Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / «ԱՅՍՏԵՂԻՑ ՀԵՏՈ»

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ «ԱՅՍՏԵՂԻՑ ՀԵՏՈ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում

 

Այստեղից հետո…

Այն կողմում Անիմանալին է:

Այս կողմում էլ պակաս անհայտություն չէ. մեր ծնունդի տերը չենք ու որքանո՞վ ենք մեր կյանքի տերը:

Դրա համար էլ կյանքն ու մահը սահմանազատող պահին թեկուզ մի փոքր մոտենալը շատ գայթակղիչ է:

Ու շատ վտանգավոր:

Դրա համար էլ Հեղինակի ստեղծած կերպարները նրան տարան «Այստեղից հետո»:

Պիեսում «մահ» նշան-բառին չեք հանդիպի:

Ուզում եմ, որ նկատած լինեք (ու հուշում եմ):

Այդպես գրվեց. մահը մեր յուրաքանչյուր պահի մեջ է, նշան-բառի կարիք չունի:

 

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

 

 

ԱՅՍՏԵՂԻՑ ՀԵՏՈ

Գործող անձինք

ՀՍԿԻՉ

ՑՐԻՉ

ԳՈՐԾԱՐԱՐ ՏՂԱՄԱՐԴ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ՄԱՅՐ

ՄԱՆՉՈՒԿ

ԱՆԱՆՈՒՆ

ԿԻՆ ԵՎ ՏՂԱՄԱՐԴ

ՌԵԺԻՍՈՐ

ՀԵՂԻՆԱԿ

ԼՈՒՍԱՐԱՐԻ ձայնը

 

Ամայի տարածության մեջ վերելակ հիշեցնող շինություն է, որի աջ կողմում փոքրիկ գրասեղանի է, վրան` հաշվեմատյան, գրիչ, թղթեր: Ձախ կողմը մշտապես խավարի մեջ է:

 

ՏԵՍԱՐԱՆ. Հսկիչ, Ցրիչ: Բեմը լուսավորվելուն պես հայտնվում է Հսկիչը, իբր կարգի է բերում գրասեղանը` հաշվեմատյանգրիչթղթերն է աննպատակ տեղաշարժում: Ինչոր մեկին է սպասում: Աջ կողմից հայտնվում է Ցրիչը

ՑՐԻՉ — Բարի օր:

ՀՍԿԻՉ — Օր է: Բարին հետո կերևա: Բերածդ էլի՞ ծրարներ են:

ՑՐԻՉ — Երևի:

ՀՍԿԻՉ — Նոր հրահանգ բերե՞լ ես:

ՑՐԻՉ — (անհոգ): Ի՞նչ իմանամ՝ բերածս ինչ է: Տալիս են՝ բերում եմ: Ինձ որ հարցնես` աշխարհի բոլոր ծրարների մեջ նույն բառերն են: (Բազմանշանակ ժպիտով🙂 Կարևորը չասված, չգրված բառերն են:

ՀՍԿԻՉ — (գործը չդադարեցնելով): Մի տարի չկա՝ ցրիչ ես, ե՞րբ հասցրիր ամենակարևորն իմանալ: (Զգուշավոր🙂 Ծրարները չե՞ս բացում:

ՑՐԻՉ — (վիրավորված): Է՛յ, մի քիչ զգույշ… Նախ, հրահանգով խստիվ արգելված է, երկրորդ՝ համալսարաններում չեմ սովորել, բայց արժանավոր ընտանիքում եմ մեծացել: Թե չգիտես՝ իմացիր. երբ նամակը հանձնում եմ հասցեատիրոջը, նրա դեմքի վրա եմ կարդում ներսում գրվածը:

ՀՍԿԻՉ — Ինձ համոզեմ, որ համոզվեցի: Գուցե ազնիվ ես, բայց… պարտաճանաչ չես: Ամեն օր մի քանի րոպե կամ պիտի ուշանաս, կամ` շուտ գաս:

ՑՐԻՉ — Երբ էլ գամ, իմ գործն ինձ չի՞ սպասում: (Սովոր շարժումով սեղմում է կոճակը, վերելակի դուռն անաղմուկ բացվում է: Պայուսակից հանում է ճերմակ, արդուկած կտորը, մտնում է ներս, սկսում է փայլեցնել հայելին🙂 Լսիր, դո՞ւ չես ուզում մտնել այստեղ, թե՞ քե՛զ թույլ չեն տալիս:

ՀՍԿԻՉ — Իմ նախորդը մի օր փորձել է մտել…

ՑՐԻՉ — Ե՞վ…

ՀՍԿԻՉ — Ոչինչ: Հիմա նրան ես եմ փոխարինում:

ՑՐԻՉ — Իսկ չե՞ս կարող ընդհանրապես գնալ էստեղից: Աշխարհում ուրիշ գործ չկա՞, միայն էս խցի՞կն է:

ՀՍԿԻՉ – Դու այս գործից բացի ուրիշ բան կանե՞ս:

ՑՐԻՉ — Մի վայրկյան էլ չեմ մտածի: Ինչ է, կյանքս այս հիմար ծրարների վրա՞ պիտի ծախսեմ: Շատ պե՜տքս է…

ՀՍԿԻՉ — Տղա՛ս, կարևոր չէ` ինչ ես անում…

ՑՐԻՉ — Բա ո՜նց… կոճակ սեղմելուց ավելի պատասխանատու գո՞րծ: Խոսքը մեր մեջ, շատ եմ կասկածում, որ էդ կոճակը գոնե մի անգամ սեղմած լինես:

ՀՍԿԻՉ — Կասկածի մասին բարձրաձայն հայտարարելը չի նշանակում, թե կասկածում ես: Դու փորացավդ ասա:

ՑՐԻՉ — (կարծես այդ խոսքերին էր սպասում, թողնում է գործն ու դուրս է նայում: Հույսով): Կթողնե՞ս, մի անգամ սեղմեմ կոճակը:

ՀՍԿԻՉ — (անխռով): Գիտես, որ ասելու եմ՝ չէ՛: (Կարճ դադարից հետո, ինքն էլ՝ հույսով🙂 Խցիկում ոչինչ չի՞ փոխվել:

ՑՐԻՉ — (նախապես խցիկը զննելուց հետո): Չէ, նույնն է: Նույն կաղնեփայտը, ողորկ պատերը, նույն հայելին, անկյունում նույն մոխրամանը և կոճակների վահանակը՝ ընդամենը երկու կոճակով՝ «վերև» ու «ներքև»: (Խոսքերն ուղեկցում է գործով՝ մաքրումփայլեցնում է թվարկած առարկաներն ու դուրս է գալիս խցիկից🙂 Այցելուներդ կարող են հայտնվել` առաջնակարգ սպասարկումն ապահովված է:

ՀՍԿԻՉ — Այնպես ես ասում, կարծես այցելուներիս հայտնվելը քեզնից է կախված:

ՑՐԻՉ — Ինձնից՝ իհարկե, չէ, բայց վերելակը… էս ընթացքում չէր աշխատում:

ՀՍԿԻՉ — Քեզ է թվում: Մինչև դու դատարկաբանում էիր, քանի՜ անգամ դուռը բացվեց-փակվեց, լամպն էլ վառվեց ու հանգավ:

ՑՐԻՉ — Կարո՞ղ է` էս պահին էլ է վերելակն աշխատում:

ՀՍԿԻՉ — Բացառված չէ:

ՑՐԻՉ — (կոկիկ շարժումով ճերմակ կտորը գցում է թևին ու վերածվում մատուցողի: Վատ թաքնված հեգնանքով): Տիկնա՛յք և պարոնա՛յք, վերելակն աշխատում է ամեն օր, 24 ժամ, առանց հանգստի, առանց ընդմիջման, առանց խափանումների: (Թողնելով հանդիսավոր տոնը, սովորական ձայնով🙂 Լսիր, իսկապե՞ս ոչ մի անգամ վերելակը չի խափանվել: Չէ՞… Այյյյո՜… (Անցնելով հանդիսավոր տոնին🙂 Խցիկում կան բոլոր հարմարությունները՝ ծխելը չի արգելվում, խմելը՝ նույնպես… (Կրկին սովորական ձայնով🙂 Լսիր, իսկապե՞ս խցիկում բար կա, որը բացվում է միայն վերելակի աշխատանքի ժամանակ: Չէ՛ մի… Այյյյո՜… (Էլի հանդիսավոր🙂 Խցիկում պահպանվում է կայուն ու հաճելի ջերմաստիճան, աշխատում է օդափոխիչ սարքը: Ձեզ մաղթում ենք ձե՛զ արժանի ճամփորդություն: (Սովորական ձայնով🙂 Հը՛, լավ ստացվե՞ց:

ՀՍԿԻՉ — Սուրճի մասին մոռացար:

ՑՐԻՉ — Բայց սուրճ չեք տալիս:

ՀՍԿԻՉ — Առավել ևս: Կարողացիր արժանապատվորեն մատուցել նաև չունեցածդ:

ՑՐԻՉ — Դա քո մենաշնորհն է: Տեղս զիջում եմ քեզ: (Կտորը ցուցադրաբար թափ է տալիս Հսկիչի դեմքին, խնամքով ծալումդնում է դարակներից մեկի մեջ🙂 Թե իմանաս, ինչքա՜ն ջնջոց է հավաքվել… Ամեն անգամ թվում է՝ պրծավ, էլ մի թիզ տեղ չկա, բայց հաջորդ օրը, չգիտեմ` ոնց, բայց մի ճեղք բացվում է: Եվ ի՞նչն է հետաքրքիր՝ դա ինձ չի զարմացնում:

ՀՍԿԻՉ — Իսկ ինչու՞ պիտի զարմացներ:

ՑՐԻՉ — Ես էլ նույնն եմ ասում: Դե՛, ես գնամ, ցտեսություն:

ՀՍԿԻՉ — Տղաս, փակիր վերելակի դուռը:

ՑՐԻՉ — (սեղմում է կոճակը, դուռը դղրդոցով փակվում է: Վախվորած): Առաջին անգամ մոռացա:

ՀՍԿԻՉ — (փորձում է հանգստացնել): Ոչինչ, ոչինչ… (Անսպասելի քինախնդրությամբ🙂 Մի օր պիտի պատահեր` պատահեց: Չմտածես: Ո՞ւր ես գնալու:

ՑՐԻՉ — Ինչպես միշտ՝ գարեջուր խմելու:

ՀՍԿԻՉ — Չէ, ավելի լավ է՝ կանաչ մահուդե սեղանին մոտենաս. թղթախաղը թանձրացած արյունը պղտորելու լավ միջոց է: Խաղա, տանուլ տուր… չվախենաս, դա ավելի կարևոր է, քան շահելը: Փորձիր մոռանալ, որ վաղը նորից գալու ես այստեղ:

 

Ցրիչը շեղ ժպտում է, կարծես ուզում է ինչոր կարևոր բան ասել, բայց վերջին պահին միտքը փոխում է և առանց ետ նայելու դուրս է գնում: Հսկիչը մտախոհ նայում է նրա ետևից, հետո վերջին անգամ ստուգելով՝ ամե՞ն ինչ կարգին է, նստում է գրասեղանի առաջ: Վերցնում է ծրարների կապուկը: Դանդաղ քանդում է քուղը, պատահական ծրար է դուրս քաշում: Զննում է, կարդում է վրան գրվածը, հետո բացում է ծրարը:

 

ՏԵՍԱՐԱՆ. Նույն պահին լուսավորվում է բեմի մութ անկյունը՝ կանգնած է Տղամարդը: Ներկայանալի արտաքինով, ինքնավստահ, հագնված է ճաշակով, ձեռքին թղթեր են: Արագ մոտենում է վերելակին:

ՀՍԿԻՉ — (անթարթ նայում է բացված ծրարին, ուշադրության չդարձնելով եկվորի վրան): Ուշանո՞ւմ եք:

ՏՂԱՄԱՐԴ — (շրջվելով` ակամա պատասխանում է): Ինչպես միշտ: Ինչքան շուրջս գործիմաց, ճշտակատար մարդ եմ հավաքում, այնքան շատ եմ ուշանում: Հենց նոր սխալ տեսա, ուզում եմ այս փաստաթուղթը կազմողներին մի երկու հարց տալ: Մեր գործում աննշան սխալն անգամ ճակատագրական կարող է դառնալ: Միշտ նույն պատմությունն է` ամեն ինչ հաշվարկում ես, բայց…

ՀՍԿԻՉ — Այս մի քանի րոպեների՞ց է կախված գործարքի ելքը:

ՏՂԱՄԱՐԴ — Ինչպես միշտ: Ո՞ւր են այդ դանդալոշները:

ՀՍԿԻՉ — Նրանք դեռ չեն կարող այստեղ գալ:

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ… ե՛ս կգնամ նրանց մոտ:

ՀՍԿԻՉ — Չեմ կարծում, որ դա ձեզ կհաջողվի:

ՏՂԱՄԱՐԴ — (արհամարհական հայացքով չափում է Հսկիչին ու մի մեծ շրջան անելով բեմում, հակառակ կողմից է մոտենում նրան): Սա… ի՞նչ է նշանակում: (Ձայնի մեջ անվստահության առաջին շեշտերն են լսվում🙂

ՀՍԿԻՉ — Տվեք թղթերը, խանգարում են ձեզ:

ՏՂԱՄԱՐԴ — Դրանք իմն են, ինչո՞ւ պիտի ձեզ տամ:

ՀՍԿԻՉ — Այլևս ձերը չեն: Դրանց վրա ոչինչ չի գրված:

ՏՂԱՄԱՐԴ — (նայում է թղթերին` իրոք մաքուր են: Շփոթված): Ո՞ւր են… փաստաթղթերը:

ՀՍԿԻՉ — Ինչ-որ մի տեղ, հավանական է, ձեր գրասեղանի վրա: Չարժե անհանգստանալ, դրանց տիրություն անող կգտնվի: Իսկ դրանք ինձ տվեք:

ՏՂԱՄԱՐԴ — (անսպասելի հնազանդությամբ մեկնում է թղթերը): Ձեր ինչի՞ն են պետք սրանք:

ՀՍԿԻՉ — Ափերով ամուր սեղմիր մաքուր թուղթը: Սեղմեցի՞ր: Ջերմությունը զգացի՞ր:

ՏՂԱՄԱՐԴ — (զարմացած): Զգացի:

ՀՍԿԻՉ — Ինձ այդ ջերմությունն է պետք: (Տղամարդու ձեռքից քաշում է թղթերը, դնում գրասեղանին🙂 Հիմա՞ ինչպես ես քեզ զգում:

ՏՂԱՄԱՐԴ — (դանդաղ): Ինչ-որ ցավ… թիկունքից մոտենում է:

ՀՍԿԻՉ — Շա՞տ ես հոգնած:

ՏՂԱՄԱՐԴ — Ինչպես միշտ: Այն թվերը… որ չգիտեմ՝ ուր կորան… դրանք պետք է շտապ ուղղել… Ես գնամ:  Ես… գնա՞մ:

ՀՍԿԻՉ — Ինչո՞ւ ես այդպես շտապում:

ՏՂԱՄԱՐԴ — (անկեղծանալով): Թափանիվ է… Սկզբում դժվար է` արագություն չկա… հետո կամաց-կամաց թափ է առնում ու չես նկատում՝ ինչպես է իր պտույտների մեջ առնում քեզ: Ու սկսում ես անընդհատ ուշանալ: (Հանկարծ🙂 Հիշեցի, կառավարիչին զգուշացնել է պետք վաղվա հանդիպման մասին: (Պոկվում է տեղից, բայցերկու քայլ չարած՝ անշարժանում է🙂 Թիկուքիս ցավն ուժեղանում է:

ՀՍԿԻՉ — Գիտեմ: Պետք չէ կտրուկ շարժումներ անել` ցավն ավելի կկատաղի: Չե՞ս զարմանում, որ այստեղ ես:

ՏՂԱՄԱՐԴ — Պիտի զարմանա՞մ… (Շուրջն է նայում, կարծես նոր է տեսնում՝ ուր է հայտնվել🙂 Սա ի՞նչ է նշանակում:

ՀՍԿԻՉ — Քիչ առաջ նույն հարցը տվեցիր, բայց միայն հիմա զարմացար:

ՏՂԱՄԱՐԴ — (կարծես նոր է տեսնում Հսկիչինչ): Դու ո՞վ ես:

ՀՍԿԻՉ — Չգիտես: Իսկ իմանալու համար ժամանակ չունես՝ ուշանում ես: (Նայում է վերելակին🙂

ՏՂԱՄԱՐԴ — (կարծես նոր է տեսնում վերելակը: Մոտենում, զննում է դուռը, կոճակը: Երբ շրջվում է Հսկիչի կողմը՝ աչքերում խնդրանք է): Այսպես չի՛ լինում, սա սխա՛լ է… (Թվում է` Հսկիչին է ասում, իրականում ինքն իրեն է համոզում🙂 Իմ օրացույցի վրա ամեն օրս ու րոպես նշված է: Մինչև հաջորդ ամսվա երրորդ կիրակին ես ազատ ժամ չունեմ, հասկանո՞ւմ ես… Մեկ շաբաթ առաջ հեռախոսազանգ է պատվիրված աշխարհի մյուս ծայրում գտնվող պատվիրատուի հետ, հինգ րոպե հետո պիտի խոսեմ նրա հետ… ինձ սպասում են: Հասկացի՛ր, ինձ սպասում են: Դա է իմ հաջողության գաղտնիքը, ես երբեք չեմ սպասեցրել ոչ մեկին: Ու հիմա, երբ գործարար աշխարհում վերջնականապես ամրապնդվել է իմ բիզնեսը, երբ այդքան երազած հանգիստը, թեկուզ մեկ-երկու օրով, այդքան մոտ է…. Չէ՛, սխալ է, այսպես չպիտի լինի… Այդ դեպքում ինչի՞ համար է օրացույցը: (Կատաղում է🙂 Ո՞ր շանորդին է հնարել այս թակարդը, նրա կոկորդը կծամեի` թե ձեռքս ընկներ… Լսիր, չէ՞ որ հենց այնպես չի հնարվել այդ օրացույց կոչվածը, չէ՞ որ մարդն իրավունք ունի տնօրինել…

ՀՍԿԻՉ — Ի՞նչը:

ՏՂԱՄԱՐԴ — (սթափվելով): Եթե ասեմ՝ կյանքը, կծաղրես:

ՀՍԿԻՉ — Օրացույցդ գրասեղանիդ վրա է, ու քեզնից հետո ինչ-որ մեկը կխոսի աշխարհի մյուս ծայրում գտնվող պատվիրատուի հետ:

ՏՂԱՄԱՐԴ — (աչքերն ամուր փակում է): Սը՛-խա՛-լէ՛:

ՀՍԿԻՉ — Իհարկե, սխալ է:

ՏՂԱՄԱՐԴ — (որ չէր սպասում նրա համաձայնվելուն, զարմացած): Կարծու՞մ եք:

ՀՍԿԻՉ — Հա՛-վա՛-տա՛-ցա՛ծ-ե՛մ: Այդպես չպիտի լինի: Բայց չգիտեմ` ինչպես պիտի լինի:

ՏՂԱՄԱՐԴ — (հույսով): Գուցե մի քիչ է՞լ շարունակեմ ուշանալ… ինչպես միշտ:

ՀՍԿԻՉ — (ցույց տալով ծրարը): Քո գործն արդեն այստեղ է:

ՏՂԱՄԱՐԴ — (համակերպված, հայացքով հառում է կոճակին): Սա՞ պիտի սեղմեմ:

ՀՍԿԻՉ — Այո:

ՏՂԱՄԱՐԴ — Ե՞րբ:

ՀՍԿԻՉ — Երբ ցավը թիկունքից հասնի աչքերիդ:

ՏՂԱՄԱՐԴ — Ուրեմն՝ քիչ ժամանակ է մնացել, աչքերս ծանրանում են: (Սեղմում է կոճակը: Դուռն անաղմուկ բացվում է, նա հոգնած քայլերով մտնում է ներս🙂 Այստեղ երկու կոճակ կա՝ ներքև ու վերև: Ո՞րը սեղմեմ:

ՀՍԿԻՉ — Դու պիտի ընտրես:

ՏՂԱՄԱՐԴ — Ստացվում է` մինչև վերջին պահը ես եմ ընտրում, բայց կամքիս հակառակ: Գործս կարճելու ես ու գցես դարա՞կը: Ի՜նչ անհեթեթություն է… Ուրեմն, ընդամենը մի թղթապանա՞կ… Գիտե՞ս, ինչ եմ խնդրելու քեզ, միայն չծաղրես… դրա մի անկյունում գրիր. «Անսպասելին է սխալ»: Չես մոռանա, չէ՞… Մինչև այսօր մտածել եմ միայն թվերի և օրացույցի մասին, իսկ մնացածը… Այնքա՛ն բան մնաց կիսատ… Ես այնքան բան ունեմ հիշելու: (Տեսնելով, որ Հսկիչը ծրարի միջից դանդաղ դուրս է քաշում թերթիկը🙂 Սպասի՛ր, մի վայրկյան ուշացրու, այսպես չեմ ուզում գնալ… Անիվը հիմա էլ է պտտում ինձ, բայց գոնե վերջին վայրկյանին պիտի հիշեմ իմ…

Հսկիչը դուրս է քաշում թերթիկը:

ՏՂԱՄԱՐԴ — (առանց նայելու սեղմում է կոճակներից մեկը): Այս անգամ էլ ուշացա… (Դուռը շրխկոցով փակվում է🙂

ՀՍԿԻՉ — (ծրարից հանած թերթիկը, որի վրա միայն թվեր են, սեղմիչով ամրացնում է Տղամարդու մաքուր թղթերին, դնում է թղթապանակը): Մնաց վերջին գործը՝ գրենք նրա վերջին ցանկությունը: (Հատհատ արտասանելով գրում է թղթապանակի կազմին🙂 «Անսպասելին է ճիշտ»: Վե՛րջ: (Բացում է դարակներից մեկըթղթապանակը գցում է մեջն ու փակում է դարակը🙂

Այդ ընթացքում դռնակի վերևում թարթում է լույսն ու մարում է դարակի փակվելու հետ:

 

ՏԵՍԱՐԱՆ. Հսկիչ, Զինվորական

Հսկիչը կապուկից վերցնում է հերթական ծրարը: Լուսավորվում է մութ անկյունը՝ Զիվորականն է: Նա հատու քայլերով մոտենում է վերելակին, գնահատող հայացքով զննում, սեղմում է կոճակը: Դուռը չի բացվում: Շրջվում է Հսկիչի կողմը:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — Ո՞վ ես, զեկուցի՛ր:

ՀՍԿԻՉ — (անտարբեր, բառերը ծոր տալով): Նստած զեկուցե՜մ:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — Ոտքի-ի՛:

ՀՍԿԻՉ — Հրահանգի համաձայն, ես նստած եմ կատարում պարտականություններս: Ոտքի կանգնելու համար նոր հրահանգ է պետք: Ունե՞ս այդ հրահանգը:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — (ինքնավստահությունը թեթև խաթարվել է): Չէ՛, չունեմ:

ՀՍԿԻՉ — Ուրեմն` կշարունակեմ նստել: Ու քանի որ նստած չեն զեկուցում, հրամանդ կմնա անկատար: Այդ դեպքում ինչպե՞ս ես վարվելու:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — (վերստանալով նախկին ամբարտավանությունը): Պատժախո՛ւց: Երեք օրո՛վ:

ՀՍԿԻՉ — (նույն ծույլ տոնով): Այստեղ պատժախուց չկա: Այստեղ ընդհանրապես ոչինչ չկա` վերելակից բացի, սա էլ շատ քմահաճ է, ինքն է որոշում՝ ում ներս տանի, ում՝ ոչ: Այստեղ տարածությունը կորցնում է կշիռը, իսկ ժամանակը դառնում է փշրված ավազ: Ոչինչ չկա, ոչ-ի՛նչ: (Նուրբ հեգնանքով🙂 Գուցե կարող ես պատժախցի պես մի բա՞ն ստեղծել այստեղ:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — (տեղի տված ինքնավստահությամբ): Չէ, որտեղի՞ց:

ՀՍԿԻՉ — Ուրեմն` կշարունակեմ չկատարել քո հրամանը, թվով՝ երկրորդը: Իսկ հրամանը կրկնակի չկատարողի նկատմամբ ի՞նչ միջոցներ կձեռնարկես:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — (նախկին տոնով): Տուգանային գումարտա՛կ: Տաժանակիր աշխատանք ու դաստիարակչական ծեծ:

ՀՍԿԻՉ — Այո՜… դժվար ես հասկանում: (Բացատրում է՝ ասես անհասկացող երեխայի🙂 Այստեղ բան չկա: Շուրջդ նայիր` միայն ոչինչ է և այս վերելակը: Էլի՞ կրկնեմ` դու կարո՞ղ ես…

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — (չլսելով մինչև վերջ, ջղային): Չէ՛, չե՛մ կարող:

ՀՍԿԻՉ — Գիտեմ, այդ պատճառով էլ հարցնում եմ` եռակի անգամ հրաման չկատարողին ի՞նչ է սպառնում:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — (պայթում է): Գնդակահարե՛լ: Տեղո՛ւմ: Երեսը դեպի պա՛տը:

ՀՍԿԻՉ — (անշտապ բարձրանում է, մոտենում է վերելակին, կանգնում դեմքով դեպի դուռը): Դե՞…

Զինվորականը գրպանից հանում, Հսկիչին է ուղղում ատրճանակը:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — (ֆշշացնելով): Կսատկացնեմ շան պես, քու տիրու…

ՀՍԿԻՉ — (շրջվում, նայում է նրա աչքերին): Կարող ես: Կեցցե՛ս, թե չէ խայտառակ բան կստացվեր՝ եռակի անհնազանդություն ու ոչ մի կրակոց: Համարիր, որ փրկված է արժանապատվությունդ: Ատրճանակը դիր սեղանին ու քեզ խելոք պահիր: Դե՞…

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — Գիտես, որ չեմ անի:

ՀՍԿԻՉ — Ես կրակել… չգիտեմ: Ուրիշ մեկն էլ այստեղ չկա: Ումի՞ց ես վախենում:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — Վախենա՞մ… քեզնի՞ց… քոսո՛տ շուն: (Ձայնն աստիճանաբար խրոխտանում է🙂 Ինձ չե՛ս ճանաչում… Ես զինվոր եմ, ատրճանակը մատներիս շարունակությունն է…

ՀՍԿԻՉ — (իբր զարմացած): Չես հանձնում ատրճանակը, որովհետև հավատարիմ ես համազգեստի՞դ: Ներիր, ինչ-որ բան շփոթել եմ թղթերիս մեջ: (Մոտենում է գրասեղանին, տենդոտ խառնում է ծրարները🙂 Երևի թյուրիմացություն է…

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — (ներողամիտ ժպիտով թփթփացնում է նրա ուսը): Ոչինչ, պատահում է, թղթերի հետ կռիվ տալն էլ հեշտ գործ չէ, միշտ մի բան խառնվում է: Կարևորը` սխալդ հասկացար… (Անսպասելի բռնում է Հսկիչի օձիքը, քարշ տալիս դեպի վերելակը՝ ատրճանակը քունքին պահած🙂 Հիմի քեզնից միայն լեշդ կմնա, գրասեղանի առնետ, վերջին շնչում կիմանաս` ինչ է մատների շարունակություն դարձած ատրճանակը: (Եվս մի վայրկյան` ու կկրակի🙂

ՀՍԿԻՉ — (որ սկզբում կարծես վախեցած էր, հանկարծ ժպտում է ականջեականջ): Ատրճանակը մատներիդ շարունակություն չէ: Վաղո՜ւց… Դա սկզբում էր, երբ կռվում էիր: Չգիտեմ` կռիվդ ճիշտ էր թե սխալ, բայց դու կռվում էիր, և ատրճանակդ ոչ միայն քեզ էր պաշտպանում, այլև կողքիդ կռվող զինվորին: Այն օրերին երկուսով մի ամբողջություն էիք: Բայց երբ կռիվդ փոխեց գույնը… (Այս պահից Հսկիչն է իրավիճակի թելադրողը🙂 …փոխեց ուղղությունը և կողքինիդ ստիպեց կռվել, իսկ քեզ` միայն պաշտպանվել… ձեր ամբողջությունը կորավ: Իսկ նրա տեղում հայտնվեց անասնական վախը, որն ամեն վայրկյան նողկալի շշնջում էր` զգո՛ւյշ, կողքինդ ատրճանակը կշրջի քո վրա: Աչքդ վրադ պահիր, որ կանխես ու դու կրակես: Դու միշտ ես հասցրել առաջինը քաշել ձգանը: Բայց գալիս է  ժամը, ու մեկ ուրիշի ատրճանակն ավելի շուտ է կրակում: (Զինվորականի թուլացած մատներից վերցնում է ատրճանակը, մոտեցնում է նրա քունքին ու մի քանի անգամ քաշում է ձգանը: Խուլ  թրխկոցներ են միայն՝ փամփուշտ չկա🙂 Տեսնու՞մ ես, շարունակությունդ արդեն քեզ պես անզոր է: (Հեռու է քաշվում🙂

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — (սեղմում է կոճակը, դուռն անձայն բացվում է՝ ներսում կարմիրարնագույն լույս է վառվում): Զավեշտ է` ամբողջ կյանքում զզվել եմ կարմիր գույնից…

ՀՍԿԻՉ — Կարճ կտևի, մինչև տեղ հասնելդ:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — (ներս է մտնում): Ո՞ր կոճակը սեղմեմ:

ՀՍԿԻՉ — Դու ես ընտրողը:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — Ես էլ հավատացի… Որն էլ ընտրեմ` կհայտնվեմ նույն տեղում:

ՀՍԿԻՉ — (մոտենում է գրասեղանին, բացում է ծրարներից մեկը, դանդաղ դուրս է քաշում թերթիկը): Ասելիք չունե՞ս:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — Հանգցրու կարմիր լույսը:

ՀՍԿԻՉ — Ասացի` կարճ կտևի:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — Վերադարձրու ատրճանակս:

ՀՍԿԻՉ — Քունքիդ մոտեցնելու համար շատ ես ուշացել: Էլ ինչի՞դ է պետք: (Ակամա հարգանքով🙂  Կարծես թե չե՞ս վախենում:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — (արհամարհանքով): Լակո՛տ, մինչև հիմա չհասկացա՞ր, ո՛ւմ հետ գործ ունես: Վերջին տարիների միակ ուղեկիցս կարմիր գույնն է եղել: Էլ ինչի՞ց վախենամ:

ՀՍԿԻՉ — (անողոք): Նրանցից, ում ուղարկում էիր կռվի` լավ իմանալով, որ չեն վերադառնալու:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — (լարված): Նրա՞նք… զինվորներս է՞լ են այնտեղ:

ՀՍԿԻՉ — Նրանք՝ չէ: Բայց նրանց վերջին հայացքները քեզ հետ կլինեն:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — (սարսափահար ուզում է դուրս նետվել խցիկից՝ անտես մի ուժ չի թողնում: Հոգեվարքի խռխռոցով🙂 Մահից չեմ վախենում, դո՛ւ ասացիր… բայց չեմ ուզում տեսնել նրանց հայացքները, ես չեմ կարող… չեմ կարող… (Հանկարծ քարանում է՝ խենթացած հայացքով🙂 Ուրեմն՝ սրանից ավելի մեծ սարսա՞փ կա: (Կույրի նման շոշափելով սեղմում է կոճակը, դուռը փակվում է🙂

Դռան վերևում սկսում է թարթել կարմիր լույսը: Հսկիչը ծրարի միջից հանում է կարմրագույն թերթիկը, նրանով փաթաթում է ատրճանակն ու գցում դարակը: Դարակի փակվելուն հետ մարում է նաև կարմիր լույսը:

 

ՏԵՍԱՐԱՆ. Հսկիչ, Մայր

Հսկիչը բացում է հերթական ծրարը: Լուսավորվող անկյունից դուրս է սահում Մայրը:

ՄԱՅՐ — (ձեռքը հանդարտ պարզելով): Տուր ինձ:

ՀՍԿԻՉ — (զարմանք ձևացնելով): Ի՞նչը:

ՄԱՅՐ — Ծրարի մեջ լուսանկար է: Որդուս լուսանկարը: Տուր ինձ:

ՀՍԿԻՉ — Դուք գիտեք` ի՞նչ կա ծրարի մեջ, երբ նույնիսկ ես չգիտեմ… Եվ, հետո, ծրարի մեջ եղածը կարվում է անձնական գործին ու փակվում, ա՛յ, այնտեղ: (Գլխի շարժումով ցույց է տալիս դարակները🙂

ՄԱՅՐ — (նույն հանդարտ ձայնով): Ծրարի մեջ որդուս լուսանկարն է… ու դու ինձ կտաս:

ՀՍԿԻՉ — (ակամա հարգանքով): Ես… իսկապես, մեծ ուրախությամբ, բայց… հասկացեք…

ՄԱՅՐ — Չեմ ուզում հասկանալ: Քսան տարի փորձել եմ հասկանալ ու… չեմ հասկացել: Գիտե՞ս, ինչ են եղել այդ տարիներն ինձ համար: Ինչ տաժանք է եղել անձրևոտ գիշերը, ձյունամրրիկի մեջ կորած օրը, երբ տաք անկողնում մտովի տաքացնել եմ հավերժ պաղած իմ որդուն: Դու կարո՞ղ ես մտնել իմ ցավի մեջ, երբ գարնան զրնգուն օրվա կամ ամառվա տոթ երեկոյի մեջ փորձել եմ տեսնել իմ մեռած որդու ստվերը: Որդիս մնաց 20 տարեկան, և արդեն 20 տարի է՝ 20 տարեկան է: Դու կարո՞ղ ես դա հասկանալ… Վաղո՞ւց ես այստեղ… մեկ տարի՞, հարյո՞ւր, հազա՞ր…

ՀՍԿԻՉ — Այստեղ ժամանակ չկա:

ՄԱՅՐ — Այդ դեպքում գուցե ասես, թե ինչո՞ւ կարողացա նրանից հետո 20 տարի ապրել… Կարողացա ամեն օր մեռնել ու ապրել… Չէ, չեմ բողոքում, պարզապես ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ է այսպես:

ՀՍԿԻՉ — Այստեղ չեք հասկանում, իսկ այնտեղ գուցե պարզվի՞…

ՄԱՅՐ — Այնտեղ ամեն ինչ ուրիշ կլինի, բայց ես այստեղինը չեմ լինի, չէ՞: Դե ասա, չե՞մ լինի:

ՀՍԿԻՉ — (չկամ): Չե՛ք լինի:

ՄԱՅՐ — Այդպես էլ գիտեի: Գուցե այնտեղ պարզվածը բավարարի այնտեղ գտնվողին, բայց ոչ` այստեղ ապրողին… ճի՞շտ եմ:

ՀՍԿԻՉ — (չկամ): Սխալ չե՛ք:

ՄԱՅՐ — Ուրեմն, իմ 20 տարիների պատասխանը այստե՛ղ եմ ստանալու: Հնարավոր է` խցիկ մտնելուց հետո այդ տարիները կորցնեն իրենց իմաստը կամ դառնան ավելորդ մի բան… (Սահմռկած🙂  Այդ ի՞նչ ասացի…

ՀՍԿԻՉ — Չէ, ձեր ասած սրբապղծություն չէր, բայց դիմանալու համար պիտի կարողանաս հարկավոր պահին կանգնել, հակառակ դեպքում…

ՄԱՅՐ — Դու միայն ասա… ինչո՞ւ որդիս ինձնից շուտ եկավ այստեղ: Ինչո՞ւ ես աչքերդ փախցնում… Հա՜, դու պատասխանատու չես կատարվածի համար, դու ընդամենը ողորմելի պտուտակ ես այստեղ, պարզապես ինձնից ավելի մոտ ես կանգնած պատասխանն իմացողին: Ասա, ո՞ւմ է պետք, որ մայրը որդուց երկար ապրի: (Կոտրված ժպիտով🙂 Չգիտեմ՝ ինչու եմ սա քեզ ասում… Հանկարծ արթնացավ այն ընդվզումը, որ ծնվել էր որդուս մահվան հետ: Ինչքան եմ դաժանացել ապրողների… ի՛մ դեմ: Բայց տարիները կարողացան ճզմել ինձ, ատելությունս խեղդեցին մոռացության ճահճում… Այստեղ նորից ընդվզեցի` կարծես վերադարձավ մայիսյան այն օրը, երբ նրան բերեցին՝ աչքերի մեջ ապրելու ծարավ, դեմքին՝ ցավից աղճատված ժպիտ ու վերջին բառը. «Լավ եմ…»՛: (Ծածուկ սրբում է աչքերը🙂

ՀՍԿԻՉ — (թաշկինակ է մեկնում կնոջը): Վերցրեք…

ՄԱՅՐ — (հպարտ): Փոշեհատիկ ընկավ աչքս: Ընդամե՛նը: (Հաշտ🙂 20 տարի սպասել եմ այս պահին, որ հարցնեմ՝ ինչպե՞ս մտնեմ ներս:

ՀՍԿԻՉ — Սեղմեք կոճակը: Ընդամենը:

ՄԱՅՐ — (սեղմում է կոճակը, դուռը բացվում է):

ՀՍԿԻՉ — (մեկնում է ծրարը): Դուք ճիշտ էիք, վերցրեք:

ՄԱՅՐ — Իսկ հրահա՞նգը:

ՀՍԿԻՉ — Կարևոր չէ… վերցրեք:

ՄԱՅՐ — Առանց այդ էլ պայուսակիս մեջ միայն նրա նկարներն են:

ՀՍԿԻՉ — Այս լուսանկարը չունեք, ասենք՝ այն չի էլ եղել:

ՄԱՅՐ — (վերցնում, երկար նայում է լուսանկարին): Ինձ հետ մնացել են միայն այդ տարիները: Դրանցից առաջ ի՛նչ է եղել՝ չկա: Ոչինչ չեմ հիշում, ոչինչ: Ինչո՞ւ… որ հիմա հանգիստ մտնեմ այս դռնից նե՞րս: (Ներս է մտնում🙂 Եթե այդպես է… Ասացիր` դարակում անձնական գործս է… մի տեղ անպայման գրիր. «Սպասելն է սխալ»: (Դուռը փակվում է, լույսն սկսում է թարթել🙂

Հսկիչը ծրարից դուրս է բերում լուսանկարների տրցակ, առանց նայելու դնում է թղթապանակը, բարձրաձայն հեգելով գրում է. «Ճիշտը սպասելն է»: Փակում է թղթապանակը, գցում է դարակը:

Նույն պահին վերելակի լույսը մարում է:

 

ՏԵՍԱՐԱՆ. Հսկիչ, Մանչուկ

Անկյունում սկսում է թարթել լույսը, հերթական բռնկումից հետո ներս է վազում Մանչուկը: Գործով տարված Հսկիչը նրան չի նկատում: Մանչուկն արագ մոտենում է վերելակին, զննում է, հետո մոտենում է Հսկիչին:

ՀՍԿԻՉ — (ինքն իրեն): Փաստաթղթերը հաստատ իրար են խառնել… թե՞ Ցրիչն է ինչ-որ բան շփոթել:

ՄԱՆՉՈՒԿ — Ի՞նչ ես անում էստեղ:

ՀՍԿԻՉ — (ապշահար): Ինչպե՞ս հայտնվեցիր:

ՄԱՆՉՈՒԿ — (անհոգ): Ֆուտբոլ էինք խաղում, էրեխեքից մեկը հո չխփե՜ց… գնդակն էլ ընկավ ջուրը:

ՀՍԿԻՉ — Ու դու…

ՄԱՆՉՈՒԿ — Դե, մեզնից մեկը պիտի փրկեր, չէ՞, գնդակը:

ՀՍԿԻՉ — Փրկեցի՞ր:

ՄԱՆՉՈՒԿ — (տխրելով): Արդեն չեմ հիշում: (Մոռանալով տխրությունը🙂 Ինչ հետաքրքի՜ր է էստեղ… բա սրա՜նք… (Ցրիվ է տալիս ծրարները🙂

ՀՍԿԻՉ — (հատակից շտապով հավաքելով): Սա արդեն բանի նման չէ… եթե ամեն մեկը խառնի…

Մանչուկն այդ ընթացքում սրընթաց պտտվում է տարածքում, մոտենում է վերելակին, սեղմում կոճակն ու բացված դռնից ներս է մտնում:

ՀՍԿԻՉ — (անզոր խեղճությամբ): Ախր, ինչո՞ւ ես շտապում… գուցե դեռ հնարավոր է ուղղել…

ՄԱՆՉՈՒԿ — երկու կոճակ կա, ինչի՞ համար են… ո՜նց եմ ուզում սեղմել, տե՛ս, ձեռքերս սկսեցին քոր գալ: Ո՞ր մեկը սեղմեմ:

ՀՍԿԻՉ — (չկամ): Որը կամենաս:

ՄԱՆՉՈՒԿ — Երկուսն էլ կփորձեմ, հետո տուն կվազեմ: Մայրիկս շատ է անհանգստանում, երբ ուշանում եմ:

ՀՍԿԻՉ — (մոտենալով): Ինչ որ հիմա ասեմ, հրահանգով արգելված է, բայց… թքա՛ծ: Տո՛ւր ձեռքդ, գուցե կարողանամ դուրս բերել:

ՄԱՆՉՈՒԿ – Ինչի՞ որ… Էստեղ շատ էլ լավ է… Մի՛ վախենա, ես ժամանակին տուն կհասնեմ:

ՀՍԿԻՉ — (կամաց): Մայրդ արդե՛ն անհանգստանում է: Տուր ձեռքդ:

ՄԱՆՉՈՒԿ — (վախ է հայտնվում աչքերի մեջ): Մի անգամ փոսի մեջ ընկա: Ես ընդհանրապես անհանգիստ մարդ եմ, տեղս նստել չեմ սիրում: Ընկել էի փոսը, դուրս գալ չէի կարողանում: Հայրիկս ձեռքը մեկնեց ու քեզ պես ասաց՝ տուր ձեռքդ:

ՀՍԿԻՉ — Ես էլ եմ ասում:

ՄԱՆՉՈՒԿ — Բայց չպիտի՛ ասես, չէ՞:

ՀՍԿԻՉ — Հրահանգով արգելված է, խիստ արգելված է:

ՄԱՆՉՈՒԿ — Եթե հայրիկս չկարողանար ինձ փրկել, ինքն էլ կգլորվեր փոսը: Որ ես մենակ չմնայի:

ՀՍԿԻՉ — (պարզած ձեռքը ետ է քաշում): Հասկանո՞ւմ ես, քո ծրարն էլ չեմ գտել:

ՄԱՆՉՈՒԿ — (ինքնագոհ): Մայրիկս ասում է, որ երբ տունը տակնուվրա եմ անում, տասը հոգով խելքի բերել չեն կարող: Մի վախենա, վերջում կգտնես:

ՀՍԿԻՉ — Հիմա ի՞նչ ես հիշում:

ՄԱՆՉՈՒԿ — Մայրիկիս աչքերը… (Զղջումով🙂 Ինչի՞ եկա Էստեղ, ուզեցի սեղմել կոճակը…

ՀՍԿԻՉ — (տառապելով): Արդեն շատ ուշ է:

ՄԱՆՉՈՒԿ — Ես տուն եմ ուզում գնալ… տուր ձեռքդ:

ՀՍԿԻՉ — Սեղմիր կոճակը:

ՄԱՆՉՈՒԿ — Եթե իմ հեքիաթն էսքան կարճ էր լինելու, ինչո՞ւ սկսվեց: Ո՞ւմ է պետք կիսատ հեքիաթը: (Սեղմում է կոճակը, դուռը դղրդյունով փակվում է, լույսը վառվում է մի ակնթարթ ու հանգչում է🙂

Հսկիչը հավաքած ծրարները շպրտում է հատակին ու ձեռքերով փակում է աչքերը:

 

ՏԵՍԱՐԱՆ. Հսկիչ, Անանուն:

Հսկիչը նայում է սեղանի թղթերին, բացում է դարակները, փնտրածը չգտնելով` ուսերը թոթվում է, ծույլ շարժումով թղթերը հրում է մի կողմ, հայացքը սևեռում անորոշ կետի: Աջ կողմից հայտնվում է Անանունը, զննում է շուրջը, գալիսկանգնում է Հսկիչի դիմաց:

ՀՍԿԻՉ — (առանց նրան նայելու): Քեզ չեմ տեսնում:

ԱՆԱՆՈՒՆ — Ստիպված ես տեսնել:

ՀՍԿԻՉ — Չեմ տեսնում ու չեմ լսում:

ԱՆԱՆՈՒՆ — Նույնիսկ մտքերս ես կարդում:

ՀՍԿԻՉ — Դու չկաս:

ԱՆԱՆՈՒՆ — Լավ նայիր:

ՀՍԿԻՉ — (շինծու գործնականությամբ տնտղում է սեղանի թղթերը, դարակները, չարախինդ հանդարտությամբ): Չկա՛ս:

ԱՆԱՆՈՒՆ — Էստեղ է՞լ փաստաթուղթն է կարևորը… (Սեղանից վերցնում է մի քանի թուղթ, պատռում, շպրտում է հատակին🙂 Եթե չկամ, սրանք ո՞վ ճղեց:

ՀՍԿԻՉ — (անվրդով): Ճղված թուղթ չկա:

ԱՆԱՆՈՒՆ — Էնտեղ` հասկացանք, էնտեղ ի՛մ կյանքն էր: Բայց էստեղից հետո՞… Էլի՞ չեն տեսնելու, չեն լսելու: Դե, որ էդպես է… (Սեղանի վրայի թղթերը շպրտում է հատակին, բարձրանում, պառկում է սեղանին` հետույքը «հարմարեցնելով» Հսկիչի քթի առաջ🙂  

ՀՍԿԻՉ — (ցուցադրաբար նայում է անորոշ կետի):

ԱՆԱՆՈՒՆ — (հասկանալով, որ Հսկիչն անդրդվելի է, նստում է` դեմքով դեպի նա: Լուռ մենամարտը տևում է մի քանի րոպե: Անանունը բռունցքով խփում է Հսկիչի դեմքին: Հոգատար շեշտով): Ցավա՞ց… չէ՞… (Եվս մի հարված` Հսկիչի քիթն արնոտվում է🙂 Այ-այ-այ… Հիմի՞ ինչ կասես:

ՀՍԿԻՉ — Դու չկաս:

ԱՆԱՆՈՒՆ — Էդպես քիթ-մռութդ արնոտ պիտի նստես-մնա՞ս: (Հսկիչն անշարժ է🙂 Թաշկինակ է՞լ չունես: Համա թե աշխատանքային պայմաններ են: (Իջնում է սեղանից, բացում է դարակը, սպիտակ կտորներից մեկը փռում է Հսկիչի դեմքին, հետո նրան համարյա գրկած քարշ է տալիս դեպի վերելակը🙂 Շարունակում ես ինձ չտեսնել… Հրահանգ ես կատարում, հա՞, պոռնիկի ծնունդ… Հիմի ի՛մ հրամանը կկատարես: Տեսնեմ` ոնց չես կատարի, աղիքներդ բերնիցդ կհանեմ: (Հենում է պատին, խփում կտորով ծածկված դեմքին: Հարվածներին զուգընթաց ծիծաղի ձայն է լսվում, որն աստիճանաբար ուժգնանում է: Ծիծաղն Անանունին ավելի է կատաղեցնում🙂

ՀՍԿԻՉ — (ետ քաշում կտորը` դեմքին հարվածի կամ արյան հետք չկա, անվրդով): Չես հավատո՞ւմ, որ չկաս: Նայի՛ր: (Ցույց է տալիս նախկինի պես թղթերով ծածկված գրասեղանը🙂 Ի՞նչ կասես:

ԱՆԱՆՈՒՆ — (անուժ հենվում է վերելակի դռանը): Էստեղ էլ նույն սրիկայությունն է:

ՀՍԿԻՉ — (տեղը նստելով): Այնտեղ է՞լ այդպես էիր արտահայտվում:

ԱՆԱՆՈՒՆ — Էնտեղ հիմնականում քֆուր էի տալիս: Խմում էի ու…

ՀՍԿԻՉ — Պատկերացնում եմ` ինչ բառերով…

ԱՆԱՆՈՒՆ — Քեզ պես ճիճվին էնտեղ, գիտե՞ս, ինչ կասեի:

ՀՍԿԻՉ — Գիտեմ: Այնտեղ միայն կեղտոտ քֆուրներդ էին հիշեցնում, որ գոյություն ունես:

ԱՆԱՆՈՒՆ — Պատկերացրու` ամառ, կեսօր, երկնքից կրակ է թափվում: Բոլորը կիսամերկ են, չամաչեն` լրիվ կչփլաղանան: Կնիկների մի տեսակ կա, որ համարյա տկլոր է ման գալիս: Իսկ ես ձմեռվա քրջերով եմ, համ էլ ներսից եմ ինձ տաքացրել: Նստել եմ փողոցում ու նայում եմ անցնողներին: Ու քրֆում եմ: Ամեն մեկին` իրեն համապատասխան: Շատերը բանի տեղ չեն դնում, իբր` չեն տեսնում, չեն լսում: (Ի պատասխան Հսկիչի չարախինդ ժպիտին🙂 Ոնց որ դու… Լինում է` հայացքով խեթում են, հազարից մեկ` պատասխան տալիս: Ա՛յ, էդ պատասխան տվողին հարգում եմ: Ինչքան պատասխանը գռեհիկ է, էնքան ավելի եմ հարգում: Իսկ պոռնիկներին, մեկն էլ` քեզ, արհամարհում եմ: Ու քֆուրս ճոխ է ստացվում, տեղը տեղին: (Հսկիչը խնամքով դասավորում է թղթերը: Անանունը տնտղում է դրանք, դնում է մի կողմ🙂 Ոչինչ չեմ հիշում` ոչ անունս, ոչ ծնված թիվս, ոչ ծնողներիս… ունեցե՞լ եմ որ… Մի ժամանակ տան պես բան եմ ունեցել, բայց երբ, որտեղ… (Հույսով🙂 Մի տեղ գրած չունե՞ս:

ՀՍԿԻՉ — Ես քո ի՞նչն եմ, որ հիշեցնեմ անունդ, ծնված թիվդ, ծնողդ… էլ չեմ ասում` տունդ:

ԱՆԱՆՈՒՆ — Էսպես, առանց ինքս ինձ հիշելու չեմ կարող ներս մտնել:

ՀՍԿԻՉ — Մի կողմ կնայեմ` կմտնես:

ԱՆԱՆՈՒՆ — Գոնե դու մարդ լինեիր… (Հսկիչը փախցնում է հայացքը🙂 Դե, ինչ… (Մոտենում է վերելակին🙂 Մի օր դեմս կին ելավ: Կին… գիտե՞ս` ինչ է: Ոչ միայն գեղեցիկ, խնամված, գոռոզ… Չէ՛, դա մի ուրիշ բան էր… չես հասկանա: Նայեցի նրան ու կյանքումս առաջին ու վերջին անգամ քրֆեցի աստված կոչվածին… որ դիրք ու իշխանություն չունեմ, փող ու հարստություն չունեմ, որ երբեք մարմինս ջահել աղջիկները չեն մերսել, թանկ օծանելիք չեմ օգտագործել, ընտիր գինիներ չեմ խմել ու հավայան սիգարներ չեմ ծխել, շքեղ մեքենա չեմ ունեցել, մարդկանց ճակատագրեր չեմ տնօրինել… Միայն էդքանը ունենալուց հետո արժանի կլինեի էդ կնոջ վայելքին: Իսկ ես կկարողանայի՜ վայելել նրան: Չգիտեմ` ոնց նայեցի, որ կողքովս անցնելիս ժպտաց: Շատ թեթև, հազիվ նկատելի… Հասկացա, որ չեմ սխալվել` իսկական կին էր: Նա էլ չէր սխալվել` ես կկարողանայի՛ իրեն արժանի վայելք պարգևել: Գիտե՞ս ինչ է նշանակում գնալ` առանց վայելելու քո հասանելիք կնոջը: (Ձեռքը մեկնում է կոճակին🙂

ՀՍԿԻՉ — Սպասիր… (Դարակից հանում է ծրարը, շուրջն է նայում, մոտենում, նրա գրպանն է խոթում🙂 Հիմա գնա՛:

ԱՆԱՆՈՒՆ — Ապրածս վերադարձրիր: Գնամ փնտրելու մնացածը: (Սեղմում է կոճակը, ներս մտնում, պայծառացած դեմքով ժպտում է Հսկիչին🙂

Դուռը փակվում է: Հսկիչը սպասում է մինչև լույսի հանգելը, ձեռքով հրաժեշտի անորոշ շարժում է անում, վերադառնում է տեղը:

 

Տեսարան. Հսկիչ, Կին, Տղամարդ:

Հսկիչը գրասեղանի վրայից վերցնում է հերթական ծրարը: Անկյունը լուսավորում է Տղամարդուն ու Կնոջը: Երեկոյան զգեստով են: Անհաղորդ շրջապատին՝ մոտենում են անընդմեջ խոսելով, որն ավելի շատ վեճ է հիշեցնում:

ԿԻՆ — …չե՛մ ուզում լսել… Ոչինչ չե՛մ ուզում լսել: Հազար եմ ասել՝ այսպես շարունակվել չի կարող, սա… սա… (Իզուր փնտրում է հարկավոր բառը🙂

ՏՂԱՄԱՐԴ — Աբսուրդ է: Բավական է՝ մի անգամ սխալվես, հետո դրանք անընդհատ քեզ կհետապնդեն  գարշահոտ փայտոջիլների պես:

ԿԻՆ — Փայտոջիլը գրաշահոտ չի լինում:

ՏՂԱՄԱՐԴ — Իմ փայտոջիլները գարշահոտ են, քե՛զ ինչ: Ու ինչքան առաջ ես գնում, այնքան ավելանում են այդ փայտոջիլները:

ԿԻՆ — (այս պահից ամեն մեկն ասում է իրենը՝ չլսելով դիմացինին): Ամեն անգամ ինձ ասում եմ՝ լսիր, ինչ եղել է՝ սխալ է եղել, հիմա ամեն ինչ փոխվելու է:

ՏՂԱՄԱՐԴ — Քեզ անընդհատ խաբում ես, որ եթե այս մի սխալն էլ շրջանցես կամ չտեսնելու տաս, գուցե ինչ-որ բան փոխվի… փայտոջիլներից գոնե մի քանիսը կսատկեն…

ԿԻՆ — Գնում եմ վարսավիրանոց, սանրվածքս եմ փոխում, մազերիս գույնն եմ փոխում, հուսալով, որ դրանից հետո փոփոխություն է լինելու:

ՏՂԱՄԱՐԴ — Սկսում ես մեկ առ մեկ հիշողությունիցդ ջնջել վիրավորանքները, ծուռ հայացքները, կծու հեգնանքը: Ջանադիր ջնջում ես, հիշողության դարակներդ լավ մաքրում, դատարկում այն հույսով, որ էլ հինը չի կրկնվելու:

ԿԻՆ — Եվ ամեն ինչ թվում է այնքան պարզ ու հասարակ՝ տուն կգաս, շեմից կժպտաս, ու կլինի խաղաղ երեկո:

ՏՂԱՄԱՐԴ — Տուն ես գալիս դիմացինի ժպիտը տեսնելու հույսով, սեղանին՝ տաք ընթրիք, հեռուստացույցի թարթող կապույտ ու մի խաղաղ, մտերիմ երեկո:

ԿԻՆ — Բայց ինչ-որ մի ուժ քո դեմքից քշում է թերատ ժպիտդ, կշտամբանքի գույն ունեցող բառերը շուրջպար են բռնում ընթրիքի սեղանի շուրջ ու սենյակի անկյունում ծվարած խաղաղ երեկոն դուրս է ցատկում բաց պատուհանից կամ փակ պատուհանի փակ օդանցքից:

ՏՂԱՄԱՐԴ — Բայց ինչ-որ մի ուժ ժպիտդ դարձնում է ծամածռություն, սեղանին շարված ափսեներն աղմուկով թափվում են հատակին ու խաղաղ երեկոն լուծվում է հեռուստացույցի կապույտի մեջ:

ԿԻՆ — (ճչում է): Ես հոգնել եմ, հոգնե՛լ եմ… հոգնե՜լ…

ՏՂԱՄԱՐԴ — Ուժ չի մնացել, որ անգամ հոգնեմ:

ԿԻՆ — Մի՞թե այս ամենը վերջ չունի ու պիտի շարունակվի անընդհատ ու անընդհատ…

ՏՂԱՄԱՐԴ — Ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե…

ՀՍԿԻՉ — Էլ չի լինի:

Կինն ու Տղամարդը նոր միայն նայում են իրենց շուրջն ու տեսնում, թե ուր են հայտնվել:

ՏՂԱՄԱՐԴ — Ո՞վ ես:

ԿԻՆ — Ինչպե՞ս այստեղ հայտնվեցինք:

ՀՍԿԻՉ — (Տղամարդուն): Չես ճանաչում: (Կնոջը🙂 Փորձեք հիշել:

ՏՂԱՄԱՐԴ — Մենք երեկույթից էինք վերադառնում:

ԿԻՆ — Ձանձրույթից մեռնող մարդկանց հավաքածու: Եվ ձանձրանալուց բացի ոչինչ չես անում:

ՀՍԿԻՉ — Լա՜վ եք խմել:

ՏՂԱՄԱՐԴ — Հարբել ենք: Որ դիմանանք այդ ձանձրացողների…

ԿԻՆ — …ու միմյանց ներկայությանը:

ՏՂԱՄԱՐԴ — Ջուր եմ ուզում, ծարավից մեռնում եմ:

ՀՍԿԻՉ — Վերելակի մեջ կա: Կոճակը սեղմիր:

ՏՂԱՄԱՐԴ — (սեղմում է կոճակը, դուռը բացվում է, նա քայլ է անում մտնելու համար):

ԿԻՆ — (անսպասելի ճչում է): Սպասի՛ր… ներս չմտնե՛ս:

ՏՂԱՄԱՐԴ — Էլի՞ սկսեցիր: Գոնե այստեղ հանգիստ թող: (Այն է՝ մտնելու է🙂

ԿԻՆ — Չէ, պետք չէ… սա ինձ դուր չի գալիս: (Հսկիչին.) Ի՞նչ ես նայում: Մի բաժակ ջրի համար նեխահոտ վերելա՞կը պիտի մտնի:

ՀՍԿԻՉ — Չասա՞ց, որ ծարավից մեռնում է:

ՏՂԱՄԱՐԴ — Ասացի: Ու հիմա կմեռնեմ, եթե չխմեմ: (Ներս է մտնում🙂

ԿԻՆ — (դատապարտված շշուկով): Ի՜նչ արիր… Քիչ առաջ էլ խնդրում էի, որ մեքենան կամաց վարես, որ…

ՏՂԱՄԱՐԴ — Որ չխոսես վրաս՝ կպայթես: (Սեղմում է կոճակները🙂 Ի՞նչ է, չի՞ աշխատում:

ՀՍԿԻՉ — Նա մի՛շտ է աշխատում:

ՏՂԱՄԱՐԴ — Բա ինչո՞ւ տեղից չի շարժվում:

ՀՍԿԻՉ — Որովհետև… (Արտահայտիչ նայում է Կնոջը🙂

ԿԻՆ — Ես է՞լ… Բայց ես ծարավ չեմ: Ես ոչինչ չեմ ուզում… ես ուզում եմ տուն գնալ: (Հանկարծակի համակերպվածությամբ🙂  Ուրեմն՝  ես էլ՞… (Դանդաղ մոտենում է վերելակին🙂

ՏՂԱՄԱՐԴ — (զբաղված է պատին փակցված հրահանգը կարդալով, չի լսել Կնոջ վերջին բառերը): Տես, է՜… խմիչք, ծխախոտ, անգամ օդափոխիչ… ա՛յ, ի՛նչ եմ ասել: (Նկատելով ներս մտնող Կնոջը🙂 Դո՞ւ ինչ գործ ունես: Գոնե հիմա մենակ թող: Ո՞ւմ եմ ասում, ներս չգաս… (Տենդահար սեղմում է կոճակները. վերելակն անշարժ է: Հսկիչին.) Ի՞նչ ես ցցվել չորացած գերանի պես, օգնիր: (Աղերսանքով🙂 Չե՞ս կարող դասավորել, որ ես գնամ, հետո նոր՝ ինքը:

Հսկիչը բացասաբար օրորում է գլուխը:

ԿԻՆ — Դե, իհա՜րկե, մենակ… Դա քո երազանքն է՝ մենակ մնալ, ազատ լինել… Ու թքա՛ծ ունես, թե ինչ կլինի ինձ հետ: (Փորձում է ներս մտնել🙂

ՏՂԱՄԱՐԴ — (չի թողնում): Ո՜ւր… քեզ ասում եմ՝ քաշվի՛ր մի կողմ: Թող գոնե այստեղ չլսեմ քո փնթփնթոցը:

ԿԻՆ — Այդ ե՞ս եմ փնթփնթում:

ՏՂԱՄԱՐԴ — Չէ՛, ես:

ԿԻՆ — Հիմա կասես՝ քիչ առաջ էլ առաջինը ե՛ս խանդի տեսարան սարքեցի:

ՏՂԱՄԱՐԴ — Ես ընդամենը հիշեցրի իմ գոյությունը:

ԿԻՆ — Իսկ դրանից առաջ ո՞վ էր կպել այն քսմսված պոռնիկին… Իսկ հիմա հանգի՛ստ թող ինձ: (Հրում է նրան, մտնում  ներս🙂

ՀՍԿԻՉ — (բացելով ծրարը): Գիտե՞ք` ուր եք գնում:

ՏՂԱՄԱՐԴ — (ինքնագոհ): Քիչ առաջ քամուց արագ էինք սլանում:

ԿԻՆ — (հեգնում է): Քիչ հետո նորից կսլանանք:

ՏՂԱՄԱՐԴ — Ու դա հրաշալի է… բայց երբ մտածում եմ, որ նորից կողքիս ես լինելու՜…

ԿԻՆ — (կծու): Եթե չեմ սխալվում, դո՛ւ ստիպեցիր կողքդ նստել: Ես ուզում էի տաքսի կանչել. ժամանակից շուտ այն աշխարհ գնալու ցանկություն չունեմ:

ՏՂԱՄԱՐԴ — Ասում եմ, չէ՞, բավական է մեկ անգամ սխալվես, ու հետո անընդհատ սխալներ ես անում… սա հերթականն է: Չէ՛, կարծես թե վերջինը:

ԿԻՆ — Դե ասա, ասա՛ վերջապես, որ ինձ հանդիպելն էր ամենամեծ սխալդ, ասա՛, ինչո՞ւ չես ասում: Ասա՛, որ սխալ էր:

ՏՂԱՄԱՐԴ — Ինչ է, ճի՞շտ էր:

ԿԻՆ — Չգիտեմ: Լսի՛ր, մի՞թե այս ամենին վերջ չի լինելու, շարունակվելու է…

ՏՂԱՄԱՐԴ — …ամեն օր, ժամ, րոպե:

ՀՍԿԻՉ — Պարզապես շարունակվելու է առանց օր ու ժամի: (Ծրարի միջից սկսում է դուրս քաշել թուղթը🙂 Դուք դեռ կարող եք ինչ-որ բան ասել իրար:

Երկուսը նայում են իրար, փորձում են խոսել՝ չի ստացվում: Սարսափահար նայում են ուգրկախառնվում:

ՏՂԱՄԱՐԴ — Ճակատագիր էր: (Վերելակի դուռը փակվում է🙂

Հսկիչը ծրարի միջից հանում է երկու թուղթ, սոսնձում է իրար, բարձրաձայն հեգելով գրում. «Պատահականություն էր», գցում է դարակը: Թարթող լույսը մարում է:

 

ՏԵՍԱՐԱՆ. Հսկիչը սովոր շարժումով ձեռքը մեկնում է հերթական ծրարին, բայցզգուշավոր նայելով շուրջը` ծրարները մի կողմ է հրում, մոտենում է վերելակին, սեղմում է կոճակը: Դուռը չի բացվում: Նորից է փորձում` անարդյունք: Զգույշվախեցած` բռունցքով խփում է կոճակին, հետո` դռանը: Հարվածներն ուժգնանում են, արդեն երկու ձեռքով է խփում մեկ` կոճակին, մեկ` դռանը: Երբ լարումը հասնում է գագաթնակետին` մշտապես մութ ձախ անկյունից լսվում է. «Լավ է, անցիր ֆինալին»: Հսկիչը մի պահ նայում է ձայնի ուղղությամբ ու վերսկսում հարվածները: Ձայնը հնչում է հրամայական. «Բավակա՛ն է, վերջին տեսարանին անցիր»:

Հսկիչի` հարվածի պատրաստ բռունցքները քարանում են օդում, նա հենվում է դռանը և դանդաղ փլվում է հատակին: Մարում է վերելակի լույսը:

Լուսավորվում է ձախ անկյունը. այնտեղ սեղան է, վրան` լուսամփոփ. ռեժիսորական վահանակ: Նստած են Ռեժիսորն ու Հեղինակը:

ՌԵԺԻՍՈՐ — (տեղից վեր թռչելով): Լավ է, շատ լավ է… Կարելի է ասել, որ գլխավոր փորձը հաջող էր: (Հեղինակին.) Ի՞նչ կասես, լավ-վատ` պիեսի հեղինակն ես:

ՀԵՂԻՆԱԿ — (վարանոտ): Վատ չէ, բայց… ֆինալը…

ՌԵԺԻՍՈՐ — (համարյա չլսելով նրան): Է՜յ, վերևում… քնեցի՞ք, լույսերը միացրեք: (Հեղինակին.) Հա՜, ֆինալը… ինքդ տեսար, կիսատ թողեց, բայց ոչինչ, առավոտ մի անգամ էլ կփորձենք:

Լուսավորվում է բեմը: Վերելակի մոտ ընկած է Հսկիչը:

ՌԵԺԻՍՈՐ — Փորձն ավարտվեց, ի՞նչ ես ընկել-մնացել… (Հսկիչն անշարժ է: Մոտենում է, կռանում, լսում է զարկերակը, քիչ փոխված ձայնով🙂 Կենտրոնի լույսերն անջատեք: Դահլիճի լույսը հերիք է:

Վերելակի շուրջը մթնում է, միայն լուսամփոփն է լուսավորում բեմը:

ՌԵԺԻՍՈՐ — (Հեղինակին` որն ուզում է մոտենալ🙂 Չէ, բան չկա… հոգնել է, շատ էր մտել կերպարի մեջ: (Բարձրացնում է Հսկիչին, կիսագրկած քարշ է տալիս կուլիսները🙂 Հիմա կգանք:

Հեղինակը մնում է մենակ, սեղանի մոտ նստած:

ՀԵՂԻՆԱԿ — (վերև նայելով): Ներեցեք, վերևում… լույսերը չէի՞ք միացնի:

ԼՈՒՍԱՐԱՐԻ ձայնը — Է՞լ ինչ կուզես: Մեկն ասում է` միացրու, մյուսի համար պիտի անջատես մի քանի անգամ… Աշխատանքային ժամս պրծել է: Վե՛րջ: (Լսվում է մետաղյա աստիճաններով իջնող ոտնաձայն, որն արագ մարում է🙂

 

Հեղինակը բացում է իր թղթապանակը, փորձում է կարդալ, բայց չի կենտրոնանում` վերելակը շեղում է ուշադրությունը: Բարձրանում է տեղից, փորձում է մոտենալ` ինչոր ուժ ասես չի թողնում: Վախեցած վերադառնում, նստում է տեղը: Նայում է լուսամփոփին, սեղմում է կոճակը` լույսն անջատվում է: Վայրկյան անց միացնում է` լուսավորվում է նրա գունատված դեմքը: Կարծես իր կամքին հակառակ` նորից է սեղմում կոճակը` խավար: Երբ միացնում է` դիմացը կանգնած է որդեկորույս Մոր դերասանուհին:

ՀԵՂԻՆԱԿ — (թեթևացած շունչ քաշելով): Ախ, դո՜ւք եք… Ուրախ եմ: Առիթից օգտվելով ասեմ, որ հրաշալի խաղացիք ձեր տեսարանը: Իսկ լուսանկարի հատվածը ուղղակի հիաս…

Մոր դերակատար(ընդհատելով): Որտե՞ղ է տղաս:

ՀԵՂԻՆԱԿ — Ի՞նչ… չհասկացա:

Մոր դերակատար — Որտե՞ղ է իմ տղան:

ՀԵՂԻՆԱԿ — Ի՞նչ տղա:

Մոր դերակատար — Նրան չգտա: Քսան տարի ապրել եմ` հավատալով, որ այնտեղ կգտնեմ նրան:

ՀԵՂԻՆԱԿ — Ոչինչ չեմ հասկանում… Դուք հիմա խաղո՞ւմ եք, թե՞…

Մոր դերակատար — Երբ փակվեցին վերելակի դռները, հասկացա, որ առանց նրա քսան տարի դժոխքում եմ եղել, ուրեմն` հիմա վերջապես պիտի հանդիպեմ նրան: (Վայրենի ճիչով🙂 Նա այնտեղ չկա՛ր… Նա ինձ չէ՛ր սպասում: Ո՞ւր է, որտե՞ղ է… (Սպառնալից մոտենում է նրան🙂 Դու ինձ խոստացել էիր…

ՀԵՂԻՆԱԿ — Ոչինչ չեմ հասկանում: Տիկին, դուք դերասանուհի եք, մոռացե՞լ եք: Այս դերն ստանալու համար անձամբ ինձ խնդրեցիք, որ բարեխոսեմ ռեժիսորին…

Մոր դերակատար — Ինձ խոստացել էիր… Լուսանկարն էլ հենց այնպես չտվեցիր, ահա՛… (Պայուսակից հանած լուսանկարը պարզում է նրան🙂 Տո՛ւր իմ որդուն:

ՀԵՂԻՆԱԿ — (թերթում է իր պիեսը, նայում է լուսանկարին): Բայց դա լուսանկար չէ, թղթի կտոր է, բուտաֆորիա… Տիկի՛ն, դուք դերից դեռ դուրս չեք եկել, բայց փորձեք լսել ինձ…

Մոր դերակատար — Էլ ոչինչ ու ոչ մեկին չեն կարող լսել: Ես գնացի այնտեղ ու չգտա որդուս: Պատասխանը դո՛ւ ես տալու…

Այն է` մոտենում է Հեղինակին` վերջինս խուճապահար անջատում է լույսը:

 

Կարճատև խավար: Երբ միացնում է` դիմացը կանգնած է Մանչուկը:  

ՀԵՂԻՆԱԿ — (թեթևացած ժպտում է): Ի՜նչ մղձավանջ էր… Քիչ մնաց` ցնդեի: Դե, փոքրիկ արտիստ, այնպես խաղացիր, որ անգամ հեղինակին հուզեցիր: Կրկնակի բաժին պաղպաղակ ու սրտիդ ուզածի չափ ֆանտա` իմ կողմից…

Մանչուկի դերակատար(թշնամաբար): Ինչո՞ւ տվեցիր գնդակը:

ՀԵՂԻՆԱԿ — Գնդա՞կ ես ուզում, բարի: Վաղը կստանաս:

Մանչուկի դերակատար — Դու լավ գիտեիր, որ հենց գնդակը ձեռքս ընկնի` դուրս եմ վազելու… Իսկ ես խոստացել էի մայրիկիս, որ բակ չեմ իջնի:

ՀԵՂԻՆԱԿ — Ոչինչ չեմ հասկանում… Դու թատրոնի տոմսավաճառի թոռնիկը չե՞ս: Դերաբաշխման ժամանակ տատիկդ խնդրեց, որ քեզ փորձենք…

Մանչուկի դերակատար — Դո՛ւ գնդակը գցեցիր ոտքերիս առաջ: Ականջիս էլ ասացիր, որ եթե կես ժամով դուրս գամ` մայրիկը չի իմանա: Հետո… գնդակը գլորվում էր աստիճաններով, ես էլ` ետևից: Ես տեսա… ի՜նչ գոհ էիր ժպտում ու շփում ձեռքերդ:

ՀԵՂԻՆԱԿ — Ուզո՞ւմ ես` կանչեմ տատիկիդ, և ամեն ինչ կպարզվի:

Մանչուկի դերակատար — Քո գնդակի պատճառով ընկա ջուրը, իսկ էնտեղ ոչ մի գնդակ էլ չկար: Մոռացե՞լ ես, հենց ջրի մեջ էլ խոստացար…

ՀԵՂԻՆԱԿ — (համակերպված): Ի՞նչ եմ խոստացել:

Մանչուկի դերակատար(մատնացույց անելով վերելակը): Որ էնտեղ կգտնեմ գնդակը: Էնտեղ ամեն ինչ կար, ամեն-ամեն ինչ, բայց գնդակը չկար: Իսկ ես պիտի գտնեի, դու լավ գիտես` ինչու:

ՀԵՂԻՆԱԿ — (նույն համակերպվածությամբ): Ինչո՞ւ:

Մանչուկի դերակատար — Առանց գնդակի մայրիկիս մոտ վերադառնալ չէի կարող: (Սպառնալից մոտենում է Հեղինակին🙂 Ինչո՞ւ հենց ինձ տվեցիր գնդակը…

 

Հեղինակն անջատում է լույսը: Միացնում է` գործարար Տղամարդն է, նա ուզում է ինչոր բան ասել` Հեղինակը լույսն անջատում է: Միացնում է` Անանունն է: Անջատում է: Միացնում է` Կինն ու Տղամարդն են: Անջատում է: Միացնում է` Զինվորականն է. նա բարձրացնում է ատրճանակը, բայց ձգանը քաշել չի հասցնում` լույսն անջատվում է:

 

Խավարդադարը երկարում է: Լուսավորվում է վերելակը. նրա մոտ խմբված են դերասանկերպարները: Նրանք լուռ, սպառնալից մոտենում են խավարում թաքնված Հեղինակին: Ինչոր մեկը միացնում է լուսամփոփը` Հեղինակը նստած չէ: Արյան հոտն առած ուրվականների նման այս ու այն կողմ են նետվում: Աջ կողմում հայտնվում է Հեղինակը` խելացնոր հայացքով: Խմբվածները թշնամանքով նայում են նրան: Հեղինակի դեմքին հաղթական ժպիտ է հայտնվում, նա արագ մոտենում է վերելակին: Դուռն ինքն իրեն բացվում է: Հեղինակը ներս է մտնում, թևերը խաչում է կրծքին ու ծիծաղում է: Դուռը փակվում է:

 

Բեմում լիակատար խավար է:

ՌԵԺԻՍՈՐԻ ձայնը — Ե՞րբ պիտի էս լարերն ու անջատիչները սարքին լինեն: Է՛յ, վերևում… էսօր լույս կլինի՞, թե՞ չսպասենք:

ԼՈՒՍԱՐԱՐԻ ձայնը — Էրկու րոպե լույսն անջատվեց` աշխարհը խառնեցիք իրար: Համբերեք… ըհը…

Բեմը լուսավորվում է: Ռեժիսորն իր տեղում է, դերասանները` ով որտեղ պատահի` անփույթտնավարի նստել, փռվել են հատակին:

ՌԵԺԻՍՈՐ — Վաղը` պրեմիերա: Տա Աստված, սյուրպրիզներ չլինեն… էսօրվա պես…

Բոլորն ակնդետ, լարված նայում են նրան:

ՌԵԺԻՍՈՐ — (խուսափուկ): Բան չկա, մանրուք է… Հսկիչի դերակատարը վատ զգաց: Պարզվում է` սրտային է: Ինքն էլ չգիտեր:

Գործարար տղամարդու դերակատար(անթաքույց հեգնանքով): Բա ի՞նչ ենք անելու: Լավ-վատ` գլխավոր դերերից մեկը իրենն էր:

Զինվորականի դերակատար — Սիրտը կդնի մի կողմ ու կխաղա: Չի խաղա` կստիպենք:

Անանունի դերակատար — Լավ է, չասիր` պատժախուց կամ գնդակահարել:

Զինվորականի դերակատար — Նրան չասի` քեզ կասեմ: Ու կանեմ:

ՌԵԺԻՍՈՐ — Չբարդացնենք… Հսկիչի դերը Ցրիչը կխաղա:

Անանունի դերակատար — Իզուր չէր, որ հենց էսօր մոռացավ փակել վերելակի դուռը: Նշաններին պիտի հավատալ:

ՌԵԺԻՍՈՐ — Մի օր խաղալու էր: Ո՞ւր է Ցրիչը:

Կնոջ դերակատար — Հսկիչի խորհրդով պոկեր է խաղում:

ՌԵԺԻՍՈՐ — Տեղյակ պահեք: Հարցը փակվեց: Ո՞ւր է Հեղինակը:

Լռություն: Կարծես հարցը չլսեցին:

ՌԵԺԻՍՈՐ — Ո՞ւր գնաց… չե՞ք տեսել: Թարսի պես էլ պրեմիերան վաղն է:

Զինվորականի դերակատար — Եթե գնացել է, ուրեմն ճիշտը գնալն էր: (Լկտի ծիծաղում է🙂

Կնոջ դերակատար — Հեռացել է անգլիական ձևով` առանց հրաժեշտի: (Երկիմաստ ժպիտով🙂 Երևի շատ էր շտապում:

Տղամարդու դերակատար — Չեմ հասկանում` քննարկելու ուրիշ հարց չկա՞:

ՌԵԺԻՍՈՐ — Կա: Օրինակ` քո անտաղանդ խաղը:

Տղամարդու դերակատար(մատնացույց անելով Կնոջ դերակատարին): Ով էլ լինի նրա կողքին` ոչ միայն անտաղանդ կխաղա, այլև անտաղանդ կապրի:

Կնոջ դերակատար — Սա ի՞նչ անեծք է: Ինչո՞ւ ամեն անգամ նա՛ պիտի լինի խաղընկերս: Հերիք չէ` տանն ենք իրարից զզվում, թատրոնում էլ` նույն… (Հիշոցն ասվում է կիսաձայն🙂

ՌԵԺԻՍՈՐ — Ստո՛պ: Չսկսե՛ք: Վաղը, պրեմիերային կշարունակեք ձեր գզվռտոցը: (Նայելով վերելակին🙂 Չէ, ինչ ուզում եք ասեք, էս արկղը դուրըս չի գալիս… Վերջին անգամ եմ հարցնում` ո՞ւր է Հեղինակը:

Լռություն: Դանդաղեցված շարժուկերպով դերասանները տեղերից բարձրանում, գնում են կուլիսները:

ՄԱՆՉՈՒԿ — Ես… (Բոլորը շրջվում, զգուշավոր նայում են նրան🙂 Նա ասաց, որ ինձ գնդակ պիտի բերի:

Դավադիր ժպիտներ փոխանակելով` դուրս են գնում: Մնում են Մանչուկը, Անանունը և Ռեժիսորը:

ԱՆԱՆՈՒՆ — (մարմինը քորելով): Հարց չունե՞ս:

ՌԵԺԻՍՈՐ — Կերպարիցդ դուրս արի: (Ջղային🙂 Վե՛րջ տուր, ինչ հաճույքով էլ քորվում է…

ԱՆԱՆՈՒՆ — (լպիրշ տոնով): Տաք լոգանք չեմ ընդունում, աղջիկները մարմինս չեն մերսում… (Լրջանալով🙂 Շատ լավ գիտեի, որ էնտեղ իմ հասանելիք կնոջը չեմ հանդիպելու: Բայց հիմա բան կասեմ` կշշմես: Ասե՞մ:

ՌԵԺԻՍՈՐ — (գոհ գլխով է անում):

ԱՆԱՆՈՒՆ — Էնտեղ Նրա… ժպիտը կար: Ինքը չկար, չէր էլ կարող լինել, բայց ժպիտը… Էստեղ էդքան նյութեղեն ու շոշափելի ոչինչ չկա, հավատա: Իսկ էստեղից հետո… (Հայացքով ցույց է տալիս վերելակը🙂 Ամեն ինչ նոր է սկսվում: Բայց դա քո խելքի բանը չէ: (Դուրս է գնում🙂

Ռեժիսորը փորձում է բռնել Մանչուկի հայացքը, որը պտտվում է բեմում` իբր միամիտ խուսափելով նրանից: Ռեժիսորը տեղից բարձրանում, բռնում է Մանչուկին:

ՌԵԺԻՍՈՐ — Հեղինակը… (Նայում է կուլիսների կողմը🙂

ՄԱՆՉՈՒԿ — Չգիտեմ… (Շատ բազմանշանակ նայում է վերելակի կողմը🙂

ՌԵԺԻՍՈՐ — Ինչո՞ւ ստիպեցիք… Նա ընդամենը փորձեց խաղալ ձեզ հետ:

ՄԱՆՉՈՒԿ — Մեզ հե՞տ… Նրա խաղը վերելակի հետ էր: (Վազում է դուրս🙂

Ռեժիսորն անջատում է լուսամփոփը, վերցնում է Հեղինակի թղթապանակը: Մոտենում է վերելակին, հպում է ականջը դռանը` փորձում է ինչոր բան լսել: Դռան վերևի լույսն սկսում է վառվելհանգել: Նա վախեցած ընկրկում է:

ՌԵԺԻՍՈՐ — (նայելով վերև): Լույսերն անջատեք: Մինչև վաղը:

 

Բեմը դանդաղ մթնում է: Միայն վերելակի լույսն է վառվումմարում հետզետե լսելի դարձող մարդկային սրտի զարկերին համընթաց:

Կարդացեք նաև