«Հայ Ֆեստ» Միջազգային թատերական փառատոն

Ամենամյա «Հայ Ֆեստ» փառատոնը (հիմնադիր՝ Արթուր Ղուկասյան) առաջին անգամ անց է կացվել 2003 թվականի հոկտեմբերի 2-ին ։ «Հայ Ֆեստ»-ը Հայաստանի Հանրապետության առաջատար փառատոնն է և առաջին ամենամյա փառատոնն է (եթե հաշվի չառնենք 2001 թվականի «Նազենիկ» փառատոնը, որը կազմակարպել է ևս Արթուր Ղուկասյանը՝ Սամվել Մեսրոպյանի և Ժիրայր Դադասյանի հետ համատեղ)։ 2006 թվականից փառատոնը ճանաչվել է, համաշխարհային առաջատար փառատոնային ասոցացիաների կողմից նախկին ԽՍՀՄ տարածքում (Մոսկվայից բացի), որպես գլխավոր փառատոն։
15 տարիների ընթացքում փառատոնը մեծ փոփոխություններ է կատարել։ Հայտնվել է որակական նոր հանդիսատես, ով հասկանում և ընկալում է ժամանակակից թատրոնը։ Ի հայտ եկան նոր ռեժիսորներ (Վ. Բադալյան, Զ. Անտոնյան, Ն. Գրիգորյան, Ս. Շահվերդյան, Ց. Մլքե-Գալստյան, Գ. Խաչատրյան, Ս. Մովսիսյան և ուրիշներ), ներկայացումներ, որոնք մեծ ակտիվությամբ հրավիրվում են մասնակցելու միջազգային փառատոների։ Շնորհիվ փառատոնի՝ Հայաստանում ի հայտ եկան նոր ժանրեր՝ մուլտիմեդիային թատրոն, գործողություններով գեղանկարչություն (action painting), վավերագրական թատրոն (վերբաթիմ), նոր դրամա, sight-specific թատրոնի ներսում և բացօթյա, ժամանակակից պար, բութոհ, իմերսիվ թատրոն և այլն։ Այս ամենը թույլ է տալիս հասկանալու, թե որքան անսահմանափակ է ժամանակակից թատրոնը։ Ամենակարևոր խնդիրներից մեկը՝ յուրաքանչյուր փառատոնի համար սեգմենտը (Ֆիլմ, թատրոն, երաժշտություն և այլն) ժամանակակից դարձնելն է և զարգացնելը։ «Հայ Ֆեստ»-ը հենց այդ առաքելությամբ էլ զբաղվում է։
15 տարիների ընթացքում փառատոնը հյուրընկալել է Ֆիլլիպ Ժանտիի թատրոնը (Ֆրանսիա), Ակրամ Խանաի թատրոնը (Մեծ Բրիտանիա), Օսկարաս Կորշունովասի թատրոնը (Լիտվա), «Կրեդո» թատրոնը (Բուլղարիա), «Անտագոն Տանց Հալլե» թատրոնը, «Մաքսիմ Գորկի» թատրոնը (Գերմանիա) և ուրիշներ։ Մարկ Ռավենհիլլը՝ բրիտանական հռչակավոր դրամատուրգը, իր պիեսի պրեմիերան իրականացրեց «Հայ Ֆեստ»-ի շրջանակներում։ Ամենամյա փառատոնի հյուրերը համաշխարհային լավագույն թատերագետներ են, արվեստի կառավարիչներ և համաշխարհային առաջատար փառատոների տնօրեններ են։ Նրանք ընտրում են հայկական ներկայացումներ միջազգային հեղինակավոր փառատոներին մասնակցելու համար, մասնակցում են փառատոնի կոնֆերանսների և իրականացնում են դասընթացներ ուսանողների համար։
Այդ հյուրերից են եղել ՝ Մայկ Գրիֆֆիտը (Էդինբուրգի փառատոնի տնօրեն, Մեծ Բրիտանիա), Բեռնար Ֆավր Դ’Արսյեն (Ավինյոնի փառատոնի տնօրեն, Ֆրանսիա), Էդուարդ Բոյակովը («Ոսկե դիմակ» փառատոնի տնօրեն, ՌԴ), Կոնստանտին Կիրիակը («ՍԻԲԻՈՒ» փառատոնի տնօրեն, Ռումինիա), Մայկ Ռիբալտան («Տառռեգա» փառատոնի տնօրեն, Իսպանիա)։ Նշված փառատոները համաշխարհային առաջատար փառատոներն են։
«Հայ Ֆեստ» փառատոնի գլխավոր նպատակն է Հայաստանում ներկայացնել լավագույն համաշխարհային կատարողական արվեստը, մասնավորապես թատրոնը և սատարել հայկական խմբերին ներկայանալ արտերկրում։

Կարդացեք նաև