Ալեքսանդր Ա. ՎԻՍԼՈՎ / ԿԵՆԴԱՆԻ ՄԱՅԱԿՈՎՍԿԻՆ

Ընկեր Լոկտևի պատմությունը բանաստեղծի

հետ հանդիպումների մասին

 

 

 

 

Մոտավորապես 1958 թվականն է: Սովետական միության քաղաքներից մեկի մշակույթի տան դահլիճը: Բեմում` սեղան, աթոռ: Սեղանին` գրաֆինով ջուր ու բաժակ: Բեմի վերևում կարող է կախված լինել պաստառ` «Մայակովսկին եղել ու մնում է սովետական դարաշրջանի լավագույն, ամենատաղանդավոր բանաստեղծը»: Պաստառի աջ անկյան ներքևում, որտեղ պետք է լինի ասույթի հեղինակի ազգանունը, կտավը թանձր ներկված է:

Հանդիսատեսի` դահլիճ մտնելու ընթացքում բարձրախոսով հնչում են դարաշրջանի կենսախինդ երգերը: Վերջապես կուլիսներից հայտնվում է մշակույթի տան տնօրենը:

Երաժշտությունը կտրուկ դադարում է:

 

ՏՆՕՐԵՆ – Լռությո՛ւն, ընկերներ… (Հազում է:) Դե, ինչ ասեմ… Ես շատ ուրախ եմ, որ այսօր մեզ մոտ… Որ այսօր մեր մշակույթի տան դահլիճը լեփ-լեցուն է: Ու դուք, ընկերներ, ես հավատացած եմ, այս օրը երկար կհիշեք, որովհետև այսօր, արդեն ավանդական դարձած հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումների շարքում, մեր հյուրն է իսկապես շատ հետաքրքիր մարդ, սովետական մամուլի աշխատող Շեխ… (Կմկմում է, գրպանից հանում թղթի կտորը, կարդում է:) Շեֆտել Շախնովիչ Լոկտևը, ընկերնե՛ր: Պետք է նշել, որ ընկեր Լոկտևը այն մարդն է, ով… (Հազում է:) Ասենք, երկար խոսելու կարիք չկա, հիմա ինքը իր մասին ամեն ինչ կպատմի: Եկեք խնդրենք նրան բեմ գալ: (Ծափահարում է` օրինակ ցույց տալով լսարանին:)

Հայտնվում է Լոկտևը: Կոստյումը ակնհայտորեն մեծ է վրայով: Ձեռքի պորտֆելը դնում է սեղանին, անճարակ խոնարհվում է: Զգացվում է, որ կաշկանդված է, թեև լի է վճռականությամբ: Տնօրենը (ենթադրում ենք, որ նաև հանդիսատեսը) շարունակում է ծափահարել: Լոկտևը նստում է, բաժակը ջուր է լցնում, ագահորեն խմում է: Պորտֆելից թղթեր է հանում, դասավորում է սեղանին: Ոտքի է ելնում: Տնօրենը ձեռքի շարժումով «ավարտում» է ծափերը:

ՏՆՕՐԵՆ – Խնդրեմ, Շեֆ… Շեխ… Խնդրեմ, ընկեր Լոկտև: (Դահլիճին.) Հա, խնդրում եմ ուշադիր լսել, ակտիվություն ցուցաբերել, հարցեր տալ ինչպես գրություններ փոխանցելու միջոցով, այնպես էլ բանավոր` ձեռք բարձրացնելով: Դե, մի խոսքով… (Հազում է:) Խնդրեմ, ընկեր Լոկտև: (Իջնում է բեմից, նստում առաջին շարքում:)

ԼՈԿՏԵՎ – Ընկերնե՛ր… (Արտասանում է անգիր ասելու պես, զգացվում է, որ ելույթի սկիզբը լավ մշակված է:) Պետք է ասեմ, որ կյանքում իմ բախտը մեծապես բերել է, թանկագի՛ն ընկերներ: Ու ոչ միայն նրանով, որ հաջողվել է անձամբ տեսնել, այսպես ասած, նոր աշխարհի ծննդյան արշալույսը, ոչ միայն նրանով, որ երջանկություն եմ ունեցել ապրել մարտական, եռուն ժամանակներում… (ընթացքում պարբերաբար աչք է գցում սեղանին դասավորած թղթերին), գործուն մասնակցություն ունենալ մեր առաջին հնգամյակների վիթխարի շինարարությանը:

Ստիպված եմ եղել նաև կռվել` զենքը ձեռքիս, սովետական համայն ժողովրդի հետ, պաշտպանել, այսպես ասած, սոցիալիստական հայրենիքի ազատությունն ու անկախությունը: Եվ ողջ մնալ` այստեղ էլ բախտս բերել է: Հետագայում, արդեն հետպատերազմյան ժամանակաշրջանում, ինձ բաժին հասան նոր փորձություններ: Շատ չեմ ընդարձակվի, բայց բոլորդ գիտեք սովետական օրինականության այն լրջագույն խախտումների մասին, որոնք վճռականորեն դատապարտվեցին մեր հարազատ կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի որոշումներում… Էլի բախտս բերեց, հասա իմ, այսպես ասած, լրիվ ռեաբիլիտացիային, բայց կարևորը` կուսակցական ու պետական կյանքի լենինյան նորմերի վերականգնմանը: Մի խոսքով, ձեր դիմաց տեսնում եք երջանիկ մարդու, թանկագին ընկերներ, մեկն այն միլիոններից, որի համար ընդհանուր հուշարձան, անկասկած, դարձավ «մարտերում կառուցված սոցիալիզմը», ինչպես ասել է մեր բանաստեղծը:

Նախապես ծրագրված դադար է առնում: Տնօրենը վեր է թռչում տեղից ու նայելով դահլիճին` եռանդուն ծափահարում է: Դահլիճը պիտի որ արձագանքի նրա պոռթկումին: Լոկտևը մոտենում է սեղանին, ջուր է լցնում, խմում է: Սպասելով օվացիայի ավարտին` մոտենում է բեմեզրին:

ԼՈԿՏԵՎ – Ես ամենևին ո՛չ պատահական, թանկագին ընկերներ, հիմա մեջբերեցի տողերը, որոնք պատկանում են հեղափոխության մեր մեծագույն բանաստեղծի` Վլադիմ Վլադիմիչ Մայակովսկու գրչին: Որովհետև իմ բախտը բերել է նաև այն առումով, որ ճակատագիրը, այսպես ասած, ինձ հանդիպեցրել է այդ հռչակավոր մարդու, սովետական գրականության հանճարի ու նվիրված տրիբունի հետ: Ես երջանկություն եմ ունեցել անձամբ տեսնել նրան, դե, հենց այնպես, ինչպես հիմա տեսնում եմ ձեզ, շփվել հետը, զրուցել… Եվ ավելին, ես, փաստորեն, վերջինն եմ եղել, ում Վլադիմ Վլադիմիչը տեսել է իր անժամանակ ողբերգական վախճանից առաջ: Այդպես ստացվեց…

Իսկ թե հատկապես ինչպես ստացվեց, հիմա ձեզ կպատմեմ, որովհետև արդեն գիտեմ, որ մարդկանց այսպիսի հանդիպումների ժամանակ,- իսկ վերջերս ստիպված եմ բավականին շատ ելույթներ ունենալ տարբեր քաղաքներում, աշխատավորական կոլեկտիվներում, ուսանողների ու աշակերտների առաջ, մեր զինված ուժերի ստորաբաժանումներում,- մարդկանց հետաքրքրում է առաջին հերթին հատկապես մեր հանդիպումը 1930 թվականի ապրիլի 14-ին: (Դադար: Վերադառնում է սեղանի մոտ, նստում է: Ջուր է խմում:)

28 տարի է անցել, բայց կարծես երեկ է այդ ամենը պատահել… Ես, ընկերներ, այն ժամանակ աշխատում էի Պետհրատում ու այսօրվա պես եմ հիշում` երկուշաբթի էր, իսկ նոր հաշվարկով` հնգօրյակի չորրորդ օրը (հենց այդ ժամանակ էին մտցրել հնգօրյա շաբաթը), առավոտյան գալիս եմ ծառայության, իսկ ինձ ասում են` վերցրու, ասում են, Շեֆտել (դե, դուք արդեն հասկացաք, որ այնքան էլ սովորական անուն չունեմ` Շեֆտել), վերցրու, Շեֆտել, Սովետական Մեծ հանրագիտարանի երկու հատորներն ու թռի Մայակովսկու մոտ, Լուբյանկայի անցուղի, շենք 3, բնակարան 12… Այսինքն, ինչպե՞ս թե… Այնտեղ պահանջվում էր հրատարակչական որոշ գործեր քննարկել, Վլադիմ Վլադիմիչը նոր գիրք էր պատրաստում Պետհրատի համար, ձեռի հետ էլ, ասում են, կհանձնես երկու հատորները: Նա Հանրագիտարանի բաժանորդ էր, դե ուրեմն… Այսօրվա պես եմ հիշում, 16-րդ հատոր` «Գերմանիա-Գիմն», 17-րդ հատոր` «Գիմնազիա-Գորովիցի», մինչև կյանքիս վերջ կհիշեմ այդ չորս բառը: Իսկ այն ժամանակ գնում ու մտածում էի` պետք չէ հենց այնպես հատորները հանձնել, այլ մի ինչ-որ, այսպես ասած, բանաստեղծական ողջույնով, Պետհրատի կողմից: Եվ ուրեմն, գնում եմ, իսկ պետք էր գնալ Իլյինկայից, որտեղ Պարբերսեկտորի գրասենյակն էր (այսինքն` Պարբերական հրատարակությունների սեկտորի) մինչև Լուբյանկա, եղածը արագ քայլելով 15 րոպեի բան է, գնում եմ, ու տողերն իրենք իրենց հանգավորվում են: Մինչև հիմա էլ հիշում եմ, թեև 30 տարի է անցել ու նույնիսկ կարող եմ հիմա, ինչպես ասում են, վերարտադրել, եթե ցանկանում եք: (Կանգնում, մոտենում է բեմեզրին: Ասմունքում է «Մայակովսկու պես»` օդը թրատելով բռունցք արած աջ ձեռքով:)

Хоть в гимназии я не учился,

Но я гимн вам сегодня спою.

И в Германии, и в Горовицах

Маяковского ценят и ждут.

 

Իհարկե, թույլ ոտանավորը ստացվեց, Մայակովսկի չէր, անշուշտ, փոխարենը հոգուց էր ծնվել: Ու հետո, ներելի էր երիտասարդ մարդու համար, ինչպիսին, այսպես ասած, հանդիսանում էի այն ժամանակ: Ո՞վ ջահել օրերին ոտանավոր չի գրում, այդպես չէ՞: Այսօր էլ դուք,- ես այստեղ շատ երիտասարդ դեմքեր եմ տեսնում,- ազատ ժամին գրոտում եք, չէ՞… Այսօր ո՞վ է ձեր կուռքը, ումո՞վ եք կողմնորոշվում: Ինչ-որ Եվգենի Եվտուշենկո, լսել եմ: Չգիտեմ, չգիտեմ, պետք է կարդալ, կազմել, այսպես ասած, սեփական կարծիք… Դե, իսկ մեր տարիներին, ինչպես հասկանում եք, մեր սիրելի բանաստեղծը Վլադիմ Վլադիմիչն էր:

(Կրկին ասմունքում է` եռանդուն չափ տալով բանաստեղծական ռիթմին:)

Я

земной шар

чуть не весь

обошёл, –

и жизнь

хороша,

и жить

хорошо.

А в нашей буче,

боевой, кипучей, –

и того лучше.

Այսպես կարո՞ղ է ձեր Եվգենի Եվտուշենկոն: Չգիտեմ, չգիտեմ… Թող փորձի՛… Դե, ուրեմն, ինձ համար գնում եմ Իլյինկայով ու զգում եմ, որ ոտքերս իրենք իրենց սկսում են ինձ առաջ տանել մեծ արագությամբ: Չնայած, թվում է, ո՞ւր շտապես: Հրաշալի եղանակ է` ապրիլ, արևը տաքացնում է, թռչունները երգում են… Զբոսնիր, վայելիր… Բայց ինչ-որ մեկն ասես ներսից շտապեցնում է. «Արա՛գ, արա՛գ»: Նաև հիշում եմ, Պոլիտեխնիկականի մոտերքում մտածեցի. «Թե ո՞ւր ես սլանում, Շեֆտել: Հայտնի բան է` ցրիչը գնում է ու ժամանակն է գնում»: (Անսպասելի լռվում է: Դադար:) Դե, նկատի ունեմ, որ այդ օրն իմ վրա նաև ցրիչի պարտականությունն էին դրել, այսպես ասած, ծանրաբեռնել… Ձեռի հետ… Եվ ուրեմն` ո՞ւր ես դու շտապում` մտածում եմ: Նստեցի Պոլիտեխնիկականի կողքի պուրակի նստարանին (նստում է աթոռին), բացեցի հանրագիտարանը, 17-րդ հատորի վերջին էջում կարդացի այդ Գորովիցիի մասին հոդվածը: (Փակում է աչքերը, մի պահ կենտրոնանում է, հետո` շուտասելուկով:) «Գորովիցի, ճիշտ է` Գորժովիցի, քաղաք Չեխոսլովակիայում, Պրագա-Պլզեն երկ. հանգույցի վրա, 3682 բ.: Բ., այսինքն` բնակիչ: Էմալապատ ամանեղենի արտադրություն»: Մանկությունից այսպիսի հիշողություն ունեմ` լուսանկարչական, մեկ անգամ կարդացածս կտպավորվի, այսպես ասած, ընդմիշտ… Այդ Գորովից-Գորժովիցից առաջ ուրիշ հոդված կար` նույնպես մտապահել եմ: Հիմա… (Կրկին փակում է աչքերը, հետո մեջբերում հիշողությամբ:) «Գորովից Վլադիմիր, ծնվ. 1900-ին, ժամանակակից ուկրաինացի դաշնակահար: Վիրտուոզ պատրաստվածությունը Գ-ն ուսանել է հիմնականում Ֆ. Բլյումենֆելդի (տե՛ս) մոտ, Կիևի կոնսերվատորիայում: Փայլուն տեխնիկ շատ փափուկ ու երգեցիկ տոնով` Գ-ն լավագույնս է մեկնաբանում ռոմանտիկներին (Շոպեն, Շուման): Մեծ դեկորատիվ ոճը նրան պակաս է հաջողվում…»: Եվ այլն, և այլն: Տեսնո՞ւմ եք, չեմ մոռացել: Ահա այսպիսի հիշողություն: Դրա համար, ի դեպ, Պետհրատում էլ առանձնահատուկ գնահատում էին, կարող էի հընթացս, թղթին նայելով, 10 հասցե մտապահել ու հետո գրազ գալով բոլորով անցնել… Իսկ Պարբերսեկտորի քարտուղար Նաում Արկադևիչ Պակլերը այդպես էլ ասում էր. «Դու, ասում էր, Շեֆտել, դիվական հիշողություն ունես: Քեզ կամ պիտի հետախուզության ուղարկել, կամ կրկեսում փողով ցուցադրել»:

Դե, ասենք, միայն դրա համար չէ, որ գնահատում էին… Բայց կարող էին, ի դեպ, և ավելի գնահատել, ասեմ ձեզ: Ուրեմն նստել եմ այդ նստարանին ու մտածում եմ` ըստ էության նա շատ երիտասարդ է, այդ Գորովից Վլադիմիրը, Շեֆտել Լոկտև, քեզնից մի քիչ մեծ է տարիքով ու նույնպես, երևի, Կիևի մերձակայքից է, եթե Կիևի կոնսերվատորիայում է սովորել… Ես ախր Կիևի կողմերից եմ, ծնվել եմ Վասիլկովում, լսած կա՞ք: Այդ հետո ծնողս Մոսկվա, այսպես ասած, տեղափոխվեց… Իսկ դու, Շեֆտել Լոկտև, քո ֆենոմենալ հիշողությամբ կհայտնվե՞ս Սովետական Մեծ հանրագիտարանում, երբ հերթը «Լ» տառին հասնի: Կհասցնե՞ս… Եվ ուրեմն մտածում եմ այդ բոլոր տարօրինակ մտքերը, իսկ այդ ընթացքում գլխումս նորից ինչ-որ բան թակեց` իսկական միստիկա, թեև միստիկային, թանկագին ընկերներ, մի գրամ անգամ չեմ հավատում: Տեղիցս թռա ու համարյա վազեցի, դե իսկ Լուբյանկան հեռու չէ: Շենք եմ մտնում, բարձրանում եմ 4-րդ հարկ… սիրտս խփում է արագ քայլելուց, թե՞ սատանան գիտե` ինչից: Ինչ-որ կանխազգացո՞ւմ էր երևի… Չգիտեմ, չէ՞ որ չեմ հավատում միստիկային, չե՛մ հավատում: Դռան զանգն եմ սեղմում` դուռը բացում է տարեց մի կին` հարևանուհին է: «Մայակովսկու մոտ, ասում եմ, Պետհրատից եմ»: Նա ինձ ներս է թողնում, ու նույն պահին պատի ետևում ինչ-որ մեկի ժամացույցի զանգերն են հնչում: Մտածում եմ` «Ըհը՛, ուղիղ տասն է, շատ լավ է»: Թեև, ըստ էության, դրա ի՞նչն է լավ… Մոտենում եմ դռանը… (Դադար: Կարծես շունչը կտրվում է:) Հուզվում եմ, ընկերներ, ներող եղեք: Հուզվում եմ… (Ջուր է լցնում, խմում է:) Թեև այդքան տարի է անցել ու այնքան բան է կատարվել այդ տարիների ընթացքում, բայց չեմ կարողանում հանգիստ վերհիշել: Մոտենում եմ, ուրեմն (բարձրանում է, մոտենում բեմեզրին), իսկ ես այնտեղ առաջին անգամը չեմ, նրա սենյակը ձախ կողմում է, հենց մտնում ես նախասրահ: Թակում եմ: Դռան ետևում կարծես շշնջում են, այսինքն, զգում եմ, սենյակում հաստատ մեկը կա, բայց դուռը չեն բացում: Սպասում եմ` Հանրագիտարանի երկու հատորը թևիս տակ սեղմած… Քանի սպասում եմ, մի անգամ էլ եմ կրկնում բանաստեղծությունը.

Хоть в гимназии я не учился,

Но я гимн вам сегодня спою…

Եվ այլն… Մտածում եմ, ա՛յ, հիմա շեմից կզարմացնեմ Վլադիմ Վլադիմիչին իմ, այսպես ասած, հորինածով… Էլի եմ թակում: Լսում եմ, կարծես քայլեր են, մեկը մոտենում է: Օդը հավաքեցի թոքերիս մեջ, պատրաստվեցի, այսպես ասած, ասմունքել… Ու այդտեղ դուռը, բառի բուն իմաստով, մյուս կողմից հո չքաշեցի՜ն, ու շեմին նա է կանգնած, Վլադիմ Վլադիմիչ Մայակովսկին, ու դեմքը, հասկանո՞ւմ եք… մի խոսքով, շատ հուզված: Արագ հայացք գցեց վրաս ու ասում է. «Ներեք ինձ, ընկեր Լոկտև, չեմ կարող հիմա ձեզ հետ խոսել, շատ եմ զբաղված: Դրեք, խնդրում եմ, գրքերը հենց այստեղ, շեմի մոտ, իսկ Լենինի աշխատությունների ժողովածուի բաժանորդագրության գումարն ու անցյալ անգամ ձեր բերած հատորների… Մի խոսքով, փողը ստացեք հարևան սենյակում»: Ու դուռը շրխկոցով փակեց… Հանկարծ այնպես վիրավորվեցի, խոստովանեմ ձեզ, թանկագին ընկերներ, ախր պատրաստվել էի, մտածում էի` հիմա կզրուցեմ նրա հետ պոեզիայի, հեղափոխական արվեստի մասին… Դե, բնականաբար, նաև հրատարակչական գործերի մասին: Եվ այսպիսի ընդունելությո՛ւն… Տրամադրությունս ընկավ, մի խոսքով, շատ ընկավ… թեև, եթե այն ժամանակ իմանայի, մարդը ինչ վիճակում է, բայց հիմա էլ ի՛նչ ասես… Հանրագիտարանները դրեցի հատակին, դռան մոտ, գնացի հարևանուհու մոտ փողերն ստանալու, այսօրվա պես հիշում եմ, 49 ռուբլի 75 կոպեկ անցած անգամ` մարտի 31-ին բերած գրականության համար, ստացական գրեցի, հարևանուհին անընթեռնելի ստորագրեց… ու վերադարձա գրասենյակ: Իսկ հիմա շատ դանդաղ եմ գնում, տրամադրությունս զզվելի է ու, ձեզ խոստովանեմ, մտածում եմ. «Ախր դու, ընկեր Մայակովսկի, դատապարտում ես կոմունիստական գոռոզամտությունը, իսկ ինքդ…»

Ահա այսպիսի մտքեր, պատկերացրի՞ք: Գալիս եմ Պետհրատ, իսկ այնտեղ բոլորը վազում են, բոլորի աչքերը ճակատն են թռել, Արտեմի Բագրատովիչ Խալատովը, մեր տնօրենը, դռան մոտ ինձ հրեց, քիչ էր մնում փռեր գետնին (լավ մարդ է, հայ է, նրան 37-ին բռնադատեցին, իսկ հիմա, լսել եմ, արդարացրել են, հետմահու կուսակցության շարքերում վերականգնեցին): Մի խոսքով, զգում եմ, արտառոց բան է պատահել, հարցնում եմ ինչ-որ մեկին. «Ի՞նչ է եղել, ո՞ւր սլացավ Խալատովը, ասես հրդեհ լինի»: Ու լսում եմ. «Չգիտե՞ս, Մայակովսկին ինքնասպան է եղել»: Անսպասելիությունից գոռում եմ. «Ինչպե՞ս: Ե՞րբ: Որտե՞ղ»: «10:15-ին, իր տանը, Լուբյանկայում: Հենց նոր զանգեցին…»: Այստեղ ես, այսպես ասած, քարացա, ասես որոտը խփեր: (Դադար: Նայում է հատակին:) Կանգնել ու մտածում եմ. «Է՜խ, Շեֆտել Լոկտև, Շեֆտել Լոկտև… Ախր դու կարող էիր…»: (Բարձրացնում է աչքերն ու տեսնում դահլիճում նստած աղջկան` ձեռքը բարձրացրած:) Ահա և առաջին հարցը դահլիճից, շատ լավ է: Հարցրեք, ընկե՛ր:

ԱՂՋԻԿ ԴԱՀԼԻՃԻՑ – Շնորհակալություն շատ հետաքրքիր պատմության համար, ընկեր Լոկտև: Բայց ասացեք, ի վերջո ինչո՞ւ ինքնասպան եղավ Մայակովսկին: Ձեզ, որպես բանաստեղծի մոտիկ մարդու, դա պիտի որ հայտնի լինի: Շնորհակալություն:

Տնօրենը բարձրանում է տեղից, գլուխը օրորելով, կշտամբանքով նայում է հարց տվողին:

ԼՈԿՏԵՎ – Դե, մոտիկ մարդու հաշվով… դուք մի փոքր չափազանցրիք: Մենք հանդիպել ենք… մի քանի անգամ: Այ, մարտի 31-ին, երբ նախավերջին անգամ նրան հանձնեցի… մի խոսքով, Լուբյանկայում, նրա տանը շատ հետաքրքիր զրույց ստացվեց: Ճիշտ է, կարճատև… Ափսոս, չհաջողվեց շարունակել… Իսկ թե ինչո՞ւ կրակեց… (Դադար:) Գիտե՞ք, մեզ մոտ` Պետհրատում պատմում էին. մի կին` Իվանովոյի տեքստիլ ֆաբրիկայի բանվորուհի, շատ ճիշտ էր գրել,- այդ օրերին մարդիկ բազմաթիվ նամակներ էին ուղարկում իրենց մտքերով, ենթադրություններով,- Մայակովսկին, գրել էր նա, մահացել է կաթսայի գերտաքացումից: Միք ծիծաղի: Դա, այսպես ասած, շատ ճիշտ միտք է: Այն արտակարգ հրեշավոր լարվածությունը, որով երկար տարիներ աշխատում էր մեր մեծ բանաստեղծը, վաղ թե ուշ պետք էր, այսպես ասած, իրեն բացահայտեր: Չէ՞ որ իզուր չէր գրել իր մասին: (Ասմունքում է).

 

Я, ассенизатор

и водовоз,

революцией

мобилизованный и

призванный…

Չդիմացավ… Այրվեց, այսպես ասած, սոցիալիստական արվեստի համար մղված պայքարում: (Դադար:) Ու նաև շերշե լա ֆամը` վրադիր, ինչպե՞ս առանց դրան… Ես, որպես գաղտնիք, ասեմ ձեզ, երբ նրա դռնից ներս նայեցի, դե, երկրորդ անգամ թակելուց առաջ, տեսնեմ` նստել է թախտին, շատ ջահել, 24 տարեկան կլիներ, ոչ ավելի, իսկ նա` ծնկի իջած նրա առաջ… Ու գիտե՞ք, առանձնահատուկ ոչինչ` դե, սիրունիկն է, կլորիկ դեմքով, սպիտակ… իսկ ավելին երևի ոչինչ չես ասի… Մենք հետո իմացանք` այդ արտիստուհին Գեղարվեստական թատրոնից էր, հետն էլ` ամուսնացած: Կարծեմ, Ապոլոնսկայա ազգանունով… Ես հետո հատուկ գնացի ներկայացումը դիտելու, ու սա այն դեպքում, որ չեմ սիրում այդ գործը, եղած-չեղածը ծամածռություն է, գնացի տեսնելու նրան բեմում ու, ազնվորեն ձեզ խոստովանեմ, ընկերներ, չհասկացա՛ ես Մայակովսկուն… Խոստովանում եմ, չե՛մ սիրում դերասաններին, ոտից-գլուխ կեղծ մարդիկ են… ինչը սպասելի է` ամբողջ կյանքդ օտար դիմակներում… Է՛հ, հիմա էլ ի՛նչ ասես…

Այ, պոեզիան ուրիշ բան է: Դա, ինչպես գրել է Վլադիմ Վլադիմիչը. «նույն որսն է…»… (Նկատում է դահլիճում ձեռք բարձրացրած երիտասարդին:) Տեսնում եմ, էլի հարց է առաջացել լսարանում: Հարցրե՛ք, ընկեր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ – Կարծիք կա, որ Մայակովսկու կյանքը թունավորել են Պրոլետգրողների ռուսական ասոցիացիայի դոգմատիկներն ու դոկտրինյորները: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ պնդումին:

ԼՈԿՏԵՎ – Ինչպես եմ վերաբերվո՞ւմ… Բարդ ժամանակ էր, ընկերներ, 30 թվականը… Գաղափարական, այսպես ասած, պայքարը չէր դադարում: Տրոցկիզմը դեռևս արմատախիլ չէր արվել ու հա՛ բարձրացնում էր գլուխը… Բարդ ժամանակներ էին: Նույն Արտեմի Բագրատովիչ Խալատովը, մեր տնօրենը, հենց նա՛ հրահանգեց պատռել- հանել Մայակովսկու դիմանկարը «Մամուլ ու հեղափոխություն» ամսագրի արդեն պատրաստի տպաքանակից, փետրվարյան թողարկումից: Ու ես անձամբ, ա՛յ, ա՛յս ձեռքերով, ընկերներ, այդ դիմանկարը պատռել եմ: Բոլոր 4 հազար երեք հարյուր օրինակներում,- դե, մենակ չէի, մի քանի հոգու էին առանձնացրել այդ գործի համար: Լալիս էի, այսպես ասած, այրող արցունքներով, բայց պատռում էի: Ո՞ւր պիտի փախչես: Ժամանակն էր այդպիսին… Ու Արտեմի Բագրատովիչը` նա իսկական բոլշևիկ էր, ճիշտ մարդ: Ո՞վ գիտե, ինչո՞ւ այդպիսի հրահանգ տվեց: Գուցե դա տրոցկիստական սադրանք էր… Հիմա արդեն չես իմանա, ու երբեք չես իմանա երևի: Ախր, նա գնահատում էր Մայակովսկուն, մեր տնօրենը: Ու դագաղի կողքը պատվավոր պահակ էր կանգնել, ու դագաղն էր Գրողների ակումբից դուրս բերել… Այո…

Զվարճալի մի դեպք ձեզ պատմեմ, որ մի քիչ, այսպես ասած, հանեմ տխուր նոտան: Պետհրատում ֆինանսական սեկտորի վարիչն էր Իլյա Եֆիմովիչ Գերշենզոնը, լավ մարդ էր ու հրաշալի աշխատող, բայց, այսպես ասած, որոշ, հին ռեժիմի, հայացքներով… ինչի համար հետագայում, ի դեպ, տուժեց, աքսորեցին 37-ին, իսկ հետո, կարծես, նաև…

Եվ ուրեմն նա միաժամանակ հեղինակների վճարման սեկտորի վարիչն էր ու ոչ մի կերպ չէր կարողանում համակերպվել, որ բանաստեղծության տողը կարող է լինել միայն մեկ բառ: Ինչպես Մայակովսկու մոտ: Իսկ հոնորար տրվում է ամեն մի տողի համար: Ու համբերեց, համբերեց այս բանը Իլյա Եֆիմիչն ու վերջապես չդիմացավ. գնաց բողոքելու Խալատովին. «Ընկեր Խալատով, սա ոչ մի բանի նման չէ: Ահա նայեք, Մայակովսկու բանաստեղծությունը».

 

Раз,

Два,

Раз,

Два,

Левой,

Правой,

Левой,

Правой.

Ու վճարման ենթակա է յոթ ու կես ռուբլի՛: Սա բանի նման չէ՛»: Արտեմի Բագրատովիչը այդ ժամանակ երկար ծիծաղեց ու ստիպված էր բացատրել Գերշենզոնին հեղափոխական պոեզիայի առանձնահատկությունների մասին…

Դե ինչ, ընկերներ, էլ հարցեր կա՞ն:

 

Հնարավոր

իմպրովիզացիայի զոնա

Լոկտևը սեղանի վրա նկատում է մի քանի գրություն, որոնք փոխանցել են դահլիճից:

ԼՈԿՏԵՎ – Դե ինչ, տեսնում եմ, կան գրավոր հարցեր: Տեսնենք, տեսնենք… (Մոտենում է սեղանին, նստում, բացում, կարդում է գրություններից մեկը:) «Ընկեր Լոկտև, ինչպե՞ս եք վերաբերվում Բրիկների ընտանիքին: Ճի՞շտ են ասում, որ նրանք Մայակովսկու հետ երեքով են ապրել»:

Տնօրենը սրընթաց վեր է թռչում: Լոկտևը ձեռքի հանդարտեցնող շարժումով նրան առաջարկում է նստել:

ԼՈԿՏԵՎ – Գիտե՞ք, ընկերներ, Բրիկների ընտանիքին ոչ մի կերպ չեմ վերաբերվում: (Հաղթական նայում է դահլիճին, իր կարծիքով, չափից ավելի տպավորիչ իր պատասխանից գոհ:) Իսկ եթե խոսենք, այսպես ասած, լուրջ, ապա մտածում եմ, որ Վլադիմ Վլադիմիչը ժամանակին հրաշալի կերպով է պատասխանել այդ հարցին մահից առաջ գրած նամակում, որն այդ նույն երեկո տպագրվել էր թերթերում. «Խնդրում եմ, մի՛ բամբասեք: Հանգուցյալը դա սարսափելի չէր սիրում»: Եկեք չբամբասենք, ընկերնե՛ր:

Տնօրենը ծափահարում է, հասկացնելով, որ դահլիճը հետևի իր օրինակին:

ԼՈԿՏԵՎ – Եվս մեկ գրություն: (Բացում, կարդում է, նորից ծալում ու պատռում է մանր կտորների:) Այսպե՜ս, հաջորդը… (Եվս մեկ գրություն է բացում, կարդում:) «Շեֆտել Շախնովիչ, կարդացեք, խնդրում եմ, Մայակովսկու` ձեր սիրած բանաստեղծությունը»: Այս մեկը` խնդրե՛մ: Մեծագույն, այսպես ասած, հաճույքով: (Կանգնում, մոտենում է բեմեզրին:) Ես, ինչ խոսք, շատերն եմ սիրում, ընկերներ:  «Ձախ քայլերգը», իհարկե, «Հոբելյանականը», «Սերգեյ Եսենինին», «Ընկեր Նետտեին` շոգենավին ու մարդուն» շատ եմ հավանում… Բայց եթե ասեմ ամենասիրելիի մասին, ապա դա, ինչ խոսք, դուք հիմա կզարմանաք երևի, դա այնքան էլ հայտնի չէ` «Կիևը»: Երևի որ ծնունդով, այսպես ասած, համարյա թե այդ հիասքանչ քաղաքից եմ, Կիևից 37 վերստ հեռու է գտնվում իմ Վասիլկովը: Շատ եմ այնտեղ եղել և՛ մանուկ, և՛ պատանի օրերիս… Եվ անընդհատ հիշում եմ Պոդոլը, Լիպկին, Կրեշչատիկը… Դահլիճում կիևցիներ կա՞ն…

Հաջորդիվ` պայմանավորված դահլիճի արձագանքով: Եթե գոռան` «Կա՛ն»:

ԼՈԿՏԵՎ – Здоровеньки булы, добри люды – хлопцы та дивчины! Радый вас бачыты в доброму здоровьи! Хай живе наша радянска Украйна!

Եթե արձագանքող չկա, ապա`

Դե, ոչինչ, ուրեմն կլինեն:

Միությունում մենք շատ ենք: Ովքեր այնտեղ են ծնվել, մեծացել ու նույնիսկ սովորել են տեղի կոնսերվատորիայում: (Հայտարարում է:) Վլադիմիր Մայակովսկի: (Դադար:) Ես ասմունքող չեմ, ընկերներ, խիստ չդատեք… «Կի՛և»: (Ասմունքում է).

 

Лапы елок,

лапки,

лапушки…

Все в снегу,

а теплые какие!

Будто в гости

к старой,

старой бабушке

я

вчера

приехал в Киев.

Вот стою

на горке

на Владимирской.

Ширь во-всю –

не вымчать и перу!

Так

когда-то

рассиявшись в выморозки,

Киевсквую

Русь

оглядывал Перун.

А потом –

когда

и кто,

не помню толком…

Դադար:

…Наша сила –

правда,

ваша –

лаврьи звоны.

Ваша –

дым кадильный,

наша –

фабрик дым.

Ваша мощь –

червонец,

наша –

стяг червонный.

– Мы возмьем,

займем

и победим.

Здравствуй

и прощай, седая бабушка!

Уходи с пути!

скорее!

ну-ка!

Умирай, старуха,

спекулянтка,

на́божка.

Мы идем –

ватага юных внуков!

Ծափահարություններ:

Ահա այսպիսի բանաստեղծություն, ընկերներ… Ու պետք է ձեզ ասեմ, որ այն մեկ անգամ չէ, որ ինձ օգնության է հասել կյանքիս ծանր պահերին` ռազմաճակատում, կամ հետո, սոցիալիստական օրինականության խախտումների տարիներին… Երբեմն շատ դժվար է եղել, այնքան, որ թվացել է` ծանր անհուսություն է հոգումդ, ու դու սկսում ես կամաց, ինքդ քեզ ասել` «Лапы елок, лапки, лапушки…» ու մի տեսակ, ազնիվ խոսք, հոգիդ ջերմանում է… Կամ էլ սա` «Мы возьмем, займем и победим»… Ու մտածում ես` դու իրո՛ք կհաղթես, Շեֆտել Լոկտև, ամո՛ւր մնա, պայքարի՛ր, չհանձնվե՛ս… Պիտի ձեզ ասեմ, որ Մայակովսկու բանաստեղծությունները…

Մոտենում է սեղանին, բացում, կարդում է: Երկար դադար: Լսվում են ձայներ. «Կարդացե՛ք», «Կարդացե՛ք, Լոկտեև»: Լոկտեևը թափահարում է գլուխը, ասես սթափվելով ընդարմացումից:

ԼՈԿՏԵՎ – Լավ, ես կկարդամ: (Կարդում է:) «Ի՞նչ էր գրված այն գրության մեջ, որը պատռեցիք»: Այնտեղ գրված էր. «Ազնվորեն ասացեք, այսօր մեզ շա՞տ ստեր պատմեցիք»: (Դադար:) Պատասխանում եմ ազնվորեն… (Դադար:) Ոչ այնքան շատ: (Դադար:) Դե, ես Պետհրատի պատասխանատու աշխատող չեմ եղել… Պաշտոնս ավելի քան համեստ էր` ինկասատոր, ցրիչ-գրքատար: Բայց ես, ընկերներ, իսկապես եղել եմ այն մարդը, ով տեսել է Մայակովսկուն նրա ողբերգական վախճանից 15 րոպե առա՛ջ:

Այո, ես ընդամենը նրան եմ տարել Սովետական Մեծ հանրագիտարանը: 16-րդ հատոր` «Գերմանիա-Գիմն», 17-րդ հատոր` «Գիմնազիա-Գորովիցի», իսկ դրանից երկու շաբաթ առաջ տարել էի Լենինի աշխատությունների ժողովածուի հատորները… Պետք է, չէ՞, ինչ-որ մեկն էլ հատորները բնակարաններով բաժանի, այդպես չէ՞, ընկերներ: Ամեն մեկին չի տրված լինել Ռուսաստանի մեծ բանաստեղծ կամ նույնիսկ սովետական ձեռնարկության պատասխանատու աշխատող: Այո, ես այդպես էլ չհայտնվեցի Հանրագիտարանում` ոչ 30, ոչ էլ 40 տարեկանում… Իսկ հիմա համարյա հաստատ չեմ հայտնվի… Չեք գտնի այնտեղ, ինչքան էլ փնտրեք, ոչ մի հատորում չեք գտնի «Շեֆտել Լոկտև» հոդվածը: Բայց չէ՞ որ քաղաքակրթության տեսանկյունով հանրագիտարանում է հայտնվում մարդկության չնչին մասը, ընկերնե՛ր:

Գուցե թե հաճելի է այնտեղ հայտնվելը (թեև նկատենք, որ ոչ միշտ է դա արդարացի կատարվում. օրինակ` ո՞ւր է այդ «ժամանակակից ուկրաինացի դաշնակահար Գորովից Վլադիմիրը»: Որտե՞ղ է Կիևի կոնսերվատորիայի այդ տղան: Մեկնումեկը ինչ-որ բան լսե՞լ է նրա մասին, ընկերնե՛ր… Երևի թե Վոլոդիմիրի վերջը եկել է, աստված նրան առողջություն տա, իհարկե… Իսկ նա պիտի որ հիմա ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում լիներ, ինչպես ասում են` նվագիր ու նվագիր)… Բայց ավելի արժեքավոր է, առավել քան կարևոր է այն, թանկագին իմ ընկերներ (բարձրանում է տեղից, գալիս բեմեզր), որ ինձ ու ձեզ բախտ վիճակվեց սեփական աչքերով տեսնել,- ի՞նչ ասել է տեսնել,- զգա՛լ, շոշափե՛լ, «կառուցել ու վրեժխնդիր լինել», ինչպես գրել է Վլադիմ Վլադիմիչը, քաղաքակրթության պատմության մեջ աշխարհի առաջին, մեծագույն սոցիալիստական պե-տությո՛ւնը: Դուք միայն պատկերացրեք, «Սովետների հանրա- պետության» ապագա երկրաբնակների քանի՛ սերունդ, քանի՛ միլիարդ բնակիչ կնախանձեն մեզ, այսպես ասած, ամենաբարի նախանձով, ընկերնե՛ր: (Դադար է տալիս ծափահարությունների սպասումով: Չենք կարող կանխատեսել, որ դրանք կհնչեն, հնարավոր է, հասարակությունն արդեն հմայված-կախարդված է:) Ու մի բան էլ: Հանրագիտարանը` հանրագիտարան, թեև նրանում տպագրվածը ոչ միայն կացնով է արմատախիլ արվում, այլ ձեռքերով է պատռվում-վերացվում: Ամենադյուրին կերպով, հավատացե՛ք Պետհրատի նախկին աշխատակցին: Իսկ ա՛յ, ազնիվ ապրել կյանքը` դա ավելի հիմնավոր գործ է, ընկերնե՛ր:

Ուստի ուզում եմ մեծ շնորհակալությունս հայտնել այն ընկերոջը, ով ուղարկել է այս գրությունը, դե, որը որ պատռեցի: Շնորհակա՛լ եմ: (Ուշադիր զննում է դահլիճը, ասես փնտրում է գրության հեղինակին:) Դու օգնեցիր ինձ դուրս պրծնել թեկուզ փոքր, բայց ստի ճահճից, թեկուզ աննշան, ոչինչ չնշանակող, բայց, այսպես ասած, կեղծիքից: Ես չէ, որ պիտի ձեզ բացատրեմ, որ նման մանրուքներից են երբեմն աճում մեծ ու լուրջ անախորժություններ: Հիշեք թեկուզ մեր կուսակցության պատմության առանձին էջերը… Ու կարևորը. ես առաջնորդվել եմ ազնիվ, այսպես ասած, մղումներով, կազմակերպելով այս իրարանցումը… Նաև կեղծ համեստությամբ, իհարկե: Դե, մտածում էի, ո՞ւմ կարող է հետաքրքրել գրքատարի հետ զրույցը: Իսկ գրքատարը, ընկերներ, նա շատ է քայլում, շատ է տեսնում ու հավատացեք, պատմելու շատ բան ունի… Օրինակ, մեր Պետհրատում ո՛չ Իլյա Եֆիմովիչ Գեշերզոնը, ո՛չ առավել ևս Նաում Արկադևիիչ Պակլերը Մայակովսկուն երբեք չեն տեսել (դե, գուցե ելույթ ունենալիս) ու երբեք նրա հետ չե՛ն խոսել: Իսկ Շեֆտել Լոկտևը տեսել է, ա՛յ, ինչպես հիմա ձեզ է տեսնում, ու խոսե՛լ է հետը: Չէ, ապրիլի 14-ին չէ, այդ օրը խոսակցություն որպես այդպիսին չստացվեց… Իսկ երկու շաբաթ առաջ, մարտի 31-ին… Դե, երբ նրան տարա լենինյան հատորները… (Դադար: Ժպտում է:)

Նրան ասում եմ. «Վլադիմ Վլադիմիչ, ասում եմ, թույլ տվեք ներկայանալ, Լոկտև, Պետհրատի ինկասատոր»: Իսկ նա, գիտե՞ք, նայում է ինձ ու կարծես չի լսում, անգամ ինձ չի նայում` իր այդ «սենյակ-նավակում», որը նկարագրել է իր բանաստեղծություններում, այլ նայում է կարծես իմ միջով… Ես ասում եմ. «Այսօր ձեզ Լենին եմ բերել, ընկեր Մայակովսկի, իսկ շուտով հանրագիտարանի նոր երկու հատորները կբերեմ»: Իսկ նա նորից ասես ինձ չի լսում… Ու ես հանկարծ զգում եմ` պետք է այնպիսի մի բան ասեմ, որպեսզի ուշադրությունը գրավեմ ու մարդուն, այսպես ասած, դուրս բերեմ մտատանջված վիճակից: Ասում եմ. «Ընկեր Մայակովսկի, եկեք զրուցենք»: Նա իրոք սթափվեց. «Ինչի՞ մասին, ընկեր»,- հարցնում է: «Դե, թեկուզ պոեզիայի»,- պատասխանում եմ (ջահել էի, որոշակի, այսպես ասած, առողջ լկտիությամբ օժտված): «Թե չէ «Զրույց ֆինտեսուչի հետ պոեզիայի մասին» բանաստեղծություն ունեք, իսկ ինկասատորի հետ` ոչ: Իսկ սովետական ինկասատորները, իմիջիայլոց, սպասում են այդպիսի բանաստեղծության»: (Դադար: Լոկտևը լիովին ընկղմվել է իր կյանքի գլխավոր հիշողության մեջ:) Ու նա, թանկագին ընկերներ, դուք չեք հավատա, ինձ նայեց, մի տեսակ շա՛տ լավ նայեց, մի տեսակ… Ու նույնիսկ… Ու հարցնում է. «Ինչպե՞ս է, ասացիք, ձեր ազգանունը, ընկե՛ր»: «Լոկտև, ինկասատոր»,- պատասխանում եմ: Նա ժպտաց, մի երկու վայրկյան լռեց, իսկ հետո անսպասելի, ուղղակի ընթացքից`

 

Как у Локтева-инкассатора

Жизнь отчаянно полосатая.

То он тащит вам энциклопедию,

То несет Ильича наследие.

 

Զարմանքից բերանս բաց է մնացել, թանկագին ընկերներ, իսկ նա ժպտում է ու հարցնում. «Դե, ինչպե՞ս է, ընկեր ինկասատոր: Որպես նախաբան հարմա՞ր է մեր զրույցի համար»: Ես ինչ-որ բան եմ մնչում, նա ընդհատում է ու ասում. «Դե, ուրեմն շատ լավ է: Հաջորդ անգամ կշարունակենք: Այդ ժամանակ էլ միանգամից ամեն ինչի համար կվճարեմ, եթե հնարավոր է: Իսկ հիմա, ներեք ինձ, ընկեր Լոկտև, գլուխս շատ է ցավում»:

Դադար:

Как у Локтева-инкассатора

Жизнь отчаянно полосатая.

Ամե՛ն ինչ, այսպես ասած, գուշակել էր մեծ բանաստեղծը: Հուսահատ շերտավոր եղավ, իմ կյանքը, ընկերնե՛ր: Ասենք, այլ կերպ չէր էլ կարող լինել մեր մարտական, կատաղի ժամանակներում, այդպես չէ՞… Հետո ես գնում էի Վլադիմ Վլադիմիչի ստեղծագործական ժառանգության Հանձնաժողով ու ասում էի նրանց. «Այսպես ու այսպես: Մայակովսկու անհայտ քառատող ունեմ: Բանաստեղծական էքսպրոմտ: Բանաստեղծի վերջին ստեղծագործություններից մեկը: Ո՞ւմ, ասում եմ, հանձնեմ»: Իսկ ինձ հարցնում են. «Ինքնագիր կա՞»: Ասում եմ. «Ի՞նչ ինքնագիր, ասում եմ: Ձեզ բացատրում եմ` բանաստեղծական էքսպրոմտ է, հորինված իմ անմիջական, այսպես ասած, ներկայությամբ, բանաստեղծի բնակարանում, Լուբյանկայի անցուղի, շենք 3, բնակարան 12, 1930 թվականի մարտի 31»:

Իսկ այնտեղ նստած է, ասեմ ձեզ, այնպիսի մի բյուրոկրատ, գրասենյակային այնպիսի մի առնետ` «ժողովարար», ինչպես իրավացիորեն պատին էր գամում Վլադիմ Վլադիմիչը իր հայտնի բանաստեղծության մեջ,- ու ասում է (ծաղրում է` նմանակելով տհաճ, բարալիկ ձայնը). «Դե գիտե՜ք, իսկ եթե փողոցից ամեն երկրորդը գա մեզ մոտ ու պատմի, որ Մայակովսկին իրեն էքսպրոմտ է նվիրե՜լ…»: Ոջի՛լ… Ներեցեք ինձ, ընկերներ: Բայց դե ոչինչ: Ես դեռ կռիվ կտամ: Ես մինչև Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտո՛ւտ կհասնեմ: Մինչև Գիտությունների ակադե՛միա: Ու կհասնեմ նրան, որ Վլադիմ Վլադիմիչի ստեղծագործությունների լիակատար ժողովածուում, որը հիմա սկսել է թողարկել «Գեղարվեստական գրականությունը», այդ բանաստեղծությունը տպագրվի: Թեկուզև վերջին հատորում…

Գոնե «Վերագրվում է Մայակովսկուն» խորագրի ներքո: Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի Լիակատար ժողովածուում կա այդպիսի բաժին, ինչո՞վ ենք, այսպես ասած, պակաս: (Դադար:) Դուք էլ հասկացեք, ինձ համար չեմ ջանում, ոչ հանուն այն բանի, որ իմ ազգանունն այնտեղ հայտնվի ու ծանոթագրության մեջ նշվի` «Լոկտև Շ. Շ., ծնվել է այս թվին, Պետհրատի ծառայող, Մայակովսկու ծանոթը…»: Ոչ հանուն դրա, այլ մեր սովետական գրականության պատմության համար: Հանուն համաշխարհային գրականության պատմության, քանի որ այսօր, ինչը մենք հույժ ակնհայտորեն հասկանում ենք, ընկերնե՛ր, Մայակովսկին համաշխարհային նշանակության ֆիգո՛ւր է: (Դադար:) Դե, նաև հանուն մեր զրույցի… պոեզիայի մասին, որն այդպես էլ ավարտ չունեցավ: Չէ՞ որ նա այն ժամանակ, դե, ապրիլի 14-ին, ինձ կարծես չճանաչեց… Ու շատ չխոսեց` այստեղ ես մի քիչ… դե, չափազանցրի մի փոքր: Նա երբ դուռն իրեն քաշեց, այնպես կատաղած ինձ նայեց ու ասաց. «Ընկեր, շպրտեք գրքերը, ներս չգա՛ք: Գնացե՛ք… հարևան սենյակ, այնտեղ փողը կստանաք…»:

Չէ՛, փաստորեն ճանաչել էր… Իսկ ես, վիրավորվելու փոխարեն, պետք է նրան ինչ-որ բան ասեի, ախր հասկացա, թե մարդը ի՛նչ հոգեվիճակում է: Բանաստեղծությունս պիտի կարդայի Մայակովսկու մասին, որին գնահատում ու սպասում են… Կամ ասեի` ճիշտ չէ, Վլադիմ Վլադիմիչ, այդ դուք եք իսկական մեծ բանաստեղծը, ոչ թե ինչ-որ մի Խլեբնիկով… Դրանից մի քանի օր առաջ երեկույթի էի Պլեխանովի անվան ժողտնտեսության Ակադեմիայում: Ինչպես հետո պարզվեց, դա ընդհանրապես նրա վերջին ելույթն էր եղել… Եվ այնտեղ, զեկուցեմ ձեզ, այնպիսի՛ մի գզվռտոց սկսվեց: Գոռում են, սուլում, այնպիսի հարցեր են տալիս… սադրիչ. «Մայակովսկի, դուք սպառվե՛լ եք: Դուք անհասկանալի եք դարձել մասսաներին»,- ճչում էր ինչ-որ մեկը:

Իսկ մեկը տեղից բարձրացավ` լպրծուն, զզվելի. «Մայակովսկի, ճի՞շտ է, որ Խլեբնիկովը իրոք մեծ բանաստեղծ է, իսկ դուք նրա առջև` ոչնչություն»: Դուք պատկերացնո՞ւմ եք, ընկերնե՛ր: Այսպես էլ հարցրեց: Բայց դե ի՞նչ եք ուզում, ժամանակն էր այդպիսին` տրոցկիստական մնացուկը դեռ վերջնականապես արմատից չէր ոչնչացվել… Այդ պահին նայեցի Վլադիմ Վլադիմիչին` իսկ նա, այսպես ասած, մի տեսակ դեմքով սևացավ ու կուչ եկավ… Այդ պահին այնպես խղճացի նրան…

Դադար:

Ախր, ես կարող էի փրկել նրան, թանկագին իմ ընկերներ, հասկանո՞ւմ եք: Ետ պահել, այսպես ասած, չմտածված ճակատագրական քայլից, որ կուտակված հոգնածության ու մի շարք, այսպես ասած, հանգամանքների հետևանք էր… Այդ միտքը մինչև հիմա ինձ հանգիստ չի տալիս… Կարո՛ղ էի… Ու նա հիմա մեզ հետ կլիներ, ինչպես միշտ, պայքարի առաջին գծում…

Դադար:

Թեև, եթե լավ մտածենք, Մայակովսկին, ասպես թե այնպես, մեզ հետ է: Այսօրվա մեծ կառույցների` խոպանի յուրացման, միջաստղային տարածությունների նվաճման առաջին շարքերում… Ահա ես, ընկերներ, կարծես տեսնում եմ նրան մեր մեջ, այս դահլիճում… Ահա նա կանգնած է… ասես կենդանի…

Դադար: Լոկտևը նայում է դահլիճ, բայց ասես նայում է դահլիճի միջով:

Товарищ Маяковский,

я вам докладываю

Не по службе, а по душе,

Товарищ Маяковский,

работа адова

Будет сделана и делается уже…

 

Ողջ է… կենդանի… (Նստում է:) Ներե՛ք ինձ, Վլադիմ Վլադիմիչ…

Դադար:

Ահա այս ձեռքերով` չորս հազար երեք հարյուր օրինակ…

Դադար:

Թեև գիմնազիաներում ես չեմ սովորել… Ընկե՛ր, շպրտե՛ք գրքերը: Ներս չգա՛ք: Ողջ… Կենդանի…

Երկար դադար:

ՏՆՕՐԵՆ – (վերջապես միջամտում է): Ընկեր Լոկտև, ի՞նչ եղավ ձեզ: Ընկե՛ր Լոկտեև: (Գոռում է:) Ընկե՛ր Լոկտև:

Լոկտևը լուռ է:

Հնչում է Ֆրեդերիկ Շոպենի Հերոսական պոլոնեզը Վլադիմիր Գորովիցի կատարմամբ:

 

Ռուսերենից թարգմանեց Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թարգմանչի կողմից.

Պիեսում Մայակովսկու բանաստեղծությունները թողել եմ բնագրով և՛ հեղինակի` Ա. Վիսլովի իմացությամբ, և՛ իմ համոզմունքով,

որ տեքստը կարելի է թարգմանել` հնարավորինս հարազատ

 մնալով բնագրին, իսկ Մայակովսկուն…

Կարդացեք նաև