ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ / «ԱՍՊԵՏՆ ՈՒ ԱՐՔԱՅԱԶՆԸ»

 

ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆԻ «ԱՍՊԵՏՆ ՈՒ ԱՐՔԱՅԱԶՆԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2002 թ., թիվ 4-5-ում

 

 

 

Թատրոնի մեծագույն խորհրդավորությունը. երբ ներկայացումից առաջ հանդիսատեսը նստած է չլուսավորված դահլիճում, նրա դեմ բեմի խավարն է, ինչպես տիեզերքն արարումից առաջ, մնում է աս­վի՝ «Եղիցի՛ լո՛ւյս», և մեն մի ճառագայթ խավարի խորքից կկորզի արարչագործության չափ առեղծ­վածային այդ աշխարհը՝ թատրոն կոչված:

Սակայն սովորական մի ներկայացում չէ սա. քիչ անց այստեղ կկայանա գրականության ու թատրոնի երկու մեծագույն հերոսների ծանոթութ­յունը, որոնք շուրջ չորս դար ասես այս օրվան էին սպասում, որպեսզի ներկայացվեն միմյանց:

Ի՜նչ իրադարձություն,. առաջին անգամ թատ­րոնի պատմության մեջ իրար են հանդիպում երկու գերդրական ու սիրված հերոս, մարդկության եր­կու նվիրյալ, երկու մարդասեր, և մեր երջանկութ­յան խնդրին տարբեր տեսանկյունից մոտենալով՝ միմյանց սիրտ են խրում իրենց սրերը: Սովորա­կան պատմություն. արդարության երկու ասպետ, միմյանց խոցելով՝ փռվում են բեմահարթակին, մինչդեռ թվում է՝ ի՜նչն է խանգարում մարդկութ­յան բարօրությունը ցանկացող երախտավորնե­րին՝ միմյանց ևս բարին ցանկանալ:

Այս ներկայացումն այն մասին է, թե ինչպես մարդկության լավագույն զավակները զենքով ել­նում են միմյանց դեմ, սակայն մենք սովոր ենք, որ լավը կռվի վատի դեմ, վատը՝ լավի: Եթե ամեն ին­չը ճիշտ այսպես չկատարվի, հաշվենք, որ, այնու, այդպես էր մտահղացված, բայց, հիրավի, նրանք սրերով խոցված կհանգչեն բեմահարթակին:

Այս թատրոնաշխարհի արարումը կարող է կա­յանալ նաև ձայնով:

Այսպես, ուրեմն. «Եղիցի՛ ձայն»:

 

 

Զորայր ԽԱԼԱՓՅԱՆ

ԱՍՊԵՏՆ ՈՒ ԱՐՔԱՅԱԶՆԸ

 

Գործող անձինք

ԱՍՊԵՏ

ԶԻՆԱԿԻՐ

ԱՐՔԱՅԱԶՆ

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐԸ

ԱՐՔԱ

ԹԱԳՈՒՀԻ

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ

ՊԱԼԱՏԱԿԱՆ

ԶՈՐԱԿԱՆ

ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ ԶԻՆՎՈՐ

ՍԵՎԱԿԱՊ ԶԻՆՎՈՐ

Նաև պալատականներ, զինվորներ, քաղաքացիներ

 

 

  1. Խավարի մեջ լսելի են ձիու և նրան հետևող ավանակի սմբակների ձայները, ինչոր տեղով անցնում են երիցս ծանոթ ձիավորն ու նույնքան ծանոթ էշավորը:

 

ԶԻՆԱԿՐԻ  ձայնը — Այսքան գնում ենք, այսքան ժամանակ ճանապարհին ենք, տեր իմ թափառական ասպետ, ինչ արկած ասես՝ չպատահեց.  կամ հողմաղացների վրա ենք հարձակվում՝ դրանք հսկաների տեղ դրած, կամ ոչխարների հոտն ենք սմբակի տակ տա­լիս, գինու տկերն ենք ծակծկում, որ ձեր աչքին հրեշ են երևում: Իսկ որտե՞ղ են զրկվածներն ու զարկվածները՝ չտեսանք: Գոնե մեկ անգամ այդպիսի մեկի համար սուր բարձրացնեք, մինչդեռ ամբողջ աշխարհում հռչակվել եք՝ բա­րեգործ ասպետ:

ԱՍՊԵՏԻ ձայնը — Դու հոգնած ես, քաղ­ցից՝ գազազած, ճանապարհի դժվարությունները ընկճել են քեզ, բայց ասպետական իմ սուրբ նպատակները ծաղրի չենթարկես, ոչ էլ հանդգնիր կասկածել իմ առաքելության վրա:

 

Աստիճանաբար լուսավորվելու հետ բեմ են մտնում ասպետն ու գինակիրը:

 

ԱՍՊԵՏ — Այդ ի՜նչ աչքով ես նայել, որ չես տեսել այն բազում քաջագործությունները, որ կատարել եմ իմ ճանապարհին, և մի՞թե դու այնքան անամոթն ես, որ կարող ես վկայել, թե այժմ աշխարհն այն է, ինչ կար իմ առաքելութ­յան սկգբին:

ԶԻՆԱԿԻՐ — Գլուխը քարը, թող ձեր ասա­ծով լինի: Իմ գործը ձեզ հավատարմորեն ծառայելն է: Դա իմ խելքի բանը չէ: Միայն ձեր խոստացածը, տեր իմ…

ԱՍՊԵՏ — Դու շարունակ նույնն ես կրկնում: Իմացած լինես, բարեկամ, թափառական աս­պետները երբեք իրենց խոսքը քամուն չեն տա­լիս: Ես գիտեմ, որ բոլոր սխրանքներիս ժամին դու իմ կողքին ես եղել, ու գիտեմ՝ ինչի համար: Կղզին կամ թագավորությունը՝ կլինի:

ԶԻՆԱԿԻՐ — Շատ լավ, տեր իմ, ես գիտեմ, որ վաղ թե ուշ թագավոր կդառնամ կամ որևէ կղզու կառավարիչ: Բայց այսքան թափառե­լուց ձե՞ր սեփական օգուտը որն է՝ չհասկացա:

ԱՍՊԵՏ — Քիչ առաջ արի, որ լավ լսես: Ձին ու ավանակը չեն կարող նույն քայլքով գնալ, ուստի արագացրու քո ավանակի ընթացքը:

ԶԻՆԱԿԻՐ — Լսում եմ, տեր իմ:

ԱՍՊԵՏ — Այդպես: Այժմ ականջներդ լավ բացիր, որ նորից չկրկնես քո անմիտ հարցերը: Ես քեզ ասել եմ, բացատրել եմ, որ թափառական ասպետի նպատակը կորուսյալ ոսկեդա­րին հարություն տալն է: Իսկ ոսկեդարը, բարե­կամ, երանելի այն ժամանակն էր, ինչպես այլևայլ առիթներով ասել եմ, երբ ոչ միայն ոս­կին գին չուներ, այլև չգիտեին երկու բան՝ իմը և քոնը: Մարդիկ հաշտ էին, չկար հարուստ, չկար աղքատ: Մարդու համար հոգում էին ծնվելուց առաջ, ամեն ինչ արվում էր, որպեսզի առողջ ծնողից առողջ զավակ լինի:

ԶԻՆԱԿԻՐ — Դա ինչպե՞ս էր արվում, տեր իմ:

ԱՍՊԵՏ — Շատ պարզ: Առողջ տղամարդ­կանց թույլատրում էին մերձենալ միայն առողջ կանանց: Կային հատուկ մարդիկ, որոնք զբաղ­վում էին համապատասխան զույգեր ընտրելով, գեղեցիկ կանանց բեղմնավորում էին միայն գե­ղեցիկ տղամարդկանց հետ: Ինչքա՜ն թյուր ծնունդներ են լինում պատահական ամուսնությունից: Ոսկեդարում դա բացառվում էր:

ԶԻՆԱԿԻՐ — Ես ամեն ինչ հասկացա, տեր իմ, դուք մի ամբո՜ղջ համալսարան եք ձիու վրա: Այդ ձեր ոսկեդար ասածը հատկապես ինձ շատ դուր է գալիս: Երբ որևէ կղզի կամ թագավորություն ձեռքս գցեմ, ամեն ինչ կանեմ ձեր ասածով: Երդվում եմ աղքատի իմ պատ­վով, միայն թագավոր դառնամ՝ հարություն կտամ ոսկեդարին:

ԱՍՊԵՏ — Ես քեզ ասել եմ, որ մտահոգ չլի­նես, կղզի չլինի, որևէ պետություն կճարենք՝ Դանիայի կամ Սոբրադիսի նման մի բան: Եվ ասեմ քեզ, այժմ մենք ոտք ենք դրել այդ թա­գավորության հողի վրա:

ԶԻՆԱԿԻՐ — Մի՞թե սա Դանիան է, տեր իմ:

ԱՍՊԵՏ — Այո՛, քո ապագա տերությունը:

ԶԻՆԱԿԻՐ — Ես էլ ասում եմ՝ ինչի մի տե­սակ հարազատություն զգացի: Ուրեմն, սա իմ ապագա թագավորությունն է: Գլուխս էլ քոր եկավ: Դա նշան է, որ շուտով գլխիս թագ պիտի դրվի: Ուրեմն, դուք այստեղ ձեր ամենամեծ արկածը կունենաք, որպեսզի կարողանաք գրավել այս երկիրն ու նվիրել ինձ: Գուցե նաև՝ ձեր կյանքը վտանգելով: Տեր իմ թափառական ասպետ, ես հուզվեցի:

ԱՍՊԵՏ — Փակիր բերանդ, այլևս չեմ կարող լսել քո դատարկաբանությունները, ականջ­ներս տարար:

ԶԻՆԱԿԻՐ — Շատ լավ, տեր իմ: Բայց չմո­ռանաք, որ քիչ առաջ խոստացաք գրավել Դանիո թագավորությունը և նվիրել ինձ: (Ոտ­քով դոփում է գետնին🙂 Ահա այս հողը: Դրա համար անգամ փաստաթուղթ կա, ձերդ ողոր­մածություն, և իմ մասին գրված գրքի առաջին հատոր, տասներորդ գլուխ: Եթե Սոբրադիսը ասպետական գրքերից զառանցանք է, չգո մի պետություն, ապա Դանիան Դանիան է, ահա այս չքնաղ երկիրը: Մի քիչ սառը երկիր է, մշու­շով պատած է չորս կողմ, ոչինչ կարգին չի երևում, բայց, գլուխը քարը, թող լինի Դանիան, կարող է դա էլիմ ճակատագիրն է, ի՜նչ արած:

 

Հեռավոր եղջրափողերի ղողանջներ են լսվում:

 

ԱՍՊԵՏ — Ասպետական սխրանքների ու աներևակայելի արկածների հոտ եմ առնում: Անկասկած, որևէ թագավորության զորք է սա, սպասենք ու իմանանք՝ ի՛նչ բանակ է:

ԶԻՆԱԿԻՐ — Ձեր տեսողությանը, տեր իմ թափառական ասպետ, շատ չեմ վստահում, զո՞րք է սա, թե՞ նորից ոչխարների հոտ: Բայց ոնց որ զորք է: Հիմա ի՞նչ պիտի անենք, պարոն:

ԱՍՊԵՏ — Ի՜նչ պիտի անենք: Օգնության հասնենք ու պաշտպանենք ավելի թույլ կողմին, որը պաշտպանության կարիք ունի:

ԶԻՆԱԿԻՐ — Շիտակն ասած, ձերդ ողոր­մածություն թափառական ասպետ, մեր ի՜նչ բանն է, թե ում զորքն է սա, և մեր ի՞նչ բանն է, թե ով է ուզում հաղթել: Ինչո՞ւ շեղենք մեր հան­գիստ ու դուրալի ճանապարհը և գլուխներս դնենք ցավի տակ:

ԱՍՊԵՏ — Եղա՞վ մի դեպք, որ դեմ չլինես իմ արկածախնդիր ձեռնարկին: Հսկաների դեմ մաքառելիս մեջ ընկար և ձայնդ գլուխդ գցած պնդում էիր, որ դրանք ոչ թե հսկաներ, այլ հողմաղացներ են: Անմի՛տ: Եթե քեզ լսեի, այդ մեծ սխրանքները, որ իմ անունն անմահացրին դարերում, երբեք գործած չէի լինի և չէի լինի այն հռչակավոր ասպետը, որ կամ հիմա:

ԶԻՆԱԿԻՐ — Բայց սա հողմաղացներից ավելի վատ կվերջանա, տեր իմ:

ԱՍՊԵՏ — Այս մարդը մի՞թե ինձ հակաճառե­լու համար է ստեղծված: Լսիր, դու հո իմ սկե­սուրը չե՞ս: Հեռու քաշվիր, խեղճ արարած, և ինձ թող դաժան պայքարի ասպարեզը: Մեկ անգամ արդեն միայնակ բանակ ջարդողը երկրորդ անգամ էլ կջարդի:

 

Մեծ աղմուկով ու ժխորով բեմ է լցվում փոշուց ու քրտինքից սևացած, ծանր զենքերը քարշ տվող, մռայլ զինվորների բազմությունը: Նրանց մի մասն անցնում է առանց ասպե­տին ուշադրություն դարձնելու:

 

ԱՍՊԵՏ — Եղբայրնե՜ր, կանգ առեք ու հայտ­նեք ինձ, թե ի՜նչ զորք է հալածում ձեզ, որ ձեր տեսքն այսքան ընկճված է ու ծայր հուսահա­տություն է արտահայտում: Հայտնի լինի ձեզ, որ ձեր առջև ես եմ՝ թափառական ասպետս, թույլերի, տկարների ու պարտվածների հովա­նավորը:

 

Զինվորներից ոմանք մռայլ ժպտում են, երբեմն մեկնումեկը խտուտ է տա­լիս ասպետին կամ քաշում է բեղերը:

 

ԱՍՊԵՏ — Բայց դուք այնքան բախտավոր եք, որ ձեր նահանջի ճանապարհին հանդիպել եք ինձ: Ես կսրբեմ ձեր ճակատի անարգանքը, միայն կանգ առեք ու սպասեք այստեղ, մինչև ձեզ հետապնդողները հասնեն այս ձորաբերանին:

ԶԻՆԱԿԻՐ — Իմ տերը միայն բարի մտադրությամբ ցանկանում է իմանալ՝ ո՞ւմ զորքն եք դուք:

ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ ԶԻՆՎՈՐ — Պարտված երկրի հաղթական թագավորի զինվորնե­րը, պարոն:

ԶԻՆԱԿԻՐ — Ես ոչինչ չհասկացա:

ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ ԶԻՆՎՈՐ — Մենք չենք վերադառնում: Ընդհակառակը:

ԶԻՆՎՈՐՆԵՐ — (հռհռում են): Այո՛, ընդհա­կառակը:

ԶԻՆԱԿԻՐ — Ես դարձյալ ոչինչ չհասկացա:

ԶԻՆՎՈՐՆԵՐ — Ավանակի վրա ճամփոր­դողն այդ հասկացողության էլ պիտի լիներ:

ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ ԶԻՆՎՈՐ — Մենք ոչ թե վերադառնում ենք պարտությունից կամ հաղթանակից, այլ մեր երկրից ելած գնում ենք պատերազմելու, որն, անշուշտ, պիտի պսակվի մեր հաղթանակով:

ԱՍՊԵՏ — Ինչո՞ւ եք այդպես համոզված:

ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ ԶԻՆՎՈՐ — Այս երկիրը մի դժբախտություն ունի, պարոն, ամե­նուր և ամեն ինչում միայն հաղթանակներ է տանում, և ինչքան շատ են հաղթանակները, այնքան հպատակների վիճակն ավելի ծան­րանում է: Եվ այդ հաղթանակներից ոչ մի փրկում չկա:

ԱՍՊԵՏ — Իսկ ինչի՞ համար է ա՛յս պատե­րազմը:

ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ ԶԻՆՎՈՐ — Մեր հարևան ու եղբայրական պետությունը հանդգնել է իր ապուրը ոչ այնպես եփել, ինչպես մեր խաղաղասեր թագավորն է գրել նրանց ազգային խոհանոցի գրքում:

ԶԻՆՎՈՐՆԵՐ — Եվ ուտելիս գդալին չեն փչում, այլ թողնում են, որ սառչի: Եվ այդ հանդգնությունը պետք է պատժվի:

ԱՍՊԵՏ — Ձեր ասածն անմտություն է:

ԶԻՆՎՈՐՆԵՐ — (զինակրին): Եղբայր, քո տկճորի մեջ ի՞նչ է, գինի՞ է, թե՞ ջուր: Ահա մեզ ինչն է հետաքրքրում:

ԶԻՆԱԿԻՐ — Խե՜ղճ մարդիկ, որ գնում եք մեռնելու և այդպես կատակում եք:

ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ ԶԻՆՎՈՐ — Նրանց գործը սպանելն ու սպանվելն է, պարոն: Այստեղ միակ խաղաղասեր մարդը ես եմ: Չնայած իմ զինվորական զգեստներին՝ ես միակն եմ, որ աշխատանքի մեջ եմ:

ԶԻՆԱԿԻՐ — Այս մարդը հանելուկներով է խոսում: Դու կամուրջ քանդող կամ կամուրջ կառուցող ես: Բերդ քանդող կամ բերդ շինող:

ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ ԶԻՆՎՈՐ — Այո, պարոն, նայած ինչ հասկանանք կամուրջ ասելով: Մի իմաստով՝ որով այս աշխարհից մյուսն են անցնում: Բերդ կառուցող, որ հավիտյան ապահովում է բնակչին ամեն պաշա­րումից ու արհավիրքներից:

ԶԻՆԱԿԻՐ — Դարձյալ ես ոչինչ չհասկացա:

ԱՍՊԵՏ — Նա գերեզմանափոր է:

ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ ԶԻՆՎՈՐ — Այո, պարոն, ես գերեզմանափոր եմ: Եվ այժմ գնում եմ գերեզմանը փորելու այս մարդու, որն այժմ քայ­լում է ինձ հետ և ծիծաղում է իմ ամեն խոսքից: Թաղելուց առաջ ես նրանց զվարճացնում եմ:

ԶԻՆԱԿԻՐ — Ես հիմա հասկացա, դուք թա­ղում եք պատերազմում զոհվածներին:

ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ ԶԻՆՎՈՐ — Այո, ես նորին գերազանցություն թագավորի գերեզմանափորն եմ, ոչի՛նչ չկա թաքցնելու: Իմ արհես­տը մահվան հետ է, և դրա համար է իմ ամեն խոսքը ծիծաղ:

ԶԻՆՎՈՐՆԵՐ — Նա բոլորի սիրելին է:

ԶԻՆԱԿԻՐ — Դա ևս հասկանալի է, այլ կերպ չէր լինի:

ԶԻՆՎՈՐՆԵՐ — Հիմա էլ ամեն ինչ սկսեց հասկանալ: Բայց չասացիր՝ ի՞նչ է քո տկճորի մեջ:

ԶԻՆԱԿԻՐ — Խե՜ղճ մարդիկ, որ մահվան շե­մին ծիծաղում եք ամեն մի դատարկ բանի վրա:

ԶԻՆՎՈՐՆԵՐ — Խե՜ղճ ժլատ գեղջուկ, որ այդպես խորամանկորեն խոսքը կտուրն ես գցում: Իսկ դուք ովքե՞ր եք, բարի մարդիկ:

 

Գալիս է աչքի դատարկ խոռոչը սև վիրակապով կապած զինվորը:

 

ՍԵՎԱԿԱՊ ԶԻՆՎՈՐ — Վերջապահ մա­սից հայտնեցին առաջապահ զինվորներին, որ դադար տան ու հանգիստ առնեն:

ԶԻՆՎՈՐՆԵՐ — Դադա՜ր, դադա՜ր…

ԱՍՊԵՏ — Բարեկամս, մենք ևս դադար տանք մեր երթին և քիչ հանգիստ առնենք այստեղ:

ԶԻՆԱԿԻՐ — Տերերի հոգնածությունն ու խոնջությունը տոն է գրաստների համար: Ես էլ տանեմ ձեր նժույգն ու իմ կախականջը, թող արքայավայել արածեն: (Գնում է🙂

 

Ծանր զենքերը ցած նետելով, զին­վորները թափվում են գետնին, ոմանք գնում են մերձակայքում ջուր փնտրելու և շուտով վերադառնում են, ոմանք ընթրիք են պատրաստում: Քիչ անց զինակիրը գալիս է:

 

ԶԻՆՎՈՐՆԵՐ — Բայց դուք չասացիք, բարի մարդիկ, թե ովքեր եք: Դատելով ամեն ինչից՝ եկվորներ եք, ձեր ամեն ինչն է անծանոթ ու օտարոտի:

ԶԻՆԱԿԻՐ — Եթե չեք լսել, ապա իմացեք, որ նա իմ տերն է, ես՝ նրա զինակիրը: Թափառա­կան ասպետության թագն ու պսակը՝ համայն աշխարհում հռչակված իր մեծ ու սխրալի գոր­ծերով: Բայց, ինչպես տեսնում եմ, դուք ուտելիքն արդեն շարել եք խոտերին ու կանաչների վրա, ընթրելու ժամանակն է բոլոր նշաններով:

ԶԻՆՎՈՐՆԵՐ — Համեցեք, բարի մարդիկ: Մոտ եկեք, պարոն թափառական ասպետ: Եվ դու:

ԱՍՊԵՏ — Մենք կընդունենք ձեր հյուրասիրությունը, դուք էլ ընդունեք մերը: Բարեկամս, մեջտեղ հանիր մեր գինու տկճորը:

ԶԻՆԱԿԻՐ — Ինչո՞ւ հանկարծ մերը դար­ձավ, մինչև հիմա իմն էր տկճորը, տեր իմ:

ԱՍՊԵՏ — Բայց չէ՞ որ մեր ամեն ինչն է ընդհա­նուր, ինչպես վայել է ասպետին ու գինակրին:

ԶԻՆԱԿԻՐ — Բայց ինչո՞ւ մատուցենք մեր գինին այս մարդկանց, որոնք այսօր մարդ են, վաղն, ով գիտի, որտեղ՝ դիակ:

ԱՍՊԵՏ — Ապիկար, իսկ դու ինչո՞ւ այդքան մեծ ախորժակով ու ոգևորությամբ ես մոտե­նում նրանց ընթրիքին:

ԶԻՆԱԿԻՐ — Դա ուրիշ բան է: Նախ՝ դա հյուրասիրության սրբազան օրենքն է:

ԱՍՊԵՏ — Մեջտեղ բեր տկճորը:

ԶԻՆԱԿԻՐ — Չեմ բերի, տեր իմ:

ԱՍՊԵՏ — Դու հո գիտես, թե գինու տկերը ծակծկելու ի՜նչ վարպետ եմ ես:

ԶԻՆԱԿԻՐ — Այո, դուք տկերը ծակծկելու մեծ փորձ ունեք, տեր իմ: Ես ամեն ինչ հասկա­ցա և նույնիսկ շատ պարզ զգացի:

 

Գինու տկճորը ընթրողներին աշխու­ժացնում է: Գավաթը ձեռքից ձեռք է անցնում:

 

ԶԻՆՎՈՐՆԵՐ — Դուք էլ մոտ եկեք, պարոն ասպետ, դուք այդքան բարեգութ գտնվեցիք:

ԱՍՊԵՏ — 0, ո՜չ: Ես խորհելիք ունեմ: (Հեռա­նում է🙂

ԶԻՆԱԿԻՐ — Ահա տկճորը, ինքներդ լցրեք, ինքներդ խմեք, գիտեմ՝ տակին մի կաթիլ չեք թողնելու, մեկ է: Ձեր մտքով էլ չի անցնի, թե ով եմ ես, պարոնայք: Շուտով իմ տերը կգրավի Դանիան: Ահա այս հողը: Եվ կհանձնի ինձ, դուք բոլորդ իմ հպատակները կդառնաք: Այն ժամանակ ես գիտեմ, թե ինչպես կվարվեմ: Դանիայում կտիրի ոսկեդարը: Չի լինի իմ ու քո, չեն լինի աղքատ ու հարուստ, չեն լինի հո­ղաբաժան գծեր, ամեն ինչն՝ ընդհանուր: Անարդարություն, պատերազմներ չեն լինի:

ԶԻՆՎՈՐՆԵՐ — Ահա այս հողո՞ւմ:

ԶԻՆԱԿԻՐ — Այո, հենց այս հողում:

ԶԻՆՎՈՐՆԵՐ — Եվ հողաբաժան գծեր չե՞ն լինի:

ԶԻՆԱԿԻՐ — Այո, չեն լինի:

ԶԻՆՎՈՐՆԵՐ — Պատերազմներ…

ԶԻՆԱԿԻՐ — Չեն լինի, խոսք եմ տալիս:

ԶԻՆՎՈՐՆԵՐ — Ու չի լինի իմ ու քո՞:

ԶԻՆԱԿԻՐ — Երդվում եմ աղքատի իմ պատվով, երբ թագավորությունն իմ ձեռքն անցնի, ապա բոլորդ կլինեք հավասար պարոն ու հա­վասար ծառա: Եթե հիմա արդեն իմը լիներ, կհրամայեի, որ հենց այստեղ ցած թափեիք ձեր մահաբեր զենքերն ու վերադառնայիք ձեր խաղաղ խրճիթները:

ԶԻՆՎՈՐՆԵՐ — Ցնդած է: Հաստատ, ցնդած է: Այո, բայց գինին լավն է: Գինին ան­նման է, մնացածը ոչինչ, թող խոսի: Թող դուրս տա: Ափսոս, քիչ է: Մեկ էլ խմենք-չխմենք: Ո՜վ է այնտեղ բարբառում, շարժվելու ժամանակն է: Ափսոս, տկճորը փոքր էր:

 

Զինվորներն աղմուկով նորից երթի են ելնում: Հրաժեշտ տալով՝ ոմանք կատակով խփում են դատարկ տկճո­րը թևի տակ կանգնած զինակրի ու­սին կամ գլխին, ծիծաղում: Սևակապ զինվորը մեկի ձեռքից վերցնելով չոր մացառներից հյուսած պսակը, դնում է զինակրի գլխին:

 

ՍԵՎԱԿԱՊ ԶԻՆՎՈ Ր — Ահա թագադրում եմ քեզ, թագավորդ Դանիո:

ԶԻՆՎՈՐՆԵՐ — (ոմանք՝ ծնկի գալով): Ո՜ղջ եղիր, թագավորդ Դանիո: Մենք քո հպատակներն ենք ու ծառաները, հրամայիր, մեր մահաբեր զենքերը գետնին թափենք ու գնանք մեր խաղաղ խրճիթները: Հրամայիր, որ քո հրամանով բոլորս երջանիկ լինենք: Բոլորս հավասար պարոններ ու հավասար ծառաներ ենք, իսկ դու՝ մեր թագավորը:

ԶԻՆԱԿԻՐ — Իմ գինին խմել, հարբել եք և հենց առաջինն ինձ եք ձեռ առնում: Ես ու իմ տերը ձեզ նմանների փրկության համար ելել, մեր անձը վտանգելով թափառում ենք, արդա­րություն ենք հաստատում: Չարժեք, իհարկե, բայց ի՜նչ արած, ուրիշ մարդկություն չկա, այս մեկն է, և մեր նպատակի համար, ցավոք, ուրիշ երկրագունդ էլ չկա, դարձյալ այս մեկն է:

 

Զինվորներն աղմուկով հեռանում են: Գալիս է ասպետը:

 

ԶԻՆԱԿԻՐ — Տեր իմ, կախարդները մի ժամանակ զորքը ձեր առջև ոչխարների հոտ էին դարձրել: Ինձ հետ կարծես հակառակն է կատարվել, կախարդները ոչխարներին իմ առջև զինվորներ էին դարձրել: Բայց նրանց դա չհաջողվեց թաքցնել:

ԱՍՊԵՏ — Սակայն, այդ ի՞նչ է քո գլխին:

ԶԻՆԱԿԻՐ — Սա՞: Դանիո թագը:

ԱՍՊԵՏ — Դու թագադրվել ես առանց թագավորությունը գրավելո՞ւ:

ԶԻՆԱԿԻՐ — Նրանք ինձ ծաղրեցին, տեր իմ:

ԱՍՊԵՏ — Պատահում է, որ ծիծաղով թա­գադրության վերջը լաց է լինում:

ԶԻՆԱԿԻՐ — Թագով ի՞նչ տեսք ունեմ, տեր իմ:

ԱՍՊԵՏ — Անկեղծ ասած, շատ թախծալի: Կարծես հասկանում ես, թե դա ի՜նչ ծանր բեռ է մարդուս համար: Այնքա՜ն տխրություն կա քո կերպարանքի մեջ, մարդ քիչ է մնում լաց լինի: Դու ավելի նահատակի ես նման, քան արքայի:

ԶԻՆԱԿԻՐ — Այո, այս դատարկ տկճորի տեսքից ինքս էլ ինձ նահատակ եմ զգում: Բայց տեսեք, տեր իմ, մշուշը ցրվեց:

ԱՍՊԵՏ — Այո, և կարծես արդեն հասնում ենք թագավորանիստ քաղաքը: Հեռվում երևացող աշտարակների սուր ծայրերն այդ են վկայում: Ահա և ծովը:

ԶԻՆԱԿԻՐ — Ծո՜վը: Սիրտս բացվեց, տեր իմ: Ի՜նչ հրաշալի քաղաք, ի՜նչ հրաշալի ծովա­խորշ և ի՜նչ հրաշալի տեսարաններ չորս կող­մը: Այ, որտեղ արժե ապրել ու կյա՜նք վայելել:

ԱՍՊԵՏ — Մոտենանք ու մոտիկից դիտենք ծովը: Երկնքից հետո ծովը երկրորդ մեծութ­յունն է, որ մարդուս միտքը տանում է հեռունե­րը և խորհել տալիս այլևայլ գոյությունների ու կյանքի այլևայլ իմաստների մասին: (Ինչոր բան է մտմտում՝ ձեռքերն առաջ տարածած🙂

ԶԻՆԱԿԻՐ — Ո՞ւմ հետ եք խոսում, տեր իմ թափառական ասպետ:

ԱՍՊԵՏ — Ծովի ու մարդու մենախոսություն, որ ալիքների շառաչումով ավելի վեճի է նման:

ԶԻՆԱԿԻՐ — Տեր իմ, այն կողմ նայեք: Ահա ձեզ նման ևս մեկը, որը կարծես նույն վեճն ու­նի ծովի հետ:

 

Ժայռերի մեջ մեկուսի, սևազգեստ մի կերպարանք է կանգնած՝ դեմքով դե­պի ծովը, և քամին ծածանում է նրա ուղիղ և կոշտ մազածոպերը:

 

ԱՍՊԵՏ — Ինչի՞ մասին է խոսում այդ մարդը: Ծով և մարդ համադրությունը ողբերգական մի իմաստ ունի իր մեջ: Անկասկած, նրա մռայլ մտքերը մահվան շուրջն են: Մոտենանք ու իմանանք նրա ով լինելը և հարցնենք, թե ինչ վիշտ ունի: (Մոտենալով անծանոթին🙂 Ո՜վ էլ լինեք, պարոն, ձեր կերպարանքն ու տեսքն այնքան մենություն, մտահոգություն ու հուսա­հատություն է արտահայտում, որ չէի կարող անտարբեր լինել, և որպեսզի ձեզ տարօրինակ չթվա դիմելու այս ձևը, իսկույնևեթ ասեմ, որ իմ կոչումն է՝ ձեռք մեկնել տկարներին ու անկա­րողներին, տառապողների աչքի արտասուքը չորացնել, զորավիգ լինել որբերին և հուսա­հատվածների ու մենության եզրը հասածներին եղբայր լինել: Ուստի ասեք առանց վարանելու, թե ինչով կարող է օգտակար լինել ձեզ Թափա­ռական ասպետը: Իմ սիրտն ու սուրը այս պա­հից ձեր տրամադրության տակ են:

ԱՐՔԱՅԱԶՆ — Ո՞վ եք դուք:

ԱՍՊԵՏ — Պարոն, ես լքել եմ իմ հայրենի վայրերը, հրաժարվել եմ իմ կալվածքից ու կյանքի բոլոր բարիքներից, ինձ նվիրել եմ դա­րիս մեծագույն գործին՝ ոգեկոչելու թափառա­կան ասպետների սրբազան դասը: Այժմ աշ­խարհը ոչ մի բանի կարիքն այնքան չունի, որ­քան թափառական ասպետների:

ԱՐՔԱՅԱԶՆ — Մեր օրերում մի՞թե կան թա­փառական ասպետներ: Ես չեմ կարող ու դժվարանում եմ հավատալ, որ մեկնումեկը ձեռք մեկնի ուրիշին կամ զորավիգ լինի թույ­լին: Այստեղ՝ պալատում, ժամ առ ժամ սպասում են դերասանական խմբի ժամանմանը, որպես­զի զվարճացնեն միապաղաղությունից թմրած իրենց սրտերը: Սակայն դուք իրո՞ք ասպետ եք, թե՞ լոկ ասպետի դերակատար:

ԶԻՆԱԿԻՐ — Պարոն ազնվական, ասպե­տական բազում գրքեր կարդալով՝ իմ տերը ամեն ինչով կապկում է հին ասպետների արարքներն ու կրկնում նրանց խոսքերը: Այդ իմաստով, այո՜, նա ասպետի դեր կատարող է, սակայն նա այնպես է մտել կամ խորացել այդ դերի մեջ, որ անդարձ մնացել է այնտեղ՝ մոռա­նալով հավիտյան՝ ով էր ինքը նախկինում: Այսպես ասած, ինքն իր անձը կորցրել է, բայց գտել է այդ դերը: Ուրեմն, ի՞նչ նշանակություն ունի այլևս՝ ասպետի դեր կատարո՞ղ է, թե՞ հենց ասպետ:

ԱՐՔԱՅԱԶՆ — (զվարճանալով): Ո՞վ է հե­տին մտքով խելացի այս մարդը:

ԱՍՊԵՏ — Երբ ես արկածներ որոնելու ելա, ճանապարհին մի մեծ բանի պակաս զգացի. ես զրուցակից չունեի: Ետ դարձա գյուղս ու տեսա, որ Աստված այդ նպատակի համար ստեղծել է այս մեծահոգի մարդուն: Երջանիկ է այն մար­դը, որը գտել է իր ընկերոջը կամ նույնն է թե՝ զրուցակցին… Աշխարհը չարացել է, պարոն, բարությունն ու ազնվությունը ոտնահարվում են ամենուր, ժամանակն իր շավիղից դուրս է եկել, ճակատագիրն է հաճեցել, որ ես լույս աշ­խարհ գամ ու թափառելով ամենուր՝ գտնեմ ու պատժեմ լկտիացած ուժեղներին, հովանավոր ու պաշտպան կանգնեմ որբերին, այրիներին ու ոտնահարված խեղճերին:

ԱՐՔԱՅԱԶՆ — Պարոն, պարո՜ն, ուրեմն, չկա ավելի նպաստավոր երկիր, քան այն, որի հողին ոտք եք դրել: Նախախնամությունն է ու­ղարկել ձեզ, այստեղ ձեր մանգաղի համար հասուն արտեր կունենաք:

ԱՍՊԵՏ — Հիրավի մեծ լինել, նշանակում է՝ առանց մեծ դատի ոտքի չելնել: Մնում է, որ կա­տարեմ նաև այս մարդուն տվածս խոստումը, այն է՝ գրավեմ որևէ կղզի կամ բարեկեցիկ մի թագավորություն և նվիրեմ իրեն, որպես վար­ձատրություն իր բոլոր չարչարանքների, որ կրում է նա ինձ հետ արդարության որոնումնե­րի փոշոտ, փշոտ ու շատ հաճախ՝ արյունոտ ճանապարհներին:

ԱՐՔԱՅԱԶՆ — Պարոն, չկա ավելի հարմար կղզի կամ թագավորություն, քան սա: Ճիշտ է, ոչ լրիվ կղզի, այլ թերակղզի, սակայն այնքան բարեկեցիկ, այնքան ապահով չորս կողմից, որ նույնիսկ բանտի կարիքը չունի, փախչելու ոչ մի հույս՝ հպատակներին: Բայց հնարավո՞ր է արդյոք, որ միայն մեկ մարդ, որքան էլ ասպետ, որքան էլ թափառական, միայնակ գրավի մի ամբո՜ղջ թագավորություն:

ԱՍՊԵՏ — Ասպետների կյանքում լինում են այլևայլ հանգամանքներ, երբ նա ստիպված է լինում դեմառդեմ կանգնել մի ամբողջ բանակի ու կռվելով բոլորի հետ՝ հաղթել: Սակայն ճա­կատագրի առեղծվածն էլ հենց այն է՝ թագավո­րություն գրավելու համար բավական է մենա­մարտում հաղթես որևէ նշանավոր ասպետի, որն այդ մարտի մեջ գրավ է դրել իր ամբողջ ու­նեցվածքը, որի մեջ կարող են մտնել մեկից ավելի կղզիներ ու թագավորություններ: Մնում է միայն ընտրել:

ԶԻՆԱԿԻՐ — Այո՛:

ԱՐՔԱՅԱԶՆ — Ուրեմն, համեցեք այս կողմ, խնդրեմ, շնորհ անել դղյակ, որը հեռու չէ այս­տեղից: Դուք այնպիսի ընդունելության կար­ժանանաք, որ իսկապես վայել է ձեր բարձր անձին, և որ թագավորն ու թագուհին սովոր են ցույց տալ բոլոր թափառական ասպետներին, որոնք իրենց թափառումների ճանապարհին նախընտրում են այս երկիրը: Արքայական զույգն ուրախ կլինի ձեզ տեսնել, քանզի առ այսօր առավել նրանք միայն լսել ու երբեք չեն տեսել թափառական ասպետներ:

ԱՍՊԵՏ — Ես հենց առաջին հայացքից կռահեցի ձեր բարձրազարմ ծագման մասին: Սա­կայն ով էլ լինեք, եղեք այնքան բարեգութ, ասեք, խնդրեմ, ի՜նչ երկիր է Դանիան, և արդյո՞ք մայրաքաղաքն է, որ երևում է այստեղից:

ԱՐՔԱՅԱԶՆ — Սա մի պետություն է, ուր ամեն տոն ու տոնահանդես նման է թաղման, և ամեն թաղում տոն ու տոնահանդեսի է նման: Այս երկրից մեռելահոտ է գալիս, պարոն: Իսկ այդ երևացողն, այո, մեր թագավորանիստ քա­ղաքն է, որտեղից սկսվում է այդ ամենը: (Խո­նարհումով հեռանում է🙂

ԶԻՆԱԿԻՐ — Տեր իմ, դուք մոտեցաք նրա ով լինելը իմանալու համար, բայց նա մեր մասին իմացավ ամեն ինչ, իսկ մենք իր մասին՝ ոչինչ:

ԱՍՊԵՏ — Դու սովորություն ունես ճշմար­տությունը գլխիվայր շուռ տալ: Բայց նախ ասա ինձ անկեղծորեն, տեսե՞լ ես երբևէ ինձնից առավել փառավոր ու հռչակված մեկ այլ աս­պետի, որին անգամ այս աշխարհի մեծամեծերն են խոնարհվում:

ԶԻՆԱԿԻՐ — Խոնարհվո՞ւմ, տեր իմ:

ԱՍՊԵՏ — Իմացիր, բարեկամ, այր մարդու համար չկա ավելի վեհացնող բան, քան այն, երբ հոգով ու մարմնով հզոր մեկն ընդունում է քո առաջնությունը: Շատ հնարավոր է, որ դղյակում մենք արժանանանք մեծամեծ հար­գանքների ու շնորհների, ուստի պատշաճ է, որ դու քո լեզուն կարճ պահես, պալատը քո իմա­ցած ախոոը չէ: Մանավանդ ինձ հետ խոսելիս քեզ չափավորիր, որովհետև հաճախ մենք լեզ­վակռիվ ենք տալիս ավելի վատթար, քան միմ­յանց երիցս սպառած ամուսինները:

ԶԻՆԱԿԻՐ — Ուրեմն, մենք պալատ պիտի ընկնենք, տեր իմ: Չէ, հաստատ, ճակատագրի մատը խառն է այստեղ: Ես համոզված էի, որ վաղ թե ուշ ձերդ ասպետական գերազանցութ­յունը մի կղզի կամ թագավորություն կգրավի ու կնվիրի ինձ, բայց ո՜ւմ մտքով կանցներ, որ դա Դանիան պիտի լինի, ահա այս չքնաղ երկիրը:

ԱՍՊԵՏ — Կարճ կապիր: Գնա ձին ու ավա­նակը բեր, շարունակենք ճանապարհը:

 

 

  1. Մայրաքաղաքում եռուզեռ ու ան­ցուդարձ է: Բոլոր կողմերից հրապա­րակ են լցվում քաղաքացիներ: Նրանց հետ են ասպետն ու զինակիրը: Շարքշարք կանգնած է արշավի մեկնելու զորքը: Հայտնվում է արքան իր շքախմբի հետ:

 

ԱՐՔԱ — (խոսում է ժողովրդի ու զորքի առաջ): Տերության ծանր օրերն արդեն անցած են, երբ ողջ ազգը խորը սգի մեջ սուզված ողբում էր իր մեծ արքայի ու մեր եղբոր դառնաղի կորուստը: Մեր դրացիները սին հույսերով թևավորված՝ բոլոր կողմերից զենք էին բարձրացրել մեր դեմ՝ մերժելով բարեկամության այն ուխտը, որ մեր քաջ եղբայրն էր իր բազկի ուժով պարտադրել: Եթե դրացի պետությունը բարեկամ չէ, ապա թշնամի է: Եթե բարեկամ չէ մեզ, ապա բարե­կամ է թշնամուն, իսկ մենք գիտենք հաղթական մեր զորքով ճակատ կազմել և կարճ մի միջո­ցում ապացուցեցինք մեր գերազանցությունը՝ խիստ սաստիկ ու համոզիչ փաստարկներով… Մեր թագավորությունն իր խաղաղասեր բնութ­յամբ դեմ է պատերազմին: Անկցի պատերազ­մը, լինի խաղաղություն: Սակայն ի՞նչ է գինն այն պետության, որը չգիտե ինքն իրեն պաշտպանել: Մեր երկրի ամեն մարդը զինվոր է ինքն իր տեղում, ամեն ոք պետք է զենք կրի՝ մշտա­պես պատրաստ իր արքայի հրամանին: Միայն այդ դեպքում զսպած կլինենք չարա­գույժ ուժերը, և չեն լինի պատերազմներ: Անկցի պատերազմը, լինի խաղաղություն: Սակայն եթե պետք է, մենք մեր արյունը չենք խնայի, մենք մեր զենքերը միշտ պատրաստ ունենք՝ չնայած Աստծով աղոթում ենք՝ անկցի պատերազմը. լինի խաղաղություն:

 

Շհփորները ղողանջում են, և դարձ­յալ լռություն է:

 

ԱՐՔԱ — Արքան հպարտ է և շնորհակալ իր քաջազնիվ զինվորներով ու անպարտելի զորականներով: Իսկ նրանք, որ ընկան մարտ դաշտում և չեն գալու, նրանց հիշատակն անանց կմնա մեր սրտում… (Թաշկինակը տանում է աչքերին🙂

 

Շեփորները ղողանջում են:

 

ԱՐՔԱ — Այժմ եկել ենք այստեղ, որպեսզի արքայական մեր մաղթանքը հղենք արևմտյան ճակատ մեկնող մեր բանակին, որ կազմ ու պատրաստ սպասում է արքայական մեր հրամանին:

ԱՍՊԵՏ — Մենք էլ չմիանա՞նք այս արշավին: Առաջին անգամն եմ տեսնում այսքան նեղն ընկած մի արքա: Նա, անշուշտ, օգնության կարիք ունի:

ԶԻՆԱԿԻՐ — Ինչո՞ւ այդպես որոշեցիք, տեր իմ:

ԱՍՊԵՏ — Չե՞ս տեսնում, ինչպես է արտասվում խեղճ արքան, և ինչպես է նրա հետ լաց լինում նրա խեղճ ժողովուրդը:

ԶԻՆԱԿԻՐ – Չգիտեմ՝ ինչու է արտասվում արքան: Իսկ ժողովուրդը ողբում է, որովհետև ամեն հույս իզուր է, ոչինչ չի փոխվել նոր ար­քայի գալով, էլի նույն ջուրը, նույն ջրաղացը:

 

Շեփորների ղողանջների ներքո զին­վորների շարքերը շարժվում են դեպի քաղաքի դարպասները: Մարդիկ լա­ցով ու վայնասունով գնում են նրանց ետևից: Մայրերն ու քույրերը ողբում են, ծնողներին կորցրած մանուկները ձայնում են նրանց: Ասպետն ու զինակիրը կորցնում են իրար: Երեկո­յան նրանք կրկին գտնում են իրար:

 

ԶԻՆԱԿԻՐ — Զինվորների հետ էի, տեր իմ: Նրանք ինձ կերակրեցին, ու ես իմ կարծիքը փո­խեցի նրանց մասին: Ի՜նչ հրաշալի ու դժբախտ մարդիկ են և այնքան միամիտ, ասես՝ մատս վա­րունգ է՝ աղն առած կվազեն: Բայց դա մի կողմ, մի մարդ չկա, որ չանիծի այս նոր արքային: Ու­րեմն, տեր իմ, ի՞նչ իմացա: Պատմում են, որ սրանց նախկին թագավորը մեռել է այգում քնած ժամանակ, մաքուր հեքիաթ, օձի խայթո­ցից, իսկ հյուսիսային այս երկրում մի հատիկ թունավոր օձ անգամ չկա, այդքան դժբախտ երկիր է՝ ոչ մի թունավոր օձ: Եվ պատմում են նմանապես, որ հենց այդ հողի վրա արքայազնն իսպառ ցնդել է. նրա համա՞ր, արդյոք, որ գո­յություն չունեցող օձի խայթոցից մահացել է հայրը, թե՞ որ մայրը սգի շորերը չհանած՝ ամուսնացել է հանգուցյալ ամուսնու հարազատ եղբոր հետ, ասել է թե՝ տեգրոջ հետ:

ԱՍՊԵՏ — Ի՜նչ չարամիտ ու անզգամ արքա: Հետո՞:

ԶԻՆԱԿԻՐ — Տեր իմ, գիտեմ, որ մտքովդ անցավ արքային մենամարտի հրավիրել: Ձեր գլխին փորձանք չբերեք, մեզ թագավորություն պետք չէ, տեսա՞ք, ինչքան զորք ունի:

ԱՍՊԵՏ — Հետո՞:

ԶԻՆԱԿԻՐ — Հետո՝ հետո: Հետո այն, որ ծո­վեզերքին մեզ հանդիպածը հենց հանգուցյալ արքայի որդին՝ արքայազնն է եղել: Ասում են՝ օրերով ծովի եզերքին է, ինչ է մտածում՝ հայտ­նի չէ: Ինձ հեռվից ցույց տվին, ես իսկույն ճա­նաչեցի: Ասացի՝ մենք արքայազնի կողմից հրավիրված ենք պալատ՝ զինվորները բերան­ները բաց ծիծաղեցին:

ԱՍՊԵՏ — Ես կռահել էի: Ես նկատեցի, որ նրա մեջ վեհ, միաժամանակ թշվառ մի բան կա:

 

Հայտնվում է երիտասարդ պալատա­կանը:

 

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ — (զինակրին): Դո՞ւք եք օտարական ասպետը՝ իր զինակրի հետ, տեր իմ:

ԶԻՆԱԿԻՐ — Ոչ, ես զինակիրն եմ իմ ասպե­տի հետ: Նա է ասպետն իր զինակրի հետ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ — (ասպե­տին՝ խոնարհումով): Ողորմած տեր, շնորհ արեք դղյակ: Ես շատ փնտրեցի ձեզ և ահա գտա: Իմ ազնիվ տերը՝ մեր բոլորի սիրելի ար­քայազնը, հրավիրում է ձեզ պալատ և ինձ ու­ղարկել է ձեզ ուղեկցելու:

ԱՍՊԵՏ — (փոխադարձ խոնարհումով): 0՜, բարի մարդ, դուք ճիշտ ժամանակին ներկայա­ցաք, քանզի մութն ընկնելու հետ մենք չգի­տեինք՝ ուր գնալ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ — Դուք այնպիսի ընդունելություն կգտնեք, որն իսկա­պես վայել է ձեր բարձր անձին, և որը արքա­յազնը ցույց է տալիս բոլոր թափառական ասպետներին, դերասաններին և այլ տարօրինակ մարդկանց, որոնց հետ նա երկար զրույցներ վարելու սովորություն ունի:

ԱՍՊԵՏ — Ես կարծում եմ՝ պալատում ինձ սպասող մեկ այլ գործ կունենամ: Ինչպե՞ս է ձեր արքայի առողջությունը:

ԶԻՆԱԿԻՐ — Տեր իմ…

ԱՍՊԵՏ — Դու լուռ մնա: Ես արդեն գիտեմ իմ անելիքը:

 

 

  1. Հանդիսությունից հետո արքան առանձնացել է արքունապետի հետ:

 

ԱՐՔԱ — Սիրում եմ, երբ ժողովուրդն արտաս­վում է: Արքան պետք է կարողանա լացացնել ժողովրդին:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Ողորմած տեր իմ, ձեր խոսքերից կրակ էր թափվում, ի՜նչ սիրտ կդիմանար: Այդքան հոգատարություն տերության ու հպատակների նկատմամբ: Եվ զգացված ամբոխն, այո, հեծեծալով լալիս էր: Դուք իս­կապես բնատուր արքա եք: Փա՜ռք Ամենակա­լին, տերությունն ի վերջո ստացավ իր արժա­նավոր վեհապետին:

ԱՐՔԱ — Ժողովուրդը ոչնչից այնպես չի երկ­յուղում ու սարսափում, որքան պատերազմնե­րից: Պատրաստ է ամեն զոհողության ու զրկանքների՝ հանուն խաղաղ կյանքի: Այդ ան­ընդհատ պատերազմները մենք ժառանգել ենք մեր թագավոր եղբորից: Ծանր բեռ է, բայց ար­քայական մեր տունն առանց դրա չի կարող: Սակայն հարկ է խորհել, ինչպես մեղմենք այդ պարագան: Երբեմն էլ թող լինեն մարզական խաղեր, որ զինվորը զինվոր մնա, չէ՞ որ խաղն էլ նույն պատերազմն է՝ առանց սպանության: Սակայն գործից խոսենք: Ի՞նչ կա:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Արքայազնն իրեն թույլ է տվել մի տեղ արտահայտվել, որ ձերդ վեհա­փառության տերությունը բանտ է:

ԱՐՔԱ — Իր պաշտելի հոր տերությունը: Ես միայն կարճ ժամանակով եմ այս տերության դժբախտ արքան: Ընդամենը քանի՞ օր է՝ այս­տեղ եմ:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Որտե՞ղ, տեր իմ:

ԱՐՔԱ — Ուզում էի ասել՝ ինչքա՞ն ժամանակ է, որ մեր հանգուցյալ եղբայրը…

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Հասկացա, տեր իմ: Շա­տերը սգի շորերը դեռ չեն հանել: Շատ կարճ միջոց է, որ բարեհաճեցիք դուք թագավորել՝ ձեր եղբոր դժբախտ վախճանից հետո: Օրերով կարելի է հաշվել:

ԱՐՔԱ — Հաշված օրերում ես տերությունը բանտ չէի դարձնի, եթե անգամ դրանով զբաղ­վեի: Ես սա ժառանգություն ստացա և ժառան­գություն էլ կթողնեմ այդպես վերևներից հո­խորտացողին: Հետո՞, շարունակիր խոսքդ:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Հոր մասին…

ԱՐՔԱ — Հոր մասին ի՞նչ:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Նա կատարյա՜լ մարդ էր ամեն ինչով, ասել է որդին:

ԱՐՔԱ — Գիտենք, որ այդպես չէր: Հետո՞:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Դրան ի պատասխան՝ նրա ուսանող ընկերն ասել է՝ նրա պես թագա­վոր ես չեմ տեսել ու մեկ էլ չեմ տեսնի:

ԱՐՔԱ — Ինչպե՞ս հասկանալ: Նրա պես լա՞վ, թե՞ նրա պես վատթար:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Մարդու սիրտը շոյվում է, երբ գովում են նրա հորը, անգամ պապին, ան­գամ տասը պորտ հեռու պապին, արյունը՝ մի խոսքով:

ԱՐՔԱ — Ջահելները թյուրիմացության մեջ են: Իմ տարաբախտ եղբայրը, ինքդ էլ գիտես, ինչ օրի էր հասել: Նրանից միայն վաղեմի փառքի ստվերն էր մնացել, պալատում չկար մեկը, որ նրանից լլկանք ու ստորացում չկրեր: Նա տիրում էր երկրին՝ առանց կարենալու ինքն իրեն տիրապետել: Արքայազնին ան­հայտ է դա, գերմանական համալսարանում ու­սանելու տարիներին երկար ապրել է հեռունե­րում, որդիական սիրով աստվածացնում է նրան: Արքան այլևս իրեն հաշիվ չէր տալիս, թե ինչե՜ր էր քաշում իր ձեռքին խեղճ կինը, մեր թագուհին, ազնիվ արքայազնի մայրը և այժմ­յան մեր բախտավոր կողակիցը: Ստորացումներ ու կտտանք: Իր որդու սիրեցյալ աղջկան՝ համարյա հարսնացուին, քո դստերը, պարո՜ն, անգամ նրան չէր խնայում: Անամոթ ու լկտի ոտնձգություններ, ինքն իրեն հաշիվ չտալով՝ անպարկեշտորեն ձեռք էր գցում նրա… մարմ­նի մասերին:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Մի՞թե, տեր իմ:

ԱՐՔԱ — Այո՜, ինչե՜ր ենք քաշել նրա ձեռքին ու հանդուրժել: Իմ անարգումը, երբ խոզերին էր հավասարեցնում իր միակ ու հարազատ եղ­բորը: Արքայի մահը տերության փրկությունն էր: Եվ պալատը փրկեց թագավորությունը, որը նաև մերն էր: Պալա՜տը… է՞լ ինչ էին խոսում:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Մեր տղաները, ողորմած արքա, պատմում էին նաև, որ պահնորդության ժամանակ զինվորները կրակի շուրջն այնպես էին խոսում, իբր, ազնիվ տեր, ես պարտավոր եմ ամեն ինչ կրկնել այնպես, ինչպես լսել եմ, ինչպես տղաները պարտավոր են ամեն ինչ բե­րել ինձ, ինչպես ստացել են…

ԱՐՔԱ — Կրակի շուրջը, գիշերը…

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Այո, կրակի շուրջը խո­սակցություն է եղել, թե ինչ իմաստ ունեն այս խիստ ու տաժանակիր հսկողությունը, այս ան­ընդհատ ռազմական տեղաշարժերը, անհա­մար զոհերն ու վատնումները: Եվ նման բաներ:

ԱՐՔԱ — Եվ խիստ կարևոր: Հարկ է այդպես խոսողներին զինվորական կարգով, առանց հապաղելու, ուղարկել ճակատ:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Սակայն, տեր իմ վեհա­պետ, չափից ավելի շատ չե՞ն հավաքվում այն­տեղ՝ օտար սահմաններում, այդ կրակի մոտ խոսողները, որ կրակի հետ խաղացողներ են:

ԱՐՔԱ — Պատերազմը նաև նրա համար է, որ այդ մարդիկ ևս գործի դրվեն, և նրանց գնալը գալ չլինի: Արքայական մեր տունը իր հաշիվ­ների մեջ միշտ ստույգ է եղել: Սակայն ոչինչ ինձ չի մտահոգում այնքան, որքան այն, թե արքայազնն իր մտքում ինչ ունի պահած:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Ազնիվ տեր, նա իր մտքերը գրառելու սովորություն ունի ուսանողի կամ սկսնակ փիլիսոփայի նման: Մեր շատ փնտրածն արդեն կգտնեինք, եթե այդ տետրա­կի մեջ նայելու հնարավորություն ունենայինք: Ես իմ դստերը, թեկուզ վատ խորհուրդ եմ տա­լիս, կհորդորեմ մի եղանակով ձեռք գցել այդ տետրը: Նրանք սիրում են իրար, տեր իմ, իսկ այդ հողի վրա փոխադարձ վստահությունը սահման չունի:

ԱՐՔԱ — (ծիծաղում և ծափ է զարկում): Բայց դու, այնու, լավ ծաղրածու ես:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Ես ծաղրածու չեմ, տեր իմ, ես ձեր արքունապետն եմ:

ԱՐՔԱ — Դա նո՜ւյնն է: Հենց վաղվանից սկսում ենք արքայազնի բուժումը, պատրաստիր սուսերը: Ավելի հավաստին նրան համո­զելն է, թե այդ տետրն անհրաժեշտ է բժշկին ցույց տալ, կասկած կա, որ իր սիրելիի անբա­ցատրելի վարքը մտավոր շեղման արդյունք լի­նի: Այդպես էլ արա՛:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Բայց ես ծաղրածու չեմ, տեր իմ:

ԱՐՔԱ — Տերության մեջ բոլորն են ծաղրածու:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Այո՛, ստացվում է այդ­պես:

ԱՐՔԱ — Բայց ամեն ինչը կարող է շատ արագ հակառակ փոխվել: Պատրաստիր սուսերը:

 

Գալիս է թագուհին:

 

ԱՐՔԱ — Թագուհի՜ն: Ի՜նչ խեղճություն, ի՜նչ մանրուք, տեր Աստված… (Արքունապետին.) Այդ կարևոր հարցի մասին մեկ այլ առիթով կխոսենք: (Ընդառաջ գալով՝ թագուհու մեկնած զույգ ձեռքերն իր ափերի մեջ է առնում🙂 Նորից վշտացած եք, թագուհիս: Արքունապետն ասում է, թե գտել է քո որդու տխրության ու մաղձոտության բուն պատճառը: Հենց նոր խոսում էինք, թե ինչ ձևով հարմար կլիներ վանել նրա մենությունն ու վերադարձնել հոգու խինդը: Նա մի ժամանակ սիրում էր մարզական խա­ղեր և ինքնամոռաց տրվում էր սուսերամար­տին, իր հմտությամբ անգերազանցելիի անուն էր վաստակել, գիտեր գինը հաղթանակի, հատկապես, երբ պալատի ջահել գեղեցկուհի­ներն էին նրա վրա գրազ բռնում: Եվ ահա հար­մար գտանք նորից բացել ասպարեզը զինա­մարտի ու ջահելների մրցությանց առջև:

ԹԱԳՈՒՀԻ — Այնպես պաշարված են նրա մտքերը իր հոր մահով, այնպես սևեռված օր­նիբուն, բաց աչքերով հորն է տեսնում՝ կենդան պատկերով իր դեմ կանգնած, և խոսում է բարձրաձայն և այնպես հագագուն, որ փշա­քաղվում է մարմինս ահից ու զարհուրանքից: Եվ հոր մահվան չափ վիշտ է նաև մոր մահը:

ԱՐՔԱ — Ձե՞ր, տիկին:

ԹԱԳՈՒՀԻ — Ուրիշ ինչպե՞ս անվանել մի կնոջ արարքը, երբ ամուսնու դին դեռ չսառած՝ արդեն մեկ ուրիշի կինն է ու նորապսակ՝ ճեր­մակող մազերով: Եվ այդ կնոջ անունն է տե­րության թագուհի: Օտարին անգամ իմ արար­քը կսարսռեր, ուր մնաց՝ հարազատ որդուն: Ի՜նչ պատճառի մասին է խոսում արքունապե­տը: Վշտերից այնպես խելակորույս էի ես, չգի­տեի՝ ով է անկումի պահին բռնում մարմինս, ում ձեռքերի մեջ եմ արդյոք: Երբ ուշքի եկա, ամուսնական մահճի մեջ էի, նորից թագուհի ու նորից ամուսին՝ դեռ չայրիացած:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — (մեկուսի): Այս խոսակ­ցություններն իմ ականջների համար չեն, ուստի ես պետք է հեռանամ: (Արքային.) Որդիս իր վեհապետի թույլտվությամբ կրկին մեկնում է ծառայության՝ արտասահման, որտեղից ժա­մանել էր ձեր թագադրության օրերին շնորհա­վորանքներով: Եթե իմ վեհապետին ու տիրու­հուս այլևս պետք չեմ…

ԱՐՔԱ — (թագուհուն): Ամեն ինչ եղավ ոչ մեր կամքով, այլ չարաղետ մի ճակատագիր էր մեզ բաժանողը, և ահա բախտը կրկին, քմծիծաղ տալով, մեզ բերել է մեր սկզբնավիճակին: Տեղը նույնն է, ժամանակներն այլ, ավա՜ղ, ոչ ես եմ նույնը, ոչ դու… (Հեռանում է թագուհու հետ🙂

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — (միայնակ): Արքունա­պետը պալատում տեսնում, զգում, լսում, կռահում, սահմռկում է ամենից շուտ, բայց որ թա­գուհին բռնաբարվել է հենց ամուսնու մահվան գիշերը, երբ հուսահատ, վշտահար, մխիթա­րության կարոտ, համարյա անզգա և ուշակո­րույս ընկած էր իր ննջասենյակում՝ այդ բանը միայն հիմա հասկացա: Ուստի, տեղին է այն խոսքը, թե որքան մեծանում, նույնքան մանուկ ենք մնում:

 

 

  1. Արքունապետի որդին ու դուստրը հրաժեշտի պահին:

 

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — Ինչո՞ւ է հայ­րենիքս այսպես վանում ինձ: Հեռվից ես կարոտում եմ, երբեմն սիրտս լցվում է տխրությամբ, երանի եմ կանչում ձեզ, որ ամեն օր պատուհա­նից տեսնում և ամեն պահ կարող եք ելնել տնից ու գնալ այդ կարոտալի վայրերը: Երբ վերադառնում եմ հայրենիք, հենց առաջին օրը ցանկանում եմ թողնել ամեն ինչ ու փախչել ետ: Կյանքն այնպես գորշ է ու վանող, մարդիկ՝ հիմար ու ինքնաբավ: Ինչո՞ւ է այդպես:

 

Ներս մտնելովարքունապետը սովո­րությամբ՝ առանց երևութանալու, նստում է մեկուսի և լսում, թե ինչ են խոսում այդ երկուսը:

 

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ԴՈՒՍՏՐ — Ես լսում եմ քո ձայնը, կարծես քո նամակներն են խո­սում: Բայց վերջին խոսքերդ անհասկանալի են ինձ:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — Ինձ ևս անհասկանալի են: Ինչո՞ւ տխուր եմ քեզ և հորս լքելիս, և միաժամանակ ուրախ, որ եկել է մեկ­նելու ժամը… (Հորը նկատելով:) Հա՞յր:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — (մոտ գալով): Շարունա­կիր: Այնքան սակավ եմ տեսնում քեզ, պարզապես բախտի շնորհ է, որ կարող եմ դիտել երկուսիդ՝ լուրջ զրուցելիս: Այնպե՜ս եք մեծա­ցել, երեխաներ: Ինչի՞ մասին էիք խոսում:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — Ես քրոջս ասում էի՝ այնքան երկարատև եմ ապրել արտասահմանում, երևի հետ եմ վարժվել, այլևս չեմ կարող երկար մնալ հարազատ երկրում, ասես այստեղ շնչահեղձ եմ լինում, այստեղ կարծես օդ չկա, չգիտեմ ինչից է դա, մոլորված ու օտար եմ հայրենիքիս մեջ: Ապրելու երկիր չէ՛ սա:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Իսկ ո՞վ ասաց, որ այս երկիրն ապրելու համար է:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — Պաշտոնավարողների այնպիսի մի կարգ է, ասես այդ ապիկարները պետական գանձարանից ռոճիկ են ստանում, որ իրենց պարտականություն­ներն ինչքան հնարավոր է ձգձգեն ու չկատա­րեն՝ անլուր տառապանքներ պատճառելով խեղճ հայցվորներին: Իսկ ինչո՞ւ է այդպես: Այդպես է, որովհետև երբ գլուխն է ցավում, ամ­բողջ մարմինն է հիվանդ: Այս երկրի իշխանությունը գողացված, հափշտակված է իսկա­կան տիրոջից, իսկ ամենադաժան իշխանութ­յունն ապօրինի իշխանությունն է:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Եվ դա ասում է մեր դի­վանագետն արտասահմանում:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — Ես դա ասում եմ իմ հայրական տանը և ոչ թե արտասահմանում… Մի քանի ժամից նավի վրա պիտի լինեմ, մի քանի օրից՝ պաշտոնիս, իսկ այս պահին ես իմ պաշտելի հոր հետ եմ ու սիրելի քրոջս:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Բոլորը, ովքեր գալիս են արտասահմանից՝ արքայազնը, դու, նույնն եք ասում: Գետնի տակն անցնի արտասահմանը, որ մոլորեցնում է մեր ջահելներին:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — Արքայազ­նը… Ես հասկանում եմ նրան, կասեի՝ ես սիրում եմ նրան ու ամբողջ սրտով կարեկցում: Հայրը՝ ստորաբար սպանված, և նա չգիտի՜ իր անելի­քը: Մտազբաղ քայլել, մրթմրթալ, հոգոց հանել, ի՜նչ ողորմելի սինլքորի մեկը պիտի լինի մարդ: Բոլոր թույլատրելի ու անթույլատրելի միջոց­ներով վրա ընկիր թշնամուդ և վրեժդ լուծիր այնպիսի դաժանությամբ, որ անգամ թշնա­մուդ թշնամին սոսկա:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ԴՈՒՍՏՐ — Բայց նա չի կարող այդպես: Նա չգիտե՝ ինչպես դա անել ու մարդ մնալ:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — Ինչո՞ւ մնալ, ո՞ւմ համար մնալ:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Մեր այժմյան արքան և մեր այժմյան թագուհին շատ վաղուց, երբ մեկը դեռ պատանի էր և իր կողքից կարճ թուր էր կախում, իսկ մյուսը կարճ զգեստով մի աղջնակ էր, սիրում էին իրար, այո՜, և կապված էին հավիտենական սիրո երդումով: Այո՜, մեր այժմյան արքան և մեր այժմյան թագուհին: Սակայն, ինչպես հաճախ է լինում պալատում, մի օր մեր նախկին, այժմ հանգուցյալ արքան զբոսանքի պահին տեսավ դեռատի գեղեցկու­հուն և ցանկացավ նրան, ապա իր կինը դարձ­րեց: Այդպես է եղել նախապատմությունը: Մեր կոչումը չէ ում ծառայելը, այլ հավատարիմ ծա­ռայելը, ուստի, երբ պետք է վերցնել մեկ թագավորին ու բերել մյուսին, մեր դերը պալատի հետ լինելն է: Անհամ միտք է, բայց այդպես է: Սա­կայն այս խոսքերը ջահել օրիորդի ականջնե­րի համար չեն:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — Իրերս արդեն նավի վրա են, մնաս բարով, քույրս: Զգուշացիր արքայազնից: Հիշիր և մնացած ամեն խոսքս:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ԴՈՒՍՏՐ — Քո պատ­կերի հիշողությամբ, սիրելի եղբայր, և քո ամեն ասածը խորհելով պիտի շարժվեմ ու ապրեմ:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — Հանգիստ եղիր, հայր, ես գիտեմ, որ սա արատավոր տերություն է, բայց պարտավոր եմ պաշտպանել, որովհետև իմ ամբողջ բարեկեցությամբ նրան եմ պարտական… Դե, խոնարհաբար հրա­ժեշտ եմ առնում: Մնացեք բարով:

 

 

  1. Արքայազնն ու ասպետը ճեմում են պալատի սրահներից մեկում:

 

ԱՐՔԱՅԱԶՆ — Դուք համոզվա՞ծ եք, պա­րոն, որ բարքերը մեր դարում ավելի ապական­ված են, քան եղել են առաջներում, և դուք եք հենց այն անձը, որ կոչված է ամեն ինչ շտկե­լու:

ԱՍՊԵՏ — Այո, ազնիվ տեր: Ուր և որտեղ լի­նեմ ես, իմ սուրը միշտ ի նպաստ է գործում այս աշխարհի բոլոր զրկվածների, բախտից վիրա­վորվածների, որբերի ու այրիների, ովքեր էլ լի­նեն՝ ռամիկ, թե արքայական տնից: Եթե ձեր սիրտը տոգորված է ձեր հոր մահվան վրեժխնդրությամբ, ապա իմացեք, տեր իմ իշ­խան, ես պատրաստ եմ ասպետական ծառա­յության: Ասպետությունը, ասել է՝ ազնվությու­նը պահանջում է դատել մեղավորին իր իսկ դատով ու պատժել: Մի՞թե ձեր սիրտը դա չի՜ փափագում:

ԱՐՔԱՅԱԶՆ — Ո՞ր մեկին ու քանիսի՞ն: Վրե՞ժ, թե՞ դա միայն պատրվակ է: Պատժե՞լ եմ ուզում, թե՞ միայն սպանել: Գուցե մարդս պատրաստ է սպանության, պարզապես նրան առի՞թ է պետք. հայրենիք, կատարված հան­ցանքի վրեժխնդրություն, թույլերի, որբերի պաշտպանություն, հանուն ազատության կռիվ, որ տանում է այնքան հեռու, նպատակից անդին, որ հաղթանակած պատվանդանին ժամանակը գրում է ոչ թե երախտագիտութ­յան, այլ անարգանքի խոսքեր. «Նա ելավ աշ­խարհի չարիքը պատմելու, ու ինքը դարձավ մեծագույն չարագործ»: Սա է մարդու քաղա­քական էության առեղծվածը: Սուր առնել և ինքն իրեն դատավոր կարգելով՝ կոտորել մինչև վերջին մեղսագործը: Սակայն ո՞վ ես դու, ունե՞ս այդ իրավունքը, և դա վերո՞ւստ է տրված: Այդպես կարող ես դառնալ հենց այն չարագործը և նրանից էլ վատթարը, որն իր սրով արդեն մի դատ է արել և սպանել իր նման մեկին: Հո՛րս: Այս տերության արքայի՛ն: Ապա իր արնապիղծ մահիճն է քաշել մո՛րս: Այս տե­րության թագուհո՛ւն: Նա իր արդարությունն այդպես է տեսել և այդ դատի դատավորն ինքն իրեն է կարգել: Սակայն մեկն էլ պետք է, որ նրան, նրա՜ն, նրա՜ն դատի: Իսկ ո՞վ պիտի անի այս վերջինի դատի դատը, ապա նաև սրան դատողի դատը, ո՞վ պիտի ընդհատի հանցանքների այս շղթան, որ գալիս է դարերի խորքից և ձգվում է դեպի գալիք: Պարո՛ն, գուցե ձեզ միայն սուրն ու նիզակը մարդկային մարմ­նի մեջ գործածելու առի՞թ է պետք, ինքներդ էլ չեք գիտակցում, գուցե ձեր սեփական արդա­րությունից կուրացել են ձեր աչքերը: Մի՞թե չեք սարսափում, որ մարդկային արյուն եք հեղում:

ԱՍՊԵՏ — Թող անգութ լինեմ՝ հենց միայն բարի լինելու համար: Թող իմ մասին ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում ո՛չ ոք չասի, թե մեկնումեկի արցունքներն ու աղերսը ինձ ետ պահեցին աս­պետական պարտքս կատարելուց:

ԱՐՔԱՅԱԶՆ — Ահա ևս մի մարդասեր, որ սրով ու սպանություններով է ցանկանում պատժել չարագործությունն ու մարդասպա­նությունը: Մարդասիրություն՝ մարդասպա­նություններով:

ԱՍՊԵՏ — Այո՛, այլ կերպ հնարավոր չէ ոչ մի բարի գործ աշխարհում: Ասված է, տեր իմ, որ հաղթում են զինված մարգարեները:

ԱՐՔԱՅԱԶՆ — Հաղթում է զինված մարգա­րեն, բայց պարտվում է նրա մարգարեությունը, թեկուզ նա հարյուր տարի տոնի իր հաղթանա­կը՝ նզովվում է ժամանակի մեջ: Չկա՛ արդար սպանություն:

ԱՍՊԵՏ — Կա՛:

ԱՐՔԱՅԱԶՆ — Քանի՞ սպանություն եք կա­տարել մինչև օրս:

ԱՍՊԵՏ — Չգիտեմ, չեմ հաշվել:

ԱՐՔԱՅԱԶՆ — Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ ուրիշին կյանքից զրկելու իրավունք ունեք:

ԱՍՊԵՏ – Ո՛չ, բայց ես պարտավոր եմ:

ԱՐՔԱՅԱԶՆ — Քանի՞սն էին ձեր զոհերից արժանի մահվան, ըստ ձեր կարծիքի:

ԱՍՊԵՏ — Շատ քչերը: Նրանք բոլորն էլ իմ հակառակորդներն էին, և մենք ելել էինք միմ­յանց սպանելու:

ԱՐՔԱՅԱԶՆ — Սակայն նավարացիները բոլոր իսպանացիներից ձեզ առավել շատ էին սիրելի: Իսկ դուք նրանց ևս մատնում էիք մահ­վան:

ԱՍՊԵՏ – Այո՛, մատնում էի:

ԱՐՔԱՅԱԶՆ — Դուք հո գիտեք, որ սպա­նությունը դատապարտելի է:

ԱՍՊԵՏ – Այո՛:

ԱՐՔԱՅԱԶՆ — Եվ սպանո՞ւմ եք:

ԱՍՊԵՏ – Այո՛:

ԱՐՔԱՅԱԶՆ — Լիովին վստա՞հ եք, որ ար­դար եք գործում:

ԱՍՊԵՏ – Այո՛, այդպես պետք է: Ես ժողովրդի շահերի պաշտպանն եմ, բայց ես դեմ եմ մարդասպանությանը: Սակայն ես պետք է սպանեմ, եթե դա անհրաժեշտ է: Եթե ես սպա­նության կողմնակից լինեի, ապա ամեն ինչը հենց այն գլխից կլիներ կեղծ:

ԱՐՔԱՅԱԶՆ — Եվ մինչև ե՞րբ պիտի գործադրեք մահվան ձեր արհեստը:

ԱՍՊԵՏ — Մինչև վերանան պատերազմները, սպանությունները, մինչև ժողովուրդը մաքրվի մարդասպաններից:

ԱՐՔԱՅԱԶՆ — Իսկ ձեզնի՞ց: Ձեզնից ո՞վ պիտի մաքրի ժողովրդին, չէ՞ որ կմնաք միայն դուք, վերջին մարդասպանը:

ԱՍՊԵՏ — Պայմանների դրդումով մեր դաժա­նությունները կհասկացվեն և կներվեն: Ամեն ինչ կհասկացվի, ամե՛ն ինչ:

ԱՐՔԱՅԱԶՆ — Ուրեմն, կա երկու մարդաս­պանություն: Մեկը, երբ դուք եք սպանում, դա արդար սպանություն է, դուք դրա կողմն եք: Մյուսը, երբ ձեզ են սպանում, դա անարդար սպանություն է, դուք դրան դեմ եք: Սպանելու իրավունք ձեզ տալիս է այն համոզմունքը, որ ձեր առաքելությունն ավելի բարձր է, քան ձեր հակառակորդի առաքելությունը: Ուրեմն, կա­րելի է նաև սպանել, եթե դրա համար հավաս­տի բացատրություն ունեք, որևէ մարգարեութ­յուն, կամ, ինչպես հենց նոր ասացիք, ժողովրդի չգիտեմ ինչի համար: Իսկ ես ահա մտածում եմ, որ այդպես մտածողներն արժանի են մահ­վան, սակայն այդպես մտածելով՝ հակասում եմ ինքս ինձ ու դառնում հենց ձեզ նման մեկը, հետևապես, իմ սեփական դատով, ես ևս ար­ժանի եմ մահվան: Պարոն, մարդասպանութ­յունն ինքնասպանություն է, սակայն մարդուս անգամ ինքն իրեն սպանելու իրավունքը չի տրված: Ես արդեն հոգնել եմ ինքս իմ մեջ այս ամենի մասին խոսելուց… Սակայն ի՜նչ հեշտ է մեռնելը, ննջե՜լ ամեն ինչից հեռու, էգերի, որձերի կռիվներից, ննջե՜լ, բայց ոչ գերեզմանա­յին սառը քնով, այլ այնպես, որ հավիտենա­կան քնի շղարշի միջով դարձյալ լսելի լինեն կյանքի թովիչ ձայները, և սիրո հավերժական մեղեդին հասնի սրտիս…

 

 

  1. Արքան ու արքունապետը:

 

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Ողորմած տեր իմ, հարգելի տերս, որ նա խելագար է, այլևս ոչ մի կաս­կած չունեմ: Հիմա էլ ճանապարհից մի ինչ-որ խելագար է գտել, ժամերով զրուցում է, այն էլ չափազանց լուրջ, այդ տարօրինակ ասպետի հետ, որն էլ, իր հերթին, է՛լ ավելի խելագար մի համհարզ թե զինակիր ունի:

ԱՐՔԱ — Ի՞նչ է նրանց գործը:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Այդ տարօրինակ զույ­գի՞: Հասարակ ու դատարկ մի զբաղմունք: Մեկը փնտրում է անարդարության զոհերին, թշվառներին ու կեղեքվածներին, որպեսզի զորա­վիգ լինի նրանց, մյուսը գնում է նրա ետևից և սպասում, թե երբ իր տերը կգրավի որևէ կղզի թե թագավորություն, լավ չհասկացա, ականջի ծայրով էի լսում: Այդպես պատմում էին մեր տղաները, շատ անլուրջ էր, ծիծաղում էին:

ԱՐՔԱ — Նրանք ժամանել են մեր թագավո­րությունը գրավելու, իսկ դա տղաներին ծիծա­ղելի է թվում:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Իհարկե, տեր իմ, չկա ավելի անհեթեթ բան, քան այդ երկուսը, մեկն իր նման նիհար մի յաբուի վրա փետած աքլորի պես թառած, մյուսն իր նման տռուզ մի ավա­նակի վրա բազմած: Իսկն ասես ստեղծված են ծիծաղի համար:

ԱՐՔԱ — Եթե արքայազնն այդպես զվարճա­նում է, թող զվարճանա իր ուզած ձևով: Սա­կայն նրա խելագարությանը ես երբեք չեմ հա­վատացել:

 

Ներկայանում է մի պալատական:

 

ՊԱԼԱՏԱԿԱՆ — Տեր իմ, հենց նոր ժամա­նած մի զորական ցանկանում է անհապաղ զե­կուցել իր արքային: Եվ դեմքով այնքան տագ­նապած է, որ ողջ արքունիքն է սարսափի մեջ, թե ինչ է նրա բերած լուրը:

ԱՐՔԱ — Պարտությո՞ւն: Թեկուզ: Կանչի՛ր:

 

Ներկայանում է զորականը:

 

ԶՈՐԱԿԱՆ — Խիստ անկարգ հուզումներ արևմտյան բանակում, տեր իմ: Սակայն, վեհա­պետս թող հանգիստ լինի, ամեն ինչ կարգադրվեց շատ արագ կերպով ու ժամանակին: Խռովա­րարների խումբը զինաթափված է ու կալանա­վոր, կրկնակի հսկողությամբ պահվում է՝ մինչ ձերդ արքայական կարգադրությունը:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Այն կրակի շուրջը խոսող­ները, տե՜ր իմ: Եղե՞լ է, որ ես զուր տագնապ հայտնեմ… Մենք նրանց ուղարկեցինք ոչ թե ստույգ մահվան, այլ ստույգ դավադրության:

ԶՈՐԱԿԱՆ — Եվ բարձրաձայն աղաղակում էին, թե արքայազնին են թագավոր ուզում:

ԱՐՔԱ – Շտապի՛ր, բարեկամ, ասես ձիուց իջար ճամփեզրի առվակից մի բուռ ջուր խմելու, շտապիր ու տար արքայական մեր հրամանը: Աստծո անունով և մեր՝ դավադիրները դատա­պարտված են մահվան: Պատիժն ի կատար ածել անզիջում դաժանությամբ ու խիստ անար­գանքներով, ողջ զորքի առջև՝ ի խրատ բոլոր ողջերի: Գնա՛: Արքայական մեր շնորհները կստանաս կատարածիդ բարի լուրը բերելով: Գնա՛: (Զորականի մեկնումից հետո🙂 Արքա­յազնը, որ իր բախտն է ողբում, տերության միակ բախտավորն է իրավ… Աղաղակում և արքայազնին են թագավոր ուզում:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Սակայն, տեր իմ, նրա խոհերի ծովում այդ մեկ հատիկ միտքը երբեք չի լողում:

ԱՐՔԱ — Ինչ որ տենչանք է ու երազանք ամենքի համա՞ր: Իսկ ի՜նչ է օրնիբուն նա այդպես մտորում:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Հոր մահը, տեր իմ: Եվ մոր… Դա իսկույն չի մոռացվում:

ԱՐՔԱ — Եվ ինքն ամեն ինչ սարքում է այն­պես, ինչպես չի եղել… Բայց եղել է, եղե՜լ է հենց այդպես, միայն իմ հասկացողությունից վեր է, թե ինչպես է նա կարողանում հոգու աչ­քերով իրապես տեսնել, ասես մեկը դեմը կանգ­նած բարբառում է նրան: Մայրը, մա՜յրն է պատմում ինձ, թե ինչ է խոսում իր հետ, բայց ոչ բոլորը, ո՜չ բոլորը… Խելագար է թե ո՛չ, նա խիստ վտանգավոր է տերության համար: Բա­նակն ու ռամիկ ամբոխն էլ մեծ սեր ունեն ար­քայազնի հանդեպ: Նրա ամեն քայլը պետք է հայտնի լինի:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Հասկացա, տեր իմ: Այսուհետև ամեն ինչ ինքս կանեմ անձամբ: Մեր տղաները շատ են ջանում, բայց նրանց կայ­տառությունը պաշտոնի ու պարգևների ակնկալիքով է, բուն վտանգը նրանց քիչ է մտահո­գում… Մայրը նորից կանչել է նրան, և քիչ հետո արքայազնը մոր ննջարանում կլինի: Արրասի ետևն անցած, երկուսից էլ ծածուկ, ես ամեն ինչ կլսեմ ապահով ու ստույգությամբ կհայտ­նեմ ձեզ: Թագուհու սենյակում մենք մշտական մեր թաքստոցն ունենք:

ԱՐՔԱ — Ի՞նչ:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏ — Ամեն ինչն ըստ անհրա­ժեշտության, տեր իմ… Դե, մնաք բարով, սիրելի տիրակալս: Շուտով ետ կգամ թարմ լուրերով:

 

Արքունապետը հեռանում է: Արքայի նշանով ներս է գալիս երիտասարդ պալատականը, որը դռան ետևում նրա նշանին էր սպասում:

ԱՐՔԱ — Երբ թագուհու անունից կգնաս արքա­յազնին իր մոր մոտ հրավիրելու, իբր իմիջիայ­լոց, կասես, իբր աչքդ ընկավ, որ արքան մտավ թագուհու ննջասենյակը և իբր դուրս գալը չես տեսել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ — Այ­սինքն, ամենապաշտելի տերս, հարկ է արքա­յազնին ներշնչել, որ դուք աներևույթ այնտեղ եք:

ԱՐՔԱ — Գնա՛: Դու շատ առաջ կգնաս: (Պա­լատականի հեռանալուց հետո🙂 Այժմ հավա­տում եմ, թե կստանամ այն լուրը, որին սպա­սում եմ: Արքայազնն իմ կյանքն է ուզում: Եվ այլ կերպ չէր լինի: Երբեք հակառակը չեմ սպասի:

 

 

  1. Արքայազնի ընկերն ու ասպետի զինակիրը ճեմում են պալատի սրահ­ներից մեկում:

 

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐԸ — Եվ ի՞նչ ես վաստակում քո ծառայության համար:

ԶԻՆԱԿԻՐ — Ոչինչ, տեր իմ: Մենք միասին ենք կատարում այդ մեծ գործը, և ես ծառայում եմ նրան, որովհետև ցանկանում եմ ինքս տեր դառնալ: Մի՞թե չեք լսել, իմ տերը հովանավորում է թույլերին, որբերին, այրի կանանց և այլն, միա­ժամանակ աչքի պոչով մի հարմար թագավո­րություն է փնտրում՝ ինձ նվիրելու և վարձահա­տույց լինելու իմ ծառայությանց համար:

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐԸ — Մի ամբո՜ղջ թագավորություն:

ԶԻՆԱԿԻՐ — Իսկ ինչո՞ւ այդպես ծաղրա­կան: Այո՛, մի ամբողջ թագավորություն, և ինչքան մեծ, այնքան լավ, ինչպես սիրում է ասել իմ տիկինը: Իմ անուսում լինելուն մի նայեք, ես այնքան բան եմ սովորել իմ տիրոջից, որ գեր­մանական համալսարաններում գլուխ կոտրող ձեր ուսանողներն էլ չգիտեն: Իսկ իմ տիրոջից ավելի խելացի մարդ մեր դարում չկա: Նա ոս­կեդարի մասին այնպես է խոսում, կարծես երեկ է վերադարձել այնտեղից:

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐԸ — Մի՞թե դուք նաև ոսկեդարի մասին եք խոսում:

ԶԻՆԱԿԻՐ — Մեր մտքինը հենց այդ ոսկե­դարը ետ բերելն է, պարոն ուսանող: Գուցե չհավատաք, բայց հենց այստեղ (ոտքով դո­փում է գետնին), այստեղ է լինելու ոսկեդարը: Սպասեք, սպասեք, պարոն, շուտով ինչե՜ր են կատարվելու այս երկրռւմ, թագը մի գլխից մյուսն է թռչելու:

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐԸ — Հաճախ թա­գի հետ գլուխներն էլ են թռչում:

ԶԻՆԱԿԻՐ — Պարոն, ինչո՞ւ այդքան տխուր ու մտահոգ է ձեր դեմքը, անգամ երբ սրամտում եք: Իսկ դո՛ւք, պարոն ազնվական, ինչո՞ւ եք ծառայում: Ես ձեր հարցին ասացի, որ ծառա­յում եմ իմ տիրոջը, որովհետև ցանկանում եմ ինքս տեր դառնալ:

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐԸ — Ծառայում եմ, որովհետև ծառա եմ:

ԶԻՆԱԿԻՐ — Իսկ դուք չե՞ք ցանկանում ինք­ներդ տեր լինել:

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐԸ — Ամենևին: Ոմանք ծնված են տեր լինել, ոմանք՝ ծառա:

 

Ինչոր իրարանցում ընդհատում է նրանց: Աղմկելով անցնում են աղա­խիններ, սպասավորներ, զինվորներ:

 

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐԸ — (մի պալա­տականի կանգնեցնելով): Ի՞նչ է կատարվել, ի՞նչ իրարանցում է սա:

ՊԱԼԱՏԱԿԱՆ — Սպանություն, պարոն ազնվական, սպանությո՜ւն… Նա իրոք խելագար է:

ԱՐՔԱՅԱԶՆԻ  ԸՆԿԵՐԸ — Ո՞վ: Ո՛վ ո՛ւմ է սպանել:

ՊԱԼԱՏԱԿԱՆ — Թագուհու ննջասենյա­կում հենց նոր արքայազնը սրահար արեց արքային: Մեկն ասում է՝ արքային, մեկն ասում է՝ արքունապետին: Խեղճն իսկույն շունչը փչել է՝ առանց մի խոսք ասելու: Արքայի՞ն, արքունա­պետի՞ն: Ո՛չ, ասում է, արքունապետին:

 

Թագուհու ննջասենյակից դուրս է գալիս արքայազնը՝ մերկ սուսերը ձեռքին: Ընկերն ընդառաջ է վազում:

 

ԱՐՔԱՅԱԶՆԻ  ԸՆԿԵՐԸ — Տեր իմ…

ԱՐՔԱՅԱԶՆ — (ցույց տալով արյունոտ ձեռ­քերը): Ջուր՝ առվակներով, գետերով… Մի ամ­բո՜ղջ օվկիանոս… (Սուսերը նետելով գետնին՝ հեռանում է🙂

 

 

  1. Ասպետն ու զինակիրը:

 

ԶԻՆԱԿԻՐ — Այս ո՜ւր ենք ընկել, տեր իմ թա­փառական ասպետ: Եղբայրը եղբորն է սպա­նում, ապա ամուսնանում եղբոր այրու հետ, մահացած արքայի որդին ցանկանում է վրեժը լուծել իր հոր սպանողից, պատահարով սպա­նում է իր մտերիմ ընկերոջ հորը, ապա նրա քրոջ խելագարվելու պատճառն է դառնում: Խեղճ աղջիկը հոր մահվան լուրն առնելով և իմանալով, որ իր սիրեցյալի ձեռքով է սպանվել՝ ցնորել է, նրան լսելիս խղճահարությունից մարդու սիրտը ճմլվում է, չգիտես խնդաս, թե լաս, այնպիսի բաներ է տակից-գլխից դուրս տալիս… Սուրը քաշում է, մուկ է, մո՜ւկ է ասելով՝ սպանում է արրասի ետևում թաքնվածին, կարծելով՝ արքան է, հետո տեսնում է. ո՛չ մուկ է, ո՛չ արքան, արքունապետն է: Ճիշտ այնպես, տեր իմ, երբ դուք իջևանատան մառանում սու­րը մխրճում էիք գինու տկի մեջ՝ հրեշ է՝ ասելով: Տարբերությունն այն է, որ դուք կարծում էիք հրեշ է և սուսերը մխրճում էիք գինու տկի մեջ, իսկ նա իմանալով, որ մարդկային սիրտ է, սուրն առանց վարանելու մխրճում է մարդկային սրտի մեջ: Մո՞ւկ է, թե՞ թագավորը: Այ քեզ բա՜ն: Ի՜նչ եմ ասել՝ պալատ, այ քեզ բարքե՜ր:

ԱՍՊԵՏ — Չե՛մ սիրում այդ կերպարը, արքա­յազնին: Իր հոգու մաղձը մարգարեություն է դարձրել ու ողջ աշխարհի վրա ինքն իրեն դա­տավոր կարգել: Մի՞թե, եթե անարդարություն է կատարվել, քեզ իրավունք է տրվում ուրիշի դատն անել, մանավանդ սեփական դատաս­տանը տեսնել:

ԶԻՆԱԿԻՐ — Տեր իմ, ո՞ւմ մասին եք խոսում: Ձե՞ր:

ԱՍՊԵՏ — Ո՛չ, նրա: Սպանվել է հայրը, և որ­դին սուրը ձեռքին սպանում է ուրիշի հորը, կա­տարում է նույն հանցանքը, ինչի համար այդ­քան երկար ու բարակ քննում էր անցյալի պատմությունը և փիլիսոփայում չարի ու բարու մասին: Ապա սպանում է մի մարդու, որը մեկ ուրիշի հայրն է, նույնքան սիրելի իր զավակնե­րին: Մի՞թե դա էր նրա եզրակացությունը: Պատճառ է դառնում իրեն սիրող աղջկա ցնոր­վելուն: Մի մարդ, որ կարկամած է աշխարհի մեծամեծերի նենգությամբ ու ստորությամբ և չգիտե՝ արդյոք մերկացնի՞ իր սուրը՝ ստորութ­յունը պատմելու: Եվ մերկացրեց ու դարձավ ոճրագործ, նրա արդար զայրույթը հասցրեց դրան: Գիտեր, որ պիտի դառնա ու դարձավ: Արդար մարդու ոճրագործ անարդարությունը:

ԶԻՆԱԿԻՐ — Տեր իմ թափառական ասպետ, դարձյա՞լ ինքներդ ձեր մասին եք խոսում:

ԱՍՊԵՏ — Նրա՜: Չե՛մ սիրում այդ կերպարը: Ես խոսեցի նրա հետ, շատ խոսեցի, կարծում եմ, որ նա իրոք խելագար է:

ԶԻՆԱԿԻՐ — Հիմա ողջ պալատն է խոսում, թե ինչ պատասխան պիտի տան, երբ արքու­նապետի որդին արտասահմանից ժամանի, իսկ նա արդեն ճանապարհին է: Մեծ աղետներ են սպասվում, փսփսում են, որ երկրում դժգոհությունը խիստ աճել է… Ահ, ի՜նչ էի ուզում ասել ձերդ ողորմածությանը և շարունակ մոռա­նում էի: Չէ՞ որ ես մի հրաշալի երազ եմ տեսել, մինչդեռ հիմարությունների մասին եմ խոսում: Ոսկեդարն եմ տեսել երազում, տեր իմ: Առա­տություն, երջանիկ անմեղություն, մեղուներ, միշտ արև և միշտ գարուն, բնակիչները՝ բարի ու մարդասեր: Նրանք ձեռքերի վրա տանում էին ինձ՝ թագը գլխիս, գահին բազմած, գայիսոնը ձեռքիս, սիրամարգի փետուրներով հով էին անում, ջահել աղջիկները ոսկե թասերի մեջ պաղպաջուն գինի, օշարակ և այլ սառն ըմ­պելիքներ էին մատուցում:

ԱՍՊԵՏ — Ո՞ւմ:

ԶԻՆԱԿԻՐ — Ինձ, տեր իմ, էլ ո՛ւմ, իրենց թա­գավորին:

ԱՍՊԵՏ — Սխալ բաներ ես երազում տեսել: Ոսկեդարում չկար իշխան ու հպատակ, թագա­վոր ու պալատական, բոլո՛րը հավասար էին ու ազատ: Ոսկեդարը մեկ մարդու երջանկության դար չէր, ոսկեդարը համայն մարդկության հա­վասարության, արդարության և եղբայրության դարն է: Քո տեսածը ոչ թե երազ, այլ երազխաբություն է եղել:

ԶԻՆԱԿԻՐ – Լա՛վ, երազը՝ երազ, այսօր տե­սար, վաղը մոռացար: Իմ երազանքը որևէ կղզի է կամ մի թեթև թագավորություն, խնդրեմ խոս­քը կտուրը չգցել: Մեկ խոստանում եք, մեկ երազխաբություն եք անվանում: Խոսք եք տվել Դանիան, տվեք ինձ Դանիա՛ն:

ԱՍՊԵՏ — Ապիկար, ինչո՞ւ ես ժամանակից առաջ ընկնում, պտուղը պետք է հասնի իր ճյուղին, անժամանակ քաղը կվնասի պտղին ու ծառին: Իսկ մինչ այդ, նախ վերջ տուր ամեն օր սխտոր ուտելուն: Քեզ թագավոր ես երևակայում, բայց տասը քայլից անգամ քեզնից սխտորի հոտ է փչում:

ԶԻՆԱԿԻՐ — Կթողնեմ, տեր իմ, եթե միայն դա է խանգարողը: Ես, իհարկե, հասկանում եմ, որ առանց քաղաքականության անհնարին է անգամ սեփական ագարակը ղեկավարել, ուր մնաց՝ կղզի կամ ոչ մեծ ու կոկիկ մի տերութ­յուն, բայց չգիտեի, որ սխտոր ուտելն այդքան հակացուցիչ է բարձր քաղաքականությանը:

ԱՍՊԵՏ — Բավական է, վե՛րջ տուր հիմար սո­փեստությանդ:

 

Հայտնվում է արքայազնի ընկերը:

 

ԶԻՆԱԿԻՐ — Ես ի՞նչ էի ասում, պարոն ու­սանող:

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐ — Ի՞նչ էիք ասում:

ԶԻՆԱԿԻՐ — Տեսա՞ք, ինչով վերջացավ: Իմ տերը խոսքով մարդասպանության կողմն է՝ հանուն արդար գործի, ձեր տերը՝ դեմ: Բայց ո՞վ մարդկային արյուն հեղեց: Իմ բարեգութ տերը միշտ էլ սուրը մերկացրել է անիրավութ­յունը պատժելու, ժամանակ է եղել՝ մահն աչքն առած մաքառել է աներկյուղ, բայց, փառք Աստծո, մինչև օրս նա ծանր հանցանքով չի արատավորել ասպետի իր համբավը: Վկա՝ ե՛ս: Նա որքան սպանելու, նույնքան իր անձն այ­լոց համար զոհաբերելու է պատրաստ: Չէ՛, իմ տերը հրաշք է, այդպիսի մարդ աշխարհը չի տեսել:

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐ – Պարո՛ն, ինք­ներդ էլ չգիտեք՝ ով է ձեր տերը: Նա ոչ թե աս­պետ է, այլ ասպետության ծաղր: Ձեր տերը բարի է, թե ոչ, ազնիվ է, թե անազնիվ, անվախ է, թե ոչ, բարեգութ է, թե ոչ, հայտնի չէ. նա ելել է ամեն ինչում ասպետական գրքերի հերոսնե­րին կապկելու: Նա հովանավորում է խեղճե­րին, թույլերին, որբերին ոչ թե ըստ իր հոգու մղումների ու սրտի թելադրանքի, այլ՝ որ նույնն էին անում նրա սիրած հերոսները: Ձեր տիրոջ պաշտամունքը ոչ թե մարդասիրությունն է, այլ ասպետական գրքերի հերոսները: Բոլոր ար­դարություն որոնողները մի դիմակ ունեն, լսել եմ, որ ձեր տիրոջ դիմակը տրտում է: Գործերը՝ ծիծաղելի, ինքը՝ տրտում: Ծիծաղը փրկում է ձեր տիրոջը:

ԶԻՆԱԿԻՐ — Իսկ ձեր տիրոջը ոչինչ չի փրկում, չարագործության զոհ, և ինքն էլ չարագործ: Այստեղ ինչի՞ վրա ծիծաղես: Ո՛չ ծի­ծաղ է, ո՛չ լաց:

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐ — Իսկ մի՞թե ազնվություն է մարդկանց դրախտ ու ոսկեդար խոստանալը՝ որքան գեղեցիկ, նույնքան անի­րագործելի: Մի՞թե կարելի է մարդկանց խոս­տանալ տարվա եղանակներ և բնության երևույթներ, չէ՞ որ դա խաբեություն է:

 

Ասպետը, որ ոտքը կախել, լսում է եր­կու ծառաների զրույցը, ետ է գալիս:

 

ԱՍՊԵՏ — Չի կարելի և պետք չէ խաբեութ­յուն համարել այն, ինչը բարի նպատակ ունի:

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐ — (ծաղրական գլուխ տալով): Ամենայն խոնարհությամբ հրաժեշտ եմ առնում, մնացեք բարյավ, բարի նպա­տակով խաբեբաներ: (Հեռանում է🙂

ԶԻՆԱԿԻՐ — Տեր իմ, նույնիսկ ես վիրավոր­վեցի, մի բան, որ ինձ հետ հաճախ չի պատա­հում, մանավանդ, ազնվականից վիրավորվելու իրավունք ես չունեմ: Բայց դուք մի՛ վիրավոր­վեք, վկա է Աստված, աշխարհում ամենաանարդար բանը ձեզ խաբեության մեջ մեղադրելն է: Այսքան ժամանակ ծառայում եմ ձեզ, չեմ հիշում մի դեպք, որ ձեր խոսքը գործին չբռնի: Ա՜յն եզակի անհատներից եք, որ ի՛նչ ասում, նույնն էլ անում եք, կարևոր չէ՝ ինչ եք ա­սում և կարևոր չէ՝ ինչ եք անում: Ձեր խոսքը գործ է, ձեր ասածն՝ արած: Բայց ոչինչ, վերևն Աստված կա: Մարդը մարդու երեսին է նայում, Աստված՝ հոգու խորքը:

ԱՍՊԵՏ — Իրավացի ես, բարեկամ, թող մեզ դատեն սերունդները: Նրանք կհասկանան մեզ ու կգնահատեն մեր արածը, մեր շատ թերին անգամ կներեն: Անպայման կհասկանան, իսկ ով հասկանում, նա ներում է: Երախտամոռությունը, բարեկամս, մարդու բնավորության սպառիչ բնութագիրն է: Մենք այս պալատում ենք արքայազնի հրավերով: Ուստի լռենք առայժմ ու սպասենք: Երբ հարմար լինի, փոխ­հատուցումը չեմ ուշացնի: Թափառական աս­պետը նրա համար չէ լույս աշխարհ եկել, որ հեշտությամբ ների անպատվությունը: Ով պահպանում է վիրավորվածներին ու անարգ­վածներին, կարող է պաշտպանել նաև սեփա­կան պատիվը:

ԶԻՆԱԿԻՐ — Ի՞նչ դղրդոց է, պալա՞տն է փլվում, թե՞ երկրաշարժ է:

 

  1. Արքունապետի որդին վերադար­ձել է արտասահմանից և համախոհ­ների բազմությամբ, ահեղորեն սպառնալով՝ հոր սպանության հա­մար հատուցում է պահանջում:

 

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — Ո՞ւր է, եթե ստոր վախկոտի մեկը չէ նա:

 

Գալիս է արքայազնը:

 

ԱՐՔԱՅԱԶՆ — Ահա ես, եթե այդ անպատիվ խոսքերն իմ մասին են:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — Դժոխքի բա­ժին լինեմ, որ տեսնում եմ իմ հորը սպանողին դեռ կենդան: (Հարձակվելով🙂 Անարգ մար­դասպան, վերադարձրո՛ւ իմ հորը:

ԱՐՔԱՅԱԶՆ — Իսկ իմ հորը ո՞վ կտա ինձ, գուցե քո հա՞յրը: Հանդարտվիր, պարոն, աղա­ղակդ երկինք մի հանիր տհաս տղայի պես: Որ հզոր մի տերության արքային սպանելը մի մարդու գործ չէ, պարզ է ամենահետին մար­դուն անգամ:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — Իմ հա՞յրը: Եր­բե՛ք: Այդ ազնվագույն մարդը, որ Աստծով ու հավատով ծառայում էր արքայական ձեր պիղծ գերդաստանին և ոչինչ չուներ՝ բացի ազ­նիվ հոգուց: Երբե՛ք: Լինել նվիրյալ գահին, և մենք եղել ենք՝ հոգով ու սրտով: Իր հավատար­մության մեջ նա մարդկային մի կատարելութ­յուն էր: Եվ կգտնվի՞ մեկ այլ հայր, որ այդպես վսեմ ու սրտառուչ զգացմունքով սիրի իր զա­վակներին: Դուք զրկեցիք նրան կյանքից, անիծյա՛լ մարդասպան: Իմանամ նաև այսուհետ, թե մարդ կարող է բարձր նյութերից խո­սել, չարի ու բարու հավիտենական պայքարից սոսկալ և մարդասպան լինել:

ԱՐՔԱՅԱԶՆ — Պարոն, ինչո՞ւ ես ինձ հետ այդպես վարվում: Մենք մանկության ընկերներ ենք եղել, ու ես քեզ եղբորից չեմ տարբերել: Եվ իմ կյանքի ծանրագույն պահերից մեկն էլ այն է, երբ սոսկումով մտածել եմ, որ մի օր պիտի կանգնեմ քո առջև ու արածիս համար պատասխան տամ:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — Դո՞ւք… ի՞նձ: Մի՞թե ձեր վշտից բացի կարող եք տեսնել ուրիշի վիշտն ու տառապանքը: Դուք այնպես եք ապրում, կարծես մարդկությունն արժանի չէ, որ իր հետ լինեք: Սակայն ո՞րն է ձեր արժանի­քը, այդ ի՜նչ գործեր եք կատարել հանուն… հանուն հողի, գահի, ժողովրդի: Այդ ի՜նչ բար­ձունքից եք նայում, ո՞րն է ձեր երախտիքը, գո­նե մեկ հատիկը ցույց տվեք: Չկա՛: Դուք ատում եք անարդարությունը, ստորությունը, դա­վաճանությունը, սակայն այդ նույնը բոլորն են ատում, անգամ նույն անարդար, ստոր ու դա­վաճան մարդիկ: Մենք գիտենք՝ ինչ եք ատում դուք, ձեր բոլոր մենախոսությունները դրա մա­սին են, բայց չգիտենք՝ ինչ եք սիրում:

ԱՐՔԱՅԱԶՆ — Կարող եմ ասել. քե՛զ, քրո՛ջդ, քրո՜ջդ, այո՜, հո՛րդ…

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — Սիրում եք հորս, որին մահվան մատնեցիք: Քրոջս, որ ձեր եղեռնագործության պատճառով խելագար թափառում է դաշտերում: Ինձ… Ի՞նձ, պարոն… Խոսքեր, խոսքեր, խոսքեր, միայն խոս­քեր, իսկ գործով դուք կորստյան եք մատնում բոլորին և ինձ էլ ձեր ատելության զոհը կդարձ­նեք: Երբ ձեր հորն էին սպանում՝ «նա մա՜րդ էր իր ամեն ինչով, մեկ էլ նրա նմանը չեմ տեսնի»: Իսկ երբ ուրիշի հորն եք սպանում՝ «մուկ է, մո՜ւկ»…

ԱՐՔԱՅԱԶՆ — Եթե ես լինեի ամենակարող արքա, այսպես կանեի: Ձեզ, պարոնայք, այդ­պես անհամբեր, արդարություն և վրեժխնդրություն տենչացող ձեր հրոսակախմբին կբա­ժանեի երկու մասի: Մի մասին կտայի հարստություն, տերություններ ընդարձակ, իշխելու, տիրելու, ուրիշներին ստորացնելու իրավունք, ծառաներ, վայելքներ, կանայք: Մյուսին ոչինչ չէի տա: Դուք, պարոնայք, ցանկանում եք միայն իշխել ու խլել, սա է ձեր արդարությունը, դավանանքը, ընկերասիրությունը: Դուք, որ այդպես համերաշխ կանգնած եք, ձեր մի մասը կկրծեր մյուս մասի կոկորդը: Այժմ գայլային մի բաժին շորթելու համար չէ՞, որ այդպես համա­խումբ եք ոհմակի նման, սպանելու, տիրելու, վայելելու ցանկություններով առլեցուն: Ձեր հրոսակախմբի այս պարոն առաջնորդի՞ն եք ուզում արքա կարգել, որ իր շռայլ ձեռքով ձեզ բաժին հանի… Պարոն, պատրաստ եմ հատու­ցելու: (Սուրը մերկացնելով🙂 Բայց իմացեք, ին­չով առել եմ, նույնով էլ պիտի ծախեմ: Սկսե՛նք:

 

Արքայազնն ու արքունապետի որդին մենամարտում են: Գալիս է արքանՆրան հետևում է թագուհին:

 

ԱՐՔԱ – Բաժանե՛ք դրանց, հեռացրե՛ք…

ԹԱԳՈՒՀԻ — Տարաբախտ եղբայր, հենց նոր քույրդ ջրամույն եղավ գետում: (Փղձկալով🙂 Ա՜խ, խեղճ սիրունիկ աղջիկ, ուզում էի՝ որդուս հարսնացուն լինես, բոլոր ծեսերը սրտիս դողով կատարեի անձամբ՝ մտածելով, որ իմն է: Ավա՜ղ, արդեն անցավ, ու քոնն է գալիս… Ա՜հ, ինչ եմ խոսում, իմը եկավ նորից ու գնաց սևով…

ԱՍՊԵՏ — (արքունապետի որդու աոջև ծնկի գալով): Պարոն, թափառական ասպետների ուխտը հիմնադրվել է, որպեսզի պաշտպան կանգնենք որբերին, այս աշխարհի մեծամեծ­ների կողմից ոտնահարվածներին ու ստորաց­վածներին: Ես պատկանում եմ այդ ուխտին: Ես պատիվ չունեմ ձեզ հետ ծանոթ լինելու, բայց արդեն գիտեմ ձեր ընտանիքի եղերական պատ­մությունը: Ես այս պահից իմ սուսերը ծառայութ­յան եմ դնում ձեր արդար զայրույթին, ձեր հոր ու քրոջ վրեժխնդրությանը: Ու երդվում եմ, բախ­տախնդիր ասպետը կանգ չի առնի իր ձեռնար­կում, մինչև չդադարի բաբախելուց բազում ցա­վերից ու վշտերից բզկտված նրա սիրտը:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — Ի՜նչ ներկա­յացում է սա՝ անպատեհ այս պահին, և ո՞վ է այս մարդը:

ԱՐՔԱ — Հանդարտիր, սիրելի զավակս, դա մի խելագար է, որ հրավիրված է պալատ զվար­ճությանց ու զավեշտի համար: Ուշ մի դարձ­րու: (Արքունապետի որդուն թևանցուկ անելով՝ տանում է իր հետ🙂 Հարկ է, որ այժմ դու զբաղ­վես քո տարաբախտ քրոջ տխրալի գործով:

ԹԱԳՈՒՀԻ — (արքայազնին): Եվ դու նույն­պես, սիրելի զավակս, այս վիշտը ավելի միացնում, քան բաժանում է ձեզ: Գնանք, տարաբախտ օրիորդի դագաղի մոտ ձեռք մեկնեք իրար: Այժմ դուք լրիվ հավասար եք ձեր վշտերով: (Արքայազնին տանում է իր հետ🙂

 

 

  1. Մի քանի օր անց: Արքայազնն ու իր ընկերը:

 

ԱՐՔԱՅԱԶՆ — Տխուր է հոգիս մոտալուտ ինչ-որ նախազգացումից, մնա մոտս և հեռու մի գնա… Այն, ինչից խուսափում էի, կատարվեց: Այդ մարդու մահվան համար սրտանց զղջում եմ: Վկա է Աստված, և դու էլ գիտես, որ նրա համար չէր, որ սուր գործածեցի: Գուցե ճակա­տագրից ինձ այլ կոչում էր պահված, իսկ այս­տեղ իմ կործանումն է լինելու: Ուսանո՜ղ և փիլիսոփա, կերուխումի տղա, պայծառատե՜ս: Բռնություն, խարդավանք, սպանություն, ար­յան պղծում… այդ ամենից մղոններով հեռու, ու հանկարծ կանգնում ես քստմնելի գործերի առաջ. հայրս՝ սպանված, մայրս՝ լլկված, որդիա­կան բոլոր սրբություններս՝ ոտնահարված, և այդ խեղճ աղջիկը, որին սիրում էի… Իսկ դու պատրաստ չես աշխարհի չարիքին ընդդիմա­նալու, իմաստն էլ չես հասկանում… Ձեռք բարձրացնել մի մարդու վրա, որն ինձ ման­կությունից ծնկներին է առել, շոյել գլուխս… և մոտիկից նայելով նրա դեմքին՝ տեսել եմ արքայական մեր տան հարազատ դիմագծերը: Հիմա էլ նա հիշեցնում է իմ հորը:

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐ — Այո՜, տեսքով նման է:

ԱՐՔԱՅԱԶՆ — Սիրելով և հպարտանալով՝ հայրս երբեք ստվերի տակ չթողեց նրան, այլ միշտ փառաբանում էր առիթներով: Իսկ երբ պալատում քայլում էին միասին, ձեռքն իր կրտսեր եղբոր ուսին էր պահում: Եվ նա գոհ էր ու հպարտ, և ժպիտը միշտ դեմքին էր լինում: Ուրեմն, հենց այդ օրերին, այդ ժպտուն օրերին նրա մեջ կար արնապիղծը: Եվ նրանով էր, որ հիանում էի, որպես իմ հարազատի:

ԱՐՔԱՅԱԶՆԻ  ԸՆԿԵՐ — Եվ այդ մարդը երկրի թագավորն է:

ԱՐՔԱՅԱԶՆ – Ասա՛, բարեկամս, քեզնից ուղղամիտ մեկին չեմ հանդիպել, դու և՞ս դատապարտում ես ինձ:

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐ — Ինչո՞ւ, սիրելի տերս:

ԱՐՔԱՅԱԶՆ — Որ վճռիս մեջ հապաղում եմ ես:

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐ — Մարդ սպանելը հաճույք չէ, տեր իմ: Միայն մահվան գործավորներին և վարձկան մարդասպաններին է իրենց անելիքը հենց սկզբից հայտնի ու մեկ էլ իրենց խելացնորությամբ ոգեշունչ այս ասպե­տի նման անմեղսունակ երեխաներին:

ԱՐՔԱՅԱԶՆ – Այո՛, եկավ այդ ասպետը որ­պես ուսուցիչ, բայց, ավա՜ղ, ուսուցիչդ խելա­գար էր: Ելել է աշխարհի չարիքը պատժելու, թույլերին զորավիգ լինելու, որբերի արցունքը սրբելու: Եվ դա ոչ թե սիրով, այլ՝ սրով…

 

Գալիս է երիտասարդ պալատականը:

 

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ — (պճնա­գեղ խոնարհումներով): Ինչպե՞ս է, արդյոք, ձերդ բարեծնությունն այսքան օրեր:

ԱՐՔԱՅԱԶՆ — Շնորհակալ եմ, պարոն:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ — Հարգելի իշխան, ամենասիրելի տերս, ձերդ բարությունը իցէ՞ տրամադիր և ժամանակ ունի՞: Ար­քայի կողմից պատիվ ունեմ թախանձել ձեզ՝ զինամարտի ավանդական մրցմանը մասնակ­ցելու, որն սկսված է արդեն, և պալատական ջահելությունը ցարդ մեծ աշխույժով իր բախտն ու ճարպկությունն է փորձում:

ԱՐՔԱՅԱԶՆ — Բախտն ու ճարպկությունը: Հետո՞:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ — Ձայնե­րը լսո՞ւմ եք, տեր իմ: Այնտեղ խաղում են, և արքան հատկապես պնդում է, թագուհին նույնպես, ինչպես և շատերը, որ այդ մրցմանը կարող է փայլ տալ միայն ձերդ բարձրության ու արքու­նապետի որդու զինամարտը, երկուստեք գով­ված, արտաքո հմուտ և գործին ի մոտո տեղյակ: Եվ բոլորք հավանեցան, տեր իմ, և ունեցան հիացում և հուսկ ուրեմն ամենայն հարգանք:

ԱՐՔԱՅԱԶՆ — Ի՞նչ է այս պարոնի խնդրածը:

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐ — Արքան ու թա­գուհին, որքան կարողացա հասկանալ, զվարճանում են զինախաղերը դիտելով և հրավի­րում են ձեզ, տեր իմ, որ արքունապետի որդու հետ ձեր մարտով շուք տաք նորին վեհափա­ռության ժամանցին:

ԱՐՔԱՅԱԶՆ — Ո՞ւմ դեմ պիտի մրցեմ, նո­րից չհասկացա:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ — Արքու­նապետի որդու, ամենասիրելի տերս: Հայտնեմ ձեզ այնու, որ զենք է լինելու՝ սուսեր և դաշույն:

ԱՐՔԱՅԱԶՆ — Իսկ եթե ասեմ՝ ոչ:

ԱՐՔԱՅԱԶՆԻ  ԸՆԿԵՐ — Ճիշտ էլ կանեք, տեր իմ:

ԱՐՔԱՅԱԶՆ — Իսկ եթե ասեմ՝ այո:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ — Այդ­պես էլ կհայտնեմ ձերդ մեծության կողմից, շատ սիրելի տերս: (Խոնարհումներով🙂 Իմ հարգանքներս ձերդ մեծությանը: Անգամ մի ևս՝ իմ հարգանքներս ձերդ մեծությանը: Ու­րախ լեր, տեր իմ: (Հեռանում է🙂

ԱՐՔԱՅԱԶՆԻ  ԸՆԿԵՐ — Ո՞վ է այս պա­րոնը:

ԱՐՔԱՅԱԶՆ — Մի՞թե չի երևում ապագա մեծ արքունապետը: Նրա ճակատին գրված է արքայի աոաջին բարեկամը լինել: Նա ծնված է արքայի բարեկամը լինելու, ինչպես անխու­սափելի ծնվում են նաև արքայի կյանքի դեմ դավեր նյութողները:

ԱՐՔԱՅԱԶՆԻ  ԸՆԿԵՐ — Այո, արքային դժվար կլինի առանց դրա:

ԱՐՔԱՅԱԶՆ — Նա գիտակցում է դա և այդ պատճառով էլ այդքան փքված է:

 

Գալիս է մի պալատական:

 

ՊԱԼԱՏԱԿԱՆ — Տեր իմ, ձեր թագուհի մայ­րը խնդրեց՝ լինեք այնքան բարեգութ, որ մրցումից առաջ մի քաղցր խոսք ասեք արքու­նապետի սգավոր որդուն:

ԱՐՔԱՅԱԶՆ — Եվ իրո՛ք, լավ առիթ է: Հայտ­նեք թագուհուն, որ հիմա կգամ:

 

Պալատականը հեռանում է:

 

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐ – Հրաժարվեք, տեր իմ: Նրանք մշտապես իրար հետ են, և կասկած չկա, որ այս ամենն իր մեջ թաքուն իմաստ ունի:

ԱՐՔԱՅԱԶՆ — Իհա՜րկե, ի՞նչ թուրք՝ առանց ետին մտքի: Սակայն, եթե դա հաշտվելու հա­մար է, և մայրս նույնպես խնդրում է, համա­ձայն եմ և ուրախ, որ առիթ ունեմ: Իսկ եթե խաղ չէ, եթե զինամարտ չէ, այլ՝ մենամարտ, դարձյալ ուրախ եմ, որ հագուրդ կտամ իր հոր մահվան ու վիրավորանքի համար: Երկու դեպ­քում էլ հոժար եմ և ուրախ: Բայց մի մութ նա­խազգացում, մի ծանր ու անորոշ թախիծ այս­տեղ… Սակայն ինչ պիտի լինի այսօր, չի կա­րող լինել վաղը, իսկ ինչ եղել է երեկ, չէր կարող լինել այսօր:

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐ – Մի՛ գնացեք, տեր իմ, խնդրում եմ:

ԱՐՔԱՅԱԶՆ — Աստված, Դու, որ ամեն մարդուն իրենից լավ գիտես, Դու, որ գիտես նաև իմ վաղը, իմ օրերի թիվն ու մազերիս համ­բարքը, դատիր ու կատարիր արդարը, և թող լի­նի մարդկայինն ու երկնայինը… Գնա՜նք, բա­րեկամս, վախս ի՜նչ է, կյանքս ինձ համար մի ասեղ չարժե…

 

 

  1. Թագուհին ու արքան դիտում են հոծ բազմությամբ օղակված զույգե­րի սուսերամարտը: Երիտասարդ պալատականը մի կողմ է տանում ասպետին:

 

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ — Տեր իմ, պատրա՞ստ եք, արդյոք, ձեր խոստումն ի կատար ածելու:

ԱՍՊԵՏ — Ես, պարոն, առաջին իսկ օգնութ­յան կանչից վեր եմ թռչում, ինչպես կրծքամայր կինը, երբ լսում է լացող երեխայի աղեկտուր ձայնը, երեխան ումն էլ լինի, անգամ՝ թշնամու: Իմ սրտի մեջ միանգամից թունդ են առնում բո­լոր մայրական ու հայրական բնազդները այն­պես, ասես ողջ մարդկությունն իմ լացող զա­վակը լինի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ — Շատ լավ, շատ գեղեցիկ: Իսկ մի՞թե դուք թշնամի չունեք: Եվ ինչպե՞ս եք դուք թշնամուն տարբերում բարեկամից:

ԱՍՊԵՏ — Բոլոր զրկվածները, անտերունչ ու խեղճ մարդիկ իմ բարեկամներն են, ինչ ազգից և ովքեր էլ լինեն նրանք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ — Հե­տևաբար, բոլոր՝ կուշտ, երջանիկ, ձեր օգնության կարիք չունեցողները, բոլոր նրանք, ովքեր ձեր գոյության մասին գաղափար անգամ չու­նեն, ովքեր առանց ձեզ էլ լավ են զգում և թքել են մարդկությանը մատուցած ասպետական ձեր ծառայությունների վրա, բոլոր այդ մարդիկ էլ ձեր թշնամինե՞րն են: Կարելի՞ է ձեր խոսքերն այնպես հասկանալ, որ դուք բարեկամ եք միայն լացող մարդկանց, իսկ գոհ և երջանիկ կյանք վայելողները ձեր թշնամիներն են:

ԱՍՊԵՏ — Պարոն, դուք գաղափար անգամ չունեք, թե քանի՜ մարդ է տառապում, արքու­նական հարկերի տակ կքում, սովի ու աղքա­տության ճիրաններում կյանք մաշում, որպես­զի կերակրեն ձեզ նմաններին, և դուք էլ ունե­նաք նրանց այդպես ծաղր ու ծանակի ենթար­կելու հնարավորությունը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ — Սա մենք կարող ենք շատ երկար շարունակել, և արդյունքը նույնը կմնա: Ես ուզում եմ միայն ճշտել, թե արդյո՞ք ձերդ ողորմածությունը միշտ պատրաստ է սուր մերկացնելու՝ թույլին, օգնություն աղերսողին հասնելու, ով էլ և ինչ էլ նա լինի:

ԱՍՊԵՏ — Ես, պարոն, ասացի, որ իմ սիրտը չի դիմանում օգնության կանչին, ով էլ լինի կանչողը: Մարդկային օգնության ճիչը տիե­զերքի խորհուրդն է, պարոն: Սուրս մերկացնե­լով՝ ես նետվում եմ նեղացնողին տեղնուտեղը սատակելու, ով էլ լինի նա, միայն այդ ճիչը դա­դարի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ — Այսպիսով, դուք պատրաստ եք բոլորին օգնելու և միաժամանակ բոլորին սպանելու, նայած՝ ում խելքին կփչի առաջինն օգնություն կանչել: Շատ լավ, շատ գեղեցիկ: Հրաշալի՜ է: Պարոն թափառական ասպետ, ինչպես բացատրել, սա մի մրցում է…

ԱՍՊԵՏ — Նեղություն մի կրեք բացատրելու, թե որտեղ եմ ես գտնվում, և ինչ է կատարվում իմ շուրջը: Թափառական ասպետների մասին գրքերում շատ է գրվել, ինքս էլ իմ թափառում­ների ճանապարհներին բազում անգամներ եղել եմ կախարդված ամրոցներում և դղյակնե­րում: Շատերը հետո պնդել են, իբր դրանք ոչ թե ամրոցներ ու դղյակներ են, այլ սովորական իջևանատներ, և իբր միայն իմ աչքին են այդ­քան շքեղ երևում: Կախարդանքն այնպիսի բան է, բարեկամ, որ մարդուս աչքին ասես շղարշ է քաշած, մի գեղջուկ մարդ աչքիդ կա­րող է թագավոր երևալ, իսկ մի տերության թա­գավոր՝ ընդամենը մի ջորեպան: Այնպես որ շատ հնարավոր է՝ հիմա ամեն ինչ հակառակն է, և իմ աչքին երևացող այս ապարանքը գուցե պանդոկ լինի կամ մի իջևանատուն:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ — Դե արի ու այս ցնդածի վրա հույս դիր:

 

Ներս է գալիս արքայազնն իր ընկե­րոջ ուղեկցությամբ: Խոսքը կիսատ թողնելով՝ երիտասարդ պալատակա­նը վազում է ընդառաջ:

 

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ – Ձեզ բարի գալուստ, սիրելի իշխան, ուրախ եմ, որ նվազ չափով իսկ սպասել չտվիք և պատշաճը մատուցելով…

ԱՐՔԱՅԱԶՆ — (արքունապետի որդուն մո­տենալով): Ներիր ինձ, պարոն, ակամա հանցանքս: Պատիվս վկա, մի դժբախտ թյուրիմա­ցություն էր դա, ու եթե հիմա եղբայրաբար ձեռք մեկնենք իրարու ու բարեկամանանք նախկինի պես, ես քեզ, դու էլ հավանաբար ինձ, շատ ասելիք կունենանք: Իսկ մինչ այդ՝ ահա իմ ձեռքը, ընդունիր ներելով ու բարեկա­մաբար, եթե կարող ես:

ԱՐՔԱ — Աննման տեսարան, աննման տեսա­րա՜ն…

ՊԱԼԱՏԱԿԱՆՆԵՐ — Արքայազնն ար­տասվում էր եղածի վրա: Մենք բոլորս կարող ենք վկայել դա:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — Տեր իմ, ձեզ վաղուց ու լավ ճանաչելով՝ կատարվածը չեմ կարող բացատրել ատելությամբ կամ չարամտությամբ: Մեր ողջ ասելիքը թողնելով վաղվան, քանի առիթ կա, լավ է մրցենք ու բարե­կամ մնանք, քան ժպտանք իրարու ու ներ­քուստ ընդմիշտ մնանք թշնամի:

ԱՐՔԱՅԱԶՆ — Բարի խոսք է:

 

Արքայազնն ու արքունապետի որդին սեղմում են միմյանց ձեռք:

 

ԱՐՔԱ — (թեթևության հոգոց հանելով): Այս խաղաղ ու անարյուն զինամարտով էլ թող վերջ տրվի վեճին, զավակներս: Թող հաղթի ձեզնից արժանավորը, բերեք սուսերները: Մենք կպարգևատրենք հաղթողին, պարտ­վածն էլ անուշադրության չի մնա, բերեք սու­սերները: Ներման ու եղբայրացման սքանչելի այս տեսարանի համար արքան մեծամեծ շնորհներ ունի պահած, բերեք սուսերները:

 

Երիտասարդ պալատականը սուսեր­ների խուրձն առաջինը մոտ է բերում արքայազնին, և նա իր համար մի հարմար սուսեր է ընտրում: Ապա խուրձը մոտեցնում է մյուս մրցակ­ցին, սա ևս նույնն է անում:

 

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐԸ — (արքայազ­նին): Տեր իմ, տվեք ձեր սուսերը: (Առնելով, ծայրին ցուցադրաբար բռունցքով խփելով, վերադարձնում է: Մոտենում է արքունապետի որդուն:)Ողորմած պարոն, խնդրում եմ ձեր սուսերը:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — Հեռացեք, պարոն, ձեր արածն անվայել բան է: Եվ դուք չեք խաղերի կարգադրողը:

ՊԱԼԱՏԱԿԱՆՆԵՐ — (ցածրաձայն): Մի՞­թե հաշտվելու համար կռվում են: Կռվում են, հետո հաշտվո՞ւմ, թե՞ հաշտվում են կռվելուց առաջ: Ամեն ինչ խառնվել է իրար: Այստեղ մի բան կա մութ: Այո, ինչ-որ բան այնպես չէ:

 

Կարգադրողը, որ երիտասարդ պա­լատականն է, ախոյանների միջև հավասար բաժանելով ստվերն ու լույսը՝ յուրաքանչյուրին ցույց է տա­լիս իր կանգնելու տեղը: Խարխուլ զրահները զրնգացնելով՝ արքայա­կան զույգին է մոտենում ասպետը:

 

 

ԱՍՊԵՏ — Վեհապետ արքա, նորին մեծութ­յուն, բարձրազարմ ու ազնիվ տիկին, և դուք բո­լորդ, որ ճանաչում եք ինձ, ասպետական այս մրցույթին ես ժամանել եմ շատ հեռուներից, ու թերևս ամենափառավոր մարտը, որ տվել եմ երբևէ, որպես թափառական ասպետ, այսօր պիտի լինի, քանզի, ինչպես տեսնում եմ, այս­տեղ են աշխարհի բոլոր պանծալի ասպետնե­րը, ճիշտ է՝ ծպտյալ, բայց ասպետի փորձառու իմ աչքից ոչինչ չի վրիպում: Մրցման պայմանն էլ մութ չէ ինձ, չնայած ոչ ոք ոչինչ չասաց այդ մասին:

ՊԱԼԱՏԱԿԱՆՆԵՐ — Հեռացրեք այդ մար­դուն, նա պահի ծաղրածուն է, այդ ինչե՞ր է դուրս տալիս: Ո՛չ, թող մնա, նա շատ տեղին է հայտնվել: Դա իր նման մեկն էլ ունի, ո՞ւր է նա: Հանգստացեք, նա այստեղ է, ահա:

 

Արքան ասպետին խոսքը շարունա­կելու նշան է անում:

 

ԱՍՊԵՏ — Ես պատրաստ եմ մրցելու բոլոր ասպետների հետ միաժամանակ, ինչպես կհրամայի նորին վեհափառությունը, կամ առանձին-առանձին, ինչպես պատշաճ է ասպե­տական օրենքով… Փառանցփառ և անպար­տելի ասպետներ, ես սպասում եմ ձեզ և հույս ունեմ, որ ըստ արժանվույն կդիմավորեմ բոլորիդ՝ հավատացած լինելով, որ կատարելապես արդարացի եմ: Բայց քանի որ իմ կոչումն է թույլերին պաշտպան կանգնելը, առայժմ ես միայն կողքից կդիտեմ այս զույգի մրցումը, և նրանցից ով թուլություն ցուցաբերեց կամ պակսեց բազկի ուժը, ես ասպարեզ կմտնեմ ու կշարունակեմ՝ մարտը շահելով տկարի օգտին:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ — Ես հա­մաձայն եմ, վեհափառ տերս:

ԱՐՔԱ — Վարագույրը բացված է, նախեր­գանքը հրաշալի էր, մնացածը՝ տեսնենք: Սկսե՛ք:

ԱՐՔԱՅԱԶՆ – Սկսե՛նք:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ – Պատրա՛ստ եմ, տեր իմ:

 

Առաջին նետումով արքայազնը խո­ցում է ախոյանին:

 

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ — (բթա­մատը ցցելով): Մե՛կ:

ՊԱԼԱՏԱԿԱՆՆԵՐ – Չի՛ կպել, չի՛ կպել: Կպե՛լ է: Չի՛ կպել:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ – Կպա՛վ, կպա՛վ: Նորի՛ց:

 

Երկրորդ խոցումը նույնպես արքայազնինն է:

 

ԱՐՔԱՅԱԶՆ — (հասցնելով երկրորդ խոցու­մը): Ա՛ռ այս մեկն էլ: Բայց սա ի՞նչ է, դու պաշտպանվում ես և այն էլ՝ անհաջող, իսկ ես քո նշանավոր հարձակումը չեմ տեսնում: Դու ծաղրում ես, լավ չէ, պարոն: Մի՞թե քեզ վայել հակառակորդ չեմ ես:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — Ամեն ինչը ճիշտ հակառակն է: Ես վայել չեմ ձեզ ոչնչով:

ԱՐՔԱՅԱԶՆ — Հաճոյախոսությունն առա­վել ևս դուրալի է, երբ արժանի չես: Սկսենք, պարոն:

 

Դրսից ինչոր աղմուկ է գալիս:

 

ԱՐՔԱ — Սա ի՞նչ ձայն է:

ԹԱԳՈՒՀԻ — (մոտենալով որդուն): Թույլ տուր սրբեմ ճակատդ:

 

Մինչ մայրը չորացնում է որդու ճա­կատի քրտինքը, արքունապետի որ­դին մոտ է գնում արքային:

 

ԱՐՔԱ — Ինչո՞ւ ես հապաղում:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — Չեմ կարող խոցել, տեր իմ: Իմ թրի չնչին քերծվածքն ան­գամ մահ է շատ ստույգ, և նրա թույնից փրկություն չկա:

ԱՐՔԱ — Քո հայրը թա՞նկ է քեզ համար: Դո՞ւ չէիր ինքդ քեզ նախատում, թե վրեժդ չառար՝ ուրեմն ո՛չ նրանից, այլ մի պոռնիկ մարդուց ես սերվել: Քո խոսքերն են: Ստացվեց, հո՞րդ էիր հայհոյում:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — Բայց սա խղճի դեմ է, արքա: Այնպես տղայաբար փայ­լում են աչքերը, ինչպես պատանեկան մեր օրերին: Չեմ կարող դիմանալ այդ նայվածքին, այնպես անմեղորեն խաղի մեջ է նա՝ չիմանա­լով, որ մահվան դավ կա իր դեմ և հաշված ակնթարթներ են մնում իր կյանքին:

ԱՐՔԱ — Միասին չհերյուրեցի՞նք այս ներկա­յացումը և զվարճանալով՝ անվանեցինք «մկան թակարդ»: Առիթը ձեռքդ եմ տվել, մնացածն ինքդ գիտես:

 

Ախոյանները կանգնում են միմյանց դեմ: Աղմուկը կրկնվում է: Ներս է մտնում ջախջախված զրահներով, արյունոտ, ոտից գլուխ փոշեթավ զո­րականը և ինչոր բան է հայտնում արքային:

 

ԱՐՔԱ — Գուցե միայն մի՞ մասը:

ԶՈՐԱԿԱՆ – Ո՛չ, տեր իմ: Երբ ցանկացանք խռովարարներին պատժել, ողջ զորքն ապստամբեց ու միացավ նրանց: Ժամանակ չեղավ անգամ հայտնելու, որ ճանապարհին խորտա­կելով ամեն դիմադրություն՝ շարժվում են դեպի թագավորանիստ քաղաքը: Եվ ահա այստեղ են:

ԱՐՔԱ — Պահապաններ կարգիր մեր հավա­տարիմ մարդկանցից, ետ պահիր ամեն գնով, խորամանկելով, խոստումներ տալով, գոնե քառորդ ժամ, գոնե դրա կեսը… Գնա՛:

ԶՈՐԱԿԱՆ — Իմ տեր վեհապետ, ամեն քայ­լափոխին մեր մարդիկ պակասում են, ընկնում են սպանված կամ նրանց կողմն են անցնում: Եվ ապստամբ զորքն ու ամբոխը միաձայն նույնն են կրկնում. «Մենք արքայազնին ենք թագավոր ուզում»:

ԱՐՔԱ – Ասա՝ արքայազնը մենամարտում սպանվեց… Գնա՛:

 

Նույն պահին արքունապետի որդու կողմնակիցները բարձրաձայն աղա­ղակում են. իրենց սիրեցյալը խոցել է արքայազնին, և արքայազնի վերնաշապկի թևն արագորեն արյունով է ներկվում:

 

ԱՐՔԱ – Գնա՛, և ինչպես ասացի: Ասա՝ սպանվեց ստույգ, իմ աչքով տեսա: Ահա՛:

ԶՈՐԱԿԱՆ — Բայց նա կանգնած է:

ԱՐՔԱ — Բայց նա մեռած է… Գնա՛:

 

Արքայազնն իր սուսերով կորզում է սուսերը: Ընդունված կարգով նա իր սուսերը մատուցում է հակառակոր­դին՝ գետնից բարձրացնելով նրանը: Զինամարտի սուսերը չպետք է վերք հասցնի, նա տեսնում է, որ դա բթա­սուսեր չէ, այլ սուրսայր մի թուր:

 

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐ — Իմ տե՜ր… Իմ տարաբա՜խտ տերս…

 

Այդ սուսերը ձեռքին արքայազնը խո­յանում է հակառակորդի վրա, որը սար­սափից բղավելով մատնում է իրեն:

 

ԱՐՔԱՆրանց բաժանեք: Այդ ի՜նչ արյուն է, բաժանեք նրանց, բավական է այլևս: Դադա­րեցրե՛ք մարտը:

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐ — Սա դավ է ձեր դեմ, իմ խե՜ղճ տերս, չխնայեք ստորությունը:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — (պատին սեղմված): Տեր իմ, խնայիր ինձ, ես անզեն եմ քո դեմ, ինչպես քիչ առաջ դու՝ իմ դեմ: Թուրը, որը քո ձեռքին է, թունավոր է, և դու այլևս փրկում չունես, աշխարհում չկա որևէ սպեղանի, դու մեռած ես: Ես սպանեցի քեզ, բայց դու խնայիր ինձ, Աստծո անունով և հորս, որին դու մահվան մատնեցիր, աղերսում եմ քեզ: (Սուսե­րը նրա առաջ նետելով🙂 Եվ տարաբախտ քրոջս անունով, որին սիրում էիր: Մեր վաղ տարիների ջերմ ընկերության…

ԱՐՔԱՅԱԶՆԻ  ԸՆԿԵՐ — Մի լսիր նրան, տեր իմ, մի՛ խնայիր…

ԱՐՔԱՅԱԶՆ — Այո, ի՞նչ օգուտ, որ դու էլ կմեռնես, քանի որ ես արդեն մեռած եմ… Անիծ­վի հոգիդ, դո՞ւ էլ այդ էիր:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ – Նա՛, ամեն ինչ արքան արավ:

ԹԱԳՈՒՀԻ — Ի՜նչ եղավ որդուս: (Որդուն գիրկն առնելով🙂 Ինչո՞ւ շապիկդ արյունոտ է:

ԱՐՔԱՅԱԶՆ — Պատահական քերծվածք է, մի անհանգստացիր, մայր իմ:

ԹԱԳՈՒՀԻ — Թույլ տուր թաշկինակովս կա­պեմ, անուշիկ որդի: Հե՜յ, ով կա, բժիշկ բերեք: Ես դեմ էի, այս մրցախաղին դեմ էի, այնպիսի մի նախազգացում ունեի, առավոտյան էլ արթ­նացա, պատուհանի լույսն աչքիս այլ կերպ երևաց… Թող, սիրելիս, սրբեմ արյունդ: Եվ ար­ցունքնե՞րդ… Ի՞նչ է սա:

ԱՐՔՈՒՆԱՊԵՏԻ ՈՐԴԻ — Ավելի լավ է համբուրեք նրան վերջին անգամ, թագուհի, քանի շունչ կա վրան, քանի կենդան է դեռ: Ոչ մի բժիշկ չի փրկի նրան: Արքայի դավադրութ­յամբ և իմ ձեռքով սպանված է նա: Սուսերը, որով վերք հասցրի, թունավոր էր, ձեր որդուն ապրելու վայրկյաններ են մնում:

 

Թագուհին ուշակորույս տապալվում է գետնին:

 

ՊԱԼԱՏԱԿԱՆՆԵՐ – Ի՞նչ եղավ թագու­հուն: Տեսեք, նա ցած տապալվեց: Ի՞նչ է կատարվում այնտեղ: Այս ի՞նչ աղմուկ է: Ինչ-որ բան է կատարվում: Հրդե՜հ, հրդե՜հ…

 

Երևում են հրդեհի կարմիր բոցերը և կռվող զինվորները: Ամեն ինչ խառնվում է իրար:

 

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ — Վեհա­պետ, դարպասները խորտակված են, ամեն ինչ վառվում է բոցերի մեջ:

ԱՐՔԱ — Գրողի ծոցը, այդպես էլ պիտի լիներ: Ո՞ւր է թագուհին: Ամբոխն իր ստոր ոխի մեջ սահման չի ճանաչում: Գտիր թագուհուն:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱԼԱՏԱԿԱՆ — Թա­գուհին ուշակորույս է կամ կաթվածահար:

ԱՍՊԵՏ — (արքայազնին՝ սուրը քաշելով): Որպեսզի ձեզ համոզեմ, որ խոսքս քամուն չեմ տալիս, ահավասիկ ես՝ թափառական աս­պետս, պատրաստ եմ մարտը շարունակելու՝ հետիոտն կամ ձիով, որը կնախընտրեք:

ԶԻՆԱԿԻՐ — Պարոն ասպետ, ողորմած տեր իմ, ձիով, անպայման ձիով, նժույգի վրա դուք անպարտելի եք, իսկ հետիոտն այս պարոննե­րը թրերով այնպիսի հրաշքներ գործեցին, որ լեղիս ցամաքեց: Քիչ սպասեք, հիմա կբերեմ ձեր ձին և իմ ավանակը: Այստեղ մոտերքում են, ախոռում կապած, մի քիչ միայն սպասեք:

ԱՍՊԵՏ — Ոչ մի ձի, ձին թող մնա ախոռում, պալատում հեծյալ չեն մենամարտում, տհաս: Ըստ ասպետական սովորության՝ ես պարտա­վոր էի առաջարկել, դու մի կողմ քաշվիր:

 

Պալատականները մեջ ընկնելով՝ ցանկանում են ասպետին ու զինակրին հեռացնել ասպարեզից:

 

ԱՐՔԱ — Երդվում եմ թագովս, որ դեռ իմն է, չկա ավելի սարսռալի ու միաժամանակ զավեշ­տական տեսարան, քան ողբերգության ու կա­տակերգության մենամարտը: Ասպարեզ բացեք մարդասերների առաջ, թող կոտորեն իրար, դրանից կշահի միայն մարդասիրությունը:

ԱՐՔԱՅԱԶՆ — (իր աոջև ցցված ասպետին մի կողմ հրելով, արքային): Շուտ ես հրճվում, շուն, ստոր կրքերի նողկալի ստրուկ-արքա, նզովից արմատ, արյունապիղծ լիրբ, եղբայր ու եղբայրասպան, քո սարքած բոլոր ուրախ խա­ղերն են մահով ավարտվում, այժմ խաղալու քո հերթն է: (Հետապնդելով🙂 Դե խաղա, դե խա­ղա՛…

ԱՐՔԱ — Օգնեցե՜ք, օգնեցե՜ք ինձ, բարեկամ­ներ, նա խելագար է, նա անպայման կսպանի ինձ… (Իրերն ու մարդկանց ոտի տակ տալով՝ փախուստ է տալիս🙂 Հե՜յ, իմ մարդիկ, օգնութ­յո՛ւն, հասե՛ք ինձ, թագավորությանս կեսը, ո՜ղջ թագավորությունս…

ԶԻՆԱԿԻՐ — Լսո՞ւմ եք, տեր իմ, արքան ինքն է առաջարկում: Աստված ձեզ զորավիգ, թափառական ասպետության փառք ու պար­ծանք, արդարությունը մեր կողմն է, թող Տերը շնորհի ձեզ հաղթանակը: Եվ Դանիո թագավո­րությունը մեր գրպանում կլինի, կեսը կամ լրիվ:

 

Արքայազնը հետապնդում է արքա­յին, սակայն ամեն անգամ ասպետը ցցվում է նրա առաջ՝ կրծքով փակե­լով ճանապարհը:

 

ԱՍՊԵՏ — Ստոր մարդուկներ, խաղի քողի տակ մա՞րդ եք սպանում: Քանի ես ողջ եմ, թույլ չեմ տա, որ այսպես տմարդի վարվեն մի արքայի հետ, որն օգնություն է կանչում, և մեր­ձավորներից ոչ մեկը չի հասնում նրան, այլ փախուստ են տալիս չորս կողմ՝ միայնակ թող­նելով իրենց տիրոջը:

 

Որպես վահան գործածելով ասպե­տին՝ արքան թաքնվում է նրա ետևում:

 

ԱՐՔԱՅԱԶՆ — (հարվածը հասցնելով): Ա՛ռ, ստացի՛ր սարքածդ դավի քո բաժինը:

 

Սուրը մխրճվում է ասպետի կրծքի մեջ: Արքայազնը ցանկանում է կրկնել հարվածը, բայց ուժ չի մնա­ցել: Սուսերն ընկնում է ձեռքից:

 

ԱՍՊԵՏ — (ձեռքը վերքին): Այժմ ես կցանկա­նայի տեսնել այն մարդկանց, ովքեր չեն կամե­նում հավատալ, թե ինչ հսկայական օգուտ է բերում թափառական ասպետը: Կեցցե՛ թա­փառական ասպետությունը, երկրիս վրա ամեն բանից և ամենայն ինչից ամենավսեմը:

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐ – Թշվառակա՛ն, ահա՛ կյանքիդ հանրագումարը: Անիրավության վրեժ լուծող, կյանքդ զոհաբերեցիր մեծա­գույն անիրավին ու սրիկային:

ԱՍՊԵՏ — Ես իմ առաջին շնչից ասպետ եմ ծնված և ասպետ կմնամ մինչև վերջին շունչս, իմ ականջն օգնություն կանչողների կողմն է, ով էլ լինի: (Հասկանալով, որ վերջը մոտ է🙂 Մոտ արի, զավակս, ահա այս մենամարտում մահացու վերք ստանալով՝ հրաժեշտ եմ տալիս կյանքին: Բայց ես իմ արյան գնով նվաճեցի այս թագավորությունը, բոլորն իրենց ականջ­ներով լսեցին, թագավորն իր բերանով հայտնեց և սկզբում թագավորության կեսը, ապա ամբողջ թագավորությունը: Վերցրու, Դանիան քոնն է: Ես հոգիս ավետում եմ մաքուր ու հան­գիստ խղճով, որ կատարեցի խոստումս և բա­զում չարչարանքներիդ համար, որ կրել ես որ­պես թափառական ասպետի զինակիր, քեզ վարձահատույց եմ լինում: Հիշիր, զավակս, ի՜նչ էինք մենք երազում թափառումների մեր դժնի ճանապարհներին այսքան տարի: Չմո­ռանա՛ս ոսկեդարը: Այս բազմաչարչար ու ար­յունով ոռոգուն հողի վրա պե՞տք է, ի վերջո, հաստատվի արդարությունը, առաջին հերթին արդարությունը բոլորի համար:

 

Զինվորների ու սպառազեն մարդկանց մի խառնամբոխ ներս խուժե­լով՝ զինաթափ է արել դիմադրողներին:

 

ԶԻՆՎՈՐՆԵՐ — Որտե՞ղ է այդ անարգ թա­գավորը, մարդախոշոշ սրիկան: Որտե՞ղ է այդ ինքնակոչ տիրակալն ու արքայասպանը: Դռները փակել, ոչ մեկին դուրս չթողնել, ոչ թա­գավորին, ոչ էլ նրա ողջ պալատը: Արքայազ­նին ենք թագավոր ուզում: Սակայն ի՞նչ է կա­տարվել այստեղ, ի՞նչ դիակներ են…

ԱՐՔԱՅԱԶՆ – Ի՞նչ ռազմի շառաչ է սա…

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐ — Զորքն է ապստամբ, պալատը նրանց ձեռքին է: Ամբոխն ու զորքը միաձայն ձեզ են թագավոր հռչակել:

 

 

  1. Արքային և նրա մերձավորներին պատրաստվում են պատժել հրապարակում:

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ – Մա՛հ արքային, մա՛հ արքային: Կախաղաննե՛ր, կախաղաննե՛ր: Իսկ ո՞վ է լինելու մեր նոր արքան, արքայազնը մահացավ:

ԶԻՆԱԿԻՐ — (ամբոխի միջից դուրս գալով): Ես այստեղ եմ, պարոնայք: Ես եմ ձեր նոր ար­քան կամ կիսարքան: Ուրիշ տեղ մի փնտրեք: Տեղ տվեք, խնդրեմ:

 

Ամբոխը ծիծաղում է նրա ամեն խոս­քից հետո:

 

ԶԻՆԱԿԻՐ — (իր առջև բազմությունը տեսնելով՝ ընկրկում է): Բռռռ…

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ — Ոչ մի մեղավոր չպիտի փրկվի: Ես արդարություն եմ պահանջում, կա­խաղաննե՛ր, կախաղաննե՜ր բոլորի համար:

ԶԻՆԱԿԻՐ — Ժողովուրդ, երդվում եմ աղքա­տի իմ պատվով, ես եմ ձեր նոր թագավորը: Իմ տերը հենց նոր մենամարտում նվաճեց այս եր­կիրը և նվիրեց ինձ: Մեր մեջ վաղուց կար այդ պայմանավորվածությունը:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ — (զվարճանալով): Ինչ­պե՞ս նվաճեց… արքային սպանելո՞վ երևի:

ԶԻՆԱԿԻՐ — Ոչ, հակառակը: Նրան մահից փրկելով:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ — Լավ է խոսում, թող դա լինի թագավոր: Նա մեզ նման մեկն է: Թող մեզ նման մեկը լինի թագավոր:

ԱՐՔԱ — Մի խելագար մյուս խելագարին է նվիրում այն, ինչն իրեն չի պատկանում:

ԶԻՆԱԿԻՐ — Բայց հենց դուք, ձերդ նախկին գերազանցություն, ձեր բերանով, երբ նեղն էիք, թագավորության կեսը, ապա ամբողջութ­յամբ խոստացաք:

ԶԻՆՎՈՐՆԵՐ — Սա նա չէ՞, որ տկճորով գինի տվեց: Թող լինի թագավոր: Թող լինի՛: Բայց սրանից սխտորի հոտ է գալիս: Թող լինի թագավոր սխտորի հոտով:

ՍԵՎԱԿԱՊ ԶԻՆՎՈՐ — Տեր իմ, մի՞թե ինձ չեք հիշում:

ԶԻՆԱԿԻՐ — Ինչպես չեմ հիշում, ապիկար, ղու չէի՞ր, որ գինիս խմեցիր, հետո գլխիս դրե­ցիր տատասկներից հյուսած պսակը:

ՍԵՎԱԿԱՊ ԶԻՆՎՈՐ — Այո, ես էի, և ձեռքս արդեն սովորել է թագադրության, գլուխդ մոտ բեր, ձերդ ամենանորին գերազան­ցություն, սա իսկական թագ է, զուտ ոսկուց և ադամանդակուռ: (Արքայի գլխից թագը վերցնելով՝ դնում է զինակրի գլխին🙂 Չկարծես՝ քո բարությունը մոռացվել է: Ահա, ստացիր Դանիո թագը:

ԶԻՆԱԿԻՐ — Մի թաս գինու փոխարեն թա՞գը:

ՍԵՎԱԿԱՊ ԶԻՆՎՈՐ — Ոչ, իհարկե: Ամ­բողջ թագավորությունն էլ հետը:

ԶԻՆԱԿԻՐ — Դանիա՞ն:

ՍԵՎԱԿԱՊ ԶԻՆՎՈՐ — Այո՜: Չկարծես՝ դանիացիք երախտամոռ մարդիկ են: Մի ժամանակ հարբած, այժմ շատ լուրջ թագադրում եմ քեզ: Ո՛ղջ եղիր, թագավորդ Դանիո…

 

Կատակը բոլորին դուր է գալիս, մարդկային ծովն ալեկոծվում է, գլխարկներ են վեր նետում:

 

ՍԵՎԱԿԱՊ ԶԻՆՎՈՐ — Խոսիր, ձերդ գե­րազանցություն, ժողովուրդը քեզ է սպասում:

ԶԻՆԱԿԻՐ — (թագը գլխին): Մարդիկ… (Սպասում է, մինչև լռություն է տիրում🙂 Զինվորներ, կնանիք, ժողովուրդ: Երբ պատերազմ է լինում, թագավորները մի բերան գոռում են, որ հայրենիքը վտանգի տակ է, պետք է պաշտպանել, բոլորիս ուղարկում են կռվելու, որ մեռ­նենք ու արյան գնով պաշտպանենք հայրենի­քը: Իսկ ո՞րն է հայրենիքը: Ձորերը, հարթա­վայրերը, սարերը, գետերը, արտերը, արոտնե­րը, ագարակները, մեղուները, ծիածանը, լճերը, օվկիանոսը, դա է, մեռնեմ նրա արևին, դա է հենց հայրենիքը, որ բոլորի նա է, և նրա համար մենք պատրաստ ենք մեռնելու: Բայց երբ պա­տերազմն ավարտվում է, պարզվում է, որ ոչինչ մերը չէ, ոչ արոտավայրերը, ոչ արտերը, ոչի՛նչ, դրանք իրենց տերերն ունեն, որ տեղներից էլ չեն շարժվել: Ստացվում է, հայրենիքը մեռնե­լու համար մերն է, ապրելու համար՝ նրանցը: Եթե մարդիկ ենք, բոլորս ենք մարդիկ: Իսկ ոս­կեդարում…

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ — Ո՞վ է այս մարդը, որ խոսում է: Ասում են՝ սա մեր նոր արքան է: Դա այն ավանակի տերը չէ՞: Այն ավանակի տերն է, հիմա էլ մեր բոլորի տերն է լինելու: Սա այն խեղկատակը չէ՞, որ բոլորին ծիծաղեցնում է: Մի՞թե նա այժմ էլ նույնը չի անում… Ես արդա­րություն եմ պահանջում, ոչ մի մեղավոր չպի­տի փրկվի, կախաղաննե՛ր, կախաղաննե՜ր…

ԶԻՆԱԿԻՐ — (վերջին գոռացողին): Պարոն արդար, քանի՞ կախաղան:

ՔԱՂԱՔԱՑԻ — Տասնյակ, հարյուրավոր, հազարավո՛ր…

ԶԻՆԱԿԻՐ — Պարոն, ձեր արդարությունը չափ ու սահման չունի, մի՞թե ինքներդ ձեզ էլ եք կախելու… Բռոռ, մարդիկ, նորից դողս բռնեց:

 

Արքային տանում են դեպի կառափ­նարան: Մի քանիսը զինակրին ուսե­րին առնելով՝ շարժվում են նույն ուղ­ղությամբ:

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ – Ապրի՛ արքան, երկար արև արքային: Մա՛հ արքային, մա՛հ արքային: Երկար արև՛ արքային: Մա՛հ արքային:

ԶԻՆԱԿԻՐ — Ո՞ր արքային՝ մահ, ո՞ր արքա­յին՝ արև:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ – Մա՛հ արքային: Եր­կար արև արքայի՛ն: Կառափնարա՛ն, կառափնարա՛ն: Հենց հիմա, անմիջապես, իսկույն գլխատե՛լ:

ԶԻՆԱԿԻՐ — (մարդկանց ուսերից ցած նետ­վելով): Թողեք ինձ, թողեք ինձ, ես ոչինչ չեմ ու­զում, ոչ թագավորություն, ոչ գահ, ոչ երկար արև և ոչ էլ կառափնարան: (Թագն ամբոխին նետե­լով🙂 Ամեն ինչ ձեզ լինի: (Չորեքթաթ մարդկանց ոտքերի արանքը խցկվելով՝ ծլկում է🙂

ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ ԶԻՆՎՈՐ — (արքայի շլինքից բռնելով): Արի, տեր իմ, իմ գործը մեռել թաղելն է: Ասում էի, չէ՞, ես նորին գերա­զանցություն թագավորի գերեզմանափորն եմ:

 

Զինամարտի սրահը:

 

ԱՍՊԵՏ — (հազիվ է մնում ոտքի): Ցանկա­նում եմ վերջին անգամ խոսել ձեզ հետ, մարդիկ… Եթե կյանքի այլևայլ պայմաններում ձեր արժանապատվությունը վիրավորեն և ոտնահարեն այս աշխարհի մեծամեծերը կամ նրանք, որոնց կամքից է կախված ձեր ու ձեր երեխաների տխրությունն ու ուրախությունը, եթե ձեզ միայնակ ու լքված զգաք, իմացեք, որ ասպետը ձեզ հետ է, որ իմ սրտից մի մասնիկ ապրում է ձեր մեջ, բարձրացրեք հպարտութ­յամբ ձեր գլուխը և դարձյալ ձեզ մարդ զգացեք, մի ցույց տվեք, որ ստորացրին ձեզ, որ կարո­ղացան դա անել: Բարձր, բա՛րձր պահեք ձեր գլուխը, մարդ զգացեք ձեզ՝ հակառակ ամենքի և հակառակ ամեն ինչի… (Չի կարողանում շա­րունակել🙂

 

Ներս է վազում զինակիրը և ընկնող ասպետի մարմինը գրկելով՝ պառկեց­նում է, նրա գլուխը դնում իր ծնկանը:

 

ԶԻՆԱԿԻՐ — Առաջին անգամը լինելով, տեր իմ, զղջում եմ, որ լսեցի ձեզ ու վազեցի հրապա­րակ, երբ ասացիք, թե կարող եմ թագը ձեռքիցս բաց թողնել: Սակայն ի՜նչ ողորմելի բան է թա­գավոր լինելը, տեր իմ, ո՞ւմ է պետք դա: Ի՞նչ է կատարվում այնտեղ, չեք պատկերացնի, շունը տիրոջը չի ճանաչում, մեկի աչքը դուրս գա, մյուսը կասի՝ տուր տանեմ մեր կատվին: Մեր ի՞նչ բանն է թագավոր լինելը: Չկա և չի լինելու այն իշխանությունը, որ հավասար բոլորի սրտով լինի, երկնային արքայությունից անգամ դժգոհներ կլինեն: Երբ ես ասացի, որ իրենց արքան եմ, բարձրացա վեր, որ ժողո­վուրդն ինձ տեսնի, վերևից որ չնայեցի՝ ներքևում բաց բերաններ էին, տասնյակ հա­զարավոր բաց բերաններ, և բոլորի կոկորդից նույնն էր ժայթքում՝ մահ, մահ, մահ, կախա­ղան, կառափնարան: Վախենալու էր, տեր իմ, ատելության այդ ծովը: Վաղը հենց այդ նույն ձևով իմ մահն են պահանջելու: Հազիվ փրկվե­ցի գահից ու մահից, բայց ետևիցս վազում էին: Ոչ, այդ գործը մեզ համար չէ: Իմ խելքը մենակ մի բան է կտրում՝ վարել, մշակել հողը, էտել խաղողի որթերը և ոչ թե օրենքներ հրատարակել ու պետություն կառավարել, և ինձ ավելի վայել է մանգաղ բռնել ձեռքիս և ոչ թե գայիսոն:

ԱՐՔԱՅԱԶՆ — (պառկած է՝ գլուխն ընկերոջ ծնկներին): Մեռնում եմ վրեժս չլուծած: Սա­կայն մահից վատթարը՝ վատթար անունով ապրելն է, և թող դա էլ լինի նրա դատը:

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐ — Ժամանակը ճիշտ ժամանակին կատարել է իր վճիռը: Ար­քան դատապարտված է ու պատժված:

ԱՍՊԵՏ — Ո՞վ է այստեղ հառաչում անուժ:

ԶԻՆԱԿԻՐ — Մահամերձ արքայազնն է, տեր իմ:

ԱՍՊԵՏ — Գիտեմ, որ ինձ ապրելու վայրկ­յաններ են մնում, բայց դու հարցրու նրան, թե ինչ վիշտ ունի և ինչով կարող է թափառական ասպետը օգնել նրան: Ես պատրաստ եմ:

ԶԻՆԱԿԻՐ — Դա այն մարդն է, տեր իմ, որի սրից այժմ դուք մահանում եք:

ԱՍՊԵՏ — Նորից կրկնեմ, թափառական աս­պետին պարտ ու պատշաճ է օգնել տկարին՝ ուշ դարձնելով նրա տառապանքների, ոչ ոճիրների վրա:

ԱՐՔԱՅԱԶՆ — Եթե պատմելու լինես, պատ­միր այնպես, ինչպես տեսար: Ու եթե կարող ես, իմ տարաբախտ մոր համար կարեկցանքի ու ներման խոսքեր գտիր: Եթե կարող ես, եթե գտնվի…

ԱՍՊԵՏ — Այդ ձայնն անասելի ալեկոծում է հոգիս և բզկտում է սիրտս: Ի՜նչ վշտի տեր պի­տի լինի մարդ… Ես պետք է օգնության հասնեմ նրան:

ԱՐՔԱՅԱԶՆ — Ո՞վ է այստեղ հեծեծում:

ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐ — Ասպետն է, տեր իմ, որին դուք փորձանքով մահացու վերք հասցրիք:

ԱՍՊԵՏ — (փորձում է ձեռքը մեկնել): Ուզում եմ օգնել, բայց ներեցեք, բարեկամս, ձեռքս չի ենթարկվում: Ի՞նչ պիտի լինի մարդկության օրն առանց թափառական ասպետների: Ահա, ափիցս ընկավ սուսերս…

 

Հրապարակի մարդիկ աստիճանա­բար այստեղ են լցվում: Թագը թևի տակ, բոլորի առջևից մտնում է սևակապ զինվորը, նրա կողքին գերեզմա­նափորն էԻնչոր մեկին են փնտրում:

 

ԱՐՔԱՅԱԶՆ — (ձեռքը մեկնելով): Ահա իմ ձեռքը… (Հանգչում է🙂

ԱՍՊԵՏ — (ձեռքը մեկնելով): Շատ կցանկա­նայի օգնել, բայց… ահա… (Հանգչում է🙂

ԶԻՆԱԿԻՐ — Այդ ի՞նչ եք անում, պարոն աս­պետ, իմ սիրելի ողորմած տերս, մի՛ մեռեք, ամե­նամեծ խելագարությունը մեռնելն է: Ի՜նչ անի­մաստ է աշխարհն առանց ձեզ: Ելեք, տեր իմ, ելեք գնանք աշխարհով մեկ թափառելու ու նորից փնտրելու այն, ինչը միշտ փնտրել ենք, և ինչն անհնարին է գտնել… Վայ ինձ, վա՜յ ինձ…

 

Գերեզմանափորը մատով ցույց է տալիս զինակրին: Սևակապ զինվորը գաղտագողի, ասես կարող է փախցնել, ժպիտը դեմքին, մոտենում և թա­գը դնում է զինակրի գլխին:

 

ԶԻՆԱԿԻՐ — (թագը շոշափելով): Վայ ինձ, վա՜յ ինձ…

 

 

Կարդացեք նաև