Ելենա ԽՈԴԻԿՅԱՆ / ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ԹԱՏՐՈՆ

 

Գյումրու Աբովյան փողոցում է գտնվում նոր Թատրոնը, որը ապրիլի 1-ին պետք է բացեր իր դռները հանդիսատեսի առջև:


Թատրոնի  հյուրընկալ սրահում  մեզ դիմավորեց Թատրոնի հիմնադիրը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով պատմեց նորաբաց, սակայն համավարակի պատճառով արտակարգ իրավիճակի ավարտին անհամբեր սպասող թատրոնի գողտրիկ շինության ու ծրագրերի մասին:

Հովհ. Հովհաննիսյանը այս թատրոնի մասին շատ երկար է մտածել, հետո երազանքը տեղը զիջել է գործելուն. երկար փնտրելուց հետո գտել է թատրոնին համահունչ տարածքը: Շենքը գտնվում է Աբովյան փողոցում, նկուղային հարկում, նախատեսված է փոքրաթիվ՝ 35 հանդիսականի համար: Այն երրորդ թատրոնն է Գյումրիում:

«Իմ նպատակը չի եղել մեծ բեմ, մեծ տարածք զբաղեցնելը, ավելի շատ նախընտրում էի կամերային փոքրիկ թատրոն ստեղծել, արտասահմանում ևս շատերն են հակված կամերային թատրոն ունենալու գաղափարին, դերասան-հանդիսատես «կենդանի», անմիջական մթնոլորտ ստեղծելուն: Եվ «որոնումների» թատրոնը դարձավ «Մտորումների»  թատրոն»:

«Այս թատրոնը ազատ հարթակ է՝ փորձարարական, բազմապրոֆիլ, թողել եմ «ազատ բեմ» գաղափարը, որովհետև երիտասարդներն ուզում են փորձել իրենց ուժերը,  դերասաններն ու ռեժիսորները չենթարկվեն որևէ կանոնի՝ նոր խոսք, ազատ մտածողություն  բերելով թատրոն: Սա այն թատրոնն է, որտեղ նորավարտ, շնորհաշատ ու տաղանդավոր դերասան-ռեժիսորները կարող են գալ ու աշխատել՝ բեմադրելով նաև ժամանակակից դրամատուրգներին»:

Ստեղծագործական մի անակնկալ ևս, այս անգամ հասցեագրված փոքրիկ հանդիսատեսներին՝ ստվերների թատրոն:

«Ես ցանկացա վերականգնել նաև այդ մշակույթը, նման ներկայացումները, իմ կարծիքով, երեխաները հաճույքով են դիտում (այս օրերին գործում է բացօթյա թատրոնը): Հատուկ ծրագիրը, մշակված երեխաների համար, շաբաթվա երկու օր երեխաները հրավիրում է Սաթո տատիկի հեքիաթներով և ստվերների թատրոնի ներկայացումներով մի նոր ու հետաքրքիր պատմություն պատմելու»,- իր ոգևորությամբ վարակում է Հովհ. Հովհաննիսյանը:

Ինձ հետաքրքրում է այդ աշխարհը…

«Թատրոնը կանդրադառնա նաև Գյումրվա հումորին, արդեն կա ծրագիրը, ներկայացումը պատրաստ է, բայց այս օրերին, ցավոք, չենք կարող խաղալ: Բոլորը խոսում են Գյումրվա հումորի մասին, սակայն Գյումրին հումորի թատրոն չունի: Մեր ուշադրության կիզակետում է լինելու բարբառը, հումորը ներկայացնելը, որպեսզի գյումրեցու խոսքը ճիշտ ընկալվի. դա շատ կարևոր է: Բեմադրությունը կներկայացվի ամեն ուրբաթ որպես կատակի օր»,- շեշտում է Հովհաննիսյանը և որպես վերջաբան՝ հավաստիացնում. «Շենքը մեր տրամադրության տակ է վարձակալության հիմունքներով, թեկուզ դժվարին պայմաններում՝ մենք պիտի՛ ունենանք այս թատրոնը»:

 

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։