ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ / Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ  

Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

(սկիզբը՝ 30.04.2020)

 

* * *

1988-ից սկիզբ առած Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հեղաշրջեց ղարաբաղցու կյանքը: Այն իր արձագանքը գտավ և թատրոնում£ Ազգի համար պատմական պահերին միշտ էլ գրողը, արվեստագետը ժողովրդի ներշնչողն ու հառաջընթացներն են եղել, զենք դարձնելով հրապարակախոսությունն ու հայրենասիրական պաթոսը` իրենց ազդեցիկ խոսքով պայքարի են կոչել ժողովրդին: Այդպես էլ 1988 թ. փետրվարին` ազգային զարթոնքի առաջին իսկ օրերին, հանդիսատեսի կողմից սիրված ու ճանաչված դերասաններ Ժաննա Գալստյանը, Բենիկ Օվչյանը, Մարգո Բալասանյանը կանգնեցին այն մտավորականների շարքերում, ովքեր իրենց կրակոտ ելույթներով ոգեկոչում էին ժողովրդին, հույս ու հավատ ներշնչում նրանց, և մարդիկ վստահում ու գնում էին նրանց ետևից£ Ժաննա Գալստյանը կատարեց ավելին. նա մարտի նետվեց և միացավ իր քարոզած գաղափարների համար մարտնչողներին` մասնակցելով Արցախի ազատագրման համար մղվող գրեթե բոլոր ռազմագործողություններին: Նրա օրինակով թատրոնի դերասաններից և բեմի աշխատողներից շատերը զենք վերցրին` սկզբում` ֆիդայական ջոկատներում, ապա` կանոնավոր բանակի շարքերում հայրենիքի պատիվը պաշտպանեցին Մարտին Ալոյանը, Մարատ Դավթյանը, Ալեքսանդր Հայրապետյանը, Ռաֆիկ Պետրոսյանը, Գագիկ Հարությունյանը, Ալեքսեյ Հայրիյանը, Իգոր Բաղդասարյանը, Մհեր Բեգլարյանը, Սուրեն Հակոբյանը£ Վերջինս զոհվեց հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերից մեկում: Թատրոնի նկարիչ Զորիկ Գալստյանը, 1992 թ. ծառայության անցնելով ԼՂՀ Ինքնապաշպանության ուժերի շտաբի գծագրական բաժնում, իր ներդրումն ունեցավ ռազմագործողությունների քարտեզագրության գործում, ծառայելով բանակում մինչև 2001 թ.:

Ստեփանակերտի թատրոնը ողջ պատերազմի ընթացքում չի դադարեցրել իր գործունեությունը£ Հրետակոծության և կենցաղային տարրական պայմանների բացակայության դեպքում էլ թատերախումբը շարունակել է պիեսներ բեմադրել և ոգևորել ժողովրդին£ Թատրոնում կազմակերպվեցին ստեղծագործական բրիգադներ, որոնք լինում էին նկուղային կյանքով ապրող ստեփանակերտցիների մոտ և հայրենասիրական բանաստեղծությունների իրենց արտասանություններով, հանրահայտ ներկայացումներից հատվածներ խաղալով հուսադրում էին նրանց` հավատ ներշնչելով հաղթանակի հանդեպ£ Գոյամարտի տարիներին թատրոնը մնաց իր կոչման բարձրության վրա, պատվով կատարելով իր ազգանվեր առաքելությունը£

Հետպատերազմյան` ոչ պատերազմի, ոչ խաղաղության տարիներին թատրոնը ազգային-ազատագրական պայքարի թեմային անդրադարձավ Վ. Հակոբյանի «Արցախյան բալլադ», Զ. Գևորգյանի «Պապ, կրակում են» և Կ. Դանիելյանի «Մենք մեր սարերն ենք» պիեսների բեմադրություններում£ Ավելի ուշ բեմական կյանք ստացան նաև արցախյան դրամատուրգիայի ժամանակահունչ գործեր. Ս. Խանյան` «Ամարասի կանթեղը», Կ. Դանիելյան` «Տո լաճ տնավեր», Վ. Բաղրյան` «Ես մնում եմ», Ա. Մանասյան` «Արա, պա ստի պեն կինի», Հ. Ավագյան` «Լուսաբացից առաջ»:

 

* * *

2016 թ. ապրիլյան առճակատման դառնաղի շունչն անցավ Արցախ աշխարհով` խաթարելով կյանքի բնականոն ընթացքը: Խաթարվեց նաև Ստեփանակերտի թատրոնի ստեղծագործական առօրյան: Դրա փոխարեն կարևվորվեց յուրաքանչյուր աշխատակցի և, մանավանդ, դերասանի քաղաքացիական կենսադիրքը: Հենց ապրիլի 2-ին առաջին կամավորականների հետ առաջնագիծ շտապեցին դերասաններ Մարտին Ալոյանը, Արշալույս Թահմասյանը, Դավիթ Ղահրամանյանը և Տիգրան Գալստյանը: Հաջորդ օրերին համազորայինների շարքերում նրանց միացան Մարատ Դավթյանը, Գենադի Առուշանյանը, Աշոտ Սարգսյանն ու Վաչագան Ապրեսյանը: Տղաները բեմական խոսքը փոխարինեցին ինքնաձիգով և 2-3 ամիս հերթափոխեցին սահմանային դիրքերում` արժանապատվությամբ կատարելով իրենց քաղաքացիական պարտքը:

Թատերախումբը, իրավիճակից ելնելով, փոքր-ինչ վերանայեց իր անելիքները. առաջնային դարձան հանդիպումները զինվորների հետ` խոսքի ուժով նրանց մարտական ոգին բարձրացնելու նպատակով:

«Եթե ուզում ես խաղաղություն` պատրաստվիր պատերազմի»,- այս բացարձակ ճշմարտությունը, հավանաբար, դեռ երկար տարիներ կմնա մեզ ուղղորդող առաջին կարգախոսը:

* * *

1995-2006 թթ. Ստեփանակերտի թատրոնի գեղարվեստական աշխատանքները ղեկավարել է ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանը, ով դեռևս 1976-1988 թթ. որպես բեմադրող ռեժիսոր աշխատել և կայացել է այս թատրոնում, հեղինակել է «Գնա մեռիր, արի սիրեմ», «Քաղքենիներ», «Եկամտավոր պաշտոն», «Ծառերը կանգնած են մահանում» և այլ բեմադրություններ£ Այս անգամ նա հաջողությամբ բեմական կյանքի կոչեց «Առլեկինը արքա», «Անդրոմաքե», «Անմեղ մեղավորներ», «Սուրբ Շուշանիկ», «Գիքորը», «Չար ոգի» և այլ թատերերկեր. թատրոնը վերագտավ իրեն:

2009 թվականին թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվում երիտասարդ ռեժիսոր Մարատ Դավթյանը, ում ջանքերով մեկտեղվում են թատերախմբի ավագ և երիտասարդ սերնդի դերասանների ուժերը ու, հենվելով այս օջախում հաստատված լավագույն ավանդույթների վրա, թատրոնը դիմակայում է ժամանակի փորձություններին և առաջ տանում ստեղծագործական աշխատանքը£ Հաջողել և ուշադրության են արժանացել նրա «Բոլերո», «Կողոպուտ կեսգիշերին», «Ես չեմ ուզում դառնալ միլիոնատեր», «Հրաժարական» բեմադրությունները:

2016 թվականին թատրոնի գեղարվեստական ղեկավարի էստաֆետը հանձնվեց երիտասարդ ռեժիսոր Ռուզաննա Խաչատրյանին, ով մշակույթի այս օջախի նախկին սաներից է, մասնագիտական ուսումնառությունը ստացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, վերադարձել է իր օջախը և ձեռնամուխ եղել թարմ շունչ հաղորդելու նրա ստեղծագործական աշխատանքներին: Հանդիսատեսի կողմից սիրվեցին հատկապես նրա հեղինակած «Սեր, ջազ, սատանա», «Աշխարհը Լոռվա ձորերում», «Օնեգին & Ռոմեո և Ջուլիետ», «Լուսաբացից առաջ» բեմադրությունները, որոնք առհավաչյան են  նրա թարմ մտածողության և պրպտուն մտքի:

Այսօր թատրոնում բեմադրություններ է հեղինակում նաև երիտասարդ ռեժիսոր Մարիա Կարապետյանը, ով, ավարտելով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, վերադարձել է ծննդավայր և կարճ ժամանակում կարողացել է հետաաքրքիր խոսք ասել հանդիսատեսին մասնավորապես` «Ավերակների պահակները», «Տիկին մինիստրուհի», «Ֆրանսիական սիրաշփոթ» «Կատուն շիկացած տանիքին» բեմադրություններով:

Ստեփանակերտի թատրոնի բազմամյա գործունեության ընթացքում միշտ էլ թատերախմբի առաջ ծառացել է երիտասարդ կադրերի պատրաստման խնդիրը£ Դեռևս 1980-ին գլխավոր ռեժիսոր Արտաշես Հովսեփյանի ջանքերով բացվեց թատրոնի առաջին դերասանական ստուդիան և գործեց մինչև 1989 թվականը` բավականին աշխատանք կատարելով երիտասարդ կադրերի պատրաստման գործում, ովքեր հետագայում աշխատեցին ոչ միայն թատրոնում, այլև մարզի գյուղական ակումբներում£

2001 թ. Լ. Հարությունյանի ղեկավարությամբ վերաբացվեց թատրոնի երկրորդ դերասանական ստուդիան, որի նպատակն էր թատրոնը համալրել երիտասարդ կադրերով£ Ստուդիային կից, մինչև 2007 թ., գործեց նաև «Աստղիկ» մանկապատանեկան թատրոնը, որը մանուկ հանդիսատեսին ուրախացրեց մի շարք գեղեցիկ տիկնիկային ներկայացումներով£

2007-2011 թթ. դերասանական ստուդիայի աշխատանքները հաջողությամբ ղեկավարեցին Վեներա Ավագիմյանը և Մարատ Դավթյանը, իսկ 2011-2019թթ. թատրոնի երիտասարդ կադրերի պատրաստման խնդիրն իր վրա վերցրեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի Շուշիի բաժանմունքը: Այն թողարկեց 21 շրջանավարտ, որոնցից 11-ը ընդգրկվեցին թատրոնի դերասանախմբում: Բացի այդ, նախորդ տարիներին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական և դերասանական բաժիններում նպատակային ուսում ստացան արցախցի մի խումբ երիտասարդներ, որոնց մի մասը, ցավոք, կուլ գնաց մայրաքաղաքային գայթակղություններին, իսկ մի մասն էլ վերադարձավ և հաջողությամբ աշխատում է թատրոնում:

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և թատրոնի ղեկավարության կողմից ձեռնարկվում է ամեն հնարավորը, որ տեղի ունենա թատերական մշակույթի արյան թարմացում, ու կայանա այն նոր սերունդը, որն ի վիճակի կլինի իրականացնելու արվեստի այս բնօրրանի ժառանգորդի իր առաքելությունը£

Այժմ թատրոնում աշխատում է երիտասարդ, խոստումնալից դերասանների մի խումբ, ում բեմական առաջին քայլերը հուսադրող են և վստահություն են ներշնչում վաղվա լավ օրվա նկատմամբ` Գենադի Առուշանյան, Դավիթ Ղահրամանյան, Մարիա Խաչատրյան, Մարիաննա Գրիգորյան, Էդվարդ Դավթյան, Օֆելյա Մարտիրոսյան, Անի Սաղյան, Լենա Մաթևոսյան, Պավել Տերտերյան, Վարդինե Հայրապետյան, Անգելինա Բաբայան, Լիլիթ Հայրապետյան և ուրիշներ£

Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի ծառայությունները գնահատվել են բոլոր ժամանակներում, իսկ դերասանները` մեծարվել ըստ արժանվույն£ 1983 թ., իր ստեղծման 50-ամյա հոբելյանի առիթով Ստեփանակերտի պետդրամթատրոնը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, իսկ 70-ամյա հոբելյանի կապակցությամբ` ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով£

* * *

Արցախյան Գոյամարտը, երանելի հաղթանակից բացի, իր հետ բերեց նաև ավերումներ£ Անկյալ վիճակում հայտնվեց նաև Ստեփանակերտի թատրոնի երբեմնի փառահեղ շենքը£ Օրախնդիր դարձավ նրա հիմնանորոգման հարցը£

2012 թ. թատրոնը կանգնեց նոր փորձության առջև. երկրի ղեկավարության որոշմամբ թատրոնի կոլեկտիվը տեղափոխվեց Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատ, որտեղ շարունակում է իր գործունեությունը£ Նոր` ոչ թատերային պայմաններն իրենց կանոններն առաջադրեցին թատերախմբին, որն ամեն ջանք գործադրում է, որ չտուժեն արվեստի այս հինավուրց օջախի ստեղծագործական աշխատանքն ու հյուրախաղային գործունեությունը£ 2015 թ. պալատի փոքր դահլիճն ու բեմը ձևափոխվեցին և փոքր-ինչ հարմարեցվեցին բեմարվեստի պահանջներին, ինչը հնարավորություն տվեց հանդիսատեսի համար պատշաճ թատերային մթնոլորտ ստեղծել, իսկ դերասանախմբին` հետաքրքիր բեմադրություններ հեղինակել: Այդուհանդերձ, թատրոնն ու հանդիսատեսը հույս ու հավատով սպասում են, որ ոչ հեռու ապագայում կվերականգնվի թատրոնի երբեմնի շքեղ շենքը, և արցախցին կունենա դասական թատրոնի ավանդույթներով վերակառուցված, տեխնիկապես հագեցված ու լավագույն հարմարություններով գեղեցիկ շինություն£ Իսկ մինչ այդ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը շարունակում է իր ստեղծագործական մաքառումները£ Այն բոլոր ժամանակներում սերունդների գեղագիտական և բարոյական դաստիարակության լավագույն օջախներից մեկն է եղել և շարունակում է մնալ այդպիսին այսօրվա դժվարին պայմաններում£

 

(շարունակելի)

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։