ՀԻՇԻՐ ՎԱՂՎԱ ՕՐԴ. ՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՄԱՐՈՒՄ

 

Նախաբանի փոխարեն

Այս հարցազրույցը, կայքի պատվերով, արվել է կորոնավիրուսային կարանտինից օրեր առաջ, երբ թատերական կյանքը եռում էր, դահլիճները լեցուն էին, իսկ թատրոնի մարդիկ սպասումով պատրաստվում էին տարվա ամենակարևոր իրադարձությանը՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը: Այն օրերին հիվանդագին երևակայության արդյունք կհամարվեր թեկուզ երկչոտ վարկածը, որ կգա մի օր, երբ կփակվեն թատրոնի դռները… Այսօր դա մեր իրականությունն է:

Գայանե Թադևոսյանի նյութը կարծես առկախվեց, մոլորվեց-մնաց կարանտինային տագնապալի օրերում, բայց հույսը, որ ամեն ինչ, անգամ համավարակը, ժամանակավոր են, իսկ Թատրոնը՝ հավերժ, հուշեց, որ պետք է դարակից հանել այս օրերի մեջ մի քիչ անսովոր հնչող հարցազրույցը: Վաղվա օրվա սպասումով… 

tatron-drama.am

 

ՀԻՇԻՐ ՎԱՂՎԱ ՕՐԴ. ՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՄԱՐՈՒՄ

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը երկարատև դադարից հետո կրկին բեմ է վերադարձրել Վինա Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» ներկայացումը: tatron-drama.am-ի հարցերին պատասխանում են թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և գլխավոր դերակատարներ Արևիկ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԸ, Անահիտ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ:

 

Գայանե ԹԱԴԵՎՈՍՅԱՆ — Ինչպե՞ս որոշեցիք կրկին բեմ վերադարձնել «Հիշիր վաղվա օրդ» ներկայացումը:

Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Այս ներկայացումը թատրոնի խաղացանկում է եղել 15 տարի առաջ: Այն կրկին բեմ վերադարձրինք՝ առաջնորդվելով թե՛ հանդիսատեսի, թե՛ մեր դերասանական խմբի պահանջով: Պիեսն ինքնին բավականին հետաքրքիր է և բոլոր ժամանակներում՝ շատ արդիական: Պիեսի հարցադրման հիմքում որդիներ, ծնող-զավակ հարաբերություններն են, որոնք, ի վերջո, տխուր ավարտ են ունենում: Ծնողներ, ովքեր 50 տարի սիրով միասին են ապրել, բայց կյանքի մայրամուտին, ֆինանսական դժվարությունների բախվելով, ստիպված են ապրել իրարից հեռու զավակների ընտանիքներում, իսկ ավարտին՝ նաև հայտնվել ծերանոցում: Հուզիչ և խոր դրամա է, նաև՝ շատ ուսուցանող: Այս ամենը նաև նկատի ունենալով, տևական դադարից հետո կրկին բեմ հանեցինք ներկայացումը:

Գ. Թ. — Երևանյան թատրոններում կարծես թե չկան կրկնակողով (դուբլյոր) ներկայացումներ, այս նախադեպը, կարելի է ասել, լավ վերադարձ է հնին:

Դ. Հ. — Այո, դերասանակազմի զգալի մասը փոխվել է, և պետք է նշեմ, որ խաղում են վաստակաշատ դերասաններ՝ և՛ երիտասարդ, և՛ միջին սերնդի: Ներկայացման մեջ զբաղված են մեր թատրոնի առաջատար, կոչումնավոր դերասանները. գլխավոր դերում Արմեն ՍԱՆԹՐՈՍՅԱՆՆ է, Լյուսի Կուպերի դերում ունենք երեք դերասանուհիներ, նրանք հերթով կխաղան: Դերասանների հետ մանրակրկիտ աշխատանք է վարել ներկայացման բեմադրիչ Ռաֆայել ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, և սա, կարծում եմ, իսկապես դերասանական ներկայացում է:

Գ. Թ. — Ինչպիսի՞ն են ներկայացման արձագանքները:

Դ. Հ. — Հանդիսատեսը թատրոնից հեռանում է մեծ գոհունակությամբ՝ խոստանալով, որ բարեկամներին ու ծանոթներին էլ խորհուրդ կտան գալ և անպայման դիտել  ներկայացումը: Շատ հուզված, տպավորված ու մտածմունքներով են հեռանում, որովհետև պիեսի հուզական դաշտի ազդեցությունը բավականին մեծ է: Ներկայացման մեջ հուզական ծանրաբեռնվածությունը, իրոք, շատ է: Մարդիկ ազդված են հեռանում դահլիճից, դրական մեկնաբանություններ գրում: Ներկայացումն ապրեց, ունեցավ և՛ իր պահանջարկը, և՛ իր հանդիսատեսը:

 

Գ. Թ. — Ո՞վ է Ձեր կերպարը և ինչպիսի՞ն է դերի Ձեր մեկնաբանությունը:

Արևիկ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ —  15 տարի առաջ էր նույն ներկայացման մեջ այլ կերպարում էի հանդես գալիս,  այժմ այլ կերպար եմ մարմնավորում: Անկեղծ ասած, ռեժիսորի հետ թեթև վեճեր ունեցել ենք, այն իմաստով, որ այստեղ զավակներն անխտիր կարծես անմեղ մեղավորներ են, յուրաքանչյուրն իր ողբերգությունն ունի և այդ պառճառով է, որ չեն կարողանում այնպիսի լուծում տալ ստեղծված թնջուկին, որը ծնողների սրտով կլինի: Ես կերպավորում եմ Կուպեր մայրիկին, որն ամբողջ կյանքը նվիրել է եղել իր ընտանիքին, զավակներին: Երբ ծնողները դիմում են զավակներին՝ խնդրանքով, որ իրենց համար փոքրիկ տուն վարձեն, անակնկալի եկած զարմանում են, ստանալով նրանց մերժումը: Այստե՛ղ է իմ կերպարի ողբերգությունը` նա քաղում է իր թույլ տված սխալի (կամ սխալների) պտուղները, բայց չի մեղադրում իր զավակներին, փորձում է արդարացնել նրանց և վարվում է այնպես, ինչպես նրանք են որոշում: Մարդկային ողբերգության ցնցող դրվագ է, երբ չսպասելով նրանց առաջարկին, ինքն է հայտնում ծերանոց գնալու իր որոշման մասին: Իմ կերպարը չափազանց խորն է, հոգեբանական, խաղարկուն, դերասանի համար շատ շահեկան: Կարծում եմ, եթե կարողանանք այս ներկայացումով ստիպել գոնե մի քանիսին մտածել, մտատանջվել, ուրեմն ինչ-որ արդյունքի հասել ենք:

Գ. Թ. —  Դիտե՞լ եք  ներկայացումը, որտեղ  նույն դերում հանդես է գալիս Անահիտ Ղուկասյանը, կերպարի նմանություններ նկատե՞լ եք:

Ա. Ս. —  Ես, իհարկե, դիտել եմ և անկեղծ կարող եմ ասել, որ մեր կերպարները միանգամայն տարբեր են: Բնավորությամբ ես շատ էմոցիոնալ եմ և ամեն ինչին շատ բուռն եմ արձագանքում, իսկ Անահիտ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ այլ կերպ զարգացրեց կերպարը: Նմանություններ գրեթե չկան, նա իր կերպարը այդպես է տեսնում, ավելի չոր, խիստ է տեսնում, ինչը, գուցե, պայմանավորված է նաև բնավորությամբ:

Գ. Թ. —  Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկը հագեցած է  հիմնականում մանկական ներկայացումներով, իսկ երեկոյան ժամերին ներկայացումները մեծահասակների համար այդքան շատ չեն:

Ա. Ս. — Երեկոյան ներկայացումներ, կարելի է ասել, միշտ ունեցել ենք, և դա կարևոր է, քանի որ սա թատրոն է և այն միայն երեխաների համար չէ: Իհարկե, մեծահասակների համար հատուկ խաղացանկ պետք է լինի: Օրինակ, հենց այս ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ: Տոմսերը շատ արագ սպառվում էին, և սա ինչ-որ չափով արդեն հաղթանակ եմ համարում: Պարզապես հիմա պետք է հատուկ խաղացանկ մտածել, որպեսզի կարողանան ոչ միայն մեծահասակները գալ, այլև դպրոցում սովորող բարձր դասարանների աշակերտները: Ներկայացումը դիտելու էին եկել նաև դպրոցական երեխաներ, և մտածում էի, որ, ի վերջո, երեխաներ են, դահլիճում աղմուկ կլինի… բայց նրանք մի շնչով դիտեցին, շատ լուռ, ես դա նկատելով՝ իսկապես շատ ուրախացա:

 

Գ. Թ. — Ինչպիսի՞ն է կերպարի Ձեր մեկնությունը:

Անահիտ ՂՈՒԿԱՍՅԱՆ — Իմ կարծիքով, այս դերը էտապային դերերից մեկն է, որը  տարեց դերասանուհու համար շատ կարևոր է: Եվ եթե նա կարողացավ խաղալ այս դերը, ուրեմն՝ ժամանակի ընթացքում ունեցել է դերասանական հարուստ ու հագեցած փորձառություն: Սա այն դերն է, որը խաղացել են Ֆաինա Ռանևսկայան, Արուս Ասրյանը, Նինել Դալլաքյանը, և ինձ համար դա շատ կարևոր է: Ես մտածում էի՝ ինձ մոտ կստացվի՞ այդ դերը, թե՞ ոչ, բայց հանդիսատեսի արձագանքներից դատելով կարող եմ ասել, որ այն լավ ընդունվեց (ստացված է), գոհ էր նաև ներկայացման ռեժիսորը: Այս դերը շատ քիչ եմ փորձել, քանի որ այդ ժամանակահատվածում թևս կոտրված էր, վիրակապված: Ես վախի զգացում ունեի, թե փորձի պակասը կանդրադառնա կերպավորման վրա, բայց, բարեբախտաբար, ամեն ինչ լավ է: Համարում եմ, որ իմ կերպարը ներքին ամուր զսպվածության տեր կին է, ով, վերջին հաշվով, ընտանիքն է պահել, ամեն ինչ ինքն է ղեկավարել: Ներկայացման մեջ կա մի տեսարան, որտեղ նա ասում է. «Որտե՞ղ եմ ես սխալվել իմ երեխաների դաստիարակության մեջ»: Ես չեմ համարում, որ նա սխալվել է, նա  մեծ սիրով է վերաբերվել իր երեխաներին և մտածել է, թե այդ սերը բավական է: Սակայն մյուս կողմից էլ՝ կա շրջապատ, մթնոլորտ, որն ազդում է մարդու վրա, ինչն, իհարկե, ցավալի է: Այս տեսանկյունից՝ պիեսը շատ կարևոր խնդիր է լուծում: Չգիտեմ ինչպես բնութագրել՝ ներքին ազատությո՞ւն, թե՞ անտարբերություն, բայց ինչ-որ մի բան է մտել մեր շրջապատ, ինչից պետք է բուժել, մաքրել:

Գ. Թ. —  Առիթ եղե՞լ է դիտելու Արևիկ Սանթրոսյանի դերակատարումը:

Ա. Ղ. — Փորձերին եմ ներկա եղել, կարում եմ, սա իմ դերն է, գուցե սխալվում եմ, բայց սա է իմ կարծիքը: Մենք երկուսս այս դերում ամեն ինչով խիստ տարբեր ենք:

Գ. Թ .-  Ինչպիսի՞ն է թատրոնի տարիքային խաղացանկը:

Ա. Ղ. — Մեր թատրոնը միշտ ունեցել է տարբեր  տարիքային ներկայացումներ մանուկների, պատանիների և մեծահասակների համար: Կա մի տարիք, որ դեռ ոչ մեծ են, բայց մանուկ էլ չեն՝ ուսանողներ, քոլեջի սաներ, և պետք է այնպիսի պիես բեմադրել, որը նրանց էլ հետաքրքրի: Կարծում եմ, լավ է, որ կան ներկայացումներ երեկոյան ժամերին:

Կարդացեք նաև