Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / «ԻՆՉՊԵՍ ԿԻՆԸ ՓԱԽԱՎ ՏՆԻՑ»

«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» ՀԱՆԴԵՍԻ ԱՐԽԻՎ/ ՊԻԵՍՆԵՐ

 

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ «ԻՆՉՊԵՍ ԿԻՆԸ ՓԱԽԱՎ ՏՆԻՑ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 20001 թ., թիվ 3-ում

 

 

 

ԻՆՉ­ՊԵՍ ԿԻ­ՆԸ ՓԱ­ԽԱՎ ՏՆԻՑ

Գործող անձինք

ՆԱՐԵ

ԱՐԱՄ

ԱՐՓԵՆ

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ

 

ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ

Սրճա­րան: Սեղաններից մեկի մոտ նստած է Արամը: Դու­ռը կա­մաց բաց­վում է, երևում է կանացի դեմք, վա­րա­նոտ նա­յում է շուրջն ուդուռը փակվում է: Քիչ անց կրկնվում է նույնը: Արամը աչ­քի տա­կով հետևում է: Կտրուկ բաց­վում է դու­ռը, կի­նը շեմին կանգնած զննում է սրահը, կարճ երկմտանքից հետո ընտ­րում է ա­մե­նա­հե­ռա­վոր սե­ղա­նը, նստում: Հագն­ված է առն­վազն տա­րօ­րի­նակ` բոկոտիկ­ներ, անձրևա­նոց, որն ա­մուր կապ­ված է գո­տիով, մա­զե­րը մի հե­րա­կա­լով ամ­րաց­ված է ծոծրա­կին: Զգացվում է, որ լարված է: Աննկատ քան­դում է անձրևա­նո­ցի գոտին, երևում է գոգ­նո­ցի նախ­շա­զարդ եզ­րը: Դա­նա­կով կա­մաց խփում է բաժակին, հետո՝ ավելի բարձր: Հայտն­վում է սրճա­րա­նա­տե­րը:

ՆԱՐԵ — Մա­տու­ցող, օ­ղի:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Բա­րի օր, լսում եմ:

ՆԱՐԵ — (շփոթ­ված): Բարև ձեզ… ես էլ եմ լսում:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ – (անվրդով): Ի՞նչ կ­ցան­կա­նա­յիք:

ՆԱՐԵ — (կարճ մտորումից հետո): Օ­ղի:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Գու­ցե կոն­յա՞կ:

ՆԱՐԵ — (ավելի վստահ): Օ­ղի: 200 գրամ:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Հե­տո՞:

ՆԱՐԵ — Հե­տո՞…  է­լի 200 գրամ:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Իսկ… խմե­լուց հե­տո՞:

ՆԱՐԵ — Ի՞նչ:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Լի­մոն… շո­կո­լադ:

ՆԱՐԵ — Ճաշ կա՞: Ա­սենք՝ ա­պուր:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ – Միայն խմիչքներ, թեյ, սուրճ…

ՆԱՐԵ — Ու­րեմն՝ սուրճ: Եվ օ­ղի: (Տես­նե­լով, որ նա տե­ղից չի շարժ­վում):  Է­լի հար­ցեր կա՞ն:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Կա­խի­չը ձեր կողքին է:

ՆԱՐԵ — Կա­խիչն էլ ա­ռա­ջար­կում եք դեսե՞րտ:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Հե­տաքր­քիր ա­ռա­ջարկ է, ար­ժե մտա­ծել: Իսկ հիմա գուցե օգ­տա­գոր­ծեք նրա ու­ղիղ նշա­նա­կութ­յա՞մբ: (Տեսնելով, որ Նարեն գլխի չի ընկնում): Անձրևա­նո­ցը կախեք:

ՆԱՐԵ — Այս­պես էլ վատ չէ… (Ա­վե­լի է բա­ցում անձրևա­նո­ցը՝ գոգ­նո­ցը երևում է իր «հրաշագեղութ­յամբ»):

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — (կար­ճատև զննու­մից հե­տո): Անձրևա­նո­ցով ան­հա­մե­մատ լավ տեսք ունեք:

Գնում է: Նարեն զննում է ի­րեն, գո­տին կապում է ու նա­յում շուրջը: Արամը, իբր անտար­բեր, ծխում ու նա­յում է ա­ռաս­տա­ղին: Գալիս է սրճա­րա­նա­տե­րը` մա­տու­ցա­րա­նի վրա բե­րե­լով պատվերը, նաև ա­ղած նուշ:

ՆԱՐԵ — Սա՞ ինչ է:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Ա­ղած նուշ:

ՆԱՐԵ — Չեմ պատ­վի­րել:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Անձ­նա­կան նա­խա­ձեռ­նութ­յուն է: Կամ՝ փոխ­հա­տու­ցում:

ՆԱՐԵ — Ին­չի՞ փոխ­հա­տու­ցում:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Կա­խի­չի: (Մեղմ):  Միայն օ­ղին…

ՆԱՐԵ — Լավ, թող մնա: Ե­թե կա­րո­ղա­ցաք ինձ հա­մո­զել, պատ­կե­րաց­նում եմ` ինչ շահութաբեր է ձեր գոր­ծը:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ – Նուշը հաշ­վի մեջ չեմ գրի:

ՆԱՐԵ — Ա­վե­լի վատ: Նյու­թա­կան վնաս եք պատ­ճա­ռում սրճա­րա­նի տի­րո­ջը:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Ես եմ սրճա­րա­նա­տե­րը:

ՆԱՐԵ — Այդ դեպ­քում ըն­դու­նեք ցա­վակ­ցութ­յունս՝ դուք վատ տնտես­վար եք:

Սրճա­րա­նա­տե­րը վերց­նում է ափ­սեն, գնում է: Նարեն չի նկատում: Գա­վա­թը մո­տեցում է շուր­թե­րին, աչ­քերն ա­մուր կկո­ցած, մի շնչով խմում է կեսը: Շուն­չը կտրվում է: Դեռ փակ աչքե­րով` ձեռ­քը տա­նում է նու­շով ափ­սեի կող­մը: Շո­շա­փում է՝ չկա: Աչ­քե­րը բա­ցումնա­յում է` չկա: Սուր­ճից կում է ա­նում՝ շատ տաք է՝ այ­րում է: Փոր­ձում է զսպել հա­զը՝ չի ստաց­վում: Հա­զում է, խմում է բաժակի մեջ մնացած օղին, վրա­յից սուրճն ու մի կերպ զսպում է կո­կորդով վեր բարձ­րա­ցող հեղ­ձու­կը: Սրճա­րա­նա­տե­րը վերադառ­նում է՝ սրճա­մա­նով:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Սուր­ճը խմեք, քա­նի տաք է:

ՆԱՐԵ — Տաք չէ, եռ­ման է…

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Ե­թե միան­գա­մից խմեք:

ՆԱՐԵ — Կու­մե­րով չեմ կա­րող խմել: Օ­ղին բե­րեք:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — 200 գրա­մը բա­վա­կան չէ՞ր:

ՆԱՐԵ — Ա­սա­ցի՝ 200 գրամ, հե­տո է­լի 200 գրամ: Ի դեպ, ո՞ւր­ կորավ նուշը:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Փոր­ձե­ցի հե­տաձ­գել սնան­կա­ցումս… Բա՞ն­ է պա­տա­հել:

ՆԱՐԵ — Ես սպա­սում եմ իմ 200 գրամ օ­ղուն:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Այ­սօրվա համար բա­վա­կան է, սուր­ճը խմեք ու տուն գնա­ցեք:

ՆԱՐԵ — (ար­դեն՝ քիչ հար­բած): Հենց ա՞յս սր­ճա­րա­նը պի­տի մտնեի: Ու­րիշ տեղ հարցեր չէին տա, իսկ օ­ղի կտա­յին… Եվ ին­չո՞ւ տա­րաք այդ ձեր ապուշ նու­շը… Հա, ե՞րբ­ է փակ­վում այս աստվածահաճո հաս­տա­տութ­յու­նը:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Դեռ բաց է:

ՆԱՐԵ — Ու­րեմն դեռ կա­րող եմ նստել, իսկ դուք կա­րող եք պատ­վո պա­հակ չկանգ­նել իմ չխմված 200 գրա­մին:

Սրճարանատերը գնում է: Նարեն սուրճ է խմում, գրպա­նից հա­նում է շպա­րի տու­փը, ա­ռանց նա­յել­ու բա­ցում, շրխկո­ցով փա­կում ու գցում է գրպա­նը:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — (բե­րում է օ­ղին ու նու­շի ափ­սեն): Նու­շը հաշ­վի մեջ գրված է, կա­րող եք չան­հանգս­տա­նալ:

ՆԱՐԵ — Ուրիշ բան չունե՞ք, ի՞նչ­ եք ափ­սեն տա­նում ու բե­րում:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — (անվր­դով): Ա­պու­րը կես ժա­մից պատ­րաստ կլի­նի:

ՆԱՐԵ — Ը­հը, իմ հաշվին ճո­խաց­նում եք տե­սա­կա­նին: Սի­գա­րետ կա՞:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Ի՞նչ­ եք նա­խընտ­րում:

ՆԱՐԵ — Բե­րեք, ինչ ունեք: Ա­սենք, չէ… սպա­սեք… Վերջերս մի տի­կին եկավ մեր տուն՝ ամուսնուս հետ գործնական հարց ուներ լուծելու: Սուր­ճը, ի­հար­կե, մա­տու­ցե­ցի ես: Տիկինը պայուսա­կից հա­նեց սի­գա­րե­տի տուփն ու վա­ռի­չը: Վա­ռի­չը շատ նրբա­գեղ էր: Սիգա­րետ­նե­րն էլ եր­կար էին ու բա­րա­լիկ: Տի­կի­նը` մի ձեռ­քում` սի­գա­րետ, մյու­սում՝ վա­ռիչ, սպա­սո­ղա­կան ան­շար­ժա­ցավ: (Պատ­մա­ծը ներ­կա­յաց­նում է չա­փա­զանց­վածկոմի­կա­կան տես­քով): Եր­կար չսպա­սեց: Ա­մու­սինս զսպա­նա­կի պես տե­ղից թռավ` վառի­չը պատ­րաստ պա­հած: Կար­ծում եմ, այդ կերպ տի­կի­նը բա­վա­կա­նին տնտե­սում է վա­ռի­չի բեն­զի­նը… Այդ­ սի­գա­րետից ու­նե՞ք:

Սրճա­րա­նա­տե­րը մո­տե­նում է բա­րին, մի տուփ է վերց­նում ու բերում, ան­խոս դնում է սեղանին, գրպա­նից հա­նում է վա­ռիչը, դնում է տուփի կող­քը:

ՆԱՐԵ — (զննե­լով տու­փը): Հա, սրանք եր­կար են, բայց… բա­րա­լիկ չեն: Վա­ռիչն էլ քիչ է հիշեցնում այն փայ­լուն խա­ղա­լի­քը: Տխուր բան է կապ­կե­լը, բայց սկզբի հա­մար սա էլ վատ չէ:

         Սի­գա­րե­տը մո­տեց­նում է շուր­թե­րին, սրճա­րա­նա­տե­րը վերց­նում է վա­ռի­չը:

ՆԱՐԵ — Ես ինքս:

Սրճա­րա­նա­տե­րը հե­ռա­նում է` հասկացող ժպիտ փոխանակելով Արամի հետ: Նարեն սիգարետն ու վառիչը հրում է մի կողմ, գա­վա­թից մեծ կում է անում, մի նուշ է գցում բե­րա­նը, մի կում սուրճ է խմում ա­ռանց բե­րանն այ­րե­լու: Ու մի կի­սատգո­հու­նակ ժպիտ է երևում դեմքին՝ օ­ղու ազ­դե­ցութ­յունն ակնհայտ է: Արամը բարձր հա­զում է: Նարեն, ա­նակն­կա­լի եկած, շրջվումնա­յում է «Սա՞ ով է» հար­ցը դեմ­քին: Լռութ­յուն: Նարեն գրպա­նից հա­նում է հայելին և ար­դեն դժվա­րութ­յամբ բաց­վող աչ­քե­րը հառում նրան: Նեղսր­տած, հա­յե­լին շպրտում է սեղանին և նախ խմում է սուր­ճը, հե­տո ու­տում նու­շն ու նոր միայն խմում է գավա­թում մնացած օ­ղին: Ան­շար­ժա­նում է: Արամն արդեն անթաքույց է հետևում նրան: Նարեն հայելին շպրտում է հա­տա­կին, բարձրանում է տեղից ու ան­հաս­տատ քայ­լերով մոտենում է Արամի սեղա­նին:

ԱՐԱՄ — Հա­յե­լու ջարդ­վե­լը դժբախ­տութ­յան նշան է:

ՆԱՐԵ — Ե­թե դժբախ­տութ­յու­նը հա­յե­լու ջարդ­վե­լուց հե­տո է գա­լիս, նշա­նա­կում­ է, դրանից առաջ եր­ջան­կութ­յո՞ւն է ե­ղել:

ԱՐԱՄ — Եր­ջան­կութ­յուն, կամ մի ուրիշ դժբախ­տութ­յուն:

ՆԱՐԵ — Երկ­րորդ տար­բե­րակն ա­վե­լի հա­վա­նա­կան է: (Սպա­սո­ղա­կան): Դե՞…

ԱՐԱՄ — Այ­սի՞նքն:

ՆԱՐԵ — Սպա­սում եմ, թե ե՛րբ ­կա­ռա­ջար­կեք նստել:

ԱՐԱՄ — Չեմ ա­ռա­ջար­կի:

ՆԱՐԵ — Ին­չո՞ւ:

ԱՐԱՄ — Ա­ռանց բա­ցատ­րութ­յան:

ՆԱՐԵ — Լավ: Ես էլ կնստեմ: Ա­ռանց բա­ցատ­րութ­յան: Դուք սնա­հա­վա՞տ­ եք:

ԱՐԱՄ — Թե հա­յե­լին նկա­տի ու­նեք՝ ոչ: Բայց հա­վա­տում եմ, որ նա­վի վրա կնոջ ներկայությու­նը հաս­տա՛տ դժբախ­տութ­յան նշան է:

ՆԱՐԵ — Միայն նա­վի՞… (Ձեռ­քե­րով սեղ­մում է քուն­քե­րը` հար­բա­ծութ­յու­նը հաղթա­հա­րե­լու ճի­գով): Ու­րիշ բան էի ու­զում ա­սել… Հար­ցիս կպատասխանե՞ք:

ԱՐԱՄ — Սնա­հա­վատ նշան­նե­րին վե­րա­բեր­վո՞ղ:

ՆԱՐԵ — Չէ… ա­վե­լի լուրջ…. ա­վե­լի ան­հե­թեթ հարց է:

ԱՐԱՄ — Հու­մո­րի ու ծաղ­րի տար­բե­րութ­յո՞ւնը:

ՆԱՐԵ — Լռեք, հա՞… Կար­ծում եք, հե՞շտ­ է հարց­նե­լը… բայց ես կհարցնեմ… իսկ դուք կպատասխանեք, եթե կարողանամ հարցնել… (Պիտի զգացվի` ինչ դժվարությամբ է հարցը տալու): Կա­րե­լի՞ է սի­րա­հար­վել… ինձ:

ԱՐԱՄ — (համր տե­սա­րան):

ՆԱՐԵ — (շփո­թմու­նքից ա­վե­լի հա­մար­ձակ): Հարցս այդ­քան­ ան­հե­թե՞թ էր: Թե՞ ձեր գիտելիքնե­րը սահ­մա­նա­փակ­ված են միայն սնա­հա­վատ նշան­նե­րով:

ԱՐԱՄ — Դե… ին­չո՞ւ միայն դրան­ցով: Ես գլուխ եմ հա­նում ավ­տո­մե­քե­նա­նե­րից, հատ­կա­պես շար­ժիչ­նե­րից: Հե­տո՝ մի­ջատ­նե­րի կյան­քից հե­տաքր­քիր մանրամաս­ներ կա­րող եմ պատ­մել: Ան­գամ կա­րող եմ բնա­կա­րան վերանորոգել…  Գու­ցե դրան­ցից որևէ մե­կի՞ն­ անդ­րա­դառ­նանք:

ՆԱՐԵ — (վճռա­կան): Ոչ: Հար­ցիս պա­տաս­խա­նեք: Դժվա՞ր է…

ԱՐԱՄ — Ո՞վ­ ա­սաց՝ դժվար է:

ՆԱՐԵ — Ու­րեմն՝ պա­տաս­խա­նեք:

ԱՐԱՄ – Գուցե պետք չէ՞…

ՆԱՐԵ — Պետք է, այն էլ` շատ:

ԱՐԱՄ — Դե… դուք ստիպեցիք… Հարցն ինչ­պե՞ս հն­չեց՝ կա­րե­լի՞ է ձեզ սիրահարվել:

ՆԱՐԵ — Ա­յո:

ԱՐԱՄ – Այո՜…  Դե ի՞նչ… (Ս­ևե­ռուն նա­յում է կնո­ջը):

ՆԱՐԵ — Ի՞նչ­ եք այդ­պես նա­յում:

ԱՐԱՄ — (սկսում է դաժան խաղ): Այդ­պե՜ս… Հա­պա կանգ­նեք: Չլսե­ցի՞ք: Ա­սում եմ՝ կանգ­նեք: Ա­թո­ռը ետ քաշեք: Քիչ էս կողմ ե­կեք… Ին­չո՞ւ եք կռա­ցել, ուղղ­վեք… ու­սե­րը ուղ­ղեք, ասում եմ, ըըըը… (Ձեռ­քի խո­սուն շար­ժում` կրծքի ուղ­ղութ­յամբ):  Ա­սա­ցի՝ ուղիղ կանգնեք… չի՞ ստաց­վում: Սպասելի էր: Թեք­վեք աջ, ա­սա­ցի՝ աջ… դե լավ, ձախն էլ նույնն է: Ժպտա­ցեք: Չէ, չէ, ա­վե­լի լավ է, մնա­ցեք էդ դեմ­քով… Սանր­ված­քը… քա­նի՞ հերա­կալ եք օգ­տա­գոր­ծել նման է­ֆեկ­տի հաս­նե­լու հա­մար:

ՆԱՐԵ — Մեկ:

ԱՐԱՄ – Այ թե ինչ է նշա­նա­կում նվա­զա­գույն մի­ջոց­նե­րով հասնել առավելագույն արդյունքի: Անձրևա­նոցն էլ ճիշտ ժա­մա­նա­կին է… թեև դրսում 35 աս­տի­ճան շոգ է, բայց ձեր անձրևը կգա մի եր­կու ա­միս հե­տո… Ի՞նչ ­փո­թեր են անձրևա­նո­ցի տակ:

ՆԱՐԵ — (հա­զիվ լսե­լի): Գոգ­նոց է:

ԱՐԱՄ — Ո՛նց գլ­խի չըն­կա: Լավ, վեր­ջին ան­գամ փոր­ձեք ժպտալ… ըըըը… մի քիչ սեթևեթանք: Գո­նե մի քա­նի վայրկյան: (Չոր): Ոչ:

ՆԱՐԵ — Ի՞նչ՝ ոչ:

ԱՐԱՄ – Չէ՛: Այ­սինքն՝ ձեզ սի­րա­հար­վել անհ­նար է:

ՆԱՐԵ — Ին­չո՞ւ:

ԱՐԱՄ — Էդ­քան հա­րուստ երևա­կա­յութ­յուն ունեցող տղա­մարդ մեր քա­ղա­քում հաս­տատ չկա:

ՆԱՐԵ — Այդ­քան լա՞վ­ եք ճա­նա­չում քա­ղա­քը:

ԱՐԱՄ — Տղա­մարդ­կանց եմ լավ ճանաչում:

ՆԱՐԵ — Չա­րա­խո­սում եք:

ԱՐԱՄ — Հարց­րիք` պա­տաս­խա­նե­ցի: Ոչ ու կրկին՝ չէ՛: (Միան­գա­մից դաժանանա­լով): Տո՛ւն գնա­ցեք:

ՆԱՐԵ — Կո­պիտ եք ու չար: Նաև՝ ան­ճա­շակ: Կամ…

ԱՐԱՄ — Բայց և այն­պես ոչ մի տղա­մարդ ձեզ չի նա­յի: Ձեզ կող­քից տե­սած կա՞ք: Չգի­տեմ… գու­ցե ար­տա­ռոց բան է պա­տա­հել, որը ձեզ հա­նել է հու­նից… Ինչը չի նշա­նա­կում, որ պի­տի օ­ղի կուլ տաք սրճա­րա­նում ու անծա­նոթ տղամարդու առաջ է­ժա­նա­գին տեսարան խա­ղաք: Ու հետո… ձեր ինչի՞ն­ է պետք սե­րը:

ՆԱՐԵ — Այ­սինքն… ինձ անհ­նա՞ր­ է սի­րա­հար­վել:

ԱՐԱՄ — (ցա­վակ­ցա­կան տա­րա­ծում է ձեռ­քե­րը):

ՆԱՐԵ — Ինչ­պես ա­սա­ցի՞ք՝ իմ ին­չի՞ն­ է պետք սե­րը:

ԱՐԱՄ – Մոտավորապես:

ՆԱՐԵ — Անձրևա­նոցս էլ նոր չէ, հինգ տա­րի ա­ռաջ եմ գնել… Ին­չո՞ւ եմ սա ասում:

ԱՐԱՄ — Գու­ցե պի­տի ա­վե­լի նրբան­կատ լի­նեի… սրճա­րա­նա­տի­րոջ պես: Ի դեպ, ա­պուրն ուտե­լու միտք չու­նե՞ք: Հի­մա շատ տե­ղին կլի­ներ:

ՆԱՐԵ — Ես իմ ա­պուրն ար­դեն կե­րա, շնոր­հա­կալ եմ… Մո­ռա­ցել եմ, վեր­ջին ան­գամ երբ եմ եղել սրճա­րա­նում:

ԱՐԱՄ — Կլի­նի մի հա­զար տա­րի, ին­չը նշա­նա­կում է՝ ա­մուս­նութ­յու­նից ա­ռաջ: Ո՞ւր­ է ամուսնա­կան մա­տա­նին:

ՆԱՐԵ — Գու­ցե չու­նե՞մ:

ԱՐԱՄ — Ու­նեք: Ա­մուս­նութ­յան ա­ռա­ջին օ­րից մա­տից չեք հանել: Այսօրը չհաշված:

ՆԱՐԵ — Որ­տե­ղի՞ց­ այդ հա­մոզ­վա­ծութ­յու­նը:

ԱՐԱՄ — Գոգ­նո­ցից: Հար­ցիս չպա­տաս­խա­նե­ցիք: Մա­տա­նի՞ն…

ՆԱՐԵ — Կորց­րել եմ… մի քա­նի ժամ ա­ռաջ:

ԱՐԱՄ — Ու ժա­մա­նա­կա­վոր ըմբոստութ­յու­նը ո­րո­շե­ցիք նշել օ­ղիով, նու­շով, սուր­ճով… տոթ է, ին­չո՞ւ եք կոճկ­վել: Ես էլ, սրճա­րա­նա­տերն էլ ար­դեն գի­տենք գոգ­նո­ցի մասին:

ՆԱՐԵ — Իսկ ե­թե նոր հա­ճա­խորդ գա՞:

ԱՐԱՄ — Էդ մա­սին չէի մտա­ծել, իս­կա­պես, հան­կարծ ու նրա նյար­դե­րը թույլ լի­նեն…

ՆԱՐԵ — (մի պահ ճոճ­վում է, դժվա­րութ­յամբ, հար­բա­ծի ինքնասիրութ­յամբ վերա­կանգ­նում է հա­վա­սա­րակշ­ռութ­յու­նը): Թույլ եմ տա­լիս, կա­րող եք ինձ ծաղ­րել: Ա­սա­ցիք՝ իմ ինչի՞ն է պետք սե­րը…

ԱՐԱՄ — (համ­բե­րութ­յու­նը սպառ­ված): Հան­գիստ, խա­ղաղ կյանքդ հանկարծ խախտվել է: Խո­հա­նո­ցիդ պա­տե­րին ստվեր­ է հայտն­վել: Դու, հա­մոզ­ված տանդ ամ­րութ­յան վրա, հան­կարծ ճեղ­քեր ես նկա­տել ա­ռաս­տա­ղին: Ինչ­պե՞ս, ին­չո՞ւ… հար­ցե­րը պատաս­խան են պա­հան­ջում… գուցե պետք է ինչ-որ բան ա­նել, բայց ի՞նչ… Ու դու փախ­չում ես քո խո­հա­նո­ցից, մտնում ա­ռա­ջին հան­դի­պած սրճա­րա­նը, հար­բում ու կարեկ­ցանք ես փնտրում ա­ռա­ջին պատահա­ծի մոտ: Ի՞նչ­ էիր սպա­սում՝ հետդ լա՞ց լինեի: Բո­լորդ էլ նույնն եք՝ փախ­չում եք: Կարճ ժամ­կե­տով կամ ընդ­միշտ՝ բայց ձե­րը փախ­չելն է, փախուստի ճա­նա­պար­հին էլ կա­րեկ­ցանք մու­րա­լը: Ի­հար­կե, ո­մանք կարեկ­ցում են, ան­գամ՝ մխի­թա­րում… (Տես­նե­լով՝ ինչպես այ­լայլ­վեց Նարեն): Պետք է ներողութ­յո՞ւն խնդ­րեմ:

ՆԱՐԵ — Չէ, ա­մեն ինչ ճիշտ է: Նույ­նիսկ հար­բա­ծութ­յունս ան­ցավ: (Գնում է դեպի դուռը, հիշում է): Մա­տու­ցո՛ղ:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — (գա­լիս, մեկ­նում է հա­շի­վը):

ՆԱՐԵ — (գրպա­նից հա­նում է թղթադրամը, նա­յում է հաշ­վին): Ա­սում էի, չէ՞, նուշն ավելորդ է…

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Կվճա­րեք վա­ղը, կամ երբ հար­մար է:

ՆԱՐԵ — (փոր­ձում է չնա­յել Արամի կող­մը): Ձեր սրճարա­նի ա­պա­գան շա՛տ մշուշոտ է… Հետո կվճա­րեմ, նե­րող ե­ղեք:

ԱՐԱՄ — Ձեզ ու­ղեկ­ցե՞մ:

ՆԱՐԵ — (կա­րո­ղա­նում է ի­րեն ստի­պել ու­ղիղ նա­յել Արամին): Շնորհակալութ­յուն, ես ինքս:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Ինչ­պե՞ս­ եք տուն հաս­նե­լու:

ՆԱՐԵ — Տունը մո­տեր­քում է… ինչ-որ տեղ: (Դուրս է գնում):

                 Արամն ու սրճա­րա­նա­տե­րը նա­յում են փակ­վող դռա­նը:

 

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

Արփենի  բնակարանը: Կա­հա­վոր­ված է շքեղ ու ճա­շա­կով, բայց պատ­րաստ­՝ վերանորոգ­ման: Բազմոցին նստել է Արփենը, փոք­րիկ հա­յե­լու մեջ դեմ­քի վեր­ջին ստու­գումն է անց­կաց­նում: Գալիս է Նարեն` ըն­կե­րու­հու խա­վա­վոր, ըն­դար­ձակ խա­լա­թով` գո­տիով ամուր կապ­ված, սրբիչը գլխին փաթաթած: Դեռևս­ անն­կատ` նստում է բազ­մո­ցին, բարձիկ­նե­րից մեկը դնում է գլխի տակ ու փա­կում աչ­քե­րը:

ԱՐՓԵՆ — (նրան նկատելով): Բաղնիքդ անուշ:

ՆԱՐԵ — Լո­գա­րա­նդ իսկական քնելու տեղ է:

ԱՐՓԵՆ — Գի­շե­րով հայտն­վե­ցիր, պատ­մեցիր չկեր­ած ա­պու­րի, չվճարված նու­շի, շա­տա­խոս մի ապուշի մա­սին, հե­տո կո­շիկ­նե­րով կծկվե­ցիր բազ­մո­ցին ու քնեցիր ան­մեղ հրեշտակի պես:

ՆԱՐԵ — (շուրջը նայելով): Կո­շիկ­ներս ո՞ւր են…

ԱՐՓԵՆ — Խորն էիր քնել, չզգա­ցիր, ոնց հա­նե­ցի… Ինչ էի ա­սո՞ւմ… Հա, քնե­ցիր մինչև ժա­մը ինը: Արթ­նացար ու փակ­վե­ցիր լոգղարանում: Այնտեղ է՞լ ք­նե­ցիր:

ՆԱՐԵ — Հա­մար­յա չէ: Մտա­ծում էի քնե­լու մա­սին:

ԱՐՓԵՆ — Միա՞յն…

ՆԱՐԵ — Բա­ցատ­րութ­յուն տա­լու ժա­մա­նա՞կն­ է:

ԱՐՓԵՆ — Ի սեր Աստ­ծո… կա­րող ես շա­րու­նա­կել քնել:

ՆԱՐԵ — Հաս­տատ կքնեմ, բայց, վա­խե­նամ, համ­բե­րութ­յունդ չդի­մա­նա մինչև հա­ջորդ արթնա­նալս:

ԱՐՓԵՆ — (ան­տար­բեր տո­նով): Երբ կես­գի­շերն ան­ցավ ու հաս­կա­ցա, որ քեզ արթնացնելն անհ­նար է…

ՆԱՐԵ — Փոր­ձե՞լ­ ես:

ԱՐՓԵՆ — Մնա­ցել էր վեր­ջին մի­ջո­ցը՝ սա­ռը լո­գան­քը, բայց… ձեռքս չգնաց:

ՆԱՐԵ — Ի՜նչ ­բա­րի ես:

ԱՐՓԵՆ — Տա­նե՛լ չեմ կա­րող թրջված բազ­մո­ց:

ՆԱՐԵ – Փաստորեն՝ անջատվել էի:

ԱՐՓԵՆ — Ի՞նչ­ էիր խմել:

ՆԱՐԵ — Կար­ծում ես՝ հի­շո՞ւմ­ եմ: (Կենտ­րո­նա­նա­լով): Ոնց որ օ­ղի… օ­ղի էր:

ԱՐՓԵՆ — Վա­ղո՞ւց­ ես ան­ցել օ­ղուն:

ՆԱՐԵ — Ե­րեկ­վա­նից:

ԱՐՓԵՆ — Զգաց­վեց: Ի՞նչ­ էի ա­սում, չես թող­նում՝ խո­սեմ:

ՆԱՐԵ — Երբ հաս­կա­ցար, որ արթ­նաց­նելն անհ­նար է…

ԱՐՓԵՆ — Զան­գե­ցի ա­մուս­նուդ:

ՆԱՐԵ — (դեն նե­տե­լով ան­տար­բե­րութ­յան դի­մա­կը): Ին­չո՞ւ:

ԱՐՓԵՆ — Իսկ ի՞նչ կհ­րա­մա­յեիր անել: Հայտն­վում ես գի­շե­րով, սատանան գիտե՝ որ­տե­ղից, հար­բած… մեղմ ա­սած՝ հար­բած, ան­հե­թեթ մի պատ­մութ­յուն ես քրթմնջում ու մե­ռե­լի պես կծկվում ես բազ­մո­ցին:

ՆԱՐԵ — Իսկ ես կար­ծում էի, թե մե­ռել­նե­րը եր­կա­րում են բո­յով մեկ: (Ցույց է տալիս):

ԱՐՓԵՆ — Կա­տա­կո՜ւմ­ ես… Իսկ ես, պատ­կե­րաց­րու, կա­տա­կե­լու տրամադրություն չու­նե­ցա: Հու­մո­րի զգա­ցումս չհե­րի­քեց, ես էլ զան­գե­ցի Գոռին: Նա…

ՆԱՐԵ — (կտրուկ): Չի՛ հե­տաքրք­րում:

Լռութ­յուն:

ԱՐՓԵՆ — Սուրճ կխմե՞ս:

ՆԱՐԵ — Դեռ ոչ:

ԱՐՓԵՆ — Ին­չո՞ւ:

ՆԱՐԵ — Գլխիս մեջ ա­մե­նա­քի­չը հար­յուր զան­գ ա­նընդ­հատ ծլնգում են:

ԱՐՓԵՆ — Մե՞ծ, թե՞ փոքր:

ՆԱՐԵ — Եր­կու­սից էլ կա: Գլուխս պայ­թում է: (Նա­յում է շուրջը, նկա­տում իրարան­ցու­մը): Ի՞նչ­ է պա­տա­հել, ո՞ւր­ է քո օ­րի­նա­կե­լի կար­գու­կա­նո­նը: Թե՞ զան­գե­րը աչ­քե­րիս էլ են ազ­դել:

ԱՐՓԵՆ — Վե-րա-նո-րո-գո՛ւմ:

ՆԱՐԵ — (գլու­խը բռնած): Եր­կու տա­րի ա­ռաջ չվե­րա­նո­րո­գե­ցի՞ր:

ԱՐՓԵՆ — Մի տա­րի, վեց ա­միս: Մո­տա­վո­րա­պես: Բա­վա­կան ժա­մա­նակ, որ աչքերս հոգ­նեն միօ­րի­նա­կութ­յու­նից: Այս ան­գամ վե­րա­նո­րո­գու­մը կար­վի ամենա­բարձր մա­կար­դա­կով: Մի դի­զայ­ներ կա, ա­սում են` հրաշք է…

ՆԱՐԵ — Ո՞վ­ է ա­սում:

ԱՐՓԵՆ — Բո­լո­րը: Նա հի­մա ա­մե­նա­մո­դա­յիկն է… Պատ­կե­րաց­նո՞ւմ­ ես, ժամանա­կա­կից բոլոր ո­ճե­րի հա­մադ­րում, իսկ արդ­յուն­քում ստաց­վում է դասական ինչ-որ մի… (Տեսնելով, որ Նարեի ու­սե­րը կաս­կա­ծե­լի ցնցվում են): Ծի­ծա­ղի՜ր, ծի­ծա­ղի՛ր, վերանորո­գու­մից հետո ե՛ս կծի­ծա­ղեմ:

ՆԱՐԵ — Ինչ լավ ա­նուղ­ղե­լի ես:

ԱՐՓԵՆ — Ա­սածդ քննա­դա­տութ­յո՞ւն­ է…

ՆԱՐԵ — Հա­ճո­յա­խո­սութ­յուն: (Կարճ դա­դա­րից հե­տո): Դե լավ, պատ­միր:

ԱՐՓԵՆ – Գոռն ասաց, որ հա­գել ես անձրևա­նոցդ ու տ­նից գնացել ես: (Այլ տոնով): Լսիր,  հագիդ անձրևա­նոց չկար:

ՆԱՐԵ — (լար­վե­լով): Հա­մոզ­վա՞ծ­ ես:

ԱՐՓԵՆ — Իսկ դու հա­մոզ­վա՞ծ­ ես, որ տ­նից անձրևա­նո­ցով ես դուրս ե­կել:

ՆԱՐԵ — Ե­թե Գոռն է ա­սել…

ԱՐՓԵՆ — Անձրևա­նոց չկար, բայց գոգ­նոց կար:

ՆԱՐԵ — Գու­ցե սրճա­րա­նո՞ւմ մ­նաց:

ԱՐՓԵՆ — Սրճա­րա­նո՞ւմ:

ՆԱՐԵ — Ի՞նչ­ ես կար­ծում, որ­տե՞ղ­ եմ խմել:

ԱՐՓԵՆ — Ու­րեմն՝ սրճա­րա­նո՛ւմ:

ՆԱՐԵ – Ըհը՛… այն­տեղ նույ­նիսկ կա­խիչ կար, բայց չօգտ­վե­ցի: Մատուցո­ղը… թե սրճարանատե­րը… մի խոս­քով, նրան­ցից մե­կը ինձ հետ համաձայն­վեց, որ անձրևանոցով ա­վե­լի լավ տեսք ու­նեմ:

ԱՐՓԵՆ — Պատ­կե­րաց­նում եմ:

ՆԱՐԵ — (աչ­քի տա­կով նա­յե­լով): Իսկ փո­ղո­ցում շոգ էր:

ԱՐՓԵՆ — Անձրևա­նո­ցիդ ճա­կա­տա­գիրն սկսում է պարզ­վել: Այ, ե­թե հի­շես, թե հատ­կա­պես ո՛ր ­փո­ղո­ցում զգա­ցիր շո­գը:

ՆԱՐԵ — Հույս չու­նե­նա՛ս: Ու պայ­մա­նա­վոր­վենք անձրևա­նո­ցի մա­սին հի­շել միայն բա­րի խոս­քով:

ԱՐՓԵՆ — Կամ ընդ­հան­րա­պես չհի­շել:

ՆԱՐԵ — Ա­ռա­ջարկն ըն­դուն­վեց: Շա­րու­նա­կենք մեր զրույ­ցը:

ԱՐՓԵՆ – Գոռը չգի­տե քո անս­պա­սե­լի ապս­տամ­բութ­յան պատ­ճա­ռը: Նրա ա­սե­լով` անսովոր ո­չինչ չի ե­ղել: Սո­վո­րա­կա­նի պես տուն է եկել, միաց­րել է հեռուս­տա­ցույ­ցը, աչքի է անցկացրել թերթերը, մինչև կճա­շեք…

ՆԱՐԵ — Ան­սո­վոր ո­չինչ չի՞ ե­ղել… Ե­ղե՛լ է: Սո­վո­րա­կա­նի պես տուն ե­կավ, միաց­րեց հեռուստա­ցույ­ցը, աչքի անցկացրեց թերթերը, մինչև կճաշենք…

ԱՐՓԵՆ — Սո­վո­րա­կա­նի պե՞ս:

ՆԱՐԵ — Սո­վո­րա­կա­նի պե՛ս:

ԱՐՓԵՆ — Ու դու ան­ջա­տում ես գա­զօ­ջա­խը, հու­շիկ քայ­լե­րով դուրս ես գա­լիս խո­հա­նո­ցից…

ՆԱՐԵ – (նոր հիշելով): Հեռախոսս մնաց խոհանոցի սեղանին…

ԱՐՓԵՆ – Փոխարենը գոգ­նո­ցի վրա­յից հագար անձրևա­նո­ցը… Նե­րիր, որոշել էինք չհի­շել նրան: Ու­րեմն, շրխկաց­րիր դուռն ու…

ՆԱՐԵ — Ես դու­ռը շատ կա­մաց փա­կե­ցի: Շատ զգույշ:

ԱՐՓԵՆ — Այ, դա չեմ հաս­կա­նում: Ես այն­պես կփա­կեի դուռը, որ շրխկո­ցը ամբողջ շեն­քը լսեր: Ու այն­պի­սի ա­րա­գութ­յամբ կնետվեի դուրս, որ ոմանք կա­րո­ղա­նային հաս­նել ինձ գո­նե երկ­րորդ հար­կում: Այդպիսով, ոմանց ծնկա­չոք ներողություն խնդրե­լու հնարավորութ­յուն կտայի: Նե­րիր, բայց տե­սա­րան սարքելը իմ թուլութ­յունն է:

ՆԱՐԵ — (կա­մաց): Ի­մը տե­սա­րան չէր: Ես փա­խել եմ:

ԱՐՓԵՆ — Ես, ի­հար­կե, ո­չինչ չգի­տեմ և, ընդ­հան­րա­պես, շատ բան չեմ հասկանում, բայց այսպես, միան­գա­մից, ա­ռանց բա­ցատ­րութ­յան… Իսկ տղա՞դ:

ՆԱՐԵ — Պետք չէ: Պետք չէ այդ մա­սին… Ինձ ժա­մա­նակ է պետք: Չգի­տեմ` ինչքան, չգի­տեմ` ին­չու, բայց այդ ժա­մա­նա­կը ինձ շատ է պետք: Իսկ սրճարանը… տհաճ նստվածք է մնա­ցել… Կա­րո՞ղ­ եմ մնալ այս­տեղ:

ԱՐՓԵՆ — Իսկ ո՞ւր ­պի­տի գնա­յիր: (Ան­հոգ տո­նի անց­նե­լով): Բախտս բերեց, որ այս­տեղ ես: Ինձ կօգ­նես: Հա, քիչ առաջ զան­գեց ա­մու­սինդ, ա­սաց, որ չանհանգստա­նաս. տղադ ճամբա­րում է, և, բնա­կա­նա­բար, ո­չինչ չի ի­մա­նա:

ՆԱՐԵ — (զար­մա­ցած): Գի­տե՞ս, այդ մա­սին չեմ էլ մտա­ծել:

ԱՐՓԵՆ — Ե՞րբ­ էիր մտա­ծե­լու, վեր­ջին 13 ժա­մը քնած ես ե­ղել: Ան­գամ 14, ե­թե լոգա­րանն էլ հաշ­վենք:

ՆԱՐԵ — Դա ար­դա­րա­ցում չէ:

ԱՐՓԵՆ — Խնդրում եմ, ինք­նա­կե­րութ­յամբ կզբաղ­վես իմ գնա­լուց հե­տո: Հի­մա գործ­նա­կան հարց լու­ծենք: Նախ ա­սա, դուրս գնա­լո՞ւ ես:

ՆԱՐԵ — Ո՞ւր:

ԱՐՓԵՆ — Ի՞նչ­ ի­մա­նամ… Գու­ցե զբաղ­վես անձրևա­նո­ցիդ որոնումներով… Նե­րիր, նո­րից հիշեցի… լսիր, նրան մո­ռա­նալն անհ­նար է:

ՆԱՐԵ — Հաս­կա­նում եմ, ին­չու ես կա­տա­կում:

ԱՐՓԵՆ — Լա՞ց ­լի­նեի:

ՆԱՐԵ — Դու՝ և լաց լի­նել… Գնա­լու տեղ չու­նեմ, այն­պես որ հրա­մայիր` ինչ ա­նեմ:

ԱՐՓԵՆ — Հաս­կա­նո՞ւմ­ ես, այդ մո­դա­յիկ դի­զայ­նե­րը այ­սօր պի­տի գա բնակարանը տես­նե­լու: Մե­կը պի­տի լի­նի՞, որ դու­ռը բա­ցի, սեն­յակ­նե­րը ցույց տա: Ի­հար­կե, ես էի դա ա­նե­լու, բայց հիմա դու նրան կընդունես, սուրճ կա­ռա­ջար­կես ու կփորձես լավ տպավորություն թող­նել, ո­րով­հետև նա պատ­վեր­նե­րի մեջ խրված է ու ե­րե­սա­ռած: Մի խոս­քով, դժվար երևույթ է: Իսկ նրան ճա­նա­պար­հե­լուց հե­տո կա­րող ես նորից փակ­վել լո­գա­րա­նում ու քնել… (Լրջանալով):  Ա­սում ես՝ ե­րեկ ա­մեն ինչ սովորականի պե՞ս­ էր:

ՆԱՐԵ – Հա՛:

ԱՐՓԵՆ — Ոչ մի… ա­նակն­կա՞լ:

ՆԱՐԵ — Ոչ մի:

ԱՐՓԵՆ — Լավ, ի՞նչ ­կա­տար­վեց այդ սո­վո­րա­կա­նի հետ:

ՆԱՐԵ — Ին­չո՞ւ ես բնա­կա­րանդ շուտ-շուտ վե­րա­նո­րո­գում:

ԱՐՓԵՆ — Նախ և ա­ռաջ այդ հնա­րա­վո­րութ­յու­նն ու­նեմ:

ՆԱՐԵ – Բայց դա պատ­ճառ չէ:

ԱՐՓԵՆ — Դա հետևանք է: (Թվում է` ինչոր կարևոր բան կա­սի, բայց հա­պա­ղու­մը կարճ է թվում. նա է­լի ինք­նավս­տահ, գործ­նա­կան կին է): Օ­րը լա՜վ­ է սկսվում… Ե­թե հույս ունես, որ գլխիդ զան­գերն ի­րենք իրենց կլռեն` սխալ­վում ես: Թունդ սուրճ ե­փիր ու մի բան խմիր՝ բա­րը տրա­մադ­րութ­յանդ տակ է: Գազօջախն ու սառ­նա­րանն էլ՝ քեզ օգնական:

ՆԱՐԵ — Ա­մե՛ն:

ԱՐՓԵՆ — Հուսամ, մինչև երևույթի հայտն­վե­լը կա­զա­տագր­վես խա­լա­թից ու սրբի­չից: Հագուս­տի պա­հա­րանն էլ է տրա­մադ­րութ­յանդ տակ: Քեզ տես­նեմ: (Դուրս է գնում):

Նարեն բարձ­րա­նում է տե­ղից, շրջում է սեն­յա­կում, մո­տե­նում է հեռախոսին, եր­կու թիվ է հավա­քում, հետո ընկալուչը զգույշ դնում է տե­ղը: Մտնում է խոհա­նոց: Դռան զան­գ: Գալիս է` սուրճի բա­ժա­կը ձեռքին: Բա­ժա­կը դնում է սե­ղա­նին, գլխից պո­կում է սրբի­չը` մա­զերն ահավոր գզգզված են, փոր­ձում է նո­րից կա­պել սրբիչը: Զան­գը հնչում է ա­ռանց դա­դա­րի: Նա մի կերպ սրբի­չը տե­ղա­վո­րում է գլխի վրա, բա­ցում է դու­ռը: Շե­մին կանգ­նած է Արամը: Իրար չեն ճանաչում:

ԱՐԱՄ — 18-րդ բ­նա­կա­րանն է:

ՆԱՐԵ — (հա­մե­նայն­դեպս նա­յում է դռան հա­մա­րին): 18-ն է:

ԱՐԱՄ — Կա­րո՞ղ­ եմ տես­նել:

ՆԱՐԵ — Մո­դա­յիկ դի­զայ­ներն եք: (Փոր­ձե­լով ուղ­ղե­լով գլխի փա­թա­թա­նը): Ձեզ սպա­սում էինք:

ԱՐԱՄ — Զգաց­վեց: (Տես­նե­լով, որ Նարեն գլխի չի ընկ­նում): Գու­ցե նե՞րս ­գամ:

ՆԱՐԵ — Օյ, ի­հար­կե, խնդրեմ…

Արամը ներս է գալիս: Նարեն փակում է դուռը: Կարճ դադար:

ՆԱՐԵ — (փոր­ձում է ուղ­ղել սրբիչը, ո­րը վերջնակա­նա­պես քանդ­վում է: Սե­ղա­նի վրա­յից վերց­նում է հե­րա­կալն ու ստեղ­ծում ար­դեն ծա­նոթ սանրված­քը: Այս պա­հին Արամը ճա­նա­չում է նրան: Նարեն, ի­հար­կե, ո­չինչ չի հի­շում): Նե­րե­ցեք, ա­նակն­կա­լի ե­կա… այս խա­լա­թով…

ԱՐԱՄ — Ո­չինչ, դուք ձեր տանն եք: Խա­լաթ, գոգ­նոց… տա­նը դրանք սո­վո­րա­կան բան են, չէ՞:

ՆԱՐԵ — Դուք շատ բա­րի եք:

ԱՐԱՄ — Քա­նի՞ սեն­յակ է:

ՆԱՐԵ — Եր­կու… չէ, ե­րեք:

ԱՐԱՄ — Գու­ցե չո՞րս:

ՆԱՐԵ — (կասկածով): Չո՞րս… չէ, կար­ծեմ՝ ե­րեք: Բայց, ա­վե­լի լավ է, դուք նա­յեք:

ԱՐԱՄ — Էդ­պես ա­վե­լի ճիշտ կլի­նի: Պա­տա­հում է` սեն­յակ­նե­րը ե­րեքն են, բայց մեկ էլ տեսար՝ չոր­սը դար­ձան:

ՆԱՐԵ — (զարմացած): Այդ­պես լինո՞ւմ­ է:

ԱՐԱՄ — Ա­վե­լի հա­ճախ, քան կար­ծում եք: Վեր­ջին ան­գամ ե՞րբ­ եք վե­րա­նո­րո­գել:

ՆԱՐԵ — Կար­ծում էի, երկու տա­րի առաջ, բայց պարզ­վեց՝ տա­րի ու կես է ան­ցել:

ԱՐԱՄ — (բազ­ման­շա­նակ): Ա­հա՛: Ժա­մա­նակն էլ է եր­բեմն խառնվում: Ընդամենը կես տարվա տար­բե­րութ­յուն: Ասենք, դա ու­ղիղ հա­մե­մա­տա­կան է անձրևա­նո­ցին:

ՆԱՐԵ — Անձրևա­նո՞ց… ի՞նչ կապ ու­նի…

ԱՐԱՄ — Ոչ մի: Կա­րո՞ղ­ եմ նա­յել սենյակները:

Արամը մտնում է դռնե­րից մե­կով: Նարեն զար­մա­ցած թոթ­վում է ու­սե­րը: Մի կում սուրճ է խմում, հի­շում ըն­կե­րու­հու հրա­հան­գը:

ՆԱՐԵ — (բարձր): Սուրճ կխմե՞ք:

Պա­տաս­խան չի ստա­նում: Կանգ­նած խմում է սուր­ճը: Գալիս է Արամը:

ԱՐԱՄ — Սեն­յակ­նե­րը քա­նի՞ քա­ռա­կու­սի են:

ՆԱՐԵ — (շփոթ­ված): Չգի­տեմ:

ԱՐԱՄ — Իսկ մետ­րա­չափ կտա՞ք: Թե՞ դրա տեղն էլ եք մո­ռա­ցել:

ՆԱՐԵ — Ե­թե խո­հա­նո­ցում է, ու­րեմն կգտնեմ: (Գնում է):

Խո­հա­նո­ցից լսվում է ջարդ­ված ա­մա­նե­ղե­նի ձայն, «Ո՛ւհ, գրո­ղի տա­րած»: Լռութ­յուն:

ԱՐԱՄ — Օգ­նութ­յուն պե՞տք­ է:

Դռան մեջ հայտն­վում է Նարեն:

ՆԱՐԵ — Ուշ է:

ԱՐԱՄ — Գո­նե գի­տե՞ք, թե մետ­րա­չա­փն ինչ տեսք ու­նի:

ՆԱՐԵ — Ան­հույս գործ է: Չգտա:

ԱՐԱՄ — Դե ինչ… չկա և, ինչ­քան հաս­կա­նում եմ, չի լի­նի:

ՆԱՐԵ — Փո­խա­րե­նը սուրճ կլի­նի: Քա՞ղցր, դա՞ռը:

ԱՐԱՄ — Ինչ­պես կստաց­վի: Վա­ղուց եմ հա­մոզվել, որ ինչ էլ ա­սեմ` եփողն իր ու­զա­ծը կանի:

Նարենը մտնում է խո­հա­նոց, քիչ անց գա­լիս է` մա­տու­ցա­րա­նի վրա շատ զգույշ սուր­ճի գավաթը բերելով, որը բա­րե­հա­ջող հասց­նում է սե­ղա­նին:

ԱՐԱՄ — Ի՞նչ ­գույ­ներ եք նա­խընտ­րում:

ՆԱՐԵ — Չգի­տեմ:

ԱՐԱՄ — Չգի­տեք այ­սօ՞ր, թե՞ ընդ­հան­րա­պես:

ՆԱՐԵ — Այ­սօր: Եվ, ընդ­հան­րա­պես, այ­սօր ­հար­ցեր չտաք: Բնա­կա­րա­նը տե­սաք, սուր­ճը խմեցիք, էլ ի՞նչ­ եք ու­զում:

ԱՐԱՄ — Բնա­կա­րա­նը տե­սա, սուրճը դեռ չեմ խմել: Ա­ղած նուշ չու­նե՞ք:

ՆԱՐԵ — Ի՞նչ­ ի­մա­նամ: Պետք է փնտրել:

ԱՐԱՄ — (նուրբ հեգ­նան­քով): Չէ, պետք չէ, խո­հա­նոց չգնաք:

ՆԱՐԵ — Այդ դեպ­քում կոն­յա՞կ…

ԱՐԱՄ — Իսկ տե­ղը գի­տե՞ք:

ՆԱՐԵ — (ծուռ նա­յե­լով): Ի­հար­կե: (Մո­տե­նում է պա­հա­րան­նե­րից մե­կին, բա­ցում ու միանգամից փա­կում է` այն չէ: Մյուսն է բա­ցում ու ժպտում` բարն է): Իրարանց­ման մեջ դժվար եմ կողմ­նո­րոշ­վում, բայց գտա:

ԱՐԱՄ — Ի­հար­կե, կգտնեք, թեև ա­վե­լի տրա­մա­բա­նա­կան կլի­ներ, ե­թե օ­ղու շշին հանդիպեիք:

ՆԱՐԵ — Զզվո՛ւմ­ եմ օ­ղուց:

ԱՐԱՄ — Իրո՞ք: Հա­ճե­լի է լսել: Թե չէ, գի­տեք, ո­մանք օ­ղին գա­վաթ գա­վա­թի ետևից են կուլ տա­լիս ու պա­հան­ջում են ա­պուր: (Տես­նե­լով Նարեի տա­րա­կու­սած դեմ­քը): Այ­սինքն՝ սուպ:

ՆԱՐԵ — Սո՞ւրճ:

ԱՐԱՄ — Թող էդ­պես լի­նի:

ՆԱՐԵ — (զար­մա­ցած): Ի՞նչ զար­մա­նա­լի բան է օ­ղու վրա­յից սուրճ խմե­լը:

ԱՐԱՄ — Ես էլ նույնն եմ ա­սում: Լավ, փո­խենք թե­ման: Ին­չո՞ւ եք վե­րա­նո­րո­գում, սա էն­քան էլ վատ չէ:

ՆԱՐԵ — Կար­ծում եք, ես շա՞տ­ եմ ուզում:

ԱՐԱՄ — Ու­րեմն, ձեր ա­մու­սինն է նա­խա­ձեռ­նո­ղը: (Գործ­նա­կան): Կա­րող եմ առաջար­կել հետևյալ տար­բե­րակ­նե­րը…

ՆԱՐԵ — (հոգնած): Հրամայ­վել էր ձեզ ըն­դու­նել, ցույց տալ բնա­կա­րա­նը, սուրճ ա­ռա­ջար­կել ու լավ տպա­վո­րութ­յուն թող­նել:

ԱՐԱՄ – Հատկապես վեր­ջի­նը հա­ջող­վեց:

ՆԱՐԵ — (չլսե­լու տա­լով): Ես ամեն ինչ արեցի, ո­րով­հետև, ինչ­պես նախազգուշաց­րել էին, երեսառած ու դժվար երևույթ եք: (Չտես­նե­լու տա­լով դի­մա­ցի­նի քմծի­ծա­ղը):  Ա­վե­լին չպա­հան­ջեք. ես գործ չու­նեմ գույ­նի, ո­ճի կամ տար­բե­րակ­նե­րի հետ: Ի դեպ, որ­պես անձ­նա­կան նա­խա­ձեռ­նութ­յուն, կոն­յակ առա­ջար­կե­ցի:

ԱՐԱՄ — Բայց բա­ժա­կը մո­ռա­ցաք:

ՆԱՐԵ — (շփոթ­ված): Հա… Նե­րեք, գլուխս պայ­թում է: Վա­ղը ե­կեք, հա՞:

ԱՐԱՄ — Ե­թե հա­տուկ հրամանով էս­չափ հյու­րըն­կալ եք, պատ­կե­րաց­նում եմ ձեզ սովորական պայ­ման­նե­րում: (Մո­տե­նում է դռա­նը, շրջվում է): Նման ի­րավի­ճա­կում փորձ­ված մի­ջոց կա…

ՆԱՐԵ — Այ­սի՞նքն:

ԱՐԱՄ — Սե­պը սե­պով են հա­նում: Մի բա­ժակ օ­ղի: Ըն­դա­մե­նը:

ՆԱՐԵ — Լսե՛ք, դո՛ւք…

Արամն, ա­ռանց լսե­լու մինչև վերջ, շրխկաց­նում է դու­ռը:

 

ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ

Նարեն պառկած է` պաղ թրջոցը ճա­կա­տին: Հե­ռա­խո­սազանգ: Ան­հան­գիստ շարժվում է, բայց տեղից չի ելնում: Հե­ռա­խո­սը լռում է: Դռան զանգ: Դժկամ ելնում, բա­ցում է դուռը: Արամն է` գործիքնե­րով ու թղթե­րով: Ա­ռանց Նարեին նա­յե­լու գնում է կող­քի սեն­յա­կը: Նարեն սուր­ճի բա­ժակ­նե­րը տա­նում է խո­հա­նոց, բե­րում է կոն­յա­կի բա­ժակ, տուփով կոն­ֆետ: Նստում է: Արամը սեն­յա­կից դուրս է գա­լիս, ուղղ­վում է խո­հա­նոց:

ԱՐԱՄ — Հու­սով եմ, բա­ժա­կը ջար­դե­լուց հե­տո բե­կոր­նե­րը հա­վա­քում եք:

Նարեն չի պա­տաս­խա­նում:

ԱՐԱՄ — Երբ կխա­ղաղ­վեք, սեն­յակ­նե­րի գույ­ներն ընտ­րեք: (Սե­ղա­նին է դնում ալբոմ):

ՆԱՐԵ — Ու դուք իմ ընտ­րած գույ­նե­րով կներ­կեք պա­տե­րը: Այդ դեպ­քում ին­չո՞ւ են ձեզ վճարում:

ԱՐԱՄ – Որպեսզի պարզեմ, թե զար­գաց­ման ո՛ր փու­լում է գտնվում գույ­նի` ձեր զգացողութ­յու­նը: Էս պա­տե­րի մեջ դուք եք ապ­րե­լու:

ՆԱՐԵ — Ո­չինչ, հենց տե­սա­դաշ­տում ձե­զ­նից ա­վե­լի մո­դա­յիկ մեկը հայտնվի՝ պա­տե­րը նոր գույ­նով կներկ­վեն:

ԱՐԱՄ — (ի­րեն զսպե­լով` նոր ալբոմ է տալիս): Էս­տեղ սա­լիկ­նե­րի նմուշներ են խոհանո­ցի ու լո­գա­սեն­յա­կի հա­մար: Մինչև վա­ղը կհասց­նեք նա­յել:

ՆԱՐԵ — Դրեք սե­ղա­նին, վա­ղը կխո­սեք տան­տի­րոջ հետ:

ԱՐԱՄ — (տես­նե­լով գա­վաթն ու կոն­ֆե­տը): Սրա՞նք­ որ­տե­ղից ­հայտն­վե­ցին:

ՆԱՐԵ — Խո­հա­նո­ցից:

ԱՐԱՄ — Փո­խա­րե­նը սուրճն է ան­հե­տա­ցել: Իսկ ա­ղած նու­շը չգտա՞ք:

ՆԱՐԵ — Ի՞նչ­ եք կպել նու­շին:

Հե­ռա­խո­սազանգ: Նարեն չի ար­ձա­գան­քում:

ԱՐԱՄ — Չե՞ք լ­սում:

ՆԱՐԵ — Ձեր գոր­ծը չէ՛:

ԱՐԱՄ — Շա­րու­նա­կում եք պայ­քա­րը ըն­տա­նե­կան ճա­կա­տո՞ւմ:

ՆԱՐԵ — Ինչ­պե՞ս կ­ռա­հե­ցիք:

ԱՐԱՄ – Դժվար չէ: Կաշ­վից դուրս կգաք, բայց ձեր ա­սա­ծը կլինի:

ՆԱՐԵ — Ձեզ չեմ հաս­կա­նում…

ԱՐԱՄ — Բնա­կա­րա­նի վե­րա­նո­րո­գու­մը կա­րո՞ղ է էն­պի­սի վե­ճի ա­ռիթ դառ­նալ, որ անձրևանո­ցի կա­րիք զգաց­վի:

ՆԱՐԵ — (լար­վե­լով): Ի՞-ի՜նչ:

ԱՐԱՄ — Հա­պա կանգ­նե՛ք: Ու­ղիղ… Ի՞նչ­ եք աչ­քերդ չռել, ծա­նոթ խոսքեր են, չէ՞… Ա­յո՜-ո՜, խա­լաթ, հո­ղա­թա­փեր… (Չա­րա­խինդ զննում է): Ոչ, է­լի ու է­լի՝ չէ՛: Ոչ առա­ջին, ոչ էլ երկրորդ հա­յաց­քից:

ՆԱՐԵ — Դո՜ւք…

ԱՐԱՄ — Ե՛ս: Ձեր գնա­լուց հե­տո նույ­նիսկ խիղճս խայթեց: Գու­ցե լուրջ բա՞ն­ էր պա­տա­հել, գու­ցե պետք է ու­ղեկ­ցեի՞: Չէ՞ որ դուք… մի թեթև խմած էիք ու անձրևա­նո­ցով:

ՆԱՐԵ — Անձրևա­նոցս կո­րավ:

ԱՐԱՄ — Ափ­սոս, լավն էր, բայց ձեր ա­մու­սի­նը նոր կգնի: Խե՜ղճը… կաշ­վից դուրս է գա­լիս, աշխա­տանք, վե­րա­նո­րո­գում, իսկ գի­շերը հար­բած կնոջ կող­քին է նստել… Ա­ռա­վոտ շուտ նո­րից վա­զել է աշ­խա­տան­քի, ո­րով­հետև վե­րա­նո­րո­գում է ու նաև բա­ժակ­ներ պետք է գնել: Շա՛տ: Արդեն հաս­կա­ցա, որ ամեն անգամ ձեր խո­հա­նոց մտնելը ավարտվում է բա­ժակ­նե­րի կո­տո­րա­ծով: Իսկ ես մտածում էի՝ ի՛նչ է պա­տա­հել… զզվելի՛ է: (Զայ­րա­ցած` շփո­թում է դռնե­րը, չի կա­րող դուրս գալ): Որ­տե՞ղ­ է գրո­ղի տարած դուռը:

Նարեն բա­ցում է դու­ռը, բայց երբ Արամը մո­տե­նում է, ծած­կում է, հեն­վում է դռանը՝ «Մինչև չցան­կա­նամ, ելք չկա»: Համր տե­սա­րան:

ԱՐԱՄ — Ինչ­քա՞ն­ եմ զմայլ­վե­լու ձեր խա­լա­թի ծա­ղիկ­նե­րով: Անձրևա­նոցն ա­վե­լի տա­նե­լի էր: Սա… Ինչ­պե՞ս­ ա­սեմ…

ՆԱՐԵ — Ա­սել պետք չէ, շա­րու­նա­կեք զմայլ­վել:

ԱՐԱՄ — Ան­կա­րե­լի է: Ես շատ բա­րի մարդ եմ, բայց…

ՆԱՐԵ — Դո՞ւք:

ԱՐԱՄ — Նաև համ­բե­րա­տար: Բայց համ­բե­րութ­յունս սպառ­վում է: (Գոռում է): Բա՛ց դու­ռը:

ՆԱՐԵ — Կա­մաց, ա­ռանց այդ էլ գլուխս պայ­թում է:

ԱՐԱՄ — Քիչ խմեիք:

ՆԱՐԵ — (գալիս, նստում է սեղանիմոտ): Ու­րեմն, դուք եք…

ԱՐԱՄ — Վերջապես հիշեցիք:

ՆԱՐԵ — Արթ­նա­ցա ու ո­չինչ չէի հի­շում:

Արամը ցու­ցադ­րա­կան ա­թո­ռը դնում է Նարեի դի­մացն ու նստում:

ՆԱՐԵ — Հե­տո… հի­շե­ցի սրճա­րա­նը, ա­պու­րը, ան­գամ պարտ­քիս չա­փը: Հե­տո հի­շե­ցի մեր խոսակ­ցութ­յու­նը՝ բառ առ բառ… Լսեք, խմե­լուց հե­տո այդպե՞ս­ է լի­նում:

ԱՐԱՄ — Դրա­նից վատ­ն էլ է լի­նում:

ՆԱՐԵ — Դժվար թե… Ես ա­մեն ինչ հի­շե­ցի… բա­ցի եր­կու բա­նից: Նախ, որ­տե՞ղ­ եմ կորց­րել անձրևա­նոցս:

ԱՐԱՄ – Դրա համա՞ր­ եք հի­մա խա­լա­թով:

ՆԱՐԵ — (չլսե­լու տա­լով): Չեմ հի­շում ու երևի չհի­շեմ: Հետո՝ ձեր դեմ­քը… Ես հիշե­ցի ձեր ձայնը, քմծի­ծա­ղը, տա­փակ խայ­թոց­նե­րը, իսկ, ա՛յ, դեմ­քը… չէի հիշում: Վե­ճը կմո­ռաց­վի, օ­ղին կցնդի ու, վեր­ջա­պես, անձրևա­նո­ցի հե՛րն էլ անիծած: Իսկ ձեր դեմքը չէի հի­շում… ու կատաղում էի, որ երբևէ չեմ կա­րո­ղա­նա­լու ա­սել, ինչ կուզենայի ասել…

ԱՐԱՄ — Ա­սածս սխա՞լ էր: Գոգ­նոցը խո­հա­նո­ցում է, դուք՝ տա­նը, երեկ­ը` ծի­ծա­ղե­լի ֆարս: Էլ ի՞նչ­ պիտի ա­սեիք… Տե­սածս էլ բա­վա­կան է` շփա­ցած, իրասա­ծի կինը տեսարան­ է սար­քում` ու­զա­ծին հաս­նե­լու հա­մար: Սա չէ՞ եղածը:

ՆԱՐԵ – Գիտե՞ք, ովքեր են ա­մե­նավտանգավոր մար­դիկ: Ով­քեր կաս­կա­ծել չգի­տեն: Ես մեծ հա­ճույ­քով կոն­յա­կի շի­շը կջար­դեի ձեր ինքնագոհ ու ինքնավստահ գլխին, բայց… հի­շեց­նեմ՝ ինձ հրա­մայ­ված է դի­մա­վո­րել ու ժպի­տով ճանա­պար­հել: Բարձր­յալն է վկա, որ այդ­պես էլ վարվեցի:

ԱՐԱՄ — Կար­ծում եք, չ­հաս­կացա՞, թե հի­մա էլ էս տե­սա­րա­նը ինչու սարքե­ցիք:

ՆԱՐԵ – Համակ ուշադրություն եմ:

ԱՐԱՄ — Որպես­զի ձեր ըն­դու­նե­լութ­յու­նից սար­սա­փած` չ­գամ, ու վերանորոգու­մը ձա­խող­վի: Ի դեպ, մինչև էսօր հա­կա­ռակն է ե­ղել, կանայք են վերանորոգման նախաձեռնողը եղել, ա­մու­սին­նե­րը` հիմ­նա­կա­նում ան­տար­բեր: Հույս չունենաք՝ չեմ փախ­չի ու կձա­խո­ղեմ ձեր խար­դախ պլա­նը:

ՆԱՐԵ — Դե ինչ, իմ ձախողումից շա­հեց տան­տե­րը:

ԱՐԱՄ – Ուրեմն՝ մինչև վա­ղը:

ՆԱՐԵ — (դռնից մի կողմ քաշ­վե­լով): Ու շնոր­հա­կա­լութ­յուն: Սա ե­րեկ­վա շնորհա­կա­լութ­յան շա­րու­նա­կութ­յունն է:

Արամը գնում է: Նարեն բա­ժակ­նե­րը տա­նում է խո­հա­նոց, կոն­յա­կը դնում է բա­րը: Մո­տե­նում է հե­ռա­խո­սին: Հեռա­խո­սազանգ:

ՆԱՐԵ — Ե­կավ: Ի­հար­կե, տե­սավ: (Ըն­թաց­քում ձայ­նը խո­նա­վա­նում է): Ի­հար­կե, ըն­դու­նե­ցի: Ի՞նչ… ո­չինչ էլ չի պա­տա­հել: Նույ­նիսկ կոն­յա­կի շի­շը գտա: Չէ, քեզ թվում է… չեմ լա­լիս… (Բարձ­րա­ձայն հեծկլ­տա­լով): Ոչինչ չի պա­տա­հել: Ես… ես… Ես կորց­րել եմ անձրևանոցս… (Կսկի­ծով):  Ես… կորց­րել եմ… անձրևա­նոցս… Ես կորց­րել եմ… կորց­րել եմ…

 

ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ

Ներս է մտնում Արփենը` վա­խե­ցած է: Նա­յում է սեն­յակ­նե­րը, բա­ցի իր ննջարանից` ոչ ոք չկա, փլվում է բազ­մո­ցին: Անլ­սե­լի բաց­վում է ննջա­րա­նի դու­ռը, երևում է Նարե­ն: Փոխել է սանրվածքը, հա­գին ըն­կե­րու­հու զգեստն է, որն  ի­հար­կե, ա­մուր կապ­ված է գոտիով: Շպա­վել է: Չնկա­տե­լով Արփենին` գնում է խո­հա­նոց, վե­րա­դառ­նում է սուրճի բա­ժա­կով: Արփենը հետևում է նրան: Նարեն ոտքով ետ է քա­շում ա­թո­ռը, այն է՝ պի­տի նստի, նկա­տում է Արփենին: Մի կերպ բա­ժա­կը  դնում է սեղա­նին ու փլվում ա­թո­ռին:

ՆԱՐԵ – Ֆո՛ւհ, լե­ղա­ճաք ե­ղա:

ԱՐՓԵՆ – Հետո՞…

ՆԱՐԵ — (ան­փույթ): Սուրճ եմ խմում:

ԱՐՓԵՆ — Քիչ ա­ռաջ դո՞ւ էր խո­սում հե­ռա­խո­սով:

ՆԱՐԵ — Հնա­րա­վոր է: Սուրճ կխմե՞ս:

ԱՐՓԵՆ — Սրտա­ճաք տուն եմ սլանում, իսկ նա…

ՆԱՐԵ — Ա­րի ճշտենք: Եր­կու ժամ ա­ռաջ ենք խոսել:

ԱՐՓԵՆ — Ես չէի կա­րող թող­նել խորհր­դակ­ցութ­յունն ու սլանալ:

ՆԱՐԵ — Ու­րեմն եր­կու ժա­մ սրտա­ճաքվա՞ծ ես խորհր­դակ­ցութ­յուն անցկաց­րել: Եվ ինչ­քա՞ն­ էր դրա օգ­տա­կար գոր­ծո­ղութ­յան գոր­ծա­կի­ցը:

ԱՐՓԵՆ — Բարձր, ինչ­պես միշտ: Այդ ի՞նչ­ անձրևա­նո­ցի ողբ էր:

ՆԱՐԵ — Կար­ծեմ, ա­ռա­վոտ­յան պայ­մա­նա­վոր­վե­ցինք…

ԱՐՓԵՆ – Հերիք է խա­ղաս: Ին­չո՞ւ էիր լա­լիս:

ՆԱՐԵ — Քեզ թվա­ցել է: (Ցույց տա­լով հարդարանքը): Սրա համար ժա­մա­նակ է պետք: Ե՞րբ լաց լի­նեի:

ԱՐՓԵՆ — Չես ու­զում խո­սել` քո պրոբլեմն է: Ե­կա՞վ:

ՆԱՐԵ — Ե­կավ:

ԱՐՓԵՆ – Ե՞վ…

ՆԱՐԵ — Կաշ­վիցս դուրս ե­կա, նա խան­դա­վառ­վեց: Ա­հա՝ գույներն ու սա­լիկ­նե­րի տեսակները: (Այլ տոնով): Ես քեզ կխանգա­րեմ, հիմա միայն ես եմ պակաս…

ԱՐՓԵՆ — Այ­սի՞նքն…

ՆԱՐԵ — Կգնամ մո­րաք­րոջս մոտ:

ԱՐՓԵՆ — Որ իր փնթփնթո­ցով քեզ գժվեց­նի՞… Տեսքդ հրաշա­լի է:

ՆԱՐԵ — (ինքն ի­րեն զննե­լով): Թե ո՞ւմ ­հա­մար է այս դի­մա­կա­հան­դե­սը…

ԱՐՓԵՆ — Գոռը զան­գեց: (Պա­տաս­խա­նե­լով նրա համր հար­ցին): Զանգին չէիր պատասխանել: Ա­սաց՝ հեռախոսդ ե­րե­կո­յան կբերի: Հագուստ էլ, ո­րոնք քեզ պետք կգան 2-3 օր, ոչ ա­վե­լին:

ՆԱՐԵ — Նա ա­մե՛ն ինչ գի­տի: Ան­գամ ժամ­կե­տը՝ 2-3 օր, ո­րը լիու­լի բա­վա­կան է տե­ղա­կան նշա­նա­կութ­յան ապս­տամ­բութ­յունս սկսե­լու և ա­վար­տե­լու հա­մար:

ԱՐՓԵՆ — Ի՞նչ վատ է, որ գիտի վերադարձիդ օրը: Դե լավ, փակեցինք թեման: Ի՞նչ տպավորութ­յուն թո­ղեց մեր երևույթը:

ՆԱՐԵ — Հրա­շա­լի՛: Ո՞վ­ է ա­սել, որ զզվելի տիպ է: Ոս­կի՛ բնա­վո­րութ­յուն ու­նի… չէ, մետաքս… ա­վե­լի ճիշտ՝ զեփ­յու­ռ: Գի­տես, չէ՞, զեփ­յու­ռն ա­մե­նա­նուրբ քա­մին է…

ԱՐՓԵՆ — Վի­ճե՞լ­ ես:

ՆԱՐԵ — Չհասց­րի… (Դադարից հետո): Գու­ցե տո՞ւն վե­րա­դառ­նամ:

ԱՐՓԵՆ — (դադարից հե­տո): Վա­ղը նրան կխնդրեմ հե­տաձ­գել վերանորոգումը:

ՆԱՐԵ – Չփորձե՛ս, թե չէ հենց հի­մա կգնամ:

ԱՐՓԵՆ — Մտա­ծե­ցի, որ հան­գիստ մթնոլորտում…

ՆԱՐԵ — Հան­գիստ մթնոլորտից եմ փա­խել…

ԱՐՓԵՆ — Բա­րի:

ՆԱՐԵ — Ու նաև… եր­կու բա­ժակ եմ ջար­դել:

ԱՐՓԵՆ — Հու­ամ՝ ոչ նրա գլխին:

ՆԱՐԵ — Ո­չինչ, դեռ ժա­մա­նակ կա:

ՆԱՐԵ — Իսկ սրճա­րա­նա­տի­րո­ջը պարտք մնա­ցի: Նա հրա­շա­լի ա­պուր է եփում:

ԱՐՓԵՆ — Ե­րեկ­վա քո քրթմնջո­ցից հաս­կա­ցա, որ այդ ա­պու­րը չես կե­րել:

ՆԱՐԵ — (ինքնահեգնանքով): Կե­րել եմ, այն էլ ո՜նց­ եմ կե­րել: Իսկ օ­ղի խմե­լու լավա­գույն ձ­ևը գի­տե՞ս` որն է: Նախ սուր­ճից կում ես ա­նում, հե­տո` մի նուշ, հե­տո` օ­ղին: (Ինչոր բան որոշելով, գործ­նա­կան): Ա­ղած նուշ ու­նե՞ս:

Աշ­խու­ժա­ցած վեր են թռչում, ծի­ծա­ղում: Հեռախոսի զանգ: Նարեն փլվում է ա­     թո­ռին ու փակում է ականջ­նե­րը: Արփենը լուռ նայում է նրան:

 

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

Սրճա­րանում: Հաճա­խորդ­ չկա: Բա­րի ետևում նստած սրճա­րա­նա­տե­րը թերթ է կար­դում: Լսվում է դռան ծլնգո­ցը, ներս է մտնում Նարեն: Նստում է այն սե­ղա­նի մոտ, որտեղ ա­ռա­ջին տեսա­րա­նում նստած էր Արամը: Նստում է պատահակա՞ն

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ – (մոտենալով): Բա­րի օր: Լսում եմ ձեզ:

ՆԱՐԵ — Եր­կու օր ա­ռաջ… Մի խոս­քով, ե­կել եմ… պարտքս…

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Դա այն­քան կարևոր չէ, ինչ­քան կար­ծում եք: Սո՞ւրճ:

ՆԱՐԵ — Սուրճ:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Եվ օ­ղի՞:

ՆԱՐԵ — Զզվո՛ւմ­ եմ օ­ղուց:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Նե­րե­ցեք: Գու­ցե ա­պո՞ւր:

ՆԱՐԵ — Ա­ղած նուշ:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Ու­րի՞շ…

ՆԱՐԵ — Անձրևա­նոցս կորց­րի:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Հրա­շա­լի է:

ՆԱՐԵ — Կար­ծո՞ւմ­ եք:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Ի­հար­կե: Էլ ­կա­խիչ պետք չէ: (Շրջվում է, որ գնա):

ՆԱՐԵ — Ես շա՞տ… դե, ինք­ներդ եք հաս­կա­նում:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Այն­պի­սի բան չէ ե­ղա­ծը, որ օ­րեր անց հիշ­վի:

ՆԱՐԵ — Խայ­տա­ռակ հար­բած էի:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Ե­թե ան­գամ այդ­պես… հե­տո՞ ինչ: (Գնում է):

ՆԱՐԵ — (ինքնածաղ­րով): Իս­կա­պես, հե­տո՞ ինչ: (Պա­յու­սա­կից հա­նում է դրամապա­նա­կը, թող­նում է սե­ղա­նին):

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — (բերում է պատվիրվածը): Այս սե­ղա­նը մշտական հաճախորդ ու­նի:

ՆԱՐԵ — Այ­սի՞նքն…

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Այդ­քա­նը:

ՆԱՐԵ — Ու­րեմն հետևու­թյուն ա­նե­լու կա­րիք չկա: Ի՞նչ­ եմ վճա­րե­լու:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Այս­տեղ վճա­րում են վեր­ջում:

ՆԱՐԵ — Ես հի­մա եմ վճա­րե­լու:

Սրճա­րա­նա­տե­րը հա­շի­վը գրումդնում է սե­ղա­նին, Նարեն վճա­րում է:

ՆԱՐԵ — Եր­բա­նի՞ց­ եք ա­պու­րը մտցրել շրջա­նա­ռութ­յան մեջ:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Պարզ­վեց, պա­հան­ջարկ ու­նի: (Այլ տո­նով): Միան­գա­մից չճա­նա­չե­ցի: Որտե՞ղ­ եք մո­ռա­ցել անձրևա­նո­ցը:

ՆԱՐԵ – Բոլորին հուզում է անձրևանո­ցիս ճա­կա­տա­գի­րը:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Հա­մա­ձայն­վեք, որ ար­ժա­նի է դրան:

Ծի­ծա­ղում են, այդ պա­հից նրանց միջև ա­ռա­ջա­նում է այն պարզ, մարդ­կա­յին ջեր­մութ­յու­նը, որը շատ հազվադեպ է, բայց երբ ա­ռա­ջա­նում է՝ դառ­նում է մշտատև:

ՆԱՐԵ — Ես տնից եմ փա­խել: Բայց գի­տե՞ք` որն է զա­վեշ­տը: Եր­կու օր ա­ռաջ իմ տ­նից փախա, այ­սօր փա­խել եմ ըն­կե­րու­հուս տ­նից… (Բաց­վում է դու­ռը՝ Արամն է: Նա­յում է նրա կող­մը): Հի­մա էլ, երևի, այս­տե­ղից փախ­չեմ:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Փախ­չելն ա­մե­նա­հեշտն է: (Դա­վա­դիր):  Փոր­ձեք մնալ:

ՆԱՐԵ — Փորձե՞մ…

ԱՐԱՄ — (մո­տե­նա­լով): Սա ի՛մ ­տեղն է:

ՆԱՐԵ — (իբր զար­մա­ցած): Հատ­կա­պես ո՛րը:

ԱՐԱՄ — (ցույց տա­լով ա­զատ ա­թո­ռը): Սա՛:

ՆԱՐԵ — Ձերն է՝ նստեք:

ԱՐԱՄ — (դեռ կանգ­նած): Նա­խընտ­րում եմ մե­նակ նստել:

ՆԱՐԵ — Մենք խան­գա­րո՞ւմ­ ենք ձեզ:

ԱՐԱՄ — (շրջվում է, այն է՝ կհե­ռա­նա):

ՆԱՐԵ — Փախ­չելն ա­մե­նա­հեշտն է: (Սրճա­րանատի­րո­ջը.) Ճի՞շտ կրկ­նե­ցի:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — (հավանության ժպիտով գլուխն է շարժում):

ԱՐԱՄ — (զգալով, որ երկուսի միջև ինչոր համաձայնություն կա, կարճ երկմտանքից հետո ցուցադրական նստում է): Սուրճ ու հան­քա­յին ջուր:

ՆԱՐԵ — (իբր ինքն ի­րեն): Ար­դեն ա­պուր էլ կա:

ԱՐԱՄ — (չլսե­լու տա­լով): Սուրճն ա­ռանց շա­քա­րի:

ՆԱՐԵ — (իբր ինքն ի­րեն): Իսկ ես եր­կու գդալ շա­քար էի գցել սուր­ճի մեջ:

Արամն, իբր ան­տար­բեր շրջա­պա­տին՝ թղթեր է հա­նում, հաշ­վում­ներ է ա­նում: Նարեն նա­յում է սրճարանատի­րո­ջը՝ համր տե­սա­րան. «Տե­սա՞ր»: «Չէի կաս­կածում»: Բա­ժան­վում են որ­պես բարի հանցա­կից­ներ: Նարեն ս­ևեռ­վում է սուր­ճի բա­ժա­կին: Սրճա­րա­նա­տե­րը բե­րում է պատվերը:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Ա­պուրն իրոք լավ է ստաց­վել:

Արամը ս­ևե­ռուն նա­յում է՝ հա­զիվ է ի­րեն զսպում:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — (անխռով, հայացքը՝ ժպտուն): Բա­րի ա­խոր­ժակ: (Գնում է):

Սկսում են սուրճ խմել՝ ան­տե­սե­լով միմ­յանց ներ­կա­յութ­յու­նը: Ո՞վ­ ա­ռա­ջի­նը տե­ղի կտա

ԱՐԱՄ — Ե­թե նե­րո­ղութ­յուն խնդրեմ, ձեր տե­ղը կփո­խե՞ք:

ՆԱՐԵ — Ին­չո՞ւ:

ԱՐԱՄ — Որ հան­գիստ սուրճ խմեմ:

ՆԱՐԵ — Հարց­նում եմ՝ ին­չո՞ւ եք նե­րո­ղութ­յուն խնդրում:

ԱՐԱՄ — (դժկամ): Արփենը ո­րոշ բա­ն պատ­մեց…

ՆԱՐԵ — Հե­տաքր­քիր է, ի՞նչ ­կա­րող էր ձեզ պատ­մել, երբ ինքը ո­չինչ չգի­տե:

ԱՐԱՄ — Հա­մե­նայն­դեպս, հաս­կա­ցա, որ դուք չէիք տան­տի­րու­հին:

ՆԱՐԵ — Միա՞յն…

ԱՐԱՄ — Սկզբի հա­մար քիչ չէ:

ՆԱՐԵ — Ի՞նչ է ասել Արփենը, որ հուզել է ձեզ: Տարբերություն կա՞` առանց բացատրութ­յան հե­ռա­նա­լ կամ վե­րա­նո­րոգ­ման պատճառով ընտանեկան կռիվ սարքել: Եր­կու դեպ­քում արդ­յուն­քը մեկն է՝ փախ­չե­լը:

ԱՐԱՄ — Ի՛նչ ­չա­րա­ցած կին եք:

ՆԱՐԵ – Գուցե նորի՞ց եք սխալ­վում­:

ԱՐԱՄ — Չա­րութ­յան խտա­ցում եք: Ու զգում եմ, որ ձեր չա­րութ­յու­նը ուղղ­ված է իմ դեմ:

ՆԱՐԵ — Գե­րագ­նա­հա­տում եք ձեզ:

ԱՐԱՄ — Ա­մենևին: Տ­նից փա­խել եք, բայց չա­րութ­յու­նը ձեզ հետ եք վերց­րել, ինչպես գոգ­նոցն ու անձրևա­նո­ցը: Անձրևա­նո­ցը կորց­րել եք, գոգ­նո­ցը թո­ղել եք ըն­կե­րու­հու տա­նը, իսկ չա­րութ­յու­նից ա­զատ­վել չեք կա­րող:

ՆԱՐԵ — Կա՞ ա­վե­լի սար­սա­փե­լի բան, քան իր անս­խալ կար­ծի­քին վստահ տղամարդը:

ԱՐԱՄ — Կա: Ան­հա­ջող կյան­քից չա­րա­ցած կի­նը:

ՆԱՐԵ — Ին­չո՞ւ եք կար­ծում, որ ա­նընդ­հատ կուլ եմ տա­լու ձեր վիրավորանքները:

ԱՐԱՄ — Չեմ կար­ծում, հա­մոզ­ված եմ:

ՆԱՐԵ — Նույ­նիսկ այդ­պե՜ս:

ԱՐԱՄ — Այ­լա­պես էս­տեղ նստած չէիք լի­նի:

ՆԱՐԵ — Դե ի­հար­կե, ձեզ դուր կգար, ե­թե վա­խե­ցած նա­հան­ջեի, իսկ դուք հաղթա­կան սո՞ւրճ խ­մեիք: Որ այդ­պես է՝ ա­հա՛… (Վերց­նում է նրա բա­ժակն ու խփում է հա­տա­կին):

ԱՐԱՄ — Պատ­կե­րաց­նում եմ, ձեր ա­մու­սի­նը ի՜նչ ե­րա­նութ­յամբ է վա­յե­լում ազատությունը:

Նարեն հան­քա­յին ջրի բա­ժակը խփում է հա­տա­կին:

ԱՐԱՄ — Ինձ­նից բա­ցի, հա­տուկ վե­րա­բեր­մունք ու­նեք բա­ժակ­նե­րի նկատ­մամբ: Ձեզ պես վար­պետ բա­ժակ փշրո­ղի չեմ հան­դի­պել: Գրո­ղը տանի, իսկԱրփենը եր­կու ժամ ա­ռաջ ա­սում էր, որ ճան­ճին ան­գամ նե­ղություն չեք տա:

ՆԱՐԵ — Ճան­ճին, ի­հար­կե, չէ, իսկ… (Բարձ­րա­նում է տե­ղից):

ԱՐԱՄ — (զննե­լով նրան): Գու­ցե էս դեմարշը պայ­մա­նա­վոր­ված է ձեր բա­վա­կա­ն տա­նե­լի տեսքո՞վ: Որ­քան կի­նը լավ տեսք ու­նի, էն­քան զզվե­լի է ի­րեն պա­հում:

ՆԱՐԵ — Օ­հո՜, հա­ճո­յա­խո­սութ­յո՞ւն… թե­կուզ ա­կա­մա:

ԱՐԱՄ — Բայց ես նա­խընտ­րում եմ անձրևա­նո­ցը: (Հա­ճո­յա­բար մյուս սուրճ բաժա­կը մեկ­նում է կնո­ջը): Խնդրե՛մ:

ՆԱՐԵ — Հա­ճույ­քո՛վ: (Դա էլ է խփում հա­տա­կին: Հայտն­վում է սրճա­րա­նա­տե­րը): Ե՛ս ջարդեցի բա­ժակ­նե­րը:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Հա­տա­կի՞ն:

ՆԱՐԵ — Այս ան­գամ՝ հա­տա­կին:

ԱՐԱՄ — Բա­ժակ ջար­դե­լը ո­մանց հա­մար սո­վո­րա­կան գործ է: (Սրճարանատի­րո­ջը.) Համենայն­դեպս, բա­ժակ­նե­րիդ պա­շա­րը թարմաց­րու:

ՆԱՐԵ — (չլսե­լու տա­լով): Մի ան­գամ փո­ղո­ցում շան քո­թոթ տե­սա: Մրսած, անտեր, մոլորված… ու կա­տա­ղած հար­ձակ­վում էր բո­լո­րի վրա: Աչ­քե­րի մեջ վախն ու հուսահատութ­յու­նը կռիվ էին տա­լիս, իսկ ինքը հա­չում էր բո­լո­րի վրա:

ԱՐԱՄ — Ու միա­կը, ով հաս­կա­ցավ ան­տեր քո­թո­թին` դուք էիք: Ի՞նչ­ ա­րե­ցիք, գրկե­ցիք ու տո՞ւն ­տա­րաք:

ՆԱՐԵ — Նա շատ հպարտ էր: Երբ մո­տեցա… կծեց:

ԱՐԱՄ — Ու նրա չա­րութ­յու­նը փո­խանց­վեց ձեզ:

ՆԱՐԵ — (բազ­ման­շա­նակ նա­յում է սե­ղա­նին` բա­ժակ չկա): Հա, բայց ես կծել չգի­տեմ: (Սրճարա­նա­տի­րո­ջը.) Գնամ: Երկ­րորդ ան­գամ եմ այս­տեղ, ու նո­րից մեղավորի պես եմ հե­ռա­նա­լու:

Անսպասելի ծնկի է իջ­նում բա­ժակ­նե­րի կտոր­տան­քը հա­վա­քե­լու: Սրճա­րա­նա­տե­րը փոր­ձում է ետ պա­հել, չի հա­ջող­վում: Արամը կռա­նում, սկսում է հա­վա­քել, ըն­թաց­քում նրա ա­փից վերց­նելով ­կտոր­նե­րը: Նարեն դուրս է վա­զում: Արամն ու սրճա­րա­նա­տե­րը շփոթ­ված նա­յում են ի­րար:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

Արփենի բնա­կա­րա­նը: Դռան զանգ: Խո­հա­նո­ցի շեմին երևում է Նարեն, մյուս դռան մեջ՝ Արամը: Նարեն մտնում է խոհանոց: Արամը բա­ցում է դու­ռը: Եր­կու բան­վոր տուփեր են բերում, ի­րեր են դուրս տա­նում: Արամը մտնում է սեն­յակ: Գա­լիս է Նարեն՝ մա­տու­ցա­րա­նով բերելով նա­խա­ճաշ: Չգի­տի` ինչ­պես կան­չի Արամին: Մտնում է խո­հա­նոց, բա­ժակը ձեռ­քին վե­րա­դառ­նում և ու­ժեղ խփում  է հա­տա­կին: Հայտն­վում է Արամը:

ԱՐԱՄ — Բաժակների կոտորածը շարունակվում է, մար­տի դաշտը՝ ընդարձակ­վում… (Նարեի հա­յաց­քով ուղղորդված՝ նայում է սեղանի կողմը):  Հա՜…

Հե­ռա­խո­սազանգ: Նարեն հե­ռա­խո­սին մո­տե­նա­լու միտք չու­նի: Երբ զան­գե­րը դա­դա­րում են, գնում է խոհանոց: Արամը վերց­նում է սա­լա­թի տերև, ծա­մում է: Հե­ռա­խո­սազանգ: Նարեն հայտն­վում է խոհանո­ցի շե­մին, բայց չի մո­տե­նում:

ԱՐԱՄ — Գու­ցե ե՞ս ­պա­տաս­խա­նեմ: (Նրա լռությունից հետո): Ինչ­պես կու­զեք: (Սկսում է ուտել: Նարեն մո­տե­նում է հե­ռա­խո­սին, սպա­սում է: Հեռախոսազանգ: Արամը սեղանին է շպրտում դա­նակպա­տա­ռա­քա­ղը): Ինչ­քա՞ն­ է շարունակ­վե­լու էս պահմտոցին: Գու­ցե ի՞նձ­ են զան­գում, կամ Արփենի՞ն… Գա­լիս եմ՝ էս զան­գե­րն են, գնում եմ՝ դրանց ձայ­նը գան­գիս մեջ է:

       Հեռախոսազանգ: Նարեն գա­լիս, նստում սեղանի մոտ:

ՆԱՐԵ — Հինգ օր է՝ տա­նը չեմ:

Արամը իբր չի լսում:

ՆԱՐԵ — Վեց օր ա­ռաջ մեկն ա­սեր, որ տ­նից փախ­չե­լու եմ, կմտա­ծեի՝ գժվել է:

ԱՐԱՄ — Հան­կա՞րծ­ որոշեցիք:

ՆԱՐԵ — Ա­յո… Ոչ… Մի օր փախ­չե­լու էի:

ԱՐԱՄ — Կա­նանց տե­սակ կա՝ հա՜ փախ­չում են:

ՆԱՐԵ — Ար­դեն ա­սել եք… երևի այդ տե­սա­կին լավ ծա­նոթ եք:

ԱՐԱՄ — Ինձ միայն նրանք են հան­դի­պել:

ՆԱՐԵ — Ու չե՛ք ­վա­խե­նում ընդ­հան­րաց­նե­լուց:

ԱՐԱՄ — Ին­չո՞ւ վա­խե­նամ: Ի վեր­ջո, նույնն է, մտքում ես փախ­չում, թե իրականում:

ՆԱՐԵ — Ե­թե կա երևույթ, ու­րեմն կա նաև պատ­ճառ:

ԱՐԱՄ — Դե, ի­հար­կե, մե­ղա­վոր փնտրե­լու ճիշտ ժա­մա­նակն է:

ՆԱՐԵ — Ին­չո՞ւ փնտրել` կա:

ԱՐԱՄ — Ու մե­ղա­վորը դուք չեք:

ՆԱՐԵ — Ի­հար­կե ես եմ:

ԱՐԱՄ — Այ թե ինչ… ի՞նչ­ էիք ու­զում ա­պա­ցու­ցել ձեր փա­խուս­տով:

ՆԱՐԵ — Ա­պա­ցու­ցե՞լ… այդ մա­սին չեմ մտա­ծել: Բայց որ մի բան այնպես չէ` զգում եմ… Ինչ-որ կարևոր բան է կորվել իմ կյանքում, թե իմ ընտանիքում… (Ավելի շատ ինքն իր հետ է խոսում): Իմ կյանքում արտառոց ոչինչ չկա` սովորա­կան ա­ռօր­յա: Օր­վա ժամերը բաշխ­ված են, շա­բաթ­վա օ­րերն էլ` հե­տը: Տուն, ճաշ, լվացք, արդուկ… երբեմն` թատրոն, այցելություններ… երեքշաբթի, ուրբաթ` լողավազան: Ոչ մի փոփոխություն, չնխատեսված մի բան… Ու մի օր էլ տեսնում ես, որ օ­րերն են թե­լադ­րում քո կյանքը: Ապ­րում ենք միասին, բայց ա­մեն մեկս՝ իր կյան­քով: Իսկ ես միայն նրանց կյան­քով եմ ապ­րել, նրանց համար… ու հան­կարծ զգում ես, որ մնացել ես մե­նակ: Սար­սա­փե­լի է:

ԱՐԱՄ — (կծու): Էն էլ ո՜նց… Այ, երբ ա­մու­սի­նդ հարբում է, դա­վա­ճա­նում աջ ու ձախ, երբ երեխա­նե­րդ դպրո­ցից միայն նկա­տո­ղութ­յուն­ներ են բե­րում` դա հետաքր­քիր է: Թե չէ՝ միօ­րի­նակ, կար­գա­վոր­ված կյանք… ու ո՞նց­ եք դի­մա­նում էդ անտանելի պայմաններին:

ՆԱՐԵ — Սպա­սում եք, որ զայ­րա­նա՞մ: Բայց ո՞ր ­մի տղա­մարդն է հաս­կա­ցել կնո­ջը, որ…

ԱՐԱՄ — Ե­թե նա բռի, անտաշ լի­ներ, ձեր խո­հա­նո­ցում խելոք ձեր ճաշը կեփեիք:

ՆԱՐԵ — Շատ հնա­րա­վոր է:

ԱՐԱՄ — Եթե բանի տեղ չդներ, չզանգեր, ար­դեն տանը կլի­նեիք:

ՆԱՐԵ — Դա էլ է հնա­րա­վոր:

ԱՐԱՄ — Իսկ նա էշ-էշ զան­գում է, ու­րի­շի մի­ջո­ցով ինֆորմացիա է ստա­նում ան­հե­տա­ցած կնոջ մա­սին:

ՆԱՐԵ — Մնում էր՝ նրան վի­րա­վո­րեիք:

ԱՐԱՄ — Վի­րա­վո­րե՞լ… Ես նրան պաշտ­պա­նում եմ… Տո՛ւն գնա:

ՆԱՐԵ – Ի՞նչ:

ԱՐԱՄ — Ա­սա­ցի` տուն գնա: Հենց հի­մա: Ո՞ւր­ են ի­րերդ… (Կող­քի սեն­յակից ճամպ­րուկ է բերում): Վերցրու ճամպ­րուկդ ու գնա:

ՆԱՐԵ — Չե՛մ գ­նա:

ԱՐԱՄ — Կգնաս: Դու… տղա­յիդ մա­սին մտա­ծիր: Էս է` ճամ­բա­րից կգա:

ՆԱՐԵ — Քո գոր­ծը չէ՛:

ԱՐԱՄ — Նստել ես էս­տեղ… շնչիս վրա… Խան­գա­րում ես:

ՆԱՐԵ — Իմ գործն է:

ԱՐԱՄ — (ճամպ­րու­կը ու­ժով խցկում է նրա գիր­կը): Վերց­րու ու գնա էս­տե­ղից:

ՆԱՐԵ — Չե՛մ վերց­նի:

ԱՐԱՄ — Ին­չո՞ւ:

ՆԱՐԵ — Ո­րով­հետև իմ ճամպ­րու­կը չէ:

ԱՐԱՄ — (շփոթ­ված): Հա՞… (Ճամպ­րու­կը դնում է մի կողմ, գնում է խո­հա­նոց, վերա­դառ­նում գոգ­նո­ցով): Սա՛ էլ քեզ հե­րիք է: Դե՞…

ՆԱՐԵ — Ինք­նա­հա­վան ա­պուշ, դա­տարկ բա­րո­յա­խոս…

ԱՐԱՄ — Նվնվան տիկ­նիկ, չկա­յա­ցած ինտ­րի­գան…

Ներս է գա­լիս Արփենը, ապշած լսում է նրանց:

ՆԱՐԵ — Տա­փակ ո­ճի վար­պետ, չկա­յա­ցած Կոր­բուզ­յե…

ԱՐԱՄ — Հար­բե­ցո՛ղ:

ՆԱՐԵ — Ի՜նչ:

ԱՐԱՄ — Հար-բե-ցո՛ղ:

Նարեն ձեռ­քը տանում է ափ­սեին, Արամը ցու­ցադ­րական ճո­ճում է գոգ­նո­ցը:

ԱՐՓԵՆ — (ա­ռաջ գա­լով): Լսեք…

Երկուսը կտրուկ շրջվում ենգոգ­նոցն ու ափ­սեն թռչում են Արփենի կող­մը:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

Սրճա­րանում: Արամը մշտա­կան տե­ղում նստած է: Մտնում է Նարեն, ձեռ­քին՝ փոքրիկ ճամպրուկ:

ՆԱՐԵ — (մո­տե­նում, նստում է նրա դի­մաց): Ին­չո՞ւ կինը նա­վի վրա` դժբախտութ­յուն է:

ԱՐԱՄ — Ո­րով­հետև նա­վը հա­զիվ կա­րո­ղա­նում է պայ­քա­րել մի տա­րեր­քի դեմ:

ՆԱՐԵ — Իսկ ին­չո՞ւ հա­յե­լու ջարդ­վե­լը դժբախ­տութ­յուն է բե­րում:

ԱՐԱՄ — Ո­րով­հետև հա­յե­լու ջարդ­վե­լը նույնն է՝ թե դեմքդ է ջարդ­վում, այ­սինքն՝ կյանքդ:

ՆԱՐԵ — Իսկ ին­չո՞ւ…

ԱՐԱՄ — Հար­ցախեղդ լինելն էլ պակաս դժբախ­տություն չէ:

ՆԱՐԵ — Բա ինչ­պե՞ս ­գամ, նստեմ, թույլ տամ, որ ինձ հա­մար սուրճ պատվիրեք… Ու հետո, մեր ծա­նո­թութ­յունն էլ հար­ցով է սկսվել:

ԱՐԱՄ — Իս­կա­պես որ, չէի մտա­ծել: Ինչ­պե՞ս­ է ձեր ըն­կե­րու­հին:

ՆԱՐԵ — Դան­դաղ, բայց ուշ­քի է գա­լիս:

ԱՐԱՄ — Կող­քից լա՜վ տե­սա­րան էր…

Շփոթ­ված ժպտում են:

ՆԱՐԵ — Ճամպ­րուկս գտա:

ԱՐԱՄ — Վե­րա­դառ­նում եք: Ին­չո՞ւ:

ՆԱՐԵ — (ա­նակն­կա­լի ե­կած): Դուք չա­սա­ցի՞ք… Չգի­տեմ… Պետք է…

ԱՐԱՄ — Բայց չեք ու­զում վե­րա­դառ­նալ:

ՆԱՐԵ — Ու­զում եմ:

ԱՐԱՄ – Հա՞ որ…

ՆԱՐԵ — Խեն­թութ­յուն էր՝ վեր­ջա­ցավ:

ԱՐԱՄ — Բա ին­չո՞ւ եք էս­տեղ:

ՆԱՐԵ — Պատ­վի­րած ա­պու­րը վեր­ջա­պես ու­տե­լո՞ւ եմ… Գի­տեմ, որ վերա­դառ­նա­լու եմ: Սկզբից էլ գի­տեի, որ ա­րածս հի­մա­րութ­յուն է: Եվ ի՞նչ­ էի ուզում ա­պա­ցու­ցել…

ԱՐԱՄ — Ո՞ւմ:

ՆԱՐԵ — Ի՛նձ: Այն օրն ա­սա­ցիք, որ չա­րա­ցած եմ: Դա չա­րութ­յուն չէ, անզորություն է: Գիտե՞ք, շատերն են ապ­րում այդ ան­զո­րութ­յան մեջ, որովհետև ո՞վ­ է տե­սել, որ ա­մեն ինչ լի­նի այն­պես, ինչ­պես պի­տի լի­նի: Ես գիտեի, որ իմ փա­խուս­տը ծի­ծաղելի է: Գուցե ա՞յդ ­պատ­ճա­ռով դու­ռը շատ զգույշ փա­կե­ցի: Ես տե­սա­րան­ներ չեմ սի­րում, թեև ինչ հանդիպել եմ ձեզ, միայն կռվում եմ… (Դադարից հետո): Սա  աշ­խար­հի ա­մե­նա­լավ սրճա­րանն է:

ԱՐԱՄ — Սրճա­րա­նի ­տերն է աշ­խար­հի ա­մե­նա­լավ մար­դը, գի­տե՝ երբ հայտն­վի ու երբ անհետա­նա:

ՆԱՐԵ — Վա­ղո՞ւց ­եք ճանաչում:

ԱՐԱՄ – Շատ վա­ղուց: Ժա­մա­նա­կին հրա­շա­լի խո­հա­նոց կար:

ՆԱՐԵ — Այս­տեղ կնոջ ներ­կա­յութ­յուն չի զգաց­վում, նա է՞լ­ է փա­խել:

ԱՐԱՄ — (չոր): Նա… շատ հե­ռու է գնա­ցել: Ե­րեք տա­րի է: Նրանից հետո էստեղ միայն սուրճ է ե­ղել, խմիչք ու բո­ված նուշ: Միա՛յն:

ՆԱՐԵ — (փորձելով ցույց չտալ հուզմունքը): Ե­թե նժա­րի վրա դնենք վեր­ջին տասնյոթ տարիներն ու այս մի քա­նի օ­րը…

ԱՐԱՄ — Բնա­կան է, որ տա­րի­նե­րը ծանր կլի­նեն:

ՆԱՐԵ — Ե­թե կշռո­ղը դուք լի­նեք: Բա­րե­բախ­տա­բար, դուք չեք:

ԱՐԱՄ – Հա, մո­ռա­ցել էի անձրևա­նո­ցի կո­րուս­տը:

ՆԱՐԵ — Է­լի՞…

ԱՐԱՄ — Չէ, իս­կա­պես, ին­չո՞ւ կորց­րիք:

Նարեն ձեռ­քը տա­նում է բա­ժա­կին, Արամը, նրան խան­գա­րե­լու հա­մար, դա­նա­կով խփում է բաժակին, հայտն­վում է սրճա­րա­նա­տե­րը:

ՆԱՐԵ — (ցույց տա­լով ճամպրուկը): Ե­կել եմ հրա­ժեշտ տա­լու:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Դուք է­լի կգաք:

ՆԱՐԵ — Դժվար: Պար­զա­պես չեմ կա­րո­ղա­նա: Գի­տե՞ք, ինչ եմ պատ­վի­րե­լու:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Ա­պուր:

ՆԱՐԵ — Նաև խմիչք:

ԱՐԱՄ — Օ­ղի՞:

ՆԱՐԵ — Գի­նի: Սառն ու տտիպ: Ու­զում եմ հրա­ժեշ­տի կե­նաց ա­սել:

ԱՐԱՄ — (ինչոր բան ո­րո­շե­լով՝ Նարեին): Մենք կփոր­ձենք քո ա­պու­րը, կխմենք գի­նին ու կգնանք… կա­րու­սել: Նոր ատ­րակ­ցիոն է բաց­վել, սա­տա­նա­յի ա­նիվ էլ կա:

ՆԱՐԵ – (սրճարանատիրոջը): Ձեզ հետ կխմեմ, հե­տո կվերց­նեմ ճամպ­րուկս ու կգնամ տուն:

ԱՐԱՄ – (Նարեին): Իսկ ատ­րակ­ցիո­նից հե­տո պաղ­պա­ղակ կու­տենք՝ վա­նի­լա­յին, ե­լա­կի, ըն­կույ­զով, վաֆ­լիով:

ՆԱՐԵ – (սրճարանատիրոջը): Գու­ցե մի օր ե­րե­քով գանք՝ ես, ա­մու­սինս, տղաս:

ԱՐԱՄ – (Նարեին): Ճամպ­րու­կը կդնենք անկ­յու­նում… (Ու­զում է վերց­նել ճամպ­րու­կը):

ՆԱՐԵ — Ձեռք չտաք:

ԱՐԱՄ — Կա­մաց, ին­չո՞ւ ես գո­ռում:

ՆԱՐԵ — Ինձ դուք-ով դի­մեք:

ԱՐԱՄ — (ըն­թաց­քում քաշք­շում են ճամպ­րու­կը): Ի­հար­կե, քա­ղա­քա­վա­րութ­յան կա­նոն­նե­րի մա­սին հի­շե­լու ճիշտ ժա­մա­նա­կը գտաք:

ՆԱՐԵ — Չհա­մար­ձակ­վե՛ք խ­լել ճամպ­րուկս: Սա մաս­նա­վոր սե­փա­կա­նութ­յան նկատ­մամբ բռնի ու­ժի գոր­ծադ­րում է:

ԱՐԱՄ — Հի­մա էլ քրեա­կան օ­րենս­գիր­քը հի­շե­ցիր:

ՆԱՐԵ — Կեղծ բա­րո­յա­խոս… Մի ժամ ա­ռաջ ստի­պում էր տուն գնալ, ու­րի­շի ճամպ­րուկն էր ձեռքս խո­թում…

ԱՐԱՄ — Ստի­պում էի, ո­րով­հետև կար­ծում էի, թե ու­զում ես, բայց չես համարձակ­վում վերա­դառ­նալ: Բայց հի­մա չեմ թող­նի:

ՆԱՐԵ — Ի՞նչ­ ի­րա­վուն­քով:

ԱՐԱՄ — Ո­րով­հետև… ո­րով­հետև չե՛ս­ ու­զում վե­րա­դառ­նալ:

ՆԱՐԵ — Ին­չո՞ւ:

ԱՐԱՄ — Ո­րով­հետև ­էլ տ­նից չես փախ­չի, սա մի կարճ ընդ­մի­ջում է, ո­րը կուզենաս երկարաձ­գել:

Ան­թարթ նա­յում են ի­րար: Նարեն, պարտ­ված, փլվում է ա­թո­ռին:

ՆԱՐԵ — Ա­պուրն ո՞ւր­ է:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — (անվր­դով ժպտում է): Հի­մա կբե­րեմ:

ԱՐԱՄ – Ինձ` կրկնա­կի բա­ժին:

Սրճա­րա­նա­տե­րը տանում է ճամպ­րու­կը: Եր­կու­սով նստում, նա­յում են ի­րար:

 

ՅՈԹԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

Արփենի բնակարանը: Ուշ գի­շեր է: Արփենը ան­հան­գիստ սպասման մեջ է: Զգույշ բաց­վող դռան ձայն: Նա նետ­վում է բազ­մո­ցին, գիր­քը է վերց­նում: Հայտնվում է Նարեն, փոր­ձում է անձայն գնալ իր սեն­յա­կը:

ՆԱՐԵ — (Արփենին տեսնելով քա­րա­նում է` կո­շիկ­նե­րը ձեռքում բռնած): Բա­րի ե­րե­կո:

ԱՐՓԵՆ — Ա­վե­լի ճիշտ՝ բա­րի գի­շեր: Կո­շիկ­ներդ կա­րող էիր թող­նել նախասրահում:

ՆԱՐԵ — Չու­զե­ցի քեզ արթնացնել: Նոր­մալ մար­դիկ վա­ղուց քնած են:

ԱՐՓԵՆ — Իսկ ոչ նոր­մալ­նե՞րը:

ՆԱՐԵ — Սա­տա­նա­յի ա­նի­վով պտտվում են… (Տեսնելով, որ Արփենը բարձրանում է տեղից): Այդ ո՞ւր:

ԱՐՓԵՆ — Նա­խընտ­րում եմ նոր­մալ մար­դու տար­բե­րա­կը:

ՆԱՐԵ — Իսկ ե՞ս­ ինչ ա­նեմ:

ԱՐՓԵՆ — Շա­րու­նա­կիր պտտվե­լ: Քո սեն­յա­կում:

Նարեն փլվում է բազ­մո­ցին, ձեռ­քե­րով գրկում գլուխն ու ան­շար­ժա­նում է:

ԱՐՓԵՆ — Գոռը զան­գեց:

ՆԱՐԵ — Ե՞վ…

ԱՐՓԵՆ — Ա­սա­ցի, որ քնած ես:

ՆԱՐԵ — Հա­վա­տա՞ց:

ԱՐՓԵՆ — Ի­հար­կե, ոչ: Մտա­ծեց, որ չես ու­զում խո­սել:

ՆԱՐԵ — Ին­չո՞ւ չա­սա­ցիր:

ԱՐՓԵՆ — Ա­սեի՝ կի­նդ սրճա­րան է գնա­ցել եր­կու օր ա­ռաջ պատ­վի­րած ա­պուրն ուտե­լո՞ւ… Ի՞նչ­ ես գտել այդ սրճա­րա­նում:

ՆԱՐԵ — Ար­դեն ա­սա­ցիր՝ ա­պուր:

ԱՐՓԵՆ — Մե­նա՞կ ­կե­րար:

ՆԱՐԵ — Ոչ: Ի՞նչ­ ես հա­յաց­քով շամփրում, դու նրան ճա­նա­չում ես:

ԱՐՓԵՆ — Այսի՞նքն…

ՆԱՐԵ — Քո սի­րե­լի դի­զայ­նե­րը:

ԱՐՓԵՆ — Դե, գիտե՞ս ինչ…

ՆԱՐԵ — Միա­սին ընթ­րե­ցինք:

ԱՐՓԵՆ — Ա­պու­րո՞վ:

ՆԱՐԵ — Ա­պու­րո՛վ:

ԱՐՓԵՆ — Գի­շեր­վա կե­սի՞ն:

ՆԱՐԵ — Չէ, դա ա­վե­լի վաղ էր: Հե­տո գնա­ցինք ատ­րակ­ցիոն, ինչ­քան կա­րու­սել կար՝ բո­լո­րը նստե­ցինք, վեր­ջում էլ՝ սա­տա­նա­յի ա­նի­վը:

ԱՐՓԵՆ — Ի­րար վի­րա­վո­րում եք, ծեծկ­վում, թեև, չգի­տես ին­չու, ես եմ տու­ժում…  որ ներս մտա՝ կա­տա­ղած վհուկ­նե­ր լինեիք:

ՆԱՐԵ — Ես՝ գու­ցե: Իսկ տղա­մարդ-վհուկ լի­նո՞ւմ­ է:

ԱՐՓԵՆ — Լավ, նա էլ թող լի­նի դի­վո­տած սա­տա­նա: Ե­ղա՞վ:

ՆԱՐԵ — Ը­հը:

ԱՐՓԵՆ — Եվ այդ­քա­նից հե­տո միա­սին ընթ­րո՞ւմ­ եք:

ՆԱՐԵ — Չգի­տեմ` ին­չու միան­գա­մից չա­սա­ցի… դե, գա­լուս օ­րը… սրճա­րա­նում նրան էի հանդի­պել:

ԱՐՓԵՆ — Քո ա­սած ա­պու­շի՞ն:

ՆԱՐԵ — Ը­հը՛: Երբ հա­ջորդ օ­րն ե­կավ, չճա­նա­չե­ցի: Հե­տո, ի­հար­կե, հիշեցի:

ԱՐՓԵՆ — Դե լավ, իս­կա­պես շատ ուշ է, քնենք:

ՆԱՐԵ — (մե­ղա­վոր ձայ­նով): Ճամպ­րուկս:

ԱՐՓԵՆ — Մնաց սա­տա­նա­յի ա­նի­վո՞ւմ:

ՆԱՐԵ — Սրճա­րա­նում:

ԱՐՓԵՆ — Ինչ­պես երևում է, ես պիտի տեսնեմ այդ սրճա­րա­նը:

ՆԱՐԵ — Հաս­ցեն կտամ: Վաղը տուն կգնամ… ճամ­պուկս դու բե­ր:

ԱՐՓԵՆ — Հու­սամ` դա էիր ուզում ասել: Հիմա՞ ինչ ­ ես մտա­ծում:

ՆԱՐԵ — Գի­տե՞ս, երբ կա­րու­սել նստե­ցի, սիրտս այն­պես սկսեց խփել, կար­ծես փոք­րիկ աղջիկ լի­նեի: Տա­րի­նե­րը տա­նում են մեր կյան­քը, ու ճիշտ են վար­վում: Իսկ մե՞նք: Մեզ մնա­ցա­ծը ինչո՞ւ ինք­նա­կամ մո­ռա­ցութ­յա­ն ենք տալիս…  (Այլ տո­նով): Երևի այս­պես են գժվում, բայց… ու­զում եմ եր­գել:

ԱՐՓԵՆ — (անվր­դով): Սկսիր:

ՆԱՐԵ — (տե­ղից բարձ­րա­նում, դան­դաղ պտտվում է տե­ղում): Մո­ռա­ցել եմ:  Մո-ռա-ցել եմ… մոռացել եմ-մո-ռա-ցել-եմ…

 

ՈՒԹԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

Վաղ ա­ռա­վոտ է: Արփենը խո­հա­նոցից բերում է սուր­ճի սպաս­քը, դնում է սե­ղա­նին, մո­տե­նում ննջարանի դռա­նը:

ԱՐՓԵՆ — Սուր­ճը պատ­րաստ է: (Լռութ­յուն): Չեմ հա­վա­տում, որ քնած ես: (Գնում, նստում է սե­ղա­նի մոտ):

ՆԱՐԵ — (դռնից դուրս նա­յե­լով): Իսկ ե­թե սուրճ չեմ ու­զո՞ւմ:

ԱՐՓԵՆ — Ա­պուր ա­ռա­ջար­կել չեմ կա­րող:

ՆԱՐԵ — (խոց­ված գա­լիս, նստում է սե­ղա­նի մոտ): Շա՞տ ­հի­մար տեսք ու­նեմ:

ԱՐՓԵՆ — Հի­մա­րը շատ կամ քիչ չի լի­նում:

ՆԱՐԵ — Բայց և այն­պե՞ս:

ԱՐՓԵՆ — Դեռ ե­րեկ քեզ կասեի՝ վե­րա­դար­ձիր… կամ… դե՛ռ ­մի վե­րա­դառ­նա:

ՆԱՐԵ — Ու­րեմն, այ­սօր վի­ճակս այդ­քան բար­դա­ցե՞լ­ է:

ԱՐՓԵՆ — Վեր­ջա­պես կա­սե՞ս, թե ինչ է քեզ հետ կա­տար­վում: Կռվե՞լ­ ես Գոռի հետ, գու­ցե նա՞ ինչ-որ բան­ է ա­րել… Դե, խո­սի՛ր ­վեր­ջա­պես, գրո­ղը քեզ տա­նի, ի՞նչ է փնտրածդ, որ չես կա­րո­ղա­նում գտնել:

ՆԱՐԵ — (կարճ երկմ­տան­քից հե­տո): Ես եր­ջա­նիկ կին եմ: Իրոք, ես  երջանիկ կին եմ: Սիրելով ենք ա­մուս­նա­ցել և ա­մուս­նութ­յան ա­ռա­ջին օ­րից ամեն ինչ ամ­փոփ­վեց մեր տան մեջ՝ նախ­կին կյանքս հե­ռա­ցավ-հե­ռա­ցավ, ու չնկա­տե­ցի՝ ինչ­պես կո­րավ: Ծնվեց  տղաս, ես դար­ձա աշ­խար­հի ամենահարուստ կի­նը՝ աշ­խար­հի ամենահրաշալի երկու տղա­մար­դ իմն էին` ա­մու­սինս ու տղաս: Թո­ղե­ցի աշ­խա­տանքս, թո­ղե­ցի ա­ռանց ափսոսան­քի՝ ես ավե­լի շատ պետք էի նրանց: Իմ կյան­քը տար­րա­լուծ­վել է եր­կու­սի մեջ, նրանց կյանքը իմն է եղել, ես ու նրանք մեկ  ամ­բող­ջութ­յուն  ենք  ե­ղել… (Դա­դար): Տղաս տասն­հինգ տա­րե­կան է, ար­դեն սափր­վում է, իր կյանքն ու­նի, իր հետաքրքրությունները: Քնե­լուց ա­ռաջ նրան հե­քիաթ­ներ էի պատ­մում, հե­տո նա էր ինձ պատ­մում դպրո­ցա­կան ան­ցու­դար­ձի մա­սին… Հի­մա ինձ դի­մում է միայն հարց-պա­հան­ջով՝ ո՞ւր­ է գիրքս, ար­դու­կե՞լ­ ես բլուզս, ու­տե­լու ի՞նչ ­կա, զան­գող ե­ղե՞լ­ է… Ու շտա­պում է, ա­նընդ­հատ շտա­պում է՝ պա­րապ­մուն­քի, մար­զում­նե­րի, ակումբ, ինչ-որ տեղ… Գոռը ոչ մի տեղ չի շտա­պում: Ա­ռա­վոտ­յան անշտապ նախաճա­շում է՝ աչ­քը թերթե­րին, անշ­տապ գնում է աշ­խա­տան­քի: Ե­րե­կո­յան գա­լիս է, անշ­տապ հագ­նում է հո­ղա­թա­փե­րը, է­լի թերթե­րով հար­մար տե­ղա­վոր­վում է բազ­մո­ցին՝ հե­ռուս­տա­ցույ­ցի  առաջ: Ինձ դի­մում է շատ սի­րա­լիր՝ սուրճ կե­փե՞ս, խնդրում եմ-շնորհա­կա­լ եմ, սի­րե­լիս: Հե­ռա­խո­սը կմո­տեց­նե՞ս, խնդրում եմ-շնոր­հա­կալ եմ, սի­րե­լիս: Վաղն ի՞նչ­ եմ հագնե­լու-շնոր­հա­կա­լ եմ, սի­րե­լիս…

ԱՐՓԵՆ — Բա­վա­կա՛ն­ է:

ՆԱՐԵ — Ին­չո՞ւ, դեռ ո­չինչ չեմ ա­սել:

ԱՐՓԵՆ — Մեկ ու­րի­շին քո ա­սածը ան­հե­թե­թութ­յուն կթվա:

ՆԱՐԵ — Գի­տեմ: Կա­սի՝ լավ կյան­քից գժվել է: Իսկ դու ին­չո՞ւ վեր թռար:

ԱՐՓԵՆ — Ես ո­չինչ չեմ հաս­կա­նում: Ա­րի չշա­րու­նա­կենք:

ՆԱՐԵ — (չլսե­լու տա­լով): Ին­չո՞ւ չես ա­մուս­նա­նում:

ԱՐՓԵՆ — Առ­նող չկա:

ՆԱՐԵ — Իսկ ե­թե լո՞ւրջ:

ԱՐՓԵՆ — Մտադ­րութ­յուն ու­նե­նա­յի` ա­մուս­նա­ցած­նե­րիդ նա­յե­լուց հե­տո կհրա­ժար­վեի այդ մտքից:

ՆԱՐԵ — (կա­մաց): Ին­չո՞ւ ես այդ­քան շուտ փո­խում բնա­կա­րա­նիդ տես­քը:

ԱՐՓԵՆ — Այդ հար­ցը քեզ հան­գիստ չի տա­լիս, եր­կու օր ա­ռաջ էլ հարց­րիր:

ՆԱՐԵ — Ու դու, ինչ­պես այս ան­գամ, խու­սա­փե­ցիր պա­տաս­խա­նից:

ԱՐՓԵՆ — Ա­մենևին: Պար­զա­պես սի­րում եմ փո­փո­խութ­յուն:

ՆԱՐԵ — Ո՛չ:

ԱՐՓԵՆ — Ա­յո՛:

ՆԱՐԵ — Ին­չո՞ւ չես ու­զում խոս­տո­վա­նել, որ դա էլ փախ­չե­լու մի ձև է: Դե լավ, ա­րի չշարունա­կենք:

ԱՐՓԵՆ — (ինչոր բան վճռե­լով):  Ո՛չ: Շա­րու­նա­կենք: Տա­րի­ներ ա­ռաջ էր: Մորս հյուր էի գնացել: Մի ե­րե­կո մո­տե­ցա հյու­րա­սեն­յա­կի դռա­նը, ներ­սում մորս ըն­կե­րու­հի­ներն էին: Սուրճ էին խմում: Ինձ չնկա­տե­ցին՝ տար­ված էին խոս­քուզ­րույ­ցով, ու ես կարողացա կող­քից նա­յել նրանց… Ինչ­պե՞ս բա­ցատ­րեմ: Հինգ տա­րեց կա­նայք, ե­րեքն ար­դեն այ­րի… Դու գի­տես, մեր քա­ղաքն այն­քան փոքր է, որ ա­մեն մե­կը գի­տե մյու­սի մա­սին ա­մեն ինչ… կամ հա­մար­յա ա­մեն ինչ: Ես էլ գի­տեմ նրանց` բո­լորն էլ ամուսնացած մեկ ու միակ ան­գամ…  Բո­լորն էլ ա­մուս­նա­կան փոր­ձութ­յու­նը հան­դարտ ու խա­ղաղ ան­ցած: Ու կյան­քի մայրամու­տին կա­րող են խա­ղաղ նստել հյուրասենյակում, ի­րար պատ­մել զավակ­նե­րի, թոռ­նե­րի մա­սին, ա­մու­սին­նե­րի մա­սին և, նկա­տի առ, հին­գի խոսքե­րից չէիր կա­րո­ղա­նա ո­րո­շել, թե ո­րի ա­մու­սինն է ողջ, որինը՝ մա­հա­ցած: Հինգն էլ ամուսնու մա­սին  խո­սում  էին  ներ­կա ժա­մա­նա­կով… Հասկանո՞ւմ­ ես, ինչ եմ ու­զում ա­սել:

ՆԱՐԵ — Փոր­ձում եմ:

ԱՐՓԵՆ — Այդ օ­րը, կողքից նայե­լով նրանց, մտա­ծե­ցի, թե ինչ եր­ջա­նիկ ենք ե­ղել մենք, երջանիկ եմ եղել ե՛ս, ո­րով­հետև մեր ման­կութ­յունը չի խա­թար­վել վա­խից, թե ծնող­ներս հան­կարծ կբա­ժան­վեն: Մեր ծնող­նե­րի ա­մե­նա­մեծ նվերը ե­ղել է մեր անհոգ, հաշտ մանկութ­յու­նը: Իսկ մե՞նք… Ան­հան­գիստ դա­րն ստի­պում է շտա­պել, նա­յել ու չտես­նել, տես­նել ու չզգալ, ու փնտրել, փնտրել… կանգ չառ­նել, չմտա­ծել խաղաղ ան­դոր­րի մասին: Ան­գամ քեզ ան­հան­գիստ կյանքը գտավ, դուրս քաշեց խո­հա­նո­ցից ու տա­րավ, սատա­նան գի­տե` ուր:

ՆԱՐԵ — Սա­տա­նան լա՜վ­ էլ տեղ­յակ է` նախ սրճա­րան, հե­տո՝ այս­տեղ:

ԱՐՓԵՆ — Լավ գի­տես՝ ինչ եմ ու­զում ա­սել: Այս ան­դա­դար վազ­քը վերջնականապես սարսափեց­րել է կա­տա­ղի ռիթ­մով, ու մենք ա­վե­լի շատ խոսում ենք  ապ­րե­լու մա­սին, քան ապ­րում ենք: Մենք կորց­րել ենք խա­ղաղ նավա­հան­գիս­տը, մեր ե­րե­խա­նե­րը եր­բեք մեզ պես ան­հոգ ու եր­ջա­նիկ չեն լինի: Չե՛ն կա­րող լի­նել, ո­րով­հետև նրանց ծնող­նե­րը վա­րակ­ված են այս վազ­քի թելադ­րած փնտրտու­քով:  Այն  հյու­րա­սեն­յա­կում  մի ու­րիշ աշ­խարհ էր, անցած- ան­հե­տա­ցած մի ժա­մա­նակ,  որն  այլևս  վե­րա­դարձ  չու­ներ, որովհետև էլ որ­տե­ղի՞ց ­մեկ ան­գամ ու ընդ­միշտ ա­մուս­նուն նվիր­վե­լու միամ­տութ­յուն, որտե­ղի՞ց­ ինքդ քեզ մո­ռա­նա­լու, ա­վե­լի շատ տա­լու, քան վերց­նե­լու համարձակութ­յուն: Միայն տեսնեիր՝ ինչ­ խաղաղ էին նրանք, և ինչ­պես էի նախան­ձում նրանց, ո­րով­հետև այդ­ պահին հաս­կա­ցա, որ  ընդ­միշտ  կորց­րել  եմ  խա­ղաղ  նա­վա­հան­գիստ տա­նող ճանա­պար­հը:

         Ծանր լռութ­յուն:

ՆԱՐԵ — (տե­ղից բարձ­րա­նա­լով): Սրճա­րա­նից վերցրու ճամպրուկս:

ԱՐՓԵՆ — Լավ: Տան բա­նա­լին մո՞տդ­ է:

ՆԱՐԵ — Գոգ­նո­ցիս գրպա­նում է: (Մտնում է ննջա­րան):

Գա­լիս է Արամը՝ գծագ­րեր թ­ևի տակ:

ԱՐԱՄ — Բա­րի օր:

ԱՐՓԵՆ — Ա­վե­լի ճիշտ՝ բա­րի լույս:

ԱՐԱՄ — Ի՞նչ­ եք ակ­նար­կում:

ԱՐՓԵՆ — Ըն­դա­մե­նը ձեր աշ­խա­տան­քա­յին ե­ռան­դը:

ԱՐԱՄ — (անվր­դով նստում է սե­ղա­նի մոտ): Աշ­խար­հի յոթ սար­սափ­նե­րից մեկը ա­ռա­վոտ ծեգին սրամ­տող կինն է: Իսկ քա­նի որ կինն ընդ­հան­րա­պես սրամտել չի կա­րող, ընդամե­նը խայթում է:

ԱՐՓԵՆ — Այ­սի՞նքն:

ԱՐԱՄ — Ոչ ուղ­ղա­կի ի­մաս­տով, ի­հար­կե: Սուրճ չե՞ք հյու­րա­սի­րի:

ԱՐՓԵՆ — Ոչ: Ու շատ եմ խնդրում, հի­մա գնա­ցեք և, ընդ­հան­րա­պես, այ­սօր հանգստ­յան օր հայ­տա­րա­րեք: Վաղ­վա­նից կա­րող եք գալ ու գնալ՝ երբ ցանկանաք: Հի­մա գնա­ցեք:

ԱՐԱՄ — Ես ա­վե­լորդ ժա­մա­նակ չու­նեմ: Փո­խա­րե­նը ա­հա­գին գործ ու­նեմ էս­տեղ:

ԱՐՓԵՆ — Գնա­ցեք այս­տե­ղից: Թե­կուզ՝ ընդ­միշտ: Պայ­մա­նա­գի­րը քան­դում եմ, վնա­սը հատու­ցե­լով, ի­հար­կե:

ԱՐԱՄ — Աշ­խար­հի յոթ սար­սափ­նե­րից հա­ջոր­դը ըն­կե­րու­հու հա­մար անձնազոհութ­յան պատ­րաստ ըն­կե­րու­հին է: Թեև շատ հա­ճախ նրա զոհողությու­նը ոչ միայն ա­վե­լորդ է, այլև ան­ցան­կա­լի:

ԱՐՓԵՆ — (դան­դաղ բարձ­րա­նա­լով տե­ղից): Դո՛ւրս: Թե չէ… (Ձեռ­քը մեկ­նում է բա­ժա­կին):

ԱՐԱՄ — (նույն կերպ բարձ­րա­նում է տե­ղից, ձեռ­քում` ափ­սե): Թե չէ` ի՞նչ:

Գոգ­նո­ցը ծա­լե­լով մտնում է Նարեն:

ՆԱՐԵ – Լսե՛ք…

Եր­կու­սը կտրուկ շրջվում են` ափ­սեն ու բա­ժա­կը թռչում են Նարեի կողմը: Նա հասց­նում է կռա­նալ. ափ­սեն ու բա­ժա­կը նրա գլխա­վերևում փշրվում են:

 

ԻՆՆԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

Ե­րե­քով հյու­րա­սեն­յա­կում սուրճ են խմում:

ԱՐՓԵՆ — (Նարեին՝ ա­ռար­կութ­յուն չըն­դու­նող տո­նով): Ե­րե­կո­յան ճամպ­րուկդ կբե­րեմ: Դու կհասց­նես մսով կար­կան­դակ պատ­րաս­տել: Գրո­ղի ծո­ցը դիե­տան՝ կու­տեմ մինչև պայթելս:

Նարեն, ժպտա­լով Արամին, գլխով շար­ժում է ա­նում, ու չի հաս­կաց­վում, դա հա­մա­ձայ­նութ­յան նշա՞ն­ է

ԱՐՓԵՆ — (Արամին՝ նույն տո­նով): Այ­սօր ա­վար­տեք խո­հա­նո­ցը: Միայն, խնդրում եմ, գազօջախն ու լվա­ցա­կոն­քը ի­րա­րից հե­ռու տե­ղադ­րեք:

Արամն ար­ձա­գան­քում է Նարեի պես:

ԱՐՓԵՆ — (Նարեին): Խնձո­րով շառ­լոտ­կա պատ­րաս­տիր: Հա­զար տա­րի է` չեմ կե­րել:

Նարեի ար­ձա­գան­քը նույնն է:

ԱՐՓԵՆ – (Արամին): Չմո­ռա­նաք հե­ռուս­տա­ցույ­ցի մա­սին: Գտեք խո­հա­նո­ցում այն տեղը, որտեղից էկ­րա­նը տե­սնեմ բո­լոր անկ­յուն­նե­րից: Չգի­տեմ, թե­կուզ առաս­տա­ղից կա­խեք:

Արամն ար­ձա­գան­քում է ա­ռաջ­վա պես: Լռութ­յուն: Արփեն հերթով նա­յում է երկուսին:

ԱՐՓԵՆ — Ինչ­քան հաս­կա­ցա, իմ ներ­կա­յութ­յունն ա­վե­լորդ է:

ԱՐԱՄ — Դեռ չեմ մո­ռա­ցել, որ դուք եք տան­տե­րը: (Բարձ­րա­նում  է տե­ղից): Ուրեմն, մենք կգնանք:

Նարեն դան­դաղ բարձ­րա­նում է՝ աչ­քը ըն­կե­րու­հուն:

ԱՐՓԵՆ — (Նարեին): Ո՞ւր… մո­ռա­ցա՞ր` ի՛նչ­ էիր ո­րո­շել:

ԱՐԱՄ — Աշ­խար­հի եր­րորդ սար­սա­փը իր կամ­քը ու­րի­շին պար­տադ­րող կինն է: Լսել եմ, խստա­պա­հանջ ղե­կա­վար եք, բայց նա ձեր ենթական չէ: (Նարեին.) Սրճա­րա­նում մթնոլորտն ա­վե­լի հա­ճե­լի չէ՞:

ԱՐՓԵՆ – (Նարեին): Նստի՛ր: Նստի՜ր, խնդրո՛ւմ­ եմ: Եվ ա­սա նրան, որ գնա այս­տե­ղից:  Հենց հիմա…

Նարեն ու­զում է նստել:

ԱՐԱՄ – (Նարեին): Վա­խե­ցա՞ր: Ես էլ կար­ծում էի… Հա­մե­նայն­դեպս, բաժակները ջար­դե­լիս շատ ա­վե­լի անկեղծ էիր:

Նարեն կանգնում է:

ԱՐՓԵՆ — Այ­սօր աշ­խա­տան­քի չեմ գնա: Խա­նութ­ներ կմտնենք, հե­տո կթափառենք, սուրճ կխմենք:

Նարեն նստում է:

ԱՐԱՄ – Ի՜նչ հեշտ է հա­մոզ­վում, էն էլ` երկու խոս­տումով:

ՆԱՐԵ — (պայ­թում է): Վե՛րջ տ­վեք: Եր­կուսդ էլ: Ո՜նց են պայ­քա­րում կորուս­յալ… (Փնտրում է հար­կա­վոր բա­ռը):

ԱՐՓԵՆ — …հո­գո՞ւ:

ԱՐԱՄ — …գառ­նու­կի՜:

ՆԱՐԵ — Ո՛չ ու ո՛չ: Ու ո՛չ ­մի կո­րուս­յալ: Չա­փա­հաս եմ, ինչ ու­զե­նամ՝ կա­նեմ:

ԱՐՓԵՆ — Օ­հո՜:

ԱՐԱՄ — Բրա՛վո:

ՆԱՐԵ — Ա­սա­ցի՝ պա­պանձ­վե՛ք: (Արփենին.) Ինձ խնա­մա­կա­լ պետ­ք չէ: (Արամին.) Իսկ դուք ի՞նչ ի­րա­վուն­քով եք ո­րո­շում իմ փո­խա­րեն: (Արփենին.) Դու գնա քո գոր­ծին: (Արամին.) Իսկ դուք զբաղ­վեք ձեր խո­հա­նո­ցով: (Վերցնում է գոգ­նոցն ու գնում դե­պի դու­ռը):

ԱՐՓԵՆ, ԱՐԱՄ — (միա­սին): Ո՞ւր:

ՆԱՐԵ — Սրճա­րա՛ն: Ա­պուր ե­փե­լու: Սրճա­րա­նա­տե­րը հրա­շա­լի մարդ է, բայց եփած ա­պու­րը բա­նի պետք չէ: (Դուռն ա­մուր շրխկաց­նում է):

Արփենն ու Արամը կշտամ­բան­քով նա­յում են ի­րար:

                    

ՏԱՍՆԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

Սրճա­րանում: Ուշ գի­շեր է: Ներս է մտնում Արփենը:

ԱՐՓԵՆ — Այս­տե՞ղ­ է:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Ո՞վ:

ԱՐՓԵՆ — (կծու): Ինչ-որ մե­կը ա­ռա­վոտ­յան, գոգ­նո­ցով ­զին­ված, ե­կավ այս­տեղ ապուր ե­փե­լու

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Դա ա­ռա­վոտն էր: Հի­մա կես­գի­շեր է:

ԱՐՓԵՆ — (ա­նուժ փլվում է ա­թո­ռին): Վաղո՞ւց­ են գնա­ցել:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Կե­սօ­րին մոտ էր: Ճա­շե­ցինք ե­րե­քով: Հե­տո գնա­ցին:

ԱՐՓԵՆ — Ո՞ւր:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Չա­սա­ցին: (Գա­լիս, նստում է նրա դի­մաց): Նրանք չա­փա­հաս մար­դիկ են:

ԱՐՓԵՆ — Հե­տո՞ ինչ: Դա նրանց ի­րա­վունք չի տա­լիս: (Հոգ­նած): Հաս­կա­նում եք, դա բո­լո­րի հետ պա­տա­հում է: Մե­կի մոտ անն­կատ է անց­նում, մյու­սի հա­մար պայթ­յուն է, ո­րից հետո փլա­տակ­ներ են մնում: Պա­հեր կան, երբ կնո­ջը  չի  կա­րե­լի մե­նակ թող­նել: Ամենա­հան­դարտ, ա­մե­նա­հա­վա­սա­րակշռ­ված կինն ան­գամ նման պա­հե­րին կա­րող  է կորց­նել ի­րեն:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Գու­ցե՝ գտնե՞լ:

ԱՐՓԵՆ — Սո՛ւտ­ է, խաբ­կանք… ո­րով­հետև այդ պա­հը խաղ է, ճա­կա­տագ­րի դաժան խաղ: Չէ, սխալ ա­սա­ցի, դա կյան­քի՛ չար խաղն է: Ո­րով­հետև կյան­քը չի նե­րում: Նա կա­րող է սպա­սել դա­րա­ն մտած գա­զա­նի պես օ­րեր, շա­բաթ­ներ, անգամ տա­րի­ներ կա­րող է սպա­սել, համ­բե­րա­տար կրծե­լով մա­գիլ­նե­րը` տարինե­րի ան­շար­ժութ­յան մեջ ըմբոշխնե­լով այն պա­հը, երբ կհայտն­վի քո առաջ ու հա­շիվ կպա­հան­ջի: Չէ, հա­շիվ էլ չի պա­հան­ջի, միան­գա­մից կանց­նի հաշ­վե­հար­դա­րի: (Սթափ­վե­լով): Նե­րե­ցեք, պարզապես այս մի քա­նի օ­րը… Նրա փա­խուս­տը նաև իմ փա­խուստն է: Միայն թե հաշվե­հար­դա­րի են­թարկ­վո­ղը հիմա նա է: Ի­մը դեռ առջևում է…

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Չե՞ք խ­տաց­նում գույ­նե­րը:

ԱՐՓԵՆ — Թույլ տվեք չհա­մա­ձայն­վել ձեզ հետ: Սա այն խա­ղե­րից է, երբ անպայման պարտվող է պետք: Ու, չգի­տես ին­չու, հիմ­նա­կա­նում կինն է լի­նում պարտ­վո­ղը: (Դադար): Կի­նը սի­րով է ապ­րում: Բայց այդ սե­րը չպի­տի դառ­նա ա­մե­նօր­յա հա­գուս­տի պես մի բան, գո­նե եր­բեմն պի­տի նո­րա­նա, հի­շեց­նի իր մա­սին, թեթև գլխապ­տույտ առա­ջաց­նի: Մեծ գաղտ­նիք չէ ա­սածս, բայց, չգիտես ին­չու, մո­ռա­ց­վում է տղամարդկանց կող­մից: Հե­տո էլ զար­մա­նում են, թե ին­չո՞ւ հան­կարծ կի­նը կա­րող է փախ­չել տնից:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Երբ կինս մա­հա­ցավ… անս­պա­սե­լի, ան­հե­թեթ մահ: Հարբած վա­րոր­դը չէր կա­րո­ղա­ցել ար­գե­լա­կել… Երբ հա­սա հի­վան­դա­նոց, ար­դեն չէր կա­րող խո­սել: Միայն աչքերն էին ապ­րում: Այդ մի քա­նի րո­պե­ներին, երբ նա­յում էինք ի­րար, հասկացա, թե ինչ­քան չաս­ված բա­ռեր մնա­ցին մեր մեջ: Ես փոր­ձում էի ինչ-որ բան ա­սել, բայց մի՞թե հնա­րա­վոր է մի քա­նի րոպեում ա­սել կարևորի մասին, ա­սել մեկ կամ մի քա­նի բա­ռով: Անհ­նար է: Այդ մեկ բա­ռը պի­տի աս­վի տա­րի­նե­րի ըն­թաց­քում, ա­մեն օր, պա­տեհ ու անպա­տեհ ա­ռի­թով… Նրա հա­յաց­քը դան­դաղ մա­րում էր, իսկ ինձ մնում էր միայն լուռ նայել: Նրա­նից հե­տո ինձ մնաց մի մեծ լռութ­յուն, ո­րը պայ­թում է հազարավոր չաս­ված բա­ռե­րից ա­մեն օր, ա­մեն վայրկ­յան… Ես շատ ուշ հաս­կա­ցա, որ սի­րե­լի մար­դուն պի­տի տաս նրան հա­սա­նե­լիք բո­լոր բա­ռե­րը` վեր­ջին, ա­մենակարևոր բառն ա­սե­լու իրավունքն ստա­նա­լու հա­մար: Հա­կա­ռակ դեպ­քում կմնաս ճչացող բա­ռե­րի լռութ­յան մեջ:

         Լռութ­յուն:

ԱՐՓԵՆ — Ժա­մը քա­նի՞սն­ է:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — 12-ն­ անց է 15 րո­պե:

ԱՐՓԵՆ — Խաբ­կան­քի ժամն է: Ո­րին հա­ջոր­դում է դա­ժան ի­րա­կա­նութ­յու­նը:  Այս­քա­նից հետո, կար­ծում եմ, գնա­լուս ճիշտ ժա­մա­նակն է:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Իսկ ես, այս­քա­նից հե­տո, պնդում եմ, որ մնաք: Նախ` ար­դեն շատ ուշ է: Երկ­րորդ՝ միա­սին սպա­սելն ա­վե­լի հեշտ է:

 

Լույ­սը մա­րում է: Բե­մի հա­կա­ռակ կող­մը լու­սա­վոր­վում է՝ կանգ­նած են Նարեն ու Արամը: Անձրև է: Նրանք պատս­պար­վել են շքա­մուտ­քում:

ԱՐԱՄ — Էս անձրևը հա­տուկ քեզ հա­մար է պատ­վիր­ված: Չծի­ծա­ղես, քեզ համար է, որովհետև մեր քա­ղա­քում միայն դու կա­րող ես ա­մռան կե­սին անձրևա­նոց հագ­նել:

ՆԱՐԵ — Հի­մա ո՜նց­ եմ զգում նրա կա­րի­քը: Ես, ի­հար­կե, չպի­տի հարց­նեմ ժա­մի մասին:

ԱՐԱՄ — Ինչ էլ ա­սեմ՝ միևնույն չէ՞: Սպա­սիր: (Քան­դում է կնոջ մա­զե­րի հանգույցը, վարսերն ա­զատ թա­փում են ու­սե­րին: Գոհ): Ա՛յ, հի­մա ե­ղավ: Ա­ռա­ջին հանդիպու­մից մտա­ծե­ցի, որ հիմար հե­րա­կալի փո­խա­րեն լավ կա­նեիր, ե­թե մա­զերդ բաց թող­նեիր: Տես­նո՞ւմ ես, չսխալ­վե­ցի: Ի վեր­ջո, նկար­չի աչք է, թեկուզ` ձա­խո­ղակ նկար­չի աչք:

ՆԱՐԵ — Դու նաև նկա­րի՞չ­ ես:

ԱՐԱՄ — Նաև նկա­րիչ չի լի­նում: Կամ նկա­րիչ, կամ… մի այլ բան:

ՆԱՐԵ — Վա­ղո՞ւց ­չես նկա­րում:

ԱՐԱՄ — Մի քա­նի տա­րի է: Ինչ­քա՞ն ­կա­րե­լի է սպա­սել ու բութ համառութ­յամբ կտավնե­րը քարշ տալ էս սա­լո­նից էն վեր­նի­սա­ժը: Չեն առնում, ու վե՛րջ: Մնա­ցա­ծը պա­րապ խոսակ­ցութ­յուն է: Մի օր փա­կե­ցի արվեստա­նո­ցիս դուռն ու բա­նա­լին շպրտեցի… չեմ հի­շում՝ ուր: Մե­ռավ նկարիչը, ու ոչ մե­կը չնկա­տեց նրա մա­հը: Իսկ երբ նրա տե­ղում ծնվեց հա­ջո­ղակ դի­զայ­նե­րը, ան­տար­բեր­ներ չե­ղան:  Ա­ռա­ջի­նը նկա­տե­ցին տա­նը… Հանկարծ շրջա­պատ­վե­ցի հո­գա­տա­րութ­յամբ, խնամ­քով: Երբ նստում էի աշխա­տե­լու՝ զգույշ էին քայ­լում, խո­սում շշու­կով… Բա ո՞նց, ըն­տա­նի­քի հայ­րը զբաղ­ված է լուրջ գործով, շա­հա­վե՛տ գոր­ծով: Իսկ երբ թող­նում էի գծագ­րերն ու հաշ­վարկ­նե­րը, պատշգամ­բում ծխում սի­գա­րետ-սի­գա­րե­տի վրա` վա­խե­ցած հարց­նում էին՝ ի՞նչ է պատա­հել, շատ չե՞մ ­հոգ­նում… Բայց ին­չո՞ւ ոչ մե­կը չէր ան­հանգս­տա­նում, երբ օ­րե­րով փակ­վում էի ար­վես­տա­նո­ցում: Ին­չո՞ւ կարեկցան­քի բառ ան­գամ չէին գտնում, երբ հերթա­կան սա­լո­նից քարշ էի տա­լիս մերժ­ված գործերս…

ՆԱՐԵ — Նրանք կկա­րո­ղա­նա­յին ար­դա­րա­նալ, ե­թե այս­տեղ լի­նեին:

ԱՐԱՄ — (հոգ­նած): Ի՛նչ­ է, չգի­տե՞մ… Նրան­ցից լավ կա­րող եմ ի­րենց արդարաց­նել… Սկզբում ինք­նա­սի­րութ­յունս շոյ­վում էր, երբ պատ­վի­րա­տուն կաշ­վից դուրս էր գա­լիս իմ համաձայ­նութ­յունն ստա­նա­լու հա­մար: Զա­վեշտ է, երբ քո գործն ա­ռա­ջար­կում ես նվաս­տա­ցած, իսկ ինչ ա­նում ես որ­պես պար­տադրանք, այդ նույն մար­դիկ ընդունում են շնոր­հա­կա­լութ­յամբ… Քեզ մնում է միայն ար­հա­մար­հա­կան ժպտալ նրանց թիկունքին:

ՆԱՐԵ — (շո­յում է նրա դեմ­քը, հե­տո, իր ա­րա­ծից վա­խե­ցած): Նե­րիր…

ԱՐԱՄ — (չոր): Միայն չխղճաս: Էդ­քան խեղճ տեսք չու­նեմ:

ՆԱՐԵ — Դու հի­մա վի­րա­վոր­ված ման­չու­կի ես նման: Կու­զեի տես­նել քո նկարնե­րը: Բայց գիտեմ, որ անհ­նար է:

ԱՐԱՄ — Եր­բեմն մենք ա­վե­լի շատ ենք ե­րա­զում անհ­նա­րինի մա­սին, քան երեխա­նե­րը: Էլ ի՞նչ ­կու­զե­նա­յիր:

ՆԱՐԵ — Կու­զեի, որ այս օ­րե­րը չլի­նեին:

ԱՐԱՄ — Իս­կա­պե՞ս:

ՆԱՐԵ — Չլի­ներ իմ փա­խուս­տը, չլի­ներ սրճա­րա­նը, օ­ղին, գոգ­նո­ցը, չլի­ներ այդ չա­րա­բաս­տիկ անձրևա­նո­ցը… չլի­նեիր դու: Տ­նից փա­խա՝ ինձ գտնե­լու հա­մար, փո­խա­րե­նը…

ԱՐԱՄ — (փոր­ձում է կա­տա­կի տալ): Գտար ի՞նձ:

ՆԱՐԵ — Կորց­րի քեզ: Սա ժա­մա­նա­կա­վոր խա­վա­րում է: Լի­նում է, չէ՞, օ­րը ցերեկով արևն­ անհե­տա­նում է ու գի­շե­րը դառ­նում է տեր, ան­գամ գի­շե­րա­յին քա­մի է հայտն­վում ու քնա­րա­հա­րամ՝ դե­սու­դեն նետ­վում: Բայց քիչ անց նո­րից հայտն­վում է արևը, և ա­մեն ինչ ստա­նում է իր նախ­կին տես­քը: Սա էլ ի՛մ խավա­րումն է: Մի քա­նի օր ա­ռաջ կա­րո՞ղ­ էի մտա­ծել, որ գի­շե­րով կմնամ անձրևի տակ ու չթրջվե­լու հա­մար կթաքն­վեմ ինչ-որ շքա­մուտ­քում ան­ծա­նոթ… դե լավ, կի­սա­ծա­նո՛թ ­մե­կի հետ:

ԱՐԱՄ — Եվ, ի­հար­կե, մտքովդ չէր անց­նի, որ գի­շե­րով, անձրևի տակ կա­րող ես… (Նարեին դուրս է քա­շում շքա­մուտ­քից):

ՆԱՐԵ — Ի՞նչ­ ես ա­նում:

ԱՐԱՄ — Կա­րող ես համ­բուր­վել…

 

Գրկա­խառն­վում են: Լույ­սը մա­րում է: Լու­սա­վոր­վում է սրճա­րա­նը:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Ով ա­սես, չի գալիս… Տա­րի­նե­րի ըն­թաց­քում սո­վո­րե­ցի առաջին հայացքից ո­րո­շել ներս մտնո­ղի ով լի­նե­լը:

ԱՐՓԵՆ — Ոչ մի ան­գամ չե՞ք ս­խալ­վել:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Շա՛տ: Բայց դա չի նշա­նա­կում, որ չեմ հաս­կա­ցել նրանց:

Ներս են մտնում Նարեն ու Արամը: Թրջված են ու եր­ջա­նիկ: Շուր­ջը ո­չինչ չեն նկա­տում:

ՆԱՐԵ — Ինձ թվում է` աշ­խար­հը փոք­րա­ցել-տե­ղա­վոր­վել է այս սրճա­րա­նում: Ուր էլ գնամ` վեր­ջում այս­տեղ եմ հայտն­վում: Գի­տե՞ս, հա­զար տա­րի անձրևի տակ չէի քայ­լել:

ԱՐԱՄ — Մտքովս չէր անց­նի, որ անձրևից թրջված մա­զե­րը կա­րող են այս­քան գե­ղե­ցիկ լինել:

Նարեն սո­վոր շար­ժու­մով ու­զում է հա­վա­քել մա­զե­րը:

ԱՐԱՄ — Թո՛ղ: Ձեռք չտա՛ս: (Շո­յում է նրա մա­զե­րը): Սրա­նից հե­տո ա­մա­ռա­յին անսպա­սե­լի անձրևնե­րը տե­ղա­լու են միայն քեզ հա­մար:

ՆԱՐԵ — (աչ­քե­րը փակ): Ի՞նչ ա­նեմ, որ այս բա­ռե­րը չխամ­րեն, որ տա­րի­ներ անց կա­րո­ղա­նան հնչել ար­ծաթ զան­գակ­նե­րի պես: Ես… միայն չծի­ծա­ղես, ես պա­րել եմ ու­զում:

ԱՐԱՄ — (չզար­մա­նա­լով): Հի­մա: ե­ղից չի շարժ­վում):

Սրճա­րա­նա­տե­րը միաց­նում է նվա­գար­կի­չը: Նրանք պա­րում են:

ՆԱՐԵ — Ին­չո՞ւ եմ ու­զում, որ ե­րաժշ­տութ­յու­նը չա­վարտ­վի: Չէ՞ որ ու­զածս անհնա­րին բան է:

ԱՐԱՄ — Գո­նե այդ մա­սին կա­րող ես բարձ­րա­ձայն ա­սել: Ես դա էլ չեմ կարող: Դու խոսում ես եր­կու­սիս փո­խա­րեն:

ՆԱՐԵ — Հա, եր­կուսս էլ գժվել ենք:

ԱՐԱՄ — Կո­լեկ­տիվ գժութ­յուն լի­նո՞ւմ­ է:

Ծի­ծա­ղում են ու պա­րում: Արփենը ան­ջա­տում է ե­րաժշ­տութ­յու­նը: Լռութ­յուն:

ՆԱՐԵ — Ա­հա և ա­վար­տը: (Ու­զում է ա­զատ­վել նրա գրկից):

ԱՐԱՄ — (նրան բաց չթող­նե­լով): Ե­րաժշ­տութ­յու­նը լռեց, բայց պա­րը կա­րող ենք շարունակել: Ճիշտ է, ոչ ան­վերջ, բայց դեռ կա­րող ենք պա­րել:

ԱՐՓԵՆ — Վերջ տվեք է­ժա­նա­գին ներ­կա­յաց­մա­նը: Կա սահման, ո­րից հե­տո սկսվում է ֆարսը: Միք հաս­նի դրան: Կա­րո­ղա­ցեք նա­յել ի­րար և ա­սել. վե՛րջ:

ԱՐԱՄ — (մթնդած): Մի՛ լսիր նրան:

ՆԱՐԵ — (կոտր­ված): Նա ի­րա­վա­ցի է: Մենք, երևի, ծի­ծա­ղե­լի ենք… նաև խղճուկ տեսք ու­նենք: Օգ­նիր ինձ, խնդրում եմ, թող: Թող՝ գնամ:

Արամն ա­վե­լի է սեղ­մում նրան գրկի մեջ:

ՆԱՐԵ — Գի­տե՞ս, խա­վա­րու­մը դեռ չի ա­վարտ­վել: Ճիշտ է, արևը քիչ-քիչ սկսում է երևալ, բայց գի­շե­րա­յին քա­մին դեռ քնա­հա­րամ դե­սու­դեն է նետ­վում: Ին­չո՞ւ եկա այս­տեղ, ինչո՞ւ չեմ ու­զում գնալ այս­տե­ղից… Թող, թո՛ղ ն­րանք լսեն, ես չեմ վա­խե­նում իմ բառերից, առա­ջին ան­գամ ինձ չի մտա­հո­գում «Ի՞նչ կմտա­ծեն մար­դիկ» հար­ցը: Ես քեզ կա­տեմ, ու դա կլի­նի շատ շուտ՝ վա­ղը կամ ե­կող շաբաթ: Ես կա­տեմ քեզ ու կփոր­ձեմ մո­ռա­նալ այս օ­րե­րը: Ու երբ կա­րո­ղա­նամ մո­ռա­նալ, երբ ա­մեն ինչ կգնա նախ­կին, սովո­րա­կան հու­նով, այդ ժա­մա­նակ կփոր­ձեմ վե­րա­դարձ­նել այս սրճա­րա­նը, մեր առաջին հան­դի­պու­մը, քո հար­ցը, հի­շո՞ւմ­ ես… «Իսկ ձեր ին­չի՞ն­ է պետք սե­րը»: Կփորձեմ վեր­հի­շել քո դեմ­քը՝ երբ քննում-զննում էիր ինձ, երբ փոր­ձում էի հի­շել սենյակ­նե­րի թի­վը, քո ժպի­տը, երբ վա­խից ճչում էի` կա­րու­սե­լի վազ­քից շնչակ­տուր եղած… Ես ա­մեն ինչ խնամ­քով կվե­րա­դարձ­նեմ, կդա­սա­վո­րեմ ու կփա­կեմ հե­ռու մի տեղ՝ իմ հո­գում, ու շնոր­հա­կալ կլի­նեմ այս օ­րե­րի հա­մար: Այս սրճա­րա­նում հանդիպեցին մի պատ­մութ­յան սկիզբն ու ա­վար­տը, ու հի­մա «վերջ» ա­սե­լու ժամա­նակն է:

ԱՐԱՄ — Հի­մա էլ ես խո­սում եր­կու­սիս փո­խա­րեն: Ես հաշտ չեմ բա­ռե­րի հետ, իմ բա­րե­կա­մը լռութ­յունն է… Հի­մա, հնա­րա­վոր է, չկա­րո­ղա­նամ ճիշտ բա­ռեր գտնել, բայց դու ինձ կհաս­կա­նաս… Գու­ցե սա խա­վա­րում չէ՞, այլ հա­կա­ռակը… Չգի­տեմ, խա­վա­րու­մի հակա­ռա­կը ո՛րն է… Ի՞նչ էի ու­զում ա­սել… Չէ, դու պարզա­պես նա­յիր աչ­քե­րիս… ա­սա, որ սա վեր­ջը չէ:

ԱՐՓԵՆ — Ի­հար­կե, կու­զե­նա­յիր, որ վերջ չլի­ներ… մի ո­րոշ ժա­մա­նա՛կ վերջ չլիներ: Ռոմանտիկ, բայց, կարևո­րը, կար­ճատև ար­կած, հա­ճե­լի փո­փո­խութ­յուն միօ­րի­նակ կյան­քում: Իսկ նրա մա­սին մտա­ծե՞լ ես, մտա­ծո՞ւմ­ ես, թե ինչ­պես է տուն վերադառնալու: Իսկ որ վե­րա­դառ­նա­լու է, ոչ ին­քը, ոչ էլ դու կաս­կած չունեք…

ՆԱՐԵ — Լռի՛ր, չլսե՛մ ­ձայնդ: Այդ ինք­նավս­տահ, մշտա­պես ա­մեն ինչ ի­մա­ցող ու եր­բեք չսխալ­վող ձայնդ: Ի՞նչ­ ես ու­զում ինձ­նից, ին­չո՞ւ ես հե­տապն­դում… Ես ըն­դա­մե­նը գիշերում եմ քո տա­նը, բայց դա քեզ լրտե­սե­լու ի­րա­վունք չի տա­լիս:

ԱՐՓԵՆ — Հաս­կա­նո՞ւմ­ ես, ի՛նչ­ ես ա­սում:

ՆԱՐԵ — Հաս­կա­նո՛ւմ­ եմ, ե­թե միայն ի­մա­նաս, թե ինչ­պե՛ս­ եմ հաս­կա­նում քեզ:  Ին­չո՞ւ դու, որ ապ­րում ես, ինչ­պես ցան­կա­նում ես, պի­տի ինձ ա­սես` ինչ­պես ապ­րեմ ես: Հա, ես գիտեմ, որ մե­զնից ոչ մե­կն այն­քան մե­նակ չէ, ինչ­պես դու, բայց չէ՞ որ այդ մե­նա­կութ­յան փոխ­հա­տու­ցումն էլ այն­քան վա­տը չէ` տղամարդ­կանց մշտա­կան սերն ու ուշադրությու­նը: Դու կա­րող ես արհամարհել նրանց, ո­րով­հետև շփա­ցել ես մշտա­կան սի­րուց և ուշադրությունից: Իսկ ե՞ս… վա­ղո՜ւց ­միայն մայր եմ ու ըն­տա­նի­քի կին… Ոչ թե տղա­մար­դու, այլ ըն­տա­նի­քի՛ կին, ո­րի միակ հոգ­սը պի­տի լի­նի ըն­տա­նի­քին ծա­ռա­յե­լը: Չէ, ես դեմ չեմ, ես եմ ընտ­րել, բայց… ե­թե միայն ի­մա­նաս, թե ինչ­պե՛ս եմ ու­զում, թե­կուզ կարճ ժա­մա­նա­կով, կին լի­նել, պար­զա­պես կին… Տա­րի­ներն անց­նում են, իսկ պատահա­կան-հիա­ցա­կան հա­յացք­ները պակասում են: (Չա­րա­նա­լով): Թե՞ նախանձում ես, որ այս ան­գամ նկա­տեցին ինձ: Իսկ չէ՞ որ միշտ այդ­պես է եղել՝ դու ուշադ­րութ­յան կենտ­րո­նում, ես` ստվե­րում… լա­վա­գույն դեպ­քում` մատուցարա­նը ձեռ­քիս…  (Սթափ­վե­լով, զղջու­մով): Ին­չե՜ր­ եմ դուրս տա­լիս… նե­րիր, հա՞, նե­րիր ինձ, մո­ռա­ցիր ասածներս… Ես չեմ, մեկ ու­րի­շն է, ո­ր մի քա­նի օ­ր ու­րիշ կյանք ապ­րեց ու մի փոքր գժվել է… Նե­րիր նրան…

         Արփենը դուրս է նետ­վում` բաց թողնելով դուռը:

ՆԱՐԵ — Ի՞նչ­ եմ ա­նում, ի՞նչ եմ ասում… (Ե­րե­խա­յի ա­նօգ­նա­կան ձայ­նով): Տուն  եմ ու­զում գնալ…

Սրճա­րա­նա­տե­րը փա­կում է դուռը, լսվում է դռան ծլնգո­ցը: Նարեն ու Արամը նա­յում են դռան կող­մը:

ԱՐԱՄ — Տե՛ս, մենք ար­դեն ընդ­հա­նուր հուշ ու­նենք:

ՆԱՐԵ — (գլուխն օ­րո­րում է, սա­ռը): Տանն ինձ են սպա­սում:

ԱՐԱՄ – (դադարից հետո): Իսկ շատ ուշ չէ՞: Գու­ցե մի քանի ժամ է՞լ մ­նաք այս­տեղ ու լույ­սը բացվե­լուց հե­տո գնաք՝ իբր վե­րա­դառ­նում եք գի­շե­րա­յին հեր­թա­փո­խից: (Նկատե­լով Նարեի այ­լայլ­վե­լը): Ի՞նչ, նրբան­կատ չհնչե՞ց­ ա­սածս: Իսկ ի՞նչ­ էիք սպա­սում, տի­կի՛ն: Ձեր ա­մուս­նուն կարող եք հա­մո­զել, որ այս օ­րե­րին մտա­ծել եք միայն նրա մա­սին, կարո­տից տա­ռա­պել ու փո­խա­րե­նը ակն­կա­լում եք նրբան­կատ վե­րա­բեր­մունք: Ինձ­նից չսպա­սեք՝ ինձ չեք կա­րող հա­մո­զել: (Նարեն գնում է դե­պի դու­ռը): Բո­լորդ էլ նույնն եք, բո­լորդ էլ փախ­չո՛ւմ եք: Ժամանակավոր թե ընդ­միշտ, բայց ձե­րը փախ­ուստն է: Դե, ինչի՞ ես սպա­սում, գնա՛:  Տունդ՝  խա­ղաղ նա­վա­հան­գիստ, քե՛զ­ է սպա­սում:

Նարեն ա­նօգ­նա­կան նա­յում է Սրճա­րա­նա­տի­րո­ջը: Նա հա­յացքը ս­ևե­ռել է սեղա­նին: Նարեն մո­տե­նում է  դռանը, շրջվում, հրա­ժեշ­տի հա­յաց­քով նա­յում է Արամին:

ՆԱՐԵ — Ես քեզ ա­տում եմ: (Դուռն փա­կում է շատ զգույշ):

Արամը ար­ձա­նա­ցել է: Հանկարծ պոկ­վում է դե­պի դու­ռը, բայց շե­մին կանգ­նում է: Հեն­վում է դռա­նը:

ԱՐԱՄ — Ի՜նչ­ ա­պուշն եմ: Տե՜ր­ Աստ­ված, ին­չո՞ւ էս­քան ապուշ եմ ես:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — (բա­րից բե­րում է կոն­յակ ու բա­ժակ­ներ): Ին­չո՞ւ ես կար­ծում, որ գի­շեր­վա կե­սին Աստ­վա­ծ հարցիդ պիտի պատասխանի:

ԱՐԱՄ — Գնա՞մ… հաս­նե՞մ ն­րան:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Արի, խմիր, ու հե­րիք է կպչես դռա­նը:

ԱՐԱՄ — Ե­թե հնա­րա­վոր լի­ներ նրա մնա­լը… Հա, եր­բեմն ա­վե­լի շատ ենք երազում անհ­նա­րի մա­սին, քան ե­րե­խա­նե­րը: Էդ պատ­ճա­ռով էլ սթափ­վե­լը տաս­նա­պա­տիկ ցա­վոտ է… Ես պե՛տք­ է էդ­պես ասեի, որ կա­րո­ղա­նար հեռանալ… Ի՞նչ­ ես կար­ծում, հի­մա ի՞նչ­ է մտածում իմ մա­սին:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Չի մտա­ծում, ա­տում է:

ԱՐԱՄ — Այ, ե­թե կարողանայիր ասել, թե երբ վերջ­նա­կա­նա­պես կա­տի, որ հե­տո նո­րից հիշի…

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — (չոր): Ան­պայ­մա՛ն կ­հի­շի, բայց դա կապ չի ու­նե­նա քեզ հետ: Հի­մա ինձ ավե­լի շատ հե­տաքրք­րում է, թե ո՞ւր գ­նաց:

ԱՐԱՄ — Տուն վե­րա­դար­ձավ: Դռան զանգն է տա­լիս… դու­ռը բաց­վեց… ներս մտավ… Հե­տոն չգի­տեմ, ո­րով­հետև ցան­կա­ցած տան դռան ետևում ան­թա­փանց գաղտ­նիք է ապ­րում: (Բարձ­րա­նում է տե­ղից):

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Ո՞ւր: Կքնես կող­քի սեն­յա­կում:

ԱՐԱՄ — Քեզ բա­նա­լի էի տվել…

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ – (դադարից հետո): Գի­տեի, որ կհար­ցնես մի օր:

ԱՐԱՄ — Բայց չգի­տեիր, որ դա լի­նե­լու էր էս օրը:

Սրճա­րա­նա­տե­րը գնում, բե­րում է բա­նա­լին:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Գու­ցե սպա­սե՞ս, մինչև լու­սա­նա:

ԱՐԱՄ — Չէ… արվեստանոցում ի՜նչ ­փո­շի է նստել: Ներ­կե­րը չո­րա­ցել են… Գի­շերն ան­ցավ… կարգի կբե­րեմ, հե­տո…

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Ի՛նչ­ ես նկա­րե­լու:

ԱՐԱՄ — Ա­մա­ռա­յին տաք անձրև:

Դուրս է գնում: Սրճա­րա­նա­տե­րը նստում է իր մշտական տեղն ու հայացքը հառում անորոշ կետի:  

 

 

ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ Պիեսի բեմադրության համար պետք է դերասանական չափավոր անկեղծություն և անչափ բաժակներ:

Կարդացեք նաև