ԱԶՆԱՎՈՒՐ. ՄԱԳԼՑԵԼՈՎ ՀԱՂԹԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ / Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

ԱԶՆԱՎՈՒՐ. ՄԱԳԼՑԵԼՈՎ ՀԱՂԹԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

(Համազգային թատրոնի «Ազնավուր» համերգ-ներկայացումը)

 

«Պետք էր օրվա հաց բերել տուն, պետք էր ապրել». սա էր Աիդա Ազնավուրյանի և կրտսեր եղբայր Շառլի մոտիվը, երբ հեռավոր 40-ականների Ֆրանսիայում առաջին քայլերն էին անում և այն, ինչ իրենք գիտեին, երգարվեստն էր, ավելի ճիշտ՝ կաբարեներում ու փոքր բեմերում երգելը: Ապագա շանսոնի արքայի կենսագրության այս կետից է սկսվում Համազգայինի «Ազնավուր» համերգ-ներկայացումը:  «Ազնավուր»-ի բեմականացման հեղինակը Ալլա Սահակյան է, բեմադրական աշխատանքներին աջակցել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը: Ալլա Սահակյանի բեմական տարբերակի հիմքում շանսոնյեի՝ տարբեր տարիներին գրած գրքերն են, որոնցում Ազնավուրը պատմում է Ազնավուրի հետաքրքիր, բեղուն կյանքի, կյանքից կառչած վեր մագլցելու տասնամյակների հուշերն ու մտորումները: Բեմականացման հեղինակ դերասանուհին հարազատ է մնացել ազնավուրյան պատմելաոճին՝ առանց պաթոսի, պարզ լեզվով, մի քիչ իրոնիկ, հումորով շրջանցելով արտիստական ուղու իրական բարդությունները: Բեմի գերակշիռ և պատվավոր տեղում Գարի Քյոսայանի ջազ քառյակն է (Գարի Քյոսայան՝ դաշնամուր, Կոնստանտին Աբգարյանց՝ փողային, Ալեքսանդր Մայիլյան՝ կոնտրաբաս, Արմեն Մարտիրոսյան՝ հարվածային գործիքներ): Բեմառաջքում համեստ միկրոֆոն է և Ազնավուրի միաժամանակ երեք դերակատար՝ Ալլա Սահակյան, Նարեկ Բաղդասարյան, Ստեփան Ղամբարյան: Բեմի այդ փոքր ու դատարկ-անդեկոր տարածքում էլ կայանում է ներկայացումը, առանց բեմական իրեր ավելացնելու դառնալով փոքր համերգասրահ, վարձով սենյակ, օդակայանի սպասասրահ, օդանավ, հյուրանոց Ամերիկայում, Կանադայում, և այս պայմանականությունն օրգանական էր դիտվում: Երկու գործողությամբ ներկայացման ողջ ընթացքում դերակատարները / այդ թվում՝ նվագախումբը/ բեմում են, նստած կամ կանգնած, երգելիս կամ պատմելիս, իբրև գործող անձ կամ հանդիսական:
Բեմում պատանի և երիտասարդ, առաջին դժվարին քայլերն անող, իր պակասություններն ու առավելությունները գույքագրող. անընդմեջ մերժվող Ազնավուրն է: Համարձակ լուծում էր՝ մեկ բեմում Ազնավուրի երեք կերպար. կին, որը նաև երգում էր, հաղթահասակ տղամարդ ու դերակատար, որն արտաքնապես հիշեցնում էր Ազնավուրին: Նարեկ Բաղդասարյանը, Ստեփան Ղամբարյանն ու Ալլա Սահակյանը արագ ռիթմով, ասես հին շարժանկարում, հերթագայությամբ տարբեր դերեր էին մարմնավորում, անընդհատ կերպափոխվելով, իբրև Ազնավուր կամ նրան շրջապատող, աջակցող կամ հաջողությանն արգելակող անհայտ  ու հայտնի / Պիեռ  Ռոշ, Էդիտ Պիաֆ/ անձեր: Տպավորիչ  ու դիտարժան էին  Ազնավուր և Ռոշ դուետի հախուռն համերգների, խոչընդոտներն առանց ֆինանսների, անընդմեջ ինչ-որ հրաշքով հաղթահարելու տեսարանները: Ստեփանն ու Նարեկը, իբրև Ռոշ և Ազնավուր,  առանց հրավերի օդանավ էին բարձրանում, օվկիանոս կտրում, հայտնվում այլ մայրցամաքում առանց մի բառ իմանալու, ստույգ գիտենալով մի բան՝ ուզում են երգել:
Ալլա Սահակյանը խաղում էր, երգում, պարում, ասես սավառնում էր բեմում: Երբեմն՝ շնչահեղձ, երբեմն՝ հուզված-մտախոհ, բայց միշտ՝ արտիստիկ: Դերասանուհին ներկայացման երկու գործողության մեջ բազմաթիվ կերպարներ խաղաց (հեղինակ, Աիդա Ազնավուր, մաքսային աշխատող, Պիաֆ, զինվորական բժշկուհի), կերպարանափոխման միջոց դարձնելով սակավ միջոցներ: Դա հագուստի փոփոխություն էր (շքեղ լանջաբացվածքով զգեստ՝ բեմում երգելիս կամ Պիաֆի դերում՝ Ազնավուրի հետ տպավորիչ պար ցուցադրելիս, սև տաբատ ու սյուրտուկ՝ պատանի Ազնավուրի և երգչի իմպրեսարիոյի դերերում, չեզոք հանդերձանք՝ Աիդա Ազնավուրի, օդանավակայանի կամ հյուրանոցի աշխատակցուհու կերպար մարմնավորելիս), կամ խզված ձայն՝ Պիաֆի տեսարաններում:
Ներկայացման գլխավոր դերակատար է Գարի Քյոսայանի նվագախումբն՝ առանց մեկ բառ արտաբերելու: Նվագախումբը մեծ մասով լուռ ու կարեկից վկա է՝ արտիստի վերելքին հետևող, նաև՝ բեմում կատարվող իրադարձություններին ներկա և հետաքրքրասեր հանդիսատես, նաև՝ արտիստի ծրագրերին հովանավոր, նրա գործերին լուռ, հարազատավարի աջակից, նվագակցությամբ օժանդակող, համակ ուշադրությամբ հանդիսական-ունկնդիր, հայրաբար նեցուկ: Պետք էր տեսնել, թե ինչպես է բեմում կատարվածին, Ազնավուրի կառչելով հաղթահարումին աջակցում դաշնամուրի առաջ լուռ նստած, ակնոցի վրայից լուռ հետևող ջազ կոմպոզիտոր Գարի Քյոսայանի հոգեկից հայացքը: Եվ հանդիսասրահից անգամ զգացվող այս հարազատությունը պատահական չէր, Գարի Քյոսայանը նվագակցել էր Ազնավուրի ամերիկյան համերգներից մեկին, նա ներկայացման մեջ հնչող  ազնավուրյան երգերի գործիքավորման հեղինակն է նաև: Եվ այս նվագախումբը լուռ հանդիսատես էր ու ակտիվ ուղեկից, հարկ եղած դեպքում՝ դերակատար, երբ իրենց էին դիմում կամ ստուգում՝ բավարար չափով առո՞ղջ են արդյոք համաշխարհային պատերազմին մասնակցելու համար, ինչպես առողջ էր երիտասարդ արտիստ Շառլը:
Սա մեզ քաջածանոթ ու նաև անծանոթ կերպար է՝ արտիստիկ, կարեկից, խորագիտակ, պարզ-մարդկային, 94 տարեկանում էլ գեղեցիկ կյանքով ապրող: Մահից օրեր առաջ էր վերադարձել դստեր հետ Ճապոնիա շրջագայությունից, ուր, սովորույթի համաձայն, մի քանի զույգ կոշիկ էր գնել: Սովորություն, որը ձևավորվել էր կարիերիայի սկզբում, երբ երիտասարդ ու մերժված արտիստ էր՝ ավելի քան հնամաշ կոշիկների մեխերը ներբաններին զգացող: Այս մասին մանրամասն կա «Ազնավուր» ներկայացման մեջ, բայց ոչ իբրև դառը հուշ, այլ այնպես, ինչպես կարող է հիշել Ազնավուրը՝ մի քիչ իրոնիկ-ռոմատիզացված հուշ, որն անվերադարձ անցյալում է: Բայց որն իր հետքը թողել էր արդեն լեգենդար Ազնավուրի վարքագծում:
Ունենալով ամենագլխավորը, մնում էր հաղթահարել կարծրատիպերը, պակասությունները դարձնել առավելություն, հաղթել կյանքին: Ջավախքից Միքայել Ազնավուրյանի, Արևմտյան Հայաստանից՝ Քնար Ազնավուրյանի զավակ ֆրանսիացի Շառլ Ազնավուրը իրողության դարձրեց ֆրանսիացի Շառլ դը Գոլի կանխատեսումը՝ «Դուք կգրավեք աշխարհը, քանի որ կարողանում եք հուզել»: Նա ստեղծեց խոհական և հուզիչ 1700 երգ-պատմություն: Մարդ, որն ինքն իրեն կերտել է անդուլ, ամենօրյա աշխատանքով, չհավատալով ու չվստահելով ներշնչանքին, հավատալով աշխատասիրությանը, իր «հայկական աշխատասիրությանը»: Հետագայում, քայլ առ քայլ, հետևողականորեն, լրացնելով կրթության բացը, որն ընտանիքի ֆինանսական դրության պատճառով կիսատ էր թողել, դարձավ աշխարհահռչակ Ազնավուրը՝ հանճարեղ, սրտացավ, կարեկից, իմաստուն, զգոն, անսեթևեթ, բնական:
Հետևելով ներկայացման մեջ Ազնավուրի քայլ առ քայլ հաղթահարումին, ակամա մտաբերվում էր չարենցյան պոռթկումը՝ «Ինչպես կյանքում այս հաղթենք կյանքին, կյանքը պայքար է, չկա հանգիստ»…
Հաղթեց մեր հայը… Եվս մեկ հաղթած հայի ոգեշնչող կերպար: Համարյա ինչպես Սարոյանն է ասել, ռադիոընդունիչով հեռուներից լսելով Ազնավուրի երգերը. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես»:
Ներկայացումը սահուն ու թեթևաշունչ էր, երգային կատարումները՝ չափավոր, սպասված ու չձանձրացնող, տեքստերն ու տեսարանները սրտմաշուկ ու ծանրաշունչ չէին, իրոնիկ էին, բավարար չափով՝ լուրջ ու վավերագրական. «Ես որոշեցի հասկացնել տալ ինձ… Ձայնս անհնար է փոխել: Բայց ես պիտի երգեմ…»:
Համազգայինի «Ազնավուր» ներկայացումն ավարտվեց այս կետում՝ արտիստը կանգնել էր բեմում և վայելում էր ինքն իր հանդեպ տարած հաղթանակը, հաջողության սկիզբը: Նա ճիշտ ճանապարհին էր, մինչև 94 տարեկանը բեմում, իսկ այդուհետ և ընդմիշտ՝ մեր ամենամեծ հայն աշխարհում:

 

 

 

Կարդացեք նաև