Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
Հրազդանի քաղաքային թատրոնի
գեղարվեստական ղեկավար և տնօրեն

Ամենամեծ ուրախությունն անցած տարում թատրոնի ջեռուցումն էր: Քսանութ տարի անընդմեջ թատրոնը չէր ջեռուցվում: Խոստանում են ավելացնել հաստիքների քանակը: Պատկերացնո՞ւմ եք, վաթսունվեց տարվա թատրոնը պաշտոնապես գույք չունի. եղած գույքը և տեխնիկան պատկանում են մասնավորի: Այս տարիների ընթացքում ստեղծվել է մոտ 5000 կտորից բաղկացած հանդերձարան, ռեկվիզիտանոց: Մաշվել է լուսավորման և ձայնագրման տեխնիկան, բեմի հանդերձանքը: Թատրոնի տեխնիկական և սանիտարա-հիգիենիկ հարցերը լուծվում են թատրոնի սեղմ անձնակազմի ջանքերի շնորհիվ: Անցած տարիների ընթացքում հաշված ներկայացումներ են ֆինանսավորվել, իսկ վերջին 10 տարում ոչ մի ներկայացում չի ֆինանսավորվել ու ծախսեր չեն նախատեսվել: Բայց ներկայացումներ, տարեկան գոնե մեկ անուն, բեմադրվել է: Բեմադրվել են հին ներկայացումների վերաձևավորման և հին հագուստների վերակարման հաշվին: Այդ պատճառով շատ ներկայացումներ խաղացանկից դուրս են մնացել: Հույս ունենք, որ գալիք տարում նշածս թերությունների մի մասը գոնե իր լուծումը կունենա:
***
Թող բոլոր թատրոնները իրենց ներկայացումներով ավելի մոտ կանգնեն կյանքին: Թող շուկայականացումը չհոշոտի թատրոնը: Թող որ հանդիսատեսի գերիշխող մասը լյումպենը չլինի: Թող թատրոնները գեղարվեստական որոնումների և խիզախ հարցադադրումների վայր լինեն: Թող գալիք տարին խաղաղության և ուրախության տարի լինի, որ թատրոնները հարցեր ու լուծումներ առաջարկեն: Թող բոլոր երկրներում խաղաղություն լինի:

Կարդացեք նաև