ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ.Արմեն Սաֆարյան

 

Երբ երիտասարդ, բայց արդեն «շնորհալի» գնահատականին արժանացած և ապագայի հույսեր ներշնչող ռեժիսոր Արմեն Սաֆարյանը նշանակվեց Գավառի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, անկախ, ինքնուրույն ստեղծագործելու պայծառ հեռանկարի հետ նրան սպասում էր «հաճելի անակնկալ»՝ Լևոն Քալանթարի անվան թատրոնը հիմնովին վերանորոգման մեջ էր, իսկ թատրոնի մարդիկ պատսպարվել էին… վառված դպրոցում: Հիրավի, տպավորիչ սկիզբ, որը սակայն, չխանգարեց, որ երեք տարի թատրոնը գործի, նոր բեմադրություններ արվեն, ու նույնիսկ (ինչպիսի՜ կուրաժ) Երևանից դերասաններ հրավիրվեն նման «դրախտային» պայմաններում խաղալու: Չէ, ինչ ուզում եք ասել, լավ բան է երիտասարդ, ես կասեի՝ նպատակասլաց ու համառ երիտասարդ լինելը: Ինչն է ինձ կաշառում Արմեն Սաֆարյանի կերպարում իսկապես շնորհալի բեմադրիչ ու ստեղծագործական պրոցեսի հմուտ կազմակերպիչ լինելուց բացի՝ նրա բնածին, ուրեմն և՝ ազնվական զուսպ կեցվածքը՝ թատրոնում ու թատրոնից դուրս:

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Կարինե Խոդիկյան — Թատերական ի՞նչ իրավիճակի հետ կհամեմատեք այս օրերը:

Արմեն Սաֆարյան — Խելագարության տեսարանի, որը Անտոնեն Արտոի «Դաժանության թատրոնի» տեսությունով է բեմադրված, ուղղակի պետք է պարզել, ո՞վ է Բեմադրության հեղինակը ու ե՞րբ կավարտվի:

Կ. Խ. — Եթե հնարավորություն լիներ, այսօր ի՞նչ կբեմադրեիք:

Ա. Ս. — Հիմա Ա. Բլոկ կբեմադրեի, «Արքան հրապարակում», համապատասխանում է այսօրվա իրավիճակին: Բայց, այս ամենի ավարտից հետո, մի ուրախ ու սիրո մասին արտահայտող թեմա:

Կ. Խ. — Եթե գաղտնիք չէ, գոնե հպանցիկ կբացահայտե՞ք Ձեր օրվա ժամանակացույցը:

Ա. Ս. — Ժամանակիս մեծ մասը անց եմ կացնում ընտանիքիս հետ, մասնավորապես տղայիս հետ, գիրք եմ կարդում…

Կ. Խ. — Ինչո՞վ եք լցնում այս օրերի պարապուրդը:

Ա. Ս. — Հույսով ու հավատով սպասում եմ, որ շատ շուտով կավարտվի այս իրավիճակը:

Կարդացեք նաև