ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՇԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ

Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի, «Աիդա Արտ» թատրոնի և Պատանեկության ստեղծագործական կենտրոնի համագործակցությամբ «Անուշ» երաժշտական դրաման՝ ըստ Հովհաննես Թումանյանի և Արմեն Տիգրանյանի, ներկայացվեց Երևանի ՊՀԹ-ի բեմում: Ներկայացումը նվիրված է Մեծ Լոռեցու 150-ամյակին:
«Սա յուրատեսակ մեթոդ է՝ մասնագիտական փորձառությունը ուսումնական դասերով համեմելու. փորձերին զուգահեռ ունեցել ենք վարպետաց դասեր, որպեսզի ինչ-որ ձևով բեմադրության մասնակիցներին մոտեցնենք արվեստի ոգեղեն աշխարհին»,- ներկայացումը փորձարարական որակելով՝ փաստեց բեմադրության հեղինակ, ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Աիդա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Նա նոր ձևաչափով, նոր մոտեցմամբ և լուծումներով՝ մեր ժամանակներին համահունչ է բեմադրել հանրահայտ գրական գործը: Դրամայի երաժշտական ձևավորումն արված է «Անուշ» պոեմի և օպերայի մոտիվներով՝ «Աիդա Արտ» թատրոնի դերասանների, ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների և Պատանեկության ստեղծագործական կենտրոնի սաների մասնակցությամբ: Իհարկե, նման բարդ ստեղծագործությունը ուսանողներով և ոչ պրոֆեսիոնալ դերասաններով բեմադրելը դժվարին գործ է, սակայն երկարատև, մանրակրկիտ ու խստապահանջ աշխատանքը պսակվել է հաջողությամբ:
«Անուշ» երաժշտական դրաման մոտ օրերս կդիտեն նաև Գյումրիի ու Վանաձորի հանդիսատեսները:

 

Կարդացեք նաև