Արամ ԱՐՍԵՆՅԱՆ /«ԳԻՏԱԺՈՂՈՎ»

«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» ՀԱՆԴԵՍԻ ԱՐԽԻՎ/ ՊԻԵՍՆԵՐ

Արամ ԱՐՍԵՆՅԱՆԻ «ԳԻՏԱԺՈՂՈՎ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2007 թ., թիվ 12-13-ում:

 

Ասում են՝ սիրուց առաջ հեքիաթն է, որ տարիք չի հարցնում: Եվ հեքիաթին հավատալը նաև իմաստ է հաղորդում մարդու կյանքին ու գոյությանը: Այս նկատառումով է գրվել ժամանակակից (ինչո՞ւ չէ, նաև բոլոր ժամանակներին հարիր) այս հեքիաթը, որի բարի ավարտի մասին շատերը երազում, սակայն իրականացմանն այդպես էլ չեն հավատում:

 

Արամ ԱՐՍԵՆՅԱՆ

 

ԳԻՏԱԺՈՂՈՎ

Ժամանակակից  հեքիաթ

Գործող  անձինք

ԿԱՅԾՈՒՆԻ – 1-ին դեկան

ԿՐԱԿՈՒՆԻ – 2-րդ դեկան

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – միաժամանակ կատարում է երկու դեր՝ դեկանների քարտուղարուհի

Տիկին ԱՎԱՆԵՍՈՎԱ – 1-ին ամբիոնի վարիչ

ՄԱՆՐԻԿՅԱՆ – 2-րդ ամբիոնի վարիչ

ԼՈՒՍ – 1-ին ամբիոնի լաբորանտ

ՆՈՒՆ – 2-րդ ամբիոնի լաբորանտ

 

Բեմի ձախ կողմում՝ պատի տակ, 1-ին ամբիոնի վարիչի և լաբորանտի, իսկ մի փոքր դեպի աջ՝ 1-ին դեկանի գրասեղաններն են: Բեմի աջ մասում 2-րդ ամբիոնի վարիչի և լաբորանտի, մի փոքր դեպի ձախ՝ 2-րդ դեկանի գրասեղանները՝ նույն դասավորությամբ:

Քարտուղարուհու գրասեղանը բեմի կենտրոնում է: Բոլոր գրասեղանների վրա համակարգիչներ են, դեկանների համակարգիչները կողքի սեղաններին են, երևում է, որ չեն օգտագործվում: Կայծունին, Կրակունին, քարտուղարուհին, Լուսն ու Նունը մթության մեջ նստած են իրենց աթոռներին: «Գաուդեամուսի» մեղեդին դանդաղ մարում է: Լուսավորվում է միայն տվյալ պահին խոսողը: Կայծունին զանգում է:

ԿԱՅԾՈՒՆԻ — Ի՞նչ գործի ես, եղբայր:

ԿՐԱԿՈԻՆԻ — Էլի էն:

ԿԱՅԾՈՒՆԻ — Ո՞նց ենք անելու:

ԿՐԱԿՈԻՆԻ — Կաշվից դուրս ենք գալու:

ԿԱՅԾՈՒՆԻ — Ասաց, որ հաստատ գալու է:

ԿՐԱԿՈԻՆԻ — Դահլիճում քանի՞ տեղ կա:

ԿԱՅԾՈՒՆԻ — Մոտ երեք հարյուր:

ԿՐԱԿՈԻՆԻ — Բայց զգուշացրեց, որ ամեն անգամվա նման ուսանողներին քարշ չտանք:

ԿԱՅԾՈՒՆԻ — Դժվար էլ կարողանանք, պարտք ունեցողներից բացի՝ գնացող-եկող չկա:

ԿՐԱԿՈԻՆԻ — Թե խելքներին ի՞նչ փչեց էս օրերին գիտաժողով անել:

ԿԱՅԾՈՒՆԻ — Սատան… Ի՞նչ իմանամ:

ԿՐԱԿՈԻՆԻ — Դե լավ, ի գործ:

 

Դնում են լսափողերը: Հնչում է քարտուղարուհու զանգը: Քարտուղարուհին մոտենում է 1-ին դեկանի գրասեղանին:

ԿԱՅԾՈՒՆԻ — Վաղը չէ մյուս օրը, առավոտյան տասին, ակադեմիկոս Փանջիկյանի դահլիճում տեսական հարցերին նվիրված գիտաժողով է, թեման լավ չեմ հիշում:

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Վա՜յ, պարոն Կայծունի, ինչ էլ վատ ժամանակ եք ընտրել: Ախր, հեչ ուսանող չկա:

ԿԱՅԾՈՒՆԻ — Նախ՝ ես չեմ ընտրել: Երկրորդ՝ նոր շեֆն է գալու: Եվ հիշիր՝ ուսանողների համար չի: Բոլոր դասախոսների և լաբորանտների ներկայությունը պարտադիր է: Անձամբ եմ ստուգելու: Բացակայողները, առանց բացառության, գրավոր բացատրություն են ներկայացնելու: Վերջ:

 

Քարտուղարուհին նստում է իր աթոռին: Հնչում է զանգը: Քարտուղարուհին մոտենում է 2-րդ դեկանի գրասեղանին:

ԿՐԱԿՈԻՆԻ — Վաղը չէ մյուս օրը, առավոտյան տասին, ակադեմիկոս Փանջիկյանի դահլիճում տեսական հարցերին նվիրված գիտաժողով է, թեման լավ չեմ հիշում:

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Վա՜յ, պարոն Կրակունի, ինչ էլ վատ ժամանակ եք ընտրել: Ախր, հեչ ուսանող չկա:

ԿՐԱԿՈԻՆԻ — Նախ՝ ես չեմ ընտրել: Երկրորդ՝ նոր շեֆն է գալու: Եվ հիշիր՝ ուսանողների համար չի: Բոլոր դասախոսների և լաբորանտների ներկայությունը պարտադիր է: Անձամբ եմ ստուգելու: Բացակայողները, առանց բացառության, գրավոր բացատրություն են ներկայացնելու: Վերջ:

 

Քարտուղարուհին նստում իր աթոռին: Կրակունին զանգում է:

ԿՐԱԿՈԻՆԻ — Բարև, եղբայր: Ի՞նչ կա-չկա: Ե՞րբ ենք Զանգվի ձորն իջնելու: Նոր օբյեկտ եմ գտել: Ասում են՝ բարձր տանիք ունի, սպասարկումն ու որակն էլ՝ բարձրա-բարձրակարգ: Զբաղվելու տեղ ու հնարավորություն էլ կա: Տղերքից մեկը գնացել, երկու օր դուրս չի եկել: Պատրաստվիր, մյուս շաբաթ կպոկվենք: Քո գործը չի, տանը կասես՝ գործուղման ես մեկնում: Եղա՞վ: Հա, քիչ էր մնում մոռանայի, էս մեր նորը ի՞նչ մտքի ա: Չէ, հարց չկա, բայց էսօր աչքերը ոնց որ ոլորում էր: Պետք ա՞, մի քիչ բան-ման գցենք՝ դեմքը բացվի: Դե, տես, որ պետք եղավ՝ կասես: Ուզո՞ւմ ես՝ հետներս տանենք: Օ քեյ, դու գիտես: Ոնց կասես: Հաջող:

 

Կրակունին դնում է լսափողը: Քարտուղարուհին զանգում է:

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Լուս, շեֆդ տեղո՞ւմ ա:

ԼՈՒՍ — Չէ, հանգիստ խոսա:

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Լսի՜, էգուց չէ մյուս օրը, առավոտը տասին, Փանջիկյանի դահլիճում ինչ-որ գիտաժողով ա:

ԼՈՒՍ — Աղջի՜, դրանք էլ իրանց գիտաժողովներով զզվացրին: Էլի պետք ա ուսանողների ետևից ընկնենք:

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Չէ, աղջի, էն վերևի շեֆն ա գալու, ու մենակ դասախոս- լաբորանտները պետք ա ըլնեն: Մեր շեֆն անձամբ ա ներկա-բացակա անելու: Ով էլ որ չեկավ, գրավոր զեկուցագիր պտի գրի: Ջոգի՞ր:

ԼՈՒՍ — Ա՜յ քեզ подарок! Լավ, շեֆիս կասեմ, ինչ ուզում ա, թող անի: Пока!

Դնում են լսափողերը: Քարտուղարուհին զանգում է:

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Նո՞ւն, շեֆդ տեղո՞ւմ ա:

ՆՈՒՆ — Չէ, հանգիստ խոսա:

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Լսի՜, էգուց չէ մյուս օրը, առավոտը տասին, Փանջիկյանի դահլիճում ինչ-որ գիտաժողով ա:

ՆՈՒՆ — Աղջի՜, դրանք էլ իրանց գիտաժողովներով զզվացրին: Էլի պետք ա ուսանողների ետևից ընկնենք:

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Չէ, աղջի: Էն վերևի շեֆն ա գալու, ու մենակ դասախոս- լաբորանտները պետք ա ըլնեն: Մեր շեֆը անձամբ ա ներկա-բացակա անելու: Ով էլ որ չեկավ, գրավոր զեկուցագիր պտի գրի: Ջոգի՞ր:

ՆՈՒՆ — Ա՜յ քեզ подарок!: Լավ, շեֆիս կասեմ, ինչ ուզում ա, թող անի: Пока!

 

Դնում են լսափողերը: Նունը զանգում է:

ՆՈՒՆ — Լուսո՞, մաղարիչ ունես:

ԼՈՒՍ — Ընչի՞: Ամուսնացել, տղա՞ եմ բերել, թե՞ ուզողներս դուռը ջարդում են:

ՆՈՒՆ — Չէ, այ ցանցառ, շեֆիդ բախտը կարող ա բերի:

ԼՈՒՍ — Բան գիտե՞ս:

ՆՈՒՆ — Երկու օրից գիտաժողով ա, վերևի շեֆը գալու ա:

ԼՈՒՍ — Գիտեմ: Հետո՞ ինչ:

ՆՈՒՆ — Էն, որ провал են տալու, շեֆդ էլ դեկան ա նստելու:

ԼՈՒՍ — Աստված ձենդ լսի:

ՆՈՒՆ — Քեզ էլ հետը կտանի: Հին ընկերներիդ չես մոռանա, չէ՞:

ԼՈՒՍ — Օրը գա, բարին հետը:

ՆՈՒՆ — Լավ, աղջի, շեֆս եկավ: (Դնում է լսափողը:)

 

Ներս է մտնում Մանրիկյանը, նստում է բազկաթոռին:

ՄԱՆՐԻԿՅԱՆ — (սեղմում է սեղանի տակ ամրացված զանգի կոճակը): Նուն, ներս արի: (Նունը մոտենում է նրա գրասեղանին:) Զանգում ես բոլորի տները, ասում ես, որ մասնակցությունը պարտադիր է: Հիվանդները բժշկից տեղեկանք են բերում: Աղացյանը, Քարտաշյանն ու Կուզիկյանն էլ վաղր կեսօրից հետո էստեղ լինեն:

ՆՈՒՆ — Պարոն Մանրիկյան, հիշում եք, չէ՞, թույլտվություն էի խնդրել, վաղը չէ մյուս օրը գյուղ եմ գնալու, պապիս տարին է:

ՄԱՆՐԻԿՅԱՆ — Դրա ժամանակը չի: Մի քանի օրից միասին կգնանք, ես էլ վաղուց մերոնց չեմ տեսել: Համ էլ ձերոնք գառ են պարտք:

 

Նունը նստում է իր աթոռին: Մտնում է Ավանեսովան, նստում է աթոռին: Մանրիկյանը զանգում է: Ավանեսովան վերցնում է լսափողը:

ՄԱՆՐԻԿՅԱՆ — Սիրուն ջան, ո՞նց ես:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Լոխ լավ ա:

ՄԱՆՐԻԿՅԱՆ — Իմացա՞ր:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Արդե՞ն:

ՄԱՆՐԻԿՅԱՆ — Չէ, հա: Վաղը չէ մյուս օրը գիտաժողով կա: Ամենավերինն ա գալու:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Զեմլյա՞կս:

ՄԱՆՐԻԿՅԱՆ — Հո չասիր: Մերը՝ տեղականը:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Հի՞նչ ա պետք, որ անիմ:

ՄԱՆՐԻԿՅԱՆ — Ամբիոնիդ կեսին հիվանդացնում ես:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Տա հենց կա ու կա:

ՄԱՆՐԻԿՅԱՆ — Բայց դու անպայման գալիս ես:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Տա էլ կա:

ՄԱՆՐԻԿՅԱՆ — Մյուսներին էլ նույնը կասես: Մնացածը՝ հետո:

 

Երկուսն էլ դնում են լսափողերը:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — (գոռում է): Լուս, ներս եկ: Պարսիկյանը չի՞ երևացել:

ԼՈՒՍ — Զանգեց, մեկը եկել է, մյուսը ուշանում է: Հենց որ տեղ հասան՝ անմիջապես կգա:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Դե, որ կբերի, վրայից քոնը կվերցնես, մնացածը կտանես, մորս կտաս:

ԼՈՒՍ — Շատ լավ: Ստելլա Իսաջանովնա, բա վաղը չէ մյուս օրվա համար ի՞նչ ենք անելու:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Էն բողոքավորներին կզանգես, կզգուշացնես, մերոնց էլ կասես, թող բժշկի թղթից-բանից սարքեն: Գիտեմ՝ էս խմորը շատ ջուր ա քաշելու:

ԼՈՒՍ — Քիչ էր մնում՝ մոռանայի: Պարզիկյանը Բշտունուն պատմում էր, որ չորս դեբիլի համար իրան ասել եք, որ «հինգ» դնի: Ընենց էլ աչքով արեց, իբր մեջը հաստատ բան կա:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Ոչինչ, ժամաբաշխման օրը որ կգա, կհիշեցնես, մեջը հաստատ մի բան կլինի: Ուրի՞շ:

ԼՈՒՍ — Էլ բան չկա: Հա, էն Հպարտունին էլ մի ընենց շոր էր հագել, հաստատ հինգ հարյուր դոլարից պակաս չէր արժենա: Հետո էլ գլուխներս տանում ա, թե աշխատավարձով եմ ապրում:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Էտ էլ հասկացանք: Հետո՞:

ԼՈՒՍ — Վայ, ամենակարևորը չեմ ասել: Բշտունին էսօր դասից ուշացել էր: Դեկանատից զանգեցին, ասացին, որ տեղյակ պահեմ:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Էտ հո հրաշք ա: Մի հատ զեկուցագիր ես գրում, ու խիստ նկատողություն ենք տալիս: Էլի բան կա՞:

ԼՈՒՍ — Մեկ էլ պարոն Մանրիկյանն էր հարցնում:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Էղավ: Գնա:

 

Լուսը վերադառնում է իր տեղը: Ավանեսովան համար է հավաքում:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Հո՞ւնց ըս, ջանս: Խոխա՞ն հունց ա: Տատին մատաղ ինի: Ագռավդ տանն ա՞: Հանկարծ դրան կուլ չգնաս, հա՜: Մնացածին էլ: Ինչ կասեն, ձայն չհանես, իբր չես լսում: Թող, սենյակդ գնա, ցույց տուր, որ երեխայով ես զբաղված: Հենց որ կքնի, դու էլ հետը կպառկես, թեկուզ չքնես, բայց գործ-մործ չանես: Ես տանջվել եմ՝ հերիք ա: Տնից էլ ինչքան կարաս՝ բացակայի: Ինձ էլ շուտ-շուտ զանգի: Դրանց երես չտաս: Հարս են տարել, թող չարչարվեն: Եղա՞վ: Դե լավ, пока! (Դնում է լսափողը:)

 

Մանրիկյանը մոտենում է քարտուղարուհուն, շոկոլադի սալիկ է տալիս նրան, վերջինս ժպտում և գլխի շարժումով ներս է հրավիրում: Մանրիկյանը մոտենում է Կրակունու գրասեղանին:

ՄԱՆՐԻԿՅԱՆ — Ողջույն աշխարհի ամենակրակոտ դեկանին:

ԿՐԱԿՈՒՆԻ — Բարև, բարև, եղբայր: Ի՞նչ կա-չկա:

ՄԱՆՐԻԿՅԱՆ  — Արևը ծագում ու մայր է մտնում, երկիրը պտտվում է: Մենակ թե արևը որոշ մարդկանց աչքը ծակում է:

ԿՐԱԿՈՒՆԻ — Արևն էլ հենց աչք ծակելու համար է:

ՄԱՆՐԻԿՅԱՆ — Ճիշտ ես ասում: Բայց էդ մարդիկ ուզում են արևի առաջն առնել:

ԿՐԱԿՈՒՆԻ — Մարդը արևի առաջը ո՞նց կառնի:

ՄԱՆՐԻԿՅԱՆ — Ես էլ էդ եմ ասում: Ժամանակն է, որ արևը դրանց մութ դեմքերը լուսավորի ու ամեն մեկին իր տեղը դնի:

ԿՐԱԿՈՒՆԻ — Բան ե՞ս իմացել:

ՄԱՆՐԻԿՅԱՆ — Կայծունին ուզում է գիտաժողովը տապալել:

ԿՐԱԿՈՒՆԻ — Որ ի՞նչ:

ՄԱՆՐԻԿՅԱՆ — Քեզ կվարկաբեկի:

ԿՐԱԿՈՒՆԻ — Ինչի՞ համար:

ՄԱՆՐԻԿՅԱՆ — Ֆակուլտետը բարձիթողի վիճակում է, դեկանն իրեն չի արդարացնում, պետք է երկու ֆակուլտետները միացնել և իրեն հանձնել:

ԿՐԱԿՈՒՆԻ — Պրիմիտիվ է:

ՄԱՆՐԻԿՅԱՆ — Գիտխորհրդից առաջ ուզում էի մոտը մտնել: Քարտուղարուհին տեղում չէր: Ձեռքս նոր էի դռան բռնակին դրել՝ լսում եմ, տեղակալի հետ է խոսում: Էս ականջովս լսեցի: (Աջ ձեռքով ցույց է տալիս ձախ ականջը: Կրակունին հարցական նայում է: Մանրիկյանը խաչակնքվում է:)

ԿՐԱԿՈՒՆԻ — Առաջարկություն:

ՄԱՆՐԻԿՅԱՆ — Մի քայլ առաջ ենք ընկնում: Շեֆին քիփ մարդ կա: Քաղաքից դուրս ենք գնում, Ավանեսովային էլ ենք հետներս վերցնում:

ԿՐԱԿՈՒՆԻ — Ավանեսովայի՞ն:

ՄԱՆՐԻԿՅԱՆ — Ապագա դեկանն է: Մեր մարդը: Ոնց ուզենք՝ կշարժվի: Շառից-փորձանքից հեռու: Լրիվ ծախսերն էլ՝ իրա վրա:

ԿՐԱԿՈՒՆԻ — Բա որ շեֆը չհամաձայնի՞:

ՄԱՆՐԻԿՅԱՆ — Ավանեսովայի կապերին ղուրբան: Որ մենք էլ մի քիչ կողքից հուպ տանք՝ ավելի հեշտ:

 

Մանրիկյանը և Կրակունին դուրս են գնում: Հեռախոսազանգ:

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (վերցնում է լսափողը): Ո՞ր կուրսից եք: Երրորդ խո՞ւմբ: Եղավ: Մի փոքր դանդաղ խոսեք: (Թղթի վրա նշումներ է անում:) Շատ լավ: Անպայման: Եթե անհրաժեշտություն լինի, գրավոր կգրեք: Այդ դեպքում հեռախոսի համար թողեք, կարիք եղավ՝ կկանչենք: Ցտեսություն: (Գրում է, ծալում է թուղթը, դնում կրծկալի մեջ:)

 

Ավանեսովան մոտենում է քարտուղարուհուն: Օծանելիքի փոքրիկ սրվակ է մեկնում: Քարտուղարուհին ժպտում և գլխի շարժումով ներս է հրավիրում:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Վերջերս ոնց որ չե՞ս կարոտում:

ԿԱՅԾՈՒՆԻ — Մարդու ցանկությունը միշտ էլ հնարավորություններից մի քայլ ետ է մնում:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Բայց միտքը հո միշտ մի քայլ առաջ է:

ԿԱՅԾՈՒՆԻ — Մտքին որ նայես, ճանապարհդ կկորցնես:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Մարդ էլ կա՝ մտքին նայելով, ուզում է նոր ճամփա բացել: (Հեռախոսի ծլվլոց: Պայուսակից հանում է բջջային հեռախոսը:) Լսում եմ: (Կայծունուն.) Կներես: (Հեռախոսի մեջ:) Ճանաչեցի: Կես ժամից: Շատ լավ: Չեմ ուշանա: (Կայծունուն.) Հա, ի՞նչ էի ասում: Նոր ճանապարհ է ուզում բացել: ԿԱՅԾՈՒՆԻ — Տեղանքը քարքարոտ է:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Չէ, լավ էլ հարթ ու հանգիստ է:

ԿԱՅԾՈՒՆԻ — Էդպես հեշտ է բացելո՞ւ:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Սկզբում հարթ կբացի, հետո հանգիստ կլինի:

ԿԱՅԾՈՒՆԻ — Ուրեմն, ծախսը քիչ կլինի, օգուտը՝ շատ:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Ծախս համարյա չի անի, բայց օգուտը եռակի, քառակի կավելանա:

ԿԱՅԾՈՒՆԻ — Խելոք էլ կանի: Բայց թող չշտապի:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Չէ, մանրից է անում:

ԿԱՅԾՈՒՆԻ — Մանրից մանր գործերն են անում:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Մանրը վաղուց է արել, հիմա մեծին է ձեռք գցել:

ԿԱՅԾՈՒՆԻ — Հերիք է, մանրիր՝ հասկանանք:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Կրակունին ուզում է գիտաժողովը տապալել:

ԿԱՅԾՈՒՆԻ — Որ ի՞նչ:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Քեզ կվարկաբեկի:

ԿԱՅԾՈՒՆԻ — Ինչի՞ համար:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Ֆակուլտետը բարձիթողի վիճակում է, դեկանն իրեն չի արդարացնում, պետք է երկու ֆակուլտետները միացնել և իրեն հանձնել:

ԿԱՅԾՈՒՆԻ — Պրիմիտիվ է:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Գիտխորհրդից առաջ ուզում էի մոտը մտնել: Քարտուղարուհին տեղում չէր: Ձեռքս նոր էի դռան բռնակին դրել՝ լսում եմ, տեղակալի հետ է խոսում: Էս ականջովս լսեցի: (Աջ ձեռքով ցույց է տալիս ձախ ականջը: Կայծունին հարցական նայում է: Ավանեսովան խաչակնքվում է:)

ԿԱՅԾՈՒՆԻ — Առաջարկություն:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Մի քայլ առաջ ենք ընկնում: Շեֆին քիփ մարդ կա: Վաղը քաղաքից դուրս ենք գնում, Մանրիկյանին էլ ենք հետներս վերցնում:

ԿԱՅԾՈՒՆԻ — Մանրիկյանի՞ն:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Ապագա դեկանն է: Մեր մարդը: Ոնց ուզենք՝ կշարժվի: Շառից-փորձանքից հեռու: Լրիվ ծախսերն էլ՝ նրա վրա:

ԿԱՅԾՈՒՆԻ — Բա որ շեֆը չհամաձայնի՞:

ԱՎԱՆԵՍՈՎԱ — Մանրիկյանի կապերին ղուրբան: Որ մենք էլ մի քիչ կողքից հուպ տանք՝ ավելի հեշտ:

 

Ավանեսովան և Կայծունին դուրս են գնում: Քարտուղարուհին համար է հավաքում:

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ես եմ: Ասելու բան կա: Գնացել են: Հենց հիմա գալիս եմ:

 

Քարտուղարուհին դուրս է գնում: Հակաոակ կողմից ներս է մտնում Կայծունին:

ԿԱՅԾՈՒՆԻ — (Լուսին): Ո՞նց ես, սիրուն աղջիկ: Ուշ-ուշ եմ տեսնում: Հո չե՞ս ամուսնացել:

ԼՈՒՍ — Ի՞նչ եք ասում, պարոն Կայծունի: Դեռ շուտ է:

ԿԱՅԾՈՒՆԻ — Շուտ չի լինում, դժբախտությունն էլ էն է, որ միշտ ուշ է լինում: Բայց էդ գործը վռազել չի սիրում: Իմիջայլոց, տղայիս հո ճանաչում ես, ինչո՞ւ ընկերություն չեք անում: Շատ խելոք տղա է, գերազանցիկ: Բայց իր ուժերով, հա՜, պապայի հույսին մնացող չի:

ԼՈՒՍ — Գիտեմ, պարոն Կայծունի: Էս տարի ավարտում է, ասպիրանտուրայում է մնալու, չէ՞:

ԿԱՅԾՈՒՆԻ — Դե, ամբիոնն է խնդրում: Թե չէ ինքը պատրաստ է բանակ մեկնել, հայրենիքին ծառայել: Բայց ստիպում են, ասում են՝ ամբիոնին խիստ անհրաժեշտ կադր է: Տեսնենք, ինչ կորոշի: Լավ, հիմա Նունին ասա, թող ինձ մոտ գա:

 

Կայծունին նստում է իր աթոռին: Լուսը զանգում է:

ԼՈՒՍ — Նո՞ւն, չե՞ս գնացել: Արի շեֆիս մոտ: Շատ ա կարոտել:

 

Նունը վեր է կենում, Լուսի կողքով անցնելիս լեզու է հանում: Լուսը դուրս է գնում:

ԿԱՅԾՈՒՆԻ — Նո՞ւն, նստիր: (Նունը տեղավորվում է դիմացի աթոռին:) Ինչպե՞ս ես: Կյանքումդ նորություն չկա՞:

ՆՈՒՆ — Դեռ ոչ:

ԿԱՅԾՈՒՆԻ — Մի շտապիր, կլինի: Էս երկու օրը մի բան անցավ մտքովս: Հետո կասեմ: Հիշո՞ւմ ես, երկրորդ կուրսում բարեկամ ունեիր, «հինգ» նշանակեցի:

ՆՈՒՆ — Քեռուս տղան է: Խելացի, պարտաճանաչ ուսանող:

ԿԱՅԾՈՒՆԻ — Վատ տղա չի, բայց էս կիսամյակ համարյա դասի չի եկել: Հո բան-ման չի՞ պատահել:

ՆՈՒՆ — Չէ, ամեն ինչ կարգին է, պարոն Կայծունի:

ԿԱՅԾՈՒՆԻ — Տես, էս անգամ եթե հանկարծ կտրվեց, չնեղանաս: Քեզ զգուշացրի:

ՆՈՒՆ — Վա՜յ, պարոն Կայծունի, բա ո՞նց կլինի:

ԿԱՅԾՈՒՆԻ — Ո՞նց պիտի լինի: Ոնց որ պետք ա՝ կպարապի, կգա, հանձնաժողովի ներկայությամբ քննություն կհանձնի:

ՆՈՒՆ — Շատ եմ խնդրում, էս անգամ էլ ներեք, հաջորդ կիսամյակ նման բան չի կրկնվի:

ԿԱՅԾՈՒՆԻ — Չէ, Նուն: Դու գիտես, որ քեզ շատ եմ հարգում, բայց աներեսությունը տանել չեմ կարողանում:

ՆՈՒՆ — Պարոն Կայծունի, ուզո՞ւմ եք, քեռուս ասեմ՝ ձեր տուն գա:

ԿԱՅԾՈՒՆԻ — Ոչ մի դեպքում: Հո դրա համար չե՞մ ասում:

ՆՈՒՆ — Բա ի՞նչ անենք, պարոն Կայծունի:

ԿԱՅԾՈՒՆԻ — Չգիտեմ, մտածեք: Մեջներդ խելոք մարդ չկա՞:

ՆՈՒՆ — Մեր ազգում ձեր չափ խելք ունեցող չունենք: Հուշեք, էլի, պարոն Կայծունի:

ԿԱՅԾՈՒՆԻ — Էս է մեր ջահելությունը: Քանի փոքր են, ծնողներն են հուշում, հետո սկսում են դպրոցում իրար հուշել: Բուհում առանց ծածկագրի կյանք չունեն: Մի կերպ ավարտում են, հետո էլ ղեկավարները պետք է հուշեն: Բա լավ, դուք ե՞րբ եք մի խելոք բան ասելու:

ՆՈՒՆ — Դե, ասեք, էլի, աղաչում եմ:

ԿԱՅԾՈՒՆԻ — Նուն, քեզ հավաքիր, լսո՞ւմ ես: Ոչ խոստովանահայրդ եմ, ոչ էլ՝ ձեր ընտանիքի խորհրդատուն:

ՆՈՒՆ — Էս մի անգամը, էլի, պարոն Կայծունի, ամբողջ կյանքս պարտական կլինեմ:

ԿԱՅԾՈՒՆԻ — Գիտե՞ս, քանի հոգի է հենց էս սենյակում նույն բառերով երդվել: Հենց մենակ Մանրիկյանդ՝ երևի հազար անգամ:

ՆՈԻՆ — Պարոն Մանրիկյանը ձեզ շատ է հարգում:

ԿԱՅԾՈՒՆԻ — Ուրեմն թող ինքն էլ քեռուդ տղայի հարցը լուծի:

ՆՈԻՆ — Ուզո՞ւմ եք, իրեն ասեմ, որ ձեզ խնդրի:

ԿԱՅԾՈՒՆԻ — Իրոք որ ձեր ազգի մեջ ամենախելոքը դու ես:

ՆՈԻՆ — Շատ լավ, պարոն Կայծունի, հենց էդպես էլ կանեմ:

ԿԱՅԾՈՒՆԻ — Չէ, աղջիկ ջան, դու կյանքում ոչ մի բանի չես հասնի: Էս մեր բուհն էլ հաստատ քո տեղը չի:

ՆՈԻՆ — Վա՜յ, էլի սխալ բան ասեցի՞:

ԿԱՅԾՈՒՆԻ — Այ խելոք, որ Մանրիկյանն ինձ խնդրի, իմացիր, որ քեռուդ տղան մի ամսից բանակում կլինի:

ՆՈԻՆ — Էս ի՞նչ կրակն ընկա: Խեղճ տղան էլ իմ պատճառով ա տուժելու:

ԿԱՅԾՈՒՆԻ — Որ մի քիչ խելք ունենաս, լավ էլ կշահի:

ՆՈԻՆ — Մի քիչ ունեմ, մենակ թե ասեք՝ ինչ պետք է անեմ:

ԿԱՅԾՈՒՆԻ — Մանրիկյանի բոլոր զրույցներն ու հեռախոսային խոսակցություններն անմիջապես ինձ ես հասցնում՝ ում հետ ինչ գործ է անում, որ ուսանողի հետ ինչ է պայմանավորվում…

 

Նրանք զրուցելով դուրս են գնում: «Գաուդեամուսի» ձայնն աստիճանաբար բարձրանում է: Լույսերը մարում են: Մեղեդին ավարտվում է: Քարտուղարուհին նստած է իր աթոռին: Բեմի հակառակ կողմերից, մեկական թուղթ ձեռքներին, բարձրաձայն ընթերցելով մտնում են Լուսն ու Նունը:

ՆՈՒՆ — Հրամայում եմ, դեկաններ Կրակունուն…

ԼՈՒՍ — Եվ Կայծունուն…

ՆՈՒՆ և ԼՈՒՍ — Ազատել աշխատանքից:

Այնքան են մոտեցել, որ դիպչում են իրար:

ՆՈՒՆ — Ամբիոնի վարիչներ Ավանեսովայի…

ԼՈՒՍ — Եվ Մանրիկյանի հարցը…

ՆՈՒՆ և ԼՈՒՍ — Քննարկել գիտխորհրդի նիստում:

ՆՈՒՆ — Լուս, էս զիտաժողով չէր, սևաժողով էր:

ԼՈՒՍ — Չլինելու բան էր:

ՆՈՒՆ — Աչքերիս չեմ հավատում:

ԼՈՒՍ — Գիտե՞ս, ով ա սարքել:

ՆՈՒՆ — Ըսենց գործ սարքե՞լ կլինի:

ԼՈՒՍ — Սարքողը սարքել ա:

ՆՈՒՆ — Գլուխ չեմ հանում: Որ ուրիշից լսեի, կկարծեի՝ խոխմա են անում:

ԼՈՒՍ — Քարտուղարուհու մտքին որ եղավ, աշխարհ շուռ կտա:

ՆՈՒՆ — Ի՞նչ քարտուղարուհի:

ԼՈՒՍ — Ուզածդ:

ՆՈՒՆ — Քարտուղարուհին ի՞նչ կապ ունի:

ԼՈՒՍ — Հիմնարկի հիմքը քարտուղարուհին ա:

ՆՈՒՆ — Դու էլ հո չասիր: Հեն ա, մենք էլ քարտուղարուհի ունենք, խեղճը ի՞նչ ա արել:

ԼՈՒՍ — Էդ, որ բռիդ մեջ թանկ-թանկ բռնել ես:

ՆՈՒՆ — Լսի, դու իսկական ֆանտազյոր ես:

ԼՈՒՍ — Գիտեի՞ր, որ մեր քարտուղարուհին նոր շեֆի հորաքրոջ աղջիկն ա:

ՆՈՒՆ — Հաստա՞տ:

ԼՈՒՍ — Էն Աստված:

ՆՈՒՆ — Հետո՞:

ԼՈՒՍ — Էդքան բան:

ՆՈՒՆ — Բա ի՞նչ ենք անելու:

 

Բեմը մթնում է: «Գաուդեամուսի» ձայնն աստիճանաբար բարձրանում է: Լուսավորվում է բեմի կենտրոնը, որտեղ կանգնած է քարտուղարուհին: Լուսն ու Նունը հարցական հայացքով քարացել են տեղում:

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ախոռները մաքրելու ժամանակն է:

Երաժշտության բարձրանալուն զուգընթաց

 բեմն ամբողջությամբ լուսավորվում է:

 

Կարդացեք նաև