ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՃԱՄՊՐՈՒԿԸ / Նարինե ՍԱՐԳՍՅԱՆ

Նարինե ՍԱՐԳՍՅԱՆ

արվեստագիտության թեկնածու

 

Արդեն քանի տարի է դիվանագիտական բարձրագույն հարթակներում փորձում են ղարաբաղյան հակամարտության հիմնահարցի լուծման տարբերակներ քննարկել խաղաղ ճանապարհներ գտնելու կոչերով, իսկ պարզվում է,  Նարինե Գրիգորյանը իր «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» վավերապատում ներկայացման մեջ գտել է այն ուղերձը, որը հակամարտության թե՛ կողմերին, թե՛ փորձագետներին կհուշեր նոր արահետներ գծել կոնֆլիկտի լուծման ճանապարհին։ Ներկայացումը վավերապատում գեղարվեստականությամբ առավել քան համոզիչ կարևորում է հողից, արմատից կտրվելու անտրամաբանությունն ու անհնարինությունը։ Պետք է բացել հուշերով լի խաղաղության ճամպրուկն ու փորձել ապրածն ու վերապրածը տեղ հասցնել։

Այսպիսի նախաբանից հետո ուզում եմ ասել, որ «Իմ ճամպրուկը» հուշապատում ներկայացումը քաղաքականության հետ ոչ մի ուղղակի առնչություն չունի։ Երեսուն տարի հետո դերասանուհի Նարինե Գրիգորյանը հանդիսատեսին է պատմում իր ուրախ ու տխուր մանկության հուշերի պատառիկները, որոնք համընկնում են խորհրդային վերջին տարիների, ղարաբաղյան պատերազմի ժամանակների հետ։ Երեխայի աչքերով տեսարանները կենդանացնողը  դերասանուհի Ն․ Գրիգորյանն է, ով խաղում է ինքն իրեն, ավելի շուտ՝ կիսվում է հանդիսատեսի հետ իր անցած-գնացած մանկության դիպվածներով։ Եթե նույնիսկ այդ հուշերը գրի չառնվեին ու չկառուցապատվեին Ս․Նալբանդյանի հետ համագործակցությամբ, միևնույն է, Ն․Գրիգորյանի կողմից, իրար հաջորդող հանպատրաստի իմպրովիզացիոն տեսարաններով, ասելիքն ասվելու էր՝ բեմից կամ թե բեմից դուրս։

Ներկայացումը հեղինակային է։ Մեկ անձ և այդքան շնորհնե՞ր։ Հազվադեպ է նույն անձի մեջ տաղանդավոր դերասանը գտնում տաղանդավոր ռեժիսորին և դեռ հերիք չէ, նոր վավերագրարություն ստեղծող վերբատիմ հնարքին դիմելով՝ պատմություն հյուսում։ Հիշում եմ Նարինեի դիպլոմային ռեժիսորական աշխատանքը, որտեղ հեղինակը, ռեժիսորն ու դերասանը նույնպես մեկտեղված էին։ Բեմադրությունը պլաստիկական լուծումներով էր և առանց խոսքի։ Երբ Նարինեն սկսեց բեմում նաև խոսել, ապա դերասանական իր ճկուն մարմնի շառավիղներին համահունչ, ծորուն ու ներշնչող, ոչ ոքի չնմանվող փխրուն առոգանությամբ ներկայացավ։

Այդ մտերմիկ ու անմիջական հնչող խոսքի շնորհիվ դերասանուհին կարողացավ մի ամբողջ ժամ հանդիսատեսին իր ուշադրության կենտրոնում պահել։ Դատարկ բեմ, մեկ խորանարդ, մեկ ճամպրուկ ու մեկ օդապարիկ, որի վրա մանկության խաղալիք խճանկար-խողովակի գունազարդ նախշերն էին պտտվում։ Ներկայացումը սկսվում է այդ գունազարդ նախշերի պտույտով։ Ապա գույների շուրջպարը շարունակություն է ստանում դերասանուհու հյութեղ ու բազմերանգ խաղում։ Ժամանակի հեռավորությունից՝ նա մեկ իր հուշերն էր պատմում փոքր-ինչ էլեգիկ տրամադրությամբ, մեկ էլ տեղափոխվում էր անցյալ ու երեխայի անմիջական հայացքով իր պատերազմական մանկությունը, կոլորիտային շրջապատն ու նույնիսկ միջավայրի աղմուկներն էր կենդանացնում։ Կարծես դու տեսնում էիր փոքրիկի պապին ու տատին, հարևաններին ու ադրբեջանցի բժշկին։ Իսկ գերության ճիրաններով անցած հայրն ինքն էր հայտնվում ճամպրուկի միջի էկրանից ու վկայախոսում իր կյանքի պատմության ծանր էջի մասին։ Հետո Ն․Գրիգորյան վերհուշողը, թե՞ երեխան՝ թևերը լայն բացած, օդում ասես ճախրելով, Արցախից հասնում էր Հրազդան, որտեղ նրան մեկ այլ փորձություն էր սպասվում: Ո՞վ է այս փոքրիկը․ յուրայի՞ն, թե օտար, փախստակա՞ն, թե իր հողի տերը։ Դերասանուհու պատկերառատ խոսքը տեսարան է բացում, որտեղ հիվանդ փոքրիկին մի ամբողջ դասարան է այցելում ու որից հետո Ն․Գրիգորյան վերհուշողը, թե՞ երեխան, թևերը նորից լայն բացած, մեծ աշխարհում իր պստիկ կարևորության գիտակցումով հրճվում էր իր ապրած օրվա ու նաև անցած ու գալիք տխուր-ուրախ օրերի համար։ Դերասանուհու մարմինը դառնում է մետաֆոր, իսկ շարժումները՝ տեքստ, և ներկայացումը գնում է դեպի ֆինալ։

Աշխարհագրության դասին փոքրիկի կողմից օվկիանոսին տրված ոչ ճիշտ անվանումը՝ Խաղաղության օվկիանոս, մի ամբողջ փիլիսոփայության է վերածվում։ Ու հուշապատումի իրեղեն վկա ճամպրուկը, որի վրա կավիճով տան դուռ ու լուսամուտն էր գծված, վերջում բացվում է խաղաղություն ավետող կարմիր խնձորներով լի։ Նրանցից մեկը բաժին է հասնելու փոքրիկ հերոսուհու այն հողի ու ջրի ծնունդ ծնողներին, որը պատմության աներևույթ հերոսն էր, մյուսը՝ պատմությանը ականջալուր առերևույթ ներկա հանդիսատեսներին, իսկ երրորդը՝ փոքրիկ հերոսուհու հայրիկի կյանքը փրկած ադրբեջանցի բժկին, ում քայլի շնորհիվ և այս ամբողջ պատմության լուսավոր շառավիղը գծվեց ու պահպանվեց։

 

 

 

 

 

Կարդացեք նաև