Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ / «ՓՐԿԵՔ ՄԵՐ ՀՈԳԻՆԵՐԸ»

Սկիզբը` Բնական ինտոնացիայի և սովորական մարդկանց ժամանակը

 

 

 

«Փրկենք մեր հոգիները»

1988 թվականի ազգային զարթոնքին զուգահեռ հասարակարգի անկումը հրճվալից աղմուկով ընդունող երիտասարդության համար անընկալելի ու նաև անկարևոր էր, որ առջևում փոփոխություններին ու փլուզումին դիմակայելու՝ հոգեբանական ու մարդկային բարդ փուլն էր:

Զգաստացնող կոչնակը այնժամ հնչեց տիեզերքի կենտրոն Թատերական հրապարակից ոտքի ճանապարհ Սունդուկյանի թատրոնում, երբ Գեղարվեստա թատերականի թատերագիտական մեր կուրսով գնացինք նոր ներկայացման պրեմիերային: Բեմում զարմանալիորեն մի կյանք էր, որն ընդհանրություն չուներ, ավելին՝ հակադրության մեջ էր մեր տրամադրության, երազանքների, դրսում եռացող կյանքի հետ: Հաջորդ օրվա մեր կցկտուր քննարկումներից (վաղեմի սովորություն էր, մարդ պիտի արտահայտվի) պարզ դարձավ, որ շփոթված ենք ներկայացման անսովորությունից, ուղղակի  ձգում էր, ուզում էինք էլի նայել: Եվ գնացինք կրկին նայելու «Փրկեք մեր հոգիները» ներկայացումը հայ դերասանի խաղից բավականություն ստանալու, դերասանուհու տխուր ժպիտին, դերասանի մոլոր քայլվածքին հետևելու համար:

Գ. Սունդուկյանի անվան թատրոնի՝ բեմական կարճ կյանք ունեցած և ընդամենը 11 անգամ խաղացված «Փրկեք մեր հոգիները» աննախադեպ երևույթ և արժեք է ոչ միայն այս թատրոնի, այլև հայ թատրոնի պատմության մեջ առհասարակ: Բացառիկ ներկայացումն այս կազմով և այս ժամանակում ոչ միայն պատահական չէր, այլև օրինաչափ էր, արվեստագետների ստեղծագործական ընդվզումի ու խիզախումի արդյունք: Բոլոր նախապայմանները եկան ու երջանիկ ձևով մի կետում զուգակցվեցին՝ տալով հսկայական ուժի առկայծում:

Ընդամենը 11 ցուցադրում, ու երեք տասնամյակ անց «Փրկեք մեր հոգիները» քննարկում ենք այն դիտանկյունով, թե ինչ է մնացել մեր մտապատկերում՝  խոշոր վրձնահարվածներով:  Այս վերհիշությանը մասամբ մասնակից են պիեսի հեղինակը, բեմադրիչը, դերակատարը:

Դերասանուհի Աննա Էլբակյանի պատմելով, այն ժամանակ թատրոնում երիտասարդներին թույլ էին տալիս էքսպերիմենտ անել, սակայն հանձնումից հետո տապալում էին, որի համար մի պատճառաբանություն հաստատ կար՝ ակադեմիական չէ: Երկու դեպքում միայն էքսպերիմենտը հաջողությամբ կայացավ՝ մեկը Ռազումովսկայայի «Սիրելի Ելենա Սերգեևնա»  ներկայացումն էր, որի ռեժիսորը Արմեն Էլբակյանն էր, մյուսը՝ «Փրկեք մեր հոգիները»:

Թատրոնի դերասանուհի Անահիտ Աղասարյանը ներկայացնում է, թե ինչու և ինչպես  միտք հղացավ պիես գրել. «Ես բեմադրելու մտադրություն չեմ ունեցել, գրեցի ինքս ինձ համար, նոր էի վերադարձել Շամլուղ գյուղից, երեխայիս հետ  հայտնվել էի ընկերուհուս տանը, որի եղբայրը նոր էր դուրս եկել բանտից: Ազդված էի, պատմեցի Թամար Հովհաննիսյանին, ոգևորեց, թե՝ գրի, Մհեր Մկրտչյանը մտադիր է թատրոն բացել, կբեմադրի: Վերնագիր էլ  չկար, ցույց տվեցի Աղասի Այվազյանին,  ինքն էլ ոգևորեց: Պիեսի մասին իմացավ Խորեն Աբրահամյանը, ասաց՝ Սունդուկյանում կբեմադրենք,  բայց զբաղված էր, այդ պատճառով  բեմադրեց Նիկոլայ Ծատուրյանը, ում անվերապահորեն վստահում ու հավատում էի: Ինքն էլ վերնագրեց պիեսը»:

Բեմադրիչը Արմենի դերի համար այլ դերակատարի էր նախընտրել, սակայն ի վերջո հաստատվեց Տիգրան Ոսկանյանը: Լալա Մնացականյանը Լիզայի դերի համար չորրորդ դերակատարն էր:

Նիկոլայ Ծատուրյանը հիշում է. «Հանկարծ գտնվեց չորս դերակատար, որոնք անսամբլ էին կազմում, դերասանները փորձում էին մինչև գիշերվա մեկը, փորձում էինք ինքնամոռաց: Այս ներկայացումն այնքան էր մերը, որ չէինք մտածում՝ կընդունվի՞, կհավանե՞ն թե՞ ոչ: Դա մեր երեխան էր, և վե՛րջ»: Նրանց արարքը խոսքից ավելի պերճախոս եղավ, և ներկայացումը ստիպեց դժվարահաճ քննադատի համարում ունեցող մեր դասախոս Հենրիկ Հովհաննիսյանին խոստովանել, թե «դժվարանում է ասել, մեր թատրոնում կամ մեր թատրոնից դուրս քանի անգամ է տեսել այսպիսի ճշմարտություն, և կամ մեր դերասանը քանի անգամ է կարողացել այսքան օրգանական լինել»:  Հասկանանք հետադարձ լույսով վերաիմաստավորված ներկայացման ինչը և ինչպեսը:

 

Տունը, որտեղ  չեն ուզում ապրել

Հանդիսականը լայն բացված աչքերով է հետևում  անվարագույր բեմահարթակին, բեմն ընկալելով որպես հանդիսասրահի շարունակություն, ասես ուղղակի կողքից ներկա է հարևանի տան անցուդարձին: Չկա թաքուն անկյուն, աչքի առաջ են տան ցանկապատը, պատշգամբը, լվացարանն ու ջրի շտեմարան մեծ տակառը, վերևում գտնվող սենյակների անցուդարձն էլ է տեսանելի։ Հեռանկարում, երևակայությամբ,  կարելի էր տեսնել անգամ տեղի հանքը, որը տարիներ առաջ փլվել էր տան գլխավորի վրա, խլել ընտանքի հոր կյանքը, խարխլել տան հիմքը։  Գյուղական մեկուսի մի տուն, որը ժամանակին եղել է բարգավաճ, հիմա անվերադարձ քանդվում է, ժամանակն էլ ի վնաս տան է աշխատում: Ու չի էլ մտածվում, թե գունաթափ ցանկապատը պիտի նորոգվի, անապակի լուսամուտը՝ տեսքի գա: Ժանգոտ մահճակալը, թերի, կիսատ-պռատ սուրճի սպասքը ամբողջացնում են պատկերը՝ խորացնելով անհուսությունը: Բակում լվացարան է ու հին տաշտակ, փայտե նստարան ու ջրի մեծ տակառ, որը ջրի ամբար է, նաև իբրև սեղան է ծառայում: Այս բակում են սրճում, վիճում, աղոթում, հրաժեշտ տալիս…

Տան աղջիկը՝ Լալա Մնացականյանի Լիզան, քաղաքից տուն է եկել  ընկերուհու՝ Աննայի հետ, պատշգամբում սրճում են, քույրը բացակա եղբորից է խոսում, և հանդիսականին են հասնում հատուկենտ քրթմնջոցներ, սուրճի բաժակով գուշակության պես. «Բանակում մարդ էր ծեծել, չէ, մեռնելը՝ չէր մեռել,  դատեցին,  … ամիս ա մնացել…»

 

Դատապարտվածը . Տիգրան Ոսկանյան

Հանկարծ, ասես այլ աշխարհից, գիշերով գալիս է Արմենը՝ անառակ որդին:

Տպավորվել  է Տիգրան Ոսկանյանի Արմենի մուտքը՝ ուղիղ չնայող հայացք, սափրած գլուխ, նիհարությունից կորացած, դեռահասի չկազմավորված և երկար ոտքեր ու չկառավարվող ձեռքեր,  հյուրի-ժամանակավորի պահվածք: Որդու անսպասելի վերադարձը հարազատ մորն ավելի շատ զգաստացնում, քան ուրախացնում է:

Արմենը տուն է վերադարձել դառնացած հոգով, գլուխն առնելու-փախչելու մտադրությամբ, սակայն խրվում-մնում անհույս ու անհեռանկար հարազատ տանը: Իրականությունը չի գոհացնում, ինքը չի ուզում աշխատել հոր տեղը, անկախ խոսքերից՝ նա ներքուստ հաշտ չէ իր և այս աշխարհի հետ, և դա իր ողբերգական մեղքն է, թե չէ ապրում են, էլի, մարդիկ: Ոսկանյան-Արմենը միստիկ հայեցողի պես լուռ է, ծույլ թմրամոլ, միաժամանակ գողականի չափ հողեղեն, ռեալ, ընկած-ելած, պոռթկուն բռնարար է, անհաշտ ու կոնֆլիկտային: Ո՞վ է վերջապես մեր մտքում իդեալականացված կերպար  Արմենը, ինչո՞ւ ենք ուզում իրենից բաներ սովորել, այդ ի՞նչ գիտի կալանավորը, կալանավոր այս երկրում, գյուղում, տանը: Ինչո՞ւ ենք նրանից ակնածում, ի՞նչ անիմանալի խորք ունի…  Գլխավոր հերոսը դուրս է այս աշխարհից, այս ամենից, տուն ու աշխարհն իր տեղը չեն, և անպատկերացնելի է մոր երազած՝ նրա ընտանեկան երջանկությունը հարևանի օժիտով, երկար ծամերով աղջկա հետ:  Ինչի՞ մասին է լռում այս տղան, ինչո՞ւմ է նրա խաչի ծանրությունը, որը նրան դատավոր է կարգում, այս ի՞նչ կալանավոր-դատավոր է: Արժանապատիվ, անհասկանալի, անբացատրելի, զգաստության կոչող հեգնանք կա դերասանի խաղում, երբ զայրույթի պահին կատվի պես ոստնում է, աղաղակում, երբ, հազիվ զսպելով զայրութը, ատամների արանքից է խոսում-զայրանում  մոր միամտության, անհասկացողության, սկլերոզի, չհիշելու վրա: Մտապահվել է միշտ չափի մեջ, ինքնահեգնանքով, զուսպ ու անհասկանալի, նուրբ ու անհեռանկար սիրախաղը հյուրի հետ:

Հանդիսականը սիրում է հերոսի, որը հակահերոս է, անգամ բեմի վրա հարվածում է մորը, հանդիսականի առաջ մանրամասնորեն թմրանյութ է ներարկվում. այսպիսի բաներն առաջին անգամ էին սովետական բեմում: Առաջին անգամ էլ սովետահայ բեմից հնչեց «Հայր մերը»՝ կալանավորի, դատապարտվածի շուրթերից:

Թատրոնը պլաստիկայի և խոսքի աշխարհ է, և այս ներկայացումից տպավորվել է Լիզայի հոգնած քայլվածքը, Աննայի բարի, կարեկից ու միաժամանակ բացակա ժպիտը, երբ սիրահարվում է մեկնելուց առաջ, կարծես մի պահ տատանվում կանգնում, բայց ասես ականջին է հասնում Արմենի չասված խոսքերը.

Ուրիշ է իմ կարոտը անբառ,

Չկա փրկության մի երկիր,

Չկա փրկության ճանապարհ (Չարենց): 

Դոստոևսկին իր կերպարի մասին ասել էր. «Վեպիս հերոս Միշկինը եթե ծիծաղելի չէ, ունի ուրիշ համակրելի մի գիծ՝ անմե՜ղ է»:  Տիգրան Ոսկանյանի Արմենը անմեղ չէ, սակայն ուղեկորույս, տառապյալ ու անօգնական  երեխա՜ է. հանդիսականը նրան ընկալում է մոր աչքերով:

 

Ես եմ մայրը. Լյուսյա Հովհաննիսյան

Սունդուկյանի թատրոնի հիմնասյուն դերասանուհիներից Լյուսյա Հովհաննիսյանը տարիներ անց հեռուստաէկրանից խոստովանել է. «Ես խաղացել եմ Շամիրամ, Կլիտեմնեստրա, էլի շատ կերպարներ, սակայն այդ բոլոր դերերը աստիճաններ էին, որպեսզի կարողանամ խաղալ Մոր դերը»:  Անհավակնոտ ու հանճարեղ դերակատարում. ժամանակների հեռվից այսպես է բնութագրվում Լյուսյա Հովհաննիսյան- մայրը:  Նա իր կյանքի մայրամուտն ապրում է ասես ինքնահոսի տրված, քանի որ էլ ոչինչ առաջվա պես չէ: Ամեն ինչն է շավղից դուրս սայթաքել, մայրը չի  տիրապետում իր ընտանիքի վարքագծին, չի որոշում ոչինչ, ամուսնու մահից հետո բնակավայրը  անտանելի բեռ է դարձել նաև նրա համար, թեև  տարիքի կամ բնավորության բերումով անզոր համակերպվել է: Զավակներն ընդվզել են. որդին՝ իր ձևով, քույրը՝ փախուստով, և չի էլ մտածվում, թե մայրը խորհրդատու և օգնական կարող է լինել:  Անխոս, սակայն ցավալի գիտակցումն ունի, որ զավակները չեն ուզում ապրել տանը, որտեղ մեծացել են, ծննդավայր գյուղն այլևս իրենց հայրենիքը չէ:  Տան հիմքերն ամեն անգամ ցնցվում են կողքից անցնող գնացքի դղրդյունից, և եթե ուշանում է, մայրն   անհանգստանում է. «Ո՞ւր է, ի՞նչ եղավ էդ անտեր գնացքը»: Այս կյանքն ուղղել հնարավոր չէ, նրան այլևս տրված չէ ո՛չ կարգին ուրախանալ, ո՛չ համարժեք տխրել, մնում են փոքր զբաղմունքներ ու ուրախություններ, ծերունական էգոիզմի, գլխով շատ բան անցածի համակերպություն, անչար հայացք կյանքին: Կյանքը կազմակերպելու, կարևոր զգալու, պետքական մարդ, կին զգալու նուրբ թել էր հարևան Լեռնիկին (բացակա կերպար) սրսկելը՝ ամեն օր նույն ժամին, մայրամուտիցառաջ: Կարևոր պարտականությունը պիտի իրագործել ինչ էլ որ սպասվի, անգամ եթե որդին կյանքին հրաժեշտից առաջ իր ոտքերն է լվանում:

 

Լիզան և մյուսները

Լալա Մնացականյանի Լիզան տան աղջկան՝ մանկահասակ երեխայի հետ ընտանիքի մերժվածն է նաև, տան աղջկան կիսատ պռատ են հյուրընկալում, չեն խրախուսում  նրա վարքը: Վեճի մեջ ընտանիքին սպառնում, իրեն՝ համոզում է, թե կգնա-կհեռանա քաղաք, թեև գիտե, որ օտար քաղաքը հյուրընկալ չէ: Ընտանիքը ծանր բեռ է իր փխրուն ու միայնակ ուսերի համար, եղբորն ու մորն ուզում է նեցուկ ու ապավեն լինել, միաժամանակ անկարող է անգամ ինքն իրեն օգնել: Տառապում է, մայրն իրեն չի հասկանում, կամ չի կարող օգնել, եղբայրը մեղադրում ու հասկանում է, որ ոչինչ չի կարող անել  դատարկ ձեռքերով ու հիվանդ հոգով:  Հեռանալու ժամն է, Լիզան փոթորկուն ու կռվազան վարքից հետո խաղաղվել է, չի ուզում մորը անորոշություն ու անհուսություն փոխանցել. «Լավ, այ կնիկ, արի քեզ էլ պաչեմ»: Լռում է իրեն սպասվելիքի մասին, չի ասում՝ պղտորված հոգով ու առանց կոպեկի ո՞նց է ապրելու օտար քաղաքում, մայրն ինչպե՞ս է ապրելու, ի՞նչ է սպասվում եղբորը, այլ ընդամենը մի քանի ոչինչ չասող, հոգեվիճակը թաքցնող բառեր:

Շահում Ղազարյանի թաղայինը հսկող ոստիկան լինելուց առաջ հարևան է ու տղամարդ, որը կարեկից ու օգնական է առանց գլխավորի ընտանիքի մորը: Խորհրդատու է ավելի, քան օրենքին հետևող միլիցիոներ, հարևան է ու կարեկից ընկեր: Հասկանում, խղճում է մորը, նաև որդուն, ում պիտի հսկի, սակայն պաշտպանում է օրենքի տառից: Ծանրաշարժ, տարիքն առած, շատ բան տեսած հակասական կերպար էր ստեղծել Շահում Ղազարյանը, ով գուցե իր վերջին գործն է անում, ներքին տարակույս ունի իր ծառայողական պարտքի մասին, բայց արտաքուստ պահում է կարգը, գոռգոռում-վախեցնում է, միշտ հայտնվում է անսպասելի:

Աննա Էլբակյանի Աննան  փոքր երեխայի հետ հայտնվել է ընկերուհու ընտանիքում, և ջահել գեղեցկուհին կարեկցանքի հետ նաև անհասկանալի զգացմունք է տածում երիտասարդ ու հարազատ դարձած երիտասարդի նկատմամբ: Նա տատանվում է գնալ-մնալու մեջ, և հասկանում ես, որ նրա համար ամեն տեղ նույնն է՝ ոչ լավ, ոչ վատ ընդամենը: Ինչո՞ւ է եկել  աշխարհից կտրված-անիծված այս վայրը, ուրեմն ինքն էլ է աքսորյալ-ուղեկորույս, որ երկու մանկահասակ երեխայի հետ հայտնվել է սակավամարդ գյուղի փլվող տան մեջ, ապրում է նրանց հոգսերով, իրեն մխիթարելով, որ պատսպարվելու հանգրվան ունի, երբ ուզենա՝ կհեռանա, կփախչի քաղաք, մայրաքաղաք Երևան: Միասին աղոթում են, ուտում, վիճում, կարեկից ու հոգեկից դառնում: Աննայի հոգեվիճակն ավելի է ընդգծում բեմին ու հանդիսականին համակող-միավորող անելանելիությունը:  Այս վայրն ու հայրենիքը ապագա չունեն, քրոջն ու համակրելի ընկերուհուն ճանապարհող Արմենի աչքերում կարդում  ենք, որ գնալու է. նրանց ետևից, կամ անհայտ է՝ ուր, բայց ո՛չ այստեղ: Ինքնասպանությունն էլ նրա ընդվզումն է… Գալիս ես այս ներկայացումը դիտելու Տիգրան Ոսկանյանի դատված-դատավոր կեցվածքին հետևելու, նատուրալիստական ու միաժամանակ հոգևոր խաղաոճի, նրա պառթկումների համար, տեսնելու, թե ինչպես է նա, անառակ որդին, կյանքին հրաժեշտ տալուց առաջ, առանց պաթոսի ու հերոսականության, անբառ, ասես ակամա, թասի մեջ լվանում մոր ոտքերը, ապա պոկում սրբիչը պարանից, չորացնում: Զարմանալի էր ներկայացման վերջաբանը՝ միստիկ, իմաստուն ու գեղեցիկ, հուզիչ, կիսավարտ: Բեմից դուրս կյանք կար, և թատրոնից դուրս ենք գալիս մտախոհ ու կարեկից՝ ինչպե՞ս են շարունակելու ապրել մեզ ծանոթ ու հարազատ մարդիկ այս տնից դուրս,  չէ՞ որ անպաշտպան են: Դաժան է այս իրականությունը, որին ականջալուր ու ականատես եղանք, թեև դառնացած ենք, բայց իմաստուն ենք ու խոհական, թեթև, վեհ, ասես հպված ճշմարտությանը՝  ճշմարիտ ու վերկենցաղային: Նման նրան, ինչպես Նիցշեն է ասել. «Արվեստ ու ոչինչ արվեստից բացի: Արվեստը մեզ տրված է, որպեսզի չմեռնենք ճշմարտությունից»: Գնացողները գնացին՝ մնացողներին թողնելով բաժանման փոշի և հոգու դառը խաղաղություն, և բեմում գեղարվեստական աշխարհ է, ասելիք չկա, խոսքեր չկային, ափսոսանքի կցկտուր հնչյուններ միայն:  Մթնաշաղում բաժանման թախիծ է, և Լյուսյա Հովհաննիսյան-մայրը հոդացավից, թե իր բաժին բախտից տրտնջալով սրբում է գիշերվա հետքերը…

Ընդհատում

Ներկայացումն իր ժամանակի ճիշտ թարգմանն էր, սակայն չհասավ համարժեք արձագանք-գնահատման, չունեցավ շարունակություն, թեև 1990 թվականին արժանացավ Տարվա լավագույն ներկայացում մրցանակի, մրցանակակիրներ դարձան բեմադիչ Նիկոլայ Ծատուրյանը, պիեսի հեղինակ Անահիտ Աղասարյանը, նկարիչ Սարգիս Արուտչյանը, դերակատարներ Տիգրան Ոսկանյանը, Լյուսյա Հովհաննիսյանն ու Լալա Մնացականյանը: Ներկայացումը բեմից հեռացավ, թեև իր շուրջը հիացմունք կար ու գերադրական կարծիքների առատություն:

«Սովետական արվեստ» ամսագիրը «Ճշմարտությունը միշտ նոր է» վերնագրով հրապարակում էր արել, ամրագրելով ներկայացումը չորրորդ անգամ նայող Հենրիկ Հովհաննիսյանի խոսքը. «Ներկայացումն այնպիսի լիցք է տալիս, որ ուղղակի հնարավոր չէ անտարբեր, անհույզ, անարցունք նայել… Եվ նման անկեղծ, ճշմարիտ գործ կարող է ստեղծվել միայն այսօր: Գաղափարական ծրագրերի ու գաղափարական հարկադրանքների պայմաններում դրանք ոչ թե իրականացվել, այլ մտածվել իսկ չէին կարող»:

Հետագայում Խորեն Աբրահամյանը մեկնաբանեց լուրերը, իբր մասնագիտական խանդի պատճառով ինքն է փակել ներկայացումը. «Ես պիեսից արդեն գիտեի, ինչ է ստացվելու, պիտի սպասեի բեմադրեին, նո՞ր հասկանայի: Կոլյա Ծատուրյանի ներկայացումը, որը ես շատ հավանում եմ, միայն իմ օրոք կարող էր կայանալ»:  Ն. Ծատուրյանի ասելով, թատրոնն անտարբեր ու անհաղորդ մնաց ներկայացման նկատմամբ, լավը գնահատողները քիչ են, քիչ մարդ էր գալիս ներկայացում նայելու և ճանաչված դերասանների կարծիքը շատ չէր տարբերվում ռեկվիզիտորի, բեմի բանվորի կարծիքից. «Ա դե էդ փչացած խուլիգան լակոտի մասին ներկայացում կլինի, ամոթ է, էլի, անհարմար է»:

 

Ներկայացումից քսան տարի անց Նիկոլայ Ծատուրյանի հետ հարցազրույցում թատերագետ Նունե Հախվերդյանը ահա թե ինչպես է հիշում ներկայացումը. «Ներկայացումը շոկ առաջացրեց էպոխաների բեկման ականատեսը դարձած հայ հանդիսատեսի մեջ, քանի որ բեմ բարձրացրեց շիտակ ու մոլորված մեր ժամանակակցին: «Փրկեք մեր հոգիները» մեր մասին էր, ու թվում էր, որ այն իր ետևից նոր որակի (ավելի նուրբ դերասանական կատարման ու ճանաչելի թեմայի վրա  շեշտադրում անող) թատերային  ֆորմա կարող է բերել, սակայն ներկայացումը շատ կարճ կյանք ունեցավ  ու մեծ իմաստով՝ «հետևորդներ» չունեցավ: Թատրոնը ծալեց այդ ներկայացման էջն ու կրկին վերադարձավ  դասական ու պաթետիկ թեմաներին» (168 ժամ օրաթերթ):

Հետո արդեն գոյության, ինքնության հաղթական պատերազմ էր սահմաններին, և խավար՝ հայրենիքում: «Փրկեք մեր հոգիները» ներկայացումն ասես մարգարեացել էր, և փախուստը սեփական  տնից  ու հայրենիքից դարձավ համընդհանուր ու համատարած։

Ոչ ոք չնկատեց, ու արդեն անկարևոր էր, որ ներկայացումը չունեցավ շարունակություն, աննկատ ավարտվեց-մարեց։

 

Շարունակությունը՝ հաջորդիվ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։