Վարդան ԱՃԵՄՅԱՆ / «ԷՏՅՈՒԴՆԵՐԸ»

Վարդան ԱՃԵՄՅԱՆԻ «ԷՏՅՈՒԴՆԵՐԸ» տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում

ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ
ԷՏՅՈՒԴՆԵՐ

ՄԵՐ ԲԺՇԿՈՒՀԻՆ
Գործում են՝
ԲԺՇԿՈՒՀԻ
ՀԻՎԱՆԴ
Բեմում տեղադրված են սեղան, աթոռներ, շիրմա, սեղանի վրա’ հեռախոս, թղթեր: Ամբողջ էտյուդի ընթացքում Բժշկուհին աթոռին նստած է: Հեռախոսի զանգ:
ԲԺՇԿՈՒՀԻ — (վերցնելով լսափողը): Իզա Կա՞րպովնա… Զդրաստվույ, դարագայա… Ոչինչ, դիսերտացիայիս վրա եմ աշխատում: Այո, հիվանդներ շատ ունեմ: Դա, դա, երբ կա¬րիք ունենաս, նե ստիսնյայսյա, զանգիր՝ կօգ¬նեմ, ցելույու: (Դնում է լսափողը:)
ՀԻՎԱՆԴ — (ներս գալով): Կարելի՞ է, բժշկուհի:
ԲԺՇԿՈՒՀԻ — (առանց հիվանդին նայելու): Նստեցեք: Անուն, ազգանուն, հայրանուն…
ՀԻՎԱՆԴ — Գրիգոր Ստեփանյան Պողոսի:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ո՞ր թվին եք ծնվել:
ՀԻՎԱՆԴ — 1948 թվին:
ԲԺՇԿՈՒՀԻ — (առանց հիվանդին նայելու): Ծնողներ ունե՞ք: Եվ եթե չունեք, ե՞րբ են մահա¬ցել և ինչո՞ւ:
ՀԻՎԱՆԴ — Ոչ, ոչ…
ԲԺՇԿՈՒՀԻ – Զնաչիտ՝ մահացել են:
ՀԻՎԱՆԴ – Ի՞նչ եք ասում…
ԲԺՇԿՈՒՀԻ — Դե, ուրեմն… (Զայրացած նայելով հիվանդին:) Դիագնոզն ասեք:
ՀԻՎԱՆԴ — Դիագնոզ չունեմ: Առաջին ան¬գամ եմ բժշկի մոտ գալիս:
ԲԺՇԿՈՒՀԻ — Կարմրուկով հիվանդացե՞լ եք:
ՀԻՎԱՆԴ -Ոչ:
ԲԺՇԿՈՒՀԻ – Տիֆո՞վ, դիզինտերիայո՞վ…
ՀԻՎԱՆԴ — Ոչ, չեմ հիշում:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ախ, չե՜ք հիշում… Հանվեք:
Հիվանդը գնում է շիրմայի ետևը: Բժշկուհին զբաղվում է իրենով՝ մանիկյուր, շրթներկ, ունելի… Հեռախոսի զանգ:
ԲԺՇԿՈՒՀԻ — (վերցնելով լսափողը): Ալո… Իզա Կա՞րպովնա: Սլուշըյու: Պուլս՝ ստո սո՞ռոկ… Տեմպերատուրա՝ սո՞ռոկ… Դա նորմալ է, սիրելիս, մի անհանգստանա: Ցելույու, դարա¬գայա: (Դնում է լսափողը:)
ՀԻՎԱՆԴ — (շիրմայի ետևից): Այստեղ ցուրտ է, բժշկուհի: Կարող եմ մրսել, հիվանդանալ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Դուք արդեն հիվանդ եք, երիտասարդ: Եվ հետո, բժշկի մոտ հիվանդության մասին չեն խոսում… Կանգնա՞ծ եք, թե՞ պառկած:
ՀԻՎԱՆԴ — Կանգնած:
ԲԺՇԿՈՒՀԻ — Նստեք: (Աոանց տեղից վեր կենալու՝ դեպի շերման:) Լեզու հանեք… (Զզվանքով:) Օ՛յ… Ասեք՝ աա՜:
ՀԻՎԱՆԴ — (կրկնում է նույն ձայնով): Աաա՜…
ԲԺՇԿՈՒՀԻ – Բարձր՝ աաա՜:
ՀԻՎԱՆԴ – Աաա՜:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ավելի բարձր՝ աաա՜:
ՀԻՎԱՆԴ (և ԽՈՒՄԲը, որ բեմի ետևից միանում է նրան): Աաա՜…
ԲԺՇԿՈՒՀԻ — Շնչեք:
ՀԻՎԱՆԴԸ և ԽՈՒՄԲԸ — (շնչում են):
ԲԺՇԿՈՒՀԻ — Խորը:
ԽՈՒՄԲԸ — (խոր շնչում է):
ԲԺՇԿՈՒՀԻ — Ավելի խորը: Ծխո՞ւմ եք:
ՀԻՎԱՆԴ — Ոչ:
ԲԺՇԿՈՒՀԻ — (առանց տեղից վեր կենալու՝ դեպի շիրման): Երևում է: Թոքերը մաքուր են: Հագնվեք:
Հեռախոսի զանգ:
ԲԺՇԿՈՒՀԻ — (վերցնելով լսափողը): Իզա Կա՞րպովնա… Շտո՞… Գիտակցությունը կորցրե՞լ է… Իսկ հիշողությո՞ւնը… Բոլորովի՞ն: Ինձ մոտ էլ մի հիվանդ կա՝ հիշողությունը բոլորովին կորցրած: Նետ, նետ, դարագայա, հանգիստ թողեք հիվանդին: Օգնությունն արդեն ուշ է…
ՀԻՎԱՆԴ — (դողալով ներս գալով): Դե, ի՞նչ կասեք, բժշկուհի:
ԲԺՇԿՈՒՀԻ — Վերջին անգամ պիտի ստու¬գեմ՝ ուշադրություն, հիշողություն… (Հատ- հատ:) Ի՞նչ է ձեր անուն ազգանունը:
ՀԻՎԱՆԴ — Գրիգոր Ստեփանյան:
ԲԺՇԿՈՒՀԻ — (արագ): Մի՛ շտապեք, լավ հիշեք:
ՀԻՎԱՆԴ — Գրիգոր Ստեփանյան:
ԲԺՇԿՈՒՀԻ — (հանկարծ): Ի՞նչ է սա:
ՀԻՎԱՆԴ — Ընկալուչ, խոսիչ, լսափող:
ԲԺՇԿՈՒՀԻ — Այ-այ-այ-այ… Լսափողը… այ, սա՛ է, երիտասարդ: Իսկ սա հեռախոս է: Տելեֆոն: Հիշողությունդ բոլորովին կորցրել ես, երիտասարդ… Անալիզների համար՝ հիշիր, ար¬յուն, ռենտգեն, մեզ: Առավոտ շուտ՝ շշով կբերես մեզ: (Մեքենայորեն:) Պահպանել խիստ դիետ ռեժիմ: Միս, յուղ, ձուկ-մուկ, պանիր-մանիր չու¬տեք: Խմորեղեն, քաղցրեղեն, կաթնեղեն, բան¬ջարեղեն՝ խստիվ արգելվում է: Ջուր չխմեք: Անշարժ պառկեք: Գլուխը տաք պահեք: (Դեպի դուռը:) Հետևյա՛լը… (Լրացնում է անկետան:)
Հիվանդը, կռահելով բժշկուհու ով լինելը, հեգնանքով նայում է նրան, թղթերը շպրտում է սեղա¬նին և դուրս է գալիս:
ԲԺՇԿՈՒՀԻ — (նկատելով թղթերը): Հը՛… Մոռացավ: (Դեպի դահլիճ:) Հիշողությունը բոլորովին կորցրել է: Բեդա… (Թղթերը շպրտում է օդ:)

ԿՈՐԱԾԸ ԳՏՆՎԵՑ

Գործում են
ԱԼՄԱՍՏ
ՄԱՐՈ
ԳԵՆԱ
Բեմում՝ սեղան, վրան՝ գրտնակ, աթոռներ, շիրմա:
ԱԼՄԱՍՏ — (խմորը գրտնակում է և երգում):
Այսօր ես իմ յարին տեսա,
Թուխ մազերը ոլորած էր.
Բարև տվի, բարևս չառավ…
ՄԱՐՈ — (ներս մտնելով): Բարև:
ԱԼՄԱՍՏ — Ախչի, ինչի՞ ուշացար:
ՄԱՐՈ — Ճիշտ է, ուշացա: Բայց Մարգոն ինչ խնդրել էր՝ առա: Ահա, ժամացույցը և մատա¬նին՝ կապույտ-կապույտ ակով: Ահա՛… Վա՜յ… Կորցրել եմ… Դրել էի Մարգոյի ուղարկած նա¬մակի ծրարի մեջ… (Լաց է լինում:)
ԱԼՄԱՍՏ — Ախչի, տրամվա՞յ ես նստել: Տրո¬լեյբո՞ւս… Ասենք՝ մեկ է… Ո՞ւմ հետ ես նստել-վեր կացել, հիշի՛ր: Որտե՞ղ ես մտել-դուրս եկել, հիշի՛ր…
ՄԱՐՈ – Հիշեցի՛… Անցնում էի այգու միջով, ջուր խմեցի:
ԱԼՄԱՍՏ — (հաստ ձայնով): Պուլպուլակի՞ց:
ՄԱՐՈ — Հա, հենց այնտեղ էլ բացել եմ… (Ուզում է գնալ:)
ԱԼՄԱՍՏ — Ախչի, էլ ո՞ւր: Հիմա տարել-պրծել են: Խի, էս աշխարհում ազնիվ մարդ կա՞: ՄԱՐՈ — Խեղճ Մարգո… կոպեկ-կոպեկ հա¬վաքել էր… (Լացելով գնում է շիրմայի ետև:)
Դռան զանգ: Ներս է մտնում Գենան:
ԳԵՆԱ — Բարև ձեզ: Սա Ահարոնյանների բնակարա՞նն է:
ԱԼՄԱՍՏ — Գազի գրասենյակի՞ց եք. գազը խոհանոցում է:
ԳԵՆԱ — Ոչ:
ԱԼՄԱՍՏ – Մոնտյո՞ր եք: Հաշվիչը միջանց¬քում է:
ԳԵՆԱ — Ոչ-ոչ:
ԱԼՄԱՍՏ – Ագիտատո՞ր եք. գնացեք, մենք ձեր սիրտն ու հավեսը չունենք…
Լսվում է Մարոյի հեկեկոցը:
ԱԼՄԱՍՏ — Ախչի, Մարո, լաց լինելու ժա¬մանակը չի: Զանգիր միլիցիա, թող շուն բերեն…
ԳԵՆԱ — Շուն պետք չի, ես արդեն…
ԱԼՄԱՍՏ – Ի՞նչ՝ արդեն:
ԳԵՆԱ — Դուք ոչինչ չե՞ք կորցրել:
ԱԼՄԱՍՏ — Ժամացույց և մատանի՝ կապույտ-կապույտ ակով:
ԳԵՆԱ — (գրպանից հանելով ժամացույցը և մատանին): Ահա…
ԱԼՄԱՍՏ — Ախչի Մարո, շուն պետք չի, էս երիտասարդը արդեն…
ՄԱՐՈ — (շիրմայի ետևից դուրս գալով): Ի՞նչ՝ արդեն:
ԱԼՄԱՍՏ — (ցույց տալով մատանին): Ահա:
ՄԱՐՈ – Վա՜յ… Որտեղի՞ց գտաք:
ԳԵՆԱ — Անցնում էի այգու միջով, ջուր խմե¬ցի…
ԱԼՄԱՍՏ — (հաստ ձայնով): Պուլպուլակի՞ց:
ԳԵՆԱ — Այո: Այնտեղ ծրար էր ընկած, մեջն էլ՝ մատանին… Դե, ես էլ հասցեով եկա:
ՄԱՐՈ- Ասում էի, չէ՞:
ԱԼՄԱՍՏ – Խի, էս աշխարհում ազնիվ մարդ կա՞: (Գրկախառնվում է Մարոյի հետ:)
ԳԵՆԱ — Դե լավ, ես գնամ:
ՄԱՐՈ, ԱԼՄԱՍՏ — Ոչ-ոչ-ոչ…
ՄԱՐՈ — Ես հիմա սուրճ կբերեմ: (Գնում է խո¬հանոց:)
ԱԼՄԱՍՏ — (հանկարծ նկատելով պոկված կոճակը): Ախչի Մարո, սրա կոճակը պոկվել է: Թել, ասեղ, շո՛ւտ… (Կողմ:) Երևում է անտեր տղա է:
Մարոն վազքով բերում է թելն ու ասեղը: Երկու քույր պտտելով տղային, հանում են վերարկուն: Ալմաստը կարում է կոճակը: Մա¬րոն գնում է սուրճ պատրաստելու:
ԱԼՄԱՍՏ — (սեթևեթանքով): Ձեր անունն ի՞նչ է:
ԳԵՆԱ — Գենա:
ԱԼՄԱՍՏ – Աշխատո՞ւմ եք, սովորո՞ւմ…
ԳԵՆԱ – Ե՛վ աշխատում եմ, և՛ սովորում:
Մարոն սուրճ է հյուրասիրում:
ԳԵՆԱ — (վերարկուն վերցնելով): Դե լավ, ես գնամ:
ԱԼՄԱՍՏ — Սպասեք: Ես ձեզ բան պիտի տամ: (Դարակից հանում է թաշկինակ:) Ես եմ ասեղնագործել: Տեսեք, վրան գրված է՝ Ա: Ալ¬մաստ:
ԳԵՆԱ — Ա: Ալմաստ: (Գնում է:)
ՄԱՐՈ — (ներս գալով): Գտա՜նք, գտա՜նք…
ԱԼՄԱՍՏ — Ախչի, ի՞նչ գտար: Մատանի՞ն:
ՄԱՐՈ – Մա՛րդ գտանք, մա՛րդ: Ազնիվ տղա:

Էտյուդները տրամադրել է վարպետի սանը՝ ԻԶԱԲԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:
Էտյուդները բեմադրվել են իրենց կուրսում, 1966 թվականին:

Կարդացեք նաև