Նորայր ՀԵՐԳՆՅԱՆ

Նորայր ՀԵՐԳՆՅԱՆ

 

Լևոն Քալանթարի անվան դրամատիկական

թատրոնի դերասան

 

Սիրելի՛ կոլեգաներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Նոր Տարին։ Ցանկանում եմ բոլորիս աշխատանքային եռանդ և ստեղծարար միտք։ Թող կատարվեն բոլորիս նվիրական երազանքները։

2019 թվականը մեր` Լևոն Քալանթարի անվան Դրամատիկական թատրոնի համար, նշանակալից տարի էր։ Տարվա սկզբին մեր թատրոնի խաղացանկը համալրվեց Մուշեղ Իշխանի «Կիլիկիո Արքան» ներկայացումով, որը եկավ հանդիսատեսին հիշեցնելու, որ հայի տեսակը, հայի արյունը, նույնիսկ օտարության մեջ, չի դադարում խոսել պապենական հողերի կանչի ու պատմական Հայաստանի անսփոփ կարոտի մասին։ Ներկայացումը մեծ սիրով ու ջերմությամբ ընդունեց տեղի հանդիսատեսը։ Տարվա ընթացքում խաղացվեցին նաև թատրոնի մնացած ներկայացումները։

Սեպտեմբերին կայացավ «Թատերական Գավառ» փառատոնը, որի ընթացքում հյուրընկալեցինք Հայաստանի տարբեր թատրոններին` իրենց հիանալի ներկայացումներով։ Մեր հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց փառատոնի գաղափարը և մասնակցեց մեծ պատրաստակամությամբ։ Հուսով ենք, «Թատերական Գավառը» կդառնա ամենամյա փառատոն և կշարունակի գեղագիտական հաճույք պատճառել մեր թատերասեր հանդիսատեսին։

Տարին ամփոփեցինք «Անտառի առեղծվածը» տոնածառային ներկայացմամբ։

Հուսով եմ, 2020 թվականը կկրկնապատկի և կբազմապատկի ստեղծագործական աշխատանքները ոչ միայն մեր, այլև բոլոր թատրոններում։

Թատրոնների դերասաններին, ռեժիսորներին, դրամատուրգներին, նկարիչներին և գեղարվեստական կազմերին ցանկանում եմ մասնագիտական նոր ձեռքբերումներ և անսպառ եռանդ ու նվիրում։ Թատրոնների սպասարկող անձնակազմին ցանկանում եմ զգոնություն ու մասնագիտական հմտացում։ Բոլոր թատերական գործիչներին, քննադատներին, մեկենասներին ու հովանավորներին ցանկանում եմ, որ իրենց նվիրումն ու սերը ավելի մեծ շառավիղ ստանա։ Թող ձեր, մեր և բոլորի ընտանիքներում տիրի խաղաղությունն ու սերը։

Կարդացեք նաև