Աստղիկ ՍԻՄՈՆՅԱՆ / «ՀԱՎՔԻ ԵՐԵՔ ԿԱՆՉԸ»

 

 

Աստղիկ ՍԻՄՈՆՅԱՆԻ «ՀԱՎՔԻ ԵՐԵՔ ԿԱՆՉԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001-2002 թ.թ., թիվ 4-5ում

 

 

Մեկ անգամ արդեն Աստծո Որդին խաչվեց մեր մեղքերի խաչին

Մենք ընդունեցինք «ընծան» այդ ու

Ու ամեն անգամ, երբ ծանրանում են մեր մեղքերը, մենք նոր քրիստոսացու ենք փնտրում

Աստղիկ ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

ՀԱՎՔԻ ԵՐԵՔ ԿԱՆՉԸ

Պիես 4 պատկերով

Գործող անձինք

ՎԱՆԱՀԱՅՐ — 50-55 տարեկան

ՍԵՊՈՒՀ — 35-40 տարեկան

ՄԱՏԹԵՈՍ — 25-30 տարեկան

ՄԱՐԻՆՈՍ — 20-25 տարեկան

ՀԱԿՈԲՈՍ — 40-45 տարեկան

ԶՈՐԱՎԱՐ — 30-35 տարեկան

ՊԱՆԴՈԿԱՆ — 65 տարեկան

ԹԵՈՖԱՆ — 20-22 տարեկան

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — 60 տարեկան

ԶԻՆՎՈՐՆԵՐ, ՃԳՆԱՎՈՐՆԵՐ, ԺՈՂՈՎՈՒՐԴ

 

ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ

ԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ

Եկեղեցի։ Լիթուրգիական դրամայի փորձ։ Դերասանները ճգնավորներն են։ Մարդկանց մի խումբ հետևում է փորձին։

ՄԱՐԻՆՈՍ — (թուղթը ձեռքին։ Որպես Հիսուս)։ Նոր պատվիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Սրանով կգիտենան ամենքը, թե իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք։

ՄԱՏԹԵՈՍ — (թուղթը ձեռքին։ Որպես Պետրոս)։ Տեր, ո՞ւր ես գնում։

ՄԱՐԻՆՈՍ — Որտեղ որ գնում եմ, դու հիմա չես կարող իմ ետևից գալ, բայց հետո իմ ետևից կգաս։

ՄԱՏԹԵՈՍ — Տեր, ինչո՞ւ չեմ կարող հիմա քո ետևից գալ, իմ անձը քեզ համար կդնեմ։

ՄԱՐԻՆՈՍ — Քո ա՞նձը կդնես ինձ համար. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ հավը դեռ չի խոսիլ, որ դու երեք անգամ կուրանաս ինձ…

Աղմուկ դրսից։ Եկեղեցի է լցվում մի խումբ՝ պանդոկապանի գլխավորությամբ։ Փորձն ընդհատվում է։

ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — (հայացքը կանգնում է Մարինոսի վրա)։ Շա՛ն ծնունդ։ եպի Մարինոսը նետվելով։) Կտոր-կտո՛ր կանեմ։

Իրարանցում։ Ճգնավորները պատ կազմած նահանջում են։ Խումբն առաջ է նետվում։

ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — (փորձելով ճեղքել պատը և Մարինոսին հասնել)։ Թողե՛ք, ասում եմ։ (Մարինոսին.) Մե՛կ է, ձեռքիցս չես պրծնի, հոգիդ բերանովդ դուրս կբերեմ… Անիծյա՛լ լինես, սև հոգի…

Մի քանի վանականի ուղեկցությամբ ներս է մտնում վանահայրը։ Ամբոխը քարանում է։

ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Հոգիդ դժոխքի բաժին դառնա, սատանի՛ ծնունդ…

ՎԱՆԱՀԱՅՐ – Պապանձվի՛ր, թշվառական։ Չհամարձակվե՛ս պղծել Աստծո տունը։

ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Տունդ արդե՛ն պղծված է, հայր սուրբ։ Թե մաքրել ես ուզում, սևավորիդ արյամբ մաքրիր։

ՎԱՆԱՀԱՅՐ – Դո՛ւրս շպրտեք եկեղեցուց։ (Շրջվում է, որ գնա։)

Նրան ուղեկցող վանականներից երկուսը պանդոկապանին քարշ են տալիս եկեղեցուց դուրս։

ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — (գոռում է)։ Սևավորդ անպատվել է աղջկաս, հայր սուրբ… Աղջիկս հղի է աստծո ծառայից։

Վանահայրը դանդաղ շրջվում է, ձեռքով նշան անում, որ բաց թողնեն պանդոկապանին։

ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — (ծնկաչոք մոտենալով և վանահոր հագուստի քղանցքը համբուրելով)։ Իմ Թեոֆանը, հայր սուրբ… Պաշտպանիր… Հա՛յր սուրբ… Թողությո՛ւն տուր, փրկի՛ր աղջկաս հոգին (կտրուկ) և պատժի՛ր մեղավորին։ (Մատնացույց է անում Մարինոսին։)

ՎԱՆԱՀԱՅՐ — (պանդոկապանին ետ մղելով և Մարինոսին մոտենալով)։ Մարինո՛ս, դու իմ ճգնավորներից միակ անմորուսն ես… Շատ ես ճգնում, զավակս, պատճառը դա է։

ՄԱՐԻՆՈՍ – Հա՛յր…

ՎԱՆԱՀԱՅՐ — (պահանջելով)։ Հանդարտեցրո՛ւ հոգիս, որդյա՛կ…

ՄԱՐԻՆՈՍ — (ծնկի է գալիս վանահոր առջև)։ Օրհնի՛ր ինձ, հա՛յր։ Ես էլ տիրոջ փորձությանն արժանացա։

Ձայներ ամբոխի միջից – Ո՞վ կհավատա դրա խոսքին… Մե՛զ հանձնեք էդ սուտ սրբին… Իմ ձեռքում ծիտիկի նման կբլբլա… Խա՛չ հանեք ու վերջ…

ՎԱՆԱՀԱՅՐ – Պապանձվե՛ք… ի պահ լռություն։) Փակեք խցում։ (Գնում է։)

ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Սևավորիդ փախցնե՞լ ես ուզում, հա՛յր սուրբ…

Ընդհանուր գվվոց ամբոխի միջից։

ՎԱՆԱՀԱՅՐ — Եկեղեցական ժողով հրավիրեք, դատ կլինի՝ հրապարակավ։ (Մի երկու քայլ դեպի ելքը, հետո կտրուկ շրջվում, ցույց է տալիս պանդոկապանին։) Սրան էլ կողքի՛ խցում փակեք։ Հերյուրանքի համար էլ են պատասխան տալիս։

Աղմուկ, իրարանցում։ Մարինոսը ենթարկվում է, պանդոկապանին ուղղակի քարշ են տալիս։

ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Աստծո դատաստանը թափվի գլխներիդ, սևսի՛րտ սևավորներ։

Ամբոխը գնում է նրանց ետևից։

ՎԱՆԱՀԱՅՐ – Հակոբո՛ս։

Սա, որ ստվերի պես հետևում էր վանահորը և մնացել էր բեմում, մի քայլ առաջ է գալիս։

ՎԱՆԱՀԱՅՐ – Գտի՛ր պանդոկապանի աղջկան։ (Բազմանշանակ։) Հասկացա՞ր… Գնա՛։ (Դուրս է գալիս։)

Հակոբոսը դուրս է գալիս հակառակ ուղղությամբ։

 

ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ

Վանահայրը մտնում է իր խուցը։ Հանում է սև սքեմը, մնում սպիտակ շապիկով։ Սափորից ջուր է լցնում թասի մեջ, լվանում բազուկներն ու դեմքը։ Ձեռքը մեկնում է սրբիչը վերցնելու։ Սեպուհը, որ սուսիկփուսիկ նստած է խցի մի անկյունում, մեկնում է սրբիչը։

ՍԵՊՈՒՀ – Մի կարգին մարմին էլ չունես, հայր սուրբ, սակայն կանանցից, հիշում եմ, պրծում չունեիր։

ՎԱՆԱՀԱՅՐ — (սրբվելով)։ Մեղավոր են մտքերդ, սեպուհ։

ՍԵՊՈՒՀ — Համեստություն մի՛ արա։ Մոռացե՞լ ես՝ զինվորական եղածդ ժամանակ քանի՛ հարսնացու ունեիր։

ՎԱՆԱՀԱՅՐ — Դա այնքան վաղուց էր։ Եվ հետո, ո՞ր զինվորականն է կնոջից զուրկ եղել։

ՍԵՊՈՒՀ — Ուզում ես ասել, որ վանք մտնելով ու վանականի սքեմ հագնելով բնույթդ փոխեցի՞ր։

ՎԱՆԱՀԱՅՐ – Սեպո՛ւհ…

ՍԵՊՈՒՀ — Եվ այլևս երբեք ոչ մի կնոջ մոտ գնալու ցանկություն չունեցա՞ր։ Վանահայր, կարմիր կովն իր կաշին չի փոխի, իսկ դու իմ տեսած ամենացոփ զորականն էիր ու ամենաթունդ կնամոլը։

ՎԱՆԱՀԱՅՐ – Եղե՛լ եմ, հետո՞ ինչ։

ՍԵՊՈՒՀ — Հարցիցս մի՛ խուսանավիր, հայր սուրբ, վանք մտնելուց հետո երբևէ կնոջ մոտ գնացե՞լ ես։

ՎԱՆԱՀԱՅՐ — Գնացել եմ, չեմ ստի։

ՍԵՊՈՒՀ – Ե՞վ…

ՎԱՆԱՀԱՅՐ — Միջին տարիքի պոռնիկ էր։ Շատ սիրուն, բայց աստվածավախ։ Հագուստիցս հասկացավ, որ վանական եմ, դուրս շպրտեց։ Ասաց, որ չի ուզում տեր Աստծո հետ հաշիվ ունենալ։ Բայց դա շատ վաղուց էր, իսկ հիմա մտածում եմ, որ ավելի շատ վանահորից էր վախենում, քան Աստծուց։

ՍԵՊՈՒՀ — Իսկ դո՞ւ, հայր սուրբ, դու վանահորից չվախեցա՞ր։

ՎԱՆԱՀԱՅՐ — (սքեմը հագնելով): Ջահել ժամանակ ո՞վ է վախին ականջ դնում։ Իսկ ես ջահել էի։ (Կտրուկ։) Բայց դու ի՞նչ ես ուզում իմանալ, սեպուհ։ Թե ինչպես եմ վարվելու Մարինոսի հե՞տ։

ՍԵՊՈՒՀ — Ինչպես ե՛նք վարվելու։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ինչո՞ւ՝ ե՛նք։

ՍԵՊՈՒՀ — Որովհետև պանդոկապանի դուստրը, որին գայթակղել ու խաբել է քո ճգնավորը, իմ հպատակն է։ Իսկ իմ հպատակներն ի՛մ հովանավորության տակ են։

ՎԱՆԱՀԱՅՐ – Հետևապես…

ՍԵՊՈՒՀ — Հետևապես ես պարտավոր եմ պաշտպանել նրանց շահերը։

ՎԱՆԱՀԱՅՐ — Դու քո գյուղացիների մասին հոգա, որ լույսը չբացված՝ վանքի դռան առջև հաց են մուրում։ Օրական երեք պարկ բաղարջ եմ բաժանում։

ՍԵՊՈՒՀ — Բաժանածդ բաղարջն ինձանից խլված հողի բարիքն է։ Միայն չասես, որ ոչ դու, ոչ էլ քո ճգնավորները մեղավոր չեք, որ իմ անհետացած հարսնացուի հողերն անցան վանքին։ Շատ եմ լսել, բայց հիմա խոսքը բոլորովին այլ բանի մասին է։ Քո ճգնավորներից մեկն անպատվել է իմ հպատակներից մեկին։ Եվ ես ընդամենը իմ պարտքն եմ կատարում՝ արդար հատուցում պահանջելով։

ՎԱՆԱՀԱՅՐ — Եվ ո՞րն է այդ արդար հատուցումը, սեպուհ։

ՍԵՊՈՒՀ — Քո ճգնավորին ինձ հանձնիր, հայր սուրբ, մնացյալն իմ գործն է։

ՎԱՆԱՀԱՅՐ — Իսկ եթե իմ ճգնավորն անմե՞ղ է։

ՍԵՊՈՒՀ — Բայց նա ոչինչ չժխտեց:

ՎԱՆԱՀԱՅՐ — Բայց և ոչինչ չընդունեց։

ՍԵՊՈՒՀ — Գիտեմ, որ եկեղեցական ժողով ես հրավիրել, հայր սուրբ, գիտեմ նաև…

ՎԱՆԱՀԱՅՐ — Որ այդ ժողովին ինքդ էլ ես ներկա գտնվելու, սեպուհ, և, եթե կամենում ես, կարող ես ներկայացնել և պաշտպանել պանդոկապանի դստեր շահերը։ Ի դեպ, մի տեղ սխալվեցիր, սեպուհ, քո հարսնացուն չի՛ անհետացել, փախել է։ (Արագ։) Բայց մինչև ժողովդ, մինչև Մարինոսի մեղքի լիակատար հերքումը կամ ապացուցումը, նա կմնա իր խցում և կգտնվի եկեղեցու պաշտպանության ներքո։

ՍԵՊՈՒՀ — Ես խաղաղությամբ եկա, հայր սուրբ…

ՎԱՆԱՀԱՅՐ — Եվ խաղաղությամբ էլ հեռանում ես։

Մի պահ զննում են իրար։

ՍԵՊՈՒՀ — Ուրեմն մնա՛ս բարյավ, հայր սուրբ։ (Գնում է։)

ՎԱՆԱՀԱՅՐ — Բարին ընդ քեզ, սեպուհ, և տերը մեզ ամենքիս պահապան։ (Նստում է։ Կողքի պահարանից կուժ է դուրս բերում, գավաթ։ Լցնում է։) Հակոբո՛ս։ (Խմում է։)

ՀԱԿՈԲՈՍ — (մտնում է գլխահակ)։ Հա՛յր…

ՎԱՆԱՀԱՅՐ — (մի պահ Հակոբոսին նայելով)։ Գո՛ւյժ ես բերել։

ՀԱԿՈԲՈՍ — Պանդոկը կրակի է մատնված, աղջիկը՝ չկա։

ՎԱՆԱՀԱՅՐ — (մտածկոտ)։ Ուշացանք, Հակոբոս։ Ուրի՞շ ինչ կա։

ՀԱԿՈԲՈՍ — Գյուղացիները որոշեցին, որ հրդեհը մեր ձեռքի գործն է։ Մազապուրծ փախանք։ Այն էլ՝ սեպուհի զինվորների օգնությամբ։ (Վանահոր քմծիծաղից ոգևորված։) Մտածված և լավ մշակված գործ է սա։ Եկեղեցական արտերը վառված են, այգիները՝ կտրտված։ Չե՛ն թալանել, ավիրել են…

ՄԱՏԹԵՈՍ — (ներս խուժելով և վանահոր ոտքերն ընկնելով)։ Փրկի՛ր, հայր սուրբ, փրկի՛ր և պաշտպանիր։ Մենաստանը շրջապատված է վատահամբավ կանանցով։ Գոռում-գոչյուն, կեղտոտ հայհոյանքներ։ Ոմանք ցույց են տալիս իրենց ուռած փորերն ու հայտարարում, որ շուտով պստլիկ ճգնավորիկներ են լույս աշխարհ գալու։ Մյուսներն այդ նույն գործի համար իրենց ծառայությունն են առաջարկում… ձրի՛:

Դրսից աղաղակներ են լսվում, նաև Մարինոսին իրենց հանձնելու պահանջսպառնալիքով։

ՀԱԿՈԲՈՍ — Վանքն են շրջապատել։

ՎԱՆԱՀԱՅՐ — Հակոբոս, դու հին զինվոր ես, անելիքդ պիտի որ լա՛վ իմանաս։

ՀԱԿՈԲՈՍ — Քո օրհնությամբ, հայր սուրբ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Վերադարձդ ավետիսով լինի։

Հակոբոսը համբուրում է վանահոր ձեռքն ու հեռանում։

ՎԱՆԱՀԱՅՐ – Մատթեո՛ս, որդի՛ս: (Բարձրացնում է նրան, հենվում ուսին, դեպի ելքը։) Հենց հիմա կփոխես հագուստդ, կխառնվես վանքը շրջապատած ամբոխին…

 

ԱՐԱՐ ԵՐՐՈՐԴ

ՍԵՊՈՒՀ — (ներս մտնելով)։ Քարը քարին չեմ թողնի, կավիրեմ ամբողջ վանքը։ Մենաստանը գետնին կհավասարեցնեմ, ճգնավորներից մահապարտների գունդ կսարքեմ, բայց Մարինոսին ձեռքիցս բաց չեմ թողնի։

ԶՈՐԱՎԱՐ — (գալիս է սեպուհի ետևից)։ Վանահայրն ինքը ոչնչի առջև կանգ չի առնի, միայն թե Մարինոսը ձեռքդ չընկնի։

ՍԵՊՈՒՀ — Ճանաչում եմ ծեր աղվեսին։ Հիմա, հարկավ, պանդոկապանի դստերն է փնտրում, որ խեղդի։

ԶՈՐԱՎԱՐ — Բանտախցերը լիքն են գյուղացիներով…

ՍԵՊՈՒՀ — Է՜, թո՛ղ։ Ծեծ ու ջարդից ցնորված մեկ-երկուսը գուցե՛ խոստովանեն, որ պանդոկն ու արտերն իրենք են հրդեհել, բայց պանդոկապանի դստերը՝ ոսկե սկուտեղով, միայն ե՛ս կարող եմ մատուցել։ Բայց ո՛չ հիմա, հայր սուրբը ստիպված կլինի մի՜ քիչ սպասել։ Իսկ առայժմ թո՛ղ զբաղվի պոռնիկներով ու գյուղացիներով։

ԶԻՆՎՈՐ — (ներս մտնելով)։ Սեպո՛ւհ, թույլ տուր։

ՍԵՊՈՒՀ — Ի՞նչ կա։

ԶԻՆՎՈՐ — Հրապարակում բռնել ենք մեկին, որը տասը ոսկի է խոստանում նրան, ով կհայտնի պանդոկապանի դստեր թաքստոցը։

ՍԵՊՈՒՀ – Նե՛րս բեր։ (Ձեռքերը վեր բարձրացնելով։) Ամենակարող հայր սուրբը մտավ խաղի մեջ։

Զինվորները ներս են բերում Մատթեոսին և դուրս գալիս։

ՍԵՊՈՒՀ — (մի պահ զննում է Մատթեոսին, հետո խոսում այնպես, ասես գուշակում է Մատթեոսի ասելիքը)։ Անունդ չեմ կարող ասել, բայց դու առևտրական ես։ Մեր քաղաք գալիս ես առևտրական գործերիցդ ելնելով։ Այստեղ միշտ գիշերել ես պանդոկապան Արբակի պանդոկում։ Հենց այնտեղ էլ տեսել ու սիրահարվել ես Արբակի դուստր Թեոֆանին։ Գործերովդ նորից եկել ես մեր քաղաք՝ պանդոկը գտել ես այրված, Արբակին՝ բանտարկված, Թեոֆանին՝ անհետացած։ Որպես ամենաիսկական առևտրական՝ մտածում ես, որ փողի միջոցով կգտնես աղջկան։ Այստեղ ուրիշ ոչ ոքի չես ճանաչում, վանահոր հետ ընդհանրապես ոչ մի կապ չունես։ (Նայում է Մատթեոսին, ասես ուզում է հարցնել՝ ճի՞շտ եմ։)

ՄԱՏԹԵՈՍ — Անունս Մատթեոս է։ Ճգնավոր եմ։ Պիտի խաղամ լիթուրգիական դրամաներում։ Պետրոս եմ փորձում։ Այն նույն դրամայում, որտեղ Մարինոս ճգնավորը պիտի Հիսուս խաղա։ Պանդոկապան Արբակի պանդոկում գիշերել եմ։ Մի գիշեր։ Երբ վանքի պետքերը հոգալու համար Մարինոսի և էլի երկու ճգնավորի հետ գնացել էինք գավառ։ Որ պանդոկն այրված է, գիտեի, բանտարկված Արբակին ես էլ եմ հաց ու ջուր տանում, Թեոֆանին երբևէ տեսած չկամ։ Վանահորը ճանաչում եմ, բայց այն, ինչ ասացի, վանահոր հետ ոչ մի կապ չունի։

ՍԵՊՈՒՀ — Իսկ ի՞նչը կապ ունի։

ՄԱՏԹԵՈՍ — (գրպանից հանելով)։ Տասը ոսկին։ (Մեկնում է սեպուհին։)

ՍԵՊՈՒՀ — (փորձում է կռահել)։ Ի՞նձ ինչու ես տալիս։

ՄԱՏԹԵՈՍ — Չեմ տալիս, առաջարկում եմ, եթե ասես՝ որտեղ է պանդոկապանի աղջիկը։

ՍԵՊՈՒՀ — (ձեռքը սրին տանելով)։ Շո՛ւն, շա՛ն որդի։ (Իրեն զսպելով:) Մեղա քեզ, տե՛ր։

ՄԱՏԹԵՈՍ — Սուրդ կբթանա, սեպո՛ւհ։ Շուտով հրապարակը կլցվի մարդկանցով, որոնք տաս, քսան, երեսուն ոսկի կառաջարկեն Թեոֆանի դիմաց և ի լուր ամբողջ աշխարհի կհայտարարեն, որ իրենք են լցրել աղջկա փորը։

ՍԵՊՈՒՀ – Եվ դու այդ բանակի զինվորներից մե՞կն ես։

ՄԱՏԹԵՈՍ — Վանքում երեսուն ճգնավոր կա ու եթե պետք լինի, երեսունն էլ միաբերան կհաստատեն, որ պառկել են Թեոֆանի հետ։

ՍԵՊՈՒՀ — Ձեզ բոլորիդ վանքից դուրս կշպրտեն։

ՄԱՏԹԵՈՍ — Հայաստանում վանքերը շատ են։

ՍԵՊՈՒՀ — Վանահայրը մի ճգնավորի համար երեսունի՞ն է հարվածի տակ դնում։

Դրսում աղմուկ է սկսվում, որն աստիճանաբար ուժեղանում է։

ՄԱՏԹԵՈՍ — (ականջ դնելով)։ Հազիվ թե հերթը ճգնավորներին հասնի, սեպուհ, հրապարակը լիքն է Թեոֆանի փեսացուներով։

Զորավարը դուրս է նետվում։

ՍԵՊՈՒՀ – (գործնական): Քեզ ի՞նչ է պետք: Կտամ՝ ինչ ուզես։ Ասացիր, որ այն գիշեր ինքդ էլ ես եղել պանդոկում։ Դատի ժամանակ կասես, որ գիշերը արթնացել ես ու պատահմամբ նկատել, որ Մարինոսի անկողինը դատարկ է։ Հը՛, ի՞նչ կասես։

ՄԱՏԹԵՈՍ — Ինձ ոչինչ պետք չէ, սեպուհ։ Սակայն այդ գիշեր ես իսկապե՛ս մի քանի անգամ արթնացել եմ, և Մարինոսն էլ միշտ իր տեղում է եղել։

ՍԵՊՈՒՀ — Այդպես չի՛ լինում, ճգնավոր։ Մարդուն միշտ էլ մի բան պետք է։ Դու միայն ասա՝ ի՛նչ։

ՄԱՏԹԵՈՍ — Արդեն ասացի. ինձ ոչինչ պետք չէ։

ՍԵՊՈՒՀ — Ինչ որ խոստացել է վանահայրը, կտամ կրկնակին։

ՄԱՏԹԵՈՍ — Ինձ ոչինչ էլ չեն խոստացել, սեպուհ։

ՍԵՊՈՒՀ — (պայթելով)։ Եվ դու ոչնչի համար համաձայնեցիր մտնել գայլի ո՞րջը։

ՄԱՏԹԵՈՍ — Ո՞վ ասաց՝ ոչնչի։ Մի՞թե դու ոչինչ չհասկացար, սեպուհ։ Ես դեռ սկզբում ասացի, որ Պետրոս եմ փորձում։ Եվ մինչև լուսաբաց, մինչև հավի կանչելը, երեք անգամ ուրանում եմ Հիսուս-Մարինոսին։

Մի պահ լռություն։

ՍԵՊՈՒՀ – Խե՛ղճ ճգնավոր։ Քեզ էլ խաբեցին։ Խաղացին զգացմունքներիդ հետ։

Մատթեոսը շվարած նայում է սեպուհին։

ՍԵՊՈՒՀ — Դու իրո՞ք հավատում էիր, որ այստեղից ողջ դուրս կգաս։ Քեզ մահվան բերանն են ուղարկել, ճգնավո՛ր։

ՄԱՏԹԵՈՍ — Դա արդեն այնքա՛ն էլ կարևոր չէ, սեպուհ։

ՍԵՊՈՒՀ — Քեզ համար՝ այո՛: Քանի որ մինչև լուսաբաց, մինչև հավի կանչելը, Մարինոս-Հիսուսին երեք անգամ ուրանալու փոխարեն հակառակն արեցիր։ Քեզ համար՝ այո, բայց ո՛չ ինձ համար։ Եթե քո տերտերն իր կարևորագույն վկային մահվան դուռն է ճանապարհում, ուրեմն այստեղ մի բան կա։ Գնա՛, ճգնավոր, քեզ բաց եմ թողնում։

Մատթեոսն անշարժ կանգնած է։

ՍԵՊՈՒՀ – Գնա՛նք, ճգնավոր, գնա՛նք: Ես ինքս քեզ կուղեկցեմ:

ԶՈՐԱՎԱՐ – (ներս գալով): Սեպուհ, փեսացուների թիվն արդեն երկու հարյուրակից անց է, սակայն վերջը չի երևում:

ՍԵՊՈՒՀ – Գրպանները դատարկիր, բա՛ց թող, զորավար: (Դուրս են գալիս:)

 

ԱՐԱՐ ՉՈՐՐՈՐԴ

ՀԱԿՈԲՈՍ — Գյուղացիները իրենց բարիքով փոխհատուցեցին հասցված վնասը։ Բոլոր նկուղները դատարկել եմ, սրբել մինչև վերջին ցորենի հատիկը։

ՎԱՆԱՀԱՅՐ — (ցրված)։ Ձմռանը սով կլինի։

ՀԱԿՈԲՈՍ — Այն էլ ի՜նչ սով։ Կեսից ավելին կկոտորվեն։ Տե՛ղն է դրանց, թող իմանան՝ ում հետ գործ ունեն։

ՎԱՆԱՀԱՅՐ — Հավաքածդ ցորենն ալյուր դարձրու։ Սովի ժամանակ կբաժանես։

ՀԱԿՈԲՈՍ – Էլ ինչո՞ւ հավաքեցինք, եթե պիտի բաժանենք։

ՎԱՆԱՀԱՅՐ — Հավատը զորացնելու համար, Հակոբոս։ Թող իմանան, որ իրենց միակ պաշտպանը եկեղեցին է։ Բացի այդ, թող մուրալ սովորեն։ Այդպես ավելի հեշտ կլինի հնազանդեցնելը։

ՍԵՊՈՒՀ — (դեռ դրսից)։ Հա՛յր սուրբ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Մեզ մենակ թող, Հակոբոս։ տևից։) Ականջ չդնես։

ՍԵՊՈՒՀ — (ներս մտնելով)։ Ավետի՛ս, հայր սուրբ։ Պանդոկապանի դստրիկը գտնվեց՝ ողջ-առողջ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Աստծո օրհնանքը տոհմիդ վրա, սեպուհ։ Փրկեցիր անպատվությունից։ Աղջկա անհետացումն ինձ էր ձեռնտու, և առաջին կասկածն ի՛նձ վրա էր ընկնում։ Փառք տիրոջը, գտնվեց։ Համոզված եմ, որ հոգատար տանտեր կլինես, սեպուհ, նա մեր ամենակարևոր վկան է։

ՍԵՊՈՒՀ — Լավ ասացիր, հայր սուրբ՝ «Մեր ամենակարևոր վկան»։ Ինձ ևս ավելորդ արյուն պետք չէ։ Ես էլ, քեզ նման, միայն ճշմարտությունն եմ ուզում։ Թո՛ղ դատարանն արդարացնի քո ճգնավորին, ես միայն ուրախ կլինեմ, եթե դա՛ է ճշմարիտը։

ՎԱՆԱՀԱՅՐ — Համամիտ եմ մտքերիդ ընթացքին, սեպուհ։ Ինձ ևս միայն ճշմարտությունն է պետք։ Եթե դատարանը որոշի, որ Մարինոսը մեղավոր է, ես առաջինը, հոգուս ցավը խեղդելով, մահապատիժ կպահանջեմ։

ՍԵՊՈՒՀ — Ուրախ եմ, հայր սուրբ, որ բարեկամաբար ենք բաժանվում։ (Գնում է։)

ՎԱՆԱՀԱՅՐ — Ես ևս, սեպուհ, գնաս բարյավ։ ի պահ մտածում է։) Հակոբո՛ս։

ՀԱԿՈԲՈՍ – (հայտնվելով): Այստեղ եմ, հայր սուրբ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ինչ-որ բան հասկացա՞ր, Հակոբոս։

Հակոբոսը նայում է վանահորը՝ իբր բանից անտեղյակ:

ՎԱՆԱՀԱՅՐ – Միայն թե չասես, որ ոչինչ չես լսել:

ՀԱԿՈԲՈՍ – Սեպուհն ընդունեց իր պարտությունը:

ՎԱՆԱՀԱՅՐ – Ո՛չ, միայն ոչ սեպուհը։ Նա ինչ-որ նոր բան է մտածել։ Չլսեցի՞ր, ոչինչ չպահանջեց, ոչինչ չխնդրեց։ Նվերը բերեց ու խոնարհ հեռացավ։ Դուր չի գալիս ինձ այս ամենը։ Զգոն եղիր, Հակոբոս, աչքաթող չանես սեպուհին և ետ կանչիր վարձկաններին, քանի դեռ ոսկիները չեն խմել. քաղաքում ուրիշ պանդոկներ էլ կան։ Գնա՛: (Նստում է, շարում շախմատի քարերը, խաղում և ինքն իրեն խոսում։) Ի՞նչ ես մտածել, հը՞, սեպուհ։ Փափո՜ւկ ես ինչ-որ, ո՛չ քեզ նման։

Ներս է մտնում Մատթեոսը։ Մոտենում է վանահորը, հետևում նրա խաղին։

ՄԱՏԹԵՈՍ — Զինվորը մի՛ շարժիր, հայր սուրբ, նավակը կկորցնես։

ՎԱՆԱՀԱՅՐ — (նոր միայն Մատթեոսին նկատելով)։ Փոխարենը երեք քայլից կստանամ արքային։ Ես ամեն ինչ հաշվել եմ, որդյակ։

ՄԱՏԹԵՈՍ — Իսկ ի՞մ դեպքում ինչ էիր ստացել՝ մա՞հ, թե՞ կյանք։

ՎԱՆԱՀԱՅՐ — Քո դեպքում՝ կյանք, ցանկացած ուրիշ մեկի՝ մահ։

ՄԱՏԹԵՈՍ – Տարբերությո՛ւնը, հայր սուրբ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Դու իմ կարևորագույն վկան ես, Մատթեոս։

ՄԱՏԹԵՈՍ — Սեպուհն էլ նույնն ասաց։

ՎԱՆԱՀԱՅՐ — Դրա համար էլ վախեցավ ձեռք տալ՝ մտածելով, որ ծուղակ կա։ Չե՞ս հասկանում։ Նստի՛ր։ (Վերադասավորում է խաղաքարերը🙂 Եթե ես զինվորով, նավակով կամ թագուհուց բացի ցանկացած ա՛յլ խաղաքարով սպառնամ քո արքային՝ ուղիղ նրա դիմաց կանգնելով…

ՄԱՏԹԵՈՍ — (խաղի մեջ մտնելով)։ Ես արքայով կվերցնեմ քո խաղաքարը։

ՎԱՆԱՀԱՅՐ — Իսկ եթե թագավորիդ առջև կանգնի իմ թագուհին…

ՄԱՏԹԵՈՍ — (խուճապի մատնվելով)։ Ի՞նչ ծուղակ ես լարել, վանահա՛յր։

ՎԱՆԱՀԱՅՐ — (ժպտալով)։ Դու ինքդ պատասխանեցիր քո հարցին, Մատթեո՛ս։

ՄԱՏԹԵՈՍ — Իսկ եթե սեպուհը չվախենա՞ր ծուղակից:

ՎԱՆԱՀԱՅՐ — Դա կախված է նրանից, թե ո՛վ է լարել ծուղակը։

ՄԱՏԹԵՈՍ — Իսկ գուցե քեզ իմ մա՞հն էր պետք, հայր սուրբ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Սեպուհի ձեռագիրն է։ Լավ, Մատթեոս, դու միայն ասա՝ իմ ինչի՞ն է պետք քո մահը։

ՄԱՏԹԵՈՍ — Ինքդ ասացիր, որ ես քո կարևորագույն վկան եմ։

ՎԱՆԱՀԱՅՐ – Այդ դեպքում ասա, թե ինչիս է պետք Մարինոսի՛ մահը։

ՄԱՏԹԵՈՍ — Գուցե դո՛ւ ասես, հայր սուրբ։ Ես ինքս ոչինչ չեմ գտնում։

ՎԱՆԱՀԱՅՐ — Այն, ինչ կա, չես էլ գտնի։

ՄԱՏԹԵՈՍ – Ցրի՛ր կասկածներս, հայր սուրբ։ Ես խճճվել եմ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Խճճվելու բան չկա, ամեն ինչ շատ պարզ է։ Սեպուհը երբեք չի փայլել բարոյականությամբ։ Եվ մեկ անգամ չէ, որ զգուշացվել է այդ առթիվ։ Ի՞նչ ես կարծում, ո՞ւմ երեխան է կրում Թեոֆանը։

ՄԱՏԹԵՈՍ — Սեպուհի՞։ (Վանահորից դրական շարժում ստանալով։) Բայց ինչո՞ւ հենց Մարինոսը, ինչո՞ւ ամենաօրինակելին… ընտրությունը պատահակա՞ն է։

ՎԱՆԱՀԱՅՐ — (ուսերը թոթվելով)։ Եթե ամենաբարոյականն է անբարո, ապա ինչպիսի՞ն են մյուսները։ Մե՜ծ պայքար է սկսել սեպուհը։ Մարինոսն ընդամենը պատճառ է։ Առիթը և թիրախը եկեղեցին է… Մատթեոս, որդիս, այսուհետ Մարինոսի խուցը հսկող զինվորների հետ մեկական ճգնավոր կանգնեցրու։ Թող ձեր հավատը սատար լինի Մարինոսին այս փորձության պահին։

ՄԱՏԹԵՈՍ — Առաջինը ինքս կկանգնեմ, հայր։ (Գնում է։)

ՎԱՆԱՀԱՅՐ — Օրհնյալ լինես, որդյակ։ Բարի ծառայություն։

 

ԱՐԱՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Մարինոսի բանտախուցը։

ՄԱՐԻՆՈՍ — (ծնկաչոք աղոթում է)։ Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս և յերկրի: Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր, և թող մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց, և մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն, և զօրութիւն և փառք յաւիտեանս. ամէն։ (Խաչակնքվում է։)

ՍԵՊՈՒՀ — (աղոթքի ընթացքում ներս է մտնում: Հագին Մատթեոսի հագուստն է, գլխանոցը գլխին)։ Ամէն։ (Խաչակնքվում է։)

ՄԱՐԻՆՈՍ — (ձայնի վրա շրջվելով)։ Մատթեո՞ս։

ՍԵՊՈՒՀ — (գլխանոցը ետ գցելով)։ Ես միշտ էլ մտածել եմ, որ Պետրոսը ևս նույն հաջողությամբ կծախեր Քրիստոսին, ինչ Հուդան։ Պարզապես ոչ ոք նրան երեսուն արծաթ չառաջարկեց։ (Պատասխան չստանալով։) Մտածեցի, որ քեզ այնքան էլ հաճելի չի լինի խցում մենակ նստելը։ Երկուսով գոնե կզրուցենք, ի՞նչ կասես…

ՄԱՐԻՆՈՍ – Ինչի՞ մասին կարող է զրուցել ճգնավորը սեպուհի հետ։

ՍԵՊՈՒՀ — Ինչի՞։ (Իբր մտածում է։) Ասենք, օրինակ, Նարգիլոս իշխանի, հը՞, ճգնավոր։ Ես քեզ կպատմեմ այն, ինչ գիտեմ, չիմացածս դու կլրացնես։ Այսպես ուրեմն, շատ վաղուց, այն հողերը, որոնք սրանից երկու տարի առաջ անցան վանքին, պատկանում էին Նարգիլոս անունով մի իշխանի։ Նարգիլոսն ապրում էր մինուճար դստեր՝ Մարիամի հետ։ Կինը մահացել էր երեխան ծնելիս։ Մարիամն արդեն նշանված էր հարևան սեպուհի, այսինքն՝ ինձ հետ, երբ ամենակարողն իր մոտ կանչեց Նարգիլոսին։ Մինչև հոգին տիրոջը հանձնելը, Նարգիլոսը հրավիրեց վանահորը։ Մեղքերի թողություն ստանալուց հետո Նարգիլոսը վանահորը հայտնեց, որ իր դուստրը չի կամենում ամուսնանալ սեպուհի հետ։ Գերադասում է մեկնել Երուսաղեմ, իր ազգականների մոտ։ Հետևապես ինքը՝ Նարգիլոսը, իր տիրույթները՝ և՛ հողը, և՛ ինչքը, նվիրաբերում է վանքին։ Իշխան Նարգիլոսը միայն մի բան խնդրեց վանահորից՝ իր պատանի ծառային՝ Մարինոսին, վերցնել վանք և պաշտպանել աշխարհիկ մեղքերից… Մարիամը քառասուն օր սուգ պահեց։ Ասում են, որ քառասունմեկերորդ օրը նա իր մի քանի հավատարիմ մարդկանցով ճանապարհ ընկավ Երուսաղեմ։ Իսկ Նարգիլոսի հսկայական տիրույթները, պատանի Մարինոսի հետ միասին, անցան վանքին։

Մարինոսը լուռ է։

ՍԵՊՈՒՀ — Երուսաղեմ մեկնող խումբը ես տեսա։ Բայց ո՛չ Մարիամի որոշման, և ո՛չ էլ այստեղից մեկնելու մասին ոչինչ չգիտեի։ Երբ իմացա, բավականին ուշ էր։ Հինգ օր ու գիշեր թամբից չիջա՝ օգո՞ւտն ինչ, ոչ խմբի հետքը կար, ոչ Մարիամի: Ոչ ոք ոչինչ չէր տեսել, ոչ ոք ոչինչ չէր լսել։ Նույն պատմությունը կրկնվեց Երուսաղեմում։ Ճիշտ է, այնտեղ գտա մի ասպետի, որը Նարգիլոսի ագգականն էր, սակայն Մարիամի մասին ոչինչ ասել չկարողացավ: Այս երկու տարում մեկ անգամ չէ, որ հարցուփորձ եմ արել բոլոր նրանց, ովքեր որևէ կապ ունեին Նարգիլոս իշխանի և նրա տան հետ: Իշխանի աղջկա մասին ոչ ոք ոչինչ ասել չկարողացավ։ Մարիամն ասես երկինք էր համբարձվել։ (Մոտենում է Մարինոսին, փորձում նայել նրա աչքերի մեջ։) Իսկ գուցե իշխանադուստրը ոչ մի տեղ էլ չի՞ գնացել։

ՄԱՐԻՆՈՍ — Պարզապես սեպուհը չի ուզում հաշտվել այն հողերի կորստի հետ, որոնք իրենն էր համարում։ (Նահանջում է։)

ՍԵՊՈՒՀ — Դու էլ չես հավատում սիրուն, ճգնավո՛ր։ Այսքան երիտասարդ և այսքան անհավատ։ Ինչ վերաբերում է հողերին՝ չեմ ժխտի, դա էլ կա։ Միևնույն է, եթե ժխտեմ, չես հավատա։ Սակայն վերադառնանք իշխանադստերը։ Իմ գյուտն ինձ հանգիստ չէր տալիս, և ես սկսեցի ուշադիր լսել, դիտել, փնտրել։ Եվ վերջապես, երբ արդեն բոլորովին հուսալքվել էի, կորցրել հույսի վերջին փշրանքը, շա՜տ պատահմամբ տեսա այն, ինչը լիովին փարատեց բոլոր կասկածներս։ Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչ տեսա, ճգնավո՛ր։ Պետքարան մտնելով՝ դու կքանստեցիր։ Տղամարդիկ կանգնա՛ծ են միզում, Մարիա՛մ…

 

 

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

ԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ

Վանահոր խուցը։ Վանահայրը կանգնած է, Մատթեոսը ծնկի է եկել նրա առջև։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ամբողջ մարմնով դողում ես, որդյակ։

ՄԱՏԹԵՈՍ — Խելքս մաղվում է, հայր սուրբ… Մի՞թե նման բան հնարավոր է։

ՎԱՆԱՀԱՅՐ — Խոսքն ինչի՞ մասին է, Մատթեոս։ Ի՛նձ նայիր, Մատթեոս… Այդպե՛ս, հիմա պատմիր։ Պատմիր սկզբից, մի՛ շտապիր։

ՄԱՏԹԵՈՍ — Սեպուհին հանդիպեցի։

ՎԱՆԱՀԱՅՐ — (զգաստանալով)։ Հետո՞…

ՄԱՏԹԵՈՍ — Մարինոսի խուց մտնել էր ուզում և հագուստս՝ ապահովության համար…

ՎԱՆԱՀԱՅՐ — (ջղային)։ Հետո՞։

ՄԱՏԹԵՈՍ — Ուզում էի լսել, հայր սուրբ, ուզում էի լսել, թե ինչ է խոսելու սեպուհը Մարինոսի հետ, ուզում էի լսել, թե ինչ է պատասխանելու Մարինոսը։ Հասկանա՛լ էի ուզում, հայր սուրբ, ո՞րն է ճիշտը, որը՝ սուտ։ Ո՞վ է սեպուհը, ո՞վ ես դու… Բայց…

ՎԱՆԱՀԱՅՐ – Խոսի՛ր, Մատթեոս։

ՄԱՏԹԵՈՍ — Բայց բոլորովին ա՛յլ բան իմացա…

Վանահայրը լռում է, ասես վախենում է պատասխանից։

ՄԱՏԹԵՈՍ — Մարինոսը կի՛ն է, հայր սուրբ, կի՛ն… Նարգիլոս իշխանի մինուճար դուստրը…

Վանահայրը, Մատթեոսին մի կողմ հրելով, նետվում է դուրս։

 

ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ

Մարինոսի խուցը։ Մարինոսը նահանջելով հասնում է պատին, հենվում։

ՍԵՊՈՒՀ — Եթե իմանաս, ինչքա՜ն եմ փնտրել քեզ, գիշերներն անուշ քնից արթնացել՝ Մարիամ կանչելով։ (Փորձում է համբուրել։)

Մարինոսը, սեպուհին մի կողմ հրելով, նետվում է դռան կողմը, սկսում բախել։

ՍԵՊՈՒՀ — Իզուր ձեռքերդ կվնասես, Մարիամ։ Պահակներդ գինովցած-քնած են։ Մտածեցի՝ կխանգարեն։ Այնուամենայնիվ, երկո՜ւ տարի։ Մենք՝ նշանված, համարյա այր ու կին։ Չե՞ս ուզում գրկել ինձ, սեղմել կրծքիդ կարոտած։

ՄԱՐԻՆՈՍ — (աթոռը բարձրացնելով)։ Չմոտենա՛ս, սեպուհ։

ՍԵՊՈՒՀ — (ծանր հոգոցով)։ Նույն վայրի աղջիկն ես մնացել։

ՄԱՐԻՆՈՍ — Իսկ դու՝ նո՛ւյն վավաշոտը։

ՍԵՊՈՒՀ — Ընդամենը՝ կրքոտ։ Իսկ դրանք տարբեր բաներ են։ Էլ չեմ ասում, որ բաժանման այս երկու տարիներն էլ իրե՛նց հերթին են բորբոքել սերս…

ՄԱՐԻՆՈՍ – Մի՛ հայհոյիր… սերը։ Միանգամից ասա՝ ինչ ես ուզում։ Ասենք, ինքս էլ գիտեմ՝ հորս հողերը։

ՍԵՊՈՒՀ – Եվ քե՛զ, սիրելիս։ Դու ինձանից ինչո՞ւ փախար։

ՄԱՐԻՆՈՍ — Հասկացա, որ քեզ միայն իմ օժիտն է հետաքրքրում։

ՍԵՊՈՒՀ — Երկու երնեկ մի տեղ չի լինում։ Բայց իմ բախտը կարծես թե բերել էր։ Ե՛վ հարսնացուս էր սրտովս, և՛ օժիտը՝ հարուստ։ Ինչո՞ւ ստել։ Ես իսկապես ուրախ էի, որ ամուսնանում եմ ամենահարուստ իշխաններից մեկի՝ Նարգիլոսի մինուճար դստեր հետ։ Սակայն դա բոլորովին չի նշանակում, որ քեզ չէի սիրում։ Ասա, Մարիամ, ի՞նչ պիտի անեի, որ չարեցի։ Հորդ տիրույթներն անպայման պիտի վանքի՞ն նվիրեի, որ հավատայիր իմ սիրուն։ Հիմա էլ եմ սիրում։ Այն օրվանից, ինչ անհետացար, ոչ մի օր հանգիստ չեմ քնել։

ՄԱՐԻՆՈՍ — Հավատում եմ։ Մտածում էիր՝ ինչպես վերադարձնել հողերը։

ՍԵՊՈՒՀ — Մարիա՜մ… քե՛զ էի փնտրում։

ՄԱՐԻՆՈՍ — Թեոֆանի անկողնում:

ՍԵՊՈՒՀ — Խանդո՜ւմ ես…

ՄԱՐԻՆՈՍ — (հանգիստ)։ Մյուսների անունները չգիտեմ։

ՍԵՊՈՒՀ — Տղամարդն առանց կնոջ չի կարող։ Բոլոր տղամարդիկ են այդպիսին։

ՄԱՐԻՆՈՍ — Քո մեղքերն ուրիշներին մի՛ բաժանիր, դրանից քո բաժինը չի թեթևանա։

ՍԵՊՈՒՀ — Մի վերջին հնարավորություն տուր, Մարիամ։ Թո՛ւյլ տուր ապացուցել…

ՄԱՐԻՆՈՍ — Իզուր մի ջանա, սեպուհ։ Հողերը կմնան վանքին, ես՝ նույնպես։

ՍԵՊՈՒՀ — Ուզում ես ասել…

ՄԱՐԻՆՈՍ — Որ իմ գաղտնիքը կմեռնի ինձ հետ միասին, սեպուհ։

ՍԵՊՈՒՀ — Ո՞ւմ համար ես քեզ զրկում կյանքից, Մարիամ, ո՞ւմ շահերն ես պաշտպանում։

ՄԱՐԻՆՈՍ – Ի՛մ։

ՍԵՊՈՒՀ – Քո՞։

ՄԱՐԻՆՈՍ — Ինչո՞ւ ես զարմանում։ Դու ինձ չես սիրում, ես քեզ պետք չեմ, քեզ իմ հարստությունն է պետք։ Իսկ ես մարդ եմ, հասկանո՞ւմ ես՝ կենդանի արարած և ոչ թե Նարգիլոսի տիրույթների արտոնագիր։

ՍԵՊՈՒՀ — Քեզ թվում է, վանահոր համա՛ր ի՞նչ ես։ Քեզանից բացի ով էլ լիներ, հենց տեղում ամբոխի ձեռքը կհանձներ, կամ էլ պարզապես կվտարեր վանքից, և վե՛րջ գլխացավանքին։ Թե չէ՝ հրապարակավ դա՜տ…

ՄԱՐԻՆՈՍ — Վանահայրը չի կասկածում իմ անմեղությանը։

ՍԵՊՈՒՀ — Իհարկե, չէ՞ որ գիտե ով լինելդ։ Իսկ կնոջից չեն հղիանում։

ՄԱՐԻՆՈՍ — Վանահայրը ոչինչ չգիտի։

ՍԵՊՈՒՀ — Այդպե՞ս ես կարծում, թե՞ այդպես ես ուզում։ Վանահայրը հենց սկզբից գիտեր։ Լռեց, որպեսզի ստանա հորդ հողերը։

ՄԱՐԻՆՈՍ — Իհարկե։ Հիմա էլ լռում է, որ չկորցնի։

ՍԵՊՈՒՀ — Մի՛ ծիծաղիր։ Ես նույնիսկ կարող եմ ասել, թե ինչ կլինի հետո։

ՄԱՐԻՆՈՍ — Բոլորը գիտեն՝ եկեղեցական դատ։

ՍԵՊՈՒՀ — Եվ վերջում՝ մահապատիժ։ Իսկ իշխանադստեր հետքն իսպառ կկորչի՝ ճանապարհվել է Երուսաղեմ՝ ազգականների մոտ։ Անհավատներին ծեր ասպետը կպատասխանի, որ ճիշտ է, Մարիամն իր մոտ չէ, բայց իրենք աշխարհի տարբեր մասերում ազգականներ ունեն։ Գուցե նրա՞նց մոտ է որբացած ազգականուհին։

ՄԱՐԻՆՈՍ — Չեմ կարծում, թե վանահորն իմ մահն է պետք։

ՍԵՊՈՒՀ — Այո՞։ Ուրեմն ինչո՞ւ էր ինձ մոտ ուղարկել Մատթեոսին, հը՞։ Մատթեոսի՚ն, Մարիամ, իր գլխավոր վկային։ Որպեսզի օգտագործեմ առիթը և թռցնեմ գլուխը… Որպեսզի հետո, խեղճ վանահայրը, գլխավոր վկայից զրկված, տանուլ տար դատը։

ՄԱՐԻՆՈՍ — Ո՛չ։

ՍԵՊՈՒՀ — Մի խաբիր ինքդ քեզ, Մարիամ։ Քո կյանքը վանահորը պետք չէ, դու նրան մեռած ավելի՛ ես ձեռք տալիս։ Այս պատմությունն էլ չլիներ, միևնույն է, մի օր քեզ սպանելու էին։ Այնպես որ, դու միայն մի՛ ելք ունես, Մարիամ, ամուսնությո՛ւն, և հենց հիմա։ Ես կգամ քեզ հետ։ Եթե մենակ գնաս վանահոր մոտ, առանց վայրկյան կորցնելու կխեղդի քեզ, իմ ներկայությամբ ոչինչ անել չի կարող։ Գնա՛նք, Մարիամ, այլևս ժամանակ մի՛ կորցրու…

ՄԱՐԻՆՈՍ — Սպասի՛ր, սեպուհ։ Եթե վանահորն իմ մահն է պետք, ինչո՞ւ եմ մինչև հիմա ողջ։ Մինչև դատը, մինչև այս պատմությունը… Ամբողջ երկո՜ւ տարի։

ՎԱՆԱՀԱՅՐ — (մթության միջից առաջ գալով)։ Իսկապե՛ս, սեպուհ։ Եթե ինձ Մարիամի մահն էր պետք, ինչո՞ւ է նա մինչև հիմա ողջ՝ մինչև դատը, մինչև այս պատմությունը… Ամբողջ երկո՜ւ տարի։

ՍԵՊՈՒՀ — Այս ամբողջ ընթացքում լսեցիր, լսեցիր և որտեղ որ քեզ ձեռք տվեց, ներս մտար, հա՞…

ՎԱՆԱՀԱՅՐ — Մի՛ խուսափիր պատասխանից, սեպուհ։

ՍԵՊՈՒՀ — Ես էլ մտածում եմ՝ ինչպե՞ս է, որ Մատթեոսն ինձ հանգիստ ներս թողեց, նույնիսկ հագուստը զիջեց՝ ապահովության համար։

ՎԱՆԱՀԱՅՐ — Մատթեոսն իր նկատառումներն ուներ, բայց դու հարցին պատասխանիր։

ՍԵՊՈՒՀ — Իսկ գուցե ինքդ պատասխանես, հայր սուրբ։ Թե չէ ես ինչ-որ գլխի չեմ ընկնում։ Ինչքան էլ գլուխ եմ կոտրում, չեմ հասկանում։

ՎԱՆԱՀԱՅՐ — Զարմանալի ոչինչ չկա, մարդկային ամեն ինչ օտար է քեզ, որտեղի՞ց հասկանաս։

ՍԵՊՈՒՀ — Հանգիստ, հայր սուրբ, միանգամից փոխվեցիր ինչ-որ։ Թե ինչու ես մինչև հիմա կենդանի թողել աղջկան, չգիտեմ։ Բայց որ այդ առումով էլ քո հաշիվներն ունեիր, չեմ կասկածում։ Ասենք՝ հիմա այդ կարևոր չէ։ Կարևորը, որ ես գտա իմ հարսնացուին։

ՎԱՆԱՀԱՅՐ — Այդ մասին դեռ կխոսենք, սեպուհ։ Հակոբո՛ս։

Հակոբոսը հայտնվում է միանգամից։

ՎԱՆԱՀԱՅՐ — Հակոբոս, սեպուհին իմ խուցն ուղեկցիր։ Սպասիր ինձ այնտեղ, սեպուհ։ Մեր պատվական գինուց հրամցրու սեպուհին, Հակոբոս…

ՍԵՊՈՒՀ — Հուսով եմ, աղջկան ոչինչ չի պատահի, հայր սուրբ…

ՎԱՆԱՀԱՅՐ — Գնա, սեպուհ։ Ուղեկցիր սեպուհին, Հակոբոս։

Սեպուհն ու Հակոբոսը գնում են։

ՎԱՆԱՀԱՅՐ – Մարիա՛մ…

ՄԱՐԻՆՈՍ — (ընդհատելով)։ Որքա՞ն ժամանակ է, որ գիտես, հայր սուրբ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Մեկ տարի առաջ, երբ սկսվեց տենդը։

ՄԱՐԻՆՈՍ — Հիշում եմ, ես էլ հիվանդացա։

ՎԱՆԱՀԱՅՐ — Դու ուշագնաց էիր եղել խցումդ։ Վախեցած Գրիգորիսը շտապել էր ինձ մոտ։ Պառկած էիր հատակին, մարմինդ տաքությունից եփվում էր։ Մինչ Գրիգորիսը գնաց դարման բերելու, քեզ անկողին դրեցի… Ուզում էի հագուստդ հանել։ (Խաչակնքվում է։) Մեղա՜ քեզ, տեր, մատներս կուրծքդ շոշափեցին։

ՄԱՐԻՆՈՍ — (ամոթխած)։ Հայր… Հիվանդությանս ընթացքում շարունակ քեզ էի տեսնում սնարիս մոտ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Վախենում էի, որ ինձանից բացի ուրիշ մեկն էլ կբացի գաղտնիքդ։

ՄԱՐԻՆՈՍ – Ինձ ներում չկա։

ՎԱՆԱՀԱՅՐ — Թող ների ինձ տերը, սակայն ես քեզ վաղուց եմ ներել։ Հասկացել ու ներել։ Սակայն ուզում էի, որ ինքդ գաս խոստովանության։ Այս դեպքն էլ չլիներ՝ գալու էիր։ Կհանդարտվեիր, կգայիր՝ գիտեմ։

ՄԱՐԻՆՈՍ — Այնքան մեծ էր սարսափս, որ խեղճ հորս էլ խառնեցի այս ամենին։ Հանգստություն նրա հոգուն։

ՎԱՆԱՀԱՅՐ — Աստված մեծ է, դստրիկ։ Աղոթիր և հանդարտվիր։

ՄԱՐԻՆՈՍ — Հայր սուրբ…

ՎԱՆԱՀԱՅՐ — Այլևս ոչնչի մասին մի մտածիր։ Ամեն ինչ բարեհաջող ավարտ կունենա՝ քեզ կորդեգրեմ, և դու կմնաս ինձ մոտ՝ եկեղեցում։

ՄԱՐԻՆՈՍ — Իսկ սեպո՞ւհը։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ես կխոսեմ նրա հետ։

ՄԱՐԻՆՈՍ — Սեպուհն ինձ հանգիստ չի թողնի։ Նա երբեք չի հաշտվի հողերի կորստի հետ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ուրեմն կփրկագնեմ քեզ՝ հորդ տիրույթները նրան նվիրելով։

ՄԱՐԻՆՈՍ — (վանահոր գիրկը նետվելով)։ Հայր…

ՎԱՆԱՀԱՅՐ — Հիմա նորից ժողվիր ուժերդ, Մարինոս։ Եվ պատրաստվիր, հեռու չէ եկեղեցական դատի օրը…

ՄԱՐԻՆՈՍ — Անձս քեզ եմ վստահում, հայր, միայն թե փրկիր հոգիս։ (Համբուրում է վանահոր ձեռքը։)

ՎԱՆԱՀԱՅՐ — Օրհնյալ լինես, զավակս։ (Խաչակնքում է։) Եվ մի անհանգստացիր, պարզապես վստահիր։ Տերը քեզ պահապան։

 

ԱՐԱՐ ԵՐՐՈՐԴ

Սեպուհը, գինու գավաթը ձեռքին, շրջում է վանահոր խցում։ Ներս է մտնում վանահայրը։

ՍԵՊՈՒՀ — (գավաթը վանահորը մեկնելով)։ Խմիր, հայր սուրբ, իմ հաղթության առթիվ և պատրաստվիր պսակադրության։

ՎԱՆԱՀԱՅՐ — Իրավունք ունես, սեպուհ։

ՍԵՊՈՒՀ — Համաձա՞յն ես… Դո՞ւ, հայր սուրբ, արյանդ հոսքը դանդաղե՞լ է վանքի ներսում, թե՞ պարզապես ծերացել ես…

ՎԱՆԱՀԱՅՐ — Միայն թե աղջի՞կն ինչիդ է պետք։ Հողերը՝ հասկանում եմ։

ՍԵՊՈՒՀ — Աղջիկն է ապահովում հողերի վերադարձը։

ՎԱՆԱՀԱՅՐ — Հողերն առանց աղջկա էլ կտամ, սեպուհ։ Իսկ աղջկան կորդեգրեմ, թող մնա ինձ մոտ՝ վանքում։

ՍԵՊՈՒՀ — Ինչի՞դ է պետք անօժիտ աղջիկը, հայր սուրբ։ Ո՞ւր կորավ զորականի քո սթափ միտքը, թույլ մի տուր զգացմունքներիդ՝ բռնանալ գիտակցությանդ վրա։

ՎԱՆԱՀԱՅՐ — Մարիամն իմ ծնկներին է սովորել իր առաջին աղոթքը։ Ես չեմ կարող լքել նրան այս դաժան ժամին։

ՍԵՊՈՒՀ — Ամուսնությունն ինձ հետ դաժան ժա՞մ ես համարում։

ՎԱՆԱՀԱՅՐ — Նա չի սիրում քեզ, սեպուհ։ Հիշիթ, թե ի՛նչը պատճառ հանդիսացավ, որ աղջիկը քողարկված վանք մտնի։ Ի՛նչը պատճառ հանդիսացավ, որ մեռնող իշխանը ստով պղծի շուրթերը. ամուսնությունը քեզ հետ, սեպուհ։ Հողերն էիր ուզում՝ կստանաս, աղջկան հանգիստ թող, դրանցից քո տիրույթներում ինչքան ասես ունես։

ՍԵՊՈՒՀ — Ինչ-որ ճիշտ է, ճիշտ՝ ունեմ։ Բայց դու ինձ զարմացնում ես։ Չլինի՞ գլխիս տակ փափուկ բարձ ես դնում։ Լավ, այսպես կանենք. եթե ոչ մի խարդախություն չանես և վերադարձնես հողերը, աղջկան քեզ կթողնեմ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Պայմանավորվեցինք։ Մարիամը քեզ թուղթ կտա, որով կհրաժարվի իր տիրույթներից՝ հօգուտ քեզ։

ՍԵՊՈՒՀ — Հրաշալի է, հայր սուրբ, թուղթը…

ՎԱՆԱՀԱՅՐ — Կստանաս դատից հետո։ Կօգնես ինձ՝ արդարացնել Մարինոս ճգնավորին։ Արդարացվելուց հետո Մարինոսը կմեկնի ուխտագնացության, Մարիամը, վերադառնալով Երուսաղեմից, կհյուրընկալվի քո ամրոցում։ Դու կստանաս թուղթն ու հողերը, ես, հուսով եմ, Մարիամին։

ՍԵՊՈՒՀ — Պատվովս եմ երդվում, հայր սուրբ, թուղթը ստանալուն պես Մարիամին անձամբ կբերեմ քեզ մոտ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Հույս ունեմ, որ հյուրընկալության օրենքները չես խախտի և աղջկա անպաշտպան վիճակից չես օգտվի։

ՍԵՊՈՒՀ — Ինչո՞ւ, որոշել ես ի՞նքդ պսակվել նրա հետ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Կհանդիպենք դատարանում, սեպուհ, երթաս խաղաղությամբ։

ՍԵՊՈՒՀ — Մի շտապիր, հայր սուրբ, ես որոշել եմ վանքում գիշերել։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ուզում ես ճգնավո՞ր դառնալ, սեպուհ։

ՍԵՊՈՒՀ — Միայն մեկ գիշեր, հայր սուրբ։ Ես քեզ հո լավ գիտեմ։ Մեկ էլ տեսար մտքովդ անցավ գիշերը խեղդել աղջկան։ Չէ՞ որ մեռած Մարիամը քեզ համար հողերի վերադարձ է նշանակում։ Այնպես որ, ավելի լավ կլինի, եթե մնամ ու հսկեմ։ Եվ մի բան էլ, հայր սուրբ, ուզում եմ նախապես զգուշացնել, եթե դատարանը Մարինոսին մեղավոր ճանաչի և մահվան դատապարտի, ես հենց դատարանում նրան կմերկացնեմ՝ շորերը վրայից պոկելով։ Իսկ հիմա բարի գիշեր, հայր սուրբ, և բարի երազներ։ (Գնում է։)

ՎԱՆԱՀԱՅՐ — (սեպուհի ետևից)։ Ջուրը չտեսած՝ իզուր բոբիկացար, սեպուհ, ոտքդ փուշ կմտնի… հանկարծ։

Ներս է մտնում Մատթեոսը։

ՎԱՆԱՀԱՅՐ — (նրա ներկայությունը զգալով): Դու ճիշտ էիր լսել, Մատթեոս։ Մարինոս ճգնավորն իսկապես իշխան Նարգիլոսի դուստրն է։

ՄԱՏԹԵՈՍ — Եվ սեպուհը ջանում էր ամուսնանալ Մարիամի հետ՝ Նարգիլոս իշխանի տիրույթները ստանալու համա՞ր։

ՎԱՆԱՀԱՅՐ — Այդ մասին նույնիսկ Մարիամը գիտեր։

ՄԱՏԹԵՈՍ — Ու այդ պատճառով, որպեսզի փրկվի սեպուհից, մտավ վանք՝ Նարգիլոսի հողերը վանքին նվիրելո՞վ։ Իսկ սեպո՞ւհը…

ՎԱՆԱՀԱՅՐ — Սեպուհը հասկացավ, որ կորցրած հարստության բանալին Մարիամն է, և հասավ մինչև Երուսաղեմ։

ՄԱՏԹԵՈՍ — Իսկ Մարինո՞սը… Թեոֆանի հղիությո՞ւնը…

ՎԱՆԱՀԱՅՐ — Վերջին երկու տարում սեպուհը քիչ դավ չնյութեց մեր գլխին՝ հողերը ստանալու նպատակով։ Սա էլ, գուցե, մի հերթական սադրանք էր…

ՄԱՏԹԵՈՍ — Կամ էլ գլխի էր ընկել Մարինոսի ով լինելը և հույս ուներ, որ մահվան վտանգը կստիպի Մարիամին բացել իր գաղտնիքը։

ՎԱՆԱՀԱՅՐ — Գուցե, չգիտեմ։

ՄԱՏԹԵՈՍ — Իսկ ինձ թվում է, արդեն գիտես, հայր սուրբ։ Եթե սեպուհը գլխատեր ինձ, ուրեմն գաղտնիքը չգիտեր։ Բայց սեպուհն ինձ կենդանի թողեց, քանի որ Մարիամի մահը նրան վերջնականապես կզրկեր իր երազած հողերից: Ես ճի՞շտ եմ մտածում, հայր սուրբ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ես ուրիշ ելք չունեմ, Մատթեոս, ես պետք է փրկեմ Մարիամին։

ՄԱՏԹԵՈՍ — Եվ դրա համար անհրաժեշտ էր իմանալ, թե ինչ գիտե սեպուհը։

ՎԱՆԱՀԱՅՐ — Այո, Մատթեոս, քո վերադառնալու հավանականությունը քիչ էր, և քո մահն իմ խղճի վրա էր՝ խոստովանում եմ։ Սակայն մտքումդ անգամ չհամարձակվես մտածել, որ այդ ամբողջը իշխան Նարգիլոսի հողերը չկորցնելու համար էր։

ՄԱՏԹԵՈՍ — Ուզում ես հավատամ, որ Նարգիլոսի հողերը քեզ պետք չե՞ն:

ՎԱՆԱՀԱՅՐ — Պետք են… որպեսզի դատից հետո սեպուհից փրկագնեմ Մարիամին, բայց դա դատից հետո, իսկ հիմա՝ որպեսզի սեպուհը չխանգարի ինձ՝ շահել դատը։ (Մի պահ լռություն։) Մի բան կա սակայն, որից վախենում եմ… Մինչև հողերը հանձնելը, մինչև Մարինոսի անհետանալն ու Մարիամի հայտնվելը, իշխանադուստրը պիտի մնա սեպուհի ամրոցում… Դու հասկանո՞ւմ ես, Մատթեոս… Վախենում եմ, որ սեպուհն օգտվի աղջկա անպաշտպան վիճակից։ Պետք է օգնել Մարիամին։

ՄԱՏԹԵՈՍ — Հրամայիր, հայր սուրբ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Մեկ անգամ քեզ արդեն ուրացել եմ, բացի այդ, վտանգն էլ մեծ է…

ՄԱՏԹԵՈՍ — Մոռանում ես, որ ես իմ ձեռքով սեպուհի առջև բացեցի Մարինոսի խցի դուռը։

ՎԱՆԱՀԱՅՐ – Մարիամը քեզ չի մեղադրում, որդյակ:

ՄԱՏԹԵՈՍ — Մարիամը՝ գուցե… (Գլուխը խոնարհում է:)

ՎԱՆԱՀԱՅՐ — Բայց ինձ առույգ զինվորներ են պետք:

ՄԱՏԹԵՈՍ – Ես պատրաստ եմ, հայր սուրբ:

ՎԱՆԱՀԱՅՐ — Հավատս առ քեզ ամուր էր, որդյակ: (Գնում են։) Փոքրիկ մի բան եմ մտածել. հիմա կգնանք Մարիամի մոտ, քեզ էլ կպատմեմ, նրան էլ։ Աստծո կամոք գուցե հաջողվի։

 

 

ԵՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

ԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — (մուրճիկով սեղանին հարվածելով)։ Դադարն ավարտված է։ Դատը ընդդեմ Մարինոս ճգնավորի, շարունակվում է։ Խոսքը տրվում է պաշտպանությանը։ (Վանահորը.) Խնդրեմ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Շնորհակալ եմ, հայր Թեոդոս։ Սակայն ես դադար եմ վերցնում։ Ոչ մի վկայություն, ոչ մի ապացույց Մարինոս ճգնավորի դեմ չկա։ Այն մասին, որ իր դստերն իբր Մարինոսն է գայթակղել, պանդոկապանը լսել է իր դստրիկից։ Դստրիկն էլ այդպես է որոշել այն պարզ պատճառով, որ գայթակղիչն է այդպես ներկայացել։ Այսինքն, եթե ես հագնեմ ճգնավորի հագուստ, ծածկեմ գլխանոցը և ներկայանամ որպես Մարինոս ճգնավոր, բոլորդ կմտածեք, որ ես հենց Մարինոս ճգնավորն եմ։ Եվ համոզված եմ, որ ոչ ոքի մտքով ոչ մի կասկած չի անցնի։ Ուրիշ ապացույց, հայր սուրբ, չկա։ Կա միայն մեկ փաստ։ Մարինոսը և նրա հետ էլի երեք ճգնավոր, որոնք վանքի պետքերը հոգալու նպատակով ճանապարհվել էին գավառ, վերադարձին մեկ գիշեր հանգրվանել են Արբակի պանդոկում։ Մեկ գիշեր, չորս ճգնավոր, մեկ կասկածյալ։ Անիմաստ գործ։ Նույն հաջողությամբ Մարինոսի տեղում ես կարող էի կանգնած լինել, եթե այդ գիշեր պանդոկում լինեի, և գայթակղիչն էլ իմ անունից հանդես գար։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Ես համաձայն եմ, սակայն սա դատ է, հետևապես պետք է լինի և դատավճիռ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Թող մեղադրող կողմը փորձի ինչ-որ բան ապացուցել։ Միայն հիշեցնեմ, հայր Թեոդոս, որ պաշտպանությունը դեռ մի վկա էլ ունի։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Ի՞նչ վկայի մասին է խոսքը։

ՎԱՆԱՀԱՅՐ — Մատթեոսի, հայր սուրբ։ Այդ գիշեր պանդոկում գիշերած երրորդ ճգնավորի։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Իսկապես։ Մյուս երկուսին լսեցինք։ Այդ դեպքում, մինչև խոսքը մեղադրող կողմին տալը, եկեք լսենք պաշտպանության վերջին վկային։ Առարկություններ կա՞ն։ (Նայում է սեպուհին։) Ուրեմն ներս հրավիրեք Մատթեոս ճգնավորին։

Ներս է գալիս Մատթեոսը։ Նույն հագուստով, ինչ Մարինոսը, գլխանոցը գլխին։ Մոտենում է Թեոդոսին, ձեռքը դնում սրա առջև դրված Ավետարանին։

ՄԱՏԹԵՈՍ — Երդվում եմ ասել ճշմարիտը և միայն ճշմարիտը։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Մատթեոս ճգնավոր, պատմիր եղելությունը՝ ինչպես որ եղել է։

ՄԱՏԹԵՈՍ — Արբակից գիշերելու սենյակ խնդրեցինք։ Ասաց, որ միայն մեկ սենյակ է մնացել։ Համաձայնվեցինք։ Ճգնավորին փափուկ անկողին պետք չէ։ Չորսս էլ փաթաթվեցինք մեր հագուստների մեջ և պառկեցինք՝ ամեն մեկս մի անկյունում։ Ես տեղափոխությունները շատ վատ եմ տանում և համարյա ամբողջ գիշերն արթուն եմ անցկացնում։ Այդ գիշեր էլ մի քանի անգամ արթնացա ու քնեցի։ Ճգնավորները բոլորն էլ իրենց անկյուններում են եղել մինչև առավոտ։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Շատ բարի, Մատթեոս ճգնավոր։ Հարցեր ունե՞ք։ Ուրեմն ազատ ես, ճգնավոր։

Մատթեոսը գնում է։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Խոսքը տրվում է մեղադրող կողմին։ Խնդրեմ, սեպուհ, շնորհ արեք։

ՍԵՊՈՒՀ — Շնորհակալ եմ, հայր Թեոդոս։ Ես զենքի մարդ եմ՝ ոչ ճարտասան։ Կասեմ հակիրճ։ Դատավարության ընթացքում ես ևս եկա այն նույն եզրակացության, ինչ վանահայրը։ Գայթակղիչը տեղյակ է եղել, թե ով կա պանդոկում և տվել է կենվորներից մեկի անունը։ Պարզ պատահականություն է Մարինոս անունը։ Նույն հաջողությամբ կարող էին մյուս երեք ճգնավորներից որևէ մեկի անունը տալ։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Կասկածելի չի՞ թվում, որ գայթակղիչը հագին ճգնավորի հագուստ ուներ։

ՍԵՊՈՒՀ — Նպատակս ճգնավորներին մեղադրելը չէ, սակայն վանքում երեսուն ճգնավոր կա։ Էլ չեմ խոսում այն մասին, որ նոր տարվա տոնակատարությանը իմ բոլոր զինվորները, չգիտես ինչու, ճգնավորի հագուստով են հայտնվում։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Ոչինչ չեմ հասկանում։ Ամբողջ կյանքումս նման դատավարություն տեսած չկամ։ Մեղադրող կողմը վերածվել է ջերմ պաշտպանի։ Այս դեպքում ինձ մնում է միայն լվանալ ձեռքերս։ Ինքներդ որոշեք՝ ինչ եք ուզում։

Ժողովրդի միջից — Թող սրտի ձայնը որոշի… Սրտի ձայնը։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ – Ի՞նչ սրտի ձայն։ Վանահայր, ինչի՞ մասին է խոսքը… սեպո՛ւհ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Թույլ տվեք, հայր Թեոդոս, հիմա կբացատրեմ։ Հին պատմություն է՝ համարյա ասք, և տեղի է ունեցել հենց այս վայրերում։ Ասում են, որ հնում այստեղ մի աղքատ մարդ է ապրել, որը շատ սիրուն աղջիկ է ունեցել։ Օրերից մի օր այս մարդու աղջկան անպատվում է տեղի իշխանի զինվորներից մեկը։ Ինչքան փնտրում է իշխանը, ինչքան չարչարվում, անպատվողին չի գտնում։ Իսկ աղջիկն իրեն գետն է գցում՝ անպատվության ամոթից ազատվելու համար։ Աղջկա մարմինը հողին են հանձնում։ Ժամանակ է անցնում, և կարծես թե ամեն ինչ մոռացվում է։ Սակայն մի օր զարմանալի մի բան է պատահում։ Գյուղը լցվում է ինչ-որ համաչափ դըմփ-դըմփոցով, որն ուշադիր լսելիս սրտի բաբախյուն էր հիշեցնում։ Ձայնը գալիս էր գետի ափից՝ այն վայրից, որտեղ թաղված էր անպատված կույսը։ Գետափին՝ աղջկա գերեզմանի առջև, գտնում են իշխանի զինվորներից մեկին՝ մեղա գալիս։ Իսկ դըմփ-դըմփոցը աղջկա սրտի ձայնն էր, որ ճանաչել էր իր դահճին։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Կապը ո՞րն է, վանահայր։

ՎԱՆԱՀԱՅՐ — Քանի որ Մարինոսի դեմ ոչ մի ապացույց չկա, առաջարկում են ականջ դնել սրտի ձայնին։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Բայց ինչպե՞ս։

ՎԱՆԱՀԱՅՐ — Թող Մարինոսը խառնվի ճգնավորների մի խմբի։ Նրանց տարբերել չի լինի՝ բոլորն էլ նման են իրար՝ իրենց երկար հագուստով ու գլխանոցներով։ Եթե Թեոֆանը կարողանա նրանց մեջ գտնել Մարինոսին, ուրեմն ճգնավորի մեղքը կապացուցվի, եթե չգտնի, Մարինոսը կարդարացվի։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Եթե դա կօգնի դատավարությանը, ես առարկություն չունեմ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ուրեմն փորձենք։ Հակոբոս, ճգնավորների մի խումբ բեր։

Հակոբոսը դուրս է գալիս։

ՍԵՊՈՒՀ — (վանահորը մոտենալով, շշուկով)։ Ի՞նչ նոր խաղեր են, հայր սուրբ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Կատարում եմ ժողովրդի պահանջը, բայց դո՞ւ ինչու ես անհանգստանում, սեպուհ, չլինի՞ վախենում ես։

Սեպուհը զայրացած նստում է իր տեղը։ Հակոբոսի հետ ներս են մտնում մի խումբ ճգնավորներ՝ հագնված Մարինոսի պես՝ երկար հագուստ և գլխանոց։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Մարինոս ճգնավոր, միացիր խմբին։

Մարինոսը միանում է խմբին։ Խումբը խառնվում է, հետո մի շարքով կանգնում։ Գլխանոցները՝ գլխներին, հայացքները՝ ներքև։ Ստացվում է միատարր զանգված։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — (նրանց նայելով)։ Իսկապես որ տարբերել չի լինի։ Բայց և այնպես, կապեք աղջկա աչքերը։

Հակոբոսը կապում է աղջկա աչքերը, ձեռքից բռնած մոտեցնում խմբին, պտտեցնում և բաց թողնելով՝ մի կողմ քաշվում։ Լռություն։ Թեոֆանը հերթով անցնում է բոլորի մոտով և քարանում սեպուհի առջև։ Բոլորի հայացքները թեքվում են սեպուհի վրա։

ՍԵՊՈՒՀ — (կանգնած տեղից մի կողմ գնալով)։ Ինչ-որ մեկը սրտի ձայն լսո՞ւմ է։ Ես որ ոչինչ չեմ լսում։ Ստիպված ենք կարճել գործը, հը՞, հայր Թեոդոս։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Որևէ մեկը գործի կարճման առթիվ առարկություններ ունի՞։

ՎԱՆԱՀԱՅՐ – Ես մի հարց ունեմ սեպուհին։ (Դեպի սեպուհը։) Խոսքն այն նույն գիշերվա մասին է, սեպուհ։ Ես ուզում եմ իմանալ, թե որտե՞ղ է եղել սեպուհը…

ՍԵՊՈՒՀ — (կտրուկ)։ Ես իմ ամրոցում էի, վանահայր։

ՎԱՆԱՀԱՅՐ — Եթե սեպուհն ասում է… Ուրեմն հարցեր չկան։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Բարի։ (Հարվածում է մուրճիկով, ոտքի կանգնում։ Մյուսները հետևում են նրա օրինակին։) Դատն ընդդեմ Մարինոս ճգնավորի կարճվում է՝ ապացույցների անբավարարության պատճառով։ Մարինոս ճգնավորն ազատ է արձակվում։ Պանդոկապան Արբակը՝ որպես բողոքող և պարտվող կողմ, պարտավորվում է վճարել դատարանի ծախքը։ Ինչպես նաև երկու հարյուր ոսկի տուգանք՝ Մարինոս ճգնավորի անվանը վնասելու համար։

Քանի որ Մարինոս ճգնավորը գտնվում է վանքի հովանավորության ներքո, վճարվելիք տուգանքն ինքնըստինքյան կանցնի վանքի գանձատանը։

ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Աղջկաս անպատվեցին, պանդոկս այրեցին, ու դեռ ե՞ս պիտի տուգանք վճարեմ։ Է՞ս էր ձեր արդարությունը, ես ձեր էդ կույր արդարության…

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — (հարված մուրճիկով)։ Եվս հարյուր ոսկի տուգանք՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար։ (Հարվածում է մուրճիկով, գնում։)

Բողոքող պանդոկապանին զինվորները դուրս են տանում։ Մյուսները հետևում են սրանց։ Բեմում մնում են Մարինոսը, սեպուհն ու վանահայրը։

ՍԵՊՈՒՀ — (ճգնավորին ցույց տալով)։ Մենք լքում ենք քեզ, հայր սուրբ, ժամանակավոր։ Հուսով եմ՝ մեզ լավ կդիմավորես։

ՎԱՆԱՀԱՅՐ — Անկասկած, սեպուհ։ Անհամբեր կսպասեմ։

ՍԵՊՈՒՀ — Երկու-երեք օրից շուտ դժվար գանք։

ՎԱՆԱՀԱՅՐ — Կարծում եմ՝ այդքան երկար չես դիմանա, սեպուհ։

ՍԵՊՈՒՀ — Երկու տարի դիմացա, երկու օր էլ կդիմանամ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ինչպես կասես, սեպուհ։ Երթաք խաղաղությամբ։

ՍԵՊՈՒՀ — Մնաս խաղաղությամբ, հայր սուրբ։ (Դուրս է գալիս ճգնավորի հետ։)

 

ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ

Վանահայրն իր սենյակում գինի է վայելում։

ՍԵՊՈՒՀ — (դրսից)։ Վանահայր, շուն շա՛ն որդի…

Վանահայրը ժպտում է, կում անում գինուց։

ՍԵՊՈՒՀ — (ներս ընկնելով, կատաղած)։ Վանահա՛յր…

ՎԱՆԱՀԱՅՐ — (ոտքի կանգնելով և գինով լի գավաթը սեպուհին մեկնելով)։ Խմիր, սեպուհ, իմ հաղթության պատվին։ Դե, տղամարդ եղիր, ի՞նչ ես լաչառ կնկա պես իրար անցել։

ՍԵՊՈՒՀ — Այս մեկը չես մարսի, հայր սուրբ, խոստանում եմ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ախր ասում էի, որ երկար չես դիմանա, սեպուհ։

ՍԵՊՈՒՀ — Ծիծաղիր, վանահայր, ծիծաղիր, քանի դեռ կարող ես։

ՎԱՆԱՀԱՅՐ — Իսկ Մատթեո՞սը։ Ո՞ւր մնաց Մատթեոսը, սեպուհ։

ՍԵՊՈՒՀ — Գրողի ծոցը։

ՎԱՆԱՀԱՅՐ — Կեցցես, սեպուհ, այս անգամ չսխալվեցիր… կամ էլ այս անգամ սխալվեցիր ու զայրույթիդ պահին, բոլորովին պատահմամբ, ապուպապերի գիրկն ուղարկեցիր տարաբախտին։ Ի՞նչ ես կարծում, ինձ ո՞րն էր պետք…

ՍԵՊՈՒՀ — Նույն կեղտն ես մնացել, վանքն էլ չկարողացավ սրբել քո հոգին։ Պատերազմները վերջացան, զինվորականներն աղքատացան… Տաքուկ տեղ գտար, հա՞, փորդ՝ կուշտ, տակդ՝ չոր, անունդ՝ սուրբ հայր։

ՎԱՆԱՀԱՅՐ — Եթե սեպուհ ծնված չլինեիր, այլ ինձ նման սովորական ռամիկ, համոզված եմ, կողքի գավառի վանքում էլ դու կտեղավորվեիր։ Հիմա բոլորին էլ տաք անկյուն է պետք և ոչ միայն հիմա, միշտ էլ այդպես է եղել ու այդպես էլ կշարունակվի։ Իսկ հիմա զսպիր զայրույթդ, զայրույթը վատ խորհրդական է, և լսիր։ Քեզ առաջարկ ունեմ, ի՞նչ կասես։

ՍԵՊՈՒՀ – Որ մինչև կոկորդս կուշտ եմ քո…

ՎԱՆԱՀԱՅՐ — Սպասիր, սեպուհ։ Ինձ քեզ նման թշնամի պետք չէ, և ոչ էլ քեզ՝ ինձ նման։ Իսկ եթե մենք դաշնակիցնե՞ր դառնանք։

ՍԵՊՈՒՀ — Մտքումդ ի՞նչ ունես, հայր սուրբ, էլի ի՞նչ ես մտածել։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ես խաղաղություն եմ առաջարկում։

ՍԵՊՈՒՀ — Խելքդ լրի՞վ գցեցիր, վանահայր։ Նարգիլոսի հողերը կռվախնձոր են մեր միջև։

ՎԱՆԱՀԱՅՐ — Կկիսենք, սեպուհ։ Հավասար կբաժանենք։

ՍԵՊՈՒՀ – Եվ դու ուզում ես, որ հավատա՞մ քեզ։ Հայր սուրբ, հողերը քոնն են, իմ ձեռքում ոչինչ չկա, իսկ դու հենց այնպես, քրիստոնեական գթասրտությունից մղված՝ ուզում ես ունեցածիդ կեսն ի՞նձ նվիրել…

ՎԱՆԱՀԱՅՐ — Տեսնո՞ւմ ես, ինչ թանկ եմ գնահատում քո բարեկամությունը, սեպուհ։ Այս պահին, այո, ես եմ շահել։

ՍԵՊՈՒՀ — Միայն թե չհավատաս, որ երբևէ կհաշտվեմ հողերի կորստի հետ։ Ես ամեն քայլի կդիմեմ, լսո՞ւմ ես, հայր սուրբ, ցանկացած քայլի, միայն թե ետ բերեմ կորցրածը։

ՎԱՆԱՀԱՅՐ — Չեմ էլ կասկածում, սեպուհ։ Կարող եմ նույնիսկ ասել, թե որն է իմ թույլ օղակը՝ իշխանադուստր Մարիամը։ Այս պահին նա ատում է քեզ…

ՍԵՊՈՒՀ — Բայց կյանքը փոփոխական է, հայր սուրբ։ Գուցե վաղն ընդունի իմ առաջարկությունը…

ՎԱՆԱՀԱՅՐ – Եվ վանքից ետ պահանջի իր օժիտը։ Տեսնում եմ, որ ինձ հասկանում ես, սեպուհ, հենց այդ պատճառով էլ առաջարկում եմ կիսել հողերը, հասկանո՞ւմ ես, սեպուհ…

ՍԵՊՈՒՀ — Հասկանում եմ, հայր սուրբ։ Հողերի կեսը՝ ինձ, Մարիամի գլուխը՝ քեզ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ոչ միայն ինձ։ Մարիամի գլուխը քեզ էլ է պետք, սեպուհ։ Մի օր դու կհոգնես Թեոֆանից, ու նա բոլորին կպատմի, թե ով է իր որդին։ Բայց դա դեռ ոչինչ։ Վաղը նույնիսկ դատավարություն կպահանջի՝ որդու ոտնահարված իրավունքները հաստատելու և պաշտպանելու համար։

ՍԵՊՈՒՀ – Եվ դու կօգնես նրան, հայր սուրբ, այնպես չէ՞։

ՎԱՆԱՀԱՅՐ — Իհարկե։ Չէ՞ որ թույլերին և անպաշտպաններին օգնելը եկեղեցու պարտականությունն է։ (Արագ։) Բայց մեզանից բացի, Մարիամ-Մարինոսի գլուխը պետք է նաև ժողովրդին։ Ուրեմն եկ գոհացնենք նրան, թույլ տանք արբել Մարինոսի արյամբ։ Դրանից ժողովուրդը կընկնի խաբկանքի մեջ։ Կսկսի հավատալ, որ ինքը կարող է թելադրել իշխանություններին։ Իսկ քեզանից թույլին միշտ էլ ավելի ներողամտորեն ես վերաբերվում։ Այնպես չէ՞, սեպուհ։

ՍԵՊՈՒՀ — Բայց դիակը պատանելիս այդ նույն ժողովուրդը կհասկանա, որ խաբվել է, ու այն ժամանակ…

ՎԱՆԱՀԱՅՐ – Ո՛վ ասաց, որ խաբվել է. ինքն է ընտրել իր զոհը, ինքը մեղադրել, ինքը մահապատիժ պահանջել։ Ուրեմն թող ինքն էլ քավի Մարինոսի մահվան մեղքը։ Իսկ մենք կհոգանք, որ նա իրեն, որքան հնարավոր է, երկա՜ր ժամանակ մեղավոր զգա և այլևս չհամարձակվի խառնվել իշխանավորի գործին։

ՍԵՊՈՒՀ — Լավ, սակայն ես ինչո՞ւ պիտի քեզ հավատամ, հայր սուրբ։ Հողերը կարող ես խոստանալ և չտալ, իսկ Մարիամի մահն իմ երազանքների վերջակետն է։ Ես ի՞նչ երաշխիք ունեմ, որ ինձ չես խաբում։

ՎԱՆԱՀԱՅՐ – Ոչ մի, սեպուհ, բայց ուրիշ ելք էլ չունես։ Հողերն իմն են, աղջիկը՝ նույնպես։ Չես էլ հասցնի մոտենալ՝ ինքնասպան կլինի։ Խանգարել չես կարող, մեղադրել՝ առավել ևս, գուցե դեռ մի բան էլ ինքդ պատասխան տաս հետապնդման և դրանով խեղճին ինքնասպանության մղելու համար։ (Մի պահ դադար։) Բայց կա և մյուս կողմը։ Իմ այգիները կտրտված են, արտերը՝ հրդեհված։ Ինձ զինադադար է պետք, սեպուհ։ Այս վերջին երկու տարում իմ գանձատուն ոչինչ չի մտել։ Իմ ամբողջ եկամուտը, ուժն ու եռանդը քեզ դիմագրավելու վրա է ծախսվել։

ՍԵՊՈՒՀ – Ես ինքս էլ մի օրի չեմ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Այ, տեսնո՞ւմ ես։ Ստացվում է, որ մենք պետք ենք միմյանց։ Իսկ ի՞նչ է պետք դաշնակիցներ դառնալու համար՝ հավասարություն։ Ուրեմն, արի բաժանենք հողերը և իրար ձեռք սեղմենք։ Ի՞նչ կասես, սեպուհ։

ՍԵՊՈՒՀ — Հողերի կեսը լավ է, հայր սուրբ, նույնիսկ շատ լավ, բայց, ախր, ես սիրում եմ Մարիամին, և հողերի կեսը շա՜տ քիչ է, որպեսզի…

ՎԱՆԱՀԱՅՐ — Կտամ հողերի ուղիղ կեսը և ոչ մի մատնաչափ ավելի։ Եվ մեկ էլ վերադարձրու Մատթեոսի դին։ (Դեպի ելքը։) Կհանդիպենք դատավարությանը։ Ի դեպ, սեպուհ, քո փոխարեն ես Մարիամի դռան տակ կլուսացնեի, թե չէ, ով գիտե, գուցե կեսգիշերին մեջս արթնանա չար ոգին և խեղդի իշխանադստերը։ (Դուրս է գալիս, լսվում է նրա ծիծաղը։)

ՍԵՊՈՒՀ — Չար ոգու բաժին դառնաս, տերտեր։ (Գնում է։)

 

 

ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

ԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — (մուրճիկով սեղանին հարվածելով)։ Դադարն ավարտված է։ Նոր ապացույցների ի հայտ գալով հիմնավորված դատական քննությունը, ընդդեմ Մարինոս ճգնավորի, շարունակվում է։ (Սեպուհին.) Խնդրեմ… (Ինչ-որ բան հիշելով։) Ներողություն եմ խնդրում, սեպուհ։ (Վանահորը.) Պաշտպանության վկաներից Մատթեոս ճգնավորը շնորհ բերե՞ց…

ՎԱՆԱՀԱՅՐ — Ոչ, հայր Թեոդոս։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — (զինվորներին)։ Գտեք ճգնավորին և այստեղ ուղեկցեք։ Այ, հիմա խնդրեմ, սեպուհ։

ՍԵՊՈՒՀ — Շնորհակալ եմ, հայր Թեոդոս։ Սակայն ես կարիք չեմ տեսնում ապացուցել մի բան, որն ակնհայտ է։ Հիմնվենք փաստերին։ Վանքի պետքերը հոգալու նպատակով Մարինոսը և նրա հետ էլի երեք ճգնավոր ճանապարհվել են գավառ։ Վերադարձին, մեկ գիշեր, հանգրվանել են Արբակի պանդոկում։ Մնացյալը պարզից էլ պարզ է։ Մարինոս ճգնավորը տեսել է Թեոֆանին և գայթակղվել։ Գիշերը, երբ մյուսները պառկել են քնելու, Մարինոսը թակել է աղջկա սենյակի դուռը։ Հանցագործը, հետքերը կորցնելու համար, սովորաբար ծպտվում է։ Սակայն ո՛չ Մարինոսը, քանզի նա ամենաիսկական մոլագար է։ Ոչ հագուստն է փոխել, ոչ անունը։ Ուրիշ ո՞ւմ մտքով կանցներ այսպես բացահայտ գործել, եթե ոչ մոլագարի։ Պարզից պարզ գործ։ Մեկ գիշեր, չորս ճգնավոր և մեկ կասկածյալ Մարինոս ճգնավոր։ Մյուս երեքի անունները նույնիսկ չեն էլ հիշատակվում։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Ի՞նչ առաջարկ կա։

ՍԵՊՈՒՀ — Թող որ պաշտպանող կողմը բերի իր մեղմացուցիչ հանգամանքները, եթե այդպիսիք կան, իսկ մեղադրող կողմը մահապատիժ է պահանջում։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Քանի որ պաշտպանության վերջին վկան ուշանում է… (Ուսերն անզոր թոթվելով։) Խնդրեմ, վանահայր։

ՎԱՆԱՀԱՅՐ — Շնորհակալ եմ, հայր Թեոդոս։ Սակայն ես Մարինոս ճգնավորին պաշտպանելու ոչ մի ցանկություն չունեմ, քանզի նրա արարքն արդարացնող մեղմացուցիչ ոչ մի հանգամանք չկա։ Վանքի անունից մտնել պանդոկ, գայթակղել և անպատվել տանտիրոջ անպաշտպան դստերը… Որքա՞ն բարոյալքված պետք է լինի մարդ արարածը, որպեսզի աստծո խոսքն օգտագործի իր անասնական պահանջները բավարարելու համար։ Թեոֆանը կեսգիշերին ոչ ոքի առջև դուռ չէր բացի։ Սակայն դուռը թակողն աստծո ծառաներից էր։ Իսկ այս մեղավոր դարում, ամենքս թաթախված մեր բաժին մեղքի մեջ, միշտ էլ թողության, Աստծո ճշմարիտ խոսքի պահանջ ունենք։ Եվ աղջիկը բացեց դուռը։ Քրիստոնեական հնազանդություն պահանջելով՝ Աստծո ծառան կատարեց իր սև գործը։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Ոչինչ չեմ հասկանում։ Ամբողջ կյանքումս նման դատավարություն տեսած չկամ։ Պաշտպանող կողմը վերածվել է կատաղի մեղադրողի։

ՎԱՆԱՀԱՅՐ – Ես ճշմարտության կողմնակիցն եմ, հայր Թեոդոս։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Ես էլ ամբողջ կյանքում ճշմարտության զինվոր եմ եղել, սակայն այս պատմությունն այնքան հեղհեղուկ է և այնքան…

ԶԻՆՎՈՐ — (ներս խուժելով)։ Հայր Թեոդոս, Մատթեոս ճգնավորին գտանք իր խցում՝ կախված։

Լռություն։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Ինքնասպա՞ն է եղել։ Բայց ո՞րն է պատճառը։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ինձ թվում է, որ կարող եմ պատասխանել այդ հարցին։ Մատթեոս ճգնավորը հայտնի է որպես ազնիվ և ճշտախոս անձ։ Ընկերոջը՝ Մարինոսին, փրկելու համար Մատթեոսը սուտ երդում տվեց։ Տեղեկանալով, որ ի հայտ են եկել նոր ապացույցներ և չցանկանալով երկրորդ անգամ մեղանչել Աստծո առջև՝ Մատթեոսը վերջ է տվել իր կյանքին:

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Սակայն ինքնասպանությունը ևս Աստծո կողմից…

ՎԱՆԱՀԱՅՐ — Չարյաց փոքրագույնը, հայր Թեոդոս…

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — (զինվորին)։ Ինքնասպանները սովորաբար թուղթ են թողնում, որտեղ բացատրում են…

ԶԻՆՎՈՐ — Ոչ մի թղթի կտոր խցում չկար։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Լավ:

ՎԱՆԱՀԱՅՐ — Կարծում եմ՝ Մատթեոսի արարքը մի ավելորդ անգամ ևս ապացուցեց Մարինոսի մեղքը։

ՍԵՊՈՒՀ — Հայր Թեոդոս, մենք սպասում ենք դատարանի որոշմանը։

Լռություն։

ՎԱՆԱՀԱՅՐ — Դատարանի որոշումը, հայր Թեոդոս։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Ես լվանում եմ ձեռքերս։ Վանահայր, ինքներդ որոշեք՝ ինչ եք ուզում։

ՎԱՆԱՀԱՅՐ — Թող ժողովուրդը որոշի։ (Դեպի դահլիճը։) Դուք ինձ մեղադրում եք, որ ձեզ ոչնչի մասնակից չեմ դարձնում։ Որ հեռու եմ ձեզանից, որ ձեր ձայնն ինձ չի հասնում, որ օտար եմ ձեզ, որ ձեզ չեմ հասկանում։ Ձեր ձեռքն եմ հանձնում Մարինոս ճգնավորին՝ իմ ունեցած գառներից ամենահնազանդին և ամենասիրելիին։ Ինքներդ որոշեք՝ մեղավո՞ր է նա, թե՞ անմեղ։

Ժողովրդի միջից — Հայր սուրբը մասնակից չի՞ լինելու որոշմանը։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ինքներդ ընտրեցիք ձեր զոհը, ինքներդ դատ պահանջեցիք, ինքներդ էլ դատեք։

Լռություն։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — (մուրճիկի թույլ հարված սեղանին)։ Դատարանը գնում է խորհրդակցության։ (Ոտքի է կանգնում։ Ժողովրդին.) Դուք ինձ կհայտնեք ձեր որոշումը, ես կկատարեմ դատավորի իմ պարտականությունը՝ կենթարկվեմ։

Դուրս է գալիս։ Նրա ետևից դուրս են գալիս և մյուսները։ Մնում են Մարինոսն ու վանահայրը։ Մարինոսը նույն դիրքում է, ինչ դատավարության ընթացքում՝ ծնկի եկած։ Երբ բեմի կենտրոնում մնում են երկուսով, տեսնում ենք, որ վանահայրն էլ նույն դիրքով է՝ Մարինոսի հետ մեջք-մեջքի։ Լռություն է։ Երբեմն լսվում է խորհրդակցողների փսփսոցը։

ՎԱՆԱՀԱՅՐ — (գրպանից կերոն է դուրս բերում, դնում իր դիմաց, վառում)։ Մոմը աղոթք է՝ լուռ աղոթք։ Ես մոմ շատ եմ վառում… Դրանից հետո միշտ էլ թեթևություն ես զգում… (Գրպանից  երկրորդ կերոն դուրս բերելով՝ Մարինոսին.) Այս մեկն էլ քո անունից կվառեմ… (Ուզում է վառել։)

ՄԱՐԻՆՈՍ — Ու ի՞նչ անուն ես տալու մտքումդ՝ Մարիա՞մ, թե՞ Մարինոս։

ՎԱՆԱՀԱՅՐ — (կերոնը դանդաղ ցած դնելով։ Մի պահ լուռ է)։ Մարդը ծնվում է՝ իր հետ ծնելով իր խաչը… Որ հետո խաչվի վրան։ Սակայն երբեմն ստիպված ես լինում ուրիշներին էլ խաչել քո խաչին՝ կյանքը ծանր է… Ու խաչդ էլ է սկսում ծանրանալ։ (Կտրուկ։) Քեզ թվում է՝ ինձ ավելորդ բեռ պե՞տք է։ Ես առանց քեզ էլ խեղդվում եմ ծանրությունից։

ՄԱՐԻՆՈՍ — Պետք չէր ուրեմն այդքան մեծ խաչ վերցնել։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ընտրելու իրավունք չի տրվում։ Ամեն ինչ Աստծո կամոք է։

ՄԱՐԻՆՈՍ — Մի ծանրացիր Աստծո խաչին, վանահայր, քեզ է ձեռնտու իմ մահը, Աստծուն չխառնես։

ՎԱՆԱՀԱՅՐ — Բայց դու խաբել ես նրան, փոխել անունդ, մտել մենաստան։

ՄԱՐԻՆՈՍ — Ես մարդկանց եմ խաբել, Աստծուն հագուստով ու անվամբ չես խաբի։

ՎԱՆԱՀԱՅՐ — Դրա համար էլ պատասխան կտաս։ Մարդիկ Աստծո պես գթասիրտ չեն։

ՄԱՐԻՆՈՍ — Բայց դուք իմ մեղքերի համար չէ, որ ինձ դատում եք, այլ ձեր։ Դո՛ւ, որպեսզի ազատ վայելես հորս տիրույթները և ձեռքերիցդ մաքրես Մատթեոսի արյունը…

ՎԱՆԱՀԱՅՐ — Սեպուհը, որպեսզի ստանա հորդ տիրույթների մի մասը։ Եվ օղակն էլ, ի դեպ, Մատթեոսի պարանոցը սեպուհը գցեց, ոչ թե ես։ Բայց դե, ինքն էր մեղավոր, քիթն ամեն տեղ մտցնում էր…

ՄԱՐԻՆՈՍ — Սեպուհը, որպեսզի ազատվի իր և Թեոֆանի մեղքի պտուղից…

ՎԱՆԱՀԱՅՐ — Դա էլ կա, դեռ Թեոֆանն էլ զոհի կվերածվի ու դրանով կսրբի իր անբարո վարքը…

ՄԱՐԻՆՈՍ — Պանդոկապանը, որպեսզի ազատվի տուգանքներից…

ՎԱՆԱՀԱՅՐ — Ժողովուրդը, որպեսզի գոնե մեկ-մեկ դրության տեր զգա իրեն…

ՄԱՐԻՆՈՍ — Առանց հասկանալու, որ էլի մեկ անգամ գործիք դարձավ՝ «արարչի՞» ձեռքում։

ՎԱՆԱՀԱՅՐ — Աստծո որդին ևս մարդկության խաչին խաչվեց։

ՄԱՐԻՆՈՍ — Բայց Աստծո որդին չի կարող անվերջ խաչվել մեզ համար, այնպես չէ՞, հայր սուրբ։ Փոխանակ հասկանալու և նոր մեղքեր չգործելու, մենք ընդամենը հեշտ լուծում գտանք, ամեն անգամ, երբ ծանրանում են մեր մեղքերը, նոր քրիստոսացու ենք փնտրում։

ՎԱՆԱՀԱՅՐ — Փառավոր բախտ։ Մարդկային պատմության մեջ կմտնես որպես փրկիչ։

ՄԱՐԻՆՈՍ — Վտանգավոր մարդ ես դու, վանահայր։ Դո՞ւ ես ավելի սարսափելի, թե՞ սեպուհը։

ՎԱՆԱՀԱՅՐ – Համեմատելու բան էլ չկա։

ՄԱՐԻՆՈՍ — Թերևս։ Սեպուհը երբեք չի հասնի քեզ։ Ո՞վ է նա՝ խղճուկ մարդասպան։ Իսկ դո՜ւ… Դու հոգին ես բռնաբարում՝ ամենամաքուրը, ամենալուսավորը, Աստծո բաժինը…

ՎԱՆԱՀԱՅՐ — Մեղա՜ քեզ, տեր։ Լսիր, աղջիկ, քիչ առաջ ինքդ թվարկեցիր բոլոր նրանց, ովքեր քո մահով կազատվեն իրենց մեղքերից։ Հին պատմություն է։

ՄԱՐԻՆՈՍ — Եվ երբևիցե վախճան չի՞ ունենալու։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ոչ, քանզի մարդ արարածն ու մեղքը ամուր շաղախված մի մարմին են ու քանի դեռ թեկուզ մեկ կենդանի մարդ կա, կա նաև մեղք։

ՄԱՐԻՆՈՍ — Հետևապես ձեզ միշտ էլ պետք է մեկը, որ պատասխա՞ն տա ձեր մեղքերի համար։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ընդ որում՝ անմեղ մեկը։ Թող մարդիկ ասեն, որ եթե Աստված զոհաբերեց իր սիրելի որդուն, ուրեմն մենք էլ պիտի զոհաբերենք մեր սիրելիներին։ Սուտ արդարացում։

ՄԱՐԻՆՈՍ — Ուրեմն ինչո՞ւ ամենամաքուրները, հայր սուրբ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Մենք այնքան սև ենք, որ պարզապես ի վիճակի չենք հանդուրժել ձեր անբիծ ճերմակը։

ՄԱՐԻՆՈՍ – Ինչո՞ւ է տերն այս ամենը հանդուրժում։

ՎԱՆԱՀԱՅՐ — Որովհետև ինքն էլ է ուզում քեզ նման մաքրամաքուրներով շրջապատված լինել։

ՄԱՐԻՆՈՍ — Դրա համար էլ շտապում է իր մո՞տ տանել։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ուղղակի փրկում է ձեզ մեզանից։ Մի քիչ որ ուշացնի, ո՛վ իմանա, մեկ էլ տեսար, մեզ նման կեղտոտվեցիք։

ՄԱՐԻՆՈՍ — Իսկ չի՞ կարող հակառակը լինել։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ասում են, որ դրա համար քավարան կա, բայց երևի այնտեղ էլ տեղ չկա։ Ինձ նմանների մեղքերն այնքան շատ են, որ քառասուն օրն ի՞նչ, քառասուն տարին էլ չի հերիքի։

ՄԱՐԻՆՈՍ — Բայց ես չեմ ուզում մեռնել, հայր սուրբ, ես վախենում եմ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Կարծում ես՝ ես չե՞մ վախենում։ Այն էլ իմ մեղքերով… Ահեղ դատաստանի օրը դրանք հազիվ թե ինձ զարդարեն։

ՄԱՐԻՆՈՍ — Գիտես և շարունակում ես նորե՞րը գործել։

ՎԱՆԱՀԱՅՐ — Դիտմամբ չեմ անում, պարզապես իմ դատաստանի օրն եմ հեռացնում։

ՄԱՐԻՆՈՍ — Սխալմունքի մեջ ես, վանահայր, ընդամենը ծանրացնում ես։

ՎԱՆԱՀԱՅՐ — Գուցե… Բայց կանգ առնել այլևս չեմ կարող։

ՄԱՐԻՆՈՍ — Կարող ես, եթե…

ՎԱՆԱՀԱՅՐ — Կյանքդ փրկել չեմ կարող՝ իզուր մի խնդրիր։

ՄԱՐԻՆՈՍ – Չէ, կյանք չեմ խնդրում… Հասկացա, որ անիմաստ է, բայց գոնե օգնիր ինձ։ Ես չեմ դիմանա և վերջին պահին անպայման կյանք կաղերսեմ։

ՎԱՆԱՀԱՅՐ — (ժպտում է)։ Դու ցավ չես զգա։ Իմ դահիճն ամուր ձեռք ունի։

ՄԱՐԻՆՈՍ — Բայց մինչև այդ պահը դիմանալ է պետք։ Իսկ ես կոռնամ, հենց որ տեսնեմ նրան…

ՎԱՆԱՀԱՅՐ — (կտրուկ)։ Միայն թե չփորձես պատմել Նարգիլոսի և նրա դստեր պատմությունը, այլապես ջերմեռանդ ամբոխը տեղում կծվատի քեզ՝ աստծուն և եկեղեցուն ծաղրելու համար։

ՄԱՐԻՆՈՍ — Իսկ դու, իհարկե, կհոգաս, որ կրոնական մոլեռանդությունը կատարյալ լինի։

ՎԱՆԱՀԱՅՐ — Եվ չկասկածես։

ՄԱՐԻՆՈՍ — Չեմ էլ երազում։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ուրեմն էլ ի՞նչ ես ուզում։

ՄԱՐԻՆՈՍ — Քո մատանին, հայր սուրբ։ Ես գիտեմ, որ դրա ակնախոռոչում սպիտակ փոշի կա ու որ այդ փոշին կուլ տալուց հետո չեմ էլ հասցնի հաշվել մինչև հիսունը…

ՎԱՆԱՀԱՅՐ — Ինքնասպա՞ն ես ուզում լինել։ (Օրորում է գլուխը՝ համաձայն չէ։)

ՄԱՐԻՆՈՍ — Ինչո՞ւ… Որովհետև տերը արգե՞լք է դրել։ Բայց դրա համար ե՛ս եմ պատասխան տալու, ոչ դու։ Եվ հետո՝ քո ձեռքերը մաքուր կմնան։ Մի մեղք պակաս կգործես, հայր սուրբ, դա քեզ էլ է օգուտ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ոչ մի դեպքում։ (Մի պահ դադար։) Ես, իհարկե, կարող եմ կրկնել քո ասածը՝ տիրոջ արգելքի մասին… Դա քեզ ավելի քիչ ցավ կպատճառի, սակայն ճշմարտությունը հետևյալն է. ինքնասպաններին չեն պատանում։ Պարզապես գցում են փոսն ու ծածկում։ Իսկ ինձ պետք է, որ ճանաչեն իշխանի դստերը։ Այնպես որ ներիր, խնդրում եմ, բայց օգնել չեմ կարող։

ՄԱՐԻՆՈՍ – Ի՛նչ է, դիակս է՞լ վաճառելու ես, հայր սուրբ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ինչո՞ւ վաճառել։ Կնվիրեմ սեպուհին՝ հողերի փոխարեն։ Իսկ հորդ տիրույթներում կուսանոց կսարքեմ, որպեսզի նման դժբախտ թյուրիմացություններ այլևս չկրկնվեն։ Ու կկոչեմ սուրբ կույս Մարիամի մենաստան։

ՄԱՐԻՆՈՍ — Սրա՞ համար էիր ինձ ողջ թողել, հայր սուրբ։ Որպեսզի հետո դժբախտ թյուրիմացության զոհ, իշխանադուստր Մարիամի դին օգտագործելով՝ դեմ գնաս իշխանների կամքին և կուսանոց բացելով՝ հուսալքված հարսնացուներ ու հարուստ օժիտնե՞ր որսաս։

ՎԱՆԱՀԱՅՐ — Ինչո՞ւ որսալ։ Վանք ինքդ եկար և օժիտդ էլ ինքնակամ նվիրեցիր։ Մի կողմ դիր ատելությունդ և կտեսնես, որ այս ամենի մեջ բարիք էլ կա։ Չմտածես, թե սրանով փորձում եմ արդարացնել մեղքերս։ Չէ, նման հույսեր չունեմ։ Ուզում եմ իմանաս. չարիք գործելու հստակ նպատակ չունեմ։ Ես պարզապես իմ բաժին ճանապարհն եմ անցնում՝ ամեն վայրկյան աղոթելով, որ ճամփիս վրա ոչ ոք կանգնած չլինի։ (Կերոնը Մարինոսին մեկնելով։) Վերցրու… Անունն ինքդ որոշիր։ (Գնում է իր նախկին տեղը։)

Մարինոսը վառում է մոմը։ Ներս են մտնում հայր Թեոդոսը, սեպուհը և մյուսները։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — (իր տեղը գրավելով)։ Դատարանը սպասում է ձեր որոշմանը։

Ժողովրդի ներկայացուցիչները գրավում են իրենց տեղը։ Նրանցից մեկը մոտենում է հայր Թեոդոսին, ականջին ինչ-որ բան է շշնջում։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Պարզ է։ (Նրան ետ է մղում, ոտքի կանգնում, մուրճիկով հարվածում սեղանին)։ Ժողովուրդը… Ժողովրդի պահանջը… Մահապատիժ։ Դատավճիռը Մարինոս ճգնավորի նկատմամբ ի կատար կածվի դատավարությունից անմիջապես հետո։ Պանդոկապան Արբակն ազատվում է տուգանքներից։ Վանքը պարտավորվում է իր խնամքի տակ վերցնել Մարինոսի մեղքի պտուղը և վճարել դատական ծախքը։ (Հարված մուրճիկով։ Մի պահ լռություն։) Մարինոս ճգնավոր, դու վերջին ցանկության իրավունք ունես։

ՄԱՐԻՆՈՍ — (հայր Թեոդոսին)։ Եվ ինչ էլ խնդրեմ, կկատարվի՞։

ՍԵՊՈՒՀ — (մեջ ընկնելով)։ Ներումից բացի, ճգնավոր։ Ես ճի՞շտ եմ, հա՛յր Թեոդոս։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — (դժկամ)։ Ճիշտ ես, սեպուհ։

ՄԱՐԻՆՈՍ — Ես ուզում եմ խաղալ «Հիսուսի մատնության գիշերը»։ Դրաման համարյա պատրաստ էր, բայց չխաղացինք, որովհետև…

ՍԵՊՈՒՀ — Ի՞նչ խաղ, ի՞նչ դրամա, հա՛յր…

ՎԱՆԱՀԱՅՐ — (ընդհատելով, խիստ)։ Մահապարտի վերջին ցանկությունը քննարկման ենթակա չէ։ (Սեպուհին.) Մանավանդ, խոսքը ներման մասին չէ։

ՄԱՐԻՆՈՍ — Շնորհակալ եմ, հայր սուրբ։

ՎԱՆԱՀԱՅՐ — Տերը քեզ օգնական։

ՀԱՅՐ ԹԵՈԴՈՍ — Սկսեք ուրեմն և… ավարտեք…

 

ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ

Մարինոսը, որպես Հիսուս, 12 աշակերտների հետ նստած է գետնին, իբրև սեղանի շուրջ։

ՄԱՐԻՆՈՍ — (հացը վերցնելով, օրհնելով, հանդիսասրահ իջնելով ու բաժանելով)։ Առեք, կերեք, որովհետև այս է իմ մարմինը։ (Բաժակը վերցնելով խմում է, մեկնում հանդիսատեսին:) Խմեք դրանից ամենքդ, որովհետև այդ է իմ արյունը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար՝ ի թողություն մեղաց…

 

ՎԱՐԱԳՈՒՅՐ

Կարդացեք նաև