«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» հանդես

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

«Դրամատուրգիա» գրական-գեղարվեստական
հանդեսի հիմնադիր, խմբագիր

«Դրամատուրգիա» հանդեսի առաջին համարը լույս տեսավ 2000 թվականի մայիսին, բայց դրան նախորդել էր պատմություն, որն անպայման կուզեմ ներկայացնել: “Պիեսներ» ժողովածուիս հրատարակումից հետո Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը «գտավ» ինձ և անթաքույց հիացմունքով խոսելով «Պիեսների» մասին, առաջարկեց համագործակցել: Նման «ճանաչումից» բավականաչափ համարձակություն առած, որոշ ժամանակ անց այդ նույն ժողովածուի պիեսներից մեկը առաջին անգամ համարձակվեցի ինքս առաջարկել մեր թատրոններից մեկին (ի դեպ, այդ պիեսը գրել էի՝ նկատի ունենալով հենց ա՛յդ թատրոնն ու նրա դերասաններին, անգամ՝ բեմի հնարավորությունները): Կարդալու համար մեկ ամիս ժամկետ սահմանվեց: Մեկ ամիս հետո ներկայացա ու պարզվեց, որ… պիեսը կորել է: Հաջորդ օրը էլի տարա ու էլի՝ մեկ ամիս սպասում: Երբ մեկ ամսից պարտաճանաչ ներկայացա, ու պարզվեց, որ էլի (այս անգամ էլ) պիեսս կորել է, լրջացա… (Բայց անլիարժեքության բարդույթով չտառապելու համար պիեսը կատաղի արագությամբ թարգմանեցի ռուսերեն և ուղարկեցի Մոսկվա, ‘’Современная драматургия’’ ամսագրին: Մեկ շաբաթից հետո զանգեցի և տեղեկացա, որ պիեսս արդեն հաջորդ համարի համար է պլանավորված…): Մինչ այդ, անկեղծ ասած, դրամատուրգ-թատրոն փոխհարաբերության տարածքն ինձ անհայտ էր: Ու երբ սկսեցի խորանալ խնդրի մեջ, իսկ ավելի շուտ, դրամատուրգ ընկերներս «աչքերս բացեցին», մասնավորապես, հասկացրին, որ «կորել» բայը թատրոնում նշանակում է մերժում: Նաև «լուսավորեցին», որ հայ թատրոնում հատուկ շեշտված քամահրանք կա ժամանակակից դրամատուրգիայի նկատմամբ: Այդքանից հետո հասկացա, որ «մեր թագավորությունում ինչ-որ բան սխալ է»: Բանն այն է, որ չկար որևէ գրական մամուլ, որտեղ եթե ոչ ուրախությամբ, գոնե ընդառաջելով տպագրեր պիեսներ: Տարվա ընթացքում տարբեր ամսագրերում հատուկենտ տպագրվող գործերը «թատերական եղանակ չէին ստեղծում»: Գուցե նաև դա՞ էր պատճառը, որ այն օրերին ավելի հաճախ էր լսվում «Իսկ ո՞ւր է ժամանակակից հայ դրամատուրգիա» հարց-մեղադրանքը… Ինչ որ է: Այդ իրավիճակը ինձ ամենևին դուր չեկավ: Ու քանի որ արդեն երկար տարիներ աշխատում էի «Գարունում» ու լավ գիտեի, ինչ է նշանակում, երբ ասելիքդ ունի իր «տունն ու տանիքը», բնական է, որ պիտի առաջանար ժամանակակից դրամատուրգիայի համար հատուկ գրական-գեղարվեստական հանդես ստեղծելու գաղափարը: Սկսեցի իմ գրչընկերների, վերջին ու հատկապես 1990-ից հետո գրված, պիեսների համահավաք: Զարմանքիս գումարվեց հիացմունքս. պատերազմն ու էներգետիկ ճգնաժամը, դռներն ամուր (մի պահ եղավ, թվաց՝ հավերժ) փակած թատրոնները դույզն ինչ չէին թևաթափել նրանց: Իմ թղթապանակը օր-օրի հարստանում էր, իսկ ես արդեն ֆինանսներ էի փնտրում: Ու քանի որ փնտրողը միշտ գտնում է, տեղեկացա, որ Սորոսի հիմնադրամը դրամաշնորհ է հայտարարել թատերական ոլորտի համար: Ասեմ, որ հայտատուները ոչ միայն թվաքանակով, այլև ներկայացուցչական մասով շատ պատկառելի էին: Բայց նրանք ընդամենը ծրագրեր էին առաջարկել: Ես՝ «Դրամատուրգիայի» առաջին՝ «սիգնալային» համարը: Դրամաշնորհը երեք համարների համար էր, նաև՝ անպայման շնորհանդեսը: Այն կայացավ Կինոյի տան, արդեն անցյալի գիրկն անցած, ներքին այգում: Հրաշալի հասարակություն էր հավաքվել՝ թատրոնի, գրականության, արվեստի մարդիկ, և անկեղծ էին ինձ հետ կիսում իմ ուրախությունը, բայց համարյա բոլորը վերջում մտահոգ հարցնում էին. «Իսկ երկրորդ համարը կլինի՞»… Այդ օրը դեռ չգիտեի, որ էլի մի քանի տարի պիտի պատասխանեմ այդ հարցին, մինչև կգա օրն ու կլսեմ ոչ թե մտահոգ, այլ պահանջատեր «Ե՞րբ կլինի հաջորդ համարը» հարցը: Դրամաշնորհն ավարտվեց, իսկ «Դրամատուրգիան» լույս էր տեսնում, և այնքան համառորեն, մինչև 2003 թվականին մշակույթի նախարարությունը «գթաց» ու պետական աջակցություն տրվեց հանդեսին՝ կիսելով իմ ֆինանսական բեռի ծանրությունը: (Համենայնդեպս, նշեմ, որ այդ ժամանակ ես «Գրական թերթի» խմբագիրն էի): Այս տարիների ընթացքում երբևէ չի խաթարվել հանդեսի տպագրությունը՝ տարին 4 համար, վերջին տասնամյակում՝ տարին երկու միացյալ համարներ: Մի օր կնստեմ ու ճշգրիտ կհաշվեմ, իսկ հիմա մոտավորապես ասեմ, որ 2000-ից մինչև հիմա մոտ 300 պիես է տպվել, որի 15-20 տոկոսն է թարգմանական, մնացածը հայ ժամանակակից դրամատուրգների գործեր են: Այս ամենը չէր լինի, եթե նախ՝ ինձ չհավատային իմ գրչընկերները, «առաջին գիշերվա իրավունքով» իրենց նոր պիեսները չտպագրեին «Դրամատուրգիայում»: Հիմա, տարիների հեռվից, կարոտով եմ հիշում այն օրերը, երբ Աղասի Այվազյանի տուն էի շտապում՝ նրա հերթական պիեսը առաջինը կարդալու և տպագրելու անհամբերությամբ: Երբ Ռաֆայել Նահապետյանը բերում էր իր պիեսն ու խոստանում նորը գրել: Իսկ թե ինչ բժախնդրությամբ էր հետևում սրբագրական աշխատանքին Պերճ Զեյթունցյանը… Զորայր Խալափյանին կարողացա համոզել ու բառի ուղղակի իմաստով ձեռքից խլել նրա «Ասպետն ու Դոն Կիխոտը»… Հանդեսում իրենց առաջին պիեսը տպագրողներ ևս կան, ու նրանց հիմնական մասն այսօր արդեն «դրամատուրգիական մթնորոտ» ձևավորողներից են… Իհարկե, պատմելու շատ բան կա, բայց մինչև վերջակետ դնելը բարի ու շնորհակալ խոսքերով պիտի հիշեմ Արտակ Բաղդասարյանին, Ալվարդ Գրիգորյանին, Մարիամ Էդիլյանին, Շողեր Խաչատրյանին. երկար տարիներ նրանց աշխատանքի շնորհիվ էր նաև լույս աշխարհ գալիս «Դրամատուրգիան»: 2012 թվականից հանդեսի էջադրողն ու ամեն համարի կազմի հեղինակն է հրաշալի արձակագիր Նառա Վարդանյանը, ով նաև Թատրոն-դրամա կայքի ստեղծողն է: Առայժմ կայքում pdf տարբերակով տեղադրված են «Դրամատուրգիա» հանդեսի՝ 2012 թվականից սկսյալ համարները: Մնացածները կտեղադրվեն աստիճանաբար, մինչև հաջորդ տարի: Ցանկանում ենք ձեզ հաճելի ընթերցում: