Էմիլ ՊԵՏՐՈՍՅԱՆ / ԿԱՐԵԿՑԱՆՔ

Էմիլ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ԿԱՐԵԿՑԱՆՔ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001 թ., թիվ 3-ում

 

 

 

Էմիլ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԿԱՐԵԿՑԱՆՔ

Գործող անձինք

ՄԵՋ

ԱՌԱՆՑ

ԻՑ 1

ԻՑ 2

ՓՈԽԱՐԵՆ — դերակատարը՝ կին

ՎՐԱ — նույն ՄԵՋի դերակատարը

ՄՈՏ

ԿԱՏՈՒ

և այլ

Յուրաքանչյուր գործող անձի կրծքին պետք է գրված լինի հերոսի անունը:

 

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ

ՄԵՋԸ, ԱՌԱՆՑԸ, ՓՈԽԱՐԵՆԸ և ՄՈՏԸ կրում են del arte-ի հերոսների կոստյումները նմանակող զգեստներ: Նրանք կանգնած են բեմի կենտրոնում՝ ձեռքձեոքի, դեմքով դեպի դահլիճը: Դեմքերին՝ ոչ մի գրիմ: Նրանցից մեկը փորձում է ձեռքն ազատել հարևանի ամուր սեղմված ձեռքից: Գլխավոր հերոսն է՝ ՄԵՋԸ: Առաջին գործողության ընթացքում բեմի վրա շրջում է մի սև կատու: Նրան մերթ կանչում են երշիկով, մերթ՝ հյուրասիրում, մերթ՝ շոյում: ՄԵՋԻ դերակատարը պետք է ձևացնի, թե իրեն վատ է զգում, հիվանդ է, բայց ստիպված է խաղը մինչև վերջ տանել՝ ելնելով բազմաթիվ պատճառներից, որոնցից մեկը նրա հիվանդության անկանխատեսելի բնույթն է, ինչպես նաև ընկերներին հուսախաբ չանելն ու բեմադրիչի վրիպումը, որը չէր հասցրել նրան պատշաճ փոխարինող գտնել կարճ ժամանակամիջոցում:

Ոչ մի բեմանկար, բեմը հիշեցնելու է դատարկություն (կամ դատարկ բնակարան):

ՄԵՋԸ վերջապես ազատում է ձեռքն ու դուրս գալիս նախաբեմ, որի եզրով մեկ, հավասարակշռությունը պահելով, ետուառաջ է անում այնքան ժամանակ, մինչև մյուսները բեմ են հանում սեղան ու մեկ արկղ լիմոնադ: Նրանք նստում են սեղանին, վերցնում մեկական շիշ լիմոնադ ու լուռ ըմպում:

ՄԵՋ — (նախաբեմի եզրը չափչփելով): Նրանք կարծում են, թե ես հիմար եմ: Եվ որ ծարավն ինձ չի կարող տանջել: (Նախատինքով, երեխայաբար🙂 Բայց դա այդպես չէ:

ՄՈՏ — (շշից պոկվելով): Եկ այստեղ, Մեջ, խմիր մեզ հետ:

ՄԵՋ – Չե՛մ ուզում: (Նրանց վրա ուշադրություն չի դարձնում🙂 Նրանք կարծում են՝ ինձ չի կարող տանջել ծարավը:

ՓՈԽԱՐԵՆ — (գայթակղաբար): Հետս խմես, Մեջ, միանգամից կթեթևանաս:

ՄԵՋ — (մոտենում է նրանց): Դե լավ, տվեք:

Բոլորը զարմացած են:

ԱՌԱՆՑ — Իսկ ինչի՞դ է պետք:

ՄՈՏ — Մենք կարծում ենք՝ քեզ չի կարող տանջել ծարավը:

Մեջը դառնացած հեռանում է բեմի անկյունը:

ՓՈԽԱՐԵՆ — (մնացածին): Դուք կարծում եք, մենք ճի՞շտ վարվեցինք:

ԲՈԼՈՐԸ — (բացի Մեջից): Իհարկե, թող իմանա իր տեղը:

ՓՈԽԱՐԵՆԸ, ՄՈՏԸ և ԱՌԱՆՑԸ հավաքում են դատարկ շշերը, դնում արկղի մեջ ու միասին դուրս են տանում արկղը: ՄԵՋԸ դուրս է գալիս բեմի կենտրոն, բռնում է անցնող կատվին, դնում է սեղանին ու բռնում նրա թաթը: Նայում է ձեռքի ժամացույցին, որը չկա: Չափում է կատվի զարկերակը:

ՄԵՋ — (նայելով երևակայական ժամացույցին և պահելով կատվի թաթը): Ի՞նչ էի ասում, նրա զարկերակը իմից արագ է… կամ՝ դանդաղ: (Նայելով կատվի աչքերի մեջ:) Այս կենդանիներից երբեք գլուխ չես հանի, նրանց մոտ ամեն ինչ շարունակ փոխվում է: (Մատնացույց անելով կատվին🙂 Քիչ առաջ սև էր, հիմա՝ կապույտ: Մուգ կապույտ: Պատկերացնում եմ, եթե մի օր արթնանամ՝ բոլորովին սև: Ախր, խելագարվել կարելի է: Այդ դեպքում ինձ կանվանեին ոչ թե Մեջ, այլ Տակ: Իսկ անձնագրում կգրեին լրիվ անունս՝ Տականք: Սարսափելի բան՝ ռասայական դիսկրիմինացիա… (Փորձում է հիշել🙂 Դիսկրիմինացիա: Հիշեցի՝ դիսկրիմինա՛նտ: Դպրոցում էինք անցնում: Քառակուսի հավասարումներ: Լուծումներ: Կարծեմ՝ քառակուսի հավասարումները լուծվում են դիսկրիմինանտի օգնությամբ: Ուրեմն, առանց դիսկրիմինացիայի անհնար է: Այդպես էլ կա. սպիտակները դիսկրիմինացիայի են ենթարկում նեգրերին, նրանք՝ սպիտակներին, ազգերը՝ ազգերին, մարդիկ՝ մարդկանց, ես՝ ինձ… (Սարսափած, գունատվելով, բառերն արտաբերում է օդը ներշնչելով🙂 Ա-ա-ա՜… (Մոտ վազելով հանդիսատեսներին ու կատվին ամուր իրեն սեղմելով🙂 Ես հասկացա՝ դիսկրիմինացիան գոյատևելու օրենքն է: Դրա համար էլ ինձ վռնդեցին տնից: Վանեցին: Ողջակիզեցին հոգիս… Ի՞նչ կարող էի այն ժամանակ անել… Հըմ… Ես նույնիսկ հիմա ոչինչ չեմ կարող անել: (Ինքն իրեն ժպտալով🙂 Ի՞նչ կարող է անել մարդ-պոլտերգեյստը: Մարդ, որը ողջ է, բայց որը…

Կատուն դուրս է պրծնում և փորձում փախչել: ՄԵՋՆ ընկնում է նրա ետևից, փորձում բռնել:

ՄԵՋ – Սպասի՛ր, սպասի՛ր: Իսկ դե՛ղը: Ես քեզ դեղ պիտի տամ: Քո՛ դեղը:

Կատուն փախչում է:

ՄԵՋ — (նվազող ձայնով): Դեղ: Դեղ: (Աշխուժանալով ու փորձելով հիշել🙂 Դեղ… դեղ… և ի՞նչ է դա: Էլի՛ մոռացա: Ինչ-որ ծանոթ մի բան… (Մատները չրթացնելով🙂 Ծանոթ բառ… դա… ը-ը-ը… հըմ… Բայց դա նրան չի օգնի: Նա արդեն գիտի, որ դեղերն իրեն այլևս չեն օգնի: Որոշել է կամաց հանգչել: Պատկերացնում եմ, թե ինչքա՜ն ծանր է:

Բեմ են գալիս տղա և աղջիկ՝ թևանցուկ: Նրանք անցնում են բեմի պարագծով. զբոսնում են: ՄԵՋՆ ուշադիր զննում է նրանց: Նրանք նրան չեն տեսնում:

ՏՂԱ — Իսկ դեկանատում ասացին, որ այնքան էլ վատ չէ, միայն պետք է մի քիչ մտածել թողնվածքի մեծության վրա: Մի քանի հաշվարկ՝ և դետալը պատրաստ է: Կան մարդիկ, որ նախագիծս գնել են ուզում: Արդյունավե՛տ մշակում:

ԱՂՋԻԿ — Ես միշտ եմ ասել, որ քեզնից խելացի ոչ ոք չկա այս աշխարհում: Եթե մի փոքր ավելի հիմար լինեիր, երբե՛ք քեզ հետ չէի հանդիպի:

ՏՂԱ — Կարծում ես, որ խելքից բացի իմ մեջ ուրիշ գրավչություն չկա՞:

ԱՂՋԻԿ — Ինչո՞ւ չէ. բեղերդ: (Կնավարի նայելով🙂 Ու ոչ միայն բեղերդ, այլև…

Համբուրվում են: Խոսակցության ընթացքում ՄԵՋԸ շոյում է աղջկա մարմինը, հատկապես կուրծքն ու ազդրերը: Եվ որքան բազմապատկում է գգվանքը, այնքան աղջիկն ավելի է բորբոքվում, և համբուրվելու պահին արդեն բավականին գրգռված է:

ԱՂՋԻԿ — (ընդհատելով համբույրը): Սա ինչ-որ մի մութ կախարդանք է: Ներիր ինձ:

ՏՂԱ — Քեզ ի՞նչ եղավ, դա հիասքանչ էր:

ԱՂՋԻԿ — Ես հասկացա, թե ինչն է քո մեջ ամենագրավիչը՝ աչքերդ: Ասես մերկացնում էին ինձ: Դու երևի շատերին ես այդպես մերկացնում:

 

Մտնում են ԻՑ 1-ը և ԻՑ 2-ը:

 

ԻՑ 1 — Մեջ, ի՞նչ ես անում:

ԻՑ 2 — Անում ես ի՞նչ, Մեջ:

ՄԵՋ — (իրար է շփում ափերը🙂 Քայլում-նայում-լսում:

ԻՑ 1 — Ու ի՞նչ ես լսում:

ԻՑ 2 — Լսում ես ի՞նչ ու:

ՄԵՋ — Ամեն ինչ:

ԻՑ 1 — Կրկի՞ն մեզ չեն նկատում:

ԻՑ 2 — Մեզ չեն նկատում կրկի՞ն:

ՄԵՋ — Չեն նկատում:

Աղջիկն ու տղան, արդեն ետին պլան անցած, հեռանում են իրար փաթաթված:

ԻՑ 1 — Դու մեզանից ամենազգայունն ես, Մեջ, քո վիճակը ամենաբարդն է: Բայց հավատա ինձ. ամեն ինչ կանցնի: Ե՛վ տխրությունը կանցնի, և՛ ցավը, և՛ դառնությունը:

ԻՑ 2 — Այո, և դառնությունը:

ՄԵՋ — Բայց ես չե՛մ ուզում, որ ամեն ինչ անցնի: Ես ուզում եմ, որ ամեն ինչ լինի. և՛ տխրություն, և՛ ցավ, և՛ մնացած ամենը: Ախր, առանց դրանց ինչպես ապրել: Բայց ես նաև ուզում եմ, որ լինի երջանկություն, ուրախություն, սեր…

ԻՑ 1    — Այդ բոլորը կյանքի կողմնակի երևույթներ են: Դրանցից աշխարհում չափազանց քիչ կա: Իսկ թե մեկին էլ բաժին է ընկնում, ապա միմիայն համտեսելու համար, ոչ ոք չի կարող դիմանալ նման բեռի ծանրությանը: Վիշտ, փորձանք, անհաջողություններ, կորուստներ. սրանք ավելի թեթև են երջանկությունից, ուրախությունից, առավել ևս՝ սիրուց: Դու ընդամենը մեկ տարի է՝ ինչ ապրում ես մեզ հետ: Կապրես ավելին՝ կհասկանաս:

ԻՑ 2 — Այո, կհասկանաս:

ՄԵՋ — Ես չեմ կարող այդպես ապրել: Ինչի՞ս է պետք այդպիսի կյանքը: Ես ոչինչ չեմ ուզում հասկանալ: Ինձ մի՛ սովորեցրու:

ԻՑ 2 — Այո, ինձ մի՛ սովորեցրու:

 

ՄԵՋԸ և ԻՑ 1-ը զարմացած նայում են ԻՑ 2-ին, որն անչափ շփոթվելով՝ ընկրկում ու փախչում է:

 

ԻՑ 1 — (հայացքով ճանապարհելով նրան): Մի ժամանակ ես փիլիսոփա էի… (Շրջվելով ՄԵՋԻ կողմը🙂 Մի ժամանակ ես փիլիսոփա էի… 0՜, շա՜տ վաղուց էր… Անգամ մոռացել եմ, թե երբ էր… և ինչպես… (Դառնությամբ🙂 Ես ամեն ինչ եմ մոռանում: Ես ոչ ոքի պետք չեմ:

 

Դադար:

 

ՄԵՋ — Դու ճիշտ ես, ամեն մեկն իր գլխի ճարն է տեսնում: Մարդիկ ընկերներ են ձեռք բերում, որ իրենք իսկ չձանձրանան, մնացածը կարևոր չէ: Ծնողները երեխաներ են աշխարհ բերում, որպեսզի նրանց մեջ տեսնեն իրենց շարունակությունը: Շարունակությունը՝ երիտասարդ, ընդունակ, գեղեցիկ: (Հառաչելով🙂 Բոլոր մարդիկ եսասեր են:

ԻՑ 1 — Ինչպե՞ս… իսկ մե՞նք:

ՄԵՋ — Իսկ մենք մարդ չենք… արդեն՝ չենք:

 

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ

Բեմի խորքում դուռն է: Բեմի վրա աղոտ լույսի փունջ է ընկնում, որն աստիճանաբար ուժգնանում է: Մտնում է ՎՐԱՆ: Քայլում է բեմով, ասես սպասում է ևս մեկի բեմ դուրս գալուն: Հայացք է նետում կուլիսներից այն կողմ: Տարակուսած նայում է դահլիճին: Մտածում է:

 

ՎՐԱ — Վա՜յ, ախր իմ հերթը չէ հիմա: (Շփոթահար դուրս է վազում🙂

 

ՓՈԽԱՐԵՆԸ, ՄՈՏԸ և ԱՌԱՆՑԸ անհամաչափ վազում են բեմի մի անկյունից մյուսը: Բրոունյան վազք: ՓՈԽԱՐԵՆԸ, դեմքին դժգոհ արտահայտություն տալով, կանգ է առնում:

 

ՓՈԽԱՐԵՆ — Այ, միշտ այսպես է. չեմ կարողանում ժամանակին իջնել: Ամեն անգամ բաց եմ թողնում կանգառս:

ՄՈՏ — (հազիվ կանգնելով): Ես նույնպես:

ԱՌԱՆՑ — (շարունակելով վազել): Ես նույնպես… ապուշ:

ՄՈՏ — Կանգնիր, չէ՞ որ մենք էլ կանգնեցինք:

ԱՌԱՆՑ — Եթե ես կանգնեմ, չեմ կարողանա վազել:

ՓՈԽԱՐԵՆ — Եվ ի՞նչ:

ՄՈՏ — Ինչի՞դ է պետք վազելդ, եթե բոլորը կանգնած են:

ԱՌԱՆՑ — Ես էլ հենց կանգնածներից եմ վազ գալիս:

ՄՈՏ — (աստիճանաբար ինքն էլ է միանում վազքին): Լա՛վ, մի հիմարացիր, կանգնի՛ր:

ՓՈԽԱՐԵՆ — (լալով): Կա՛նգ առեք:

 

ԱՌԱՆՑԸ և ՄՈՏԸ շարունակում են վազել ետուառաջ: ՓՈԽԱՐԵՆԸ փորձում է նրանց միանալ, բայց մի քանի քայլ վազելով՝ վայր է ընկնում: Բարձրանում է, կրկին վազում ու նորից վայր է ընկնում:

ՓՈԽԱՐԵՆ – Կանգնե՛ք, կանգնե՛ք:

 

Մտնում են ՄԵՋԸ և ԻՑ 1-ը:

 

ՄԵՋ — Ի՞նչ է այստեղ կատարվում:

ԻՑ 1 — Մարաթոնյան վա՞զք:

 

ԱՌԱՆՑԸ և ՄՈՏԸ կանգ են առնում:

 

ՄՈՏ — Ավելի շուտ՝ մարաթոնյան փախուստ:

ՄԵՋ — Ինչի՞ց:

ԱՌԱՆՑ — Ոչինչից:

ԻՑ 1 — Իսկ ինչի՞ համար:

ՄՈՏ — (Մեջին): Քե՞զ ինչ է պատահել:

ԱՌԱՆՑ — (Ից 1-ին): Դատարկություն:

ՄԵՋ — (Մոտին): Դեմքի՞ն:

ԻՑ 1 — (Առանցին): Որտե՞ղ:

ՄՈՏ — (Մեջին): Իսկ ուրիշ որտե՞ղ:

ԱՌԱՆՑ — (Ից 1-ին): Շուրջբոլորը:

 

Մտնում է ԻՑ 2-ը՝ անհամարձակ ու վախով նայելով ԻՑ 1-ի կողմը: ՄԵՋԸ դռնից դուրս է գալիս:

 

ԻՑ 2 — Կարելի՞ է՝ այստեղ տաքանամ:

ԲՈԼՈՐԸ — Ինչո՞ւ:

ԻՑ 2 — Սա ամենատաք տեղն է: Ձեզ մոտ միշտ տաք է լինում:

ԲՈԼՈՐԸ — Լավ:

ԻՑ 2 — (ավելի համարձակ): Դե, քանի որ ձեզ լավ եք զգում ինձ հետ, ես մնում եմ այստեղ ընդմիշտ: Ես չեմ կարող թույլ տալ, որ ձեզ վատ լինի… իմ բացակայությունից… այս ձանձրույթի մեջ:

 

Դուռը թակում են, քաշքշում են բռնակը և, ի վերջո, դուռը բացվում է: Մտնում է ՄԵՋԸ:

 

ՄԵՋ — (նայելով դռանը): Դուք գիտեի՞ք, որ մենք դուռ ունենք:

ՄՈՏ — Ոչ: Իսկ, ինչ է, մենք դո՞ւռ ունենք:

ՄԵՋ — (շոշափելով դուռը): Իհարկե, ահա այն: Մեկ վայրկյան առաջ նրա միջով ներս մտա:

ՓՈԽԱՐԵՆ — (աշխուժանալով): Մեկ վայրկյան առաջ ես ուշագնաց պառկած էի:

ԱՌԱՆՑ — Ճիշտ որ՝ ուշագնաց պառկած էր:

ՄԵՋ — Դուք, ի՛նչ է, դուռն ինձանից մեկ վայրկյան առա՞ջ տեղադրեցիք: Այդ դեպքում ի՞նչ գործ ունի այստեղ Փոխարենը:

ՄՈՏ — Այո, ի՞նչ գործ ունի Փոխարենը:

ՓՈԽԱՐԵՆ — Ախր, ես էլ մտածում եմ՝ ինչ գործ ունեմ ես:

ԻՑ 2 — Իսկ ես չեմ մտածում՝ ի՞նչ գործ ունեմ ես:

ԻՑ 1 — Ամեն ինչ պարզ է. դուռը հայտնվեց այստեղ, որպեսզի Փոխարենի մոտ հայտնվի ալիբի:

ՄՈՏ — (նայելով Ից 2-ին, բայց դիմելով Ից 1-ին): Դռները ամենադառն բանն են աշխարհում: Մի օր մի տեղ ես ուզում մտնել՝ փակ է: Ինչքա՞ն է ծանրանում հոգուդ վրա: Ի՞նչ ես կարծում, Ից 1:

ԱՌԱՆՑ — Իսկ ինձ հակառակն է թվում: Երբ ուզում ես մի տեղ մտնել ու՝ բաց է, ի՜նչ թեթևանալ է թեթևանում հոգիդ: Դռները ամենաժողովրդական բանն են աշխարհում: Ի՞նչ ես կարծում, ԻՑ 1:

ԻՑ 1 — (նայելով Ից 2-ին, բայց դիմելով Առանցին ու Մոտին): Դռները ամենատարօրինակ բանն են աշխարհում: Երբեմն ուզում ես մի տեղ մտնել, իսկ դուռ չկա: Կանգնում ու մտածում ես. սպասո՞ւմ են, թե չեն սպասում: Այդպես են կորչում մարդիկ:

ԻՑ 2 — (նայելով բոլորին, բայց դիմելով ինքն իրեն): Իսկ ինչո՞ւ եք դուք իմ միջոցով խոսում: Ի՛նչ է, հնարավո՞ր չէ ուղիղ ասել:

ԻՑ 1 — Ուղիղ ասել՝ համարիր, թե չասել: Երբ շրջանցելով ես ասում, բառերն ավելի շուտ են տեղ հասնում:

ՓՈԽԱՐԵՆ — Սա ուղղակի պարադոքս է: Պարադոքս:

 

Բեմ է վազում կատուն:

 

ՓՈԽԱՐԵՆ — (կատվին): Դու չէ, դու չէ, Պարադոքս. ուրի՛շ պարադոքս, իսկ դու՝ տե՛ղդ, շո՛ւտ:

 

Կատուն անտարբեր չափչփում է բեմը: ՄԵՋԸ ներս մտնելու պահից ձևացնում է, թե բոլորին ուշադիր լսում է, բայց իրականում իրեն վատ է զգում, երբեմն թվում է՝ կկորցնի հավասարակշռությունն ու կընկնի: ՓՈԽԱՐԵՆԻ ռեպլիկից հետո ՄԵՋՆ ուշագնաց ընկնում է հատակին: Սա պետք է բնական ստացվի: Այսինքն՝ ոչ թե պերսոնաժն է ուշագնաց եղել, այլ դերասանը: Բեմի վրա խուճապ է: Բոլորն ասես մոռացել են իրենց դերերի մասին: ՄԵՋԻՆ անվանում են դերասանի անունով: Պատրաստվում են շտապ օգնություն կանչել: ՓՈԽԱՐԵՆԸ դիմում է դահլիճին. «Ձեր մեջ բժիշկ կա՞: Օգնեցե՛ք, խնդրում եմ, նա վատ է: Այսօր նրան պիտի փոխարինեինոր մեզ չքաշերորպեսզի չընդհատվեր ներկայացումը»:

Դահլիճում նստած մի քանի դերասաններ տարբեր տեղերից իրենց ծառայությունն են առաջարկում, խորհուրդներ տալիս: Գործող դերասաններից ու դահլիճից եկածներից մի քանիսն անցնում են կուլիսները: Կազմակերպչական հարցեր լուծելու: Ձայներ են լսվում. «Ճնշումըճնշումը պիտի չափվի»: ՄԵՋԻՆ տանում են կուլիսների ետև: Բեմի վրա խառնաշփոթ է:

Ներկայացման խափանման իրավիճակ:

Դուրս է գալիս ներկայացում վարողը. «Պարոնա՛յք, խնդրում եմ չանհանգստանալ, ներկայացումը կշարունակվի մի քանի րոպեից: Զբաղեցրե՛ք ձեր տեղերը, ազատե՛ք բեմը»:

Տիրում է հարաբերական լռություն:

 

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ

Սեղաններ՝ երկու շարքով: Սեղաններին հենած կամ հատակին փռած հագուստների տրաֆարետներ: Երեք աղջիկներ՝ պայուսակներով: Նրանք անշտապ ուղղվում են դահլիճի շարքերի միջանցքով դեպի տրաֆարետները: Շոշափելով փորձում են իրենց դուր եկած զգեստի կտորի որակը: Հանդերձների քննարկումն անցնում է անձայն:

ԱՌԱՋԻՆ — (զննելով թվացյալ տաղավարները բեմի վրա): Ի՜նչ լիություն է: Այս խանութում ամեն ինչ կա:

ԵՐԿՐՈՐԴ — Ախ, ո՜ւր է՝ մի կրծկալ գտնեի, ազատվեի:

ԵՐՐՈՐԴ — Ազատվելու համար պարտադի՞ր է կրծկալը:

ԱՌԱՋԻՆ — Բա հո միջադի՞ր չէ:

ԵՐԿՐՈՐԴ – Իսկ, ինչ է, միջատները և՞ս կրում են կրծկալ:

ԱՌԱՋԻՆ — Բա չէ՝ քեզ պես:

ԵՐՐՈՐԴ — (ցույց տալով մի տրաֆարետ): Օ՜յ, տեսեք, ի՜նչ ֆասոն: (Ընդգծված ֆրանսիական առոգանությամբ🙂 Ի՜նչ գեղեցկություն:

ԵՐԿՐՈՐԴ և ԱՌԱՋԻՆ – Ա՛յ բան… Ի՞նչ արժե… Այդքան թա՞նկ… Փայտի՞ց… Չի՞ ճմրթվում…

 

Բեմ է մտնում ՎՐԱՆ, նայում է շուրջը:

 

ՎՐԱ — Հրաշալի՜ առավոտ: Կարծում էի, էլ չեմ արթնանա: Միայն թե՝ որտե՞ղ եմ ես: (Քիպ մոտենալով աղջիկներին🙂 Կանայք, որտե՞ղ եմ ես:

ԱՌԱՋԻՆ — (նայելով ուրիշ կողմ): Որտեղի՞ց գիտի, որ մենք կանայք ենք:

 

Դադար:

 

ԵՐԿՐՈՐԴ — Հիշո՞ւմ եք, երեկ երկու տղա պոկ չէին գալիս մեզնից: Ինձ թվում է, սա նրանցից մեկն է:

ԵՐՐՈՐԴ — Մեր հետքը բաց չի թողել:

ԵՐԿՐՈՐԴ — Նա: Երևի: Մոլագար է:

ԱՌԱՋԻՆ — Դու համոզվա՞ծ ես, որ նա է:

ԵՐԿՐՈՐԴ — Իհարկե, ինքը չէ՞ր, որ պատառոտեց իմ տոնական կրծկալը:

ԵՐՐՈՐԴ — Ճիշտ որ, ինքն է:

ՎՐԱ – Ի՛նչ է, չե՞ք լսում: Կանայք, ասացեք, որտե՞ղ եմ ես:

ԱՌԱՋԻՆ — (գարշանքով): Լակած է:

ԵՐԿՐՈՐԴ — (տագնապած ձայնով): Դուք խանութում եք:

 

Աղջիկները, լսելով ՎՐԱՅԻ առաջին հարցը, նայում են ուրիշ կողմ՝ կարծես նա այդտեղ է: ՎՐԱՆ շատ մոտ է կանգնած նրանց ու լսում է ողջ խոսակցությունը: Սկզբում կարծում է, թե իր մասին չեն խոսում նրանք: Երկրորդ անգամ հարցնելուց հետո հասկանում է, որ ինչոր բան այնպես չէ, ու կանգնում է այն տեղում, որի ուղղությամբ նայում են աղջիկները: Այս պահից խոսակիցները տեսնում են իրար:

ՎՐԱ — Ես մոլագար չեմ, մի՛ վախեցեք ինձանից:

ԱՌԱՋԻՆ — Նա նաև հեռազգաց է: (Կամացկամաց ետ գնալով🙂 Չմոտենա՛ք, մենք ոստիկան կկանչենք: Նրանք ատրճանակ ունեն ու ձեզ կսպանեն:

ԵՐԿՐՈՐԴ — (ընկերուհիներին): Արդեն ժամանակն է, թռա՛նք:

ԵՐՐՈՐԴ — Երկրորդ, էտ ի՞նչ լեքսիկոն ա, տիրոջդ մերը:

ՎՐԱ — Բայց ինչո՞ւ սպանել, ես, ախր, ոչինչ չեմ արել: (Շվարած նայում է դահլիճին🙂 Ես նրանց ոչինչ չեմ արել: Դուք է՞լ ինձ չեք հավատում:

 

Աղջիկները փախչում են: ՎՐԱՆ որոշ ժամանակ անորոշության մեջ է: Հետո նետվում է նրանց ետևից: Կանացի ճիչ ու վայնասուն կուլիսներից այն կողմ: ՎՐԱՆ դուրս է գալիս՝ հագուստն արյան մեջ կորած: Ինչոր բան է փնթփնթում քթի տակ:

 

ՎՐԱ — (զննելով հագուստի արյունը): Ո՜նց ցփնեցին վրաս սրիկաները… Ասում էի՝ մոլագար չեմ: Զոռով ինձ մոլագար դարձրին:

 

Ներս են վազում ԱՌԱՆՑԸ, ՄՈՏԸ, ԻՑ 1-ը և ԻՑ 2-ը: Բոլորը՝ ոստիկանական համազգեստով: ԻՑ 1-ը նրանց պետն է:

ԲՈԼՈՐԸ – Կանգնի՛ր:

ՎՐԱ — (զարմացած): Ից 1՞, Առա՞նց, Մո՞տ, Ից 2՞… Ախր ես եմ՝ Մեջը, ձեր… ձեր… (Չգտնելով հարմար բառ🙂 Ձեր…

ԱՌԱՆՑ — Ոչ մի Մեջ էլ չգիտենք: Հետո, ձեր կրծքին գրված է՝ Վրա:

ՄՈՏ — Եվ այս ի՞նչ արյուն է ձեր շորերի վրա:

ԱՌԱՆՑ — Մեզ դիմեցին երկու կին ու մի աղջիկ… (Հանկարծ հիշելով ու կոճկելով տաբատի լայնույթը🙂 Այսինքն՝ երեք… երեք կին մեզ դիմեցին: Նրանք ձեզ մեղադրում են իրենց մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու մեջ:

ԻՑ 1 — Դուք այդպես էլ չպատասխանեցիք. այդ ի՞նչ արյուն է ձեր վրա:

ՎՐԱ — Դա քթիցս է… Երբ շոգ է լինում, իմ քթից միշտ արյուն է գալիս:

ՄՈՏ — Բայց հիմա աշուն է, հը՞:

ՎՐԱ — Դե, երբ շոգ չէ, կրկին արյուն է գալիս… ինձ մոտ միշտ է գալիս… Դա լացի փոխարեն է:

ԻՑ 1 — Ձերբակալեք նրան: Ձերբակալեք և ընթերցեք նրա իրավունքները:

ՎՐԱ — (ողբերգական): Ես վատ բան չեմ արել:

ԻՑ 2 — (Ից 1-ին): «Վատ բան»՝ քանի՞ վատտ է:

ԻՑ 1 — (խորհելով): Որոշ դեպքերում մի քանի հազար վոլտ է:

 

ՎՐԱՅԻՆ տանում են: Բեմ են դուրս գալիս երեք աղջիկները: Կարգի են բերում սանրվածքներն ու կրկին վերադառնում տրաֆարետներին:

 

ԱՌԱՋԻՆ — Ասում էի, չէ՞, մոլագար է: Տեսա՞ք, ոնց էր պզցնում:

ԵՐԿՐՈՐԴ — Քիթ չէր՝ շատրվան էր:

ԵՐՐՈՐԴ — Ո՜նց վախեցա:

 

Ծիծաղում են:

 

ԱՌԱՋԻՆ և ԵՐՐՈՐԴ — Եկեք չփչացնենք մեր հանգստյան օրը: Դեռ այնքա՜ն բան կա գնելու:

ԵՐԿՐՈՐԴ — Վերջապես որտե՞ղ են այստեղ կրծկալ վաճառում:

 

Դուրս են գալիս բանվորները, հավաքում են սեղանները, տրաֆարետները: Կանայք շարունակում են զննել դատարկ հատակը: Քննարկում են ապրանքները: Լույսը դանդաղ մարում է:

Կարդացեք նաև