Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / «ԱՇՆԱՆԱՅԻՆ ՏԱՆԳՈ»

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ԱՇՆԱՆԱՅԻՆ ՏԱՆԳՈ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2007 թ., թիվ 12-13-ում:

 

Ես գիտեի, որ մի օր գրելու եմ նրա մասին: Մենք նույն փողոցում ենք ապրում, հարևաններ ենք: Մի օր նա մոտեցավ ինձ ու ասաց. «Ինչո՞ւ եք ինձ այդպես նայում»: Ես կորցրի խոսելու ունակությունս: «Այն, ինչ գրել եք իմ մասին, շատ հետաքրքիր է, բայց իրականությանը չի համապատասխանում»:

Տիկին,- ասացի,- եթե գրեմ իրականությունը, կկորցնեմ հավատս կանանց նկատմամբ:

Նա ժպտաց, թախծոտ նայեց ու հառաչեց: Իմ մարմնով մրջյուններ անցան: Ես բռնեցի նրանցից մեկին ու խեղդեցի:

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՏԱՆԳՈ

Պիես մեկ գործողությամբ

ՏՂԱՄԱՐԴ

ԿԻՆ

ԱՂՋԻԿ

ՄԱՐԴԱՍՊԱՆ, որ չի երևում

 

ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ

Սեղանի մոտ նստած կինը ուշադիր հետևում է դիմացի շենքի պատուհանից երևացող Աղջկան: Ներս է մտնում Տղամարդը:

ՏՂԱՄԱՐԴ — Դու այստե՞ղ ես:

ԿԻՆ — Որտե՞ղ: (Դադար🙂 Ես  միշտ իմ տանն եմ:

ՏՂԱՄԱՐԴ — Խոհանոցի լույսը վառվում էր: Անջատեցի: Չես խնայում… (Կինն անհանգիստ շարժվում է🙂 Ջղերդ լարված են, քեզ հանգստանալ է պետք: Ուզո՞ւմ ես, հանգստյան տուն ուղարկեմ: (Դադար🙂 Փառք Աստծո, հնարավորություն ունեմ: Հենց այնպես չեմ գնում գործուղումների, ինձ վճարում են: Ուզո՞ւմ ես իմանալ՝ ինչքան: (Դադար🙂 Այնքան, որ կարող ենք մի քանի ամիս նորմալ ապրել: Թեև խնայողաբար ծախսելը չէր խանգարի: Հը, ի՞նչ կասես, գնե՞մ հանգստյան տան ուղեգիր:

ԿԻՆ — Շնորհակալություն: Տանը ինձ ավելի լավ եմ զգում:

ՏՂԱՄԱՐԴ — Փոփոխությունը քեզ կթարմացնի: (Դադար: Վերցնում է գիրքը, կարդում է🙂 «Նապաստակը թռչկոտելով գազար է կրծում խոհանոցում»: Միայն երեխան կարող է այսպես մտածել: Հեքիաթների գիրք է, երեկ եմ գնել: Երեխա որ ունենայինք, նրա համար կկարդայի, քնելուց առաջ: Նա ուշիմ երեխա կլիներ: Ինձ նման: Մի քիչ էլ չարաճճի: (Դադար🙂 Այդպես էլ չասացիր՝ ինչո՞ւ երեխա չունեցանք… Ինձնից էր: Քեզնից: Թե՞ Աստված չկամեցավ: Առանց երեխայի տխուր է: (Դադար🙂 Քնա՞ծ ես, թե՞ արթուն:

ԿԻՆ — Ես քնում եմ միայն գիշերը…

ՏՂԱՄԱՐԴ — Զարմանալի է, բայց փաստ է, վիճաբանելն էլ՝ անիմաստ:

ԿԻՆ — …և քնելուց առաջ հանվում ու նոր եմ մտնում անկողին:

ՏՂԱՄԱՐԴ — Ես էլ չեմ սիրում շորերով քնել: Ժամը հինգն է: Դու ամեն գիշե՞ր ես պատուհանից նայում:

ԿԻՆ — Երբ քունս չի տանում:

ՏՂԱՄԱՐԴ – Հետաքրքի՞ր է:

ԿԻՆ — Ոչ:

ՏՂԱՄԱՐԴ — (նայում են Աղջկան): Գեղեցիկ աղջիկ է: (Աղջիկը հագուստն է փոխում🙂 Ահա, շորերը հանեց, հիմա կգնա քնելու: (Աղջիկը նոր զգեստ է հագնում🙂 Նա չի քնում… Մարզվում է: Որտե՞ղ է աշխատում: Մանեկենուհի է: Ճանաչո՞ւմ ես նրան:

ԿԻՆ — Ոչ:

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչն է քեզ հետաքրքրում: (Դադար🙂 Կողքից նայել ուրիշի պատուհանին՝ հետաքրքիր է: (Աղջիկը ծխում է🙂 Ջահել աղջիկ է, բայց ծխում է: Եթե իմ աղջիկը լիներ, կպատժեի: (Դադար:) Այդքան երիտասարդ, ու թունավորում է ինքն իրեն:

ԿԻՆ — Ամեն մարդ իր ուզածն անելու իրավունք ունի:

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ես նրան կծեծեի: Եթե ընտանիքի աղջիկ լիներ, չէր ծխի: Հայր, մայր ունի՞:

ԿԻՆ — Նրան ուզում են սպանել:

ՏՂԱՄԱՐԴ — Ո՞վ:

ԿԻՆ — Մարդասպանը:

ՏՂԱՄԱՐԴ – Իսկապե՞ս: Հետաքրքիր է, հետո՞:

ԿԻՆ — Ամեն օր մարդասպանը գալիս է, թակում է դուռը:

ՏՂԱՄԱՐԴ — Հետո ի՞նչ է լինում:

ԿԻՆ — Մարդասպանը հեռանում է:

ՏՂԱՄԱՐԴ — Աղջիկը գիտի՞, որ ուզում են իրեն սպանել:

ԿԻՆ — Իմ կարծիքով՝ այո:

ՏՂԱՄԱՐԴ – Ինչի՞ համար են ուզում սպանել:

ԿԻՆ – Ինչո՞ւ ես ինձ հարցնում: Ուզում են սպանել՝ ուրեմն արժանի է:

ՏՂԱՄԱՐԴ — Նա կարող է ոստիկանություն զանգել: Ոստիկանությունը հենց դրա համար է: Նա իրավունք ունի պահանջել, որ ապահովեն իր անվտանգությունը:

ԿԻՆ — Ոչ ոք նրա ձեռքը չի բռնում:

ՏՂԱՄԱՐԴ — Ամեն օ՞ր է գալիս:

ԿԻՆ- Ո՞վ:

ՏՂԱՄԱՐԴ — Մարդասպանը ամեն օ՞ր է գալիս: (Դադար🙂 Դու ուզում ես տեսնել, թե մարդասպանը նրան ինչպես է սպանում: (Դադար🙂 Ավելի լավ չէ՞ սերիալ նայես:

ԿԻՆ — Հոգնեցի: Դու գնալու տեղ չունե՞ս:

ՏՂԱՄԱՐԴ — Այսքան վա՞ղ: Ոչ: (Հետևում են աղջկան🙂 Դեմքը ծանոթ է: (Աղջիկը նորից է հագուստը փոխում🙂 Ես լավ հիշում եմ. դու այդպիսի զգեստով նկար ունեիր: (Դադար🙂 Դու հագնում էիր այդ զգեստը, երբ մենք ամուսնացած չէինք: (Դադար🙂 Զգեստը նրան շատ է սազում:

ԿԻՆ — Սխալվում ես, այդպիսի զգեստ չեմ ունեցել: (Նայում են իրար: Դադար🙂

ՏՂԱՄԱՐԴ — Գուցե և այդպես է: Հիշողությունս սկսել է թուլանալ: Նույնիսկ չեմ հիշում՝ երեկ ինչ եմ կերել:

ԿԻՆ — Հավ և կաղամբով սալաթ:

ՏՂԱՄԱՐԴ — Հավ… Այո, իհարկե, հավ: Ի դեպ, ուզում էի քեզ շնորհակալություն հայտնել, որ հավը չէիր վառել:

ԿԻՆ — Ե՞րբ ես գնալու գործուղում:

ՏՂԱՄԱՐԴ — Երբ ցանկանամ: (Դադար🙂 Թեյ կխմե՞ս: Գնամ, տաքացնեմ: (Մտնում է խոհանոց🙂

 

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Կինը նստած է նույն տեղում, նայում է Աղջկան:

ԿԻՆ — Ուրեմն, այդ դու ես: Այսքան տարիներից հետո նորից հայտնվեցիր: Ես ուրախ եմ քեզ տեսնելու համար: Դու այնքան երիտասարդ ես… մնացել:

 

Աղջիկը պատուհանից ներս է մտնում:

ԱՂՋԻԿ — Ինձ սպասում էիր:

ԿԻՆ — (վախեցած): Գիտեմ՝ դու ով ես: Ես գիտեմ՝ ինչու ես հայտնվել: Ես քեզ զգում էի քնած թե արթուն…

ԱՂՋԻԿ — Նայիր ինձ, ես եմ…

ԿԻՆ — Քեզ սպասում էի: Գիտեի, որ մի օր կգաս: Ես ուրախ եմ, ուրախ եմ, ուրախ եմ… Չէի հավատում, որ կգաս, բայց դու եկար, ինչո՞ւ եկար՝ չգիտեմ:

ԱՂՋԻԿ — (ծխում է): Չես ծխում: Չես ուզում ծխել: Ես գիտեմ, դու ծխում ես… Թաքուն, երբ մենակ ես լինում: Նույնիսկ տան մեջ ես վախեցած չորս կողմդ նայում: (Մոտենում է զգեստապահարանին🙂

ԿԻՆ – Չմոտենա՛ս…

ԱՂՋԻԿ — Նոր զգեստներ գնե՞լ ես: Քո ինչի՞ն է պետք, այդ հին խալաթը քեզ սազում է: (Տնտղում է զգեստները🙂

ԿԻՆ — Ես քեզ թույլ տվի՞ մտնել իմ տուն… Նոր շրջազգեստ տեսնելիս խելքդ գնում էր, ուզում էիր հագնել ու դուրս գալ փողոց՝ քեզ ցուցադրելու:

ԱՂՋԻԿ — (փորձում է զգեստները): Հը, սազո՞ւմ է: Չէ, լայն է: Գիրացել ես, քեզ չես հետևում:

ԿԻՆ — Ես կարող եմ դռան ճանապարհը ցույց տալ:

ԱՂՋԻԿ — Պատուհանի: Ես պատուհանով ներս մտա: Ինչո՞ւ նոր զգեստ չես գնել: Այս մուշտակը քսանհինգ տարեկան է: Դու այն ժամանակ նոր էիր ամուսնացել, իսկ գլխարկը… ֆո՛ւ: Դու դեռ դնում ես այս գլխարկը: Բայց սա մոդայիկ չէ… Որտե՞ղ ես կորցրել ինքնասիրությունդ… Քեզնից բորբոսի հոտ է գալիս: (Գլխարկը գցում է հատակին🙂

ԿԻՆ — Բարձրացրու: Չեմ սիրում, երբ հագուստիս ձեռք են տալիս:

ԱՂՋԻԿ – Իսկապե՜ս: (Ժպտում է: Մոտենում կնոջը, նա ընկրկում է🙂 Դու միշտ մենակ ես ու վախեցած: Երբեք չես ժպտում: Ես եկել եմ քեզ օգնելու: Չէ՞ որ միշտ զգացել ես իմ կարիքը:

ԿԻՆ — Օգնությանդ կարիքը չունեմ: Ես հասուն կին եմ:

ԱՂՋԻԿ – Փոքրիկս, չէ՞ որ ես էի քո ձեռքը բռնում, մարդամեջ մտցնում: Իսկ այս գլխարկը, չգիտեմ, ինչու ես պահել, ինձ զայրացնում է: (Ոտքով տրորում է🙂

ԿԻՆ — Վերջ տուր: Ես միշտ եմ ապրել այսպես: Ամեն իրն ինձ համար հիշողութուն է…

ԱՂՋԻԿ — Իսկ ես վաղուց աղբարկղ գցած կլինեի: Մի քեզ նայիր, ինչի՞ ես նմանվել… Պառաված ջադուի: (Հագով զգեստ է գտնում🙂 Սա հագել եմ, երբ մենք քսան տարեկան էինք: Ինձ շատ էր սազում: Հետաքրքիր է, հիմա է՞լ կսազի… (Հագնում է🙂 Այդ օրը երեկույթ կար: Ուրախ օր էր: Ես սիրահարվեցի այն տղային… քիթդ մի կախիր, ես գիտեի, որ դու էլ էիր նրան սիրահարված: Երեկույթից հետո մենք բուռն սեր ունեցանք: Բայց ինչո՞ւ եմ քեզ պատմում, չէ՞ որ դռան անցքից նայում էիր: Ինչպես միշտ:

ԿԻՆ — Այո, ես իրավունք չունեի, հայրս խիստ էր: Քեզ պես ամեն պատահածի հետ պառկել չէի կարող:

ԱՂՋԻԿ — Եվ իզուր, պետք է կյանքից վերցնել այն ամենը, ինչ հաճելի է: Հույս ունեմ, արդեն հասկացել ես, որ կանայք նույնպես սիրում են սեքսով զբաղվել: (Ծիծաղում է🙂 Իսկ ո՞ւր է այն զգեստը: Դու լավ գիտես՝ ինչի մասին եմ խոսում:

ԿԻՆ — Հեռացիր:

ԱՂՋԻԿ — Թաքցրել ես, որ ամուսինդ չտեսնի: Դու տղամարդկանց չես հասկանում: Նրանք սիրում են, որ իրենց կանայք աչքի ընկնեն: Մի քանի օրով ինձ տուր այս զգեստը:

ԿԻՆ — Ես տալիս էի… Ոչ, դու վերցնում էիր… Ոչ, ես տալիս էի, հետո մտածում էի՝ սա վերջին անգամն է, էլ չեմ տա: Բայց ամեն ինչ կրկնվում էր, քեզնից պրծում չկար: Քեզ մերժել չէի կարողանում:

ԱՂՋԻԿ — Շնորհակալություն, տիկին, եթե շատ ես մտահոգվում, վաղը կվերադարձնեմ:

ԿԻՆ — Խնդրեմ, վերցրու, բոլորը վերցրու: (Աղջիկը ծիծաղում է🙂 Միայն հեռացիր:

ԱՂՋԻԿ — Չես ուզում ցույց տալ: (Փնտրում է🙂 Չեմ կարծում, որ այրել ես: Ճիշտ է, մի երկու անգամ փորձեցիր, բայց ձեռքդ չգնաց: Ինձ շատ կսազեր… Քո ինչի՞ն է պետք, միևնույն է, հագնելու համարձակություն չունես:

ԿԻՆ — Այդ զգեստը միայն ես պիտի հագնեի, բայց… Այսօր կտեսնես, որ իմ հագով է:

ԱՂՋԻԿ — Ես էի հագնում քո զգեստները՝ տղաները խելքները գցում էին, դու էիր հագնում՝ ոնց որ պարկ վրադ քաշած լինեիր: Դե, հերիք է շուրթերդ կրծես:

ԿԻՆ — Դու էլ ես շուրթերդ կրծում:

ԱՂՋԻԿ — Դե, ո՞ւր կարող եմ փախչել այդ սովորությունից, սիրելի իմ ընկերուհի:

ԿԻՆ — Հեռացիր, դու ինձ ձանձրացրիր:

 

Աղջիկը վերադառնում է իր սենյակը: Կինը հավաքում է զգեստները, դասավորում զգեստապահարանում, նստում է:

ԿԻՆ — (խոսում է կցկտուր): Մենք քայլում էինք: Այո, մենք սիրում էինք քայլել գրկախառնված: (Դադար🙂 Միայն թե հայրս հանկարծ չտեսնի, միայն հայրս չտեսնի՝ մտածում էի ես, և ամեն անգամ վախից սիրտս նվաղում էր: (Դադար🙂 Հետո մենք գնում էինք սրճարան: Սուրճ: Այո: (Դադար🙂 Մենք պարում էինք: Մենք պարում էինք մեր երաժշտության տակ: Այդ երգը մերն էր: Այո, այդպես էր: (Դադար🙂 Իսկ դու մեզ հետևում էիր: Ոչ, հետապնդում էիր: Ոչ, հետևում էիր: Ուր էլ լինեինք՝ դու այնտեղ էիր: Ես զգում էի, ինչ դժվարությամբ էիր քեզ զսպում, լսում էի քո խզված հևոցը: (Դադար🙂 Քեզնից պրծում չունեի: Եմ պատրաստ էի ներել, քեզ նվիրել այն զգեստը: Ես պատրաստ էի ցանկացած զոհողության: (Հեծկլտում է🙂 Բայց դու ցանկացար տիրանալ նրան… Ոչ… Ես նրան քեզ չզիջեցի: Ես չէի կարող թույլ տալ, որ իմ միակն ու սիրելին պատկաներ քեզ: Լսո՞ւմ ես, չէի կարող, ես չէի դիմանա: (Դադար🙂 Ես գիտեմ, քեզնից պրծում չկա: Ես գիտեմ՝ ինչու ես հայտնվել: Որովհետև քեզ կապող բոլոր թելերն իմ ձեռքում են, որովհետև դու իմն ես, որովհետև ես քեզ տիրացա, ու դու ստացար քեզ արժանին: Ես չեմ զղջում:

ԵՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Ներս է մտնում Տղամարդը, հետևում է Աղջկան:

ՏՂԱՄԱՐԴ — Հը, դեռ նրան չե՞ն սպանել: (Կինը լռում է🙂 Հիվա՞նդ ես:

ԿԻՆ — Ոչ:

ՏՂԱՄԱՐԴ – Արի ջերմությունդ չափենք:

ԿԻՆ — Ես առողջ եմ:

ՏՂԱՄԱՐԴ — Աչքերիցդ երևում է, որ հիվանդ ես:

ԿԻՆ — Այդ երբվանի՞ց ես մտածում առողջությանս մասին:

ՏՂԱՄԱՐԴ — Այսօրվանից:

ԿԻՆ — Շնորհակալություն, ես իմ մասին կհոգամ: Ինչպես միշտ:

ՏՂԱՄԱՐԴ – Ա՜, ես էլ եմ սովորել միայնության: (Դադար🙂 Ես քեզ խանգարում եմ:

ԿԻՆ — Դու քո տանն ևս:

ՏՂԱՄԱՐԴ — (կեղծ զարմանքով): Սա ի՞մ տունն է: Չեմ հավատում, որ այս տանն եմ ապրում: Օտար ու սառն են պատերը: Ցուրտ է:

ԿԻՆ — Մրսում ես՝ էլեկտրաջեռոցը միացրու:

ՏՂԱՄԱՐԴ — Խի-խի-խի, մենք այնքան նման ենք իրար, կարծես մեր մայրերը նույն հորից են բեղմնավորվել: (Բռնում է Կնոջ դեմքը🙂 Նույնն է բերանի անկյունի ժպիտը, սև, խոր աչքերը, որոնց մութ խավարում կարող ես կորցնել հոգուդ անդորրը: Իսկ ամենից շատ մեր քթերն են նման: Արի ծնկի գանք ու Աստծուց ներողություն խնդրենք մեր հանցավոր ամուսնության համար: Տեր Աստված, ներիր մեզ՝ մահկանացուներիս… Հիմա նա կարող է արդարանալ, որ չգիտեր… Տեր, չհավատաս կանացի խորամանկությանը:

ԿԻՆ – Թո՛ղ ինձ: (Դուրս է պրծնում Տղամարդու ձեռքերից🙂 Դերասա՛ն: Գիտես, որ ինձ դուր չեն գալիս անտեղի կատակներդ: Եվ, խնդրում եմ, ինձ ձեռք չտաս: (Դադար🙂 Ինչո՞ւ ես տուն գալիս:

ՏՂԱՄԱՐԴ — Մտածում եմ, որ իմ սիրելի կողակիցն անհամբեր ինձ է սպասում: Գուցե էլ ինձ չե՞ս սիրում:

ԿԻՆ — Խելքս գնում է…

ՏՂԱՄԱՐԴ — Չհամարձակվես խելքդ թռցնել, առանց այդ էլ պարծենալու բան չունես: Խելքը գլխին կինը առավոտից իրիկուն չի նայի ուրիշի պատուհանին:

ԿԻՆ — Իսկ դու ի՞նչ ես անում, կողքիս նստած չե՞ս:

ՏՂԱՄԱՐԴ — Հերթապահում եմ, որ դու նրան չվնասես:

ԿԻՆ — Իսկ դու չե՞ս վախենում:

ՏՂԱՄԱՐԴ — Քսանհինգ տարի հակաթույն եմ ընդունել: Ամեն օր՝ մեկ լիտր: Կարծում ես, քեզ դիմանալը այդքան հե՞շտ է: Մի ժամանակ ես կարգին տղամարդ էի:

ԿԻՆ — Ինչ է, կորցրել ես տղամարդկությո՞ւնդ:

ՏՂԱՄԱՐԴ — Քո ձեռքին ամեն ինչս էլ կկորցնեմ: (Դադար: Հետևում են Աղջկան🙂 Տես, է՛, նորից շորերը փոխեց: Բա մարդ արարածը այդպիսի հիմարության վրա օրը կվատնի՞:

ԿԻՆ — Իսկ մե՞նք ինչ ենք անում:

ՏՂԱՄԱՐԴ — Մենք… հիմա կմիացնենք հեռուստացույցն ու սերիալ կնայենք: Այնտեղ ամեն ինչ պարզ է. Գարսենը սպանում է Իզաուրային: Երեխան որբ է մնում: Երեխան մեծանում է, սպանում է Գարսենին: Հետո քեռիներն սկսում են կրակել, իսկ մորաքույրերը՝ լաց լինել: Երկնքից ընկնում է երեք խնձոր… Սերիալը վերջացավ, հեռուստացույցն անջատեցինք ու մնացինք ես ու դու՝ անտրամադիր ամուսիններ: (Դադար🙂 Հետո…

ԿԻՆ — Ի՞նչ:

ՏՂԱՄԱՐԴ — Հետո ի՞նչ պիտի անենք:

ԿԻՆ — Ինչ որ երեկ…

ՏՂԱՄԱՐԴ — Երեկ ի՞նչ արեցինք, որ օրը վերջացավ:

ԿԻՆ — Ոչինչ:

ՏՂԱՄԱՐԴ — Տխուր է: Այսպես անցան մեր կյանքի լավագույն տարիները:

ԿԻՆ — Ի՞նչ էիր անում ննջարանում: Ես տեսա՝ ծունկ էիր չոքել:

ՏՂԱՄԱՐԴ — Հըմ… հետևո՞ւմ ես: Իմ տանը ծնկի գալու իրավունք չունե՞մ:

ԿԻՆ — Կներես, պատահաբար տեսա: Ծնկաչոք քեզ չէի տեսել: Չես ուզում ասել՝ մի ասա:

ՏՂԱՄԱՐԴ — Աղոթում էի:

ԿԻՆ — Աղոթում էիր… ա՜յ քեզ նորություն:

ՏՂԱՄԱՐԴ — Հազվադեպ, բայց պատահում է, որ աղոթում եմ:

ԿԻՆ — Օգնո՞ւմ է:

ՏՂԱՄԱՐԴ — Ինչ խոսք… Մարդ ուզում է ազատվել անորոշ մտքերից: Ծնկի է գալիս ու ասում. «Հայր մեր, որ յերկինս ես»: Այսինքն՝ Հայր մեր, որ երկնքում ես, տուր մեզ հաց հանապազօրյա… Հետո էլի պահանջներ ներկայացրի ու հույսով, հավատով աչքերս հառեցի երկինք: (Դադար🙂 Առաստաղին ճանճ տեսա: Տզզում էր: Ես աղոթում էի, իսկ ճանճը տզզում էր: Ես աղոթում էի, ճանճը տզզում էր… Անիծյալը մի վայրկյան չթողեց՝ առանձնանամ: Ի դեպ, ճանճերն էլ Աստծո արարման արդյունք են, ինչպես և դու: (Դադար🙂 Մենք այսպես չենք կարող ապրել: Ես հոգնել եմ մենակությունից:

ԿԻՆ — Մի՞թե: Ես լսում եմ ամուսնուս խոստովանությունը: Աղոթքը դրական ազդեցություն է թողել, ավաղ, շատ ուշ: (Դադար🙂

ՏՂԱՄԱՐԴ — Երբ տանը չեմ լինում, ի՞նչ ես մտածում իմ մասին: Մեղադրանքների հեղեղ… Ես բիրտ եմ, անտաշ, ես քեզ չեմ հասկանում: Իսկ դու ինձ հասկանում ես: (Դադար🙂 Գուցե մենք իրար հասկանում ենք, բայց մեզ անհասկացողի տեղ ենք դնում: Հը, ի՞նչ կասես:

ԿԻՆ — Ոչինչ:

ՏՂԱՄԱՐԴ — Քսանհինգ տարի միասին ապրեցինք՝ իրարից փախչելով: Բայց մի օր չենք դիմանա… Ինչո՞ւ ոչ այսօր:

ԿԻՆ — Այսօր ուրբաթ է:

ՏՂԱՄԱՐԴ — Հըմ, ուրբաթ է, իսկ ես մտածում էի, որ կիրակի է: (Գոռում է🙂 Սա է իմ ճակատագիրը, որ մի հարվածով կերտեցի ինձ համար: (Հանգիստ🙂 Ու նապաստակը ոստոստալով գազար է կրծում խոհանոցում: Մենք գազար ունե՞նք:

ԿԻՆ — Ես քեզ չեմ ստիպում: Ինչո՞ւ ես գալիս:

ՏՂԱՄԱՐԴ — Գալիս եմ, որ մնամ: Գնում եմ, որ չգամ: Բայց չեմ կարողանում: Կկուն ձայն է տալիս, հավաքում եմ իրերս ու՝ դեպի տուն: Ճանապարհին մտածում եմ, որ երջանիկ մարդ եմ, տուն ունեմ: Չէ, դու դա չես հասկանա: (Կինն անհանգիստ է🙂 Ինչ-որ մեկի՞ն ես սպասում:

ԿԻՆ — Ե՞ս…

ՏՂԱՄԱՐԴ — Մենք անսպասելի հյուրի ենք սպասում:

ԿԻՆ — Հիմարություն: Քո ուղեղը միայն մի ուղղությամբ է աշխատում:

ՏՂԱՄԱՐԴ — Անհանգիստ ես:

ԿԻՆ — Ժամը քանի՞սն է:

ՏՂԱՄԱՐԴ — Չպատասխանեցիր: (Դադար🙂

ԿԻՆ – Չհամարձակվե՛ս ինձ այդպես նայել: Դու հարցեր տալու իրավունք չունես:

ՏՂԱՄԱՐԴ — Հանգստացիր:

ԿԻՆ — Ես հանգիստ եմ: Քո ներկայությունն է ինձ խանգարում:

ՏՂԱՄԱՐԴ — Կարող եմ գնալ: (Դադար🙂

 

Լսվում է Մարդասպանի ոտնաձայնը:

ԿԻՆ — Եկավ…

ՏՂԱՄԱՐԴ — Ո՞վ:

ԿԻՆ — Մարդասպանը:

ՏՂԱՄԱՐԴ — Ի՜նչ ուրախություն: Այդ մարդասպանը որ չլիներ, մենք ի՞նչ էինք անելու… Փաոք Աստծո, որ նա գոյություն ունի:

Աղջիկը խուճապահար վազում է սենյակում, հետո կանգնում, անձայն հռհռում է:

ՏՂԱՄԱՐԴ — Գիտե՞ս, ինձ դուր է գափս նրա պահվածքը: Թքա՛ծ, թե մարդասպանը դռան ետևում է…

ԿԻՆ — Այսօր դուռը կբացի: Նա հոգնել է սպասելուց:

ՏՂԱՄԱՐԴ — Չեմ հավատում, որ դուռը կբացի:

ԿԻՆ — Դու գիտե՞ս, ինչ է նշանակում սպասել, ամեն օր սպասել:

ՏՂԱՄԱՐԴ — Ես գիտեմ, որ ամբողջ կյանքում, սպասելուց բացի, ուրիշ բան չեմ արել: (Դադար🙂 Այս պատմությունը մարսելու համար լավ կլիներ՝ մի բաժակ կոնծեի… Թթու վարունգ ու սխտորած ճարպ ունե՞ս:

ԿԻՆ — Նա սպասում է հրաշքի: Խեղճ աղջիկ…

ՏՂԱՄԱՐԴ — Դե, թող կորչի գրողի ծոցը… Եթե դուռը բացի, ուրեմն հիմարի մեկն է: (Գնում է խոհանոց🙂

ԿԻՆ — Խեղճ աղջիկ, նեղն է ընկել: Բայց այս մարդասպանը… Ո՞վ է, ինչո՞ւ է ամեն օր հայտնվում… Ոչինչ չեմ հասկանում: (Աղջիկը սարսափած է🙂 Վախից կորցրել է բանականությունը, ծիծաղում է, որովհետև անհայտությունը ձգում է նրան… Կա՞ գոնե մի տաշեղ, որից կարողանա կառչել ու լողալ օվկիանոսում: Լողալ առանց վախենալու, առանց զգալու…. Հրաշք կլինի, որ մեկը նրա ձեռքը բռնի ու տանի:

ՏՂԱՄԱՐԴ — (ներս մտնելով): Բըռռ… թթու վարունգ չունեիր: (Նայում է պատուհանին: Լսվում է, ինչպես են Աղջկա դուռը ծեծում🙂 Սա ընդամենը չար կատակ է: Որտե՞ղ ես տեսել, որ մարդասպանը զոհի դուռը ծեծի: (Ծիծաղում է🙂 «Թակ-թակ, բարև ձեզ: Ներողություն, թույլ կտա՞ք ձեզ սպանել: Նախօրոք ներողություն եմ խնդրում ձեզ ցավ պատճառելու համար»: Մարդիկ անգործ են, պարապությունից չգիտեն՝ ինչ անեն, դաժան խաղեր են սարքում: Մենք էլ հիմարաբար ընկնում ենք նրանց որոգայթը: (Մարդասպանը հեռանում է🙂 Սերիալը վերջացավ: (Փակում է վարագույրը🙂 Նորից մնացինք ես և դու: Ի՞նչ ենք անելու, որ օրը վերջանա…

 

ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

ՏՂԱՄԱՐԴ — Այսօ՞ր ինչով ես կերակրելու քո սիրելի ամուսնուն:

ԿԻՆ — Մակարոնով ապուր: Քո սիրածը: պտում է🙂

ՏՂԱՄԱՐԴ — (ժպտալով): Զգացված եմ ուշադրությանդ համար: (Դադար🙂 Մտածում էի, որ կհիշես ու մի ճոխ սեղան կբացես: (Կինը հարցական նայում է🙂 Հիշում եմ, տարիներ առաջ նստած էինք, իսկ սեղանին մեծ տորթ էր դրված: Մարդիկ ուրախ պարում էին, հարբած հայրդ էլ խորհուրդներ էր տալիս: Այո, այդ նշանավոր օրվանից անցել է քսանհինգ տարի:

ԿԻՆ — Քսանհինգ տարի է անցել մեր ամուսնության օրից: Աստված իմ, իսկ նա այնքան երիտասարդ է:

ՏՂԱՄԱՐԴ — Ո՞վ:

ԿԻՆ — Տարիներն այնքան արագ անցան, չնկատեցինք:

ՏՂԱՄԱՐԴ — Բնական է: Բայց մենք այնքան էլ ծեր չենք, որ մի շիշ շամպայն չխմենք: (Շամպայնի շիշը դնում է սեղանին🙂 Շատ թանկ չէ:

ԿԻՆ — Լավ կանեիր՝ հոսանքի վարձը մուծեիր:

ՏՂԱՄԱՐԴ — Վաղը կմուծեմ:

ԿԻՆ — Արդեն երրորդ օրն է… Եթե ես պիտի մուծեմ՝ միանգամից ասա:

ՏՂԱՄԱՐԴ — Մենք չենք կարող մոռանալ այսպիսի օրը: (Բացում է շիշը🙂 Սիրելիս, բաժակները բեր:

ԿԻՆ — Տեղը չգիտե՞ս, ինքդ վերցրու:

ՏՂԱՄԱՐԴ — Իհարկե, գիտեմ… Ջահել ժամանակ այսպիսի պատասխանից, մեղմ ասած, շատ կզայրանայի: Բայց մեր ամուսնության տարեդարձին բանի տեղ չեմ դնում: (Բաժակները լցնում է🙂 Եկ հաշտվենք, իմ սիրելի կողակից, ու մեր եփած ապուրը մարսենք: Շամպայնը մարսողությանը լավ է:

ԿԻՆ — Ես ոգելից խմիչքներ չեմ օգտագործում:

ՏՂԱՄԱՐԴ — Բնական է: Քո կենացը: (Խմում է🙂 Չգիտեմ՝ քեզ համար ինչպես, բայց ինձ համար այս օրը տոն է: Քսանհինգ տարվա ընթացքում երբևէ տոնե՞լ ենք, ինչ-որ չեմ հիշում: Մենք ժամանակ չունեինք: Ես գործուղման էի, իսկ դու… է՜, ում եմ հարցնում: Այո, այսօր ինձ համար տոն է…. Մի անգամ ներկա եմ եղել այսպիսի  տոնակատարության: Պարում էին, ուրախանում… Իսկ մեզ միայն դուդուկն է պակասում… (Միացնում է նվագարկիչը: Հնչում է տխուր մեղեդի🙂 Ա՜յ, սա մեզ սազական է:

ԿԻՆ — Բաժակը տուր:

ՏՂԱՄԱՐԴ — Խնդրեմ:

ԿԻՆ — Եթե հարբեմ, մեղավորը դու ես:

ՏՂԱՄԱՐԴ — Խմիր առանց մտածելու:

ԿԻՆ — Քո կենացը, իմ սիրելի ամուսին: Եվ կտրիր դրա ձայնը:

ՏՂԱՄԱՐԴ — Ինչ խոսք, սիրելի իմ տիկին, չէ՞ որ տոնում ենք մեր ամուսնության քառորդ դարը: Դեռ կհասցնենք դուդուկի տակ լացել: (Անջատում է, վերցնում է բաժակը🙂 Քսանհինգ տարիի ապրեցինք, մի լավ օր չտեսա:

ԿԻՆ — Ի՞նչ էիր ուզում տեսնել:

ՏՂԱՄԱՐԴ — Կյանքի հրավառություն, բոց, կրակ, որ մոռանայինք կյանքի ունայնությունը… Քո կենացը, տիկին:

ԿԻՆ — Ես էլ խմում եմ քո կենացը: Քսանհինգ տարի, ո՞վ կմտածեր…

ՏՂԱՄԱՐԴ — Գուցե ինձ մասնակի՞ց դարձնես քո մտորումներին:

ԿԻՆ — Կարծում ես, բա՞ն կփոխվի:

ՏՂԱՄԱՐԴ — Իհարկե, չէ՞ որ իրար այնքան չենք սիրում, որ ատենք: (Դադար🙂

ԿԻՆ — Ասում էիր, որ այսօր տոն է…

ՏՂԱՄԱՐԴ — Կներես, տիկին, մեղավոր եմ: (Լցնում է բաժակները🙂 Քո կենացը:

ԿԻՆ — Ուզում եմ հագնել տոնական զգեստս:

ՏՂԱՄԱՐԴ — Իրավացի ես: Ի՞նչ տոն առանց գեղեցիկ զգեստի: Հաճույքով կօգնեմ…

ԿԻՆ — Շնորհակալություն, կարիքդ չեմ զգում: (Հապաղում է🙂

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ կա…

ԿԻՆ — Զգեստիս բացվածքը քեզ դուր չի գա:

ՏՂԱՄԱՐԴ – Ինչո՞ւ ես հապաղում, հագնվիր ու ինձ զարմացրու:

ԿԻՆ — Խոստանում եմ արդարացնել քո սպասելիքները:

ՏՂԱՄԱՐԴ — Անհամբեր սպասում եմ:

Կինը գնում է: Տղամարդը վարագույրը բացում, նայում է Աղջկան:

 

Ներս է մտնում Կինը: Զգեստի մեջքի բացվածքը գոտկատեղից ներքև է: Պտտվում է, ցուցադրում զգեստը:

ՏՂԱՄԱՐԴ – Դո՞ւ ես…

ԿԻՆ — Ինչպես տեսնում ես:

ՏՂԱՄԱՐԴ — Ես արթուն եմ… Դու ինձ հիշո՞ւմ ես:

ԿԻՆ — Ամուսին, ով տարվա մեծ մասն անհետանում է և կկվի ձայնի հետ վերադառնում: Տեր Աստված, եթե կկուն հանկարծ խռպոտեր, նա իմ տեղն էլ չէր հիշի…. Ի՞նչ ես ուզում ինձնից:

ՏՂԱՄԱՐԴ — Միանանք: Այո, այդ մտադրությամբ եկա:

ԿԻՆ — Մի՞թե բաժանված ենք: Կարող եմ ամուսնության վկայականը ցույց տալ:

ՏՂԱՄԱՐԴ — Ուրիշ ոչինչ չե՞ս հիշում:

ԿԻՆ — Իհարկե, հիշում եմ: Տոնում ենք մեր ամուսնության 25-ամյակը: (Ծխում է🙂

ՏՂԱՄԱՐԴ — Ծխո՞ւմ ես:

ԿԻՆ — Քսանհինգ տարի:

ՏՂԱՄԱՐԴ — (զայրացած է, բայց չի ուզում ցույց տալ, ժպտում է): Մի անեկդոտ հիշեցի: Պատմեմ: Շատ զվարճալի անեկդոտ է:

ԿԻՆ — (հասկանում է, որ նա զայրացած է): Ոչ:

ՏՂԱՄԱՐԴ — Շուկայում երկու կին են հանդիպում…

ԿԻՆ — Ինչո՞ւ շուկայում:

ՏՂԱՄԱՐԴ — Կանայք էլ որտե՞ղ կարող են հանդիպել:

ԿԻՆ — Բարում:

ՏՂԱՄԱՐԴ — Շուկան ավելի հարմար վայր է: Հանդիպում են երկու կին, մեկը մյուսին ասում է…

ԿԻՆ — (կեղծ ծիծաղում է): Ծիծաղեցի, կարող ես չշարունակել:

ՏՂԱՄԱՐԴ — Խի-խի-խի… Մեկն ասում է՝ ամուսինս կոտոշներ ունի: Մյուսն էլ, թե՝ իսկ իմը՝ սմբակներ: Շատ զվաճալի անեկդոտ է: (Դադար🙂 Ինչո՞ւ էիր թաքցնում… Ճիշտ էլ անում էիր: Ծխող կողակցի չէի հանդուրժի:

ԿԻՆ — (ոտքի է կանգնում): Չստացվեց, գնամ փոխվեմ:

ՏՂԱՄԱՐԴ — Ոչ, սպասիր: Գիտես, ինձ դուր է գալիս շրջազգեստդ, հատկապես բացվածքը: Ջահելացել ես, ավելի սեքսուալ ես դարձել: (Մտածում է🙂 Չե՞ս կարծում, որ իմ հագուստը քո էլեգանտ զգեստի կողքին շատ խղճուկ տեսք ունի: (Զննում է իրեն🙂 Հողաթափերն էլ կարծես ջրաղացքարի տակից են հանել: Չէ, մենք անհավասար դիրքերում ենք:

ԿԻՆ — Դու էլ կարող ես փոխվել: Օգնե՞մ…

ՏՂԱՄԱՐԴ — Ոչ, շնորհակալ եմ: Հույս ունեմ, որ մի հետաքրքիր բան կգտնվի: (Դուրս է գնում🙂

ԿԻՆ — (մոտենում է լուսամուտին): Ահա այն զգեստը, որ ուզում էիր ինձնից գողանալ… Նայիր, իմ հագով է կարված: Նույնիսկ տարիները չեն կարողացել այն ինձնից խլել: (Աղջիկն անձայն ծիծաղում է🙂 Դու ոչինչ չես հասկանում: Այս զգեստը ես էի մտահղացել: Մեկ օրվա համար: (Ցածրաձայն🙂 Ինչո՞ւ ինձ հանգիստ չես տալիս… Թեթևամիտ էիր, այդպիսին էլ մնացել ես…

 

Ներս է մտնում Տղամարդը: Սափրել է բեղերը, շատ տարօրինակ է հագնված: Մի պահ պտտվում է, իրեն ցուցադրում:

ՏՂԱՄԱՐԴ — Հը, ի՞նչ կասես:

ԿԻՆ — Քեզ ի՞նչ է պատահել:

ՏՂԱՄԱՐԴ — Դուր չի՞ գալիս:

ԿԻՆ — Ընդհակառակը, դու գերազանցեցիր իմ սպասելիքները:

ՏՂԱՄԱՐԴ — Այսպես ինձ ազատ եմ զգում: Նոր ծնված հորթուկի նման ուզում եմ թռչկոտել: Բարի օր, տիկին:

ԿԻՆ — Բարին ընդ ձեզ, պարոն:

ՏՂԱՄԱՐԴ — Ներողություն, մենք կարծես ծանոթներ ենք:

ԿԻՆ — Ես ճանաչում էի մի տղամարդու, նա բեղեր ուներ:

ՏՂԱՄԱՐԴ — Ես էլ էի ճանաչում, բայց նա խելքը թռցրեց ու սափրվեց: Նա կարծում էր, որ բեղերը ծերացնում են:

ԿԻՆ — Բեղերով նա պատկառելի տեսք ուներ:

ՏՂԱՄԱՐԴ — Նրան կհայտնեմ ձեր հատուկ կարծիքը: Թույլ կտա՞ք նստել:

ԿԻՆ — Խնդրեմ, պարոն, աթոռը նստելու համար է:

ՏՂԱՄԱՐԴ — Շնորհակալություն, տիկին, դուք շատ բարի եք:

 

Դադար: Կինը հանում է սիգարետը. Տղամարդը ուզում է վառել, բայց լուցկու հատիկները ջարդվում են:

ՏՂԱՄԱՐԴ — Այնքան անսովոր է ու անսպասելի… Ձեզ հասկանալի պատճառով ես հուզվում եմ: (Վերջապես վառում է լուցկու հատիկը🙂 Ի դեպ, ծխելը վնասակար է ձեր առողջությանը: Ես խորհուրդ կտայի…

ԿԻՆ — Շնորհակալություն, պարոն: (Ծխում է🙂

ՏՂԱՄԱՐԴ — Ուրեմն, սկսենք:

ԿԻՆ — Սկսենք, եթե ցանկանում ես:

ՏՂԱՄԱՐԴ — Ես հուսահատվողներից չեմ:

ԿԻՆ — Ինչպես և ես: Վարանում ես…

ՏՂԱՄԱՐԴ — Վախենում եմ…

ԿԻՆ — Որ նորից կստենք:

ՏՂԱՄԱՐԴ — Հա: Ամբողջ կյանքում ստում ենք, հետո փնտրում ծայրը, թե որտեղից սկսվեց:

ԿԻՆ — Մենք գիտենք՝ որտեղից սկսվեց:

ՏՂԱՄԱՐԴ — Մենք գիտենք… Անսպասելի լուծում: (Դադար🙂 Վստա՞հ ես:

ԿԻՆ — Ես ստեցի:

ՏՂԱՄԱՐԴ — Ինչո՞ւ: Ես չեմ հանգստանա, մինչև չպարզեմ:

ԿԻՆ — Փնտրիր, սիրելիս, փնտրիր: Տարիները առանձին-առանձին, հետո օրերն ու ժամերը… Քո մազերն արդեն սպիտակել են:

ՏՂԱՄԱՐԴ — Դու ինձ միշտ վանել ես: Ես ամեն ինչ անում էի, որպեսզի հասկանանք իրար:

ԿԻՆ — Մենք երկուսով ենք: Ո՞ւմ ես ուզում զարմացնել:

ՏՂԱՄԱՐԴ — Ստեցի: Այո, էլի ստեցի:

ԿԻՆ — Ինչպես բոլորը:

ՏՂԱՄԱՐԴ — Կարծում ես, մարդիկ ստում են ամբողջ կյանքո՞ւմ:

ԿԻՆ — Քաղցր կատակներով: Պատրանք է և խաբեություն: Վախեցիր ճշմարտությունից, նա հրեշ է, որ կարող է մեզ կուլ տալ:

ՏՂԱՄԱՐԴ — (հպարտ կանգնում է): Ես…

ԿԻՆ — (ծիծաղում է): Մենք սկսելո՞ւ ենք, թե՞ ոչ:

ՏՂԱՄԱՐԴ — Ինչի՞ց սկսենք:

ԿԻՆ — Ինչքան հիշում եմ, դու ասում էիր, որ օրը բարի է: (Ջղային🙂 Դե, բավական է հարցերով խեղդես: Ես ծխում եմ, որովհետև այդպես եմ ուզում: (Ծխում է: Լռություն🙂

ՏՂԱՄԱՐԴ — Այո: Օրը բարի է, երբ ուզում ես, որ բարի լինի: (Ժպտալով🙂 Տիկին, ի՞նչ կցանկանայիք խմել:

ԿԻՆ — Շամպայնն էլ բավարար է:

ՏՂԱՄԱՐԴ — Մենք՝ տղամարդիկս, ըմբռնումով չենք մոտենում կնոջ հոգսերին: (Վերցնում է բաժակը🙂 Շամպայնը հին բաժակով չեն խմում; Ներողություն, այս տանը գեղեցիկ բաժաններ կգտնվե՞ն:

ԿԻՆ — Եթե ուշադիր փնտրեք, պահարանի անկյունում կտեսնեք:

ՏՂԱՄԱՐԴ — (փնտրելով խոսում է): Իսկական տղամարդը ճաշ եփելը պիտի վերցնի իր վրա: Իսկ լվացքի ու տան մաքրության մասին չխոսենք, դա պետք է լինի նրա սուրբ պարտականությունը: Մաքրել հատակը՝ այնքա՜ն ռոմանտիկ զբաղմունք է:

ԿԻՆ — Ես երազում էի այդպիսի տղամարդու մասին:

ՏՂԱՄԱՐԴ — Այսօր ամեն ինչ կանեմ, որ երազանքդ իրականանա:

ԿԻՆ — Հուսով եմ, լվացքի մեքենայի տեղն էլ գիտեք:

ՏՂԱՄԱՐԴ — Իհարկե, գիտեմ, էլ ի՞նչ տղամարդ… (Նայում է բաժակներին🙂 Այս բաժակներն ինձ հիշեցնում են անցյալի բարվոք կյանքը:

ԿԻՆ — Հայրական տնից օժիտ բերեցի:

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ձեր ամուսինը չի՞ ցանկացել նոր հիշողություններով ձեզ երջանկացնել:

ԿԻՆ — Օ՜, նա այնքան անփույթ էր իր պարտականությունների նկատմամբ:

ՏՂԱՄԱՐԴ — Եկ չխոսենք տխուր բաների մասին: Ավելի լավ է՝ խմենք: Մեր կենացը… Ոչ, միայն եվրոպական ձևով:

ԿԻՆ — Դուք անճանաչելի եք:

Խմում են:

ՏՂԱՄԱՐԴ — Խելացի տղամարդը միշտ պետք է անճանաչելի լինի: (Ծիծաղում են🙂 Այսօր զարմանալի օր է: Այն զգացումն ունեմ, որ մենք ուզում ենք պարել:

ԿԻՆ — Որքան հիշում եմ, ամուսինս պարել չգիտեր:

ՏՂԱՄԱՐԴ — Նա թաքցնում էր իր տաղանդը: Պարենք:

ԿԻՆ — Ոչ.

ՏՂԱՄԱՐԴ — Եթե չպարենք, ես կդիմեմ մսագործին:

ԿԻՆ — Մսագործն ո՞վ է:

ՏՂԱՄԱՐԴ — Մարդ, որ մտնում է ընտանիք ու մսաղացով աղում նրանց ջղերը: Դու լավ տոլմա ես եփում, չէ՞…

ԿԻՆ — Նոր հնարեցիր:

ՏՂԱՄԱՐԴ — Ես հնարագետ մարդ եմ: Օրինակ, երբ մենակ էի լինում, վերցնում էի ավելն ու դնում սեղանին:

ԿԻՆ — Իսկ ես շագանակագույն քար էի բերում տուն, հաստ պռոշներով:

ՏՂԱՄԱՐԴ — Ուրեմն, արի պարենք:

ԿԻՆ — Է՞լ ինչ էիր անում:

ՏՂԱՄԱՐԴ — Մեկ-մեկ իմ սենյակ էի բերում փողոցային մի կնոջ ու…

ԿԻՆ — Դնում էիր սեղանին:

ՏՂԱՄԱՐԴ — Փող էի տալիս: Հետո զայրանում էի նրա ագահության վրա: Պատահում էր՝ ծեծում էի: Իսկ դո՞ւ…

ԿԻՆ — Իսկ ես հաշվում էի մինչև հազարը:

ՏՂԱՄԱՐԴ — Փառք Աստծո, որ հաշվել գիտես: Ուրեմն, արի պարենք:

ԿԻՆ — (մտախոհ): Ես սիրում եմ իմ մենությունը… Ես կարողանում եմ լողալ… Իզուր ես տուն գալիս:

ՏՂԱՄԱՐԴ — Եթե չպարենք, այս պահն էլ կհամարեմ կորած: Խնդրում եմ, ընդամենը մեկ պար: (Դադար🙂 Ի՞նչ կցանկանայիք պարել՝ վալս, տանգո, վերվերի…

ԿԻՆ — Ջահել ժամանակ գերադասում էի տանգոն:

ՏՂԱՄԱՐԴ — Տանգո… Թող լինի տանգո: Ազգային կրակոտ շարժումները կփոխարինենք արևմտյան ռոմանտիկ գգվանքով: (Միացնում է նվագարկիչը: Հնչում է թախծոտ մեղեդի🙂 Քեզ ի՞նչ պատահեց:

ԿԻՆ — Խնդրում եմ, միայն ոչ այս երգը:

ՏՂԱՄԱՐԴ — Ամեն գիշեր այս երգն ես լսում:

ԿԻՆ — Այս երգի հետ հիշողություններ կան, որոնք միայն իմն են: (Նայում է Աղջկան, նա պարում է երգի տակ🙂 Գո՛ղ, նա ուզում է հափշտակել իմ երգը, նա իրավունք չունի: Լսո՞ւմ ես, ես քեզ արգելում եմ պարել…

ՏՂԱՄԱՐԴ — Նա գեղեցիկ է պարում:

ԿԻՆ — Նա պարել չգիտի: Ինչո՞ւ ես կանգնել, ինչո՞ւ չես հրավիրում պարի:

ՏՂԱՄԱՐԴ — Տիկին, թույլ տվեք ձեզ պարի հրավիրել:

ԿԻՆ — Ես ասում եմ՝ այո: (Ընկնում է Տղամարդու գիրկը: Պարում են🙂 Ինձ ուժեղ գրկիր, ոտքերս ծալվում են:

ՏՂԱՄԱՐԴ — Դու հիվանդ ես:

ԿԻՆ — Տեր Աստված, ինչքան էի ուզում պարել:

ՏՂԱՄԱՐԴ — Ներիր… Ես մեղավոր եմ:

ԿԻՆ — Այս երգը մերն է, չէ՞:

ՏՂԱՄԱՐԴ — Այո, մերն է: Քանի որ մենք ենք պարում:

ԿԻՆ — (պայթում է): Անտանելի՛ է: (Սայթաքում է🙂 Չեմ կարողանում քեզ զգալ: Դու ես մեղավոր, ես ընկնում եմ, որովհետև սխալ ես քայլում: Դու այնքան ծանր ես քայլում: Եվ մի շնչիր երեսիս: Տես, նա ընկավ: (Ծիծաղում է🙂

ՏՂԱՄԱՐԴ — Նա վատ չի պարում:

ԿԻՆ — Ոչ, նա պարել չգիտի, կապիկի նման ընդօրինակում է ինձ:

Պարում են: Կինը նորից է սխալվում:

ՏՂԱՄԱՐԴ — Ներիր, մեղավորը ես եմ: (Շարունակում են պարել:)

ԿԻՆ — Այս երգը իմն է, միայն իմը: Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկն ինձնից գողանա:

ՏՂԱՄԱՐԴ — Սիրելիս, ինչո՞ւ ես հուզվում: Ամեն ինչ կարգին է, դու լավ ես պարում:

ԿԻՆ — Այս Աղջիկն այնքան անամոթն է: Նա չի հասկանում, որ սա իմ տունն է, մենք մեր տանն ենք պարում, ոչ ոք իրավունք չունի մեզ հետևել… Իսկ ես ուր էլ գնամ՝ նա ինձ հետ է: (Զայրացած🙂 Վե՛րջ տուր: Չես հավատում՝ քո գործն է: Իսկ ես պարում եմ: Ամեն օր, երբ մենակ եմ: Իսկ գիշերները, երբ խավար ու լռություն է, պառկում եմ, աչքերս փակում, լսում եմ իմ երգը, հետո… Հետո տեսնում եմ կապուտակ աչքերը: Նա ծովի է նման՝ հանդարտ ու ժպտուն: Ես մերկանում եմ մորեմերկ ու սուզվում: Ես կարողանում եմ լող տալ: Այո, ես լող եմ տալիս, ալիքները փայփայում են ինձ: Ես այնքան թեթև եմ, կարծես փետուր լինեմ: Այս երգը ափ չունի, ոչ էլ սահման: Նա գրկում է ինձ, ու մենք համբուրվում ենք: Ես նրան ասում եմ՝ ամուր գրկիր ինձ, ամուր սեղմիր, որ ճչամ… Ա՜խ, տեր Աստված, մենք ինչքան էինք սիրում պարել: Սա քո ափն է, սա իմ կուրծքն է, մենք մի մարմին ենք, թույլ տուր համբուրեմ: ամբուրում է🙂

ՏՂԱՄԱՐԴ — (հուզված): Այդ ի՞նչ արեցիր: (Ուժեղ սեղմում է իրեն ու գլխից հոտ քաշում🙂 Ինչ հաճելի ես բուրում: Ինձ թվում է՝ առաջին անգամ եմ քեզ գրկում:

ԿԻՆ — (մրմնջում է): Այս ափն իմն է, այս ափը միայն ինձ է պատկանում:

ՏՂԱՄԱՐԴ — Երբ առաջին անգամ քեզ տեսա, գիտե՞ս, ինչ կատարվեց ինձ հետ: Ընկել էի գետնին, շնչահեղձ էի լինում, մարմինս ցնցվում էր: Ես խանդում էի ամեն մեկին, ով դիպչում էր քեզ: Ես պատրաստ էի ամեն ինչի… Դու ինձ լսո՞ւմ ես: րջանիկ ժպտում է🙂 Երբ քեզ տեսա համբուրվելիս…

ԿԻՆ — Մենք համբուրվում էինք:

ՏՂԱՄԱՐԴ — Այո… Գիտե՞ս, երբ խանդը բռնում է կոկորդս, կորցնում եմ բանականությունս: (Դադար🙂 Այդ օրը ես քայլում էի կույր վրիժառուի պես:

ԿԻՆ — Մենք համբուրվում էինք քաղաքային այգում, մեր տան դիմաց:

ՏՂԱՄԱՐԴ — Այո:

ԿԻՆ — Բոլորի աչքի առաջ: Դու քեզ նման չես եղել:

ՏՂԱՄԱՐԴ — Տարիներ անց, երբ հասկացա իմ արածը… Դաժան փորձություն էր: Ես չկարողացա ինձ ներել:

ԿԻՆ — Համբուրիր ինձ:

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ:

ԿԻՆ — Ուզում եմ, որ ինձ համբուրես: Համբուրիր, ինչպես այն ժամանակ… Հիշո՞ւմ ես, ինչպես էինք համբուրվում:

ՏՂԱՄԱՐԴ — Այո: (Համբուրվում են🙂

ԿԻՆ — Այնպես չհամբուրեցիր, քեզ ի՞նչ է պատահել, մենք համբուրվում էինք այնքան երկար, որ շունչներս կտրվում էր…

ՏՂԱՄԱՐԴ — Դե, այն ժամանակ ջահել էի:

ԿԻՆ — Իսկ հիշում ես մեր բացօթյա սրճարանը, երբ առաջին անգամ ինձ գրկեցիր: Այնքան տաք էին քո ափերը, որ մարմինս միանգամից ջերմացավ: Այնտեղ միայն մենք էինք, աստղերն ու լուսինը:

ՏՂԱՄԱՐԴ — (կասկածանքով): Սրճարան, լուսին, աստղեր և մենք երկուսով…

ԿԻՆ — Չէ, այնտեղ ծեր զույգ էլ էր նստած: Նրանք աչքի տակով մեզ էին նայում:

ՏՂԱՄԱՐԴ — Ինչո՞ւ:

ԿԻՆ — Մենք պարում էինք ու համբուրվում, իսկ նրանք ուզում էին մեզ անտեսել: Մենք մտածեցինք, որ նախանձում են, այնպես բարձր ծիծաղեցինք, որ թև-թևի հեռացան: Սրճարանը մերն էր:

ՏՂԱՄԱՐԴ — Վստա՞հ ես, որ սրճարանում պարել ենք… ինչ-որ չեմ հիշում:

ԿԻՆ — Ինչո՞ւ ես հեռու քաշվում: Ամուր գրկիր: Գրկիր այնպես, որ ոսկորներս հաճույքից հալչեն: Միայն քո գրկում, միայն քեզ հետ եմ երջանիկ: Ահ, տեր Աստված, մենք այնպես էինք պարում: Հետո, երբ ճանապարհում էիր տուն, ասում էիր. «Երբ հասնես տուն, պառկիր ու լսիր մեր երգը: Զգա ինձ, զգա շուրթերիս համը, զգա ձեռքերիս ջերմությունը, խոսիր ինձ հետ ու մենք մտովի կփոխանցենք մեր զգացմունքները:»

ՏՂԱՄԱՐԴ — (հուսահատ): Այդ ամենը ե՞ս եմ ասել:

ԿԻՆ — Հա, հա, հա: Դու մոռացել ես, մոռացել… Հասնում էի տուն, պառկում էի ու սկսում երազել: Քեզ այնքան իրական էի զգում, կարծես իմ կողքին պառկած լինեիր: Ահա տաք ափը, հյութեղ շուրթերը, մեծ, լայն ճակատը… Մենք գրկախառնվում էինք, գլուխս դնում էի կրծքիդ վրա ու լսում էի սրտիդ աշխատանքը՝ տիկ-տակ, տիկ-տակ… «Ես միայն քոնն եմ, ես միայն քոնն եմ»,- ասում էր նա: Իսկ ես ասում էի՝ ես եմ քո կյանքն ու ուրախությունը, ես եմ միայն քեզ սիրում: Գլուխս ցավում է: Ճայթյուն լսեցի: Այո, մեկը նրան խփեց: (Դադար🙂 Երկաթե ձող, այո, երկաթե ձող… Ես զգացի նրա ցավը… Սիրելիս, ի՞նչ է պատահել քեզ, ես չեմ կարողանում այդ ցավին դիմանալ: (Դադար🙂 Նա ընկավ, այո, ընկավ, նա հոգեվարքի մեջ էր: Հավաքված մարդիկ ինձ հրում են, ես ընկա, փորձում էի հասկանալ, թե ինչ է կատարվել… Չի կարող պատահել, որ գետնին թպրտացողը նա է: Աչքերս մթնեցին: (Տղամարդը փորձում է ուշքի բերել Կնոջը🙂 Հեռո՛ւ, մի՛ դիպչիր ինձ: (Նայում է շուրջը:) Ո՞ւր է նա, ի՞նչ է պատահել նրան, ո՞ւր են նրան տարել… (Դադար:) Ես վազում եմ: Չէ, ես քայլում եմ: Ոչ, ես վազում եմ: Բոլորը կպել են իմ մարմնին: Ես դեն եմ նետում զգեստս, որպեսզի նրանցից ազատվեմ: Թողեք ինձ, թողեք իմ մարմինը… Ես փախչում եմ, ո՞ւր եմ վազում, երկու անգամ քիչ մնաց՝ ընկնեի մեքենայի տակ… տուուու… Ես փակում եմ ականջներս: Իսկ հոգուս մեջ նա է: Տեսնում եմ նրան՝ ժպտում է: Իր մոտ է կանչում: «Գրկիր ինձ,- ասում է նա»: Գլուխս ցավում է, ես ցավին չեմ դիմանում: Հիվանդանոցում ոչ ոք չգիտեր նրա տեղը, աշխարհն ամայացել էր: Ագռավները կտցահարել էին մարդկանց աչքերը: Ո՞ւր է նա, ո՞ւր է նա՝ ճչում էի ես: Վերջապես մի կույր մարդ ցույց տվեց փոսի հատակը: Գլորվելով ընկա ցած: Նա այնտեղ էր՝ ցեխի ու վրեժխնդրության փոսում: Ես գրկում եմ նրա արնաշաղախ գլուխը՝ դե, ժպտա, սիրելիս, մի վախեցրու: Ես եմ, քո սիրեկանը: (Օրորոցային է քթի տակ երգում:) Ես ուզում եմ պառկել քո կողքին: Ես հոգնել եմ: Ես սպառվել եմ:

ՏՂԱՄԱՐԴ — Արթնացիր:

ԿԻՆ — Ոչ, ոչ, ես ուզում եմ քնել: Խնդրում եմ, մի արթնացրեք, ես հոգնել եմ հրաշքների սպասելուց:

ՏՂԱՄԱՐԴ — (առանձին): Ես տիրապետում եմ ինձ: Իմ ուղեղն աշխատում է: Ոչ մի ատելություն: Ոչ էլ խանդ: Դիմադրիր: Նա իմ կինն է: (Գրկում է կնոջը, բարձրացնում: Կինը աչքերը բացում է, հրում է Տղամարդուն: Ծանր լռություն:) Էլ ոչինչ չունե՞ս ինձ ասելու:

ԿԻՆ — Ունեմ: (Դադար:) Ես գտա մարդասպանին: Նա կանգնել էր իմ առջև, փոքրիկ աշակերտի նման: Ես զգացի նրա հոգում ծվարած վախն ու սարսափը: Ես բռնեցի նրա ձեռքն ու երկար նայեցի աչքերի խորքը: Նա այնտեղ էր: Այո, նա այնտեղ էր: (Տղամարդը արտասվում է🙂 Ես հանեցի թաշկինակս, որպեսզի սրբեմ այտերից գլորվող արցունքները: (Ուզում է սրբել: Տղամարդը հեռու է քաշվում: Կինը մոտենում է նրան:) Ես նրան ասացի՝ մի լա, սիրելիս, ես քեզ խոսք եմ տվել, ես քեզ հետ կամուսնանամ: (Դադար:) Դե, ժպտա, սիրելիս: Ինչո՞ւ չես ժպտում, չէ՞ որ ես քոնն եմ: (Տղամարդու դեմքին ժպիտի նման մի բան է երևում:) Նա ժպտում է: Ես տեսնում եմ նրա ժպիտը: Ես շոշափում եմ նրա դեմքը: Չոր է, ինչպես նրանը: Նրա ափը սեղմում եմ կրծքիս: (Տղամարդու ձեռքը սեղմում է կրծքին:) Ինձ դուր է գալիս քո տաք ափը, ինձ դուր է գալիս, երբ շոյում ես իմ ստինքները: Ես գրկում եմ քեզ ու զգում եմ նրան: Տիրացիր ինձ, սիրելիս, ես քոնն եմ:

ՏՂԱՄԱՐԴ — Ես կտիրանամ քեզ այնպես, ինչպես ես եմ տիրանում: (Կոպիտ շարժումով նրան շրջում է:)

ԿԻՆ — Ինձ այդպես դուր է գալիս…

ՏՂԱՄԱՐԴ — (հրում է, Կինն ընկնում է): Պոռնիկ: Այդպես էլ նրան չմոռացար: Այսքան տարի նրան ես ցանկացել: (Դադար:) Մի օր չի եղել, որ ինձ զգայիր:

ԿԻՆ — Այդ օրերին ես բռնաբարված էի:

ՏՂԱՄԱՐԴ — Չսիրված ամուսինը մերկացնում է իր կնոջն ու բռնաբարում… (Երաժշտությունն ավարտվում է: Նրանք վախեցած նայում են ձայնարկիչին🙂 Տանգոն պրծավ: Աշնան տերևները հատ առ հատ ընկան ցած: Բանաստեղծը լռեց: Հիմա կտեսնես, թե հայ տղամարդը ոնց է պարում: (Միացնում է ձայնարկիչը, լսվում է կրակոտ երաժշտություն: Ծաղրալից🙂 Ձեր ձեռքը, տիկին:

ԿԻՆ — Շնորհակալություն, մենք երկար պարեցինք, ես հոգնեցի:

ՏՂԱՄԱՐԴ — Դու պիտի պարես, որովհետև ես այդպես եմ ցանկանում:

ԿԻՆ — Ամբողջ կյանքում դու ինձ պարտադրել ես: Էլ չեմ պարի:

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ես կպարեմ: (Սկզբում դանդաղ, հետո կատաղի պարում է:) Սա է իմ պարը: Ես այսպես եմ պարում: (Ընկնում է, ջղային կծկումների մեջ է: Կինն անտարբեր նայում է: Տղամարդը ուշքի է գալիս, նստում աթոռին: Երաժշտությունը շարունակվում է:) Անջատիր: (Կինն անջատում է: Դադար:) Լավ էի պարում: Ծափահարություններ չլսեցի: (Կինը երկու անգամ ծափ է տալիս:) Շնորհակալություն, տիկին, ես կարող էի անվերջ պարել, բայց ոտքս սայթաքեց… Խի-խի-խի, չլինի՞ ծերացել եմ:

ԿԻՆ — Գնամ փոխվեմ:

ՏՂԱՄԱՐԴ — Ոչ, սպասիր… Մենք դեռ չենք վերջացրել: (Ծանր լռություն:) Ամեն տարի չորս ընկերներով հավաքվում ենք սրճարանում: Խմում ենք լուռ, առանց կենացների: Մեզ միայն մի հարց է հուզում՝ ինչո՞ւ նա չէր փախչում: Չէ՞ որ նրան տալիս էինք այդ հնարավորությունը: Այսօր գիտեմ պատճառը: Նա քեզ տեսել էր պատուհանի մոտ կանգնած: Դու փակել էիր նրա փախչելու բոլոր ճանապարհները:

ԿԻՆ — Ինչո՞ւ ես վերադառնում: Ամեն անգամ մտածում եմ, որ էլ չես գա:

ՏՂԱՄԱՐԴ — Եթե չվերադառնամ, այդ երիտասարդ տղամարդու մահը կդառնա անիմաստ սպանություն: Ես թանկ եմ վճարել, շատ թանկ: Դու հասել ես նպատակիդ: Այս զգեստը քեզ չի սազում, գնա փոխիր: (Կինը դուրս է գնում:) Խի-խի-խի՝ ես ծիծաղում եմ: Խի-խի-խի՝ ես ծիծաղում եմ: Քսանհինգ տարի տառապեցի լուռ՝ ցնորվելու աստիճան ատելով ինքս ինձ: Այսօր մերկ եմ, ինչպես վերջին ճիճուն:

 

Տղամարդը հանում է փոքրիկ ճամպրուկը, սկսում է շորերը դասավորել: Նախկին զգեստով ներս է մտնում Կինը:

ԿԻՆ — Գնո՞ւմ ես:

ՏՂԱՄԱՐԴ — Այո:

ԿԻՆ — Ե՞րբ:

ՏՂԱՄԱՐԴ — Հենց հիմա: Եվս մի վայրկյան՝ կարող եմ կորցնել հոգուս կորովը: (Դադար:) Բա՞ն ասացիր:

ԿԻՆ — Ոչ:

ՏՂԱՄԱՐԴ — Լավ: (Շարունակում է հավաքել ճամպրուկը:)

ԿԻՆ — Թեյ կխմե՞ս:

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ:

ԿԻՆ — Թեյ կխմե՞ս:

ՏՂԱՄԱՐԴ — Շնորհակալություն:

ԿԻՆ — Կխմե՞ս, թե՞ չես խմի:

ՏՂԱՄԱՐԴ — Ոչ: (Նայում են Աղջկան:) Մենք կարողացանք մեզ դիտել: Մենք կարողացանք հասկանալ:

ԿԻՆ — Ա՜, իզուր էր, ամեն ինչ իզուր էր: Մենք այնպես ենք խճճվել: Այն, ինչ մենք ապրեցինք, նույնիսկ ճշմարտանման չէր: Մեզ միայն ցավ պատճառեցինք:

ՏՂԱՄԱՐԴ — Դա ցավ չէր: Ցավը կարելի է հաղթահարել: (Մեքենայաբար վերցնում է դանակը:)

ԿԻՆ — Ո՞ւմ ես սպասում… Այն, ինչ անելու ես, միանգամից արա:

ՏՂԱՄԱՐԴ — Դեռ հարցեր կան, որոնք ինձ համար պարզ չեն: Կպարզեմ, այն ժամանակ կմտածեմ: (Դանակը դնում է ցած, ճամպրուկը՝ նախկին տեղը, մոտենում է լուսամուտին:) Այս աղջիկն անընդհատ մեզ է նայում: Ո՞վ է նա…

ԿԻՆ — Նա ոչինչ է, խաբկանք:

ՏՂԱՄԱՐԴ — Ինչպես մենք: Դու նրան չե՞ս հիշում:

ԿԻՆ — Ոչ:

ՏՂԱՄԱՐԴ — Չես կարող նրան չհիշել: Նրան տեսել եմ ձեր տանը: Դու այնքան նման ես նրան:

ԿԻՆ — Տարիներ են անցել… Այո, նման է… Հետո՞ ինչ…

ՏՂԱՄԱՐԴ — Չգիտեմ, նա ինձ հիշեցրեց այն տարիները, երբ նոր էինք ծանոթացել: Դու խուսափում էիր ինձ հետ հանդիպել փողոցում: Ինչո՞ւ: Մենք չգնացինք կինո, սրճարան և չպարեցինք լուսնի շողերի ներքո: Ինչո՞ւ:

ԿԻՆ — Օ՜, Աստված իմ, դա ի՞նչ կարևոր է:

ՏՂԱՄԱՐԴ — Տարօրինակ ոչինչ չե՞ս տեսնում: Դու վախենում էիր, որ մեզ կտեսնեն միասին: Ինչո՞ւ:

ԿԻՆ — Տարօրինակ ոչինչ չկա: Խստաբարո հայր ունեի, թույլ չէր տալիս:

ՏՂԱՄԱՐԴ — Մենք արդեն նշանված էինք: Ու հանկարծ այդ անիծյալ օրը զանգեցիր ու ժամադրեցիր այգում:

ԿԻՆ — Եվ ի՞նչ… (Սիգարետը դնում է բերանը:)

ՏՂԱՄԱՐԴ — (սիգարետը ջարդում, գցում է մոխրամանը🙂 Չհամարձակվե՛ս ինձ մոտ ծխել:

ԿԻՆ — Քեզ նմանվեցիր:

ՏՂԱՄԱՐԴ — Երեք ընկերներիս հետ գալիս եմ այգի ու տեսնում իմ նշանածին ինչ-որ մեկի հետ համբուրվելիս: (Դադար🙂 Ինչո՞ւ էիր մեզ ժամադրել նույն ժամին, նույն վայրում:

ԿԻՆ — Սուտ է: Մենք պատահաբար հանդիպեցինք, ու ես նրան ասացի՝ համբուրիր ինձ վերջին անգամ:

ՏՂԱՄԱՐԴ — Դու գիտեիր բնավորությունս, գիտեիր, որ չեմ տանի անպատվությունը: Դու կեղտոտ հաշվարկ էիր արել: Անիծյալ կին, դու ամեն ինչ արել էիր, որ մենք այրվենք քո խենթ սիրո համար: Թե կարող ես՝ ապաշխարիր: Գուցե Աստված քեզ ների:

 

Լսվում է նույն երաժշտությունը: Պատուհանից ներս է մտնում Աղջիկը, Տղամարդը ոտքի է կանգնում: Նրանք պարում են:

ԿԻՆ — Սուտ է, սուտ է… Ես չեմ սպանել նրան, ես չէի կարող նրան սպանել: Նա միայն ինձ էր սիրում, միայն ինձ: որձում է պարել, ընկնում է հատակին, մրմնջում🙂 Սա իմ երգը չէր: Ես պարել չգիտեի: Նա իմ պատուհանին չէր նայում:

Լսվում է մարդասպանի ոտնաձայնը: Նա կանգնում է դռան մոտ, թակում է դուռը: Նրանք քարանում են: Երաժշտությունը շարունակվում է: Դանդաղ մարում է լույսը:

 

Կարդացեք նաև