«ԹԱՏԵՐԱԿԱՆ ԼՈՌԻ»

1979 թվականին ժողովրդական տոնախմբության շուքով հեքիաթային Լոռու Ակներ գյուղում ծնունդ առած «Թատերական Լոռի» փառատոնը շատ շուտով ինքնաբուխ հաստատվեց պղնձագործների հինավուրց բնօրրան Ալավերդի քաղաքում։ Մեկնարկելով որպես ինքնագործ թատրոնների ամենամյա ստուգատես՝ 1980-ականներից դարձավ ժողովրդական թատրոնների փառատոն։ ՀՀ մայրաքաղաքի, մարզերի, Արցախի և Վրաստանի հայկական թատրոններին միմյանց ճանաչելու և արժևորելու պարբերական հնարավորություն ընձեռելով՝ փառատոնն այնուհետև, առանց ժանրային և թեմատիկ սահմանափակումների, ի զորու եղավ իր հյուրընկալ տիրույթում համախմբելու բազմափորձ պրոֆեսիոնալների և շնորհաշատ ինքնագործների, ստեղծագործական տարբեր նկարագրեր ձևավորած նորահայտ և անվանի թատերագործիչների։
2006 թվականից համայնքային թատրոններին զուգահեռ փառատոնին սկսեցին մասնակցել նաև պրոֆեսիոնալ թատրոններ Հայաստանից և արտասահմանյան երկրներից: «Թատերական Լոռի» փառատոնը էապես նպաստում է Լոռու մարզի բնակչության անմիջական հաղորդակցությանը թատերարվեստի արդի զարգացումներին, Հայաստանի տարբեր տարածաշրջանների և աշխարհի տարբեր երկրների ժողովուրդների միջև միջմշակութային երկխոսության կայացմանը: Եվ՝ ոչ միայն։ Նաև տնտեսական ակտիվության որոշակի նախադրյալներ ստեղծեց, հենց նրա շնորհիվ Ալավերդում սկսեցին գործել մի շարք բարեկարգ հյուրատուն-հյուրանոցներ։
2012-ից «Թատերական Լոռի» փառատոնն ընդլայնեց իր տարածքային շրջանակները։ Բացի Ալավերդուց, որտեղ հիմնականում անցկացվում է մրցութային ծրագիրը, մասնակից թատերախմբերը ներկայացումներով սկսեցին հանդես գալ նաև Վանաձորում և Սպիտակում, Ստեփանավանում և Նոյեմբերյանում: Ընդհանուր առմամբ փառատոնին մասնակցել են բազմատասնյակ թատերախմբեր Հայաստանից, Վրաստանից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից, Ճապոնիայից, Իրանից ու Բելոռուսից: Մասնագիտական հանձնախումբը, նկատի առնելով նաև ամենօրյա հանդիսատեսային գնահատականները, որոշում է մրցութային 14 անվանակարգերում հաղթողներին, որոնց անունները հրապարակվում են փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ։ Սահմանված են հայ թատերարվեստի նվիրյալների անունն ու գործն ապրեցնող մի շարք խրախուսական մրցանակներ։
2010 թվականին տոնական մեծ շուքով անցկացվեց 20-րդ հոբելյանական փառատոնը: Նրա գեղարվեստական ղեկավարությունը ստանձնեց ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։ Արդեն 25 տարի «Թատերական Լոռու» գործադիր տնօրենն է Ալավերդու քաղաքային թատրոնի գլխավոր ռեժիսոր և հայտնի հեռուստալրագրող Հրաչյա Պապինյանը, խաղացանկային քաղաքականության և բովանդակային հարստացման գլխավոր համակարգողը մոտ մեկ տասնամյակ գրականագետ-թատերագետ և մշակութային մեկնաբան Նվարդ Ասատրյանն է։
2012-ից «Թատերական Լոռին» առանձնահատուկ մեծարանքով ձեռնարկեց բեմարվեստի ականավոր գործիչների և համազգային կարևորության հոբելյանների նշանավորումը. 21-րդը նվիրված էր Հայաստանի ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի 75, 22-րդը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի 85, 23-րդը՝ Հայաստանի երրորդ հանրապետության հռչակման 25 ամյակներին: 24-րդ «Թատերական Լոռու» «գլխավոր հերոսը», ի նշանավորումն ծննդյան 150-րդ տարեդարձի, Հովհաննես Թումանյանն է լինելու։ Չեն մոռացվում նաև արդի հայ թատերարվեստի ճանաչված գործիչների և թատրոնների հոբելյանները՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Երվանդ Ղազանչյանի և Ալեքսանդր Գրիգորյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, ԵՊՀԹ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի, Վլադիկավկազի Եվգենի Վախթանգովի անվան ակադեմիական, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական և Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնների, ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Հրաչյա Ղափլանյանի և Հենրիկ Մալյանի, ՀՀ ժողովրդական արտիստներ Հրաչյա Գասպարյանի և Վահե Շահվերդյանի: Կազամկերպվել են վարպետության դասընթացներ, ցուցահանդեսներ և էքսկուրսիաներ, հոբելյանական թատերական հանդիպումներ դրամատուրգներ Կարինե Խոդիկյանի և Նելիի Շահնազարյանի հետ։ «Թատերական Լոռի» միջազգային 21-րդ փառատոնի ամբողջ ընթացքում Ալավերդու քաղաքային կենտրոնական գրադարանում գործել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես. ի դեպ, ՀԳՄ հրատարակչության նորընծա գրքերը և Կարինե Խոդիկյանի հրատարակած «Դրամատուրգիա» 15-ամյա պարբերականի ամբողջ փաթեթը տոնական ցուցադրությունից հետո համալրել են գրադարանի ֆոնդը: «Русский мир» հիմնադրամի և Ռուսաստանի գիտության և մշակույթի «Ռուսհամագործակցություն» երևանյան կենտրոնի աջակցությամբ պարբերական դարձան «Ռուսական թատրոնի օրերը»։ Միջազգայնացման միտում ի հայտ բերած 21-րդ «Թատերական Լոռու» արդյունքներով Գյումրիից հետո Ալավերդին ճանաչվեց «Տարվա լավագույն մշակութային համայնք»։

Ֆինանսատնտեսական վերջին դժվարին տարիներին փառատոնի կենսունակության գլխավոր հովանավորը 2006-ից դարձավ «Վալլեքս» ընկերությունների խումբը (նախագահ՝ Վալերի Մեջլումյան), ամենահուսալի աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը: Փառատոնի հովանավորներն են՝ Լոռու մարզպետարանը, Ալավերդու, Վանաձորի, Ստեփանավանի և Սպիտակի քաղաքապետարանները, կազմակերպիչները՝ «Հրատ» մշակութային-հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Լեյլի Հարությունյան), Ալավերդու քաղաքապետարանը, Հայաստանի թատերական գործիչների միությունը (նախագահ՝ Հակոբ Ղազանչյան): Ինֆորմացիոն գլխավոր հովանավորներն են Ալավերդու «Անկյուն + 3» և մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությունները։

Կարդացեք նաև