Ռազմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ / «ՄԵԿ ԾԱՂԿԻ ԲՈՒՅՐԸ»

 

Ռազմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ «ՄԵԿ ԾԱՂԿԻ ԲՈՒՅՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում

 

 

 

Երկրից սերված և երկիր արտաքսված Ադամը նզովվեց, և մինչև օրս քրտինքով է վաստակում օրվա հացը: Սակայն սեփական քրտինքով հաց վաստակելը տառապա՞նք է, թե՞… Աստված գիտե: Համենայնդեպս, ետադամյան կյանքը հաստատել է հակառակը:

70-ամյա համայնական տնտեսավարությունն էլ հաստատեց մի այլ բան՝ հողը խռովում է, եթե քրտինքով չի սնվում: «Համայնինն իմը չէ» տեսակետը դարձավ յուրաքանչյուրի համոզմունքը՝ տարեցտարի խորացնելով հողի խռովքը:

Խռոված հողի հետ «հաշտվելու» համար յուրովի «պարտերազմ» է սկսել Արգամը և համոզված է, որ «պատերազմը» կտևի այնքան ժամանակ, քանի դեռ «ռազմաճա­կատի առաջին գծում» չի հայտնվել տան ամենակրտսերը և ցանել առաջին սերմը, գորովով աճեցրել և բերկրանքով վայելել առաջին պտուղը:

Ասում են՝ վերջը բարին լինի: Սակայն վերջը ներկան չի՞ միթե… Ներկայի անիմանալի, անկանխատեսելի ամեն պահը դառնում է իմացյալ անցյալ, դառնում է վերջ, անցյալի վերջ: Անցյալի վերջն անվերջ է ներկայով: Եվ անցյալի վերջը բարի կլինի միայն ներկայով:

 

Ռազմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՄԵԿ ԾԱՂԿԻ ԲՈՒՅՐԸ

Դրամա 2 գործողությամբ

 

Գործող անձինք

ԱՐԳԱՄ

ՆԱՐԵ

ՍՐԲՈՒԿ

ՍՈՆԱ

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ

ԱՉՈ ՏԱՏ

ԱԼՄԱՍՏ

ԵՐԵՔ ՏՂԱՄԱՐԴ

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ

Տեսարան առաջին

Արգամի տան բակը: Լավ խնամ­ված ճաշակով ծածկապատշգամբում՝ ցածր սեղան, ծղոտե բազկա­թոռներ, հեռուստացույց, սեղանի վրա՝ մրգով լի սկահակ: Ամառա­յին երեկո է: Ալմաստը խոսում է բջջային հեռախոսով: Լսվում է նաև որդու՝ Արմենի ձայնը:

ԱԼՄԱՍՏ – Հա, հա, հենց Բոստոնից է: Մեր հարևան Մացակենց տանն է մնում…

ԱՐՄԵՆԻ ձայնը – Մացակը Ավստրալիայում չէ՞:

ԱԼՄԱՍՏ – Հա, տունը ծախեց, գնաց: Արդեն երեք տարի է: Ասում է՝ տղադ թող գնա Հայկ Ահարոնյանի մոտ:

ԱՐՄԵՆ – Ո՞վ է ասում:

ԱԼՄԱՍՏ – Մեր հարևանը: Բոստոնից է, Մացակենց տանն է մնում: Արգամի անունից խնդրիր, կօգնի:

ԱՐՄԵՆ – Լավ, մամ ջան, կգնամ:

ԱԼՄԱՍՏ – (ավելի շատ՝  ինքն իրեն): Ջա՜ն, մաման մեռնի ջանիդ…

ԱՐՄԵՆ – Ի՞նչ:

ԱԼՄԱՍՏ – Ասում եմ` մեկ էլ ե՞րբ կզանգես:

ԱՐՄԵՆ – Վեր կաց արի, էլի, մամ:

ԱԼՄԱՍՏ- Բա տունը, այգին…

ԱՐՄԵՆ – Առնող չեղա՞վ:

ԱԼՄԱՍՏ – Ո՞վ կառնի, Արմեն ջան:

ԱՐՄԵՆ – Չկա՝ չկա, թող ու արի, մամ: Էն փողը գալու համար կբավարարի…

ԱԼՄԱՍՏ – Ուղարկածդ արդեն…

ԱՐՄԵՆ – Ի՞նչ: Չեմ լսում: (Անգլերեն՝ ինչ-որ մեկին:) Will you speak with Granny?

ԱԼՄԱՍՏ – Ի՞նչ… Ալո… Գիծ մտան…

ԱՐՄԵՆ – Ես եմ, մամ, Ալմաստիկն այստեղ է, ուզում է հետդ խոսել:

ԱԼՄԱՍՏ – Վայ, քո ցավը տանեմ…

ԱԼՄԱՍՏԻԿԻ ձայնը – Hello, Granny, how are you?

ԱԼՄԱՍՏ – Ալո, էլի մեկը գիծ մտավ… Ալմաստիկ, Ալմաստիկ ջան…

ԱԼՄԱՍՏԻԿ – It’s me, Granny. I am asking how are you.

ԱԼՄԱՍՏ – Ալո, Արմեն, ալո…

ԱԼՄԱՍՏԻԿ – You want to speak to father? Father is by me…

ԱՐՄԵՆ – Ալո, մամ, Ալմաստիկն է խոսում: Հարցնում է՝ ո՞նց ես:

ԱԼՄԱՍՏ – Լավ եմ, լավ եմ, Ալմաստիկ ջան:

ԱՐՄԵՆ – Granny saying she is well.

ԱԼՄԱՍՏԻԿ – Granny, I want to see you very much.

ԱՐՄԵՆ – Մամ, ասում է՝ քեզ շատ եմ ուզում տեսնել:

ԱԼՄԱՍՏ – Բա ես չեմ ուզո՞ւմ:

ԱՐՄԵՆ – Հաջորդ տարի, մամ ջան, խոստացել եմ, կբերեմ թոռանդ:

ԱԼՄԱՍՏ – Ուրեմն, մի տարի էլ պիտի սպասեմ…

ԱՐՄԵՆ – Ի՞նչ ես ասում, չեմ լսում… Մամ ջան, դու յոլա գնա, մինչև տեսնենք՝ ինչ կլինի:

ԱԼՄԱՍՏ – (ինքն իրեն): Ո՞նց յոլա գնամ…

ԱՐՄԵՆ – Դու լավ ես, չէ՞, մամ… Ի՞նչ… չեմ լսում… ալո… ալո…

Հեռախոսակապն անջատվում է:

 

ԱԼՄԱՍՏ – (հուզված): Լավ եմ… Ես լավ եմ… (Մոլոր՝ հեռախոսը դնում է սեղանին:)

Մոտեցող ավտոմեքենայի ձայն: Բակ է մտնում Արգամը՝ ուղեկցե­լով Նարեին:

ԱՐԳԱՄ – (Նարեին): Ահա… Ահա մեր բակը: Հոս քիչ մը կհանգստանաք, հետո ես ձեզի կհասցնեմ տուն: (Նկատելով Ալմաստին:) Ա՜… տիկին Ալմաստ, ի՞նչ եղավ, խոսեցի՞ք ձեր տղայի հետ:

ԱԼՄԱՍՏ – Հա, Արգամ ջան, խոսեցի… (Զննում է Նարեին:)

ԱՐԳԱՄ – (ակնարկելով Նարեին): Մոլոր­ված է աղջիկը: Տունը կորցրած է…

ԱԼՄԱՍՏ – Հիմա շատերն են մոլորված, և՛ տունն են կորցնում, և՛… Ոնց որ մեր գյուղից չէ: ԱՐԳԱՄ – Չէ, մեր գյուղեն չէ:

ԱԼՄԱՍՏ – Սարալանջի՞ց է:

ԱՐԳԱՄ – Չի հիշեր: Ոչինչ չի հիշեր… (Նա­րեին.) Նստեք, նստեք: Կուզե՞ք՝ ներս երթանք:

Նարեն նստում է:

ԱՐԳԱՄ – Ինչպես հարմար կգտնիք: Քիչ մը դադար առեք, ես հիմա… (Ուզում է տուն մտնել:)

ԱԼՄԱՍՏ – Արգամ ջան, առավոտյան կգաս, չէ՞:

ԱՐԳԱՄ – Հարկավ, տիկին Ալմաստ: Առա­վոտ կանուխ կոգամ, ծառերը կպատվաստեմ… Դուռն ալ պիտի ներկեմ…

ԱԼՄԱՍՏ – Հա, մի քիչ ներկ ունեմ, չգիտեմ՝ կբավարարի՞:

ԱՐԳԱՄ – Ես կբերեմ, հոգ մի ընեք:

ԱԼՄԱՍՏ – Իսկ աղջիկը…

ԱՐԳԱՄ – Կգտնենք, անպայման կգտնենք տունը:

ԱԼՄԱՍՏ – Էդ չեմ ասում: Ուզում եմ ասել՝ մեր տունը դատարկ է, գիտես: Եթե քնելու տեղ…

ԱՐԳԱՄ – Քնելու տեղ ես ալ ունիմ, շնորհա­կալ եմ, տիկին Ալմաստ:

ԱԼՄԱՍՏ – Եթե պետք լինեմ, ձայն տուր:

ԱՐԳԱՄ – Անպայման:

ԱԼՄԱՍՏ – Բարի գիշեր:

ԱՐԳԱՄ- Բարի գիշեր… Հա, տիկին Ալ­մաստ, ինչ պիտի ըսեի, գիտե՞ս…

ԱԼՄԱՍՏ – Չգիտեմ, Արգամ ջան:

ԱՐԳԱՄ – Հիշեցի: Ձեր տղային ըսեցի՞ք՝ Հայկ Ահարոնյանին գտնե:

ԱԼՄԱՍՏ – Ասացի, Արգամ ջան: Արմենս նրա մասին լսել էր: Ահարոնյանը երևի ճանաչված մարդ է Բոստոնում:

ԱՐԳԱՄ – Հայկը օգտակար կըլլա: Անտա­րակույս:

ԱԼՄԱՍՏ – Շնորհակալ եմ:

ԱՐԳԱՄ – Հոգ չէ, տիկին Ալմաստ, հոգ չէ:

ԱԼՄԱՍՏ – Բարի գիշեր:

ԱՐԳԱՄ – Բարի գիշեր… Հա, մեկ բան ալ պիտի ըսեի… գյուղացիներուն հաղորդեք՝ պարոն Թովմասյանը առավոտ պիտի գա… մեքենա պիտի ուղարկե՝ միրգը տանելու: Կի­լոգրամը 120 դրամով: Եվ տեղնուտեղը պիտի վճարե:

ԱԼՄԱՍՏ – Անցյալ տարվա գումարը դեռ չենք ստացել, Արգամ ջան:

ԱՐԳԱՄ – Այդ խնդիրն ալ կլուծվի, հոգ մի ընեք:

ԱԼՄԱՍՏ – (Նարեին): Բարի գիշեր, աղջիկս:

Նարեն չի պատասխանում: Ալ­մաստը դուրս է գալիս: Զանգում է բջջային հեռախոսը: Լսվում է խոսողի ձայնը:

ՁԱՅՆԸ – Ալո, ո՞վ ա:

ԱՐԳԱՄ – Նախ դուք ըսեք՝ ով եք:

ՁԱՅՆԸ – Արգամն ա՞ խոսում:

ԱՐԳԱՄ – Ես եմ:

ՁԱՅՆԸ – Ասում են՝ էս կողմերում կռված տղա ես:

ԱՐԳԱՄ – Եթե կըսեն, կնշանակե…

ՁԱՅՆԸ – Հարութ բիձու հետ էիք, չէ՞:

ԱՐԳԱՄ – Այո, Հարութ պապին հետ:

ՁԱՅՆԸ – Թե որ կռված տղա ես, ինչի՞ ես կռված տղան թողած՝ մամայի բալային օգնում:

ԱՐԳԱՄ – Ներեցեք, դուք ո՞վ եք:

ՁԱՅՆԸ – Կարևոր չի: Քարաշենի ծիրանը ինչի՞ չեք հանձնում Վաղոյին:

ԱՐԳԱՄ – Վաղոն ո՞վ է:

ՁԱՅՆԸ – Կարևոր չի: Եթե կռված տղա ես, Գռանատ Վաղոյին պտի իմանաս… Կի­լոյին 120 չի՞ տվածները: 120 դրամով էլ Վաղոն ա վերցնում, ինչի՞ միրգը չեք հանձնում իրան, արա՛:

ԱՐԳԱՄ – (հիշելով): Աա՜, Վաղարշակը… Դո՞ւք եք Վաղարշակը:

ՁԱՅՆԸ – Կարևոր չի…

ԱՐԳԱՄ – Ինչպե՞ս կարևոր չէ: Շատ ալ կարևոր է: Այդ Վաղարշակը դեռ անցյալ տար­վա գումարը չէ տված:

ՁԱՅՆԸ – Արա, դե Վաղոն հո Քարաշենի փողերը չառա՞վ-փախավ Ամերիկա: Կտա՛, էլի, կտա՛: Ապրանքը ծախի՝ կտա, ի՞նչ ես վայնասունդ գցել:

ԱՐԳԱՄ – Վայնասունը ի՞նչ է:

ՁԱՅՆԸ – Կարևոր չի: Էսօր ըդտեղ դու, Հարութ բիձեն կազմակերպում եք… Ինչ­քան գիտեմ, էդ քարաշենցիք քեզ լսում են: Կազմակերպի՝ թող հավաքեն միրգը: Պատ­րաստ էղեք, էգուց Վաղոն կգա…

ԱՐԳԱՄ – Միրգը հանձնած ենք արդեն:

ՁԱՅՆԸ – Ո՞նց թե… Արդեն հանձնել ե՞ք:

ԱՐԳԱՄ – Այո…

ՁԱՅՆԸ – Ո՞ւմ: Թովմասյանի՞ն:

ԱՐԳԱՄ – Կարևոր չէ: Գումարն ալ ստացած ենք: Սակայն Վաղարշակը վաղը պիտի գա և անցյալ տարվա պարտքերը մարե, ապա թե ոչ՝ հաջորդ օրը առողջ Վաղարշակ չեմ խոստանար:

ՁԱՅՆԸ – Ինչ ես ասո՞ւմ…

ԱՐԳԱՄ – Ասում եմ…

ՁԱՅՆԸ – Հա:

ԱՐԳԱՄ – Եթե Վաղարշակը Քարաշենի պարտքերը չմարե…

ՁԱՅՆԸ – Հա:

ԱՐԳԱՄ – Գեշություն պիտի գա Վաղարշակին վրա:

ՁԱՅՆԸ – Ինչ պտի գա՞…

ԱՐԳԱՄ – Կարևոր չէ:

ՁԱՅՆԸ – Հլա մի րոպե…

ԱՐԳԱՄ – (զայրացած): Ոչ մի րոպե՛: Ես ձեզի կըսեմ՝ եթե այդ… ինչպես ըսիք՝ Քռանատ Վաղոն Քարաշենի պարտքերը…

ՁԱՅՆԸ – Էլի վայնասունը գցեցի՞ր, այ տղա…

ԱՐԳԱՄ – Լռե՛: Հիմա ես եմ կապին մեջ…

ՁԱՅՆԸ – Էս ի՞նչ ա ասում…

ԱՐԳԱՄ – Ինձի մտիկ ըրե, կռված տղա: Եթե քեզի համար կռիվը վերջացած է, ինձի համար կռիվը նոր-նոր կըսկսե, մայր հողը վկա, եթե վաղը…

ՁԱՅՆԸ – Ի՞նչ պտի անես, դատարան տա՞ս:

ԱՐԳԱՄ – Մինչև դատարանը առավել սար­սափելի ատյաններ կան Քարաշենին մեջը, և քեզի հետ խոսելը ավարտվեց այլևս:

ՁԱՅՆԸ – Արա, էս ի՞նչ ա ասըմ, հլա մի րոպե…

ԱՐԳԱՄ – Կըսեմ՝ կապին վերջը: (Անջատում է կապը: Նարեին.) Ներեցեք… (Արագ համար է հավաքում:) Դուք ձեզի զգացեք ինչպես ձեր տանը… (Հեռախոսով:) Ալո, բարև ձեզ: Պարոն Թովմասյա՞նն է:

ՁԱՅՆԸ – Բարև: Արգամ, դո՞ւ ես:

ԱՐԳԱՄ – Այո: Պարոն Թովմասյան, նախա­պես ըսեմ՝ միրգը կստանաք կանխավ վճարելեն ետքը միայն:

ՁԱՅՆԸ – Անպայման: Ինչ խոսք, Արգամ ջան:

ԱՐԳԱՄ – Խոսքը՝ խոսք, բայց եթե Վաղարշակին պես պիտի վարվիք…

ՁԱՅՆԸ – Չէ, այ Արգամ, չէ՛: Պարոն Արամ­յան ջան, ասացի, չէ՞, գումարը տեղում վճարե­լու ենք: Անմիջապես: Կիլոգրամը՝ 120 դրամով: Ինչպես պայմանավորվել ենք:

ԱՐԳԱՄ – Անցյալ տարի Վաղարշակն ալ նույնը խոստացավ… Ազնվորեն ըսեք, եթե չեք կրնար վճարել, ես երկու գործարանեն առաջարկ ունիմ…

ՁԱՅՆԸ – Չէ՛, այ հոգուդ մատաղ: Չէ՛, պարոն Արամյան: Էգուց մեքենաները կգան…

ԱՐԳԱՄ – Արկղներով: Մենք արկղ չունինք:

ՁԱՅՆԸ – Արկղներով, բա ո՞նց: Տեղում կկշռենք ու ապրանքի համար կվճարենք:

ԱՐԳԱՄ – Առավոտ կանուխ Քարաշենը ձեզի կըսպասե:

ՁԱՅՆԸ – Մինչև վաղը, պարոն Արամյան:

ԱՐԳԱՄ – Ի տեսություն… (Անջատում է կապը: Նարեին.) Թեյ մը կառնե՞ք: (Նարեն չի պատասխանում:) Այսինքն, թեյ խմել կուզե՞ք: (Նարեն լուռ է:) Լավ, հիմա ձեզի համար անանկ թեյ կպատրաստեմ… (Գնում է դեպի տան մուտքը, վերադառնում է, նայում անտարբեր նստած Նարեին, հայացքը չկտրելով նրանից՝ մտնում տուն ու արագ դուրս է գալիս՝ էլեկտրաթեյնիկը ձեռքին:) Հեռատեսիլ դիտել կուզե՞ք… (Պատասխանի չսպասելով՝ միացնում է հեռուստացույցը, վահանակը պարզում Նարեին:) Ահա, խնդրեմ, վարաղեկը… Անվան համար չզարմանաք, ես եմ կնքահայրը: «Վարաղեկ», այսինքն՝ հեռա­տեսիլին ալիքները վարելուն ղեկը: «Ղեկա­վար» բառն ալ նույն արմատն ունի, չշփոթելու համար անվանեցի «Վարաղեկ»: (Տուն է մտնում և շտապով դուրս գալիս, այս անգամ՝ թեյի սպասքով:) Հիմա ուրցի թեյ պիտի խմենք: (Թեյը պատրաստելով:) Ձեր հարազատները կանհանգստանան… Հիշեիք գոնե՝ թաղամաս, փողոց, մոտակայքի որևիցե սրճարան, արձան, հրապարակ… (Նարեն լուռ է:) Դուք կըսորվիք, երևի… Ահա, թեյը պատրաստ է: Անդադար հնդկական թեյը կգովազդեն: Սակայն ուրցը… պիտի ըսեմ, որ արժան է ավելի մեծ գովազդի: Հրամեցեք, փորձեք: Տակավին խմած կա՞ք: Խմեք, խմեք… Ա՜, մոռցա… (Տուն է մտնում, վերադառնում՝ կավե պուլիկը ձեռքին:) Մոշի մուրաբա է: Ինքս եմ պատրաստած: Ինքս ալ հավաքած եմ: Դիմացի սարեն… Վարդասար եղած կա՞ք: Փորձեք, փորձեք… Չե՞ք ուզեր հիշել անցյալ տարվա բույրը… (Ճաշակելով:) Ճիշտ և ճիշտ՝ անցյալ տար­վա համն ու հոտը…

ՆԱՐԵ – «Մոլորվել է»…

ԱՐԳԱՄ – Ի՞նչ:

ՆԱՐԵ – «Կորցրել է տունը»…

ԱՐԳԱՄ – Ներող եղեք: Ստիպված այդպես ըսեցի: Թեպետև, մոլորվելը մարդուս համար է: Յուրաքանչյուրը կրնա մոլորվիր.. Ինքս ալ երբեմն-երբեմն կմոլորվիմ,- Վարդասարին ետևի ճամփաբաժանեն աջ կերթամ… Դուք իրապես մոլորված եք: Կամ… ձեզի մոլորեցրած են:

ՆԱՐԵ – (հանկարծ, նյարդով): Ձեր ի՞նչ գործն է:

ԱՐԳԱՄ – Իմ գործս չէ, անշուշտ: Բայց և իմ գործս է: (Նարեն տեղից վեր է կենում, շտապում դեպի դուռը:) Կեցե՛ք: Սպասե՛ք: (Հասցնում է բռնել Նարեի թևից:)

ՆԱՐԵ – Թողե՛ք:

ԱՐԳԱՄ – Մի աճապարեք, գիշերով ո՞ւր կերթաք: Ձեզի հիմա հանգիստ պետք է:

ՆԱՐԵ – Թողե՛ք, ասում եմ:

ԱՐԳԱՄ – Այս տարաժամին ոչ մի տեղ չեք գնա:

ՆԱՐԵ – «Մոլորված»… «Կորցրել է տունը»…

ԱՐԳԱՄ – (զգուշությամբ, բայց նյարդով): Այո՛: Մոլորվա՛ծ եք: Կյանքն Աստծո պարգևն է: Այդ պարգևեն հրաժարվելու իրավունք չունի՛ք:

ՆԱՐԵ – Իսկ դո՛ւք, դո՛ւք… ուրիշի անձնական գործերին խառնվելու իրավունքն ունե՞ք:

ԱՐԳԱՄ ԱՐԳԱՄ – Մարդս մարդուս համար՝ ուրի՞շ: Ուրիշ չկա: Պիտի հասկընա՞ք վերջապես: Ուրիշ չկա՛: Կա՛ մարդը:

ՆԱՐԵ – Ի՞նչ եք ասում, չեմ հասկանում:

ԱՐԳԱՄ – Կըսեմ՝ մարդուս համար «ուրիշ» պիտի չըլլա: Մարդուս պարտքն է՝ մոլորվա­ծին փրկել:

ՆԱՐԵ – Ախր ի՞նչ գիտեք, մոլորված եմ-մոլորված չեմ: Ի՞նչ գիտեք՝ փրկո՞ւմ եք, թե՞ պատժում:

ԱՐԳԱՄ – Ե՞ս… Կպատժե՞մ… Ամենևին: Այսինքն՝ այո՛: Ես ձեզի… Ես ձեզ պատժում եմ: Թող այդպես ըլլա:

ՆԱՐԵ – Չեմ հասկանում:

ԱՐԳԱՄ – Ձեր արարքի համար ես ձեզ կըպատժեմ… պատժում եմ հանգստության՝ մեկ գիշերվա դադարի:

ՆԱՐԵ – Միգուցե դուք եք մոլորված…

ԱՐԳԱՄ – Նման բան եղած է… մինչև երեք տարի առաջ…

ՆԱՐԵ – Եվ ձեր տունը կորցրել եք…

ԱՐԳԱՄ – Էի:

ՆԱՐԵ – Այսի՞նքն:

ԱՐԱՄ – Նմանապես:

ՆԱՐԵ – Ինչպե՞ս:

ԱՐԳԱՄ – Ինքս ալ մոլորված էի մինչև երեք տարի առաջ: Շնորհակալ եմ այդ մտքին համար… Տակավին խորհած չէի:

ՆԱՐԵ – Ինչի՞ մասին:

ԱՐԳԱՄ – Տունը գտնելու մասին…

 

Հայտնվում է Սրբուկը՝ կաթնամա­նը ձեռքին:

ՍՐԲՈՒԿ – Բարի երեկո:

ԱՐԳԱՄ – Ողջույն, Սրբուկ: Ինչ լավ ըրիր, որ եկար: (Նարեին ծանոթացնելով:) Սրբուկն է՝ մեր ապագա բժշկուհին: Այս տարի որոշած է բժշկական ակադեմիա դիմել: Խնդրեմ, ծանոթացեք… (Նարեին.) Ա՛յ քեզ բան. մենք տակավին ծանոթ չենք… (Ձեռքը պարզում է:) Արգամ Արամյան:

ՆԱՐԵ – (Արգամի ձեռքը պարզած թողնե­լով՝ ձեռքը Սրբուկին է մեկնում): Նարե:

ՍՐԲՈՒԿ – Շատ ուրախ եմ, Սրբուհի:

ԱՐԳԱՄ – Նարե… Հիանալի անուն՝ Նարե: Կաթ մը կառնե՞ք… Այսինքն, կաթ կուզեի՞ք խմել: Թարմ է… (Բաժակ է փնտրում, լցնում է կաթը, բաժակը պարզելով:) Խնդրեմ: (Նարեն մեքենայորեն վերցնում է բաժակը:) Սրբուկ, մեկ վայրկյան… (Նարեին.) Ներե­ցեք, Նարե, Սրբուկի հետ մեկ վայրկյանով առանձնանանք պիտի… (Սրբուկին տանելով մի կողմ:) Պապիկը գիտե՞, որ այստեղ ես:

ՍՐԲՈՒԿ – Ինքն ուղարկեց:

ԱՐԳԱՄ – Շատ լավ: Լսիր ուրեմն… (Սրբու­կին ավելի է հեռացնում Նարեից: Նարեն, բաժակը ձեռքին, հեռուստացույց է նայում:) Ուշադիր կըլլաս, հանկարծ չերթա, կամ որևէ…

ՍՐԲՈՒԿ – Հասկանում եմ:

ԱՐԳԱՄ – Նա… հիմա ապրելու տեղ չունի, որքան կըհասկնամ:

ՍՐԲՈՒԿ – Դու բոլորի՞ն ես հավաքում, ով ապրելու տեղ չունի:

ԱՐԳԱՄ – Այնպիսի հոգեվիճակի մեջ է, որ… Մեկ խոսքով, նրան մենակ թողնել կարելի չէ:

ՍՐԲՈՒԿ – Հասկանում եմ…

Արգամն ու Սրբուկն ավելի են հեռանում, քիչ անց վերադառնում են:

ԱՐԳԱՄ – (Նարեին): Խնդրում եմ, ոչ մի տեղ չգնաք: Ես մեկ ժամով պիտի բացակայեմ: Ջուրը ժամով կուտան: Հիմիկ ու հիմա իմ ջրե­լուն ժամն է: Կաշխատեմ շուտ գալ: Սրբուկը ձե­զի հետ կմնա: Հետաքրքիր զրուցակից է: (Վերցնելով բահը:) Խոստացեք, որ ոչ մի տեղ չեք գնա:

Նարեն լռում է:

ՍՐԲՈՒԿ – Լռությունը համաձայնության նշան է:

Արգամը բահը ուսին դրած գ­նում է: Սրբուկն ուշադիր հետևում է Նարեին: Հե­ռուստացույցից լսվում է ֆուտբո­լային մեկնաբանի ձայնը:

ՆԱՐԵ – Կինոաստղ ոչ եղել եմ, ոչ էլ հավակնություն ունեմ:

ՍՐԲՈՒԿ – Նման կարծիքի չեմ:

ՆԱՐԵ – Հապա ինչո՞ւ եք ակնապիշ նայում:

ՍՐԲՈՒԿ – Ես ֆուտբոլ եմ նայում: Եթե դեմ եք, կարող եմ ալիքը փոխել:

ՆԱՐԵ – Միևնույն է:

Նարեն կտրուկ վեր է կենում, արագ քայլում դեպի բակի ելքը: Սրբուկը հասցնում է բռնել նրա թևը:

ՆԱՐԵ – Թողե՛ք:

ՍՐԲՈՒԿ – Դուք խոստացաք ոչ մի տեղ չգնալ:

ՆԱՐԵ – Ես ոչ մի բան ոչ մեկին չեմ խոս­տացել: Թողե՛ք, ասում եմ:

ՍՐԲՈՒԿ – Ես եմ խոստացել…

ՆԱՐԵ – Ձեր գործն է:

ՍՐԲՈՒԿ -…և իմ խոստումը չեմ կարող չկատարել:

ՆԱՐԵ – Ասացեք, խնդրեմ, ի՜նչ խոստումնա­պահություն… (Պոկվում է Սրբուկից, նետվում դեպի դուռը:)

ՍՐԲՈՒԿ – (դեպի դուռը): Զանգի՛, Զրանգի՛:

Մինչ Նարեն դուռը կբացեր՝ շների հաչոց է լսվում: Դուռը բա­ցելիս հաչոցն ուժգնա­նում է: Փակում է դուռը, փլվում գետնին:

ՆԱՐԵ – Այստեղ չեմ կարող մնալ:

ՍՐԲՈՒԿ – Հանգստացեք… վեր կացեք: Ձեզ հիմա հանգիստ է պետք: (Օգնում է վեր կենալ:) Եթե պառկել ուզեք… Լավ, լավ, մի զայրացեք, նստեք բազկաթոռին… Ուզո՞ւմ եք ֆիլմ նայել: Արգամը հայկական ֆիլմերի հավաքածու ունի:

ՆԱՐԵ – Դուք ձեր ֆուտբոլը նայեք:

Սրբուկը նստում է հեռուս­տացույցի առջև: Լսվում է ֆուտբոլային մեկնաբա­նի ձայնը…

 

Տեսարան երկրորդ

Գիշեր է: Հեռուստացույցի առջև՝ բազկաթոռի մեջ քնած է Սրբուկը: Կամաց լսվում է ֆուտբոլային մեկ­նաբանի ձայնը: Նարեն մոտենում է սեղանին, վերցնում է հեռախոսը, հա­մար է հավաքում:

ՁԱՅՆ – Ալո… Լսում եմ, ալո: Ո՞վ է, ալո…

Նարեն անջատում է կապը: Քիչ անց՝ հեռախոսազանգ… Կարճ վարանումից հետո վերցնում է հեռախոսը:

ՁԱՅՆ – Ալո, ո՞վ է… Այսինքն, գիտեմ, որ դու ես… Մնացել ես նույն վախկոտը… Թե չես խոսելու, ինչո՞ւ սեղմեցիր կոճակը… ինչքան քեզ նման ես…

ՆԱՐԵ – Մորս հո չե՞ս ասել, որ…

ՁԱՅՆ – Չեմ ասել, բայց…

ՆԱՐԵ – Բայց՝ ի՞նչ:

ՁԱՅՆ – Դեռ հղի՞ ես, թե՞… Ի՞նչ եղավ:

ՆԱՐԵ – Եղավ:

ՁԱՅՆ – Մեր ծանոթի միջոցո՞վ:

ՆԱՐԵ – Հա:

ՁԱՅՆ – Հա՞… Կեցցե՛ս: Չէի սպասում: Դե, հիմա համոզվեցի՞ր, որ…

ՆԱՐԵ – Որ՝ ի՞նչ:

ՁԱՅՆ – Որ… Էդպես ավելի լավ չեղա՞վ: Ճիշտը էդ չէ՞ր: Նար ջան, հիմա մեր ինչի՞ն էր պետք երեխան: Ո՞նց էինք անելու: Ոչ մերոնք գիտեին, ոչ մայրդ: Ասենք, նրանց համաձայնությունը կարևոր էլ չէր: Ասենք թե: Բայց՝ մե՛նք: Մե՛նք… Ո՞նց էինք անելու, ո՞նց էինք ապրելու: Որտե՞ղ: Ինչևէ… ճիշտ ես արել:

ՆԱՐԵ – Ասենք թե:

ՁԱՅՆ – Որտե՞ղ ես: Որտե՞ղ փնտրեմ քեզ:

ՆԱՐԵ – Դեռ ես եմ փնտրում:

ՁԱՅՆ – Ի՞նչ ես փնտրում:

ՆԱՐԵ – Ինձ:

ՁԱՅՆ – Էլ մի սկսի: Ուզում եմ քեզ տեսնել, Նար: Ասա, որտե՞ղ ես… Ալո՛… ալո՛, Նար, չանջատես…

Նարեն անջատում է կապը, երերուն քայ­լերով մոտենում է սեղանին: Հեռախոսազանգ: Անջատում է կապը, նկատելով մրգամանի միջի դանա­կը, վերցնում, սայրն ուղղում է իրեն, բայց չի համարձակվում…

ԱՐԳԱՄ – (բակ մտնելով՝ նետվում է դեպի Նարեն): Կեցե՛ք, սպասե՛ք… (Խլում է դանա­կը, շպրտում:)

ՍՐԲՈՒԿ – (արթնանալով): Ի՞նչ է պատահել…

ԱՐԳԱՄ – (Նարեին): Ի՞նչ եք անում: Վեր­ջապես հրաժարվելո՞ւ եք այդ… ոճրագործությունեն:

ՆԱՐԵ – Այնտեղ, կամրջի վրա, ավելի ուժեղ էի: Ավելի համարձակ…

ԱՐԳԱՄ – Հասկանո՞ւմ եք, ինչ եք անում…

ՆԱՐԵ – Ինչո՞ւ չթողեցիք: Կամրջի վրա… կարծում եք՝ ինձ փրկեցի՞ք: Ավելի շուտ դատապարտեցիք ինձ՝ ապրելու: Դուք ստիպեցիք ինձ ապրել: Արդեն քանի ժամԻնչո՞ւ չթողեցիք… Գուցե իմ մեղքերն էի քավում:

ԱՐԳԱՄ – Մահով մեղք չեն քավեր, այլ ապրելով:

ՆԱՐԵ – Բայց չէ՞ որ ես…

ԱՐԳԱՄ – Հանգստացեք: Նստեք: Սրբուկ, կխնդրեմ, տուն գնա:

Սրբուկը շփոթված գնում է:

ԱՐԳԱՄ Խոսեք: Պատ­մեք: Այդպես ավելի լավ կըլլա: Ձեր… մեղքը պատմեք այնպես, իբրև թե ձեր մեղսակիցն եմ… այո, ամեն մեկս դիմացինի մեղքի իր բաժինն ունի: Պատմեք: Այդպես ավելի դյուրին կըլլա ձեզի համար: Նաև… ինձի…

ՆԱՐԵ – Սկզբում… ամեն ինչ լավ էր: Սիրել: Սիրվել: Հավատալ… Նա… չուզեց, որ երեխան ծնվի, իսկ իմ ներսում երկու սիրտ էր զար­կում: Մերթ ձուլվում էին իրար, հնչում համաբաշխ, մերթ մեկնումեկն առաջ էր ընկնում, կարծես վիճում էին առաջին ձայնի համար, սա­կայն երբեք չէին խախտում հարմոնիան՝ ձինգ-ձրանգ, ձինգ-ձրանգ… Եվ ես, նրա կամքին հա­կառակ, ուզում էի… շատ էի ուզում, որ երեխան ծնվի, որ երկրորդ ձայնը ղողանջեր ավելի ուժ­գին…

ԱՐԳԱՄ – Դուք…

ՆԱՐԵ – Վկա է Աստված, ինքս եմ կամե­ցել, որ երեխան ծնվի… Բայց հետո… Նա նույ­նիսկ կասկածեց, որ իր երեխան է… Երբ առաջին անգամ կատակեց՝ «Ինչ իմանամ՝ ու­մից է», դեռ հավատում էի, ուզում էի հա­վատալ, որ կատակ է… Նա խախտեց երկձայն ղողանջի հարմոնիան: Իսկ պտուղը հեռաց­նելն արդեն անհնար էր…

ԱՐԳԱՄ – Երեխան որտե՞ղ է:

ՆԱՐԵ – Չկա:

ԱՐԳԱՄ – Ինչպե՞ս…

ՆԱՐԵ – Մահացած ծնվեց…

ԱՐԳԱՄ – Դուք մարդասպան եք:

ՆԱՐԵ – Այո, մարդասպան եմ: Դե, ատեք ինձ, աշխարհով մեկ հայտարարեք՝ թեթևաբարո մայրը սպանել է իր երեխային… Այո, մարդասպան եմ, չկամեցա, որ նա ծնվի, որովհետև… տրորել էին իմ արժանապատվու­թյունը…

ԱՐԳԱՄ – (խիստ): Վիրավորված ինքնասի­րությունը ձեզի դարձուց կրկնակի հանցա­գործ… որոշեցիք ինքնասպան ըլլալ, անպա­տիժ հեռանալ կյանքեն: Եթե ինքնասեր և պատվախնդիր աղջիկ եք, տառապեք այդ ոճի­րին համար: Ինքներդ ձեզ պիտի դատապարտեք չարչարանքի և տառապանքի:

ՆԱՐԵ – (ավելի շատ՝ ինքն իրեն): Տառա­պանք չէ՞ միթե, որ քեզ բացարձակ մենակ ես զգում, ինչպես խուլուհամրը՝ լսող-խոսողների մեջ: Ես սիրել եմ ընտանեկան մտերմությունը: Միշտ երազել եմ, որ տանն ամեն մեկն իր ընկերն ունենա՝ որդին հոր ընկերը լինի, աղ­ջիկը՝ մոր, կամ հակառակը… Ես տանը ընկեր չեմ ունեցել:

ԱՐԳԱՄ – Իսկ դպրոցո՞ւմ:

ՆԱՐԵ – Դպրոցի ընկերները… մի օր հեռա­նում են, օտարանում: Իմ միակ ընկերուհին մայրս էր…

ԱՐԳԱՄ – Հիմա ողջ չէ՞:

ՆԱՐԵ – Ողջ է: Հիմա այլևս ընկեր չէ… Մինչդեռ կարող էի: Կունենայի իմ ընկերը, իմ միակ ու հարազատ ընկերը, համատրոփ զար­կող մի սիրտ… Կյանքն իմաստ կունենար…

ԱՐԳԱՄ – Դուք պետք է հավատաք… չեք կարող չհավատալ, որ ինչ-որ լավ բան պիտի ըլլա, և սիրով հիշել այն ամենը, ինչ եղած է, նույնիսկ վատը: Պատահածը կարևոր չէ, կարևորը… թե պատահածը ինչ տվավ քեզի: Այնքան գործ կա, որ կմոռացվի և՛ վիրա­վորանք, և՛ մեղք: Իմաստը փնտրեք այս պա­հեն իսկ: Ինքներդ պիտի որոշեք ձեր պատի­ժը: Ինքներդ եղեք և՛ դատավոր, և՛ մեղադրյալ:

Նարեն թալկացած քայլերով գնում է դեպի ելքի դուռը, կանգ է առնում, շրջվում:

ԱՐԳԱՄ – Ես ձեզ կուղեկցեմ:

ՆԱՐԵ – Ո՞ւր:

ԱՐԳԱՄ – Ձեր տուն:

ՆԱՐԵ – Չեմ կարող: Հիմա այլևս չեմ կարող… Մի վռնդեք, խնդրում եմ…

 

 

Տեսարան երրորդ

Նույն բակը: Կեսգիշեր է: Մի բազ­կաթոռի մեջ քնած է Նարեն, մյու­սում՝ Արգամը: Ծղրիդների երգը խախտվում է հեռա­խոսազանգով:

ԱՐԳԱՄ Ալո…

ՁԱՅՆ – Բարև ձեզ:

ԱՐԳԱՄ – Բարև:

ՁԱՅՆ – Ներեցեք ուշ ժամին զանգելուս համար:

ԱՐԳԱՄ – Հոգ չէ:

ՁԱՅՆ – Ես… Նարեին եմ խնդրում:

ԱՐԳԱՄ – Մեկ վայրկյան… (Նարեին.)  Ձեզի կհարցնեն:

ՆԱՐԵ – Ո՞վ է: Չեմ ուզում խոսել: Չեմ ուզում:

ԱՐԳԱՄ – Դուք ո՞վ եք:

ՁԱՅՆ – Մայրը: Խնդրում եմ, լսափողը փոխանցեք Նարեին:

ԱՐԳԱՄ – (Նարեին): Ձեր մայրն է…

ՆԱՐԵ – Առավել ևս, չեմ ուզում:

ԱՐԳԱՄ – Տիկին, մեկ վայրկյան, կփոխանցեմ… (Լսափողը պարզելով Նարեին:) Պետք է խոսեք ձեր մոր հետ: (Խստորեն:) Վերցրե՛ք, ապա:

ՆԱՐԵ – (վերցնում է հեռախոսը): Ալո…

ՁԱՅՆ – Աղջիկս… որտե՞ղ ես: Կարենն ասաց՝ վաղուց չեք հանդիպում:

ՆԱՐԵ – Ուրիշ ի՞նչ ասաց:

ՁԱՅՆ – Ուրիշ… Ինչպե՞ս եղավ, աղջիկս… գուցե մանկաբարձը…

ՆԱՐԵ – Ես եմ մեղավոր: Միայն ես:

ՁԱՅՆ – Փրկել հնարավոր չէ՞ր…

ՆԱՐԵ – Այդ թեմայով չենք խոսում:

ՁԱՅՆ – Մի մտածիր, աղջիկս, էլի կունե­նաս… Ինչո՞ւ էիր թաքցնում, ումի՞ց…

ՆԱՐԵ – Խնդրում եմ, առանց հուզվելու:

ՁԱՅՆ – Հարազատ մայրն էլ չիմանա՞, որ…

ՆԱՐԵ – …

ՁԱՅՆ – Բոլորին ստում էի, թե հոր մոտ է… Հայրդ… Այս ամենի մեղքը…

ՆԱՐԵ – Բաժանվեցիք, բայց դու մնացիր իմ մայրը, նա՝ իմ հայրը…

ՁԱՅՆ – Հորդ միշտ ընդունել եմ, ինչպես հարկն է:

ՆԱՐԵ – Դու արհամարհում էիր, ինչպես հարկն է: Տուն էր գալիս թե չէ՝ գնում էիր ննջա­րան կամ խոհանոց:

ՁԱՅՆ – Ինքն էր ստիպում դիմել այդ քայլին…

ՆԱՐԵ – Քաղաքակիրթ ձևով վռնդեցիր:

ՁԱՅՆ – Ինչպե՜ս ես փոխվել… Դու հասկանո՞ւմ ես, ո՛ւմ հետ ես խոսում:

ՆԱՐԵ – Հորս նախկին կնոջ հետ:

ՁԱՅՆ – Մի՞թե այդ նախկին կնոջ սիրող ձեռքերը չեն կպել քեզ… Եթե ոչ մորդ, «հորդ նախկին կնոջը» չստեիր…

ՆԱՐԵ – Հա՛, ստել եմ, որ ինքս ինձ համոզեմ, թե քեզ սիրում եմ: Հղիությունը թաքցրել եմ, որովհետև… որովհետև դու ես սո­վորեցրել:

ՁԱՅՆ – Ե՞ս…

ՆԱՐԵ – Դո՛ւ, քո էությո՛ւնը: Սկզբում սո­վորեցի հորս նկատմամբ սերը թաքցնել… Երաժշտական դպրոցից ինձ ուղեկցում էր տուն: Ամեն անգամ ասում էր՝ «Թող մայրդ չիմանա»: Ես ու հայրս խուլ ու համրի մեր լեզուն ունեինք: Կանգնում էր ննջարանի պատուհա­նի տակ ու խոսում էինք մեր հորինած լեզվով…

ՁԱՅՆ – Թող տուն գար:

ՆԱՐԵ – Որ կուլ տար քո արհամարհա՞նքը…

ՁԱՅՆ – Մի՞թե նույն սխալը դու չես գոր­ծել: Հիմա գո՞հ ես, որ Կարենը լքեց քեզ:

ՆԱՐԵ – Շա՜տ:

ՁԱՅՆ – Ինչպե՞ս:

ՆԱՐԵ – Ես սիրել եմ և երջանիկ եմ եղել:

ՁԱՅՆ – Իսկ հիմա՞:

ՆԱՐԵ – Հիմա ազատ եմ:

ՁԱՅՆ – Չկա ավելի մեծ ստրկություն, աղջիկս, քան ինքդ քեզ ազատ համարելը առանց ազատ լինելու: Ես էլ էի կարծում՝ ազատ եմ, բայց… եթե վանդակի դուռը բացես, թռչունը դուրս կթռչի՞… Համոզված չեմ: Որ­տե՞ղ ես հիմա, քեզ ո՞նց գտնեմ:

ՆԱՐԵ – Իզուր ես ինձ փնտրում: Մնա քո տանը:

 

ՁԱՅՆ – Դա նաև քո տունն է:

ՆԱՐԵ – Ո՛չ, ոչ, ոչ… Այդ տունն ինձ մարդա­սպան դարձրեց… (Կապն անջատվում է:)

Դադար:

ԱՐԳԱՄ – (վերցնելով հեռախոսը): Ձեր հայրը գիտե՞, որ…

ՆԱՐԵ – Նա իր ընտանիքն ունի: Ուզում եմ, որ խորթ մայրս ավելի սիրի նրան:

ԱՐԳԱՄ – Իսկ ձեր հարազատ մայրը… սիրելու արժան չէ՞:

ՆԱՐԵ – Դուք չգիտեք՝ ինչու եմ ատում նրան:

ԱՐԳԱՄ – Մորն ատող կինը ինքըզինքը ատող զավակ կծնե: Ձեր ատելությամբ սեփա­կան մե՞ղքը կարդարացնեք: (Խիստ:) Եթե այս վայրկյանեն ի վեր ձեր էությունը չփոխեք…

ՆԱՐԵ – Մարդու էությունը չի փոխվում: Երբեք:

ԱՐԳԱՄ – Կրնա՞ս երևակայիլ, թե ինչ կըլլա, եթե բոլոր մայրերը իրենց ատող զավակ ունե­նան: Հողն՝ իրեն ատող սերմնացան, վարժապետն՝ իրեն ատող աշակերտ: Ամեն ատելություն ավելի կհեռացնե հարազատ մորեն, հողեն, ի վերջո… հայրենիքեն: Դուք կրնա՛ք հաղթիլ ճակատագրին: Դուք նույնը կըփափագեք, այնպես չէ՞: Փափագը, ցանկությունը եթե կա… Եթե շատ փափագեք, կհաղթեք: Իսկ հիմա քնեք: Ինչպես կըսենք, լույսը բացվի, բա­րին հետը…

Արգամն ու Նարեն, բրդյա ծած­կոցներով փաթաթված, ընկղմվում են բազկաթոռների մեջ:

 

Տեսարան չորրորդ

Նույն բակը: Կեսօր է: Լվացքապարանից կախված է Նարեի շրջազգեստը: Նարեն Արգամի վեր­նաշապիկով և տաբատով, հայելին ու սանրը ձեռքին դուրս է գալիս լոգարանից, հարդարում է մազե­րը: Մոտեցող ավտոմեքենայի ձայն: Քիչ անց ճամպ­րուկներով բակ է մտնում Սոնան:

ՍՈՆԱ – Բարի օր:

ՆԱՐԵ – Բարև ձեզ:

ՍՈՆԱ – Եթե չեմ սխալիր, Արգամ Արամյանը հոս կըբնակի:

ՆԱՐԵ – Այո… (Վերցնում է ճամպրուկներից մեկը:)

ՍՈՆԱ – Շնորհակալ եմ…

Տեղափոխում են ճամպրուկները:

ՆԱՐԵ – Նստեք, հանգստացեք:

ՍՈՆԱ – (նստելով): Thank you: Չեք երևակայեր որքան դժվար եղավ Քարաշենը գտնալը:

ՆԱՐԵ – Դուք երևի Արգամի կինն եք:

ՍՈՆԱ – Արգամը… որքան գիտեմ, կին չունի, ինդոր կըսեք… առայժմ: Առայժմ պետք է որ չունենա:

ՆԱՐԵ – Ուրեմն քույրն եք:

ՍՈՆԱ – Քույր ալ չունի: Ես… Բոստընեն եմ: Արգամին համալսարանական ընկերը:

ՆԱՐԵ – Պարզ է:

ՍՈՆԱ – «Պարզ է», ըսել է, թե՝ հասկըցաք:

ՆԱՐԵ – Համարյա:

ՍՈՆԱ – «Համարյա»… ի՞նչ ըսել է:

ՆԱՐԵ – Ինչպես որ դուք եք ենթադրում:

ՍՈՆԱ – Դուք… հո՞ս կապրիք:

ՆԱՐԵ – Ստացվեց այնպես, որ ես… այ­սինքն… կարճ ասած՝ այո:

ՍՈՆԱ – Հիմա հասկըցա:

ՆԱՐԵ – Ճիշտ չհասկացաք:

ՍՈՆԱ – Ինչո՞ւ: Սպասուհի, որ այս տանը կապրի:

ՆԱՐԵ – Համարյա:

ՍՈՆԱ – Նորեն՝ «համարյա»: Ըսել է, թե՝ ինդոր ես կկարծեմ:

ՆԱՐԵ – Ոչ: Ինչպես որ հանգամանքները կարող էին թելադրել:

ՍՈՆԱ – Հանգամանքնե՞րը:

ՆԱՐԵ – Այո:

ՍՈՆԱ – Աա՜… Օ քեյ: Պարագաները: Շար­ժառիթները, ուրեմն:

ՆԱՐԵ – Այո, շարժառիթն ստիպեց, որ գիշե­րեմ այստեղ:

ՍՈՆԱ – Օ՛հ, ինչ զով քամի եկավ:

ՆԱՐԵ – Շոգին սովոր չեք:

ՍՈՆԱ – Բոստընի շոգն ավելի անտանելի է:

Դադար:

ՆԱՐԵ – Քաղցած չե՞ք:

ՍՈՆԱ – Thank  you: Օդանավին մեջ ճաշած եմ:

Դադար:

ՆԱՐԵ – Սուրճից չեք հրաժարվի:

ՍՈՆԱ – Ինչ ըսի՞ք:

ՆԱՐԵ – Սուրճ մը կառնե՞ք:

ՍՈՆԱ – Հաճույքով:

ՆԱՐԵ – (սուրճ է պատրաստում):

ՍՈՆԱ – (նայելով շուրջը): Գեղեցիկ ծաղիկ­ներ են: Դո՞ւք կըխնամեք:

ՆԱՐԵ – Ոչ: Դեռ չեմ հասցրել:

ՍՈՆԱ – «Հասցրել»՝ ըսել է, թե…

ՆԱՐԵ – Ըսել է, թե՝ Արգամն է այս ամենի հեղինակը: Ինքն է խնամում:

Սուրճ են խմում: Դադար:

ՍՈՆԱ – Կրնա՞մ գիտնալ այն շարժառիթը, պարագան… ինդոր ըսիք հանգաման­քը, որ այս գիշեր հոս մնացած եք:

ՆԱՐԵ – (): Ո՛չ:

ՍՈՆԱ – Ո՛չ:

ՆԱՐԵ – Այո՛:

ՍՈՆԱ – Չեմ հասկընար՝ այո՞, թե՞ ոչ:

ՆԱՐԵ – (աստիճանաբար բորբոքվելով): Ըսել է, թե՝ ո՛չ, չե՛ք կըրնար գիտնալ այն շարժառիթը, պարագան, ինչպես ասացիք, հանգա­մանքը, որովհետև… գիտնալու բան չէ, տհաճ պատմություն է:

ՍՈՆԱ – Տհա՞ճ…

ՆԱՐԵ – Համենայնդեպս, ինձ համար: Ձեր կյանքում տհաճ միջադեպեր չե՞ն եղել:

ՍՈՆԱ- Ներեցեք, ես…

ՆԱՐԵ – Եթե «ոչ» ասեք, միևնույն է, չեմ հա­վատա: Եղել են, չէ՞: Եղել են: Հիշելն անգամ զզվելի է եղել: Ուզեցել եք ընդհանրապես ջնջել այն, կինոժապավենի նման կտրել, դեն նետել հիշողությունից: (Լվացքապարանի վրայից վերցնում է շրջազգեստը, մտնում լոգարան:)

ՍՈՆԱ – (դեպի լոգարանի կողմը): Ներեցեք, ես բնավ չէի կարծեր, թե հարցս այդչափ վրդովեցուցիչ պիտի ըլլա:

ՆԱՐԵ – (շրջազգեստը հագած դուրս է գալիս լոգարանից): Ասենք… Գուցե ես սխալ եմ: Դուք երևի նման զգացումներ չեք ունենում: Գուցե… (Քայլում է դեպի ելքը:)

ՍՈՆԱ – Եթե տագնապ պատճառեցի ձեզի, կխնդրեմ, ներողամիտ ըլլաք:

ՆԱՐԵ – Հեռատեսիլ դիտել կուզե՞ք: (Վահանակը պարզում է Սոնային:) Ահա վարաղեկը: Անվան համար մի զարմացեք, Արգամն է հորինել: «Վարաղեկ», այսինքն՝ հեռուստացույցը վարելու ղեկ: «Ղեկավար» լսած կաք, իհարկե: Բայց որպեսզի նույն բա­ռը երկու իմաստ չունենա, անվանել է «վարա­ղեկ»:

ՍՈՆԱ – Ներեցեք, բայց ես…

ՆԱՐԵ – Արգամին փոխանցեք իմ շնորհակա­լությունը: Թող ների ինձ՝ պատճառած հոգսերի համար:

ՍՈՆԱ – Հոգսե՞ր…

ՆԱՐԵ – Մնաք բարով: (Դուրս է գալիս բակից:)

 

 

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ

Տեսարան առաջին

Արգամի տան բակը: Երեկո է: Սո­նան հեռուստացույց է նայում: Բահն ուսին՝ բակ է մտնում Արգամը:

ԱՐԳԱՄ  – Սոնա՞… Աչքերուս հավատա՞մ:

ՍՈՆԱ – Հավատա, հավատա:

ԱՐԳԱՄ  – Քարաշենը հե՞շտ գտար:

ՍՈՆԱ – Դյուրին չէր, հարկավ: Մեքենավարն ալ չէր գիտեր ճամփան:

ԱՐԳԱՄ – Հեռաձայնեիր…

ՍՈՆԱ – Հեռաձայնով աչքերդ չէի տեսներ: Բարև… (Մեկնում է ձեռքը:)

ԱՐԳԱՄ – Բարև… (Սեղմում է նրա ձեռքը: Գրկախառնվում են: Հայացքով փնտրելով:) Ո՞ւր է Նարեն:

ՍՈՆԱ – Նարե՞ն:

ԱՐԳԱՄ  – Այո: Նարեն ո՞ւր է:

ՍՈՆԱ – Գնաց:

ԱՐԳԱՄ – Ինչպե՞ս: Ո՞ւր գնաց:

ՍՈՆԱ – Չեմ գիտեր: Չըսավ:

ԱՐԳԱՄ ԱՐԳԱՄ – (անհանգիստ դուրս է գնում, քիչ անց՝ վերադառնում): Ե՞րբ գնաց:

ՍՈՆԱ – Երկու և քառորդ ժամ կա: Ըսավ, որ քեզի փոխանցեմ իր շնորհակալությունը: «Պատճառած հոգսերուն համար թող ներե ինձի»,- ըսավ:

ԱՐԳԱՄ – (ինքն իրեն, վրդովված): Հոգսեր, հոգսեր… (Հեռախոսի մեջ համար է փնտրում, զանգում է:)

ՁԱՅՆ – Այո: Ո՞վ է:

ԱՐԳԱՄ – Բարև ձեզի: Արգամ Արամյանն է: Գիշերը մենք խոսել ենք…

ՁԱՅՆ – Այո, այո, բա՞ն է պատահել:

ԱՐԳԱՄ – Ոչ, ոչ, մի նեղվեք, ոչինչ պատա­հած չէ:

ՁԱՅՆ – Նարեն ձեզ մոտ չէ՞:

ԱՐԳԱՄ – Նույն հարցը ես պիտի տայի ձեզի: Նարեն տուն չէ՞ եկած:

ՁԱՅՆ – Ոչ:

ԱՐԳԱՄ – Ո՞չ… Ներեցեք, ձեր անունր…

ՁԱՅՆ – Գոհար:

ԱՐԳԱՄ – Տիկին Գոհար, երկու և կես ժամ կա, որ գնացած է: Կիմանա՞ք՝ ուր գնացած է:

ՁԱՅՆ – Ոչ: Գուցե հոր մոտ է:

ԱՐԳԱՄ – Հո՞ր: Անունը, հասցեն կրնա՞ք ըսել:

ՁԱՅՆ – Բաբկեն Բարոյան, Մալաթիա թա­ղամասում է ապրում: Հեռախոսը… մի րոպե… 78 15 27:

ԱՐԳԱՄ – (գրառելով): Շնորհա­կալ եմ, լուր ունենաք, կըխնդրեմ՝ հեռաձայնեք:

 

ՁԱՅՆ – Դուք էլ…

ԱՐԳԱՄ – Անշուշտ: Ի տեսություն:

ՁԱՅՆ – Ցտեսություն:

ԱՐԳԱՄ – (նոր համար հավաքելով): Ալո, բարև ձեզ:

ՁԱՅՆ – Բարև:

ԱՐԳԱՄ – Բաբկեն Բարոյանի բնակարա՞նն է:

ՁԱՅՆ – Չէ, ընկեր ջան, սխալվել եք:

ԱՐԳԱՄ – Ներեցեք, 78 15 27 թիվը չէ՞:

ՁԱՅՆ – Այո, բայց էստեղ էդ անունով մարդ չի ապրում:

ԱՐԳԱՄ – Ներեցեք:

ՁԱՅՆ – Խնդրեմ, խնդրեմ:

ԱՐԳԱՄ – (անջատելով կապը): Այսպե՜ս… Պետք է հուսալ, որ այս պատմությունը…

ՍՈՆԱ – Ի՞նչ պատմություն:

ԱՐԳԱՄ – Տհաճ պատմություն է, Սոնա:

ՍՈՆԱ – Ինքն ալ ըսավ՝ «տհաճ պատմություն է»:

ԱՐԳԱՄ – Նարե՞ն ըսավ:

ՍՈՆԱ – Այո: Ես միայն ուզեցի գիտնալ այս տանը գիշերելու շարժառիթը:

ԱՐԳԱՄ – Վրդովված կըլլա, անշուշտ:

ՍՈՆԱ – Ի՞նչ իմացար:

ԱՐԳԱՄ – Տագնապ պատճառած ես, ուրեմն:

ՍՈՆԱ – Բնավ չէի կարծեր, որ այդչափ պիտի վրդովեցնե:

ԱՐԳԱՄ – Չպիտի թողնեիր՝ երթա:

ՍՈՆԱ – Թողնել-չթողնելուն իրավունքը ու­նեի՞: Վարաղեկը ձեոքս տվավ, գնաց:

ԱՐԳԱՄ – (մտախոհ): Ո՞ւր պիտի երթար… Ո՞ւր…

ՍՈՆԱ – Ո՞վ էր այդ աղջիկը:

ԱՐԳԱՄ – Նարեն: Մոլորված է: Կորսնցուցած է տունը:

ՍՈՆԱ – Հիշողությո՞ւնը:

ԱՐԳԱՄ – Հիշողությունը կամ տունը, նույ­նը չէ՞: Կամուրջեն ինքըզինքը նետել կուզեր: Զորու եղա ետ պահել… Այո, տունը կորսընցնել, կընշանակե նաև՝ հիշողությունը: Տակավին խորհա՞ծ ես այդ մասին, Սոնա:

ՍՈՆԱ – Ինչի՞ մասին:

ԱՐԳԱՄ – Մոլորվելու… Երևանին կիսակա­ռույց շենքերը տեսա՞ր:

ՍՈՆԱ – Շատ կան:

ԱՐԳԱՄ – Արդյոք ինքըզինքդ հանցավոր չզգացի՞ր:

ՍՈՆԱ – Հանցավո՞ր: Ինչո՞ւ համար:

ԱՐԳԱՄ – (գրկելով Սոնային): Շնորհակալ եմ, որ եկար:

ՍՈՆԱ – Ինձի գրկելը մոռցեր ես: Կըգրկեիր ամբողջ ուժով: Կռնակս կըկեռվեր ցավե­լու չափ…

ԱՐԳԱՄ – Հավնեցա:ր Երևանը:

ՍՈՆԱ – Գեղեցիկ քաղաք է:

ԱՐԳԱՄ – Արարատն, անշուշտ, հուզած կըլլա: Մանավանդ առաջին անգամը… «Երկնքից առկախ մի լեռնակղզի՝ Հայաստան աշխարհ»… Ծանո՞թ ես Սևակին:

ՍՈՆԱ – Ոուբե՞ն Սևակին:

ԱՐԳԱՄ – Ոչ, Պարույր, Պարույր Սևակին:

ՍՈՆԱ – Լսած եմ:

ԱՐԳԱՄ – Աչքերդ գոցե և լսե: (Սոնան փա­կում է աչքերը:) «Երկնքից առկախ այդ լեռնակղզու ուղիղ կենտրոնում՝ երկու զանգ հսկա և անձեռագործ: Եվ այնքան հսկա, այնքան վիթխարի, որ չէին կարող որևէ կեռից ոչ մի կերպ կախվել, ուստի պարզապես կործված են հողին:

Անունն Արարատ

կամ

Սիս ու Մասիս»… (Սոնային.) Հիմա աչքերդ բաց. տեսա՞ր պատկերը:

ՍՈՆԱ – Ոչ:

ԱՐԳԱՄ – Ոչինչ չտեսա՞ր:

ՍՈՆԱ – Օդանավեն տեսածես ավելի՝ ոչինչ:

ԱՐԳԱՄ  – Ավելին տեսնալու համար տա­րիներ պետք են: Զորօրինակ, այս նորատուն­կերը ծիրան կուտան 2-3 տարի հետո, ճիշտ և ճիշտ այս տեսակ… (Մրգամանից ծիրան վերցնելով:) …խոշոր-խոշոր, հյութեղ, համով: Ահա, ճաշակե:

ՍՈՆԱ – (մեքենայորեն վերցնելով ծիրանը): Արգամ…

ԱՐԳԱՄ – Կեր, կեր: Մեր այգիեն է: Իմ այգիեն:

ՍՈՆԱ – Արգամ, ես քեզի տեսնելու համար եկա, դուն ծառատունկերը կըզննես:

ԱՐԳԱՄ – Չէ, չէ, անկեղծ ըսե, նման ծիրան տեսած կա՞ս: (Ծիրանը վերցնում է Սոնայի ձեռքից, կիսում է երկու մասի, մի կեսը պարզելով Սոնային, մյուսը՝ ինքն ուտելով:) Ահա… Մեկ ծիրանը երկու կես ըրի, մի կեսը դուն կերար, մյուս կեսը՝ ես… Հիմա պիտի որ նույն համը զգանք, ճի՞շտ է:

ՍՈՆԱ – Հավանաբար:

ԱՐԳԱՄ – Հավանաբար… (Քմծիծաղում է:) Հավանաբար… (Դադար:) Մեր ազգին ֆենոմեններեն մեկն ալ այս է, Սոնա: Նույն պտուղը երկուսը կըճաշակեն՝ տարբեր համ կըզգան: Մեկ ծաղկի բույրը, լսվա՞ծ բան է, որ երկու հային համար նույնը ըլլա:

ՍՈՆԱ – Այս ծաղիկները դո՞ւն կըխնամես:

ԱՐԳԱՄ – Այս տունը, պարտեզը, ամեն ինչ մենակս շինած եմ: Այն տնկիները այս տարվանն են: Անցյալ տարի տունկերը ավրվեցան. հողեն վախցան: Այս անգամ չեն վախնար:

ՍՈՆԱ – Հողե՞ն, թե՞ քամիեն:

ԱՐԳԱՄ – Քամին, կարկուտը ոչինչ կրնան ընել, եթե հողը ամուր գրկե անոնց. ամուր, ուժգին…

ՍՈՆԱ – Ես ալ կըսիրեմ բնությունը, ծառերը, հողը: Բայց ատոր համար քեզի դատապարտես մենակության…

ԱՐԳԱՄ – Մենակությա՞ն: Ավելի լավ է մենակ, քան միայնակ: Առավել սարսափելի է, երբ մարդս մենակ է մարդկանց մեջ:

ՍՈՆԱ – Հեռացեր-կտրվեր ենք իրարմե:

ԱՐԳԱՄ – Այո, այո, հեռացեր-կտրվեր ենք, եթե ոչ մեր հայությունեն, ապա՝ մեր հետնոր­դեն, մեզմե ծնվելիք զավակին հայությունեն:

ՍՈՆԱ – Երկրեն շատերը կըհեռանան, իսկ դուն…

ԱՐԳԱՄ – (պոռթկալով): Հեռացողը հավատարիմ չէ՛ իր նախնիներուն… Պատշաճ պայմաններ կուզեն: Երկիրը պայմանով կըսիրեն: Հայրենիքը կըսակարկվի… Կըհաճինք սիրել ավելի, քան ֆրանսիացին, անգլիացին, հնդիկը, կուզենք ողբալ ավելի, քան իսպանա­ցին, ավելի բարի ըլլալ, քան ռուսը: Ի վերջո, լինել հայ առավել, քան կանք: Եվ… դարերով եղած ենք ավելի պակաս, քան պիտի ըլլա­յինք… Պետք է ապրիլ որպես հայ: Ըլլալ հայ:

ՍՈՆԱ – Ի՞նչ կընշանակե՝ հայ ըլլալ:

ԱՐԳԱՄ – Դեռևս չեմ գիտեր: Ես դեռ հայ չեմ… Լոգանք կընդունե՞ս:

ՍՈՆԱ – Հաճույքով:

ԱՐԳԱՄ – Եկուր, եկուր, լոգարանս ցուց­նեմ: Մեծ բավականություն կըստանաս, ան­շուշտ:

Գնում են լոգարան: Քիչ անց Արգամն ուրախ գալիս, վերցնում է բահը, գնում հողամասի կողմը: Բակ են մտ­նում Հարութ պապն ու Աչո տատը:

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Էդ Փառանձեմի ուզածն ի՞նչ էր:

ԱՉՈ ՏԱՏ – Հորդ Աստծուն մեռնեմ, էլի չսկսես:

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Չէ, ճիշտն ասա, Փառանձեմն ի՞նչ էր ուզում:

ԱՉՈ ՏԱՏ – Հարութ, Փառանձեմն ի՞նչ պտի ուզեր, բարևեց անցավ:

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Դու էս գիշեր ո՞ւմ հետ էիր խոսում:

ԱՉՈ ՏԱՏ – Անցար գիշերվա՞ն…

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Չէ, ասա, էլի, ասա՝ գիշերն ո՞ւմ հետ էիր խոսում:

ԱՉՈ ՏԱՏ – Հարութ…

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Էլի ասում ա՝ «Հա­րութ»… Էս կնիկն ինձ կգժվացնի…

Բահն ուսին նրանց է մոտենում Արգամը:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Ըհը՜, էս էլ մեր Արգամը:

ԱՐԳԱՄ – Բարի օր:

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Աստծու բարին, Արգամ ջան:

ԱՐԳԱՄ – «Զեմլյա լյուբվիին» ժամն է, հարկավ, հիմա կմիացնեմ հեռատեսիլը:

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Չէ, չէ, դու արի էստեղ կանգնի:

Արգամը կանգնում է նրանց առջև:

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Հիմա ասա՝ էրեկ գիշեր դու ո՞ւմ հետ ես խոսել:

ԱՉՈ ՏԱՏ – Հարութ…

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Էլի ասում ա՝ «Հա­րութ»…

ԱՐԳԱՄ – Ի՞նչ եղած է:

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Էս էլ ասում ա՝ «ինչ եղած է»… (Արգամին.) Դու հարց չտա՛ս:

ԱՐԳԱՄ – Չէ, հարց չեմ տար:

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Էլի ասում ա՝ «չէ»: Էլ ո՛նց խոսեմ, չգիտեմ:

ԱՐԳԱՄ – Այո, բայց ի՞նչ է եղած:

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Էլի ասում ա… Ես քեզ ասում եմ՝ հարց չտա՛ս: Կանգնի էստեղ: Կանգնեցի՞ր: Լավ: Շատ լավ: Աչո, էս՝ մեր Արգամը, էս՝ ես, էս էլ՝ դու: Աչո, ձեռքդ դիր խղճիդ ու ասա՝ էրեկ գիշեր դու ո՛ւմ հետ ես խոսել:

ԱՉՈ ՏԱՏ – Հարութ…

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Էլի ասում ա՝ «Հա­րութ»… Հիմա իմ հետ մի բան կկատարվի: Հիմա սիրտս կկանգնի…

ԱՉՈ ՏԱՏ – (արագ, առանց դադարի): Հիմա ի՛մ սիրտը կկանգնի, ոչ ասում ես, թե ուզածդ ինչ ա, ոչ թողնում ես, որ մենք մի խոսք ասենք, ո՝չ էս, ոչ՝ էն, ոչ՝ էս, ոչ՝ էն, ոչ՝ էս, ոչ… (Շունչ է քաշում:) Էլի սկսեցի՞ր քո թատրոնը, տո Օթելլո…

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Արգամ, ասա՝ թող իրեն Դեզդեմոնայի պես պահի:

ԱՐԳԱՄ – Աչո տատ, վրդովվել պետք չէ…

ԱՉՈ ՏԱՏ – (առանց դադարի): Այ Արգամ ջան, սկզբից՝ թե Փառանձեմի ուզածն ինչ էր: Գեղամիջում հանդիպեցինք, բարևե­ցինք, անցանք, հեռացանք, իսկի բերան էլ չենք թրջել, գլխով ենք բարևել: (Շունչ է քաշում:)

ԱՐԳԱՄ – Հանգստացեք…

ԱՉՈ ՏԱՏ – Հետո էլ անցավ գիշերվան՝ «Էս գիշեր ո՞ւմ հետ էիր խոսում»…

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Ասե՞մ:

ԱՉՈ ՏԱՏ – Ասա՛, էլի, ասա՛: Էս գիշեր ո՞ւմ հետ եմ խոսել:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Փառանձեմի մարդու:

ԱՉՈ ՏԱՏ – Տելեմակի:…

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Հա:

ԱՉՈ ՏԱՏ – Հիսուս ու քեզ Քրիստոս: Վա՛յ, Հարութ, վա՛յ… Արգամ ջան, Տելեմակն արդեն քանի տարի ա երկնքումն ա…

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Այ կինարմատ, ո՞վ չգիտի, որ մեռած ա: Դու գիշերը Տելեմակի հոգու հետ էիր խոսում:

ԱՉՈ ՏԱՏ – Ե՞ս:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Չէ, կողքիս քնած Աչոն:

ԱՉՈ ՏԱՏ – Ամոթ ա, այ մարդ, երազ ես տեսել ու…

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Ես հենց էնպես երազ չեմ տեսնում:

Արգամը ծիծաղում է:

ԱՉՈ ՏԱՏ – Քանի գնում, ցնդում ա էս մարդը:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Էս գիշեր էրազիս մեր թոռան տնկած խնձորի ծառի տակ սիլի-բիլի էիք անում Տելեմակի հետ:

ԱՉՈ ՏԱՏ – Մեր մասին անեկդոտները քիչ էին… Շատ սիրուն էինք, ծաղիկ էլ հանեցինք…

ԱՐԳԱՄ – Մի վրդովվեք:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Էլի չսկսես արդարա­նալ:

ԱՐԳԱՄ – Հարութ պապ, մի զայրացեք…

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Արգամ, հլա մի հարց­րու՝ 55 տարվա մեջ 5 անգամ ճիշտ բան ասած կա՞:

ԱՐԳԱՄ – Չեմ կարծեր, թե…

ԱՉՈ ՏԱՏ – Ամոթ ա, այ մարդ: Արգամ ջան, հազիվհազ ինձ ու ինձ ուրախանում էի, թե գյուղում տղամարդ չի մնացել, էլ էս մարդը վեճ ու կռիվ չի գցի տանը… Հիմա էլ մեռած հոգիներին թամաշի ա կանչում:

ԱՐԳԱՄ – «Թամաշա» ի՞նչ կընշանակե:

ԱՉՈ ՏԱՏ – Թամաշան էս ա որ կա, Արգամ ջան… «55 տարի»… Գյուղում ինչ անուն ասես տալիս են էս մարդուն՝ է՛լ Օթելլո, է՛լ Յագո, է՛լ Ռուստամ, է՛լ Ռոմեո… Պա՛հ, Ռոմեո… Հլա մի հարցրու՝ էդ Ռոմեոն 55 տարվա մեջ 5 անգամ «ջան» ասած կա՞:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Վատ ա՞, որ իմ խաթեր քեզ էլ Ջուլետ են ասում:

ԱՐԳԱՄ – Ռոմեո, Ջուլիետ… վատ չէ:

ԱՉՈ ՏԱՏ – Արգամ ջան, մի բան էլ հարցրու՝ 55 տարվա մեջ էդ Ջուլետին 5 անգամ դարձ ուղարկած կա՞:

ԱՐԳԱՄ  – Դարձը ի՞նչ է:

ՊԱՊ – Էն տարի չգնացի՞ր:

ԱՉՈ ՏԱՏ – 50 տարի առա՞ջ…

ՊԱՊ – Էդքան անցա՞վ:

ԱՉՈ ՏԱՏ – …որ հետս էլ էկար մեր տուն… Հլա մի էդ Օթելլոյին հարցրու՝ առանց ինձ վարսավիրանոց գնացած կա՞: Ուր գնում ա, հետն ա տանում, անգամ խաշ ուտելու…

Բակ են մտնում Ալմաստն ու Սրբուկը:

ԱԼՄԱՍՏ – Բարիրգուն:

ՍՐԲՈՒԿ – Բարի երեկո:

ԱՐԳԱՄ – Բարև ձեզ:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Արգամ, «Զեմլյա լյուբվի» կինոյի ժամն ա:

ԱՐԳԱՄ – Հիմա կմիացնեմ հեռատեսիլը… Հարութ պապ, տիկին Ալմաստ, միրգը հանձնեցի՞ք, պարոն Թովմասյանը վճարե՞ց:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Տեղնուտեղը:

ԱԼՄԱՍՏ – Աստված քեզ երկար կյանք տա, Արգամ ջան:

Հեռուստացույց են նայում: Արգամը բրիչով ծաղիկներն է փխրեց­նում: Նրան է մոտենում Սրբուկը:

ՍՐԲՈՒԿ – Արգամ:

ԱՐԳԱՄ Լսում եմ:

ՍՐԲՈՒԿ – Նարեն լոգարանո՞ւմ է:

ԱՐԳԱՄ – Ոչ: Գնացեր է:

ՍՐԲՈՒԿ – Ո՞ւր է գնացել:

ԱՐԳԱՄ – Չեմ գիտեր: Ո՞ւր պիտի երթար… (Թողնում է գործը, զանգում է:)

ՍՐԲՈՒԿ – Բա լոգարանում ո՞վ կա:

ԱՐԳԱՄ – Սոնան: Միասին սով­րեր ենք… (Հեռախոսով:) Ալո, տիկին Գոհար…

ՁԱՅՆ – Դո՞ւք եք, պարոն Արամյան:

ԱՐԳԱՄ – Ես եմ: Լուր չունե՞ք Նարեեն:

ՁԱՅՆ – Ոչ: Իսկ դո՞ւք:

ԱՐԳԱՄ – Ես հեռաձայնած եմ, այնտեղ Բաբկեն Բարոյան չգտնվեց: Նարեի հայրը հոն չի բնակվեր:

ՁԱՅՆ – Ես էլ եմ զանգել: Իմացա, որ բնակարանը վաճառել է: Իսկ տանտերը չգիտեր Բաբկենի նոր հասցեն: Ձեզ Նարեն չի՞ զանգել, պարոն Արամյան:

ԱՐԳԱՄ – Ոչ: Տիկին Գոհար, հուսով եմ, որ Նարեն տուն կուգա:

ՁԱՅՆ – Աստված ձեր ձայնը լսի: Պարոն Արամյան, եթե լուր կունենաք…

ԱՐԳԱՄ – Նմանապես, տիկին Գոհար:

ՁԱՅՆ – Ցտեսություն:

ԱՐԳԱՄ – Ի տեսություն… (Անջատում է կապը:)

ՍՐԲՈՒԿ – Բաբկեն Բարոյանն ո՞վ է:

ԱՐԳԱՄ – Նարեի հայրը:

ՍՐԲՈՒԿ – Իսկ այդ… Սոնան ինչո՞ւ է եկել:

ԱՐԳԱՄ – Ինձ տեսնելու:

ՍՐԲՈՒԿ – Ձեզ տեսնելո՞ւ, թե՞…

ԱՐԳԱՄ – Սրբուկ, նորեն խոստումդ մոռցար:

ՍՐԲՈՒԿ – (ուղղում է): «Նորից խոստումդ մոռացար»:

ԱՐԳԱՄ – Այո, մոռացար խոստումդ նորից, որ… շարունակիր…

ՍՐԲՈՒԿ – …որ ձեր հավատարմությանը չկասկածեմ: Որ դուք Քարաշենը չեք լքի: Երբեք:

ԱՐԳԱՄ – Եվ այս խոստումդ ե՞րբ ես տվել:

ՍՐԲՈՒԿ – Երկու տարի առաջ:

ԱՐԳԱՄ – Այ, եթե կրնայինք… կարողանա­յինք Սոնային պահել…

ՍՐԲՈՒԿ – Երկա՞ր ժամանակով:

ԱՐԳԱՄ – Ընդմիշտ:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Այ Ալմաստ, էս կինոն որ քեզ պիտի էսպես տանջի, ինչի՞ ես նայում:

ԱՐԳԱՄ – (մոտենալով): Ի՞նչ պատահեց:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Սինյոր Ժենառոն իր տղային՝ Տոնիին գտավ, Ալմաստը լացուկոծը դրեց:

ԱՉՈ ՏԱՏ – Ալմաստ ջան, տղայիդ մոտ գնալ չես ուզում, պիտի սպասես, Աստված մի դուռ կբացի:

ԱԼՄԱՍՏ – (Աչո տատին): Դու դատարկ տանն ապրած կա՞ս: Չէ, սպասի, մի շտապի պատասխանել, չեմ ասում մի օր, մի շաբաթ, մի ամիս, այլ տարիներ… Արթնանում եմ, չորս կողմը դատարկ պատեր, ոնց որ գերեզմանո­ցում… Ինձ թվում է՝ աշխարհն էլ մեր տան պես դատարկ է…

Սոնան դուրս է գալիս լոգարանից: Արգամն ընդառաջ է գնում նրան:

ԱՐԳԱՄ – Սիրելի հարևաններս, կըխնդրեմ պահ մը կտրվել կինոնկարեն: (Ներկայացնում է:) Սոնան է, Բոստոնեն: Միասին ուսանած ենք նույն համալսարանին մեջ:

ՍՈՆԱ – Բարև ձեզի:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Այ բարով ես եկել, հա­զար բարով ես եկել:

ԱԼՄԱՍՏ – Բարև, աղջիկ ջան, Բոստոնից ես, հա՞:

ՍՈՆԱ – Այո:

ԱԼՄԱՍՏ – Արմենիցս լուր չե՞ս բերել:

ԱՐԳԱՄ Տիկին Ալմաստին տղան՝ Արմենը, Բոստոնում է:

ՍՈՆԱ – Չեմ ճանչնար:

ԱՐԳԱՄ – Արմենին չի ճանաչում, տիկին Ալ­մաստ:

ԱԼՄԱՍՏ – (Արգամին): Բա ինչո՞ւ չէիր ասում, որ Բոստոնից էկող կա:

ԱՐԳԱՄ – Ես էլ չգիտեի, տիկին Ալմաստ: Ինձ համար ևս անսպասելի էր Սոնայի գալը:

ԱԼՄԱՍՏ – Իսկ ե՞րբ պիտի գնաս, աղջիկ ջան:

ԱՐԳԱՄ – Երթալու մասին ավելի լավ է չխոսենք, տիկին Ալմաստ:

ԱԼՄԱՍՏ – Մի քանի բան ունեմ ուղար­կելու…

ՍՈՆԱ – Օ’ քեյ:

ԱՉՈ ՏԱՏ – Աղջիկ ջան, որտեղի՞ց ես:

ՍՈՆԱ – Ես Բոստըն ծնված եմ:

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Իսկ հերդ որտեղացի՞ է:

ՍՈՆԱ – Հա՞յրս: Հայրս նմանապես Բոստըն ծնված է:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Պապդ էլ հո Բոստընում չի՞ ծնվել:

ԱՐԳԱՄ – (Սոնային): Ըսել կուզե՝ մեծ հայրդ ալ…

ՍՈՆԱ – Մեծ հայրս չկա: Մահացած է:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Աստված հոգին լուսա­վորի:

ՍՈՆԱ – Thamk you: Մեծ հայրիկս Էրզրումեն էր:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Էհ, մինչև մեռնելը Էրզրում տեսա՞վ:

ՍՈՆԱ – Տեսավ, հարկավ տեսավ:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Էրնեկ իրան…

ԱՐԳԱՄ – (Սոնային): Հարութ պապը և Աչո տատը գյուղին կոճղերն են՝ մեծարելի, պատվական մարդիկ: 57 տարվա ամուսիններ: Հարութ պապ, Սոնային «Բարի գալուստ» չըսե՞նք:

ՀԱԲՈԻԹ ՊԱՊ – А что ж!

Արգամը շտապով տուն է մտնում: Հյուրերը ֆիլմն են նայում: Սոնան մո­տենում է Սրբու­կին:

ՍՈՆԱ – Ներեցեք, ձեր անունը…

ՍՐԲՈՒԿ – Սրբուհի:

ՍՈՆԱ – Օ’քեյ: Մականո՞ւնը:

ՍՐԲՈՒԿ – Ես մականուն չունեմ: Ինձ բոլորը Սրբուկ են ասում:

ՍՈՆԱ – Ինչպե՞ս: Մարդս առանց մակա­նունի՞…

ՍՐԲՈՒԿ – Իսկ դուք ունե՞ք:

ՍՈՆԱ – Անշուշտ, Բարսամյան: Սոնա Բարսամյան:

ՍՐԲՈՒԿ – Հա՜, ուզում եք ազգանունս իմա­նալ:

ՍՈՆԱ – Այո…

ՍՐԲՈՒԿ – Ազգանունս Իշխանյան է: Սրբու­հի Իշխանյան:

ՍՈՆԱ – Սրբուհի… հիանալի անուն:

ՍՐԲՈՒԿ – Դուք Հայաստանում երկա՞ր եք մնալու:

ՍՈՆԱ – Ոչ: Եկած եմ համաժողովի:

ՍՐԲՈՒԿ – Կուզենայի՞ք Արգամը Բոստոն վերադառնար:

ՍՈՆԱ – Շատ:

ՍՐԲՈՒԿ – Հազիվ թե:

ՍՈՆԱ- Այսի՞նքն:

ՍՐԲՈՒԿ – Արգամը Բոստոն չի վերադառնա:

ՍՈՆԱ – Այդպե՞ս կըկարծեք:

ՍՐԲՈՒԿ – Համոզված եմ:

ՍՈՆԱ – Ես ալ կըկարծեի, թե…

ՍՐԲՈՒԿ – Եվ նրան չեք համոզի:

ՍՈՆԱ – Այդպե՞ս կըկարծեք:

ՍՐԲՈՒԿ – Ձեզ երևի վշտացրի:

ՍՈՆԱ – Հոգ չէ, հոգ չէ:

Մեծ սկուտեղը ձեռքին տնից դուրս է գալիս Արգամը: Սկու­տեղի մեջ՝ կոնյակ, բաժակներ, կոնֆետ:

ԱՐԳԱՄ – (բաժակները լցնելով): Սիրելի­ներս, Սոնա, խնդրեմ, վերցրեք գավաթները: (Սոնային.) Քո այցելությունը իրապես անակնկալ եղավ: Բարի գալուստ:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – (բաժակը բարձրացնելով): Աչքդ լուս, Արգամ ջան: Ավելի ճիշտ, աչքներս լուս: Բարի գալուստ, աղջիկ ջան: Դու որ Ամերիկայից հասել ես Քարաշեն՝ ընկերոջդ տեսնելու համար… Ես գիտեմ, դա ինչ ա: Մի տարի գնացի ֆռանտավիկ ընկերոջս՝ Վասիլչուկին տեսնելու…

ԱՐԳԱՄ – (Սոնային):    Կուզե ըսել՝ ռազմաճակատի ընկեր:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – …և ուր եմ գնացել, գիտե՞ք… Քարաշենից՝ Խաբարովսկ: Համարյա Ամերիկայի մոտ: Էդ Վասիլչուկը վերջին նա­մակում… չէ, ոնց որ նախավերջին նամակում էր… Հա, նախավերջին նամակում գրել էր, թե…

ԱՉՈ ՏԱՏ – Այ Հարութ…

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Էլի ասում ա՝ «Այ Հարութ»…

ԱՉՈ ՏԱՏ – Դե, էս աղջկան ի՞նչ հետաքրքիր ա… (Բաժակը պարզելով:) Աղջիկ ջան, բարի գալուստ:

ԱԼՄԱՍՏ – Բարի գալուստ, Սոնա ջան:

ԱՐԳԱՄ – (մի կողմ կանգնած Սրբուկին): Բարի գալուստ մաղթելու ցանկություն չու­նե՞ս: Ըսեմ, որ արևելահայերենը սերտած եմ Սրբուկին շնորհիվ:

ՍՈՆԱ – (Արգամին): Հիացած եմ…

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Աչո՞…

ԱՉՈ ՏԱՏ – Աստված սիրես, էլի մի բան չմոգոնես:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Էս աղջիկը երկար ճամփա ա եկել, հոգնած կլինի…

ԱՉՈ ՏԱՏ – Սպասի, չիմանա՞նք՝ ով ա, ինչացու ա:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Էլի ասում ա՝ «Չիմա­նանք»… Հմի բան մոգոնողն ո՞վ էղավ:

ԱՉՈ ՏԱՏ – Հարութ…

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Էլի ասում ա՝ «Հարութ»… Էս մարդը նոր-նոր շեն ա մտել՝ ուզում ես ազգն ու տակը իմանաս:

ԱՉՈ ՏԱՏ – Ես հո չե՞մ ասում, թե…

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Էլի ասում ա՝ «Չեմ ասում»… էլ ասելը ո՞նց կլնի: «Ով ա, ինչացու ա»-ն կարևո՞ր ա: Եկել ա Արգամի մոտ. վե՛րջ: (Սոնային.) Աղջիկ ջան, Արգամի տուն էկողը մեր աչքի վրա տեղ ունի: Իմացի, էս գյուղում դռները բաց են քո առաջ: Է՛հ, բարով ես եկել մեր շենը: (Խմում է:)

ԱՐԳԱՄ – Անուշ, Հարութ պապ:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Անուշի ծոցը մտնես, Ար­գամ ջան:

ԱՉՈ ՏԱՏ – Այ Հարութ, մի զակուսկի արա:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Ни в коем случае! Վասիլչուկն ասում էր. «После второго кто закусит, тот закукует: ку-ку, ку-ку»…

ԱՉՈ ՏԱՏ – Գնացինք, Ալմաստ ջան, սա որ սկսեց, մինչև կկվի ձեն ածելը կխմի:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Разговорчики! (Սրբուկին և Աչո տատին.) Էդ ի՞նչ էիք փսփսում տատ ու թոռ:

ՍՐԲՈՒԿ – Չէ, պապ, ոչինչ էլ չենք խոսել:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – (Աչո տատին): Էդ դու ես, գիտեմ, ուզում ես գործը փչացնել:

ԱՉՈ ՏԱՏ – Ի՞նչ գործ:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Որ ծիրան առնող չունե­նանք մյուս տարի:

ԱՉՈ ՏԱՏ – Ինչի՞, այ մարդ:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Որ Տելեմակի ուզածով էղնի:

ԱՉՈ ՏԱՏ – Աստված իմ հոգին առնի, քեզնից պրծնեմ, թե չէ ազատում չունեմ:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Գիտեմ, չէ՞, Տելեմակի հոգին կանչում ա: Բայց չես գնա: Վասիլչուկը կասեր. «Через мой труп!».

ԱՐԳԱՄ – (Սրբուկին): Ի՞նչ կընշանակե:

ՍՐԲՈՒԿ – «Իմ դիակի վրայով»:

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – (Սոնային): Էդ Վասիլչուկը, աղջիկ ջան, կոմունիստ էր: Չնայած տոմս չուներ, բայց կոմունիստ էր: Վայ, Վասիլչուկ, Վասիլչուկ… Ինքն իր համար ապրում էր, ինքն իր համար էլ մեռավ…

ԱՉՈ ՏԱՏ – Վեր կաց, վեր, Ալմաստ ջան, սա հիմա կգնա մինչև Նիկոլին թախտից գցելը…

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Разговорчики! Рота, за мной, шагом марш! (Շարային քայլքով դուրս է գալիս:)

ՍՐԲՈՒԿ – (պապին հետևելով): Բարի գիշեր:

ԱՐԳԱՄ – Բարի գիշեր:

ԱԼՄԱՍՏ – Սոնա ջան, Արգամ ջան, խնդրում եմ, չմոռանաք, գնալուց մի քանի բան դնեմ Սոնայի հետ…

ՍՈՆԱ – Օ’քեյ:

ԱՐԳԱՄ – Անշուշտ, անշուշտ, տիկին Ալմաստ:

ԱԼՄԱՍՏ – Ցտեսություն:

ԱՉՈ ՏԱՏ – Բարի գիշեր, աղջիկս, ավել-պակաս կներես:

Աչո տատն ու Ալմաստը դուրս են գալիս:

ՍՈՆԱ – «Ավել-պակաս»…

ԱՐԳԱՄ – Հենց միայն «ավել-պակասը» հասկընալու համար տարիներ պետք են…

 

Տեսարան երկրորդ

ՍՈՆԱ – Ճամփորդությունդ երկարեց, Արգամ:

ԱՐԳԱՄ – Այո, այս անգամ ճամփորդեցի մեծ հայրիկիս պես՝ անցյալին չվերադառնալու պայմանով:

ՍՈՆԱ – Մեծ հայրդ Տիգրանակերտեն Բոստըն ճամփորդեց, իսկ դուն…

ԱՐԳԱՄ – Բոստընեն՝ Քարաշեն: Տարբե­րություն կա, հարկավ, մեծ տարբերություն: (Դադար:) Ես ապրիլ կըսորվիմ, Սոնա: Մար­դիկ, բնությունը կըսորվեցնեն ապրիլ, հասկընալ հողը: Ծառին հետ կըխոսեմ: Երբ քամի կա՝ խշշոցով կըպատասխանե: Թեթև սյուքին ատեն մենք այլ զրույց կունենանք՝ սվսվոցով կըխոսի…

ՍՈՆԱ – Եղբորդ… ի՞նչ փոխանցեմ:

ԱՐԳԱՄ – Դուն… չպիտի՞ մնաս: (Սոնան լռում է:) Կընշանակե… մեզի հանգիստ պետք է: Կընշանակե՝ մենք պետք է հեռանանք իրարմե և հանգստանանք իրարմե:

ՍՈՆԱ – (պոռթկալով): Հեռու ենք արդեն երեք տարի… (Դադար:) Աչքերդ կըրնա՞ս բանալ, Արգամ… Հոս ես չեմ գիտեր ով ըլլալս: Դուն ալ ունիս նույն զգացողությունը: Ունիս, ունիս… Քեզմե շատ քիչ բան մնացած է: Ինքըզինքը զրկած ես սեփական կյանքեդ:

ԱՐԳԱՄ – Ես նոր-նոր կըսորվիմ ապրիլ:

Դադար:

ՍՈՆԱ – Ինձի կըթվա՝ այլևս չես սիրեր ինձի: Եթե մեկ ուրիշը կա… ըսե: Մի՛ քաշվեր: Կատակով ըսե: Կըհիշե՞ս, զավեշտով սկսավ մեր սերը: Հիմա ալ կատակե: Զավեշտով ալ թող ավարտվի:

ԱՐԳԱՄ – Զավեշտին ժամանակը չէ: Ինքզինքս դեռ չեմ գիտեր…

ՍՈՆԱ – …որ ինձի դեռ կըսիրես, թե ոչ:

ԱՐԳԱՄ – Ոչ: Որ դո՛ւն ինձի դեռ կըսիրես, թէ՞ ոչ: (Դադար:) Կրնա՞ս ըսել, թե սարալան­ջին բուսնած վայրի ծիրանենուն պտուղը սա­կավ համով է, քան այգում խնամված ծառին պտուղը… Կրնա՞ս ըսել, թե լեռներուն մենության մեջ վայրի գազաններուն հետ ապրողը սակավ կըսիրե, քան մեծ քաղաքի ժխորին մեջ ապրո­ղը… 57 տարի ապրած են իրարու հետ, Հարութ պապը Աչո տատին դեռևս կըխանդե… (Դադար:) Կըհաճի՞ս գիշերել այգիին մեջ: Ամառվան գիշերները թովիչ են: Թովիչ խավա­րին մեջ, ծղրիդներու համերգին, աստղերու ցոլքերուն, այգիներու շրշյունին մեջ կարծես ոգի մը կարթըննա, թոքերով կըշնչես՝ կըբաբախե սրտիդ մեջ…

Շների ոռնոց է լսվում:

ՍՈՆԱ – Աս ի՞նչ է, գայլե՞րը կոռնան:

ԱՐԳԱՄ – Ոչ: Պահապան շներն են:

ՍՈՆԱ – Մարդկանց կըպահպանեն գայլե­րե՞ն:

ԱՐԳԱՄ – Հողը կըպահպանեն չար աչքեն: Երբ չես կրնար հողը պահել, ուրիշին աչքը վրան կըլլա: Գնչուն կըսե՝ ձի գողնալը մեղք չէ, լավ չեն պահեր ձին, անոր համար կվերցնեմ…

 

Տեսարան երրորդ

Առավոտ է: Արգամը, հե­ռախոսն ականջին, գնում-գալիս է բակով:

ԱՐԳԱՄ – …Ոչ, տիկին Գոհար, ես միայն հաղորդեցի անունը, հայրանունը, ազգանունը և տարիքը. Բաբկեն Խաչիկի Բարոյան, 54 տա­րեկան: Հայրանունը Խաչիկ էր, չէ՞:

ՁԱՅՆ – Խաչիկ, Խաչիկ:

ԱՐԳԱՄ – Այդպես էլ հաղորդեցի: Մեկ ժամեն կըպատասխանեն:

ՁԱՅՆ – Ասացի՞ք, որ տունը վաճառել է:

ԱՐԳԱՄ – Այո, այո, անհոգ եղեք: Շուտով նոր հասցեն կիմանամ, ձեզի ալ կըտեղեկացնեմ:

ՁԱՅՆ – Շնորհակալություն:

ԱՐԳԱՄ – Խնդրեմ… (Անջատում է հեռախոսը, վերցնում է բահը, գնում հողամասի կողմը:)

Բակ են մտնում երեք տղամարդ:

ԱՌԱՋԻՆ – (նայելով շուրջը): Պա՛հ, ամա­ռային բաղնիքո՜վ, ցնցուղո՜վ, բանո՜վ…

ԵՐԿՐՈՐԴ – Բա ի՞նչ ես կարծում:

ԱՌԱՋԻՆ – Էս ո՞ւր ա, է՛:

ԵՐՐՈՐԴ – Էն ինքր չի՞… (Ցույց է տալիս:) Հողամասում, տնկիների մոտ:

ԵՐԿՐՈՐԴ – (հողամասի կողմը ձայն տա­լով): Պարոն Արամյան… Հըլը արի, մեր տղա: Արի, արի:

Արգամը մոտենում է նրանց:

ԱՌԱՋԻՆ – Բարլուս:

ԱՐԳԱՄ – Բարև:

ԵՐԿՐՈՐԴ – Էդ տնկիներից երևում է, որ ծիրանի բիզնեսը քեզնով ես անելու:

ԱՐԳԱՄ – Ի՞նչ կընշանակե՝ ինձնով ընել:

ԵՐԿՐՈՐԴ – Կարևոր չի: Էդ ի՞նչ էիր ասում հեռախոսով’ «Կռիվը նոր ա սկսվում, մայր հողը վկա», հայ՝ էս, հայ՝ էն…

ԱՐԳԱՄ – Դուք եք, ուրեմն, Վաղարշակը, Գռանատ Վաղոն:

ԵՐԿՐՈՐԴ – Չէ… (Ներկայացնելով:) Գռանատ Վաղոն ինքն ա: Ես Սաքոն եմ:

ԱՌԱՋԻՆ – Հա, ես եմ Գռանատ Վաղոն, կապի մեջ եմ, ասա: ( Ծիծաղում է:)

ԱՐԳԱՄ – Եկած եք Քարաշենի պարտքը մարելու:

ԱՌԱՋԻՆ – Դու է՞լ ես սրանց կողմից, մեր տղա:

ԵՐՐՈՐԴ – (Արգամին հարվածելու փորձ է անում): Արա, դե՛…

ԵՐԿՐՈՐԴ – (երրորդին պահելով): Սպա­սի… (Արգամին.) Պարոն Արամյան, մենք գնացինք կռվելու, սրանք ապրում էին: Մենք կռվում էինք, սրանք ապրում էին: Մենք հաղթեցինք, եկանք, սրանք էլի ապրում են…

ԱՐԳԱՄ – Սրանք՝ ո՞վ:

ԱՌԱՋԻՆ – Թովմասյանները:

ԱՐԳԱՄ – Դուք ափսոսանք ունեցե՞ք եք, երբ կողքիդ կընկներ զինակիցդ, իսկ դուն կենդանի կըմնայիր…

ԱՌԱՋԻՆ – Հետո՞ ինչ, որ չենք զոհվել: Ու­րեմն չապրե՞նք: Մինչև մի կտոր հացի տեր էղանք՝ քթներիցս էկավ: Էդ Թովմասյանի ու­նեցածը քիչ էր՝ երկրորդ գործարանը տվեցին: Իսկ դու միրգը հանձնում ես Թովմասյանին: Իհարկե, թող Թովմասյանները ապրեն… մեր հաշվին: Մեր արյան հաշվին: Ամեն թիզ հողի համար կյանք ենք տվել…

ԵՐԿՐՈՐԴ – …ու էդքանից հետո չեն թողնում մի գործի տեր դառնանք: Էս հողի տե­րը ե՛ս եմ, դո՛ւ ես, Հարութ բիձեն ա, Գռանատ Վաղոն ա: Էստեղ հինգերորդը գործ չպիտի ու­նենա: Հարութ բիձու հետ կազմակեր­պում եք՝ գյուղացիք միրգը հավաքեն: Մի ժա­մից գալու ենք տանենք:

ԱՐԳԱՄ – Չէ… Զինակցի փոխարեն զոհվելու ցանկություն չէիք էլ ունենա…

ԵՐՐՈՐԴ – (նորից հարձակվելու փորձ անելով): Արա, դե՛…

ԱՌԱՋԻՆ – (երրորդին): Սպասի… (Ար­գամին.) Ասում ես՝ ինչ չէինք ունենա՞…

ԱՐԳԱՄ – Կարևոր չէ: (Նախահարձակ:) Ես ձեզ կարծեմ ըսի՝ եթե Վաղարշակը անցյալ տարվա պարտքերը չմարե, առողջ Վաղարշակ չեմ խոստանար…

ԵՐՐՈՐԴ – (հարձակվելով): Արա, դե՛…

Մինչ Երրորդը կհարվածեր՝ Ար­գամը ճարպկորեն խույս է տալիս և ինքն է հարվածում: Երրորդը փռվում է գետնին: Առաջինը ծոցա­գրպանից հանում է ատրճանակը, ուղղում Արգամի վրա և մինչ նրա կրակելը՝ այլ կրակոց է լսվում: Աոաջինի վիրավոր ձեռքից վայր է ընկնում ատրճանակը:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – (հրացանը ձեռքին հայտնվելով, Առաջինին):  Եթե փորձես ատրճանակը վերցնել, կգնդակահարեմ:

ԱՌԱՋԻՆ – Իա՜, Հարութ բիձա՞… էդ դու էլ ե՞ս…

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Հա, ես եմ որ կամ… Աղտոտ բերանովդ էլ տղերքի անունը չտաս, թե չէ գետնի տակն էլ ըլնես՝ կգտնեմ ու…

ԱՌԱՋԻՆ – Լավ, Հարութ բիձա, մենք հըլը կհանդիպենք…

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Անցյալ տարվա պարտքերը տալու պայմանով:

ԵՐԿՐՈՐԴ – (օգնելով գետնին ընկածներին): Էդ հըլը հարց ա՝ ով ում պարտք կմնա:

ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – Разговорчики!

ԵՐԿՐՈՐԴԸ – (երկուսին գրկած հեռանալով): Էս ախպարը քեզ էլ ա իրանով արել, հա՞: ՀԱՐՈԻԹ ՊԱՊ – (զայրացած նշան է բռնում): Закрой сукин рот, а то…

ԱՐԳԱՄ – (կանխելով): Հարութ պապ, պետք չէ…

Տղամարդիկ հեռանում են:

ԱՐԳԱՄ – Առաջին փամփուշտն ալ ափսոս էր…

 

Տեսարան չորրորդ

Երեկո է: Սրբուկը մածուն է բերել: Արգամն ախորժակով լավաշ ու մածուն է ուտում:

ՍՐԲՈՒԿ – (քրքջալով): Պատկերացնում եմ, պապս ոնց է վախեցրել դրանց: Ո՞նց է ասել…

ԱՐԳԱՄ – Հաճելի բան չէ, Սրբուկ:

ՍՐԲՈՒԿ – Խնդրում եմ, մի անգամ էլ ասա, ու վե՛րջ:

ԱՐԳԱՄ – (նմանակելով): Закрой сукин рот, а то…

Սրբուկը նորից է քրքջում, ապա՝ լրջանում և հիացած հետևում է Արգամի ուտելուն:

ՍՐԲՈՒԿ – Արգամ:

ԱՐԳԱՄ – Լսում եմ:

ՍՐԲՈՒԿ – Ծովը շա՞տ էր հեռու ձեր տնից:

ԱՐԳԱՄ – Իմ հարկաբաժնեն օվկիանոսը կերևար:

ՍՐԲՈՒԿ – Ի՜նչ երջանկություն:

ԱՐԳԱՄ – Անցյալ ամառ Հարութ պապը քեզի չտարա՞վ:

ՍՐԲՈՒԿ – Ծովափում ամեն պահը անակնկալ է, մանավանդ ալեկոծումներին:

ԱՐԳԱՄ – Ձանձրալին ավելի շատ է: Հան­դարտ ծովեն ավելի ձանձրալի բան չկա:

ՍՐԲՈՒԿ – Ինձ թվում է, ինչքան էլ հոգ­նած լինես՝ հոգիդ կթեթևանա, կմոռանաս ծանր օրդ: Առաջին անգամ եղա ու ինձ թվաց, թե… նախորդ կյանքում ապրել եմ այդտեղ: Նման զգացողություն ունեցե՞լ եք:

ԱՐԳԱՄ – Նման բան եղավ: Այստեղ: Թվում է, ապրել եմ վաղուց, շատ վաղուց, իմ պապեն ալ շատ առաջ: Տեսած եմ այս ամենը՝ Վարդասարը, հաստաբուն թթենին, քարաժայռին վրա սողացող մողեսները, մոշին փշոտ թփերը… Առաջին անգամ փշի ծակոցեն ունեցա անցյալ կյանքին զգացումը: Այդ զգացումը նորեն ապ­րելու համար կերթամ մոշ հավաքելու… Ես ալ կըհավատամ: Հարկավ… Իհարկե: Մահը հա­վերժական չէ: Մարդն անընդհատ ծնվում է:

ՍՐԲՈՒԿ – Դուք ձեր նախորդ կյանքը գտել եք: Իսկ ես… այս կյանքում երևի չհասցնեմ գտնել, ապրել իմ նախորդի կյանքով: Չորս կողմը սար է: (Նայում է երկինք🙂 Երևի այս սարերն են մեզ դարձրել աստվածապաշտ: Հորի­զոն չկա: Միշտ երկինք ենք նայել: Չէ, որոշել եմ՝ հաջորդ անգամ ծնվելու եմ ծովափին:

ԱՐԳԱՄ – (լավաշի վերջին պատառը կուլ տալով): Շատ համեղ մածուն էր: Շնորհակալ եմ, Սրբուկ:

ՍՐԲՈՒԿ – Ուզո՞ւմ եք լսել ծովի խշշոցը:

ԱՐԳԱՄ – Հո՞ս: Այստե՞ղ:

ՍՐԲՈՒԿ – Ըհը: (Պառկում է, ականջը հպում գետնին:) Ահա… Լսեք: Ականջը հպեք գետնին, այսպես…

ԱՐԳԱՄ – (մեքենայորեն ենթարկվում է):

ՍՐԲՈՒԿ – Պինդ հպեք: Լսո՞ւմ եք ալիք­ների ձայնը:

ԱՐԳԱՄ – Չի լսվում:

ՍՐԲՈՒԿ – Եկեք այստեղ… (Արգամը չորեք­թաթ մոտենում է Սրբուկին, հպում ականջը գետնին:) Լսո՞ւմ եք՝ խշշշ…

Բակ են մտնում Հարութ պապն ու Աչո տատը:

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Արգա՞մ:

ԱՐԳԱՄ – (դիրքը չփոխելով): Լսում եմ, Հարութ պապ:

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Ի՞նչն ես լսում, ծովի խշշո՞ցը… Դու էլ որ ընկար Սրբուկի խելքին, մենք մյուս տարի ծիրան չենք ունենա:

ԱՐԳԱՄ – Սերիալին ժամն է: Հիմա կմիացնեմ հեռատեսիլը:

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Այ Աըգամ ջան, Սոնան որ գնաց, ինչի՞ Ալմաստին լուր չարիր:

ԱՐԳԱՄ – Ինչպես անակնկալ եկավ, այնպես ալ անակնկալ գնաց, Հարութ պապ:

ԱՉՈ ՏԱՏ – Ալմաստը մենակությունից իրան կորցրել ա, Արգամ ջան: Ասում ա՝ «Դուռս բացող չունեմ»: Ախր ուզածն էլ մի մեծ բան չի՝ տղան, հարսը, թոռը կողքին լինեն:

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Տղեն կանչում ա, թող գնա, էլի՛:

ԱՉՈ ՏԱՏ – Դու ինչի՞ չես գնում: Քո տղեն էլ ա կանչում:

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Չէ, իմ Սամվելին ասել եմ՝ ես էստեղից գնացողը չեմ: Ոչ էլ Սրբուկս:

ՍՐԲՈՒԿ – Հա, պապ ջան:

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Ըհը, թոռ եմ ասել, է՜… Էստեղ եմ ծնվել, էստեղ էլ պիտի… Դե թող փորձի ինձ տանել: Ես սկի չեմ էլ թողնի՝ նոր գերեզմանոցում թաղեն: Գետնի տակից դուրս կգամ ու ջարդը կտամ: Մեր Իշխանյանները Վարդասարի տակ են թաղված: Նոր գերեզմանոցում ոչ մեկը չունեմ… Հա, մենակ հանդա­պահ Ալեքը, Ալթայի ընկերս: Գյուղից երկու­սիս քշեցին, Արգամ ջան: Տավառնիով տարան Սիբիր…

ԱՐԳԱՄ – Ինչո՞վ տարան:

ՍՐԲՈՒԿ – Ապրանքատար գնացքով:

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Մեկի էրեխեն հենց վագոնում մահացավ: Մերը սրան-նրան հարց­նում էր. «Ի՞նչ անեմ»: Ի՞նչ ասեինք: Ի՞նչ խոր­հուրդ տայինք: Բայց էրեխուն թաղել էր պետք: Ստրաժնիկը 100 ռուբլի ա ուզում: Ոչ մեկիս մոտ չկա: Վագոնի մեջ ով ինչ ուներ՝ հավաքե­ցինք, էղավ 27 ռուբլի: Ալեքս գոտու միջից մի ոսկի հանեց, տվեց դրան, որ էրեխուն թաղի… Հա՜յ, Ալեք, Ալեք… Ացյալ օրը գնացի մոտը: Հա­զիվ գտա: Մի մեծ քր դրեցի գերեզմանին: Խեղճը 98 տարի ապրեց: Սիբիրից հետո ի՜նչ տուն ու տեղ դրեց… Բայց մեռավ մենակու­թյան մեջ: Հարազատ տղեն թաղմանը չեկավ: 300 դոլար էր ուղարկել: Էս տարի մի օր երևաց: Կանգնեց տան դիմաց, սկի ներս էլ չմտավ…

Բակ է մտնում Ալմաստը:

ԱՉՈ ՏԱՏ – Էս ինչի՞ ուշացար, Ալմաստ ջան:

ԱԼՄԱՍՏ – Բարիրգուն:

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Հազզար բարի… (Ալմաստը լուռ նստում է հեռուստացույցի առջև:) «Զեմլյա լյուբվին» հըլա չի էլ սկս… թե՞ արդեն սկսվել ա, Արգամ:

ԱՐԳԱՄ – Հենց նոր սկսեցավ:

Բոլորը, բացի Արգամից, նստում են հեռուստացույցի աոջև:

ՍՐԲՈՒԿ – (հանկարծ նկատելով): Ալմաստ մորաքույր, ձեր տնից ծուխ է դուրս գալիս:

ԱԼՄԱՍՏ – (անտարբեր): Չէ, Սրբուկ ջան, դժվար թե…

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Իսկապես, Ալմաստի տան կտուրն ա վառվում:

ԱԼՄԱՍՏ – Չէ, մերը չի, Հարութ պապ: Փառանձեմն էսօր հաց պիտի թխեր:

ԱՉՈ ՏԱՏ – Փառանձեմի տունն՝ ուր, քոնն՝ ուր: Ծուխը քո տնիցն ա, Ալմաստ:

ԱՐԳԱՄ – Ձեր տանեն կելնե ծուխը, տիկին Ալմաստ:

ԱԼՄԱՍՏ – Չէ, ասում եմ, մի անհանգստա­ցեք:

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – (գնալով դեպի բակի ելքը): Էլի ասում ա՝ «Չէ»… Այ կնիկ, արդեն կտուրն ա վառվում:

ԱԼՄԱՍՏ Թող վառվի: Աղաչում եմ, մի գնացեք: Ինքս եմ այրել: Ինքս իմ ձեռքով: Ձեր Աստծուն մեռնեմ, մի գնացեք…

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Արգամ, за мной!

Հարութ պապն ու Արգամը, ազատ­վելով Ալմաստի կառչող ձեռքերից, շտապով դուրս են գալիս: Հրդեհից լուսավորվում է Արգամի տան բա­կը:

ԱԼՄԱՍՏ – Մի՛ խանգարեք, աղաչում եմ, թող վառվի…

ԱՉՈ ՏԱՏ – Էդ ի՞նչ ես արել, այ ախչի: (Փորձում է գնալ:)

ԱԼՄԱՍՏ – (այս անգամ խանգարելով Աչո տատին և Արբակին): Մի՛ գնացեք: Աչո տատ, թե իմ մեռնելն ես ուզում՝ մի գնա: Դու էլ, Արբակ ջան, դու գործ չունես, քո մաքուր ձեռքերը մի՛ ապականի: Էդ տունն անիծված է, դժոխք է, թող վառվի…

ԱՉՈ ՏԱՏ – Ի՞նչ ես ասում, Ալմաստ:

ԱԼՄԱՍՏ – Դժոխք չէ, բա ի՞նչ է: Էլ դժոխքը ո՞նց է լինում:

ԱՉՈ ՏԱՏ – Ուշքի արի, այ կնիկ…

Աչո տատն ու Արբակը նույնպես դուրս են գալիս:

ԱԼՄԱՍՏ – Մի՛ գնացեք, թող վառվի: Էդ դժոխքից մի կտոր չմնա… թող չմնա… թող չմնա… (Հեկեկում է:) Դժոխք չէ, ի՛նչ է… էլ ի՞նչ տուն, թե էրեխու լաց ա ծիծաղ չկա… էլ ի՞նչ տուն, թե էրեխեն չվազի-չթռչի գիրկդ… Այգին դարձել է անշուք, տունը՝ անկենդան: Տան պա­տերը, սեղանը, աթոռները, Արմենիս մահճակա­լը, Ալմաստիկիս տիկնիկը նրանց էին հիշեցնում ու կրծում էին հոգիս, կրծում ու կրծում… Նույ­նիսկ պատի ժամացույցը… Կանգնած չէր… աշ­խատում էր…

Լսվում է ժամացույցի ձայնը, որն աստիճանաբար վերածվում է մեծ զանգերի ղողանջների:

ԱԼՄԱՍՏ – Նայում էի ժամացույցին, սլաքները նույն ժամն էին ցույց տալիս՝ արդեն 100 անգամ, 1000 անգամ տեսած ժամը… Թակոցները դառնում էին զնդանին հարվածող մուրճի զրնգոցներ… Փակում էի ականջներս՝ էլի նույն զրնգոցն էր: Հիմա էլ… (Փակում է ականջները:) Հիմա էլ…

Ավելի ու ավելի են ուժգնանում ղողանջները: Ալմաստը, ականջ­ները փակած, կծկվում, ծնկի է գա­լիս: Վերադառնում են Արգամը, Հարութ պապը, Աչո տատը և Սրբուկը: Ղողանջներն ընդհատվում են:

ԱՐԳԱՄ – (Ալմաստին վեր բարձրացնելով): Հանգստացեք, տիկին Ալմաստ: Նստեք, նստեք այստեղ: (Նստեցնում է:)

ԱՉՈ ՏԱՏ – Էդ անելու բան է՞ր, այ Ալմաստ: Տանն ինչ կար-չկար… (Հուզվում է:)

ԱԼՄԱՍՏ – Մենակ մարդու ապրելն ի՞նչ ապրել է… Գյուղ մտնող ոլորանի եզրին, Վարդասարի տակ, մի թթենի կա: Երևի մի հազար անգամ անցել-դարձել եմ նրա կողքով: Տարիներ առաջ մի նկարիչ նստել էր ու էդ թթե­նիս էր նկարում: Մոտեցա: Նայում եմ կտա­վին… Թթենին նույն թթենին է, բայց… նույնը չէ՝ մի ճյուղը ծնկաձև, մյուսը՝ կորացած, ծառա­բունը՝ արևի շողերից շիկացած… Հրաշք էր… Թթենին էլ է մենակ: Բայց մենակ չէ: Իրենով հիացող ունի… Եթե մարդիկ թթենու նման զար­մացնեին մեկմեկու…

ԱՐԳԱՄ – Էլի կլինեն նկարիչներ, որ կըսորվեցնեն տեսնել թթենին, արևամուտը, տեսնել մարդուն… Եթե կարողանայինք… Չէ, ճիշտ չեմ ասում, նոր աշխարհ գնալու համար «եթե»-ն պիտի ջնջվի…

Հեռախոսազանգ:

ՍՐԲՈՒԿ – Ալո, լսում եմ:

ՁԱՅՆ – Բարև ձեզ:

ՍՐԲՈԻԿ – Բարև:

ՁԱՅՆ – Խնդրում եմ, ձեր հարևան Ալմաս­տին ասեք՝ մեկ ժամից տղան նորից կզանգի:

ՍՐԲՈՒԿ – Արմեն, դո՞ւք եք:

ՁԱՅՆ – Հա, իսկ դո՞ւք…

ՍՐԲՈՒԿ – Սրբուկն է:

ՁԱՅՆ – Վայ, Սրբուկ ջան, դո՞ւ ես: Չճանա­չեցի: Ո՞նց ես:

ԱՉՈ ՏԱՏ – Արմենն ա, Ալմաստ:

ՍՐԲՈՒԿ – Լավ եմ: Ալմաստ մորաքույրն այստեղ է:

ՁԱՅՆ – Խնդրում եմ, տուր լսափողը:

ՍՐԲՈՒԿ – Հիմա… (Հեռախոսը տալիս է Ալմաստին:)

ԱԼՄԱՍՏ – (դողդոջուն ձեռքով վերցնում է հեռախոսը): Արմեն ջան… բալես…

ՁԱՅՆ – Բարև, մամ ջան, էդ Սրբուկն ինչքան է մեծացել, չճանաչեցի:

ԱԼՄԱՍՏ – (հուզված): Հա… հա… մարյա… հարսնացու…

ՁԱՅՆ – Մամ, ես գնացի Ահարոնյանի մոտ: Պարզվում է, էդ ֆիրմայի տնօրենը Ահարոնյանը չի, այլ ձեր հարևան Արգամ Արամյանն է:

ԱԼՄԱՍՏ – Արգա՞մը… (Արգամին.) Արգամ ջան, Արմենը գնացել է Ահարոնյանի մոտ և…

ԱՐԳԱՄ – Խնդրում եմ, տվեք խոսիմ:

ՁԱՅՆ – Ալո… Մամ, չի լսվում, ալո…

ԱՐԳԱՄ – (վերցնելով հեռախոսը): Ալո…

ՁԱՅՆ – Ալո, ո՞վ է…

ԱՐԳԱՄ – Արգամն է:

ՁԱՅՆ – Արգամ Արամյանն է: Բարև ձեզ:

ԱՐԳԱՄ – Բարև:

ՁԱՅՆ – Ես ձեր անունից դիմեցի պարոն Ահարոնյանին, նա խոստացավ…

ԱՐԳԱՄ – Ներեցեք, Արմեն, մեծ սխալ թույլ տված եմ: Ներեցեք: Ես Ահարոնյանին կհեռաձայնեմ և կպատվիրեմ, որ ձեր ընտանի­քի ետդարձը ապահովե:

ՁԱՅՆ – Ինչպե՞ս… բայց ես այստեղ գործ…

ԱՐԳԱՄ – Այստեղ այնքան գործ կա, Արմեն: Եղբայրաբար կըխնդրեմ… ոչ, կըպարտադրեմ, որ վերադառնաք: Քո տունը… քո շենը… քո նոր շենը, այգին քեզի կսպասեն:

ՁԱՅՆ – Շնորհակալ եմ: Բայց ես դեռ նոր-նոր…

ԱՐԳԱՄ – Ես եմ շնորհակալ, որ ինձի չճանչնալով կըհամաձայնվիս… այսինքն, ինձ չճանաչելով հավատում ես ինձ: Մինչ հանդի­պում:

ՁԱՅՆ – Ցտեսություն:

ԱՐԳԱՄ – (Ալմաստին): Լալ պետք չէ, տիկին Ալմաստ:

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Հըմի ի՞նչ… Արմենը հաստատ գալո՞ւ ա…

 

Ռազմիկ Աբրահամյան

 

ԱՉՈ ՏԱՏ – Չլսեցի՞ր, այ մարդ:

ԱՐԳԱՄ – Լալ պետք չէ…

ՀԱՐՈՒԹ ՊԱՊ – Ուրախությունից ա, Արգամ ջան:

ԱՐԳԱՄ – (Ալմաստին): Գարնանը Ալմաստիկը քանի՞ տարեկան կդառնա:

ԱԼՄԱՍՏ – Յոթ:

ԱՐԳԱՄ – Ճիշտ և ճիշտ ժամանակն է: Գար­նանը ծիրանենու սերմերը Ալմաստիկը պիտի ցանե:

 

Տեսարան հինգերորդ

Ճամպրուկը ձեռքին բակ է մտնում Սրբուկը, նայում է շուրջը: Հողամա­սի կողմից լսվում է Արգամի ձայ­նը. «Սրբո՜ւկ, ես այստեղ եմ, արի ընկուզենու մոտ»: Սրբուկը ճամպ­րուկը դնում է գետնին, նստում վրան: Քիչ անց նրան է մոտենում Արգամը:

ԱՐԳԱՄ – Ես էլ կարծեցի մածուն ես բերել:

ՍՐԲՈՒԿ – Եկել եմ «Մնաք բարովի»:

ԱՐԳԱՄ – Ո՞ւր ես գնում, քաղա՞ք:

ՍՐԲՈՒԿ – Ավելի հեռու:

ԱՐԳԱՄ – Երևի ծով:

ՍՐԲՈՒԿ – Երևի… Իմացա, որ Նարեն տուն է վերադարձել:

ԱՐԳԱՄ – Այո: Երեկ երեկոյան մայրը հեռաձայնեց, ասաց: Ո՜նց էր ուրա­խացել:

ՍՐԲՈՒԿ – Իսկ դո՞ւք:

ԱՐԳԱՄ – Նմանապես… Չէ որ… մոլորված էր: Եթե ամեն մոլորված կարողանա գտնել իր տունը… Երկա՞ր ժամանակով ես մեկնում:

ՍՐԲՈՒԿ – Ես այստեղ պետք չեմ: Ոչ մեկին:

ԱՐԳԱՄ – Ներիր, քեզ չեմ հասկանում:

ՍՐԲՈՒԿ – Ոչ մեկին պետք չեմ: Հիմա, ընդ­հանրապես, ոչ ոք ոչ մեկին պետք չէ:

ԱՐԳԱՄ – Ուրեմն պիտի մնամ առանց մածունի:

ՍՐԲՈՒԿ – Մածուն բերող կլինի:

ԱՐԳԱՄ – Հա՜, հասկացա, ընդունելության քննություններն սկսվել են: Պիտի գնաս: Վերջը ի՞նչ որոշեցիր դառնալ:

ՍՐԲՈՒԿ – Մարդ:

ԱՐԳԱՄ – (ծիծաղում է): Ինչ ըսեմ, երթաս բարով: Բարով մարդ դառնաս: Երբ վերադառնաս…

ՍՐԲՈՒԿ – Ես չեմ վերադառնա:

ԱՐԳԱՄ – Մնալու ես քաղաքո՞ւմ:

ՍՐԲՈՒԿ – Այստեղ թե քաղաքում՝ նույնը չէ՞:

ԱՐԳԱՄ – Հարկավ նույնը չէ: Այստեղ դու ավելի ես պետք:

ՍՐԲՈՒԿ – Դուք ինձ նայում եք որպես մածուն բերողի…

Դադար:

ԱՐԳԱՄ – Դու միայն մածուն բերող չես: Եվ դու մարդ դառնալու կարիքն էլ չունես… Եվ դու կհանդիպես նրան, ով քո մերած մա­ծունը կսիրի այս կյանքում: Հենց ա՛յս կյան­քում: Իսկ ես… ես հաջորդ անգամ կսպասեմ քո ծնվելուն: Համոզված եմ՝ կծնվեմ քեզ հետ: Ես այդպես եմ ուզում… Իսկ այս կյանքում… չէ… դու միայն մածուն բերող չես:

Բակ է մտնում Նարեն:

ՆԱՐԵ – Ողջույն…

Սրբուկը մերթ նայում է Արգամին, մերթ Նարեին, վերցնում է ճամպրուկը, հեռանում:

ՆԱՐԵ – Իմացա, որ գյուղի դպրոցը ուսուցչի կարիք ունի… (Դադար:) Եթե իսկապես դպրոցը կարիք ունի…

ԱՐԳԱՄ – Ես վախենում եմ… վախենում եմ սիրահարվեմ քեզ:

ՆԱՐԵ – Ես գիտեմ: Ինձ հետ արդեն պատահել է…ս

Կարդացեք նաև