ԹԱՏՐՈՆԻ ԴՈՒՌԸ ԲԱՑԵԼՈՎ/ Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Լույս է տեսել դրամատուրգ, բանաստեղծ Արշակ Սեմիրջյան պիեսների ժողովածուն՝ «Դու էիր պակաս» խորագրով (ԷԴԻԹ ՊՐԻՆՏ)։

ԹԱՏՐՈՆԻ ԴՈՒՌԸ ԲԱՑԵԼՈՎ
«Քանի դեռ աշխարհն այնպիսին է, ինչպիսին կա,- գրում է Կարել Չապեկը իր էսսեներից մեկում,- թատրոնը երբեք չի անհետանալու»: Ինչը նշանակում է, որ չեն անհետանալու նաև դրամատուրգները: Իսկ նրանք թատրոնի համար կարևոր են ոչ պակաս, որքան թատրոնը՝ դրամատուրգների: Ուստի և յուրաքանչյուր նոր սերնդի հետ ասպարեզ են գալիս նոր անուններ, թեպետ ոչ այնքան շատ:
Այսպիսի մի անուն է Արշակ Սեմիրջյանը: Նրա պիեսներից բեմադրվել են Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, ինչպես նաև Կապանի Ալ. Շիրվանզադեի, Վանաձորի Հովհ. Աբելյանի և Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոններում, ինչն արդեն հաջողություն է: Թեկուզև այն պատճառով, որ թղթի վրա մնացած պիեսը` նույնիսկ գեղարվեստական արժեքներ ունեցող, նման է ծով չմտած նավի, որը շարունակ կառանված է ափին ու դանդաղ ժանգոտում է անխուսափելիորեն: Մինչդեռ նավի կենսական միջավայրը ծովն է, ալիքները ճեղքելով լողալը` անշուշտ հնարավոր վտանգներին էլ ընդառաջ:
​Արշակը թատերականի շրջանավարտ է: Ուսումնառությունն ավարտել է հենց այս՝ 2019 թվականին, երբ լույս է տեսնում նրա անդրանիկ ժողովածուն: Փաստն ինքնին ուրախացնող է, ստեղծագործական հաշվետվության պես մի բան, գրական ճանապարհի սկիզբ:
​- Ով սկսել է՝ նա պարտավոր է շարունակել,- ասել է հայտնի գրողներից մեկը` նկատի ունենալով այն միտքը, որ գրողը զարգացման մեջ է կայանում: Իսկ Սեմիրջյանի հայտը խոստումնալից է հետագա ճանապարհի համար:
​Մեր ժամանակը, ահա մոտ երեք տասնամյակ, ժանրային դիմագծով դրամատիկական է, ի տարբերություն, օրինակ, լիրիկական 60-ականների (նախորդ դար) և առավելապես հրապարակախոսական 80-ականների, որոնք ևս մնացին անցած հարյուրամյակում: Ի վերջո, պատահական չէր, որ այդ հեռավոր 60-ականներին մտքերի տիրակալներն ու գրականության առաջնագծով քայլողները հենց բանաստեղծներն էին, իսկ 80-ականներին՝ հրապարակախոսները: Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում:
​Բայց 90-ականներից ինչ-որ բան փոխվեց: Դարանցումի շրջափուլը ճգնաժամեր և օրեցօր սրվող հակասություններ մերկացրեց կյանքի բոլոր տարածություններում: Իսկ ի՞նչն է առաջիններից մեկը՝ հակասություններ որոնողների, բացահայտողների և հաճույքով նկարագրողների մեջ: Թատրոնը, իհարկե, թատրոնը: Եվ փաստ է, որ այդ ճակատագրական ժամանակահատվածում թատերագրությունը, նաև Հայաստանում, աշխուժացավ: Բեմադրվելու հնարավորությունները դեռևս շատ չէին, սակայն պիեսներ սկսեցին գրվել ավելի հաճախ: Բացի արդեն ճանաչված դրամատուրգներից, այդ ասպարեզ մտան հայտնի ու երիտասարդ արձակագիրներ, միանգամայն նոր անուններ: Ոչ շատ ուշ` արդեն 2000-ականներին, նոր ժամանակի պիեսների մի նկատելի մասը ստացավ բեմական կյանք: Գրականության շարժումը դեպի թատրոն` որպես մարդու հետ տաք նյութով խոսելու տարածք:
​Գեղարվեստական գնահատությունները կարող են լինել տարբեր: Սակայն զննելով ընդհանուր պատկերը` հաստատ կնկատենք մի քանի բնորոշ առանձնահատկություններ, և դրանցից ոչ այնքան հազվադեպը՝ իրականության պսակազերծում, կամ էլ, եթե կուզեք, լուսնի հակառակ երես:
​Իհարկե, սա ազատության արգասիքներից է, մութ անկյունների ուսումնասիրություն` բայց նաև թերապիայից վիրաբուժության անցնելու ցանկությամբ: Մեծ մասամբ՝ առանց անզգայացման: Թեպետ այս ճանապարհին հնարավոր է կորցնել… գեղարվեստի լույսը:
​Ահավասիկ, վիրաբուժական ևս մի նշտար` Արշակ Սեմիրջյանի պիեսները: Դրանք կարդացվում են հետաքրքրությամբ: Հեղինակը կարողանում է դիպաշար հյուսել, նաև բնավորություններ գծագրել: Սրանք լավ հատկանիշներ են դրամատուրգի համար, որովհետև հանդիսատեսը դիտելու բան ունի, իսկ դերասանը՝ խաղանյութ: Սեմիրջյանը ձգտում է սատիրական բևեռացումների: Նրան բնորոշ են բարոյասոցիալական ախտերը խոշորապլան ու թանձրագիծ երևակելու հակումը: Դա իր ընտրությունն է, ստեղծագործական նախասիրությունը, ինչն էլ համապատասխանում է նրա համար նախընտրելի ժանրային լուծումներին՝ տրագիֆարս, նատուրալիստական կոմեդիա, սև հումոր… Վիճելու առիթներ տալիս է, սակայն կարևոր արդյունքն այն է, որ բացված է առաջին դուռը, իսկ ժամանակի հետ կգա և՛ բյուրեղացումը և՛ կենսական ու գեղարվեստական տեսողության ընդարձակումը: Այնպես որ, մեզ մնում է ողջունել Արշակ Սեմիրջյանի առաջին գիրքը՝ ցանկանալով, որ երիտասարդ հեղինակը շարունակի իր ուղին թատրոնում:

ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Գրող, կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

​​​​​​​​​

Կարդացեք նաև