ԲԱՐԴ ԵՎ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ԲԵՄՈՒՄ

Կայացավ «Արտավազդ Շիդար» ներկայացման պրեմիերան Համազգային թատրոնում օրերս կայացավ «Արտավազդ Շիդար» ներկայացման պրեմիերան՝ ըստ Գուրգեն Խանջյանի պիեսի: Ներկայացման բեմադրիչը եւ նկարիչը Արմեն Մեհրաբյանն է: Երաժշտական ձեւավորումը նույնպես Մեհրաբյանինն է: Գլխավոր հերոսի՝ Արտավազդի դերում հանդես եկավ Արման Նավասարդյանը: Նա հրաշալի էր մարմնավորել Արտաշեսի որդուն՝ հոր փառքին նախանձած առասպելական Արտավազդին, որին հոր անեծքով դեպի Մասիս որսի գնալիս, չարքերը բռնում-շղթայում են: Ներկայացման հատկապես առաջին մասում ողջ ծանրությունն ընկած էր Արման Նավասարդյանի վրա. խաղում էր ինքնամոռաց, համարյա մոնոներկայացման սկզբունքով: Դերասանը կարողացավ արտահայտել տառապող արքայի մարդկային փոքրոգությունը, նախանձն ու սեւեռումը, որ ծնվել էր հատկապես սիրո պակասից: Արտավազդը բարդ եւ հակասական կերպար է, թագուհի մայրը (Ռուզան Մեսրոպյան) չի սիրում իրեն, արքունիքում խոսում են, որ մանուկ ժամանակ իսկական Արտավազդին դեւերը փախցրել, տեղը շիդար են դրել: Համատարած խարդավանքների, կասկածամտության ու անկեղծության պակասի պատճառով Արտավազդը չարանում է: Մի կողմից նա փառքի է տենչում, մյուս կողմից՝ գիտակցում է, որ արժանիքներով զիջում է հորը՝ Արտաշես արքային (Վանիկ Մկրտչյան): Ու դա ամեն առիթով իր երեսին են շպրտում թագուհի մայրը, ընտանիքի անդամները… Արման Նավասարդյանն իսկապես համոզիչ էր խաղում: Արքունական կոլորիտ ստեղծող մյուս հերոսներն, ի տարբերություն Արտավազդ-Արման Նավասարդյանի, ասես պարապուրդի էին մատնված, եւ բեմում ավելի շատ զուտ կենդանի դեկորի դեր էին կատարում: Չնայած, հասկանալի է, որ խաղալու համար պարտադիր չէ շարժվելն ու խոսելը: Հաջող էին հարճ Մանդուն (Արմինե Անդրեասյան), թագուհին, Արտաշեսը, Տիրանը (Մխիթար Ավետիսյան)… Ներկայացման մեջ օգտագործված Բախի երաժշտությունը ներդաշնակորեն լրացնում էր դերասանական խաղը: «Արտավազդ Շիդարը» մի փոքր ձգձգված էր, բայց ամբողջության մեջ կլանող էր, հետաքրքիր ռեժիսորական լուծումներ ուներ: Տպավորիչ եւ ազդեցիկ էր նաեւ վերջաբանը. Արտավազդի ուղեղում մեխված է հոր անեծքը՝ «Թե դու հեծնես որսի գնաս Ազատն ի վեր, դեպի Մասիս, քաջքերը քեզ բռնեն տանեն Ազատն ի վեր, դեպի Մասիս, այնտեղ մնաս, լույս չտեսնես»: Արտավազդը գնում է Արտաշատ քաղաքի կամրջով, Գինա ակունքների մոտ կինճեր եւ վայրի խոզեր որսալու, եւ անեծքն իրականանում է: Թե ինչպե՞ս, դա տեսնել է պետք, ու բառերով ներկայացման այդ կտորը հնարավոր չէ լիարժեք փոխանցել: Հիշեցնենք, որ 2013 թ. Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը, հայ թատերագրության զարգացման ընթացքը խթանելու, թատերգության ժանրում ստեղծագործող նոր անուններ բացահայտելու, ինչպես նաեւ մեր ժամանակները, նրա հերոսին ու խնդիրները թատերգության մեջ արտացոլված տեսնելու մղումով հայտարարել էր «Լեւոն Շանթ» մրցանակաբաշխությունը: Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից մրցույթին մասնակցած 51 պիեսներից ժյուրին ընտրել էր 13 լավագույնները, որոնք ամփոփվեցին «13 պիես» ժողովածուի մեջ։ Առաջին մրցանակին արժանացավ Գուրգեն Խանջյանի «Արտավազդ Շիդարը» պիեսը։ Ինչպես եւ խոստացվել էր, Համազգայինի հովանավորությամբ մրցանակակիր պիեսը բեմադրվեց երեւանյան թատրոններից մեկում՝ տվյալ դեպքում Համազգայինում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի «Առավոտ» օրաթերթ 25.12.2014

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/12/26/528170/

Կարդացեք նաև