ՄԱՐԶԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԵՐ. ՀԵՏԱՀԱՅԱՑ ԱՄՓՈՓՈՒՄ.

tatron-drama.am-ի հարցազրույցը ՀԹԳՄ քարտուղար Սոնա ՄԵԼՈՅԱՆԻ ՀԵՏ

tatron-drama.am — Աշնանային թատերական մեկնարկներից մեկը Գավառում, հետո՝ Աբովյանում անցկացված թատերական փառատոններն էին, որոնց օժանդակողը Թատերական գործիչների միությունն է: Տիկին Մելոյան, ի՞նչ սկզբունքով էին կազմված այդ ծրագրերը:

Սոնա Մելոյան — Թատերական Միությունը շատ է կարևորում ոչ մայրաքաղային թատերական կյանքի աշխուժացումը: Ի տարբերություն Գյումրու և Վանաձորի, որտեղ շենք, մշտական թատերախումբ կա, անվանի գեղարվեստական ղեկավարներ են աշխատում, մնացած մարզերում թատերական կյանք որպես այդպիսին չկա: Եվ մեր խնդիրներից մեկը մարզերում թատրոնների գործունեությունը հնարավորինս ակտիվացնելն է, որի գործուն բաղադրիչներից մեկը փառատոներն են:

Աբովյանի փառատոնը ՀԹԳ Միության աջակցությամբ անցկացվում է արդեն չորրորդ տարին: Աբովյանի մշակութային տան նկատմամբ հավակնություն կար՝ այն վերածել սպորտային համալիրի: Նույն շենքում գործում է թատերախումբ: Նշեմ, որ վերջին անգամ շենքը վերանորգվել էր անցյալ դարի կեսերին և թատերախումբն աշխատում է սարսափելի պայմաններում: Մենք հաճախ էինք այցելում նրանց, Միության նախագահ Հակոբ Երվանդ Ղազանչյանը տեղական իշխանությունների հետ պարբերաբար հանդիպում, ինչ-ինչ խոստումներ էր ստանում, բայց սայլը տեղից չէր շարժվում: Սակայն կայացավ առաջին փառատոնը, որին հետևեցին հաջորդները, հանդիսատեսը եկավ թատրոն՝ ստիպելով տեղական իշխանություններին ավելի լուրջ մոտենալ և՛թատերախմբին, և՛ թատրոնին: Եվս մի հիմնախնդիր՝ մարզերում գեղարվեստական ղեկավարի հարցը: Տեղում կադրերի սով է, իսկ երևանաբանկ երիտասարդ ռեժիսորները ցանկություն չունեն աշխատել մարզերում և համարյա անմարդկային պայմաններում: Հ. Ղազանչյանի և քաղաքապետ Վ. Գևորգյանի պայմանավորվածության արդյունքում փառատոնը ֆինանսավորում է Աբովյանի քաղաքապետարանը, իսկ Երևանի «Էպսիդոն» մասնավոր թատերախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը նշանակվեց տեղի թատերախմբի գեղարվեստական ղեկավար: Նա իր դերասանական խմբի մեծ մասի հետ բեմադրում է մանկական ներակայացումներ: Արդյո՞ւնքը… «Պոչատ աղվեսը»-ը արժանացավ «Արտավազդի» որպես «Լավագույն մանկական ներկայացում»:

Այս տարի Աբովյանի փառատոնի ծրագիրը կազմել էր Արմեն Սարգսյանը. շեշտը դրվել է կամերային ներկայացումների վրա՝ բեմի հնարավորությունները փոքր են: Փառատոնը նվիրված էր հայ թատրոնի երախտավոր Երվանդ Ղազանչյանին, բացման պատիվն էլ տրվել էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին՝ Երվանդ Ղազանչյանի «Գնա մեռի, արի սիրեմ» բեմադրությամբ: Դրականն այն է, որ փառատոնն ամենամյա է և արդեն դարձել է մարզի մշակութային կարևոր իրադարձություններից մեկը: Բացասական է շենքի վիճակը: Ամեն անգամ բեմից հայտարարում ենք, որ «պե՛տք է լինի այս թատրոնը, հանդիսատեսը թատրոնի կարիքն ունի»: Ամեն տարի տեղական իշխանությունը խոստանում է «այս տարվա բյուջեի մեջ մտցնել անհրաժեշտ գումար», բայց… Իհարկե, հասկանում ենք, որ մարզում բազմաթիվ հրատապ խնդիրներ կան՝ մանկապարտեզների ու դպրոցների մեծ մասը վատթար վիճակում է, բայց մի օր պե՞տք է պատկան մարմինների հայացքն ուղղվի նաև այդ կարևոր մշակութային օջախի վրա… Իսկ առայժմ ստիպված ենք բավարարվել եղածով՝ փառատոն կա, հույս ունենք, որ կշարունակվի, և անխափան է գործում թատերախումբը իր անխոնջ ու համառ ղեկավարի հետ:

Գավառի փառատոնը, ի տարբերություն վերոնշյալից, առաջին անգամ էր անցկացվում: Տարիներ առաջ, նախագահական ընտրարշավի օրերին Սերժ Սարգսյանը գնացել էր Գավառ: Հանդիպմանը գավառցիները առաջարկեցին վերանորոգել թատրոնի շենքը: Ասել, թե շենքը վթարային վիճակում էր, նշանակում է ոչինչ չասել՝ բեմը քանդված էր, իսկ դահլիճի միջանցքում ծխացող վառարանն էր՝ ցրտաշունչ ձմռան դեմ պայքարի միակ միջոցը: Մնացածի մասին, ու հատկապես զուգարանների վիճակի մասին լռենք… Ս. Սարգսյանը խոստացավ ու խոստման տերը եղավ: Շենքը այնպես հիմնավոր վերանորոգվեց, որ անգամ որևէ մայրաքաղաքային թատրոն չի կարող մրցել՝ հաշվի է առնված ամեն ինչ, նաև հատուկ հարթակներն ու զուգարանները հաշմանդամություն ունեցողների համար: Լուսավոր, պայծառ, գեղեցիկ ապակենկարներով, ամեն ինչ տեղը տեղին: Այդ ամենը արեց պետությունը և հանձնեց Գավառին, բայց քանի որ  թատրոնը ենթակա է տեղական իշխանությանը, խնդիրները բազմաթիվ են ու բազմաշերտ: Տեղական իշխանությունը միշտ չէ, որ արժեվորում է թատրոնը և ընդհանրապես մշակույթի դերը. երկու տարի է՝ շենքը պատրաստ է, սակայն թատրոնի ղեկավարությունը բնականոն գործելու համար առանց տեղական իշխանությունների ոչինչ անել չի կարող:

Եվ այս փառատոնը կարծես միջոց էր՝ տեղական իշխանությունների ուշադրությունը հրավիրելու թատրոնի և նրա խնդիրների վրա: Թվով առաջինը լինելով, փառատոնը պետք է անմոռանալի տպավորություն թողներ հանդիսատեսի վրա: Ցավով պիտի նշեմ, որ մարզերում կա սերունդ, որը ընդհանրապես ներկայացում չի դիտել ու կազմված ծրագրից նաև կախված կլիներ՝ նրանք կսիրե՞ն թատրոնը, կհետաքրքվե՞ն, թե ոչ: Փառատոնի առանձնահատկությունն այն էր, որ հանդիսատեսը շատ փորձառու չէ, և նրան «ցնցել» փորձարարական նորարարություններով դեռ շուտ է: Պետք է  առաջարկել պարզ ու հասկանալի, հոգեհարազատ թատրոն: Ծրագիրը կազմվեց   ազգային դրատուրգիայով՝ Վանաձորի թատրոնի «Չար ոգին»՝ Վահե Շահվերդյանի բեմադրությունից մինչև Համազգային թատրոն՝ արցախյան ազատամարտին նվիրված «Հաղթանակի Գենեզիսը»: Առանձնահատուկ պիտի նշեմ Գ. Սունդուկյանի անվան ազգային թատրոնի՝ արցախյան ազատամարտին նվիրված «Արծվաբույնը» (բեմ.՝ Դավիթ Հարությունյանի, հեղինակ՝ Հրաչ Բեգլարյան) բեմադրությունը, որը փառատոնի հաղթական վերջնակետը դրեց: Հետահայաց դիտարկելով փառատոնի ընթացքը, համոզվեցինք, որ մեր ընտրությունը ճիշտ էր, և այդ համոզվածությունը տալիս էր հանդիսատեսը: Այնքա՛ն շնորհակալական խոսքեր հնչեցին այդ օրերին թե՛ թատերախմբերի, թե՛ արտիստների, թե՛ կազմակերիչների հասցեին… Հրաշալի, շնորհակալ հանդիսատես, որին հուզել էին ներկայացումների ուղերձները՝ արդիական, օրվա հոգս ու ցավի հետ խոսող:

Ինչպես միշտ, փառատոնի փակմանը թատրոնին աջակցելու խնդիր-պահանջով նորից դիմեցինք տեղական իշխանությանը և մարզպետին, ովքեր, իրենց հերթին, հավաստիացրին, որ կարևորում են թատրոնն ու թատրոնի մարդկանց աշխատանքը: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Կարինե Խոդիկյանին, ով նայելով մարզպետի աչքերին՝ բեմից հայտնեց. «Հուսով ենք, որ այս հրաշք շենքն ու նվիրյալ թատերախումբը կստանան մարզային անհրաժեշտ օգնությունը և ոատրոնը կդառնա մշակութային կյանքի կիզակետ»:

Գավառում, հույս ունենք, այդպես էլ կլինի, քանի որ նման շնորհակալ, թատրոնին կարոտած հանդիսատես վաղուց չէինք տեսել: «Արծվաբույն» ներկայացումից հետո երկարատև ծափահարությունները, դերասաններին ուղղված հիացմունքի ու շնորհակալության ինքնաբուխ խոսքերը երկար կհիշվեն՝ արդեն դառնալով փառատոնի անկրկնելի մթնորոլտի վկայություն:

tatron-drama.am — Որո՞նք են այս փառատոների առանձնահատկությունները, ինչո՞վ էին տարբերվում նախորդ տարիներից և արդյո՞ք շահեկան է այդ տարբերությունը, եթե այդպիսիք կային:

Ս. Մելոյան — Գավառի փառատոնի առանձնահատկությունը նրա՝ թվով առաջինը լինելն է: Եվ, իհարկե, ազգային դրամատուրգիայի վրա կառուցված ծրագիրը:

Այս տարի Աբովյանի փառատոնը զիջում էր նախորդներին և ծրագրով, և մասնակցությամբ:

Անպայման նշեմ, որ այս թատրոնների բեմերը տեխնիկապես հագեցած չեն, լուսային, ձայնային  հնարավորություններ առանձնապես չունեն, ինչը հավելյալ դժվարություններ է ստեղծում կազմակերպիչների համար: Աշխատում ենք հնարավորինս լուծել այդ խնդիրները, որպեսզի մայրաքաղաքային բեմում խաղացվող ներկայացումը շատ չտարբերվի՝ «հայտնվելով» մարզային թատրոնի բեմում: Այս առումով Աբովյանի թատրոնը փոքր-ինչ դրականորեն տարբերվում էր նախորդ տարիներից:

Մի փոքր շեղվելով թեմայից, ասեմ, որ ԿԳՄՍ նախարարությունը ինչքան էլ հայտարարում է, որ մարզային թատրոնները նրա ուշադրության կենտրոնում են, ծրագրեր են մշակվել և այլն, ցավոք սրտի, ծրագրային, էական որևէ շարժ դեռ չի գրանցվել: Եվս մեկ անգամ ասեմ, որ միայն Գյումրին ու Վանաձորը թատերական մշտական կյանք ունեն: Մնացած թատրոններում տարին առավելը մեկ նոր ներկայացում են անում, այն էլ՝ մոնո, կամերային կամ մանկակական տոնածառ, որը հաճախ կասկածելի որակ ունի: Եվ, իհարկե, նշեմ տեղում կադրերի սովը, անգամ ազգային մենթալիտետը, երբ որոշ վայրերում աղջիկները խուսափում են դերասանուհի դառնալ, քանի որ դա ուղղակի բարդացնում է իրենց անձնական կյանքը…

 

tatron-drama.am — Կնշեի՞ք այս փառատոններին ներկայացված թատերախմբերի առավել հաջողված ներկայացումները և դրանց ընդունելությունը հանդիսատեսի կողմից:

Ս. Մելոյան — Գավառում Հ. Պարոնյանի ներկայացումը՝ «Գնա մեռի, արի սիրեմ», շատ լավ դերասանական կազմով, ճանաչելի դերասաններով: Բնականաբար, կա դերասանի սերիալային ճանաչում, բայց այն, ինչ կատարվում է, երբ դերասանները մայրաքաղաքից դուրս են գնում, մի այլ պատմություն է. դերասանները չեն կարողանում փողոցով անցնել, մարդիկ շրջապատում են և, իհարկե, անվերջ սելֆիներ…

Բայց այն ընդունելությունը, ինչպիսին ունեցավ սունդուկյանցիների «Արծվաբույնը», գերազանցեց բոլոր սպասումները: Եթե դերասանները բեմում մնային մինչև առավոտ, մինչև առավոտ հանդիսատեսները անդադար կծափահարեին: Ջուլիետա Ստեփանյանը համընդհանուր սիրո արժանացավ, ինչի խոսուն արտահայտությունն էր այն փաստը, որ Գավառի շուկայում ինչ ցանկացել է գնել՝ գումար չեն վերցրել, վրդովվելով, թե՝ նման դերասանուհու դեպքում ի՞նչ գումարի մասին կարող է խոսք լինել…

Հասմիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կարդացեք նաև