Սուսաննա ԲՐԻԿՅԱՆ / ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԴՐԱՄԱՅԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

 

ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնում խաղում են ժամանակակից պիեսներ՝

«Թթվածին» — Ի. Վիռիպաևի համանուն գործի մոտիվներով (դեր.` Դ. Աբրահամյան, ռեժ.` Ն. Իսրայելյան)

«+1» — Ե. Գրիշկովեցի համանուն գործի մոտիվներով (դեր.` Դ. Աբրահամյան, ռեժ.` Ն. Իսրայելյան, նկարիչ` Գ. Ավագյան)

«Անտեսանելին» — հեղինակ, բեմադրիչ և դերակատար` Դ. Աբրահամյան, մասնակցությամբ Ալեքսանդր Գաբրիելյանի, Արամ Ավագյանի

 

Թատերական ժանրերից մոնոներկայացումը կամ մեկ դերասանի թատրոնը  համարվում է ամենաբարդ ժանրը: Դերասանը միայնակ, առանց խաղընկերոջ երկխոսության մեջ է մտնում դահլիճի հետ, ստիպում է հաղորդակիցը դառնալ իր բեմական ներկայության յուրօրինակ դրսևորմանը: Ընդունված է համարել, որ մոնոներկայացման ձևաչափին սովորաբար դիմում են ստեղծագործական որոշակի ճանապարհ անցած, բեմական փորձ ունեցող արտիստներ, ովքեր կատարելապես տիրապետում են դերասանական արվեստի վարպետության նրբություններին՝ 1.5 ժամ միայնակ հանդես գալ բեմում, երկխոսություն ծավալել հանդիսատեսի հետ ու չձանձրացնել:

2018 թվականից ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնում բեմադրվեց երեք մոնոներկայացում, որոնք միանագամից փոխեցին իմ վերոնշված պատկերացումը: Դա թատերախաղային հրաշալի շքերթ էր, որն առանձնացավ ոչ միայն ժամանակակից պիեսների ընտրությամբ, գրական հենքի հրաշալի թարգմանությամբ ու մատուցմամբ, այլև դերասանական փայլուն կատարումներով: Ի՞նչն է սակայն անսովորն այս ամենում: Չէ՞ որ այսօր հայ թատերարվեստում հաճախ ենք լավ դերակատարումների ականատեսը լինում, երբեմն հաճելիորեն զարմանում կատարողական պրոֆեսիոնալիզմի դրսևորումներից: Արտասովորն այն էր, որ դերակատարն ընդամենը ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող էր, որ հանդես էր գալու մոնոներկայացմամբ:

Խոստովանեմ՝ սկզբում թերահավատ էի…

Սակայն մասնագիտական հետաքրքրասիրությունն ու պարտքն ինձ տարան թատրոն, որտեղ ես հաճելիորեն զարմացա: Մոնոներկայացումը կոչվում էր «Թթվածին»  (Ի. Վիռիպաևի համանուն պիեսի մոտիվներով): Բեմում մի երիտասարդ էր, որը միանգամից գրավեց բեմական շարժման ու խոսքի յուրահատուկ մշակվածությամբ, դերասանական գրավչությամբ (խարիզմայով), երաժշտության և տեքստի հանդեպ նախանձախնդիր վերաբերմունքով: «Թթվածին» փաստավավերագրական դրաման Իվան Վիռիպաևի ամենահայտնի գործերից է և Մոսկվայի «Դոկ.թատրոն»-ի ամենապահանջված ու աղմկահարույց ներկայացումներից մեկը:

Դատարկ բեմում պառկած է տղան, կողքին դրված է ռադիոընդունիչը, հնչում է երաժշտություն (The Builders and the Butchers — Bringin’ Home the Rain): Դերակատարը` (Դավիթ Աբրահամյան) ոտքի է  կանգնում, սկսում է խոսել իր կնոջ մասին, ում ինքը սպանել էր այգում՝ բահի հարվածով, որովհետև հիմա ուրիշին է սիրում՝ շեկլիկ Սաշային, ով չունի հաստլիկ մատներ և լցված է թթվածնով, և որովհետև երբ նրան ասել էին «Մի´ սպանիր», նա այդ ժամանակ ականջակալներով էր եղել և չէր լսել այդ պատվիրանը, ինչպես և մնացածները: Հնչում են բառեր, նախադասություններ, որոնք հուզում են երիտասարդներին, թթվածնի նման անհրաժեշտ և կարևոր են նրանց համար, որովհետև առանց թթվածնի թոքերը «չեն պարում»:

Ներկայացումը շատ արագ նվաճեց հանդիսատեսի սերը: Ժամանակակից թատերարվեստում արդեն իր հաստատուն տեղը գրաված փաստագրական դրաման հաջողությամբ հաստատվեց Ուսանողական թատրոնի բեմում:

2019 թվականին Դավիթ Աբրահամյանը բեմադրեց «+1» մոնոդրաման: «Ինձ ոչ ոք չի ճանաչում»,- հնչեցնում է դերասանը կիսախավար բեմում ու խորասուզվում կյանքի մասին մտորումների հորձանուտը: Մտորում է ամեն ինչի մասին՝ չվախենալով կատակել, երազել, դառնալ մարդասեր, երբեմն էլ՝ թունդ հայրենասեր: Իսկ վերջում հայտարարել, որ ինքը ոչ ոք է, ուղղակի մարդկության + 1-ը: Դերասանն այս անգամ ևս փայլեց կատարման վարպետությամբ, իրավիճակների հետաքրքիր լուծումներով, խոսքի ռիթմի հրաշալի զգացողությամբ:

«Անտեսանելին»՝ շոու-ներկայացում, այսպես է անվանել իր երրորդ աշխատանքը դեռևս ԵԹԿՊԻ-ի ուսանող Դավիթ Աբրահամյանը: Ներկայացման պրեմիերան մեծ հետաքրքրություն առաջացրեց թատերասերների շրջանում: Չնայած շոու անվանումն այդքան էլ չէր ոգևորում՝ վախեցնելով էստրադային հերթական նմանակում, ժանրին բնորոշ այսրոպեականություն դառնալու հեռանկարով:

Փակ վարագույրի ետևից երևում է դերակատարը՝ Անտեսանելին և փորձում հավաստիացնել, որ ինքը գոյություն  չունի, չկա, չի երևում, հետո սկսում է պատմել պատմություն՝ նրբորեն միահյուսված հումորի, կարոտի և ափսոսանքի թելերով: Պատմում է իր ընտանիքի, ընկերների, եղբոր հետ ունեցած «բարդ» հարաբերությունների ու առաջին սիրահարվածության մասին, իր երազանքի մասին, որը ծնվել էր շատ պատահական՝ հիվանդ կամ հիվանդի դեր խաղալիս, բազմոցին պառկած. չէ՞ որ հենց այդ երազանքներն են անպայման իրականություն դառնում: Բեմի կիսախավարում կանգնած դերակատարը պատմում է իր կյանքի պատմությունը, խոսում դրա սրընթաց շարժման մասին, այն մասին, որ պետք է ապրել հիմա, այս րոպեին, սիրել այս վայրկյանին, ապրել, ապրել… Սահուն անցումով դիմում իր մյուս սիրուն՝ Երևանին, հիշեցնում ամեն օր ավելի ու ավելի խամրող աստղային երկնքի մասին, որտեղ նախկինի նման պարզորոշ չի երևում Շերեփի համաստեղությունը, չկան հարազատ դեմքերը, շենքերը, փողոցները, չկան ու էլ երբեք չեն լինելու…

Ներկայացումը սկզբից մինչև ավարտ միահյուսված է ռիթմիկ պատկերներով, որոնք ուղեկցվում են կուլիսներից լսվող երաժշտությամբ, որն էլ իր հերթին ավելի էր ամբողջացնում բեմական պատկերը՝ դրան հաղորդելով չափավոր և իրավիճակի պայմանաձևում ընդունելի էստրադային տարրեր: Դերակատարը և խանգարողները (այսպես է հեղինակն անվանել իր խաղընկերներին՝ Ալեքսանդր Գաբրիելյանին, Արամ Ավագյանին) բեմից սիրո հաղորդագրություն ուղարկեցին հանդիսասրահում նստածներին՝ ապրե՛ք իրաժեք, երազե՛ք ու իրականացրե՛ք ձեր երազանքները:

Անդրադառնալով ներկայացման գրական տեքստին՝ նշեմ, որ հեղինակը դերակատարն է՝ Դավիթ Աբրահամյանը, ով խոստովանում է, որ դա իր կյանքում տեղի ունեցած իրադարձությունների համահավաք նյութն է, որին նա տվել է գեղարվեստական իմաստավորում:

Իմ կարծիքով դա (անկախ հեղինակի ստեղծագործական կամքից, ենթագիտակցաբար) գրված է աշխարհում վաղուց մեծ տարածում գտած «verbatim»-ի սկզբունքով: Ժամանակակից ռեժիսորները դա օգտագործում են որպես փաստավավերագրական դրամայի ձևաստեղծման հիմք: Դերակատարներն ընտրում են որոշակի թեմա, ապա գտնում մարդկանց, ովքեր իրենց կյանքում առնչվել են այդ թեմային վերաբերող խնդիրներին, այսինքն՝ ունեն պատմություն, վավերագրում են նրանց պատմությունները, ստեղծում  շարք, հետո «մոնտաժում» դրանք և ներկայացնում հանդիսատեսին: Իհարկե, «verbatim»-ն ունի իր դրսևորման և տեքստի տեխնիկական ու բովանդակային կառուցման հարյուրավոր ձևեր ու միջոցներ, որոնցից մեկն էլ մենք նկատում ենք «Անտեսանելին» շոու-ներկայացման դրամատուրգիական նյութի կառուցաբանական հիմքում, որտեղ հյուսվում են հեղինակի կյանքի պատմությունն ու գրական ստեղծագործությունը: Դավիթ Աբրահամյանը հմտորեն հավաքել, «մոնտաժել» ու ձևավորել է տեքստը, տեղ-տեղ փոխառել, մեջբերել (հնչում են հատվածներ Գ. Գարսիա Մարկեսի, Չ. Բուկովսկու և Դ. Մուրադյանի ստեղծագործություններից), ճիշտ վերադասավորել ու բոլորին հրավիրել երազելու ու սիրելու…

Ներկայացումը թեև շոուին բնորոշ տարրեր էր պարունակում, այնուամենայնիվ կարողացել էր հաղթահարել էստրադային արվեստին բնորոշ այսրոպեական թեթևամտությունն ու մակերեսայնությունը՝ հանդիսատեսին պարգևելով հոգեբանական խոր ապրումներ:

Շոուն ստացվել էր, ներկայացումն իր լուսավոր հետագիծը թողեց հայ թատերական արվեստի կիսախավարում, ինչպես մի ժամանակ Շերեփի համաստեղության լույսը Երևանի երկնքում… Հուսանք, որ այն հարատև կլինի:

 

Սուսաննա Բրիկյան

Թատերագետ

 

Կարդացեք նաև