլացան, ու թրմփաց բազկաթոռին:

ՄՇՏԱԺՊԻՏ — Բայց իսկապե՞ս չգիտեր:

ԱԿՆՈՑՈՎ — Ես ասում էի, ասում էի…

ԿԱՂԼԻԿ — Տես, է՛ … Այ քեզ հիմար վիճակ… Հետո՞:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Հետո ձեռքը տարավ սրտին ու…

ԱԿՆՈՑՈՎ — Ընկա՞վ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ոչ, բարձրացավ, հավաքեց իրեն ու թոքերի մեջ ինչքան օդ կար, մի նախադասությամբ արտաշնչեց. «Դո՛ւրս, դո՛ւրս, զրպարտի՛չ»: Գոռոցի վրա ներս ընկան մարդիկ, ու ես, քսվելով պատին, դուրս սողացի ու ինձ գտա Մացոյի խորտկարանում: Ոչ թե գտա, այլ ջախջախվեցի խորտկարանում:

ՄՇՏԱԺՊԻՏ — Այդքան է՞լ ապակողմնորոշում… Երևույթը դիտվել է ծուռ հայելու մեջ:

ԿԱՂԼԻԿ — Գող, սիրտը դող: Վախից իրեն նետել է վտանգի երախը: Կան այդպիսի կենդանիներ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դու ինձ նետեցիր, դո՛ւ:

ՄՇՏԱԺՊԻՏ — Ես ի՞նչ իմանայի, որ կարող ես այդ աստիճան մոլորվել:

ԱԿՆՈՑՈՎ — Պարզվում է, կարգին մարդ է եղել այդ Սանասարյանը: Ասում էի, որ հիմնարկի շահերից ելնելով է զրկում քո փորձարկումներից, բայց էլի ինչ-որ տեղ կասկածում էի: Հիմա արդեն պարզից էլ պարզ է, որ հույսը կտրել է քո բռնած գործից:

ԿԱՂԼԻԿ — Այսպիսով, նոր հետևություն. Հարութը հաստատ գիտեր, որ տնօրենը տեղյակ չի եղել նրանց կապի մասին, ջուրը պղտորեց, որ մինչև պարզելը իր գլխի ճարը տեսնի: Շատ նենգ ու խորամանկ խաղ է, ու մեզ էլ քաշում է այդ խաղի մեջ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Հիմար բաներ ես ասում:

ԿԱՂԼԻԿ — Մատս դրի վերքին, հա՞:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Վերջացրու:

ՄՇՏԱԺՊԻՏ — Այլակերպ վիճակ ստացվեց:

ԿԱՂԼԻԿ — Այլակերպը դեռ այն խոսքը չէ՝ այլանդակ:

ԱԿՆՈՑՈՎ — Ինքնատիրապետումը կորցրել է Սանասարյանը, այլապես չէր բղավի ու մարդկանց չէր հավաքի գլխին: Հիմա է՛լ կոծկել չկա: Նա պատիվ կպահանջի, գործ կհարուցի: Գուցե հիմա հարցաքննում է Մարինեին:

ԿԻԹԱՌԱՀԱՐ – Մարինե՝ քրմուհի… Գուցե հիմա իր սանձերն է կրծոտում ձիարշավարանից դուրս շպրտված ձիու նման: Սոսկալի է հուսալքումը: (Պոռթկում է:) Հապա մի լավ նայեք ձեզ… Ինչի՞ նման եք դուք… Ինչի՞ նման ենք մենք… Ինչո՞ւ ենք եկել աշխարհ, որպեսզի մեկտե՞ղ քարշ տանք մեր ողորմելի գոյությունը… Դու, Հարութ, հիմա միայն մի շանս ունես պաշտպանվելու` ամուսնանալ Մարինեի հետ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ամուսնանա՞լ:

ԿԱՂԼԻԿ — Այո, ամուսնանալ, եթե նա համաձայնի: Դու ակամա… ինչո՞ւ ակամա, վախից, անհաջողությունդ ծածկելու վախից արատավորեցիր, ծամոն դարձրիր նրան հասարակության ատամին, հիմա պիտի պաշտպանես: Եթե հանցավոր քայլ ես կատարում ու չես քավում հանցանքդ, պիտի դավես: Կամ քավես, կամ դավես: Միջինը չկա: Զգում եմ, որ մտադիր ես երկրորդն ընտրել: Զգուշացնում եմ…

ԱԿՆՈՑՈՎ — Ինչո՞ւ ես կարծում, թե դավելու է:

ԿԱՂԼԻԿ — Որովհետև խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:

ԱԿՆՈՑՈՎ — Հարութ, նա ճի՞շտ է:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ես իմ ասածից չեմ հրաժարվի, բայց…

ԱԿՆՈՑՈՎ — Ի՞նչ բայց:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Չգիտեմ…

ԿԱՂԼԻԿ — Լսեցի՞ք՝ չգիտի: Սիրել գիտի, սիրո անունից խոսել գիտի, սերը պաշտպանել չգիտի: Ուրեմն, սուտ բան է, սիրել էլ չգիտի: Սրա ինչի՞ն է տարվել քրմուհին:

ՄՇՏԱԺՊԻՏ — Երևի մի արժանիք ունի, որ տարվել է:

ԿԱՂԼԻԿ — Երջանիկ պահեր կորզելու արժանիք: Ուրիշից նվիրում է պահանջում, բայց ինքը նվիրում չունի: Միայն կնոջը նկատի չունեմ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Էլ ինչի՞ն նվիրվել, Վիրգիլիոս, ինչի՞ն զոհաբերվել:

ԿԱՂԼԻԿ — Հարցրու նրանց, ովքեր զոհաբերում են իրենց: (Բռնում է նրա օձիքը:) Ամուսնանալո՞ւ ես Մարինեի հետ, թե ոչ, փրկելո՞ւ ես նրա պատիվը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Թող… Խեղդում ես, թո՛ղ…

ԿԱՂԼԻԿ – Ասա՝, նա չպետք է հուսալքում ապրի:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Թո՛ղ օձիքս, ասում եմ: Իսկ ինչո՞ւ չես ուզում տեսնել, որ իսկական հուսադրումը գալու է ամուսնանալուց հետո, երբ ոչ աշխատանք կունենամ, ոչ աշխատավարձ, ոչ հեռանկար:

ԿԱՂԼԻԿ — Իսկ ի՞նչ էիր մտածում, երբ գոռում էիր քո սիրո մասին:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Այն ժամանակ միայն մտածում էի՝ ինչ գնով էլ լինի՝ պահպանել լաբորատորիան: (Մշտաժպիտին.) Կարծեմ դա էիր ուզում, երբ հրում էիր նրա առանձնասենյակը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Եթե ասում եմ, որ նրա հետ ամուսնանալն առայժմ դժվար է, բնավ չի նշանակում, որ հրաժարվում եմ: Ես նրան սիրում եմ, հասկացե՛ք:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Սիրո՞ւմ ես, թե՞ սիրվում: Սերը վեր է բոլոր պայմաններից ու պայմանականություններից: Եթե գժտված գա, չվերադառնալու պայման դնի, ի՞նչ պիտի անես:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ամուսնական առաջարկություն: Բայց նա չի ընդունի:

Կայծակ, խրխինջ:

ԿԱՂԼԻԿ — Քրմուհին չեկավ:

ԱԿՆՈՑՈՎ — Էլ դժվար գա. հսկողության տակ է:

ԿԱՂԼԻԿ — Եթե միայն այսօր է, ոչինչ:

ՄՇՏԱԺՊԻՏ — Ինչպե՞ս թե՝ ոչինչ, չիմանա՞նք, թե ի՛նչ է կատարվել տանը:

ԱԿՆՈՑՈՎ – Չգիտեմ՝ ինչ է կատարվել, բայց որ կատարվել է, կասկածից դուրս է:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Նա անսանձահարելի կին է… Դուրս է եկել տնից, քայլում է հրապարակով… Խաչմերուկն անցավ, մտավ շքամուտք… Նստեց վերելակ… Բարձրանում է… Իջավ մեր հարթակում… Չհանդիպեց շատախոս հարևանուհուն… Գրպանից հանեց բանալին… Հիմա հուշիկ կբացի դուռն ու սենյակը կլցնի իր բույրով…

Բացվում է դուռը, շեմին հայտնվում է Մարինեն՝ անձրևաթաթավ, պայծառատեսք:

ՄԱՐԻՆԵ — Ջուրը մինչև մայթերն է բարձրացել… Վենետիկ է, Վենետիկ, միայն գոնդոլներ չկան… Մի տղա քայլում էր ճլըփ-ճլըփ, նեապոլիտանական երգ էր երգում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Երանի չէ՞ր՝ Վենետիկում լինեինք:

ՄԱՐԻՆԵ — Այնտեղ էլ լինեինք, պիտի երազեինք Երևանը: Այդպես է հայը: Կարծում էի՝ տանը չես, դուռը բաց տեսա, վախեցա: Հողաթափերս բեր:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ինչո՞ւ վախեցար, ո՞վ պիտի մտներ իմ անշուք բնակարանը: Այս գրքերը ո՞ւմ են պետք:

ՄԱՐԻՆԵ — Աստիճաններով մի ստվեր սահեց վերին հարկ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Պատահաբար պարոն Սանասարյանի ստվերը չէ՞ր:

ՄԱՐԻՆԵ – О՜ լա-լա… նրա ստվերն այդ ճկունությունը չունի: Այդ մեկը կատվային թեթևությամբ չքվեց:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ուրեմն, ստվերի ստվերն է: Կան այդպիսի մարիոնետներ, թեև դու չես կասկածում: Վաղը եթե այդպիսի մեկը տեր դառնա իմ լաբորատորիային, չզարմանաս:

ՄԱՐԻՆԵ — Տարօրինակ է…

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ի՞նչն է տարօրինակ:

ՄԱՐԻՆԵ — Ինչո՞ւ ես շվար կանգնել, օգնիր, կոշիկներս հանեմ: Ի՞նչ կա ուտելու: Այս օղին մեզ հերիք է:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դդմի խավիար, ձկան պահածո:

ՄԱՐԻՆԵ — Իսկ հա՞ց:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Կա, բայց հին է:

ՄԱՐԻՆԵ — Հրաշալի է: (Բուխարիկի մոտ մազերն է չորացնում:) Աչքիս մի տեսակ ես երևում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ի՞նչ տեսակ, լա՞վ, թե վատ:

ՄԱՐԻՆԵ — Ճլորած: Իհարկե, ամբողջ օրը որ առնետների հետ լինես… Այդ միօրինակությունը քեզ կչորացնի, եթե մի քիչ արվեստ չխառնես հետը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Մի քիչ չէ, շատ եմ խառնում:

ՄԱՐԻՆԵ — Մի՞թե:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դու արվեստ չե՞ս, նրա նման հուզառատ, նրա նման առինքնող…

ՄԱՐԻՆԵ — Նրա նման գիտատյաց: Կոպերդ ուռած են:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Գլուխս մի տեսակ… կարծես իմը չլինի:

ՄԱՐԻՆԵ — Իմն է: Բայց իմ ինչին է պետք քո գլուխը, ինձ քո սիրտն է պետք: Գլուխն անվերջ առաջ մղելու ցնորքով է զբաղված, սիրտը՝ ետ քաշելու իմաստությամբ: Եվ ի՞նչ կա առջևում. կործանում, մահ: Եթե ինձ հրացան տային, մի փամփուշտ ու ասեին՝ կրակիր քո ամենաոխերիմ թշնամու վրա, առանց տատանվելու կվերցնեի ու…

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Կկրակեիր ինձ վրա:

ՄԱՐԻՆԵ — Քո՞: Ինչո՞ւ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Աշխարհից կպակասեր մի ավելորդ մարդ:

ՄԱՐԻՆԵ — Եթե ավելորդ է, ինչու փչացնել փամփուշտը: Ոչ, կկրակեի գիտատեխնիկական պրոգրես կոչվող հրեշի ճակատին: Ինչքան իմաստուն են եղել խավար միջնադարում հոգևոր հայրերը, որ ինկվիզիցիայի են ենթարկել գալիլեյներին ու բրունոներին: Գիտե՞ս, ինչու եմ այսօր կառչել այդ թեմային, կառք տեսա ճանապարհին՝ ֆայտոն… Ավտոմեքենաներից շնչահեղձ այս քաղաքում՝ ֆայտոն… Խմենք կառապանի կենացը. «Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝ էշխդ անքուն սիրտս ընկնի- ու լաց ըլիմ մինչև էգուց…»… Լավ է, չէ՞:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Հոյակապ է:

ՄԱՐԻՆԵ — Անցյալ է:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Չարենցից միայն գիտեմ. «Լուսամփոփի պես աղջիկ…»:

ՄԱՐԻՆԵ — Դա էլ քեզ շատ է: Խմել ես. ո՞ւմ հետ և ինչո՞ւ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Հեչ, մի հարբեցող հին ընկերոջ ճանկն ընկա:

ՄԱՐԻՆԵ — Հիշիր, որ դեռ ինձ չես համբուրել… Ոչ, ոչ, ասելուց հետո կդառնա պատվերով համերգ: Ամեն ինչի հանպատրաստին է լավ՝ էքսպրոմտը: Այդպես չսկսվե՞ց մեր սերը: Բաժանությունն էլ որ այդպես լինի, սքանչելի է:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ինչո՞ւ ես խոսում բաժանության մասին:

ՄԱՐԻՆԵ — Պարզ չէ՞, որ միասին չենք թաղվելու: Թեև դա սքանչելի կլիներ: Նույն օրը, նույն պահին: Ավտովթար կամ նման մի բան:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Գժվեցի՞ր:

ՄԱՐԻՆԵ — Երբեմն պետք է: Ես վախենում եմ միայն միջին գոյավիճակից: Հանկարծ ինձ թվաց, որ գտնվում ես հենց այդ կետում: Ոչ այս կողմ, ոչ այն:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Այսինքն, ուղիղ սահմանագծի վրա, և չե՞մ խախտում հավասարակշռությունը:

ՄԱՐԻՆԵ — Նկատի ունես իմ գոյությունը քո կյանքո՞ւմ: Մի վախենա, խախտում չի լինի: Խոստանում եմ քեզ պահել սահմանի վրա: Ինչ մեղք ես դու…

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Տարօրինակ է, ինչ ես պիտի քեզ ասեմ, դու ես ինձ ասում: Լավ կանխարգելիչ միջոց է: Սահմանագծի վրա կանգնած է մի կին, որը տարուբերվում է պարտականության ու սիրո միջև ու կարծում է, թե դա բավարարում երկու կողմերին: Այն կողմին՝ գուցե, բայց այս կողմը… Վաղուց պիտի քեզ առաջարկեի. կամ այս կողմ, կամ այն, բայց իմանալով քեզ, չեմ արել՝ վախենալով քեզ կորցնելու մտքից: Դու այն կինն ես, ով ինքն է որոշում իր գոյավիճակը: (Խիստ:) Դե թո՛ղ մեքենաբար ուտելու այդ ոճդ:

ՄԱՐԻՆԵ — Ի՞նչ պատահեց քեզ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ոչինչ… Տա՞նն էր պարոն Սանասարյանը:

ՄԱՐԻՆԵ – Այո, ի՞նչ կա որ… (Ծխախոտ է վառում:)

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Ոչինչ:

ՄԱՐԻՆԵ – Կասկած կա աչքերիդ մեջ, երկյուղ… (Բուն խոսքը կտուրը գցելու պես:) Գուցե խա՞նդ… Կարծեմ օրինական ամուսնուն չի կարելի խանդել, դա նրա մենաշնորհն է… Զարմանալի բախտավոր արարած եմ. մի տխրությունից եկա, ընկա մի այլ տխրության մեջ: Մխիթարականն այն է, որ գույները տարբեր են, մեկը մուգ է, մյուսը՝ գորշ: Պատմիր… Մի բան ասա, թեկուզ քո գիտափորձերից. հորմոն, բջիջ, քրոմոտին… Ինչ լավ է, որ ժամանակին հրաժարվեցի նման տխուր բաներից:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Գիտությունից հրաժարվել ես, ձիասպորտից հրաժարվել ես, մի օր էլ ինձնից կհրաժարվես:

ՄԱՐԻՆԵ — Վա՜յ թե… քեզանից հրաժարվելը հեշտ է: Դու նրանց ձգողականությունը չունես: Ինձ էլ էր թվում, թե Քրմուհուց հրաժարվել եմ, բայց նա հաճախ դոփում է իմ ներաշխարհում, վրնջում հուշերիս մեջ: Ձի լինելը գերադասելի է: Բայց ոչ, նա էլ անպաշտպան է: Մանեժում, մրցավազքից առաջ, Քրմուհու սրտի տրոփը ոտքերս զգում էին: Բայց դա այն հաճելի տրոփը չէր, որ ծնվում է ոգևորությունից, ոչ, նրա մեջ ուրիշ զգացում էր խոսում, ստրկաբար տիրոջ կամքին հպատակվելու տտիպ զգացումը: Նրան չէին ուրախացնում հաղթանակը, ծափերը: Մրցամարտից հետո, երբ մոտենում էինք ձիարշավարանի դռներին, սանձը մի թեթև թուլացնում էի, ու նա խելահեղ դուրս էր նետվում դեպի արձակ մարգագետինն ու վազում, վազում… Իր նախկին կերպին վերադառնալու համար… Մեղք է ձին, չի կարելի նրա ազատությունը խլել, խլեցիր՝ նա արդեն ձի չէ, այլ էշ:

ԿԱՂԼԻԿ — Կաղլիկ էշ… որ երբեմն ձիու խրխինջ է արձակում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Հիմա նա կա՞:

ՄԱՐԻՆԵ — Չգիտեմ: Վախենում եմ գնալ ձիարշավարանի կողմերը… Հանկարծ ու տեսնեմ… Բայց չէ, հավանաբար շարքից դուրս է եկել և, ով գիտի, որ գյուղում, ինչ-որ մեկի առտնին հոգսերին է ծառայում: Ինքն էլ այդ վիճակում չէր ուզենա ինձ տեսնել: Ահ, չմտածենք: Սուրճ պատրաստեմ: (Գնում է:)

ՄՇՏԱԺՊԻՏ — Զարմանալի է, շատ զարմանալի… Բանից անտեղյակ է Մարինեն:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Չի իմացվի:

ԿԱՂԼԻԿ – Ա՛յ քեզ համբերատար ամուսին:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դարմանի տակի ջուր:

ՄՇՏԱԺՊԻՏ — Պարզապես համարել է զրպարտանք ու իր տնամերձից դուրս գցել:

ԱԿՆՈՑՈՎ — Նրա լռելն ի՞նչ, կոլեկտիվն արդեն գիտի: Ինստիտուտը վերջապես մի կարգին թեմա ունեցավ: Ինչ հայտնագործություն էլ անեիր, Հարութ, այսպիսի սենսացիա չէր առաջանա:

ԱԿՆՈՑՈՎ — Տեսա՞ք, որ Մարինեն ճիշտ էր, երբ ասում էր, որ ամուսինը տեղյակ չէ: Հարութը չհավատաց ու գնաց, թակարդն ընկավ: Հիմա ինչպե՞ս կընդունի Մարինեն այդ պատմությունը: Պարզ չէ՞, որ՝ վատ: Որքանո՞վ է բարոյական ամուսնու ճակատին շրխկացնել, թե՝ սիրում եմ քո կնոջը: Այդպիսի լուրը միշտ էլ ամենավերջում է իմանում ամուսինը: Զարմանում եմ, Հարութ, ինչո՞ւ Մարինեից ծածկեցիր եղելությունը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ի՞նչ ծածկել, մախաթը տոպրակում կմնա՞: Կարծում էի, որ նա է ինձնից ծածկում, թե ինչ է կատարվել տանը: Արդեն կասեմ:

ԱԿՆՈՑՈՎ — Դու մտածիր, թե ինչ է կատարվելու հիմա, երբ իմանա: Ո՞ր կինը կուզենա կանգնել հասարակության դատի առաջ:

ՄԱՐԻՆԵ — (բերում է սուրճը): Վրան սեր չբռնեց:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ոչինչ, մեզ պետք չէ այդ դառը սերը:

ՄԱՐԻՆԵ — Սերն ընդհանրապես դառն է լինում: (Մանկական տոնով:) Շոկոլադ եմ ուզում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Նուշո՞վ, թե՞ առանց նուշի:

ՄԱՐԻՆԵ — Որից լինի:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Երկուսից էլ չկա: (Ծիծաղ:)

ՄԱՐԻՆԵ — Այ, այդպես: Թե չէ որ թթվում ես, թվում է՝ աշխարհի խինդը մակարդվեց:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Մարինե…

ՄԱՐԻՆԵ — Լավ, լավ, մի ճնշվիր, գիտես, որ քաղցրասեր չեմ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Չէ, ուրիշ բան եմ ասում:

ՄԱՐԻՆԵ — Գիտեմ, ինչ պիտի ասես:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ի՞նչ:

ՄԱՐԻՆԵ — Ինչպես իրեն պահեց նա՞. նորմալ: Ես հաստատեցի քո խոստովանությունը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դա ճի՞շտ է:

ՄԱՐԻՆԵ — Կուզեի՞ր, որ ճիշտ չլիներ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Մի վիրավորիր, խնդրում եմ: (Լցնում է բաժակը):

ՄԱՐԻՆԵ — Քո խիզախությունը ինձ մղեց առաջ: Ինչո՞ւ իմ բաժակն էլ չես լցնում: Մի վախենա, եթե հարբեմ, ապա՝ սիրուց, փաղաքշանքից, վեհ արարքներից: Եթե հարբեմ էլ, ոչինչ, ճանապարհելու կարիք չի լինի, այստեղ կմնամ: Ուրախ չե՞ս, որ վավերացնում եմ քո դեկլարատիվ հայտարարությունը: Ուրախ չե՞ս:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Իհարկե… իհարկե…

ՄԱՐԻՆԵ — Այս պահից այս տան տիրուհին եմ ու քո օրինական կինը: Առայժմ բազմոցին կքնես, մինչև երկտեղանոց մահճակալ կճարենք: Հիմա ազատ եմ, ազատ կեղծելու, ձևացնելու ստորացուցիչ դերից: Դա ինձ այնպես էր բռնադատում, ինչպես Քրմուհուս՝ պարտադիր մրցավազքը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Իսկ երեխա՞ն: Այնտեղ երեխա ունես:

ՄԱՐԻՆԵ — Այստեղ էլ կունենամ: Սիրուց ծնված երեխա: Քո երեխան: Դու տղա ես ուզում, թե՞ աղջիկ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ես ոչինչ չեմ ուզում… Մինչև գործերս կարգի ընկնեն… Միշտ մի բան պիտի խանգարի, որ մարդ իրեն կատարյալ երջանիկ չզգա…

ՄԱՐԻՆԵ — Կատարյալ երջանկություն պետք չէ, նույնիսկ չի կարելի, վտանգավոր է:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Բայց նվազագույն պայմաններ պե՞տք են: Այսօրվանից ոչ աշխատանք ունեմ, ոչ աշխատավարձ, կողմնակի եկամուտ էլ չկա: Տղամարդու համար գործազրկությունը մահ է, դատարկ գրպանը՝ առավել ևս:

ՄԱՐԻՆԵ — Ինձ փող պետք չէ, ինձ քո սերն է պետք:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Առանց փողի սերը կմեռնի:

ՄԱՐԻՆԵ — Սերն անմահ է:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Խենթ ես դու, խենթ:

ՄԱՐԻՆԵ — Մի մտածիր, ես կաշխատեմ՝ քեզ կպահեմ, դու կաշխատես՝ ինձ կպահես: Մի հոգու պահելն ի՞նչ է:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Բայց ի՞նչ պիտի անենք, ի՞նչ: Համատարած կրճատումներ են:

ՄԱՐԻՆԵ — Ինչ գործ ուզում է լինի, կարևորը միասին ապրել է: Սա լավ առիթ է, որ հրաժեշտ տաս առնետներին: Այնքան պաղպաղակի, զովացուցիչ ջրերի մասնավոր տաղավարներ են բացվում: Ո՞վ չի ընդունի մեզ նման բարետես ու բարեկիրթ աշխատողի, թեկուզ գեղագիտական կողմն ապահովելու համար: Գիտե՞ս, մի օր ինչքան պաղպաղակ կերա. տասը հատ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Չհիվանդացա՞ր:

ՄԱՐԻՆԵ — Հիվանդացա:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ինչո՞ւ էիր այդքան ուտում, այ բկլիկ:

ՄԱՐԻՆԵ — Դպրոցից տուն գալիս առա, բայց դուռը փակ էր, ի՞նչ անեի, կհալվեր, եթե չուտեի: Վտիտ երեխա էի, հիմա որ ուտեմ, չեմ հիվանդանա: (Մանկաբար🙂 Կառնե՞ս:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Կառնեմ:

ՄԱՐԻՆԵ — Ինչ լավն ես դու: Ջրիկացել եմ: Ինչի՞ նման կլիներ, եթե ես էլ քեզ պես գերլրջմիտ դեմք ընդունեմ: Դե լավ… թեթևամիտ չեմ, հասկանում եմ քո վիճակը: Այո, ծանր է տղամարդու համար գործից ու փողից զրկվելը: Դրան գումարած՝ իմ հոգսը: Կարծես թե բոլոր պայմանները կան, որ սերը ճգնաժամ ապրի: Բայց մի մտածիր, մենք հիմա ամեն ինչ կկարգավորենք:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դա հնարավո՞ր է:

ՄԱՐԻՆԵ — Կնոջ խելքը կգտնի ելքը… Առայժմ պիտի տակտիկապես նահանջենք… Խոսքը իմ մասին է: Կլինի այնպես, ինչպես կար: Ես կվերադառնամ տուն… Եվ որպեսզի ինչ-որ բան տեղն ընկնի, պիտի ետ վերցնես նրան արած հայտարարությունդ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Բայց դու արդեն հաստատել ես այդ հայտարարությունը:

ՄԱՐԻՆԵ — Ինչպես հաստատել եմ, այնպես էլ կհերքեմ, ու նա կհավատա: Գուցե հիմա դրան է սպասում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Էլ ինչի՞ համար է իմ մեղայականը:

ՄԱՐԻՆԵ — Պետք է: Եվ ինձ է պետք, և նրան, և քեզ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Գնամ-կանգնեմ նրա առաջ ու…

ՄԱՐԻՆԵ — Ինչո՞ւ գնաս, երբ հեռախոս կա:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դու համաձա՞յն ես, որ իմ թքածը լիզեմ:

ՄԱՐԻՆԵ — Հանուն մեր սիրո: Միջոցների մեջ խտրություն դնելու ժամանակ չունենք: Հիմա՛ պիտի վճռենք այդ հարցը: «Գնամ-կանգնեմ նրա առաջ…»: Հապա ինչպե՞ս կանգնեցիր ու երեսին բղավեցիր, թե՝ «Սիրո՛ւմ եմ քո կնոջը»: Գուցե ես եմ ու համաձայն չե՞մ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ես չէի կասկածում:

ՄԱՐԻՆԵ — Ինչո՞ւ, կասկածեիր: Գուցե սիրեկան ունենալն ավելի ձեռնտո՞ւ է ինձ: Սխալ էր քո արարքը և այդ սխալը նոր սխալ բերեց՝ իմ խոստովանությունը: Մի սխալ էլ որ անենք, ամեն ինչ տեղը կընկնի:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ի՞նչ սխալ:

ՄԱՐԻՆԵ — Բաժանվենք:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դա ավելի դժվար է, քան այն երկուսը:

ՄԱՐԻՆԵ — Ուրեմն ի՞նչ անենք: Ես իմն ասացի, մնում է՝ դու էլ քոնն ասես:

Կիսախավարում գտնվողներն աշխուժանում են:

ՄՇՏԱԺՊԻՏ — Զանգիր, Հարութ, դա չարյաց փոքրագույնն է: Քեզ հիմա ժամանակ շահել է պետք:

ԿԱՂԼԻԿ — Զանգել պետք չէ: Այդպիսի կնոջ հետ չես կորչի:

ՄՇՏԱԺՊԻՏ — Հենց այդպիսի կնոջ հետ կկորչես: Սանասարյանը որ չկարողացավ պահել, սա ինչպե՞ս պիտի պահի:

ԱԿՆՈՑՈՎ — Չի կարելի այդպես դատել: Այստեղ որոշիչը ոչ պաշտոնն է, ոչ տիտղոսը, ոչ էլ նույնիսկ սերը, այլ այն խենթացնող հուրը, որին կիրք են անվանում: Այն քմահաճ հուրը, որը բռնում է կամ չի բռնում: Այստեղ բռնել է:

ՄՇՏԱԺՊԻՏ — Բայց դա առասպելական անկեզ մորենին չէ, որ վառվի, վառվի ու չվերջանա: Պատկերացնո՞ւմ եք, ինչ կստացվի դրանից հետո:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Կարևորը ներկա երջանկությունն է, թե ինչ կստացվի հետո, հե՛րն անիծած:

ՄՇՏԱԺՊԻՏ — Եղա՞վ: Խոհեմ եղիր, Հարութ, տես, հոնքը շինելու փոխարեն աչքն էլ չհանես:

ԿԱՂԼԻԿ — Ախ, ինչպես չեն ուզում ինձ հասկանալ:

ՄԱՐԻՆԵ — Երկար ես մտածում, Հարութ: Լավ, որ այդպես է, ես կզանգեմ: (Վերցնում է լսափողը🙂

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ի՞նչ ես ասելու:

ՄԱՐԻՆԵ — Մի վախենա, ինչ էլ որ ասեմ, ի վնաս քեզ չեմ ասի:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Բայց ի՞նչ, ի՞նչ…

ՄԱՐԻՆԵ — Գիշերը ինձ չսպասի, և ոչ էլ վաղն ու գալիք վաղերը: Ինչո՞ւ մարդուն թողնել սպասողական վիճակում: Եվ ո՞ր մեղքի համար: Նա էլ մարդ է: Վատը ես եմ, որ համաձայնեցի ամուսնանալ հետը: Մտածում էի՝ սերը հետո կգա: Եվ ահա եկավ… Մի տագնապիր, այստեղ չեմ գիշերի, ոչ էլ ծնողներիս դուռը կթակեմ: Նրանք սիրում են իրենց փեսային ու թեև բարեկիրթ, բայց պահպանողական մարդիկ են: Համենայնդեպս, փողոցում չեմ մնա: Ոչ մեկը որ չլինի, Սուսաննան կա ու կա:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Լավ, տուր ինձ լսափողը:

ՄԱՐԻՆԵ — Պետք չէ, մի բռնադատիր քեզ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Տո՛ւր: (Համարն է հավաքում🙂 Պարոն Սանասարյան… Հարությունն է… Կրտսեր գիտաշխատող Հարություն Մանուկյանը… Անջատեց… (Նորից է համար հավաքում:) Երկու խոսք միայն, խնդրում եմ, չանջատեք… Շատ կարևոր է, պարոն Սանասարյան, դուք պիտի ինձ անպայման լսեք. ես շատ հուզված էի, և անհիմն էր իմ անզուսպ արտահայտությունը ձեր կնոջ վերաբերյալ… դուք… Էլի անջատեց:

ՄԱՐԻՆԵ – Ապրե՛ս: Դու քեզ ասպետավարի պահեցիր: Այդքանն էլ որ լսեց, բավական է, մարդը ինքնասիրություն ունի, իսկ դու չունես:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ինչպե՞ս թե… Ես քո խնդրանքը կատարեցի:

ՄԱՐԻՆԵ — Քստմնելի էր իմ խնդրանքը, քո կատարելը՝ առավել ևս:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Մի՞թե դա չէր քո առաջարկը:

ՄԱՐԻՆԵ — Հետո՞ ինչ, եթե քո մեջ մարդը կար, պիտի թույլ չտար, որ զանգեիր: ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Հանուն քեզ ամեն ինչ կանեմ:

ՄԱՐԻՆԵ — Ոչ, ոչ ամեն ինչ: Սիրո համար կատարված արարքներն էլ պիտի նույն բարձրության վրա գտնվեն: Եթե, իհարկե, դա սեր է:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ես քեզ սիրում եմ, Մարինե… (Վերցնում է բաժակն ու խփում հատակին:)

ՄԱՐԻՆԵ — Մի գոռա: Դու այնտեղ էլ ես գոռացել այսպես՝ լիաբերան, մինչդեռ պիտի գործել լիաբուռն: Քեզ այդպիսին գիտեի՝ քաջ, չընկրկող, վճռական: Իսկ դու առաջին իսկ բախումից նահանջեցիր: Նահանջեցիր թե աշխատանքում, թե սիրո մեջ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ի՞նչ նահանջ, տակտիկական քայլեր են: Նետն արձակելուց առաջ ետ են ձգում:

ՄԱՐԻՆԵ — Բայց նետն արդեն արձակված է: Թե՞ վախենում ես՝ կպնի թիրախին:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Մարինե, դու ինձ լրիվ չես ճանաչում:

ՄԱՐԻՆԵ — Քեզ լրիվ չի կարելի ճանաչել, քանի որ դու այդքան ես՝ ոչ լրիվ: Դու իմ ցնորքների մեջ էիր լրիվ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Մի ասա, Մարինե, հետո կափսոսաս այդ խոսքերի համար:

ՄԱՐԻՆԵ — Հետո էլ և միշտ ափսոսելու եմ այսօրվա համար: Այսօրը մնալու է որպես հիասթափության օր… որպես հուսալքման, ինքնադատապարտման օր:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ես կսպանեմ քեզ, Մարինե:

ՄԱՐԻՆԵ — Կարող ես, սովոր ես… (Հարութը ապտակում է: Լռություն🙂 Շնորհակալ եմ… Ես չէի կարող ինձ ապտակել… «Գնացի մարդի, ունեցա որդի, գդակը պոպոզ, անունը Կիկոս, վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին…»… Այնտեղ վախից քաջագործություն ես արել: Ինքնապաշտպանման բնազդից սեր ես բղավել: Եթե վախ չէ, հաշվարկ է. Մկրտիչը կլռի, կուլ կտա բարոյական խայտառակությունից խուսափելու համար… Ձեռք չի տա քո լաբորատորիային: Բայց նա չի լռել, ու դու սխալվեցիր: Քո արարքը հրապարակային բնույթ ստացավ, նա էլ հրապարակայնորեն պատիվ կպահանջի քեզնից… Ինչպե՞ս ես պաշտպանվելու, երբ քո կողքին չեմ: Մի վախենա, Մկրտիչի մոտ չեմ գնա: Նա ներեց ինձ: Մեծահոգաբար ներեց: Մնում է, որ ես ինձ ներեմ, բայց դա չի լինի: Ես այդքան մեծահոգի չեմ: Թույլ տվեք, մեծարգո պարոն, հրաժեշտից առաջ մի թեթև շտկում անեմ այստեղ: (Անցնում է ննջարան:)

ԿԱՂԼԻԿ – Չթողնես՝ գնա:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Բայց ինչպե՞ս պահեմ:

ԿԱՂԼԻԿ — Ինչպես ուզում ես: Եթե պետք է, պարանով կապիր-կապկպիր ու մի թողնիր:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Նրան ուրիշ թելով կկապես, բայց ո՞ւր է:

ՄՇՏԱԺՊԻՏ — Հարութը ունի այդ թելը, բայց…

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Որակ չունի:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դատողությունների ժամանակը չէ, մի բան պիտի անել:

ԿԱՂԼԻԿ — Ծեծիր, ջարդիր, գցիր անկողին, հետո խնամիր ու տես՝ ինչպես կկակղի, ուշքի կգա:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Ձեռքս չի գնա:

ԿԱՂԼԻԿ — Որ շատ սիրեիր՝ կգնար:

ԱԿՆՈՑՈՎ — Կամակոր կնոջն են սանձահարում:

ԿԱՂԼԻԿ — Սուտ բան է:

Կայծակ, որոտ, խրխինջ:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Լսո՞ւմ եք, անլռելի որոտ է ու կայծակ: Դա Եղիա մարգարեի կառքն է ու ձիու խրխինջը: Գնալը բացառվում է: Կողպիր դուռը, Հարութ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Նա բանալի ունի:

ԿԱՂԼԻԿ — Անձրևանոցի գրպանում է, շուտ վերցրու:

Հարութը վերցնում է բանալին, դնում գրպանը: Գալիս է Մարինեն, ձեռքին իր լուսանկարը, գիշերանոցը, դիմափոշու տուփը: Շրջանակը կոտրում է, լուսանկարը հանում:

ՄԱՐԻՆԵ — Այս կինն ինձ դուր չի գալիս: (Պատռում է, մյուս իրերի հետ շպրտում բուխարիկը🙂 Մի քիչ սպասեմ, մինչև մոխիր դառնան:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դու հիմա հուզված ես ու չգիտես՝ ի՛նչ ես անում:

ՄԱՐԻՆԵ — Ինձնից հետո ոչինչ չի մնալու այստեղ, ոչ մի հետք:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Հետքերն իմ հոգում են:

ՄԱՐԻՆԵ — Հոգի չկա, սիրտ է՝ մսից ու արյունից:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Խելահեղ կին, ո՞ւր պիտի գնաս այս սարսափելի գիշերով:

ՄԱՐԻՆԵ — Աշխարհը մեծ է:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Մեր աշխարհը փոքր է, մի թիզ, այն էլ՝ ճիրանների մեջ ու վանդակի:

ՄԱՐԻՆԵ — Վանդակի մեջ թռիչքն ավելի անսահման է. երևակայության ու մտքի թռիչքը: Դա քեզ հասու չէ: Մի բան էլ կար… Հա, բաժակը: Կարմրաշուրթ բաժակը: (Թեթևակի նետում է սեղանին🙂 Սա արդեն հիշատակազուրկ է, աղբարկղի թափոն… Գիտեմ, դուռը կողպեցիր, տուր բանալին, թե չէ լուսամուտից կգնամ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Վեցերորդ հարկ է:

ՄԱՐԻՆԵ — Ավելի լավ: Տուր բանալին:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Դու կին ես, ուր էլ որ գնաս, քեզ տեր է պետք, թիկունք:

ՄԱՐԻՆԵ — Ինձ նվիրյալ է պետք: Թիկունքը քեզպեսներին է հարկավոր, իմ որոնածը դեմք էր: Վերջին անգամ եմ ասում, տուր բանալին:

Հարութը հանում է բանալին, գնում դեպի դուռը, կեսճամփին շրջվում է, ծնկի գալիս:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Մի գնա, Մարինե, մի լքիր ինձ… Ես հիմա քեզ ավելի եմ սիրում: ՄԱՐԻՆԵ — Երբ սխալ էի ղեկավարում Քրմուհուս, թեթև ոստյունով ինձ շպրտում էր ցած: Ճանապարհ տուր: (Հարությունը մի կողմ է քաշվում, բանալին պարզում: Մարինեն վերցնում է, բացում դուռն ու վերջին պահին շրջվում🙂 Սա պետք կգա…

Բանալին նետում է բազմոցին, հեռանում է: Բոլորը քարացել են, միայն Կիթառահարն, ասես նիրհի մեջ, հարվածում է լարերին:

ԿԻԹԱՌԱՀԱՐ — Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,

Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.

Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,

Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Այդ պահին քամին ուժգին բացում է պատահանը՝ փշրելով ապակին, և շատ մոտիկից լսվում է կայծակի խլացուցիչ շառաչյուն ու ձիու խրխինջ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Օդ… Օդ եմ ուզում… Նա է… Ինձ է կանչում… Քրմուհին… Քրմուհի… (Գլուխն առնում է ափերի մեջ. հեկեկում է:)

Քամին ծածանում է երփներանգ վարագույրը:

Կարդացեք նաև