ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԻ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ԵՎ ԹԱՏՐՈՆԸ
Նորայր Ադալյանի հետաքրքրությունը դրամատուրգիայի ու թատրոնի նկատմամբ սկսվել է դեռևս պատանեկան տարիներից։ Յոթերորդ դասարանում նա թարգմանեց Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի մի քանի պատկեր։ Սա նրա հետաքրքրասիրության սկիզբն էր, որ ուղեկցվում էր դրամատիկական ու օպերային թատրոններ մշտական այցելություններով։ 1953 թվականին Երևանի պետական համալսարանի ուսանողական թատերախումբը, որը ղեկավարում էր հետագայում ականավոր ռեժիսոր և թատերական գործիչ Երվանդ Ղազանչյանը, խաղաց Ադալյանի «Հարսնացուն» պիեսը, որը հետագայում բեմադրվեց Ղափանի պետական դրամատիկական թատրոնում (ռեժիսոր՝ Հակոբ Ղազանչյան)։ Երևանի պետական ռադիոթատրոնով 1960-ական թվականներին եթեր է արձակվել Ադալյանի ցեղասպանապատում «Կապույտ Երզնկա» պիեսը՝ Գրիգոր Չալիկյանի բեմադրությամբ, գլխավոր դերում՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյան, այս աշխատանքը ռադիոյի «ոսկե ֆոնդում» է և պարբերաբար ներկայացվում է ռադիոունկնդրին։ 1985 թվականին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ ելավ Ադալյանի «Ներկաներ և բացականեր» պիեսը (ռեժիսոր՝ Արմեն Մեհրաբյան) և երկար ժամանակ պահպանվեց թատրոնի գործող խաղացանկում։ Այստեղ 1995 թվականին բեմադրվեց «Սպանության վկաները» պիեսը, որի ռեժիսորը դարձյալ Արմեն Մեհրաբյանն էր։ 1997 թվականին՝ «Կինը և Տղամարդը»՝ Ադալյանի լավագույն դրամաներից մեկը (ռեժիսոր՝ Արամ Անանյան, բեմադրության հեղինակ՝ Արմեն Խանդիկյան, գլխավոր դերերում՝ Հրաչյա Հարությունյան, Լուիզա Ղամբարյան, Լևոն Շարաֆյան, Հովհաննես Բաբախանյան)։ Վերջին տարիներին Ն. Ադալյանի դրամատուրգիական երկերին անդրադարձան նաև այլ թատրոններ։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը բեմ հանեց «Լոմբարդ» դրաման՝ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ (2015 թ.)։ Արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը 2016 թվականին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում իրականացրեց «Հանճարը» պիեսի բեմադրությունը։ Այս բոլոր թատերախաղերն արժանացել են թատերական քննադատության և լայն հանդիսատեսի դրական վերաբերմունքին՝ շնորհիվ պիեսների ու դրանց բեմադրությունների նորաոճ և արդիական բովանդակության։
Նորայր Ադալյանը տասնհինգ պիեսի հեղինակ է, որոնք տպագրվել են «Դրամատուրգիա» հանդեսում և նրա «Բեմական փորձ» (2003 թ.), «Մարկոս» (2005 թ.) և «Աշնանային շրջան» գրքերում։
Դրամատուրգ գրողն արժանացել է «Վահագն» համահայկական մրցանակին՝ «Կինը և Տղամարդը» պիեսի համար, Հայաստանի գրողների միության Լևոն Շանթի անվան մրցանակին՝ «Մարկոս» պիեսի համար, Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին՝ դրամատուրգիայում ու թատրոնում ունեցած վաստակի համար, Հովհաննես Թումանյանի անվան մրցանակին։ Նրան տրվել է Հայաստանի մշակույթի նախարարության «Ոսկե գրիչ», Հայաստանի Սփյուռքի նախարարությունը նրա պատգևատրել է «Վիլյամ Սարոյան» մեդալով։ 1995 թվականից մինչ այսօր Նորայր Ադալյանը Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի գրական բաժնի վարիչն է, Հայաստանի գրողների և թատերական գործիչների միությունների անդամ։ Նա արժանացել է «Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչման։
ՏԵՍԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ