Իշխան ՄԵԼՔՈՒՄՅԱՆ / «ՌԵԺԻՍՈՐԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁԸ»

 

Իշխան ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ «ՌԵԺԻՍՈՐԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁԸ» պիեսը տպագրվել է «ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» հանդեսի 2001 թ., թիվ 3-ում

 

 

ՄԱՀՆ ԻՇԽՈՒՄ է, ՔԱՆԻ ԴԵՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Ես կցանկանայի, որ ապագա դերասանը դեռևս ուսանողական տարիներից գիտակցի ստեղծագործողի դերը ու նաև՝ դերասանի ապրումների իմաստը:

Ես անկողմնակալ եմ, ինչպես ճշմարտությունը, կամ կողմ եմ ճշմարտությանը, եթե թատրոնը չունի փիլիսոփայություն ու գաղափարախոսություն, եթե դերասանը, առանց հասկանալու, թե ինչ է անում, իր վրա է վերցնում ուրիշի մեղքը (իհարկե, եթե վերցնում է), այդպիսի թատրոնը չարիք է դառնում և՛ իր, և՛ դերասանի, և՛ պետության, և՛ ազգի համար: Այս պարագայում մեղադրել պետությանը, որ չի աջակցում թատրոնի գոյատևմանը՝ արդարացի չէ: Անաչառ լինելու դեպքում կարելի է հասկանալ խեղճ պետության, կամ նրա իշխանավորների վիճակը, նրանք պարզապես ի սկզբանե չունեն այն գիտակցությունը, որ պետությունն առանց թատրոնի, առանց այն լաբորատորիայի, ուր կատարվում են կամ պետք է կատարվեն մարդկային հոգեբանությունն ու ներաշխարհը հետազոտող գիտափորձեր, դատապարտված է կորցնելու իր առանձնահատկությունն ու զարգացման ուղիով շարժվող ցանկացած հզոր պետության հլու կամակատարը դառնալ: Սա՝ մեկ: Եվ երկրորդ.  ես համոզված եմ, որ մեղքը թատրոնկառույցի սպայական ու հրամատարական ողջ կազմինն է, որը պառակտված է կոնկրետ ռազմավարություն (փիլիսոփայություն և գաղափար) չունենալու պատճառովԱյսքանից հետո մի՞թե պարզ չէ, որ թատրոնի գոյությունը չի կարևորվի պետության կողմից, բայց եթե իսկապես հոգեվարքի մեջ է ճշմարիտ թատրոնը՝ անդառնալի ցավ է, քանի որ մահամերձ՝ դեռ չի նշանակում վերջ, իսկ մահն իշխում է, քանի դեռ հարություն չկա:

 

Իշխան ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

 

ՌԵԺԻՍՈՐԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁԸ

Կատակերգություն երկու գործողությամբ

Գործող անձինք

ՆԵՐՈՆկեսար

ՍԵՆԵԿԱՆերոնի դաստիարակը, փիլիսոփա, կոնսուլ

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ

ՖԱՎՈՆ

ՍՊՈՐՈՍ

Դռնապահ զինվոր

ՊԱՎԼԻՆԱՍենեկայի կինը

ԷԿԼՈԳԻ — Ներոնի դայակը

Ցենտուրիոն

ՍՏԱԿԻՈՍ ԱՆՆԵՈՍ (ՍՏԱԿԻՈՍ) — Սենեկայի բարեկամ բժիշկը

Սուրհանդակ

Ռեժիսոր

Ձայն

Ավգուստինյաններ, անցորդ, լեկտորներ, պատմագիրներ, ֆուրիաներ, ուրվականներ, Վեներային ծառայող քրմուհիներ, զինվորներ, ստրուկներ, ստրկուհիներ և ամբոխ

 

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ

ՊԱՏԿԵՐ Ա

Թատերական բեմ, ուր դերասանները ինչոր բան են պայմանավորվում ռեժիսորբեմադրիչի հետ:

ՊԱՏԿԵՐ Բ

Խնջույքից հետո, երեկոյան, Հռոմի փողոցներից մեկով ավգուստինյանների հետ անցնում է Ներոն կեսարը:

ՆԵՐՈՆ — (կանգնեցնում է պատահական անցորդի): Կանգնի՛ր: Ով էլ լինես, մեռի՛ր: (Դաշունահարում է անցորդին🙂

ԱՆՑՈՐԴ — Ես ոչ մի մեղք չունեմ:

ՆԵՐՈՆ — Գիտեմ, այդպես ավելի հետաքրքիր է:

Անցորդն ընկնում է գետնին, ջղաձգվելով մեռնում է:

ՆԵՐՈՆ — (ուշադիր նայելով, թե ինչպես է մեռնում անցորդը): Սնապարծ ու ստախոս մարդ, կա՞ մարդ, որ մեղք չունենա:

Ավգուստինյաններ — Աստվածայի՜ն դատաստան:

 

ՊԱՏԿԵՐ Գ

Տեսարան Ա

Պալատի սենյակներից մեկը: Ներոնի հրամանին սպասող Եպափրոդիտեսը, մի քանի գրագիր և ավազանում լողացող, Ափրոդիտեին ծառայող քրմուհինհր:

ՆԵՐՈՆ — (նայելով ձեռքի դիմակին): Ո՜հ, Պարիս, միայն դու ես նախանձի արժանի: Երբ նայում եմ քեզ՝ կամքովդ ժողովրդին արտասուքի կամ ուրախության մատնելիս, կամ կրքով բորբոքելիս, երբ լսում եմ քեզ ողջունող ծափահարությունների որոտը, երբ հարկադրում ես, որ ահռելի թատրոնը դղրդա, հաճախ է մեջս ցանկություն ծագում՝ փոխանակել մեր դերերը: Տղա՛, ներս կանչիր առաջին պատահածին:

 

Եպափրոդիտեսը դուրս է գնում և արագ վերադառնում:

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ — Դռան մոտ պահակություն անող զինվորներից բացի ոչ ոք չկա, տեր:

ՆԵՐՈՆ — Ներս կանչիր որևէ մեկին:

 

Տեսարան Բ

Նույնք և դռնապահ զինվոր, հետո՝ ցենտուրիոն:

ՆԵՐՈՆ — Ահա՜… (Զննում է անճոռնադեմ զինվորին🙂 Երդվում եմ, Մեմֆիսը վկա, կխեղդեմ Նեղոսը ավազով, որ ով մեկ անգամ տեսած լինելով Ապիսի որդուն՝ այլ անուն տար սրան: (Դեմքը շրջելով զինվորից՝ բղավում է🙂 Էպիլիմմա՜, շո՛ւտ… Շտապիր, Եպափրոդիտես, եթե սիրում ես ինձ:

 

Եպափրոդիտեսը օծանելիքճարպ է քսում Ներոնի ռունգերին: Ներոնն իբր ազատ շունչ է քաշում:

ՆԵՐՈՆ — (շարունակում է զննել զինվորին): Ճիշտ որ՝ Մինոտավրոս… ինչպե՞ս շուտ չեմ նկատել: Զինվոր, կարո՞ղ ես երգել:

ԶԻՆՎՈՐ — Փիլիսոփայությունից հասկանում եմ այնքան, որքան իմ սուրը, իսկ երգել՝ այո, աստվածային, թեև հույն չեմ:

ՆԵՐՈՆ — Լավ է… (Ձեռքը տանում է երանքի գոտուն:)

Զինվորը, տեղյակ Ներոնի անարգ խաղերին՝ գունատվում է:

ՆԵՐՈՆ — (մոտենում է կրակարանին, փորձում միզելով հանգցնել սուրբ կրակը): Սակայն քո դեմ Թեսևսը չէ, ինչո՞ւ վախեցար: (Չկարողանալով հանգցնել կրակը՝ դժգոհ մոտենում է սափորին և գինի է լցնում գավաթը🙂 Հը՞…

ԶԻՆՎՈՐ — Իմ տերը ճշմարիտ արվեստագետ է, արդար քննադատ և գեղագետի նրբին ճաշակի տեր աստվածություն, չէի ցանկանա ողբովս, թեկուզ մի քանի վայրկյան, գրգռել զայրույթդ, ո՜վ Հելիոս, եթե նույնիսկ Քերբերը սատկեր Հադեսում: Բայց որ կամենում ես՝ կերգեմ: Ա՜…

ՆԵՐՈՆ – Ո՛չ… Եթե զինվորն է ինձ պես դատում, ուրեմն մարդիկ, որ դեռևս զոհեր են մատուցում աստվածներին, այնուամենայնիվ ի՛նձ նման են մտածում… Ո՛չ, հարկավոր չէ… երգդ կլսեմ, երբ սիբիլական որևէ գիրք ձեռքիս՝ արտաքնոցում նստած կլինեմ:

ԶԻՆՎՈՐ — Շնորհակալ եմ, աստվածային. եթե աստվածներին անարգանք չէ մահկանացուիս հետ զբոսնելը, ապա ինձ համար հավիտենական պարգև է:

ՆԵՐՈՆ — Ա՜… Հա՛-հա՛-հա՛… Ավելի շուտ ես՝ ե՛ս չեմ լինի, քան դու՝ հասարակ մարդ: Երդվում եմ բոլոր աստվածներով, որ սրանից լավ արբիտր կսարքեմ: Սիրենները վկա, Եպափրոդիտես, սրան լավ վարձատրելու եմ: (Նայելով զինվորին🙂 Վաղը կծանոթանաս զինվորներիդ հետ, ցենտուրիոն: Հը՞… Բայց մտքովդ չանցնի, թե չիմացա, որ ավելին արժես, մի քանի ամսից Սիցիլիայի կառավարիչ կկարգենք: Խոզի մեկն է այժմյան կառավարիչը:

ԶԻՆՎՈՐ — Աստվածային, մի քիչ էլ՝ և կհիշեմ, թե ո՛ր աստծո թոռն եմ:

ՆԵՐՈՆ — Այ քեզ բա՜ն… Իսկ ես կարծում էի, համեստություն ես անում: Եթե դու չգիտես՝ ում թոռն ես, ուրեմն պիտի ենթադրեմ, որ Քարոնը իր նավով մեռածների հոգիները ոչ թե դժոխքի գետով է տեղափոխում, այլ նրանց հետ թռչում է Օլիմպոս:

ԶԻՆՎՈՐ — Լավ թատերգություն կլիներ:

Ներոնը, պատասխան չգտնելով, լռում է մի պահ:

ՆԵՐՈՆ – Ո՛չ… (Նայում է զինվորին🙂 Այդպիսի գործ գրելու համար պայմաններ են պետք: Ասենք, ծովի փափուկ ու մաքուր օդ, իսկ այստեղ հեղձուկ է: Ա՜խ, ինչպես եմ զզվել, ինչպես ձանձրացել է հոգիս, զղջում եմ, որ որոշեցի աշխարհն ուղղել՝ բոլորին ազատություն տալով: Այո՛, այո՛, Աստված նույնպես զղջում է: (Ձեռքը գցում է զինվորի ուսին🙂 Այ, հիշո՞ւմ ես, ինչ է ասված, երբ դեռ Ջրհեղեղը չարած, Աստված նայեց երկրին:

ԶԻՆՎՈՐ — Աստծո որդիները մտնում էին մարդու որդիների աղջիկների…

ՆԵՐՈՆ — Լսիր, խլուրդ, քեզ Աստծո մասին եմ հարցնում:

ԶԻՆՎՈՐ – Այո՛, տեր: Աստված նայեց երկրին և զղջաց, որ ստեղծեց մարդուն:

ՆԵՐՈՆ — Այո՜… իսկ հետո ինչ եղա՞վ:

ԶԻՆՎՈՐ — Հետո, բացի տապանում գտնվողներից, Եհովան ջրհեղեղով մեռցրեց ցամաքում և օդում ապրող բոլոր կենդանի շունչ ունեցողներին:

ՆԵՐՈՆ — Ճշմարիտ է… Զինվոր, հավանո՞ւմ ես իմ Տապանը:

ԶԻՆՎՈՐ — Երջանիկ եմ, գոհ ու շնորհակալ բոլոր աստվածներին, որ ծառայում եմ քեզ, աստվածային:

ՆԵՐՈՆ — Մի՞թե այս անգամ էլ չեմ կարողանա գտնել գոնե չորս հոգի… Հիմնականում ցանկություն և տրամադրություն է անհրաժեշտ արվեստի մեծարժեք գործեր ստեղծելու համար, իհարկե, տաղանդ նույնպես, բայց իմ ցանկությունն ու դիտավորությունը, ինչպես քիչ առաջ ասացի, այլ է: Դու այդ չես հասկանա, ցենտուրիոն, դա մե՜ծ գիտություն է:

ԶԻՆՎՈՐ — Տեսնո՞ւմ ես, տեր իմ, իսկ դու ուզում էիր ինձ Սիցիլիայի կառավարիչ կարգել:

ՆԵՐՈՆ — Մայայի որդին վկա, սա անդաբատ է: Եթե նույնիսկ Սիցիլիայի կառավարիչ չսարքեմ, անպայման կասեմ՝ ով ես. դու սովորական զինվոր ես, բայց վտանգավոր հիշողություն ունես… Փիլիսոփայությունից էլ հասկանում ես այնքան, որքան սուրդ… Հը՜, վատ ձևակերպում չեղավ: Բայց եթե հիմար ես ուզում ձևանալ, պետք է ասեմ, որ խոսքիդ ճկունությունը, որոշ տեղերում՝ նույնիսկ ամբողջական արտահայտություններ, հիշեցնում են ինձ ծանոթ մարդկանց: Ու գիտե՞ս, ինձ հաճելի է, որ պալատական զինվորները փիլիսոփայությունից, ինչպես և ճարտասանությունից բավական ճկուն են, ու եթե քիչ էլ համբերեմ, կասկած չունեմ, որ կգրավեմ ողջ Օլիմպոսը: Ի՞նչ ես կարծում, ցենտուրիոն, ինչո՞ւ Սուլլայի գլուխը ճերմակահեր է:

Զինվորը դանդաղում է:

ՆԵՐՈՆ — Ա՜… Հա՛-հա՛-հա՛-հա՛… Հը՞…. Ով շատ է խոսում՝ կասկածանք է հարուցում, ով լռում է՝ հարուցում է է՛լ ավելի մեծ կասկածանք. կայսրին հայհոյելը հավասար է մահվան, բայց գովելն ու փառաբանելը նույնպես կասկածանք է հարուցում, չէ՞ որ շողոքորթն անկասկած ձգտում է թաքցնել ինչ-որ հանցանք: (Նայելով զինվորին🙂 Հը՞… Ինչո՞ւ է Սուլլայի գլուխը ճերմակահեր:

ԶԻՆՎՈՐ — Գուցե ծեր է…

ՆԵՐՈՆ — (չսպասելով, որ խոսքն ավարտի): Ես հարցնում եմ՝ ինչո՞ւ:

ԶԻՆՎՈՐ — Ավելի ճիշտ…

ՆԵՐՈՆ — Ի՞նչ:

ԶԻՆՎՈՐ — (կասկածով): Չգիտեմ… Չգիտե՛մ:

ՆԵՐՈՆ — Ը՜… (Անտարբեր🙂 Մեռիր:

ԶԻՆՎՈՐ — (գունատվում է, բայց անմիջապես ժպտում ու պատյանից հանում է սուրը): Կեցցե՛ Հռոմը:

ՆԵՐՈՆ — (վերջին բառի վրա): Կա՛նգ առ… Հռո՜մ… Ինձ ձանձրացրել է արդեն նա… Թո՜ւ, փչացրեց ամեն ինչ: Շտապեցիր… Ինչո՞ւ: Ես պարզապես ուզում էի մի քիչ զվարճանալ, իսկ դու չհասկացար: Եթե մի քիչ ամոթ ունենայիր, չէիր մեռնի ինձ համար, բայց դու, ինչպես և ամբողջ Հռոմը, երախտամոռ եք ու սնապաշտ: Դուք գովաբանում եք հետևա՛նքը, այնինչ պետք էր նրա պատճառը մեծարել: Փառքը տալիս եք աշխատանքի՛ն, մինչ փառաբանել էր պետք այն իրագործողին: Երկրպագում ու պաշտում եք գո՛րծը և ոչ՝ նրան ծնող ու արարող մտքին: (Իմիջիայլոց🙂 Ուզում էիր մեռնել հանուն Հռոմի փառքի: Ինչ կա որ… (Կոտրատվում է🙂 Ես փառք հափշտակող չեմ՝ մեռի՛ր: (Գավաթը մոտեցնում է շուրթերին, բայց անմիջապես հեռացնում🙂 Հռոմը քե՛զ էլ չի մոռանա: (Ծիծաղում է, հետո դատարկում գավաթը🙂

ԶԻՆՎՈՐ – Կեցցե՛ կեսարը: (Սրախողխող ընկնում է գետնին🙂

ՆԵՐՈՆ — Ա՜… Հա՛-հա՛-հա՛… (Քացիներ է տալիս🙂 Թպրտա… Թպրտա՛…

Ներոնը ուշադրությամբ հետևում է հոգին ավանդող զինվորին, ծիծաղում է, քրքջում, կաքավում է ու ծափ զարկում, երբեմն քացիներ հասցնելով՝ հայհոյում, հետո ձեռքով նշան է անում, որ տանեն դիակը: Եպափրոդիտեսը դուրս է գալիս սենյակից:

ՆԵՐՈՆ — (գրելու հրաման է տալիս գրագիրներին): Ասում են, թե ես եմ Հռոմի ամոթը: Բայց, օ՜, աստվածներ, զորավիգ եղեք ինձ, քանի որ Հռոմն իր ամոթը լրիվ է կորցրել ու կարծես էլ ամոթ չունի: Թո՜ւ, անամո՛թ քաղաք, քանի՜ անգամ կամեցա քո որդիներին ժողովել, ինչպես հավն իր ձագերին է թևերի տակ ժողովում, և՝ չկամեցաք:

Մի քանի ստրուկի հետ ներս է մտնում Եպափրոդիտեսը:

ՆԵՐՈՆ — Ահա ձեր տունը ավերակ է թողնվում ձեզ, բայց, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե էլ ինձ չեք տեսնի, մինչև գա ժամանակը, որ ասեք. օրհնյա՛լ է Տիրոջ անունով եկողը: (Դիակը տանող ստրուկներին🙂 Մի վայրի էշի ձագն էլ է իբրև մարդ ծնված: Փո՛ւչ իմաստություն: Օ՜, ֆուրիաներ, ո՞ւր եք թաքնվել: Քարիտների ճերմակ ազդրերը վկա, Հռոմը լցված է անդաբատներով: Ոչնչացնե՛լ ամբողջ վերնախավը, թող մնա միայն ժողովուրդը: Ցենտուրիո՞ն…

ՑԵՆՏՈՒՐԻՈՆ — (որը ստրուկների հետ ներս էր մտել): Հրամայի՛ր, տեր:

ՆԵՐՈՆ — Ցենտուրիոն, ինձ զարմացրել է Սուլլայի ճերմակահեր գլուխը… Այստեղ բեր այն, ցենտուրիոն: (Աչքով է անում, հետո աչքերը կիսաբաց, գլուխը մի կողմ է թեքում ու որքան հնարավոր է՝ լեզուն կախ հանում:)

ՑԵՆՏՈՒՐԻՈՆ — Միայն գլուխը, այնպես չէ՞, տեր:

ՆԵՐՈՆ — (թթվեցնում է դեմքը): Շտապի՛ր, որովհետև սիրում եմ քեզ, իսկ դու սկսում ես զվարճախոսել: Երդվում եմ, Զևսն անգամ չի կարող ազատել քեզ Քարոնի ձեռքից:

ՑԵՆՏՈՒՐԻՈՆ — (մինչ սենյակից դուրս գալը): Տե՛ր, Սենեկան էր ուզում տեսնել քեզ:

ՆԵՐՈՆ — (ցենտուրիոնին երկար նայելուց հետո): Թող գա: (Կոտրատվում է, ծիծաղում🙂

Ցենտուրիոնը դուրս է գալիս:

 

Տեսարան Գ

Նույնք և Սենեկա:

ՆԵՐՈՆ — (ձեռքերը տարածելով խարխափում, նայում է շուրջն ու սարսափած շշնջում): Ատե՞: Սենեկա, դո՞ւ ես:

ՍԵՆԵԿԱ — Աստվածների խնամակալությունը թող հավիտյան հետդ լինի, տեր:

ՆԵՐՈՆ — Դու էլ ինձ չես սիրում, ո՞ւր էիր, երբ Դորիֆորոսը տիրում էր ինձ: Տպավորության ազդեցությունը դեռ զգացողություն է առաջացնում: Չնայած, եթե չճչայի ու չաղաղակեի, ինչպես բռնաբարվող աղջիկ, ազնվական կանանց հետաքրքությունը չէի շարժի այդ բռի անասունի նկատմամբ՝ որպես տղամարդու: Իմ ուսուցիչը թող շտապի խոսել, քանի չեմ ուշաթափվել նրա տեսքից: Արդյոք այն ծառից, որի համար քեզ պատվիրեցի, որ նրանից չուտես, կերա՞ր: Արդյո՞ք քրիստոնյա ես դարձել:

Ներոնը մոտենում է Բաքոսի մերկ արձանին ու իբր ուսումնասիրում այն:

ՍԵՆԵԿԱ — Հրեշավոր է ենթադրել, թե ինչ-որ մոլեռանդ հրեա, յուր անմիտ հավատով, կարողանար սովորեցնել մեզ մի մտացածին վարդապետություն և կատարյալ բարոյականություն: (Մատներով թմբկահարում է արձանի առնանդամը🙂 Ողորմելի սնափառություն:

ՆԵՐՈՆ — Իսկապես ողորմելի, բայց մեր դիցաբանությունն արդյո՞ք ավելի լավն է… Այն խիստ բարեփոխման կարիք է զգում: Նրա աստվածներն ամբոխի աստվածներ են, ոչ թե մերը, կառավարության համար էլ արդեն անպետք են: Դժվար է, համարյա անհնար՝ դավանել անառողջ վարդապետություն և միևնույն ժամանակ քարոզել բարձր բարոյականություն:

Ներոնը ավազանում խաղացող քրմուհիներից, բայց ոչ Սենեկայից, ծածուկ կոտրում է արձանի առնանդամն ու թաքցնելով վարտիքի մեջ, գինի է լցնում: Գինին թափվում է գավաթից: Ներոնը նետում է գավաթը և Եպափրոդիտեսից պահանջում նորը բերել:

ՆԵՐՈՆ — Ինչպես որ ամաչում է գողը, երբ բռնվում է, նույնպես էլ ամաչելու են բոլոր այն թագավորներն ու իշխանները և նրանց քահանաներն ու մարգարեները, որոնք ասում են փայտին՝ իմ հայրն ես, և քարին՝ դու ծնեցիր ինձ. որովհետև նորանք իրենց մեջքը դարձրին դեպի ինձ և ոչ թե երեսը, բայց իրենց ձախորդության ժամանակին ասում են. «Վեր կաց և ազատիր մեզ»:

ՍԵՆԵԿԱ — Սակայն նրանք՝ քրիստոնյաները, ապրում են համաձայն այն ճշմարտությունների, որ սովորեցնում են իրենք: Նրանց է միայն հայտնի կյանքի գաղտնիքը, միայն նրանք գիտեն վշտի մեջ ուրախանալու զարմանալի գաղտնիքը, որով սնափառությամբ պարծենում ենք ստոիկներս: Իմ տերը թող ներողամիտ գտնվի այս տեսքով ներկայանալուս համար: Ինձ ազատություն շնորհելու համար քեզ պիտի շնորհակալությունս հայտնեի, աստվածային, ուստի և բանտից ուղիղ այստեղ եկա:

ՆԵՐՈՆ — (գլխին՝ բաղեղի պսակ, մոտենում է ավազանին ու սափորից գինին ծորացնում քրմուհիների վրա): Չի կարելի կարծիքը փոխել լոկ այն բանի համար, որ Հռոմում տղամարդիկ փոխում են կանանց, իսկ կանայք՝ տղամարդկանց:

Քրմուհիները լիզում են գինին, հետո Նհրոնի ոտքերը, ձգվում նրա սրունքներով վեր: Հանկարծ նրանք ճչում են, իսկ Ներոնը, աղիողորմ ձայներ արձակելով, գալարվում է երանքը բռնած, բայց և անմիջապես ծիծաղելով մոտենում է Սենեկային: Քրմուհիները հափշտակում են արձանի առնանդամն ու իրենց ետին վերջույթները թափահարելով, որ ձկան պոչ են, քրքջալով սուզվում են ավազանի մեջ:

ՆԵՐՈՆ — Եթե ինձնից նեղվել ես, ստիպված եմ ասել, որ դա արել եմ անմեղությունդ մի քանի չար լեզուների ապացուցելու համար: Դրա համար նրանք շատ թանկ վճարեցին ու դեռ վճարելու են: Լսում եմ քեզ:

ՍԵՆԵԿԱ — Ես բավական ծեր եմ և, ամենակարևորը, հոգնած՝ քաղաքական գործերից: Կուզենայի կյանքիս մնացած օրերն անցկացնել աղքատության մեջ: Անկեղծ եմ ասում՝ հոգնել եմ հարստությունից, որոշել եմ այդ ամենը հանձնել քեզ, աստվածային, իմ ամենաարժեքավոր ստեղծագործությունների հետ միասին:

ՆԵՐՈՆ — Դու կարող ես չզբաղվել քաղաքականությամբ և բանաստեղծություններ գրել, կյանքիդ մնացած օրերն անցկացնել կնոջդ հետ զվարճանալով, բայց երկուսիդ տեսնել աղքատության մեջ՝ չեմ կարող:

ՍԵՆԵԿԱ — Այդ դեպքում ես կնկարագրեմ ճշմարիտ մարդկային մահը… Դա նույնպես կնվիրեմ քեզ…

Ներոնը գինի է լցնում գավաթն ու խմում:

ՍԵՆԵԿԱ — Աստվածային, եթե հրաժարվես՝ կկորցնես իմ գլուխգործոցի անմիջական մասնակիցը լինելու հնարավորությունը: Հազիվ թե ինձնից վստահելի մեկը գտնես, որ այս հարցում անշահախնդիր գտնվի:

ՆԵՐՈՆ — Առաջարկում ես համամարդկային գլուխգործոց ստեղծել… Սակայն կինդ երիտասարդ ու գեղեցիկ է դեռ… գոնե նրան խղճայիր:

ՍԵՆԵԿԱ — Ուրեմն, համաձայն ես: Շնորհակալ եմ:

ՆԵՐՈՆ — Այո, դու անփոխարինելի ես… (Կրկին մոտենում է կրակարանին ու միզելով հանգցնում սուրբ կրակը, հետո հրամայում կրկին վառել այն🙂 Այդպես էլ իմ խորհրդատուն մնա, որովհետև ես ավելի վաղ կմեռնեմ: Մահը կարող ես նկարագրել Լուկանուսին հիշելով, մանավանդ որ եղբորորդուդ շատ լավ զգում և ճանաչում ես:

ՍԵՆԵԿԱ — Ես պարզապես ուզում եմ իմ երախտիքը քեզ մատուցել ազատությանս համար, աստվածային տեր:

ՆԵՐՈՆ — Դեռ համբերում եմ, մի քիչ էլ՝ ու կարելի է նորից քաղաքն այրել, արգելելով կրակը հանգցնելու ամեն ջանք, միևնույն ժամանակ ժողովրդի վրա բաց թողնել կտամ ամֆիթատրոնի գազանանոցում պահվող բոլոր վայրի գազաններին… Սքանչելի՜ տեսարան… Հա՛-հա՛-հա՛… Աթենասը վկա, ի տարբերություն քեզ, Ոդիսևսն իր ամենամեծ դժբախտության ժամանակ էլ մտածում էր քնի ու կերակուրի մասին: Շնորհակալություն հայտնելու փոխարեն ավելի լավ է մի բան ուտես ու գնաս քնելու: Իսկ ես գնում եմ քնելու, ու դու հետևիր իմ օրինակին: (Գնում է դեպի բազմոցը:)

 

Տեսարան Դ

Ներս է մտնում արդեն ծանոթ ցենտուրիոնը՝ չորս զինվորների հետ, որոնք երկու կաթսայատիպ մեծ ամաններ դնելով հատակին՝ լուռ սպասում են հրամանի:

ՆԵՐՈՆ — (Սենեկային): Ասքլեպիուսը քեզ օգնական, գնա և անհոգ եղիր:

Սենեկան դուրս է գալիս:

ՆԵՐՈՆ — Ցենտուրիոն, ահա քեզ մի տախտակ, կես ժամից լեկտորների հետ այցելիր նրան:

ՑԵՆՏՈՒՐԻՈՆ — (նայելով տախտակին): Սենեկայի՞ն:

ՆԵՐՈՆ — Ցենտուրիոն, գունատվեցիր: Ի՞նչ պատահեց:

ՑԵՆՏՈՒՐԻՈՆ — Աստվածային, դու նրան Ասքլեպիուսի խնամակալությանը հանձնեցիր:

ՆԵՐՈՆ — Այո:

ՑԵՆՏՈՒՐԻՈՆ — Տեր, նա հանգուցյալներ է հարուցանում:

ՆԵՐՈՆ — (գինի է խմում): Ը՜… իսկապե՞ս… Ինչ-որ չեմ նկատել: Մինոտավրոսի գլխում ավելի փիլիսոփայություն կա, ջայլամից էլ ավելի օգտակար բան կլսեի: Լա՛վ, վաղը կայսերական ախոռից մի էշ կվերցնես և կգնաս Ասքլեպիուսի տաճարը՝ գլխիդ համար հարցնելու:

ՑԵՆՏՈՒՐԻՈՆ — Տեր իմ, բայց նա բավական ծեր է, այնպես որ…

ՆԵՐՈՆ — Գուցե իրավացի ես, բայց հանդիմանությունն ավելի է ազդում խոհեմին, քան հարյուր հարվածը՝ հիմարին: (Մտածկոտ շարունակում է🙂 Ես հոգնել եմ սպասելուց: Միշտ ապստամբություն է ուզում չարը, բայց մի անգութ պատգամավոր կուղարկվի նրան: Ա՜, ինչպես էի մոռացել: Դե, դե, տեսնենք՝ ինչ եք բերել:

Ամանների մեկից հանում են Ռուբելիոս Պլավտոսի գլուխը:

ՆԵՐՈՆ — Սուլլա՞:

ՑԵՆՏՈՒՐԻՈՆ – Ո՛չ, տեր, սա Ռուբելիոս Պլավտոսի գլուխն է, որ հրամայել էիք բերել: (Ցույց է տալիս մյուս ամանը🙂 Սա է Սուլլայի գլուխը:

ՆԵՐՈՆ — (արտիստիկ հետաքրքրությամբ): Ա՜, տեսնենք, տեսնենք…

Մյուս ամանից հանում են Սուլլայի գլուխը:

ՆԵՐՈՆ — (անորոշ և անհասկանալի խորհրդով): Դե, սա հիմա էլ ճերմակ է: Իսկ այ, այն մյուսը, մյո՛ւսը ցույց տվեք:

Կրկին ցույց են տալիս Ռուբելիոսի գլուխը:

ՆԵՐՈՆ – Հա՛-հա՛-հա՛… (Հետո, միանգամայն սառնաշունչ🙂 Ցենտուրիոն, քիթը երկար էր, այն հիմա էլ շատ տարօրինակ տպավորություն է թողնում:

ՑԵՆՏՈՒՐԻՈՆ – Հրամայի՛ր, տեր:

ՆԵՐՈՆ – Ո՛ւշ է, տարե՛ք:

Ցենտուրիոնն ու զինվորները դուրս են տանում գլուխները:

ՆԵՐՈՆ — Եպափրոդիտես, է՜լ ով է մնում անպատիժ:

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ — Բոլորը պատժվել են, տեր, իսկ մեղապարտներից ով չի պատժվել, միայն քանակի և պատժի կերպերի որոշ դժվարությունների պատճառով է, սակայն բոլորն էլ հայտնի են, նույնիսկ ցուցակի կարիք չկա՝ ողջ վերնախավն է:

ՆԵՐՈՆ — Այդպես ուրեմն, թող գործն իր հունով ընթանա: Պետք է վարժվել մահվան, այնժամ նա սարսափելի չի լինի: Ի՞նչ մի առանձնահատուկ բան կա՝ դեմքը գունատվում է, սիրտը՝ կանգ առնում… Արտասովոր ոչինչ չկա: Սակայն դա հետաքրքիր է, ու գուցե միայն դա է հետաքրքիր աշխարհում, կամ էլ այս կյանքում: Երբեմն ուղղակի ուշաթափվելու չափ ծիծաղելի է. ոմանք ձգվում են այնպիսի գոռոզությամբ, հը՛, որ մինչև անգամ Բաղաամի էշն էլ կվիրավորվեր: Օ՜, աստվածներ… Լինում են և տարօրինակ հանգուցյալներ: Նրանք քարանում են, արձանանում: Այո, այո, դիակները կենդանի մարդկանց արձաններ են, իսկ մարդասպանը՝ նույն քանդակագործը: Մի՞թե այդպես չէ: Շատ քչերին է հաջողվում զգալ կյանքի համը, և ես զգում եմ. արգելված ոչինչ գոյություն չունի՛: Ինձ թույլատրելի է ա՛յն, ինչ չի կարողացել անել և ոչ մի կայսր: (Շրջվում է գրագիրների կողմը🙂 Վերջին երկու նախադասությունը հարկավոր չէ, ուզում եմ՝ խոսքս կարճ լինի: (Նայում է ծուռումուռ, խաչաձև որթատունկին🙂 Քանի որ քրիստոնեության դեմ դարբնված ոչ մի զենք ուժ չունի, նրա դեմ պայքարելու համար պետք է, ինչ գնով ուզում է լինի, ձեռք բերել իր իսկ զենքը՝ յուր վարդապետությունը: (Մոտենում է որթատունկին և հենվելով նրան, ձեռքերը տարածում է հորիզոնական ճյուղերին:)

 

ՊԱՏԿԵՐ Դ

Սենեկայի տան պարտեզը: Տանտերերը փղոսկրե սեղաններից մեկի մոտ նստած զրուցում են Ստակիոս Աննեոսի հետ: Լեկտորները, ցենտուրիոնն ու զինվորները հոգում են մահապատիժն իրականացնելու պետքերը: Մահաբեր թույնը, որ Սենեկան ընդունել էր լեկտորների կողմից՝ ձեռքերի ու ոտքերի երակները կտրվելուց շատ հետո, չի ներգործում:

ՍՏԱԿԻՈՍ — (ցենտուրիոնին): Նենգություն է. Ատեն մթագնել է օգոստափառի ուղեղը՝ աստվածները չեն կամենում նրա մահը:

ՍԵՆԵԿԱ — Սխալվում ես, Ստակիոս, նրանք չափազանց բարի են:

Բժիշկն ուշադիր նայում է Սենեկային, շոշափում, հետո մոտենում է ցենտուրիոնին: Ստակիոսն ու Պավլինան նայում են միմյանց, հետո՝ Սենեկային:

ՍԵՆԵԿԱ — Երակներս կտրելուց հետո մարմինս համարյա սառել է, դրա համար էլ թույնը չի ազդում: Ասում էի, չէ՞, ինձ երկու տարում տանջամահ անելն էլ քիչ է:

Ցենտուրիոնը հրաման է տալիս, որ տաք ջուր լցնեն ավազանը:

ՊԱՎԼԻՆԱ — Լոգարանը պատրաստում են:

ՍԵՆԵԿԱ — Այդպես ավելի լավ է:

ՊԱՎԼԻՆԱ — Չես պատկերացնի, թե որքան ուրախ եմ այս պահի համար, որ կրկին քեզ տեսնում եմ… Օ՜, ընդհանուրի կուռք և իմ ամուսին:

ՍԵՆԵԿԱ — Մարդկությանը մնում է կամաց- կամաց հրաժեշտ տալ կյանքին: Օրական մի քիչ…

ՊԱՎԼԻՆԱ — Շատե՞րը զոհվեցին:

ՍԵՆԵԿԱ — Հարյուրավոր մարդիկ զոհվեցին լոկ այն պատճառով, որ նրանց տանիքներում փոշով էին ծածկվել Կասիոսի կամ Բրուտոսի արձանները: Ոմանց սրախողխող արին միայն նրա համար, որ իբր այդ արձանների կողքով անցնելիս խոնարհել էին գլուխները: Քիչ առաջ եղա կայսեր մոտ: Նա քաջալերում էր ինձ՝ հանձնելով Ասքլեպիուսի խնամակալությանը, հենց դրանից էլ հասկացա, որ քիչ ժամանակ է մնացել և պետք է պատրաստվել մահվան: Մեռնելը չեմ համարում համարձակ արարք: Այն միշտ էլ մեծ հիմարություն է, նույնիսկ ամենածայրահեղ դեպքում: Ապրելու իրավունք գնելու համար Ներոնին առաջարկեցի իմ ողջ հարստությունը, վերջապես, իմ կյանքը՝ հույս ունենալով նրա մեջ մարել գիշատիչ կիրքը: Բայց Ներոնը դա էլ մերժեց. «Ավելի շուտ ես ինքս կմեռնեմ»,- ասաց:

Պավլինան գլուխը հենում է ամուսնու կրծքին:

ՍԵՆԵԿԱ — Ես շատ էի սիրում կյանքը, և հենց դրանից էլ սկսվեց կեղծիք ու կործանում:

Պավլինան ցանկանում է ինչ-որ բան ասել, բայց Սենեկան ձեռքի շարժումով ընդհատում է նրան: Ստակիոսը բռնում է Պավլինայի ձեռքը, որ նա թույլ տա Սենեկային խոսել:

ՍԵՆԵԿԱ — Այո, այդ սերը հանգեցնում է անկման: Ես քարոզում էի պյութագորյան փիլիսոփայություն: Իհարկե, գեղեցկուհիներին: Մի անգամ Յուլիա Լիվիլլան՝ Կալիգուլայի քույրը, զայրույթի պոռթկումից հետո խնդրեց բացատրել ոչ այնքան պարզ բարոյագիտական մի խնդիր, իսկ հետո իր լեկտիկայով մենք զբոսանքի գնացինք: Այդ զբոսանքն ինձ վրա նստեց ութ տարվա աքսոր՝ Կորսիկայում: Մի՞թե չափից ավելի թանկ գին չէ: Հիմա կարծում եմ, որ ո՛չ:

Պավլինան արտասվում է:

ՍԵՆԵԿԱ — Բանտում կարդալով իմ երկերը, որտեղ գովաբանում էի աղքատությունը, ինձ ծաղրում էին, հարցնելով, թե ե՛ս ինչու եմ հարստացել: Ինձ նայում էին որպես մի ծախված, հիմար ծերունու: Ես լռում էի: Եվ մի՞թե կարող ես բացատրել մեկ միտք ունեցող ու անուս այդ մարդկանց, թե ինչպես եմ հասել դրան: Բայց քեզ, թանկագինս, հիմա կպատմեմ: Ես անկողմնակալ եմ, ինչպես բնությունը: Երբ մարդիկ իմ կարծիքն էին հարցնում քաղաքական այս կամ այն հարցի վերաբերյալ, ես խոսում էի միայն հավերժական ճշմարտությունների մասին, որոնք ոչ ոքի չեն հետաքրքրում: Իսկ չնչին, տաղտկալի, կենսական պայքարի մասին առհասարակ չէի մտածում: Ի՞նչ կարող է մտածել ծաղիկը սենատի վերջին որոշման մասին, իսկ ձիթենիները՝ կրկեսում սպիտակների կամ կարմիրների կուսակցության մասին: Բայց երբ հարկադրեցին ինձ մտածել՝ տեսա, որ այնտեղ, որտեղ ուրիշները միայն մի կարծիք ունեն, ես ամենաքիչը երկուսն ունեմ, նայած՝ ո՛ր կողմից ես մոտենում գործին: Ես, դժբախտաբար, հարկադրված էի լինում ընտրել մեկ այս, մեկ այն տեսակետը: Դա դժվար չէր: Ամեն մի ճշմարտություն ունի երկու երես, և երկուսն էլ անմիջապես տեսնելով, թշնամի կուսակցություններին միանգամայն որոշակիորեն ասում էի այն, ինչ, ըստ էության, նրանք կուզեին լսել: Ինձ համարում էին կեղծավոր, բայց դա ճիշտ չէ: Հարցերին պատասխանելիս ես միշտ արտահայտում էի իմ անկեղծ կարծիքը, ու դա էր կատաղեցնում մարդկանց: Իմ մեղքը ոչ թե այն էր, որ ես համատարած հակասություն էի, այլ որ բացահայտում էի մտքերս:

Ես սիրում և պաշտպանում էի իմ միակ, անկրկնելի կյանքը, որն անցնում է մի այնպիսի ժամանակ, երբ կյանքն ինքը դարձել է ինչ-որ հակաբնական բան: Եվ այդ իրավունքն ունեի. ես աշխարհ եմ եկել ավելի դյուրազգաց, ավելի խելոք, ավելի բարի, քան մյուսները, քան այդ սահմանափակ մարդիկ, որ պնդաճակատ են կոչվում, աղքատիկ երևակայությամբ այդ տգետները, որ տղամարդ են կոչվում, այդ անմիտները, որ հերոս են կոչվում: Բայց ահա ինչի եմ հասել: Գիտեմ, սխալներ թույլ եմ տվել, և ամենամեծն այն է, որ ինձ տվեցի Ներոնին ծառայելուն: Ինձ այդ ժամանակ էլ համարեցին շողոքորթ ու երկերեսանի, իսկ շատերը՝ նաև սրիկա: Ստիպված եմ հաշտվել վերջինիս հետ… Ինձ դարձրի՞ն նրա դաստիարակը… Սարսափելի է… Ես նրա մոտ եկա ամենաբարի մտադրություններով, սակայն, ինքս էլ չնկատելով, սկսեցի աստիճանաբար բացահայտվել: Ինձ թվում է, որ աշխարհում ամեն ինչ սոսկ ներկայացում համարող դերասանը իսկական դև է: Նրան հատուկ չէ մտահորիզոնի չափավորվածությունը, առանց որի չկա բարոյականություն ու կյանք: Ախր հենց այդ պատճառով էլ Ներոնը դերասան է, և ճիշտ այդ պատճառով էլ կործանվեց նա:

ՊԱՎԼԻՆԱ — (համբուրում է ամուսնուն): Դու անկեղծ ես ու բարի:

ՍԵՆԵԿԱ — Լուկանուսը մեռավ: Ներոնը հրամայեց նրան էլ մահապատժի ենթարկել: Մեռավ, ասում են, թուլամորթաբար: Տենչում էր ապրել ու գրել, գոռգոռում էր ու մոլեգնում: Այնպե՜ս չէր ուզում մեռնել: Նա ցնորվել էր բանտում: Ձգտում էր ամեն կերպ ազատություն ձեռք բերել և մատնեց սեփական մորը, նրան խառնելով խռովության մեջ: Ուզում էր այդ գնով ներում ստանալ մեկ ուրիշ մայրասպանից: Սխալվեց: Երեկ կտրեցին նրա երակը: Հիշո՞ւմ եք, «Ֆարսալիա»-ից այն հատվածը, ուր նկարագրվում է ծովափին Լիկիդոսի մահը: Հիանալի բանաստեղծություն է. հոյակապ, անվրեպ տողեր և իսկական արվեստագետի ստեղծագործություն: Վերջին րոպեի տենդային զառանցանքի մեջ նա սկսել է արտասանել այդ հատվածը, և վերջին տողերը եղել են նրա վերջին բառերը: Առանց պաճուճանքի, սեղմ նկարագրություն և ահա՝ միանգամայն շոշափելի կորուստ: Լուկանուսը մեռել է այսպես: Խեղկատակ էին համարում նրան, արհամարհում, տեսնելով, թե ինչպես է կառչում կյանքից: Բայց երդվում եմ, նա սիրում էր լույսը և ատում էր խավարը: Ներոնի մասին Կոռնուտոսն իրավացի էր. մի անգամ նա ինձ ուղղակի զգուշացրեց. «Մի բան կամ լավ է, կամ՝ վատ: Եթե վատ է՝ ոչ մի շահով չի կարելի այն արդարացնել արվեստի կամ մի այլ հնարքով»: Մեկը մյուսին հետևող սոսկալի ոճրագործությունները Ներոնին ընկղմեցին ավելի անթափանց խավարի մեջ, և նրա բարոյական զգացումները հետզհետե կորան, մինչև որ իսկական նզովք դարձավ մարդկության համար: Այդ ամենին հատկապես նպաստեցին շրջապատող հասարակության անպիտանությունն ու հանցավոր շողոքորթությունը՝ հանձին ինձ: Ես ու Բուրրոսը լավ էինք հասկանում, որ նրա կողմից մեզ ընծայված Բրիտանիկոսի ժառանգությունը արյան գին է: Սոսկումով եմ հիշում Բայքում Միներվայի այն տոնախմբության օրերը: Ես, որ հեղինակ էի բազմաթիվ վսեմ ճշմարտությունների, պետք է խորհուրդ տայի այդ եղբայրասպանին, թե ինչպես ավելի հարմար կարելի է իրագործել մայրասպանությունը: Ես շատ կցանկանայի քրիստոնյա դառնալ՝ բարձրանալ առաքինության ամենաբարձր աստիճանին, բայց խեղդվում եմ պակասությունների մեջ: Այն, ինչ որ կարող եմ պահանջել ինձանից՝ ամենալավին հավասարվելը չէ, այլ միայն վատից ավելի լավ լինելը:

ՍՏԱԿԻՈՍ — Շատերը զոհվեցին:

UԵՆԵԿԱ — Շատ շատերը:

ՊԱՎԼԻՆԱ — Զոդիկն ու Փենիոսը նո՞ւյնպես:

ՍԵՆԵԿԱ — Ոչ: Նրա՞նց ինչ: Նրանք հիմա հեղափոխականներ են, որովհետև դա մեծ եկամուտ է բերում: Ընկերները նրանց թաքցրել են հուսալի տեղում՝ նրանց հետքը երբեք չեն գտնի:

ՊԱՎԼԻՆԱ — Գիտե՞ս՝ ով է քեզ մատնել: Նաթալը:

ՍԵՆԵԿԱ — Նաթալը…

ՍՏԱԿԻՈՍ — Այո, նա, ում ամենից շատ ես լավություն արել և ում երբեք չես վշտացրել: Ախր, դու ես նրան ստրկությունից ազատել, և քո օգնությամբ է իր հարստությունը դիզել:

ՊԱՎԼԻՆԱ — (արհամարհանքով): Ապերախտ ստրուկ: Չեմ հասկանում նրան:

ՍԵՆԵԿԱ — Իսկ ես, թանկագինս, հասկանում եմ: Մի՞թե չգիտես, որ Հռոմում ամենքն առաջնորդվում են այս կանոնով. «Նախ՝ հարստություն և ապա՝ առաքինություն»: առնությամբ🙂 Միջակությունն անմահ է, և ստորությունը՝ հավերժ:

Պավլինան Սենեկային հրում է եռացող ջրով լի ավազանի մեջ:

ՍԵՆԵԿԱ — Ա՜…

Բոլորը զարմացած նայում են իրար:

ՊԱՎԼԻՆԱ — Հանեք նրան:

Լեկտորները զինվորների օգնությամբ, կեռաձողերով ավազանից դուրս են հանում Սենեկայի մարմինը:

ՊԱՎԼԻՆԱ — (ցենտուրիոնին): Հայտնիր տիրոջդ, որ ես գերադասում եմ կախել մեռածին, քան մեռցնել ողջին: աղրական🙂 Մի՞թե աստվածները թույլ կտան, որ միաժամանակ տեսնեմ ինձ համար ամենաթանկագին երկու մարդկանց մահը:

 

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ

ՊԱՏԿԵՐ Ե

Տեսարան Ա

Ֆավոնի դղյակում՝ Ներոն, Ֆավոն, Եպափրոդիտես ու Սպորոս:

ՆԵՐՈՆ — (հնամաշ թիկնոցով ծածկված մահճի մոտից, խոտերի մեջ, հացի չոր կտոր է գտնում): Այս է իմ մարմինը… (Հացի կտորը շուռումուռ է տալիս ձեռքում, հետո գցում է մի կողմ🙂 Կերակրվենք արվեստով:

ՖԱՎՈՆ — Այդ ի՞նչ հիվանդություն է քո մեջ. երկու ժամում ավելի շատ բանաստեղծական բառեր արտասանեցիր, քան մարդավարի խոսեցիր մեզ հետ:

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ — Զարմանալի չէ, որ ժողովուրդը քարերով հարվածում է քեզ:

ՆԵՐՈՆ — Է՜, պատանյակս… կսում է պարել: Քիչ անց անսպասելի դադարում է ու զարմացած նայում Եպափրոդիտեսին🙂 Ինձ համար այդ վերաբերմունքը զարմանք բան է: Եղբայր, վերջերս հենց մտնում եմ թատրոն՝ արտասանելու, ամբոխը միշտ նման հանդիպում է սարքում ինձ համար:

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ — Բայց որպեսզի մենք էլ քեզ հետ չարժանանանք ամբոխի այդ ջերմեռանդությանը, այս մի քանի ժամը հրաժարվիր այդ կերակուրից:

ՆԵՐՈՆ — Այն, ինչ ոչ ոք չի լսում, ոչ ոք չի գնահատում:

Ներոնը ռիթմիկ շարժում է գլուխը, հետո սկսում է ճոճվել, քիչ անց նորից պարում է, արդեն ուրվականների հետ: Վառվող ջահերով ներս են մտնում ֆուրիաները: Ներոնը սարսափած սայթաքում է:

ՆԵՐՈՆ — (թախանձով): Ասացեք, ի՞նչ է նշանակում այս ամենը: Ես այլևս ոչինչ չեմ հասկանում: (Նայում է Ֆավոնին🙂 Իսկ դո՛ւ, սեղմիր ձեռքս էլ ավելի ամուր: Զգում եմ, որ մարդ ես, և դա լավ է: Ձեռքիդ մեջ ռիթմիկ հոսում է արյունը, աչքերիդ մեջ, ինչպես իմ աչքերում՝ կյանքը: Ով էլ որ լինես՝ մի՛ լքիր ինձ, մի՛ վռնդիր, ես կառչելու եմ քեզանից: Իսկ եթե որևէ տեղ փախչես, ծայրահեղ դեպքում մի շուն ուղարկիր ինձ մոտ, ես կբռնեմ նրա ականջը, մինչև որ մեռնեմ: Գոնե շունը թող ապրի:

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ — Զառանցում է:

ՆԵՐՈՆ — (նայելով Ֆավոնին): Դու մարդ ես, և եթե երջանիկ ես, ուրեմն՝ լավն ես, իսկ եթե դժբախտ՝ ուրեմն վատ, շատ վատ մարդ ես: Գիտե՞ս, հաճախ դես ու դեն էի ընկնում, չգիտեի՝ ինչ անել: Բայց մի՞թե ա՛յդ պատճառով ես վատն եմ: (Ֆավոնից կառչելով:) Աստվածները բարի են… Ախր, ես շատ եմ տառապել… Հայր, եթե կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի:

Եպափրոդիտեսը Ներոնին ուժով հեռացնում է Ֆավոնից:

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ — Հարկավոր է անհապաղ հեռանալ այստեղից, այլապես բոլորիս վերջը կգա:

ՆԵՐՈՆ — Դեմս թանձր մառախուղ է կարծես, ուր նշմարում եմ արտասովոր ստվերներ ու ծանոթ դեմքեր, սակայն այս զարհուրելի պատկերի մեջ ինչ-որ հրապույր է գտնում իմ հոգին: Լինել աստված և կորցնել ամեն ինչ՝ ի՛նչ մեծ ողբերգություն է: Բայց ոչ, ծայրահեղ ողբերգությունը դեռ առջևում է: (Կրկին սայթաքում է, թափով ետ է քաշվում ու քմծիծաղում:) Ախ, այդ դո՜ւ ես:

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ — Ո՞վ:

ՍՊՈՐՈՍ — (շշնջում է Եպափրոդիտեսի կողմը): Աչքին Պոպպեան է երևում:

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ — Ոչ, մայրը:

ՖԱՎՈՆ — Ո՞վ է:

ՍՊՈՐՈՍ — Ո՞վ է:

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ- Սենեկա՞ն:

ՆԵՐՈՆ — Ոչ, նա չէ: ռելուց հետո🙂 Միայն նա: Միշտ, միշտ: Այդ դո՛ւ ես… Դարձյա՞լ քիչ է: Ես քեզ տվեցի այն ամենը, ինչ ունեի. դու ես մեղավոր: (Ետետ է գնում🙂 Գիպսե տղա: Գունատ դեմք՝ կապույտ բծերով: (Զզվանքով շրջվում է🙂

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ — Աչքին Բրիտանիկոսն է երևում:

ՆԵՐՈՆ — Ինչպես էի քեզ սիրում, եղբայր… Ամեն ինչում դո՛ւ ես մեղավոր: Նաև՝ ինչ եղել է հիմա: Դո՛ւ, մեծ մարդ… Ինչպիսի՜ մեծ բանաստեղծ… Ֆավոն, դու ծեր մարդ ես, ի՞նչ են ուզում այս մարդիկ:

Բոլորը նայում են միմյանց:

ՖԱՎՈՆ — Թագավոր են ուզում, տեր իմ:

ՆԵՐՈՆ — Բայց նրանք ուրվականներ են՝ գեղեցկությունն ու ճաշակը անարգողներ, նրանք ավելի տխմար են, քան ցանկացած բարբարոսը: Ես ստիպված կլինեմ տասնապատիկ ավելի Ներոն դառնալ:

ՖԱՎՈՆ — Հետաքրքիր խաղ կլինի:

ՆԵՐՈՆ — Դու առաջարկում ես վրեժ և հատուցում, իսկ ես ցանկանում եմ գիտության, սիրո, ուրախության, ճաշակի և խաղաղության թագավորություն հիմնել, բայց տեսնում եմ՝ ոչ ոք դա չի ցանկանում, դրա համար էլ որոնում եք իմ անձը, որ ուրվականների վրա թագավոր օծեք:

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ — Իսկ տեսա՞ր գեղեցկությունն ու ճաշակը անարգողների մեջ Սենեկային, Պետրոնիուսին կամ Լուկանուսին:

ՆԵՐՈՆ — Դուք էլ ինձ չեք սիրում՝ մահվան արահետներում դուք ուղեկից եք ինձ, որպեսզի տառապանքներիս մեջ լեղի խմեցնեք:

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ — Բավական է… Մի՞թե հազարավոր ստրուկներիցդ միայն մենք չենք կյանքներս քեզ համար վտանգի ենթարկողը, որովհետև քեզ վիճակված է մեռնել: Ուրեմն, մի կողմ դիր դերասանի դիմակը, ավելի լավ չէ՞, արդյոք, որ կայսեր նման մեռնես և ոչ՝ հալածական շան:

ՆԵՐՈՆ — Գուցե իրավացի ես… Սպորոս, գծիր գերեզմանահորիս չափերը:

Ներոնը պառկում է գետնին, իսկ Սպորոսը, լացը զսպելով, ճշտում է գերեզմանահորի չափերը, բայց չավարտելով՝ գլուխը հենում է Ներոնի կրծքին, հետո սկսում համբուրել նրան, շոյել:

ՖԱՎՈՆ — Տես, իմանալով նրա խիստ փոփոխական լինելը՝ ինչպես վախ չունի, որ կարող է հանկարծ զզվելի դառնալ նրան: (Ուզում է մոտենալ նրանց🙂 Չեմ հասկանում սրանց սերը:

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ — Մի խանգարիր… Ավելի հավատարմություն ու նվիրվածություն կա այս պատանու, քան Հռոմի կանանց մեջ: Տես, կատարյալ սիրո մեջ վախ չկա, Ֆավոն, այն հալածում է վախին, ըստ որում, վախի մեջ տանջանք կա, մինչդեռ նրանք ճաշակում են Աֆրոդիտեի ջերմությունը: Երկչոտը կատարյալ չէ սիրո մեջ, Ֆավոն… Էրոսը վկա, նա սիրում է նրան:

ՖԱՎՈՆ — Վեր կացան… գնացինք:

Ներոնն ու Սպորոսը հեռանում են՝ իրենց սերը վայելելու ավելի համար տեղում, Եպափրոդիտեսն ու Ֆավոնը գերեզմանահորն են փորում:

ՆԵՐՈՆ — Ֆավոն, մարմարիոնի թեկուզ մի կտոր ճարիր գերեզմանիս վրա դնելու համար: Հավանաբար, այստեղ կլինի: Դու, Եպափրոդիտես, հունարեն տառերով վրան կգրես. «Ես՝ էրս, որ Ստեղծագործությունից առաջ դեռ էր էի՝ գոյություն ունեի, բարձրացնում եմ ձեռքս I և II դասի աստվածների դեմ, որոնք իմ աքսորի վճիռն արձակեցին, որ հեռանամ այս աշխարհից, մինչդեռ մանուկ՝ վեց տարեկան եմ: Բայց խաղաղություն քեզ՝ III դասիդ, որովհետև արդյո՞ք ձեր կյանքը մահ չէ, ո՛վ մարդիկ: Սակայն ա՛յս մահը ծնունդ է նաև ոչ միայն այլ կյանքի, այլև փառահեղ թագավորության»: (Նայելով երկինք, իբր ինքն իրեն🙂 Մի՞թե Նա՝ Ինքս, ավելի պակաս ողորմած կլինեմ դեպ ինձ, քան արդարություն էի անում մարդկանց մեջ:

Սպորոսից բացի ոչ ոք ուշադրություն չի դարձնում Ներոնի վրա: Ֆավոնն ու Եպափրոդիտեսը շարունակում են գերեզմանահորը փորել: Ներոնը երգում է:

ՆԵՐՈՆ — Ֆավոն… (Վախեցած:) Ինչո՞ւ ես այդպես շտապում: (Ֆավոնը չի պատասխանում: Ներոնը շարունակում է երգել:)

ՖԱՎՈՆ — (վերադառնում է՝ մարմարե սալիկ ձեռքին): Սրանից ավելին ոչ մի տեղ չենք կարող գտնել:

ՆԵՐՈՆ — Շատ լավ է, սակայն դուք պետք է այրեք մարմինս: Մի քիչ ջուր բերեք ինձ լվանալու համար ու փայտ՝ խարույկի համար:

ՍՊՈՐՈՍ — Ներոն, մի՞թե չես կամենում տղամարդու պես մեռնել: (Սկսում է հեկեկալ:)

ՖԱՎՈՆ — Մի գոռա, եթե չես ուզում, որ բոլորիս սպանեն:

ՆԵՐՈՆ — (նստում է վառարանի մոտ): Ես կմեռնեմ: Գիտեմ, բոլորդ էլ սպասում եք դրան: (Սկսում է փնտրել թույնը:) Գողացել են, մահս էլ են գողացել: (Ծնկաչոք սկսում է թնկթնկալ:) Սպանեք ինձ: Սպանե՛ք…

Ոչ մեկը տեղից չի շարժվում:

ՆԵՐՈՆ — Ո՜հ, ես չեմ կարողանում մեռնել: Աստվածները խրախուսում են, բայց կինս, մայրս, հայրս, եղբայրս… Նրանք բոլորը, բացի ձեզանից, արգելում են ինձ: Ո՜հ, ես չեմ կարողանում մեռնել: Գոնե ձեզանից մեկը… Հը՞… Սպորոս, սիրելիս, աղերսում եմ, օրինակ ցույց տուր՝ սրախողխող արա քեզ:

Տղան վախեցած ետ-ետ է գնում:

ՆԵՐՈՆ — Արիացիր, Սպորոս… Եթե ցորենի հատիկը չմեռնի, ինքը մենակ կմնա և պտուղ չի տա, բայց եթե մեռնի՝ շատ պտուղ կտա… Գոնե հունարեն թաղման երգ ասա…

ՖԱՎՈՆ — Պետք է շտապել:

ՆԵՐՈՆ — (կարճ լռությունից հետո):

Իմ Աստված, իմ Աստված,

ինչի՞ համար ես թողել ինձ.

Հեռու ես իմ փրկությունիցը,

իմ հառաչանքի խոսքերիցը:

Ով իմ Աստված, ես կանչում եմ ցերեկը,

Բայց դու չես պատասխանում,

Գիշերն էլ՝ բայց հանգստություն չկա ինձ համար…

Մարդկանց նախատինք

և ժողովրդի անարգանք…

Ամեն ինձ տեսնողները ծաղր են անում ինձ,

Շրթունքները բաց են անում,

գլուխ շարժում.

— Աստծուն հուսացավ, թող Նա էլ ազատե դորան.

Թող փրկե դորան՝ եթե հավանել է դորան:

Իրավ, դու հանեցիր ինձ իմ մոր

արգանդիցը՝ դու եղար իմ հույսը.

Դու փրկեցիր ինձ այն հնոցիցը:

Հայր, մի հեռանար ինձանից, որովհետև

նեղությունը մոտ է և օգնություն անող չկա:

Ինձ չորս կողմովս պատեցին, ինչպես որ

պաշարում են մեծ թագավորի քաղաքը:

Զորությունս չորացավ խեցիի պես,

և լեզուս քիմքիս է կպած,

Իմ ոտքերն ու ձեռքերը ծակեցին…

Իմ արդարությունը, ինչպես հանդերձ,

բաժանում են իրանց մեջ,

Եվ փառքիս վրա, որպես պատմուճանի,

վիճակ են գցում…

Ո՜վ Թանատոսի օրհնյալ Սպիկոլոս,

Դո՛ւ, որ ավելի ճարպկորեն ես սպանում,

Քան ցանկացած որևէ գլադիատոր,

Կամենում եմ մեռնել…

Օ՜, արդյոք որտե՞ղ ես:

(Շրջվում է դեպի ներկաները:)

Հը՞, Սպորոս, Ֆավոն… Տեսա՞ք… Եպափրոդիտես…

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ — Ներիր, որ ինչ-ինչ պատճառով գովեստի խոսքեր չեմ գտնում, բայց լավն էր, շա՛տ լավը:

ՆԵՐՈՆ — Եթե հավանեցիր, գրիր: Խնդրում եմ, Եպափրոդիտես:

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ — Ներիր, բաց մոռացա մագաղաթ կամ տախտակ վերցնել: Անկեղծ ասած, մտքովս չանցավ, թե այստեղ բանաստեղծություն կգրառեմ:

ՆԵՐՈՆ — Ֆավոն, սիրելիս, մի մագաղաթ, կամ մի տախտակ ճարիր:

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ — Երանի շատերին նույնպես, Հերմեսի հիվանդ լինելու պատճառով, այցելեին Մուսաները:

ՆԵՐՈՆ — Դու էլ ես ինձ մեղադրում, Եպափրոդիտես:

ՖԱՎՈՆ — Դե, մի բան ձեռնարկիր:

ՆԵՐՈՆ — (պաթետիկ): Ինչպիսի՜ արվեստագետ է կորչում… Գոնե ածուխով մի որևէ պատի վրա գրեք, ապագա սերունդների համար:

 

 

Տեսարան Բ

Նույնք և սուրհանդակ:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — Տեր իմ, տեր:

ՖԱՎՈՆ — Իմ սուրհանդակն է: Դե, ի՞նչ կա:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — Ծերակույտն արդեն վճիռ է արձակել, թե Պարրիքիդան պետք է պատժվի հին սովորության համաձայն:

Ներոնը վերցնում է նամակը:

ՖԱՎՈՆ — Լավ, դու կարող ես գնալ և դեռ էլի օգտակար լինել մեզ:

Սուրհանդակը հեռանում է:

 

Տեսարան Գ

ՆԵՐՈՆ — Մի՞թե մի Տիբերիուս կամ Կալիգուլա եմ լինելու: Դեռ հիշում եմ, որ առաջին անգամ չափազանց ցավով ստորագրեցի մի հանցավորի մահվան դատավճիռ… Ես բռնավոր եմ և մարդասպան: Մի՞թե չեմ կարող ետ պահել ինձ այդ կորստյան ճանապարհից: Հը՞… (Կարդում է:) Ո՜հ… Մի՞թե ինձ են մեղադրում, այն էլ պետական դավաճանության մեջ: Մի՞թե երդվյալ դատավորներն արդեն պատրաստ են պղնձյա սափորի մեջ ձգել «С» տառով օրհասական տոմսակը: Կիֆառահար երգիչ. «Ես ինչպե՞ս ինձ համար, ինձ այդչափ զոհեր զոհեմ մարդկային… Ինձ անվանում են ոչ թե Ներոն, այլ Ահենոբարբոս… Քանի որ դրան փափագում են, ես էլ կընդունեմ իմ տոհմական անունը, որով ինձ այսպես պախարակում են, իսկ որդեգրման ժամանակ ընդունածից կհրաժարվեմ… Ասելով՝ «իմաստուն ենք»՝ հիմարացան, որովհետև այդ անելով՝ ստիպված կլինեմ հազարապատիկ ավելի Ներոն լինել:

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ — Արդարացի կլինի: Իսկ պատիժները ե՞րբ ես ցանկանում սկսել, աստվածային:

ՆԵՐՈՆ — (նրա վրա կարճ հայացք գցելուց հետո): «Մի վախենար, փոքր հոտ», ես քեզ հետ եմ, որովհետև ահա գալու եմ շուտով և բոլոր գայթակղությունները, իբրև կրակե փորձությամբ, կփորձվին: Եպափրոդիտես, պատժի այդ ի՞նչ հին սովորություն է:

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ — Կմերկացնեն, եղանով կբռնեն պարանոցդ և կգանակոծեն, մինչև մեռնես, իսկ հետո մարմինդ կձգեն Տիբերիս:

ՆԵՐՈՆ – Է՛հ, ուրեմն ժամանակն է՝ մտանք քունիկուլում, այստեղից ելքը միայն արենայի կողմն է, երգեցեք թաղման երգս, ողբացեք ինձ: (Նայում է երկինք:) Սկսում եմ: Մնաք բարով երկինք, երկիր…

Լսվում է զինվորական փողի ձայն և ձիերի դոփյուն: Բոլորը չարագուշակ նայում են միմյանց:

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ — Զինվորներն են:

ՆԵՐՈՆ և ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ – Շտապիր:

ՆԵՐՈՆ — (հանդիսավոր բարձրացնում է ձեռքը): Ո՜հ… Ամոթ, աստվածներ, ինչպիսի՜ արվեստագետ է կորչում: Մարդկության վսեմ գաղափարն ինչպիսի՜ զարհուրելի ծաղրի է ենթարկված: Ո՜հ, ամոթ, ամոթ…

Ներոնը սիքան դնում է կոկորդին, բայց երկչոտություն խաղալով՝ թեթև ծակում է միայն, չհամարձակվելով այն ավելի խոր խրել: Զինվորների ոտնաձայներն ու խոսակցությունը ավելի պարզ են լսվում: Եպափրոդիտեսը անսպասելի հրում է կեսարի ձեռքն ու դանակը մինչև կոթը խրվում է Ներոնի կոկորդը:

 

Տեսարան Դ

Ամբոխի հետ ներս է մտնում Ներոնի հավատարիմ ցենտուրիոնը:

ՑԵՆՏՈՒՐԻՈՆ — Կյանք եմ բերում քեզ:

ՆԵՐՈՆ — Ուշ է: Ա՞յդ է ձեր անձնվիրությունը: (Հազիվ լսելի:) Ա՛յ թե հարված էր…

Արյուն է թափվում Ներոնի բերանից, մահն սկսում է տիրել նրան:

 

Տեսարան Ե

Նույնք և Էկլոգի:

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ — Էկլոգի…

ԷԿԼՈԳԻ — Ահա և դայակը: (Մոտենում է Ներոնին:) Ա՜յ, ա՜յ, ա՜յ… (Գրկում է նրա գլուխն ու օրորվում:) Այս է հաղթությունը, որ հաղթում է աշխարհին, այսինքն՝ մեր հավատը:

Դայակը ցած է դնում Ներոնի գլուխն ու վեր կենալով՝ ուզում է հեռանալ, բայց ընկնում է գետնին, Ներոնից մի երկու քայլ հեռու և մեռնում: Սրան հակառակ՝ Ներոնը կենդանանում է:

ՆԵՐՈՆ — (տեսնելով դայակին): Օ՜… հիմա ինձ կրկնակի մայրասպան կանվանեն՝ ինչպե՞ս չճանաչեցի: (Դանդաղ ոտքի է կանգնում:) Իսկ ինչո՞ւ եք այդպես ապուշի նման կանգնել:

ԵՊԱՓՐՈԴԻՏԵՍ — Էկլոգին մեռավ…

ՆԵՐՈՆ — Այո, գիտեմ… Եպափրոդիտես, դո՞ւ ինչու ես այստեղ, դու գնա պալատ:

Եպափրոդիտեսը հեռանում է: Ներոնը նշան է անում, որ նրան սպանեն, ինչն էլ կատարում են ակնթարթորեն:

ՆԵՐՈՆ — Ինձ մեռնելու հորդորողներից մեկն էլ դու էիր, Ֆավոն, այնպես չէ՞: Ինչո՞ւ ես լռում:

ՖԱՎՈՆ — Մի՞թե ծերակույտն ու սենատը փոխել են իրենց որոշումը, մի՞թե ներում է շնորհվել Հռոմն այրողին, հազարավոր հռոմեացիներ սպանողին, հարյուր-հազարավոր սուրբերին տանջամահ անողին, ազնվականության ու մարդկության թշնամուն: Մի՞թե Ներոնին որոնողները որոնում են նրան, որպեսզի մարդկության փրկիչ հռչակեն, և ոչ թե գլխագնի համար:

ՆԵՐՈՆ — Եթե աստվածների Աստվածը, չկամենալով իմ մահը, փոխում է իր որոշումն ու հարություն է տալիս ինձ, պարզ է, որ ծերակույտն ու սենատն էլ պետք է փոխեն իրենց որոշումը: Ես իմ մահով քավել եմ ողջ մարդկության անարգությունները՝ իմ մեղքերը, իսկ հարությամբ իրավունք ստացել նոր իշխանություն բերելու: Դուք ամենքդ մարդասպաններ եք, Ֆավոն: (Նայում է ցենտուրիոնի կողմը:)

ՖԱՎՈՆ — (մինչ զինվորները կկատարեն հրամանը): Անիծյալ լինես, Ասքլեպիուս, բոլոր աստվածների մեջ: (Սեփական դաշույնով խոցելով իրեն՝ ընկնում է գետնին:)

ՍՊՈՐՈՍ — Տե՜ր իմ…

ՆԵՐՈՆ – Հա՛, հա՛, հա՛, հա՛… Ո՜վ Քիրքեի իշխանությունից փախած Ոդիսական, անգամ եթե հիմարությունը փորձել ուզենայի, ավելի սիրով կլսեի Քերբերի երգեցողությունը, քան տանջալի խռխռոցդ: Եթե ողջ աշխարհն էլ քեզ դատապարտել ուզենար, դու պիտի ապրես լավ, որովհետև ես այդպես եմ ուզում:

ԱՄԲՈԽ — Օվսաննա՜… Օվսաննա՜… Մարանաթա՛… Օրհնյա՛լ է Տիրոջ անունովն եկողը: Օվսաննա՜, օվսաննա՜… Օրհնյալ է Տիրոջ անունովն եկող թագավորը, խաղաղություն երկնքումը և փառք բարձունքներումը: Սալվատո՜ր, սալվատո՜ր…

 

Տեսարան Է

Նույնք և ռեժիսոր:

Բարկացած ներս է մտնում ռեժիսորը: Մի քանիսը փորձում են հանդարտեցնել նրան:

ՌԵԺԻՍՈՐ – Է՛յ, դո՛ւ, կայսր ես, ինչ ես, և դուք էլ, վերջ տվեք ձեր այս ցինիկությանը: Էս ինչե՞ր եք անում, ինչե՞ր եք անում, արա՛: (Նայում է Ներոնին:)

ՆԵՐՈՆ — Եթե նրանք լռեն, քարերն են աղաղակելու:

ՌԵԺԻՍՈՐ – Լռի՛ր…

ՆԵՐՈՆ — Ներեցեք, ընկեր, իսկ առանձնապես ի՞նչ է պատահել որ…

ՌԵԺԻՍՈՐ — Ո՞նց թե… Դերասաններին բեմում սպանում են, արա՛… Սրանից էլ վատ բան պիտի պատահե՞ր: Սրանից էլ վա՞տ:

ՆԵՐՈՆ — Երկիրը բեմ է, մարդիկ՝ դերասան:

ԱՄԲՈԽ — (մոտենալով ռեժիսորին): Մարանաթա՛, Մարանաթա՛, Մարանաթա՛, Մարանաթա՛… Սալվատո՜ր, սալվատո՜ր…

ՌԵԺԻՍՈՐ — Վերջ տվեք այս խեղկատակությանը: Սա դիվային ֆինալ է, ու ես մաս ու բաժին չունեմ սրա մեջ… Այստեղ ես եմ ռեժիսորը, ե՛ս, ոչ թե ինչ-որ խրտվիլակ:

Ռեժիսորը հարձակվում է Ներոնի վրա: Զինվորները բռնում են նրան:

ՌԵԺԻՍՈՐ — Լսո՞ւմ ես, այստեղ ես եմ ռեժիսորը, ոչ թե դու՝ ըն-կե՛ր կայ-սը՛ր:

ՆԵՐՈՆ – Դժբա՜խտ մարդ: (Հետո սառն ու անտարբեր:) Անսանձ և անզուսպ քմահաճություններով լի անամոթ անասուն: Խեղդեք: (Ուշադրության չդարձնելով հրամանի կատարման վրա:) Ախ, սա ի՜նչ շքեղ ամֆիթատրոն է, ի՜նչ սպոլարիում, ինչպիսի՜ հիպոգեում: Բայց ես այս գերեզմանատունը կվերափոխեմ Օլիմպոսի, իսկ մռայլությունը՝ մեծարանքի, աստվածային հազարամյա մի մեծ խնջույքի: Մի չլսված ու հիասքանչ Lupanarium կդարձնեմ ողջ աշխարհն այս: Հա՛, հա՛, հա՛, հա՛…

ՁԱՅՆ — Աշխարհի փառքին

Ու նրա որդկանց

Կյանքին ու գույքին

Լրիվ տիրացած,

Սրբությանն ընդդեմ՝

Ծաղրով դիվական,

Կրելով դափնին

Պիղծ առաջնության,

Տիրացած կյանքի

Ամեն բարիքի,

Ապրում էր Կայսրը՝

Որդին գայլերի:

Եվ սակայն կարճ էր

Վայելքը նրա,

Քանզի խավար կար՝

Լույսին թշնամի,

Գիտության վրա:

Ուրեմն ի՞նչ էր

Կյանքը Ներոնի.

Ըմբոստին վայել

Պոռթկո՞ւմ զայրույթի,

Թակա՞րդ էր արդյոք

Մոլորյալների,

Նախասահմանյալ

Պատի՞ժ չարերի…

Ո՛չ, ապացույց էր

Աստծո գոյության

Եվ ամեն չարի

Նախասահմանյալ

Դատապարտության:

Սակայն ոչ նրանց

Իսպառ վերացման,

Այլ ստոր պարտության

Եվ ստրկության

Մունետիկն էր այն

Հաջորդ դարերի

Եվ Քրիստոնեության Հաղթանակների:

Կարդացեք նաև