Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ / «ՁԵՐ ՏՈՄՍԱԿԸ, ԽՆԴՐԵՄ»

 

 

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ «ՁԵՐ ՏՈՄՍԱԿԸ, ԽՆԴՐԵՄ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում

 

 

Այս թատերախաղը չէր հորինվի, եթե չլիներ «Գրական ճեպընթացը»։

Ավելի ճիշտ, այս թատերախաղը չէր հորինվի, եթե Յացեկ Պացոխան չառաջարկեր մի սցենարական նախագիծ գրել ֆիլմի կամ ներկայացման համար։

Նախագծի փոխարեն գրվեց «Ձեր տոմսակը…»։

Ես շնորհակալ եմ Յացեկ Պացոխային. նա արդեն թարգմանել է այս տեքստը լեհերեն։

Ես շնորհակալ են Կարինե Խոդիկյանին, նա էլ թարգմանել է… հայերեն, որովհետև բնագիրը, հասկանալի պատճառներով, ռուսերեն է։

Ով ուզում է իրականությունից ավելին տեսնել, գնում է թատրոն։

Կամ էլ՝ նստում է գնացք։

 

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

ՁԵՐ ՏՈՄՍԱԿԸ, ԽՆԴՐԵՄ

 

Գործող անձինք

ԱԲԵԼ — 65 տարեկան

ԱՆՆԱ — 26 տարեկան

ՊԵՏԵՐ կամ ԲՐՈՒՆՈ — 38 տարեկան

ԼԱՐԱ — 40 տարեկան

ՕՍԿԱՐ — 35 տարեկան

ՄԱԼԳՈԺԱՏԱ — 52 տարեկան

ԹՈՄԱՍ — 22-25 տարեկան

1-ին ԵՐԻՏԱՍԱՐԴ — 18-20 տարեկան

2-րդ ԵՐԻՏԱՍԱՐԴ -18-20 տարեկան

ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ձայն

ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀՈՒ ձայն

Ժամանակը՝ մեր օրերը։

Տեղը՝ պայմանական։

 

Գնացքի վագոն։ Բեմառաջքում միջանցքն է, քիչ խորքում՝ չորս թե հինգ կուպե, որոնցից մեկի դուռը փակ է։

Միջանցքում կանգնած է Աննան. ծխում է՝ մոխիրը թափ տալով կիսաբաց պատուհանից դուրս, այսինքն՝ դահլիճ։ Նրա թիկունքում նստած են գործող անձերից մի քանիսը։

Ահա Աբելը՝ կենտրոնացած գիրք է կարդում։ Մալգոժատան՝ միջին մեծության զամբյու­ղը ծնկներին, իսկ հարևան կուպեում Օսկարն է, որն իր ողջ տեսքով անհամբերության մարմնացում է։

Հնչում է մեկնումի զանգը։

Ներս է նետվում Պետերը, և գնացքը նույն պահին շարժվում է՝ թեթևակի օրորելով ներկաներին։

ՊԵՏԵՐ – Չվախենա՛ք, ես ահաբեկիչ չեմ, ընդհակառակը, չափից ավելի բարի մարդ եմ։

ԱՆՆԱ (ետ է քաշվում՝ նրան ճամփա տալով)։ Ուրեմն, ձեզ սպասում են բոլոր հնարավոր դժբախտությունները։

ՊԵՏԵՐ – Իսկապե՞ս… Բայց նախ և առաջ ինձ սպասում է փառքը։ Թույլ տվեք։ (Անցնում է։) Շնորհակալություն… (Ուսից իջեցնում է պայուսակը։) Իսկ դուք որտե՞ղ եք նստում։

ԱՆՆԱ Ինչպես տեսնում եք, ես կանգնած եմ։

ՊԵՏԵՐ — (արտասանում է)։ «Աչքերը հա­ճախ են խաբում, սակայն սիրտը, որպես կա­նոն՝ երբե՛ք»։ Ավա՜ղ, սրանք իմ խոսքերը չեն, բայց ես հաճախ եմ կրկնում։ Այս բառերից հե­տո վարագույրը դանդաղ իջնում է, ու պայթում են բուռն ծափահարություններ։ (Օսկարին.) Կարո՞ղ եմ ձեր կողքին նստել։

ՕՍԿԱՐ Իհարկե, եթե ուզում եք։

ՊԵՏԵՐ — Շնորհակալ եմ։

 

Հայտնվում է Թոմասը՝ երկաթու­ղայինի գլխարկը ձեռքին, գործ­նական տեսքով անցնում միջանց­քով։

 

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Տղաս, հո չվացուցակից չե՞նք ուշանում։

ԹՈՄԱՍ — Ոչ, տիկին, իսկ ինչո՞ւ պիտի ուշա­նանք։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Ճանապարհին ամեն ինչ էլ պատահում է, երբեք նախապես չես իմանա։

ԹՈՄԱՍ — Մեր գնացքը ճշտապահ է։ (Գնում է։)

ՊԵՏԵՐ — Ճշտապահությունը գնացքների քաղաքավարությունն է։ Իսկ ես, ինչ մեղքս թաքցնեմ, միշտ չէ, որ բավարար չափով քաղա­քավարի եմ, այսինքն՝ հաճախ եմ ուշանում։ Ճիշտ է, իմ մեղքով չէ, որ այդպես է ստացվում, բայց աստիճանաբար դառնում է ոճ։ Այսօր էլ քիչ մնաց՝ ուշանայի գնացքից։

 

Աննան շարունակում է պատահա­նից դուրս նայել ու մեխանիկորեն նոր սիգարետ է հանում տուփից։

 

ՄԱԼԳՈԺԱՏԱ — (Աբելին)։ Դուք չե՞ք կար­ծում, որ նա չափից ավելի շատ է ծխում։

ԱԲԵԼ — Ես էլ չափից ավելի շատ եմ ծխում։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Բայց, մանավանդ նրա՛ն դա բնավ պետք չէ։ (Աննային.) Աղջի՛կս, ավելի լավ է՝ խնձոր կեր։ (Զամբյուղից հանում է նուրբ-ոսկեգույն երկու մեծ խնձոր։) Շատ հյու­թալի են ու թեթևակի թթվաշ…

ԱՆՆԱ Խնդրում եմ չվիրավորվեք, բայց խնձորի նկատմամբ ես անտարբեր եմ։

ՊԵՏԵՐ — Իսկ ի՞նչ եք սիրում, եթե գաղտնիք չէ։

ԱՆՆԱ Նայել պատուհանից։

ՊԵՏԵՐ — Այսինքն՝ աշխարհի՞ն։

ԱՆՆԱ Եվ ճանապարհորդել։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Ջահելները տիտիկ չեն անում, հա՜ ուզում են աշխարհ տեսնել։ Ո՞վ կա­րող է բացատրել, թե ինչու մարդիկ երջանկու­թյուն փնտրում են ամենուրեք, բայց ոչ իրենց ծնված տեղում։

ՊԵՏԵՐ — (Աննային)։ Արկածներ սիրո՞ւմ եք։

ԱՆՆԱ Ընդհանրապես օրիորդները չպետք է պատասխանեն անծանոթ տղամարդկանց հարցերին։

ՊԵՏԵՐ — Լավ, եկեք ծանոթանանք։ Անունս Պետեր է։

ԱՆՆԱ Շատ հաճելի է։

ՊԵՏԵՐ — Բայց դուք կարող եք ինձ Բրունո ասել։

ԱՆՆԱ Ի սեր Աստծո, թեկուզ Թոմաս։

ՊԵՏԵՐ — Իսկ ինչո՞ւ հատկապես Թոմաս։

ԱՆՆԱ Մեր ուղեկցորդի անունն է, դուք հենց նոր նրան տեսաք։ Ի դեպ, համակրելի տղա է։

ՊԵՏԵՐ — Չէ, ես Պետերն եմ։

ԱՆՆԱ Իսկ գուցե Բրունո՞ն։

ՊԵՏԵՐ – Ե՛վ մեկը, և՛ մյուսը՝ միաժամանակ։

ԱՆՆԱ Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվել։ Թե՞ դուք, այնուամենայնիվ, ահաբեկիչ եք ու թաքնվում եք տարբեր անունների տակ։

ՕՍԿԱՐ (ասես ինքն իրեն)։ Հուսով եմ, ձեզ­նից ոչ ոք դրանց տեսած չկա։ Գուցե միայն՝ հեռուստացույցով։

ԱԲԵԼ — (գիրքը մի կողմ դնելով)։ Չարի անու­նը տալ, նշանակում է՝ հրավեր կարդալ չարին։ Բարի խոսքե՛ր ասեք։ Օդն ինչքան լցվի դրան­ցով, այնքան հեշտ կլինի շնչելը։

ՊԵՏԵՐ — Խոնարհաբար ձեր ներողամտու­թյունն եմ հայցում, բայց դա հուզիչ սենտիմենտների բնագավառից է։

ԱԲԵԼ — Իսկ գիտե՞ք՝ ինչ է գրված այս գրքում. «Մարդ լինելն արդեն իսկ բավականաչափ սենտիմենտալ է…»։

 

Աղմուկով բացվում է դուռը։ Մի­ջանցքում հայտնվում է Լարան, ձեռքին՝ բջջային հեռախոս։

 

ԼԱՐԱ — Ի սեր Աստծո, ո՞ւմ մոտ նոր մարտկոց կա։ Կամ գոնե մի րոպեով հեռախոս տվեք։ Ես պետք է շտապ զանգահարեմ։

ՕՍԿԱՐ Ես ձեռքի հեռախոս ունեմ…

ԼԱՐԱ — Բարի եղեք… Ես կզանգեմ, կասեմ ձեր հեռախոսահամարը, նրանք ինձ հետ կկապվեն։ Ավելորդ ծախս չեք ունենա։

ՕՍԿԱՐ Ձեզ վա՞տ եք զգում։ Շատ գունատ եք։ (Ծոցագրպանից հանում է հեռախոսն ու մեկնում Լարային։) Խնդրեմ…

ԼԱՐԱ — Դե լավ, Աստված նրանց հետ, պետք չէ։ Ինչքան շատ ես բացատրություններ տալիս, այնքան ավելի մեղավոր են համարում քեզ։ Շնորհակալություն ձեր մեծահոգության համար։ տնում է կուպե, դուռը փակում։)

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Ամեն մեկն իր ցավն ունի։ Այս գեղեցիկ տիկինը հենց սկզբից էլ վախե­ցած ու դժբախտ թվաց ինձ։

ԱԲԵԼ — (գրպանից հանում է մեծ, համարյա նավապետի ծխամորճ, բայց, միտքը փոխելով, դիմում է Մալգոժատային)։ Դուք դեմ չե՞ք լինի, եթե խնձոր վերցնեմ։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Խնդրեմ, խնդրեմ։ Մեր այգու խնձորն է։

ԱԲԵԼ — Շնորհակալություն։ Սեփական այգի, ա՛յ թե ինչ երբեք չեմ ունեցել և արդեն երբեք էլ չեմ ունենա։ Շատ փոքրիկ, պատշգամբիս դի­մաց։ Երկու խնձորի ու մի բալի ծառ։ Ծաղկած բալենին գեղեցկություն է։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Բալենի էլ ունենք, առանց դրա ո՞նց կլինի։

ՊԵՏԵՐ — (Աննային)։ Կարո՞ղ եք ինձ բա­ցատրել. ինչո՞ւ այս գնացքում, առանց պատճա­ռի, բոլորն անմիջապես անկեղծանում են։ Հա­մաձայնեք, այնքան էլ ժամանակակից չէ։ Կամ էլ ես նորեկ եմ ու ինչ-որ բան դեռ չե՞մ հասկա­նում։

ԱՆՆԱ Երկար ճանապարհը մտերմացնում է։

ՊԵՏԵՐ — Այդքան երկա՞ր եք գնում։

ԱՆՆԱ Շուտով կատեմ այս գնացքը։

ՊԵՏԵՐ — Բայց ինչո՞ւ։ Սա հրաշալի գնացք է, որ ինձ տանում է դեպի հաջողությունն ու փողը։

ՕՍԿԱՐ (ասես ինքն իրեն)։ Ինչո՞ւ էր նա այդքան գունատ։ Չնայած ի՞նձ ինչ։

 

Կրկին հայտնվում է Թոմասը։

 

ԹՈՄԱՍ — (Աննային)։ Ներեցեք, բայց դուք կարող եք մրսել պատուհանի մոտ։ Հանդիպակաց քամին, իհարկե, դուրեկան է, բայց նաև՝ շատ նենգ։

ԱՆՆԱ Շնորհակալություն, Թոմաս, ինձ հա­մար դժվար կլինի ձեզնից բաժանվելը։

ԹՈՄԱՍ — (Պետերին)։ Լավ տեղավորվե՞լ եք։ Ձեր տոմսակը, խնդրեմ։

ՊԵՏԵՐ — Իհարկե, հիմա։ (Մտնում է կուպե, սկսում ստուգել անջրանցիկ թիկնոցի գրպանները. հանում է նոթատետրը, ինքնահոսը, կրկին տեղը դնում, մյուս գրպանից՝ հանում ծխա­խոտի տուփը, բանալիների կապուկը, վարոր­դական իրավունքի գրքույկ, որի մեջ էլ, վերջա­պես, գտնում է իր տոմսակը։) Ահա, ես ձրի չեմ ճամփորդում։

ԹՈՄԱՍ — (վերցնում է տոմսը՝ դակելու հա­մար)։ Ներեցեք, բայց…

ՊԵՏԵՐ — (Աննային)։ Բայց ձեր անունը դեռ չգիտեմ։

ԱՆՆԱ Անունս Աննա է։

ԹՈՄԱՍ – Ներեցեք…

ՊԵՏԵՐ – Ի՜նչ գեղեցիկ անուն է։

ԹՈՄԱՍ — Դուք շփոթել եք գնացքը։

ՊԵՏԵՐ – Ի՞նչ։

ԹՈՄԱՍ — Դուք երևի շփոթել եք կառամա­տույցները և ուրիշ գնացք նստել։

ՊԵՏԵՐ — Ասացեք, որ դա ընդամենը հիմար կատակ է։

ԹՈՄԱՍ — Ես նման կատակներ անելու իրա­վունք չունեմ, բայց դուք մի հուզվեք, առաջին իսկ կանգառում…

ՊԵՏԵՐ — Դուք լո՞ւրջ եք ասում։ Ինձ պիտի դիմավորեն ու տանեն լեռները։ Ախր, ես պայմանագիր ունեմ։

ԱՆՆԱ Իսկ ե՞րբ է հաջորդ կանգառը։

ԹՈՄԱՍ — Մոտ հինգ ժամից։ Պարոնը կա­րող է այնտեղ իջնել, սպասել մոտակա ճեպընթացին ու վերադառնալ, իսկ հետո գնալ հար­կավոր ուղղությամբ։

ՊԵՏԵՐ — Բայց դա աղե՛տ է։ Ամեն ինչ գրողի ծո՛ցը կորավ։

ԱՆՆԱ Ձեր հաջողությունն ու ձեր փողե՜րը… Ինչ խոսք, տհաճ իրավիճակ է։ Բայց դուք խուճապի մի մատնվեք, ավելի լավ է՝ զանգեք ու զգուշացրեք։ Պարոն սպան ձեռքի հեռախոս ունի և սիրով ձեզ կտրամադրի։

ՊԵՏԵՐ – Որտե՞ղ է արգելաձգանը… Ո՞ւր է, ցույց տվեք։

ՄԱԼԳՈԺԱՏԱ – Խե՜ղճ տղա։ Իսկ ի՜նչ ու­րախ էր սկզբում։

ԹՈՄԱՍ — (բռնելով Պետերին)։ Սպասե՛ք, դա հարցի լուծում չէ։ Ի՞նչ եք անելու դաշտի մեջտե­ղում։ Այստեղ ոչ մի գնացք չի կանգնում։

ԱԲԵԼ — Նա թեպետ ջահել է, բայց՝ իրավա­ցի։ Դուք միայն կծանրացնեք ձեր վիճակը։

ՊԵՏԵՐ — Բայց ես ոչ մի կաթիլ չեմ խմել։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Բոլոր փորձանքները շտապելուց են, թանկագինս, շտապելո՛ւց։

ԱՆՆԱ (հյուրասիրելով)։ Ծխեք, թեև Եվրո­պայի հարուստ կեսը այս չարիքի դեմ արդեն պայքարում է օրենսդրորեն։ Ծխեք, հանգստա­ցեք, ու մտածենք ձեր անելիքի մասին։

ԹՈՄԱՍ — Իսկ ես կնայեմ չվացուցակը։ (Գնում է։)

ՕՍԿԱՐ (Աննային)։ Ինչպե՞ս գլխի ընկաք, որ սպա եմ։

ԱՆՆԱ Միայն սպաներն են այդչափ ուղիղ պահում իրենց մեջքը, ու միայն նրանց կոշիկներն են այդպես փայլում։

 

Բացվում է դուռը, դուրս է գալիս Լարան։

 

ԼԱՐԱ — Բայց ի՜նչ երջանկություն է գնացքով գնալը և ոչ թե թռչելը։ Վերջապես կարելի է տեսնել, թե ինչ է մեզ շրջապատում, լայնահուն գետեր, կարմիր տանիքներ, պոզավոր այծ՝ ցանկապատի կողքին, անտառ…

 

Էլեկտրաքարշի շչակ։ Անիվների աղմուկն ուժգնանում է։ Գլուխը ձեռքերով փակած՝ Պետերը նստում է ծնկաչոք։ Աննան ու Լարան նայում են նրան։ Առաջինը՝ որ­պես ամենաներող մայր։ Երկրոր­դը՝ ասես դժգոհ ուսուցչուհի։

 

 

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Կառամատույց։ Բեմի խորքում կա­յարանի շենքի ուրվագիծն է, ձախ կողմում՝ երկու նստարան, աջից՝ կրպակ, որի դիմաց միոտանի սե­ղան է։ Ժամացույցի սլաքները ցույց են տալիս կեսօր։ Աբելին շատ նման, բայց ակնոցավոր տա­րեց մի մարդ հենվել է սեղանին։ Նրա դիմաց գարեջրի դատարկ գավաթ է։ Զամբյուղը ծնկներին մի կին, ճամպրուկներով շրջապատ­ված (կարծես Մալգոժատայի հա­րազատ քույրն է)՝ բազմել է նստա­րաններից մեկի վրա, իսկ կրպակի շուրջբոլորն ավլող բուֆետապանը շատ է հիշեցնում Թոմասին։ Շեն­քից դուրս եկող աղջկան հեշտ է շփոթել Աննայի հետ։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Մի բան իմացա՞ր, աղ­ջիկս։

ԱՆՆԱ Մեր գնացքը ժամանելու է մեկ ժամ ուշացումով։

ՄԱԼԳՈԺԱՏԱ – Ինչո՞վ են դա բացատրում։

ԱՆՆԱ Ոչնչով։ Ժպտում են ու ասում՝ «սո՛րրի»։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Ինչ-ի՞նչ…

ԱՆՆԱ Ցավում ենք՝ ասում են, կամ էլ՝ նե­րեցեք։ (Նստում է Մալգոժատայի կողքին, ամենափոքր ճամպրուկից հանում բարակ ժա­կետ։)

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Ճիշտ որոշում է, հագիր։ Այստեղ կարող ես մրսել. քամին չնայած դուրեկան է, բայց նաև՝ շատ նենգ։

ԹՈՄԱՍ — (Աբելին)։ Գուցե էլի՞ գարեջուր եք ուզում։

ԱԲԵԼ — Ավելի շուտ ուզում եմ գնա՛լ այստեղից, այս կայարանից, քանի դեռ չեմ… ընտելացել։

ԹՈՄԱՍ – Ինչի՞ն չեք ընտելացել, եթե գաղտնիք չէ։

ԱԲԵԼ — Կայարանին՝ հատկապես։ Այս սեղա­նիկին, մազութի հոտին, ձեր անիծված ռադիոհաղորդավարին, արդեն երկրորդ անգամ տե­ղեկատու բյուրո վազող աղջկան…

ՄԱԼԳՈԺԱՏԱ – Չե՞ք ամաչում, դուք նրան հոր տեղ եք գալիս։

ԱԲԵԼ — Այո, ջահել չեմ, դրա համար էլ դժվար եմ բաժանվում։ Եվս մի երկու ժամ՝ և մնա­ցած ամբողջ կյանքիս համար կմտապահեմ ձեզ բոլորիդ, ժամանակ առ ժամանակ կհիշեմ,- իսկ ի՞նչ եղավ այն բարեսիրտ տիկնոջ հետ, իր թանկագին զամբյուղը տեղ հասցրե՞ց անվնաս։ Կամ որտե՞ղ է արդյոք իր երջանկությունը որո­նող անդադրում այն օրիորդը, դեռ ճամփորդո՞ւմ է, թե՞ վերջապես դադարել է փնտրելուց ու դրանով իսկ՝ գտել այն։

ԱՆՆԱ Այսօր բոլորի նյարդերը լարված են, բայց դա միանգամայն բացատրելի է։

ԱԲԵԼ — (բուֆետապանին)։ Ի՞նչ է անունդ, իմ երիտասարդ բարեկամ։

ԹՈՄԱՍ — Թոմաս։

ԱԲԵԼ — Ուրեմն այսպես, թանկագին Թոմաս, մարդն իր երջանկությունը գտնում է այն դեպքում, երբ դադարո՛ւմ է այն փնտրել։

ԹՈՄԱՍ — Իսկ ի՞նչ է երջանկությունը։

ԱԲԵԼ — Հրաժարումն ամենայն ավելորդից։

ԹՈՄԱՍ — Իսկ ինչպե՞ս կհրամայեք որոշել, թե ինչն է ավելորդ, ինչը՝ ոչ։

ԱՆՆԱ Ամեն մեկը ինքը պիտի դա որոշի։ Դժվար խնդիր է, համաձայն եմ…

ԱԲԵԼ — (շրջվելով դեպի Աննան)։ Ես հիանում եմ ձեզնով։

ԹՈՄԱՍ — (Աննային)։ Ես նույնպես։

ԱԲԵԼ — Բայց ես այլ պատճառներ ունեմ։

ՄԱԼԳՈԺԱՏԱ – Երիտասա՛րդ, նրան այլևս գարեջուր չտա՛ք։

ԱԲԵԼ — Ձեր անունը չե՞ք ասի, աղջիկս։

ԱՆՆԱ Աննա։

ԱԲԵԼ — Ուրեմն այսպես, թանկագին Աննա, դուք ոսկե խոսքեր ասացիք՝ վայրկյանով կանխելով իմ նույնանման ասելիքը։ Ինձնից երկար եք ապրելու…

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Այո, հենց մեր երեխանե­րին է վիճակված ապրել այս խենթ աշխարհում։

ԱԲԵԼ — (Աննային)։ Տեսնում եմ, որ բավակա­նաչափ հասուն եք դատում։ Ուրեմն ինչո՞ւ չվերադառնալ տուն։

 

Աննան վեր է ցատկում տեղից։ Թոմասը, չհասկանալով, նայում է Աբելին։ Կայարանի շենքից սրընթաց դուրս է նետվում մի երիտա­սարդ՝ ճիշտ ու ճիշտ Պետերը։

 

ՊԵՏԵՐ — (ուսից պայուսակը իջեցնելով)։ Սատանի գործ է. հենց նոր ինձ ասացին, որ մեր գնացքը մեկ ժամ կուշանա։

ԱԲԵԼ — Մենք արդեն տեղյակ ենք այդ ուրա­խալի նորությանը։

ՊԵՏԵՐ — Ես դատական հայց կներկայացնեմ այս երկաթուղային ընկերության դեմ։ Խորհուրդ եմ տալիս ձեզ՝ նույնը անել։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Դժբախտություն պատա­հած չլինի՞ ճանապարհին։ Աստված մի արաս­ցե, մարդիկ մեղք են։

ՊԵՏԵՐ — Վթար, գնացքների բախում, կամուրջի փլուզում, լարերն են վնասվել կամ գծերն են պայթեցրել։ Բեն Լադենը, սեպարա­տիստները, որևէ հոգեգար կրոնական աղանդ։ Իսկ գուցե կուսական բնության պաշտպաննե­րը առավոտից շրջափակել են ինչ-որ քիմիա­կան բեռ, և արդյունքում տուժում են պարկեշտ մարդիկ։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Ա՜յ թե տեսարան նկա­րագրեցիք։ Մարդ սարսափում է…

ԱԲԵԼ – Ի՞նչ է որ… մեր ժամանակին բնորոշ տեսարան է։ Մենք ապրում ենք ինքնասպանու­թյան մարմաջով համակված աշխարհում։ Հա­մաձայն չե՞ք ինձ հետ, Թոմաս։

ԹՈՄԱՍ — Երևի դուք աշխարհն արդեն տե­սել եք ու հիասթափվել նրանից, բայց ես նախանձում եմ բոլոր ճանապարհորդներին։

ԱԲԵԼ — Ճիշտ եք անում։ Բայց նախապես իմացեք, որ գնալը միշտ ավելի հետաքրքիր է, քան տեղ հասնելը։

ԱՆՆԱ Այդ դեպքում ինչո՞ւ եք առաջարկում ինձ տուն վերադառնալ։

ՄԱԼԳՈԺԱՏԱ – Ա՛յ, ես կվերադառնայի, բայց պետք է որդուս մոտ հասնեմ։ Նա ուրիշ երկիր է գնացել՝ սովորելու։ Լրիվ օտար, հսկա քաղաք, իսկ ինքն այնտեղ՝ մենակ։ Ամեն տեսակի գայթակղություններ կան, ինքներդ եք հասկանում, իսկ ես նրան մի տարուց ավելի է՝ չեմ տեսել։

ՊԵՏԵՐ — Համոզված եմ՝ նա հետաքրքիր կյանքով է ապրում, երազում է ամուսնանալ ու ընդմիշտ մնալ այնտեղ։

ՄԱԼԳՈԺԱՏԱ – Ինչի՞ց եզրակացրիք։

ՊԵՏԵՐ — Բոլոր գյուղացիներն էլ երազում են քաղաքը նվաճել։ Հատկապես՝ մեծ քաղաքը։

ԱՆՆԱ Իզուր եք այդպես խոսում…

ՊԵՏԵՐ – Ինչո՞ւ։ Ես էլ եմ նրանցից։ Եկել եմ գավառից, ամուսնացել ու հիմա ապրում եմ վիթխարի քաղաքում։ Ճիշտ է, այժմ արդեն ազատ եմ…

ԱՆՆԱ Օգտագործեցիք միամիտ քաղաքա­ցուհուն ու դե՞ն շպրտեցիք։

ՊԵՏԵՐ — Լրիվ հակառակը։ Կինս չվեց Ամե­րիկա։ Մի մարզական մեկնաբանի հետ։ Ամերիկյան երազանք։ Դա շատերին է խելքահան անում։

 

Անսպասելի միանում է ռադիոն։ Տղամարդու ձայնը հաղորդում է. «Ուշադրությո՛ւն, տեխնիկական պատճառներով թիվ 99 ճեպընթա­ցի ժամանումը հետաձգվում է մինչև ժամը 15-ը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը։ Ուշադրու­թյո՛ւն…»։

Կայարանի շենքից դուրս է գալիս գլխարկով կին, Լարայի նմա­նակը։ Նա նստում է ազատ նստա­րանին, պայուսակից հանում է բջջային հեռախոսն ու համար է հավաքում։

 

ԹՈՄԱՍ — (Աբելին)։ Վերցնե՞մ ձեր գավաթը։

ԱԲԵԼ — Այո, շնորհակալություն։

Թոմասը տանում է գավաթը։

 

ԼԱՐԱ – Լիլի՞։ Ես եմ։ Ոչ, գնացքից չեմ զան­գում։ Հենց այդպես, անակնկալ է։ Նստած սպասում ենք։ Այստեղ խոսում են, որ մեր գնացքը փոխել է երթուղին։ Այո, զառանցանքի է նման, բայց ասում են, որ գնացքն այլ ուղղու­թյամբ է գնում ու այստեղ ընդհանրապես չի հայտնվելու։ Դե, ես հո չե՞մ հավատում, ընդա­մենը մեր կայարանային բամբասանքն եմ փոխանցում քեզ։ Ասում են՝ բոլոր երթուղիները խառնվել են իրար։ Հա, իսկը Բաբելոն։ Մաքսից ի՞նչ նորություն։ Ասա նրան, որ ես լռվել-մնացել եմ։ Գիտեմ, գիտեմ, որ կկատաղի, դրա համար էլ քեզ եմ զանգել։ Չէ, հիմա ինչ-որ բան փոխելն անհնար է, լավություն արա, փոխարի­նիր ինձ, բոլոր անհրաժեշտ թղթերը գրասեղա­նիս ձախ դարակի մեջ են։ Խնդրում եմ, խուճա­պի չմատնվես։ Էլի կզանգեմ։

ԱԲԵԼ — Բաբելոնի առումով՝ համաձայն եմ, ու որ բոլոր երթուղիները խառնվել են իրար, դա էլ ճշմարիտ է։

ԼԱՐԱ — Դուք փիլիսոփա՞ եք։

ԱԲԵԼ – Ի՞նչ եք ասում, ես արխիվարիուս եմ։ Ուղղակի վերջերս նկատում եմ, որ աղետալի արագությամբ օտարական եմ դառնում մեր հառաջադիմող ժամանակի մեջ։

ԼԱՐԱ — Ինչքան գուշակում եմ՝ անցյալը հրաշալի՞ է եղել։

ԱԲԵԼ — Մարդիկ երբեմն չեն հասկանում, որ ոչ թե անցյալն է հրաշալի, այլ նրա մասին հիշողությունը։ Դրանք կատարելապես տարբեր բաներ են։ Բայց հիմա չափից դուրս շատ է թշնամանքը։ Այո, թշնամանքը միանգամից շա­տացավ։

ԼԱՐԱ — Չէ, դուք իրոք փիլիսոփա եք։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Երկու մեծ գավաթ գարե­ջուրը ում ասես՝ փիլիսոփա կդարձնի։ Թեպետ իմ ամուսինը հաճելի բացառություն է. գարեջրից հետո միանգամից խռմփացնում է։ Ես սկսում եմ ատել նրան, երբ կիսակոշիկներով պառկում է բազմոցին ու ահավոր խռմփացնում։ Բայց ի՛նչ անես, քսանհինգ տարի է՝ միասին ենք ապրում։

ԼԱՐԱ – Ինչո՞ւ եք ձեր անձնական կյանքը պատմում ինձ։ (Բարձրանում է տեղից, հեռախոսի համար է հավաքում։)

 

Պետերը մոտենում է բուֆետին, գարեջուր է պատվիրում՝ հեռվից հետևով Լարային։

 

ԱԲԵԼ — (մոտենալով Աննային)։ Ինչո՞ւ չեք ու­զում տուն վերադառնալ։

ԼԱՐԱ – Մաքս, պատկերացնո՞ւմ ես, լռվել եմ այս ծակուռում։ Աստված իմ, ո՞ր սատանան ստիպեց ինձ ծնողներիս այցելել շաբաթամուտին։ (Խոսելով դուրս է գնում։)

ԱՆՆԱ Ես կվերադառնամ, բայց ավելի ուշ։

ԱԲԵԼ — Ձեզ մոտ պատերա՞զմ է։

ԱՆՆԱ Փառք Աստծո, արդեն՝ ոչ։

ԱԲԵԼ — Բայց դուք կարծում եք, որ մեզ մոտ ավելի՞ լավ է։

ԱՆՆԱ Ես հյուր եմ եկել։ Երկու ամսվա վի­զա ունեմ, հետո օրինական կարող եմ երկարաձգել ժամկետը։ Գուցե աշխատանք էլ գտնեմ։ Թեկուզ ժամանակավոր… Մի քիչ փող կհավաքեմ։ Ձեր ինչի՞ն են պետք իմ գաղտնիք­ները։

ԱԲԵԼ — Ես գերեզմանի պես լուռ կլինեմ։

ԱՆՆԱ Սա իմ առաջին մեծ ճամփորդու­թյունն է։

ԱԲԵԼ — Շնորհավորում եմ, չէ՞ որ դա իսկապես իրադարձություն է։

ՊԵՏԵՐ — (Թոմասին)։ Ձեզ մոտ մի՞շտ է այս­պես խաղաղ։

ԹՈՄԱՍ — Ներեցեք, չհասկացա։

ՊԵՏԵՐ — Ինչքան ժամանակ է՝ այստեղ ցց­ված ենք, ու ոչ մի գնացք չի անցել։ Գոնե մի քանիսը պիտի անցնեին, չէ՞։

ԹՈՄԱՍ — Ձերը ճեպընթա՞ցն է, 99-ը՞։

ՊԵՏԵՐ — Այո։

ԹՈՄԱՍ — Նա այստեղ հինգ թե վեց րոպե կանգնում է։ Համարյա ոչ ոք դուրս չի գալիս, բայց ոմանք երբեմն նստում են։ Իսկ այսօր անշլագ է։ Տեսեք՝ ինչքան սպասող կա։

ՊԵՏԵՐ — Վախենում եմ հենց այստեղ էլ ծե­րանամ։

ԹՈՄԱՍ — Դուք եկվո՞ր եք։

ՊԵՏԵՐ — Հարկավոր էր ինքնաթիռի տոմս առնել, թեև օդանավերի հանդեպ վստահու­թյունս կորցրել եմ…

ԹՈՄԱՍ — Այստեղ օդանավակայան չկա։

ՊԵՏԵՐ — Գիտեմ։ Հիմարի պես՝ առավոտ­յան ավտոբուսով եկա, որ հասնեմ այս…

 

Լսվում է աստիճանաբար ուժգնա­ցող խռմփոց։ Պետերը շրջվում է։ Բերանը կիսաբաց, նստած քնել է Մալգոժատան։ Աննան ու Աբելը ժպիտով նայում են նրան…

Կուլիսների ետևից հայտնվում է ոստիկանն ու գնում հակառակ կողմը։

 

ԹՈՄԱՍ — Բարև, Օսկար։

Ոստիկանը գլխով է անում ու գործնական քայլվածքով ան­հետանում հանդիպակաց կուլիսների ետևում։

 

 

ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ

Վագոն։ Մալգոժատան թույլ խռմփացնում է։ Աբելը ժպտալով նայում է նրան։ Այստեղ են նաև Պետերը, Աննան, Օսկարը, Լա­րան։ Գործնական քայլվածքով անցնում է Թոմասը։

ԼԱՐԱ — Թեթևակի բշտեք նրան, ինչքա՛ն կա­րելի է…

ԱԲԵԼ — Մի տեսակ անհարմար է…

ԼԱՐԱ – Է՛յ, տիկի՛ն, արթնացե՛ք։

 

Մալգոժատան վախեցած բացում է աչքերը։

 

ՄԱԼԳՈԺԱՏԱ – Աստվա՜ծ իմ, բա՜լ էի հա­վաքում։

ՊԵՏԵՐ – Ինչպիսի՜ հովվերգություն։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Գնացքն ինձ օրորեց, նե­րող եղեք։

ԱԲԵԼ – Ի՞նչ եք ասում, բան չկա…

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Գուցե նաև անդուր խռմփացնում էի։ Վա՛յ, ինչ անհարմար բան ստացվեց։ Ամուսինս վերջերս բողոքում է, որ գիշեր­ներն սկսել եմ խռմփացնել։ Բայց դա, հավա­տացեք, ընդամենը երկու տարի է։ Նախկինում այդ թերությունը չունեի։

ԱԲԵԼ — Անվերապահորեն հավատում եմ։

ԼԱՐԱ — Չէ, ինքնաթիռով ավելի լավ է։ Բայց հիմա օդանավակայաններում նվաստացուցիչ ստուգումներ են։

ՕՍԿԱՐ Նվաստացուցիչ ոչինչ չկա, այդ ամենը մեր անվտանգության համար է։

ԱԲԵԼ — Ո՞վ՝ ո՛ւմ։ Ո՛վ՝ ո՛ւմ։ Ահա թե ինչի մա­սին է մտածում վերջնականապես կուրացած մարդկությունը։ Ու դուք դեռ հույս եք կապում ինչ-որ անվտանգության հե՞տ։ Սենսորներ, մետաղորսիչներ, հատուկ վարժեցրած շներ, աչա­լուրջ պահապաններ, եռակի ստուգում… Սա­տանային տեխնիկայով չես հաղթի։

ՕՍԿԱՐ Ի՞նչ եք առաջարկում։ Դուք դեղա­տո՞մս ունեք։

ԱԲԵԼ — Խոստովանում եմ, որ շփոթված եմ։ Բայց հերիք չէ՞ քոնը փաթաթես օտարի վզին։ Բարեկամներս, արդեն շատ ու շատ դարեր մեր բոլոր դժբախտությունների պատճառը դա է։ Բայց ոչ ոք նույնիսկ չի ցանկանում խելքի գալ…

ՊԵՏԵՐ — (ծափահարելով)։ Ձեզ առաջար­կում եմ մտնել մեր թատերախումբը։ Մենախոսություններ կհորինեք։ Երբեմն այսպիսի ուղիղ տեքստեր անհրաժեշտ են։ Ի վերջո, թատրոնը նախ և առաջ ամբիոն է։ Եթե անգամ վերած­վում է հոգեվերլուծության։

ԱԲԵԼ — Պարզից պարզ է, որ դերասան եք։

ՊԵՏԵՐ — Բայց ես թատերական աստղ չեմ։ (Աննային.) Բրունոն իմ բեմական անունն է։

ԱՆՆԱ Ուրեմն դուք ուշանում եք հյուրախա­ղային ներկայացումի՞ց։

ՊԵՏԵՐ — Նկարահանումից, նկարահանու­մի՛ց։ Առաջին դերս է կինոյում։ Գլխավոր չէ, բայց դեր է։ Ու կարգին էլ փող։

 

Միջանցքում հայտնվում են հա­մարյա միանման հագնված, սև ակնոցներով երկու երիտասարդ։

1-ին ԵՐԻՏԱՍԱՐԴ (ընկերոջը)։ Ասում ես՝ սա որ վագո՞նն էր։

2-րդ ԵՐԻՏԱՍԱՐԴ – Իմ տանձին չի սրա համարը։ Լավ, էն մեկն էլ ստուգենք։ (Արագ անհետանում են հակառակ կողմի կուլիսներում։)

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Չէ, իմ տղան սրանց պեսը չի…

ԱՆՆԱ (Պետերին)։ Դե, ի՞նչ որոշեցիք։ Զանգել-զգուշացնե՞լ, թե՞ թռչել գնացքից։

ՕՍԿԱՐ Իմ հեռախոսը ձեր տրամադրու­թյան տակ է։

ՊԵՏԵՐ — Ես վախենում եմ։

ՕՍԿԱՐ Ներեցեք, դա տղամարդուն վայել չէ։

ՊԵՏԵՐ — Նկարահանման օրը որոշված է։ Ամեն ինչ նշանակություն ունի՝ օրվա ժամանա­կը, արևը կամ մթնշաղը, տասնյակ մարդիկ, տեխնիկական անձնակազմը, նկարահանման հրապարակի վարձակալումը, հրշեջ մեքենանե­րը, գլխավոր հերոսները, վերջապես… Գիտե՞ք, ով է խաղում հերոսուհու դերը։

ԱՆՆԱ Թեկուզ Սոֆի Լորենը, դուք ի՞նչ եք առաջարկում։

ԼԱՐԱ — Իսկ գիտեք, նրան ի՛նչ կասեն։ Նրանք կասեն՝ օ՛քեյ, չգա՛ս։ Ու միանգամից կվերցնեն ներկաներից մեկին։ Ասենք, ռեժիսորի օգնա­կանին։ Կամ էլ հենց բեմադրողը կխաղա։ Չէ՞ որ դուք մի դրվագ եք խաղալու, ճի՞շտ գուշակեցի:

ՊԵՏԵՐ — Մի դրվագ, բայց դա շատ վառ դրվագ է։ Բեմադրողը գիրուկ տիպ է։ Իսկ պահանջվում է նիհար ու ճկուն։

ԼԱՐԱ – Հետո՞ ինչ, մե՜ծ բան է։ Գեր ու անճա­րակ՝ ավելի ծիծաղելի է։ Տեսարանը թեթևակի կխմբագրեն, ու վերջ։ Հասարակ բան է, բարե­կամս, ցանկացած պրոֆեսիոնալ դա կհաստատի։ Այնպես որ, հրաժեշտ տվեք ձեր հոնորա­րին։

ՊԵՏԵՐ — Կարծում եք՝ այդ մտքից կմեռնե՞մ։ Փողի համար խենթանում են նրանք, ովքեր ունեն այդ փողը։ Այ, օրինակ, դուք։

ԱՆՆԱ Ե՞վս մի սիգարետ, Պետեր։

ՊԵՏԵՐ — Այո, այո, դո՛ւք։ Պինդ-պինդ կող­պում եք ձեր կուպեի դուռն ու հաշվիչի վրա թվեր բազմապատկում։ Գործարք, տոկոսներ, ապրանք… Մեծածախ ու զեղչով, հատով ու շատով, ելքեր ու մուտքեր… Վաճառք, պարգևատրումներ… Մարդուն չափում են քսա­կո՛վ։ Ես ձեր դասակարգային թշնամին եմ։

ԼԱՐԱ – Ի՜նչ եք ասում… Պարզվում է՝ դուք կո­մունի՞ստ եք։

ՊԵՏԵՐ — (ափերից դուրս գալով)։ Գրողը տանի, ես դերասան եմ։ Ես գիտեմ, որ գներից բացի կան նաև արժեքներ։

ԼԱՐԱ — Սովորական անհաջողակի բառեր են։ (Մտնում է իր կուպեն, դուռը փակում։)

ՄԱԼԳՈԺԱՏԱ — (Պետերին)։ Մինչև հիմա իմ խնձորներից չես փորձել, տղաս։ Այ, այս հարգարժան պարոնը (ցույց տալով դիմացը նստած Աբելին) արդեն գիտե, որ դրանք մեղրի պես հալվում են բերանում։ Վերցրու, մի՛ ամա­չիր։ Ես սրանք աճեցնում եմ առանց քիմիական խաղերի, և ամեն խանութում չէ, որ այսպիսի բարիք կգտնես։ Վերցրեք, հյուրասիրվեք։ (Բա­ժանում է բոլորին։) Մի զույգ խնձորը մի բժիշկ արժի։

 

Կուլիսների ետևից հայտնվում են ակնոցավոր երիտասարդները։ Մեկը գրպանից դուրս է քաշում ինչ-որ կլոր, նռնակի նման բան ու գոռում է։

 

1-ին ԵՐԻՏԱՍԱՐԴ Բոլորը մնան տե­ղերում ու չշարժվեն։ Կպայթեցնե՛մ։

 

Խնձորները Մալգոժատայի ձեռ­քերից գլորվում են չորսդին։ Աբելը նստած է՝ ծխամորճը բերանում։ Օսկարը քարանում է։ Պետերը բնազդորեն իրենով փակում է Աննային։ Գոռոցի վրա հայտնվում է Թոմասը։

 

1-ին ԵՐԻՏԱՍԱՐԴ Կանգնի՛ր, քայլ չանես, կտրաքացնե՛մ։

Թոմասը կանգնում է։

1-ին ԵՐԻՏԱՍԱՐԴ Սկսի՛ր։

2-րդ ԵՐԻՏԱՍԱՐԴ (գրպանից թղթեր է հանում ու բարձրաձայն կարդում)։ 21-րդ դա­րի հռչակագիր, ի սարսափ բոլոր սրիկաների, ովքեր նստած են բնության վզին ու կետչուպով համբուրգեր են ծամում…

ՕՍԿԱՐ Է՛յ…

1-ին ԵՐԻՏԱՍԱՐԴ Ձենդ կտրի՛։

2-րդ ԵՐԻՏԱՍԱՐԴ Դո՛ւք, բութ ու վախկոտ շատակերներ, բավական է թերթեր կարդաք, բավական է հեռուստացույց նայեք, բավական է վիճակախաղ ու գոլֆ խաղաք, այսուհետ մենք ապրելու ենք առանց պրեզի­դենտների, այլևս մեզ պետք չեն պատգամա­վորներ, խաղաղարարներ, տերտերներ ու, առավել ևս, նրանց հաստահետույք կնիկները, այսուհետ ողջ աշխարհն իր եղած-չեղածով մերն է, որովհետև նա չի ուզում ձերը լի­նել, ու Երկիրը մեր կլոր թմբուկն է, գնացքները ապստամբում են չվացուցակների դեմ, իսկ ես քայլող լուսաֆոր եմ և ձեր առաջ վառում եմ դե­ղին, դեղին ու միայն դեղին լույս՝ ուշադրու­թյո՛ւն, աչալո՛ւրջ եղեք, չէ՞ որ սիրտը լցվում է սի­րով, բայց չկա մեկը, ում կնվիրես այն։

1-ին ԵՐԻՏԱՍԱՐԴ Ոչ ոք չհամար­ձակվի ծափահարել։ Տեղերից չշարժվեք, մինչև հեռանանք։

Երկուսով արագ հեռանում են։

1-ին ԵՐԻՏԱՍԱՐԴ (հընթացս)։ Ոչ մի նռնակ էլ չկար, վախկոտնե՛ր։

 

Օսկարը վազում է նրանց ետևից, բայց Աբելը պահում է նրան։ Բաց­վում է կուպեի դուռը։ Լարան դռան շեմին բարձրաձայն ծիծաղում է։

 

ԼԱՐԱ – Սրա՞նք էին ձեր բարեկամները, Պե­տեր։

ՊԵՏԵՐ — Իսկ դուք գոնե բարեկամներ ունե՞ք։

ԹՈՄԱՍ — Ես կհայտնեմ գնացքի բրիգադի­րին, նրանց կգտնեն, թևերը կոլորեն ու առաջին իսկ կանգառում կհանձնեն ոստիկանությանը։

ՄԱԼԳՈԺԱՏԱ – Ինչո՞ւ գլուխ դնել հիմար­ների հետ։ Ես խղճացի նրանց։

ՕՍԿԱՐ Ի՞նչ ունեն նրանք խաղաղարարնե­րի դեմ։ Նրանք գոնե ինչ-որ բան արել են, որ աշխարհում քիչ սպանեն։

ԱԲԵԼ — Մարդկության սիրած զբաղմունքը սպանելն է։

ՕՍԿԱՐ Դուք ուզում եք անկոտրում ցինիկի տեսք ընդունել, բայց դա ընդամենը դիմակ է։ Վախի ու շփոթվածության հետևանք։

ԱԲԵԼ — Իսկ դուք նայեք մեր ամբողջ պատ­մությանը։ Սպանելու միջոցները մի գլուխ կատարելագործվում են, իսկ մնացած ամեն ինչում մենք շատ ետ ենք մնացել։

ԼԱՐԱ — Մի փորձեք անընդհատ վերափոխել աշխարհը։ Այդպիսի փորձերից նա միայն փչա­նում է։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Ահա և աստիճանաբար հարազատանում ենք իրար։

ՊԵՏԵՐ — Ոչ թե վագոն է, այլ իսկական ըն­տանիք։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Իսկ օտար մարդիկ վիճե­լու բան չունեն։ Օտարները միշտ էլ լուռ են ճա­նապարհ գնում, գուցե նույնիսկ չեն էլ նկատում իրար։

ՊԵՏԵՐ — Մեր վագոնը մարդկային համակե­ցության տիպար է։ Հենց սա է բաղձալի եվրոպական տունը։

ԼԱՐԱ — Եվ դուք էլ՝ նրա ցուցադրական որ­դին։

ԱԲԵԼ — (Աննային)։ Լարան Պետերի նկատ­մամբ կարծես անտարբեր չէ։

ՊԵՏԵՐ – Գիտե՞ք, դուք ինձ շատ դուր եկաք, բայց՝ մի ժամ առաջ։ Այդ ժամանակ ես մտածեցի՝ նրա մեջ ինչ-որ լուսավոր բան կա։

ԱԲԵԼ — Այծիկներ, կարմիր տանիքներ, լայ­նահուն գետ…

ՊԵՏԵՐ — Միանգամայն ճիշտ է։ (Լարային.) Դուք դուրս եկաք ու ասացիք այդ ամենի մա­սին։ Դուք ասացիք՝ վերջապես հնարավոր է տեսնել, թե ինչ գեղեցկությամբ ենք շրջապատ­ված։ Այդ րոպեներին դուք շատ ավելի լավն էիք…

ԱԲԵԼ — (Աննային)։ Լարան անտարբեր չէ Պետերի նկատմամբ, իսկ Պետերը՝ ձեր։

ԱՆՆԱ Դա ճանապարհային միրաժ է։ Դա արագ է ցնդում։

ԱԲԵԼ — Հենց հասնենք հաջորդ կայարան, համոզված եմ, նա ձեզ կառաջարկի իր հետ իջ­նել։

ՕՍԿԱՐ Դուք ինչ ասացի՞ք՝ ճանապարհա­յին միրա՞ժ։

ԱՆՆԱ Իսկ ձեզ չի՞ թվում, որ ցանկացած ճամփորդություն ինչ-որ մի երազի տարատեսակ է։ Այն հեշտ է շփոթել իրական կյանքի հետ, բայց մի օր վերջանում է, ու սկսվում է սովորական կենցաղը։

ՕՍԿԱՐ Ես գիտեմ, դա ինձ հետ պատահեց երկու տարի առաջ, դարձյալ գնացքում։ (Գրպանից հանում է քսակը, ինչ-որ թուղթ է դուրս բերում։) Ահա երազի իրեղեն ապացույցը։ Եր­կու սնկապուր, հետո մսով կարկանդակ։ Նարնջի հյութ, սառույցով, բնականաբար։ Եվ սուրճ։ Բայց անհամ սուրճ էր։

ԱՆՆԱ Երկար մազերով աղջիկ…

ՕՍԿԱՐ …և ակնոցով… Մենք միասին նստեցինք մոտ քառասուն րոպե, հետո նա իջավ գնացքից։ Գուցե ես էլ նույնը պիտի անեի, բայց այդպես վարվելու իրավունք չու­նեի։ Այն ժամանակ ես համազգեստով էի, գնում էի՝ ըստ նշանակման։ Խաղաղարար բա­նակ։

ՊԵՏԵՐ — Չեմ կարող չհայտնել հարգանքս, դուք ստիպված եք կանգնել երկու կրակի արանքում։

ԱԲԵԼ — Բաժանել թշնամիներին։ Որպեսզի այդ կերպ իշխես, ընդ որում, երկու կողմի վրա։ Բայց ասածս ձեզ չի վերաբերում, այլ նրանց, ովքեր ղեկավարում են։ Զինվորների առջև ես հանում եմ գլխարկս։

ՊԵՏԵՐ — (Աննային)։ Ես ձեզ հրավիրում եմ սնկապուր ուտելու։

ԱՆՆԱ Շնորհակալ եմ, սոված չեմ, ու հետո՝ ինչո՞ւ միրաժների առաջացրած սադրանքով զբաղվել…

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Ախ, աղջիկս, ավելի լավ է՝ ուտես այդ ապուրը, դու պիտի քեզ լավ նայես։ Իսկ դո՛ւք, երիտասա՛րդ, ականջ արեք, ձեր մտքով անգամ չանցնի թեթևամտորեն վերաբերվել նրան։

Հայտնվում է Թոմասը։

ԹՈՄԱՍ — Պարոնայք, մենք փոքր-ինչ կուշա­նանք։

ՊԵՏԵՐ – Ուռա՛։ Դեռ խոսելու ժամանակ ու­նենք։

 

 

ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ

Կայարան։ Ժամացույցի սլաքները ցույց են տալիս ժամը երեքը։ Բե­մում են Մալգոժատան, Թոմասը, Աբելը։

ԱԲԵԼ — Նա ուր որ է՝ կխոսի։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Ո՞վ։

ԱԲԵԼ — Իմ շատ սիրելի հաղորդավարը։ Տա­րօրինակ է, որպես կանոն, կայարանների բոլոր հաղորդավարները կանայք են, իսկ այստեղ…

Հայտնվում է Աննան։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Շատ ուշացար, աղջիկս։

ԱԲԵԼ — Գնացել էիք տեղեկատու բյուրո՞։

ԱՆՆԱ Փակ է։

ԱԲԵԼ – Ա՛յ քեզ բան…

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Գուցե նրանք ընդմիջո՞ւմ են անում։

ԱԲԵԼ – Ի՛նչ եք ասում, այնտեղ միշտ էլ փո­խարինող պետք է լինի։

Հայտնվում է Պետերը։

ՊԵՏԵՐ — Ինչպես տեսնում եմ, դուք դեռ չեք մեկնել։ Դե ինչ, եկեք ապրենք այստեղ։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Շուտով երեքը կլինի։ Հո անընդհատ չե՞ն խաբելու։

 

Հայտնվում է Օսկարը՝ ոստիկանը, մոտենում է Պետերին։

 

ՕՍԿԱՐ Ձեր փաստաթղթերն ու տոմսակը։

ՊԵՏԵՐ – Ի՞նչ է պատահել։

ՕՍԿԱՐ Առանց հարցերի։ Ցույց տվեք։

 

Պետերը ցույց է տալիս անձնագիրը։

 

ՕՍԿԱՐ Ուրեմն դուք օտարերկրացի եք։

ՊԵՏԵՐ — Ինչ-որ բան կարգին չէ՞։

ՕՍԿԱՐ (Աննային)։ Ձեր փաստաթղթերը, խնդրեմ։

 

Աննան ցույց է տալիս անձնագիրը։

 

ՕՍԿԱՐ Դուք ուղևո՞ր եք։

ԱՆՆԱ Իհարկե, ինչպես բոլորը։

ԹՈՄԱՍ — (դուրս գալով իր կրպակից)։ Ի՞նչ է պատահել, Օսկար։

 

Հայտնվում է Լարան՝ բջջային հե­ռախոսը ձեռքին։

 

ԼԱՐԱ – Պատկերացնո՞ւմ եք, այստեղ կամ հե­ղափոխություն է, կամ՝ հեղաշրջում։

ԹՈՄԱՍ — Ի՞նչ…

ՕՍԿԱՐ Խնդրում եմ պահպանել հանգստություն ու չխանգարել հասարակական կարգուկանոնը։ (Լարային.) Մոտեցեք, խնդրում եմ, ու ցույց տվեք ձեր փաստաթղթերը։

ԼԱՐԱ — Ինձ նոր զանգեցին ու ասացին, որ այս քաղաքն իրեն պետություն է հայտարարել։

ՕՍԿԱՐ Տեսնենք՝ դո՛ւք ով եք։

ԼԱՐԱ — Ես այստեղ եմ ծնվել։ Այստեղ են ապ­րում իմ մայրն ու հայրը։

ՕՍԿԱՐ Ուրեմն դուք ձեզ պիտի պահեք հա­մապատասխան կերպով։ Բնակչությունը սկսել է բողոքել, որ չափից դուրս շատ օտարերկրա­ցիներ են գալիս այստեղ, հետո բնավորվում ու մնում։ Այդպես չէ՞, Թոմաս։ Մենք մի քանի ան­գամ խոսել ենք այդ մասին։ Դու ասում էիր, որ մեր չարիքները եկվորներից են։ Այսուհետ դա կառնվի մշտական հսկողության տակ։ Եվ, ընդ­հանրապես, պետք է սեփական շահերը պաշտպանել։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Իսկ մեր գնա՞ցքը… Ես գնում եմ որդուս մոտ։ Մի ամբողջ տարի չեմ տեսել նրան: Նույնիսկ ավելի…

ՕՍԿԱՐ (Աբելին)։ Պարոն, դուք է՞լ ուղևոր եք։

ԱԲԵԼ — Հուսով եմ, որ կդառնամ այդպիսին։ Ցանկանում եք տեսնել փաստաթղթե՞րս։ Խնդրեմ։

ՕՍԿԱՐ Տիկնայք և պարոնայք, մենք ու­րախությամբ ենք հյուրեր ընդունում, բայց առայժմ խնդրում եմ չլքել կայարանը։ Հուսով եմ, ձեր գնացքը այդուհանդերձ կժամանի…

ԼԱՐԱ — Ինչ է նշանակում «այդուհանդերձ»–ը։

ՕՍԿԱՐ Հուսով եմ, դուք բարեհաջող կհաս­նեք ձեր գործերին։ Արտակարգ իրավիճակ է ստեղծվել, բայց ես հավատում եմ, որ դա խնդիրներ չի հարուցի, այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում։ Իհարկե, ձեր բո­ղոքները մասամբ հասկանալի են, բայց՝ անըն­դունելի։ Մենք մեր օրենքներով ենք ապրելու։ (Գնում է։)

ՊԵՏԵՐ — Թող որևէ մեկն ասի, որ սա երազ չէ, ընդ որում՝ հիմար երազ։

ԱԲԵԼ — Եթե չեմ սխալվում, դուք առաջար­կում էիք մնալ այստեղ՝ ապրելու։

ՊԵՏԵՐ — Այո, այո, հավերժ սպասել գնաց­քին ու հաշվել ժամերը։ Ստեղծել սպասողների սեփական, հրաշալի գաղութը։ Շուտով կժամանի մեր գնացքը՝ նվիրականը, փրկարարը, նոր կյանքի ավետաբերը, հանուն որի մենք ապրում ենք։ Նա մեր մեծ ապագան է, մեր անցողիկ գոյության խորախորհուրդ իմաստն ու բարձրագույն նպատակը։ Ճիշտ է, նա ուշանում է, բայց մենք չենք թևաթափվում։ Թոմասից գարեջուր ենք առնում, վերանորոգում ենք մեր անկրկնելի կառամատույցը, ես ամուսնանում եմ մի հմայիչ աղջկա հետ՝ ահա նա, ձեր դիմաց է՝ ամենալավ հույսերի մարմնացումը, ծնվում են մեր երեխաները՝ սպասողների հաջորդ սերունդը, իսկ դուք, իմ թանկագին հա-մա-կառա–մա-տույցա-վորնե՛ր, անփոխարինելի հոգեկան հիմքն եք, որ կաք։ Այ դուք, հարգելի պարոն (դիմում է Աբելին), դուք կդառնաք մեր գաղութի նահապետը։ Իսկ դուք, մեծարգո տիկին (դի­մում է Մալգոժատային)՝ խղճի ու սրտացավու­թյան մարմնացումը։ Դե, իսկ դուք (դիմում է Լարային) կներկայացնեք ամենագործուն ար­դիականությունը։

ԼԱՐԱ — Իզուր է ձեր կինը լքել ձեզ, ձեզ հետ անհնար է ձանձրանալ։ Թե՞ նրան տանջահար եք արել ձեր խոսքառատությամբ։

ՊԵՏԵՐ — (անտեսելով նրա խայթոցը)։ Իսկ երեխանե՜րը… Նրանք կմեծա­նան մի գեղեցիկ ու նարնջագույն գնացքի գա­ղափարով…

ԼԱՐԱ – Ինչո՞ւ հատկապես նարնջագույն։

ՊԵՏԵՐ – Մի՛ խանգարեք երևակայությանս թռիչքին… Իսկ երեխանե՜րը… Նրանք կմեծանան մի գեղեցիկ ու նարնջագույն գնացքի գա­ղափարով, բայց կգա պահը, ու նրանք կսկսեն կասկածել դրան, քննադատորեն կնայեն մեզ, հետո կծաղրեն այդ գաղափարը, վճռականո­րեն դեն կշպրտեն՝ առանց նոր պատրանք աոաջարկելու, և այդ ժամանակ… այդ ժամա­նակ… ամեն ինչ իրար կխառնվի մեր կայարա­նային թագավորությունում…

ԱԲԵԼ — Իսկ հաղորդավարը լռում է…

ՊԵՏԵՐ – Վե՛րջ։ Ես ոտքով եմ գնում։ Ռելսե­րո՛վ։

 

Նա գնում է դեպի ազատ նստա­րանը, պառկում է վրան և, գլխի տակ դնելով պայուսակը, փակում է աչքերը։

 

ԱՆՆԱ (նայելով Պետերին)։ Ահա և իմ ամուսինը։ Վերջապես իմացա, թե ինչ կերպա­րանք ունի նա։

ԼԱՐԱ — Ու դուք կարծում եք, թե այս ամենը լո՞ւրջ է։ Ինչ-որ հեղաշրջում, պետություն դարձած քաղաք… (Հեռախոսով համար է հավաքում։) Ալո, Լիլի՛… (Մտնում է շենքը։)

ԹՈՄԱՍ — Բարեկամներ, ձեզ հյուրասիրում եմ։ Գարեջո՞ւր, կոլա՞, պեպսի՞։ Հուսով եմ, դուք չհավատացիք նրա ցնդաբանություններին։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Իրավացի էր իմ տղան։ Նա ասաց. «Մայրիկ, ինչո՞ւ այդքան ճամփա կտրես, եկող տարի ինքս կգամ քեզ մոտ»։

ԱԲԵԼ — Իսկ այս քաղաքում թաղված է իմ կի­նը։

ԱՆՆԱ Եվ վաղո՞ւց։

ԱԲԵԼ — Արդեն քսան տարի։

ԱՆՆԱ Ահա թե ինչու եք այստեղ եկել։

ԱԲԵԼ — Ես այստեղ չէի գալիս։

ԱՆՆԱ Դե լավ, ես ոչինչ չեմ հարցնի, ներե­ցեք ինձ։

ԱԲԵԼ — Ես չեմ բարկանում, բայց ես այստեղ չէի գալիս, անցնում էի, վերջին պահին իջա, ըն­դամենը մեկ օր մնացի։ Վաղուց չէի այցելել նրան։ Երեք տարի, գուցե և ավելի։

ԱՆՆԱ Ուրեմն նախկինում այստե՞ղ եք ապրել։

ԱԲԵԼ — Ես ապրել եմ ամենուր։ Մայրցամա­քի կեսը իմ տունն է։ Բայց իմ հայրենիքը հեռու է։ Տարօրինակ է, բայց այնտեղ երբեք չեմ եղել։

ԱՆՆԱ Եթե հայրենիք է, ուրեմն այնտեղ, այնուամենայնիվ, եղե՞լ եք։

ԱԲԵԼ — Ոչ մի անգամ, աղջիկս, ոչ մի անգամ։ Ես իմ հայրենիքում չեմ ծնվել։

ԱՆՆԱ Ձեզ հետ զրուցելը հետաքրքիր է։

ԱԲԵԼ — Ես իմ լեզուն էլ համարյա չգիտեմ։ Այնպես, մի քանի բառ, որ մանկությունից մնա­ցել են հիշողությանս մեջ։

ԱՆՆԱ Ձեր ծնողները փախստականնե՞ր էին։

ԱԲԵԼ — Անգամ հայրս չի ծնվել իր հայրենի­քում։ Նրա ծնողներն էին փախստականներ։ Արդեն մոռացված պատերազմի ժամանակ, որը կոչվում է Առաջին համաշխարհային։ Եվ հիմա նստել եմ այստեղ ու մտածում եմ՝ իսկ գուցե երրո՞րդն է արդեն սկսվել։ Հենց այնպես, թիկունքից, գաղտագողի ու ստորաբար, մեր շուրջն ու անգամ մի քիչ էլ… մեր մեջ։

ԱՆՆԱ Դուք հոգնել եք։ Ձեզ հանգիստ է պետք։

ԱԲԵԼ — Երևի քսանհինգ տարեկան եք։ Գուցե ավելի փոքր։ Դա մի այնպիսի երջանկություն է, որ հիմա չեք էլ պատկերացնում։ Ես հասկա­նում եմ, որ երազում եք ձեր տեղը գտնել մեր այս խնամված ու կոկիկ աշխարհում։ Ար­տաքուստ նա գունագեղ է ու տոնական, շատ բան աչք է շոյում և խոստանում իսկական վա­յելք։ Ձեզ չեմ մեղադրում և ամենևին չեմ կշտամբում, մարդը լավ կյանք գտնելու իրավունք ունի։ Իհարկե, մեր աշխարհն իրոք լավն է, ես այն իսկապես սիրում եմ։ Ուրիշ տեղերում այլևս ապրել չեմ կարողանա, ոչ այս, ոչ էլ այն օվկի­անոսից անդին, անգամ այն փոքրիկ երկրում, որտեղ, ինչպես ասում էր իմ կուրացած տատի­կը, գտնվում է աշխարհի ամենագեղեցիկ ու ամենասրբազան լեռը։ Դուք երևի լսել եք այդ լեռան անունը՝ Արարատ… Բայց երբեմն պար­զորոշ տեսնում եմ, որ մեր այս ամբողջ դրախ­տը կախված է երկար, բարալիկ մազից։ Իսկ մենք պառկած ենք նրա ներսում ու ժպտում ենք՝ երեխաների նման։

Հայտնվում է Լարան։

ԼԱՐԱ — Նորության ուզո՞ւմ եք լսել։

 

Խաղաղ քնած կամ այդպիսին ձևացող Պետերը տեղից վեր է թռչում։

ՊԵՏԵՐ — Ուզում ենք։

ԼԱՐԱ — Մեր գնացքը ուր որ է՝ կժամանի, բայց հենց նոր ինձ ասացին, որ այստեղ կանգ չի առնելու։

ՊԵՏԵՐ — Թույլ տվեք հետաքրքվել, թե ինչու։

ԼԱՐԱ — Որովհետև, ինչպես հաղորդում են հավաստի աղբյուրները, այդ գնացքի վագոններից մեկը… անկախություն է հայտարարել։

ԱԲԵԼ — Լավ չհասկացա, սիրելիս, թեպետ գաղափարը, անշուշտ, օրիգինալ է։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Ինչ-որ մեկը պարզապես անհամ կատակներ է անում ձեզ հետ, տիկին։ Այն էլ՝ հեռախոսով։ Երևի շատ փող ու­նի, բայց մտքովն էլ չի անցնում բարի նպա­տակների վրա ծախսել։

ԼԱՐԱ — (կարծես չլսելու տալով)։ Ինչ-որ ջահել բանաստեղծներ գրավել են այդ վագոնը…

ՊԵՏԵՐ – Ովքե՞ր, ովքե՞ր…

ԱՆՆԱ «Գեղեցիկը կփրկի աշխարհը»… Կարծեմ հենց բանաստեղծի խոսք է, չէ՞…

ԱԲԵԼ — Այդ թևավոր խոսքը պատկանում է աշխարհի ամենաանողոք վիպասաններից մեկին։ Եվ նա, մեծ հաշվով, իրավացի էր։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Ուրեմն դուք հավատում եք այդ հիմար նորությա՞նը։

ԱԲԵԼ — (դժգոհ-զարմացած)։ Դուք նկատի ունեք Դոստոևսկու կարգախո՞սը։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — (զայրանալով)։ Ես գնաց­քի մասին եմ հարցնում։

ԼԱՐԱ — Իսկ ինչո՞ւ չհավատալ։ Աշխարհը կտոր-կտոր է լինում։ Բոլոր նորություններն էլ դարձել են անհավատալի, եթե, իհարկե, մտա­ծում ենք նորմալ մարդու նման։ Խնդրեմ, այս պստլիկ քաղաքը՝ ձեզ օրինակ։ Ոստիկանը քիչ առաջ ճիշտ այդպիսի խելացնոր լուր բերեց մեզ։ Գնացքն ինչո՞վ է պակաս…

ՊԵՏԵՐ — Իսկ գուցե դա հրաշալի՛ է, հե­տաքրքի՛ր, ոգևորի՛չ։ Հայտնաբերել սեփական Ե՛ս-ը։ Գտնել ինքնուրույն ճանապարհ։ Այլ կերպ ինչպե՞ս բանաստեղծ դառնալ։

ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ձայն — Հարգար­ժան ուղևորներ, մեր կայարանը անորոշ ժամա­նակով փակվում է, խնդրում ենք ազատել կա­ռամատույցը։ Կրկնում եմ՝ մեր կայարանը…

Համր տեսարան։

 

ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Վագոն։ Լարայի կուպեի դուռը փակ է։ Բեմում են Աբելը, Մալգոժատան։ Հայտնվում է Օսկարը։

ՕՍԿԱՐ Մեր համակրելի Թոմասը ոչ մի տեղ չկա։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Գոնե մեկն ասեր՝ երկա՞ր ենք այստեղ կանգնելու։

ԱԲԵԼ — (պատուհանից դուրս նայելով)։ Ի՜նչ կոկիկ խոտի դեզեր են։ Այս գյուղացիները պահպանում են աշխարհի ներդաշնակությունը։

ՕՍԿԱՐ Դրանցով արդեն քառասուն րոպե է՝ հիանում եք։

ԱԲԵԼ — Հորիզոնին ինչ-որ եկեղեցու գմբեթ է երևում։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Ճանապարհից առաջ գնացի ու աղոթեցի։ Ամեն ինչ լավ կլինի, բայց, ինչպես միշտ, դժվարություններով։

ԱԲԵԼ — Գնացք՝ նշանակում է կյանքի ման­րամասներ։

Գալիս են Պետերն ու Աննան։

ՊԵՏԵՐ — … ու դուք նստած կլինեք առաջին շարքում, իսկ ես, իջնելով բեմից, ինձ նվիրած ծաղիկները կընծայեմ ձեզ։

ԱՆՆԱ Դերասանները անվստահելի մար­դիկ են։

ՊԵՏԵՐ — Պետք չէ ենթարկվել ընդունված կարծիքին։

ՕՍԿԱՐ Դուք պատահաբար Թոմասին չե՞ք տեսել։

ՊԵՏԵՐ — Ոչ։

ՕՍԿԱՐ Իսկ ի՞նչ են խոսում մեր մասին։ Ի՞նչ կանխատեսումներ կան, ե՞րբ կշարժվենք։

ՊԵՏԵՐ — Ես այլևս չեմ շտապում։

ՕՍԿԱՐ Երջանիկները ժամեր չեն հաշվում։ Դե լավ, սիգարետ չունե՞ք։ Մի ամիս է, ինչ թողել եմ ծխելը, բայց հիմա ուզեցի։

 

Պետերը հյուրասիրում, ինքն էլ է ծխում։

 

ՕՍԿԱՐ Գնանք, կառամատույցում ծխենք։ (Գնում են։)

ՄԱԼԳՈԺԱՏԱ — (Աննային)։ Արի, աղջիկս, նստիր կողքս։ Երկուսս էլ աշխարհի ամենաբարեկեցիկ մասից չենք։ Քանի՞ տարեկան ես։

ԱՆՆԱ Քսանվեց։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Դա իսկական երջանկու­թյուն է… Երևի չես էլ պատկերացնում…

ԱՆՆԱ Այ, դուք որդի ունեք։ Այգի ունեք։ Իսկ ես՝ միայն անորոշություն։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — (ձայնն իջեցնելով)։ Եվ ինչպե՞ս ես պատրաստվում երեխայի հետ, օտարության մեջ մենակ ապրել:

ԱՆՆԱ (լռում է)։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Ես սուր աչք ունեմ։ Արդեն երրորդ ամի՞սն է։

ԱՆՆԱ (լռում է)։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Ուրեմն վերադարձիր նրա մոտ։

ԱՆՆԱ Ես ուշ հասկացա, մեկնելուց հետո։ Իսկ նրա մոտ՝ չեմ կարող, նա ընտանիք ունի, իմ պրոֆեսորն է։ Ես էլ չիմացա, ինչպես պատահեց։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — (թուղթ է տալիս)։ Այստեղ իմ հասցեն է։ Շատ վատ լինի՝ կգաս։ Մեր քաղաքը փոքր է ու խաղաղ, իսկ կողքին գեղեցիկ լճակ կա։ Արագիլներ են գալիս, ճե­մում ափերի երկարությամբ, գորտ բռնում, ամուսնանում…

Աննան լուռ արտասվում է։ Մալգոժատան գրկում է նրան։

 

ԱԲԵԼ — (նայելով պատուհանից)։ Երիտա­սարդությունը մարդկային թերություններից միակն է, որ շատ արագ է անցնում։

 

Ձախակողմյան կուլիսից հայտնվում է Թոմասը։

ԹՈՄԱՍ — Պարոնայք, երկու ժամից ավելի ուշացումը փոխհատուցվում է տոմսի արժեքի երեսուն տոկոսի չափով։

 

Աջ կողմից հայտնվում են Օսկարն ու Պետերը։

ԹՈՄԱՍ — Պարոնայք, երկու ժամից ավելի ուշացումը փոխհատուցվում է…

ՕՍԿԱՐ Մենք լսեցինք։

ՊԵՏԵՐ — Ցավոք, դա ինձ չի վերաբերվում, իմ տոմսն ուրիշ ուղղության համար է։

ԹՈՄԱՍ — Բայց մենք հինգ րոպեից կշարժ­վենք, որովհետև պոեզիայի ժամը քիչ առաջ ավարտվել է, ընդ որում՝ շռնդալից հաջողու­թյամբ։

ԱՆՆԱ Թոմաս, դուք հանելուկներով եք խո­սում։

ԹՈՄԱՍ — (արտասանելով)։ «Այո՛, մենք նո­րից լույս աշխա՛րհ կգանք, գուցե որպես ծառ՝ անդունդի եզրին…»։

ԱՆՆԱ Պետերի հացը մի խլեք, Թոմաս։

ՊԵՏԵՐ — Ես նախանձ չեմ։ Ընդհակառա­կը, հաճույքով կպարապեմ նրա հետ։ Շեշտը, ի դեպ, պետք է դնել «նորից» բառի վրա։ «Այո, մենք նորի՛ց լույս աշխարհ կգանք…»։

ՕՍԿԱՐ Այս բանաստեղծությունը ո՞վ է հո­րիներ

ԹՈՄԱՍ — Դուք նրանց ճանաչում եք։ Երկու երիտասարդներ, որոնք ձևացնում էին, թե նռնակ ունեն։ Նրանք մեկ ժամով գրավել էին յո­թերորդ վագոնը և հայտարարել Ազատ Երևա­կայության Թագավորություն։ Որպես այլընտ­րանք՝ մեր նսեմ ու գետնաքարշ իրականությա­նը։ Համենայնդեպս, հենց այդպիսի հայտարա­րություն արեց նրանցից մեկը։

ՄԱԼԳՈԺԱՏԱ — Խեղճ միամիտներ, հիմա նրանց իրոք կձերբակալեն։

ԹՈՄԱՍ — Ես էլ եմ այդպես կարծում, բայց յոթերորդ վագոնի ամբողջ ուղևորակազմը համարյա սիրահարվել է նրանց։

 

Իր կուպեից դուրս է գալիս Լա­րան։

ԼԱՐԱ — (Պետերին)։ Եթե ձեզ հետ կոպիտ էի, ներեցեք ինձ։

ՊԵՏԵՐ – Ի՛նչ եք ասում, ես հաճախ եմ մարդ­կանց հունից հանում։

ԼԱՐԱ — Ես ինձ կորցրել եմ. մեր ֆիրման սնանկացել է, այդ մասին վաղը կգրեն բոլոր թերթերում։

ՊԵՏԵՐ — Դուք պինդ ընկույզ եք, չեք կորչի։

ԼԱՐԱ — Քառասուն տարեկանում դժվար է սկսել զրոյից։

ՕՍԿԱՐ Պետք չէ թևաթափ լինել։ Ձեր տա­րիքում մարդը դեռ երիտասարդ է, բայց արդեն՝ ո՛չ հիմար։

ԼԱՐԱ — Ես նստեցի այս գնացքը՝ առաջին իսկ պատահածը, գնում եմ ոչ մի տեղ, ես ուզում էի ինձնից փախչել։

ԱԲԵԼ — Մարդը նախ և առաջ գնում է ինքն իր հետ։ Եվ անպայման՝ ուրիշների հետ։ Բարեկամներ, ձեզ այլևս չեմ տեսնի։ Սա իմ հրա­ժեշտի ճամփորդությունն է։ Բայց ես ինձ լավ եմ զգում ձեզ հետ, հավատացեք։

ԱՆՆԱ Շուտ չե՞ք հրաժեշտ տալիս։

ԱԲԵԼ — Շուտով կվերածվեմ իսկական ծերունու։ Ես մտածեցի՝ քանի դեռ ոտքերս ինձ տանում են, ինչո՞ւ գնացքի տոմս չգնեմ ու չայ­ցելեմ երբեմնի սիրելի վայրերը։ Նրանց մեջ իմ ամբողջ կյանքն է։ Արևմտյան օվկիանոսի սահ­մանապահ ժայռերից մինչև վերին Բալթիկայի անվրդով ջրերը։ Այդ ամենը ի՛մն է։ Ոչ այն պատճառով, որ առել-սեփականացրել եմ, այլ որովհետև իմ սրտի մեջ է։

ՕՍԿԱՐ Ահա և շարժվեցինք։

Շչակի ձայն, անիվների աղմուկ։

 

 

ՊԱՏԿԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ

Կայարան։ Ժամացույցի սլաքները ցույց են տալիս ժամը վեցը։ Թոմասն ավլում է կրպակի շուրջբոլորը։ Հաղորդավար կնոջ երգեցիկ ձայնը հայտնում է. «Տեղական նշանակության 09 գնացքը առաջին կառամատույց կժամանի տասնութն անց քսանհինգ րոպեին»։ Հայտնվում է Օսկարը՝ ոս­տիկանը։

ՕՍԿԱՐ (Թոմասին)։ Մի գավաթ լցրու, խմեմ ու հայդա՝ տուն։

ԹՈՄԱՍ — Ամեն ինչ արդեն լա:վ է, Օսկար։

ՕՍԿԱՐ Իսկ ե՞րբ էր վատ։

ԹՈՄԱՍ — (գարեջուր լցնելով)։ Ո՞նց թե։ Իսկ իրարանցո՞ւմը։

ՕՍԿԱՐ Այսօր մի քիչ ձանձրալի, բայց շատ հանգիստ օր էր։

ԹՈՄԱՍ — (զգուշավոր)։ Մի՞թե։

ՕՍԿԱՐ Եվ ինչպե՞ս ես ծայրը ծայրին բե­րում։ Ինձնից բացի ո՞վ է գարեջուր պատվիրում այս քնած կառամատույցում, այն էլ տասնութ զրո-զրոյից հետո, երբ հանձնում եմ հերթափոխս…

ԹՈՄԱՍ — (ավելի մեծ զգուշավորությամբ)։ Այսօր լավ առևտուր էր։ Փառք Աստծո, թիվ 99 ճեպընթացը ուշացավ, և այստեղ մեծ ամբոխ հավաքվեց։

ՕՍԿԱՐ Ասում ես՝ ո՞ր ճեպընթացը։

ԹՈՄԱՍ – 99-րդը։

ՕՍԿԱՐ Բարեկամս, դու ջերմություն ունես։

ԹՈՄԱՍ — Ես միանգամայն առողջ եմ։

ՕՍԿԱՐ Բարեկամս, այդպիսի ճեպընթաց իր օրում այստեղ չի կանգնում, թեև բացառված չէ, որ առանց կանգնելու մեր կողքով սու­րա։

ԹՈՄԱՍ — Այսօր հոգնել ես, Օսկար, ես գի­տեմ, դու լարված էիր։

ՕՍԿԱՐ (ծիծաղում է)։

ԹՈՄԱՍ — Քաղաքապետարանում ամեն ինչ կարգի՞ն է։

ՕՍԿԱՐ Իսկ ի՞նչ կարող է պատահել հանգստյան օրով։

ԹՈՄԱՍ — Ասում էիր՝ բարդ իրավիճակ է…

ՕՍԿԱՐ Ե՞ս… ե՞րբ։

ԹՈՄԱՍ — Երբ ստուգում էիր սպասողների փաստաթղթերը։ Իսկ նրանք էլ ասում էին, որ մեզ մոտ փոխվել է իշխանությունը, մեր քաղա­քը հիմա պետություն է։ Որ մենք ուզում ենք սե­փական օրենքներով ապրել, իսկ ուրիշները խանգարում են մեզ…

ՕՍԿԱՐ Ես քեզ տուն կհասցնեմ։ Դու պի­տի պառկես։ Բժիշկ կանչելն էլ իզուր չի լինի։

ԹՈՄԱՍ — Հերիք է ինձ հիմարի տեղ դնես։ Այստեղ շատ մարդ կար. զամբյուղով կին, ծերունի՝ նա անընդհատ փիլիսոփայում էր, իսկ մի տիկին հա՜ զանգում էր բջջային հեռախոսով։ Նրանք երկար սպասեցին ճեպընթացին։ Ու մեկ ժամ առաջ մեկնեցին։

ՕՍԿԱՐ Եթե որոշել ես հոգուս հետ խաղալ, համարիր, որ չափն անցար։ Եթե քեզ համակրանքով եմ վերաբերվում, չափդ պիտի իմա­նաս։ Ի՞նչ իշխանափոխություն, ի՞նչ սատանի տարած փաստաթղթերի ստուգում, ի՜նչ սպա­սողներ, այստեղ ճանճն անգամ չի տզզացել…

 

Փողը շպրտելով սեղանին՝ Օսկա րը թողնում է կիսատ խմած բա­ժակը, դժգոհ հեռանում է։ Թոմասը նայում է նրան։ Հետո վերցնում է գավաթն ու փողը, փակում է բուֆետը։ Հայտնվում են երկու երիտասարդ, համարյա միանման հագնված ու սև ակնոցներով։

 

1-ին ԵՐԻՏԱՍԱՐԴ 09-րդը կմոտենա տասը րոպեից։

2-րդ ԵՐԻՏԱՍԱՐԴ Չեմ կարծում, որ այնտեղ շատ լինեն պոեզիայի սիրահարները։

1-ին ԵՐԻՏԱՍԱՐԴ Նախօրոք ոչինչ ասել չես կարող։

 

Թոմասն առանց նրանց վրա ուշա­դրություն դարձնելու՝ գնում է դե­պի կայարանի շենքը։ Երիտա­սարդները նստում են բեմեզրին՝ ծնկները գրկած, սպասում են։ Թոմասը հասնում է երկրորդ նստարա­նին ու հանկարծ կանգնում։ Նրա ուշադրությունը գրավել է աղջկա­կան թեթև ժակետը։ Նա հմայված նայում է ժակետին։ Հետո զգույշ, մատների ծայրով վերց­նում է, բարձրացնում ու հոտ քա­շում։

 

ԹՈՄԱՍ — Տես, է՜, մոռացավ… (Դադար։) Տեր Աստված, ինչո՞ւ չգնացի նրանց հետ։

 

 

Կարդացեք նաև