Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ / «ՍԵՎ-ՍՊԻՏԱԿ ԾԻԱԾԱՆ կամ ԿԱՐԻՃԸ ԱՌԱՍՏԱՂԻՆ»

Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆԻ «ՍԵՎ-ՍՊԻՏԱԿ ԾԻԱԾԱՆ կամ ԿԱՐԻՃԸ ԱՌԱՍՏԱՂԻՆ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ., թիվ 1-ում

 

ԵՐԿՈՒ ՐՈՊԵԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԿՍԿՍՎԻ

Ես, անշուշտ, չեմ գիտակցում ինձ վիճակված խնդրի բարդությունը, այլապես բոլորին ի տես չէի ցցվի էջի անհամեստ հատվածում: Իսկ նախաբանի կարիք, կարծես, չկաՊարզապես գործից առաջ խոսելն անհամեմատ հեշտ է և համեմատաբար անվտանգ: Ինչ խոսք, նախաբանում ցանկալի կլիներ, մեր փառավոր նախնյաց օրինակով, այս երկը առավել ներկայանալի դարձնել՜ այն խորին երախտիքով ձոնելով այս կամ այն արժանավոր իշխանավորին: Սակայնես անհամեստորեն լռում եմ և, դեմքիս լուրջ արտահայտություն տալով, անցնում բուն նյութին:

Ո՞րն է մեր ազգային խառնվածքի և նրանով պայմանավորված՝ մեր ճակատագրի առանձնահատկությունը: Ո՞րն է, վերջապես, քաղաքակրթության զոհասեղանին դրվող անվերջ զոհաբերությունների, գոյատևման և ինքնահաստատման հավերժող կռվում մեր անբարո պարտությունների և բարոյական հաղթանակների բուն արմատը, նաև՝ իմաստը: Որպես նյութ՝ հիմք է ծառայել 2-րդ դարում հանուն քրիստոնեության նահատակված հայ իշխան Պողիկտոսի մասին եղած ավանդությունը: Պողիկտոսն անարգել է հեթանոս կուռքերին և իրեն քրիստոնյա հռչակել: Տեսնելով, որ անհնար է նրան ստիպել հրապարակավ զղջալ, կուսակալ Ֆելիքսը նրան մահվան է դատապարտել: Ավանդույթի մասին հիշատակում է Ալիշանը: Այդ թեմայով համանուն պիես ունի Կոռնելը:

Պիեսում փորձ է արված մեկ օրվա մեջ խտացնել բոլոր ժամանակները, ընդհանրացնել ժողովրդի պատմական ճակատագիրը: Այն, ինչ կատարվում է այդ բազմախորհուրդ օրվա ընթացքում, ենթակա չէ սովորական շարադրանքի: Թվում է՝ ամեն ինչ կա ողբերգության կայացման համար: Բայց կայանում է այլ բան. թվում է՝ ոչինչ չի կայանում: Ի լրումն հոգին Լյուցիֆերին ծախելու ֆաուստյան արվեստի մեկնության, այստեղ խոսքը ճշմարիտ Աստծուն ծառայող արվեստի մասին է. այն ինքը՝ կյանքն է, բժշկված կույրին տեսած այն մարդիկ, որոնք «շարժվում էին ծառերի պես»: Եվ եթե, այնուամենայնիվ, ողբերգություն կա, ապա դա Վասիլի ողբերգությունն է՝ դատապարտված մեր ուսերին Աստծուն հակակշիռ լինելու խղճուկ անզորությամբ

Մինչ ես փորձում եմ հեղինակային դատողություններ անել, հաջորդ էջում ներկայացումն արդեն սկսվել է: Վարագույրը դանդաղ բացվում էԲեմում մութ է

 

Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ

ՍԵՎՍՊԻՏԱԿ ԾԻԱԾԱՆ

ԿՍՄ

ԿԱՐԻՃԸ ԱՌԱՍՏԱՂԻՆ

Գործող անձինք

ՊՈԼԻԿՏՈՍհայ իշխան

ՆԵՐՍԵՍՖելիքսի դուստրը, Պոլիկտոսի կինը

ՖԵԼԻՔՍՀռոմի կուսակալը

ՍՈՒԼՍՖելիքսի կինը

ՆՎԱՐԴՖելիքսի հոգեդուստրը

ԱԼԲԻՆՈՍՖելիքսի խորհրդականը

ՍԵՎԵՐՈՍհռոմեացի զորավար, Ներսեսի նախկին փեսացուն

ՎԱՍԻԼ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 1

Վարագույրը դանդաղ բացվում էԲեմում մութ է

ՎԱՍԻԼ — Վարագույրը դանդաղ բացվում է: Բեմում մութ է… Լսվում է Վասիլի ձայնը: Խոսում է անշտապ, ինքնավստահ… Դանդաղ բացվող լույսի մեջ նշմարվում է նրա ուրվագիծը: Նստած է մետաղե մահճակալի ճաղին: Երկտեղանոց մահճակալին քնածը Պավլինեն է, կամ՝ Պոլան, Նեսին, Լինան, Լուլուն… Իսկական անունը Ներսես է: Աստիճանաբար լուսավորվում է ողջ ննջարանը… Կամ հյուրասրահը, ընդունարանը, պատշգամբը, խոհանոցը, պարտեզը, լողավազանը… Բայց ոչ մանկական սենյակը, տանել չեմ կարող երեխաների՝ գոռալով խոսելու սովորությունը: Ասենք, այդ վտանգը մեզ չի սպառնում. ներկայացման մեջ երեխաներ չկան: Ձևավորումը զուսպ է, վայելուչ… Գույների մեղմ, սառը երանգներն ստեղծում են բեմում կատարվող գործողություններին անմասն լինելու՝ արժանապատվության շոյող զգացում: (Մի պահ լռություն🙂 Հաճելի բան է լռությունը: Ափսոս, այն երկար շարունակվել չի կարող: Ինչ էլ խոսենք, անհնար է ժամանակի մեջ ձեր և մեր ստեղծած պայմանականությունից դուրս գալ: Թեև, ես գնահատում եմ լուռ լինելու պայմանականությանը հավատարիմ մնալու ձեր համառությունը: (Անսպասելի բղավում է🙂 Պետք չի շփոթվել: Այս գոռոցը, ինչպես և բոլոր հետագա տեքստերը, նախօրոք գրված, որոշված են, նաև՝ այն, ինչ այս պահին ասում եմ… (Մթություն🙂 Նաև՝ այս խավարը: Շարունակում եմ. երկտեղանոց մահճակալի ճաղին նստած է Վասիլը, ժպտում է… Լույսը թող շատ լինի, թե չէ տարածված կարծիք կա, որ Վասիլը մթություն է սիրում: Հիմարություն. եթե լույս չլինի, ոչինչ չի երևա: Այստեղ վիճելու բան չկա… (Դադար🙂 Վասիլը լռել է: Հազիվ լսելի երաժշտությունը օդը լցնում է տագնապով՝ միաժամանակ շեշտելով պահի նշանակալիությունը… Ուշադիր, նորից եմ սկսում: Լինում է, չի լինում, մի հեքիաթ է լինում: Այն նման չէր մյուս հեքիաթներին: Ոչ ոք ոչ մեկին չէր պատմում այդ հեքիաթը: Ավելի շուտ, դա հեքիաթ չէր… Ցավ էր, թուղթ ու գիր, երկնքից կախված անեծք, որ ռունգերին անհաղորդ օդի հետ խցկվում էր ամենուր՝ դառնացնելով երազը անտեղյակ արթնացումով… Եվ եղավ գիշեր, և եղավ ցերեկ, և այդ հեքիաթի անունն էր… Էս ճաղին որ երկար եմ նստում, հետույքս թմրում է: Նորից եմ սկսում… Վերջին անգամ: Եվ այսպես՝ առավոտ: Լողասենյակ Ներսեսի և Պոլիկտոսի ննջարանում… (Դադար, փորձում է գլուխ հանել իր իսկ ասածից🙂 Վասիլի գլխավերևում, աջից, պատին կախված ոսկեզօծ շրջանակի մեջ Արարատի փառահեղ գագաթները պատկերող գունանկարն է:* Բյուրեղապակե շքեղ ջահ, թանկարժեք կահկարասի, հատակին՝ հնագույն հայկական գորգ, կոչվում է՝ պարսկական վիշապագորգ… Ռոյալ, վրան՝ Անահիտի բրոնզաձույլ գլուխը, հեռուստացույց, համակարգիչ… Ներսեսի կողքի անկողինը խնամքով հավաքված է: Պոլիկտոսը գիշերը չի քնել: Հիմա էլ պատշգամբում, գրասեղանին հակված… քնել է: Գլխավերևում՝ առաստաղին, հայտնվել է հսկայական, գորշ կարիճ:

Սա կարող էի և չասել: Ոչ ոք նրան այդպես էլ չի նկատի: Եթե չասեի, վստահ եմ, դուք էլ չէիք իմանա: (Հանկարծ Ներսեսը վեր է թռչում, նստում անկողնումերկար նայում են իրարլույսը դանդաղ մարում է🙂 Ոչ, ոչ ոչ, այստեղ ճիչ էր պետք… Փակեք, վարագույրը փակեք… Ներկայացումն այսպես չեն սկսում… Նորից եմ վերջին անգամ սկսում: (Թույլ լուսավորված վարագույրի առջև հայտնվել է Վասիլը:) Թույլ լուսավորված վարագույրի առջև հայտնվել է Վասիլը: Նախ՝ վարագույրի մասին: Ամեն ինչ այնտեղ է՝ վարագույրի ետևում… Իսկ թատրոնը վերջանում է ճիշտ այն պահին, երբ բացվում է վարագույրը: Ինչպես գիտեք, վարագույրը կարող է բացվել և փակվել: Սովորաբար, ներկայացման սկզբում այն բացվում է, իսկ վերջում՝ փակվում: Հրաշալի է մտածված: Ահա և թատրոնի միամիտ խորհուրդը: Միայն այդքանը, քանի որ իրականում վարագույրը երբեք չի բացվում: Կարող է մի անգամ պատռվել միայն: Հաջորդող լռության մեջ ես գնահատում եմ ծափահարելու բուռն ցանկությունը խոհեմաբար զսպելու ձեր խիզախությունը: Վարագույրի մասին մոռանանք: Դա ասացի չհասկացվելու համար: Կարող էի և չասել: Իմ խնդիրն ավելի համեստ է: Պահպանել խաղի կանոնները: Սա՛ է…

 

Լռության մեջ վարագույրը նորից բացվում է: Կնոջ ահաբեկված ճիչ: Աստիճանաբար բեմի վրա ամբողջանում է պատկերը. մահճակալին քնից սարսափահար վեր թռած Ներսեսն է: Կողքին հայտնվել է Պոլիկտոսը: Այստեղ են նաև Ալբինոսը, Նվարդը, քիչ անց՝ նաև Սուլան: Մահճակալի ճաղին, ամենին անհաղորդ, թառել է ժպտադեմ Վասիլը:

 

ՊՈԼԻԿՏՈՍ — Ես եմ, Նեսի… Դե, հանգստացիր, սիրելիս:

ԱԼԲԻՆՈՍ — Ի՞նչ է եղել… Ձայն հանիր: Այստեղ մա՞րդ կար:

ՆՎԱՐԴ — Ոչ ոք էլ չկար: Դու ջուր բեր:

ՆԵՐՍԵՍ — Չեմ ուզում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Երա՞զ ես տեսել:

 

Ներսեսը գլխով է անում:

 

ԱԼԲԻՆՈՍ — Երազ է տեսել… Երեխա՞ ես, ինչ է…

ՍՈՒԼԱ — Ախ, աստված իմ… (Գնում է🙂

ՆԵՐՍԵՍ — Առավոտ շուտ թափվել են գլխիս…

ԱԼԲԻՆՈՍ — Դեռ ինքն է դժգոհում:

ՎԱՍԻԼԴա երազ չէր:

ՆԵՐՍԵՍ — Դա երազ չէր:

ՊՈԼԻԿՏՈՍ — Վրադ ծածկիր:

ՆԵՐՍԵՍ — Իսկ եթե երազ էր, ուրեմն դեռ չեմ արթնացել:

ՊՈԼԻԿՏՈՍ — Լավ, հետո կպատմես: Գիտե՞ս, ժամը քանիսն է:

 

Ներս է մտնում Ֆելիքսը: Վասիլը տեղավորվում է նրա ուսերին:

 

ՖԵԼԻՔՍ — Ի՞նչ է եղել: Ի՞նչ եք հավաքվել:

ԱԼԲԻՆՈՍ — Լուլուն քնի մեջ ճչաց:

ՖԵԼԻՔՍ — Ճչա՞ց… Ինչի՞ համար:

ՊՈԼԻԿՏՈՍ — Բան չկա, Ֆելիքս, երազ է տեսել:

ՖԵԼԻՔՍ — Երևի երազ է տեսել:

ՆՎԱՐԴ — Թեյ բերե՞մ:

ՎԱՍԻԼ — Երազը երկար էր և տանջալի:

ՆՎԱՐԴ — Այսօրվա երազները սուտ են:

ՆԵՐՍԵՍ — Թեյ եմ ուզում:

ՆՎԱՐԴ — Հիմա կբերեմ:

ՆԵՐՍԵՍ — Չեմ ուզում, մնա կողքիս:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ես եմ կողքիդ, սիրելիս:

 

Լռություն:

 

ՆՎԱՐԴ — Գնամ թեյ բերեմ:

ՎԱՍԻԼ — Թե՞յԲեմի վրա ի՞նչ թեյ: Չեխո՞վ ենք խաղում, ի՛նչ է: Թող գնա, տեսնենք՝ առանց ջրի ոնց է թեյ սարքելու:

ՖԵԼԻՔՍ — Սա էլ որերորդ դեպքն է: Առավոտ ախոռի դուռը բացում եմ և ի՞նչ տեսնեմ՝ ձիս հևասպառ, հալից ընկած, ոնց որ ձիարշավից հետո: Հանելուկ է:

ԱԼԲԻՆՈՍ — Գիշերը ձիդ ո՞վ պիտի քշեր:

ՖԵԼԻՔՍ — Ես հո չասացի՞՝ քշել են:

ՎԱՍԻԼ — Այսօր, մի տեսակ, ծանր եմ: Ոնց որ մեկը ուսերիս նստած լինի:

ՆԵՐՍԵՍ — Հետո՞…

ԱԼԲԻՆՈՍ — Ի՞նչ:

ՆԵՐՍԵՍ — Ո՞նց թե՝ ինչ… Դուրս եկեք, որ հագնվեմ: Ամեն ինչ պիտի ասե՞լ… Տղամարդ են կոչվում… Լցվել են կնոջ ննջարանը…

ՎԱՍԻԼ — Հագնվել, որ հետո հանվել, որ հետո հագնվել, որ հետո էլի հանվել հետո էլի հագնվելու ու էլի հանվելու համար:

 

Գալիս է Նվարդը առանց թեյի, ձեռքին՝ երազահան: Վասիլը տեղավորվում է Ալբինոսի ուսերին:

 

ԱԼԲԻՆՈՍ — (Նվարդին՝ ծիծաղելով): Սատանաները հեծել են Ֆելիքսի ձին ու ամբողջ գիշեր քշել սատանի պես:

ՖԵԼԻՔՍ — Ես էլ այսօր ոնց որ հեծնված լինեմ, մի տեսակ, ծանր եմ:

ԱԼԲԻՆՈՍ — Գնանք, Ֆելիքս… Քեզ հետ խոսելիք ունեմ:

ՖԵԼԻՔՍ — Պոլ, դու էլ մեզ հետ արի:

ՎԱՍԻԼ — Պոլին հանգիստ թող: Երեք տղամարդու խոսակցություն: Ավելի տխուր բան չկա: Գնա քո սենյակը, ՊոլԳնա աշխատելու:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ես աշխատելու բան ունեմ: Դուք գնացեք:

ՎԱՍԻԼ — Դե, գնացեք, գնացեք

ՖԵԼԻՔՍ — Դե, գնացինք, գնացինք:

 

Տղամարդիկ դուրս են գալիս: Վասիլը հասցնում է իջնել Ալբինոսի ուսերից, կծկվել մահճակալի անկյունում:

 

ՎԱՍԻԼ — Խելքս գնում է տաք անկողնում կծկվելու և կանանց շատախոսությունը լսելու համար:

ՆՎԱՐԴ — (նստելով Ներսեսի մոտ, բաց անելով երազահանը): «Լուսինը տասը օրեկան — օրը բարի է, ով ծնանի՝ բախտավոր լինի, անվաստակ ու շնացող, կորուստը գտանի, հիվանդը լավանա, երազը սուտ է»: Երազդ չե՞ս ուզում պատմել… (Գրպանից մետրաչափը հանելով🙂 Մի րոպե ուղղվիր, գոտկատեղիդ չափը ճշտեմ… Շորդ համարյա պատրաստ է:

ՆԵՐՍԵՍ — Գոտկատեղիս չափը չի փոխվել… Ցավոք:

ՎԱՍԻԼ — (Նվարդին զննելով): Ոնց է ժամանակը թռչումԱսես երեկ էր, որ Ֆելիքսը սրան որդեգրեց

ՆԵՐՍԵՍ — Երբ ինձնից առաջ բոլոր քույրերս տարին չլրացած մահանում էին, Ֆելիքսը քրմերի խորհրդով քեզ որդեգրեց, որ հաջորդը տղա ժառանգորդ ծնվի…

ՆՎԱՐԴ — Ու ծնվեցիր դու:

ՆԵՐՍԵՍ — Բայց ծնվեցի ես:

ՎԱՍԻԼ — Հիշում եմ, Ֆելիքսը երկար ժամանակ բոլորին խաբում էր, որ ծնվածը տղա է:

ՆՎԱՐԴ — Մի շարժվիր…

ՆԵՐՍԵՍ — Եվ դարձյալ քրմերի խորհրդով ինձ տղայի անունով կոչեցին, որ աստվածները կյանքս պահպանեն:

ՎԱՍԻԼ — Ես էլ ապուշի պես երկար ժամանակ խաբված էի, մինչև որ մի օր(Ծիծաղից խեղդվում է🙂

ՆԵՐՍԵՍ — Ինձ թվում է, ես շարունակում եմ ապրել աստվածներին խաբելու հաշվին:

ՎԱՍԻԼ — Աչքերս սառեցին

ՆԵՐՍԵՍ — Ի՞նչ ես մտածում:

ՆՎԱՐԴ — Տարօրինակ մետր է… Տարբեր կողմերից չափերը տարբեր են ստացվում:

ՎԱՍԻԼ — (Ներսեսի բաց ուսերին նայելով): Ինչեր ասես չեն հորինի, իբր սիրում եմ կանանց ուսը համբուրելՀամբուրելու ուրիշ բան չկա՞

ՆՎԱՐԴ — Գոտի ուզո՞ւմ ես…

ՆԵՐՍԵՍ — Գոտի՞…

ՎԱՍԻԼ — Ես գոտի սիրում եմ: Երբ կնոջ մատները այն քանդում են, դրանում միստիկական մի բան կա:

ՆԵՐՍԵՍ — Գոտի՞… Չգիտեմ, ոնց կուզես:

ՎԱՍԻԼ — Բայց ամենից շատ սիրում եմ կնոջ արցունքըԴա իմ թուլությունն է: Այդ պահին նույնիսկ կարևոր չէ՝ նա գոտիով է, թե առանց գոտու:

ՆԵՐՍԵՍ — Գոտի սիրում եմ:

ՆՎԱՐԴ — Պավլինե, քեզ ինչ-որ տղամարդ էր հարցնում:

ՎԱՍԻԼ — Ո՞նցարդեն եկե՞լ է: (Դուրս է նետվում🙂

ՆԵՐՍԵՍ — Ի՞նչ տղամարդ… ե՞րբ…

ՆՎԱՐԴ — Երբ գնացի թեյ բերելու: Ուզում էր ներս խցկվել, ասացի, որ դեռ չես հագնվել:

ՆԵՐՍԵՍ — Գեղեցի՞կ է:

ՆՎԱՐԴ — Իրեն լկտի էր պահում:

ՆԵՐՍԵՍ — Ուրեմն, գեղեցիկ է:

ՆՎԱՐԴ — Հագնվելո՞ւ ես:

ՆԵՐՍԵՍ — Թող սպասի: Հիմա ի՞նչ, սպասո՞ւմ է:

ՆՎԱՐԴ — Մտավ Ֆելիքսի մոտ:

ՆԵՐՍԵՍ — Ո՞ւր է թեյը: Դու թեյ բերելո՞ւ էիր գնացել, թե ինչ-որ լկտի տղամարդ տեսնելու:

ՆՎԱՐԴ — Նա Սևերոսն է:

ՆԵՐՍԵՍ — Ո՛չ: Նա զոհվել է… ասա, որ սուտ ես ասում:

ՆՎԱՐԴ — Զոհվածի տեսք չուներ:

ՆԵՐՍԵՍ — Երազս կատարվում է:

ՆՎԱՐԴ — Գուցե պատմե՞ս…

ՆԵՐՍԵՍ — Պատմելու բան չէ: Հիշո՞ւմ ես, ասում էիր, որ տատիդ տանը ճակատին ասեղ խրած մի սատանա էր ծառայում:

ՆՎԱՐԴ — Վասի՞լը:

ՆԵՐՍԵՍ — Պատմիր:

ՆՎԱՐԴ — Նույն բա՞նը: Բայց ինչի՞ համար… դու հավատո՞ւմ ես:

ՆԵՐՍԵՍ — Պատմիր, ասացի: Խնդրում եմ:

ՆՎԱՐԴ — Անունը Վասիլ էր: Պապս ճակատին ասեղ էր խրել, ու նա տեսանելի էր դարձել: Տատս էր պատմում: Լաց էր լինում, խնդրում էր, որ ճակատի ասեղը հանեն… Իսկ պապս վերցնում էր ցախավելն ու՝ տո՛ւր թե կտաս… Եթե ասեղը հանեին, կանհետանար ու կկորչեր… Տատս էր պատմում:

ՆԵՐՍԵՍ — Շարունակիր… փայտ էր ջարդում, պարտեզն էր փորում…

ՆՎԱՐԴ — Սենյակներն էր մաքրում… Բայց ամեն ինչ թարս պիտի հրամայեիր, փայտ

չջարդես, պարտեզը չփորես…

ՆԵՐՍԵՍ — Չերգես, չպարես… Ասում ես, ինչ էր երգո՞ւմ…

ՆՎԱՐԴ — Ինտերնացիոնալ: Բայց լսողություն չուներ: Տատս էր պատմում: Բայց այնպես է տպավորվել, ոնց որ ես տեսած լինեմ:

ՎԱՍԻԼ — (ներս նետվելով): Ո՞նցԻմ մասի՞ն են խոսում:

ՆՎԱՐԴ — Ցածրահասակ, ծուռ, մազոտ ոտքերով…

ՎԱՍԻԼ — Ես եմ:

ՆԵՐՍԵՍ — Ճակատը կապած… Այս գիշեր եկել էր…

ՆՎԱՐԴ — Ո՞վ… Երազում սատանա՞ ես տեսել…

ՆԵՐՍԵՍ — Նստած էր դիմացս, անկողնու ճաղին: Համոզում էր, որ ճակատի ասեղը հանեմ:

ՆՎԱՐԴ — Հետո՞…

ՆԵՐՍԵՍ — Հետո… լաց եղավ…

ՎԱՍԻԼ — Ճիշտ չէՁևեր էի թափում:

ՆՎԱՐԴ — Ասեղը հանեցի՞ր…

ՆԵՐՍԵՍ — Չէ:

ՆՎԱՐԴ — Ճիշտ ես արել:

ՆԵՐՍԵՍ — Սևերոսն ինչո՞ւ է եկել:

 

Ներս է մտնում Ֆելիքսը:

 

ՖԵԼԻՔՍ — Նվարդ, այստե՞ղ ես:

ՆՎԱՐԴ — Ես գնամ: Ձեզ մենակ թողնեմ:

ՖԵԼԻՔՍ — Ներսեսի հետ խոսելու բան ունեմ, բայց դու չես խանգարում: Գիտես, չէ՞, քեզ ինչքան եմ սիրում: Երբ փոքր էիր, գրկիցս չէիր իջնում:

ՆՎԱՐԴ — Ես քեզ հիմա էլ եմ սիրում, Ֆելիքս:

ՆԵՐՍԵՍ — Գուցե ե՞ս ձեզ մենակ թողնեմ:

ՖԵԼԻՔՍ — Ես լավ մարդ եմ… Իսկապես… Ուզո՞ւմ ես, մտիր ժողովրդի մեջ: Ոչ ոք իմ մասին վատ բան ասել չի կարող: Սիրտս մաքուր է:

ՎԱՍԻԼ — Սիրտը մաքուր է, գլուխը՝ նույնպեսմասամբ՝ ձեռքերը, խիղճըԻսկ, այ, լեղապարկը մաքուր չէԱյնտեղ քար կա:

ՆԵՐՍԵՍ — Ֆելիքս, նոր կոստյո՞ւմ ես հագել:

ՖԵԼԻՔՍ — Վերջապես նկատեցիք: Հը, ինչպե՞ս է: Նվարդ, դու ասա:

ՆՎԱՐԴ — Ալբինո՞սն է կարել:

ՖԵԼԻՔՍ — Գիտես, որ ուրիշին չեմ վստահում:

ՆՎԱՐԴ — Լավ է: Քեզ սազում է:

ՖԵԼԻՔՍ — Ինքը գոհ մնաց:

ՆԵՐՍ ԵՍ — Դե, ինքն է կարևորը:

ՎԱՍԻԼ — (ցատկում է Ֆելիքսի ուսերին): Ֆելիքսն է: Հռոմի կուսակալը հայոց մեջ: Կուսակալ բառով ամեն ինչ ասված էԿուսակալ, փոխարքա, տեղապահ, դրածոԴրածո՝ լավ է հնչում: Չեմ սիրում այս կուսական կոստյումները: Մինչև հարմարվում ես

ՆԵՐՍԵՍ — Ուսերը ոնց որ այն չեն:

ՆՎԱՐԴ — Թիկունքի կարից է: Կարելի է շտկել:

ՎԱՍԻԼ — Մի ժամանակ ուսերին փափուկ բարձիկներ էին դնումՈչ մի սրբություն չի մնացել:

ՖԵԼԻՔՍ — Ես էլ եմ զգում, ինչ-որ բան կարծես ձգում է:

ՎԱՍԻԼ — Կուսակալի գործում ամենակարևորը կոստյումի խնդիրն է: Ալբինոսը եկավ: Նա կբացատրի:

ԱԼԲԻՆՈՍ — Ֆելիքս, ես էլ քեզ եմ փնտրում: Ինձ թողել ես այդ սրիկայի հետ:

ՆԵՐՍԵՍ — Ի՞նչ սրիկա:

ԱԼԲԻՆՈՍ — Ո՞նց… Ֆելիքսը ոչինչ չի՞ ասել:

ՖԵԼԻՔՍ — Թողնո՞ւմ եք, որ խոսեմ: Ներսես, Սևերոսն է եկել:

ՆԵՐՍԵՍ — Այն զոհված Սևերո՞սը:

ԱԼԲԻՆՈՍ — Այդ զոհվածը հիմա Ֆելիքսի սենյակում կոնծում է:

ՖԵԼԻՔՍ — Ո՞նց թե՝ կոնծում է:

ԱԼԲԻՆՈՍ — Ես մեղք չունեմ… Ինքն իր ձեռքով… Ամեն ինչի տեղը գիտի:

ՖԵԼԻՔՍ — Ներսես, նա ուզում է քեզ տեսնել:

ՆԵՐՍԵՍ — Ինձ հետ ի՞նչ գործ ունի:

ՖԵԼԻՔՍ — Պարզվում է, գերի էր ընկել… Հիմա իմ սենյակում… Ասում ես, կոնծո՞ւմ է…

ՆԵՐՍԵՍ — Մի ծխիր:

ՖԵԼԻՔՍ — (ծխախոտը հանգցնելով): Ներիր:

ՎԱՍԻԼ — Ես էլ այս սիգարետի ծխին չկարողացա վարժվել:

ՖԵԼԻՔՍ — Ինձ թվում էր, քեզ հաճելի կլինի… Սևերոսի մասին եմ ասում:

ՆԵՐՍԵՍ — Ես չեմ ուզում նրան տեսնել:

ՖԵԼԻՔՍ — Ինչո՞ւ…

ՆԵՐՍԵՍ — Այ քեզ բան… Որովհետև հագնված չեմ:

ԱԼԲԻՆՈՍ — Դեռ չե՞ս հագնվել…

ՎԱՍԻԼ — Ընդհանրապես, ես դեմ չեմ ծխելուն: Բայց ոչ իմ ներկայությամբ:

ՖԵԼԻՔՍ — Մոռացել էի, որ քո ներկայությամբ չեն ծխում:

ՆՎԱՐԴ — Պավլինե… Պոլա, քանի չես հագնվել, խալաթդ գցիր վրադ, գնանք ինձ մոտ զգեստդ փորձելու: Սուրճ էլ կխմենք:

ՖԵԼԻՔՍ — Էս գիշեր աչք չեմ կպցրել: Գրետան՝ Սուլայի կապիկը, անընդհատ վնգստում էր: Բժիշկն ասում է, որ լեղապարկում քար կա: Տանը պահելու բան չի: Շատ անհաջող ձայն ունի:

ՎԱՍԻԼ — Չեմ հասկանում, ի՞նչ իմաստ ունի ծխելը, եթե պիտի ծուխը ներս քաշես:

ՖԵԼԻՔՍ — Տարօրինակ է, որ ծուխը ներս չեմ քաշում, ինձ թվաց՝ կարելի է և ծխել: Չէ, ես հասկանում եմ, որ ծուխը շրջապատի համար վնաս է…

ՎԱՍԻԼ — Հատկապես ուսերին նստողի:

ԱԼԲԻՆՈՍ — Դու ծուխը ներս չե՞ս քաշում:

ՖԵԼԻՔՍ — Էնպիսի բաներ են գրում, որ…

ԱԼԲԻՆՈՍ — Ձի՞ն…

ՖԵԼԻՔՍ — Ի՞նչ ձի:

ԱԼԲԻՆՈՍ — Էն, որ նիկոտինից սատկում է:

ՖԵԼԻՔՍ — Ես գնամ, քանի այդ ավազակը բարս լրիվ չի դատարկել:

ՆԵՐՍԵՍ — Նա այստե՞ղ է մնալու:

ՖԵԼԻՔՍ — Սևերո՞սը… հույս ունեմ: Ա՛լբի…

ԱԼԲԻՆՈՍ — Գալիս եմ:

 

Ֆելիքսը դուրս է գալիս: Վասիլը տեղափոխվում է Ալբինոսի ուսերին:

 

ԱԼԲԻՆՈՍ — Կոստյումը հավանեցի՞ք:

ՆԵՐՍԵՍ — 0, շատ:

ԱԼԲԻՆՈՍ — Լավ էր, չէ՞, նստում:

ՆԵՐՍԵՍ — Հրաշալի: Հատկապես ուսերը:

ԱԼԲԻՆՈՍ — Ես էլ եմ հավանում:

ՆԵՐՍԵՍ — Սևերոսն ի՞նչ է ուզում:

ԱԼԲԻՆՈՍ — Ի՞նչ իմանամ:

ՎԱՍԻԼ — Այո, կուսակալի  համար կարևորը կոստյումն է:

ԱԼԲԻՆՈՍ — Քիչ առաջ Ֆելիքսին էի բացատրում. շքեղ ու անթերի կոստյումով կուսակալը ժողովրդի մոտ կարող է դրածոյի տպավորություն թողնել: Բայց դա չի կարող նաև այնքան համեստ լինել, որ ենթականերին անվստահություն ներշնչի…

ՎԱՍԻԼ — Անշուշտ:

ՆԵՐՍԵՍ — Ինչի՞ համար ես այդ ամենն ինձ ասում:

ԱԼԲԻՆՈՍ — Իսկ ամենավտանգավորն այն դեպքն է, երբ, անթերի լինելով հանդերձ, կոստյումը կուսակալի վրա լավ չի նստում:

ՎԱՍԻԼ — Վերևներում դա չեն ներում:

ԱԼԲԻՆՈՍ — Դրանից առաջացող ներողամտությունն աննկատ կարող է վերափոխվել անվստահության:

ՆԵՐՍԵՍ — Ինչո՞ւ է եկել Սևերոսը:

ԱԼԲԻՆՈՍ — Ֆելիքսն է Հռոմից կանչել:

ՆԵՐՍԵՍ — Ուրեմն, նա Հռոմո՞ւմ էր:

ԱԼԲԻՆՈՍ — Ողջ գաղտնիքն այն է, որ կոստյումի թելադրած խնդրին չպետք է հակադրվել: Այս միտքը Սևերոսին դուր եկավ:

ՎԱՍԻԼ — Վատ միտք չէ, ինձ էլ է դուր գալիս:

ՆՎԱՐԴ — Ֆելիքսն ինչո՞ւ է նրան կանչել:

ԱԼԲԻՆՈՍ — Ի՞նչ իմանամ:

ՆՎԱՐԴ — Դու՝ չիմանա՞ս…

ԱԼԲԻՆՈՍ — Ինչո՞ւ ես ինձ հետ այդ տոնով խոսում:

ՆԵՐՍԵՍ — Նվարդ, դու գնա, ես հիմա կգամ:

ՆՎԱՐԴ — Խալաթդ գցիր վրադ, ինձ մոտ ցուրտ է:

 

Նվարդը գնում է: Լռություն:

 

ՎԱՍԻԼ — Այս լռությունը սրտովս է:

ՆԵՐՍԵՍ — Առավոտյան ծաղիկները դո՞ւ էիր ուղարկել:

ԱԼԲԻՆՈՍ — Ես չէի ուզենա, որ դու իմանայիր:

ՆԵՐՍԵՍ — Ճիշտ չէ:

ՎԱՍԻԼ — Իհարկե, ճիշտ չէ:

ՆԵՐՍԵՍ — Ի՞նչ ես ցցվել, նստիր: Նյարդերիս վրա ազդում ես:

ԱԼԲԻՆՈՍ — Ֆելիքսն սպասում է:

ՆԵՐՍԵՍ — Ուրեմն, գնա:

ՎԱՍԻԼ — Քեզ ասացին՝ նստիր: Ինձ էլ այսպես հարմար չի:

ԱԼԲԻՆՈՍ — (նստում է): Եթե քեզ տհաճ է, այլևս չեմ ուղարկի:

ՆԵՐՍԵՍ — Իմաստ չեմ տեսնում: Նաև՝ տհաճ է: Այս երկրի ծաղիկները չեմ սիրում: Նրանց լպիրշ բարոյական տեսքից ինձ մերկ եմ զգում:

 

Վասիլը ծիծաղում է: Նրան է միանում նաև Ալբինոսը:

 

ՆԵՐՍԵՍ — Ի՞նչ ես ծիծաղում:

 

Վասիլը լռում է:

 

ԱԼԲԻՆՈՍ — Իսկ ես քո կողքին եմ ինձ մերկ զգում:

ՎԱՍԻԼ — Այս խոսակցությունը սրտովս է: Նորմալ երկիր լիներ, մերկ կխաղայի: Էս փալասներն ինչի՞ս են

ՆԵՐՍԵՍ — Ալբի, այս ամենը ողորմելի է:

ԱԼԲԻՆՈՍ — Գիտեմ, Լուլու:

ՆԵՐՍԵՍ — Վերցրու:

ԱԼԲԻՆՈՍ — Սա ի՞նչ է:

ՆԵՐՍԵՍ — Պարտքս, զգեստիս կտորի փողը:

ԱԼԲԻՆՈՍ — Ինչ կարիք կար: (Վերցնում է🙂

ՆԵՐՍԵՍ — Գնա, Ալբի, ես հոգնեցի: Քեզ հետ խոսելու բան չունեմ, լռելու՝ առավել ևս: Գնա, փողդ հաշվիր:

ԱԼԲԻՆՈՍ — Ես քեզ վստահում եմ: (Լռություն🙂 Գիտե՞ս, Լուլու, երբ ուզում եմ ինձ ցավ պատճառել, ինձ նայում եմ քո աչքերով:

ՆԵՐՍԵՍ — Իզուր: Ես ընդհանրապես քեզ չեմ նայում: Ոչ մի կերպ: Քո գործը մահախոսականներ գրելն է: Մտքովդ չի՞ անցել հրատարակել «Ընտիր մահախոսականների ժողովածու»:

ԱԼԲԻՆՈՍ — Այն համալրման կարիք ունի: Ես կատակ արեցի: Անհաջող կատակ: Մինչև չժպտաս՝ չեմ գնա: Հավատա, Սևերոսի գալը ամենից շատ ես չէի ուզենա…

ՆԵՐՍԵՍ — Գիտեմ, Ալբի:

ՎԱՍԻԼ — Վերջ, վերջ, վարագույրԽոսում են, խոսում են, մեջը բան չկա: Ես հասկանում եմ, իմ կողմից առնվազն անպարկեշտություն է հավակնել ներկայացումը նորից սկսելուն: Ասենք, այս երկրում ներկայացում, որպես այդպիսին, ակնկալելը մանկամտություն է: Չար ու բարի. ամեն ինչ խառնված է իրար: Սատանան գլուխ չի հանի: Բայց ամեն ինչ կորած չէ: Ես կամ, կա նաև ներկայացումը: Այստեղ, ամենուր, նաև այնտեղ՝ վարագույրի ետևում: Որն ասեմ, որը թողնեմՈւրեմն այսպես. գիշերն այրել են քաղաքի գլխավոր մեհյանը: Բորբոքված ամբոխը նետվել է փողոցները: Մեղավորն, անշուշտ, Պոլիկտոսն է: Ամբոխը պահանջում է նրա մահը: Ախր, նա ի՞նչ հերոս է: Եվ այսպես, այդ հերոսն անարգել է հեթանոս կուռքերին և իրեն քրիստոնյա հռչակել: Կուսակալ Ֆելիքսը, տեսնելով, որ անհնար է Պոլիկտոսին ստիպել հրապարակավ զղջալ, նրան մահվան է դատապարտել: Հայտնվել է Ներսեսի նախկին փեսացուն՝ հռոմեացի զորավար Սևերոսը, որին ժամանակին Ֆելիքսը հեռացրել էր աղջկան իշխան Պոլիկտոսի հետ ամուսնացնելու համար: Իսկ Պոլիկտոսը մահվան է դատապարտվել: Այդ մասին արդեն ասել եմԱմբողջ ներկայացումը փաստորեն պատմեցի: Ավելացնեմ նաև, որ Ներսեսը հիմա էլ սիրում է Սևերոսին: Հարցեր չկան: Բոլորի օգտին է Պոլիկտոսին կախելը: Դա նաև հենց Պոլիկտոսի ցանկությունն է, որով նա հավատի համար նահատակված մարտիրոս, սուրբ կհռչակվի: Ո՞ւր է այստեղ կոնֆլիկտը: Ցույց տվեք: Չկա: Չի էլ կարող լինել: Ամեն ինչ արժեգրկելու, չարի մեջ բարին, բարու մեջ չարը փնտրելու, ամեն ինչ գորշացնելու մոլուցքը կոնֆլիկտ չի հանդուրժում: Իսկ անխուսափելին, նաև ցանկալին գալիս է, երբ այնքան է վերապրվել, շահարկվել, որ այլևս կորցնում է իր նշանակությունը: (Ժպիտով🙂 Սակայն, ի հարգանս ձեզ, ես մտադիր չեմ նահանջելԳոնե ժանրի հարցում: Ի վերջո, սա ողբերգություն է: Եվ քանի որ ինքս եմ խաղի կանոնները, նաև սկիզբն ու վերջն ամենայնի, ուստի թույլ եմ տալիս ինձ թույլ տալ մի անգամ ևս հայտարարել. ներկայացումն սկսվում է:

Վարագույրը բացվում է: Բեմը նախկինն է: Մահճակալին, երեսն ի վար, փռված է Ներսեսը: Քնած է: Ցածր, ռիթմիկ երաժշտության տակ Վասիլը բեմով մեկ թռչկոտում է: Երաժշտությունը հանկարծ լռում է: Ոտնաձայն: Վասիլը արագ սողում է մահճակալի տակ:

Գալիս է Պոլիկտոսը:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ներսե՞ս… Նեսի, քնա՞ծ ես… (Խոնարհվում է, զգուշորեն մի կողմ տանում մազափունջըհամբուրում: Ներսեսը վեր է թռչում🙂

ՆԵՐՍԵՍ — Պոլի, դո՞ւ ես… Ինչպես ինձ վախեցրիր:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ներիր, բայց քեզ արթուն ավելի շատ եմ սիրում:

ՆԵՐՍԵՍ — Ուրեմն, համբուրիր ինձ: (Պոլիկտոսը համբուրում է Ներսեսի ճակատը: Վերջինս ժպտում է🙂 Պոլի, կուզեի՞ր՝ քո սիրուհին լինեի: Չէ, դու՝ դու չլինեիր… Ասենք, Ալբինոսը, կամ մեկ ուրիշը… Իսկ ես քո սիրուհին լինեի:

ՊՈԼԻԿՏՈՍ — Իհարկե, ոչ:

ՆԵՐՍԵՍ — Ո՞նց… Ինչո՞ւ…

ՊՈԼԻԿՏՈՍ – Այսինքն՝ կուզեի, ո՞նց կարող էի չուզել… Այսինքն… Ինչ-որ բան այնպես չստացվեց: Հիմա մտածեմ… Կուզեի, որ դու իմ սիրուհին լինեիր, բայց չէի ուզի քո սիրեկանը լինել:

ՆԵՐՍԵՍ — Ինչ-որ բան չհասկացա:

ՊՈԼԻԿՏՈՍ — Եթե Ալբինոսը լինեի, կամ մեկ ուրիշը:

ՆԵՐՍԵՍ — Պոլի, դու գիտե՞ս, որ Նվարդենց տանը Վասիլ անունով սատանա է ծառայել:

 

Վասիլը մի պահ գլուխը հանում է մահճակալի տակից ու նորից կորչում է:

 

ՊՈԼԻԿՏՈՍ — Ինձ հետաքրքրում է իմ տան սատանան:

ՆԵՐՍԵՍ — Դու կարո՞ղ ես ինձ հետ լուրջ խոսել:

ՊՈԼԻԿՏՈՍ — Երբեք: Ինձ ինչի՞ տեղ ես դրել:

ՆԵՐՍԵՍ — Պոլի, ես վախենում եմ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Դու պարզապես վատ երազ ես տեսել:

ՆԵՐՍԵՍ — Ի՞նչ իմացար:

ՊՈԼԻԿՏՈՍ — Հագնվիր, կմրսես:

ՆԵՐՍԵՍ — Նվարդն ինձ է սպասում: Շորս է փորձելու: Պոլի, գուլպայիս կապիչները չե՞ս տեսել:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ի՞նչդ…

ՆԵՐՍԵՍ — Կապիչներս:

ՊՈԼԻԿՏՈՍ — Դրանք ինչի՞ համար են:

ՆԵՐՍԵՍ — Լավ, էլի, Պոլի, գուլպայի կապիչներն ինչի՞ համար են՝ գուլպայի:

ՊՈԼԻԿՏՈՍ — Հասկացա:

ՆԵՐՍԵՍ — Ամեն անգամ կորչում են: (Գնում է պատշգամբ🙂

ՊՈԼԻԿՏՈՍ — Նեսի, ո՞ւր ես գնում: Մնա ինձ մոտ:

ՆԵՐՍԵՍ — (պատշգամբից): Չեմ հասկանում, ո՞ւր պիտի կորչեին:

ՊՈԼԻԿՏՈՍ — Նեսի, վերադարձիր, դու ինձ առանց կապիչների ավելի ես դուր գալիս:

ՆԵՐՍԵՍ — (ներս գալով): Այ քեզ բան, ի՞նչ գործ ունեին իմ այս սատանի կապիչները քո գրասեղանի վրա:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ո՞նց… Սրա՞նք են այդ կապիչները:

ՆԵՐՍԵՍ — Ի՞նչ է, որ…

ՊՈԼԻԿՏՈՍ — Դու սրա՞նք էիր փնտրում:

ՆԵՐՍԵՍ — Դե, հա:

ՊՈԼԻԿՏՈՍ — Այս քնձռոտ ռեզիննե՞րը:

ՆԵՐՍԵՍ — Սրանք չեն երևում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ո՞նց չեն երևում… Ես տեսնում եմ:

ՆԵՐՍԵՍ — Դե, սրանք տակից են հագնում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Տակի՞ց…

ՆԵՐՍԵՍ — Դե, հա:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ո՞նց թե՝ տակից:

ՆԵՐՍԵՍ — Վա՜յ, դե, շորի տակից: Դա քո խելքի բանը չէ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ախ, տակի՜ց…

ՆԵՐՍԵՍ — Իսկ դու ի՞նչ էիր կարծում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ինչի՞ մասին:

ՆԵՐՍԵՍ — Լավ էլի, Պոլ, ինձ ձե՞ռ ես առնում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Չէ, ի՞նչ ես ասում, սիրելիս: Ես կուզեի մնացյալ ողջ կյանքս քեզ հետ սրանց մասին զրուցել… փոքրիկս, մկնիկս, կոճակս, գուլպայի կապիչներս…

ՆԵՐՍԵՍ — Տուր, դեռ պիտի վարսավիրի մոտ մտնեմ:

ՊՈԼԻԿՏՈՍ — …Ոնց որ վախեցած շնիկներ լինեն… Շնիկս…

ՆԵՐՍԵՍ — Նվարդի անտիբիոտիկները վերջացել են, չմոռանամ դեղատուն մտնել:

ՊՈԼԻԿՏՈՍ — Անտիբիոտի՜կս…

 

Մտնում է Նվարդը:

 

ՆՎԱՐԴ — Դուռը բաց էր… Պավլինե, ուշացար… Ես անհանգիստ էի:

ՆԵՐՍԵՍ — Հիմա… Խալաթը գցեմ վրաս, քո սենյակում ցուրտ է: (Անցնում է կից սենյակը🙂

ՊՈԼԻԿՏՈՍ — Նվարդ, նստիր, ինչո՞ւ ես կանգնել:

ՆՎԱՐԴ — Շնորհակալ եմ, ձերդ գերազանցություն:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ի՞նչ…

ՆՎԱՐԴ — Ինձ ասել են, որ այսօր բոլորը քեզ ծառայելու են որպես հայոց թագավորի:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ալբինոսի հորինած խաղերն են:

ՆՎԱՐԴ — Այս վերջին օրը:

ՊՈԼԻԿՏՈՍ — Նվարդ, չարժե, որ այդ չնչին բանի համար աչքերդ լցվեն… Գեղեցիկ աչքերդ…

ՆԵՐՍԵՍ — (կողքի սենյակից): Պոլ, ի՞նչ ես կարծում, մազերս կտրե՞մ…

ՊՈԼԻԿՏՈՍ — Հը՞… Կտրիր, իհարկե, կտրիր: (Նվարդին.) Գունատ ես… Վա՞տ ես քնել:

ՆՎԱՐԴ — Չեմ քնել: Սաղմոսների թարգմանություններդ էի բազմացնում…

ՆԵՐՍԵՍ — (ձայնը): Պոլի, ինձ կարճ մազեր կսազի, չէ՞:

ՊՈԼԻԿՏՈՍ — (Նվարդին): Ի՞նչ ես կարծում, Ներսեսը իսկապե՞ս ոչինչ չգիտի:

ՆՎԱՐԴ — Չգիտեմ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Նրա կողքին եղիր, խնդրում եմ:

ՆԵՐՍԵՍ — (ներս գալով): Ի՞նչ էիք խոսում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ես Նվարդին սեր խոստովանեցի, նա ինձ մերժեց:

ՆՎԱՐԴ — Պավլինե, գնա՞նք:

ՆԵՐՍԵՍ — Նվարդ, ճի՞շտ է, որ մի ժամանակ Սևերոսը քեզ առաջարկություն է արել:

ՆՎԱՐԴ — Գնանք, խնդրում եմ:

ՆԵՐՍԵՍ — Իսկ գիտե՞ս, որ Սուլային էլ է առաջարկություն արել: Չե՞ս հավատում: Գնանք, կպատմեմ: Ծիծաղից կմեռնես:

ՎԱՍԻԼ — (անկողնու տակից դուրս գալով): Չէ, էլ չեմ դիմանումՕֆ, մեռա, կործանվեցի, զզվեցի

ՊՈԼԻԿՏՈՍ — Սա ո՞վ է:

ՎԱՍԻԼ — Մեջքս ծռվել է:

ՆԵՐՍԵՍ — Ի՞նչ… Պոլ, ինչ ասացի՞ր:

ՊՈԼԻԿՏՈՍ — Դուք ոչինչ չե՞ք տեսնում:

ՎԱՍԻԼ — Չէ, հանգստացիր, չեն տեսնում: (Բազմում է մահճակալի ճաղին🙂

ՆԵՐՍԵՍ — Դու մահճակալի տակ թաքնված տղամարդո՞ւն նկատի ունես: (Ծիծաղում է🙂 Պոլի, քեզ ի՞նչ եղավ, սիրելիս…

ՊՈԼԻԿՏՈՍ — Ոչինչ… թվաց: Գիշերը չեմ քնել… Դուք գնացեք…

ՆԵՐՍԵՍ — Ո՞նց… Ինձ չե՞ս համբուրում: Նվարդ, աչքերդ փակիր (Պոլիկտոսին համբուրում է🙂 Կարող ես բացել: Պոլի, եթե ինձ հարցնեն, ասա… Ինչ ուզում ես, ասա:

 

Ներսեսն ու Նվարդը գնում են:

 

ՎԱՍԻԼ — Գուլպայի կապիչներ, անտիբիոտիկ, սաղմոսներօ՜ֆ

ՊՈԼԻԿՏՈՍ — Վասի՞լ…

ՎԱՍԻԼ — ՍաղմոսներՏարօրինակ կին է: Գիշերն ուրիշ զբաղմունք չկա՞: Լուրջ զբաղմունք: Ի՞նչ ես աչքերդ չռելԿարծում ես, կխաչակնքես, և կանհետանա՞մՀեքիաթներ: Դա ինձ մոտ հետույք քորելու ցանկություն է առաջացնում: Ախ, ո՞ւմ անեծքն էր՝ հռոմեացիների պարարտ ուսերը թողած, ինձ այս երկիրը գցեց:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ինչո՞ւ հանկարծ հայտնվեցիր:

ՎԱՍԻԼ — Ես էլ որոշեցի մի օրով ծառայել քեզ՝ հայոց թագավորիդ: (Ծիծաղում է🙂 Սովորիր հարցեր չտալ, և ես քեզ ավելին կասեմ: Ես վաղուց եմ այստեղ: Այն օրից, երբ ձեր Աբգար թագավորը թուղթ ու գրիչ վերցրեց և որոշեց նամակ գրել Աստծո որդուն:

ՊՈԼԻԿՏՈՍ — Հասկանում եմ:

ՎԱՍԻԼ — Ի՞նչ ես հասկանումԵս ավելորդ բա՞ն ասացի: Այլևս հարցեր չտաս, դա ինձ նյարդայնացնում է: Սա առաջին պայմանն է: Իսկ հիմա ինձ մի խանգարիր, ես հանդիսատեսով եմ զբաղվելու:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ուսիցս իջիր:

ՎԱՍԻԼ — (ծիծաղելով): Չեղավ, այդպես չի կարելի: Եթե ուզում ես՝ ուսերիցդ իջնեմ, պիտի հրամայես, որ ուսերիդ ավելի ամուր նստեմ: Ինձ միշտ հակառակը պիտի ասես: Սա էլ՝ երկրորդ պայմանը:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ես քեզ հետ պայման ունենալ չեմ կարող: Ճակատիդ կասեմ՝ հեռացիր, և կհեռանաս:

ՎԱՍԻԼ — Բայց նախ ճակատիցս կհանես ասեղըԻ՞նչ ես ժպտումՈւ ես կանհետանամ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Կանհետանաս, բայց չես կորչի: Դու դատապարտված ես մեր ուսերին մնալ:

ՎԱՍԻԼ — Ես քեզ չեմ լսում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ես խղճում եմ քեզ: Ինչպե՞ս կարող ես հակակշիռ լինել ճշմարիտ Աստծուն: Ողորմելի առաքելություն…

ՎԱՍԻԼ — Վերջ տուր:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ինչպե՞ս կարող ես սերմնացանի պարարտ հողն անմոլախոտ թողնել:

ՎԱՍԻԼ — Քո բարոյախոսությամբ դու կտապալես ներկայացումը:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ես հպարտ եմ, որ դու հենց մեզ ես ընտրել:

ՎԱՍԻԼ — Թող որ շուրթերդ չշտապեն:

ՊՈԼԻԿՏՈՍ — Մեր ուսերին քո հայտնվելն ապացույցն է Աստծո գործուն ներկայության:

ՎԱՍԻԼ — Բայց դա ունայնութուն է և հոգու տանջանք:

ՊՈԼԻԿՏՈՍ — Իմաստուն խոսքեր կրկնելով՝ չես դադարում ողորմելի լինել:

ՎԱՍԻԼ — Մեծարգո հանդիսատես, հայցում եմ ձեր ներողամտությունն այս անհաճո տեսարանի համար և ձեր առանձնակի ուշադրությունն ակնկալում Վասիլի հաջորդող տեքստի հանդեպ: Եվ այսպես, մեծարգո տիկնայք և պարոնայք, վաղը՝ բարեկենդանի օրը, մեր հերոսը դավադրել էր մի խումբ քրիստոնյա համախոհների հետ ավերել հեթանոս կուռքերը

ՊՈԼԻԿՏՈՍ — Ցույց տալով, որ դրանք փայտե անշունչ առարկաներ են: Շարունակիր:

ՎԱՍԻԼ — Որպես գաղտնիք ասեմ, որ այդ դավադրության մեջ նրա գործակիցը Ալբինոսն է:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ալբինոսին հանգիստ թող:

ՎԱՍԻԼ — Պոլիկտոսի արտասանելիք լկտի ճառի օրինակները շրջում են ժողովրդի մեջ: Ինչպես ասում են, շաբաթը ավելի շուտ եկավ, քան ուրբաթը: Մատնություն, և ամեն ինչ ջուրն ընկավ, ես կասեի՝ կրակը: Պոլ, բայց այս գիշեր մեհյանը պետք չէր այրել: Քո կողմից դա կոպիտ սխալ էր:

ՊՈԼԻԿՏՈՍ — Դու պիտի իմանաս, որ ես նման բան չէի կարող անել:

ՎԱՍԻԼ — Միևնույն է, մեղքը քոնն է: Ինչևէ, ամբոխը վրդովված է:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ամբոխը մեղք չունի, նա կույր է:

ՎԱՍԻԼ — (հիստերիկ): Ո՞ւր է նա: Ցույց տուր քո այդ ճշմարիտ Աստծուն: Ես կամ, կանգնած եմ քո առաջ, կարող եմ ուսիդ նստել, թռչկոտել, գլուխկոնծի տալ, գլուխս պատին խփել, ծառայել քեզ, իսկ նա ո՞ւր էՉկա:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ի՞նչ ես լաչառ կնկա նման ձենդ գլուխդ գցել:

ՎԱՍԻԼ — Ձեր այդ հեթանոս կուռքերին գոնե կարելի է շոշափել, մարդկանց ճարպոտ համբույրներից սևացած նրանց ոտքերի տակ նետել զոհաբերված եզի պլշած հայացքով գլուխը

ՊՈԼԻԿՏՈՍ — (հանգիստ): Դրանք քոնն են՝ քո փայտե աստվածները:

ՎԱՍԻԼ — Ամեն զոհաբերվող կենդանու հետ ես զոհաբերում եմ իմ արժանապատվությունը: Մի ծիծաղիր: Դու ճիշտ ես, այդ աստվածներն իմն են: Ի՞նչ վատ էՑուրտ ժամանակ կարելի է վառելտաքանալԲայց, միևնույն է, չարժեր այս գիշեր այրել: Գոնե կարգին այրեիքԱղմուկն ավելին է, քան կրակը: Դե խոսիր, խոսիր, մի խելոք բան ասա:

ՊՈԼԻԿՏՈՍ — Հավատից առաջ քրիստոնեությունը նախ ապրելակերպ է:

ՎԱՍԻԼ — Լա՜վ ապրելակերպ է: Ոչխարի աչքերով նայել երկնքին ու սպասելՍիրել ամեն շան որդու և սպասելՍպասել և նայել երկնքինՈր արևը դուրս գա, որ արևը մայր մտնի, հետո նորից դուրս գա, հետո նորից մայր մտնիՉկա քո այդ հրաշքը: Նույն հաջողությամբ կարող ես նայել իմ բազմաչարչար հետույքին:

ՊՈԼԻԿՏՈՍ — Չափն անցար: Այդ բազմաչարչարի համար հիմա խոհանոցից կբերեմ ցախավելը…

ՎԱՍԻԼ — Պետք չէԱսենք, չես կարող:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ո՞նց թե՝ չեմ կարող:

ՎԱՍԻԼ — Ցախավել չկա: Կոտրվել է: Եվ հետո, ինչո՞ւ ես նեղություն կրում, կարգադրիր, և ինքս ինձ կծեծեմ: Բայց պիտի հակառակը պահանջես: Պայմանը հիշում ես, չէ՞:

ՊՈԼԻԿՏՈՍ — (Վասիլի օձիքը բռնելով): Ետևս անցիր, սատանա:

ՎԱՍԻԼ — Թող, կփչացնեսներկայացումը դեռ ոչինչ, վերնաշապիկս է ափսոս: 0, հյուր ունեսմի վախենա, մյուսներն ինձ չեն նկատում: Գաղափար պետք չի փնտրել: Սա ընդամենը խաղի պայման է: Ոչինչ անել չես կարող: Պետք է ընդունել, և վերջ:

 

Մտնում է Ալբինոսը:

 

ՊՈԼԻԿՏՈՍ — Ո՞ւր ես, Արփ, բացատրիր՝ ինչ է կատարվում:

ԱԼԲԻՆՈՍ — Հոգնեցի: Ամբոխի հետ դժվար է:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ի՞նչ են ուզում:

ԱԼԲԻՆՈՍ — Իրենք էլ չգիտեն: Էշից ընկած ժողովուրդ… ամբոխին որ լսես, այստեղ քեզ ինչ տանջանքների ասես, որ չեն ենթարկում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Դա Ֆելիքսին ասա: Խորհրդական ես, չէ՞… Ներիր:

ԱԼԲԻՆՈՍ — Ֆելիքսը խնդրում էր, որ պատշգամբի վարագույրը փակ պահես:

ՊՈԼԻԿՏՈՍ — Դա է՞լ քո խորհրդով է…

ԱԼԲԻՆՈՍ — Ֆելիքսին կարելի է հասկանալ… Կատաղած ամբոխ է, ամեն ինչ սպասելի է:

ՊՈԼԻԿՏՈՍ — Հասկանում եմ:

Անկողնուն նստած Վասիլը ժպտում է:

ԱԼԲԻՆՈՍ — Վստահ եմ, որ կայսեր ականջին արդեն ամեն ինչ հասցրել են: Զգուշացնում էի, չէ՞, մարդկանց այդչափ վստահել չի կարելի: Դե հիմա արի ու գլուխ հանիր, թե ով է մատնողը:

ՊՈԼԻԿՏՈՍ — Մահապատիժը վա՞ղն է:

ԱԼԲԻՆՈՍ — Վաղը, առավոտյան:

ՊՈԼԻԿՏՈՍ — Իսկ Ներսե՞սը…

ԱԼԲԻՆՈՍ — Ներսեսը ոչինչ չգիտի:

ՊՈԼԻԿՏՈՍ — Վստա՞հ ես:

ԱԼԲԻՆՈՍ — Նոր միջանցքում հանդիպեցի, հարցրեց՝ ամբոխն ի՞նչ է ուզում, ասացի՝ Ազատություն:

ՊՈԼԻԿՏՈՍ — Իսկ նա ի՞նչ ասաց:

ԱԼԲԻՆՈՍ — Ասաց՝ յա՛խկ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ֆելիքսին դո՞ւ ես հուշել, որ ինձ հետ թագավոր-թագավոր խաղա:

ԱԼԲԻՆՈՍ — Այդ միտքը նրան էլ դուր եկավ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Իմ արքայությունն այս աշխարհում չէ, Ալբի:

ԱԼԲԻՆՈՍ — Ամբոխին կուրացրել է վախը: Նրանք կորցրել են իրենց չեղած սատկածներին… Վաղը նրանք ամեն ինչին կնայեն բաց աչքերով:

ՎԱՍԻԼ — Վաղը չկա: Կա միայն այս օրը:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ալբի, ինձ մենակ թող:

ԱԼԲԻՆՈՍ — Ես քեզ նախանձում եմ, Պոլ… Անկեղծ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Պետք չէ: Եվ ճիշտ չէ: Ես ավարտեցի իմ փոքրիկ դերը: Իսկ դու դեռ շատ անելիք ունես:

ՎԱՍԻԼ — Տաղտկալի խոսակցություն: Ախր, դու ի՞նչ հերոս ես: Հերոսը ես եմ:

 

Մտնում է Սևերոսը:

 

ՎԱՍԻԼ — (ցատկելով Սևերոսի ուսերին): Իսկական տղամարդու ուսեր:

 

Սևերոսն ուշադիր, բայց չտեսնող հայացքով շուրջն է նայում:

 

ՊՈԼԻԿՏՈՍ — Սևերո՞ս…

ՍԵՎԵՐՈՍ — Իսկ դու Պոլիկտոսն ես: Ես քեզ ավելի գեղեցիկ էի պատկերացնում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Իսկ դու երկու տարում հասցրել ես կարգիս ճարպոտել:

ՍԵՎԵՐՈՍ — Բայց մենք նախկինում չենք հանդիպել:

ՊՈԼԻԿՏՈՍ — Հանդիպել ենք: Ներսեսի ծննդյան օրն էր: Նա, ռոյալի մոտ նստած, իր հորինած երգն էր նվագում…

ՍԵՎԵՐՈՍ — Նման մի բան հիշում եմ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Իսկ դու ռոյալի վրա խոզի պես փռված քնել էիր:

ՍԵՎԵՐՈՍ — Պատկերացնում եմ, ինչ սրտաճմլիկ տեսարան էր: Եվ դու որոշեցիր փրկել այդ անմեղ երեխային ինձ նման հարբեցող խոզից:

ՊՈԼԻԿՏՈՍ — Դու առաջ ընկար: Հասցրիր հերոսի մահով զոհվել:

 

Ալբինոսը ծիծաղում է:

 

ԱԼԲԻՆՈՍ — (լրջանալով): Ես գնամ:

ՍԵՎԵՐՈՍ — Դու արդեն գնացած պիտի լինեիր:

 

Ալբինոսը հեռանում է:

 

ՊՈԼԻԿՏՈՍ — Ես, կարծես, էլ ասելու բան չունեմ:

ՍԵՎԵՐՈՍ — Քո բախտը բերում է: Իսկ ես քեզ մի հարց ունեմ տալու: Լուլուն, ասացին, այս սենյակում է:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ներսե՞սը: Դուրս եկավ: Գնաց Նվարդի մոտ: Զգեստը փորձելու:

ՍԵՎԵՐՈՍ — Ես կսպասեմ: (Նստում է🙂

ՎԱՍԻԼ — Նա քո կնոջ մոտ է եկել, իսկ դու, փոխանակ մռութին հասցնես

ՊՈԼԻԿՏՈՍ — Ասաց, որ քեզ ասեմ՝ ինչ ուզում եմ, բայց ասելու ոչինչ չունեմ:

ՎԱՍԻԼ — Այսինքն, ո՞նց

ՍԵՎԵՐՈՍ — Հասկանալի է: Մենք իրար ասելու բան չունենք: Ես թերթերը կնայեմ: Ֆելիքսի մոտից թռցրի:

 

Լռություն:

 

ՎԱՍԻԼ — Լսիր, դու ի՞նչ տղամարդ ես:

ՊՈԼԻԿՏՈՍ — Որքա՞ն կարելի է… Դու քեզ հաշիվ տալի՞ս ես:

ՍԵՎԵՐՈՍ — Սկսվե՞ց… Լռելդ ավելի լավ էր ստացվում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ես քեզ հետ չէի:

ՍԵՎԵՐՈՍ — Հասկանում եմ:

 

Վասիլը ծիծաղում է: Լռություն:

 

ՎԱՍԻԼ — Ուրեմն, այսպես, Ֆելիքսը ժողովրդի մեջ լուր է տարածել, որ Պոլիկտոսը գլխատված է: Ավելորդ զգուշություն: Ամբոխը Ֆելիքսի կողմն է: Հիմա էլ պալատի շուրջ խմբված, Պոլիկտոսի դեմ իրենց զայրույթն են հայտնում:

ՍԵՎԵՐՈՍ — Էս թերթերը ոնց են տպում… Չես հասկանում՝ որն է սկիզբը, որն է վերջը…

ՎԱՍԻԼ — (Պոլիկտոսին): Դրանք են քո Աստծո պատկերը կրող էակներըՑեխից ու թքից ստեղծվածները: Ի՞նչ ես նայում: պտում է🙂 Լավ, ես էլ լռեմ, տեսնենք հանդիսատեսը ինչքան կդիմանա

ՍԵՎԵՐՈՍ — Չեմ հասկանում… Շարունակությունը՝ երրորդ էջում… Սա էլ՝ երրորդ էջը: Սատանան գլուխ չի հանի:

ՎԱՍԻԼ — Հետո՞Ինչքա՞ն եք լռելու

ՍԵՎԵՐՈՍ — Ի՜նչ հիմարություն: Ուրեմն, գիտնականները պարզել են, որ մարդ հոգի ունի, և այն կշռում է 17 գրամ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Այդքան շա՞տ…

ՍԵՎԵՐՈՍ — Թերթում է գրված:

ՎԱՍԻԼ — Ի՛նչ հիմարությունՈւրիշ ի՞նչ… Դուք արդեն լսել եք, որ այս վերջին օրը Ալբինոսի խնդրանքով Ֆելիքսը կարգադրել է, որ բոլորը Պոլիկտոսին ծառայեն որպես հայոց թագավորի:

ՍԵՎԵՐՈՍ — Ուրեմն, մեռնող մարդուն կշռել են, պարզվել է, որ շունչը փչելիս նրա քաշը պակասում է 17 գրամով:

ՊՈԼԻԿՏՈՍ — Միզելիս ավելի շատ է պակասում:

ՍԵՎԵՐՈՍ — Ի՞նչ…

ՊՈԼԻԿՏՈՍ — Ասում եմ՝ միզելիս մարդու քաշն ավելի շատ է պակասում:

ՎԱՍԻԼ — Հերոսիս տեսեք… Սենյակային մեկօրյա թագավոր, մեկօրյա արքայախաղ: Այս օրվա խորհրդով քո երկրի բոլոր թագավորներն էլ այդ են լինելու, լսո՞ւմ ես, Պոլ, թվացյալ պետականություն և իրավազուրկ հայոց թագավորների անվերջ շարունակվող «Արքայախաղ»: Իրականում՝ պայքար հանուն լավ կարված կոստյումի: Իրականում՝ անեծք, թուղթ ու գիր, լյարդ կտցահարող ագռավներ:

ՍԵՎԵՐՈՍ — …17 գրամ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Լսիր, ազգային հերոս, կարծում եմ, իմ նրբանկատությունը չի առարկի, եթե քեզ պատուհանից դուրս շպրտեմ:

ՍԵՎԵՐՈՍ — Բարդ հարց է… Դրա համար նախ վարագույրը պիտի մի կողմ քաշել: (Պոլիկտոսը ժպտում է, Վասիլը՝ ծիծաղում🙂 Սա հետաքրքիր է: Ինչ-որ ավստրիացի գտել է սիրո քիմիական բաղադրությունը: Լսո՞ւմ ես:

ՊՈԼԻԿՏՈՍ — Մեծ ուշադրությամբ:

ՍԵՎԵՐՈՍ — Ուրեմն՝ C8H11N:

ՊՈԼԻԿՏՈՍ — Դա ի՞նչ է:

ՍԵՎԵՐՈՍ — Սիրո բանաձևը. ածխածին, ջրածին, ազոտ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ազո՞տ… Ածխածին, ջրածին դեռ հասկանալի է, բայց ազո՞տ…

ՍԵՎԵՐՈՍ — Գրված է:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ազոտ…

ՍԵՎԵՐՈՍ — Իսկապես, ինչո՞ւ ազոտ և ոչ՝ քլոր: Հիմար թերթ է: Ում օրգանն է, չի գրված:

ՊՈԼԻԿՏՈՍ — Եթե խմած չլինեիր, կառաջարկեի մի-մի բաժակ խմել:

ՍԵՎԵՐՈՍ — Քո տեղը լինեի, խմած լինելս հաշվի չէի առնի:

ՎԱՍԻԼ — Վասիլի փորը գռռաց: Պոլիկտոսը սեղանին խմիչք ու բաժակներ է դնում: Իրար մռութ ջարդելու փոխարեն ուր որ է՝ կսկսեն խմել: Վասիլի վերջույթներից մեկը քոր է գալիս, Վասիլի սիրտը խառնում է, յա՛խկ… Առ այս պահը միակ բանը, որ ինձ գոհացրեց, առաստաղին հայտնված կարիճն է: Ավելի ճիշտ, այսպես՝ «Կարիճը առաստաղին»: Վասիլը մի անհամեստ ու կարևոր խնդիր էլ ունի, անվանակոչել վերնագրել, անուն դնել: Իմացության աղետաբեր ընթացքը կասեցնելու ամենափորձված ու արդյունավետ եղանակը անվանումներն են:       Գիշեր, կրակ, անձրև, մահ, ծիածան, արյան շրջանառություն… ամեն ինչ հասկանալի է, հարցեր չկան: Կամ, այսպես. «Կարիճը առաստաղին»… Օրինակ՝ այս պահին իմ լսողությանը խիստ հաճո է հնչում հետևյալ անվանումը. «Նոր զգեստի փորձարկում»: Տեսարան, որ նույն կերպ կրկնվում է դարեր շարունակ: Նույն մթնոլորտը, նույն ռիթմը: Դեմքի և աչքերի նույն արտահայտությունը… Ֆանտաստիկա: Ինչ խոսք, կանացի միջավայրն ուրիշ է: Ափսոս միայն, որ նրանց ուսերը նեղ են, անկանխատեսելի: Ասենք, նրանց ուսերին նստելու կարիքը չկա: Կարելի է այն թեթևակի համբուրել միայն: Եվ այսպես, Նվարդի սենյակը, կամ առանձնասենյակը, ննջարանը… «Նոր զգեստի փորձարկում»… Ֆանտաստիկա…

ՆՎԱՐԴ — Ուղիդ կանգնիր:

ՆԵՐՍԵՍ — Ուղիղ եմ կանգնել:

ՆՎԱՐԴ — Սա կոչվում է մույլաժ:

ՆԵՐՍԵՍ — Ի՞նչը:

ՎԱՍԻԼ — Մուլյա՞ժ… Առաջին անգամ եմ լսում:

ՆՎԱՐԴ — Երբ նոր ձևերը ստանում ես հենց մարմնի վրա:

ՎԱՍԻԼ — Մուլյաժ…

ՆՎԱՐԴ — Սովորաբար այն մանեկենի վրա են անում, որ գնդասեղներով կարողանաս ազատ փորձեր անել:

ՎԱՍԻԼ — Գնդասեղների պահն ինձ դուր չեկավ…

ՆՎԱՐԴ — Մի շարժվիր:

ՎԱՍԻԼ — Մուլյաժ… Դա իմ աշխատանքն է այս ներկայացման վրա:

ՆԵՐՍԵՍ — Ի՞նչ ես կարծում, այս զգեստով ես Հիսուսի դուրը կգա՞մ:

ՎԱՍԻԼ — Ինչե՞ր է խոսում…

ՆՎԱՐԴ — Դու է՞լ ես ուզում այնտեղ գնալ…

ՎԱՍԻԼ — Որտե՞ղ…

ՆԵՐՍԵՍ — Ի՞նչ է, չի՞ կարելի:

ՆՎԱՐԴ — Մի շարժվիր:

ՎԱՍԻԼ — Ո՞նց էի մոռացել… Ինչ ապուշն եմ ես… Հիմա կասեմ: Ուրեմն, ըստ Պոլիկտոսի տեսիլի՝ վաղը Վաղարշապատի գլխավոր սրբավայրի մոտ կայանալու է Միածին Որդու հայտնությունը: Չեմ մեկնաբանում, գնահատականներ չեմ տալիս… Ո՞նց էի մոռացել…

ՆՎԱՐԴ — Բայց Ֆելիքսն արգելել է այնտեղ գնալ:

ՆԵՐՍԵՍ — Օֆ, դու էլ… Ֆելիքսի հետ եմ գնալու: Ես, Ֆելիքսը, Ալբինոսը, կուզե՞ս, դու էլ արի:

ՎԱՍԻԼ — Մահվան սպառնալիքով արգելված է այնտեղ գնալ: Սրբավայր տանող բոլոր ուղիները փակված են Ֆելիքսի զինվորներով, տանկերով, զրահամեքենաներով…

ՆԵՐՍԵՍ — Սևերոսը քեզ դո՞ւր եկավ:

ՆՎԱՐԴ — Ուսի կարը պիտի մի քիչ առաջ տարվի:

ՆԵՐՍ ԵՍ — Ինչ ես կարծում, նա ինձ համա՞ր է եկել:

ՆՎԱՐԴ — Սևերո՞սը… Չգիտեմ: Երբ հանդիպեցի, միջանցքի պատուհանի մոտ փողերն էր հաշվում: Դու նկատե՞լ ես տղամարդու դեմքի արտահայտությունը, երբ փող է հաշվում:

ՆԵՐՍԵՍ — Պատկերացնում եմ:

ՆՎԱՐԴ — Չգիտեմ ինչու՝ ծիծաղս բռնեց:

ՆԵՐՍԵՍ — Հետո՞… Ի՞նչ եղավ:

ՆՎԱՐԴ — Ի՞նչ պիտի լիներ:

ՆԵՐՍԵՍ — Դե, որ ծիծաղեցիր, հետո ի՞նչ եղավ:

ՆՎԱՐԴ — Հետո… հետո չծիծաղեցի:

ՆԵՐՍԵՍ — Ի՞նչ խոսեցիք… Դու ասում էիր, որ իրեն լկտի էր պահում:

ՆՎԱՐԴ — Պոլա, ես քեզ ասելու ոչինչ չունեմ: Գնամ սուրճ սարքեմ:

ՆԵՐՍԵՍ — Շատ պետքս է քո սուրճը:

ՆՎԱՐԴ — Ախ, Աստված իմ:

ՆԵՐՍԵՍ — Ինչ ասացի՞ր… Աստված, թե՞ աստվածներ:

ՎԱՍԻԼ — (քնից վեր թռնելով): Ի՞նչ… Ինչի՞ մասին են խոսում:

ՆԵՐՍԵՍ — Քեզ հետ եմ, պատասխանի՛ր:

ՎԱՍԻԼ — Ի՞նչ պիտի պատասխանի: Ո՞նց էի քնելԵս ինձ չեմ ների:

ՆՎԱՐԴ — Պոլա, վրաս դեռ ոչ ոք այդպես չի բղավել:

ՆԵՐՍԵՍ — (ժպտալով): Ներիր… Դե, ասա, որ ներում ես:

ՆՎԱՐԴ — Սիրելիս, նրանից զգույշ մնա: Նրա կենդանակերպը կարիճն է… Նրանից ամեն ինչ սպասելի է:

ՆԵՐՍԵՍ — Սուրճ եմ ուզում: Սուլան էլ է կարիճ:

ՆՎԱՐԴ — Ես սուրճ բերեմ… (Դուրս է գալիս:)

ՎԱՍԻԼ — Ի՞նչ են կպել կարիճից: Միայն իրեն վերապահված շնորհով մարդը մասնավորապես կարիճի մեջ տեսնում է միայն իրեն հատուկ աղետալի զգացողությունների արձագանքը: Դրա համար ամենևին էլ կարիք չկա նայել կարիճի աչքերի մեջ: Բավական է նրան տեսնել, ասենք, առաստաղին: (Ներս է մտնում Սուլան:) Սա էր պակաս:

ՆԵՐՍԵՍ — Սուլա՞:

ՍՈՒԼԱ — Այս ի՞նչ փալաս ես գցել վրադ:

ՆԵՐՍԵՍ — Նվարդն է կարում: Հավանո՞ւմ ես:

ՍՈՒԼԱ — Մի կույս պոռնիկ ևս:

ՆԵՐՍԵՍ — Դու չար ես:

ՍՈՒԼԱ — Չլինի՞ դու էլ ես կույս:

ՆԵՐՍԵՍ — Սուլա, քեզ ի՞նչ եմ արել, ինչո՞ւ ինձ չես սիրում:

ՍՈՒԼԱ — Սիրո՞ւմ… ինձ համար դու նույնն ես, ինչ այն քնձռոտ շունը, որն այս պահին աղբ է քչփորում:

ՆԵՐՍԵՍ — Իսկ դու այդ աղբն ես:

ՍՈՒԼԱ — Իզուր ես քչփորում, կեղտից բացի ոչինչ չես գտնի:

ՆԵՐՍԵՍ — Օձ… շուն… էգ:

ՍՈՒԼԱ — Լինա, դու միակ մարդն ես, որից չեմ զզվում:

ՆԵՐՍԵՍ — Զզվանք: Սուլա, ինչ մտքովս անցնում է, ասում եմ, բայց, հավատա, մեջս չարություն չկա:

ՍՈՒԼԱ — Զզվում եմ էդ տեսակ նախադասություններից: Բայց քեզնից չեմ զզվում:

 

Գալիս է Նվարդը՝ լացակումած:

 

ՆՎԱՐԴ — Երկու անգամ սուրճ դրեցի, երկու անգամ էլ թափվեց:

ՍՈՒԼԱ — Իսկ երրո՞րդ անգամ:

ՆՎԱՐԴ — Ջուրը կտրվեց:

ՍՈՒԼԱ — Մի բարի անցորդ լիներ, իմ սենյակից թերմոսով սուրճը բերեր: Նվարդ, դու,

կարծեմ, պահած սիգարետ ունեիր:

ՆՎԱՐԴ — Չէ, Սուլա, վերջինը քեզ տվեցի:

ՍՈՒԼԱ — Պիտի չտայիր:

ՎԱՍԻԼ — Ես երևի գնամ:

ՆՎԱՐԴ — Սուլա, այս գիշեր ո՞նց ես քնել:

ՍՈՒԼԱ — Այնքան, որ հասցնեմ մի գարշելի երազ տեսնել: Գրետայի ճնշումն էր բարձրացել, ամբողջ գիշեր հազացել է:

ՆԵՐՍԵՍ — Նվարդ, քեզ ո՞վ է ավելի շատ դուր գալիս, Պոլիկտո՞սը, թե՞ Սևերոսը: Որպես տղամարդ:

ՍՈԻԼԱ — Ինձ չհարցնես, թե չէ մի զզվելի բան կասեմ:

ՆԵՐՍԵՍ — Հը՞…

ՆՎԱՐԴ — Պոլա, դա ի՞նչ հարցնելու բան է:

ՍՈՒԼԱ — Երեխան հարց է տվել, պատասխանիր:

ՎԱՍԻԼ — Ով ինչ ուզում է՝ ասի, միևնույն է, այս պիեսը սիրո մասին է:

ՆԵՐՍԵՍ — Լավ, Պոլի մասին մի ասա, Սևերոսը քեզ դուր եկա՞վ: Որպես տղամարդ:

ՆՎԱՐԴ — Մետրի հետ մի խաղա, կփչացնես:

ՆԵՐՍԵՍ — Թող, մինչև չասես, չեմ տա:

ՆՎԱՐԴ — Սևերո՞սը… Զզվում եմ փող հաշվող տղամարդուց:

 

Ծիծաղ:

 

ՎԱՍԻԼ — Որ ասացի՝ ես գնամ, պիտի գնացած լինեի:

Գալիս է Ալբինոսը:

ԱԼԲԻՆՈՍ — Ֆելիքսն այստեղ չէ՞:

ՍՈՒԼԱ — Ի՞նչ ես բռի անասունի պես ներս նետվում:

ԱԼԲԻՆՈՍ — Սուլա, ներիր, չգիտեի, որ այստեղ ես: Թագվորի խոզը ինֆարկտից սատկել է:

ՆԵՐՍԵՍ — Թագվորն ո՞վ է:

ԱԼԲԻՆՈՍ — Թագուշի հայրը… Թագուշին գիտե՞ս… Թորգոմի կինը:

ՆԵՐՍԵՍ — Էն, որ հա՞վ են պահում:

ԱԼԲԻՆՈՍ — Դե, հա, Թագուշի հայրը. Թագվորի խոզը:

ՆԵՐՍԵՍ — Հա, իմացա, էն որ խո՞զ է պահում:

ԱԼԲԻՆՈՍ — Թագվորը, որ բլթակներ չունի…

ՆԵՐՍԵՍ — Ո՞նց չունի:

ԱԼԲԻՆՈՍ — Դե, ականջները հենց դեմքից են սկսվում:

ՍՈՒԼԱ — Խոզերի պե՞ս:

ԱԼԲԻՆՈՍ — Ճիշտ է, խոզերն էլ բլթակներ չունեն:

ՍՈՒԼԱ — Ինչների՞ն է պետք, հո ականջօղ չե՞ն կախելու:

ԱԼԲԻՆՈՍ — Թագվորի խոզն ինֆարկտից սատկել է:

ՍՈՒԼԱ — Շատ ես խոսում, մոտ արի:

ԱԼԲԻՆՈՍ — Ինչո՞ւ:

ՍՈՒԼԱ — Մոտ արի, ասացի… մի վախենա:

ԱԼԲԻՆՈՍ — Ինչո՞ւ պիտի վախենամ:

ՍՈՒԼԱ — Սիգարետ տուր:

ԱԼԲԻՆՈՍ — Չեմ ծխում: Արդեն երրորդ օրն է:

ՍՈՒԼԱ — Ճիշտ ես անում, առողջությանը վնաս է:

ԱԼԲԻՆՈՍ — Իսկ դու, ես նկատել եմ, սկսել ես շատ ծխել:

ՍՈՒԼԱ — Ձի չեմ, կդիմանամ, չեմ սատկի:

ԱԼԲԻՆՈՍ — Ի՞նչ…

ՍՈՒԼԱ — Ձանձրացրիր, գնա: Գլուխս պայթում է…

ԱԼԲԻՆՈՍ — Ինձ մոտ գլխացավի դեղ կա, բերե՞մ… Լուծում ես մի բաժակ ջրում ու խմում…

ՍՈՒԼԱ — Հաճույքով քեզ կլուծեի մի բաժակ ջրում:

ԱԼԲԻՆՈՍ — Ես կուլ չէի գնա: Բկիդ կկանգնեի:

ՍՈՒԼԱ — Ով ասաց, որ այդ ջուրը խմելու էի:

ԱԼԲԻՆՈՍ — Իսկ ի՞նչ էիր անելու:

ՍՈՒԼԱ — Գուցե ավելի պարկե՞շտ հարցեր տաս: Ասա, որ բաժակի մեջ չես տեղավորվի, որ ջրում չես լուծվի…

ԱԼԲԻՆՈՍ — Կլուծվեմ:

ՍՈՒԼԱ — Ես էլ եմ այդ կարծիքին:

ԱԼԲԻՆՈՍ — Սուլա, ինչո՞ւ ինձ չես սիրում:

ՍՈՒԼԱ — Ազոտս քիչ է:

ԱԼԲԻՆՈՍ — Ազո՞տ…

ՍՈՒԼԱ — Թերթում էր գրված:

ԱԼԲԻՆՈՍ — Այսի՞նքն…

ՍՈՒԼԱ — Գլուխս տարար… չքվիր: լբինոսն անձայն հեռանում է:) Պոլիկտոսը ո՞նց է այս տականքին հանդուրժում կողքին:

ՆԵՐՍԵՍ — Ես նկատել եմ, Ֆելիքսը նրանից վախենում է:

ՆՎԱՐԴ — Սուլա, ճի՞շտ է, որ նա ինչ-որ ժամանակ քո ամուսինն է եղել…

ՍՈՒԼԱ — (ժպտում է): Այդ սողո՞ւնը… նման մի բան եղել է:

ՆԵՐՍԵՍ — Վա՜յ, ես չգիտեի:

ՍՈՒԼԱ — (Ներսեսին): Լսիր, այդ սրիկան քեզնից ի՞նչ է ուզում:

ՆԵՐՍԵՍ — Ո՞ր մեկը:

ՍՈՒԼԱ — (ծիծաղում է): Դու սկսում ես ինձ դուր գալ:

ՆԵՐՍԵՍ — Սևերո՞սը:

ՍՈՒԼԱ — Այդ հերո՛սը, ազգային հպարտությո՛ւնը, այդ փալա՛սը: Այնքան փալաս, որ

նրան այլ բան չէր մնում, քան հերոս դառնալ:

 

Լռություն:

 

ՆԵՐՍԵՍ — Սուլա, դու գիտե՞ս, ինչ բան է «մուլյաժը»:

ՍՈՒԼԱ — Պիտի որ կանացի հիվանդություն լինի: Անբավարարվածության հողի վրա:

ՆԵՐՍԵՍ — (ծիծաղում է): Չիմացար:

ՍՈՒԼԱ — Ուրեմն, տղամարդու հիվանդություն է: Յախկ, ինքս ինձնից զզվում եմ… օձ, շուն, էգ…

ՎԱՍԻԼ — Գլուխս որ պատովը տամ: (Միացնում է մագնիտոֆոնը: Սենյակը լցվում է ժամանակակից ռիթմով🙂

ՆՎԱՐԴ — Երևի լույսն էր հանգել, ինքն իրեն միացավ:

ՆԵՐՍԵՍ — Ոնց վախեցա:

 

Ներսեսը բարձրացնում մագնիտոֆոնի ձայնը… Սկսում է խելագար պարել: Անսպասելիորեն նրան է միանում Սուլան, հետո նաև Նվարդը: Վասիլն էլ է ոգևորվել, անճոռնի շարժումներով թռչկոտում է, գոռգոռում… Գոռգոռում-ծիծաղում են բոլորը: Ներսեսը քանդում է գոտին, նետում Վասիլի կողմը: Վասիլն ակամա բռնում է այն: Երաժշտությունը ընդհատվել է, բոլորը մի պահ, անակնկալի եկած, քարացել են: Վասիլը վախից սսկվել է: Ներսեսը մոտենում է, ձեռքով դիպչում գոտուն, Վասիլը թողնում է այն: Ծիծաղի պայթյուն: Երաժշտությունը շարունակվում է, խելագար պարը՝ նույնպես:

 

ՎԱՍԻԼ — Վերջ, բավական է, լռություն: Երաժշտությունը լռում է, լռության մեջ պարը շարունակվում է: Պետք չէ մոռանալ, որ, վերջին հաշվով, սա ողբերգություն է, ավելի շուտ՝ մելոդրամաՍատանան գլուխ չի հանի, գուցե և կոմեդիա է: Ինչ որ է, չեմ հասկանում, ինչո՞ւ պիտի ձեզ հաշիվ տամ:

 

Ներսեսը շարունակում է ստրիպտիզը, Վասիլը մոտենում է, համբուրում նրա մերկ ուսըՄթություն: Վասիլի հաջորդող տեքստի ընթացքում բեմը դանդաղ լուսավորվում է, և հայտնվում ենք Պոլիկտոսի սենյակում:

 

ՎԱՍԻԼ — Հիշեցի Հռոմը… Երանելի ժամանակներ… Ի՜նչ օյիններ էի սարքում… Ջաղացի քարն էի պտտում, խնոցու մակարդն էի կտրում, գիշերով մոլորեցնում էի ճամփորդներին… Հարսանիքի ժամանակ փեսայի քիթը խուտուտ էի տալիս, հարսի փեշը բարձրացնում… Իսկ գիշերը… գիշերը… (Ծիծաղում է, անսպասելի լրջանում:) Լուռ տղամարդիկ դատարկ սենյակում: (Պոլիկտոսին.) Կնոջդ մոտ էի: Նոր զգեստն էր փորձում: Փառահեղ տեսարան էր: Դու չես գնահատում նրա բարեմասնությունները:

ՍԵՎԵՐՈՍ — Այլմոլորակային են բռնել՝ հումանոիդ: Լսիր, ինչ են գրում. «Հասակը 1 մ 20 սմ, քթի փոխարեն ոչ մեծ ուռուցիկություն է, վրան՝ երկու անցք: Բերանի փոխարեն նույնպես անցք է, որն, ըստ երևույթին, սնունդ ընդունելու համար չէ:» …Տարօրինակ է, ուրիշ ինչի՞ համար կարող է լինել:

ՊՈԼԻԿՏՈՍ — Իսկ սեռական օրգաններ ունի՞:

ՍԵՎԵՐՈՍ — Չի գրված: «Մաշկը գորշ է, առանց մազածածկույթի, աչքերը խոշոր են, կանաչ, առանց բիբերի»… Առանց բիբերի… Չեմ հասկանում, շարունակությունն ո՞ւր է… Այսքան երկար դեռ ոչ մեկին չէի սպասել…

ՎԱՍԻԼ — Դու ի՞նչ տղամարդ ես, ի՞նչ հերոս եսՔո ճշմարտության համար կռվիր, պայքարիր

ՍԵՎԵՐՈՍ — Աչքերը կանաչ, առանց բիբերի… Բա շարունակությո՞ւնը… էս ո՞նց են տպում: Տես, գլուխ կհանե՞ս:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ձանձրացրիր:

ՍԵՎԵՐՈՍ — Արդե՞ն… Գուցե գնամ, ի՞նչ ես կարծում: Բայց ո՞ւր… Ամեն դեպքում դուրս գամ, քանի Լուլուն չի եկել: Թե չէ կստացվի, թե այսքան երկար իրեն եմ սպասել: Եվ հետո, քեզ հետ անհետաքրքիր է:

ՊՈԼԻԿՏՈՍ — Թերթերն էլ կարդալու բան չեն:

ՍԵՎԵՐՈՍ — Հիմար թերթեր են:

ՎԱՍԻԼ — Շատ հիմար:

ՊՈԼԻԿՏՈՍ — Թղթի որակն էլ այն չի:

ՍԵՎԵՐՈՍ — Ճիշտ է, Ֆելիքսի հետ էլ մի բան չէ, բայց նրա խմիչքները վատը չեն:

 

Վասիլը մոտենում է, սեղանի վրայից վերցնում է կիսալցված բաժակը, հոտ քաշում, դնում տեղը:

 

ՎԱՍԻԼ — Առանց ինձ խմում եքԻնչո՞ւ չեք խմի որ… (Տեսնելով Սևերոսի սարսափած աչքերը՝ վերցնում է գինու սրվակը, ճոճում նրա աչքի առաջ: Սևերոսն ուշաթափվում է:)

ՊՈԼԻԿՏՈՍ — Վասիլ, ի՞նչ ես անում:

ՎԱՍԻԼ — Վասիլը սրվակի պարունակությունը լցնում է Սևերոսի գլխին:

ՊՈԼԻԿՏՈՍ — Վերջ տուր… Թող, ասացի: (Վասիլի ձեռքից խլում է շիշը:)

ՎԱՍԻԼ — Ազգային հերոսիս տեսեք… Փալաս… Իսկ դու չսովորեցիր ինձ հետ խոսելու եղանակը:

 

Պոլիկտոսը Սևերոսին ուշքի է բերում:

 

ՍԵՎԵՐՈՍ — (ուշքի գալով): Հը՞… Ի՞նչ է եղել… Ես երևի շատ խմեցի:

ՊՈԼԻԿՏՈՍ — Վեր կաց: Գնանք, հանգստացիր: (Սևերոսին ուղեկցում է դեպի պատշգամբ:)

 

Վասիլը տեղավորվել է մահճակալի ճաղինԱչքերը սառել են… Երկար լռություն:

 

ՎԱՍԻԼ — Այս պաուզան ես կվերնագրեի այսպես. «Սատանայի աղոթքը»… Թո՜ւ: Այս թքելն էլ թող լինի աղոթքի մեկնությունը: (Վերադարձող Պոլիկտոսին.) Եկա՞ր: Հերոսը քնե՞ց… Հետս չե՞ս խոսում: Ճիշտ ես անում: Ես հիմա հանդիսատեսով եմ զբաղվելու, ինձ պետք չէ խանգարել: Վարագույրի մասին արդեն ասել եմ: Վարագույր, որից այն կողմ կատարվող առեղծվածի ձախողված կռահումներն են իմաստավորում խաղը: Ավելին՝ կա ճշմարիտ կռահում, ներկայացումը տապալված է: Դու ինձ խանգարում ես:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ես բան չասացի:

ՎԱՍԻԼ — Իսկ ի՞նչ պիտի ասեիր… Ինչ որ ասացիր, արդեն բավական էր:

ՊՈԼԻԿՏՈՍ — Այսինքն, եթե ներկայացումը հաջողություն ունեցավ, ուրեմն ճշմարտությունը չի՞ կայացել:

ՎԱՍԻԼ — Դա մեր խելքի բանը չէ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ճշմարտություն չկա: Ես այն փնտրելու միամտությունը չունեմ: Դու ունես այն չփնտրելու միամտությունը:

ՎԱՍԻԼ — Այս խոսակցությունն անիմաստ է: Վերջին հաշվով, էականը նախօրոք գրված այս տեքստերը չեն: Այս խաղ կոչվածի հաշիվն ի սկգբանե որոշված է… Մենք ոչինչ փոխել չենք կարող: Կարող ենք միայն տապալել ամեն ինչ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Իսկ հաջողությունը քո ինչի՞ն է պետք:

ՎԱՍԻԼ — Ժամանակ շահել. ահա իմ խնդիրը:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ժամանակը չեն շահում, միայն տանուլ են տալիս:

ՎԱՍԻԼ — Բայց ո՞ւմ… (Բագմանշանակ դադար:) Վերջապես հասկացար: Եթե Աստված մարդու պոչը չկտրեր, նա իր քիթն ամեն տեղ չէր խոթի: Այս տեսարանն ավելորդ էր: Պիտի կրճատվեր: Պոլիկտոս, ո՞ւր են քո երկրի ֆաուստները: Ինձ հետ ճակատ-ճակատի տալով ի՞նչ եք շահելու: Արդար պարտություններ և բարոյական հաղթանակներ, որոնք, երկիրդ փոքրացնելով, դարձնելու են զոհասեղան, ուր ապրելն արդեն իսկ հերոսություն է: Աստվածավախություն՝ առանց հավատ, ամեն քարի, ամեն թփի ետև կուչ եկած հատուցում՝ չգործած մեղքերի դիմաց, անվերջ վտարում դրախտից… Կոնյակն իզուր թափեցի: Սեփական երազներին խաչվելու անվերջ փորձություն:

ՊՈԼԻԿՏՈՍ — Դա հարցի ձևական կողմն է:

ՎԱՍԻԼ — Ուրիշ կողմ չկա: Ամբոխը հենց այդ ձևական կողմի կրողն է: Նրան ի՞նչ քո վեհ մտքերը

ՊՈԼԻԿՏՈՍ — Այդ դեպքում հուզվելու կարիք չկա:

ՎԱՍԻԼ — Ես չեմ հուզվում… պարզապես, տանել չեմ կարող, երբ ուրիշները ժպտում են:

ՊՈԼԻԿՏՈՍ — Հրաշալի է ասված:

ՎԱՍԻԼ — Ցույց տուր երկու հոգի, որ իրար հասկանան, թեկուզ առաջին ժամադրության եկած սիրահարներինմեկին, որ իր հետ վեճ չունենա: Ամենավերջին ստահակն անգամ ինձ հետ գործարքի մեջ չմտնելու համար հորինում է իր խղճուկ բարոյականությունը:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ինչ հրաշալի է…

ՎԱՍԻԼ — (հիստերիկ): Հիմարությո՛ւն

ՊՈԼԻԿՏՈՍ — Քեզ ո՞վ է թույլ տվել իմ սենյակում բղավել:

ՎԱՍԻԼ — 0, ներիր, ձերդ գերազանցությունմոռացել էի, որ դու այս սենյակի թագավորն ես, քեզ կատաղած ամբոխից քողարկող վարագույրի թագավորը: Այս հետույքի թագավորը:

 

Պոլիկտոսը հարվածում է, Վասիլը տապալվում է անկողնուն:

 

ՎԱՍԻԼ — Քթիցս հո արյուն չի՞ գալիս… Ասենք, որտեղի՞ց: Այստեղ ամեն ինչում հաղթողը գորշությունն է: Ոչ ոքի հաշիվն ամեն ինչում կանխորոշված է: Ես քեզ խնդրեցի չժպտալ… Զզվում եմ բոլորիցդ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Իսկ ես քեզ սիրում եմ:

ՎԱՍԻԼ — (շփոթված): Շարունակում եմ. մեծարգո հանդիսատես, գույները ավելի են թանձրանում: Պոլիկտոսը շփոթված է, ահաբեկված: Նրա ուղեղում բուն է դրել կասկածը

ՊՈԼԻԿՏՈՍ — Սպասիր, Վասիլ, դա անազնիվ է, գռեհիկ, սուտ:

ՎԱՍԻԼ — Գիտեմ, բայց ես ի՞նչ անեմ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ուզո՞ւմ ես ինձ հետ խմել:

ՎԱՍԻԼ — ԸհըԵս վաղուց էի այդ հարցիդ սպասում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Հիմա կբերեմ:

ՎԱՍԻԼ — Ես ինքս: Դու միայն կարգաղրիր: «Վասիլ, կոնյակ չբերես»: Ես ճի՞շտ կռահեցի:

ՊՈԼԻԿՏՈՍ — Սատանա…

ՎԱՍԻԼ — Վասիլ, սեղանը չհավաքես… (Սեղանից վերցնում է օգտագործած սպասքը, նետվում է դուրս, նույն պահին շշով և բաժակներով վերադառնում:) Վասիլ, շիշը չբացես, մի լցրու… ապրես: (Պոլիկտոսին.) Կամաց-կամաց սովորում ենք: (Խմում են:) Էխ, լուսահոգի Սիրանույշին հիշեցի, տատիդ մորը… «Խեղճ Սիրանույշ, լավ կնիկ էր, տեսնես ի՞նչ եղավ»:

ՊՈԼԻԿՏՈՍ — Այսի՞նքն…

ՎԱՍԻԼ — Իննսունն անց կին էր: Ամեն ինչ կորցրել էր. ամուսին, տղաներ, տուն, հայրենիք… տարիների հաշիվ: Իր մասին էլ երրորդ դեմքով էր խոսում:       Խեղճ Սիրանույշ, լավ կնիկ էր, տեսնես ի՞նչ եղավ: Սա արդեն ես եմ ասում: Իմաստուն կնիկ էր, ողորմի իրեն: Ոչ մեկդ նրա փորձառությունը չունի: Ոնց էր ինձ գործի դնում: Նրանից ես շատ բան սովորեցի: Թունդ խմիչք է: Քեզ մի գաղտնիք ասեմ: Խմած չլինեի՝ չէի ասի: Թերություն ունեմ, հիմար եմ… իսկապես, ես հիմար եմ: Ուրիշ ոչ մեկին չէի խոստովանի: Բայց Սիրանույշը գլխի էր ընկել: Ես ինքնուրույն ոչինչ մտածել չեմ կարող: Իմ բոլոր մտքերը ձեզնից եմ թռցրել: Իմ մեջ եղած չարությունն էլ ձերն է: Ինձ այդքան երևակայություն որտեղի՞ց: Ասում եմ, չէ՞, հիմար եմ, կատարյալ ապուշ: Չէ, խմիչքն, իսկապես, շատ թունդ է: Գնահատիր, սա իմ սեփական եզրակացությունն է:

ՊՈԼԻԿՏՈՍ — Թույլ, անպետք խմիչք է:

ՎԱՍԻԼ — Իսկապե՞ս… Ինձ խմել չի կախվի: Ավելորդ բաներ շա՞տ ասացի: Ուրեմն, մի օր Սիրանույշին հարցրի. «Այ պառավ, էդքան հարևան բարբարոս ցեղիդ անեծքն ես անում, ինչո՞ւ Աստված նրանց չի պատժում»: Ասաց. «Ապուշի մեկը, որովհետև նրանք չգիտեն, որ Աստված կա»: Ինչո՞ւ ես լռում: Դժվար է: Երեկ նստել էի գերեզմանափորի ուսին, իսկ նա փորում էր, քրտինքի մեջ կորած փորում ու քթի տակ փնթփնթում. «Մարդ մի անգամ ծնվի, այն էլ այս քարքարոտ երկրում»… Մի գռեհիկ միտք ունեմ, որ ուզում եմ քեզ հետ կիսել: Այս քարքարոտ հողն ինձ հարազատ է դարձել, զզվելու չափ հարազատ… ինչպես հանգուցյալին սեփական շիրմաքարը: (Անսպասելի:) Պոլ, ինքնասպան եղիր:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ի՞նչ…

ՎԱՍԻԼ — Ինքնասպան եղիր, խնդրում եմ: Դա լավագույնը կլինի: Փրկիր ներկայացումը: Կամ հանիր ճակատիս ասեղը: Մեկ է, քո միամիտ ցեղը քեզ պես անկարող է լինելու իմ ծառայություններից օգտվել:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ինձ մենակ թող:

ՎԱՍԻԼ — Հիմա ե՞ս եմ հիմար, թե՞ դու: Կուզե՞ս՝ գնամ ձեր բարբարոս հարևանների երկիրը: Կբազմեմ նրանց ոսկրոտ ուսերին, իմ բարեմասնություններով կջերմացնեմ նրանց մազոտ ծոծրակները:

ՊՈԼԻԿՏՈՍ — Թող, Վասիլ, թող հեքիաթներդ:

ՎԱՍԻԼ — Ի՞նչ հեքիաթ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ճակատիդ ոչ մի ասեղ էլ չկա: Դա քո հորինած հեքիաթն է: Սպասիր, ո՞ւր ես գնում:

ՎԱՍԻԼ — Ո՞ւր կարող եմ գնալ:

 

Ներս է նետվում Ներսեսը:

 

ՆԵՐՍԵՍ — (զայրացած): Այդ տխմար Ալբինոսը… այդ լկտի ապուշը… Ինչպե՞ս ես նրան քո կողքին հանդուրժում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ի՞նչ է եղել:

ՆԵՐՍԵՍ — Միջանցքում դեմս ելավ, կանչեց իր մոտ վիդեո նայելու, ասաց՝ ֆանտաստիկ էրոտիկա է, բայց պարզվեց՝ էրոտիկ ֆանտաստիկա է: Տխմա՛ր: Պոլի, թե իմանաս՝ Նվարդն ինձ համար ի՜նչ զգեստ է կարել… Որ վերջացնի, կհագնեմ, կտեսնես: (Պոլիկտոսը գրկում է, համբուրում ճակատը:) Մեջքիս կոճակները կոճկիր, խնդրում եմ: Նվարդն ուզում էր կոճկել, չթողեցի: Որ դու կոճկես:

 

Պոլիկտոսը կոճկում է Ներսեսի զգեստի թիկունքի կոճակները:

 

ՆԵՐՍԵՍ — Պոլ, ի՞նչ ես մտածում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Կոճկում եմ:

ՎԱՍԻԼ — Լռություն: Պոլիկտոսը կոճկում է… Վարագույրը դանդաղ փակվում է… Անտրակտ:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 2

Վարագույրը բացվում է: Բեմում նախորդ՝ ընդհատված տեսարանն է:

Պոլիկտոսն զբաղված է Ներսեսի զգեստը կոճկելով: Մահճակալի ճաղին նստած է Վասիլը:

ՎԱՍԻԼ — Ինչպես տեսնում եք, առանց Վասիլի ասելու էլ վարագույրը բացվել է: Այս տեքստն էլ կարող էի չասել: Դրանից ոչինչ չէր փոխվի:

ՆԵՐՍԵՍ — Պոլ, ինչո՞վ ես զբաղված… չվերջացրի՞ր:

ՎԱՍԻԼ — Հետագա գործողության ընթացքում Վասիլի՝ բեմի վրա լինել-չլինելը էական չէ… Պոլ, իսկապես, այդքան երկար ի՞նչ ես անում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Կոճկում եմ:

ՆԵՐՍԵՍ — Պոլի, ի՞նչ ես մտածում օզոնի անցքերի մասին:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ի՞նչ անցքեր:

ՆԵՐՍԵՍ — Հեռուստացույցով ասացին, որ երկնքում այդպիսի անցքեր կան, և նրանք գնալով մեծանում են:

ՊՈԼԻԿՏՈՍ — Թող մեծանան:

ՆԵՐՍԵՍ — Բայց ասացին, որ բոլոր մարդիկ կվերանան:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ո՞վ էր ասում:

ՆԵՐՍԵՍ — Անունը չիմացա: Ակնոցով կին էր:

ՊՈԼԻԿՏՈՍ — Մազերդ բարձրացրու:

ՆԵՐՍԵՍ — Մինչև վերջ մի կոճկիր:

ՊՈԼԻԿՏՈՍ — (համբուրումէ Ներսեսի ծոծրակը, դեմքը շրջում է դեպի իրեն): Ճիշտ չի ասում: Ինչպե՞ս կարող ես դու վերանալ:

ՆԵՐՍԵՍ — Պոլի, դու խմա՞ծ ես… Պոլի, դու ո՞ւմ հետ ես խմել:

ՊՈԼԻԿՏՈՍ — Սատանայի:

ՆԵՐՍԵՍ — Ո՞նց… Սևերոսն այստե՞ղ էր: Գնա՞ց:

ՊՈԼԻԿՏՈՍ — Պատշգամբում հարբած քնած է:

ՆԵՐՍԵՍ — Ես հասկացա, դուք իրար հետ եք խմել: Իսկ ինչի՞ մասին էիք խոսում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Չէինք խոսում:

ՆԵՐՍԵՍ — Վիճո՞ւմ էիք: Ինչ հետաքրքիր է: Ինձ համա՞ր էիք վիճում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Նա ասաց, որ մարդու հոգին կշռում է տասնյոթ գրամ:

ՆԵՐՍԵՍ — Այդքան քի՞չ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Բայց չեմ հիշում, միզելուց առա՞ջ, թե միզելուց հետո:

ՆԵՐՍԵՍ — Ուրիշ ի՞նչ էր ասում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ասաց, որ հումանոիդ են բռնել, կանաչ աչքերով, առանց սեռական օրգանների:

ՆԵՐՍԵՍ — Իսկ ինչպե՞ս են բազմանում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Երևի արագիլն է բերում:

ՆԵՐՍԵՍ — Պոլ, դու հավատո՞ւմ ես պլատոնական սիրուն:

ՎԱՍԻԼ — Հիմար հարց:

ՊՈԼԻԿՏՈՍ — Հիմար հարց… Այլ տեսակ սեր չի լինում: Ինչո՞ւ տխրեցիր:

ՆԵՐՍԵՍ — Գոնե արագիլն իր ձագերին այլ կերպ բերեր, չէ՞, Պոլ:

Կարճ լռություն:

ՎԱՍԻԼ — Ի՞նչ է, կարծում ես, Պլատոնը պլատոնական կյանքո՞վ է ապրել:

ՊՈԼԻԿՏՈՍ — Հետո նա ասաց, որ հիմար թերթեր են, որ թղթի որակն էլ այն չի:

ՆԵՐՍԵՍ — Իսկ դո՞ւ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ես ասացի, որ ցախավելը կբերեմ և հետույքին կջարդեմ:

ՆԵՐՍԵՍ — Իսկ նա ի՞նչ ասաց:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ասաց, որ այս տանը ցախավել չկա:

ՆԵՐՍԵՍ — Իսկ նա ի՞նչ գիտեր:

ՊՈԼԻԿՏՈՍ — Մոռացա հարցնել:

 

Գրկախառնվում են: Մտնում է Ֆելիքսը:

 

ՖԵԼԻՔՍ — Շարունակեք, ինձ չեք խանգարում:

ՆԵՐՍԵՍ — Դե, ես վազեցի:

ՖԵԼԻՔՍ — Ո՞ւր:

ՆԵՐՍԵՍ — Վարսավիրիս մոտ: Դու աղոթիր ինձ համար, Պոլի:

ՖԵԼԻՔՍ — Ես էլ կաղոթեմ: (Ներսեսը գնում է:) Դե, հիմա ո՞ր Աստծուն ենք աղոթում: Ես քեզ անկեղծ ասեմ, Պոլ, դու կարծում ես՝ այդ փայտե կուռքերին հավատո՞ւմ եմ: Խնդիրը քաղաքական է: Պատշգամբի վարագույրները հո չե՞ս բացել… Հասկանո՞ւմ ես, քեզ չեմ կարող հենց այնպես ներել, Պոլ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Իհարկե:

ՖԵԼԻՔՍ — Իսկ եթե հիմա զղջաս, հետո միասին մի բան կմտածենք… Գուցե ես է՞լ քեզ հետ քրիստոնյա դառնամ: Պոլ, լսեցի՞ր        ՝ ինչ ասացի:

ՊՈԼԻԿՏՈՍ — Դա լուրջ չէ, Ֆելիքս:

ՖԵԼԻՔՍ — Երևի դու ճիշտ ես: Ես փրկություն չունեմ: Իմ ազնվության չնչին մնացորդը թույլ չի տա, որ ես ապաշխարեմ:

ՎԱՍԻԼ — Թաց մազերի հոտ եմ առնում… անձրև է գալու:

ՖԵԼԻՔՍ — Հոդերս նվվում են, անձրև է գալու: Պոլ, նոր առակներ եմ գրել, ժամանակ գտնես, աչքի անցկացրու: Էս անգամ հաջող են ստացվել: Կկարդաս, կտեսնես: Այսպիսի մի միտք գոյություն ունի. ավազակը երբ իր մեղքը խոստովանում է Աստծուն, ոչ թե ազատվում է մեղքից, այլ կորցնում է Աստծուն: Հեթանոս լինելով՝ ես նրան ավելի եմ հավատում: Իսկ քեզ, Պոլ, անկեղծորեն նախանձում եմ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Տուր առակներդ, տեսնեմ:

ՖԵԼԻՔՍ — Մի րոպե… (Գրպանից հանում է ծալած տետրը🙂 Պոլ, կներես, կիսատ բան կա, հենց հիմա կավարտեմ: (Նստում է սեղանի մոտ, բաժակներն ու խմիչքը մի կողմ հրում, բացում տետրը, խորասուզվում է:)

ՎԱՍԻԼ — Գո՞հ ես… Լավ է, չէ՞, առանց ինձ: Դու սխալվում ես, իմ ներկայությունն արդեն բավական է: Դե, իհարկե, քեզ ի՞նչ կա: Խիղճդ մաքուր, ինձ երբեք տուրք չես տվել… ճի՞շտ եմ ասում… Հը՞, Պոլ, դու ինձ տուրք չե՞ս տվել: Նվարդի հետ կապված… ես համեստորեն լռում եմ…

ՊՈԼԻԿՏՈՍ — Դու նրա անունը տալու իրավունք չունես:

ՖԵԼԻՔՍ — Ի՞նչ, ինձ հե՞տ էիր, թե թվաց:

ՎԱՍԻԼ — Թվաց, թվաց:

ՖԵԼԻՔՍ — Ուրեմն, թվաց:

ՎԱՍԻԼ — Քո ինչի՞ն էր պետք այդ զոհաբերությունը: Միայն, խնդրում եմ, չփորձես դա սկզբունք համարել: Թեև, ինչ-որ տեղ ճիշտ ես: Կինն էլ ազատության նման է, նվաճելով՝ կորցնում ես այն: Քեզ սա համոզո՞ւմ է, թե՞ Ֆելիքսի փեսա արտահայտությունն ավելի համոզիչ է հնչում: Չխփես… Իսկ Նվարդի մասին մտածե՞լ ես: Նա հիմա էլ քեզ սիրում է:

 

Ներս է մտնում Նվարդը:

 

ՊՈԼԻԿՏՈՍ — Նվա՞րդ: Այդ ե՞րբ եկար: Եվ ինչո՞ւ առանց դուռը թակելու:

ՆՎԱՐԴ — Դուռը բաց էր:

ՊՈԼԻԿՏՈՍ — Հետո՞ ինչ, որ բաց էր… Իսկ ինչո՞ւ էր բաց:

ՎԱՍԻԼ — Պոլ, գրկիր նրան, գրկիր, Ֆելիքսն զբաղված է, չի տեսնի:

ՖԵԼԻՔՍ — Նվարդ, դո՞ւ ես, ներս արի, ինչո՞ւ ես դռան մեջ կանգնել: Մի փոքր բան մնաց, հիմա կվերջացնեմ:

ՆՎԱՐԴ — Ներսեսի զգեստն էի խոստացել բերել: Գոտու համար կտորը պակասեց:

ՊՈԼԻԿՏՈՍ — Իսկ ինչո՞ւ պակասեց:

ՎԱՍԻԼ — ԳրկիրԳրկիր, ասացի: Նա հույս ունի, որ իրեն փախցնելու առաջարկ կանես:

ՆՎԱՐԴ — Թույլ տուր՝ գնամ:

ՎԱՍԻԼ — Պոլ, վճռական եղիր:

ՊՈԼԻԿՏՈՍ — Գնա:

ՎԱՍԻԼ — Հիմար:

 

Նվարդը Ներսեսի գգեստը դնում է անկողնուն, հեռանում է:

 

ՖԵԼԻՔՍ — Նվարդը գնա՞ց… Հրաշալի աղջիկ է:

ՎԱՍԻԼ — Չեմ հասկանում, ինչո՞ւ է տրամադրությունս բարձր:

ՊՈԼԻԿՏՈՍ — Վասիլ, մնա կողքիս, խնդրում եմ, ինձ մենակ մի թող:

ՎԱՍԻԼ — Առաջին անգամ ինձ վռնդեցիր… Դե, ի՞նչ… Գնամ շռեմ, գամ:

ՖԵԼԻՔՍ — (տեղից ելնելով): Պոլ, ես պիտի խոստովանեմ, որ քեզ միշտ սիրել եմ: Դու մեծ մարդ ես, Պոլ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Դա ընդունեմ որպես մահախոսակա՞ն: Ներիր:

ՖԵԼԻՔՍ — Ես քեզնով միշտ թաքուն հիացել եմ, ավելի շուտ՝ նախանձել:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ֆելիքս, դա լուրջ չէ: Մեր արժանիքները նույնն են, քանի որ նույնն են մեր մեղքերը: Ի սկզբանե նրանք անչափելի են… Իսկ արժանիքների մասին դատողություններ անելը կարող է միայն ավելացնել դրանք:

 

Վասիլը վերադառնում է:

 

ՖԵԼԻՔՍ — Հիմա ես ի՞նչ անեմ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Տուր առակներդ, տեսնեմ:

ՖԵԼԻՔՍ — Սեղանին են:

ՎԱՍԻԼ — Շռեցի, եկա: Երբ բանականությունն ու զգացմունքը տևական վեճի մեջ են, հաղթողն, ի վերջո, բանականությունն է լինում: Այն, առնվազն, կարող է հայտնվել վերջում, էմոցիայի սարքած ավերակների վրա ու չարախնդալ… Մոտավորապես այսպես՝ հի, հի, հի, հա, հա…

ՖԵԼԻՔՍ — (Պոլիկտոսին գրկելով): Միևնույն է, ես քեզ սիրում եմ:

 

Դռների մեջ հայտնվում է Ալբինոսը:

 

ԱԼԲԻՆՈՍ — Օ, ես երևի ժամանակին չմտա:

ՖԵԼԻՔՍ — Ալբինոս, դո՞ւ ես… Ներս արի: Վատ եմ, Ալբի, շատ վատ, անընդհատ հորանջում եմ:

ԱԼԲԻՆՈՍ — (մոտենալով սեղանին): Պոլ, դու էլ այդ սրիկայի խելքին ընկել, հետը խմել ես, հա՞:

ՖԵԼԻՔՍ — Ի՞նչ սրիկա: Հա՜, Սևերոսն այստե՞ղ էր:

ՊՈԼԻԿՏՈՍ — Պատշգամբում քնած է:

ՖԵԼԻՔՍ — Ո՞նց… (Գնում է պատշգամբ🙂

ԱԼԲԻՆՈՍ — Բաժակդ ո՞րն է:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ես չեմ խմում:

ԱԼԲԻՆՈՍ — Ինձ համար եմ ասում: Էդ այլանդակի բաժակով հո չե՞մ խմելու:

ՖԵԼԻՔՍ — (հայտնվելով): Պատշգամբում քնած է: Խոզի պես:

ԱԼԲԻՆՈՍ — Կոնյակդ թույլ է:

ՖԵԼԻՔՍ — Ի՞նչ կա, Ալբի:

ԱԼԲԻՆՈՍ — Առանձնապես ոչինչ: Հրդեհը առանձնապես վնաս չի տվել: Դե, ժողովուրդը կատաղած է:

ՖԵԼԻՔՍ — Դա լավ է:

ԱԼԲԻՆՈՍ — Նստացույց, հացադուլ, Կիևյան կամրջից էլի մի աղջիկ իրեն նետել է… Հա, մի կին էլ քեզ բողոք է գրել, որ ամուսինն իրեն բռնաբարել է… Այսքանը: Ֆելիքս, ժամանակն է ժողովրդի առջև ելույթ ունենալ, հիշեցնել, որ իրենք երջանիկ են, ասել, որ դժվարությունները ժամանակավոր են:

ՖԵԼԻՔՍ — Դու վստա՞հ ես, որ ժամանակավոր են:

ԱԼԲԻՆՈՍ — Իհարկե, իսկ հետո ավելի վատ կլինի:

ՖԵԼԻՔՍ — Ինձ թվում է, այս ժողովրդին թուղթ ու գիր են արել:

ՎԱՍԻԼ — Թուղթ ու գիր:

ԱԼԲԻՆՈՍ — Պարզապես էշից ընկած ժողովուրդն էշին նորից նստելու խնդիր չպիտի դնի իր առաջ:

ՎԱՍԻԼ — Ես այլ բան կասեի. եթե լուսնի հակառակ կողմը չի երևում, մարդն իր առաջ ամեն գնով այն տեսնելու խնդիր չպետք է դնի:

ԱԼԲԻՆՈՍ — Քայլում ես՝ բոլորի դեմքին նույն հարցն է. «Էշս չե՞ք տեսել»: Էշ վիճակ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ես գնամ պատշգամբ:

ՖԵԼԻՔՍ — Ես քեզնից գաղտնիք չունեմ:

ԱԼԲԻՆՈՍ — Մի շտապիր, Ֆելիքս:

 

Պոլիկտոսը գնում է պատշգամբ:

 

ՖԵԼԻՔՍ — Ի՞նչ կա:

ԱԼԲԻՆՈՍ — Կայսրից հրաման է եկել, Պոլիկտոսին պիտի ազատ արձակես:

ՖԵԼԻՔՍ — Գժվե՞լ ես, ինչ է:

ԱԼԲԻՆՈՍ — Գիտեի, որ այդ միտքը քո սահմանափակ գլխում տեղավորվելու համար շատ է բարդ: Մահապատիժը հակառակ էֆեկտ կարող է ունենալ: Կայսրը դա հասկանում է:

ՖԵԼԻՔՍ — Չեմ հավատում: Դու ուզում ես ինձ կործանել: Ես Պոլիկտոսին դաժանորեն կպատժեմ: Կայսրը դա կգնահատի:

ԱԼԲԻՆՈՍ — Եթե կա մի բան, որ կայսրին չի հետաքրքրում, դա քեզ պատժել-չպատժելու հարցն է: Քո դերն ավարտված է: Իսկ աղջկադ մասին մտածե՞լ ես: Ընտանիքդ ոչինչ չարժի՞:

ՖԵԼԻՔՍ — Կայսրից վեր են միայն օրենքն ու աստվածները:

ԱԼԲԻՆՈՍ — Ֆելիքս, դու մոռանում ես, թե ում հետ ես խոսում: Թե՞ իսկապես միամիտ ես:

ՖԵԼԻՔՍ — Կայսրին ես կարող եմ հասկանալ, բայց քեզ ոչ մի կերպ չեմ հասկանում: Ո՞րն է քո շահը:

ԱԼԲԻՆՈՍ — Մեթոդները կարևոր չեն: Բոլոր դեպքերում շահողը ես եմ լինելու: Լավ, Ֆելիքս, իսկ եթե վաղը Ներսեսն էլ քրիստոնյա դառնա, ի՞նչ կանես, կգլխատե՞ս:

ՎԱՍԻԼ — Խորհուրդ չեմ աա: Կնոջն այրելը ավելի տպավորիչ է:

ԱԼԲԻՆՈՍ — Մոռանանք: Ես հենց այնպես ասացի:

ՖԵԼԻՔՍ — Երբ քո ծնողներին Հռոմում խաչ բարձրացրին, մի մատ երեխա էիր: Քեզ ես եմ մեծացրել: Այս ուսերի վրա:

ԱԼԲԻՆՈՍ — Հին երգերը թող, Ֆելիքս:

ՖԵԼԻՔՍ — Հիշում եմ, զուգարան գնալիս լաց էիր լինում, ուզում էիր, որ հետևդ Ֆելիքսը սրբի: Նույնը այսօր էլ շարունակվում է:

ԱԼԲԻՆՈՍ — Կարծում ես, ես ու դո՞ւ ենք քաղաքականություն վարողը:

ՎԱՍԻԼ — Կամ կա՞յսրը…

ՖԵԼԻՔՍ — Բայց ընտրություն անողը ես եմ:

ԱԼԲԻՆՈՍ – Քեզ թվում է: Արդյունքը լինելու է նույնը:

ՖԵԼԻՔՍ — Բայց կայսրին դուր չի գա, եթե…

ԱԼԲԻՆՈՍ — Կամ, կարծում ես, կա՞յսրն է քաղաքականություն վարողը:

ՎԱՍԻԼ — Ես ի՞նչ էի ասում:

ԱԼԲԻՆՈՍ — Չէի նկատել, ուսերդ լավ չեն նստում:

ՎԱՍԻԼ — Բարոյապես ու ֆիզիկապես մաշված ուսեր են:

ՖԵԼԻՔՍ — Պիտի լավ հաշվարկել, չի կարելի սխալ թույլ տալ:

ԱԼԲԻՆՈՍ — Ֆելիքս, պետական գործիչ մի խաղա, դա քեզ չի հաջողվում:

ՖԵԼԻՔՍ — Ինչ որ ճիշտ է՝ ճիշտ է: (Իրեն կոնյակ է լցնում:)

ԱԼԲԻՆՈՍ — (բաժակը վերցնելով): Քեզ համար էլ լցրու:

ՖԵԼԻՔՍ — Բայց եթե ժողովուրդն ըմբոստացա՞վ:

ԱԼԲԻՆՈՍ — Այ, դա արդեն քո գործը կլինի: (Ֆելիքսն անզգուշորեն բաժակը գցում է հատակին:) Ի՞նչ եղավ:

ՖԵԼԻՔՍ — Չարը մարեց:

ՎԱՍԻԼ — Ո՞նց չէ… Եթե ամեն կոտրվող բաժակի հետ չարը մարեր, հիմա բոլորդ քարանձավում կապրեիք:

ԱԼԲԻՆՈՍ — Գույնդ մի գցիր, Ֆելիքս, ամոթ է: Այս ժողովրդին ես լավ գիտեմ: Նվաստացումը սրանց երբեք չի ըմբոստացնի: Պիտի զգուշանալ ոգևորող գաղափարից: Իսկ ես ոգևորված եմ: Ես սրանց նման ծանր չեմ: Մի բաժակն ինձ լրիվ բավական է:

ՖԵԼԻՔՍ — Երկու բաժակը:

ԱԼԲԻՆՈՍ — Իզուր կոտրեցիր բաժակդ, Ֆելիքս, իզուր չարը մարեցիր:

ՖԵԼԻՔՍ — …Եվ սա կոչվում է կառավարել… Սա ընդամենը հերթապահություն է կայսեր գիշերանոթի մոտ:   Փոխարինող ժամապահը ուշանում է, իսկ գարշահոտությանը վերջ չկա… քանի որ անհագ է կայսեր ախորժակը:

ՊՈԼԻԿՏՈՍ — (ներս գալով): Պատշգամբում անտանելի տոթ է, մանավանդ, երբ փակ պատուհանից այն կողմ անձրև է, մանավանդ, երբ հարբած ազգային հերոսը խռմփացնում է:

ՖԵԼԻՔՍ — Դու մեզ լսո՞ւմ էիր:

ՊՈԼԻԿՏՈՍ — Չլսելն ավելի գայթակղիչ էր: Բայց ես չտրվեցի այդ գայթակղությանը:

ՖԵԼԻՔՍ — Եվ ի՞նչ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Դու աճում ես, Ֆելիքս, վերջին առակներդ անհամեմատ հաջող են:

ՖԵԼԻՔՍ — Իսկապե՞ս: Պոլ, գոնե այդ հրդեհը չլիներ… Դա ի՞նչ անելու բան էր… Գիտեմ, դու մեղք չունես…

ՊՈԼԻԿՏՈՍ — Վճռական եղիր, Ֆելիքս:

 

Մտնում է Սուլան: Անփութորեն վրան գցած խալաթի տակից երկար գիշերանոցն է:

 

ՍՈՒԼԱ — Տղամարդիկ, մի հատիկ սիգարետի դիմաց պատրաստ եմ վաճառել մարմինս, հայրենիքս, թագավորությանս կեսը: (Տղամարդիկ լուռ են🙂 Չէ, ասպետություն չի մնացել:

ԱԼԲԻՆՈՍ — Տեղական սիգարետները ծխելու բան չեն: Գոմաղբի հոտ է գալիս:

ՖԵԼԻՔՍ — Ինչի՞ մասին էինք խոսում:

ՍՈՒԼԱ — Հրդեհի մասին:

ՖԵԼԻՔՍ — Հա: Դա պետք չէր անել, Պոլ:

ՍՈՒԼԱ — Պոլը կապ չունի, Ֆելիքս:

ՖԵԼԻՔՍ — Դո՞ւ ինչ ես մեջ ընկնում:

ՍՈՒԼԱ — Մեհյանը ես եմ այրել… Չեմ հասկանում, գոնե դրա համար ինձ մի հատիկ սիգարետ հասնո՞ւմ է:

ՖԵԼԻՔՍ — Չհասկացա:

ՊՈԼԻԿՏՈՍ — Դո՞ւ… Ինչի՞ համար:

ՍՈՒԼԱ — Սիրտս էդպես ուզեց:

ԱԼԲԻՆՈՍ — Ճիշտ չի ասում: Հսկողությունը ուժեղացված էր: Նա չէր կարող այնտեղ սողոսկել:

ՍՈՒԼԱ — Այս կոճակի օգնությամբ սողոսկեցի:

ԱԼԲԻՆՈՍ — Կոճակն ի՞նչ կապ ունի:

ՖԵԼԻՔՍ — Տուր տեսնեմ: Սրանով կարելի է այղ անասունին գտնել:

ՍՈՒԼԱ — (ձեռքին հարվածելով): Ձե՛ռքդ:

ԱԼԲԻՆՈՍ — Ոչինչ չեմ հասկանում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Դա ի՞նչ կոճակ է:

ՖԵԼԻՔՍ — Սուլա, գնա սենյակդ:

ՍՈՒԼԱ — Ես կոճակների կոլեկցիա եմ հավաքում: Ֆելիքսը չի՞ պատմել: Տղամարդու տաբատի կոճակներ:

ԱԼԲԻՆՈՍ — Հետո՞ ինչ:

ՍՈՒԼԱ — Ինչ հաստագլուխն ես… Սա մեհյանի հսկիչներից մեկի տաբատի կոճակն է: Սրանցից ես շատ ունեմ: Բոլոր այն տղամարդկանց կոճակները, որոնք իրենց նվաստ ծառայությունն են մատուցել ինձ:

ՖԵԼԻՔՍ — Քեզ ի՞նչ ասացի:

ՍՈՒԼԱ — Սենյակումս թելին շարված, պատից կախված են: Պառկելուց առաջ ես միշտ նրանց աղոթում եմ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Եվ քանի՞սն են այդ կոճակները:

ՍՈՒԼԱ — Ես թվաբանությունից թույլ եմ: Միայն կարող եմ ասել, որ քո կոճակն այնտեղ պակասում է:

ՖԵԼԻՔՍ — Հեռացիր, ասացի:

ՍՈՒԼԱ — Մի բղավիր:

ԱԼԲԻՆՈՍ — Դու մեղք չունես, Սուլա: Քո մեղքն այն է, որ քեզ չի հանդիպել մի տղամարդ, որը կմերկացներ քեզ ու լավ ջարդ կտար:

ՍՈՒԼԱ — Ամեն մեկին, ինչ անցյալ էլ նա ունենա, միշտ մի ամոթալի փաստ հետապնդում է: Իմ փաստը դու ես, Ալբի: Դո՞ւ ինչ ես ժպտում, Ֆելիքս: Որքան էլ տարօրինակ է, քեզ հետ խոսելիք ունեմ:

ԱԼԲԻՆՈՍ — Գնանք, Պոլ, մենք էլ խոսելու բան ունենք: (Դուրս են գնում🙂

ՎԱՍԻԼ — Ե՞ս ինչ անեմՄնա՞մ, թե գնամ… Երևի գնամ: (Դուրս է նետվում:)

ՖԵԼԻՔՍ — Սուլա, ինչո՞ւ արեցիր դա:

ՍՈՒԼԱ — Հիշում եմ, առաջին կոճակը վաստակելուց հետո այրեցի բոլոր տիկնիկներս: Հիմա այս ցեխագունդը պատրաստ եմ այրել:

ՖԵԼԻՔՍ — Դա՞ էիր ուզում ինձ ասել:

ՍՈՒԼԱ — Քեզ արդեն սկսել են կույսե՞րը հետաքրքրել:

ՖԵԼԻՔՍ — Ի՞նչ կույսեր: Այդ մասին չենք խոսում:

ՍՈՒԼԱ — Հռոմից փախած այդ կույսերը…

ՖԵԼԻՔՍ — Սուլա, դու խմած ես:

ՍՈՒԼԱ — …Որ եկել են այստեղ քրիստոնեություն տարածելու:

ՖԵԼԻՔՍ — Հենց դրա համար էլ պարտավոր եմ նրանցով զբաղվել:

ՍՈՒԼԱ- Նրանց պատվին կերուխում սարքել:

ՖԵԼԻՔՍ — Ես իմ մեթոդներն ունեմ: Սուլա, դու իրավունք չունես այդպես դատել: Դու իմ կինն ես, ուրեմն նախ և առաջ քաղաքական գործիչ ես:

ՍՈՒԼԱ — Ֆելիքս, գիտե՞ս՝ դու ինչ ես…

ՖԵԼԻՔՍ — Պետք չէ, Սուլա, խնդրում եմ, ոչինչ մի ասա:

ՍՈՒԼԱ — Ախ, Ֆելիքս, ոնց եմ քեզ զզվեցրել… Այդպես երևի ինձանից զզվել է իմ բարձը: Ես գնահատում եմ ձեր երկուսի տառապանքը: Գիտե՞ս, դուք արտաքինով էլ նմանվել եք իրար: Մի տարբերությամբ, բարձն ավելի շատ շանս ունի ինձ գայթակղելու, քան դու:

ՖԵԼԻՔՍ — Համբերիր, շուտով կգնանք Հռոմ:

ՍՈԻԼԱ — Թքել եմ Հռոմիդ վրա:

ՖԵԼԻՔՍ — Կգնանք Հոոմ, և գիշերները չես ձանձրանա:

ՍՈՒԼԱ — Ոչինչ չի կարող ինձ այս հողից պոկել:

ՖԵԼԻՔՍ — Ինչո՞ւ: Որքան քիչ է երկրի բնակչությունը, տարօրինակ զուգադիպությամբ քչանում է նաև տղամարդկանց քանակը:

ՍՈՒԼԱ — Տղամարդիկ ինձ երբեք չեն հետաքրքրել:

ՖԵԼԻՔՍ — Շատ սրամիտ է:

ՍՈՒԼԱ — Ցավոք, նրանց ստորացնելու ավելի հաջող եղանակ ինձ հայտնի չէ:

ՖԵԼԻՔՍ — Այդ փիլիսոփայությունն այստեղի ծնունդ է: Իսկ դու Հռոմում էլ կարծեմ սուրբ չէիր: Այնպես որ, այդ լեռնոտ փիլիսոփայությունդ քեզ չի փրկի:

ՍՈՒԼԱ — Ինձ ոչինչ չի փրկի:

ՖԵԼԻՔՍ — Դու չե՞ս ուզում Հռոմ վերադառնալ:

ՍՈՒԼԱ — Հռոմ չկա:

ՖԵԼԻՔՍ — Տարօրինակ է, նույն բառերը Նվարդն ասաց, որ Հոոմ չկա, հորինվածք է: Որ այդ միֆը հորինել են՝ իր երևակայությունը գրգռելու համար:

ՍՈՒԼԱ — Ինձ ոչինչ չի կարող գրգռել և ոչ ոք: Առավել ևս լեռների ֆոնի վրա քո տղամարդկային կոչվող ուրվագիծը: Այնպես որ, այս խոսակցության մեջ ոչ մի նպատակ, ուրեմն և իմաստ չեմ տեսնում: (Մի պահ երկուսն էլ լուռ են:) Վերջերս հետս խայտառակ մի բան էր կատարվում: Ամեն օր, կեսգիշերին, բացարձակ մթության ու լռության մեջ հանկարծ ալիքների խշշոց էի լսում: Ժամանակ, տարածություն խառնվում էին միստիկայի մեջ, և ես հայտնվում էի Նեապոլի ծովածոցի մեր ամառանոցում:

ՖԵԼԻՔՍ — Շատ գեղեցիկ է:

ՍՈՒԼԱ — Հենց դրա համար էլ կատաղությունից սիրտս պայթում էր: Ինչ կապ ունի ինձ հետ այդ փսլնքոտ ռոմանտիզմը: Բայց այս գիշեր ամեն ինչ իր տեղն ընկավ: Պարզվեց, որ Ադրիատիկի ալիքների ձայնը հիվանդ Գրետայի շնչառությունն է:

ՖԵԼԻՔՍ — Տխուր է:

ՍՈՒԼԱ — Ծիծաղից մեռել էի: (Լռություն:)

ՖԵԼԻՔՍ — Իմացա՞ր, Թագվորի խոզն ինֆարկտից սատկել է:

ՍՈՒԼԱ — Քաղաքականապես ամենագիտակից խավը խոզերն են: Քեզանից հետո,  իհարկե: Ես սա ասում եմ որպես քաղաքական գործիչ: Բայց քեզ հետ ուրիշ բանի մասին էի ուզում խոսել: Ալբինոսն այս գիշեր նորից ուզում էր ննջարանս մտնել:

ՖԵԼԻՔՍ — Ինչ վերաբերում է կույսերին, պարտավոր չեմ իմ պաշտոնական գործերի մասին քեզ հաշիվ տալ:

ՍՈՒԼԱ — Ֆելիքս, այդ լպիրշն այս գիշեր…

ՖԵԼԻՔՍ — Վերջացնենք այս խոսակցությունը:

ՍՈՒԼԱ — Փալա՛ս: (Հեռանում է🙂

 

Գալիս է Վասիլը:

 

ՎԱՍԻԼ(Ֆելիքսին): Ի՞նչ ես ցցվել, գնա այստեղից:   (Քացով հարվածում է Ֆելիքսի հետույքին🙂 Ասացի՝ չքվիր: (Ֆելիքսը սարսափահար փախչում է🙂 Վասիլը նկատում է անկողնուն դրված Ներսեսի զգեստը, քթի տակ ինչոր բան մրթմրթալով՝ փորձում է հագնել այն: Նման մի բան հաջողվում է: Երաժշտությո՜ւնՎասիլը ոգեշնչված պարում է կանացի շարժումներովՊարում է հրաշալի

 

Գալիս է Պոլկտոսը:

 

ՊՈԼԻԿՏՈՍ — Այդ ի՞նչ ես անում… Հանիր, շուտ արա…

ՎԱՍԻԼ — (Ներսեսին նմանակելով): Պոլի, սիրելիս, զգեստս հավանո՞ւմ ես:

ՊՈԼԻԿՏՈՍ — Հանիր, ասացի:

ՎԱՍԻԼ — Ես քեզ ի՞նչ եմ սովորեցրել… Ի՞նչ պիտի ասել, Պոլի, դե՞…

ՊՈԼԻԿՏՈՍ — Լսիր, այդ ի՞նչ վայրի սովորություն է ամբողջ գիշեր ձի քշել, մինչև կենդանու հալից ընկնելը: Եվ ինչո՞ւ հենց Ֆելիքսի ձին:

 

Վասիլը փորձում է պարը վերսկսել, հանկարծ ներս է նետվում ոտքից գլուխ թրջված Ներսեսը, փաթաթվում Պոլիկտոսին: Անակնկալի եկած Վասիլը կծկվել է մահճակալի անկյունում:

 

ՊՈԼԻԿՏՈՍ — Նեսի, այս ի՞նչ է վիճակդ:

ՆԵՐՍԵՍ — Փառահեղ անձրև է: (Հռհռում է:) Մի ժամ մազերս էր հարդարում, որ հետո ընկնեմ անձրևի տակ: Խեղճ մարդու աշխատանքը ջուրն ընկավ: (Վրդովված:) Կես ժամվա ճանապարհը երկու ժամում եմ եկել: Ի՜նչ անշնորհք մարդիկ են, փողոցները լցված «ազատություն» են գոռում: Եվ դեռ քաղաքակիրթ ազգ են կոչվում: Հռոմում ցույց են անում, պահանջում են աբորտն օրինականացնել, իսկ սրանք ազատություն են գոռում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Դու ճիշտ ես: Ազատություն գոռալուց առաջ նախ պիտի ազատ լինել… Իսկ եթե ազատ ես, ուրեմն գոռալու կարիքը չկա:

ՆԵՐՍԵՍ — Գոռում են, գոռում են… (Հանկարծ ճչում է: Նկատել է մահճակալի անկյունում կծկված Վասիլին: Մոտենում է նրան🙂 Արդեն վերջացրե՞լ է…

 

Ներսեսը բռնում է Վասիլի ձեռքը, նրան իջեցնում մահճակալից, պտտում, հիացմունքով նայում է: Հետո սկսում է Վասիլի վրայից զգեստը հանել: Վասիլը սարսափած Պոլիկտոսին է նայում: Զգեստը հանելիս հանվում է նաև Վասիլի շորը:

 

ՎԱՍԻԼ — Ի՞նչ է անումՊոլ, ի՞նչ է անում…

 

Հանկարծ Ներսեսը ահաբեկված ճչում է:

 

ՊՈԼԻԿՏՈՍ — Ի՞նչ եղավ, սիրելիս, հանգստացիր…

ՆԵՐՍԵՍ — Գոտին, գոտին չի կարել:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ախ, աստված իմ… Նա այդ մասին ինչ-որ բան ասաց: Կարծեմ, կտորը չի բավականացրել:

ՆԵՐՍԵՍ — Ո՞նց թե… Սուտ է ասում: Ձե՞ռ է առել:

ՊՈԼԻԿՏՈՍ — Չեմ կարծում: Գուցե ուրի՞շ բան ասաց, չեմ հիշում: Շորերդ փոխիր, կմրսես:

ՎԱՍԻԼ — (հագնվելով): Աննորմա՞լ է, ինչ է…

ՆԵՐՍԵՍ — (ոգևորված): Հա, Պոլի, վրաս ի՞նչ փոփոխություն ես տեսնում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Վրա՞դ… Աչքերդ փայլում են:

ՆԵՐՍԵՍ — Դա չէ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Շորե՞րդ…

ՆԵՐՍԵՍ — Շորը չէ, դեմքիս նայիր…

ՊՈԼԻԿՏՈՍ — Գեղեցիկ ես: Աչքերդ էլ փայլում են:

ՆԵՐՍԵՍ — Չէ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ո՞նց չէ:

ՆԵՐՍԵՍ — Ուշադիր նայիր:

ՊՈԼԻԿՏՈՍ — Մազերդ կտրե՞լ ես:

ՆԵՐՍԵՍ — Ի՞նչ… Պոլի, ինչե՞ր ես ասում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Դե, լավ, հիմար բանի համար աչքերդ մի լցրու: Ես քեզ ամպի չափ սիրում եմ… Դե, ժպտա:

ՆԵՐՍԵՍ — Ամպի չափ չեմ ուզում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Քիթդ սրբիր: Ես քեզ, իսկապես, շատ եմ սիրում:

ՆԵՐՍԵՍ — Ամպի չա՞փ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Դե, ի՞նչ էիր ասելու: Ի՞նչ է փոխվել:

ՆԵՐՍԵՍ — (ժպտալով): Ականջներս ծակել եմ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ծակե՞լ.. Ինչի՞ համար:

ՆԵՐՍԵՍ — Ո՞նց թե, ականջօղեր եմ կախելու: Ի՞նչ ես նայում: Փոքր, վարդագույն ականջօղեր:

ՊՈԼԻԿՏՈՍ — Վարդագույնը լավ է:

ՆԵՐՍԵՍ — Ո՞նց է, լա՞վ են ծակել:

ՊՈԼԻԿՏՈՍ — Շատ գեղեցիկ, համեստ ծակեր են: Շորդ փոխիր, կմրսես:

ՆԵՐՍԵՍ — Նվարդն ասում է, որ ինձ երկնագույնը կսազի, իսկ ինձ թվում է՝ վարդագույնը:

ՊՈԼԻԿՏՈՍ — Վարդագույնը լավ է:

ՆԵՐՍԵՍ — Ինքը վարդագույն օղեր է կախում…

ՊՈԼԻԿՏՈՍ — Նրա ականջներն է՞լ են ծակած:

ՆԵՐՍԵՍ — Եթե ուզում ես, երկնագույնը կկախեմ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ուզում եմ, շատ եմ ուզում:

ՆԵՐՍԵՍ — Երկնագո՞ւյնը, թե՞ վարդագույնը:

ՊՈԼԻԿՏՈՍ — Երկնագույնը, կամ վարդագույնը: Խնդրում եմ, շորդ այստեղ մի փոխիր:

ՆԵՐՍԵՍ — Ինչո՞ւ… Ինձ նայելն այդքան տհա՞ճ է:

ՊՈԼԻԿՏՈՍ — Չգիտեմ: Ո՛չ, իհարկե:

ՆԵՐՍԵՍ — Թե՞ հուզվում ես:

Վասիլը հռհռում է:

ՊՈԼԻԿՏՈՍ — Քեզ ի՞նչ ասացի… (Ձեռքից բռնած դուրս է տանում:)

ՆԵՐՍԵՍ — Թող, թող…

 

Որոշ ժամանակ բեմում միայն լուռ Վասիլն է:

 

ՎԱՍԻԼՉեմ խոսելու, իզուր մի սպասեքլուռ իրար նայենք, տեսնենք՝ վերջն ինչ է լինելու: (Պատշգամբից դուրս է գալիս Սևերոսը, նպատակասլաց մոտենում է սեղանին, կասկածանքով զննում սրվակի պարունակությունը, հետո սկսում է խմել🙂 Մի աննորմալ էլ՝ սա: (Երգում էԱնհարմոնիկ հնչյունների խառնաշփոթ:)

ՍԵՎԵՐՈՍ — Այդ ի՞նչ ես երգում: (Վասիլը շփոթված սսկվում է:) Հը՞… Ասում ես, ի՞նչ երգ է:

ՎԱՍԻԼ — Ինտերնացիոնալ:

ՍԵՎԵՐՈՍ — Դա ի՞նչ է:

ՎԱՍԻԼ — Երգ: Քո խելքի բանը չէ: Հանճարեղ երգ է: Միայն թե այդ լսողություն կոչվածից մի գրամ չունեմ: Եվ ափսոս, որ բառերը մոռացել եմ: (Շարունակում է երգել🙂 Բայց լավ եմ երգում:

ՍԵՎԵՐՈՍ — Հանճարեղ երգ է: (Գալիս է, փռվում անկողնուն:) Ափսոս, բառերը մոռացել ես:

 

Վասիլը լռում է: Ոգևորված հայտնվում է Ներսեսը՝ նոր զգեստը հագին:

 

ՆԵՐՍԵՍ — Հը՞, Պոլ, հավանո՞ւմ ես:

ՍԵՎԵՐՈՍ — Աչքիս չեմ հավատում: (Տեղից բարձրանում է🙂 Դու այն Լուլո՞ւն ես, որին այնքան հեշտորեն սեր էի խոստովանում:

ՆԵՐՍԵՍ — Եվ այնքան հեշտորեն մոռանում:

ՍԵՎԵՐՈՍ — Ճիշտ չէ, ես տառապել եմ:

ՆԵՐՍԵՍ — Զգացվում է:

ՍԵՎԵՐՈՍ — Չե՞ս ուզում ինձ համբուրել:

ՆԵՐՍԵՍ — Ես հենց դա եմ երազում: (Դադարից հետո թեթև համբուրում է🙂 Ինչո՞ւ ես եկել: Ներիր, վիրավորելու համար չասացի: Շորս հավանո՞ւմ ես:

ՍԵՎԵՐՈՍ — Իսկ դու ի՞նչ ես կարծում: Ինչո՞ւ եմ եկել:

ՆԵՐՍԵՍ — Ուրեմն, դու չե՞ս զոհվել:

ՍԵՎԵՐՈՍ — Մտքովս էլ չի անցել: Դա Ֆելիքսի հորինածն էր, որ քեզ Պոլիկտոսի հետ ամուսնացներ:

ՆԵՐՍԵՍ — Հիմա ի՞նչ…

ՍԵՎԵՐՈՍ — Հիմա եկել եմ սխալն ուղղելու:

ՆԵՐՍԵՍ — Սխալ չի եղել:

ՍԵՎԵՐՈՍ — Ֆելիքսն այդ կարծիքին չէ:

ՆԵՐՍԵՍ — Ուրեմն, նա՞ է քեզ կանչել:

ՍԵՎԵՐՈՍ — Խեղճը ծերացել է: Գույնն էլ մի բան չէ… Երիկամում էլ քար կա: Մարդ ճիշտ այնչափով է դժբախտ, որչափ փորձում է իրենից ավելին երևալ:

ՆԵՐՍԵՍ — Եվ ճիշտ նույնչափ երջանիկ, որքանով այդ բանը հաջողվում է:

ՍԵՎԵՐՈՍ — Դու ի՞նձ նկատի ունես:

ՆԵՐՍԵՍ — Չի բացառվում: Ասում ես, Ֆելիքսը քեզ կանչել է, որ սխալդ ուղղե՞ս… Իսկ Պոլիկտոսը հաշիվ չէ՞:

ՍԵՎԵՐՈՍ — Ուզում ես ասել, որ դուք իրար խելագարի պես սիրում եք, իսկ ես եկել եմ ձեր երջանիկ օջախը քանդելու: Այս ոճն այստեղ ընդունված է:

ՆԵՐՍԵՍ — Խանդո՞ւմ ես:

ՍԵՎԵՐՈՍ — Ինչպես յուրաքանչյուր կնոջ, որն իմը չէ:

ՆԵՐՍԵՍ — (մի պահ լռելուց հետո): Չասացիր, շորս հավանո՞ւմ ես:

ՍԵՎԵՐՈՍ — Նա վատ տղամարդ չէ, բայց շատ թերություններ ունի, որոնք եթե միացնենք, կդառնա միակը: Դա այն է, որ նա ես չեմ:

ՆԵՐՍԵՍ — Այո, նա չունի ինքնասիրահարվածության քո խելագար թերությունը:

ՍԵՎԵՐՈՍ — Եվ դա քեզ դո՞ւր է գալիս:

ՆԵՐՍԵՍ — Դա էլ իմ թերությունն է: Միակը:

ՍԵՎԵՐՈՍ — Իսկ շորդ հավանում եմ: Անհասկանալի հանվող կանացի զգեստներն իմ թուլությունն են: (Փորձում է քանդել Ներսեսի զգեստի կոճակները🙂

ՆԵՐՍԵՍ — Թո՛ղ:

ՍԵՎԵՐՈՍ — Ինձ համար դա կնոջ միակ ընդունելի առեղծվածն է:

ՆԵՐՍԵՍ — (ապտակում է): Բաժանվելիս վերջին բառը, որ քեզ ասացի՝ անասունն էր: Այս ամբողջ ժամանակ խիղճս տանջում էր: Հիմա վերջապես հանգստացավ:

ՍԵՎԵՐՈՍ — Դու ճիշտ ևս: Ամեն մարդկային բան խորթ է ինձ: Ծննդից մինչև մահ: Ինձ մայր չի ծնել: Ինքս եմ ինձ ծնել: Եվ ավելի մեծ տառապանքով: Բայց ես անասուն չեմ: Ես կհարգեի անասուններին, եթե նրանց նույն այդ վարքը պայմանավորված լիներ գիտակցությամբ: Այնպես որ, իմ էգոիզմը հիմնավոր է: Թո՜ւ, զզվում եմ կնոջ մոտ փիլիսոփայող տղամարդուց: Եվ վերջապես, եթե մարդն իր մեջ կարողանա հաղթել անասունին, կդառնա լիարժեք անասուն: Իսկ շորդ շատ եմ հավանում:

ՆԵՐՍԵՍ — Այս գիշեր…

ՍԵՎԵՐՈՍ — Սկիզբը հետաքրքիր է:

ՆԵՐՍԵՍ — …երազում քեզ եմ տեսել:

ՍԵՎԵՐՈՍ — Ամենաչսիրածս զբաղմունքն է հայտնվել կանանց երազներում… այն էլ քնած ժամանակ:

ՆԵՐՍԵՍ — Հերոս դառնալով՝ ինչ-որ բան քո մեջ փոխվել է:

ՍԵՎԵՐՈՍ — Մեզիս մեջ շաքարն ավելացել է:

ՆԵՐՍԵՍ — Սևերոս, ես քեզ, իսկապես, սպասում էի:

ՍԵՎԵՐՈՍ — Չեմ հասկանում, ինչո՞ւ չես նետվում գիրկս:

ՆԵՐՍԵՍ — Դու միակ մարդն ես, որ կարող է ինձ օգնել:

ՍԵՎԵՐՈՍ — Ես քեզ գիտեմ, հիմա մի խայտառակ բան կասես:

ՆԵՐՍԵՍ — Փրկիր Պոլիկտոսին:

ՍԵՎԵՐՈՍ — Ինձ ասել էին, որ այդ մասին չգիտես: Սրտաճմլիկ պատմություն է: Ափսոս, ծիծաղս գալիս է, թե չէ լաց կլինեի:

ՆԵՐՍԵՍ — Խնդրում եմ:

ՍԵՎԵՐՈՍ — Իսկ ինչո՞ւ Ֆելիքսին չես խնդրում: Եթե լաց լինես, գուցե մի բան ստացվի, հը՞:

ՆԵՐՍԵՍ — Նա արցունքներից կատաղում է:

ՍԵՎԵՐՈՍ — Իսկ Պոլիկտո՞սը… Եթե նա զղջա…

ՆԵՐՍ ԵՍ — Դու նրան չգիտես: Եվ հետո, նա չգիտի, որ ես այս ամենին տեղյակ եմ:

ՍԵՎԵՐՈՍ — Բայց դրանից ինձ ի՞նչ օգուտ: Խիստ բարոյական լռություն: (Հանկարծ ծիծաղում է🙂 Հիշեցի, ոնց էինք երեխա ժամանակ տաշտակով ջուրը դնում արևի տակ ու լողանում… մերկ:

ՆԵՐՍԵՍ — Ճիշտ չէ:

ՍԵՎԵՐՈՍ — Ո՞նց թե՝ ճիշտ չէ:

ՆԵՐՍԵՍ — Դու երբեք չէիր մերկանում: (Սևերոսը ծիծաղում է:) Ֆելիքսը քեզ կլսի:

ՍԵՎԵՐՈՍ — Հետո՞:

ՆԵՐՍԵՍ — Հետո պիտի հեռանաս:

ՍԵՎԵՐՈՍ — Այդքա՞նը:

ՆԵՐՍԵՍ — Հետո ուզում եմ, որ չժպտաս:

ՍԵՎԵՐՈՍ — Մոտ արի: (Ձեռքից քաշելով🙂 Մի վախենա, չեմ խփի… Ուզում ես ինձ ստորացնե՞լ:

ՆԵՐՍԵՍ — Քո մասին չեմ մտածել:

ՍԵՎԵՐՈՍ — Դա քո սխալն է: Բայց դեռ ուշ չէ:

ՆԵՐՍԵՍ — Դու ուզում ես պայմա՞ն առաջարկել:

ՍԵՎԵՐՈՍ — Ինչի՞ համար: Ես առանց պայմանի էլ իմ ուզածին հասնում եմ: Իզուր ես ժպտում, ես դեռ չեմ որոշել, թե ինչ եմ ուզում:

ՆԵՐՍԵՍ — Սրիկա, տականք… (Փորձում է խփել, բայց ավելի շատ, կարծես, պաշտպանվում է:)

ՍԵՎԵՐՈՍ — Մի րոպե, ճշտենք, սրիկա՞, թե՞ տականք:

ՆԵՐՍԵՍ — Անասուն:

ՍԵՎԵՐՈՍ — Իսկ հիմա ներողություն խնդրիր:

ՆԵՐՍԵՍ — Ներողություն:

ՍԵՎԵՐՈՍ — Եվ հետո, ես ու դու բարեգործությամբ ենք զբաղվելու:

ՆԵՐՍԵՍ — Ի՞նչ բարեգործություն:

ՍԵՎԵՐՈՍ — Կարծեմ, բարեգործական:

ՆԵՐՍԵՍ — Եվ այս ամենից հետո դու կարող ես ինձ հետ…

ՍԵՎԵՐՈՍ — Հատկապես այս ամենից հետո:

ՆԵՐՍԵՍ — Լսիր, չեմ նայի, որ հերոս ես, այնպես կհասցնեմ քո թանկարժեք տեղերին:

ՍԵՎԵՐՈՍ — Չարժե… ճիշտ է, լեզուս չար է, բայց ես… Ֆելիքսը ո՞նց է ասում… հա, սիրտս մաքուր է:

ՆԵՐՍԵՍ — Չքվի՛ր: Թե չէ տղամարդու հայհոյանք կուտես:

ՍԵՎԵՐՈՍ — Գնում եմ, դրա կարիքը չկա: Իսկ շորիդ մասին չհասցրինք կարգին զրուցել: (Գնում է:)

ՆԵՐՍԵՍ — Անասո՛ւն: (Նետվում է անկողնուն, գլուխը թաղում բարձերի մեջ, քիչ անց, զգալով դռան մեջ կանգնած Ալբինոսի ներկայությունը, վեր է թռչում:) Դո՞ւ ինչ ես ուզում… Լսո՞ւմ էիր: Շուն: Մոտ արի: Ասացի՝ մոտ արի: Բռնիր ձեռքս… համբուրիր… ձեռքս չէ, ապո՛ւշ… ի՞նչ ես շշմել, սիրի՛ր ինձ… թող, թող ասացի… անասուն… (Նորից նետվում է անկողնուն, հեկեկում…) Դեռ այստե՛ղ ես… Չքվի՛ր, շո՛ւտ…

ՎԱՍԻԼ — (ճակատին է հարմարեցնում Ներսեսի գուլպայի կապիչը): Է՜խ… Գժվում եմ անձրևոտ եղանակի համար… Սատանան ասում է՝ մերկանամ, նստեմ Ֆելիքսի մերկ ձին ու գժվեմ: Միակ վախս ծիածանի վտանգն է… Յախկ… ճիշտը գիշերն է… Վասիլը նորից լուռ է, լսվում է միայն նրա շնչառությունը… Երևի մի անգամ էլ քամակս քորեմ..

 

Գալիս է Պոլիկտոսը, մոտենում անկողնուն:

 

ՊՈԼԻԿՏՈՍ — Ներսե՛ս… Պո՛լա…

ՎԱՍ ԻԼ — Ո՞նց… էլի քնե՞ց…

 

Պոլիկտոսը նստում է անկողնուն, երկար նայում քնած Ներսեսին:

 

ՎԱՍԻԼ — Նորից եմ կրկնում, ով ինչ ուզում է՝ թող ասի, այս ներկայացումը սիրո մասին է:

 

Պոլիկտոսը մի կողմ է տանում Ներսեսի մազերը, զգուշորեն համբուրում:

 

ՎԱՍԻԼ — Եվ շատշատ երեխաների

ՊՈԼԻԿՏՈՍ — Ի՞նչ…

ՎԱՍԻԼ — Աղջիկներիդ դաշնամուրի կտայիր, այստեղ դա ընդունված է:

ՊՈԼԻԿՏՈՍ — Փորձե՞լ ես խոսելուց առաջ մտածել:

ՎԱՍԻԼ — Երբեք: Ոչ առաջ, ոչ էլ հետո: Խոսելուց առաջ մտածելը, առնվազն, հաճելի չէ, իսկ խոսելուց հետո նաև՝ վնասակար:

ՊՈԼԻԿՏՈՍ — Կապիչը հանիր:

ՎԱՍԻԼ — (շպրտում է կապիչը): Վազեմ փողոց… Ինձ սպասում են: Իսկ դաշնամուր չեմ սիրում: Ինչպե՞ս կարելի է երաժշտական գործիքը նստած նվագել: (Դուրս է նետվում:)

 

Ներսեսը, ասես քնած չէր, նստում է անկողնում, ամուր գրկում Պոլիկտոսին:

 

ՊՈԼԻԿՏՈՍ — Նե՛սի, ի՞նչ եղավ… Էլի՞ երազ ես տեսել:

ՆԵՐՍԵՍ — Ինձ Նե՛սի մի ասա:

ՊՈԼԻԿՏՈՍ — Լավ, Նեսի: Իսկ ի՞նչ ասեմ:

ՆԵՐՍԵՍ — Պոլի: Ուզում եմ, դու էլ ինձ Պոլի ասես:

ՊՈԼԻԿՏՈՍ — Լավ, Պոլի:

ՆԵՐՍԵՍ — Ես քեզ սիրում եմ, Պոլի:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ես էլ քեզ եմ սիրում, Պոլի: Ամպի չափ: Դե, աչքերդ սրբիր:

ՆԵՐՍԵՍ — Աչքիս մեջ բան է ընկել…

ՊՈԼԻԿՏՈՍ — Թող, տեսնեմ…

ՆԵՐՍԵՍ — Պոլի…

ՊՈԼԻԿՏՈՍ — Մի շարժվիր:

ՆԵՐՍԵՍ — Ուզում եմ մի բան խոստովանել:

ՊՈԼԻԿՏՈՍ — Աչքդ մի թարթիր:

ՆԵՐՍԵՍ — Ես քո առաջ մեղավոր եմ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Կարո՞ղ ես հանգիստ կանգնել:

ՆԵՐՍԵՍ — Պոլի, այսօր քիչ մնաց՝ քեզ դավաճանեի:

ՊՈԼԻԿՏՈՍ — (փչելով աչքի մեջ): Անցա՞վ…

ՆԵՐՍԵՍ — Ոնց որ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Երբ աչքերդ խոնավանում են, կանաչ գույնը շատանում է:

ՆԵՐՍԵՍ — Պոլի, ես միայն քեզ եմ սիրում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ես էլ քեզ, Պոլի:

ՆԵՐՍԵՍ — Ամպի չա՞փ… Ի՞նչ ես մտածում:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ինչի՞ մասին:

ՆԵՐՍԵՍ — Գիտե՞ս, երեկ մի պահ մտածում էի՝ Քրիստոսը ե՞րբ է ծնվել, մեր թվարկությունից առա՞ջ, թե հետո… Պոլի, լուրջ մտածում էի՝ Քրիստոսի ծննդից առա՞ջ, թե հետո…

 

Ծիծաղ: Ներս է մտնում Սուլան՝ գիշերազգեստով, առանց խալաթի:

 

ՆԵՐՍԵՍ — Սուլա՞:

ՍՈՒԼԱ — Մի կողմ քաշվիր, մայրիկիդ տեղ տուր:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ես գնամ պատշգամբ:

ՍՈՒԼԱ — Իհարկե, թե չէ ստիպված կլինես քեզ գայթակղող աչքերդ հանել:

ՊՈԼԻԿՏՈՍ — Սուլա, փողոցային կնոջ դերը քեզ չի սազում:

ՍՈՒԼԱ — Թքա՛ծ: Պոլ, դու միակ տղամարդն ես, որին ես չկարողացա ստորացնել: Բայց եթե ինձ մի հատիկ սիգարետ չտաս, կարծիքս կփոխեմ:

ՆԵՐՍԵՍ — Նա չի ծխում:

ՍՈՒԼԱ — 0, me misera!

ՆԵՐՍԵՍ — Անձրև է, բայց տոթ: Օդ չկա: (Գնում է պատշգամբ:)

ՍՈՒԼԱ — Միայն մի թերություն քեզ չեմ կարող ներել, մարդկային ցեղին պատկանելու քո թուլությունը:

ՊՈԼԻԿՏՈՍ — Դե, դա ուղղելի թերություն է:

ՍՈՒԼԱ — Քեզ չի՞ հետաքրքրում, թե ով է քեզ մատնողը: Այդպես մի նայիր, ես չեմ: Ես, այս դեպքում, ընդամենը Ալբինոսի մատնիչն եմ: Ինչ հոյակապ է հնչում: Պոլ, դու մարդկանց չես ճանաչում: Դա արդեն անուղղելի թերություն է: Իսկ ես չեմ ուզում ճանաչել քո Աստծուն: Իմը գոյություն չունեցող մեղավոր աստվածներն են: Ինչպես հիվանդ գերմարդն է վկայում՝ Աստված մեռել է: Բայց չի ասում՝ ինչից: Բարությունն անպաշտպան է… Երևի հարբուխից, կամ փորկապությունից: Ավելի շուտ՝ կանացի ինչ-ինչ հիվանդությունից:

ՊՈԼԻԿՏՈՍ — Սուլա, երբ աչքիցս հեռու ես, քեզ ճիշտ եմ ընկալում: Ինչո՞ւ ես ճգնում ավելի լկտի երևալ: Ուզածդ ի՞նչ է:

ՍՈՒԼԱ — Ինչ կարող է ուզել դուրս ընկած կինը տղամարդուց: (Պատշգամբի դռան մեջ հայտնված Ներսեսին🙂 Իզուր ես կարմրում, Լինա, ուզածս ուժ է:

ՆԵՐՍԵՍ — Սուլա, դու ուժեղ մարդ ես:

ՍՈՒԼԱ — Ձա՛յնդ… Դու էիր պակաս: Ես մարդ չեմ: Ես ռնգեղջյուր եմ, որն ամբողջ թափով անդունդ է սլանում, իսկ դուք բոլորդ վրաս կպած թռչուններ եք… Պոլի, ոչինչ չասես, խնդրում եմ: Ես հարգում եմ քո լռությունը:

ՆԵՐՍԵՍ — Անձրևը հեղեղի պես թափվում է: Ամբոխն էլ ցրվել է:

ՍՈՒԼԱ — Ամբոխը ցրվել է, Պոլ, գնա պատշգամբ: Պավլինեի հետ խոսելու բան ունեմ: Գնա և աչքիցդ հեռու պատկերացրու ինձ՝ ինչպես սիրտդ ուզի:

ՊՈԼԻԿՏՈՍ — Սուլա, միակ հեթանոս բանը քո մեջ լեզուդ է: (Գնում է պատշգամբ:)

ՆԵՐՍԵՍ — Չասացիր, շորս հավանո՞ւմ ես:

ՍՈՒԼԱ — Գույնը քեզ սազում է:

ՆԵՐՍԵՍ — Իսկապե՞ս:

ՍՈՒԼԱ — Այդ մեկը չեմ կարող ասել:

ՆԵՐՍԵՍ — Ուզում եմ Նվարդին նվիրել: Ի՞նչ կասես:

ՍՈՒԼԱ — Չի վերցնի: Այդ քնձռոտ շորդ ո՞ւմ է պետք:

ՆԵՐՍԵՍ — Քնձռոտը դու ես:

ՍՈՒԼԱ — Լինա, քեզ մի գաղտնիք ասեմ:

ՆԵՐՍԵՍ — Երդվում եմ, ոչ մեկին չեմ ասի:

ՍՈՒԼԱ — Շատ պետքս է:

ՆԵՐՍԵՍ — Ինչ մարդ ես, Սուլա:

ՍՈՒԼԱ — Այս գիշեր տեսա Պոլիկտոսի Աստծուն:

ՆԵՐՍԵՍ — Երազո՞ւմ:

ՍՈՒԼԱ — Գլուխ չհանեցի: Սոսկալի էր: Նման հայհոյանքներից սատանան անգամ կփախչեր:

ՆԵՐՍԵՍ — Նա քեզ հայհոյո՞ւմ էր:

ՍՈՒԼԱ — Ո՞վ կարող է քո մայրիկին հայհոյել: Պիտի տեսնեիր, ոնց էր երեխայի խոշոր, երկնագույն աչքերը  վրաս չռել: Երբ մենակ մնացի, նոր միայն գիտակցեցի նրա ներկայությունը:

 

Ներսեսը մոտենում է, գրկում նրան: Ներս է գալիս Ալբինոսը:

 

ԱԼԲԻՆՈՍ — Ես մի րոպեով միայն: Պոլիկտոսն այստեղ չէ՞: Քիչ առաջ… Չգիտեմ ոնց ասեմ… Բանն այն է, որ Նվարդն ու Սևերոսը փախել են… Այսինքն. միասին մեկնել են Հռոմ:

ՍՈՒԼԱ — (թաշկինակով սրբում է Ներսեսի արցունքները): Քիթդ էլ սրբե՞մ:

ՆԵՐՍԵՍ — Թող ինձ… Ես նրանց համար չեմ լաց լինոմ:

ՍՈՒԼԱ — Այս աշխարհում ոչինչ չարժե, որի համար քո սիրունիկ աչքերը խոնավանան:

ՆԵՐՍԵՍ — Սուլա, դիտավորյալ էիր ասում, չէ՞, որ շորս քնձռոտ է, որ նվիրելիս չափսոսամ:

ՍՈՒԼԱ — Մտքովս էլ չի անցել: Շատ պետքս է քնձռոտ շորիդ համար քեզ սիրաշահել:

ՆԵՐՍԵՍ — Զզվանք:

 

Ծիծաղում են:

 

ԱԼԲԻՆՈՍ — Ես գնամ:

ՍՈՒԼԱ — Ճիշտ ես անում, որ ասում ես: Եթե չասես, ինչ իմանանք, որ գնացել ես:

 

Ալբինոսը լուռ հեռանում է:

 

ՆԵՐՍԵՍ — Հրեշտակ էր երևակայում:

ՍՈՒԼԱ — Կնոջը երբեք չի կարելի հավատալ: Ինչպես և տղամարդուն: Նույն աղբն է:

ՆԵՐՍԵՍ — Թողնես՝ նկարի արյան շրջանառությունը, բացատրի՝ ինչպես է արյունը ձախ նախասրտից մտնում աջ փորոքը, ձախ փորոքից՝ աջ նախասիրտը…

ՍՈՒԼԱ — Ինչ հիմարություն:

ՆԵՐՍԵՍ — Ձեռքե՞րս ինչի են դողում: Սուլա, կարո՞ղ ես ասեղը թելել:

ՍՈՒԼԱ — Իհարկե, տուր տեսնեմ: Միայն ցույց տուր, թե անցքը որ կողմում է:

ՆԵՐՍԵՍ — Շա՜տ պետքս են… երկուսից էլ զզվում եմ: (Նետվում է անկողնուն🙂 Գնա, Սուլա, ինձ մենակ թող, խնդրում եմ:

ՍՈԻԼԱ — Իզուր ես խնդրում, դա իմ անհամեստ երազանքն է: (Գնում է: Ներսեսը գլուխը թաղում է բարձերի մեջ:)

ՎԱՍԻԼ — Ժամանակն է այս անհեթեթությանը արագ վերջ տալ… Ոնց են ասո՞ւմ, լավ վերջը գործի սկիզբն է… Նման մի բան:

ՆԵՐՍԵՍ — (հանկարծ անկողնում նստելով): Վասի՞լ…

ՎԱՍԻԼ — Ես եմ: Մի վախեցիր: Խնդրիր ուզածդ: Քեզ համար ամեն ինչ կանեմ: (Նստում է կողքին, գլուխը շոյում:) Ուզո՞ւմ ես՝ հավի նման թռչկոտեմ ու կչկչամ, կուզե՞ս՝ մլավեմ: (Ներսեսը հանկարծ փաթաթվում է նրան:) Պետք չի, հանգստացիր: Հիմա ես քեզ, ինչ ուզես, կպատմեմ: Ուզո՞ւմ ես՝ ասեմ, թե ում հետ ինչ է լինելու… Պոլիկտոսի մասին, հասկանալի է, ասելու բան չկա… Դե, Սևերոսն ու Նվարդը Հռոմում են, դու դա գիտես… Նրանք շատ երեխաներ կունենան, աղջիկներ՝ մեկը մեկից այլանդակ ու դուրս ընկած…

ՆԵՐՍԵՍ — Չեմ ուզում, որ այդպես լինի:

ՎԱՍԻԼ — Իսկ Սուլան կախվելու է: ՖելիքսըՉեմ հասկանում, նրան պիտի որ Հռոմ կանչած լինեին, կամ գոնե ավտովթարի զոհ պիտի լիներ: Բայց, երևում է, նրա մահը, ինչպես և կյանքը, ոչ ոքի պետք չիՍուլայի մասին ասացի… Ալբինոսը…

ՆԵՐՍԵՍ — Չեմ ուզում, մի շարունակիր:

ՎԱՍԻԼ — Քո մասին չե՞ս ուզում լսել: Քո և Պոլիկտոսի կապը հենց սկզբից սխալ էր: Աստվածները դա չեն ներում:

ՆԵՐՍԵՍ — Կչկչա:

ՎԱՍԻԼ — Ի՞նչ

ՆԵՐՍԵՍ — Կչկչա և թռչկոտիր:

ՎԱՍԻԼ — Բայց դու հակառակը պիտի հրամայես:

ՆԵՐՍԵՍ — Կչկչա՛, ասացի:

ՎԱՍԻԼ — Ասենք, երազում ամեն ինչ կարող է թարս ու շիտակ լինել:

 

Սենյակով մեկ թռչկոտում է, կչկչում:

 

ՆԵՐՍԵՍ – Հիմա մլավիր… իսկ հիմա սողա: Սողա՛, ասացի… էլի, էլի՛… ավելի արա՛գ…

ՎԱՍԻԼ — (վեր է կենում, հևում է): Վե՜րջՕ՜ֆ… Քեզ ի՞նչ եղավ… Հանգստացիր, սիրելիս, լաց մի լինի… Հիմա կքնես, և ամեն ինչ լավ կլինի… Դե, քնիր… Կքնես և ասածներս կմոռանաս… Այ, ապրես… (Հաջորդող տեքստի ընթացքում ներս է մտնում Պոլիկտոսը:) Երբ կայարանում Սևերոսին ու Նվարդին ճանապարհ էի դնում, աչքս ընկավ Սասունցի Դավթի արձանին, ավելի ճիշտ, ձիու սմբակների տակ տեղադրված համբերության բաժակին: Հավերժորեն թափվող համբերության բաժակ: Դաժան խորհուրդ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Նե՛սի, քնա՞ծ ես:

ՎԱՍԻԼ — Քնած է… Իսկ ասածիս սկիզբը չլսեցի՞ր… Նվարդին ու Սևերոսին ճանապարհեցի Հռոմ: Մի խոսքով, միասին փախել են: Լուռ ես: Ես միշտ էլ ունեցել եմ վստահությունը, որ այս պիեսը սիրո մասին է: Սեր-հրդեհ, սեր-մահ, սեր-կարիճ, սեր-խաչելություն… Մեխերն ավելի ու ավելի են խրվում ափերի մեջ, բայց ցավը ներսում է, կրծքի խորքում… արյան շիթը հոսում է քունքն ի վար, լցվում աչքերի խոռոչնե՛րը, կոկորդը… դե, աղոթիր, աղոթի՛ր… «Հայր մեր, հեռու տար ինձնից այս դառը բաժակը»… Կարծում եմ, հանդիսատեսը կգնահատի, ներկայացմանն արժանավայել ֆինալ է ստացվում… Իսկ ոտքերում սառնություն է… Ոչ մի ցավ, ընդհակառակը, գետնից կտրված լինելու անամոթ հաճույք…

ՆԵՐՍԵՍ — (վեր թռնելով): Պոլ… սիրելիս… Ես սոսկալի երազ էի տեսնում:

ՎԱՍԻԼ — Ես ասելիքս վերջացրի: Ներկայացումը շարունակելու ամեն փորձ, կարծում եմ, դատապարտելի է և դատապարտված: Բայց և անիմաստ եմ համարում միջամտությունը դեպքերի բնականոն ընթացքին:

ՊՈԼԻԿՏՈՍ — Պոլի, ես…

ՆԵՐՍԵՍ — Մի ասա, խնդրում եմ… Չեմ ուզում ոչինչ լսել:

ՊՈԼԻԿՏՈՍ — Դե, սրբիր աչքերդ և ժպտա:

ՆԵՐՍԵՍ — Ժպտում եմ: Պոլի, հիշո՞ւմ ես, մեր ամուսնության հաջորդ օրը… Ֆելիքսի նվիրած սպիտակ ձին… Ի՞նչ էր անունը, Պոլի, հիշո՞ւմ ես:

ՊՈԼԻԿՏՈՍ — Վասիլ:

ՆԵՐՍԵՍ — Ոնց էինք խեղճ կենդանուն ոտքից գլուխ ջրաներկով նկարազարդել: Հետո տարանք գետը լողացնելու… Ինչ գեղեցիկ էր: Պոլի, ուզում եմ մեռնել:

ՊՈԼԻԿՏՈՍ — Հավատա ինձ, ամեն ինչ ճիշտ է և գեղեցիկ: Հավատա վերջին անգամ:

ՆԵՐՍԵՍ — Ես քեզ հավատում եմ, բայց չեմ ներում: Համբուրիր ինձ:

ՎԱՍԻԼ — Առաստաղի կարիճն իմ հանդեպ մի առավելություն ունի. նրա համբերությունն անսպառ է: Որքա՞ն կարելի է լսել անհաճո այս զրույցները, իմաստ տալ նրանց անիմաստությանը, անզարդը՝ զարդարելԵվ այսպես, ուր որ է՝ վարագույրը կիջնի, և մեր ակամա տառապանքը կվերջանա: Իսկ վարագույրից այն կողմ ներկայացումը վախճան չունի, ինչպես և՝ մեր կամավոր տառապանքը: Վերջ: Սա է: Բոլորը բե՛մ:

Մտնում են Ֆելիքսն ու Ալբինոսը:

ՖԵԼԻՔՍ — Սուլան այստեղ չէ՞…

ՎԱՍԻԼ — Սուլա՞ն ուր է… Ես ասացի՝ բոլորը: Նաև՝ Հռոմ մեկնածները: Պայմանականությունը թողնենք: Ֆինալը պետք է հանդիսավոր լինի:

 

Ներս են մտնում Սևերոսն ա Նվարդը, հետո՝ Սուլան: Վասիլը ցատկում է Ֆելիքսի ուսերին: Երկար, խորհրդավոր լռությունը խախտում է Ֆելիքսը:

ՖԵԼԻՔՍ — Ի՞նչ է եղել, ինչո՞ւ եք հավաքվել:

ԱԼԲԻՆՈՍ — Լուլուն քնի մեջ ճչաց:

ՎԱՍԻԼ — Ի՞նչՆման բան չի եղել:

ՖԵԼԻՔՍ — Ճչա՞ց… Ինչո՞ւ:

ՊՈԼԻԿՏՈՍ — Բան չկա, Ֆելիքս, երազ է տեսել:

ՖԵԼԻՔՍ — Երևի երազ է տեսել:

ՎԱՍԻԼ — Սպասեք, սպասեք, ինչե՞ր եք խոսում…

ՆՎԱՐԴ — Թեյ բերե՞մ…

ՎԱՍԻԼ — Դա արդեն եղել է… Սկզբում… Իսկ սա ֆինալն է:

ՆԵՐՍԵՍ — Ինչո՞ւ բոլորս լռեցինք:

ՎԱՍԻԼ — Ներսեսը քրիստոնյա է դառնալու և գնալու է մենաստան: Կարծես թե վերջ: Աչքերս սառեցին:

ՍՈՒԼԱ — Ռիլկեից մի արտահայտություն հիշեցի, ժամանակը դատարկ սենյակում:

ՎԱՍԻԼ — Սուլան կախվելու է:

ՖԵԼԻՔՍ — Աչքերս սառեցին:

ՎԱՍԻԼ — Եվ այսպես, բեմը լցված է արյամբ և թշնամանքով: Վշտից և հուսահատությունից բոլորը համրացել են:

ՖԵԼԻՔՍ — (գլուխը քորելով): Մարդ պետք է օրվա մեջ գլուխը գոնե հինգ րոպե քորի:

ՎԱՍԻԼ — Նոր միայն սկսվում է Ֆելիքսի կյանքի գիտակից շրջանը: Նա հուշեր կգրի, կհորինի անցյալ, որտեղից կվտարի կասկածըԲայց ապագա հորինել այլևս ի վիճակի չէ:

ՖԵԼԻՔՍ — Գլուխ քորելը շատ օգտակար է:

ՆԵՐՍԵՍ — Ո՞ւմ համար է օգտակար:

ՖԵԼԻՔՍ — Ո՞նց թե՝ ում համար, քորողի:

ՆԵՐՍԵՍ — Ֆելիքս, եթե ես քո գլուխը քորեմ, ո՞ւմ համար օգտակար կլինի:

ՍՈՒԼԱ — Ինձ համար: Եթե դու Ֆելիքսի գլուխը քորես, Նվարդը քորի Սևերոսի գլուխը, Ալբինոսն էլ՝ Գրետայի, ես ու դու, Պոլի, հինգ րոպե ժամանակ կշահենք… իրար գլուխ քորելու համար:

ՎԱՍԻԼ — Սա ի՞նչ խոսակցություն է… Յախկ… (Հանդիսատեսին.) Դուք էլ մեղքի ձեր բաժինն ունեք, ո՞ւր են ձեր սուլոցները, նեխած ձվերը:

ՆՎԱՐԴ — Օրը քսան անգամ սրբիր, այս սարդոստայններին վերջ չկա:

ՎԱՍԻԼ — Եվ այսպես, ողբերգությունը շրջանցել է իմացության սահմանը, ուր գաղտնիքը շրջանակված չէ բամբասանքով:

ՆԵՐՍԵՍ — Ֆելիքս:

ՖԵԼԻՔՍ — Ի՞նչ:

ՆԵՐՍԵՍ — Խնդրում եմ:

ՖԵԼԻՔՍ — Չեմ հասկանում:

ՆԵՐՍԵՍ — Խոստացիր, որ չես մերժի:

ՖԵԼԻՔՍ — Քեզ երբևէ մերժե՞լ եմ:

ՆԵՐՍԵՍ — Կչկչա, խնդրում եմ:

ՖԵԼԻՔՍ — Վերջ տուր:

ՆԵՐՍԵՍ — Դու խոստացար:

ՆՎԱՐԴ — Պավլինե, անհարմար է:

ՍԵՎԵՐՈՍ — Ուզածն ի՞նչ է, Ֆելիքս:

ՆԵՐՍԵՍ — Դու չե՞ս լսել, ոնց է Ֆելիքսը կչկչում:

ՖԵԼԻՔՍ — Ներսես, վերջ տուր:

ՆԵՐՍԵՍ — Ֆելիքս, Սևերոսը չի լսել: Կչկչա, խնդրում եմ: (Սևերոսին.) Իսկական հավից չես տարբերի:

ՖԵԼԻՔՍ — Սա ի՞նչ բան է:

ԱԼԲԻՆՈՍ — Ֆելիքս, գուցե իսկապե՞ս կչկչաս:

ՖԵԼԻՔՍ — 0, tempora, о mores!

ՍԵՎԵՐՈՍ — Եթե հավն իմանար, որ ինքը թռչուն է՝ կթռչեր:

ՎԱՍԻԼ — Բայց հավի խելք ունի:

ՍԵՎԵՐՈՍ — Բայց հավի խելք ունի:

ՎԱՍԻԼ — Եվ դարձյալ լռությունվերջնական, անվախճանՈրն արդեն ոչ ոք ի վիճակի չէ խախտել:

 

Պատշգամբի դռան շեմին կանգնած Ներսեսը ճչում է:

 

ՆԵՐՍԵՍ — Շուտ, շուտ, բոլորդ պատշգամբ:

ՍԵՎԵՐՈՍ — Ի՞նչ է եղել…

ՎԱՍԻԼ — Երևի կարիճին է տեսել:

ՆԵՐՍԵՍ — Ծիածան:

ՎԱՍԻԼ — Ի՞նչ:

ՆԵՐՍԵՍ — Ծիածան: Ամբողջական, կլոր ծիածան:

ԱԼԲԻՆՈՍ — Չի կարող պատահել:

ՎԱՍԻԼ — Յա՛խկ:

 

Բոլորը նետվում են պատշգամբ: Մնում են Սուլան ու Ֆելիքսը: Վասիլը կծկվել է սենյակի անկյունում:

 

ՍՈԻԼԱ — Դո՞ւ ինչի չես վազում ծիածանը նայելու: (Ծիծաղում է🙂 Ա՜, մոռացել էի, որ դալտոնիկ ես:

ՖԵԼԻՔՍ — Հեռու, քեզնից գինու հոտ է փչում:

ՍՈՒԼԱ — Այ, եթե սիգարետի հոտ էլ փչեր…

ՎԱՍԻԼ — Ծիածանն էր պակաս: Սուտն էլ պիտի չափ ունենա:

ՍՈՒԼԱ — Սուտն էլ պիտի չափ ունենա: Այս հողի վրա ծիածանն այնքան անիրական է:

ՎԱՍԻԼ — Եվ անտեղի:

ՍՈՒԼԱ — Նաև անտեղի, որ թվում է ծաղր: Անսպասելիորեն մերկացած մի կույս պոռնիկ…

ՖԵԼԻՔՍ — Սուլա, պետք չէ:

ՍՈՒԼԱ — Մի պոռնիկ, որ մինչև վերջ արժեզրկում է այս մեծ խաղի քաղքենի մտահղացումը…

ՎԱՍԻԼ — Լավ ես ասում, Սուլա, շարունակիր:

ՍՈՒԼԱ — Աստվածները խելքները դրել են իմ խելքին, խոսքերը մեկ արած՝ անում են ամեն ինչ, որ հանկարծ ոչինչ իմ կյանքի գորշությունը չխախտի: Այս հողակտորը գլոբուսից դուրս է, այն չի պտտվում, և ծիծաղելի է գիշեր-ցերեկվա՝ իրար հաջորդելու այս անհաջող դավադրությունը: Այս օդում բարդ ու անհասկանալի խելոք մտքեր են լցված… Բարոյախոսություն, քարոզ, սրտխառնոց… Օդի փոխարեն մենք անեծք ենք շնչում:

ՎԱՍԻԼ — Ես ի՞նչ էի ասում, անեծք, ցավ, թուղթ ու գիր:

ՍՈՒԼԱ — Իսկ ամենաահավորը այս երկրի հայելիներն են: Դաժան, դալտոնիկ հայելիները: Ինձ կատաղեցնում է իմ հանդեպ ունեցած նրանց ատելությունը:

ՎԱՍԻԼ — Սուլան կախվելու է:

ՍՈՒԼԱ — Հիշեցի Հռոմի ննջարանի իմ բարի, միամիտ հայելին: Աստված իմ, ի՜նչ երջանիկ էի այդ անխելք հայելու մեջ:

ՖԵԼԻՔՍ — Խաղաղվիր, սիրելիս:

ՍՈՒԼԱ — Գնա պատշգամբ, Ֆելիքս, գնա քո սև-սպիտակ ծիածանը նայելու:

 

Պատշգամբից վերադառնում են գրկախառնված Պոլիկտոսն ու Ներսեսը: Վերջինս լալիս է:

 

ՖԵԼԻՔՍ — Ներսե՛ս, ի՞նչ է եղել: (Գրկում է🙂 Ամեն ինչ լավ կլինի, այ, կտեսնես: Ես քեզ հետս Հռոմ եմ տանելու:

ՆԵՐՍԵՍ — Չեմ ուզում:

ՖԵԼԻՔՍ — Պոլ, ի՞նչ է եղել:

ՊՈԼԻԿՏՈՍ — Ոչինչ, ծիածանն անհետացավ:

ՖԵԼԻՔՍ — Ամոթ է, վերջ տուր: Երեխա՞ ես, ինչ է… Դե, արցունքներդ սրբիր, քեզ համար նոր փեսացու եմ գտել: (Մի պահ լռություն:) Ուզո՞ւմ ես, քեզ համար կչկչամ:

ՆԵՐՍԵՍ — Հա:

ՖԵԼԻՔՍ — Ի՞նչ…

ՆԵՐՍԵՍ — Ուզում եմ: Դե, կչկչա:

Ֆելիքսն սկսում է կչկչալ… Պատշգամբի դռների մեջ հայտնվում են Սևերոսն ու Նվարդը: Ֆելիքսը սենյակով մեկ կչկչալով թռչկոտում է: Նրան է միացել ոգևորված Վասիլը: Վարագույրը դանդաղ իջնում է: Վասիլը վերջին պահին հասցնում է խոնարհվել:

 

* Վասիլի նկարագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Իսկ պատից կախված «Արարատի» փոխարեն ժամանակակից մոդեռն գլուխգործոցի վերատպությունն է:

 

Կարդացեք նաև