ՌԱՖԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ / «ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ»

 

ՌԱՖԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ «ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ., թիվ 1-ում

 

 

 

Ոչինչ-ությունները կոնֆորմիստներ են: Սրանք ճշմարիտ ոչինչ չունեն և երբեք ճշմարիտ չեն սիրում, ճշմարիտ չեն ատում, ճշմարիտ երջանիկ չեն և ճշմարիտ ողբերգություն չեն ապրում: Հրաշալիորեն հարմարվելով ցանկացած պայմանների, ցանկացած փոփոխությունների ու ցանկացած ժամանակների մարդկային այս տեսակը բացառիկ կենսունակ է և ընդունակ անգամ բազմանալու ատոմային ռումբի պայթյունի կենտրոնում. հնարավոր է՝ մի փոքր քրտնեն: Նվիրված շան հավատարմությամբ ծառայելով հրամայելու իրավունք ձեռք բերած ու վերևներում գտնվող ամեն մեկի՝ սրանք, իրենց գերբնական հոտառությամբ, վտանգ նախազգալիս անմիջապես կլքեն այդ մեկին: Հիմնականում բարեկեցիկ և ապահով կյանքով ապրելով՝ մարդկային այս տեսակը պատմությանն ու քաղաքակրթությանն է մատուցում իդեալական դավաճանների և քաղքենիների առյուծի բաժինը:

Մարդկային ցեղի մյուս բևեռում նոնկոնֆորմիստներն են: Այս տեսակը տալիս է գրողներ, փիլիսոփաներ, արվեստագետներ և շարքային, սովորական ձախողակ, անհաջողակ մարդկանց հսկայական բազմություն:

Բևեռային այս մտքերս պատճառ դարձան մեկ դերասանի համար գրված «Մարդկանցից այն կողմ» գործը ստեղծելուն: Սակայն, ցավոք, երբեմն պատահում է, որ փայլուն, հրաշալի գաղափարներն ու մտահղացումները՝ թղթի վրա, բավական գունատ ու թույլ են իրականում: Գործը չի ստացվում, ու վերջ: Ինքներդ որոշեք: Ահա ձեզ խոսք, ահա ձեզ գործ՝ դատեք:

(Վերը եղածը կարդալիս «Իմ կարծիքով» արտահայտության մշտական ներկայությունն զգալը պարտադիր է):

ՌԱՖԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

 

ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

(Մեկ դերասանի թատրոն)

 

30-35 տարեկան ՏՂԱՄԱՐԴԸ հոգնած ու դանդաղ իր հարկն է բարձրանում: Մոտենում է բնակարանին, որոշ ժամանակ անշարժ կանգնած` նայում է փակ դռանը, ապա սկսում է փնտրել բա­նալին: Անձրևից թրջված բաճկոնի մի գրպանից դուրս է ցցվել գինու շիշը: Զգուշությամբ, երկու ձեռքով հանում է շիշը, դնում անկյունում, տեսնելով, որ բանալին այդ գրպանում էլ չէ՝ քանդում է թիկնոցի կոճակները, բաճկոնի գրպանից երևում է գինու ևս մի շիշ: Շարունակում է որոնել ու վերջապես գտնում է: Դուռը կրնկի վրա բացում է, բայց ներս չի մտնում: Շեմին կանգնած՝ հոգնած-ձանձրացած տեսքով ներս է նայում: Անշուք, աղքատիկ բնակարան է:

ՏՂԱՄԱՐԴ — Ո՜նց եմ հոգնել էս տունը վե­րադառնալուց, ո՜նց եմ հոգնել: Չեմ էլ կորցնում տանս ճանապարհը: Կամ շփոթում, ուրիշ մի տեղ ընկնում, ոնց որ կինոներում… կամ էն անեկդոտում, որ երեկ Գևորգը պատմեց: (Ծի­ծաղում է:) Վա՜յ, Գևորգ, Գևորգ, լավ անեկդոտ էր, հատկապես վերջը… Սիրելիս, առավոտյան ասում է կինը, դառը սուրճի հա­մար երկու հարկ վերև պիտի բարձրանայիր… (Ծիծաղում ու ներս է նայում:) Մի անեկդոտ էլ էս տունն է: Հիմի ի՞նչ, ներս չե՞մ մտնում: Ձևա­րան հարց՝ զուտ հռետորական: Ուզեմ-չուզեմ՝ մտնելու եմ, ճարս ի՞նչ: Ուրիշ մի տեղ ունե՞մ գնալու: Չէ, չունեմ: Մեկը կա՞, որ ինձ է սպա­սում: Չէ, չկա: Հը՜մ… բացարձակ ազատության մասին էի երազում, սա՞ է… Մի քիչ շատ ձանձրալի չէ՞: Միշտ նույնը, միշտ նույնը: Բայց ոչինչ, լավ զինված եմ… (Շոյում է գինու շիշը:) Երկու շիշ ունեմ, սրանցով ձանձրույ­թի ողնաշարը կկոտրեմ, բայց հետաքրքիր ձևով կկոտրեմ, ու մի սիրուն իրիկուն կստացվի… Հա, բայց ո՞նց: (Մեկ-երկու քայլ ներս է մտնում, հետո նորից կանգնում ու մտածում է:) Հը՞, բայց ո՞նց: (Գլուխը կախ, լարված մտա­ծում է: Հետո շուրթերին խորամանկ ժպիտ է հայտնվում: Ետ-ետ կրկին դեպի դուռն է գա­լիս, կանգնում շեմին, շարունակում մտածել: Դուռը կրկին է փակում: Ինքն իրեն խրախու­սում է:) Հը՞… չփորձե՞մ: Համենայնղեպս, հե­տաքրքիր կլինի: Նման բաներ վաղուց չեմ զգացել: Նույնիսկ կարոտել եմ: (Թափ է տա­լիս հագուստը, ձգվում, բարձրացնում է գլուխը: Դեմքի արտահայտությունը կտրուկ փոխված է՝ ժպտուն է, ինքնավստահ, առույգ, բարեհո­գի: Սեղմում է դռան զանգի կոճակն ու դիմում Երևակայական Բարեկամին, որն իբր կողքին կանգնած է: Խոսելու է ընդգծված գրականով:) Մի րոպե, բարեկամ, մի փոքր համբերություն, կինս հավանաբար խոհանոցում է ու զանգը չի լսում: Սովորաբար այս ժամին ինձ համար ընթրիք է պատրաստում և ամբողջապես նվիր­վում է դրան: Չկարծեք, թե խստապահանջ եմ կամ որկրամոլ: Ամենևին, բայց սիրում եմ, որ կերածս ուտելիքը համեղ լինի: Խոստովանում եմ, որ այդ թուլությունն ունեմ: (Կրկին սեղմում է զանգի կոճակը:) Կինս այդ թուլությունս գի­տի և, ահա, ջանում է: (Ձեռքով հրում, կրնկի վրա բացում է դուռը և սիրալիր ժպիտով նա­յում իբր դռների մեջ կանգնած Երևակայա­կան կնոջը:) Ա՜, ահա և տիկինս: Բարի երե­կո, սիրելիս, ներիր, որ մի քիչ ուշացա: Հաս­կանո՞ւմ ես, աշխատանքից հետո բարեկամ­ներիս հետ սրճարան մտանք: Առանց որևէ պատճառի, պարզապես լիցքաթափման կա­րիք ունեինք: Ու հարկ եղածից ավելի նստեցի, ուստի և ուշացա՝ կներես, սիրելիս: Ու գիտե՞ս, սրճարանում ահա այս բարեկամիս հետ ծա­նոթացա, ինձ շատ կարգին ու օրինավոր մարդ թվաց, և ընթրիքի հրավիրեցի: Կարծում եմ, չես առարկում… Ներիր, սիրելիս, անհաջող ար­տահայտվեցի: Դե, ներս մտեք, բարեկամ, ներս մտեք ու ծանոթացեք կնոջս հետ: (Ներս է մտնում, փակում դուռը, ձեռքերն իրար է շփում:) Հրաշալի է, հրաշալի է: Այսպիսի եղանակին առանձնապես թանկ ես գնահատում Տունդ: Տանդ մթնոլորտը, ջերմությունը, հարմարավե­տությունը: Ուշ աշունն իմ ամենաչսիրած եղա­նակն է, բարեկամ: Տվեք ձեր թիկնոցը, ահա այստեղ կկախեմ, որ չորանա: (Հանում է թիկ­նոցը, կախում դռան կողքի մեխից: Թիկնոցը վայր է ընկնում, նա ցանկանում է կռանալ-վերցնել, բայց հետո թափ է տալիս ձեռքը՝ այն թողնելով հատակին:) Այո՜, չեմ սիրում ուշ աշուն՝ անձրևներ, անարև, կախ ընկած, ծանր ու գորշ երկինք, սրթսրթացող ու կուչ եկած մար­դիկ… Այո, չեմ սիրում: Ինչ-որ չարագույժ բան կա այս եղանակի մեջ՝ սառը, անտարբեր դա­ժանությո՞ւն, թե՞ դավաճանական որևէ ստոր արարքի նախազգացում: Իսկ դավաճանութ­յունը ահավոր բան է, բարեկամ: Ահավոր: Եվ ամենևին կարևոր չէ, թե ով է այն կատարում՝ սիրածդ կի՞նը, թե՞ բարեկամ-ընկերդ: Ոչ մի նշանակություն չունի: Առաջին անգամ այս բանի հետ հանդիպումը քեզ նախ զարմանք է պատճառում, հետո՝ շփոթվածություն, հետո՝ ցավ: Անմիջապես խզում ես այդ կապն ու մտածում, թե եղածն ընդամենը պատահակա­նություն էր, և որ այսուհետև հարկավոր է զգույշ լինել ու խուսափել մարդկանցից… Բայց ո՞ր մեկից, բարեկամ, հը՞, ո՞ր մեկից: Տարիների ընթացքում համոզվում ես, որ մարդկանց մեծ մասը, այո, այո՜, բարեկամ, մեծ մասը հիմնականում նենգ է, բացարձա­կապես անտարբեր մյուսների նկատմամբ և անասելի եսամոլ, աննկարագրելի եսամոլ: Ու ողջ կյանքում ամեն կերպ ճգնում են խնամքով ու վարպետորեն թաքցնել սույն փաստը: Իսկ եթե հանկարծ գլխի են ընկնում կամ հասկանում, որ կռահել ես իրենց խաղը՝ ակնթարթորեն պատժում են՝ դավաճանական որևէ ստոր արարք գործում, որպեսզի կոտրվես, այնպիսի ցավ զգաս, ասես հոգուդ մեջ շի­կացած սուր խրեցին, և պայքարելու մասին մտածելու փոխարեն վերքերդ բուժելով զբաղ­վես: Ու քանի որ նման կապեր խզելը բնավո­րության պես մի բան ես դարձրած լինում, մի օր զարմանքով զգում ես, որ մենակ ես մնացել: Մեն-մենակ: Ու չնայած նման գոյությունը դժվար է, շատ դժվար, բայց դա գերադասում ես մարդկանց կողմից պարտադրվող խաղն ընդունելուց: Նաև մխիթարվում ես նրանով, որ մարդկանց և իրականության հետ կապերդ խզելով՝ ազատություն ես ձեռք բերում: Եվ իրական իրականությամբ ապրելու փոխարեն սկսում ես հնարովի իրականությամբ ապրել: Եվ աստիճանաբար հասնում ես այն բանին, որ այս երկուսն այն աստիճանի են իրար միաձուլվում, որ ինքդ, նույնիսկ ինքդ, չես կարո­ղանում դրանք իրարից տարբերել: Դուք ինձ հասկանո՞ւմ եք, բարեկամ… (Դեմքն աստի­ճանաբար մռայլվել է, լրջացել, պարզ զգացվում է, որ հիմա արդեն չի խաղում, որ ինքը սա է, բայց վերջին բառերն ասելիս հանկարծ հի­շել է դերը: Որոշ ժամանակ նայում է Երևակա­յական Բարեկամի կողմը, այնուհետև փոր­ձում է իր ընտրած դերի մեջ մտնել, կեղծ ան­հոգությամբ ծիծաղում է:) Հանկարծ չկարծեք, թե սրանք իմ մտքերն են, բարեկամ, այդպիսի բան չմտածեք: Մի ծանոթ ունեմ՝ անհաջողակ ու միայնակ մեկն է, ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ, փորձում օգնել, փոխել այդ տեսակետը, բայց իզուր: Նրա համար դա հա­մոզմունք է արդեն դարձել: Դե, առաջացեք, բարեկամ, առաջացեք… աա՜, բնակարանն եք դիտում: (Կեղծ հիացմունքով նայում է ավերակ բնակարանին:) Այո, իսկապես լավն է, հարմարավետ… Իմիջիայլոց, ես եմ վերանո­րոգել: Ողջն իմ ձեռքի գործն է: Չէիք կար­ծո՞ւմ, որ այդպիսի շնորհք ունեմ: Ինչպես տեսնում եք՝ ունեմ: Բազմաշնորհ եմ, ինչպես կինս է ասում: Իսկ բուխարի՞ն, բարեկամ, հա­պա նայեք, ինքս եմ պատրաստել: (Ցույց է տալիս անկյունում կեղտոտ, ժանգոտ, կոտրված քարով, կապկպված հաղորդալա­րով էլեկտրական սալիկը, որի մի ոտքը չկա, փոխարենը երկու աղյուս է դրված:) Համա­ձայնեք, որ համարյա արվեստի գործ է ստացվել: Հիմա կմիացնեմ, այսինքն, ուզում էի ասել՝ կվառեմ, չոր կոճղեր կդնեմ, ու կտեսնեք, թե սենյակում ինչ ջերմություն, հաճելի տա­քություն կտարածվի: Եվ չոր կոճղերի ճթթո­ցը… (Միացնում է սալիկը, որը ճայթյունով ան­ջատվում է:) Տեսա՞ք, որ ճթթաց: (Ստուգում է հաղորդալարը, կապկպում:) Այ, հիմա կմիացնեմ… այսինքն, ուզում էի ասել՝ կրակը կթեժացնեմ… (Նորից է միացնում, անկեղծո­րեն ուրախանում է, տեսնելով, որ սալիկը շի­կացավ:) Ահա, միացավ, այսինքն, թեժացավ կրակը, մոտեցեք կրակին, բարեկամ, վերցրեք, ահա, այն հարմար բազկաթոռն ու մոտեցեք կրակին, մինչև ընթրիքի սեղանը պատրաստ կլինի: (Մաշված աթոռը վերցնելով՝ սալիկի մոտ է նստում, շփում ձեռքերը: Հետո գնում է խոհանոց, այնտեղից բերում ապխտած ձկան մի պոչ, սմբուկի խավիար՝ պահածոյի տուփով, կտրտած սոխի շերտեր, թափանցիկ տոպրակի մեջ՝ հացի կտորներ:) 0՜, հապա տեսեք, թե ինչ ենք այսօր վայելելու… իշխան ձուկ, սև խավիար, աննման խորտիկներ, տա­րեկանի թարմ հաց, տնական սպիտակ գինի… հրաշալի է, հրաշալի… Սա արդեն իսկական խնջույք է հիշեցնում: Մոտեցեք սեղանին, բա­րեկամ, իմիջիայլոց, իշխան ձուկը կինս միայն իրեն հայտնի եղանակով է պատրաս­տում, ու պետք է ասել, աննման բան է ստացվում: (Վերցնում է ապխտած ձուկը, անախորժակ ծամում: Աչքն ընկնում է պատին կպցրած երեխաների լուսանկարներին: Ձկան պոչը ափսեի մեջ է նետում, մոտենում է լուսանկար­ներին, սևեռուն նայում: Հետո դեմքից մաքրում է տխրությունն ու կեղծ աշխուժությամբ նա­յում Երևակայական Բարեկամին:) Ահա և չա­րաճճիներս, հապա մոտ եկեք, մոտ եկեք, որ­պեսզի ձեզ բարեկամիս հետ ծանոթացնեմ: Սա, բարեկամ, աղջիկս է: (Շոյում է աղջկա լուսանկարը:) Հանկարծ չմտածեք, թե քչախո­սի մեկն է: Բոլորովի՛ն: Հավանաբար ձեր ներ­կայությունից է քաշվում: Առավոտից երեկո ճռվողում է և ահավոր հարցասեր է: Անկեղծ ասած, երբեմն այնպիսի հարցեր է տալիս, որ դժվարանում եմ պատասխանել: Անցյալ օրը հարցնում է, ասում է՝ հայրիկ, եթե խնձորի կո­րիզը ցանենք, խնձորի ծա՞ռ կաճի: Ասում եմ՝ այո, իհարկե: Ասում է՝ հայրիկ, ախր այդ ո՞նց է խնձորի մեծ ծառն այս փոքրիկ կորիզի մեջ սեղմվել-տեղավորվել: Ո՞վ է այդ բանը կարո­ղացել անել: Չգիտեի՝ ինչպես պատասխանել, որ հասկանալի լիներ ու ճիշտ: Իսկ սա տղաս է, բարեկամ: (Շոյում է տղայի դեմքը:) Քրոջից ընդամենը մեկ տարի է փոքր, բայց, ինչպես տեսնում եք, լուրջ ու հավասարակշռված մի փոքրիկ տղամարդ է արդեն… (Գլուխը կախե­լով, հազիվ լսելի:) Մոր ու քրոջ պաշտպանը, տան հույսը՝ հիմա, վաղը և հետո: (Կրկին կեղծ աշխուժանում է և, իբր անսպասելի, նկա­տում է կնոջը:) Այդ ի՞նչ է, սիրելիս, ինչո՞ւ ես հագնված, մի՞թե մեզ հետ չես ընթրելու: Ա՜, իսկապես, մոռացել էի, որ այսօր չորեքշաբթի է: (Երևակայական Բարեկամի կողմը շրջվե­լով:) Մենք պետք է տիկնոջս ներենք, բարե­կամ, չորեքշաբթի օրերը կինս երեխաներիս հետ մորս են այցելում, այնտեղ են ընթրում: Արդեն ավանդույթի պես մի բան է դարձել, բա­րեկամ, ոչինչ չենք կարող անել: Իրար հետ շատ են կապված: (Ձայնի մեջ ծաղրական, չար երանգներ են հայտնվում, դեմքն ակամա մռայլվում է:) Բացառիկ հարգանք, սեր ու հո­գատարություն ունեն միմյանց նկատմամբ և այնքա՜ն հաշտ են… Դեռ երբեք չեմ լսել կամ տեսել, որ հարս ու սկեսուր այդչափ կապված լինեն իրար հետ: (Փորձում է աստիճանաբար մտնել իր դերի մեջ:) Դե լավ, սիրելիս, ես ու բարեկամս այս անգամ քեզ ներում ենք: Պատճառը հասկանալի է ու հարգելի: Ցտե­սություն ձեզ, ցտեսություն, սիրելիներս: (Նստում է սեղանի առջև դրված աթոռին:) Դե ի՞նչ, բարեկամ, շարունակե՞նք մեր փոք­րիկ խնջույքը: (Վերցնում է ձկան պոչն ու կրծոտում, մի շերտ սոխ է նետում բերանը, մի պատաո հաց:) Հուսով եմ, իշխան ձուկը ձեզ դուր է գալիս: Իսկապե՞ս: Ուրախ եմ, ուրախ: Զգո՞ւմ եք, թե համի ինչ նուրբ փունջ ունի, բուրմունք՝ նույնպես: Գնահատեցի՞ք… Գոհ եմ ու շատ ուրախ: Բայց խավիա­րի համը նույնպես տեսեք: (Վերցնում է սմբու­կի տուփը, ներսը զննում ու պատառաքաղով ետ է տալիս երեսի փառը:) Ոմանք սև խավիա­րը միայն կարագով են վայելում, մինչդեռ ես, բարեկամ, սիրում եմ հազվագյուտ մի սոուսի թեթևակի շերտ՝ չինական, թե՞ ճապոնական խոհանոցային արվեստի բացառիկ մի նմուշ է սա. տեսնո՞ւմ եք, ինչ նուրբ ու հազվագյուտ կանաչակապտավուն գույն ունի: Անտեղյակ­ները երբեմն բորբոսի հետ են դա շփոթում, մինչդեռ դա սոուս է՝ չինական, թե՞ ճապոնա­կան խոհանոցային արվեստի բացառիկ մի նմուշ: Չնայած, եթե չեք ուզում, կարող եք պատառաքաղով, ահա այսպես, ետ տալ: Ահա այսպես ետ տալ ու հետո միայն խավիարը քսել հացին: Անպայման համտես արեք նաև այս համադամ խորտիկները: (Վերցնում է պանիր, սոխ, հաց, չկամ ծամում:) Նման ըն­տիր խորտիկներ վայելելու հաճույք ուրիշ մի այլ տեղ հազիվ թե ունենաք: Այո, հազիվ թե ու­նենաք: Բայց կարծում եմ, որ ժամանակն է ըմպելու տնական այս սքանչելի գինին: Բա­րեկամիս ուղարկածն է, իր պատրաստածը, ամեն տարի մի տակառիկ ինձ անպայման ու­ղարկում է, գիտի, որ ամեն ինչ չէ, որ խմում եմ, որ այդ հարցում խիստ քմահաճ եմ: (Բացում է պորտվեյնի շիշը, լցնում բաժակը, խմում, նո­րից լցնում ու նորից խմում:) Հը՞, բարեկամ, ի՞նչ կասեք… Այո, այո, միանգամայն համա­ձայն եմ, իսկապես վայելք է: Այդ ինչո՞ւ ետ քաշվեցիք սեղանից: Ո՞նց թե՝ կշտացաք…

Այդքան շո՞ւտ: Չեղավ, բարեկամ, չեղավ: Շատ լավ, բարեկամ, չեմ համառի, բայց ափ­սոս, որ այդքան շուտ կշտացաք: Դե լավ, սպասեք՝ սեղանը հավաքեմ, հետո սուրճ ու կոնյակ կխմենք: (Սեղանին եղածը խոհանոց է տանում:) Հայկական կոնյակների հարուստ հավաքածու ունեմ, այսինքն՝ ֆրանսիական կոնյակ նույնպես կա, ընտրեք, որը ցանկանաք: (Մտամոլոր շուրջն է նայում, սեղանի տակ, թիկնոցի, բաճկոնի գրպաններն է ստու­գում, շփոթված կանգնում է, փորձում հիշել: Ձեռքը ճակատին խփելով վազում է դռան կողմը, բացում ու թեթևացած, երջանիկ ժպտում: Դրսից, դռան անկյունից զգուշորեն վերցնում է պորտվեյնի երկրորդ շիշը, բերում-դնում սե­ղանին:) Ահա, բարեկամ, ֆրանսիական կոն­յակ նույնպես ունեմ, ընտրեք, որը ցանկանաք, իսկ ես սուրճ կպատրաստեմ: (Բերում է սրճեփը, մեջը սուրճ, շաքարավազ լցնում, դնում էլեկտրական սալիկին: Հետո մոտենում է սեղանին, բացում երկրորդ շիշը, գինի լցնում- խմում:) Տեսնում եմ, որոշեցիք ֆրանսիական կոնյակը փորձել: Վատ խմիչք չէ, իհարկե, ես կասեի՝ շատ լավ խմիչք է, բայց ես հայկական կոնյակ կխմեմ: (Աոաջին շշից է լցնում բաժա­կի մեջ:) Այո, հայկականն ինձ ավելի է դուր գալիս: (Հեռախոսազանգ:) Ներեցեք, ես հի­մա… Ալո՞… լսում եմ:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆ — Բարի երեկո, ես տիկին Ելենային եմ խնդրում:

ՏՂԱՄԱՐԴ — Բարի երեկո, բայց դուք սխալվել եք:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆ — Ինչպե՞ս… ես համարը ճիշտ հավաքեցի:

ՏՂԱՄԱՐԴ — Գիտես, օրիորդ, բայց իմ ու այդ տիկին Ելենայի համարները շատ մոտ են իրար, ընդամենը մեկ թվի տարբերություն է, ու նրան զանգողները շատ հաճախ են ինձ մոտ ընկնում: Նորից հավաքեք: (Տղամարդը խո­սափողը վայր է դնում, որոշ ժամանակ մտախոհ լռում է:) Հաճելի ձայն ուներ, երևում է, բավական երիտասարդ է, տեսնես սա՞ ին­չու է այդ տիկին Ելենային զանգում: Անձամբ այդ տիկնոջը չեմ ճանաչում, երբեք չեմ տեսել, բայց մեր հեռախոսահամարների տարբե­րությունը ընդամենը մեկ թվանիշ է, և ավելի հաճախ ինձ մոտ են ընկնում: Սխալվողներից մեկին մի օր հարցրի, թե ո՞վ է այդ տիկին Ելենան: Ապշեց: Պարզվեց, քաղաքի հայտնի դեմքերից է: Շատ հայտնի: Որ քաղաքի միակ ճշմարիտ ու բացառիկ մեդիումն է, որ ոգեհար­ցության շշմեցուցիչ սեանսներ է անցկացնում: Եվ ահա զանգում են՝ առավոտից ֊երեկո, կին-տղամարդ, ամեն տարիքի: Երևում է, մարդիկ ողջերից հույսները վերջնականապես կտրել են: Ապրողներն ապրողներին այլևս չեն վստահում, չեն հավատում նրանց անկեղծութ­յանն ու բանականությանը և իրենց համար ամենակարևոր հարցերի պատասխանները մեռյալներից են ցանկանում ստանալ: Այդ ին­չի՞ց է, բարեկամ, ինչո՞ւ այսպես եղավ: Մի այլ սխալվողի, ձայնից դատելով՝ միջին տարիքի մի տղամարդու, խոսելաոճից էլ երևում էր, որ կիրթ մեկն է, ասացի, որ ոգեհարցությունն ու ոգեմիջնորդությունը շառլատանություն եմ համարում: Հետո ասացի, որ այն աշխարհի բնակիչները հազիվ թե այս աշխարհի գործե­րին լավատեղյակ լինեն, ուստի խորհուրդ տվեցի դիմել այս աշխարհի գործերին լավա­տեղյակ որևէ մոտիկ մարդու, հարազատի, բարեկամի: Ծիծաղեց վրաս ու ինձ հիմար ան­վանեց: Ասաց, որ եթե որևէ մեկն այս աշխար­հի գործերին լավատեղյակ է, ուրեմն չի կարող մոտիկ մարդ լինել, հարազատ կամ բարեկամ, ասաց, որ այս աշխարհի գործերին լավատեղ­յակները, որպես օրենք, վերջնականապես փչացած են ու խիստ վտանգավոր, որ նման մարդիկ միմիայն ձև են, որ դրանք վաղուց ար­դեն կորցրել են ցանկացած իմաստ կամ բովանդակություն, կամ երբեք էլ չեն ունեցել: Այդպիսի բաներ, բարեկամ: Տխուր է, իհարկե: Ու վատն այն է, որ փոխադարձ անվստահութ­յան, միայնության ու կասկածի այս ահավոր վարակը մեծ արագությամբ է տարածվում: Այսինքն, ավելի լավ է այդ մասին չխոսենք, բարեկամ, անգամ չմտածենք, եկեք խմենք, բարեկամ… (Խմում է, զգացվում է, որ հարբել է:) Իմիջիայլոց, հանկարծ չմտածեք, թե ես միջին տարիքի այդ տղամարդու տեսակետի հետ համաձայն եմ: Ամենևի՛ն: Այո, հենց այդ­պես: Եվ դեռ հակառակը՝ ես դա սխալ տեսա­կետ եմ համարում: Միանգամայն սխալ տե­սակետ, քանի որ իմ կյանքը, հենց օրինակի համար վերցնենք իմ կյանքը, այդ տեսակետի հրաշալի հերքումն է: Այո՛: Հենց այդպես: Բազմաթիվ, անհաշիվ ընկերներ, բարեկամներ ունեմ, բոլորն էլ ազնվագույն, անձնազոհ, սրտացավ մարդիկ են: Ծիծաղելի է, բայց երբեմն նույնիսկ նեղսրտում եմ: Դեռ երբեք չի հաջողվել որևէ դժվարության, ծանր կացության հետ երես առ երես, մեն-մենակ մնալ՝ սեփական ուժերով հաղթահարել դրանք: Եթե հանկարծ ինձ համար նման իրա­վիճակ է ստեղծվում՝ անմիջապես հայտնվում են ընկերներս, հարազատներս, բարեկամ­ներս, ու հարցը, որ քիչ առաջ համարյա անլու­ծելի էր թվում, ակնթարթորեն լուծվում է: Եր­բեմն ցանկանում եմ ինձ անօգնական, բոլորի կողմից լքված, անպաշտպան մեկն զգալ, որ­պեսզի սեփական ուժերով հաղթահարեմ ինչ-որ արգելքներ ու ինձ ուժեղ զգամ: Կամ հարևաններս… նույնպես բախտս բերել է, ահա այս պատից այն կողմ մի բարձր պաշտոն­յա է ապրում, շատ բարձր պաշտոնյա… Բայց պետք է տեսնեք, թե ինչ աստիճանի համեստ մարդ է, հոգատար, սրտացավ: Եթե մի երկու օր, դեպքերի բերումով, իրար չենք հանդի­պում, մի երեկո անպայման կայցելի ինձ, կհե­տաքրքրվի գործերիս վիճակով, կամ ինձ իրենց տուն ընթրիքի կհրավիրի: Իսկ այստեղ… (Մատնացույց է անում մյուս պատը:) Մեծա­հարուստ մեկն է ապրում, ինչպես հիմա են ասում’ գործարար մարդ: Վերին աստիճանի շռայլ ու անհաշվենկատ էություն ունի: Հետո էլ ասում են, թե փողը մարդուն փչացնում է: Սուտ է, բարեկամ, ամեն ինչ մարդուց է կախ­ված… այս ի՞նչ ծուխ է… (Նոր միայն նկատում է, որ սուրճը թափվում է: Վազում, բարձրաց­նում է սրճեփը:) Ա՜յ քեզ բան, համարյա ոչինչ չի մնացել: Ոչինչ, բարեկամ… (Կեղծ ծիծա­ղում է, ձեոքերը թափահարելով՝ փորձում ցրել սենյակի ծուխը:) Չհուսահատվեք, հիմա նո­րը կպատրաստեմ: Այնքան հետաքրքիր զրույցով էինք զբաղված, որ սուրճի մասին մո­ռացա: Ոչինչ: Նման մանրուքի վրա ուշադրություն մի դարձրեք: (Նորից սուրճ է պատ­րաստում, դնում սալիկին: Հեռախոսազանգ:) Նորից հեռախոսը, ներեցեք, բարեկամ, ես հի­մա… Ալո՞, լսում եմ:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆ — Նորի՞ց ձեզ մոտ ընկա:

ՏՂԱՄԱՐԴ — Ըհը, ընկաք:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆ — Ներեցեք, բայց անընդ­հատ սխալ տեղեր եմ ընկնում: Ուշադիր ու շատ դանդաղ եմ համարը հավաքում, բայց անընդհատ սխալվում եմ: Հիմա նորից կփոր­ձեմ: Եթե ձեր հեռախոսը զանգի, մի վերցրեք, ուրեմն ես եմ:

ՏՂԱՄԱՐԴ — Անպայման կվերցնեմ, որով­հետև դուք եք: Հաճելի ձայն ունեք, ու լսելը ինձ բավականություն է պատճառում:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆ — Շնորհակալ եմ: Հրաշա­լի հաճոյախոսություն էր: Ու տեղին: Տրամադ­րությունս առանձնապես մի բան չէ…

ՏՂԱՄԱՐԴ — Դրա համար եք տիկին Ելենային զանգո՞ւմ: Ուրեմն այս աշխարհում ձեր տրամադրությունը գցել են՝ ձայնի մեջ հիաս­թափության երանգներ ունեք, հավանաբար ինչ-որ մեկը խաբել է ձեզ, ուրեմն այս աշխար­հում խաբվել եք ու հույս ունեք, որ կորցրած ամենահարազատներից մեկն այն աշխարհից ձեզ հարցի լուծման լավագույն տարբերակը կթելադրի, հա՞… Այդքան միամի՞տ եք, թե՞ կարծում եք՝ ինքնախաբեության լավագույն ձևն եք գտել: Ինչո՞ւ եք լռում: Եթե այս աշ­խարհում հասարակ ու խճճված մի հեռախոսակաբել կարող է պատճառ դառնալ անընդ­հատ սխալ միացումների, ապա ինչո՞ւ չեք կասկածում տիկին Ելենայի վարպետությանը, ինչո՞ւ մտքներովդ չի անցնում, որ նա էլ կարող է սխալ միացում կատարել, և անհրաժեշտ հո­գու փոխարեն ուրիշ մեկինը կհայտնվի, որը վտանգավոր կամ սխալ պատասխան կթելադրի: Թե՞ կարծում եք, այն աշխարհի հո­գիները չեն սխալվում: Ավելի վստահում եք անմարմին հոգիներին, քան մարմին ունեցող հոգիներին, հա՞: (Դառը ծիծաղում է:) Սխալ­վում եք, հարգելիս, հավատացնում եմ ձեզ, որ սխալվում եք, ամեն ինչ կախված է նրանից, թե այդ հոգին ինչով է լցված: Ըմբռնո՞ւմ եք միտքս: Սա է կարևորը: Ըմբռնեցի՞ք միտքս: (Հեռախոսն անջատվում է: Խոսափողը ձեռ­քում շուռումուռ է տալիս:) Վայր դրեց: Իսկ ես հույս ունեի, թե մի բան կհասկացնեմ այդ աղջկան: Որ այդքան հաճելի ձայն ունի: Ու հա­վանաբար գեղեցկուհի է: Ու դեմ չէի լինի նրա հետ ծանոթանալ: Հը՞, հարգելի բարեկամ, ի՞նչ կասեք: Պատասխան չունե՞ք: Հոյակապ է, այդ դեպքում եկեք խմենք: Իսկ այս հիմար ծուխը պակասելու փոխարեն ավելանում է: (Չի նկատում, որ սուրճը կրկին թափվում է՝ թանձրացնելով սենյակի ծուխը: Աոաջին շշից գինի է լցնում, խմում, լցնում է երկրորդ շշից:) Հրաշալի կոնյակ է, հը՞, բարեկամ: Այո՜, ըն­տիր խմիչք է: Հետո էլ ասում են, խմիչքը մարդու թշնամին է: Սուտ է: Խմիչքը մարդու բարեկամն է: Ինչպես շունը: Չնայած երբեմն չի հասկացվում, թե ով է ում շունը դառնում, բայց դա ոչ մի նշանակություն չունի: Չունի, քանի որ խմիչքն է, որ ջերմացնում է սառած հոգիդ, խմիչքն է, որ քեզ խինդ է տալիս, այս անիծյալ աշխարհում գոյությունդ շարունակե­լու հավես, ժամանակ առ ժամանակ մերձա­վորներիդ երեսին չթքելու կամք, խմիչքն է, որ բթացնում է ներսումդ եղած անողոք ցավը, տառապանքը… (Լռում է, մտածկոտ նայում Երևակայական Բարեկամի կողմը, հետո կեղծ ծիծաղում, կեղծ աշխուժանում, փորձում է խո­սել անբռնազբոս ու թեթև:) Հավանաբար զար­մացած եք, բարեկամ: Զարմացած եք. այսպի­սի հոյակապ բնակարան, նվիրված ու սիրա­ռատ կին, չտեսնված երեխաներ ունենալով հանդերձ, նման մռայլ մտքեր եմ արտահայ­տում: Հասկանալի է, բարեկամ, բայց դե… ի՞նչ արած, ինչպես ասում են՝ մարդկային ոչինչ խորթ չէ մեր հոգուն: Ըմբռնո՞ւմ եք միտքս: Ո՞չ: Զարմանալի է, մինչդեռ հասարակ մի բան էր ասածս: ՏԱՌԱՊԱՆՔՆ ու ՑԱՎԸ, բարեկամ, համամարդկային են: Ինչ-որ անբացատրելի ու խորհրդավոր վայելք կա դրանց մեջ, մեղավոր ու գայթակղիչ մի գաղտ­նիք, որ նրբագույն թակարդի նման միշտ մո­տերքում է, ինչ-որ տեղ, կամ մեր մեջ լարված, որի մեջ ընկնելուց անընդհատ զգուշանալով՝ անընդհատ երազում ենք ընկնել: Դարձյալ չհասկացա՞ք միտքս, բարեկամ: Ափսոս: Ավե­լի մանրամասն բացատրե՞մ: (Ծիծաղում է, մատով սպառնում, ինչ-որ բան է ասելու, բայց նրան ընդհատում է հեռախոսազանգը:) Ներե­ցեք, բարեկամ, նորից այս հեռախոսը, այս խճճված գծերը, այս անտես մարդիկ, անշո­շափելի ձայները, մի խոսքով… Ալո՞, լսում եմ:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆ — Շատ ուրախ եմ, որ սխալմամբ նորից ձեզ մոտ ընկա: Ցանկանում էի անպայման ներողություն խնդրել, որ խո­սափողը վայր դրեցի, ներեցեք, խնդրում եմ: Բայց ձեր խոսքերի հեղեղն այնքան անսպա­սելի էր, ասելիքն այնքան դժվարամարս, ինձ վերաբերող որոշ բաներ այնքան ճիշտ, որ շփոթմունքից չիմացա՝ ինչպես վարվել: Ու վայր դրեցի խոսափողը:

ՏՂԱՄԱՐԴ — Պարզ է: (Ծիծաղում է:) Դե լավ, ներում եմ: Ու շատ ուրախ եմ, որ սխալմամբ նորից իմ տիրույթում հայտնվեցիք: Իս­կապես ուրախ եմ: Ինչպես ասացի՝ հաճելի ձայն ունեք, որը լսելն ինձ բավականություն է պատճառում: Չգիտեմ ինչու, մտքովս անցավ, որ գեղեցկուհի եք, ու լավ կլիներ ձեզ հետ ծա­նոթանալ: Ճակատագիրը կամ պատահակա­նությունը մարդու գլխին երբեմն տարօրինակ խաղեր են խաղում: Պատկերացնո՞ւմ եք, ձեր հավաքած՝ տիկին Ելենայի հեռախոսահամարի հասարակ ու աննշան վեցին խճճված մի հեռախոսակաբել արձագանքում է իմ հեռախոսահամարի հոյակապ յոթով, ու մենք ծա­նոթանում ենք: Սիրահարվում ենք ու սիրում իրար: Ճշմարիտ սիրով: Պատկերացնո՞ւմ եք՝ ՃԸ՛Շ-ՄԱ՛-ՐԻ՛Տ: Իսկ ճշմարիտ սերն այնպիսի ուժ է տալիս մարդուն, այնպիսի հսկայական ուժ, որ անբարո աշխարհի բոլոր դավերն ու խարդավանքները միանգամից ողորմելի են դառնում ու ծիծաղելի: Պատկերացնո՞ւմ եք այդպիսի մի սեր: Պա՜տ-կե՜-րա՜ց-նո՜ւմ եք, հը՞… (Կարճ ազդանշաններ խոսափողում:) Նորից վայր դրեց: Ըստ իս, խոսակցությունն ամենա­կարևոր պահերին ընդհատելը այս աղջկա բնավորության բացասական գծերից մեկն է: Տեսնես էլ ի՞նչ բացասական գծեր ունի: Այդ ինչո՞ւ եք ոտքի կանգնել, բարեկամ: Ինչպե՞ս թե՝ գնում եք: Ինչո՞ւ եք շտապում: Կնստեինք, կզրուցեինք, հոյակապ կոնյակը կխմեինք, շախմատ կխաղայինք… Ախ, տանը սպա­սո՞ւմ են: Դրա դեմ առարկություն չունեմ: Տուն, ընտանիք, ընտանեկան ջերմ մթնոլորտ՝ սրանք շատ կարևոր բաներ են, բարեկամ, շատ կարևոր: Սրանք զրահներ են, որ աշ­խարհից եկող հարվածներից պաշտպանում են քեզ, անխոցելի դարձնում, գործողություն­ներիդ մեջ իմաստ ու նպատակ դնում: (Երևա­կայական Բարեկամին ուղեկցում է մինչև դու­ռը:) Հաջողություն, բարեկամ, շատ հաճելի էր, աննման ու հետաքրքիր երեկո անցկացրինք: Հաջողություն: (Փակում է դուռը, քրթմնջում:) Բայց լավ կլիներ՝ մնայիք, կնստեինք, կզրու­ցեինք, կոնյակ կխմեինք, շախմատ կխաղա­յինք, սուրճ կխմեինք: (Հիշելով՝ բղավում է:) Սո՞ւրճ… սուրճս… (Վազում է սալիկի կողմը, սուրճը վաղուց թափվել-վերջացել է, սրճեփը շիկացել է, ու երբ բռնում է երկար բռնակից, ձեռքն այրվում է:) Թյո՛ւ, սրիկայի մեկը, պոչա­վոր սրիկայի մեկը… (Ոտքով հարվածում է հատակին ընկած սրճեփին, սենյակի մի ծայ­րից մյուսը շպրտում:) Շիկացած ու պոչավոր սրիկայի մեկը: Տեսա՞ր, ձեռքս ոնց այրեց: Չէ, դու տեսա՞ր… Իսկ ես քեզ ի՞նչ էի արել, հը՞, ի՞նչ էի արել, ինձ համար ապրում էի, առանց զանազան սրիկաների վնաս տալու: Սուսու­փուս, ինձ համար ապրում էի, իսկ սրանք ի՞նչ են անում, հը՞, այս պոչավոր սրիկաներն ի՞նչ են անում՝ վերցնում ու վառում են ձեռքս: Ըհը՛: Վառում են ձեռքս ու դեռ բերանները բացած՝ վրաս հռհռում: Ես քու… դե գնա, այ, այդպես կթռչկոտես, այ, այդպես: Լա՞վ է, հը, դե ասա՝ լավ է՞… Բա՜, մենք էլ կարող ենք, չէ՞, մենք էլ կարող ենք վնաս տալ: Բայց չենք անում: Կամ մեկ-մեկ ենք անում: Իսկ դո՞ւ: Դե ասա, քո արածը քեզ դուր եկա՞վ: (Կանգնում է սրճեփի գլխին ու մատ թափ տալիս:) Դրա համար էլ ասում եմ՝ քեզ կարգին պահիր, մարդավարի: Չէ, ավելի լավ է՝ մարդավարի մի պահիր, սրճեփավարի պահիր, թե չէ… թե չէ… (Հեռա­խոսազանգ:) Մի րոպե, տեսնեմ՝ ով է, հետո կգամ, քեզ խելք կսովորեցնեմ: Ալո՞… Ալո, լսում եմ, ալո՞… դե խոսեք: Մենք ձեզ ուշադիր լսում ենք: Մենք… (Նայում է շուրջն ու թվար­կում:) Այսինքն՝ հատակին ընկած ու հռհռացող սրճեփս, պատերի լուսանկարներս, անլե­զու հեռուստացույցս, առաստաղից կախված 150 վատ հզորությամբ էլեկտրական լամպս, ոչ մի կերպ չվաճառվող զգեստապահարանս, շախմատի բաց տախտակս՝ սևերի շփոթված արքայով, սպիտակների կատաղած ձիով, քամելիոնատիպ անցողիկ մի զինվորով, որը չգիտես՝ ինչ գույնի է՝ հանգամանքներից կախ­ված, որ մեկ սրա կողմն է անցնում, մեկ՝ նրա…

ԱՂՋԿԱ ՁԱՅՆ — (կամացուկ ծիծաղում է): Դուք խմա՞ծ եք, ի՛նչ է:

ՏՂԱՄԱՐԴ — Հը՞:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆ — Ես եմ:

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ անեմ… Հետո ի՞նչ, որ դուք եք:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆ — Պարզ է: Զայրացել եք, որ խոսափողը նորից վայր դրեցի: ՏՂԱՄԱՐԴ — Աա՜… օրիորդ: Զայրացած չեմ, բայց գլխի չընկա, թե այդ «Ես եմ»-ը ով է: Վաղուց մեր կողմերում չէիք երևում, ավելի ճիշտ՝ զանգահարում: Նույնիսկ սկսել էի ան­հանգստանալ, անգամ՝ ձանձրանալ: Պատկե­րացնո՞ւմ եք, օրիորդ, առանց ձեզ տխուր է… տաղտկալի է: Մի տեսակ վարժվեցի ձեզ, օրիորդ: Կամ սիրահարվեցի: Այդպիսի թուլութ­յուն ունեմ՝ ՍԵՐ եմ սիրում: Մեջս ՍԻՐՈ ահա­վոր պաշար է կուտակվել՝ ադամանդի կարծրությամբ ու խտությամբ մի սեր, որ իրացնել եմ ուզում, որից ազատվել եմ ուզում, քանի որ նման կարծրության ու խտության գոյությունը վտանգավոր է՝ պայթյուն կարող է տեղի ունենալ: Եվ գիտե՞ք ինչ, դուք ինձ նե­րեք… խոնարհաբար ներողություն եմ խնդրում, բայց ինձ համար իսկապես մի հա­շիվ է, թե ում վրա կիրացնեմ այդ սերը, ում վրա կծախսեմ, ում շնորհիվ կազատվեմ դրանից, ներողություն եմ խնդրում, բայց անկեղծորեն այդպես է… և շատ ուրախ եմ, որ էլի սխալ­մամբ ինձ մոտ ընկաք…

ԱՂՋԿԱ ՁԱՅՆ — Սխալմամբ չընկա: Այս անգամ սխալմամբ չընկա: Այս անգամ տիկին Ելենայի հեռախոսահամարի հասարակ ու աննշան վեցի փոխարեն ձեր հոյակապ յոթը հավաքեցի:

ՏՂԱՄԱՐԴ — (անակնկալի է եկել, հուզված է): Հա՞… Հրաշալի աղջիկ եք երևում, ես կա­սեի՝ հո-յա-կապ… բայց ինչի՞ մասին էի խո­սում, հը՞, ինչի՞ մասին…

ԱՂՋԿԱ ՁԱՅՆ — Ասում էիք, որ սեր եք սի­րում:

ՏՂԱՄԱՐԴ — Այո, այո… Սեր եմ սիրում: Շատ եմ սիրում: ՍԵՐ և ԲԱՑԱՐՁԱԿ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆ — Այդպիսի բան չի լինում, չկա… բացարձակ ազատություն… ՏՂԱՄԱՐԴ — Լինում է, օրիորդ: Կա: Պատ­մությունը բազմաթիվ ու բազմաթիվ

օրինակ­ներով հաստատում է սույն սրճեփա-ապխտաձկնային փաստը: Հույների առաջնորդ ընտրվելով ու պատրաստվելով պարսիկների դեմ պատերազմի՝ Մեծը՝ Ալեքսանդր Մեծը՝ թագավորը, եզակին, լեգենդարը, անկրկնելի հերոսը, մի խոսքով, այցելում է Կորնթոսի մո­տերքում ապրող ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ՝ սինոպցի Դիոգենեսին: Տակառաբնակ այս փիլիսո­փան, ծովափին իր համար պառկած, արևի տակ տաքանալիս է լինում, երբ Ալեքսանդրը՝ Ալեքսանդր Մեծը՝ թագավորը, եզակին, լեգեն­դարը, անկրկնելի հերոսը… մի խոսքով, իր շքախմբով մոտենում է նրան: Արևի տակ տա­քացող տակառաբնակ ՓԻԼԻՍՈՓԱՆ՝ սի­նոպցի Դիոգենեսը, տեսնելով Ալեքսանդրին, ընդամենը մի քիչ բարձրանում է տեղից: Բարևելով, Ալեքսանդրը հետաքրքրվում է, թե ի՞նչ կարող է անել նրա համար, չունի՞, արդ­յոք, որևէ խնդրանք: Եվ գիտե՞ք, ինչ է պա­տասխանում փիլիսոփան՝ սինոպցի Դիոգենե­սը, գիտե՞ք, ինչ է պատասխանում, օրիորդ…

ԱՂՋԿԱ ՁԱՅՆ — Մի քիչ դեն քաշվիր, պա­տասխանում է Դիոգենեսը, արևի դեմը մի փակիր:

ՏՂԱՄԱՐԴ — Կեցցեք, օրիորդ: Ապրեք դուք: Այո, ՓԻԼԻՍՈՓԱՆ հենց այդպես էլ պատաս­խանում է՝ մի քիչ դենը քաշվիր, արևի դեմը մի փակիր: Ոչ մի ԿԱՊ, ոչ մի ԿԱՊՎԱԾՈՒԹ­ՅՈՒՆ՝ պայմանականություններից ու ընդուն­ված արժեքներից բացարձակ հրաժարում… Սա ի՞նչ է ձեր կարծիքով, օրիորդ, սա մի՞թե բացարձակ ազատությունը չէ:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆ — Չգիտեմ… երևի… գու­ցե…

ՏՂԱՄԱՐԴ — (չար արհամարհանքով): Չգիտեմ… երևի… գուցե… Ի՜նչ բառեր են, ոչինչ չասող, իներտ ի՜նչ բառեր են: Անիմաստ ու հենց այնպես խոսելու համար ստեղծված:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆ — Այդքան ինքնավստահ մի խոսեք, չեմ սիրում այդպիսիններին: ՏՂԱՄԱՐԴ — Պարզ է: Իսկ ինչպիսինների՞ն եք սիրում, օրիորդ: Ասացեք՝ այդպիսին լինեմ: Կամ գուցե այդպիսի՞ն եմ:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆ — Չէ: Ինձ թվում է՝ օրինավոր մարդ չեք: Ինքնատիպ եք, երևի նաև ցավ ունեք ու տառապում եք, բայց օրինավոր մարդ չեք՝ չար եք ու անխիղճ:

ՏՂԱՄԱՐԴ — (չար ծիծաղում է): Ա՛յ թե ասացիք, օրիորդ, ա՛յ թե ասացիք: Հեռախոսային երկու պատահական և մեկ ոչ պատահա­կան խոսակցությունից հետո, տեսնո՞ւմ եք, ինչ բնութագիր փակցրիք ճակատիս… և դեռ օրինավորությունից եք խոսում: Ու խղճից: Մինչդեռ օրինավոր մարդ եմ, շատ օրինավոր: (Խոսափողում օրիորդի ծպծպոցը լսելով՝ տխրում է, կախում գլուխը, հեռախոսը հատակին դնելով՝ ինքն էլ ծալապատիկ նստում է, սկսում խոսել ցածր, տխուր, ու պարզ զգաց­վում է, որ ինքն իրեն հարկադրում է խոսել, հատկապես հիշողությունը պատմելիս:) Չեք հավատում… ափսոս, շատ ափսոս, որ չեք հավատում: Չար ու անխիղճ… տես, է՛ … իսկ գուցե մի անգամ, օրիորդ… իսկ գուցե մի անգամ… շատ վաղուց… շատ-շատ վաղուց… գուցե մի անգամ, շատ-շատ վաղուց… ըհը… շատ-շատ վաղուց… մի աղջիկ, մաքուր ու անաղարտ մի կույս… և գեղեցիկ, և անաղարտ մի կույս… և մաքուր… անսփոփ լաց էր լինում, որ խնայեմ իրեն: Անսփոփ լաց էր լինում ու խնդրում, որ խնայեմ իրեն, որ չդժբախտացնեմ իրեն… որ խղճամ… որ գթամ… որ եթե համառելու լինեմ՝ ինքը կտրվի ինձ, անխոս կտրվի, բայց կդժբախտանա… քանի որ շուտով ամուսնանալու է, որ փեսացու ունի… ու եթե տրվեց՝ կխայտառակվի: Կխայտառակվեն ծնողները, հարազատները… ու ինքը դրանից հետո էլ ո՞նց է ապրելու: Ու լաց էր լինում… ու խնդրում էր: Խնդրում էր, որ օգնեմ իրեն, քանի որ ինքն էլ է ուզում տրվել, որովհետև սիրում է ինձ ու շատ է ուզում այդ բանը… բայց վախենում է, սարսափում է: Ու լաց էր լինում: Ու համբու­րում էր ինձ… ու շշնջում էր, որ սիրում է ինձ, շատ է սիրում, բայց եթե այդ բանը եղավ, ինքը հետո ո՞նց է ապրելու՝ խայտառակ ու խոր­տակված իր կյանքով: Ու գիտե՞ք՝ ի՛նչ արեցի, օրիորդ… ի՜նչ արեցի՝ խղճացի… գթացի… օրի­նավորություն հանդես բերեցի: Իսկ մեկ տարի անց, կամ մի քիչ ավելի, երբ ամուսնացել ու ընտանիք էր կազմել, ու երբ մի օր պատահա­բար հանդիպեցինք ու հենց այնպես զրուցում էինք, գիտե՞ք՝ ի՛նչ արեց… խոսակցության ինչ-որ պահի, չգիտեմ ինչու, հանկարծ ծիծա­ղեց վրաս, արհամարհանքով ծիծաղեց վրաս ու ասաց, որ եթե տիրեի իրեն, ողջ կյանքում կսիրեր ինձ, կպաշտեր ու կգերադասեր… ասաց, որ տղամարդը, իսկական տղամարդը հենց այդպես էլ կվարվեր… Իսկ ես, ես ի՞նչ տղամարդ եմ որ… ես ի՞նչ տղամարդ… այդպի­սի հոյակապ առիթը ձեռքիցս փախցրի: Ու ծի­ծաղեց վրաս: Ու գնաց: Շշմած կանգնել-մնացել էի: Դողացնում էի: Կյանքումս առաջին անգամ էի քածի հանդիպում: Հետո, արդեն շատ ուշ, համոզվեցի, որ դա ոճ է, որ դա քածե­րի՝ և արական սեռի, և իգական սեռի քածերի ոճն է. այդպես են գործում՝ ստորացնող, ան­սպասելի ու թիկունքից: (Հանկարծ լարվում է, խոսափողն ավելի ամուր սեղմում ականջին, բարձրացնում է գլուխը, զարմացած է:) Էյ… էյ… էյ, այդ ի՞նչ եք անում, հը՞… (Միանգամից պոռթկում-բղավում է, տեղից ցատկում:) Ձեզ հետ եմ, օրիորդ, դուք այդ ի՞նչ եք անում: Վերջ տվեք, վերջ տվեք, ասում եմ: Ես ստեցի, լսո՞ւմ եք, ստեցի: Խաբեցի ձեզ: Ցանկացա, որ իմ մասին ձեր կարծիքը փոխեք, հասկանո՞ւմ եք, ուզեցի օրինավոր մարդ երևալ ձեր աչքին, ըհը, օրինավոր, բարի, խղճով… Իսկ դուք էլ միամիտ՝  հավատացիք… Դե, վերջ տվեք, ասում եմ, հիմա՛ր աղջիկ, վերջ տուր, լսո՞ւմ ես, հիմար ու միամիտ աղջիկ… այդ ինչո՞ւ ես լաց լինում, հը՞, ինչո՞ւ, ի՞նչ պատահեց, հը՞, դե մի բան ասա, քեզ հետ եմ, դե՞… մի բան ասա… (Անջատման ազդանշաններ: Շփոթված՝ խո­սափողը դնում է լծակին, շուրջն է նայում: Մո­տենում է սեղանին, աոաջին շշից գինի է լցնում, խմում, դատարկ շիշը նետում է հատա­կին: Երկրորդ շշից է լցնում-խմում: Հեռախոսազանգ: Բաժակը նետում է սեղանին, վազ­քով մոտենում, խլում է խոսափողը, շնչահատ ու արագ:) Այո՞… դե խոսե՛ք, լսում եմ, խոսե՛ք վերջապես…

ՊԱԴՎԱԼԻ ԲԱՔՈ — Թողնո՞ւմ ես, որ խո­սենք, ա՛յ ախպեր, չե՛ս թողնում:

ՏՂԱՄԱՐԴ — (ապշած): Հը՞… ի՞նչ: Դա ո՞վ է: Դուք ո՞վ եք:

ՊԱԴՎԱԼԻ ԲԱՔՈ — Թողնո՞ւմ ես, որ ասենք, այ ախպեր, չե՛ս թողնում:

ՏՂԱՄԱՐԴ — Չեմ հասկանում…

ՊԱԴՎԱԼԻ ԲԱՔՈ — Ուրեմն բութ ես… հը­մի մանրամասն կբացատրեմ, ամեն ինչ կհաս­կանաս:

ՏՂԱՄԱՐԴ — Լսեք… ո՞վ եք, ի՞նչ եք ուզում:

ՊԱԴՎԱԼԻ ԲԱՔՈ — Էդ տոնով չխոսես, ախպեր… էղա՞վ:

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ տոնով:

ՊԱԴՎԱԼԻ ԲԱՔՈ — Մի ձևի:

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ ձևի, այ ընկեր:

ՊԱԴՎԱԼԻ ԲԱՔՈ — Նախ ընկեր չասես՝ կնեղանամ: Էդ առաջ էր, հըմի սաղս պարոն ենք: Հեդո էլ, մի հատ գնա, ձեր հարևան Հագոփին կանչի: Գնա, սուսուփուս կանչի: Ասա՝ Բաքոն ա, պադվալի Բաքոն:

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ Հագոփ, այ ընկեր:

ՊԱԴՎԱԼԻ ԲԱՔՈ — Էլի ընկե՞ր: Չասի՞՝ ընկեր չասես: Ասի, չէ՞: Չասի՞՝ ասա՝ պարոն, չասի՞:

ՏՂԱՄԱՐԴ — (ծիծաղում է): Լսեք, պարոն Բաքո…

ՊԱԴՎԱԼԻ ԲԱՔՈ — Այ ապրես, այ հըմի հարգեցի, դե գնա, ձեր հարևան Հագոփին սու­սուփուս կանչի: Ասա՝ Բաքոն է, պադվալի Բա­քոն, ասա՝ թող շուտ գա, որ ես մեկ էլ վերև չհելնեմ, թե չէ որ ես վերև հելա, ինքը էլ ներքև չի իջնի, իրան կիջացնեն: Պա՞րզ ա: Դե, գնա-ասա: Չէ, վազի-ասա: Սուսուփուս:

ՏՂԱՄԱՐԴ — (նորից է ծիծաղում): Ախր, ո՞նց կանչեմ, պարոն Բաքո: Ես հարևան Հագոփ չունեմ: Սխալվել եք:

ՊԱԴՎԱԼԻ ԲԱՔՈ — Էդ չեղա՜վ: Այ, էդ մեկը հե՛չ չեղավ՝ ինձ սխալ չհանես, հա՞: Տես, ախպերավարի եմ ասում, հարգելով: Թե չէ կկտտացնեմ՝ կցավա: Պա՞րզ է:

ՏՂԱՄԱՐԴ — Դե գնա, ես քու…

ՊԱԴՎԱԼԻ ԲԱՔՈ — Իա՞…

ՏՂԱՄԱՐԴ — Բա՛:

ՊԱԴՎԱԼԻ ԲԱՔՈ — Այ, ըստեղ քաշվե­ցիր, ախպեր, հաստատ քաշվեցիր: Հարուր տոկոսով:

ՏՂԱՄԱՐԴ — Պարզ է, որ քաշվեցի, թե որ պադվալի Բաքոն էլ պարոն դարձավ, ուրեմն հաստատ քաշվեցի: Էն էլ ոչ թե հարուր, հա­զար տոկոսով քաշվեցի: (Խոսափողը վայր է դնում, գնում, գինի է լցնում ու բաժակը ձեռ­քին, մտածկոտ քայլում սենյակում: Խմում է, ոտքը պատահաբար սրճեփի վրա դնելով սայթաքում-վայր է ընկնում: Բաժակը ձեռքից ընկնում է, գինին թափվում է: Որոշ ժամանակ անշարժ պառկած՝ սերճեփին է նայում: Ատամների արանքից, կատաղած:) Էլի դո՞ւ, պոչավոր սրիկա, հը՞… էլի դո՞ւ, շիկացած պո­չավոր սրիկա: (Զգուշությամբ ձեռք է տալիս, համոզվում, որ այն պաղել է:) Այսինքն, արդեն շիկացած չես, բայց հետո՞ ինչ, հը՞, հետո ի՞նչ՝ նույն սրիկան ես մնացել: Էս ի՞նչ արիր, արածդ քեզ դուր եկա՞վ, հը՞: Գինիս ո՞ւր է: (Պառկած տեղից վերցնում է բաժակն ու ոտքի կանգնում: Բաժակը սեղանին է դնում ու սրճե­փը հատակից բարձրացնելով՝ շուռումուռ տալիս ձեռքի մեջ: Անսպասելի բղավում է:) Բա ափսոս չէ՞ր, քո ափսոսը չեկա՞վ: Գինի էր, է՜, գինի՛: Հո ջուր չէ՞ր, հո նարնջի հասարակ հյութ չէ՞ր: Գի-նի՜ էր: Ու քո պատճառով, հա՛, հենց քո պատճառով, պոչավոր սրիկա, գինիս թափվեց: (Սրճեփը թափով զարկում է դիմացի պատին, մոտենում-բարձրացնում ու նորից է զարկում պատին, հետո նորից ու նորից:) Վա­տություն ես անում, հա՞, վատություն ես անո՞ւմ… (Պատկից հարևանը ծեծում է պատը:) Ի՞նչ է… քե՞զ ինչ եղավ: Հանգիստդ խանգա­րեցի՞: (Ոտքով հարվածում է պատին:) Հա՞… տես, է՛, ոնց իրար խառնվեց: Անհանգստա­ցավ: Ան-հան-գըս-տա-ցա՛վ: (Ոտքը դիպչում է գինու դատարկ շշին, ու քիչ է մնում՝ նորից վայր ընկնի:) Ո՞նց թե… դու է՞լ: Հա՞, ուրեմն, դու է՞լ ես ինձ դավաճանում: Լավ, ասենք, մնացածներն օտար են, կամ թշնամի, բայց դու… դու՝ այ շիշ, շշի մեկը, դու, որ միակ, վեր­ջին, ամենավերջին հարազատս էիր՝ դու էլ ես դավաճանո՞ւմ: Հա՞… Դե գնա … (Շիշը զար­կում է մյուս պատին: Պատը ծեծում են:)Քե՞զ ինչ եղավ: Քեզ էլ խանգարեցի՞: Դու էլ ան-հան-գըս-տա-ցա՞ր: Ես քու… (Վազքով մոտենում ու ոտքով հարվածում է այդ պատին, հե­տո՝ մյուս պատին… այսպես մի քանի անգամ, մինչև շնչասպառ լինի, իսկ հարևանները շա­րունակելու են ծեծել պատը:) Ես քու… ես քու… ես ձեր… ես ձեր… թյո՛ւ: Տեսնո՞ւմ ես, ոնց են անհանգստանում: Իսկ որ օրերով այստեղից շշուկ չի լսվում, շշնջոց չի լսվում՝ ոչի՞նչ: Դա հե՞չ: Դա կարելի՞ է: Դա ձեզ չի անհանգստացնո՞ւմ: Մտքներովդ չի՞ անցնում գոնե մի քիչ, մի թեթև անհանգստանալ: Կամ ձևացնել, թե իբր անհանգստանում եք: Իբր կարեկից ու զգայուն հոգի ունեք: Հասկանո՞ւմ եք, ՀՈԳԻ՛: Ու իբր մտաՀՈԳՎՈՒՄ եք, թե ո՞ւր է այս մար­դը, այսպես սուսուփուս, անձայն ինչո՞ւ է ապ­րում, ո՞նց է ապրում, կամ ապրո՞ւմ է արդյոք: Վերջին հաշվով, այստեղ հո դամբարան չէ՞: Թե՞ կարծում եք՝ դամբարան է: Կարող է՞, մտածում եք՝ դամբարան է, ուր նորին մեծութ­յուն իմ կյանքն է աստիճանաբար հանգչում: Տապանագիրն էլ վրան… (Օդում իբր գրում է:) «Աստ հանգչի խոշոր հաշվով կյանքը տանուլ տված մեկը, որ զարմացած հիացմունքով ու աննկարագրելի խինդ-հավատով էր ծնվել, ու մենք մեծագույն դժվարությամբ միայն կարո­ղացանք կողոպտել այդ անգին բաները, ու մինչև նա գլխի ընկավ, թե ինչ բան է մարդը և ինչի է ընդունակ՝ արդեն ուշ էր, շատ ուշ, այլևս ոչինչ չուներ ու միայնակ էր, դատա­պարտված, անօգնական, շփոթված ու տխուր: Շատ տխուր»… Լավ տապանագիր ստացվեց, հը՞: Կարծես թե հնչում է: Այո՜: (Հարված­ները պատին շարունակվում են, ու հանկարծ Տղամարդն այն զգացողությունն է ունենում, թե իրեն են հարվածում: Ձեռքերով փորձում է պաշտպանել գլուխը, հետո աստիճանաբար նրա շարժումները հիշեցնում են հարվածնե­րից խուսափելու ճիգեր: Փլվում է հատակին, անշարժանում: Հեռախոսազանգ: Առանց գլուխը բարձրացնելու, ձեռքով հրում է ապա­րատը, խոսափողը վայր է ընկնում, լսվում է Աղջկա ձայնը:)

ԱՂՋԿԱ ՁԱՅՆ — Այո՞… այո՞… այո՞… ին­չո՞ւ ձայն չեք հանում, վիրավորվեցի՞ք: Վիրա­վորվեցի՞ք, ի՛նչ է, որ խոսափողը վայր դրեցի: Ներեք, խնդրում եմ: Հանկարծակի ստացվեց: Ակամա: Խնդրում եմ, ներեցեք: Այո՞: Դե, մի բան ասեք: Չէ՞ որ ներողություն խնդրեցի: Դե՞… դե մի բան ասեք: Ուզո՞ւմ եք՝ ձեզ հյուր գամ, հը՞, ասեք, ուզո՞ւմ եք: Տվեք ձեր հասցեն: Լսո՞ւմ եք, տվեք ձեր հասցեն: Զարմանալի մարդ եք երևում: Շատ զարմանալի: Եվ տա­րօրինակ: Եվ ուրիշ: Դե, տվեք ձեր հասցեն՝ հյուր կգամ: Եթե ուզում եք, խմիչք էլ կբերեմ: Երևում է, խմել սիրում եք: Երևում է, զարմա­նալի մարդ եք. զարմանալի, տարօրինակ և ու­րիշ: Եվ երևում է… երևում է… մի խոսքով, տվեք ձեր հասցեն: Հյուր կգամ: Ու խմիչք կբերեմ: Ու հնարավոր է, չէ՞, հնարավոր է, չէ՞… որ ամեն ինչ փոխվի և ձեզ, և ինձ համար: Պատահա­կանության ու ճակատագրի մասին էիք խոսում… հանկարծ ու ամեն ինչ փոխվեց… դե տուր հասցեդ, լսո՞ւմ ես, քեզ հետ եմ՝ տո՛ւր հասցեդ: Դե, մի բան ասա, լսո՞ւմ ես, մի բան ասա…

ՏՂԱՄԱՐԴ — (մենախոսության ընթացքում գլուխը հեռախոսի կողմը թեքած լսում է, հետո վերցնում է խոսափողն ու դնում լծակին: Խոս­քերը, որ լսվելու են, այն տպավորությանն են թողնելու, թե դա միաժամանակ հնչում է դրսից, ու նաև ասում է Տղամարդը): …«Բայց այս եմ ասում, եղբայրներ, որ մարմին եւ արիւն Աստուծոյ արքայութիւնը ժառանգել չեն կարող, ոչ էլ ապականութիւնը անապականութիւն է ժառանգում: Արդ՝ մի խորհուրդ եմ յայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց ոչ թէ բոլորս պիտի նորոգուենք յանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, եւ մեռելները յարութիւն պիտի առնեն առանց ապականութեան, եւ մենք պիտի նորոգուենք, որովհետև պէտք է, որ այս ապականութիւնը անապականութիւն կրի, եւ այս մահկանացու գոյութիւնը կրի անմահութիւն»: (Ա. ԿՈՐՆԹ. ԺԵ 50-53)

 

Կարդացեք նաև