Երվանդ Ղազանչյան

Այսօր առաջին անգամ ես ու ինձ պես քանի-քանիսը մեկ անգամ էլ վերապրեցինք Հեռանալդ, Կորուստդ, որ քո ընտանիքինն ու ամենահարազատներինն է, բայց նաև մերն է, բոլորինս. ով թեկուզ մեկ անգամ բախտ է ունեցել շփվել քեզ հետ կամ այն երջանիկը, ով տարիների կուտակած ջերմություն ու մեկը-մյուսին հերթ չտվող հիշողություններ ունի: Այս տարի առաջին անգամ առանց քեզ շնորհակալ եղանք երջանկահիշատակ ծնողներիդ, որ այդպիսի լուսավոր, արարող հայորդի էին տվել մեզ ու Հայ Թատրոնին, առաջին անգամ հեռախոսիդ համարը չհավաքեցինք սպասումով, որ կլսենք այնքա՛ն ջերմ ու ծանոթ ձայնդ ու կվայելենք Խոսքիդ մեջ կուտակված կյանքի սերը, որի մի մասնիկն էինք նաև մենք:
Շատ սիրելի, ակնածանքի աստիճան սիրելի Երվանդ Ղազանչյան, կամ Խաչատուրովիչ ջան, ծնունդդ շնորհավոր: Հավատա, բացակայությունդ շատ-շատ է, բայց այս քաղցրուլեղի կյանքի իմաստնությունն այն է, որ ֆիզիկական բացակայությունը անուժ է գնահատանքի, ջերմության ու սիրո մշտամնա ներկայության դեմ: Ծնունդդ շնորհավոր, Վարպե՛տ:

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ