ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ. Ժիրայր Դադասյան

1999-ի աշնանն էր, Գեղարվեստի ակադեմիայի դահլիճի բեմում դիտեցի Շ. Բոդլերի «Չարի ծաղիկները» ներկայացումը և այդ երեկոյից հետո դարձա ինքնատիպ թատրոնի, նրա մեծառատով  տաղանդավոր դերասանների ու ղեկավարի ստեղծած Գործերի երկրպագուն:  Նաև՝ նրա «անտանիք ու անբեմ» գոյության ու գործունեության ականատես-վկաներից մեկը… առ այսօր: Չգիտեմ՝ Ժիրայրը հիշո՞ւմ է ներկայացումից հետո իմ հիացական-անպաուզա խոսքաշարը (այլ կերպ չես ասի), բայց հաստատ գիտե (ես էլ հիմա «գլուխ գովեմ»), որ երբ իրականություն դարձավ տարիների երազանքս ու 2000 թվականին լույս տեսավ «Դրամատուրգիայի» 1-ին համարը,  հանդիսիատեսի հիացմունքս վերածվել էր խմբագրի գործի որպես հոդված՝ «Ինչպես նկարել… մնջախաղ» (հեղ.՝ Նաիրա Ղազարյան): Այն ներկայացումն ու այդ համարը վաղուց պատմություն են դարձել, բայց հարգանքը, որ տածել եմ Ժիրայրի, նրա բեմադրությունների, այդքան ինտելիգենտ աուրայով այդպե՛ս ամուր թատրոնի «սանձերը» ձեռքերում պահելու, անհասցե՝  իրենց ԲԵՄԻ տեղն իմացնելու կարողության հանդեպ, միայն խորացել ու սպառնում է վերածվել ակնածանքի…  

  

Կ. Խոդիկյան — Թատերական ի՞նչ իրավիճակի հետ կհամեմատեք այս օրերը:

Ժ. Դադասյան — Ճապոնական «Կաբուկի» թատրոնում մի հասկացողություն կա՝ «Միէ»: Երբ դերասանը իր կերպարին բնորոշ դիրք է ընդունում, անշարժանում  և սպասում է իր մուտքին բեմ: Հիմա բոլորս «Միէ»-ի վիճակում ենք:

Կ. Խ. — Եթե հնարավորություն լիներ, այսօր ի՞նչ կբեմադրեիք:

Ժ. Դ. — Հոգևոր բովանդակության որևէ գործ: Վիճակը տրամադրում է հոգևոր վերաիմաստավորումների: 

Կ. Խ. — Եթե գաղտնիք չէ, գոնե հպանցիկ կբացահայտե՞ք Ձեր օրվա ժամանակացույցը:

Ժ. Դ. — Ընթերցանություն, ներկայացումների դիտում (հիմա աշխարհի լավագույն թատրոնները իրենց ներկայացումները օնլայն ցուցադրում են), ընթացքում հետևում եմ լրատվությանը, և ամենակարևորը՝ զբոսանք իմ հավատարիմ շան՝ Կայի հետ:

Կ. Խ. — Ինչո՞վ եք լցնում այս օրերի պարապուրդը:

Ժ. Դ. — Իրականում պարտադրված հաճելի հնարավորություն է ավելի շատ շփվելու ընտանիքի հետ: Մի հայտնի անեկդոտ կա այս կապակցությամբ: Երկար ժամանակ տանը մնալով, տղամարդն իր ընկերոջն ասում է. «Պատկերացնո՞ւմ ես, կինս մի հրաշալի անձնավորություն դուրս եկավ»:

Կ. Խ. – Ես չեմ կարող խախտել Մնջախաղի թատրոնի ստեղծման օրից ստեղծված ավանդույթն ու պիտի տամ այն հարցը, որը 1998 (!) թվականից (այդ թվականից Ժ. Դադասյանը թատրոնի գեղարվեստական ղեկավարն է) անբաժան է Ձեզանից. ե՞րբ սեփական տանիք կունենաք և (սև հումոր չհամարեք) ի՞նչ ընթացքի մեջ է թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքները, հատկապես այս դժվար օրերին: 

Ժ. Դ. — Վերակառուցումը  սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերին: Բավականին աշխատանք է տարվել, բայց հիմա հայտնի պատճառով կանգ է առել: Այնուամենայնիվ, մեծ հույսեր ունեմ, որ մինչև տարեվերջ կավարտենք: Համենայնդեպս, ես «Միէ»-ի դիրքով սպասում եմ:

Կարդացեք նաև