Թատերական տոն Գյումրու թատրոնում/Արթուր Հայրապետյան

Սամվել Կոսյանի «Կյանքը վանդակի կողքով» պիեսով ազդարարվեց Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 154-րդ թատերաշրջանի` «Թռիչքը»։
Թատերական տոն էր Գյումրու թատրոնում։ Թատրոնն իր հանդիսատեսին հյուրնկալեց նոր վերանորոգված դահլիճում։

ՉԻԿ – Ինչո՞ւ… Ինչո՞ւ չես ուզում փորձել:

ՊՈՉԵԿ – Որովհետև մեջս թռիչք չկա:

ՉԻԿ -Կլինի: Իմ մեջ էլ չկար:

ՊՈՉԵԿ – Դու ուրիշ ես… Իսկ իմ մեջ չկա, իմ մեջ թռչելու միտքն էլ չկա:

ՉԻԿ – Բայց բնությունը մեզ թռչելու համար է ստեղծել:

ՊՈՉԵԿ – Գուցե, բայց մենք կորցրել ենք մեր նշանակությունը:

ՉԻԿ – Պարզվում է, չենք կորցրել… Չէ՞ որ ես թռա…

Պիեսի հիմքում վանդակից ազատություն «նետված» երկու թութակների` Չիկի եւ Պոչեկի պատմությունն է.. Թվում է, ազատություն գտնելու համար հիշողություններն էլ բավական է, բայց ոչ, թվում է ազատության համար, վանդակում պահած տիրոջդ տված կերը բավական է, բայց ոչ..
Ներկայացումը պետք է դիտել.. մտածել.. մտածելու ներկայացում է, որի ռեժիսորը` ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն է.. ռեժիսորը հետաքրքիր լուծումներ է գտել.. բեմի վրա ամեն ինչ իրական է թվում, որտեղ ազատություն ձգտող հոգին, երկխոսության մեջ է մտնում ու սկսվում է պայքարը, որտեղ բնության մեջ չես կարող հավատարիմ չմնալ համոզումներիդ, ինչքան էլ որ հակադրվես: Երկրային գաղափարների դեմն առնել չես կարող, արդարացումներ, որ բնության մեջ արդարացվում են.. Ծատուրյանը կարողացել է Կոսյանի գրական ստեղծագործության ազատությունը բեմի վրա լիարժեք դարձնել, որտեղ ամեն ինչ թվում է իրական՝ գեղարվեստականությամբ վերարտադրված: Դերասանների՝ Սամվել Գրգորյանի, Տիգրան Գաբոյանի, Արսեն Միքայելյանի եւ հրավիրյալ դերասանուհի Անի Խաչիկյանի մասնակցությամբ, ներկայացումը հաստատուն եւ ներկայացման ընկալումը՝ մարսած, մարմնի մեջ կերպավորելու փորձը՝ հաջողված: Բեմական-պայմանական, դերասանների ինքնահնար լուծումներով համեմված՝ ռեժիսորի մասնակցության գաղափարի կրող ներկայացում է: Ազատություն ուրիշ բանի հետ չես կարող շփոթել։ Կյանքն էլ ազատություն է, նայած թե ազատության հասնող քանի մահկանացու է հասել դրան, կամ մնացել կես ճանապարհին։ Ներկայացումը հենց հոգու ազատության մասին է։ Որն էլ շատ հանգիստ փոխանցվում է հանդիսատեսին ու մտածել տալիս։ Տեղ է հասնում։ Ներկայացման մեջ հենց այդ ազատությունը հաղորդող խաղի միջոցով է, որ հետո հանդիսատեսը պետք է իր հետ տուն տանի: Ես առա.. տարա.. ներկայացումը համոզեց ինձ:
Գյումրու դրամատիկական թատրոնը ունի բաց սիրտ ու միասնականություն։ Սկսած տոմսարկղում սպասարկող տոնսավաճառից, վերջացրած տնօրենով.. համախմբվածության ու նվիրումի արդյունքն է նաեւ, որ թատրոնը ապրում է եւ այն հեռվից հեռու տեսանելի է։ Ինչը չեմ կարող ասել մայրաքաղաքային թատրոնների մասին։ Շատ բան չասեմ, որ չստացվի գովասանք կա խոսքիս մեջ, բայց չէի կարող գոնե մեկ տողով չանդրադառնալ, որովհետեւ թատրոնը կոլեկտիվ արվեստ է։ Այն հոգեւոր տունը, որտեղ առանց տիրոջ առ ոչինչ է։ Իսկ թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը կարողացել է ամեն բան համակարգելով թատրոնը պահել բարձրության վրա: Մնում է թատրոնում նոր գործ անողներ հայտնվեն: Դրսից ռեժիսորներ գան ու ստեղծագործեն: Դա թատրոնի ղեկավարության ցանկությունն է, որ նաեւ թատրոնը հնարավորություն է տալիս ռեժիսորներին ներկայացումներ բեմադրել:

Կարդացեք նաև