Մերուժան ՍԻՄՈՆՅԱՆ/ «ՍՈՒՐԲ ԾԱՌԱԶԱՐԴԻ ՏՈՆԻ ԱՌԱՎՈՏԸ»

Մերուժան ՍԻՄՈՆՅԱՆԻ «ՍՈՒՐԲ ԾԱՌԱԶԱՐԴԻ ՏՈՆԻ ԱՌԱՎՈՏԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2007 թ., թիվ 12-13-ում:

 

Բառի հետ գործ ունեցող մարդու համար շինություններից կատարյալը բանաստեղծությունն է: Չեմ պատկերացնում մեկին, ով երբևէ չի ապրել այս շինության մեջ: «Խավարի սիրտը» տեսնելու անկասելի պահանջմունքն այստեղ բնակվողի օրվա խնդիրն է, և որևէ բան ձեռնարկելու համար նա ձևի կատարյալ «հոտառություն» պիտի ունենա և «դասական ողնաշար»: Այստեղ բառը միակն է, իսկ ապրումը՝ վերջինը: Շատերն են լքում այս շինությունը, քանզի կեղծելն այստեղ հավասարազոր է ինքնասպանության: Հեռանում են… արձակի տարածքներում շունչ առնելու այն պահերին, երբ հերոսները ճամփա են գնում, զրուցում, մտածում և  կամ պատրաստվում են որևէ բան անել: Մի գործողություն, որի մեջ մոլորակի վրա ինչ-որ բան շտկելու թաքուն հույս է ապրում: Իսկ երբ պարզում է, որ ավելի հաճախ և գրեթե միշտ՝ որևէ սպասում սկսվելով, այլևս միայն շարունակվում է, գլխի է ընկնում մի պիես գրել: Գործող անձինք ամենուր են: Մի քանի տողով վկայում է նրանց անվանական կամ սիմվոլի վերածված իսկությունը և նախաբանի արարողակարգն ավարտելուն պես՝ ասում իր հերոսներին. սա ձեզ՝ տեղը, սա ձեզ՝ ժամանակը: Կարող եք նույնիսկ հաշվի չառնել դրանք: Ապրեք, ինչպես գիտեք: Արեք, ինչն անհրաժեշտ եք համարում, և աշխատեք քիչ խոսել: Հիշեք միայն՝ ձեզնից ոչ մեկի և ոչ մի արարքի համար ես պատասխանատվություն չեմ կրում:   

Մերուժան ՍԻՄՈՆՅԱՆ

ՍՈՒՐԲ ԾԱՌԱԶԱՐԴԻ ՏՈՆԻ ԱՌԱՎՈՏԸ

Գործող անձինք

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՀԱԿընդհանուրի կամքով Առաջնորդ օծվեց

ՄԵԾ  ՏԻԿԻՆ  գլխատված Զինվորի մայրը. դեռ կեսօր չեղած՝ սև ագռավ դարձավ ու անհետացավ

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆսուսուփուս Հարճ դարձավ, ժամանակ անցավ, չարժանացավ դատաստանի

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱիրեն փողոցին տված մեկը. հրեշտակից, մարդուց, հաղթանակից վեր բան էր փնտրում, կարծես թե՝ իր ճշմարիտ անունը: Դեռ կեսօր չեղած՝ արտաքսվեց

ԵՐԿՈՒ ՔԾՆՈՂընդհանուրի կամքով Հավատաքննիչ կարգվեցին և արտաքսվեցին ընդհանուրի կամքով

ՆՎԱՃՈՂանարգանքը սրան բաժին հասավ. դարձավ Աստանդական ու վտարվեց բեմից

ԵՐԿՈՒ ՀՐԵՇՏԱԿսրանցից տղան, դեռ կեսօր չեղած, ուրացավ Հոգնած Մարդուն, մյուսը՝ աղջիկը, մնաց հսկելու Դեռատի Աղջկա սրտի զինվորին, արտաքսվեց ընդհանուրի կամքով, բառ դարձավ, գտավ ԻմաստՀայրենիքը

ՓՈՔՐԻԿ ՀՈԳԵԱՌԻ ՄԱՅՐշարունակ ուշանալու է. տեղապտույտ վազքի մեջ քիչ էր մնում՝ ինքն իրեն կորցներ

Էլի անձեր են հիշատակվում, որոնք, սակայն, չեն հայտնվելու բեմի վրա:

 

Անթափանց մութ է: Բեմի խորքից հայտնվում է Հովհաննես Պահակը: Ձեռքի նավթավառը լուսավորում է նրա սև սապոգները, գալիֆե շալվարի փողքերը: Նա ծեր է, թվում է՝ բան է որոնում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՀԱԿ — Գրվածքին որ հավատաս, իր զորությունը երկնքի առաջ է պատասխանատու: (Նավթավառը թողնում է հատակին: Որոնում է անկյունի իրերի մեջ: Աղոտ լույսը հանկարծ լուսավորում է Ստալինի յուղաներկ դիմանկարը: Ծերունին կանգնում է շփոթված: Ժամանակ անց ըմբռնում է կատարվածը🙂 Առավոտ կանուխ… Մատնության էս տեսակը չէիր իմացել, Հովհաննես: Շան ծնունդ… Գիտեր՝ որ կողմն է քեզ ուղարկում: Մի մատ լակոտից խաբվեցիր: Վրադ թամաշա սարքեց… դերասանը: (Դառնում է դիմանկարին🙂 Գլուխդ են կորցրել: Սկզբում պստիկ ոզնու նման անվստահ էին, մինչև որ փշակալվեցին… տառապյալները… (Ծերունին հիմա բեմի կենտրոնում է: Վերցնում է նավթավառը, մտքերը հանկարծ նոր գույն են առնում🙂 Մի սանրի կտավ են… Գիր են կարդացել, ամրոց են փրկելու… տերդ խնդա…

 

Ծերունին դուրս է գնում: Բեմահարթակում սովորական լուսավորություն է, ոչ ոք չկա: Լսվում է Պառավող Կնոջ՝ ոչ այն է ողբը, ոչ այն է երգը: Նրա ետևից հայտնվելու է Նվաճողը:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Մի տղամարդ, մի պոետ-դրամատուրգ ի՞նչ հունարի տեր է, որ գիտենա՝ ակամա մի պոռնիկ ինչպես կգնար դեպի Սուրբ Ծառը: (Ձեռքին խաղացվելիք պիեսի տպագիր օրինակն է: Գտնում է իր որոնած հատվածն ու կարդում շինծու խորունկ ձայնով🙂 Հարճը հավատով, խանդաղատանքով պետք է հասնի… Չգտնելով հարմար մի բան՝ Հարճի իր զգեստից… Ամբողջ ընթացքում դահլիճին պետք է երևա… Հողերս գլխիդ, քե՞զ ինչ, թե նրա ինչը կերևա դահլիճին: Իրենից լա՞վ գիտես հնարքները՝ ի՛նչն ի ցույց դնել, ինչպես ի ցույց դնել… դահլիճին՝ հատկապես: Մեծահոգի գտնվեիր, թույլ տայիր Հարճին խնայել իր վերջին զգեստի ամոթի լաթը: Հողերս քո կիսադեմին… (Նոր միայն նկատում է բեմում հայտնված Նվաճողին:) Սրա նմանն է հիմա նվաճողը: Բախտի ծաղր է: Երեկ չէ՞ր՝ հենց այս տեղում փառավորապես ձախողեց Ազնիվ Լաերտին: Ուրիշ ի՞նչ սպասես քաղցրակերից, ո՞ւմ մեղադրես, ո՞ր մեկին մեղադրես: Հարճի զգեստի պատառ լաթը հաստատ փրկության է…

ՆՎԱՃՈՂ — Քեզանից առաջ պատուհանիդ տակի ճնճղուկները լուր բերին՝ մենակ ես եղել մի ամբողջ գիշեր: (Խոսքն ուղղելով դահլիճին🙂 Բայց այս մարդիկ ի՞նչ մեղավոր են: Կապ դիր լեզվիդ, կին:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Ե՞ս եմ կինը, մի՞թե կին եմ արդեն:

ՆՎԱՃՈՂ — Երեկ երեկոյան զոհասեղանին բերված անարատ կույս էիր: Այնպես էիր խաղում…

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Հետո տուն հասա, մի ամբողջ գիշեր մեն ու միայնակ աչք չփակեցի ու կին դարձա լուսադեմին:

ՆՎԱՃՈՂ — Փորձառու կին:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Ո՞վ կասի, թե հանելուկ չէ: (Ծիծաղում է🙂

ՆՎԱՃՈՂ — Առավոտ լուսո քո շնչով մտա բեմ: Ավա՜ղ, ներշնչանքիս մնացիր անհաղորդ: Նորություն չէ… Այնպես էիր խաղում, ասես մահդ եկել ու քեզ չէր դիպել, առաջ ընկած՝ գնում էիր ետևից՝ իրեն հասնելու…

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Ամեն անգամ Պոլոնիուսի հետ թաղել եմ իմ տասնինը տարիները: Սև դառնար օրը… Քո խոսքերն այս աշխարհի ետնամուտքով են աշխարհ մտնում: Ուզում ես ասել, թե հասել եմ վերջաբանի՞ն, ինչո՞ւ մտաբերեցիր…

ՆՎԱՃՈՂ — Կասկածել կարողանալը ես նրանից սովորեցի:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Ջանք էր թափում քեզ նմանի վրա. հույսն ի՞նչ էր:

ՆՎԱՃՈՂ — Գլխի չընկա ժամանակին ինձ համար մտքումս մի արժանավոր դեր հորինել, օր էի ապրելու:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Քո ինչի՞ն կգար ուրիշ դերը, իսկը տեղն էր ամեն բան՝ կոկիկ, նախշուն, լպստած, ապահով…

ՆՎԱՃՈՂ — Այդպես էլ ինձ ընկերոջ տան մոտ չթողեց: Եվ հենց նույն ժամանակ աշխարհի՝ չգիտեմ, որ պուճախից թռած-եկած, ոչ էլ թե՝ մի ճնճղուկ, պառկում էր հետը, իշխում էր վրան, գիշերով նրա ականջին ներշնչանք էր հուշում… Գուցե խածնո՞ւմ էիր նրա ականջը:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Խածնում էի, ի՞նչ մի թաքցնելու բան է: (Հանկարծ ծիծաղում է ջահել, զրնգուն ձայնով🙂 Բայց չինական զարդանախշով միջնորմը հո չէ՞ր կարող չինական պարիսպը դառնալ: Միջնորմը, միամիտ ներկաներ, պարկեշտ մնալու ի՞նչ մի միջոց է: Հասա պատմության հիմնական տեղին՝ Էլսինորի պալատի Դալուկ Իշխանը միջնորմի իմ կողմում էր անկողին մտնում: (Նվաճողին.) Իսկ ինչո՞ւ չես ծափահարում: (Դահլիճին.) Դո՞ւք ինչու չեք ծափահարում: Ի՞նչ բառերով, շեշտ ու հանգով իր որդի-սիրեկանին իր գրկից հրեց դեպի իմ անկողինը… Դեռ տասնինը չբոլորածի իմ ջահել կիրքը արտագրում էր ու պահ տալիս իր խավարող երակներին՝ Մեծ Տիկինը: Բեմի համար չծնվածի նման՝ փորձում էր տևել ընտրյալիս խոնջանքի մեջ: Օր կար՝ քոծ էի, օր կար՝ խոհարար, կիսագրագետ բուժքույր, տան պահակ էլ եղա: Սարսափելի թանկություն, ցուրտ, շրջափակում ու տարօրինակ մի պատերազմ՝ հատիկ-հատիկ տխուր զոհերով: Հենց դրա կողքին՝ պես-պես վայելքներ, հազար տեսակ քուրջուփալաս, ցուցափեղկեր… Եվ մարդը՝ ինքն իր աչքի առաջ, մաշվում էր իր հագի շորի թելից էլ արագ:

ՆՎԱՃՈՂ — Իջիր բեմից, խոսեցրու ուզածդ մեկին՝ նույնը չէ՞ր իր օրը:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ – Սրանց խելքը դեռ չի հասնում… Մի սրվակ թույնը ի՜նչ հեշտ, ի՜նչ հանգիստ ամեն բան կդարձներ ուրիշ:

ՆՎԱՃՈՂ — Կին, հոգիդ մի մատնիր բառերին:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Գոնե շնորհք ունենայիր, չիմացածդ բաներից քիթդ հեռու պահեիր: Մեկ էլ տեսար՝ անհարմար տեղում անհարմար պատմության մեջ խրվեց: Անդուր հոտեր կան…

ՆՎԱՃՈՂ — Քառասունամյա կնոջ ծաղկած սերը չեմ փոխի ոչ մի իմաստուն վայելքի հետ: Ասա, որ գիշերը մտքովդ անցել եմ:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Մողես ես եղել անցած կյանքումդ, ո՞նց ճանաչեիր թույնի հմայքը: Թույնը, տղա, վերջը չէ, սկիզբն է՝ երբ անկյալության մատնված ջահել կյանքիդ մեջ ուր որ է՝ ժամանակը հոգին տալու է, և չկա ուրիշ փրկություն:

ՆՎԱՃՈՂ — Հաց, թույն, բեմ ու երազանքներ՝ հրաշալի է:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Ոչ մեկը չկա:

ՆՎԱՃՈՂ — Մեղքը քոնն է, ծոցիդ մեջ էր… Այսքան տարվա ծուխը հիմա ո՞ր տանիքի վրա գտնես:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Ուր է, թե ծուխ եղած լիներ, անցած լիներ մշուշի պես: Դեռ փշածաղիկը պիտի ծաղկեր ուղիղ սրտիս մեջ: Հետո ինչե՜ր սովորեցի… Իմ մեջ ինձ կրել միայն չսովորեցի: (Խոսքը չավարտած, պայթում է🙂 Րոպեները շարվել են կոկորդիս, կուլ չեն գնում: Մյուսնե՞րն ուր են:

 

Գալիս են Պահակն ու Մայթերի Տղան: Վերջինս ոտքը կախ է գցել:

ՆՎԱՃՈՂ — Ի՞նչ կա, հորեղբայր: Փայլուն սապոգների՜դ նայեմ, շփոթմունքի՜դ նայեմ: Պահակի գործն էլ մի բան չէ՝ մեր մեջ ասած:

Նավթավառը դեռ վառվում է: Ամենքի խոսքի մեջ ծերունին դավ է տեսնում, պատասխանի բառեր չունի:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Վարպետի գալուն քառորդ ժամ մնաց:

ՆՎԱՃՈՂ — Հետո՞…

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Վախենամ, թե մեզ ուղարկի թեմուրանոց՝ տապակած նրբերշիկով գարեջուր խմելու:

ՆՎԱՃՈՂ — Ի՞նչ կա, պարզ ասա:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Այս առավոտ պակասորդ է հայտնաբերվել:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Ձեր թատրոնը տեղով պակասորդ է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՀԱԿ — Ձեզնից հետո ոչ մի օտար շունչ ոչ շենք է մտել, ոչ էլ՝ դահլիճ: Հաստատապես համոզված եղեք, որ…

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Բեմի վրա ուրիշ բան չկար, ինքն էլ ասեղ չէր:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — (գլխի ընկնելով և միաժամանակ շարունակելով զավեշտը): Քչփչոց ու իրարանցում, բերաններդ ջուր եք առել: Վախենամ, թե ուշացել եք: Վախենամ, թե քննադատական միտքն արդեն հոտն առել է: Տեղն ու տեղը կատարվածին քաղաքական աստառ կտա: Հանաք բան չէ՝ Սուրբ Ծառը… անկարծ քրքջում է🙂 Իր տեսությանը մեզ արժան չհամարեց, հարգելի համաքաղաքացիներ, համբերեց, որքան հնարավոր էր, և հենց այս առավոտ, զզված ու երևի սաստիկ հուսահատ, լքեց մեզ և մեր թատրոնը, հարգելի ներկաներ, ձեր թատրոնը: (Քրքջում է🙂

 

Մայթերի Տղան նշան է անում: Նվաճողը պատրաստվում է նրա հետ դուրս գնալ, միաժամանակ խորհրդածում է:

ՆՎԱՃՈՂ — Ժամանակից շուտ աղմուկ չդնենք: Ուր որ է՝ մնացածները կգան, մի բան կպարզվի: (Պահակին.) Քո բախտից է, որ Վարպետն ուշանում է: Քեզ թեմուրանոց չէր ուղարկի, հենց տեղում կենտկոմի հրահանգիչ կկարգեր:

 

Մայթերի Տղան ու Նվաճողը գնում են: Պահակի ձեռքից կախված նավթավառն աղոտ լուսավորում է շուրջը: Պառավող Կինը կատվաքայլով մոտենում է:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — (նավթավառին): Ո՞ւր էիր շտապում, լույսի ժառանգ, մնայիր տերևի մեջ: Էս խեղճ բիձուկի՞ն ինչու ես պահում մոլորության մեջ: Գոնե ասե՞լ ես՝ ում է հոգին տալու: (Աչքն արդեն սապոգներին է: Զավեշտը տեսանելի դարձնելով, շոյում է ասպոգները: Մատները շինծու կրքով վեր են ձգտում, ինքը սաստում է: Ի վերջո, համարձակություն առած, գրկում է սապոգները: Ծերունու անճարությունը կնոջ սրտով է🙂 Հավատս չի գալիս, թե հիմա էն եմ, ինչ կամ: Բախտավորություն է օրն իրենով սկսելը, հարուստի վայելք է: Ձեզ նման շքեղ սապոգների հանդիպած լինեի տարիներ առաջ, օրինավոր թխսկան էի արդեն: (Երազելով🙂 Մեծ աղջիկ ու փոքր տղա՝ ես էլ առավոտից իրիկուն առանց դադարի լեզվակռիվ եմ տալիս աղջկաս հետ, որ փողոցի տղու բաժին չդառնա: Տղայիս հետ, որ փողոցի աղջկա բաժին չդառնա: Որ երեխեքս իրարից թաքուն նույն քաղցր մեղքից մատով չլիզեն մեղքի հարուցքը…

 

Կինը դեռ չի լսում: Թակոցների ձայնն աստիճանաբար ուժգնանում է: Բեմի ետնապատին պատուհան է բացվում: Բարձր պատուհանից երկու հոգի՝ ջահել տղա ու աղջիկ, ցատկում են հատակին: Նրանք դժվար ճանապարհ են կտրել:

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈԻ ՀՐԵՇՏԱԿ — Ոտքով գալու լինես, թե հանրային փոխադրամիջոցով՝ նույնն է, ամեն տեղ՝ հրահրոց, ամբաստանություններ իշխանությունների հասցեին:

ԴԵՌԱՏԻ ԱՂՋԿԱ ՀՐԵՇՏԱԿ — Անցումային ժամանակներ են:

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈՒ ՀՐԵՇՏԱԿ — Հավատալու եռանդն է մարում:

ԴԵՌԱՏԻ ԱՂՋԿԱ ՀՐԵՇՏԱԿ — Շփոթմունքը պաշարել է բոլորին, գնալով չարանում են:

 

Պառավող Կինը հրեշտակներին գրեթե չի լսում: Գիտի, որ բեմը հիմա նրանցով է շնչում:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Սիրտս նվաղում է, երբ այս ջահելները հայտնվում են բեմի վրա: Հրեշտակի մի կյանք՝ մաքուր, անբասիր, թեկուզ՝ կարճատև, թեկուզ և՝ գավառական բեմի վրա: Ինձ վիճակվեր դրա կեսը… (Անսպասելի գոռում է Պահակի վրա🙂 Մարդ աստծո, մեծագույն բռնապետի օրոք ապրեցիր: Ինչո՞վ էիր շնչում, որ չարժանացար արդար մատնության:

 

Նվաճողն ու Մայթերի Տղան ներս են եկել: Կինը նրանց դեռ չի նկատել:

ՆՎԱՃՈՂ — (բեմ մտնելով, նետում է հընթացս): Մարդը ծառ չէ, թափահարում ես: Հանգիստ թող նրան: Թող մտքերը ժողովի՝ Վարպետի առաջ պատասխան տալու:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՀԱկ — Ձեր վարպետի չէ, ավելի վերևինների աոաջ պատասխան կտամ, թե զանցանքն իմ կողմից է:

ՆՎԱՃՈՂ — Թեկուզ մշակույթի նախարարի աոաջ:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Վարպետը բաց չի թողնի մարդ կերտելու այս առիթը: Համենայնդեպս, ջրեք համբերության ծառը:

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈԻ ՀՐԵՇՏԱԿ — Միայն թե ձայնս չդողա:

ԴԵՌԱՏԻ ԱՂՋԿԱ ՀՐԵՇՏԱԿ — Կարկամում եմ, հենց աչքս մութ դահլիճի կողմն է ընկնում: Ես միշտ վախեցել եմ մթից ու ջրից:

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈԻ ՀՐԵՇՏԱԿ — Հրեշտակ մնալ՝ սա է խնդիրը:

ԴԵՌԱՏԻ ԱՂՋԿԱ ՀՐԵՇՏԱԿ — Ես կարկամում եմ, երբ էությանս դեմ բաներ են ինձ պարտադրում: Ես չեմ կարող երկար ապրել բեմի վրա:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — (հրեշտակներին): Աստված ինձ սրանց ձայնը լսելու համբերություն տար: Խաղաղվեք վերջապես… Ձեր ապավեն Սուրբ Ծառն այս առավոտ լքել է ձեզ:

 

Անորոշ լռություն է: Ներս է ընկնում Փոքրիկ Հոգեառի մայրը:

ՓՈՔՐԻԿ ՀՈԳԵԱՌԻ ՄԱՅՐ — Այ քեզ հաջողություն, ինձ ճի՞շտ է թվում, կարծես չեմ ուշացել: Իմ բախտից էր, պատկերացնո՞ւմ եք, մեքենա պատահեց, ինձ դուրս բերեց մեր պարունակից: Մեր ժողովրդին էլ աստված տվել, չի խնայել՝ բռնեց ու անունը Բանգլադեշ կնքեց: Այնպես որ, հիմա մենք մեր սեփական դժոխքն ունենք և սեփական հայրենիքը: Հերիք է փեշս կարճանա՝ ի՜նչ է կատարվում մեր հայրենիքում, ո՜նց են մեքենաներն իրար անցնում՝ ի՜նչ մայթ, ի՜նչ փողոց, ի՜նչ օրենք: Մարդը մեքենային հեծած, առավոտ կանուխ կին է փնտրում՝ համատարած մի խրխնջոց: Աշխարհի էլ ոչ մի տեղ նման զվարճություն չեք վայելի: Քանի օր առաջ Վարպետն ինձ չորրորդական մի դերի առաջարկ արեց: Աչքի պոչով կարդացել եմ, ոչ էլ գիտեմ անելիքս: Հիմա Փոքրիկ Հոգեառս սրճարանում մեծարանքներ է ընդունում հյուրասիրված բլիթի հետ: Վազեմ նրա մոտ ու շուտ ետ դառնամ:

 

Մինչ այդ ոչինչ չի եղել: Ներկաները լուռ են ու անտարբեր: Փոքրիկ Հոգեառի Մոր խոսքերը մնացել են՝ ճոճվելու բեմի անշարժության մեջ: Մտնում են Մ՚եծ Տիկինն ու նրա սպասարկուներ՝ Երկու Քծնողները:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Բարի լույս եմ մաղթում բոլորիդ: Մեր Վարպետն արդյոք չի՞ ուշանում:

ՍԿՍՆԱԿ ՔԾՆՈՂ — Դեռ քառորդ ժամ կա:

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — Մեծ Տիկնոջ ժամանակն ուրիշ է մեր զիտեցածից, այս չափը մենք չգիտենք:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Զգույշ վարվեք այդ բառի հետ՝ թշնամի է ու բարեկամ: Փակ է պահում իր երեսը Արևելքի կնոջ նման: Ես վստահում եմ միայն սեփական հոդացավերիս: Կարծեմ, թե գիշերս անձրևում էր հուշիկ:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Հուշիկ անձրևը գեղեցիկ էր, չտեսնելու տանք ոճի վրա նստած փոշին:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Դարձյալ խռովքի մեջ է այս ձայնը:

ՆՎԱՃՈՂ — Առավոտն է մեղավորը, Տիկին, ուշք մի դարձրեք:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Խաղաղությունը դեռ երկար այս ձայնի խորթ մայրը կմնա, ափսոս տղան:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Փողոցն է եղել իմ ուսուցիչը, Տիկին, ի՞նչ արած: Ասել է, թե՝ օրս ապրում եմ քավարանում:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Թե ապրելն արդեն իսկ հպարտանալու բան է…

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Ես քավարանի իմ անունը պիտի հայտնաբերեմ, գալու է օրը: Հիմա դեռ վաղ է ձեզ ներկայանալ:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Տեսեք միայն, որ անունը գտնելուց առաջ հույսի պարունակն արդեն դատարկ չլինի: Թև կին լինեիք, ուրիշ բան կասեի, կինը միշտ էլ կորցնելու բան պիտի ունենա՝ սիրո խոստովանություն, մերձավոր ընկերուհի, մի սիրահետող… Թե կորցնելու ոչ մեկը չունի, ժամանակն է, ուրեմն, որ կորցնի հիշողությունը: (Քծնողներին և, միաժամանակ, ներկաներին:) Դեռ մուտքի մոտ խոստացա կարդալ վերջին տողերը:

ՍԿՍՆԱԿ ՔԾՆՈՂ — Գուցե քառատողն ամբողջությա՞մբ…

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Տարվա ի՞նչ եղանակ էր, օրվա ի՞նչ ժամ էր՝ մոռացվեց, մնաց նվերը…

Հուշիկ քայլերով քեզ այցի կգամ

տարատատատա,

Լուսնի լույսի հետ անթարթ աչքերով

քունդ կհսկեմ,

Տարատատատա, հուշիկ անձրևի

կաթիլի նման

Հողը կմտնեմ

ՍԿՍՆԱԿ ՔԾՆՈՂ — Միայն ձայներանգով քառատողը դարձավ որմնանկար… միստիկա է:

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — Լսում էի ձեզ, ու ձեր խոսքի միջոցին փորձում էի գուշակել, թե քանի նման ընծաներ են կորուսվել: Վախով մտածեցի՝ իսկ ի՞նչ, եթե հանկարծ մի օր, սաստիկ բարկության պահին, կամ ի հեճուկս մեկի, որոշեք կորցնել ձեր հիշողությունը:

ՍԿՍՆԱԿ ՔԾՆՈՂ — Երանի փոքր-ինչ շատախոս լինեիք:

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — Եթե թույլ տայիք ետ տանել Արևելքի կնոջ դեմքի քողը…

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Գործ չունեք, ի սեր Աստծո: Մեկ էլ տեսար՝ ժամանակը թավալգլոր ետ պտտվեց: Ազատեք ինձ… Անգերեզման իմ ամուսնու հիշատակն ինձ հերիք է:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — (մեկուսի): Հուշիկ անձրևի կաթիլի նման… տեսել էր մոտալուտ մահվան ստվերն իր դեմքին… (Հանկարծ ծանր բեռից թեթևացած՝ երկտակվում է, ճեմում է կատվաքայլով, մեկ էլ՝ մլավում է գեղեցիկ ձայնով🙂 Ես՝ տանու կատու, ու քնում եմ տիրուհուս փորի վրա՝ բախտավորություն է: Իր աքսորյալ ամուսնուց հետո տիրուհիս եղել է միայն սիրուհի, էլ կին չի եղել, մինչև որ դարձավ Մեծ Տիկին… փուհհհհհ: (Սաստիկ տխուր🙂 Տան փառավոր արմավենու հուշը մնաց, մեկ էլ՝ աքսորյալ ամուսնու վերջին ճաշի հոտը…

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — Թույլ տվեք ձեզնից գողանալ այս պահը, եղե՞լ է, ասենք, փողոցում կամ էլ տանը նստած պահին՝ տեսել եք ձեզ ուղիղ պատմության ժամանակի մեջ:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Հարցն ավելորդ եմ համարում և հանում եմ օրակարգից: Մինչև օրս ո՞վ է փառք-շնիկին ոտքով դեն հրել:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Հազար ափսոս տղան, իր անունը դեռ երկար է որոնելու:

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — Անշառ խոսքեր են, տակը բան չկա: Վարպետը նրա մեջ… ինչպես ասում են… (Մեկուսի🙂 Բճին է հանդուրժում:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Սովի տարվա բառ է բիճը, մեզ չի լքում: Մեր անազատ տարիներին մի ջահել պոետ կար, ինձ շատ էր… համակրում: Չիմացա՝ ով էր, նախկին քաղբանտարկյա՞լ, թե՞ սրա ցեղից՝ մայթերի տղա: Այդպես էլ սիրտ չարեց ինձ սոնետ նվիրել: Լճի ափին բացօթյա սրճարան կար, ջահել աղջիկներով միշտ լեցուն էր: Կատվանոց էր կնքել սրճարանի անունը: Մի օր կարդաց բնագրից իր թարգմանած Ռոլանդի ասքը… Սեղանի շուրջ նստածների ապշանք-հիացումի վկան եմ եղել: Ընկեցիկ էր՝ ոչ կացարան, ոչ տան ջերմ խոսք, ոչ մաքուր շոր… Ներշնչանքն ինքն էր վազում նրա ետևից:

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — Լսած չկա՞ք նրա մասին, ի՞նչ եղավ վերջը:

ՍԿՍՆԱԿ ՔԾՆՈՂ — Վերջն ի՞նչ եղավ:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Մի օր, սաստիկ հարբած, վայր ընկավ իր կնքած կատվանոցի բարձր բազրիքից և կնքեց այս անգամ՝ իր մահկանացուն: Եղավ ու անցավ… Ինչե՜ր չտեսանք՝ մութ, հացի քարտ, անասելի ցուրտ անկողիններ…

ՍԿՍՆԱԿ ՔԾՆՈՂ — Որքան գիտեմ, այդ ժամանակ էր՝ հենց այս բեմի վրա, ջահել պոետի աստղի նման շողաց ու մարեց մեկ այլ ջահել կյանք… Միայն երկու խաղաշրջան նրան վիճակվեց խաղալ այս բեմում:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Երկինքն այդպես տնօրինեց նրա ճակատագիրը: Դեռ տասնինը չբոլորած մի աղջնակ կար, աղոտ եմ հիշում, հատկապես ցուրտ գիշերներին նրան փրկելու ջանք չէր խնայում: Ավաղ, անփորձ էր աշխարհի բաներում, կարծում էր՝ աոաջին սերն ու իր մարմինն արդեն հերիք էին մարդու հորինած տառապանքների կարգը փոխելու:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Սոնետի մասին հազիվ երկու-երեք միտք ճարվի գլխումս: Դրանցով հազիվ կոծկեմ գեշ մերկությունս: Բայց եթե ջահել պոետը տիրապետում էր ժանրին, աններելի զանցանք է եղել իր կողմից…

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Այս ձայնը երազիս մղձավանջի միջից ես բերեցի հետս:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Վարպետը եկավ թե չէ, առաջին իսկ խնդրանքով իմ ներկայությունից բոլորիդ կազատեմ: Անելիքս չնչին մի բան է: Լեզուս չի պտտվում ասեմ՝ դերս: Սրավարժանքի նման դարձվածքներ՝ ընդամենը: Մի խոսքով, բոլորիցդ վաղ եմ հայտնվելու բեմի վրա: Մուտքս ակամայից է լինելու: Մինչ այդ զավեշտի ու դավի նման բան է սկսվել ու դեռ շարունակվելու է: Դրանից հետո, դեռ կեսօր չեղած, ինչ-որ մեկն ագռավ է դառնալու: Դահլիճից աննկատ նրան ծածկելու են իր իսկ ստվերով: Ավաղ, այդ հանդիսավոր ծեսին բեմի վրա ես չեմ լինելու:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Մեռնողը Գլխատված Զինվորն է լինելու, նա էլ միայն խոսքի մեջ է հիշատակվում: Այլակերպվածի ստվերը պատանք դարձնելն ո՞ւմ գաղափարն է: Ո՞վ կպնդի, թե մարդուց հետո նրա ստվերը ծղրիդ չի դառնում:

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — Այդ դրվագը գուցե Վարպետի գաղափարն է:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Շշմելու վարկած՝ Վարպետն ինքն է այս հորինվածքի հեղինակը: (Սպասում է, որ բոլորն ըմբռնեն🙂 Հանդես է եկել կեղծանունով: Բռնել է քթներիցս՝ ձախ ու առաջ, առաջ ու վեր…

ՆՎԱՃՈՂ – Ոչ ոք ոչինչ լսած չկա՞ հեղինակի մասին:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Իր երախայրիքի վրա տքնելուց հետո մեզ տեսության գալու ուժ չունի խեղճը: Հազիվ մի կերպ պրեմիերային դիմանա:

ՆՎԱՃՈՂ — Ես կասեի՝ ջահել սատանի գործ է: Գրել, թռել է՝ ձեզ եմ թողնում, ասել է՝ փորեք-փորփրեք, ժամանակը կգա, դուք ձև կանեք, թե լավ գիտեք՝ ինչ եք խաղում, ես ձև կանեմ, թե լավ գիտեմ՝ ինչ եմ գրել:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Համաձայն չե՞ք, նա գիտե բեմը: Ավելին ասեմ, նաև հաստատում է. բեմական խոսքը երկինք հասնելու զորություն ունի:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Բայց մեկ էլ երկնայինը որոշում ընդունեց…

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Հերիք է թել մանես, շիտակ խոսիր:

ԴԵՌԱՏԻ ԱՂՋԿԱ ՀՐԵՇՏԱԿ — (հուզախռով): Հարգարժան մարդիկ, զո՞ւր են եղել մեր ջանքերը:

ՆՎԱՃՈՂ — Բարեխոսեք Վարպետին, թող մի հունարով ազատի սրանց հրեշտակ լինելու սևեռուն մտքից:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Թող հրեշտակն ազդարարի ի լուր ամենքի՝ ես թռչում եմ դեպի երկիր առանց մեկ իդեայի:

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈՒ ՀՐԵՇՏԱԿ — Երեկ ես վերջինն եմ թողել բեմը:

ՆՎԱՃՈՂ — (կապկելով Պահակին): Ձեզնից հետո ոչ մի օտար շունչ ոչ շենք է մտել, ոչ էլ՝ դահլիճ: Հաստատապես համոզված եղեք, որ…

ՍԿՍՆԱԿ ՔԾՆՈՂ — Բայց ի՞նչը փոխվեց:

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — Վարպետն առաջնորդ է՝ կարող էր և հրաժարվել Զարդածառը բեմ հանելու գաղափարից:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Կասկածներ կան, որ մեզնից մեկը Զարդածառն իր հետ տուն է տարել՝ տնային պայմաններում սրբագործվելու: Խոստովանեք՝ մեծ մեղք չէ եղածը:

ՆՎԱՃՈՂ — Մտքներովդ թող չանցնի: Մեր նոր պահակը եզակի մի խառնուրդ է՝ ոչինչ չի սպրդի նրա աչքից: Կարծես խոսում է, ոչինչ չի թաքցնում, բայց դեռ մեկին իր մտքերին մոտ չի թողել: Աչքերիդ մեջ երբեք չի նայի, երբեք չես իմանա՝ իր խոսքի պահին որտեղ է ինքը:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Ինձ նման միամիտը կարծում էր, թե ժամանակի գնացքը նրանց տարավ անվերադարձ… Մեկ էլ հանկարծ հայտնվում էին՝ աքսորի մունետիկները… Հողի երես էին ելնում կապույտ որդերի նման… Ասում եք՝ նո՞ր է գործի անցել:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Այնքան նոր չէ, որ նոր համարվի, բայց հին կոչվելու համար էլ…

ՄԵԾ ՏԻԿԻՆ — (նրան չի լսում, առաջին անգամ ակնհայտորեն անհանգիստ): Չեմ հասկանում, Վարպետն ինչո՞ւ է ուշանում:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Քառորդ ժամվա հավերժություն գաղջության մեջ… (Հանկարծ ճչում է🙂 Ո՞ւր մնացիք, տաղանդավոր շերեփուկներ, մի վերջին անգամ տնտղեք պահեստասենյակը. ասել ասողին՝ ինքն էլ ասեղ չէր…

 

Երկու Քծնողն ու Մայթերի Տղան գնում են:

ԴԵՌԱՏԻ ԱՂՋԿԱ ՀՐԵՇՏԱԿ — Ես կարկամում եմ, երբ էությանս խորթ բառեր եմ լսում:

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈՒ ՀՐԵՇՏԱԿ — Վարպետը գար, պարզվեր՝ զուր ենք տագնապում:

ԴԵՌԱՏԻ ԱՂՋԿԱ ՀՐԵՇՏԱԿ — Չլինի՞ թե պարտադրի անհնարին բաներ… լսել…

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈՒ ՀՐԵՇՏԱԿ — Հրեշտակին անվայե՞լ մի բան… Ասված է՝ հրեշտակներն են երկինք հասցնելու Սուրբ Ծառին ավանդված խոսքը:

ԴԵՌԱՏԻ ԱՂՋԿԱ ՀՐԵՇՏԱԿ — Չլինի՞ թե փորձի ասվածը վերածել տեսարանի:

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈՒ ՀՐԵՇՏԱԿ — Ասված է նաև՝ շինծու ամեն բան, կեղծիք ու կեղծավորություն, ամեն բան, որ հորինվում է ամբոխը կերակրելու, սպանում է նախ և առաջ խոսքի իմաստը: Սուրբ Ծառն այն տեղն է, ասված է, ուր հասնում է խոսքը, որ հետո բռնի երկնքի ճամփան:

ԴԵՌԱՏԻ ԱՂՋԿԱ ՀՐԵՇՏԱԿ — Չլինի՞ թե Սուրբ Ծառին բերված խոսքը Վարպետի վրեպ ջանքերով տեսարան դառնա: Չլինի՞ թե երկտակ բառերով բոլորը խոսեն…

 

Ներս են գալիս երկու Քծնողն ու Մայթերի Տղան:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Փնտրեցինք…

ՍԿՍՆԱԿ ՔԾՆՈՂ — Հետքն անգամ չկար:

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — Հասանք մինչև նկուղային հարկաբաժին:

ՍԿՍՆԱԿ ՔԾՆՈՂ — Աստիճանների գլխի հարթակում էլ փնտրեցինք:

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — Հույս ունեինք, թե պահեստասենյակի նախամուտքում բռնելու ենք հետքը:

ՍԿՍՆԱԿ ՔԾՆՈՂ — Չէի էլ կարող ենթադրել, որ մեր թատրոնի որովայնում այսքան գալարումներ կան:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Միաժամանակ հասցրինք նկատել՝ նկուղային հարկն այնպիսի վարպետությամբ է հորինված, որ պահանջված պահին, առանց գլխացավանքի, կդառնա… բանտ: Դրանից հետո էր՝ ինձ նետեցի փողոց, շունչ քաշելու:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Հղի կնոջ նման ձեզնից բացի էլ բան չեք տեսնում: Մտածեք, թե ինչպես ենք սկսելու…

ԴԵՌԱՏԻ ԱՂՋԿԱ ՀՐԵՇՏԱԿ — Առանց Սուրբ Ծառի՞…

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈԻ ՀՐԵՇՏԱԿ – Հուզմունքի՞ց է, թե՞ անհայտությունն իր չար գործն արեց՝ կարդացածս մշուշվել է գլխումս, ոչինչ չեմ հիշում:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Ինչ էլ որ լինի՝ հանգուցալուծումը չի ուշանալու:

ՆՎԱՃՈՂ — Տիկին, վատ բա՞ն եք կանխազգում:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Վատ, թե լավ՝ չգիտեմ: Եթե հրեշտակը դարձել է անզոր ու հուսահատ, ուրեմն եկել են ուրիշ ժամանակներ:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — (ծիծաղում է բարձր ու վարակիչ): Եվ գլորվեցինք ուղիղ ճիշտ տեղը: Մենք բոլորս, առոք-փառոք նստած ուրիշ ժամանակի մեջ, սպասում ենք Վարպետին, իսկ նա քրտնփչած փնտրում է մեզ իր ժամանակի մեջ ու չի գտնելու:

ԴԵՌԱՏԻ ԱՂՋԿԱ ՀՐԵՇՏԱԿ — Գուցե Վարպետը սխալմամբ ուրի՞շ ավտոբուս է նստել:

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈԻ ՀՐԵՇՏԱԿ — Կամ՝ ուրիշ տրամվայ:

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — Նա պաշտում է ոտքով քայլելը:

ՍԿՍՆԱԿ ՔԾՆՈՂ — Նրա տնից թատրոն հասնելը, ասեմ հիմա… (Մտքում հաշվարկում է🙂 Տպագիր հինգ էջը կարդալու չափ ժամանակ է պահանջում, հազիվ այդքան:

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — Եթե կարդում ես ռադիոլսողների համար:

ՆՎԱՃՈՂ — Աստված չարասցե, թե գործի բերումով հայտնվել է կենտրոնից հեռու: Հաստատ շփոթել է հյուսիսն ու հարավը: Անճար է աշխարհիկ բաներում՝ նմանը չկա:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Դուք շարունակ ձերն եք քշում: Մինչդեռ, եթե հրեշտակը հրեշտակ մնալու զորություն չունի այլևս, եթե մենք հայտնվել ենք ուրիշ ժամանակի մեջ, և բառերն այլևս զրկվել են իրենց՝ մեզ հայտնի իմաստներից… Եթե պարզ չէ, թե առանց Սուրբ Ծառի հրեշտակը որքանով է մնում հրեշտակ, եթե մենք հայտնվել ենք ուրիշ ժամանակի մեջ և այստեղից՝ եթե մեր Վարպետն այլևս մեզ չի գտնելու, և մեզ հայտնի բոլոր բառերը զրկվել են կարծեցյալ իմաստից և այսքանից ետ, եթե… (Խորհրդավոր լռության է տիրում🙂 Գլուխս սաստիկ պտույտ է գալիս: (Նույն լռությունն է🙂 Երկիր մոլորակը սաստիկ ճոճվում է…

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — (լռության սրտից եկող հեռավոր ձայնով մեղմիկ երգում է): Վախենամ, թե մեր դեմ դավ են նյութել… բառերը: Համաձայնության եկած, երամ են կապել, երամ-երամ հեռանում են մեր աշխարհից: Թռչում են՝ հասնելու իրենց վաղնջական Իմաստ-Հայրենիքը:

 

Ներս է ընկնում Փոքրիկ Հոգեառի Մայրը:

ՓՈՔՐԻԿ ՀՈԳԵԱՌԻ ՄԱՅՐ — Բարի առավոտ ասեմ, ում դեռ չեմ տեսել: Ես հիմա ետ եմ թռչելու: Եկա, համոզվեցի՝ Վարպետը դեռ չի եկել, հրաշալի է: Իմ անկուշտ Հոգեառը առավոտ կանուխ սրճարանում մոռացության է մատնվել մի բլիթի հետ: Ես էլ հանգիստ խղճով նրան գրավ թողեցի սրճարանին: Կհասցնեմ էլի մեկ անգամ այս կողմը թռչել: Այնպես որ, հիմա ես ետ եմ թռչում: Երեկ լուսնից կրկին մի կտոր պակասեց: Փոքրիկ Հոգեառս օրավուր նիհարող լուսնին նայելով՝ ամբողջ գիշեր աչք չփակեց: Ինձ հարցնում է՝ ո՞վ է նրա համար բժիշկ կանչելու… Ես էլ հետը աչք չփակեցի մինչև առավոտ: Հիմա էլ, կարծես, ժամանակը դուրս է թռել իր առանցքից: Հազար ու մի բանի ետևից վազելով՝ շունչ չմնաց բերանումս…

 

Փոքրիկ Հոգեառի մայրը դուրս է թռչում նույնքան անակնկալ, ինչպես հայտնվել էր: Քիչ անց ծանր քայլերի ձայն է լսվում: Ձայնը երկար է լսվելու, մինչև Հովհաննես Պահակը կհայտնվի բեմում: Ոչ մեկի կողմը չի նայելու: Ձեռքերի մեջ հաստ գերան է ու ծանր մուրճ: Բոլորի աչքի առաջ մեխերը խփում է գերանի կողերը, ապա գերանը բարձրացնելով, հիմնում է բեմի կենտրոնում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՀԱԿ — Առժամանակ թող զարդածառ կոչվի:

Ներկաները շփոթված են:

ԴԵՌԱՏԻ ԱՂՋԿԱ ՀՐԵՇՏԱԿ – Սրա փշե կողերը մկրատում են տեսողությունս: Տեսքը… հակառակն է ասում:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Կախարդված միամիտ, տեսքն ի՞նչ կարևոր է, թե բառերը երամ կապած հեռանում են: Թող սրա տեղում առժամանակ երկնագույն արջի խրտվիլակ դրվի, ի՞նչ է փոխվելու:

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — Հարկ է եղել, խաղացել ենք առանց Ծառի:

ՍԿՍՆԱԿ ՔԾՆՈՂ — Մենք սկսենք, գալիքն ինքը կերևա:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Գալիքը, կոլեգա, ոչխարի հոտ չէ՝ երևաց թե չէ, քո ուզած փարախը քշես:

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — Շուտ մոռացաք՝ ինչպես էինք իրար անցել: Սրանով մեր հարգարժան Պահակն իր օգնությունն է մեզ բերել:

ՍԿՍՆԱԿ ՔԾՆՈՂ — Ինչու՞ չասել՝ նաև իր բարի կամքը:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Այս ծառ կոչվածը միանգամայն տանելի կլիներ, թե փոքր-ինչ ունակ լիներ շպարվելու: Մեկ-երկու լաթ՝ իբրև ժամանակի մեջ խունացած թաշկինակներ, մի գլխաշոր՝ խաս գույներով:

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — Հենց այս պահին քիչ ավելի իրատես դարձանք:

ՍԿՍՆԱԿ ՔԾՆՈՂ — Այսքանից հետո հարգելին ի՞նքը գուցե մեզ օգնի…

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — Թարգմանել նորահայտ ծառի…

ՆՎԱՃՈՂ — Նա պատրաստ է մարտի դաշտ մտնել: Աչքերի փայլը մատնում է իրեն:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Սապոգների փայլը մոռացար նշել:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Սիրտը հանկարծ չվատանա՝ իշխանություն, կանայք, գինի: Նրա տարիքը մի մոռացեք:

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈԻ ՀՐԵՇՏԱԿ — Ի՞նչ է անելու հրեշտակը դրա կողքին:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Չհասկացանք… Թույլ տվեք, ի՞նչ հիմունքով… Թույլ տվեք ամբիոնից արտահայտվել: Ինչո՞ւ հատկապես այս բեմը կարող է և այն չլինել, ինչի համար կոչված է, այս շենքը, իր հարակից փողոցները, օդն ու ջուրը, շրջապատի միջավայրը, էկոլոգիան: Ներող եղեք, դուք ինքներդ հենց ձեր աչքում մի հատուկ հիմունքով ազատ եք չլինելու, ինչը որ պետք է լինեիք: Ծառի հարցում ձեր պահանջատիրությունը կզարդարի միայն ձեր կարճ միտքը: Թարգմանելը մեղմ է ասված, խնդրեք նրան, թող առժամանակ մեզ առաջնորդի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՀԱԿ — Բեմի ձեր գործերը դուք եք տնօրինում: Գալով ծառին՝ էս նեղ միջոցին ուրիշ ճար չկար, էս էր հնարավորը:

ՆՎԱՃՈՂ — Մեր մեջ ասած՝ շպարվելու գործում ոնց որ չկա: Չգիտեմ՝ անտաղա՞նդ է, թե՞ լոդր: Հազիվ թե մեր ուզածի տեղն անցնի:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Պահանջվածը չնչին բան է՝ ուսյալ խենթությամբ գունավորել երևակայությունը: Եվ կհայտնաբերեք, որ իր նախորդի իմաստն այս մեկի մեջ տեղափոխվեց: Պրոֆեսիոնալիզմ է կոչվում: Նրբություն է, որին կարող է և տեղյակ չլինել… մեր Պահակը…

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Անփորձությունը խնդիր չէ, քանի գործում են արհմիությունները: Նրանք երաշխավորում են երկինք՝ առանց Աստծո, հաց հանապազօրյա՝ առանց աղոթքի, բառեր՝ բառարանային, լուսեղեն խոսք՝ լույսի հովհարային անջատումներով…

ՍԿՍՆԱԿ ՔԾՆՈՂ — Թողեք մարդն ուշքի գա:

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — Մեր շատախոսությունը նրա աչքում պարապ ժամանց է դարձնում մեր արվեստը:

ՍԿՍՆԱԿ ՔԾՆՈՂ — Այդպիսին չէր մեր արվեստը, ավաղ, միայն նախորդ դարում:

ՆՎԱՃՈՂ — Անհնար է, որ հենց այս պահին փոխակերպվի Առաջնորդի: Նույնիսկ դպրոց անցածին հեշտ չի տրվում:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Առաջնորդը մայթերի տղա չէ, հիմա բոլորն են առաջնորդ խաղում:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Դե, գրողը ձեզ տանի, մի բան ձեռնարկեք: Թեկուզ քնձռոտ, բայց բեմը բեմ է ու բեմի վրա պետք է, որ մի բան կատարվի:

ՆՎԱՃՈՂ — Հանդերձապահեստից թող բերվի երբևէ խաղացված Առաջնորդներից մեծագույնի հանդերձանքը: Մյուսները թող բորբոքեն հանրության երևակայությունը՝ նա տեսարանի է սպասում: Իբրև ընդդիմախոս՝ մեկը թող հանդես գա հեռուստատեսությամբ: Մյուսը թող պատրաստ լինի հակադարձելու խցկվողին: Առաջնորդի կենսագրությունը հեռու պահեք նոմենկլատուրայից: Թող երևա անկուսակցական և ի ծնե անկախ: Իշխանություն կայացնելու հարցում մանրուքներ չեն լինում:

 

Իրարանցում, շփոթ, միտինգային ինտոնացիա: Երկու Քծնողն ու Մայթերի Տղան գնում են:

ԴԵՌԱՏԻ ԱՂՋԿԱ ՀՐԵՇՏԱԿ — Այս տեսարանը լավ բան չի խոստանում:

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈՒ ՀՐԵՇՏԱԿ — Հիմա եմ հիշում՝ քանի օր առաջ հանդերձապահեստի փակ դռան ետևում տիրական մի ձայն կարծես փորձում էր պատերի ամրությունը… Հիմա եմ հիշում…

ՆՎԱՃՈՂ — Ոչինչ աչքաթող չարեցինք: Փորձում եմ գուշակել, թե որն է լինելու մեր նորընծա Առաջնորդի առաջին հրովարտակը:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Ուզում եմ հավատալ, որ ժողովրդավարության ուղուց մենք չենք շեղվի:

ՆՎԱՃՈՂ — Անկեղծ ասած, ընտրության հարցում ես դեռ տատանվում եմ: Նոր Առաջնորդը նոր հանելուկ է:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Մի պնակալեզ ընտրելու իր իրավունքն է աճուրդի հանել: Այս մեկն է լինելու ձեր բաժին Առաջնորդը, մնացած բոլորը սխալմունք էին: (Հանկարծ փլվում է Հովհաննես Պահակի ոտքերի տակ🙂 Երբ ընտրվես, իսկ դա լինելու է, մի շտապիր խոստումներ տալ: Հանրության գիտությամբ որոշակի ոչինչ մի ծրագրի: Երբեք չիջնես որևէ մեկի մտերիմը լինելու աստիճանին: Հիշիր՝ դու բոլորինն ես և ոչ մեկինը: Վախեցիր հասկանալի դառնալուց: Թող բոլորին թվա, թե ազատ են իրենց սրտի ուզածն անելու, թող որ նրանց ձեռքերն ու ոտքերը քառկապեն հանգամանքների շղթաները: Թույլ տուր, որ գնան՝ ուր կամենում են. հեռուներից վերադառնալու են պակասավորի իրենց խաչը շալակներին: Ամենայնս գովաբանիր դժվարություններին տոկալու քո սիրելի ժողովրդի եզակի ունակությունը, բայց քանի դեռ չի հասցրել մոռանալ գովեստի քո բառերը, նույն տեղում իսկ խոսիր սպասվող դժվարություններից: Չմոռանաս ընդգծել ազգի հոգևոր կայացման խնդիրը: Կարևորիր եկեղեցին և սովորիր խաչակնքվել: Աչալուրջ եղիր հանրության խոտոր մտքերին, հաստատակամ ձեռքովդ նրան ճզմելու հարմար առիթը բաց չթողնես: Հիշիր՝ նա սիրում է ուժը, որովհետև հանրությունն ընդամենը՝ կին է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՀԱԿ — Սատանի բան է:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Դժվարինը օծվելուդ աոաջին պահն է լինելու: Սովորական մահկանացու չես այլևս, բայց դեռ չես դարձել ժամանակի վրա իշխող տիրակալ: Փոխակերպումիդ խռովքը ոչ մի արարած չպետք է տեսնի: Ուսերիդ իջած ծիրանին ընդունիր թեթև վայելքի խաղաղ ժպիտով: Օծումիդ վկաներին այդքանը հերիք է: Ոչինչ ավելի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՀԱԿ — Սատանի բան է:

 

Երկու Քծնողն ու Մայթերի Տղան ներս են բերում թագադրության համար ընտրված հանդերձանքը: Իրարանցում է, բոլորը շրջապատել են Հովհաննես Պահակին: Ամեն մեկն իր իմացածով շտկում է նրա հանդերձանքը: Երբ ետ են քաշվում, զարդածառի ետևում հայտնվում է բռնապետի մի հավաքապատկեր՝ հռոմեական փետրավոր սաղավարտ, քաթանե կիտել, շքանշաններ կամ նման մի բան, գալիֆե շալվար, կամ փոխարենը՝ տունիկա սապոգների հետ: Ետ քաշվելուն պես լսվում են բուռն ծափահարություններ:

ՆՎԱՃՈՂ — (միաժամանակ ընդգծելով ընտրրյալի շուրջն առաջացած բոլորագիծը): Սկսեք, Տիկին, առաջին խոսքի իրավունքը միշտ ձերն է եղել:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ խոսք ասել: Գուցե հուզվում եմ… Ուրեմն՝ Առաջնորդի ընտրության հանդիսության առիթով մեր խորին գոհության խոսքը բերելով… հավաստում ենք, որ այսուհետ առավել… ջանադրաբար պիտի ծառայենք… (Ղեկավարում է երգչախումբ դարձած բոլորագիծը: Խումբը.) …թատերական արվեստի զարգացման գործին:

 

Ծափեր, բացականչություններ: Պառավող Կինը մոտենում, ինչոր բան է շշնջում Առաջնորդի ականջին ու քաշվում է կողմ:

ՆՎԱՃՈՂ — Առաջնորդի օծման արարողությունը համարելով բացված՝ հույս եմ տածում նրա կառուցողական խոսքի ուժով արժանանալ իր հետագա ծրագրերին հաղորդվելու երջանկությանը: Թատրոնը վաղուց ի վեր կարոտ էր նման Առաջնորդի:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Թատրոններին կից հավաբների հարցը նա կլուծի մի հարվածով:

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — Իմ վաստակաշատ գործընկերներից հետո ինձ չի պատշաճում երկար խոսել: Մեր համատեղ աշխատանքի ժամանակը կճշտի իմ կարողությունների և նվիրվածության չափը:

ՍԿՍՆԱԿ ՔԾՆՈՂ — Ես շփոթված եմ: Ինձ դեռ բախտ չէր վիճակվել Առաջնորդ ընտրել:

ԴԵՌԱՏԻ ԱՂՋԿԱ ՀՐԵՇՏԱԿ — Ես երդում ունեմ տված:

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈՒ ՀՐԵՇՏԱԿ — Օրը կանցնի, Հոգնած Մարդու չարչարանքները կմնան:

ՆՎԱՃՈՂ — Քանի հայտնաբերեցինք, որ մեր ջանքերն անզոր են մեզ դուրս բերելու մեր իսկ մտքի զարհուրելի լճացումից… ժամն է մեզ առաջնորդել:

 

Աղմուկ է, բոլորը խաղի մեջ են: Երկու հրեշտակները մնում են հեռվում անմասնակից: Պառավող Կինն ինչոր բան է շշնջում իրեն լիովին կորցրած Պահակի ականջին ու կողմ է քաշվում: Նվաճողն աջը վեր է նետում: Կտրուկ ու տևական լռություն է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՀԱԿ — Ես խորապես հարգում էի ձեր Վարպետին…

Լռում է: Մեկը գլխի է ընկնում ծափահարել: Մնացածները փութով միանում են ծափահարողին:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Հարգում էի… Լսո՞ւմ եք… Խորապես…

Լռություն է: Բոլորը նոր խոսքի են սպասում:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — (գլխի է ընկնում հուշարարի գործն իր վրա վերցնել): Ընտանիքի հայր էր ու պարկեշտ ամուսին…

Պահակը կրկնում է:

ՆՎԱՃՈՂ — Տիրապետում էր լեզուների…

Պահակը կրկնում է:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Եվ իր բնազդներին…

Պահակը կրկնում է:

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — Գիտեր իրեն կողքից քննել և անաչառ կշռել գիտեր:

Պահակը կրկնում է:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Թե՛ երիտասարդ տարիներին և թե՛ հետո արատավոր հակումներով հանդես չէր եկել:

Պահակը կրկնում է:

ՆՎԱՃՈՂ — Անուրանալի է նրա ավանդը թատերական արվեստի զարգացման գործում:

Պահակը կրկնում է:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Բոլորը գիտեն՝ առանց մաքուր քամիների թատրոնը բորբոսի տեղի է վերածվում…

Պահակը կրկնում է:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Քաջ ծանոթ էր աբսուրդի թատրոնի հիմնադրույթներին: (Պահակն աշխատում է ճիշտ կրկնել անծանոթ բառը🙂 Այդուհանդերձ, դժվար է միանշանակ գնահատական տալ էկզիստենցիալիզմի… (Սպասում է, որ Պահակը հասցնի կրկնել:)

Լռություն է:

ԱՌԱՋՆՈՐԴ — (նրան չի լսում, հետո հանկարծ՝ իր ձայնով): Նա սխալ էր ըմբռնում ազատությունը… Իմ նախորդը… տարված էր թատրոնով, շուրջը չէր տեսնում: Վստահում էր անհայտ տեղերից եկած մտքերին: Մաքուր քամիներ, բորբոս՝ էլի բան ասվեց… Անհայտ մտքի ետևից գործողն է գալիս, որ սկսի իր գործը… Մտածե՞լ էր…

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Լավ ես բռնել, ցույց տուր սրանց սապոգներիդ զորությունը:

ԱՌԱՋՆՈՐԴ — Չորսբոլորը չիմանալով՝ գրվածք էր ընտրում: Դուք պիես եք, կարծեմ, ասում: Քանի օր է՝ նայում եմ, հրեշտակը՝ տեղով անհայտություն, մարդու վարքով բեմի վրա իրար է անցել…

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Թե որպիսին է եղել հրեշտակների դերը որոշակի պատմական հատվածում, հայտնի է անգամ դպրոցականին: Մեզնից հիմա պահանջվում է ըմբռնել հարցի կարևորությունը ներկա բեմական իրողության ենթատեքստում:

ՆՎԱՃՈՂ — Մամուռ ես փռում Առաջնորդի մտքերին: Խոսիր, ծերուկ, լավ էիր ճառում:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Ամեն պատահական ձայնի ականջ չի դնելու, իր ասածն Առաջնորդի ասած է:

ԱՌԱՋՆՈՐԴ — Ձեր ազատ ընտրությունը պահանջում է, որ անկեղծ լինեմ ձեզ հետ:

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — Առանցքային հարց է. հրեշտակներո՞վ, թե՞ այլևս առանց հրեշտակների:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Ժամանակ տանք նրանց:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ- Քիչ ջանք, մի քիչ բեմական վարպետություն, քիչ-միչ երևակայություն, և՝ էլ հարց չկա:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Կարծեմ թե ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի պարտադրում: Ազատ կամքի վրա բռնանալը…

ԱՌԱՋՆՈՐԴ — Հատուկ է միայն ապաշնորհին:

ՆՎԱՃՈՂ — Ոչ մի Առաջնորդ այսպես չէր խոսել:

ՍԿՍՆԱԿ ՔԾՆՈՂ — Եվ սուրբ ծեսի դեմ ոչ ոք ոչինչ չունի:

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — Հիմա է, որ պիտի բարձր գտնվենք մեր անձնական իղձերը ընդհանուրի շահին ի սպաս դնելու աստիճան:

ԱՌԱՋՆՈՐԴ — Թող որ կարճատես լինեմ ձեր նվիրվածությունը տեսնելու հարցում, բայց ոչ՝ անհավատ:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Կա՞ մեկը, ում կասկածում է Առաջնորդը:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — (ծուղակին մոտեցողի դարանակալ ուշիմությամբ): Ես մի առաջարկ ունեմ: Որքան հիշում եմ, Հոգնած Մարդն այդպես էլ բեմի վրա չի հայտնվելու: Նրա խոսքն է միայն, որ հրեշտակը պետք է երկինք հասցնի:

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈԻ ՀՐԵՇՏԱԿ — Այդպես է գրված:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Առաջարկս գուցե առաջին բառից մերժելի թվա, բայց մի շտապեք քար նետել խեղճիս վրա: Ուրեմն… Ծառզարդարի առավոտ, բուրվառը լույսերի մեջ: Դահլիճում նստածն ուզում է տեսնել ոչ թե Հոգնած Մարդու հրեշտակին, այլ հենց իրեն՝ Հոգնած Մարդուն: Հանդիսատեսը մարմին է ուզում, ոչ թե տեսիլք: (Նենգ քայլքով մոտենում է հրեշտակին🙂 Տեսնում եմ հոգուս աչքերով, դեռ կեսօր չեղած՝ Հոգնած Մարդու հրեշտակը, այլակերպվելով, դարձավ ինքր՝ Հոգնած Մարդր:

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈԻ ՀՐԵՇՏԱԿ — Անհնարին է: Ժամանակ անց, գուցե… Թե պահանջում է բեմական իրողությունը, պատրաստ եմ աղոթելով մոմ վառել նրա հոգու խաղաղության համար: Բայց դառնալ ինքը… նրա ձայնը… նմանակել…

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — (պաղ, սևեռուն և սաստիկ տխուր): Մանկության անմեղ օրվա անեծքի տակ է այս առավոտը: (Հանկարծ քրքջում է ջղաձիգ🙂 Հոգնած Մարդ, աստանդական, վիրավոր, հավերժ մենավոր՝ հրեշտակի խարջը չէիր դառնալու:

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈԻ ՀՐԵՇՏԱԿ — Ես միշտ երազել եմ մի մեծ դեր խաղալ, երբ տարիքս առաջանա: Գուցե Սիրանո դը Բերժերակ…

ԴԵՌԱՏԻ ԱՂՋԿԱ ՀՐԵՇՏԱԿ — Օրեր առաջ ավարտեցի ձեռագրի ընթերցումը և տեսա ինձ, փառք Երկնավորին: Բայց մինչև իմ կարդալը՝ գրվելուց էլ առաջ, դեռատի մի աղջիկ, վախ ու մահ մոռացած, դուրս էր եկել պաշարված ամրոցից՝ իր բաղձանքը երկնքին պահ տալու: Նրա տեսիլքներում Սուրբ Ծառզարդարի տոնի առավոտը հրեշտակների թևերի ղողանջով էր լցված: Հրեշտակի գոյության կասկածը ես մեկնաբանում եմ որպես անհայտ աղետի նախաբան:

ԱՌԱՋՆՈՐԴ — Ցավում եմ լսածիս համար: (Դանդաղ պտտվում է ներկաների շուրջը🙂 Ձեր կանգնած տեղից նույն բա՞նը դուք լսեցիք:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Անհնարին է, որ թատրոն կայանա, եթե ամեն ոք ասելիքի միայն իր կողմն է տեսնում:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Թող հրեշտակը ողբերգություն չհորինի: Սիրահար աղջնակի սրտի խոսքը երկինքը կլսի ցանկացած փողոցի ցանկացած խաչմերուկում:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Ինչ գեղեցիկ էր նրանց էջքը այս առավոտ: Ինչո՞ւ խոսեց իր կաղ հանգով: Ո՞վ նրա բերանը դրեց խրատի լեզուն: Ատում եմ տողացի զոհաբերվողին: Քշեք, թող գնա՝ ուր աչքը կտրի, ձայնը չլսեմ:

ՆՎԱՃՈՂ — (իրար անցած, նոր միայն ինչ-որ չարագույժ բանի կանխազգացումով): Դուք չեք ճանաչում նրա ծնողներին: Պարկեշտ լինելը նրանց ճակատին է գրված, անչափ սիրում են թատրոն և դասական երաժշտություն: Ականջները չընկնի էս տեսակ խոսքը: Նրա մայրը վշտից կցամաքի:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Միայն նրան չէ մայր բերել:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Պետության հովանու ներքո գործող թատրոնը շուտով ասմունքի սիրահար ինքնուսների տեղ կդառնա:

ՄԵՐՁԱՎՈՐ ՔԾՆՈՂ — (ձեռքերի մեջ ինչոր բան է, որ մինչ այդ չէր երևացել): Այս թիկնոցը պահեստասենյակում աչքովս ընկավ: Չեմ կարող ասել, թե ինչով գրավեց ուշադրությունս: Ոչ էլ վստահ եմ, թե գիտեմ՝ ինչու ձեռքս տարա ու վերցրի հետս: Թե հիմա Առաջնորդն իր համաձայնությունը տա՝ թիկնոցն ուսերիս առնելով խոսք ասել… Առաջին Հավատաքննիչի իմ նոր դերի պարտադրումով պիտի ջանամ օրինական մի լուծում գտնել:

ՍԿՍՆԱԿ ՔԾՆՈՂ — Այս թիկնոցն ու այս գլխարկը երևի մնացել են սուրբ ինկվիզիցիայի ժամանակներից: Մեխից կախված հորանջում էին: Թե Առաջնորդի համաձայնությունը լինի… Կրելով Հավատաքննիչ դատավորի թիկնոցը՝ եռանդս կնվիրեմ արդարության սրբազան գործին:

 

Երկու Քծնողն ուսերին են առել թիկնոցները, զատվել և սպասում են Առաջնորդի որոշմանը: Վերջինս հերթով մոտենում է նրանց, աննշան շարժումով շտկում է թիկնոցների ծալքերը, կամ նման մի բան, որը մյուսներին համաձայնության նշան պետք է լինի:

ԱՌԱՋՆՈՐԴ — Օրենքի խոսքը թող խարազան դառնա և սպեղանի:

 

Մինչև Առաջին Հավատաքննիչի խոսքը ժամանակ պետք է անցնի:

ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Լսեք ինձ և միաժամանակ փորձեք ըմբռնել՝ ինչպես մանկության զվարթ բառը, ժամանակի մեջ այլափոխվելով, դարձավ հոգնատանջ մի հնչողություն: Արդեն իսկ լսում եք Հոգնած Մարդու ձայնը: Մի բան՝ շատ նման փլված ծառաբնի շնչառությանը: Բեմական մկրտություն ստացածի համար դժվարություն չէր իր մեջ Հոգնած Մարդը հայտնաբերելը: Ցավոք, մենք կանգնած ենք փաստի առաջ…

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Հակառակ մեր բարի կամքի:

ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Խոսքը մեկի մասին է, և հարցի նրբությունն այն է, որ հրեշտակ է եղել…

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Եվ սակայն երազել է մի մեծ դեր խաղալ՝ Սիրանո դը Բերժերակ: Երբ տարիքը առաջանա…

ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Տեղ է մնում հուսալու, որ երկնքի ու Հոգնած Մարդու առջև հրեշտակի պարտավորությունները հնարավոր է և կասեցնել… առժամանակ:

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Պարսավելի ոչինչ չեմ գտնում՝ իրեն տեսնել բանաստեղծի ճախրող տողերում, ոչ թե գամված մեկի ճակատագրին:

ԴԵՌԱՏԻ ԱՂՋԿԱ ՀՐԵՇՏԱԿ — Բանաստեղծ, սիրահար պատանի, թե մի Հոգնած Մարդ՝ ոչ ոք չի ապրում առանց հրեշտակի այս երկնքի տակ:

ԱՌԱՋՆՈՐԴ — Ձեր որոշմանը տեղյակ պահեք ներկաներին:

ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Հրեշտակը հրեշտակ չէ, թե վաղեմի երազանք ունի: Նա երազող է: Սա հաստատված է: Բայց երազանքը նաև թատրոնի կանաչ տերևն է, այս պարագայում՝ բողբոջ տերևը: Բողբոջ տերևը մանրուք չէ, հարգելիներ: Եվ հենց այստեղից էլ մեր որոշումը. Հոգնած Մարդու հրեշտակը մնում է թատրոնում, բայց միայն սպասելու, մինչև կհասնի իր ժամը: Գալով մյուս հրեշտակին… Բանն այստեղ ավելի քան պարզ է՝ Դեռատի Աղջկա հրեշտակը պատրաստ չէ հանուն ընդհանուրի իր էությունը վերափոխել:

ԱՌԱՋՆՈՐԴ — Որոշմանը տեղյակ պահեք:

ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Դեռատի Աղջկա հրեշտակը արտաքսվում է:

ՆՎԱճՈՂ — Նրա ծնողներն անչափ սիրում են թատրոն և դասական երաժշտություն: Մայրը կցամաքի վշտից:

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈՒ ՀՐԵՇՏԱԿ — (թախանձագին, մեղավոր, մյուս հրեշտակին փրկելու հուսահատ ճիգով): Մենք միասին էինք դեռ այն ժամանակ, երբ բեմը գաղտնիքի չափ հեռու էր մեզնից: Նույն գիրքն ենք կարդացել, նույն երգի մեղեդին ենք սիրել: Դեռ այս առավոտ այստեղ հասնելու դժվար ճամփա անցանք: Եթե արդար է ձեր որոշումը, ինչո՞ւ երկուսիս առջև բացվեցին երկնքի պատուհանները:

 

Առաջնորդն ինչոր բանի է սպասում: Նրա թիկունքում Երկրորդ Հավատաքննիչը ծածկում է այն պատուհանը, որտեղից իջել էին երկու հրեշտակները: Դեռատի Աղջկա հրեշտակը հալվում է մթնում:

ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Խիստ և արդարացի որոշում եղավ:

ԱՌԱՋՆՈՐԴ — Եվ հարց հնչեց:

ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Եվ թեև հարց տվողը կիսով չափ արտաքսված մեկն է…

ԱՌԱՋՆՈՐԴ — Պատասխանը պետք է տրվի, որովհետև մի հարց միշտ էլ մարդու դեմ է:

ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Եթե մարդը մի օր կործանվելու է, պատճառն իր միջի չարը չի լինելու, ապա…

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Իր միջի հարցը:

ԱՌԱՋՆՈՐԴ — Ինչո՞ւ բացվեցին երկնքի պատուհանները՝ հնչել է հարցը…

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Խուլ մի ձևացեք: Բոլորը լսեցիք, ինչպես հարցի ծանրությունից ճռնչաց հատակը:

ԱՌԱՋՆՈՐԴ — Ձեր լսածը հարցի միայն երկրորդ երեսն է: Այո, Առաջնորդ, բայց նա էլ ձեր նման մսից ու արյունից է, նա էլ է կամենում տեսնել հարցի շիտակ երեսը: Ո՞վ հրեշտակների աոաջ բացեց երկնքի պատուհանները: Մի Հոգնած Մարդ՝ հրեշտակին ապավինած, հրեշտակը՝ նույն ժամանակ թաքուն երազանքի հետ…

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Զավե՞շտ է, թե՞ մեղավորություն:

ԱՌԱՋՆՈՐԴ — Ինչ որ է, մեղավորին հեռվում մի փնտրեք:

ՆՎԱՃՈՂ — Թույլ տուր հարցնել՝ որտե՞ղ փնտրել մեղավորին:

ԱՌԱՋՆՈՐԴ — Որտեղի՞ց էր գալիս ուսումնառուն… Ասում են, լուսավորչի համբավ ուներ:

ՆՎԱՃՈՂ — Նրա օրոք թատրոնը…

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Գավառական խաբկանքներ էին նրա օրոք: Ուրացումի այս առավոտն իր գիտությամբ եղավ:

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈՒ ՀՐԵՇՏԱԿ — Ես եմ ուրացողը:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Երկնային խոսքը, թեկուզ կրկնելու համար, Աստծո պարգև տառապանքին պիտի արժանացած լինեիր: Տեղյակ չէ՞ր օրենքի այս պարզ պարտադրանքին: Տառաճանաչների առաջ բացեց թատրոնի դռները: Նրա հանդուրժումը մենության մատնեց Հոգնած Մարդուն:

ԱՌԱՋՆՈՐԴ — Իմ նախորդի դատն անելով՝ Հոգնած Մարդու կամքն ենք կատարելու: Ժամանակն է, որ հնչեցվի երկու հազար տարի առաջ ընդունված այս փաստաթուղթը: (Առաջին Հավատաքննիչին է մեկնում անհայտ տառատեսակով փայտի վրա արված գրությունը, կամ դրա նման մի բան:)

ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Վատօրինակ մեղավորի անունը հայտնի է և այստեղ չի հիշատակվում: Նրա անունն ու նրա գործը հավասարապես արժանի են մոռացության, քանզի գործեց անիմաց: Վճիռն արդար է:

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Վճիռն արդար է:

Լռություն է:

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈՒ ՀՐԵՇՏԱԿ — (մեղավոր և ըմբոստ): Ես նոր դատ եմ պահանջում: Օրենքը տալիս է դրա իրավունքը:

ՆՎԱՃՈՂ — Հիմա կարծես պատրաստ է Հոգնած Մարդ խաղալ:

ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Նրա ձայնի մեջ քավության երանգ ես չեմ լսում: Հենց հիմա իր աչքում իրեն է փրկում: Վաղն այս նույն շնչով չի խոսելու: Հաշտվել է կատարվածի հետ, բայց չի խաղաղվել:

ՆՎԱՃՈՂ — Այս առավոտ պիտի տեսնեիք նրա էջքը: Չեմ հիշում՝ մեկ էլ երբ եմ նման բան տեսել:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Մի լսեք դրան: Սա ոչ Լաերտ է, ոչ էլ՝ Նվաճող: Ոչ եղբոր նման սիրել գիտե, ոչ իշխանազունի նման՝ կասկածել: Առանց ամոթի ուրիշի մեղքն իրենը կհամարի արժանահիշատակ մի պատմության մեջ քիթը խոթած լինելու համար: Դուք ծաղրած կլինեք ձեր դատարանը, թե դատի արժան համարեք դրան:

ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Հայտնի միջոց է՝ նսեմացնելով փորձ է արվում վրայից հանել իր բաժին մեղքը: Արդյոք կինը չի՞ թերագնահատում դատարանի փորձառությունը:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Կամքը ձերն է: Ես ինձ տալիս եմ ծամոն ծամելուն: Արեք, ինչ ուզում եք: Բայց ով թատրոն ասվածը ճանաչել է, հարգելիներ, վաղուց արդեն տեսած կլիներ աչքի միջի գերանը:

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Իսպա՞ռ զուրկ է բեմական ձիրքից:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Կարող եք ինքներդ համոզվել: Հենց այս պահին թող պատկերի գետաքարերից վեր Նվաճողին բացված տեսարանը: Թե Աստված նրան տեսողություն է տվել, Նվաճողի զմայլանքը թող պատկերի, զարմանք-հիացումը, իր անտեղյակ մաքրագործման հնչյուն-երանգը թող հասցնի մեր ականջին: Դեռատի Աղջիկը՝ մոռացած մահ ու թշնամի, առավոտ կանուխ աղոթարանով, բոլորից թաքուն, դուրս է եկել բերդի դռնից և ահա… հիմա… իմ խոսքի հետ, իջնում է լեռն ի վար: Իր ծանր փեշն իրար է խառնվել, իսկ թևերը, Տեր Աստված, բարակ ճյուղեր՝ ուր որ է կոտրվելու են՝ քարին առնելով: Ի՞նչն է նրան կանչում՝ որտեղի՞ց գիտենա օտարականը, քանի աղջիկը չի հասել մատուռին: Նվաճողի տեսածը ցանկասեր էգ է, շտապում է մարմինը տալու գետի ջրերին: Իսկ աղջիկը հասել է մատուռին ու նշան չկա, թե հիշում է իր մարմինը: Նա է հեռվում… հիմա… խոսքիս հետ ծնկի է գալիս Զարդածառի առաջ, ատլաս գոտին կապում է ճյուղին՝ Աստված պահապան իր կրծքի միջի զինվորին… Թող իր հոգեդարձը պատկերի, որ կատարվեց հիմա, խոսքիս հետ:

Մեծ լռություն է:

ՆՎԱՃՈՂ — (հազիվ լսելի): Դու էիր՝ քսան տարի առաջ: Քեզ էիր տեսնում խակ կրծքերով աղջկա մեջ: Պատկերացնելն անհնար է. քո մեջ քեզ չէ՝ ժամանակն իրեն ապականեց… Աղջիկը նոր էր իր ատլաս գոտին կապել ճյուղին, նույն պահին տեսա ետին դռնից բերդը լքող Հոգնած Մարդուն: Կասկած չունեմ՝ այստեղ կատարվածի լուրն էր առել…

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈՒ ՀՐԵՇՏԱԿ — Հավատում եմ քո խոսքերին: Նրա հեռանալը հավերժական դառնություն է:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Հոգնած Մարդ եղել է, երբ աշխարհում չի եղել դեռևս ոչ մի դուռ, արահետ ու ոչ մի փողոց:

ՆՎԱՃՈՂ — Երբ էլ որ լինի, որտեղ էլ լինի՝ թե մեկը լքեց հարազատ ամրոց, հարազատ հող, քաղաք ու տուն, դարձավ աստանդական, նա է Հոգնած Մարդը: Նույն ինքն է՝ բեմի վրա իր չհասկացված գոյությունը մի օրից մյուսը քարշ տվող մեկը:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Այս երանգը նրա ձայնը չէր ունեցել: Դեռ կեսօր չեղած՝ Նվաճող ու Աստանդական նույն խոսքի մեջ գտան իրար:

ԱՍՏԱՆԴԱԿԱՆ — Օր չեմ հիշում, որ մեր փորձն այսպես սկսվեր: (Կարծես տենդի մեջ, դիմում է Մեծ Տիկնոջը:) Տիկին, քանի՞ Առաջնորդ եք տեսել: Նրանց ծխախոտի ծուխը սովորական բան էր ձեզ համար, հուշապատում չէր: Տիկին, պարզություն բերեք իմ խավարող մտքին՝ սա՞ է Սուրբ Ծառզարդարի տոնի առավոտը, թե՞ բան է կատարվում մեր կամքին հակառակ:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Որոշ խմբագրումներով ձեռագիրը շրջանցեցինք: Բայց այսօրվա ազատությունների համար, արդյո՞ք, դա մեղք է, եթե չասեմ՝ հակառակը: Համենայնդեպս, բոլոր գործող անձինք բեմի վրա են. Առաջնորդ, որ դիպվածով առաջնորդ դարձավ, երկու Հավատաքննիչ՝ սրանք նախկինում քծնողներ են եղել, ամրոցը պաշարած մի նվաճող՝ դարձավ Աստանդական, Հարճը՝ ժամանակ անցավ, չարժանացավ դատաստանի: Գլխատված Զինվորի մայրը՝ ձեր խոնարհ ծառան, իրեն փողոցին տված մի ջահել, հետո… երկու հրեշտակ՝ սրանցից մեկը, դեռ կեսօր չեղած, ուրանալու է, մյուսն արտաքսվելու է ընդհանուրի կամքով… կարծեմ այսքանը… Մոռացա ավելացնել՝ սրանցից բացի անուններ են հիշատակվում, որոնց հանդիսատեսը չի տեսնելու բեմի վրա:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Ասել կուզի, թև հիմա հենց այն ենք անում, ինչը տանում է ուղիղ իր տեղը:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Չգիտեմ, ակնարկն ինչ տեղի մասին է:

ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Հիշեք միայն, որ ետդարձի ճամփա չկա: Այսքանն ասելով՝ անիվ չենք հորինում, միայն հետևում ենք բեմի պարզ օրենքներին:

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Ինչպե՞ս ուրեմն… Այս առավոտ այստեղ կատարվածի լուրը հասավ Հոգնած Մարդուն և նույն պահին ուրիշ ժամանակի միջից, ուրիշ ձև առած՝ մեզ վերադարձավ: Չասեմ, թե ով կարող էր գնալ այդօրինակ պռատ մտքի ետևից: Թույլատրելի՞ բան է, որ մեզնից մեկն իր տեսիլքը օրենք դարձնի և ամոթանք տա…

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Վախենամ, ձայնս ինձ դավաճանի… Թույլ տվեք հարց տալ՝ ի՞նչ բան է ձևը մեր այսօրվա մտքերի մեջ, ո՞ր մի ձևից ուրիշ ձև առած… Չիմանա՞նք՝ հատկապես որ ժամանակից… Ահա, տեսեք, թե ինչ եղավ, ուր հասցրեց մեզ Երկրորդ Հավատաքննիչը: Մինչդեռ, հարգելիս, ժամանակներ կային՝ ձև ու իմաստ խաղաղ նիրհում էին օրերի խորքում, ինչպես թալիսմանը՝ պառավի գզրոցում: Թալիսմանի երեսին պատմություն կար գրված, համաձայն որի՝ Երևելի Աբրահամը… գիտեք արդեն Երևելու և իր Իսահակ որդու հայտնի պատմությունը: Ի՞նչ եղավ հանկարծ, պառա՞վն անփույթ գտնվեց… լեզուն պապանձվեր կասկածողի՝ մեկ էլ հայտարարեց. Իր արարքով Երևելին Աստծո աջում գտնվելու… Գիտեք արդեն՝ կասկածի նեղ շավիղն ուր դուրս բերեց մարդկությանը: Գզրոցի հետ բացվել էր մարդու լեզուն: Գիտուն թե համբակ՝ գզրոցի միջինը անխղճորեն տակնուվրա արեցին ու երկնեցին սոսկալի հարցը. Աբրահամի ծերության պարգև Իսահակ որդին… գիտեք արդեն դարավոր երկվությունը. Աբրահամի որդին՝ իբրև ժառանգ և նույն որդին՝ իբրև փորձություն: Ուշադիր եղեք, ահա՝ ինչը մարդու հոգում թվում էր բուրգից էլ կանգուն, դեմքը փոխեց, դարձավ ցավի տեղը չճշտված հիվանդություն: Ժամանակներ եկան՝ ազատությա՞ն, թե՞ սոսկալի ժամանակներ… Կասկածը դարձավ կենաց ջուր, հիմքի քարը տեսավ իրեն դատապարտված, և ավազափոշու ազատությունը դարձավ ի ցույց՝ օրինակ:

ԱՍՏԱՆԴԱԿԱՆ — Փառավոր խոսք էր:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Եվ սակայն Երևելին չէր կարող մի բանաստեղծի նման հայտնվել Աստծո աջում: Ինչ էլ որ ասեք, նրա բաժին ճակատագիրը Երևելու ճակատագիր է:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Չգիտեմ, Տիկին, չգիտեմ: Բայց տեսա՝ ինչպես վրիպեց Առաջին Հավատաքննիչը… բոլորը տեսաք: Ետդարձի ճամփա չկա՝ ինքը չէ՞ր պնդողը: Ամենազոր հարցի գոյությունն ինչպե՞ս մոռացավ, երբ դարանակալ հարցն է թաքնվում եղելության ուղիղ ծոցում:

ԱՍՏԱՆԴԱԿԱՆ — Պատմության օրն էլ այս առավոտ դարձավ աստանդական…

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Հավատաքննիչ երկուսն էլ պետք է արտաքսվեն: Զորավոր չեն նրանք մտոք: Առաջնորդին երկրորդելով՝ չըմբռնեցին նրա խոսքի էությունը:

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Բայց ի՞նձ ինչու, ես չէի վրիպողը:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Ասված է՝ մեկ օրենք և մեկ արդարություն:

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Բայց ես ոչ մեկն եմ, ոչ էլ՝ մյուսը, մի մոռացեք:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Թե օրենքը խախտած լինեիր, գլուխդ քարը, ի՞նչ նոր բան է: Դու Առաջնորդի խոսքը չըմբռնեցիր:

ՄԱՅԹԵՐԻ ՏՂԱ — Եզրահանգումը պարզից պարզ է՝ արտաքսել նրանց:

ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉ — Գիտեցած եղեք՝ դեռ ոչ ոք զրպարտելով չի փրկվել:

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈԻ ՀՐԵՇՏԱԿ — Ինչո՞ւ նույնը չհիշեցիք, երբ ինձ էիք դատում: Ո՞վ մթագնեց Աոաջին Հավատաքննիչի հիշողությունը:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Ոչ ոք՝ իրենից բացի:

ԱՌԱՋՆՈՐԴ — Դատը հետևողական առաջ տարեք… Մայթերի Տղան, որոշված է, նրանց հետ է արտաքսվելու:

ԱՍՏԱՆԴԱԿԱՆ — Հենց ինքն էր այս դատի պահանջատերը: Առաջնորդ, արդար մնա:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Առանց արդար մտքի մահն էլ ձանձրալի է: Թույլ տուր, որ խոսի: Առաջվա նման ներշնչվա՞ծ է իր անունը գտնելու սպասումով:

ԱՌԱՋՆՈՐԴ — Ձեր խնդրանքը փուչ հետաքրքրասիրությունից է: Ճշմարտությանը դեմ հանդիման, դուք սուտն եք նախընտրելու: Ասված է՝ երեքը միասին: Իր որոշումն է Առաջնորդի պատասխանը:

Անորոշ լռություն է:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Իր տիրոջ կամքը գուշակելը եղել ու մնում է Հարճի մասնագիտությունը: Ինձ լսեք, Աոաջնորդն ասում է՝ այս երեքն էին Սուրբ Ծառը նամշահոտ քուրջուփալասի մեջ որոնողները: Առաջնորդն ասում է՝ հոգեզուրկի վարք…

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈԻ ՀՐԵՇՏԱԿ — Բայց նրանք էին ինձ դատողները: Սրբազան գարուն… Ուշացած ճշմարտության արդար զոհը ինչպե՞ս մեզ նայի, երբ արդարությունն ինքը հենց հիմա դարձավ զավեշտին բարեկամ: Խնդրում եմ քեզ, Առաջնորդ, թող նրանց վճիռն իմ բերանով արտասանվի:

ԱՌԱՋՆՈՐԴ — Դատվածի մասնակցությունը մեկ ուրիշի դատին ստվեր է նետում օրենքի վրա:

ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈԻ ՀՐԵՇՏԱԿ — Առաջնորդ, խոսքս շարունակություն ունի, ինձ չես լսում: Ուզում էի ասել՝ հասավ ժամս, ես տեսա ինձ բեմի վրա: Հիմա պատրաստ եմ… ուրացող խաղալ: Հրաման տուր, որ անհավատների աքսորի ճամփան հսկի ուրացածս: Թույլ տուր՝ խաղամ:

ԱՌԱՋՆՈՐԴ — Որոշմանը տեղյակ ես: Ուղեկցիր նրանց մինչև անհայտություն… Թե երբևէ հանդիպենք, այն ժամանակ, գուցե, մի ուրիշ բան խաղաս, գուցե՝ Սիրանո դը Բերժերակ:

 

Չորս աքսորվածներն անհետանում են բեմի խորքում:

ՄԵԾ ՏԻԿԻՆ — Ես տագնապում եմ, Առաջնորդ, ուժերդ նվազում են: Ամրոցդ ինչպե՞ս ես մտածում պաշտպանել:

ԱՌԱՋՆՈՐԴ — Քո որդին էլ բերդապարսպի զինվորների մեջ էր:

ԳԼԽԱՏՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ — Մատաղացու մի հավ մորթած չկար, նրանից՝ զինվո՞ր: Տառաճանաչ դարձավ ու մոլորվեց կարդացածի մեջ: Կյանքը մաշվում էր՝ իր ապրած կյանքի մասը չդարձավ: Գիտեի, որ թաքուն աշխարհիկ քառատողեր էր գրում, թող ներելի լինի նրան ու նրա մորը:

ԱՌԱՋՆՈՐԴ — Ասա, գիտենամ՝ իր մեջ անձնատուր դառնալուց առաջ ինչո՞ւ որդիդ իր սուրն իր կուրծքը չխրեց:

ԳԼԽԱՏՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ — Ասեմ, Առաջնորդ, իր կարդացածն էր պատճառը: Ձեռքն անցած գրքերից մեկը չեղավ՝ արյուն թափելու օրհնություն տար: Գուցե իրավ բանաստեղծ էր, պարզել էր արդեն, որ չգործած մեղքերի ապաշխարանքից բանաստեղծական խորունկ տողեր են ծնվում: Երևի թե իր կարդացածը մայրական կաթից զորավոր էր: Հաղթանակած շշնջացել էր նրա ականջին՝ ոչ մաքրատեսիլ էիր, ոչ էլ անտեղյակ, երբ անցնում էիր մորդ երկունքի միջով, լույս աշխարհ գալու: Դու նրանց հետ էիր, որ լեռան գլխին խաչեցին Աստծո որդի քո Աստծուն: Դա քո թափած արյունն է… Ահա, Առաջնորդ, դեռ չծնված մեղսավորը ինչպե՞ս նորից արյուն թափեր: Չեղավ մեկը՝ իր թշնամու կարդացածից օրինակ բերեր: Ո՞նց էր թշնամին ցերեկը սուզվում արյան ծովի մեջ և լուսնի հետ խաղաղ քուն մտնում: Ի՞նչ աղոթքով…

ԱՍՏԱՆԴԱԿԱՆ — Քո որդուն եմ տեսել հեռվից հեռու: Նրան էր՝ գլխատեցին ցորենի արտի եզրին: Ծառզարդարի լուսաբացին նրա գլուխն իր մորն էին բերելու որպես ընծա: Չգիտեմ՝ ում կամքով է գրվել՝ մի կաթիլ արցունք մայրը չթափեց, երբ բերեցին արյունոտ ընծան: Որդու կտրված գլխի դիմաց մնաց նստած: Դեռ կեսօր չեղած՝ ամրոցի պարիսպների տակ սև ագռավ դարձավ ու անհետացավ:

ԳԼԽԱՏՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ — Դա ի՞նչ դրվագ է, չեմ հիշում: Միակ բանը, որ առավոտից աչքերիս առաջ կատարյալ դարձավ, անհայտությունն է:

ԱՌԱՋՆՈՐԴ — Եվ, սակայն, Մայր-Տիկին, կարդացածի ոչ մի մեկնություն, ոչ էլ որդուդ ընդհատված կյանքը չեն մաքրում նրան իր ամոթից:

ԳԼԽԱՏՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ – Դու փափկասիրտ, ներողամիտ կդառնաս, թե հիմա պատկերեմ անբառ ողբի այդ տեսարանը:

ԱՍՏԱՆԴԱԿԱՆ — Արգելք դիր, Առաջնորդ: Թող որ հիմա ջահել արյուն է կաթում մատղաշ ցորենի հասկին… Ի՞նչ աներ Նվաճողը, կին, երբ ձեր հովիվը սպասարկու էր երկնքի առաջ և այդքանով միայն՝ հովիվ: Երբ ապրելով դուք չէիք ապրում, ապաշխարում էիք: Հարցնում ես՝ ի՞նչ աղոթքով էի քուն մտնում: Ասեմ քեզ՝ զինվորի աղոթքով: Զինվորի աղոթքի խոսքը սուրբը չի գրել, զինվորն է գրում: Ընդունելի է համարել իր թափած արյունը՝ փառք ու պատիվ իրեն, և մեծարանք, և անմահություն: Տեսել է իրեն ստոր ու տմարդի՝ իր ճակատին է դրվել արյան անեծքը: Էլ վերջացավ աղոթքի բառը, խիղճը նիզակավոր դարձավ իրեն խոշտանգելու: Իմ ծնունդը մեկ էլ անիծվեց Դեռատի Աղջկա շուրթերով: Իշխանազուն էի, դարձա Նվաճող: Նվաճող էի, դարձա շարքի միջի զինվոր: Զինվոր էի, դարձա Աստանդական: Արգելք դիր պատկերելու այդ տեսարանը: Իմ վերջին բաժին լռությունը թող խուլ մնա ձեր ձայներին:

ԱՌԱՋՆՈՐԴ — Թույլ եմ տալիս քեզ պատկերել անբառ ողբի տեսարանը: Բայց նախքան բեմական կարողություններդ մեջտեղ կբերես, մեկ անգամ էլ կշռիր, Մայր-Տիկին, և լավ կշռիր. կարո՞ղ էր մի Մեծ Բռնապետ ու չորս Առաջնորդ տեսած կինը՝ բոլորի օրոք ընդունվածն ու մեծարվածը, պատահմունքով աքսորյալի կին դարձածը, նա, ով ապավինած իր տաղանդին և… անկողնուն, դառնալով բեմի Մեծ Տիկին, մոռացել էր՝ ինչը պետք էր շուտ մոռանալ և հիշում էր՝ ինչը ճիշտ տեղում պետք է հիշվեր, այդքանի հետ՝ ինքն իր աչքում մաքրամաքուր մնացածը, ո՞ր օրենքով հավատի պահապան աշխարհ բերեր: Կին, քո որդին քո ձեռքով գլխատվեց, հենց նույն օրը, երբ ոտք դրեցիր այս բեմին: Եվ զղջումդ չտեսա՝ ահա սոսկանքը: Քեզ արվեստասեր առաջնորդ էր պետք, բայց ոչ՝ ինձ նմանը: Ամեն բան ասված է: (Աստանդականին.) Ծածկիր նրան իր ստվերով: Կատարվածը թող արձանագրվի ճերմակ թղթի մաքուր երեսին: Երբ քո ձեռքով վճիռն ի կատար ածվի, կարող ես գնալ՝ ուր աչքդ կտրի: Կապրես այնքան, մինչև բոլորը քեզ մոռանան:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Նա արյուն է թափել, Առաջնորդ, առավել մեծ պատժի է արժանի:

ԱՌԱՋՆՈՐԴ — Դու սահմանիր նրա պատիժը:

ՊԱՌԱՎՈՂ ԿԻՆ — Կյանքը թող տևի մինչև այն օրը, երբ ինքն իրեն կմոռանա:

ԱՌԱՋՆՈՐԴ — Վճիռն արդար է: (Ընկճված ու հուսահատ🙂 Առաջնորդ՝ առանց Զինվոր, առանց Հրեշտակ, առանց Հավատաքննիչ, առանց Հարճ, պաշարված ամրոցի պատերի մեջ, մեն ու միայնակ… (Մտաբերելով Հարճի ներկայությունը🙂 Իրա՞վ հավատում էիր, թե կասկածներին գերի իշխանազունից աշխարհի խախուտ կարգը նորոգող ժառանգ կծնվի:

ՀԱՐՃ — Թշնամին պաշարել է չորսբոլորդ: Ժամն է օրհասի՝ գործի անցիր: Վերջինը իմ դատը մնաց:

ԱՌԱՋՆՈՐԴ — Ծեր ու միայնակ մեկի հետ ես խոսում:

ՀԱՐՃ — Առաջնորդի:

ԱՌԱՋՆՈՐԴ — Առաջնո՞րդ… Իրա՞վ… Ո՞ւմ Առաջնորդը: Բոլորն ինձ լքեցին:

ՀԱՐՃ — Արտաքսվեցին՝ քո վճռով:

ԱՌԱՋՆՈՐԴ — Ի՞մ վճռով…

ՀԱՐՃ — Ես մնացի վերջինը՝ դատս արա:

ԱՌԱՋՆՈՐԴ — Մեկի վճիռը դատ չէ, դատաստան է: Ընդունակ չեմ նման ցածրության:

ՀԱՐՃ — Թող դատաստան լինի:

ԱՌԱՋՆՈՐԴ — Վայել չէ Առաջնորդին Հարճի դատաստանը կարդալ:

ՀԱՐՃ — Դատիր ինձ որպես մեկի, որ միայն կողոպտել է իր հետ պառկած տղամարդուն:

ԱՌԱՋՆՈՐԴ — Վայել չէ Առաջնորդին անկողնում կողոպտվածի անունից դատել:

ՀԱՐՃ — Ուրիշին նվիրված քառատող եմ սեփականել, ուրիշին նվիրված ծաղկի նման՝ թռցրել եմ իր ծաղկամանից:

ԱՌԱՋՆՈՐԴ — Քառատողը թե քոնը չի դարձել, ձեռքիդ քսված օտարի անգույն արյուն է, ուրիշ ոչինչ: Թե քոնն է դարձել, քոնն է այլևս:

ՀԱՐՃ — Դատիր ինձ որպես մեկի, որ երազել է թափուր տեսնել Մեծ Տիկնոջ տեղը:

ԱՌԱՋՆՈՐԴ — Տեղը… թափուր է:

ՀԱՐՃ — (հուսահատ, անզոր ոռնալով): Անհուսորեն ծեր ես, հիմա եմ տեսնում: Ինչ շուտ ծերացար… չես զորում դատել: Մտքիդ հոսքը ինչպես դանդաղեց… Գրված է՝ դեռ կեսօր չեղած, թշնամու զինվորը ոտքի է ելնելու, անհամար նիզակներ ուղղվելու են ամրոցի պարիսպների կողմը: Շտապիր, Առաջնորդ, թշնամիդ արդեն թմբուկ է զարկում: Դատս մնաց:

ԱՌԱՋՆՈՐԴ — Ինձ ծանոթ են այս զարկերը: Որքան ժամանակ է՝ կրծքիս տակ եմ դրանք լսում:

ՀԱՐՃ — Թմբուկ է, թմբուկ, հավատա ինձ:

ԱՌԱՋՆՈՐԴ — Ասում ես՝ թմբո՞ւկ… ասում ես՝ թշնամի՞… դեռ կեսօր չեղած… որտե՞ղ մնաց առավոտը:

ՀԱՐՃ — Շտապիր, դատս թող լինի վերջաբանից առաջ: Մեծ եղիր մի վերջին անգամ:

ԱՌԱՋՆՈՐԴ — (օտարված): Թմբուկի զարկն առաջվանից խուլ եմ լսում: Ինձ թվո՞ւմ է, թե՞ էլի ծերացա այս միջոցին:

ՀԱՐՃ — (գնում է դեպի ենթադրվող պատուհանները): Անսահման երկինք: Ի՞նչ են տեսնում աչքերս՝ զորքը, մինչև վերջին մարդը, հավաքվել ու հեռանում է: Համատարած թիկունքներ են: Դանդաղամիտ ծերուկ, խաղն ավարտին է մոտենում: Վաղամեռիկ կույսի սիրույն՝ դատս արա:

ԱՌԱՋՆՈՐԴ — Աչքս քեզ վատ է տեսնում: Կանգնած տեղդ ստվեր չունի: Լսո՞ւմ ես, կին, կասկածում եմ, թե մեկը կամենում էր ամրոցը գրավել: Ամրոցը թեթև թռչունի կյանք ունի, մեկ աղեղն ու մի նետը նրան հերիք են: Մոտ եկ, ասեմ՝ կասկած ունեմ, թե նվաճելու ոչինչ չգտավ մեր թշնամին: Այս տեղը, Հարճ, այլևս անուն չունի: Ամրո՞ց է… տեսնվե՞լ է, որ նվաճողն անցնի ամրոցի բաց դռան կողքով: Փլատա՞կ է… ինչո՞ւ ձայնս չի պատկերվում արձագանքված: Անապա՞տ է… անապատն իր սահմանների ինքնիշխան տերն է…

ՀԱՐՃ — Հրեշտակների՜ն, հրեշտակների՜ն ինչո՞ւ արտաքսեցիր:

ԱՌԱՋՆՈՐԴ — Այդպես էր գրվելու ճերմակ թղթի երեսին:

 

Առաջնորդն այլևս ոչ տեսնում է, ոչ լսում: Ներս է ընկնում Փոքրիկ Հոգեառի Մայրը:

ՓՈՔՐԻԿ ՀՈԳԵԱՌԻ ՄԱՅՐ — Զուր չէի ասում, որ ժամանակն իր առանցքից դուրս է թռել: Սպասվում է, որ այս գիշեր մի նոր լուսին կհայտնվի երկնակամարում: Քիչ է կարծես, հիմա էլ՝ սրճարանի դեպքը: Արագ պատմեմ ու թռչեմ ետ… Մի կին է մտնում սրճարան՝ մազերին կարծես մոխիր են շաղել: Մուրացի՞կ է, թե՞ բախտագուշակ: Մանրադրամ եմ մեկնում նրան՝ ժպտում է: Ասես երազիս մեջ է ինձ եկել: Եվ մեկ էլ՝ մատղաշ ճյուղի նման բարակ թևերով մի աղջիկ է ելնում տեղից, մոտենում է սրան, ու համբուրվում են… սրճարանի հենց կենտրոնում: Աղջիկը քանդում է իր տարօրինակ շորի ատլաս գոտին ու կապում է կնոջ մեջքին: Նրանք նորից համբուրվում են, կինը ժպտալով հեռանում է… Դե, ի՞նչ էի ասում:

ՀԱՐՃ — (պաղ ձայնով): Քո տեսածը ոչ մուրացիկ էր, ոչ էլ բախտագուշակ: Բառն էր՝ գտավ իր Իմաստ-Հայրենիքը: Փառք Երկնավորին:

Փոքրիկ Հոգեառի Մայրն առանց լսելու դուրս է թռել: Հարճը պայուսակից հանում է պիեսի տպագիր օրինակն ու կրակին է տալիս: Սպասում է, մինչև վերջին էջը մոխրանա: Ապա մոխիրը մաղում է գլխին, կանգնում ամբողջ հասակով ու դուրս է գալիս բեմից փրկվածի քայլքով:

Կարդացեք նաև