ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ. Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

2020 թվականը հոբելյանական է դրամատուրգ, երգիծաբան ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆԻ համար: Իհարկե, դժվար է հավատալ, որ կենսասեր ու կենսախինդ, անխոնջ ստեղծագործող, «ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» հանդեսի ամենաբեղմնավոր հեղինակներից մեկը արդեն 70 տարեկան է: Բայց ինչպես պնդում է ոչ պակաս կենսախինդ ու երգիծաբան Լեոնիդ Լիբկինդը՝ «Մենք երիտասարդ ենք, քանի դեռ չենք մտածում  ծերունավարի»: Ուրեմն՝ ի սրտե շնորհավորելով բարեկամ գրչընկերոջս ու հրաշալի դրամատուրգին, հպանցիկ նշեմ այդ 70-ն ու «ծանրանամ» նրա հարուստ գրական հունձքի վրա, որպես մեկնակետ վերադառնալով արդեն հեռավոր 2002 թվականի ապրիլ ամիսը: Օրը մոռացել եմ, բայց լավ եմ հիշում, ինչպես «Գրական թերթի» աշխատասենյակս մտավ՝ թղթապանակը թևի տակ, բայց «նյութը», սովորականի պես, թերթի համար չէր բերել: «Վերջին ծաղրածուն» պիեսն էր, որը և դարձավ մեր այսքա՛ն տարիների բարեկամության, գործընկերային ազնիվ համագործակցության սկիզբը: Հետո… մեկը մյուսի ետևից հանդեսում տպագրվեցին «Սիմոն արքան», «Սերը պահարան չի հարցնում»… չշարունակեմ, ցանկը երկար, շա՜տ երկար կստացվի: Ընդամենը փաստեմ, որ երկու օր առաջ Սամվել Խալաթյանը ուղարկեց հերթական՝ հենց օրերս ավարտած պիեսը, որը կայքում կտեղադրվի մի երկու օրից (թատերական պաուզան ու ինտրիգն այստեղ շա՛տ էլ տեղին են):

Սիրելի Սամվել, իմ լավ բարեկա՛մ, ընդունիր նման առիթով ընդունված բոլոր բարեմաղթանքներն ու ևս մեկը՝ անձամբ իմ կողմից. ապրես և ստեղծագործես քո՛ երազած Երկրում և քո՛ երազանքի Թատրոնի համար:

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԵՏԱՀԱՅԱՑ

Կայքի ընթերցողներին ենք ներկայացնում Սամվել ԽԱԼԱԹՅԱՆԻ՝ տարբեր տարիներին գրված պիեսներից հատվածներ, որոնք առանձնացրել ենք հեղինակի ընտրությամբ:

 

40 ՕՐ ՀԱՄԲԱՌՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ

Տրագիկոմեդիա

1999 թ.

Բեմադրվել է Վանաձորի (1999 թ.), Գյումրիի (2000 թ.), Երևանի երիտասարդական («Փոսի», 2001 թ.), Ստեփանակերտի (2002 թ.), Կապանի (2003 թ), Երևանի Երիտասարդական-փորձարարական (2009 թ.), Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան (2012 թ.) պետթատրոններում, Երևանի «STAGET» արտիստական թատրոն-ստուդիայում՝ «Մարդասպազմները» վերնագրով (2013 թ.):

 

***

ՍԱՆՈՅԱՆ — Ը՛մ-դա՜… Էս Աստծու գործերն էլ հետաքրքիր են, է՞… Վերևում ի՜նչ կուզես՝ արա, բայց մեռնելուցդ հետո՝ օրենքի տակ ես, արածներիդ համար զղջա՛, Աստծու գործերին մի խառնվի ու, պաժալուստա՝ ա՛ռ քեզ դրախտի պուտյովկա: Լավ է, էդ մասին վերևում չգիտեն, որ իմանան՝ իրար կուտեն…

ՎԵՆԵՍՈՒԵԼԱ — (Գոգիին թևանցուկ, հարբած երգում է՝ հիստերիկ գոռալով): Սայլո՜րդ, մի քշիր ձիերի՜ն… էլ տե՜ղ չունեմ, որ շտապե՜մ… չունեմ մե՜կը, որ ինձ սիրի՜…  Շա՛ն տղա, մի՛ քը՛-շի՛… Սանոյա՜ն, բաժակը լից: (Սանոյանը չի շարժվում:) Վենոյին նեղացնում ես, հա՞… (Ծնկում, մեկնվում է դեպի շիշը, մի կերպ վերցնում, բարձրացնում է:) Խմենք էն տղամարդու կենացը, որի կնիկը… Կը՛-նի՛-կը՛… Գոնե մտքով… Մտքի՜ի-ի  ծե՛-րո՛վ… բոզություն չի արել: (Շշից խմում է: Գոգին ապտակում է նրան: Լացակումած:) Վենոյին նեղացնում ես, հա՞…

ԳՈԳԻ — Մեր մերերն էլ են կնիկ եղել… Ամեն ինչ չափ ու սահման պիտի ունենա:

ՎԵՆԵՍՈՒԵԼԱ — Մեռածի չափը ո՞րն ա… Մետրուկես փոս: Դա է չափը: (Փորձում է ոտքի կանգնել, բայց օղու ազդեցության տակ սայթաքում, գետնին գալարվում է:) Փո՛ս, Փո՜ս ու բո՜զ… բո՜զ ու խո՜զ… (Հիստերիկ ճչում է:) Աստված ջա՜ն, կյանքս առար, հոգիս էլ առ՝ պրծնե՜մ… (Հեծեծում է:)

ԱՐԱՄԱԶԴ — (մտքերի հետ): Եթե մարդն առանց դիմակի, առանց շպարված պայմանականությունների այսպես է ապրելու, էլ ինչո՞ւ է ծնվում… Ո՞ւմ են պետք գիտունները, կոմպոզիտորները, հանճարեղ նկարիչներն ու գրողները… Ո՞ւմ են պետք նրանց աստվածային ստեղծագործությունները, եթե դրանք ամբոխն օգտագործելու է սոսկ իր նողկալի հոգու կեղտը ծածկելու համար… ներքնաշորի պես: Թարախը ծածկող վիրակապի պես: (Գլուխն ափերի մեջ է առնում:)

ՄԱՅՐԱՆՈՒՇ — Չէ, որդի, մի ասա: Էդ գիտուններն էլ թե չլինեին, աշխարհը մի անհաղթահարելի գիշատիչ գազան կունենար, անունը՝ մարդ… Վիրակապը միայն վերքի տեսքը փակելու համար չէ: Բուժող է: Վերքին դարման է:

ԱՐԱՄԱԶԴ — Դժոխքը՝ չգիտեմ, բայց էս քառասուն օրը անտանելի՜ է…

 

 

 

ՀՐԱՄԱՅՎԱԾ  Է ԱՊՐԵԼ

 

Պիես մեկ գործողությամբ, տասներկու դրվագով

2007 թ.

Բեմադրված չէ:

 

***

Մտնում է Սամսոնը` երիտասարդների հետ: Նրանց ձեռքին սղոց կա:

ՍԱՄՍՈՆ — (շինծու պաթոսով): Մայրանուշ տատ, տոնդ շնորհավոր: (Ուղեկիցներին.) Ահա այն մայրիկը, ով իր մինուճար որդուն ճանապարհեց ռազմաճակատ… Հերոսի՜ մայր, հերո՛ս մայր:

ՄԱՅՐԱՆՈՒՇ — (վատ բան գուշակելով): Ի՞նչ կա, Սամսոն:

ՍԱՄՍՈՆ — Շենքավորը խնջույքի է գնացել, հա՞: Շատ ճիշտ են արել: Բա քեզ ինչի՞ չեն տարել, Մայրանուշ տատ: Դու պակաս քեֆ կանեի՞ր… (Երիտասարդներին.) Այս բակի մասին քիչ առաջ լսեցիք: Հին տան տեղում շուտով բարձրահարկ օֆիս կկառուցվի, Մայրանուշ տատն էլ, առո՜ք-փառո՜ք, կգնա ու լուսավոր մի շենքում կապրի` բաղնիքո՜վ, բանո՜վ… Չէ՞, Մայրանուշ տատ…

ՄԱՅՐԱՆՈՒՇ — (աչքը սղոցից չի կտրում): Ինչո՞ւ ես եկել, Սամսոն…

ՍԱՄՍՈՆ – Ա՛յ Մայրանուշ տատ, որ տոն օր է, ձեռքներս ծալած նստե՞նք: Ախր, հազար գործ կա: Այ, էս ծառն, օրինակ, ապագա փողոցին խանգարում է, էս չափարները, մնացած զիբիլը մաքրել է պետք… Մայրաքաղաք է՞, թե՞ Կոնգոյի որբանոց:

ՄԱՅՐԱՆՈՒՇ — Ծառը մայթի վրա թողեք, Սամսոն:

ՍԱՄՍՈՆ — Ասում ես, էլի՜… պրոյեկտ կա, բան կա՜…

ՄԱՅՐԱՆՈՒՇ — (ձայնը կերկերում է): Մի արա, Սամսոն…

ՍԱՄՍՈՆ — Ո՞նց չանեմ: Կարգադրություն է:

ՄԱՅՐԱՆՈՒՇ — Մի արա, Սամսոն, քեզ մատաղ լինեմ, մի արա… Դու հո գիտես, որ սա Բաբկենիս տնկած ծառն է, Բաբկենս է…

ՍԱՄՍՈՆ — Է՜-է՛… Ես կուզե՞մ, որ ծառ կտրվի: Բայց որ խանգարում է՞:

ՄԱՅՐԱՆՈՒՇ — (փլվում է ծնկներին): Ես չոքեչոք, ոտաբոբիկ քաղաքապետարան կգնամ, կաղաչեմ, կպաղատեմ, ինձ կհասկանան… Դու մի արա, Սամսոն, խնայի՜…

ՍԱՄՍՈՆ – Տո, վեր կաց կանգնի, է՞: Դրա ժամանակն է՞: Երկիրը, իմացար, հսկայական քայլերով առաջ է գնում, դու քո ծառի դարդն ես… Ծառ է, էլի՛, մեկի տեղը հազարը կտնկենք: (Տղաներին.) Սկսե՛ք:

ՄԱՅՐԱՆՈՒՇ — Չե՜մ թողնի… (Գրկում է ծառը:) Չե՜մ տա՛… Կարկուտին թևերս փռել, պաշտպանել եմ… Արևին` հով եմ արել… Աշխարհքը քնած է եղել, ես նանիկ եմ ասել, խոսել եմ հետը… Իրար հետ ծիծաղել ենք ու լաց եղել… Ձմռան օրերն եմ հաշվել, թե ե՞րբ է գարունը բացվելու, որ ճյուղ տա, կանաչի… Չե՜մ տա, չե՜մ թողնի…

ՍԱՄՍՈՆ — (շփոթված տղաներին): Ադա, սկսեք, է՞: Ձեզ չասի՞ն, պարոն Սամսոնն ինչ ասի` կատարեք:

Տղաները վարանոտ մոտենում են:

ՄԱՅՐԱՆՈՒՇ — (դողացող ձեռքերը կարկառում է տղաներին): Ձեզ մատաղ լինեմ, տղերք ջան, մի՛ արեք… Սա… Սա ծառ չի… Սա իմ փայփայած երեխան է… Ձեր հասակին էր, որ գնաց բանակ… Ինքն էր տնկել ծառը… Նամակ էր գրում… ռազմաճակատից նամակ էր գրում ու հարցնում… Հարցնում էր` կանաչո՞ւմ է, մեծացե՞լ է ծառը… Մի՜ արեք, բալեք ջան, մի լսեք նրան… խնայե՜ք…

ՍԱՄՍՈՆ — Բա քու կարծիքով մեր քաղաքը էսպես պիտի մնա, էլի՞… Նոր սերունդը լուսավո՛ր, գեղեցի՛կ քաղաք չպիտի ունենա, զբոսնելու, զվարճանալու տեղ չպիտի ունենա… Ամբողջ կյանքում ձեզ պես պիտի մտնի խոնավ բունը, դուրս գա` հայաթը ջրջնի, որ քամին փոշին երկինք չհանի… Նոր կյանք ենք կառուցում, Մայրանո՛ւշ, նոր կյա՛նք… Մեզ համար չենք կառուցում: Այ, էս սերնդի համար ենք կառուցում, նրանցն է լինելու երջանիկ կյանքը (Տղաներին.) Գործ արեք, մեծ կին է, չի հասկանում… (Փորձում է Մայրանուշին ոտքի կանգնեցնել:)

Կտրուկ, չենթարկվող շարժումով Մայրանուշը վանում է նրան, հենվելով ծնկներին՝ ոտքի է կանգնում, թևաթափ, կարկամ քայլում է դեպի ցնցուղը: Ծառին քսվող սղոցի ձայնից ցնցվում, գամվում է տեղում:

ՄԱՅՐԱՆՈՒՇ — Ա՛-ա՜խ…  Դիմացի, բալես… (Վերցնելով ցնցուղը` ետ է դառնում:) Դիմացի՛… Ես ո՞նց եմ դիմանում… Ո՞նց է, որ չի պայթում իմ սիրտը… (Ցնցուղը ցած դնելով կարկառում է ձեռքերը:) Էս ի՞նչ գազան եմ, որ դիմանում եմ էս ցավի՜ն… Ա՛յ ժողովուրդ, ա՛յ աշխարհք, էս ի՞նչ մոր սիրտ է, որ դիմանում է՜… Էս ի՞նչ աչքեր են, որ չեն կուրանո՜ւմ… Էս ի՞նչ հող է, որ ինձ կուլ չի տալի՜, էս ի՞նչ երկինք է, որ չի փլվում գլխի՜ս… (Ծառին.) Երազումս հարսանիքդ էր… Պարում էի… Ո՜նց էի պարում… (Ձեռքերը շարժելով:) Տարա-նինա՜… Նին-ննի- նինա՜… Ա՛-ա՜խ… Մասրենու փուշը մատդ ծակել էր: Ասի` բեր պաչեմ, կլավանա… Պաչեցի: Ասիր` մամ, ցավն անցավ… Կանցնի, բա՞… Էս ո՞նց է, չես ասում` ցավում է… (Համբուրում է ծառը:) Կանցնի, բալես, էս ցավն էլ կանցնի… Մենակ հո քոնը չի՞… Աշխարհքի ցավն է… Կանցնի… Ուշք չդարձնելով սղոցողներին, պտտվելով ծառի շուրջբոլորը, ջրում է: Տարուբերվող սղոցի ձայնի հետ` ավելի ու ավելի լսելի է դառնում նրա երգը:

ՄԱՅՐԱՆՈՒՇ — Ուլունք եմ շարել, կապել օրոցքիդ,

Չար աչքերի դեմ, մեր չար թշնամու,

Քնիր, բոյ քաշիր, բոյիդ ես մեռնեմ,

Դու լաց մի լինի, ես շատ եմ լացել…

Ծառի ճռռոցով տապալվելու հետ` ճչում, ուշագնաց ընկնում է:

 

 

 

ԱՐՏԱՎԱԶՔ ՀԻՆԳ ԱՍՏՂԱՆԻ

 

Ֆարս երկու գործողությամբ

2015 թ.

Բեմադրված չէ:

 

***

ԱՐՏԱՎԱԶԴ – (առաջանալով, ահեղաձայն): Ի՞նչ է կատարվում այստե՜ղ:

ՁԱՅՆԵՐ.

— Արտավա՜զդը…

— Թագավո՜րը…

— Արքա՜ն…

ՄԱՐՇՈ – (թագը Արշոյին գլխից հանելով): Շե‎ֆ, սըկի…

ԱՐՏԱՎԱԶԴ – (հավաքված բազմությանն ու լրագրողներին տիրաբար զննելով): Դուք… Դուք չեք հասկանում, թե ի՜նչ եք անում: Դուք չգիտեք, թե ո՞վ եք դուք և որտե՞ղ եք դուք: Ես չհասկացա, թե ի՞նչ աշխարհ է սա… Շրջեցի ձեր հայոց մայրաքաղաք Երևանում և անհասկանալի աշխարհներ տեսա՝ «Ձկների աշխարհ», «Մարմարի աշխարհ», «Կոշիկի աշխարհ», «Ներկերի աշխարհ», «Կահույքի աշխարհ»… Ես հարցրի՝ իսկ որտե՞ղ է հայոց աշխարհը… Եվ ի՞նչ իմացա, օ՜ Արամազդ, ի՜նչ իմացա… Դուք ամբողջ հայոց աշխարհը տեղավորել եք մեկ քաղաքի մեջ՝ Զեյթունը, Արեշը, Կիլիկիան, Մարաշը, Արաբկիրը… Ինչպիսի՜ դժբախտություն: Մի՞թե ես այսպիսի երկիր եմ թողել ձեզ… Այդ վայրերը հասնելու համար օրերով պիտի գնայիք, բայց… բայց տեղ եք հասնում կես ժամում՝ «Մարշրուտկա» կոչվող տուփի մեջ կռացած… Բայց ո՜ւր էր, թե միայն դա՛ լիներ: Ձեզ համար Գեղարդը երշիկ է, Գառնին՝ լավաշ, Անին, Դվինը, Արարատը, Վասպուրականը՝ կոնյակ, Արենին, Հրազդանը, Իջևանը՝ գինի, Աշտարակը կաթ է, Լոռին՝ պանիր, Ապարանը թան է, Գյումրին՝ գարեջուր, Կարսը՝ խորոված… Դուք ամեն օր ուտո՜ւմ եք Հայաստանը… (Սթափվում է:) Վե՜րջ… Վե՛րջ: Ես ետ եմ գնում: Գնում եմ, սակայն գալու եմ, իմացե՛ք: Էլի ետ եմ գալու և եթե, Արամա՛զդը չարասցե, հայոց երկիրը նույն վաճառատուն-շոփը մնաց՝ վա՜յ ձեզ… վա՜յ ձեզ: (Դադար: Գլխահակ:) Օ՜ չարքեր, ետ տարեք ինձ… (Սուրը ցած դնելով՝ ծնկում է:) Դուք հաղթեցիք:

Որոտ, մշուշ, որի մեջ անհետանում է Արտավազդը:

ՔԻՍՈ – (ողբաձայն ծղրտոցով): Էս ի՞նչ արիր, Արտո ջա՜ն… (Թևատարած մղվում է կախ տված նկարին:) Էս ի՞նչ արի՜ր… (Ապշած ետ է քաշվում:) Սա… սա ո՞ւմ նկարն է… Փոխել են… Արտավազդ թագավորի նկարը չի… թագավորի նկարը չի՜…

ԱՐՇՈ – (տիրաբար մոտենում, նստում է գահին, իրեն մատնացույց անելով): Թագավորի՜նն է… Նման չի՞: (Ձեռքը մեկնում է՝ սեղանից վերցնելու թագը, բայց Սեթոն ճանկում է ու գլխին դնելով՝ նստում է մյուս գահին:)

ՍԵԹՈ – Փոխե՜լ նկարը: Այդտեղ իմ նկարը պիտի լինի:

ՄԵԹՈ – Վա՜յ, ես քու… (Հարձակվում է Սեթոյի վրա:) Թագը դեսը տուր, գո՜ղ…

ՍԵԹՈ – (կառչելով թագից): Խլե՜զ…

ՉԻՆՈՎՆԻԿ – (վազքով գալիս է բեմառաջ, փլվում ծնկներին, տարածում ձեռքերը): Ժողովո՜ւրդ, պաշտպանեք ձեր թագավորի՜ն, ետ տվեք իմ թա՜գը: (Մղվում է խլելու թագը:)

ԱՐՇՈ – Էդ ո՞ւմ ինվենտարի վրա եք բազար անում, արա՜…

Գզվռտոց: Աղմուկ: Մի կողմ քաշված, թևաթափ կանգնած քահանայի ու Վարսիկի կողքին Մոմիկը ջութակով, ներշնչանքով նվագում է «Մեր հայրենիքը»: Խցիկի առջև, խոսափող բռնած Նարան դիմում է դահլիճին. «Հարգելի բարեկամներ, այս պահին ընտրական տեղամասում ընտրություններն անցնում են արդար և թափանցիկ… (Կրակոցներ:) Արտակարգ միջադեպեր չեն գրանցվել»: Պայթյուն՝ ծուխ, մշուշ: Գզվռտոցն ու աղմուկը շարունակվում են, շարունակվում են նաև նվագն ու լրագրողի խոսքը:

 

 

ՎԵՐՋԻՆ ԾԱՂՐԱԾՈՒՆ

Տրագիկոմեդիա մեկ գործողությամբ

2002 թ.

Միջազգային թատերական SIBIU փառատոնում համարվել է 2004 թ. լավագույն պիեսներից մեկը՝ անգլերեն և ռումիներեն լեզուներով հրատարակվել Եվրոպայի տարվա լավագույնը ճանաչված դրամատուրգների Անթոլոգիայում։

Բեմադրվել է «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում» (2004 թ.), ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի թատերախմբում (2018 թ.):

 

***

ԾԱՂՐԱԾՈՒ — (ջղաձիգ ընկնավորությամբ): Արքան չկա՜… Արքան չկա՜… Այս ապուշը ծայրահեղականներ ստեղծեց և կործանեց ամե՜ն-ամեն ինչ, կործանեց ինքն իրեն: Այնինչ միջակություն էր պետք, միջակությո՜ւն… շատ են պետք դրանցից, շա՜տ… Դրվատո՜ղ, գովերգո՜ղ, փառաբանո՜ղ միջակությունը… մեջք ծռող միջակությո՛ւնը… հարմարվո՜ղ, հնազա՜նդ միջակությունը… քավության նոխազ, երդվյալ հիմարների միջակությունը… Շատ են պետք նրանք, շա՜տ… Ես կբազմացնեմ նրանց: (Նայում է ձեռքերին:) Արյո՞ւն: Թագավորի արյուն: Ամենևին էլ կապույտ չէ… Սովորական, կարմիր արյուն է՝ նման այն միլիոնավորների արյանը, որ ռազմի դաշտերում ու կառափնարաններում հեղել են թագավորները… Այս արյան մեջ ազնվականությո՞ւն կա… Հիմարությո՜ւն… Սրա մեջ հափռելու, իշխելու մոլուցք կա միայն… (Քմծիծաղով:) Սովորական մարդու արյուն է… (Հիստերիկ ծիծաղով:) Սո՛-վո՛-րա՛-կա՜ն մարդո՜ւ արյո՜ւն… Ահա, համոզվեք: (Դաշույնով հարվածում է ձախ դաստակին:) Ահա իմ արյունը: Իսկ սա էլ, ահա, արքայականն է: (Ձեռքերն իրար զարկելով՝ մոլագար շփում է:) Ա-աաա՜հ… Ո՞վ կարող է հիմա ասել, թե ո՞րն է արքայինը և որը՝ ծաղրածուինը… Հը՞, ո՞վ կարող է համարձակվել: (Շրջվելով գահին:) Կարևորը սա՛ է, սա՜… (Պտտվում է գահի շուրջբոլորը:) Գա՜հը… գա՜հը… Ո՛չ ոք, ո՜չ ոք չի նայում թագավորի դեմքին, ոչ ոք չգիտի՝ խելացի՞ է արքան, թե՞ հիմար… Քծնողները ոտքերին են նայում, փառամոլները՝ թագին… Իսկ թե ո՞վ է այդ թագի և գահի մեջտեղում՝ չեն տեսնում… Գա՜հը… գա՜հը… Այս հետույք պահող աթոռի համար քանի՜ գլուխ է թռել… (Տենդագին մնջախաղ է սկսում, որը կարելի է բնութագրել «Գահը և հետույքը»: Ավարտելով մնջախաղը, ցուցադրաբար, հետույքը ցցած՝ տեղավորվում է գահին: Իշխանական մի քանի դիրք է ընդունում և հանկարծ, իբրև թե՝ նոր, նկատում է թագավորի դին:) Սա ո՞վ է… (Որսին հուշիկ մոտեցող գիշատչի պես առաջանում, արքայի թիկնոցը վերցնում, գցում է իր վրա, հայացքով փնտրում, գտնում է մի կողմ գլորված թագը, ինքնաբավ դնում է գլխին: Վերից վար նայում է դիակին:) Ա՜, ճանաչեցի՜, ճանաչեցի: Նա ծաղրածու էր: Մի հիմար ծաղրածու… Արքան սպանեց իր ծաղրածուին… ծաղրածուն սատկեց, արքան անմահ է: (Քայլում է բեմառաջ, հանդիսատեսին:) Իսկ դուք ի՞նչ եք աչքներդ պլշել վրաս: Ի՞նչ եք ուզում… արդարությո՞ւն, ազնիվ վաստա՞կ, ազատությո՞ւն… Սի՜ն գաղափարներ՝ հնարված միայն ձեզ համար… (Անզուսպ քրքջում է:) Հա՜, հա՜, հա՜, հա՜, հա՜… լա՛վ է, որ այդպես լուռ եք, լա՜վ է… Իմ ուզա՞ծն ինչ է… Իշխանները խոնարհվում են: Դա է նրանց փրկությունը: Դա է նրանց պահում-պահպանում տիրակալի և ժողովրդի միջև: Նրանք խոնարհվում են, իսկ դո՞ւք… (Գաղտնիք հայտնելու պես:) Իսկ դուք լռո՜ւմ եք… (Հիստերիկ:) Բայց դա քի՜չ է, քի՜չ է, քի՜չ է… (Ուշադիր, մեկ առ մեկ նայելով հանդիսատեսին:) Ինձ ծափե՜ր են պետք, ծափե՜ր, ծափե՜ր… Չե՞ք ծափահարում, կարծում եք, թե վերջին խոսքը ձե՞րն է… Մոլորությո՜ւն… Դուք լուռ եկաք, լուռ էլ գնալու եք: Ձեզ տրված է միայն մե՜կ ազատություն, մե՜կ իրավունք՝ ծափ տալու ազատությունը: (Պաթետիկ:) Եվ ես ձեզ կստիպեմ դա անել:

Դադար: Դերակատարը դուրս գալով կերպարից՝ վաստակած, հոգնած գլուխ է խոնարհում:

Վարագույրն սկսում է փակվել: Թվում է՝ ներկայացումն ավարտված է: Հանդիսատեսի առաջին իսկ ծափերի հետ վարագույրը մնում է կիսաբաց՝ դերակատարը մտնում է դերի մեջ:

ԾԱՂՐԱԾՈՒ — (չարախինդ հրճվանքով): Ահա՜, սա՜ է իրականությունը… իսկ երանելի ապագան շա՜տ հեռու է… (Մոլագար:) Դե, ծափահարե՜ք, ծափահարե՜ք, ծափահարե՜ք… (Կտրուկ շրջվում, փութով վերադառնում, բազմում է գահին:) Ծափահարե՜ք…

 

 

ՓԱԿՈՒՂՈՒՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Պիես մեկ գործողությամբ

2014 թ.

Բեմադրվել է Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոնում՝ 2014 թ.-ին:

 

***

Կոպտորեն բացվող դռնից ներս են խուժում Հայկը, Ռազմիկը, Հովհաննեսը:

ՌԱԶՄԻԿ — (սպառնալից): Կա՛ց: Էդ ո՞ւմ հողն ես թուրքին տալի…

ԱՂԱՍԻ — (նախատինքով): Ռազմի՞կ…

ՌԱԶՄԻԿ — Ի՞նչ՝ Ռազմիկ… Հովհաննեսի տղեն` Արամը, քո ախպեր Սամվելը, Մհերը, Քաջոն, Հրաչը էս հողը պաշտպանելիս զոհվեցին, ես կես մարդ դառա, որ դու հող տա՞ս թուրքին…

ՀԱՅԿ — Ճիշտ ա ասում:

ԱՂԱՍԻ — Տղերք, հանգստացեք, հո գյուղն ու երկի՞րը չենք տալի… Մարդը, ահն աչքի առաջ, գիշերով սահմանն անցել, իրա հոր գերեզմանից մի բուռ հող ա խնդրում, որ տանի, մահացած մոր գերեզմանին ցանի…

ՌԱԶՄԻԿ — Որ ամեն մի թուրք մի բուռ հող տանի` գյուղն էլ կտանք, երկիրն էլ:

ԱՂԱՍԻ — Ռազմիկ, մարդկային բան չես խոսում: Սահման չենք ետ քաշում, տարածք չենք տալի… Է՜, Նադրի թվից, սարի փեշի ձախ կողմը հայերի, աջը` մուսուլմանների գերեզմանատեղին է եղել:

ՌԱԶՄԻԿ — Լա՜վ ասիր` Նադրի թվից… Հենց Նադրի թվից մեր ու սրանց մեջ միայն գերեզման է ավելացել, էն էլ` սրանց մեղքով: Տո, Նադրից էլ, Նոյից առաջ էլ, էդ արտը, սարը, լանջն ու փեշերը մերը չե՞ն…

ԱՂԱՍԻ — Վերջացրու, հա՞, հորդ օղորմի: Վերջապես, գյուղապետը ես եմ, որոշում եմ մի բուռ հող տամ էս մարդուն:

ՌԱԶՄԻԿ – Մոռացի: Էս պահից դու էլ գյուղապետ չե՛ս:

ԱՂԱՍԻ — (բռնկվում է): Տո՛, շատ ճիշտ ես ասում: Համաձայն եմ: (Դարակից հանում է կնիքը, շրխկոցով դնում սեղանին:) Էս քեզ` կնիքը, էս քեզ` աթոռը, էս էլ քեզ` երկրի դրոշը: Արի, նստի ու պաշտպանի գյուղիդ տարածքը: Ես էլ գյուղապետ չե՛մ: (Ուղղվում է դեպի դուռը, Հայկը հրացանը նրա կրծքին դեմ տալով` փակում է ճանապարհը:)

ՀԱՅԿ — (սպառնալից): Ետ դառ տեղդ:

ԱՂԱՍԻ — (ապշած): Դու… դու իմ վրա զենք ես հանո՞ւմ…

ՀԱՅԿ — Ես դասալիքի վրա եմ զենք հանում:

ԱՂԱՍԻ — Ես` դասալի՞ք… Էս գյուղը պաշտպանելիս ու մինչև էսօր` խրամատն է իմ տունը եղել:

ՀԱՅԿ — Ետ դարձիր տեղդ: Քո խրամատը, ա՛յ, էն աթոռն է:

ԱՂԱՍԻ — (պոռթկում է): Բա դու՞ք… ձեր տեղը որտե՞ղ է, պարոն հայրենասերնե՜ր…

ՌԱԶՄԻԿ — (հենակը մեկնելով` հրացանի փողը մի կողմ է հրում): Մենք էլ քեզ հետ ենք, նույն խրամատում:

ԱՂԱՍԻ — (կոտրված վերադառնում, փլվում է աթոռին, գլուխն առնում է ափերի մեջ: Խոր ցավով): Պապենական երկիրը լքում են, մի բուռ հողի համար կռիվ են տալի:

Դադար:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (ձեռնափայտին կռթնած, խորքից): Հո՜ղը… Ամեն մի բուռ հողի մեջ մեր նախնիների աճյունն ա ու մեր զավակների սերմը… Ամեն մարդ իրա պապենական հողի մի բուռն ա, թե իր բնահողից գնաց` հողից ա պակասում: Աշխարհով մեկ ցրվում, ցրիվ ենք տալի մեր հողը, շաղ ենք տալի օտարի ոտքերի տակ, հետո էդ օտարին խնդրում ենք, թե` արի, մեզ` մեր հողի տերը դարձրու… Չենք մտածում, որ հողը խռովել գիտի, անիծել գիտի… Կհամբերի, կհամբերի, բայց մի օր էլ կանիծի ուրացող զավակին… (Ձեռնափայտին հենվելով ծանրորեն բարձրանում է տեղից, առաջանում, կանգնում է սենյակի կենտրոնում, շրջվում է դեպի արևելք, խաչակնքում է:) Ներող եղեք իմ սո՜ւրբ պապեր, ներող եղիր ծերացած հորդ, իմ նահատակ որդի… Թե արարքս մեղք կհամարեք, չթողնեք հոգիս գա, հասնի ձեզ… (Շրջվում, սեղանից վերցնում է լապտերը, առանց Ալիի կողմը նայելու` մեկնում է նրան:)  Սա վերցրու, գնա էդ մի բուռ հողը տար…

ԱԼԻ — Սաղօլ, Հովհաննես դայի, շնորհակալ եմ… (Վեհերոտ, լապտերը վերցնում, ձեռքերը կրծքին սեղմած, խոնարհվելով, ետ-ետ քայլելով, դռան մոտ կտրուկ շրջվում, դուրս է գնում:)

Դադար:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (ոչ մեկին չնայելով): Ինձ թաղելուց` մի բուռ հող պակաս կլցնեք գերեզմանիս… (Ազդու:) Լսեցի՞ք, ինձ թաղելուց` մի բուռ հող պակաս կլցնեք գերեզմանիս… (Ձեռքերը վեր կարկառելով:) Կանիծե՜մ, թե կամքս չկատարեք… (Օրորվում, թեքվում, տապալվում է հատակին:)

ԱՂԱՍԻ — Հովհաննե~ս…

 

 

ՄԻ ՖՈՒՆՏ ՍԻՐՏ

Մոնոդրամա ըստ Վիլյամ Շեքսպիրի

«Վենետիկի վաճառականը» կատակերգության

2008 թ.

Բեմադրվել է Վանաձորի «Բոհեմ» թատրոնում՝ 2009 թ.-ին:

Շայլոկի դերում՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյան:

 

***

ՇԱՅԼՈԿ — Ձեր մտքով անցա՞վ՝ ինչու է հրեան

Այդպես արտառոց մի պայման կապում,

Եվ պարտքի դիմաց ձեր հոտած լեշից

Մեկ ֆունտ միս կտրում:

Քանզի, դուք չունեք ոչ մի սրբություն:

Ոչ հավատքում եք մնում անսասա՜ն,

Ոչ էլ սիրո մեջ,

Եվ ոչ էլ նույնիսկ հավատարմության:

(Վերցնում է գոհարազարդ շրջանակով կնոջ դիմանկարը:)

Ահա նայեցեք այս գոհարազարդ

Թանկարժեք իրին:

Շրջանակ է սա, ուր պատկերված է մեկի սիրելին:

Գրավ է դրել իր պարտքի դիմաց՝

Արհամարհելով սերն ինքնամոռաց:

Տեսնենք, թե արդյոք մեկ ֆունտ քաշ ունի՞…

(Դնում է կշեռքի նժարին:)

Չէ, ծանր է կշռում:

Հարստությունը թանկ է ավելի,

քան նրա սերը, կարոտը անսանձ…

Դե եկ ու հարգիր այս տեսակ մարդկանց:

Ահա և ոսկե փոքրիկ մի անոթ:

Աճյունասափոր: Իր հոր աճյունն է այստեղ պարփակված:

Գրավ է դրել այդ անամոթը՝

Իմ կողմից տրված իր պարտքի դիմաց:

(Կշռում է:)

Քո հոր մարմինը, հարգարժան պարոն,

Սուրբ հիշատակը՝ հոգուդ ուղեկից,

Տե՛ս, որ թեթև է անգամ մեկ ֆունտից:

(Արհամարհանքով անոթը գցում է մի կողմ:)

Սա էլ սուրբ խաչն է քրիստոնեի,

Սրա առջև են ծնրադրում նրանք,

Եվ աղոթում են սուրբ նահատակին,

Որ ների իրենց մեղքերը բազում:

Բայց տես, նյութական նեղության պահին,

Գրավ են դրել իրենց աստըծուն…

(Վերցնում է հասարակ մի ցուպ:)

Իսկ սա էլ, ահա, մասունք է մի սուրբ,

Իմ սեփականն է՝ նվեր մի հայից.

Դժնի է եղել բախտը և անգութ,

Այդ ցեղի համար իր ծնված օրից:

Մի օր այդ հայը իմ դուռն էր եկել,

Պանդուխտ էր դժբախտ, տնանկ, չքավոր,

Նա մրմնջում էր հի՜ն, տխուր երգեր,

Եվ անիծում էր բախտն իր սգավոր:

Իր հայրենիքի կարոտով անմար,

Նա որոշել էր տուն վերադառնալ,

Եվ ցուպն էր թողնում գրավի դիմաց,

Որի մեջ ծածուկ, նեղ օրվա համար,

Դրել էր փայլուն մի մարգարտաշար:

Նրան ասացի՝ այլ թանկ բան չունե՞ս,

Ասաց՝ կարո՛տս է ամենաթանկը,

Հայի կարոտը, հրեա՛, չգիտե՞ս,

Չի կշռի անգամ սուլթանի թախտը:

Ասացի՝ տուր ինձ կարոտդ հրկեզ-

Եվ ես կգրեմ պարտամուրհակը:

Գիտե՞ք, ինչ արեց պանդուխտն այդ հայոց,

Նա գավազանը շպրտեց իմ դեմ,

Ու հպարտորեն դուրս ելավ փողոց,

Հեռացավ հպարտ, քայլքով սիգաճեմ:

— Ե՛տ դարձիր,- ասի,- քո ցուպը վերցրու,

Ճամփա ես գնում դու շատ հեռավոր,

Ինչի՞ն պիտ հենվես, Հաբեթի ածու,

Որ հեռանում ես այդպես խևավոր:

Նա կանգ առավ ու շրջվեց դեպի ինձ,

Եվ ասաց ձայնով ազդու ու ցավոտ.

— Սերս մի թևս է, կարոտս՝ մյուս,

Կճախրեմ դեպի երկիրն իմ քարոտ…

Եվ ցուպն այս, ահա, ակամա նվեր-

Բյուր մասունքներից՝ մասունքների թագ,

Կարո՞ղ եմ արդյոք ես սա՜ էլ կշռել…

Օ՛, ոչ, շա՛տ ծանր է և շատ է սա թանկ:

(Կարճ դադար:)

Եվ մի՞թե ես մի հայի չափ չկամ,

Որ թողնեմ պղծեք պատիվս ու անուն,

Չէ՜, Շայլոկ, մեռիր, արևը վկա,

Բայց ուղիղ նայիր չարին ու բարուն:

 

 

 

ՍՈՒԻՑԻԴ

Գրոտեսկ-մենախաղ

2019 թ.

Բեմադրված չէ:

 

***

ՓՐԿԻՉ ՁԵՌՔ Կա՛ց: Սպասիր, Արամ: (Արամը քարանում է:) Ետ արի, մեկ քայլ ետ արի: Կարևոր բան ունեմ ասելու: Ընդամենը մեկ քայլ: Եթե իմ ասածը քեզ չհետաքրքրի, իրականացրու որոշումդ, մեկ է, ես չեմ կարող տասը մետր ոստնել՝ քեզ հասնելու համար… Մեկ քայլ ետ, Արամ, ընդամենը՝ մեկ քայլ…

ԱՐԱՄ — (մեկ քայլ ետ է գնում, գլխահակ): Դուք ինձ ճանաչո՞ւմ եք:

ՓՐԿԻՉ ՁԵՌՔ — Ես ընդամենը գիտեմ, որ դու Արամն ես: Նամակդ տեղ հասավ, ես անմիջապես եկա քո ետևից, բայց այնտեղ, որտեղ դու կախվելու էիր՝ քեզ չգտա, այնտեղ, որտեղ զարկերակդ էիր կտրելու՝ չկայիր, այնտեղ, որտեղ թույն պիտի խմեիր՝ դիակ չկար: Ինձ ասացին, որ բարձրաձայն արտասվող տղամարդ են տեսել: Ես գուշակեցի, որ դու ես, և անմիջապես եկա դեպի կամուրջը: Չեմ սխալվում, չէ՞, դու այն Արամն ես, որ ուզում է ինքնասպան լինել:

ԱՐԱՄ — Չես սխալվում: Իսկ դու ո՞վ ես:

ՓՐԿԻՉ ՁԵՌՔ — Փրկիչ Ձեռքն եմ:

ԱՐԱՄ — Դա ի՞նչ բան է:

ՓՐԿԻՉ ՁԵՌՔ — Ինքնասպանների Փրկիչ Ձեռք:

ԱՐԱՄ — Իզուր եք եկել:

ՓՐԿԻՉ ՁԵՌՔ — Իմ այցը երբեք իզուր չի լինում:

ԱՐԱՄ Այս անգամ զուր կանցնի:

ՓՐԿԻՉ ՁԵՌՔ Ամենևին: Կհամոզե՞մ՝ կփրկեմ կյանքդ, չե՞մ համոզի ու կնետվե՞ս կամրջից՝ կփրկվես այս կյանքից: Երկու դեպքում էլ քո Փրկիչն եմ:

ԱՐԱՄ Անիմաստ գործ…

ՓՐԿԻՉ ՁԵՌՔ — Բայց ես դրա համար աշխատավարձ եմ ստանում: Դու չես ուզի, չէ՞, որ իմ կինը, երեխաները սովից մեռնեն: Չես ուզի, չէ՞:

ԱՐԱՄ — Չէ, չեմ ուզի:

ՓՐԿԻՉ ՁԵՌՔ — Խնդրում եմ, պատասխանդ այլ կերպ ձևակերպիր:

ԱՐԱՄ — Ո՞նց:

ՓՐԿԻՉ ՁԵՌՔ — Շատ կարևոր է, որ իմ հարցերին պատասխանելիս սկզբում արտասանես «այո» բառը: Ինքնասպանին համոզելու հոգեբանական թեստն այդ է պահանջում: Ուրեմն, կրկնում եմ հարցս՝ դու չես ուզի, չէ՞, որ իմ կինը, երեխաները սովից մեռնեն:

ԱՐԱՄ — Այո, չեմ ուզի:

ՓՐԿԻՉ ՁԵՌՔ — Դու տանջվում ես աղքատությունից և այլևս ուժ չունե՞ս նայելու սովալլուկ երեխաներիդ, կնոջդ:

ԱՐԱՄ — Այո:

ՓՐԿԻՉ ՁԵՌՔ — Դու տառապում ես անարդարությունի՞ց:

ԱՐԱՄ — Այո:

ՓՐԿԻՉ ՁԵՌՔ — Դու հոգնել ես անտարբերությունի՞ց:

ԱՐԱՄ — Այո:

ՓՐԿԻՉ ՁԵՌՔ — Դու այսօր վճռեցիր չկատարել քո քաղաքացիական պարտքը, չգնալ ընտրական տեղամաս, չընտրել Ժողովրդապետի՞ն:

ԱՐԱՄ — Այո, չեմ ուզում:

ՓՐԿԻՉ ՁԵՌՔ Հրաշալի է: Մեկ ձայն ավել, մեկ ձայն պակաս՝ կարևոր չէ: Բայց դու կարող էիր գնալ և «դեմ» քվեարկել:

ԱՐԱՄ Փորձել եմ, շատ եմ փորձել, միևնույն է, ընտրվում է:

ՓՐԿԻՉ ՁԵՌՔ — Դատելով անցած ընտրությունների ինքնասպանությունների քանակի համեմատությունից, այս անգամ մեծ աճ է գրանցվել, իսկ դա նշանակում է՝ շատերն են դեմ թեկնածուին և ամենայն հավանականությամբ նա չի ընտրվի, եթե ինքնասպանությունից առաջ բոլորը «դեմ» քվեարկեն:

ԱՐԱՄ — Դուք վստահ ե՞ք:

ՓՐԿԻՉ ՁԵՌՔ — Լիովին: Ափսոս միայն, որ ընտրական տեղամասերի փակվելու ժամն է: Թեև մոտակայքում մի տեղամաս կա, չգիտեմ՝ կհասցնե՞ք, թե՞ ոչ… Դժվար թե հասցնեք: Լավ, ի՞նչ ասեմ… կարող ես նետվել կամրջից:

ԱՐԱՄ — Նետվե՞մ:

ՓՐԿԻՉ ՁԵՌՔ — Հա, մի ձայն ավել, մի ձայն պակաս… Օրենքի համաձայն ես լիովին կատարեցի իմ պարտքը… Ի դեպ, որպես օրենքի լրացում՝ գրված է, որ լինում են անձինք, ովքեր չեն ենթարկվում հոգեբանական կանխարգելիչ միջոցներին:

ԱՐԱՄ — Եվ ի՞նչ…

ՓՐԿԻՉ ՁԵՌՔ — Ինքնասպան են լինում: Երևի քոնն այդ դեպքերից է… Ինչ արած… Եթե վճռականությունդ չի հերիքում, կարող եմ հրել քեզ:

ԱՐԱՄ — Պետք չէ, դա սպանություն կլինի, ոչ թե ինքնասպանություն:

ՓՐԿԻՉ ՁԵՌՔ Ինչպես կուզես: Հիմա ես ստիպված եմ հրաժեշտ տալ քեզ: Շտապում եմ ինքնահրկիզվողի մոտ: Նա իր վրա բենզին է լցրել, բայց լուցկին մոռացել է տանը: Գնալուս պահն է:

ԱՐԱՄ — Գնա:

ՓՐԿԻՉ ՁԵՌՔ — Մեռնես բարով:

ԱՐԱՄ Շնորհակալություն:

Արամը մի պահ մտորում է, դարձյալ վճռականություն է ներշնչում իրեն, խոր շունչ է քաշում, փակում է աչքերը…

ԵՐԵԽԱՅԻ ձայն Քեռի, դուք ուզում եք թռչե՞լ:

ԱՐԱՄ (անակնկալի եկած): Գնա այստեղից, փոքրիկ, գնա՛, երեխաներին չի կարելի դա տեսնել…

ԵՐԵԽԱՅԻ ձայն Բայց… բայց ես էլ եմ ուզում թռչել… միշտ երազում եմ այդ մասին… ձեռքերդ տարածում ես ու ճախրու՜մ, հասնում ամպերի՜ն, արևի՜ն… Քեռի, սովորեցրու ինձ, խնդրում եմ, ես շատ եմ ուզում թռչել…

ԱՐԱՄ — Ախր… ախր, դու շատ ես փոքր… փոքրիկները չեն կարող թռչել… երբ մեծանաս… երբ մեծանաս…

ԵՐԵԽԱՅԻ ձայն – Քնեմ-արթնանամ՝ նո՞ր… Մայրիկս ասում է՝ ինչքան շատ քնես ու արթնանաս, այնքան շուտ կմեծանաս:

ԱՐԱՄ — Հա՛, փոքրիկ, հա՛… Քնել, արթնանալ է պետք… քնել, արթնանալ… (Ինքնաբերաբար:) Քնել… արթնանալ… քնել… արթնանալ… (Գոռում է:) Ա՜րթ-նա՜-նա՜-ա-ա՜լ…

 

 

 

ԹՎԱՑՅԱԼ ԵՐԿՐԻ ԲՆԻԿՆԵՐԸ

Տրագիֆարս երկու գործողությամբ

2019 թ.

Բեմադրված չէ:

 

***

ՖԵԼՈ – (նկատում է Ուսուցչին): Դու էն վարժապետը չե՞ս, որ մեռելների վրա ճառ ա ասում… Առաջ արի: Արի, իմ մասին պատմի, որ բոլորն իմանա, թե ես ի՜նչ մարդ եմ:

ՈՒՍՈՒՑԻՉ – Կներեք… բայց ես… ես միայն մահացածների համար եմ խոսք ասում:

ՖԵԼՈ – Այ մարդ, մի պահ պատկերացրու, թե մեռած եմ:

ՈՒՍՈՒՑԻՉ – Չեմ կարող…

ՖԵԼՈ – Չես կարո՞ղ… Լավ: (Ծոցագրպանից հանում է դրամապանակը, թղթադրամներ է հանում:) Ա՛ռ, նաղդ վերցրու, ճառդ ասա:

ՈՒՍՈՒՑԻՉ – Բայց…

ՖԵԼՈ – (փողն ավելացնում է): Առ, 200 հազար եմ տալիս, առ ու ճառդ ասա:

ՔԱՀԱՆԱ – (արմունկով հրում է ուսուցչին): Որդյակ… Գուցե… այնուամենայնիվ… հը՞…

ՈՒՍՈՒՑԻՉ – (արդարանալով): Ախր, երես առ երես… ոտքի վրա կանգնած…

ՖԵԼՈ – Պառկե՞մ… էտ է՞ ուզածդ… (Նյարդային մոտենում, պառկում է տապանաքարի վրա, մեկնում է փողը:) Նախ՝ էս վերցրու: (Ուսուցիչն, ակամա, վերցնում է: Ֆելոն ձեքերը կրծքին խաչում, փակում է աչքերը:) Սկսի՛ր:

Ուսուցիչը դանդաղաքայլ անցնում է տապանաքարի գլխավերևը, գրպանից հանում է սև թաշկինակը, ծոպը դուրս թողնելով, երկու ափի մեջ պահած, վշտալից հայացքը սահեցնում է ներկաների վրա և խորապես հուզված, ողբերգական, կերկերուն ձայնով դիմում է նրանց:

ՈՒՍՈՒՑԻՉՍիրելի սգակիր հարազատներ, բարեկամներ և ընկերներ, հարգելի հյուրեր: Այսօր մենք վերջին հրաժեշտն ենք տալիս մեր հանրության ամենաերևելի և սիրելի Ֆելիքս Սահակի Եգանյանին, ով իր ողջ կյանքը ողջակիզեց հանուն հարազատ ժողովրդի, հանուն իր ազգի սրբազնագույն տեսլականների իրականացման: (Նինելն, իր տեղը չգտնելով, որոշում է մոտենալ ու վշտահար կանգնել Ֆելոյի գլխավերևում, թիկնապահը զգոն հայացքով անընդհատ չորսբոլորն է նայում, մյուսները ցուցադրաբար շրջվում են՝ մեջքով կանգնելով «հանգուցյալին»:) Նա ապրեց որպես մի լուսատու ջահ և հեռանում է մեզանից որպես աստղածին մի ասուպ՝ լուսեղեն հետք թողնելով սերունդներին, ուղեցույց դառնալով ամեն մի նոր սերնդի համար:

ՖԵԼՈՄալադե՛ց:

ՈՒՍՈՒՑԻՉՈւսումնատենչ պատանի էր, որ ճակատագիրը նրան նետեց հեռավոր Ստավրոպոլ և նա, ընդամենը երեք տարում, ավարտեց Մսի և կաթի արտադրության ուսումնարանը, Կաշեգործության տեխնիկումը, Ագրարային և Ճանապարհատրանսպորտային քոլեջները և շուրջ տասներկու բարձրագույն ուսումնական այլ հաստատություններ…

ՖԵԼՈ – Տասներեք:

ՈՒՍՈՒՑԻՉ – …և շուրջ տասներեք բարձրագույն ուսումնական հաստատություններ: Սակայն հայրենիքը ձգում էր նրան, և նա կրկին վերադարձավ հայրենի ոստան, որտեղ իր հիմնադրած կոշիկի ներբանների փոքրիկ արհեստանոցը ընդլայնելով, կարճ ժամանակամիջոցում այն վերածեց կոշկեղենի հզոր արտադրության, դեղատների և հացի գործարանի: Մեծ սիրտ ուներ և մեծ հոգի: Բազմաթիվ բարեգործություններ կատարեց և հանձին նրա մենք ունեինք հզոր պատվար և առատաձեռն բարերար: (Հուզված:) Սիրելի՜, սիրելի Ֆելիքս Սահակիչ, դժվար է պատկերացնելը, որ այլևս չենք տեսնելու քեզ, չենք արժանանալու քո ժպտադեմ բարևին: Դու քո կյանքում առաջին անգամ չխնայեցիր քո շրջապատին՝ մատնելով մեզ խոր և անփարատելի վշտի: Գնաս բարով, սիրելի, անփոխարինելի Ֆելիքս Սահակիչ: Թող մայր հողը թեթև լինի քո վրա: (Թաշկինակը հպելով աչքերին՝ մեկ քայլ ետ է գնում, վշտահար տեսքով կանգնում: Ֆելոն չի շարժվում: Ուսուցիչն ու Նինելը, տարակուսած, միմյանց են նայում: Թեքվում է Ֆելոյին, կիսաձայն:) Պարոն Եգանյան, ավարտեցի… Ֆելիքս Սահակիչ… (Ֆելոն անշարժ է:) Սահակիչ…

ՆԻՆԵԼ – (ցնցում է Ֆելոյի ուսը): Ֆել, վեր կաց, պրծանք: (Ֆելոն անշարժ է:) Այ Ֆել… (Ֆելոյի ձեռքը թուլացած կախվում է:) Վա՛յ, մամա ջան… իսկականից է մեռել… (Վախեցած ետ-ետ է գնում, սայթաքելով ընկնում, վախից կծկված նստում է:)

ԹԻԿՆԱՊԱՀ – (ատրճանակը հանելով հարձակվում է Ուսուցչի վրա): Էս ի՞նչ արիր, արա՜…

ՈՒՍՈՒՑԻՉ(ընկրկում է): Ես… ես ոչինչ չեմ արել…

ՀԱՅԿՈՒՆԻ – (մեջ ընկնելով): Ուսուցիչն ի՞նչ մեղք ունի… նրան մատով էլ չկպավ…

ՔԱՀԱՆԱ Հանգուցյալը չդիմացավ գովեստներին, քանզի գիտեր, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

ՍԻՐՈՒՇ – Կոլյա ջան, բա քո Տիեզերքը, որ Առնոյի պես մարդիկ է ծնում, ինչո՞ւ է սրա նմաններին էլ աշխարհ բերում:

ԿՈԼՅԱ – Այսպիսիները, ազնվագույն տիկին, սաղմնավորվում են սեռական կրքերից, իսկ Առնոն սիրո՜ւց է ծնվելու, քանզի անհնար է երկրի վրա սատանա լինել, երկնքում՝ հրեշտակ:

ՎԵՐԳԻՆԵ – Հողեմ դրա գլուխը, շան պես սատկեց:

Տեր ՄԱՐՈՒՔԵ – Քանիսի՜ն թալանեց՝ զրկելով մի կտոր հացից…

ՔԱՀԱՆԱ – Արդարոց անեծքը Տիրոջը հասավ և դժոխքի բաժին կդառնա այս անիծվածը:

ՖԵԼՈ – (անսպասելիորեն ատրճանակը հանում, կրակում է Քահանայի վրա): Ես քու ագռավ մերը…

 

 

 

ՎԵՐՋԻ ՍԿԻԶԲԸ

Մոնոդրամ Վիլյամ Շեքսպիրի

«Թիմոն Աթենացի» ողբերգության մոտիվներով

2005 թ.

Բեմադրվել է 2006 թ.-ին, Թեքեյան մշակութային կենտրոնի թատրոնում:

Թիմոնի դերում՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյան:

 

***

ԹԻՄՈՆ — (դիմելով չորսդին):

Իսկ դուք, պարոններ,

Ինքնախաբկանքի թմբիրի թույնով

Բտված տկճորներ,

Համարձակվեցեք մեկ օր մերկանալ,

Եվ ներհայել ձեզ, բայց ո՜չ հայելում:

Էությունից դուրս` այն դիտակետից

Հաճեցեք տեսնել ձեր անմիտ գոյը,

Որտեղից միայն ձեր գոյի գոյն է

Մերկ ու անսքող, վճիտ երևում:

Արդ, ես նայելով այդ դիտակետից

Ձե՛զ, ի՛նձ ու նրա՛ն,

Արհամարհում եմ այս կյանքը ունայն,

Որ հնարված է ճահճում խաբկանքի:

Եվ ասում եմ ձեզ,

Նրա՜ն եմ ասում ու ի՛նձ եմ ասում.

Դո՛ւ, որ սանձեցիր տարերքներն ամեն,

Քեզ թագադրեցիր տարերքի արքա,

Քո չլիացող որկորդ ագահ

Արդ հասել է քեզ,

Ու քեզ կուլ կտա,

Քանզի ընթացքիդ ուժը քո ունայն,

Ի սկզբանե

Եղել են թա՛մբն ու մտրա՛կը միայն:

Եվ եթե անգամ

Ձեր ուղեղների ծալքերի բախմամբ

Այնքա՜ն զորանաք,

Որ ուզած պահի ոչ թե դուք գնաք,

Այլ ուզա՜ծ պահի, կրկնում եմ ես ձեզ,

Ձեր կողքը բերեք հեռո՜ւ-հեռավոր

Աստղերի մի ցիր,

Դարձյալ ձեր մտքի թռիչքը այդ սին

Մի մորեխիկի

Ցատկ է լինելու տիեզերական

անսահմանության

անհատակ դաշտում…

Հիմա հասկացա՞ր՝ ինչ ճղճիմն ես դու:

Կարճ դադար:

Փնտրիր քեզ քո մեջ:

Փնտրիր քեզ քո մեջ,– այդ ես եմ ասում,

Թիմոնը` դժբախտ այն աթենացին,

Որ ինքը իրեն գտնում էր անվերջ

Զեխ կյանքի շվայտ երկնքում անծիր,

Մինչդեռ ապրում էր հաշիշով օծված

Խաբկանքի ծովում –

Իր ընկերների թունավոր լեզվի

Պարուրանքների գովեստի խոցում:

Ու մի օր,

Երբ որ թուխ թխպի տեսքով

Չքավորության ուղտը ծանր ու մեծ չոքեց իր դռան,

Եվ ընկերների ոհմակը անկուշտ,

Որսորդին տեսած երամի նման ցաքուցիր թռան`

Չանսալով նրա մոլոր թախանձին –

Գոնե մի փետուր թողնել խնջույքի այն ճոխ սեղանին,

Որի մոտ հաճախ գովեստով ճոռոմ,

Միշտ իրեն էին փետրազարդարում…

Երբ որ հասկացավ, թե մարդն աշխարհում

Ինչքա՜ն պժգալի կյանքով է ապրել,

Ինքը` ուրիշին, ուրիշներն իրեն ինչքա՜ն են խաբել,

Նա սոսկաց այդժամ և տառապանքով

Փնտրեց ինքն իրեն` իր իսկ պատյանում

Եվ գտավ մարդու էությունն իրավ:

Գտավ, սարսափեց, սահմռկեց մի պահ,

Որ այս աշխարհում

Մարդուց գիշատիչ մեկ ուրիշ գազան

Չի՛ եղել, չկա՜ …

Կարճ դադար: 

Ահա թե ինչու` ասում եմ ես ձեզ`

Փնտրիր քեզ` քո մեջ,

Փշրիր աշխարհի հայելիներն ամեն,

Դրանք կեղծո՛ւմ են.

Մարդը` հայելուն,

Հայելին մարդուն խաբում են դարեր,

Եվ պետք չէ մեզնից մենք մարդ հնարենք:

Կարճ դադար: 

Հենց հիմա, այստեղ, ես կթողնեմ իմ տապանագիրը –

Ո՜չ թե տառերով,

Այլ ա՛յն բառերով,

Որ հնչելու են դեռ դա՜ր ու դարեր…

«Աստ հանգչի մարմին մի թշվառական.

Նա, որ ապրելիս

Ապրողներին խիստ ատեց անխտիր

Եվ ապրողներին բոլոր անիծեց…

Ո՜վ անցվորական, անեծքդ թող ինձ, իսկ ինքդ` անցիր»:

(Հանդիսատեսին): 

Անեծքս վերցրեք ու անեծք թողած

Եկեք ու անցեք…

Անցեք անեծքով, բայց թե կարող եք —

Փշրե՜ք ձեր հոգու պատիր հայելին,

Ընչաքաղցության սերմը դուրս հանեք,

Մի՛ դարձրեք Երկիրն առանցք դավերի,

Կյանքը մի՜ դարձրեք հավիտյան անեծք:

(Խփում, փշրում է հայելին. մի պահ կանգնում է`

թիկունքը դահլիճին, ապա շրջվում է դեպի

հանդիսատեսը:) 

Եվ կրկին անգամ ասում եմ ես ձեզ,

Փնտրիր քեզ քո մեջ` քանի դեռ ուշ չէ,

Քանի չես խեղդվել քո իսկ ոստայնում,

Քանի դեռ աստղերն երկնքի հուշ չեն,

Եվ մայրամուտն էլ այգ է խոստանում:

(Կտրուկ շրջվելով՝ մտնում է փշրված հայելու

 շրջանակից ներս, անհետանում է:)

Փնտրիր քեզ` քո մեե՜ջ…

 

 

 

ՍԻՄՈՆ  ԹԱԳԱՎՈՐԸ

Մոնոդրամա

2004 թ.

Բեմադրվել է Վանաձորի Հովհ.Աբելյանի և Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետթատրոններում (2008 թ., Սիմոնի դերակատարներ՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Վրույր Հարությունյան, Հովհաննես Հովհաննիսյան), 2015 և 2019 թթ.-ին՝ Քյոլնի «Վանադուռ» հայկական թատերախմբում («Արմենոցիդ» վերնագրով, դերակատար՝ Թեմուր Աճինյան), 2016 թ.-ին՝ Ստամբուլի Հրանդ Դինքի անվան վարժարանի թատրոնում:

***

ՍԻՄՈՆ — Հետո ի՞նչ, որ ես հայ եմ…. Հետո ի՞նչ… (Գնում է դեպի ֆրակը` քայլերը հաշվելով:) Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց… (Հասնելով ֆրակին` անցնում է ետևը:) Ներիր համարձակությանս, արքա, այդ ի՞նչ ես հաշվում… (Դուրս է սահում:) Մի՛ խանգարիր: (Քայլում է դեպի տակառը:) Յոթ, ութ, ինը, տաս, տասնմեկ, տասներկու… (Շրջվում է:) Տասներեք, տասնչորս, տասնհինգ, տասնվեց, տասնյոթ, տասնութ… (Անցնում է ֆրակի ետևը:) Արքա՛, ուշքի եկ… (Դուրս է սահում:) Տասնինը, քսան, քսանմեկ, քսաներկու… (Կենտրոնում կանգնում է: Ծաղրով` ֆրակին:) Համբերությունդ հատա՞վ… Ես հաշվելու եմ մինչև մեկ միլիոն 500 հազարը… Որտե՞ղ հասա… Հա՛, քսաներեք, քսանչորս… Մինչև միլիոնուկե՛ս… կդիմանա՞ս այդքան… (Թևաթափ:) Չե՜ս դիմանա… Իսկ ինչպե՞ս դիմացավ հայը, երբ Քրիստոսի 1915-րդ տարում միլիոնուկես հայ մորթեցին… (Ձեռքը դնելով սրտին, ցավից կծկվելով նստում է ֆրակի մոտ: Դադար:) Մի անգամ մարդաբանական թանգարան այցելեցի: Սրահներից մեկի խորքում, դարակների վրա գանգեր էին շարված, տարբեր ռասաների պատկանող մարդկանց գանգեր… Ինձ էին հառված տասնյակ դատարկ ակնախոռոչներ… Ասես կենդանի հայացքներ լինեին` ժամանակների խորքից հավերժորեն նայող, անթարթ… Բայց, ահա, նրանց շարքում, մի հայացք բոլորովին ուրիշ կերպ էր նայում ինձ… Նա թախծոտ կարոտով ասես խնդրում էր մոտենալ իրեն… Հիպնոսվածի պես սկսեցի մոտենալ: Ես մոտենում էի, իսկ նրա հայացքից արդեն երախտագիտություն էր ծորում: Եթե այդ գանգը կմախք ունենար, համոզված եմ, ձեռքերը կպարզեր ինձ ու ընդառաջ կգար… Ես մոտեցա, հասա նրան և կարդացի ցուցանակի մակագրությունը` «Արմենոիդ»… Ես վերցրի նրան դարակից ու հարազատի պես սեղմեցի կրծքիս, սկսեցի շոյել նրան, գուրգուրե՜լ… Եվ հանկարծ… Հանկարծ միջնամատս փոսիկի դիպավ… Փոս չէր դա, չէ՜… Անցք էր, կլորիկ անցք, որ բացվել էր նրա վրա արձակած գնդակից… (Կարճ դադար: Ճչում է:) Մի՞թե ուրիշ մի գանգ չէին գտել այդտեղ ցուցադրելու համա՜ր… (Հուսահատ:) Չէին գտել… Չէին գտել, որովհետև հայերը դարեր շարունակ չեն մահացել: Նրանք սպանվե՜լ են… (Քմծիծաղում է:) Հետո ի՞նչ… (Ողբերգորեն:) Հետո ի՜նչ… (Օրորվելով ուղղվում է դեպի կացարանը, դուրս է քաշում մի տոպրակ և քարշ տալով վերադառնում է տակառի մոտ:) Մա՜հը… (Շշուկով՝ գաղտնիք ասելու պես:) Նա կյանքի նման երկերեսանի չէ: Միշտ այնպիսին է, ինչպիսին կա` միադեմ, բոլորի համար հավասա՜ր… Կյանքն է, որ սիրելիներ ունի… Սիրեկաններ ունի…. Անարժաններին արժևորում է, ստրուկներին գահեր է տալիս… (Տոպրակի պարունակությունը` բազմաթիվ քառածալ նամակներ, դատարկում է գետնին, ծոցագրպանում եղածը հանում, ավելացնում է կույտին:) Ահավոր է, երբ քեզ ոչ ոք չի սպասում… Դաժանություն է, երբ քեզ ոչ ոք չի նկատում և դու ոչ մեկին պետք չես… Մա՜հ է, երբ մենակ ես… Չէ, ի՞նչ եմ ասում, մահը փրկություն է, երբ մենակ ես: (Ֆրակին.) Դու կարո՞ղ ես այսքան նամակ կարդալ ու անգիր անել… Չե՜ս կարող: Իսկ կարո՞ղ ես այսքան նամակ գրել… Պատասխան չկա: (Շշուկով՝ գաղտնիք ասելու պես:) Իսկ կարո՞ղ ես այսքան նամակ գրել ինքդ քեզ… Ինքդ քեզ հավատացնելու համար, թե հարազատներ ունես, թե նրանք սիրո՜ւմ են քեզ, սպասո՜ւմ են, կարոտո՜ւմ են… Ինքդ քեզ հավատացնելու համար, թե մենակ չես աշխարհի վրա… (Նամակները բուռ-բուռ լցնում է տակառի մեջ: Ողբալով:) Ո՞վ կարող է այսքան չգրված նամակներ ստանալ… Ո՞վ կարող է ստանալ նամակներ, որոնց վրա ոչ ստացողի հասցեն կա ու ոչ` գրողի… (Լուցկին հանելով՝ վառում, գցում է տակառի մեջ: Թղթերը բոցավառվում են:) Ո՞վ կարող է ունենալ այսքան մե՜ծ հարստություն՝ չգրվա՜ծ նամակներ… չընթերցվա՜ծ նամակներ, ո՞վ կարող է ունենալ… (Ակնդետ նայում է բոցերին, ապա պաթետիկ շրջվում է:) Զարկեցե՜ք թմբուկները, հնչեցրեք շեփորնե՜րը, հաղորդեք աշխարհին, որ Սիմոն թագավորը հզոր էր այնքան ժամանակ, քանի դեռ կանգնած էր իր հայրենի հողի վրա: Սակայն երբ հայտնվեց տախտակամածին, որի տակ ո՜չ թե ծով էր ալեկոծվում, այլ օտար մի երկիր, օտար հողը չդիմացա՜վ Սիմոն թագավորի արքայական ծանրությանն ու ներս քաշեց նրան… Հե՜յ, մունետիկներ, ազդարարեք աշխարհին Սիմոն թագավորի հրամանը: Ես` Սիմոն թագավորս, հրամայում եմ` այսուհետ ոչ մի տեղ և ոչ մեկն իրեն մենակ չզգա… Հայտնեցեք իմ կտակը` ինձ թողնելով իմ աճյունի մի բուռ փոշին` տիեզերքը կտակում եմ մարդկությանը… Ազդարարեք աշխարհին արքայի մահը և հայտնեք, որ Սիմոն Թագավորը տառապում էր սիրո ախտով և մեռավ չար անտարբերության զեղումից առաջացած մենակության կաթվածից… Նաև հայտնեք բոլոր-բոլորին` թուրքին, հրեային, հույնին ու չինացուն, ռուսին ու ֆրանսիացուն, հային ու գերմանացուն, բոլոր ազգերին հայտնեք, որ եթե մարդը մարդ է սպանում, դա ինքնասպանություն է, պարոնա՜յք… (Հևում է:) Եվ հերի՛ք է, հերի՛ք է, հերի՜ք է զենքը ձեռքներիդ արևի տակ մեծ տեղ փնտրեք… Մոլորակը փոքր է, պարոնայք, ավելի փոքր, քան մեր փառասեր ցանկությունները… Սևամորթ լինեք, կարմրամորթ թե սպիտակամորթ, ի՜նչ գույնի էլ լինեք, միևնույն է, այս արևի տակ բոլորիս ստվերը նույն գույնն ունի՜… (Ձեռքը սեղմելով սրտին, կծկվում է և նույն պահին էլ վեր պարզելով՝ երերուն քայլում է բեմառաջ:) Իմ հոգին այսօր դուրս է գալիս Տիեզերքի բաց ծով` հերթական և երկարատև նավարկության… Եվս մի շրջապտույտ, և ես կրկին կվերադառնամ… Բայց… Բայց տեսեք, հա՜, չօգտվեք իմ ժամանակավոր բացակայությունից և երկիրը չվերածեք հոմլեզների կացարանի… (Ցնցվում, բռնում է կուրծքը, ընկնում է ծնկների վրա:) Փա՜ռք քեզ, Արարիչ, որ դու մի չնչին արարածի մահով վերահաստատում ես քո անմահությունը… (Անշնչացած փռվում է գետնին:)

 

ԼՈՒՅՍԸ

Աբսուրդ մեկ գործողությամբ

2016 թ.

Բեմադրված չէ:

***

ՆԵ — Արի խճանկար հավաքենք՝ տուն, ծառ, արև:

ՆԱ — Տուն, ծառ, արև: Բայց մենք ոչինչ չուենք: Նրանք ամեն ինչ տարան:

ՆԵ — Մտովի հավաքենք, երևակայությամբ՝ տուն, ծառ, արև: (Աներևույթ գրատախտակի վրա սկսում է հավաքել:)

ՆԱ — Մտովի հավաքենք, երևակայությամբ՝ տուն, ծառ, արև: (Ամեն խոսքի հետ մի նոր դետալ են ավելացնում՝ ստեղծելով իրական պատկեր:) Նրանք ամեն ինչ տարան: Մեր երկիրը՝ նույնպես:

ՆԵ — Մեր երկիրը՝ նույնպես:

Խճանկարը հառնում է կիսաքանդ տան, ճղակոտոր ծառի և կես շրջան արևի տեսքով:

Դադար:

ՆԱ — Ամեն ինչ տարան, իսկ լամպը թողեցին:

ՆԵ — Լամպը վերջին գնացողը կանջատի:

ՆԱ — Ո՞վ: Ո՞վ կանջատի լամպը:

ՆԵ — Վերջին գնացողը:

ՆԱ — Ես կամ դու:

ՆԵ — Ես կամ դու:

ՆԱ — Մեզնից մեկը:

ՆԵ — Մեզնից՝ ո՞վ:

ՆԱ — Ես կամ դու:

ՆԵ — Ե՞ս, թե՞ դու:

ՆԱ — Ես չեմ ուզում լույսն անջատողը լինել:

ՆԵ — Ես էլ:

ՆԱ — Բայց վերջին գնացողը պետք է անջատի:

Դադար:

ՆԵ — (նայելով անավարտ նկարին): Տունը կիսատ մնաց:

ՆԱ — (նայելով անավարտ նկարին): Ծառը կիսատ մնաց:

ՆԵ — Արևը կիսատ մնաց:

ՆԱ — Արևը երկինք չունի:

Խճանկարի արևը պոկվում, ընկնում է:

ՆԵ — Ծառը հող չունի:

Խճանկարի ծառը պոկվում, ընկնում է:

ՆԱ — Տունը երկիր չունի:

Խճանկարի տունը պոկվում, ընկնում է:

Դադար:

Նա կռանում, ինչ-որ բան է վերցնում:

ՆԵ — Ի՞նչ գտար:

ՆԱ — Մարդ:

ՆԵ — Մա՞րդ:

ՆԱ — Մարդ:

ՆԵ — Ասում են՝ նրանք բանական էակներ են:

ՆԱ — Չեմ կարծում, պարզապես ուժեղ բնազդ ունեն:

ՆԵ — Նրանք հաղթահարել են Երկրի ձգողական ուժը:

ՆԱ — Հետո՞ ինչ, դա շատ քիչ է բանական կոչվելու համար:

ՆԵ — Ո՞վ է հանգցնելու լույսը:

ՆԱ — Չգիտեմ:

ՆԵ — Բնազդո՞վ ես ասում, թե՞ բանականությամբ:

ՆԱ — Չգիտեմ:

ՆԵ — Ի՞նչ արիր մարդուն:

ՆԱ — Թևերը պոկեցի, բաց թողեցի:

ՆԵ — Նա էլ չի կարող ծափահարել: (Մտախոհ:) Նա էլ չի կարող ծափահարել:

ՆԱ — Նա միայն ծափահարում էր և կործանեց երկիրը:

ՆԵ — Նա ուզում էր երջանիկ ապրել:

ՆԱ — Երջանիկ լինելուց հետո պետք է ծափահարել:

ՆԵ — Երջանիկ լինելուց հետո պետք է ծափահարել:

ՆԱ — Զրկեիր նրան հիշողությունից և նա այսուհետ երջանիկ կլիներ:

Դադար:

ՆԱ — Արի չոփ պահենք, թե ով է հանգցնելու լույսը:

ՆԵ — Չո՞փ: Որտեղի՞ց:

ՆԱ — Մի՞թե մենք մի չոփ էլ չունենք:

ՆԵ — Թե ունենայինք, էլ ո՞ւր էինք երկրից գնում:

ՆԱ — Նրանք չոփերն է՞լ տարան:

ՆԵ — Բոլորը:

ՆԵ — Ոչ մի չոփ չկա:

ՆԱ — Ոչ մի չոփ չկա:

Դադար:

ՆԵ — Ո՞վ է հանգցնելու լույսը:

ՆԱ — Մեզնից մեկը:

ՆԵ — Մեզնից՝ ո՞վ:

ՆԱ — Ես կամ դու:

ՆԵ — Ե՞ս, թե՞ դու:

ՆԱ — Անջատիչ չկա:

ՆԵ — Անջատիչ չկա:

ՆԱ — Լույսը կանջատվի, եթե լամպը հանենք խցանից:

ՆԵ — Լույսը կանջատվի, եթե լամպը հանենք խցանից:

ՆԱ — Բայց ո՞վ է հանելու լամպը խցանից:

ՆԵ — Մեզնից մեկը:

ՆԱ — Ես կամ դու:

ՆԵ — Ես կամ դու:

ՆԱ — Ե՞ս, թե՞ դու:

ՆԵ — Ես չեմ ուզում լույսն անջատողը լինել:

ՆԱ — Ես էլ:

ՆԵ — Բայց վերջին գնացողը պետք է անջատի:

ՆԱ — Ո՞վ է վերջին գնացողը:

ՆԵ — Մեզնից մեկը:

ՆԱ — Ես կամ դու:

ՆԵ — Ե՞ս, թե՞ դու:

ՆԱ — Մեզնից մեկը:

ՆԵ — Ես կամ դու:

ՆԱ — Ամեն ինչ տարան, իսկ լամպը թողեցին:

ՆԵ — Ամեն ինչ տարան, իսկ լամպը թողեցին: Ինչո՞ւ: (Նա չի պատասխանում:) Ամեն ինչ տարան, իսկ լամպը թողեցին: Ինչու՞: (Նա չի պատասխանում:) Ամեն ինչ տարան, իսկ լամպը թողեցին: Ինչո՞ւ:

ՆԱ — Որպեսզի ասեն, որ լուսավոր երկիր են թողել:

ՆԵ – Ո՞ւմ ասեն: (Նա չի պատասխանում:) Ո՞ւմ ասեն: (Նա չի պատասխանում:) Ո՞ւմ ասեն:

ՆԱ — Խավարում մնացողներին:

Լամպը թրթռում, հանգչում է: Մթություն:

Այդ ընթացքում դերակատարներն աննկատ տեղ են զբաղեցնում առաջին շարքում:

Երբ դահլիճը լուսավորվում է՝ վարագույրը փակ է: Հանդիսատեսի առաջին ծափերի հետ արագ բացվում է: Բեմում բոլոր հայելիները բերված են բեմառաջ, այնպես, որ ծափահարող հանդիսատեսը դրանցում իրեն տեսնի:

Դահլիճից  դերակատարները դեմքով շրջվում են դեպի հանդիսատեսը, խոնարհվում են:

 

 

 

ՓՈՍԻ ՄԵՋ

Աբսուրդ մեկ գործողությամբ

2014 թ.

Բեմադրված չէ:

 

***

Վերևից աղբ է թափվում:

ՅԱՆ 1 — Սա ի՞նչ էր… (Ուսերից մաքրում է աղբը:) Ա՞ղբ… (Ոտքի է ցատկում:) Ուզում են մեզ աղբի մե՞ջ թաղել… (Հառվում է վեր:) Հե՜յ, ո՞վ կա այդտեղ… (Երկրորդ կույտն է թափվում:) Հե՜յ, չհամարձակվեք մեր տունը աղբահոր դարձնել, լսո՞ւմ եք…

ՅԱՆ 2 — (հառվելով վեր): Օգնեցե՜ք… Բարի մարդի՜կ, ո՞վ կա այդտե՜ղ… Օգնեք, դուրս գանք փոսի՜ց…

ՅԱՆ 1 – Հե՜յ, դուք լսո՞ւմ եք ինձ… Մենք հինավուրց Յանի սերունդն ենք… Փառավոր անցյալով, մշակույթ, գիտություն ունեցող Յանի սերո՜ւնդը… Չհամարձակվե՛ք ձեր աղբը մեր գլխին լցնել… Հե՜յ…

ՅԱՆ 2 – Օգնեցե՜ք… օգնեք մեզ դուրս գանք փոսի՜ց… (Երրորդ կույտն է թափվում: Հուսահատ:) Նրանք մեզ չեն լսում:

ՅԱՆ 1 – Հե՜յ, ո՞վ կա այդտե՜ղ… (Չորրորդ աղբակույտն է թափվում:) Հե՜յ, աղբ մի թափեք մեր գլխին… (Դարձյալ` աղբ:)

ՅԱՆ 2 – Օգնեցե՜ք… Մենք այստեղ ենք, փոսի մե՜ջ… օգնեցե՜ք… (Դարձյալ` աղբ:)

ՅԱՆ 1 — (աղբը ուսերից մաքրելով): Սրիկանե՜ր: Նրանք մեզ չեն լսում, նրանք չեն ուզում մեզ օգնել… Նրանք մեր թշնամիներն են, Յա՜ն… Հե՜յ, դուք դեռ կհատուցեք սրա համար, վայրենինե՛ր…

ՅԱՆ 2 – Լռի՛ր, Յան, լռի՜ր:

ՅԱՆ 1 – Լռե՞մ… Բայց նրանք մեզ աղբի մեջ կթաղեն, այս գարշահոտ, նեխած աղբի: Մի՞թե հինավուրց յաները սրան են արժանի:

ՅԱՆ 2 – Լռի՛ր, Յան, դա մեր փրկությունն է:

ՅԱՆ 1 – Հիմարություն ես դուրս տալիս, Յա՛ն:

ՅԱՆ 2 — Հիմարություն չէ, լռի՛ր: Նրանք մեզ օգնում են… Քաղաքակիրթ աշխարհը վերջապես օգնության հասավ… Նրանք այսպե՛ս են մեզ օգնում, Յան: Աղբը փոսի մեջ լցվելով վեր կբարձրանա, մենք էլ` նրա վրա, հասկանո՞ւմ ես… Աղբը կկուտակվի, կլցվի, ու մենք դուրս կգանք փոսից:

ՅԱՆ 1 — (տատանվում է): Կարծես… ճիշտ ես ասում: (Հակվում է աղբին, ձեռքով շուռումուռ է տալիս:) Ճիշտ ես ասում… Այստեղ ուտելու բան էլ կա… Բանանի, խնձորի կլեպներ… Հետո ի՞նչ, որ կլեպ է… Հագուստ… (Մի լաթ բարձրացնելով` զննում է:) Հետո ի՞նչ, որ մաշված հագուստ է… Ո՞վ իր նոր շորն ուրիշին կտա… Նրանք մեզ օգնում են, Յան, փրկում են մեզ… (Հառվում է վեր:) Հե՜յ, աղբ լցրեք… Սա քի՛չ է, քի՛չ է, հե՜յ…

ՅԱՆ 2 – Էլի՜, էլի լցրե՛ք, հե՛յ… օգնեցե՜ք… աղբ լցրեք…

Մթնեցում: Դադար:

Դանդաղորեն, թույլ լուսավորվում է` ցուցադրելով, որ փոսը կիսով չափ լցված է աղբով:

Աղբակույտից դուրս է ցցվում առնետ դարձած Յան 1-ի գլուխը:

ՅԱՆ 1 — (ախորժակով ճմլկոտում է): Ուո՜ւխ, ինչ հաճելի քնեցի: (Աջ ու ձախ հոտոտում է:) Յա՛ն, որտե՞ղ ես, Յա՛ն…

ՅԱՆ 2 — (առնետակերպ դուրս է գալիս կույտից): Ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել: Ձմերուկ էի ուտում:

ՅԱՆ 1 – Ձմերո՞ւկ, թե՞ ձմերուկի կլեպ:

ՅԱՆ 2 – Թքա՜ծ: Կլեպն ավելի համեղ է:

ՅԱՆ 1 — (խնձորի մնացորդը երկու թաթով բռնած` կրծոտելով): Բա ինչո՞ւ էիր երեկ ձմերուկի համար կռվում` ինձ էլ տո՜ւր, ինձ էլ տո՜ւր…

ՅԱՆ 2 – Ախր, նեխած էր… Ի՜նչ անուշ բուրմունք ուներ: (Բանանի կլեպ գտնելով` թաթերով բռնում, սկսում է կրծոտել:) Նեխածից համով բան չկա:

Յաները անընդհատ կրծոտելով զրուցում են:

ՅԱՆ 1 – Իսկապես: Վաղուց այդպիսի համով բան չէինք կերել:

ՅԱՆ 2 – Ընդհանրապես, խորքում եղածներն ավելի համեղ են, որովհետև երկար մնալով նեխում են: Նոր լցրածները բանի պետք չեն:

ՅԱՆ 1 – Երեկվա պանիրն էլ շատ համեղ էր:

ՅԱՆ 2 – Համեղ էր, որովհետև նեխած էր: Ընդհանրապես, մարդիկ հիմար են: Ո՞ր խելքովը նեխած պանիրը աղբահորը կգցի:

ՅԱՆ 1 – Նրանք իրենց բոլոր գործերում են հիմար: Տանջվում, շենքեր են կառուցում…

ՅԱՆ 2 – Բա գրադարա՞նը, գրադարա՞նը…

ՅԱՆ 1 – Պատկերասրա՜հը…

Յան 2 – Թանգարա՛նը…

ՅԱՆ 1 — Բա եկեղեցի՜ն… խի-խի-խի-խի…

Ծիծաղում են:

ՅԱՆ 2 – Ընդհանրապես, դրանք ամեն բանի ընդունակ են, միայն հիմարություն լինի:

ՅԱՆ 1 – Մարդիկ որքան հիմարություն անեն` մեր օգուտն է: Պետք էլ չէ, որ նրանք գլխի ընկնեն, որ իրենք հիմար են:

ՅԱՆ 2 – Ճիշտ է, Յա՛ն, ընդհանրապես` ճիշտ է: Թող հիմարություն անեն: Ի վերջո, նրանց ամեն ստեղծածը աղբ է դառնում: Իսկ մեզ ի՞նչ է պետք:

ՅԱՆ 1 – Նրանց գործերից միայն մեկում օգուտ չկա, երբ հայացքները երկնքին հառած երազում են:

ՅԱՆ 2 – Ճիշտ որ: Ընդհանրապես, դատարկ, անօգուտ զբաղմունք է: Չի կշտացնում: Ես էլ երկնքին նայեցի: Հիմարություն է: Աստղեր էին փայլում: Ի՞նչ օգուտ: Գոնե ներքև լցվեին` ուտեինք:

ՅԱՆ 1 – Աստղե՞ր…

ՅԱՆ 2 – Հա, շատ-շատ աստղեր: Փայլփլում էին: Հիշո՞ւմ ես, մեր հեռավոր նախնիները պատմել են, որ գիշերը աստղեր են փայլում:

ՅԱՆ 1 — (ծղրտում է): Նրանց անունը չտա՛ս… Երբ հիշում եմ, որ մեր նախնիները մարդիկ են եղել, ինքս ինձնից զզվում եմ… Մարդ հիշելիս սիրտս խառնում է:

ՅԱՆ 2 – Ես էլ եմ զզվում մարդկանցից… Բայց գուցե դա սո՞ւտ է, Յան: Ինչպե՞ս կարող է մեր ազնվագույն ցեղի նախնին մարդ լինել:

ՅԱՆ 1 – Նրանցից միայն մի օգուտ կա` աղբ են ստեղծում:

ՅԱՆ 2 – Ճիշտ է` ընդհանրապես:

ՅԱՆ 1 – Բայց, միևնույն է, ես զզվում են նրանցից: Քայլում են գետնի վրա, դիմանում են լույսին, արևին, ոչ մի համ ու հոտ չունեցող օդին… Թյո՜ւ…

ՅԱՆ 2 – Հերիք է զզվեցնես, հիմա սիրտս ետ կտամ:

ՅԱՆ1 — (մի պահ դադարում է կրծելուց, մտախոհ): Ասում ես` աստղե՞ր տեսար… Գուցե քեզ թվացե՞լ է…

ՅԱՆ 2 – ՉԷ, ի՞նչ ես ասում, իսկական աստղեր էին:

ՅԱՆ 1 – Ե՞րբ տեսար:

ՅԱՆ 2 — Այսօր: (Յան 1-ը մի կողմ է շպրտում խնձորի մնացորդը, տագնապով աջ ու ձախ հոտոտում է:) Քեզ ի՞նչ պատահեց, Յան:

ՅԱՆ 1 – Դա վատ նշան է…

ՅԱՆ 2 — (դադարում է կրծել): Վատ նշա՞ն: Ի՞նչ ես ուզում ասել:

ՅԱՆ 1 – Մենք պետք է փախչենք այստեղից, և ինչքան շուտ, այնքան` լավ: Արագացրու, հարկավոր է թաղվել, խորանալ աղբի մեջ:

ՅԱՆ 2 – Քեզ ի՞նչ պատահեց, Յան…

ՅԱՆ 1 – Արագացրու, ասում եմ… Եթե աստղեր ես տեսել, ուրեմն գիշեր է… Եթե գիշեր է, ուրեմն լուսաբաց կլինի և մենք կհայտնվենք լույսի մեջ…

ՅԱՆ 2 — (սարսափած ծղրտում է): Դժբախտությո՜ւն…

ՅԱՆ 1 — (տագնապով): Աղե՛տ է լինելու, Յան, աղե՜տ…

ՅԱՆ 2 – Փախչե՛նք…

Տագնապահար փորում են աղբակույտը:

ՅԱՆ 1 – Արագացրո՛ւ… արա՛գ… արա՛գ…

ՅԱՆ 2 – Միայն թե հասցնենք… միայն թե հասցնենք…

ՅԱՆ 1 – Արագացրո՜ւ, ուր որ է արև կծագի…

Սուզվում են աղբի մեջ:

Դադար:

Արևի վաղորդյան շողերը դանդաղորեն շառագունում են երկինքը, ապա առատորեն լուսավորվում է փոսը, շրջապատը` ի հայտ բերելով, որ վերևում` աղբահորի եզրին, վեր է հառնում անբնակ, անփեղկ պատուհաններով, կիսավեր, բայց հոյակերտ մի կառույց:

Այդ կառույցը անչափ ծանոթ է մեզ:

Վարագույր:

 

 

 

 

Կարդացեք նաև