Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ / «ՐԱՖՖՈՒ «ՍԱՄՎԵԼ» ՎԵՊԻ ԱՌԱՋԻՆ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ»

Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ «ՐԱՖՖՈՒ «ՍԱՄՎԵԼ» ՎԵՊԻ ԱՌԱՋԻՆ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ» հոդվածը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001 թ., թիվ 3-ում

ՐԱՖՖՈՒ «ՍԱՄՎԵԼ» ՎԵՊԻ ԱՌԱՋԻՆ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հայ մեծ գրող Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան) վիպական ժառանգությունը հսկայական նյութ է տվել ազգային թատրոնին: Նրա բազմաթիվ գործեր բեմականացվել և մի քանի տարբերակով բեմադրվել են համայն հայոց թատրոնում, այդ թվում՝ «Դավիթ Բեկ», «Զահրումար», «Զուբեիդա» (ըստ «Հարեմ» և «Դավիթ Բեկ»), «Խաչագողի հիշատակարանը» («Խաչագողեր», «Քավոր Պետրոս»), «Ոսկի աքաղաղը», «Ջալալեդդին», «Սալբի» (հատվածաբար), «Սամվել» և այլն:
Րաֆֆու գործերից առավել բեմադրվել են «Դավիթ Բեկը» և «Սամվելը»՝ վեցից ավելի տարբերակներով: Իսկ «Դավիթ Բեկը» նյութ է ծառայել նաև համանուն կինոնկարի և Ա. Տիգրանյանի օպերայի համար:
Րաֆֆու գրական երկերի ազատագրական-հայրենասիրական թեմատիկան, կյանքի պատկերների հարազատ, ճշմարտացի վերարտադրությունը, նրանց կուռ կառուցվածքը, կենդանի երկխոսությունը, գործողությունների դինամիկ զարգացումը հնարավորություն են տվել դրամատիկական տեսքի բերել և բեմ բարձրացրել նրա արձակը:
Գրական, մանկավարժական աշխատանքով մշտական զբաղվածությունը չի խանգարել, որ Թիֆլիսում ապրած տարիներին վիպասանը առնչվի նաև թատերական գործիչների հետ: Այդ մթնոլորտի ծնունդ է Լ. Հալևիի և Հ. Մեյլակի «Տիկինը նրան սպասում է» մեկ գործողությամբ պիեսի՝ նրա թարգմանությունը, որը 1879 թ. լույս է տեսել Թիֆլիսում, «Թատրոնական գրադարան» մատենաշարով և երկար տարիներ խաղացվել հայ թատրոնում: Թարգմանության բնագիրը ներկայումս պահվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի թատերական բաժնի ձեռագիր պիեսների ֆոնդում: Թատերական գործիչներից Րաֆֆին ջերմ հարաբերություններ է ունեցել Գաբրիել Սունդուկյանի (թատերախոսականներ է գրել նրա «Քանդած օջախ» (1873), «Էլի մեկ զոհ» (1875) պիեսների բեմադրությունների մասին, նրան նվիրել իր գրքերը), Պետրոս Ադամյանի (Ադամյանը, նրա մահվան լուրի ազդեցության տակ, Մոսկվա-Խարկով ճանապարհին գրել է «Րաֆֆիի մահը» բանաստեղծությունը) և ուրիշների հետ:
Շատ են Րաֆֆուն թատրոնի հետ կապող օղակները, բայց դրանք դեռևս լայն ուսումնասիրության նյութ չեն դարձել: Անդրադառնալով «Սամվել» պատմավեպի առաջին բեմականացման պատմությանը՝ մենք էլ սահմանափակվում ենք, քննելով միայն այս հարցը, որը նոր լույս է սփռում ինչպես «Սամվելի» բեմական ուղու, այնպես էլ հայ թատրոնի պատմության վրա:
Թատերական կյանքի հետ Րաֆֆու ունեցած սերտ կապերի և նրա գրական ժառանգության նկատմամբ թատերական գործիչների բուռն հետաքրքրության արդյունք պետք է համարել, որ դեռևս վիպասանի կենդանության օրոք փորձեր են արվել բեմականացնել նրա երկերը: Առաջին գործը, որով Րաֆֆին պետք է ներկայանար թատերական հասարակայնությանը, եղել է «Ոսկի աքաղաղի» հիման վրա երևանցի դրամատուրգ Սիրական Տեր-Մարտիրոսյանի գրած «Հեղեղի բերածը հեղեղը կտանի, կամ՝ Հարստահարող վաճառականի ապագան» պիեսը (1883 թ.): Բայց այնպես է ստացվել, որ առաջինը բեմ է հանվել «Սամվելը»՝ հայ ժողովրդի համար բարդ ժամանակաշրջանի պատկերն արտացոլող պատմություն, որին նրանից առաջ և հետո ուրիշներն էլ են անդրադարձել:
«Սամվելի» բեմական տարբերակ ստեղծելու հարցը երկակի նշանակություն է ունեցել: Նախ՝ գնահատվել են Րաֆֆու ստեղծագործության արժանիքները, ապա՝ նրա շնորհիվ կենդանություն է տրվել վեպի հայրենասիրական գաղափարներին:
Ինչպե՞ս է ընթացել «Սամվել» վեպի բեմականացումը, մինչև դրան դրամատիկական պիեսի ձև է տրվել:
Րաֆֆու մահից երկու շաբաթ առաջ, 1888-ի ապրիլին, Թիֆլիսի՝ անորոշ կացություն ապրող դերասաններից Գևորգ Տեր-Դավթյանը և Գևորգ Պարոն-Սարգսյանը նախաձեռնել են բեմում ներկայացնել «Սամվելը»: Բեմականացվե՞լ, պիեսի՞ է վերածվել այն որևէ մեկի կողմից՝ հայտնի չէ: Վերոհիշյալ դերասանների նախաձեռնությամբ, Վրաց ազնվականների բանկի (նախկին Արծրունու) թատրոնում, 1888 թ. ապրիլի 10-ին, թատերական կյանքին գործուն մասնակցություն ունեցող նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի փոխադրությամբ, տրվել է 28 կենդանի պատկեր-տեսարան:
Այս արտասովոր ներկայացման մասին «Արձագանք» թերթում (N 14) գրվել է. «Հայ դերասանները նկարիչ պ. Բաշինջաղյանի ղեկավարությամբ ներկայացրին կենդանի պատկերներ պ. Րաֆֆիի «Սամվել» պատմական վեպից… Պատկերները շատ աջող էին դրված, սկզբից մինչև վերջը հանդիսականների առջև հաջորդաբար անցնում էին վեպի տեսարանները՝ համաձայն բովանդակության: Միայն ափսոս, որ տեսարանները կարճ էին գնում: Վարագույրը բացվում և ծածկվում էր շատ արագ»: Երեկոյի ընթացքում կատարվել են նաև երգ, նվագ, արտասանություն, որոնց կատարմանը մասնակցել են Գ. Տեր-Դավթյանը, Արտաշես Հակոբյանը, Մաթևոս Աղայանը, աշուղ Հազիրին, թառահար Վասիլ Մամիկոնյանը և ուրիշներ:
Նույն՝ 1888 թ. օգոստոսին, Գ. Պարոն-Սարգսյանը մտադրվել է դերասանական խմբով, կենդանի պատկերների ձևով ներկայացնել նաև «Խաչագողի հիշատակարանը»: Երկու դեպքում էլ մամուլը նշել է կենդանի պատկերների և ոչ թե բեմականացրած պիեսի բեմադրությունը, սակայն ոչ մի դերակատարի անուն չի հիշատակվել: Մինչդեռ վերջին տասնամյակներին փորձեր եղան դերաբաշխումներ անելու… ըստ իրենց կամքի:
«Սամվելը» բեմ հանելու հաջորդ փորձը կատարվել է 1890 թվականին: Այս անգամ ոչ թե կենդանի պատկերների ձևով, այլ իբրև դրամատիկական պիես՝ գործող անձերով: Դա եղել է «Սամվելի» բեմականացման իսկապես առաջին փորձը, որը կատարել է դերասան ու ռեժիսոր Գևորգ Պետրոսյանը (այն տարիներին՝ Տեր-Պետրոսյան, 1859-1906 թթ.):
Գևորգ Պետրոսյանը ծնվել է Գողթան գավառի Օրդուբադ գյուղում: Սովորել է ծննդավայրում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, Թիֆլիսի արական գիմնազիայում, բարձրագույնը՝ Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտում: Եղել է բարձրագույն կրթությամբ առաջին դերասանը, որը ծառայել է հայ և ռուս բեմերին: Դերասանությամբ զբաղվել է 1879-ից Թիֆլիսում, նախ՝ սիրողական, ապա՝ 1880-1882 թթ.՝ Հայոց մշտական դերասանական խմբում, Օրդուբաթյան բեմական անունով: Նա խաղընկեր է եղել Գ. Չմշկյանին, Պ. Ադամյանին, Ազնիվ Հրաչյային, Ամիրան Մանդինյանին, Մ. Մնակյանին, Գարագաշյան քույրերին, Տեր-Դավթյանին և ուրիշների:
1883-88 թթ. Պետրոսյանը խաղացել է Պետերբուրգի ուսանողական, ռուսական թատերախմբերում, աջակցել Պ. Ադամյանի հյուրախաղերի կազմակերպմանը Պետերբուրգում և մասնակցել է ներկայացումներին (1884 թ.): Խաղացել է նաև Նոր Նախիջևանի հայկական, Մոսկվայի, Աստրախանի, Բաքվի, Թիֆլիսի ռուսական թատրոններում: 1895-ից պարբերաբար, առանձին և իր կազմած թատերախմբով, հանդես է եկել Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Գանձակում, Շուշիում: Խաղացել է դրամատիկ ու բնութագրական բազմաթիվ դերեր: Հայերեն և ռուսերեն հոդվածներ է գրել դերասանի աշխատանքի, ռեժիսորի անհրաժեշտության, թատերական կյանքի բարելավման մասին: Լինելով իր արվեստին նվիրված դերասան՝ 1901 թվականին Թիֆլիսից հասել է Մոսկվա՝ Էռնեստո Ռոսսիի խաղը տեսնելու:
1890 թ. վերջնականապես հաստատվելով Անդրկովկասում, Պետրոսյանն ամառն անցկացրել է ծննդավայրում: Օրդուբադում նա ձեռքերը ծալած չի նստել: Երկու տարի ականատես լինելով Թիֆլիսի ու Բաքվի հայ թատրոնի խղճուկ վիճակին, ինքնուրույն դրամատուրգիական գործերի պակասին, Պետրոսյանը մտադրվել է վերականգնել թատրոնի երբեմնի գործուն վիճակը: Ցիրուցան եղած դերասաններից կայուն խումբ կազմելուց բացի, մտահոգ է եղել նաև թատրոնի խաղացանկը նորագույն դրամատուրգիայով համալրելու խնդրով:
Պետրոսյանին լավ հայտնի էին Խ. Գալֆայանի «Արշակ Երկրորդ», Հ. Կարինյանի «Շուշանիկ» և «Վարդան Մամիկոնյան», Ս. Հեքիմյանի «Սամել» և այլ պատմական ողբերգությունների՝ ճառախոսությամբ հարուստ, հայրենասիրությամբ՝ նպատակասլաց, բայց գեղարվեստական տեսակետից ժամանակի պահանջները չբավարարող պիեսները: Այս վիճակից դուրս գալու մտորումների ծնունդ է եղել նրա ձեռնարկումը՝ բեմականացնել Րաֆֆու «Սամվել» պատմական վեպը: «Սամվելը» եղել է Պետրոսյանի առաջին և միակ գրական աշխատանքը:
1890 թ. նոյեմբերի կեսերից Պետրոսյանի մտադրությունն արդեն ընդհանուր խոսակցության նյութ էր դարձել քաղաքում: Այդ առնչությամբ «Նոր-Դար» թերթում գրվել է. «Տեր-Պետրոսյանը, որ ռուսաց բեմի վրա էլ աջողություն է ունեցել, Րաֆֆու «Սամվել» վեպը բեմական պիեսի է փոխադրել և մտադիր է ներկայացնելու: Ասում են, որ պ. Տեր-Պետրոսյանը Թիֆլիսում հայոց մշտական խումբ է ուզում կազմակերպել և կանոնավոր ներկայացումներ տալ»: («Նոր-Դար», 1890, N 179):
Այս լուրի տպագրությունից չորս օր անց Պետրոսյանն ավարտել է «Սամվելի» բեմականացման հետ կապված աշխատանքները: Վեպը բեմականացնելուց հետո նա մտահոգ էր այն բեմադրելու հարցով: Կատարել է դերաբաշխում: Բարեբախտաբար, պիեսի այդ օրինակը պահպանվել է Պետերբուրգի Ա. Լունաչարսկու անվան պետական թատերական գրադարանի հայերեն ձեռագիր պիեսների շարքում, որը Պետրոսյանի կատարած աշխատանքը հավաստող միակ աղբյուրն է: Պատմական միակ փաստաթղթի վերնագիրը մեջբերում ենք ամբողջությամբ.

ՍԱՄՈՒԷԼ
ողբերգութիւն 5 գործողութեամբ 6 պատկերով
փոխադրւած է Րաֆֆիի պատմական վէպից
փոխարինել է և բեմին հարմարեցրած է
Գէորգ Տէր-Պետրոսեանցը
1890 ամի նոյեմբերի 20-ին, ք. Թիֆլիզ:
Պիեսը գրված է սև լաթակազմ ընդհանուր տետրում, երկու էջի վրա, սև թանաքով, էջերի քանակը՝ 139: (Դերաբաշխման մեջ փակագծում կատարված հավելումները մեր լրացումներն են — Բ. Հ.):
Մեհրուժան Արծրունի — Վրույր (Արամ) – իշխանք հայոց, դավաճաններ
Վահան Մամիկոնյան — Աբր(ահամյան Գրիգոր)
Մուշեղ, Վասակ Մամիկոնյանի որդին — Աբ(ելյան Հովհաննես)
Սամվել, Վահան Մամիկոնյանի որդին — Պետ(րոսյան Գևորգ)
Մեսրոպ — Թուր(յան Դավիթ, սկզբում գրված է եղել Վրույր, հետո ջնջել է, կողքին գրել Թուր):
Սահակ Պարթև — Հար(ությունյան Արշակ)
Արտավազդ, պատանի Մամիկոնյան տոհմից — Արմեն (Արմենյան)
Արբակ, դայակ Սամվելի — Տեր-Դավթ(յան Գևորգ)
Հուսիկ, սպասավոր — Արաքս(յան Պողոս)
Սուրեն, սուրհանդակ — Սարգս (Պարոն-Սարգսյան Գևորգ)
Բարգոս, տիկին Տաճատուհու ներքինի — Թուր(յան Դավիթ)
Տաճատուհի — Զաբ(ել)
Որմիզդուխտ — Մելիք(յան Վարվառե) — կանայք Վահան Մամիկոնյանի
Աշխեն, իշխանուհի Ռշտունյաց — Սիր(անույշ)
Նախարարներ հայոց, մոգեր, մոգպետներ, զորքեր և այլն:

Այս դերաբաշխումը Պետրոսյանը կատարել է 1891 թ. սեպտեմբերից մինչև 1892 թ. փետրվարի կեսերն ընկած ժամանակաշրջանում, Թիֆլիսում գործող Հայոց դերասանական խմբի անդամների համար: Պետրոսյանը մտադիր է եղել ձմեռային թատերաշրջանը փակել Վարդանանց տոնի առթիվ բեմադրվելիք «Սամվել» պիեսով: Բայց այդ բարի ցանկությունն անկատար է մնացել:
«Սամվելի» բեմադրության համար սպասվելիք թույլտվությունն ուշանալու պատճառով թատերախումբն ստիպված է եղել ներկայացնել Ս. Հեքիմյանի «Սամելը», որտեղ գլխավոր հերոսի դերակատարն է եղել Հ. Աբելյանը: 1892 թ. հունվարի 23-ի այդ ներկայացմանը Պետրոսյանը չի մասնակցել: Ինչպես երևում է, նա ունեցել է Սամվելի կերպարի մեկնաբանության իր մոտեցումը, ըստ իր կազմած պիեսի, և Հեքիմյանի պիեսը չի բավարարել նրան:
Իր գրած պիեսը բեմադրելու թույլտվությունն ստանալու նպատակով Պետրոսյանը ձեռագիր երկու օրինակ ուղարկել է Պետերբուրգ՝ «Արաքս» հանդեսի խմբագիր-հրատարակիչ Սիմոն Գուլամիրյանին: Վերջինս էլ ներկայացրել է Պետերբուրգի ներքին գործերի նախարարության գրաքննության կոմիտեի գլխավոր վարչությանը: Օրինակներն ստացել են 1892 թ. մարտի 20-ին: Պիեսը գրախոսել է հայկական մասի գրաքննիչ Նիկողայոս Մառը: Նա իր զեկուցագրի մեջ նշել է, որ պիեսի ֆաբուլան վերցված է չորրորդ դարի վերջերի հայոց կյանքից, և պատկեր առ պատկեր նկարագրել է բովանդակությունը:
Մամուլի գծով գրաքննության գլխավոր վարչության խորհրդի նախագահող անդամի կարծիքով, պիեսն ունեցել է «քաղաքական տենդենցիոզ բնույթ», թեև գործողությունը վերագրված է հեռավոր անցյալին, բայց, ըստ էության, միտված է հայկական թագավորության ազատագրմանը օտարերկրյա լծից: Այն կարող է Հայաստանի ինքնավարություն երազելու խթան դառնալ: Արդեն այն պատկերը, որտեղ զավակն իր ձեռքով սպանում է հորն ու մորը, անհարմար է նկատվել ներկայացնել բեմում: Ապրիլի 16-ին այդ գրության եզրակացությունն է եղել. «Ս. Պետերբուրգի գրաքննության կոմիտեն գտնում է, որ Տեր-Պետրոսյանի այդ «Սամվել» պիեսը չի կարող թույլատրելի համարել բեմում ներկայացնելու համար»:
Նույն՝ 1892 թ. ապրիլի 21-ին, մամուլի գլխավոր վարչության կողմից գրություն է հղվել Կովկասի գրաքննության կոմիտեին «Սամվել» դրամայի մասին, ուր նշվել է, որ «…այն իր քաղաքական տենդենցիոզությամբ ոչ միայն չի կարող թույլատրվել բեմում ներկայացնելու, այլև չի կարելի թույլատրել տպագրության»: (Այս տվյալները քաղված են Պետերբուրգի պետական կենտրոնական պատմական արխիվի գրաքննության կոմիտեի նյութերից (ֆոնդ N 776, թղթապանակ 51 ա, գործ 7:) Մասամբ՝ Ս. Արեշյանի «Ցարական գրաքննադատությունը և հայկական տպագրությունը» գրքից (ռուսերեն), Երևան, 1957, էջ 403):
Մինչև այս որոշումը Թիֆլիս ուղարկելը, ապրիլի 17-ին արդեն պիեսի վրա գրվել է. «К представлении признана неудобным»:
Այսպիսով, կասեցվել է «Սամվելի» պետրոսյանական բեմականացման հետագա բեմադրությունների ճանապարհը:
Չնայած բարձրագույն իշխանությունների կողմից արգելվել է «Սամվելի» բեմադրությունը, բայց, պարզվում է, որ Պետրոսյանին հաջողվել է զարտուղի ճանապարհով ներկայացնել այն կենտրոնական հսկող աչքից հեռու՝ Ալեքսանդրապոլում: Նման դեպքերում հայ բեմի գործիչները շատ են տուժել քաղաքապետների քմահաճույքներից: Երկու օրինակ. 1890-ական թթ. կեսերին Հովհաննես Աբելյանը մի քանի անգամ փորձել է Համլետ խաղալ, ամենուրեք մերժել են նրան՝ պահանջելով խաղալ միայն բեմադրության համար թույլատրված՝ Պ. Վեյինբերգի թարգմանությամբ: 1903 թ. Երևանում քաղաքապետը պահանջել է, որ Սիրանույշը Համլետ խաղա Դ. Ավերկիևի ռուսերեն թարգմանությամբ, որովհետև իր ձեռքի տակ եղած թույլատրելի թարգմանությունների մեջ ուրիշը չի եղել: Ազդագրում գրել են՝ թարգմանությունը՝ Դ. Ավերկիևի, բայց Սիրանույշը խաղացել է Հովհաննես Մասեհյանի թարգմանությամբ:
Նմանօրինակ միջոցի է դիմել Պետրոսյանը:
1895 թ. մայիս-հունիս ամիսներին, մի քանի դերակատարումներով, Պետրոսյանը հանդես է եկել Ալեքսանդրապոլի թատերասերների հետ: Ամռանը ուրիշ խմբով ներկայացումներ է տվել Շուշիում: Հունիսի 22-ին այնտեղից նամակ է գրել Ալեքսանդրապոլ՝ բանաստեղծ-թատերասեր Պետրոս Մոճոռյանին, որ եթե ցանկանան, ինքը կարող է գալ սեպտեմբերին: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Պետրոսյանը չի երևացել թատերական ասպարեզում: Բայց 1895 թ. հոկտեմբերի 15-ին, Ալեքսանդրապոլի Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական դպրոցի դահլիճում, բարեգործական նպատակով ներկայացվել է «Սամվել» ողբերգությունը: Օրագրի և ազդագրի վրա որպես հեղինակ, հայերեն ու ռուսերեն գրվել է Աքիմյան. ասել է թե՝ Հեքիմյան: Այն տարիներին հայ թատրոնում տարածված է եղել Սրապիոն Հեքիմյանի «Սամել» ողբերգությունը, որը գրվել է 1854-56 թթ., առանց կին գործող անձանց, ինչը բնորոշ էր այն ժամանակներին: Հեքիմյանի պիեսում որպես գործող անձինք հանդես են գալիս Վահան Մամիկոնյանը, նրա որդի Սամվելը, Ռշտունյաց տեր Գարեգինը, Սմբատ Արծրունին, Ադդե քրմապետը, նախարարներ, երկու մանուկ, համախոհներ:
Մինչդեռ Ալեքսանդրապոլում, Հեքիմյանի հեղինակություն համարված «Սամելի» բեմադրության մեջ հանդես եկող գործող անձինք ճիշտ և ճիշտ Գևորգ Պետրոսյանի բեմականացման գործող անձինք են: Պետրոսյանը, օգտվելով Հեքիմյանի թույլատրված օրինակի հնարավորությունից, բեմադրել է իր տարբերակը: Ծրագրում որպես կառավարիչ հիշատակված է Պետրոս Մոճոռյանի անունը: Պետրոսյանի՝ իբրև կազմակերպչի ու բեմադրողի անունը, գիտակցաբար թաքցվել է արգելակող հանգամանքներից խուսափելու համար:
Ահա Ալեքսանդրապոլի բեմադրության գործող անձինք և նրանց դերակատարները.
Վահան Մամիկոնյան, սպարապետ հայոց — Ս. Միրզոյան
Տաճատուհի, սրա կինը — Ս. Նոհրատյան
Սամել, սրա որդին — Պ(ետրոս) Մոճոռյան
Մեհրուժան, իշխան Արծրունյաց — Ա(լեքսանդր) Քուփալյան
Մուշեղ Մամիկոնյան — Մ(իքայել) Ստամբոլցյան
Սաթենիկ, սրա կինը — օր. N. N.
Աշխեն, Ռշտունյաց օրիորդ- Վ(արսենիկ) Ենգոյան
Արբակ, ծերունի զորական — Ա. Չատրճյան
Արտավազդ և Մեսրոպ Մաշտոց — Ա. Աղաբապյան
Սահակ Պարթև — Գ. Հալաճյան
Մալխաս, ծառա — Ա. Իսահակյան
Ավագանի, ժողովուրդ և զինվորներ:
«Սամվելը» Ալեքսանդրապոլում, նորից բարեգործական նպատակով, նույն դահլիճում երկրորդ անգամ խաղացվել է Նիկոլայ 2-րդ թագավորի գահ բարձրանալու առթիվ, ինչը արգելքի չէր կարող հանդիպել: Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած այդ ներկայացումից հետո Պետրոսյանը հանգիստ սրտով խաղացել է իր Կորրադոն («Ոճրագործի ընտանիքը») հոկտեմբերի 28-ին և վերադարձել Թիֆլիս:
Թատերական գրականության մեջ հիշատակված է «Սամվելի» մի բեմադրություն, որը տեղի է ունեցել 1897 թ. հունվարի 8-ին, Բաքվում: Որպես գործող անձինք հիշատակվում են Պետրոսյանի պիեսից վերցված մի քանի անուններ, բայց դա եղել է Ս. Հեքիմյանի պիեսն իր գործող անձերով:
Պետրոսյանի մահից հետո եղել են «Սամվելի» նորանոր բեմականացումներ՝ բեմադրված հայ թատերական տարբեր օջախներում: Իբրև բեմականացման առաջին փորձ ու բեմադրություն, Պետրոսյանը ճանապարհ է բացել Րաֆֆու վեպի բեմական պատմության համար և արժանի հետևորդներ ունեցել: «Սամվելի» առաջին բեմականացման այս պատմությունը հետաքրքիր էջ է ինչպես Րաֆֆու ստեղծագործության բեմական կյանքի, Գևորգ Պետրոսյանի դրամատիկական մտածողության դրսևորման, այնպես էլ հայ թատրոնի բազմահարուստ պատմության մեջ:

Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Կարդացեք նաև